ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

III

Բայց բանւոր դասակարգն իր անելիքով ու ասելիքով դեռ պիտի գար։ XIX դարի վերջին երեք տասնամեակում դրութեան տէրը նա չէր, այլ հայ վաճառականներն ու արդիւնաբերողները, որոնց Րաֆֆին իրաւացիօրէն մկրտել էր «մռայլ դասակարգ» հաւաքական կոչումով։ Այդ դասակարգի մասին հայ հրապարակախօսութիւնը ծանր որակումներ եւ սպանիչ վկայութիւններ ունի պահած։ Որովհետեւ մեծ էր նրա ազդեցութիւնը մեր հասարակական կեանքում, նրանով են յաճախ մեզ ճանաչում եւ նրա արարքների համար խաչում հայ ժողովուրդը՝ անհրաժեշտ է իրազեկ դառնալ, թէ հայ մտքի տարբեր ներկայացուցիչներն ինչպէս էին վերաբերում դէպի այդ դասակարգը։

Գր. Արծրունին գրում էր. «Երկրագործութիւնը, արվեստները, վաճառականութիւնը իրանց մայրենի հողի վրա թողնելով, հայերը անդադար ձգտում են գաղթել, միշտ գաղթել… Մի փոքրիկ խումբ հայերի գաղթում է իր մայրենի հողից մի քանի հազար վերստ հեռաւորութեամբ, զետեղվում է մի որեւէ մայրաքաղաքի մէջ, շինում է եկեղեցի, ու սկսում է վաճառականութեամբ պարապել»…

Այդ վաճառականները խարդախութեամբ եւ կեղծ սնանկութեամբ, ներելի եւ աններելի միջոցներով հարստանում են, ապա նուիրաբերութիւններով բարերարի հռչակ վաստակում ազգի աչքում։

«Բայց ի՞նչ օգուտ ազգին օտար երկրում զետեղված այդ վաճառականների խմբից, որոնք, շարունակում է Արծրունին, կտրել են իրանց բոլոր յարաբերութիւնները մնացած ազգի հետ, աշխատող, քրտինք թափող, իրանց մայրենի հողի վրա մնացած բազմութեան հետ, արհամարհանքով խօսում են եւ նայում են իրանց հայրենակիցների վրա, ապարդիւն ոյժ են կազմում իրանց ազգի համար եւ միեւնոյն ժամանակ օտարազգի հասարակութեան կարծիքի առաջ ներկայացնում են իրանց անձնական յատկութիւններով ազգի ամենաստոր, ամենաանմխիթար կողմեր, կոտրելով օտարերկրեայ հասարակութեան աչքում իրանց ազգի անունը։

…Այն ժողովուրդը որ ներելի է համարում փախչել իր մայրենի հողից, գնալ հեռու աշխարհներ, թողնել իր հայրենիքը, որ չըբաժանէ իր հայրենակիցների հետ նրանց բարոյական կամ տնտեսական աննախանձելի դրութիւնը, որ քաջութիւն չունի իր տան մէջ դիմանալ կեանքի այս կամ այն դժուարութիւններին եւ արգելքներին, չգիտէ, ընդունակ չէ որեւէ զոհաբերութիւն անելու, այդ տեսակ ժողովուրդ՝ որպէս ազգ գոյութիւն չէ կարող ունենալ… Լաւ է որ այդ մարդիկը իրանց մայրենի հողի վրայ ապրէին, աշխատասէր ու աղքատ լինէին, երկրագործութեամբ կամ արվեստներով պարապէին, քան թէ հեռու երկրում զետեղվելով, կտրեն իրանց բոլոր հասարակական կապերը իրանց ազգութեան հետ եւ հարստանան այնտեղ… Այդ տեսակ հարստութիւնը մեզ համար, ազգի մնացած մասի համար, որ իր հայրենի հողի վրա է մնացել՝ մի կօպէկ չարժէ» [1] ։

Գր. Արծրունին ուղիղ է նկատել այն ընդհանուր գծերը, որ ունին հայերն ու հրէաները, բայց նա սխալ է գործում, երբ բարոյախօսութեամբ է կամենում հային ետ բերել դէպի հայրենական ախոռը։ Պահանջւում էր, որ նա ճանաչէր այդ ախոռը եւ մաքրիչ միջոցներ ցոյց տար այն սրբելու համար։ Իսկ քանի նա այդ չէր անում՝ բնական էր, որ հայ բուրժուազիան լսէր իր դասակարգային արատների մասին եւ անվրդով գիշատէր մերձաւորին ու հեռաւորին։

Հայ վաճառականութեան նկարագրին է դառնում եւ Ա. Մ. (հաւանօրէն Շիրվանզանդէն)։ Նա գրում է. «Բագուի տեղացի վաճառականների եւ նաւթարդիւնաբերների տնտեսական դրութիւնը նաւթային արագ զարգացման շնորհով փոխւել է յանկարծակի, մենք գտնում ենք մի ահագին տարբերութիւն սոցա եւ ուրիշ քաղաքների վաճառականութեան մէջ, մենք գտնում ենք, որ Բագուի տեղացիները նամանաւանդ սոցանից երիտասարդները վերջին տասնեակ տարիների ընթացքում բացի անբարոյականութիւնից, շռայլութիւնից ոչինչ չեն կարողացել օտարներից ընդունել իրենց կեանքի մէջ։ Դորա միակ հիմնական պատճառը, կրկնում ենք, նոցա տնտեսական դրութեան յանկարծակի փոփոխութիւնն է։ Երեկւայ կոշկակարը, ջրկիրը, անփորձ գիւղացին միանգամից դառնալով արդիւնաբեր, կամ վաճառական եւ տիրանալով տասնաւոր կամ հարիւրաւոր հազարների, յանկարծ բարոյապէս փոխւեց։ Նա սկսեց իւր հարստութիւնը գործ դնել ի վնաս թէ իւր անձի առողջութեան եւ թէ իւր շրջապատող հասարակութեան։ Մեր խօսքը այն բարոյական եւ ֆիզիքական անդամալոյծների վերայ է, որոնք կազմում են Բագւի հասարակութեան մեծամասնութիւնը։ Այդ յանկարծակի հարստացած մեծամասնութիւնը մտածում է այդպէս.   «Մարդը պիտի որքան կարելի է լաւ ապրի, իսկ լաւ ապրելը կարելի է փողով, ես փող ունիմ, ինձ համար մատչելի են աշխարհի ամենայն զուարճութիւնները, ինչու ուրեմն չօգտւել»։ Բայց որովհետեւ այդ անկիրթների եւ անփորձների դասակարգը այնքան բարոյական զարգացումն չունի, որ կարողանայ վնասակարը օգտակարից, անբարոյականը բարոյականից զանազանել, վասնորոյ իւր կենսական պահանջները լրացնելու ասպարէզում նա այնքան հեռու է գնացել, որ այսօր հասնում է մինչեւ վերին աստիճանի քստմնելի եւ զզւելի միջոցների։ Հեշտամոլութիւն եւ անսանձ կենդանական կրքերը ահա այդ բարոյական հրէշների կեանքի միակ ղեկավարը թէ Ռուսաստանում, ուր արդէն պատրաստի է նոցա համար գործելու ասպարէզը եւ թէ հայրենիքում, ուր իրանք են աշխատում հետզհետէ ստեղծել այդպիսի ասպարէզ։ Դա տխուր է եւ ցաւալի երեւոյթ մեր կեանքում, նամանաւանդ ցաւալի է որ գրեթէ գլխաւորապէս նա նկատելի է հայերի մէջ։ Բագուի անկիրթ անփորձ հայերը չունենալով ոչ մի թէ կրօնական եւ թէ բարոյական սանձահարող տարր բոլորովին անձնատուր են գազանականութեան։ Եւ ահա այդ բարոյական հրէշների լեգիօնը գրեթէ բացառապէս բաղկացած է հայերից։ Մարդ պիտի ունենայ երկաթէ ջղեր, որ խոր նայելով սոցա ընդհանրապէս ամբողջ կեանքի եւ մասնաւորապէս ընտանեկան կեանքի վերայ, մինչեւ հոգու խորքը չըվրդովի։ Հայ նաւթաբերը իւր երիտասարդ կեանքը արատաւորելով Ռուսաստանի սալայատակներում թրեւ եկող բարոյապէս եւ ֆիզիքապէս ապականված էակների գրկում եւ բոլորովին իւր կազմվածքը տոգորելով բարդ եւ վարակիչ ախտերով, վճռում է վերջապէս մտնել ընտանիական կեանքի մէջ։ Այստեղ նա արտադրում է իրան նման եւ գուցէ աւելի վատթար հիւանդոտ թոյլ եւ մտաւորապէս անդամալոյծ արարածների մի սերունդ, որի կեանքը իր ծննդէն թունաւորած է։ Ով որ ի մօտոյ ծանօթ է Բագուի ընտանեկան կեանքի հետ նա մեր ասածը երբէք չափազանցութիւն չի համարիլ։

Մեր դատողութիւնը ընթերցողին կարող է խիստ միակողմանի թւալ, եթէ այդ բոլոր թուլութիւնները վերագրենք բագուցիներին, քանի որ դա ընդհանուր ախտ է, որով վարակած է ընդհանրապէս մեր երկրի վաճառական դասակարգը։ Սակայն խնդիրը նորանում է, որ ուրիշ քաղաքների վաճառականները քիչ թէ շատ գիտեն սահմանափակել իրենց անձնական ցանկութիւնների շրջանակը, այն ինչ բագուցիք բոլորովին անձնատուր են իրանց կրքերին։ Անձնական շռայլ հաճոյքների լրացնելը պահանջում է նիւթական շռայլութիւն ծախս նամանաւանդ այնպիսիներից որոնք միշտ պսպղուն պղինձը զուտ ոսկու տեղ են ընդունում։ Ով որ հարստութիւն ձեռք է բերել երկար տարիների ընթացքում գործ դրած աշխատանքի եւ թափած քրտինքի միջոցով, նա թանգ է գնահատում իր հարստութիւնը, վասնորոյ գէթ նիւթական խնայողութիւնից ստիպուած նա կարողանում է զսպել իր կրքերը եւ ազատ մնալ աւելորդ շռայլութիւնից։ Այդպէս են մեծ մասամբ ուրիշ քաղաքների վաճառականները, որոնք կոպէկներով են դիզել իրանց հարստութիւնը, այն ինչ բագուցին գտնւում է բոլորովին բացառական պայմանների մէջ։ Նա հարստութիւն ձեռք է բերել համեմատաբար կարճ ժամանակւայ ընթացքում եւ ոչ այնքան ծանր աշխատանքով։ Ահա թէ նա ինչու է աջ ու ձախ շպրտում իր փողերը, երբ օտար երկիր է դուրս գալիս եւ ահա թէ ինչու նա իւր հեշտութեամբ ձեռք բերած հարստութեամբ տակաւին շլացած, շնորհոք իւր անփորձութեան չգիտէ հաճոյքները լրացնելու մէջ խտրութիւն դնել։

Մենք շատ հեռու կերթանք եթէ սկսենք մի առ մի թւել այն վտանգաւոր բարոյական փոփոխութիւնները, որոնք տնտեսական դրութեան յանկարծակի փոփոխութիւնը մտցրել է Բագուի տեղացիների կեանքի մէջ, բայց եւ այնպէս կարծում ենք, որ մեր այդ մի քանի ընդհանուր նկատողութիւնները բաւական են որպէսզի ընթերցողը փոքր ի շատէ որոշ գաղափար կազմէ նոցա ներկայ կեանքի մասին։ Մեր ասածները վերաբերում են բագուցիների ներքին ընտանեկան կեանքին, գալով նորա ընկերական, հասարակական եւ արտաքին կեանքին այստեղ նոյնպէս նկատելի է անմխիթար փոփոխութիւն։ Յանկարծակի հարստացած բագուցին ընկերական կեանքում կոպիտ, յանդուգն, ինքնագոհ եւ յամառ է։ Նա շատ քիչ հասկացողութիւն ունի հասարակ քաղաքավարութեան մասին եւ եթէ այդ կողմից նա կարողացել է մի բան ընդունել քաղաքակրթւած օտարներից, դա մի քանի արտաքին աննշան ձեւեր են հագուստի, շարժողութեան եւ այլ այդպիսի չնչին բաների վերաբերութեամբ։ Սակայն այդ արտաքին փոփոխութիւնները եւս միասին գումարած ներկայանում են շատ անգամ յոյժ ծիծաղելի պատկեր։ Բագուցին հագնւում է շատ հարուստ շռայլ, բայց առանց որեւէ ճաշակի։ Օրինակ դուք կը տեսնէք նրան ահագին քարերով ոսկեայ մատանիների վրայ ձեռքերին հագած կեղտոտ ձեռնոցներ, փորը շղթայած կէս գրւանքանոց ոսկէ ժամացոյցի հաստ ոսկեայ շղթայով եւ այլն եւ այլն։ Պատահում է նոյնպէս, որ բագուցին չը բաւականանալով իւր մատերի վրայ շարած մատանիներով, մի քանիսն էլ գրպանումն է հետը պահում, որ տեղը ընկած ժամանակ իւր շռայլութիւնը հաստատելու համար ցոյց տայ սորան ու նորան։ Սոյնանման ծիծաղելի պատկեր ներկայացնում են նրա շարժւածքը, խօսակցութեան եղանակը, երբ նա գտնւում է հասարակական շրջանում։ Այստեղ ակնյայտ երեւում են օտարներից կապիկութեամբ գողացած արտաքին ձեւերը, որոնք այնքան են սազ գալիս նորան, որքան կարող են սազ գալ ակնոցները խոզին» [2] ։

Ա. Մ. կշտամբանքով նկարագրում է կապիտալի նախնական կուտակումը ներկայացնող այն սերնդին, որը վառ էջեր է գրաւել Գ. Սունդուկեանի («Պէպօ»), Րաֆֆիի («Զահրումար», «Ոսկէ աքաղաղ») եւ Շիրվանզադէի («Քաօս», «Վարդան Ահրումեան») երկերում։ Կապիտալի նախնական կուտակումը մեզ մօտ տեղի ունեցաւ այնպիսի մարդկանց ձեռքով, որ կարելի է կապիտալիզմի զարգացման «ապերական» անունը տալ այդ շրջանին։ Արժէ ծանօթանալ «ապերական կապիտալիզմի» հետ։ «Ապեր» Ղարաբաղում ասում են մեծին կամ ծերունուն։ Մօտ քառասուն տարի Բագւում առեւտրի եւ արդիւնաբերութեան մէջ իշխում էին «ապերները»։ Ահա նրանց անունները՝ Մուսայէլ Շահգիդանեան, Ներսէս Կրասիլնիկեան, Գրիգոր եւ Յովսէփ Թումայեաներ, Առաքել Ծատուրեան, Գրիգոր Դիլգարեան, Ադամեաներ, Ասլանեան, Ամիրեան, Բազրեան, Ղուկասեան եւ այլն եւ այլն։ «Ապերների կապիտալիզմը» խարսւած էր նահապետական փոխյարաբերութիւնների վրայ, սակայն դրանով նա պակաս շահագործող չէր։ Ընդհակառակը, նահապետական կապերի շղարշի տակ նա կրկնակի էր շահագործում իր զոհին։ Նա սպառում էր թէ պանդուխտ բանւորի ֆիզիքականը եւ թէ մոլորութեան մէջ պահում նրա մտաւորը։

«Ապերական կապիտալիզմի» ներկայացուցիչները սերտ կապերով յարակցութեան մէջ էին գաւառի եւ իրանց տոհմի հետ։ Նրանք չարքաշութեամբ, յաճախ խարդախութեամբ ու ստորութեամբ դրամ եւ կարողութիւն էին հաւաքել։ Հասնելով նիւթական հզօրութեան կատարին՝ սառսուռով էին նայում իրանց անցած ճանապարհին եւ բնականաբար չէին կամենում հարստութեան պղտոր աղբիւրներին մասնակից դարձնել իրանց շառաւիղներին ու տոհմին։ Նկատւած երեւոյթ էր, որ հայ վաճառականը, կապալառուն եւ արդիւնաբերողը չէր ցանկանում իր որդիներին կտակել սեփական զբաղմունքը։ Սրա դէմ հայ մամուլը բողոքում էր սկսած 60-ական թուականներից։ Այս երեւոյթն էր, որ դէմ էր գնում առեւտրական տների Ֆիրմա դառնալուն, որի մասին այնքան մտորում էր Գր. Արծրունին։ Այստեղ մի կողմից դեր էր խաղում ազնուական պետականութեան արհամարհանքը դէպի վաճառականութեան զբաղմունքը եւ աչքաբաց, ունեւոր մարդկանց ձգտումը դասւել արտօնեալների շարքում։ Միւս կողմից բնական էր, որ հայրերը զաւակներին հեռու պահեն իրանց անցած մութ ուղիներից։ Ուրիշ բան էր, եթէ հայ վաճառականն եւրոպական վարագոյր ձգէր ձեռնարկութեան վրայ, կտրւէր գռփման անմիջական պրոցէսից կամ արդիւնաբերութեան անձնական ղեկավարութիւնից, դառնալով սեփականատէր հաշւեմատեանների երեսով եւ կուպոններ գանձելով, այն ժամանակ այդ փայլուն զբաղմունքին նա իրազեկ ու մասնակից կը դարձնէր նաեւ իր շառաւիղներին։ Բայց «ապերական կապիտալիզմի» կամ միեւնոյն է թէ կապիտալի նախնական կուտակման շրջանում այդ չկար եւ հայրը դատում էր, որդին վատնում։ Այս դրութիւնից էին բղխում այն այլանդակութիւնները, որ գրի է առել Ա. Մ. ։ Դարավերջին հայ բուրժուազիան իր կենցաղով, վարք ու բարքով ետ չէր մնում իր եւրոպացի դասակարգային հարազատներից։ Եւ միեւնոյն յարկի տակ խայտաբղէտ ներդաշնակութեամբ կարողանում էին ընդհանուր լեզու գտնել Ղարաբաղցի «այեանը» եւ հազար պճրանքով զարդարւած «աշխարհիկ տիկինը», լեռներից իջած «ապերը» եւ դայեակների ձեռքով աճեցրած «պարոնը» հայրանուանը զօդած անխուսափելի ռուսական «իչը»։

Հայ բուրժուազիայի մասին սպանիչ խօսք է ասել եւ Աբգար Յովհաննիսեանը, մէկը այդ դասակարգը խորապէս ճանաչող գործիչներից։

«Մինչեւ վերջին ժամանակները բացառապէս, գրում է նա, եւ այժմ մեծ մասամբ օտարները հայ անւան հետ ծանօթանում են վաճառականների միջնորդութեամբ։ Իւր գործունէութեամբ հայ վաճառականը մեր մէջ միակ տարրն է, որ ստէպ ստէպ շփւում է օտարների հետ աշխարհի զանազան կողմերում։ Այս պատճառով նա մի տեսակ նմուշ է, որի համեմատ օտարազգիները այսպէս թէ այնպէս գաղափար են կազմում հայ ազգութեան մասին։ Բուն ժողովուրդը, որ կազմում է գիւղական հասարակութիւնը, այստեղ եւ այնտեղ անջատված ապրելով իւր բուն մայրենի հողի վերայ, չունի յարաբերութիւն լուսաւորված երկրների հետ։ Ուստի շատ անգամ նորա գոյութիւնը չի էլ յիշւում քաղաքակրթւած օտարների կողմից։

Նոյն կարելի է ասել եւ մեր ժողովուրդի միւս դասակարգի արհեստաւորների մասին։ Այս երկու մաքուր տարրերը, որոնցից է իսկապէս բաղկացած հայ ազգը, օտարների աչքում մի տեսակ մութ պատկեր են ներկայացնում, որի վարագոյրը դեռ մինչեւ այսօր շարունակում է փակ մնալ։ Մնում է բացի վաճառականներից, մեր լուսաւորւած դասակարգը (այսինքն մտաւորականութիւնը Դ. Ա. ), որ փոքր ի շատէ շփւում է օտարների հետ։ Բայց այդ շփումը այնքան աննշան է առայժմ, որ հազիւ թէ ամբողջ ազգի քաղաքական, տնտեսական եւ մտաւոր-բարոյական վիճակը կարող է նորանով լիովին պարզւել օտարների աչքում։ Կրկնում ենք, դեռ մինչեւ այսօր վաճառական դասակարգն է, այսպէս ասած, համաշխարհային հանդիսավայրում մեր գլխաւոր ներկայացուցիչը, մեր գոյութեան կենդանի ապացոյցը։

Այդ ճշմարտութիւն է, բայց դառն եւ ցաւալի ճշմարտութիւն։ Ունենալ օտարի առջեւ մի պատմական ազգի գոյութեան ներկայացուցիչ մի դասակարգ, որի կեանքի նպատակը լոկ նիւթականն է, այդ ոչ միայն ցաւալի է, այլ վնասակար։ Իսկ ունենալ հայ վաճառականի նման մի ներկայացուցիչ, այդ կատարեալ մի դժբախտութիւն է։ Մի դժբախտութիւն, որ այսօր անողոք ճակատագիրը վիճակել է հայ ազգին։ Հայ վաճառականը հայ ազգի կատարեալ թշնամին է, եւ մենք կասենք, որ չը կայ աւելի վտանգաւոր, աւելի անխիղճ եւ աւելի բարբարոս թշնամի, քան թէ նա։ Մենք չենք խօսում նորա ներքին կացութեան, նորա վնասակար ազդեցութեան մասին իւր շրջապատող ժողովուրդի վերայ։ Այստեղ նա իւր ժողովուրդի կատարեալ ցեցն է, հաստատւած մի իրողութիւն է, որ ոչ ոք չի կարող հերքել։ Մենք խօսում ենք այն արտաքին վնասների մասին օտարների աչքում, որ կրում է դարերով սրբագործւած հայ ազգի անունը, վարկը, պատիւը, շնորհով այն հարստահարիչ եւ ձրիակեր տարրի, որ կոչւում է վաճառականութիւն։

Այս դառն խօսքերը մեր գրիչը արտայայտում է վշտալի մտածմունքների ազդեցութեան ներքոյ։ Չի անցնում օր, որ իւր ազգի բարոյականութեան նախանձախնդիր հայը չը կարդայ կամ չը լսի օտարից յանդիմանութիւններ, թէ հայ ժողովուրդը կեղծաւոր է, շողոքորթող է, ժլատ է, հարստահարիչ է, եւ այսպիսի վիրաւորական ածականներ։ Արդարացի են արդեօք այս դառն յանդիմանութիւնները հինգ-վեց միլիոն հոգուց բաղկացած մի բազմաչարչար պատմական ազգի վերաբերմամաբ, որի ամբողջ իննը տասներորդականը բաղկացած է գիւղացիներից, արհեստաւորներից եւ ժլատութեան, հարստահարութեան, կեղծաւորութեան հանգամանքներից զերծ դասակարգերից։ Ո՛չ, արդարացի չէ, անիրաւ է։ Բայց իրաւունք ունի օտարը, երբ միշտ մեր երեսին շպրտում է այդ կեղտոտ ածականները։ Այո, կատարեալ իրաւունք ունի։ Ի՞նչ աղբիւրներից է օտարը վերցնում իւր գաղափարը հայ ազգի մասին, այն օտարը, որ ծանօթ չէ մեր բուն ժողովուրդի հետ։ Հարկաւ, այն աղբիւրներից, որ աւելի մօտիկ են իրան։ Եւ այդ աղբիւրը հայ վաճառականութիւնն է։ Պղտոր աղբիւր։ Ի՞նչ գոյներով է ներկայանում ինքը հայ վաճառականը իւր հայրենիքից դուրս օտարների առջեւ եւ ինչ գոյներով է պատկերացնում իւր ազգի առանձնայատկութիւնները։ Ահա մի հարց, որը դառն մտածմունքներ է առաջ բերում։

Հայ վաճառականը իւր հայրենիքից դուրս նախ եւ առաջ ոչ մայրենի լեզու ունի, ոչ ազգային պարտաճանաչութիւն եւ ոչ էլ հասարակական ինքնասիրութիւն։ Նա գոյն չունի։ Նա բոլորին, ումի հետ կապուած է գործով, ամենից առաջ աշխատում է դիւր գալ թէ կեղծաւորութեամբ թէ շողոքորթութեամբ։ Նա խօսում է միշտ իւր ձեռնարկութիւնների, առեւտրի, վաստակի վնասի մասին, եւ խօսում է ամեն լեզւով, բացի իւր մայրենի լեզուից, թէեւ ոչ մի լեզու օրինաւոր չգիտէ։ Չը կայ նրա համար ոչ հետաքրքրական եւ խօսակցութեան արժանի խնդիր բացի նիւթականից։ Երկաթուղում եւ շոգենաւի վերայ, չորում եւ ցամաքում, հիւրանոցում թէ շուկայում, թատրոնում թէ իւր օտարազգի ծանօթի ընտանիքում նորա խելքը գործում է միեւնոյն ուղղութեամբ։ «Շահ կը լինի արդեօք», ահա այն հարցը, որ կաշկանդած է պահում միշտ եւ ամեն տեղ նորա ուղեղի բոլոր ծալքերը։ Նրա հոգեկան բարձրագոյն զուարճութիւնը հեշտութիւնը եւ անասնական ոգեւորութեամբ ուտել եւ խմելն է։ Ընկերների առջեւ նա շփանում է իւր պղծասիրութեամբ, անառակութեամբ, օտարների մօտ երբէք չը գիտէ ոչ իւր անհատական եւ ոչ ազգային արժանաւորութիւնները մաքուր գոյներով ներկայացնել։ Բամբասել օտարի առջեւ իւր ազգակիցներին, իւր ընկերոջ պատուի գնով իւր առեւտրական վարկը բարձրացնել ահա նորա յատկանիշը։ Զզւելի է նա իւր ճանապարհորդութեան ժամանակ մանաւանդ, երբ հանդիպում է կին հասարակութեան։ Այստեղ նրա խելքը եւ սիրտը չեն կարողանում արտայայտել ոչ մի մաքուր ձգտում, ոչ մի անկեղծութիւն։ Առաքինի հերոսութեան մասին նա գաղափար անգամ չունի։ Իւր ամուսնական սրբութիւնը ընտանիքից դուրս օտար երկրում պղծել՝ նորա սովորական ախտն է ուստի նա միշտ ապականուած է ինչպէս բարոյապէս, նոյնպէս եւ մարմնապէս։         

Սուտ ասել, խաբել առանց այս երկու զէնքերի հայ վաճառականը ինչպէս իւր հայրենիքում նոյնպէս եւ օտար երկրներում գործել չը գիտէ։ Հարիւրաւոր օրինակներ կարելի է առաջ բերել, թէ ինչպէս հայ վաճառականները նախ գրաւել են օտար գործարանատէրերի հաւատարմութիւնը, ապա, մեծ քանակութեամբ ապառիկ ապրանքներ վերցնելով, փախել են եւ ստութեամբ սնանկ են հրատարակել իրանց։ Այդ ախտը ոչ մի վաճառականութեան մէջ այնքան տարածւած չէ, որքան հայերի մէջ։

Այս է ահա հայ վաճառականի տիպարը, այս է այն տարրը, որ թափառելով ամեն երկրներում, շփւելով օտար ազգերի հետ, անխեղճ կերպով արատաւորում է եւ ոտնակոխ է անում հայի անունը։ Եւ ահա ինչու մենք անւանեցինք վաճառականին հայ ազգի կատաղի թշնամին։ Պէտք է ամենայն կերպով հարուածել այդ կեղտոտ ապականւած մարմինը, որ չարաչար վնասներ է գործել մինչեւ այժմ եւ դեռ շարունակում է գործել։

Որքան հայ վաճառականը իւր հայրենիքից դուրս, ճանապարհորդութեան ժամանակ, ապականված է, կրկնակի վատթար է նա իւր բնակավայրում, (չենք ասում հայրենիքում, մեր վաճառականը հայրենիք չունի) իւր գործունէութեան, այսպէս ասենք, բուն պատուանդանի վերայ։ Այստեղ արդէն հայ վաճառականը, լինի նա փերեզակ, վաշխառու, դրամատէր։ Թէ կապալառու, իւրաքանչիւր մտածող մարդու առջեւ ներկայանում է իբրեւ մի իրականացած զզուանք։ Նորա կազմը բովանդակ նեխված է, անհնարին է գտնել մի առողջ տեղ այդ կազմի մէջ, որի վերայ կարելի լինի մատ դնել եւ յետ վերցնել չ՚ապականուած։ Եւ այդ մարմինը մանաւանդ գարշ տեսարան է պատկերացնում մեծամեծ քաղաքներում՝ սկսած Պօլսից մինչեւ Թիֆլիզը։ Փերեզակ-մանրավաճառը կոպիտ, խաբեբայ, լկտի։ Հարուստ խանութպանը շողոքորթող օրական հարիւր անգամ Աստուծոյ անունով սուտ երդուող եւ հինգ հարիւր անգամ նոյն Աստուծոյ դէմ մեղանչող։ Կապալառուն խարդախ։ Դրամատէր-տոկոսակալը անխիղճ տոկոսներով իւր պարտականների կաշին բութ դանակով քերթող։

Ով որ պարզամից է, նա յիմար է, իսկ ով որ յիմար է, նա պիտի հարստահարվի ահա այն մութ առանցքը, որի շուրջը պտտում է հայ վաճառականի մտաւոր ընդունակութիւնը։ Սրտի դատաստանը եւ խղճի օրէնքը վաղուց հետէ նորա համար գոյութիւն չունին. կայ միայն արտաքին իրաւունք։ «Պայման ենք կապել, պիտի վճարես, տուգանք ես խոստացել, պիտի տուժես», ահա այն պարանը, որով նա խեղդում է իւր ձեռքը ընկնողներին։ Եւ բացի այդ յամառ դատաստանից, նորա համար չըկայ մի ուրիշ մարդկային օրէնք, թէ օտարազգիների եւ թէ իւր համազգիների նկատմամբ։ Այժմ հարց՝ ո՞ր եւրոպացի օտարը կարող է ներբողներ կարդալ մի այդպիսի հասարակութեան։ Ո՞ր շրջապատող ազգաբնակութիւնը կարող է սիրել մեզ, եթէ նա ի նկատի ունի մեր բազմադաս ազգի մէջ միմիայն վաճառականներին։ Հարց՝ իւր ազգային պարտաճանաչութեան նախանձախնդիր հայը ո՞ր մէկին կարող է բացատրել, թէ հայ վաճառականի համար չըկայ խտրութիւն ոչ կրօնի եւ ոչ ազգութեան, թէ նրա համար միեւնոյնն է՝ հարստահարութեան աղբիւրը այլազգին է, թէ իւր արիւնակից հայը, թէ նոյնիսկ իւր ընկերը, թէ իւր հարազատ եղբայրը։

Բայց մեր ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ մենք դեռ այդպիսի նեխված արարածներին հասարակական աստիճանների վերայ առաջին տեղերն ենք տալիս, մենք երկրպագութիւն ենք տալիս, խոնարհվում ենք նոցա առջեւ։ Ինչո՞ւ։ Նորա համար որ նոքա յանուն իրանց գրպանի մետաղի գնով վաճառում են այն, ինչ որ մենք վաստակել ենք դարերի ընթացքում մեր անունը, պատիւը, մեր ազգային ինքնասիրութիւնը։ Ցերեկը երեսուն տոկոսով պարտք տուող մի վաշխառուի տանը մենք երեկոյեան ընթրում ենք, մասնակից ենք լինում ուրիշների արիւնի եւ քրտինքի գնով ձեռք բերուած սեղանին։ Այդ ապականութեան վերին ծայրն է, կարծես, աւելի հեռու գնալ չի կարելի։ Բայց հասկացէք, որ մենք գնում ենք դեռ աւելի եւ աւելի հեռու։ Մեր լրագրութեան եւ գրականութեան մէջ ծախու գրչակներ որքան անգամ եւ որպիսի ներբողներ են կարդում այն ապականիչներին, որոնք ազնուութիւն են համարում անազնուութեամբ վաստակած հազարներից մի քանի կոպէկներ շպրտել ազգային բարեգործական սեղանի վերայ։ Եւ միթէ այսպիսով չի կրկնապատկվում այն վնասը, որ ստանում է հայ ազգի անունը իւր ապերախտ զաւակներից։ Միւս կողմից՝ միթէ նոյն հարստահարիչները աւելի չե՞ն խրախուսվում, ինքն ըստ ինքեան կանգնելով այն խաւար համոզմունքի վերայ, թէ «այո՛, մենք կարող ենք անընդհատ կեղեքել դորան ու նորան, լցնել մեր գրպանները հարիւր հազարներով, եւ յետոյ, մի քանի հարիւր րուբլ նուիրելով ազգային այս եւ այն հիմնարկութեան կամ եկեղեցուն, հասարակութեան մէջ բարոյական վարկ վաստակել»։ Ոչ, վաճառականը րուբլիներով չի կարող արդարացնել իւր անցեալը եւ ներկան. նորա մեղքը այնքան ծանր է եւ տուած վնասները այնքան բարդ, որ եթէ իւր ամբողջ կարողութիւնը անգամ դնի քաւարանի գանձարանում, հազիւ թէ կարողանայ զտվել եւ մաքրվել հայ ազգի աչքում։ Ի՛նչ, միթէ կարծում էք, որ բարոյական յանցանքը կարելի է նիւթական նուիրատուութեամբ սրբագործել, եւ միթէ հաւատացած էք, որ նուիրատուութիւնը բարեգործութիւն է» [3] ։

Աբգար Յովհաննիսեանը՝ դատապարտելով հայ վաճառականներին՝ չէր պատկանում այն մտածողների թւին, որոնք առհասարակ բացասում են այդ կարգի մարդկանց գոյութեան իրաւունքը։ Նա չէր կարող պատկերացնել մի դրութիւն, որ վաճառականը գոյութիւն չունենար։ Միայն չէր հաշտւում հայ վաճառականութեան արատների հետ, իսկ թէ որտեղից էին ծագում այդ արատները դրա մասին նա յոգնութիւն չէր պատճառում իր մտքին։

Խօսք չկայ, հայ վաճառականութիւնն արատաւոր էր։ Եւ ամենից ակնբախ նրա արատը հարազատ ազգային հաւաքականութիւնից հեշտութեամբ հրաժարւելու հակումն էր։ Թէ նրա ընչաքաղցութիւնը, թէ խարդախութեան հակամէտ լինելը, թէ թափառասիրութիւնը եւ ուրիշ ազգի գոյնով ներկւելու յօժարամտութիւնը վերջի վերջոյ երկրորդական յատկանիշներ էին առաջին յատկութեան դիմաց։ Հայ վաճառականը թեթեւ, փշրւելու չափ փխրուն կապերով էր կապւած հայ հաւաքականութեան հետ, որովհետեւ վերջինս դաժան քաղաքական պայմանների շնորհիւ չէր ներկայացնում հասարակական առողջ բնազդների ուռճացման որեւէ ասպարէզ։ Քաղաքական փառասիրութիւնը չէր կարող այցելու լինել հային իր հայրենիքում։ Հասարակական համատարած յարգանքը նոյնպէս։ Վերջի վերջոյ հայ առաջին մարդը օտար բռնացողների աչքում բուռը լիքը միջնորդ էր։ Նա պէտք է լինէր աւելի ճկուն ու շողոքորթ, աւելի հաճոյացող, ոլորապտոյտ ուղիների երկրպագու եւ գիտակ, որ կարողանար աննկատելիօրէն մօտենալ բռնաւորներին եւ նրանց մագիլներից փրկէր թէ իր եւ թէ հարազատ մերձաւորների գոյքն ու պատիւը։ Նա անմռունչ հօտի սոսկական առաջնորդն էր, որի եղջիւրները սղոցել էր ռազմիկ տէրը։ Ի՞նչ երաշխիք, թէ նման պայմաններում կարող էր փթթել ասպետական որեւէ նկարագիր։ Ընդհակառակը, այդ պայմաններում պիտի ծռմռւէր ամեն մի նկարագիր, որը եւ տեղի էր ունենում։ Քաղաքական ու հասարակական յառաջխաղացման ասպարէզների չգոյութեան պատճառով հայի համար մնում էր նիւթական բարիքների հաւաքման ուղին։ Եւ նա դարձաւ այդ ուղիի յամառ ուխտաւորը։ Նա ընտրեց տուեալ պայմաններում յարմարագոյն զէնքեր, որ դարանակալ գիշատողի ժանիքներ էին։ Նա դարձաւ եսամոլ, անհատապաշտ։ Իր փրկութեան խարիսխը դրամակուտակումն հռչակեց։ Թուրք տիրողը կաղապարեց հայից հակահասարակական, ախոռին կապ չեկող էակ։ Եւ այստեղ միանգամայն ճիշտ էր Բայրընի արձակած որակումը հայ ազգային նկարագրի նկատմամբ, թէ մեր առաքինութիւնները հարազատ են մեզ, արատները տիրողներից ժառանգած ախտեր։

Որքան էլ արատաւոր լինէր հայ վաճառականութիւնը եւ նորածագ բուրժուազիան, որքան էլ մեր դարավերջի գործիչները դատափետէին նրա արատները, այնուամենայնիւ նրանք չէին հրաժարւում ազգի ունեւոր դասակարգից։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանում է Գր. Արծրունին։

«Եթէ մեր միջին դասակարգը, գրում է նա, ազնիւ ճանապարհով, տոկուն աշխատանքով՝ իր անձնական ոյժը, իր ձիրքը, իր մասնագիտութիւնն ու կապիտալը խելացի կերպով գործ դնելով կըհարստանայ, արդիւնաշահելով երկրիս անսպառ հարստութիւնները, մենք հաստատ յոյս ունենք, որ նա կըշարունակէ նիւթապէս էլ օժանդակել ազգի բարոյական առաջադիմութեան գործին։

Ինչ ուզում են ասեն, բայց փաստը անուրանալի է, որ մինչեւ այժմ, դարերից ի վեր, մեր միջին դասակարգն էր միշտ, որը ամեն բան պահպանում էր մեր մէջ… Ո՞վ էր ամենից շատ նուէրներ տալիս վանքերին եւ եկեղեցիներին, ո՞վ էր իր անդամակցութեամբ գլխաւորապէս պահպանում թէ մեր բարեգործական եւ թէ այլ ընկերութիւնները, ո՞վ էր գլխաւորապէս յաճախում ազգային թատրօնը, ո՞վ էր վերջապէս իր բաժանորդագրութիւններով պահպանում մեր լրագրութիւնը, —գլխաւորապէս մեր վաճառականները, մեր ժողովրդի միջին դասակարգը։ Հարկաւոր է միայն մի հայեացք գցել մեր լրագիրների խմբագրական մատեանների վրայ՝ համոզվելու համար, որ մեր բոլոր լրագիրների բաժանորդների երկու երրորդական մասը՝ կազմում են մեր վաճառականներն ու արհեստաւորները։

Ուրեմն ցանկանանք, որ մեր միջին դասակարգը հարստանայ, որպէսզի համ հարստացնէ երկիրը, արդիւնաշահելով երկրի բնական հարստութիւնները, համ ազգն էլ նրանից նիւթապէս օգտվի։

Որքան մեր առեւտրական եւ արհեստաւորների դասակարգը աւելի կըհարստանայ, որքան նա մտաւոր եւ բարոյական գիտակցութեանը կըհասնէ, այնքան նա նիւթապէս աւելի կօժանդակէ ազգի մտաւոր կեանքի առաջադիմութեան գործին» [4] ։

Արդէն գիտենք, որ Գր. Արծրունու աչքում «միջին դասակարգը» չէր նոյնանում խոշոր առեւտրա-արդիւնաբերական եւ ֆինանսական բուրժուազիայի հետ։ Խոշոր արդիւնաբերութեան ու ձեռնարկութիւնների կողմնակից լինելով՝ նա քարոզում էր նրանց հաւաքական գոյութեան իրաւունքը, կարծելով թէ այդ հաւաքականութիւնը իր հերթին մասնադրւած կլինի միջին դասակարգի ծալքերում։ Նրա սխալն այն էր, որ հետեւողականօրէն չէր նայում երեւոյթին, որ չէր հաշտւում այն մտքի հետ, թէ կապիտալի յատկանիշն է կենտրոնանալ սակաւների ձեռքում եւ դրամին դրամական օժիտ բերել։ Սակայն այս սխալը չէր խանգարում Գր. Արծրունուն ուղիղ գնահատել դրամատիրական դասակարգի արժէքը հայութեան համար։

Միայն մտաւոր կոյրերը չէին տեսնում, որ հայութիւնը, եթէ կարելի է այսպէս արտայայտւել, մի կօօպերատիւ ազգ է։ Նա չէր օժտուած իշխանական գաւազանով, որ կարգի ու պարտաճանաչութեան հրաւիրէր իր բաղկացուցիչ մասնիկներին։ Նա չունէր հարկահաւաքման հարկադրական իրաւունք եւ մարմիններ, որ նիւթական գանձ ժողովէր իր գոյութեան համար։ Նա պատմութեան մղումով առաջ ընթացող մի սայլ էր, որի իւրաքանչիւր շարժումը ճռնչոց էր արձակում եւ խանգարում թէ իւրայինների եւ թէ օտարների (իմա՛ բռնացողների) հանգիստը։ Եթէ իւրայինների մէջ առակայծում էր հոգին սուրբը, եթէ պարտաճանաչութեան ու զոհաբերութեան զգացումն այցելում էր նրանց մռայլ ու մաղձոտ հոգին, ապա սայլը նոր մղումներ էր ստանում առաջ շարժւելու։ Եթէ բացակայում էին յիշեալ բարեմասնութիւնները՝ սայլը գամւում էր մի որոշ տեղ եւ սայլապանի կոչումն ստանձնած հասարակական գործիչները սկսում էին ծւատել իրանց եւ միւս հայերի սիրտը։ Այսքան ծանր աշխատանքով էր պահպանւում ու հրահրւում հայկական հաւաքականութիւնը։ Եւ նման պայմաններում իւրաքանչիւր մեկնւած ձեռք, որ նպատակ ունէր իւղ քսելու սայլի ժանգոտած անիւները, բնականաբար պիտի ընդունւէր ներքին հաճոյքով։ Գր. Արծրունին, Աբգար Յովհաննիսեանը եւ միւսները հայ բուրժուազիային սիրելու քիչ առիթներ ունէին, բայց նրանք տեսնում էին հայկական սայլի վիճակը եւ կամայ-ակամայ եթէ տասն անգամ անարգում էին այդ բուրժուազիային՝ մի անգամ էլ գովասանքի խօսք էին բաց թողնում իրանց կրճտացնող ատամների արանքով։ Անճարը կերել է բանջարը։ Խե՜ղճ հայ գործիչների սերունդ, որ չէիք երազում հայ պետականութեան բողբոջման մասին եւ ձեր ազգաշէն ծրագիրները կապում էիք հայկական սեւասիրտ պլուտոկրատիայի յօժարակամ նուէրների հետ…

Այդ նուէրների մասին Աղ. Երիցեանը հետեւեալն է գրում. «Ճիշտ գումար տալը ռուսահայոց յանուն բարեգործութեան ծախսի դրամի այս վերջին 25 տարուայ մէջ ի հարկէ կարելի չէ։ Բայց եւ այնպէս մեր պարբերական թերթերից քաղուած եւ քանի մի դուրսից ժողոված տեղեկութիւնները մօտաւորապէս յետագայ թուանշաններն են տալիս։ Յիսունական եւ վաթսունական թուականները հարուստ են մասնաւոր անհատների մեծագումար կտակներով, բայց ժողովրդական ընդհանուր մասնակցութիւնը բարեգործութեան մէջ դեռ թոյլ է, այն ինչ եօթանասնական թուականներում հետն ու հետ աճում է հասարակութեան նուիրաբերութեանց գումարը, որի առաջ անհատական ընծայաբերութիւնները համեմատաբար երկրորդական տեղ են բռնում։ Ռուսիաբնակ հայոց բոլոր նուէրները ինչպէս իրանց դպրոցներին, եկեղեցեաց եւ աղքատանոցներին, նոյնպէս Տաճկաստանի ու Պարսկաստանի հայոց, այս 25 տարուայ մէջ մօտաւորապէս հասնում է միլիոն րուբլու, որ ասել է թէ միջին հաշւով տարեկան մօտ 100000 րուբլի, կամ եթէ մեր թիւը հաշուելու լինենք ութ հարիւր հազարից մինչեւ մէկ միլլիոն մարդագլուխ տարեկան 10-12 կոպէկ» [5] ։

Աւ. Արասխանեանցը սովորութիւն ունէր «Մուրճի» մէջ մանրամասնօրէն արձանագրել այն բոլոր կտակներն ու նուէրները, որ հայ մարդիկ անում էին զանազան հաստատութիւնների ու զանազան նպատակներով։ Այստեղ չէին մոռացւում Էջմիածինը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, զանազան եկեղեցիներ ու վանքեր, հայ դպրոցը, գիրքը, ուսանողութիւնը, որբուհիները, որոնց բաժինք պիտի մատակարարւէր, հիւանդանոցները, չքաւորները, որոնք հոգեհաց պիտի ուտէին, քահանաները, որոնց հրահանգւում էր հոգեհանգիստներ կատարել եւ այլն եւ այլն։ Եւ այդ կտակներն ու նուէրները ռուսահայերի մէջ հասնում էին հետեւեալ գումարի. 1894 թ. 540810 ր., 1895 թ. 288600 ր., 1896 թ. 65400 ր., 1897 թ. 506085 ր., 1898 թ. 94450 ր., 1899 թ. 303900 ր., 1900 թ. (առաջին կիսամեակ) 1437100 ր., ըստ որում՝ Ենովք Բուդաղեան Բագուի նաւթարդիւնաբերող 560000 ր., Գր. Միրզոյեան (Թիֆլիսեցի եւ յատկապէս Թիֆլիս քաղաքին) 800000 ր. [6] ։ Այս գումարները չէին նշանակւում ծախսելու կտակի եղած տարին։ Յատուկ նպատակներ հետապնդելով՝ նրանք մանր կարկատանների դեր էին խաղում, ոմանք ամբողջ գումարով, միւսներն իրանց տարեկան աննշան տոկոսներով։ Եւ եթէ չլինէին ժողովրդական յօժարակամ մանր տուրքերը դրամով թէ բնականով հայ ունեւորների կտակները չէ, որ պիտի պահպանէին ազգային հաստատութիւնները եւ փայլ տային նրանց բովանդակութեան։ Դժբախտաբար ժողովրդական զոհաբերութիւնը չէր կարողանում դառնալ առատաբուխ գետ, որովհետեւ ինքը ժողովուրդը աննախանձելի գիտակցութիւն ունէր եւ միաժամանակ կաշկանդւած էր ոստիկանական-բռնապետական հալածող շնչով։ Հայ բուրժուազիայի կտակներն ու նուէրները՝ անկախ իրանց անբարոյականացնող ազդեցութիւնից, որ արտայայտւում էր իբրեւ դիմազրկութիւն ընդունողների համար, չէին կարող եւ չպիտի փրկէին հայութիւնը ռուսացման այլանդակութիւնից, չպիտի զերծ պահէին ժողովրդական հոգին ներքինացման վտանգից, եթէ դարավերջին յեղափոխութեան ազատարար շունչն ինքնագործունէութեան ու ըմբոստացման զգացում չպատուաստէր այդ նոյն ժողովրդին։

Չափելով ու կշռելով հայ բուրժուազիայի բարեգործութիւնը՝ մենք չենք վարանում ասելու, որ այս տեսակէտից էլ նա խորթացած էր հայ հաւաքականութիւնից։ Իսկապէս նա ազգի «կատաղի թշնամին» էր։ Ոչինչ չէր մատակարարում հայութեան, այլ ստիպում էր մեր ժողովրդական խաւերին պատասխանատու լինել իր արարքների համար։ Այդ հանգամանքը սուր արտայայտութիւն էր գտնում մանաւանդ այն պահուն, երբ հայ բուրժուազիան իջնում էր հասարակական գործի ասպարէզ։

Անձուկ էր հայ բուրժուազիայի եւ յետագայում նրան կցան եղած մտաւորականութեան հասարակական վազքի տարածութիւնը   հոգաբարձութիւն հայ դպրոցում, երէցփոխութիւն եկեղեցում եւ իրաւասութիւն քաղաքային խորհրդարաններում։ Առաջին երկու ասպարէզներն ազգային գործչի հռչակ նուաճելու դիւրութիւններն էին ընձեռում։ Երրորդը միջոց էր պաշտպանելու տուրքի ենթակայ սեփականութիւնը, որ ինքնին ունէր գերագոյն շահագրգռութիւն։

Ազգային հասարակական գործի ասպարէզում հայ բուրժուազիան մի քմահաճ խաւ էր։ Նա չէր շահագրգռւած այն հաստատութիւններով, որոնց համար հոգաբարձութեան էր կոչւած։ Նրա զաւակներն ազգային դպրոց չէին յաճախում, որովհետեւ այդ կրթարանը չքաւորութեան ապաստարանն էր եւ հաղորդում էր գիտելիքներ, որոնք առնչութիւն ունենալով ազգային իրականութեան հետ՝ չէին կարող նպաստել, որ ունեւորի զաւակը տեղ ու դիրք գրաւէր համապետական մակարդակով։ Բուրժուազիան իր զաւակներին ուղղում էր պետական դպրոցները, իսկ չքաւորներին բաժին մնացած ազգային դպրոցներում հանդէս գալիս իբրեւ բարերար։ Բնական էր, որ բարերարը քմահաճ լինէր։ Ո՞վ կարող էր նրան հարկադրել անելու մի բան, որ նրա ցանկութիւնից չէր բղխում։ Ոչ ոք։

Մի շրջան կար, որ բուրժուազիան՝ առանձնացրած պահելով իր զաւակների կրթութեան գործը՝ այնուամենայնիւ աւելի վառ շահագրգռութիւն էր տածում դէպի ազգային հաստատութիւնները եկեղեցին, դպրոցը եւ լուսաւորական ընկերութիւնները։ Դա 80-ական եւ 90-ական թուականներն էին։ Այս շրջանում հայ բուրժուազիան դեռ խոշոր նիւթական փարթամութեան չէր հասել եւ նրա հաշիւների մէջ պակաս շահագրգռութիւն չէր ներկայացնում ազգային դրամների գործադրումն ու շահեցումը։ Ձեռնամուխ լինելով գրելու Բագուի Հայոց Մարդասիրական Ընկերութեան 50-ամեայ պատմութիւնը եւ ծանօթանալով Ընկերութեան Խորհրդի արձանագրութիւնների հետ՝ մենք իրազեկ դարձանք մի խիստ հետաքրքրական երեւոյթի։ Մարդասիրականը 90-ական թուականներին ունէր մի 100 հազարի գումար։ Այդ գումարի շնորհիւ նրա գանձարկղը կատարեալ ուխտատեղի էր Բագուի բուրժուազիայի համար։ Բոլորն էլ մուրհակով փող էին խնդրում կամ հետաքրքրւում, թէ ով է ստացել եւ ում մերժւել։ Բագուի առեւտրա-արդիւնաբերական կեանքում չկայ մի խոշոր անուն, որ յիշածս շրջանում բաղխած չլինի Մարդասիրականի գանձարկղի դուռը։ Բայց անցնում է մի տասնամեակ եւս։ Խոշորանում է Մարդասիրականի գումարը։ Խոշորանում են եւ բագուցի հայ բուրժուաների կարողութիւնները։ Եւ քակտւում է այն սերտ կապը, որ գոյութիւն ունէր նրանց մէջ։ Հայ բուրժուազիան այլեւս աչք չունի տնկած Մարդասիրականի գումարներին։ Վերջինս է, որ դիմում է սրան ու նրան եւ խնդրում ապահով շահեցման ենթարկելու իր դրամագլուխը։ Հէնց որ խախտւում է դրամական ներդաշնակութիւնը՝ բուրժուազիան դադարեցնում է նաեւ իր հետաքրքրութիւնը դէպի Մարդասիրականի գործերն առհասարակ։ Այդ հաստատութիւնը պահ մի տեղ է գրաւում նրա յիշողութեան մէջ Ջրօրհնէքին ու Զատկին, աւանդական նուէրների ու առատաձեռնութեան օրերին, երբ ողորմութեան համար բացւում էր եւ նրա քսակը։ Բուրժուազիայի հրաժարումը Մարդասիրականից այն հետեւանքը ունեցաւ, որ վերջինիս ղեկավարութիւնն անցաւ մտաւորական դասին։

Մարդասիրականի օրինակն եզակի չէր։ Փարթամացման հետ համընթաց հայ բուրժուազիան մերժեց իր անմիջական մասնակցութիւնը բոլոր ազգային հաստատութիւններին, հեռուից հեռու մի թեթեւ հետաքրքրութիւն պահպանելով դէպի նորանց գոյութիւնը, որ աւելի արտայայտւում էր իբրեւ դժգոհութեան քրթմնջիւն, քան թէ ուրախ զոհաբերութիւն։ Եւ այսպիսով բուրժուազիայի պարապ թողած տեղը բռնեց հայ մտաւորականութիւնն իր տարբեր հոսանքներով։ Ազգային բոլոր հաստատութիւնների շուրջն էլ այդ մտաւորականութիւնը յարուցանում էր պայքար ու աղմուկ։ Լինէր կաթողիկոսական թէ հոգաբարձական ընտրութիւն. լինէր բարեգործական ընկերութեան թէ հրատարակչականի վարչութեան փոփոխութեան խնդիր՝ մեր մտաւորականութիւնը մղում էր կուսակցական պայքար տեղերի համար, որպէսզի յաղթութեան պարագային՝ հէնց գործի կանգնելու վայրկեանից՝ մաշէ բուրժուազիայի սանդուխքները եւ նրա բարեհաճ ուշադրութիւնը հրաւիրէ դէպի նոր վարիչների ջանքերը։ Բնական էր որ նման պայմաններում հայ բուրժուազիայից նրանք, որոնք աւելի սէր ունէին դէպի ազգային գործերը, փքանային եւ այն կարծիքը կազմէին, թէ իրանք են հիմն ու թիկունքը հայկական հաստատութիւնների։ Եւ բնական էր նոյնպէս, որ այդ հաստատութիւնների անունից մուրացկանութիւն անող հայ մտաւորականութիւնը լինէր երկչոտ սրտով եւ սահմանափակ իր հասկացողութիւններով։

Անգոյն չէր հայ բուրժուազիան նիւթական բարիքներ ժողովելու գործում։ Բայց նա չափազանց անգոյն եղաւ ազգային հասարակական գործերի մէջ։ Բացատրութիւնը պիտի որոնել այն քաղաքական այլանդակ պայմաններում, որի մէջ ընթանում էր հայկական հաւաքականութեան կեանքը։ «Զինաբաղխութեան ասպարէզ» չկար, ինչպէս սիրում էր արտայայտւել Ստ. Նազարեանը։

Իսկ ի՞նչ հասարակական առաքինութիւններ դրսեւորեց հայ բուրժուազիան ոչ-ազգային գործերի ասպարէզում, առաւելապէս քաղաքային խորհրդարաններում, որոնց կազմը շնորհիւ ընտրական նեղ օրէնքի կարող էր բացառապէս բաղկանալ ունեւորներից կամ նրանց գործակալներից։

Արդարութիւնը պահանջում է խոստովանել, որ հայ բուրժուազիան մեծագոյն եղաւ այս ասպարէզում։ Այսրկովկասի համարեա բոլոր քաղաքներն իրանց բարեզարդութեամբ պարտական են այդ բուրժուազիայի շինարարական բարեմասնութեան։ Մի բան միայն չկարողացաւ արմատախիլ անել նա եւ նոյնիսկ զարգացաւ նրա շնորհիւ։ Դա ազգային ներհակութիւնների հրդեհն էր, որ բոցավառւեց Այսրկովկասում եւ ճարակման նիւթ ստացաւ գլխաւորապէս հայ բուրժուազիայից։

Ռուսական քաղաքային օրէնքն ընտրական եւ միւս իրաւունքները վերապահում էր տնատէրերին, որոնք Այսրկովկասում ըստ մեծի մասին հայեր էին։ Քանի քաղաքային գործերը չէին շահագրգռում վրացիներին ու թուրքերին, որովհետեւ վերջիններս սեփականութեան տեսակէտից աւելի կապւած էին գիւղի հետ, ապա եւ առանձին մրցումն չէր նկատւում ազգերի մէջ։ Բայց տնտեսական կեանքի զարգացման շնորհիւ քաղաքը սկսեց թելադրող դեր խաղալ երկրի մէջ եւ դէպի իրան քաշել գիւղական բնակչութեան աւելցուկը։ Վրացիներն ու թուրքերը նոյնպէս շօշափելի թւեր տւին քաղաքին, թւեր, որոնք սեփականութեան տեսակէտից ստորարժէք էին հայկականից։ Սեփականութիւնը եւ նրա հետ կապւած իրաւունքը հնարաւորութիւն չէր տալիս մեր հարեւաններին զգալի դեր խաղալու քաղաքների գործերում։ Արթնացած գիտակցութիւնը չէր հաշտւում նման վիճակի հետ։ Օրէնքի թերութիւնների դէմ պայքարելու եւ նրա կատարելագործումը պահանջելու փոխարէն՝ այդ գիտակցութիւնը խնդրի ծանրութիւնը փոխադրում էր ազգային հողի վրայ ու հայկական տարրի անբարեացակամութեամբ բացատրում իր իրաւազրկութիւնը։

Հայ-վրացական յարաբերութիւններն առանձնապէս անհաճելի բնոյթ են ստացել Թիֆլիս քաղաքի ինքնավարութեան շնորհիւ։ Հայ իրաւասուների թիւը գերակշիռ է եղել։ Եւ այդ հանգամանքը տրամադրել է վրաց ազգայնականներին ատելութեան որոմն ցանել իրանց ժողովրդի մէջ այն իմաստով, թէ եկւոր հայերը տիրացել են վրաց մայրաքաղաքին եւ ետին անկիւնն հրել բնիկներին։ Թիֆլիսի քաղաքային ընտրութիւնները տարբեր շրջաններում հետեւեալ արդիւնքն են տւել։

 

Հայ իրաւասու

Վրացի իրաւասու

Միւս ազգերի

Ընդամենը

1875-1878 եռամեակին

53

14

5

72

1883-1886 եռամեակին

58

7

7

72

1887-1890 եռամեակին

54

7

11

72

1891-1894 եռամեակին

38

21

13

72

1893-1897 եռամեակին

55

6

11

 

1897-1901 եռամեակին

53

3

21

 

1902

53

13

13

 

 

Քաղաքային ընտրութիւնների խնդիրը մինչեւ 900-ական թուականներն առանձին կիրք չի յարուցանում երկու ազգի ընտրողների մէջ։ Դարավերջին վրացական անտարբերութիւնը տեղի է տալիս սուր շահագրգռութեան։ Եւ արդիւնքն այն է լինում, որ 1891 թ. նրանք անց են կացնում 21 իրաւասու, խիստ յարձակումներ գործելով քաղաքի վարիչների դէմ։ 1892 թ. նոր օրէնքով փոփոխութեան է ենթարկւում քաղաքային կանոնադրութիւնը։ Թիֆլիս քաղաքի ընտրողների թիւը այդ տարին հաւասար էր 2412, որից հայ 1285 կամ 53%, ռուս 506 (21%), վրացի 381 (16%), գերմանացի 106 (4%), թուրք 56 (2%), լեհացի 45 (2%), հրէայ 10 (0, 4%), իտալացի 2, ֆրանսիացի 1, հաստատութիւններ 20։ Պահանջւում էր ընտրել 80 իրաւասու։ Առաջին քուէարկութիւնը հայերին տուաւ 55 իրաւասու։ Վրացական ազգայնամոլութիւնը սաստկացրեց իր արշաւանքը հայերի դէմ։ Իր հերթին հայկական ունեւոր խաւը, որը միայն օժտուած էր ընտրական իրաւունքով, 1897 թ. նոր ընտրութիւններին փուլ չեկաւ վրացական սպառնալիքների շեփորից, այլ ընդհակառակն առաջին քուէարկութեան ընթացքում անցկացրեց 53 հայ եւ միայն 8 վրացի իրաւասու։ Վրացիներից 7-ը հրաժարւեցին։ Խռովկանութիւնը հասաւ գագաթնակէտին։

Թուական տուեալները 1900 թւի համար մատնանշում են Այսրկովկասի քաղաքների քաղաքագլուխների եւ իրաւասուների հետեւեալ ազգային կազմ։

 

 

ԻՐԱՒԱՍՈՒՆԵՐԻՑ

 

 

Հայ

Վրացի

Ռուս եւ այլազգի

Թուրք

Թիֆլիսում՝ քաղաքագլուխը՝

հայ

58

2

20

Բագւում՝ քաղաքագլուխը

ռուս

21

10

27

Երեւանում՝ քաղաքագլուխը

հայ

44

3

4

Գանձակում՝ քաղաքագլուխը

ռուս

27

27

Ալէքսանդրոպոլում՝ քաղաքագլուխը

հայ

31

3

2

Բաթումում՝ քաղաքագլուխը

վրացի

6

17

18

Գօրիում՝ քաղաքագլուխը

հայ

10

3

2

Ախլացխայում՝ քաղաքագլուխը

հայ

14

1

Սղնախում՝ քաղաքագլուխը

հայ

13

1

1

     

Այս տուեալները դեռ յօգուտ միւս ազգերի են խօսում, որովհետեւ դարավերջին նրանք դժգոհներից էին եւ հայ ընտրողներն այսպէս թէ այնպէս հաշւի էին առնում նրանց բողոքները։ Կարելի է անվերապահօրէն ասել՝ թէ ընտրական օրէնքով Այսրկովկասի քաղաքների ճակատագիրը յանձնւած էր հայ բուրժուազիային եւ այստեղ էր, որ նա հայութեան հանրութեան հանդէպ ոտքի էր հանում վրացիներին ու թուրքերին։

Քաղաքային ինքնավարութիւնների շուրջը մղւած պայքարը 90-ական թուականներին եւ 900-ական թուականների սկզբին ունէր կուլտուրական նպատակայարմարութեան բնոյթ։ Որեւէ ազգի անուն չէր յիշւում այդ պայքարի մէջ, այլ խօսք էր բացւում արժանաւորագոյնների մասին։ Բայց 900-ական թուականները նոր շեշտ մտցրին խնդրի մէջ։ Ռուս կառավարութեան յարուցած հալածանքը հայ տարրի դէմ ընդհանրապէս գայթակղեցրեց թուլամիտներին վրացիներից ու թուրքերից։ Վերջիներս սկսեցին ձայնակցել ռուսական խածնողներին (բանաստեղծ Վ. Վիլիչկօ) ու պայքարի ընդհանուր ճակատ բանալ հայերի դէմ։ Հայութեան դէմ ճակատ բացած վրացիներից յայտնի են Ն. Նիկոլաձէ, Իլ. Ճավճավաձէ եւ Ակակի Ծերեթելի, երեքն էլ խոշոր մեծութիւններ վրաց գործիչների շարքում։ Թուրքերից Վելիչկօյին ձայնակցում էր Ահմեդ-բէկ Աղայեվ, մի գործիչ, որ միայն իմացել է թունաւորել հայ-թուրքական յարաբերութիւնները։ Նման պայքարի հանդէպ բնական էր, որ հայերը դիմէին ինքնապաշտպանութեան եւ կռւի մէջ յաճախ մեղանչէին արդարամտութեան դէմ։

Քանի քաղաքային գործերի շուրջը մղւած պայքարը տարւում էր կուլտուրական նպատակայարմարութեան մակարդակի վրայ, ապա այստեղ չէին հարցնում, թէ ով է քննադատողը եւ ով խորհուրդներ առաջարկողը։ Մի Նիկոլաձէ, օրինակ, այս շրջանում կարող էր ընդդիմադիրների պարագլուխ համարւել եւ իր հետ տանել հայերից նրանց, որոնք ռամկավարութեան սկզբունքներն էին դաւանում («Մշակ»)։ Եւ ի՞նչ էր Ն. Նիկոլաձէի պահանջը Թիֆլիսի քաղաքային գործերի նկատմամբ։ Աշխատանքի կոչել գիտցողներին, չտարւել ազգային խտրականութեան զգացումով, սանձ դնել խոշոր տնատէրերի ձգտումներին, չբաժանել ընտրողներին բնիկների ու եկւորների պահանջներ, որոնց դէմ առարկել կարող էին կուրացած քսակատէրերը միայն։ Բայց կամաց-կամաց Նիկոլաձէն արշաւի հանեց իր ազգայնական կրքի նժոյգը։ Քաղաքական հալածանքի շիկացած մթնոլորտում նա պահանջեց հայերից, որ վերջիններս քաղաքային իրաւասուների թիւը ստորաբաժանեն ըստ բնակչութեան թւի, այսինքն համաձայնւեն առերես պահպանել վատ ընտրական օրէնքը, բայց ընտրութիւնները կատարեն ազգային բաժանումներով։

Թիֆլիսը, գրում էր Նիկոլաձէն 1897 թ., ունեցել է 1886 թ. մարդահամարով 78445 բնակիչ, որից հայ 37442 (47%), վրացի 21576 (28%), ռուս, լեհ, գերմանացի 16564 (21%), հրէայ 1584 (2%), թուրք 1287 (1%)։ Եթէ քաղաքային իրաւասուները ընտրւեն ըստ տարբեր ազգերի բնակչութեան թւի, ապա հայերը կունենան 36 ներկայացուցիչ, վրացիները 21, ռուսներն եւ այլն 16, հրէաները 1, թուրքերը Այս թւերի դիմաց հայերն այժմ (1897 թ. ) ունին 56 իրաւասու [7] ։ Եւ Նիկոլաձէն առաջարկում էր հայերին ինքնասահմանափակման դիմել, կիսել իրանց իրաւունքը միւսների հետ, որպէսզի վերջ տրւի «ցեղային վէճերին»։ Վրաց մարքսիստների առարկութեանը, թէ դա միամիտ պահանջ է դասակարգային հասարակութեան մէջ, որ հայ ժողովրդական խաւերը չեն կարող պատասխանատու լինել բուրժուազիայի համար եւ բուրժուազիան էլ իր հերթին չի կարող ինքնաբերաբար զիջել իր տեղն ու իրաւունքը՝ Նիկոլաձէն պատասխանում էր, որ քաղաքային գործերի մէջ դեր էր խաղում ազգային պայքարը եւ հայերի յամառութիւնը կարելի է կոտրել նոյնպէս ազգային ճակատով։ Ով կարող է առարկել այն առաքինութեան դէմ, եթէ իրաւատէրն ականջ կախէ իդէալիստական զոհաբերութեան զգացումներին եւ իրաւազուրկին մասնակից անէ իրան շնորհած բարիքներին, բայց իրօք միայն միամիտները կարող են նման պահանջով բաղխել իրաւատիրոջ դուռը, նրան հրաժարական հրամցնել եւ անյաջողութեան դէպքում պատասխանատւութեան կանչել նրա անմեղ մերձաւորներին ու արիւնակիցներին։ Ն. Նիկոլաձէի նման պահանջներն ու գործելակերպն այն հետեւանքն էր տալիս, որ 1897 թ. Թիֆլիսի քաղաքային ընտրութիւններին պարտութիւն է կրում Վելիչկօ-Ճամճավաձէի դաշնակցութիւնը, ըստ որում հայերից անցնում են 59 իրաւասու, ռուսներից եւ այլն 20, վրացիներից միայն Միջցեղային անախորժութիւնները լեռնանում են եւ ընդունում սուր կերպարանք։ Քաղաքային գործերի շուրջը ստեղծւում է ոչ միայն հայ-վրացական, այլ եւ բնիկ Թիֆլիսեցի ու գաւառներից վերաբնակւած հայերի մրցման խնդիր։ Հայ չափաւոր պահպանողական հոսանքը (Գէորգ Եւանգուլեան, Աբգար Յովհաննիսեան, իշխ. Կոստ. Բեհբուտեան) ջանում է նիրհից հանել մոքալաքներին եւ նրանց ձեռքն ամփոփել քաղաքային ու միւս հասարակական գործերը։ Թիֆլիսում ետին ժամանակներում վերաբնակւած հայերը՝ լինելով ըստ մեծի մասին ազատ պարապմունքների տէր՝ հարկ էին մատուցանում ռամկավարութեան։ Այս հանգամանքն էր, որ անհաճոյ էր չափաւոր պահպանողականներին։ Եւ նրանց աչքում Նիկոլաձէի չափ մերժելի էր մի Ղարաբաղցի գրականագէտ կամ բժիշկ։

Հայ պահպանողականների ջանքերն ազգային սթափումն պատուաստել բուրժուազիային, օգտագործելով դրա համար քաղաքային եւ միւս հասարակական գործերը, որոնց ղեկավարութեան համար այդ դասակարգը կոչւած էր կամ իր իրաւունքով կամ նիւթական միջոցներով պարապ եւ ապարդիւն աշխատանք դուրս եկաւ։ Այդ գործելակերպը մի հետեւանք տուաւ, որ հայութիւնը՝ շնորհիւ կառավարական հալածանքների եւ հարեւանների դժգոհութեան՝ մատնւեց հասարակական մեկուսացման։ Ոչ ոք չկար Այսրկովկասում, ոչ մի հասարակական խաւ, որ բողոքէր հայերի գլխին տեղացող հարուածների դէմ։ Եւ միայն այն օրը հայութիւնը զգաց իրան պաշտպանւած բռնաւորների խելագար հալածանքներից, երբ համառուսական բանւոր դասակարգը յեղափոխական ջրապտոյտ բարձրացրեց Ռուսաստանում։

Այո, հայ բուրժուազիայի կամ նրա հետ ընթացող մտաւորականութեան հասարակական եռանդը մեկուսացման մէջ դրաւ ազգը։ Վրացական եւ թուրքական ճարճատւող աւատականութեան մնացորդներն իրանց գաղափարախօսներով պաշարման մէջ դրին հայերին առհասարակ։ Դասակարգային ներհակութիւններն ընդունեցին ազգային պայքարի բնոյթ եւ թունաւորեցին Այսրկովկասի ժողովուրդների կեանքը։ Հայութիւնն ամենից շատ կորցրեց այս պայքարում։ Յիշենք միայն 1905-1906 թ. թ. թուրք-հայկական ընդհարումները, որոնք ուռճացան միջցեղային անհամաձայնութիւնների հողի վրայ։ Այժմ մի հարց. մօտեցաւ հայ բուրժուազիան իր գիտակցւած թէ անգիտակցւած արարքների շնորհիւ տառապող ժողովրդական մասսաներին, ազգային գոյն տուա՞ւ իր հասարակական դէմքին, առնականո՞ւթիւն իր խոհերին եւ զոհաբերելու վճռականութիւն իր կամքին։ Եւ ոչ մինը։ Նա հողմ բարձրացրեց, իսկ ինքն իջաւ ապահով խորքերը։ Եթէ վտանգւեց նրա ֆիզիքականն Այսրկովկասում՝ չուեց Ռուսաստան եւ արտասահման։ Անարգեցին նրա լեզուն ու կրօնը, նա առաջինն եղաւ, որ հրաժարւեց ազգային հոգեւոր գանձերից։ Հրաժարւեց ինքը, հրաժարեցրեց իր շառաւիղներին, ազգային տեսակէտից ներքինացաւ եւ սկսեց պարծենալ նրանով, որ ինքը նիստ ու կացով, լեզուով ու ճաշակով չի զանազանւում ռուսից։ Հայ բուրժուազիան կառչած մնաց հին դաւանանքին ուր հաց՝ անդ կաց։ Նա բռնեց կատարեալ ապազգայնացման ուղին, կտակելով մեր ժողովրդին իր կողերով պատասխանել նրա հասարակական բորոտութեան համար։ Հայութեան անառակ որդին էր նա, միշտ յելուզակ ու փերեզակ, միշտ գիշատիչ եւ ուրացող, բայց երբէք ասպետ, երբէք անձնուրաց, երբէք բարձր առաքինութիւնների տէր, որոնցով միայն մարդկային հասարակութիւնը տարբերւում է գայլերի վոհմակից եւ իրան առաջադրում հասարակական բարձր նպատակներ։

Հայ բուրժուազիայի համար մեր հասարակական զարգացման պատմութիւն գրողը շնորհակալութեան խօսք չունի։ Եւ նրան աւելի քան մօտ եղող հասարակական գործիչն արդէն որակել է արժանաւոր կոչումով «հայ ազգի կատաղի թշնամին»… Մենք նոր բան չունինք աւելացնելու այս որակման։



[1] «Մշակ», 1876, N37 «Մենք էլ հրէաներ ենք»։

[2] «Արձագանք», 1885, N9 «Վնասակար ազդեցութիւն»։

[3] «Արձագանք», 1887, NN39 եւ 40, Աբգար Յովհաննիսեան՝ «Հայ ազգի կատաղի թշնամին»։

[4] «Մշակ» 1890, N64 «Վաճառականութիւնը մեր մէջ»։

[5] «Արձագանք», 1882, N17, «Բարեգործութիւնը հայոց մէջ»։

[6] Ա. Արասխանեանը «Հորիզոնի» (1911, N32) մէջ տպագրած ունի մի նամակ խմբագրութեան, որով տալիս է 6 տարւայ եւ 9 ամիսների ընթացքում (1894-1900) եղած հայկական կտակների եւ միանուագ հրապարակական նուէրների գումարը։ Նրա հաշւով այդ աղբիւրներից հասարակական հաստատութիւնները ստացել են 4800000 րուբլի։ Այդ գումարի գործադրման միայն մէկ տասներորդն է ընկնում գաւառների վրայ։ Մնացած խոշորագոյն մասը յատկացրւած է կենտրոններին (Թիֆլիս, Բագու)։ Արասխանեանը խորին ցաւ է յայտնում այդ երեւոյթի առիթով, գաւառն անգիտացւում է. այն ինչ հայութեան ողնաշար կազմող գիւղացիութիւնն այնտեղ է ապրում կարիքի մէջ խեղդւած։

Աւելացնենք այստեղ, որ «Մուրճի» մէջ յիշատակւած գումարները եւ Արասխանեանի նամակի համագումար թիւն իրար չեն բռնում։

[7] Н. Николадзе, “Армяно-грузинскія отношенія въ 1893-1898 г. г., Тифлисъ, 1920.