ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Հայոց դպրոցների գոյութեան իրաւունքը կառավարական շրջանների մտահոգութիւնների առարկայ դարձաւ 80-ական թուականների սկիզբից։ 1874 թ. յուլիսի 19-ի կանոններով պետական ուսումնարանական պաշտօնէութեան (ժողովրդական դպրոցների տեսուչներին) իրաւունք էր վերապահւում հսկելու, որ բոլոր հայ ընդհանուր կրթական տարրական դպրոցներում աւանդւի ռուսաց լեզուն, իսկ այն դպրոցներում, ուր աւանդւում են ընդհանուր պատմութիւն եւ աշխարհագրութիւն՝ աւանդւին նաեւ ռուսաց պատմութիւն եւ աշխարհագրութիւն՝ ռուսերէն լեզւով եւ որ ուսուցանողները լինեն ռուսահպատակներ եւ օժտւած պարտ ու պատշաճ բարոյականով։ Զուտ հոգեւոր դպրոցներն ազատ էին տեսուչների հսկողութիւնից։ Նրանց յատուկ կանոնադրութիւնները պիտի ներկայացնւէին բարձրագոյն կառավարութեան հաստատութեան։

1874 թ. կանոններն այնուհետեւ դարձան նորանոր բացատրութիւնների առարկայ։ Նախ հայ հոգեւոր վարչութիւնն երբէք ընդհանուր լեզու չգտաւ կառավարութեան հետ այն մասին, թէ ինչ տիպի, ծրագրի եւ կանոնների կրթարաններ են «հոգեւոր» կոչւած դպրոցները։ Գէորգեան Ճեմարանն ունեցաւ կանոնադրութեան ժամանակաւոր նախագիծ (հաստատւած 1 հոկտ. 1874 թ. ), իսկ թեմական դպրոցները, բացի Նախիջեւանի դպրոցից, այդ էլ չունեցան։ Հայ հոգեւորականութիւնն՝ ունկնդրելով ժողովրդական պահանջներին՝ ձգտեց հոգեւոր դպրոցներին աշխարհիկ բովանդակութիւն տալ՝ սեղմելով աստուածաբանական եւ դրա հակառակ ընդարձակելով ընդհանուր կրթական առարկները։ Կառավարութիւնն իր հերթին ձգտեց այդ դպրոցները պահել նեղ եկեղեցական խնդիրների մթնոլորտում, վանել նրանց միջից աշակերտութեան թիւը, պատճառաբանելով, որ քանակական փոքրութիւն է ներկայացնում հայ ժողովուրդը եւ նրան անհրաժեշտ են նոյնպէս քանակով նուազ հոգեւոր հովիւներ։ Այսպիսի իրար բացասող տեսակէտներ պաշտպանելով՝ բնական էր, որ հոգեւորականութիւնն ու կառավարութիւնը հաշտութեան եզրեր չգտնէին։ Հոգեւոր դպրոցների շուրջը ծագած հարցը՝ թէեւ երբէք չբարձւեց ասպարէզից, բայց քաղաքական ահաբեկումից դէնը չանցաւ։ Այդ դպրոցները չխափանւեցին կառավարութեան կողմից, այլ արժանացան ձանձրալի հսկողութեան։ Վերջ ի վերջոյ նրանց մէջ դժուարին պայմաններում սովորում էին 2000 հայ պատանիներ։ Այլ մեծութիւն եւ շահագրգռութիւն էին ներկայացնում ժողովրդական տարրական դպրոցները։ Եւ կառավարութեան բռունցքը նախ եւ առաջ փուլ եկաւ նրանց գլխին։ Խնդիրը ծագեց բացատրութիւններից եւ իրաւունքների լուսաբանումից ու յետոյ դարձաւ մի իրաւունքի հարց ռուսացման պահանջ իր դաժան կերպարանքով։

1876 թ. հրատարակւեց չորս տարւայ փորձի համար նոր դպրոցական կանոնադրութիւն։ Հայ հոգեւոր իշխանութիւնը դպրոցների նիւթականի եւ կառավարչութեան մասին այժմ հետեւեալն էր տնօրինում.

Ծխական դպրոցք բացեալ լինեն եւ պահպանեն ըստ կարգադրութեան Հոգեւոր Իշխանութեան՝ ա. չափաւոր թօշակօք աշակերտաց, բ. մասամբ եկեղեցական արդեանց. եւ գ. կամաւոր նուիրանօք բարեպաշտից։ Ժողովուրդք թաղին կամ գեղջն ուր բացեալ լինի դպրոցն ծխական՝ պարտին գրաւոր խոստմամբ յապահովի կացուցանել զգումարն դրամոցն որ պիտոյ իցէ ի բացումն եւ ի պահպանութիւն դպրոցին իւրանց։ Հոգեւոր իշխանութիւն տայ հրաման առնուլ զմասն ինչ յեկեղեցական արդեանց՝ սահմանելով զայն ըստ չափու բազմութեան ժողովրդեանն եւ արդեանց եկեղեցւոյն, եւ ժողովուրդն օրինաւոր խոստմամբ եւ գրով յանձն առնու լրացուցանել զգումարն որ պիտոյ իցէ ի պահպանութիւն Դպրոցին։ Ի հաւաքել եւ ի մատակարարել զդրամնս կարեւորս ընտրին ի ժողովրդենէն հոգաբարձուք երեք, որք եւ հաստատին ի Հոգեւոր Իշխանութէնէ եւ տան նմին զտարեկան հաշիւս մտից եւ ծախուց [1] ։

Համեմատելով նոր կանոնադրութեան այս յօդուածները 1868 թ. հրատարակած կանոնադրութեան համապատասխան յօդուածների հետ՝ տեսնում ենք, որ հոգաբարձուների համար չի ասւած, թէ նրանցից մէկը պիտի լինի հոգեւորական, իսկ երկուսն աշխարհական եւ աշխարհականների համար էլ իր հերթին չի ասւած, թէ երկուսից մէկը պիտի լինի եկեղեցու երէցփոխը։ Նշանակում է, որ աշխարհիկ ազդեցութիւնն աւելի էր թափանցել մեր դպրոցական գործի մէջ եւ հոգեւորականութիւնը՝ իրան վերապահելով վերին հսկողութիւնը՝ դպրոցական ամբողջ գործը յանձնում էր աշխարհականներին։ Ճիշտ է, կանոնադրութիւնը մատնանշում է, որ հոգաբարձուները՝ պիտի հոգան դպրոցների նիւթականը։ Սակայն հին ճշմարտութիւն է նոյնպէս, որ դրամ հոգողը նաեւ հաստատութեան տէրն է իրապէս։

Հայ ծխական դպրոցի հետզհետէ աշխարհականացումը չէր կարող վրիպել կառավարական գործակալների աչքից։ Ի՞նչ է կատարւում այդ դպրոցում՝ սա էր, որ հանգստութիւն չէր պարգեւում նրանց։ Եւ ահա առաջ է մղւում 1874 թ. յուլիսի 19-ի կանոնների պարզաբանութեան խնդիրը։ Քութայիս քաղաքում ծխական դպրոցի վարիչը համաձայն չի գտնւել ժողովրդական դպրոցների տեսչի հետ, երբ վերջինս այցելութեան է եկել հայոց ուսումնարանը։ Դէպքի մասին Կովկասի Փոխարքայութիւնը հաղորդում է Ներքին Գործոց Նախարարին եւ բացատրութիւններ խնդրում, թէ իրաւո՞ւնք ունի հայոց հոգեւորականութիւնը բանալ բացի ծխական դպրոցներից նաեւ հանրակրթական ուսումնարանական հաստատութիւններ աւելի ընդարձակ դասընթացքով եւ պարտաւոր է այդ հոգեւորականութիւնը հաղորդել տեղական տեսուչներին նոր բացւող դպրոցների եւ նշանակւող վերակացուների մասին։

Նախարարը բացատրում է. Պատրիարք-կաթողիկոսը՝ առանց թոյլտւութիւն հարցնելու Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուից՝ իրաւունք ունի բանալ ընդարձակ եւ լիակատար դասընթացքով դպրոցական հաստատութիւններ այն պայմանով, որ ռուսաց լեզուի, պատմութեան եւ Ռուսաստանի աշխարհագրութեան դասաւանդումը նրանց մէջ ենթակայ լինի ժողովրդական դպրոցների տեսուչների հսկողութեան։ Հայոց հոգեւորականութիւնը պարտաւոր է նոր բացւող դպրոցների եւ նշանակւող ուսուցանողների մասին հաղորդել ուսումնարանական վարչութեան։ Կասկածից վեր է, որ ժողովրդական դպրոցների վերատեսուչներն ու տեսուչները իրաւունք ունին այցելել հայոց դպրոցները եւ հսկողութիւն ունենալ դասաւանդւող պարտադիր առարկների վրայ։ Քութայիսի դէպքը պիտի վերագրել նրան, որ հայոց ուսումնարանի վարիչը դեռ չի կարողացել իւրացնել օրէնքի ոգին [2] ։

Որտեղի՞ց այսքան թոյլատու ոգի եւ մեղմութիւն։ Խնդիրը պարզւում է, երբ յիշում ենք, որ Ներքին Գործոց Նախարարը իր պարզաբանութիւնը դրել է 1876 թ. ապրիլի 29-ին։ Այդ ժամանակ Արեւելեան խնդիրը նորից սպառնացող կերպարանք էր ընդունել եւ տեղն ու ժամանակը չէր վիրաւորել ու գրգռել հայերին։ Աւարտւեց ռուս-թիւրքական պատերազմը։ Վերջացաւ հայութեան վրայ դրւած պարտականութիւնը, պարզւեցին նաեւ հայերի ձգտումներն ու քաղաքական ակնկալութիւնները եւ բռնապետական Ռուսաստանի լեզուն փոխւեց ըստ աւուր պատշաճի։ Հայոց դպրոցների խնդիրը նորից հրապարակ հանւեց 1883 թ. եւ այն կապւեց նոր կաթողիկոսի ընտրութիւնների հետ։ 1883 թ. մարտի 13-ին Ներքին Գործոց Նախարարի նախագահութեամբ տեղի ունեցած խորհրդակցութեան մէջ Կովկասի Կառավարչապետ իշխան Դոնդուկով-Կորսակով հրաւիրեց բարձր իշխանութեան ուշադրութիւնն այն «անբնական վիճակի» վրայ, որի մէջ գտնւում են հայոց դպրոցներն իր կառավարչութեանը յանձնւած երկրում։ Նրա ասելով այդ դպրոցներում «բացակայում էր որեւէ իրական հսկողութիւն ուսումնարանական վարչութեան կողմից, նրանք փաստապէս գտնւում էին կաթողիկոսի եւ նրան ենթակայ թեմական կառավարիչների բացառական կառավարչութեան մէջ եւ յաճախ դառնում օտարերկրեայ հակակառավարական պրոպագանդի գործիք հայ երիտասարդութեան շարքերում» [3] ։ Դոնդուկով-Կորսակովն առաջարկում էր «անհրաժեշտ միջոցներ» ձեռք առնել «ապահովելու աճող սերունդին սպառնացող վտանգից»։ Այդ «անհրաժեշտ միջոցներն» անմիջապէս չծրագրւեցին։ Որոշում եղաւ Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուի միջոցով տեղեկութիւններ ժողովել հայոց դպրոցների մասին։

Ժողոված տեղեկութիւնները խթանեցին ամենից առաջ որոշել ստուգապէս, թէ ինչ պիտի հասկանալ «եկեղեցական ուսումնարաններ» անուան տակ, որպէսզի հայ հոգեւորականութիւնը նրանց շարքում չդասի ոչ հասարակական կամ մասնաւոր կրթարանները եւ ոչ տարրականի հետ համեմատած բարձր դասընթացք ունեցող ուսումնարանները։ Դրա հետ միասին որոշւեց այնպիսի կանոններ մշակել հայոց դպրոցների համար, որպէսզի ժողովրդական դպրոցների տեսուչներին հնարաւորութիւն տրւի ոչ միայն հսկել ռուսաց լեզուի, պատմութեան եւ Ռուսաստանի աշխարհագրութեան դասաւանդութեան վրայ, այլ եւ ունենալ իրական հսկողութիւն այն ամենի նկատմամբ, ինչ կատարւում է այդ դպրոցներում։ «Եկեղեցական ուսումնարանի» տիպի ճշտողը եւ դպրոցական կանոններ մշակողը Լուսաւորութեան Նախարար Դելեանովն էր։ Նրա ներկայացրած ծրագիրն առանձին խորհրդակցութեան նիւթ դարձաւ 1884 թ. յունւարի 27-ին։ Խորհրդակցողներն էին Դելեանովը, Ներքին Գոծոց Նախարար կոմս Դմ. Տոլստոյ եւ Կովկասի Կառավարչապետ իշխ. Ա. Դոնդուկով-Կորսակով։

Կառավարչապետ Դոնդուկով-Կորսակովը այն տեսակէտն էր պաշտպանում, որ թէեւ ցանկալի է հայոց դպրոցներն ենթարկել ուսումնարանական վարչութեան, բայց կարիք չկայ գրգռել հայ հոգեւորականութիւնը, «որի մեծամասնութիւնը, մանաւանդ ստորին դասը, մինչեւ այժմ առիթներ չի տւել կասկածելու որեւէ հակակառավարական ձգտումների մէջ։ Նրա կարծիքով առաջարկւած կառավարական հսկողութեան ուժեղացումն ուսուցիչների եւ վարժուհիների գործունէութեան, ինչպէս եւ դպրոցների ընդհանուր ուղղութեան վրայ, կվերացնէ գոյութիւն ունեցող այն անցանկալի երեւոյթները, որոնք ժամանակով կարող են անբարենպաստ անդրադառնալ իր կառավարչութեանը յանձնւած երկրում։ Այդ ուժեղացումը վերջ կտայ անբարեյոյս ուսուցիչների գործունէութեան, ուսուցիչների, որոնք հետապնդում են բացառապէս քաղաքական նպատակներ, գտնւելով շատ անգամ անմիջական յարաբերութիւնների մէջ եւ Պօլսի ագիտատորների հետ»։

Ն. Գ. Նախարարը յայտնեց, «որ ինքը չէր կարող ուշադրութիւն չդարձնել հայ հոգեւորականութեան կառավարչութեան ներքոյ գտնւող ուսումնարանների վրայ, որոնց դասընթացքը մի քանի դէպքում ոչ միայն գերազանցում է տարրական դպրոցների ուսման ծաւալը, այլ եւ շատ պարագաներում հաւասար է միջնակարգ դպրոցական հաստատութիւնների, պրոգիմնազիաների եւ նոյնիսկ գիմնազիաների դասընթացքին։ Եկեղեցական կամ եկեղեցական-ծխական սկզբնական դպրոցների գոյութիւնը բղխում է բնակչութեան կրօնական կարիքներից, անհրաժեշտութիւնից ծանօթացնելու երեխաներին մատաղ հասակից հաւատի դոգմատների հետ եւ այդ պատճառով նրանց հիմնարկումը պէտք է ընդունել օրինաւոր եւ օգտակար։ Բայց թոյլատրել որեւէ օտար դաւանանքի հոգեւորականութեան կառավարելու միջնակարգ ուսումնարանական հաստատութիւններ անկարելի է բնական ու ցանկալի երեւոյթ համարել։ Նման դպրոցներ գոյութիւն չունին ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներին կից։ Իբրեւ բացառութիւն՝ պատմական պատճառների շնորհիւ՝ թոյլատրւած է նման մի քանի դպրոցների գոյութիւն, որոնք պահպանւում են լիւտերական ու բողոքական եկեղեցու կողմից այն պայմանով, որ մանկավարժական մասում նրանք լիովին ենթարկւեն ուսումնարանական իշխանութեան։ Իբրեւ հետեւանք սրան՝ սկզբունքով ցանկալի չէ հայ եկեղեցու դպրոցական հաստատութիւնների խնդրում տալ այնպիսի իրաւունքներ, որոնցով չի օգտւում Ռուսաստանում նոյնիսկ տիրապետող ուղղափառ եկեղեցին. թոյլատրելի է միայն տարրական մի եւ երկդասեան դպրոցների գոյութիւնը բայց նկատի առնելով այն միանգամայն առանձին պայմանները, որոնց մէջ գտնում է Կովկասի Ուսումնարանական Շրջանը, կոմս Տոլստոյն այնուամենայնիւ հնարաւոր էր գտնում չփակել Կովկասում հոգեւորականութեան լիովին կամ մասնակի միջոցներով պահւող միջնակարգ կրթական հաստատութիւնները, եթէ միայն այդ դպրոցները հաւասարեցւին այն ուսումնարանական հաստատութիւններին, որ բացւում են մասնաւոր անձանց կողմից»։

Այսպիսով ռուսական բարձր իշխանութիւնը նախ քաղաքական անբարեյուսութեան մէջ կասկածեց հայ ուսուցանողներին, ապա թոյլատրելի համարեց միմիայն տարրական դպրոցների գոյութիւնը կրօնական դաստիարակութեան պատճառով եւ ի վերջոյ ցանկալի համարեց հոգեւորականութեան (իմա՛ աշխարհիկ հասարակութեան) ձեռքից խլել այն դպրոցները, որոնց նպատակն էր ընդհանուր, աւելի ընդարձակ ուսումն մատակարարել հայ պատանիներին։ Վերջին դէպքում նա բացասում էր այն, որ մի ուրիշ Ներքին Գործոց Նախարար, 1876 թ. ապրիլի 29-ի պարզաբանութեամբ, համարում էր հայ հոգեւորականութեան անկապտելի իրաւունքը։ Անթոյլատրելի համարելով ընդարձակ ուսման ծաւալ ունեցող եկեղեցական դպրոցների գոյութիւնը հայերի համար՝ կոմս Տոլստոյը չէր կարող աչքաթող անել եւ մի այլ հաստատութիւն, որը նրա կարծիքով հակաօրինական էր։ Դա թեմական տեսուչների գոյութիւնն էր, որ ստեղծւել էր Գէորգ IV կաթողիկոսի օրով, 1873 թ. ։ Շնորհիւ թեմական տեսուչների, որոնք առանց Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուի գիտութեան նշանակւում էին կաթողիկոսի կողմից «առանց չափազանցութեան կարելի է ասել, շարունակում է Տոլստոյը, որ կառավարական ուսումնարանական Շրջանի կողքին ստեղծւել է նոր, ուղիղ կազմակերպւած Հայ-Լուսաւորչական ուսումնարանական շրջան իր ինքնուրոյն կառավարչութեան մարմիններով, որոնց գործունէութիւնը, ինչպէս ապացուցւած է փորձով, միշտ էլ չի համաձայնւում կառավարութեան շահերին ու առաջադրութիւններին»։

Ի՞նչ արդիւնք կարող էր տալ մտասպան այս երրորդութեան խորհրդակցութիւնը։ Հարկաւ, մի որոշում, որ կաշկանդէր ու սպանէր ընդհանրապէս մի մանր հպատակ ազգի եւ մասնաւորապէս աշխարհիկ հասարակութեան ինքնագործունէութիւնը կրթական գործի ասպարէզում։ Այդպիսի որոշումն եղաւ 1884 թ. փետրուարի 16-ի կանոնները հայոց դպրոցների մասին։

Այդ կանոնների էութիւնը հետեւեալն էր. Հայ-Լուսաւորչական եկեղեցական ուսումնարաններ կոչւում են բոլոր հանրակրթական տարրական մի եւ երկդասեան ուսումնարանական հաստատութիւնները, որ գտնւում են այդ դաւանանքի եկեղեցիներին ու վանքերին կից եւ պահպանւում են կամ բացառապէս եկեղեցական եւ վանքական գումարներով կամ թէ ծխականների օժանդակութեամբ։ Եկեղեցական դպրոցները բացւում են հայ հոգեւորականութեան թոյլտւութեամբ, որը պարտաւոր է բոլոր բացւող դպրոցների, նրանց պահպանման համար անհրաժեշտ միջոցների, ինչպէս եւ ռուսաց լիզուի, պատմութեան եւ աշխարհագրութեան ծրագրի մասին հաղորդել Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին։ Հոգեւոր իշխանութիւնը նոյնպէս պարտւաոր է հաղորդել Հոգաբարձուին թէ դպրոցների փակման եւ թէ նշանակւող կամ հրաժարեցւող ուսուցիչների եւ վարժուհիների մասին, ինչպէս նաեւ վիճակագրական տուեալներ երկրի կրթական դրութեան մասին հաշւէտւութիւններ կազմելու համար։ Բոլոր եկեղեցական դպրոցներում պարտաւորեցուցիչ է ռուսաց լեզուի դասաւանդումը, իսկ այն դպրոցներում, ուր աւանդւում է ընդհանուր պատմութիւն եւ աշխարհագրութիւն պիտի դասաւանդւի Ռուսաստանի պատմութիւն եւ աշխարհագրութիւն ռուսերէն լեզուով։ Ռուսաց լեզուն դասաւանդւում է ուսումնարանական իշխանութեան հետ համաձայնութեան եկած ծաւալով։ Ռուսերէնի, պատմութեան եւ աշխարհագրութեան դասագրքեր ընտրւում են Լուսաւորութեան Նախարարութեան կամ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուի գործադրութեան համար հաւանածներից։ Ուսումնարանական իշխանութիւնը հսկում է բոլոր առարկաների դասաւանդութեան վրայ։ Բացառութիւն կազմում են կրօնի դասերը։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն, եթէ գտնում է որեւէ ուսուցիչ կամ վարժուհի անհամապատասխան իր կոչման, իրաւունք ունի պահանջել հոգեւոր իշխանութիւնից նրա հեռացումը պաշտօնից։ Պահանջի չկատարման դէպքում Հոգաբարձուն այդ մասին հաղորդում է Լուսաւորութեան Նախարարութեան, իսկ առանձին կարեւոր դէպքերում յայտնում է Կովկասի Կառավարչապետին, որն իր հայեցողութեամբ համապատասխան միջոցներ է ձեռք առնում եւ արած կարգադրութիւնների մասին հաղորդում է Լուսաւորութեան Նախարարին ի տեղեկութիւն։ Այն ծխական դպրոցները, որոնք իրանց դասընթացքով դուրս են գալիս տարրական դպրոցի սահմաններից եւ իրանց կազմով ունին երկու դասարանից կամ իրար յաջորդող բաժանմունքներից աւելի, ենթարկւում են Ուսումնարանական իշխանութեան հսկողութեան մասնաւոր կրթական հաստատութիւնների հիմունքով։ Թեմակալն ըստ կամեցողութեան կարող է ծխական դպրոցների հսկողութիւնը յանձնել թեմի ամենից բարեյոյս հոգեւոր պաշտօնեաներից մէկին։ Թեմական տեսչի նշանակման եւ հրաժարեցման մասին թեմակալն ամեն անգամ հաղորդում է Կովկասի Կառավարչապետին եւ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին։ Թեմական տեսուչներն ուսուցիչների հետ հաւասարապէս ենթարկւում են Կառավարչապետին եւ Հոգաբարձուին նրանց վերապահւած իրաւունքների սահմանում։ Այն դպրոցները, որոնք նպատակ ունին Հայ-Լուսաւորչական դաւանանքի պաշտօնեաներ պատրաստելու, այսինքն Էջմիածնի հոգեւոր Ճեմարանը եւ թեմական հոգեւոր Սեմինարիաները չեն ենթարկւում ուսումնարանական իշխանութեան հսկողութեան եւ առաջւայ պէս մնում են Ներքին Գործոց Նախարարութեան վարչութեան ներքոյ։

1884 թ. փետրւարի 16-ի կանոններից տեսնւում է, որ սեղմւում է հայ հոգեւորականութեան դպրոցաշինական իրաւունքը։ Նա միայն տարրական ծխական դպրոցներ բանալու իրաւունք ունի։ Դպրոցների նիւթականը նոյնպէս ենթարկւում է կաշկանդման։ Յիշւում են եկեղեցիների ու վանքերի գումարները, երկրորդական տեղ յատկացնելով ծխականների օժանդակութեան։ Աշակերտների վճարների մասին խօսք չկայ։ Ապա կրթական բոլոր առարկաների հսկողութիւնը, ուսումնարանական ծրագրի ու դասագրքերի հաւանութիւնը վերապահւում է պետական ուսումնարանական իշխանութեան։ Այդ իշխանութիւնն է, որ դարձեալ հսկում է ուսուցանողների եւ թեմական տեսուչների վարք ու բարքի եւ քաղաքական բարեյուսութեան վրայ։ Կանոնները ձգտում են կրօնական մտքի փարախ դարձնել հայ դպրոցը, հրել նրանից աշխարհիկ հասարակութիւնը եւ զատելով իրարից դպրոցն ու ժողովուրդը՝ գօսացնել առաջինը։ Եթէ հայ եկեղեցին իր հաստատութիւններով ժողովրդական չլինէր՝ գուցէ այդ կանոնները համապատասխանէին հոգեւորականութեան ներքին իշխանատենչութեան, բայց որովհետեւ բաժանւել ժողովրդից եւ նրա նիւթական աջակցութիւնից նշանակում էր նոյնպէս գօսացում այդ դասի համար, ապա վերջինս ընդդիմութիւն ցոյց տուաւ նոր կանոններին։

Էջմիածնի Սինօդն ոչ միայն չընդունեց գործադրելու 1884 թ. փետրւարի 16-ի կանոնները, այլ անգամ հրաժարւեց այն հրատարակութեան տալու։ Սինօդը պատճառաբանում էր, որ դպրոցական գործն ենթակայ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրաւասութեան։ Կաթողիկոսական գահը Գէորգ IV-ի մահուամբ թափուր էր։ Ուրեմն պէտք էր սպասել, որ այդ գահը նոր գահակալ ունենար եւ նա իր հեղինակաւոր վերաբերմունքը ցոյց տար յարուցւած խնդրին։ Այս իմաստով Սինօդը գրաւոր եւ յատուկ պատգամաւորով միջնորդութիւններ յարուցեց Պետերբուրգի իշխանութեան առաջ, սակայն ռուս կառավարութիւնը մնաց անդրդւելի եւ1885 թ. մարտին հրաման ելաւ փակելու դպրոցները։

Ի՞նչպէս էր պատճառաբանում կառավարութիւնն իր մտասպան որոշումը։ Մի ընդարձակ հաղորդագրութեան մէջ նա յայտնում էր. «Վերոյիշեալ կանոնները յայտարարած էին հրամանաւ Կառավարող Սենատի 6 ապրիլի նոյն 1884 թ. եւ Գլխաւոր կառավարիչը քաղաքային մասի Կովկասում հաղորդած է Էջմիածնայ հայ լուսաւորչական Սինօդին առաջարկելու դոցա թեմական առաջնորդներին ի գործադրութիւն եւ ի հրահանգ։ Բայց Սինօդը յայտնելով որ նա իրաւունք չունի ընդունել այդ օրէնքը ի գործադրութիւն, որովհետեւ Հայոց դպրոցների վերաբերմամբ որեւէ կարգադրութիւն անելու իրաւունքը պատկանում է միմիայն Կաթողիկոսին, եւ առաջի առնելով կաթողիկոսական գահի թափուր մնալը, միջնորդեց որ հրատարակւած կանոնների գործադրութիւնը մնայ մինչեւ հայ եկեղեցւոյ վեհապետի ընտրութիւնը։ Այս միջնորդութիւնը, չնայելով որ երկու անգամ կրկնւեցաւ, բոլորովին մերժւած էր, իբրեւ անհամապատասխան Տէրութեան սորա մասին ունեցած հիմնական օրինաց, սորա հետ Սինօդին բացատրւած էր՝ ա. որ 945 յօդ. մ. 1, հատ. XI Օր. Ժող. իսկական մտքով Էջմիածնայ պատրիարքական աթոռի դատարկութեան միջոցին Էջմիածնայ Սինօդի վճռին չեն կարող ենթարկւել միայն զուտ հոգեւոր գործերը. բ., որ 16 փետրւարի վերոյիշեալ կանոնների գործադրութեան մասին կարգադրութիւնը այդ տեսակ գործերին անկարելի է վերաբերել, որովհետեւ այդ կանոնները հրատարակւած են ըստ բացատրութեան Կառավարող Սենատի միայն եւ ի լրումն ուսումնարանների մասին Կովկասում ներգործող օրէնքի (8 կ. Բարձրագոյն հաստատւած 22 նոյեմբերի 1873 թ. Պետական Խորհրդի կարծիքի Կայսրութեան ուսումնարանների ընդհանուր կանոնադրութեանց գործադրութեան մասին Կովկասի ուսումնարաններում) եւ գ., որ իւրաքանչիւր օրէնք, Հիմն. Օրինաց 59 եւ 63 յօդւածների մտքով, նոր ըստ պատշաճաւոր յայտարարութիւնից յետոյ, սուրբ եւ անքակտելի պէտք է գործադրւի ամենքի եւ ամեն մէկի կողմից։

Սակայն սորանից յետոյ էլ Հայ-Լուսաւորչական Սինօդը իւրեան իրաւունք համարեց չկատարել Բարձրագոյն հրամանը եւ սորա տեղը յանձնեց Աստրախանի թեմակալի պաշտօնակատար Սուքիաս եպիսկոպոս Պարզեանցին, որ սա Ս. Պետերբուրգում անձամբ նորոգէ Սինօդի նախկին երկու միջնորդութիւնները 16 փետրւարի կանոնների գործադրութիւնը կանգնեցնելու մասին։ Յանուն Ներքին Գործոց Նախարարի տւած հաղորդագրութեան մէջ նորից ցոյց էր տւած Սինօդի անձեռնհասութիւնը դպրոցների գործերի մէջ եւ ի միջի այլոց յիշւած էր, որ Հայոց դպրոցներն անձամբ կառավարելու կաթողիկոսի իրաւունքը հիմնւած է Հայոց եկեղեցւոյ կանոնների վերայ, որ սրբագործւած է վերջին ժամանակներում եւ ռուսաց օրէնսդրութեամբ։ Եւ այս միջնորդութիւնը, ի հարկէ, տէրութիւնը անկատար թողեց մանաւանդ եւս, որ վերոգրեալ առիթները, սոցա ստուգելուց յետոյ, բոլորովին անհիմն գտնւեցան։ Այսպէս հանգուցեալ Գէորգ IV կաթողիկոսը 1873 թ. հրատարակած կոնդակի մէջ յիշում է որ Հայոց եկեղեցւոյ կանոններով եւ աւանդութեամբ թեմակալ առաջնորդները եւ սոցա յաջորդները պարտաւոր են հոգալ թեմական եւ ծխական ուսումնարանների բարեկարգութեան եւ յառաջադիմութեան մասին եւ հսկել նոցա վերայ, աւելացնելով որ այս առաջարկութիւնը դրւած է եւ Հայոց եկեղեցւոյ մասին հրատարակւած 1836 թ. կանոնադրութեան (Պոլոժենիէ) մէջ, այսինքն 66 յօդւածում (այժմ 975 յօդ. մ. 1 հատ. XI Օր. Ժող. Ինչ որ վերաբերում է մեր օրէնսդրութեանը, սորա մէջ որոշւած է, որ Կաթողիկոսի վերջնական վճռին առաջադրւում են միմիայն զուտ հոգեւոր գործերը, որոնք վերաբերում են հաւատոյ ուսմանը եւ աստուածապաշտութեան կատարմանը եւ այլն (յօդ. 929 նոյն հատորի եւ մասի)։ Իսկ Սինօդը վերահսկում է իւրեան ենթարկւող բոլոր վարչութեանց եւ պաշտօնական անձանց գործունէութեան վերայ (յօդ. 938) ի միջի այլոց, բնականապէս եւ եպիսկոպոսների վերայ։ Վերոյիշեալ 975 յօդ. ուսումնարանական գործերը ուղիղ վերաբերում է թեմակալ առաջնորդների գործունէութեան շրջանին, որոնք, ըստ 975 յօդ. Սինօդին ներկայացնում են թեմերի կառավարութեան միջոցին իւրեանց գործունէութեան հաշիւը, սորա հետ եւ ուսումնարանների կառավարութեան հաշիւները, իսկ 1003 յօդ. ենթարկում է կաթողիկոսի գլխաւոր կառավարութեանը Էջմիածնայ հոգեւոր Ճեմարանը, մինչեւ անգամ հոգեւոր դպրանոցները այդ յօդւածով կախւած են եպիսկոպոսից, որի թեմում գտնւում են այդ դպրանոցները։

Աչքի առաջ ունենալով որ Հայ-Լուսաւորչական Սինօդը շարունակ զանց էր առնում կատարել ամենքի համար պարտաւորեցուցիչ եւ նորան յայտնած 16 փետրւարի 1884 թ. Բարձրագոյն հրամանը, կառավարութիւնը հարկաւոր համարեց աւելի որոշ միջոցների դիմել, որպէսզի գործադրւին Հայոց ծխական դպրոցների համար հրատարակւած նոր կանոնները։ Այս մասին եղած Բարձրագոյն հրամանները կատարելու համար, Գլխաւոր կառավարիչը քաղաքային մասի Կովկասում անցեալ փետրւարի 8-ին ուղարկեց Էջմիածնայ Սինօդին Ս. Պետերբուրգից հետեւեալ հեռագիրը. «Բարձրագոյն հրամանաւ առաջարկում եմ Սինօդին անյապաղ հաղորդել բոլոր թեմակալ առաջնորդներին ի գործադրութիւն եւ ի հրահանգ 16 փետրւարի կանոնները ծխական ուսումնարանների մասին. եթէ այս կանոնները այս առաջարկութիւնը ստանալուց յետոյ երկու շաբաթւայ ընթացքում չեն գործադրւիլ, անյապաղ կկարգադրւի փակել այն դպրոցները, որոնք չեն կատարել ուսումնարանական վարչութեան օրինական պահանջները»։

Այս հեռագրի պատճէնը միեւնոյն ժամանակ ուղարկւած է Կովկասի բոլոր թեմակալ առաջնորդներին եւ կառավարութեան ձեռնարկած վճռի մասին յայտնւեցաւ թէ Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին եւ թէ երկրիս առանձին վարչական մասերի կառավարիչներին, որպէսզի սոքա հարկաւոր դէպքում համապատասխան կարգադրութիւններ անեն։

Գլխաւոր կառավարչի քաղաքային մասի Կովկասում վերոյիշեալ հեռագրին Էջմիածնայ Սինօդը 22-ին փետրւարի ուղարկեց անուղղակի պատասխան։ Որովհետեւ այդ միջոցին արդէն անցել էր փետրւարի 16 1884 թ. կանոնների գործադրելու համար տւած երկու շաբաթ ժամանակը, ուստի կարգադրեցաւ փակել այն ծխական հայոց դպրոցները, որոնք չեն ընդունել ի հրահանգ այդ կանոնները։

Աչքի առաջ ունենալով թէ ուսումնարանական վարչութեան եւ Հայոց դպրոցների մէջ ճիշտ յարաբերութիւն հաստատելու անհրաժեշտ կարեւորութիւնը եւ թէ հայ ժողովրդի կրթութեան օգուտը, որ կառավարութեան համար թանկագին է, ուստի հրատարակւած էին 16 փետրւարի 1884 թ. լրացուցիչ կանոնները։ Այս կանոններով բոլորովին չէ պակասում Հայոց հոգեւոր իշխանութեան իրաւունքը դպրոցների կառավարելու մասին, միայն տեղական ուսումնարանական վարչութեան տրւած է պարտականութիւն՝ հսկել նոցա մէջ աւանդւող բոլոր առարկաների վերայ, բացի կրօնից, նոյնպէս եւ պահանջել, հարկաւոր դէպքում, հրաժարեցնել այն ուսուցիչներին, որոնց գործունէութիւնը անհամապատասխան երեւար նոցա կոչմանը։ Այս կանոնները ոչ թէ միայն համաձայն են Ռուսաստանի բոլոր ուրիշ այլադաւան ուսումնարանների համար եղած կարգադրութիւններին, այլ եւ հայ լուսաւորչական հոգեւոր իշխանութեանը տալիս են մեծամեծ իրաւունքներ համեմատելով այն իրաւունքների հետ, որով օգտւում են միւս այլադաւան եկեղեցիք։

…Հայոց հոգեւոր իշխանութիւնը մերժելով 16 փետրւարի 1884 թ. կանոնների գործադրութիւնը, ինքնակամ հրաժարւեցաւ նորա վերայ դրած բարձր պարտականութիւնից կառավարել ծխական դպրոցները։ Նոցանից շատերը գլխաւորապէս պահպանւում էին հասարակութիւնների հաշւով, ուստի եթէ այս վերջինները ցանկան, կարող են իւրեանց զաւակների օգտի համար, միջնորդել տեղական ուսումնարանական վարչութեան առաջ բաց անել ի տեղի փակւած կամ փակւելիք դպրոցների, մասնաւոր ուսումնարաններ ընդհանուր հիմանց վերայ։ Դասատւութիւնը կարող է լինել եւ Հայոց լեզւով հաւանութիւն ստացած դասագրքերով, միայն պահպանելով թէ ռուսաց լեզուի ուսուցման եւ թէ ռուսաց պատմութեան եւ ռուսաց աշխարհագրութեան մասին պահանջած պայմանները։

Անտարակոյս այդ տեսակ ուսումնարանների կազմակերպութեան մասին կհոգայ հայ հասարակութեան այն ողջամիտ մասը որին թանկագին է նոր սերունդի լաւ ապագան եւ որը հաւատարիմ է տէրութեան եւ յարգում է պետութեան օրէնքները [4] ։

Բնական էր, որ հայ հասարակութիւնը եւ հաւատարիմ մնալով տէրութեան եւ յարգելով պետական օրէնքները, այնուամենայնիւ իր նիւթական միջոցները չտրամադրէր Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին եւ աւելի ամրացնէր իր կապն ազգային եկեղեցու հետ։ Այդ եկեղեցին նրա ինքնութիւնը հովանաւորող մարմիններից մէկն էր եւ նա չէ, որ ականջ պիտի կախէր ռուս բիւրոկրատիայի հրաւէրին պայքար բանալու իր իսկ դէմ։ Հարկա՛ւ, այդ բիւրոկրատիայի բացատրութիւններն ու ինքնարդարացումները չեն դիմանում քննադատութեան։ Ծիծաղելի է նրա պնդումը, թէ 1884 թ. փետրւարի 16-ի կանոններով հայ հոգեւորականութիւնը ստանում է «մեծամեծ իրաւունքներ»։ Բայց Էջմիածնի Սինօդի ռուս կառավարութեան դէմ մղած պայքարից պարզւում է մի հետաքրքրական երեւոյթ, այն, թէ ինչպէս ներշնչւելով ռուսական միահեծանութեան հասկացողութիւնից՝ հայ եկեղեցին յօժարակամ փաստաբանում է իր իբր ոչ-սահմանադրական էութիւնը։ Նա ռուսական ինքնակալութեան դէմ վահանաւորւելու նպատակով ինքնակալական իրաւունքներով է օժտում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թողնելով ստրկահոգի բիւրոկրատիային պերճախօս փաստեր բերելու եկեղեցու պետի սահմանադրական լինելու մասին։ Աւելի զաւեշտական դրութիւն դժուար էր երեւակայել։ Հայ հոգեւորականութիւնն իր պետին Դաւիթ էր դարձնում, գոնէ արտաքին խոնարհութեամբ, յարգանքով, իրաւունքների խոստովանութեամբ, որ նա զրահաւորւած այդ բարոյական զէնքերով կռւի ելնէ ռուսական Գողիաթի դէմ։ Թոյլի մի ճարպկութիւն, որ ապարդիւն մարզանք պիտի լինէր, եթէ օգնութեան չհասնէին ուրիշ պարագաներ։ Ռուս կառավարութեան եւ Էջմիածնի Սինօդի իրաւունքի շուրջը յարուցած բանակռիւը վերջացաւ նրանով, որ առաջինը մի հարուածով լուծեց բանավէճը։ Ասացինք արդէն, որ 1885 թ. մարտին նա փակեց հայոց դպրոցները եւ դարանակալ ոսոխի պէս սկսեց դիտել իր զոհի գալարումները։

  1885 թ. մայիսին Մակար արքեպիսկոպոսն ընտրւեց կաթողիկոսական երկրորդ թեկնածու, բայց կաթողիկոս հաստատւեց Ալէքսանդր III-ի կողմից։ Այդ հաստատութիւնը հայերի մեծամասնութեան սրտովը չէր, նկատի առնելով, որ Մակարը պահպանողականի եւ ռուսասէրի հռչակ ունէր եւ կառավարութեան թեկնածուն էր համարւում կաթողիկոսական գահի համար։ Պետերբուրգում Հայոց գործերի մասին եղած խորհրդակցութեան (1886 թ. յունւարի 16-ի) արձանագրութիւնը, որի տակ ստորագրել է նոյն մտասպան երրորդութիւնը (կոմս Դմ. Տոլստոյ, Իվ. Դելեանով, իշխ. Դոնդուկով-Կորսակով) Մակարի մասին հետեւեալն էր վկայում. «Չնայելով Ռուսաստանի եւ Պօլսի հայ ղեկավարների թշնամական վերաբերմունքին դէպի նա եւ նոյնիսկ կեանքից զրկելու սպառնալիքին՝ նոր Կաթողիկոսը չյապաղեց հանդիսաւորապէս յայտարարել թէ կառավարական օրգանների եւ թէ իր հօտի առաջ ունեցած հաւատարմութեան մասին դէպի ռուս կառավարութիւնը եւ իր քարոզների մէջ բոլորից պահանջեց հպատակւել օրէնքին։ Թիֆլիսում, Կովկասի Կառավարչապետ իշխ. Դոնդուկով-Կորսակովի հետ անձնական տեսակցութեան ժամանակ Սրբազնագոյն Մակարը բացօրէն պատմեց իր վիճակի ողջ դժուարութիւնը, որ ծագում էր ազդեցիկ հայերի բանսարկութիւնից եւ փնտրտուքից, հայերի, որոնց յաջողւել էր իրանց կողմը գրաւել եւ հոգեւորականութեան մի մասը։ Նա խնդրում էր, որպէսզի կառավարութիւնը յետագայում նրան օգնութիւն ցոյց տայ, որ այնքան անհրաժեշտ է իր համար» [5] ։ Հայոց դպրոցների խնդրին դառնալով՝ Մակար կաթողիկոսը գտնում էր, որ կառավարութեան պահանջը արդարացի ու չափաւոր է, միայն խնդրում էր թեթեւ փոփոխութիւններ մտցնել հրատարակած կանոնների մէջ։ Դա կը լինէր մի շնորհ կառավարութեան կողմից, որ կը բարձրացնէր նրա հեղինակութիւնն ազգաբնակչութեան աչքում։

Ի՞նչ շնորհ էր հայցում Մակար կաթողիկոսը։ Նա աննշան առարկութիւններ էր անում 1884 թ. փետրւարի 16-ի կանոնների դէմ՝ խնդրելով որոշ յօդուածների նկատմամբ այնպիսի բացատրութիւններ տալ, որպէսզի վերացւեն անտեղի կաշկանդումներն եւ շեշտւած լինի իր, իբրեւ եկեղեցու պետի, հեղինակութիւնը։ Այսպէս նա խնդրում էր, որ երկդասեան ծխական դպրոցներին կից հիմնւի մի լրացուցիչ բաժանմունք եւս եւ հայ հոգեւորականութիւնն իրաւունք ունենայ տարրական ծխական դպրոցներից զատ հիմնել եւ պահպանել ընդարձակ հանրակրթական դասընթացքներ ունեցող ուսումնարաններ։ Այդ դպրոցների նկատմամբ նա ընդունում էր ի գործադրութիւն 1884 թ. փետր. 16-ի կանոնների բոլոր թելադրութիւնները։ Երեքի խորհրդակցութիւնը յարգեց Մակար կաթողիկոսի խնդրանքը։ Օրէնքի բացատրութիւնների ձեւով նա բաւարարութիւն ստացաւ եւ այդ արձանագրւեց իբրեւ առանձին վստահարութիւն եւ շնորհ յատկապէս եւ բացառապէս դէպի Մակար կաթողիկոսը։ Խորհրդակցութեան արձանագրութիւնը կասկածի տեղիք չէր թողնում, որ կաթողիկոսի մահուամբ պիտի վերանային «արքայական» շնորհները։ Դա էր այն պաշտպանութիւնը, որ կառավարութիւնը ցոյց էր տալիս իր թեկնածուին։

Քննելով կաթողիկոսի միջնորդութիւնը՝ խորհրդակցող բիւրոկրատներն առիթ չփախցրին քրքրելու նաեւ հայ տարրի քաղաքական բարեյուսութեան խնդիրը։ Իվ. Դելեանովը պնդում էր, թէ գոյութիւն ունի Երիտասարդ Հայաստանի կուսակցութիւն, որը ձգտում է դպրոցը պրոպագանդի գործիք դարձնել, ուստի եթէ յարգւի կաթողիկոսի միջնորդութիւնը, ապա յիշեալ կուսակցութիւնն եղած զիջումները պիտի վերագրէ իր դիմադրական կորովին։ Դոնդուկով-Կորսակովը գտնում էր որ, «այսպէս կոչւած մտաւորականութիւնն ըստ մեծի մասին վարակւած է անջատողական ոգով եւ երկու անգամ կաթողիկոսական ընտրութիւններին իր թշնամական վերաբերմունքն է ցոյց տւել դէպի Կաթողիկոսը»։ Բայց նա գտնում էր միաժամանակ, որ Մակար կաթողիկոսն ոչ մի կապ չունի Ռուսաստանին թշնամի կուսակցութեան հետ եւ առաջարկում էր պաշտպանել նրան եւ յարգել նրա միջնորդութիւնը։ Մակարը կարող էր այն անձը դառնալ, որ պիտի մաքառէր քաղաքական անջատողականութեան դէմ։ Քաղաքական հեռատեսութիւնը թելադրում էր դպրոցը հաշտարարութեան գործիք դարձնել։ Այսպիսով քաղաքական հանգամանքների եւ սպասումների շնորհիւ 1886 թ. յունւարի 16-ին բիւրոկրատիան այնպիսի եզրակացութիւնների հանգաւ իր խորհրդակցութեան մէջ, որ հէնց այդ թւից հնարաւոր դարձաւ փակւած հայոց դպրոցների վերաբացումը։ «Երիտասարդ Հայաստան» այդ ժամանակ գոյութիւն չունէր, բայց նրա ծագման հնարաւորութիւնը զօրավիգն եղաւ Մակար կաթողիկոսին եւ նա իր հովւապետութիւնը սկսեց դպրոցական գործի կենդանացումով, որքան դա հնարաւոր էր 1884 թ. փետրւարի 16-ի կանոնների եւ 1886 թ. յունւարի 16-ի պարզաբանումների այնուամենայնիւ նեղող ու կաշկանդիչ թելադրանքների ներքոյ։

Մակար կաթողիկոսը պիտի արդարացնէր իր վրայ դրած յոյսերը։ 1889 թ. նա հրատարակեց «Կանոնք եկեղեցական-ծխական ուսումնարանաց Հայոց», որոնց մէջ աշխատեց աւելի քան ցայտուն շեշտել եկեղեցական դասի իրաւունքներն ու պարտականութիւնները դպրոցական գործում։ Այդ կանոններով համարեա հին, արդէն քաղաքացիութիւն ստացած, եղանակով էին ձեւակերպւած դպրոցների տիպը եւ նրանց պահպանութեան համար պահանջւող նիւթական աղբիւրներին վերաբերեալ յօդւածները։ Ինչ որ նորոյթ էր, դա առանձնապէս թեմական առաջնորդին եւ քահանաներին վերաբերեալ պահանջներն էին։ Թեմակալը դրւում էր աւելի ստորադրեալ վիճակում դէպի կաթողիկոսը, ըստ որում դպրոցական գործերին վերաբերեալ խնդիրներում նա կամ հարցնում էր կաթողիկոսի հաճութիւնը, նրա որոշումը խնդրում կամ թէ տեղեկութիւններ հաղորդում (դպրոցների բացում, նրանց նիւթականը, հոգաբարձուների եւ խնամակալների ընտրութիւն, ուսուցիչների հրաւիրումն ու արձակումը եւ այլն)։ Հոգաբարձական կազմի մասին էլ Մակար կաթողիկոսն իր կանոնների մէջ նորոյթ մտցրեց։ Նախ հոգաբարձուներից մէկը պիտի լինէր անպայման առաջնորդից նշանակւած քահանայ, որը միաժամանակ եւ հոգաբարձութեան նախագահն էր։ Ընտրովի հոգաբարձուներից մէկը դարձեալ եկեղեցու հետ առնչութիւն ունեցող գործիչ էր երէցփոխը։ Միւսների ընտրութեանը մասնակցում էին միայն այր ծխականները, որոնց հասակը պակաս չէր 25 տարուց։ Ուսուցիչները զրկւում էին ընտրական իրաւունքից։ Դպրոցական ներքին կեանքի համար հրահանգւում էր, որ առաջնորդները կամ փոխանորդները յաճախեն դասախօսութիւնները, նախագահեն հանդիսակատարութիւնների եւ հարցաքննութիւնների ժամանակ եւ առհասարակ դիտող աչք ունենան այն բոլորի նկատմամբ, ինչ որ կատարւում է դպրոցում։

Այս կանոնները կղերական էին իրանց էութեամբ։ Մակար կաթողիկոսը ձգտում էր կղերական պատեանով անխոցելի դառնալ կառավարութեան նիզակի համար։ Բայց նա սխալւում էր չարաչար։ Ռուսացման մարմաջը հովին էր յանձնում նաեւ կղերական պատեանը։

Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն (Եանովսկի) իբրեւ մէկն այն բիւրոկրատներից, որ ռուսացման քաղաքականութեամբ ձգտում էր դիրք ու անուն վաստակել պետական նուիրապետութեան մէջ, սկսեց իր հերթին նորանոր պարզաբանութիւններ մտցնել 1884 թ. փետրւարի 16-ի կանոնների եւ 1886 թ. յունւարի 16-ի արտօնութիւնների մէջ։ Երեք տարւայ ընթացքում այնքան փոխադարձ անհասկացողութիւն եւ անվստահութիւն մտցրւեց հայ հոգեւորականութեան եւ ուսումնարանական վարչութեան միջեւ, որ «հայկական գործերը» նորից խորհրդակցութեան նիւթ դարձան Պետերբուրգի բարձր իշխանութեան համար։ Այդ խորհրդակցութեան (կոմս Դմ. Տոլստոյ, կոմս Իվ. Դելեանով, իշխ. Դոնդուկով-Կորսակով, Ֆ. Գիրս, որ յատկապէս ուղարկւել էր Էջմիածին ծանօթանալու կաթողիկոսի տեսակէտների հետ) արձանագրութիւններն ու որոշումները, որ Ալէքսանդր III-ի կողմից հաստատւեցին 1889 թ. մարտի 22-ին՝ «հայկական գործերը» պատկերացնում են այսպէս. 1886 թ. Լուսաւորութեան Նախարարը կարգադրել էր, որ միջնակարգ դպրոցներում հայ աշակերտներին կրօնը դասաւանդւի ռուսերէն լեզուով։ Մակար կաթողիկոսն իր հերթին 1887 թ. յատուկ կոնդակով, ուղղած թեմական առաջնորդներին, պահանջում էր, որ կրօնն անպայման դասաւանդւի հայերէնով։ Իր բացատրութիւնների մէջ, որ տւել էր կաթողիկոսն իշխ. Դոնդուկով-Կորսակովին եւ Ֆ. Գիրսին, նա պաշտպանում էր այն տեսակէտը, թէ հայոց եկեղեցու ուսմունքը սերտօրէն կապւած է լեզւի հետ։ Այդ լեզուով են ձեւակերպւած բոլոր դոգմատներն եւ աստուածապաշտութիւնը, որի մէջ մարմնաւորւած են հայ ժողովրդի կրօնական զգացմունքներն ու համոզմունքները։ Կաթողիկոսը յուզմունքով էր վերաբերւում այս խնդրին։ Եթէ չյարգւէր նրա պահանջը՝ կարող էր հրաժարւել պատրիարքական աթոռից։ Այս խնդրի առիթով Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն հաղորդում էր, որ գիմնազիաների եւ րէալական դպրոցների հայ աշակերտներից շատերը կամ չգիտեն հայերէն կամ այնքան վատ են հասկանում այդ լեզուն, որ չեն ըմբռնում կրօնուսոյցների բացատրութիւնները եւ ապա կան կրօնուսոյցներ, որ կարող են ուսուցանել ռուսերէնով։ Հոգաբարձուի ասելով, շատ հայ ծնողներ դիմում են դպրոցական իշխանութեան եւ խնդրում, որ կրօնն իրանց որդիները սովորեն ուղղափառ կրօնուսոյցների մօտ։ Հայոց կրօնի դասաւանդումը ռուսերէնով նաեւ Լուսաւորութեան Նախարարութեան պահանջն էր։ Վերջինս օրինակ էր բերում կաթոլիկներին, որոնց համար կրօնի դասաւանդումը ռուսերէնով պարտադիր էր։ Նախարարը միայն թոյլատրում էր հայ աշակերտներին հայերէնով սերտել աղօթքները եւ ուսանել Ս. Գրքի բնագիրը։

Չորսի խորհրդակցութիւնն այս հարցը լուծեց այն իմաստով, որ արդարացի էր գտնում ուսումնարանական իշխանութեան պահանջը եւ փափկանկատութիւն պահանջում դէպի կաթողիկոսի կոչումը։ Այդ կոչումը բարձր եւ յարգի էր նրա հօտի աչքում թէ Ռուսաստան եւ թէ արտասահմանում։ Նա քաղաքական արժէք էր ներկայացնում։ Կաթողիկոսն, իբրեւ ռուսական թեկնածու, բազմաթիւ անբարեացակամներ ունէր։ Չպէտք էր նրանց առիթ տալ գործելու ի վնաս ռուսական շահերի։ Հնարաւոր էր ներկայ դէպքում զիջող լինել դէպի կաթողիկոսի պահանջը, մանաւանդ որ կառավարական դպրոցների ընդհանուր սիստեմը կարող էր անզօր դարձնել կրօնուսոյցների վնասակար ներշնչումները, եթէ լինէր այդպիսին։ Չորսի խորհրդակցութիւնն իբրեւ ժամանակաւոր կանոն եւ արտօնութիւն թոյլատրում էր կրօնի դասաւանդումը հայերէնով, աչքի առաջ ունենալով անհրաժեշտութեան դէպքում վերացնել այն։

Երկրորդ խնդիրը, որ կանգնել էր Չորսի խորհրդակցութեան առաջ, հայոց դպրոցների ուսուցիչների ցենզի հարցն էր։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն պահանջում էր, որ հայ ուսուցիչներն ուսուցանողի իրաւունք ունենան պետական դպրոցներից։ Այդպէս էր նա հասկանում իր հսկողի իրաւունքը, որ տրւել էր նրան 1884 թ. փետրւարի 16-ի կանոններով։ Այս տեսակէտից Հոգաբարձուն պահանջում էր հայոց դպրոցներից հեռացնել անհամապատասխան ուսուցիչներին։ Սա մի միջոց էր, որով այդ մտասպանը կամենում էր զտել հայ ուսուցչութիւնը եւ անուղղակի կերպով իր ցանկացած մարդկանց յանձնել հայ մանուկների դաստիարակութիւնը։ Միաժամանակ այդ միջոցով Գէորգեան ճեմարանի եւ թեմական դպրոցների ընթացաւարտները զրկւում էին ուսուցչութեան իրաւունքից եւ եթէ կամենային պիտանի լինել հայ դպրոցին՝ յատուկ քննութիւն պիտի բռնէին պետական դպրոցներում։

Մակար կաթողիկոսը գտնում էր, որ եղած կանոններն իրան չեն կաշկանդում ուսուցիչների ցենզի տեսակէտից։ Եթէ միայն ցենզաւորները մնային հայոց դպրոցներում՝ դա կը նշանակէր փակել այդ դպրոցների մի պատկառելի մասը։ Նա խնդրում էր 3-ից 5 տարի յետաձգել ցենզի պահանջը, որպէսզի հնարաւորութիւն տրւի հայ ուսուցիչներին պատրաստւել եւ բռնել անհրաժեշտ քննութիւնը։

Չորսի խորհրդակցութեան մէջ Տոլստոյը եւ Դոնդուկով-Կորսակովը գտան, որ հայոց կաթողիկոսի իրաւունքներն ուսուցիչների ընտրութեան տեսակէտից իրօք սահմանափակւած չեն, բայց բանական գտան եւ դպրոցական իշխանութեան պահանջը։

Արտօնւեց հինգ տարով յետաձգել ուսուցչական ցենզի պահանջը։ Անմիջական կանոն էր դառնում, որ պետական ցենզ պիտի ունենան ռուսաց լեզւի, պատմութեան եւ աշխարհագրութեան ուսուցիչները։

Երրորդ խնդիրը ուսուցիչների հրաւիրման ու արձակման հարցն էր։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն պահանջում էր, որ ուսուցիչները հրաւիրւեն իր կանխական գիտութեամբ ու համաձայնութեամբ։ Մակար կաթողիկոսն այդ պահանջը գտնում էր ոչ միայն ապօրինի, այլեւ ստորացուցիչ իր կոչման համար։

Չորսի խորհրդակցութիւնը Տոլստոյի եւ Դոնդուկով-Կորսակովի առաջարկութեամբ կանգնեց կաթողիկոսի տեսակէտի վրայ։ Որոշւեց ուսուցիչների հրաւիրման գործն ամբողջովին վերապահել հայ հոգեւորականութեան։ Անցանկալի ուսուցիչների նկատմամբ Հոգաբարձուն պիտի դիմէր թեմական առաջնորդներին եւ եթէ համաձայնութիւն չկայանար նրանց միջեւ՝ այդ մասին տեղեկացնում էր Կովկասի Կառավարչապետին, որն արդէն բանակցում էր կաթողիկոսի հետ եւ ձեռք առնում անհրաժեշտ միջոցները։ Այս կանոնը վերաբերում էր եւ թեմական տեսուչներին։

Չորրորդ խնդիրը հայոց պատմութեան եւ աշխարհագրութեան դասաւանդման հարցն էր։ Չորսի խորհրդակցութիւնը միանգամայն արգելեց այդ առարկաների ուսուցումը հայոց դպրոցներում։ Հետաքրքրական է խորհրդակցութեան արգելքի պատճառաբանութիւնը։ «Հայ-Լուսաւորչական դպրոցները, ասւած է արձանագրութեան մէջ, ժողովրդական ուսումնարաններ են, հետեւաբար այստեղ գործը վերաբերում է ազգաբնակութեան հասարակ, անկիրթ դասակարգի դաստիարակութեան։ Կառավարութիւնը պարտաւոր է չթոյլատրել, որպէսզի հայ մտաւորականութեան մի մասի մեզ հակառակ ձգտումներով չվարակւած մշակ եւ երկրագործ ժողովրդի մէջ թափանցեն ստուերային յոյսեր հայոց պետութեան վերականգման մասին։ Անտարակուսելի է, որ այդ առարկաների դասաւանդումը կլինի միտումաւոր եւ ժողովրդի մտքում հեշտ կլինի արմատաւորել Հայաստանի ինքնուրոյնութեան եւ նրա առաջւայ ժամանակի իբր թէ ծաղկած դրութեան եւ անցած փառքի մասին»։

Ի՞նչ շահեց հայոց կրթութեան գործը 1889 թ. մարտի 22-ի որոշումներեց։ Մի բան միայն, որ պետական միջնակարգ դպրոցներում կրօնն անարգել պիտի ուսուցանւէր հայերէն լեզուով։ Այդ դպրոցներին գլխաւորապէս աշակերտութիւն էր մատակարարում հայ բարձր ու միջին բուրժուազիան։ Այդ խաւն ինքը կանգնել էր ապազգայնացման հողի վրայ եւ կրօնի ողորմելի դասերով չէ, որ հայութեան գիրկը պիտի դարձնւէին նրա զաւակները։ Դոնդուկով-Կորսակովը լաւ էր հասկանում պետական դպրոցի ապազգայնացնող դերը, որ զիջողութեան խորհուրդ տուաւ իր բարձրաստիճան ընկերներին։ Կրօնի դասաւանդման հարցն աննշան էր իր էութեամբ։ Նա յարուցւել էր, որ նորից փակւէր եւ այդ աղմուկի տակ նոր որոգայթներ պատրաստւէր հայ ժողովրդական դպրոցի դէմ։ Որոգայթներից վտանգաւորն ուսուցիչների ցենզի հարցն էր։ Հարիւրաւոր հայ կրթւած ուսուցիչներ, որոնք աւարտել էին ազգային միջնակարգ դպրոցները, պարտաւորւած էին կամ նորից երեխայանալ եւ սերտել ռուսաց լեզուի կանոնները կամ հեռանալ իրանց սիրած ասպարէզից։ 1889-1894 թ. թ. մեր դպրոցական կեանքում յայտնի են իբրեւ ցենզի անունով յարուցւած հալածանքի տարիներ։ Կովկասի պետական դպրոցներն անտեղի եւ միտումաւոր խստապահանջ էին քննութիւն բռնողների նկատմամբ։ Հեշտ չէր քննութեան ելնել դպրոցական Կերբերների առաջ։ Շատ ուսուցիչներ ցենզի համար դիմում էին ներքին Ռուսաստանի դպրոցներին, ուր անտեղեակ Կովկասում յարուցած հալածանքին՝ քննութիւններն ընթանում էին բարեացակամ պայմաններում։ Քննութիւն բռնողներից շատերը՝ գիւղական ուսուցիչներ լինելով՝ անապահով էին նիւթականի կողմից։ Այստեղ օգնութեան հասան թէ անհատ-բարերարները եւ թէ Բագուի Մարդասիրական եւ Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութիւնները, որոնք թէ խմբական պարապմունքներ կազմակերպեցին եւ թէ առանձին օգնութիւն հասցրին քննւողներին։ Մի խօսքով ռուս բիւրոկրատիան իր պահանջով հասակաւոր եւ կրթւած հայ մարդկանց դրել էր պատանիների վիճակում եւ նրանց գլխին մի անամօթ պար էր պարում։

Ռուսացման մարմաջով բռնւած բիւրոկրատիան այնպիսի մութ ոյժ չէր, որ հանգչէր 1889 թ. մարտի 22-ի յաղթանակի վրայ։ Նա պիտի նորանոր դաւեր նիւթէր։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն առաջին երախն էր, որ ցոյց էր տալիս իր ժանիքները։ Միւսները, աւելի բարձր գազանները, սպասում էին նրա ազդանշանին, որ բոլորւեն հայոց կրթարանների խանձարուրի շուրջը եւ իրանց դիւական պաշտամունքը սկսեն։

Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն 1889 թ. իր ընդհանուր հաշւէտւութեան մէջ հետեւեալն էր գրում հայոց դպրոցների մասին. «Այս տարի ոչ միայն ոչինչ չի արւած, որպէսզի իրագործւի 1889 թ. մարտի 22-ի Բարձրագոյն հրամանը բացառապէս ցենզաւոր ուսուցիչներ հրաւիրելու ռուսաց լեզուի, պատմութեան եւ աշխարհագրութեան համար, այլեւ, ընդհակառակը, օրէնքի պահանջը բաւարարող անձանց թիւը պակասել է համարեա մի երրորդով ( 44 եւ 31)։ Ռուսաց լեզուի ուսուցումը բաւարար չէ։ Քիչ չեն եւ այնպիսի դպրոցներ, ուր պարզ է, որ ուսուցիչները ցանկութիւն չունին իսկապէս երեխաներին սովորեցնելու ռուսաց լեզուն, հայրենական աշխարհագրութիւնն ու պատմութիւնը եւ այս պատճառով այդ առարկաների դասաւանդումը կառավարական պահանջի անխուսափելի կատարման բնոյթ է կրում»։

  1890 թ. հաշւէտւութեան մէջ նոյն Հոգաբարձուն դարձեալ գրում է. «Ռուսաց լեզուն աւանդւում է գործադրութեան համար հաւանութիւն ստացած դասագրքերով, բայց բաւարար յաջողութիւն այդ առարկայից նկատելի է միայն մի քանի դպրոցներում։ Աշակերտների մեծամասնութիւնը սխալւում է շեշտադրութեան եւ արտասանութեան մէջ, ըստ մեծի մասին ռուսերէն գրում են թոյլ, վատ են հասկանում լեզուն ոչ միայն ստորին, այլեւ յաճախ բարձր բաժանմունքներում։ Եթէ պատահում են ռուսերէն լաւ խօսող ու կարդացողներ՝ հարց ու փորձից պարզւում է, որ նրանք առաջ սովորել են այնպիսի դպրոցներում, որոնք անմիջապէս ենթակայ են եղել դպրոցական իշխանութեան։ Ռուսաց լեզուի ուսուցմանն արգելք է հանդիսանում եւ այն հանգամանքը, որ Կովկասեան երկրի մի քանի տեղերում, օրինակ, Կուբանի շրջանի Արմաւիր աւանում, Թիֆլիսի նահանգի գաւառներում եւ նոյնիսկ մասամբ Թիֆլիս քաղաքում հայերն իրանց ընտանիքում չեն գործածում հայերէն լեզուն եւ ըստ մեծի մասին նրան կատարելապէս ծանօթ չեն, այս պատճառով հայոց դպրոցների վարիչները դիմում են ամեն կարգի մանկավարժական միջոցների, որպէսզի երեխաների համար հեշտացնեն ուսուցման լեզուն, այսինքն հայոց ազգային լեզուն։ Ռուսաց լեզուն այսպիսով ասես թէ մնում է անուշադրութեան մատնւած։ …Ընդհանրապէս հայոց դպրոցներում քիչ է նկատւում ձգտումն, որպէսզի երեխաները իսկապէս իմանան պետական լեզուն»։

1891 թ. հաշւէտւութեան մէջ. «Ուսուցչական ցենզ ունեցող ուսուցանողների թիւը ընդհանուր թւի մի քառորդից պակաս է (մօտ 90 հանդէպ 401), այսինքն դպրոցների կէսը համապատասխան կոչում ունեցող ուսուցիչներ չունի, իսկ միւսները մի-մի հատ, այն ինչ 1889 թ. մարտի 22-ի Բարձրագոյն հրամանով ռուսաց լեզուի, պատմութեան եւ աշխարհագրութեան բոլոր ուսուցիչներն ու վարժուհիները պիտի ուսուցչական վկայականներ ունենան։ Անկասկածելի է, որ ստորին կրթական ցենզից է բղխում ուսուցման գործի թուլութիւնն այս դպրոցներում։ Այդ են հաստատում եւ համարեա բոլոր վերատեսուչների վկայութիւնները»։

Այս միտումաւոր վկայութիւնները բնական է, որ չարերին նորից գործի հրաւիրէր։ Եւ ահա 1891 թ. մարտի 7-ին Ներքին Գործոց նախարարը . Դուրնովօ) ծանուցանում է թէ Կովկասի Կառավարչապետին եւ թէ «կառավարական թեկնածու» Մակար կաթողիկոսին, որ փետրւարի 13-ին տեղի ունեցած խորհրդակցութեան մէջ «մատնանշւած էր, իմիջի այլոց, թէ Էջմիածնի ներկայ կաթողիկոսը խուսափում է կատարել կառավարութեան օրինական պահանջները եւ որ Հայ-Լուսաւորչական հոգեւորականութիւնը, ապաւինելով նրա կարգադրութիւններին, սիստեմատիկօրէն դժուարացնում է դպրոցական իշխանութեան հսկողութիւնը հայոց եկեղեցական-ծխական դպրոցների վրայ եւ խախտում այդ դպրոցների կառավարչութեան մասին հրատարակած կանոնները։ Խորհրդակցութիւնը քննելով այս հարցը՝ անհրաժեշտ էր գտել հետամտել, որպէսզի յիշեալ դպրոցներն աստիճանաբար լիովին ենթարկւեն դպրոցական իշխանութեան եւ իր կազմած արձանագրութեան եզրափակող կէտերում որոշել էր Հայ-Լուսաւորչական եկեղեցական-ծխական դպրոցների գործում պահանջել 1884 թ. կանոնների եւ դրանց հետեւող 1886 թ. յունւարի 16-ի եւ 1889 թ. մարտի 22-ի պարզաբանումների ու ժամանակաւոր շեղումների անառարկելի եւ ճիշտ կատարումը, չթոյլատրելով այս խնդրում որեւէ նոր զիջում» [6] ։ Եթէ կաթողիկոսը կամ նրան ենթակայ որեւէ հոգեւոր անձն խախտէր այդ կանոնները՝ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին իրաւունք էր տրւում դիմել Կովկասի Կառավարչապետին եւ խնդրել փակելու այն դպրոցները, որոնց մէջ տեղի էր ունեցել զանցառութիւնը։ Այն դէպքում, երբ մասնաւոր անձինք կը կամենան նիւթապէս ապահովել փակւող դպրոցները՝ նրանք կարող են վերաբացւել իբրեւ մասնաւոր դպրոցներ, ենթարկւելով ժողովրդական դպրոցների տեսչութեան։

1891թ. մարտի 7-ի նախազգուշացումը Մակար կաթողիկոսի համար մի ծանր անակնկալ էր։ Սպառւում էր եւ այն դրամագլուխը, որով նա մօտ 7 տարի դիմադրում էր կառավարական ոտնձգութիւններին։ Նրա ռուսասիրութիւնը, կառավարական թեկնածու լինելն եւ կղերականի հռչակը չէին կարողանում փրկել դպրոցական գործը։ Ըստ երեւոյթին առանձին արժէք չէր տրւում եւ կաթողիկոսական կոչման քաղաքական արժէքին։ Մակար կաթողիկոսի անձնական հեղինակութիւնը կառավարութեան աչքում գոլորշիացել էր։ Եւ նա վախճանւեց՝ մի լեգենդ թողնելով ժողովրդի մէջ, թէ վաղաժամ եղաւ նրա մահը եւ հետեւանք կառավարական սպառնալիքների։

Նրա մահւան առիթով ասւած է պաշտօնական «Արարատի» մէջ (1891 թ., Մայիս), «Նորին Վեհափառութիւնը իբրեւ հաստատեալ Կաթուղիկոս Քիշինեվից Թիֆլիզ հասնելով, համաձայն կառավարութեան ցանկութեան, յանձն առաւ բանալու փակուած հայոց դպրոցները, խնդրելով սորա համար մի քանի արտօնութիւնք, որոնք Ողորմած Կայսրը, վստահ Նորին Սրբութեան վերայ եւ ապահով լինելով, որ նա նորաբաց դպրոցները բարեկարգ եւ արդիւնաւոր վիճակի մէջ կպահպանէ յօգուտ մտաւոր եւ բարոյական շինութեան հայ մանկտւոյն, Ամենաողորմածաբար շնորհեց։ Նորին Օծութիւնը բաց արաւ հայ դպրոցների դռներն եւ Նորին Մեծութեանց շնորհած արտօնութեանց հիման վերայ կազմել տուեց նորաբաց դպրոցների համար կանոնադրութիւնք եւ հրահանգներ, որոնցմով նոքա կառավարուում են ցայսօր ժամանակի բարեկարգ վիճակի մէջ։ Դպրոցները Լուսահոգի Հանգուցելոյ գլխաւոր հոգսերից մէկն էր ամբողջ Հայրապետութեան ժամանակ»։

Մակար կաթողիկոսի մահուամբ դպրոցական խնդիրն իրաւականի կողմից նորից այն կերպարանքն էր ընդունում, ինչ որ 1883-84 թուականներին։ Հայ հոգեւորականութեան մի մասը, այսպէս կոչւած պահպանողական թեւը, գլուխ ունենալով Սուքիաս եպ. Պարզեանցին՝ կամենում էր ինքնակալական Ռուսաստանում հայոց գործերը փրկել նոյն ինքնակալական դրօշակով։ Նա դպրոցական գործը համարում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին անմիջապէս ենթակայ մի գործառնութիւն եւ ուստի եկեղեցու նոր պետին էր վերապահում լուծելու այն բոլոր խնդիրները, որ կարող էր առաջ մղել կառավարութիւնը։ Այս իմաստով Սինօդը, որ պահպանողականներից էր կազմւած, թելադրեց Էջմիածնի Ուսումնարանական-վարչական Յանձնաժողովին պաշտօնական «Արարատում» (1891 թ. Օգոստոս) տպագրելու հետեւեալ ծանուցումը. «1891 թ. մայիսի 3-ին կազմած Սինօդի օրագրութեան պատճէնը Ուսումնարանական-Վարչական Յանձնաժողովոյս առաքուեցաւ ի գիտութիւն եւ ի պարտուպատշաճն տնօրէնութիւն։ Յանձնաժողովս այսու յայտարարում է, թէ այսուհետեւ մինչեւ ամբառնալն ընտրելի Քահանայապետի ի փառապանծ Գահ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ ա) այլեւս նորոգ ծխական ուսումնարաններ չըպէտք է բանալ. բ) հաստատուած հոգաբարձուները պէտք է շարունակեն իրանց պաշտօնը. գ) ցուցակի մէջ նշանակած ուսուցիչները եւ ուսուցչուհիները անփոփոխ վայելում են իրանց արտօնութիւնները, բացի նոցանից, որոնք միայն մի տարով արտօնութիւն են ստացել. դ) ուսուցիչների նոր ցուցակ չի տպագրուիլ. ե) այն անձանց անունները, որոնք վերջին տարին խնդրամատոյց լինելով հոգելոյս Հայրապետին՝ արժանացել են Նորին Վեհափառութեան շնորհին, բայց տակաւին չեն մուծուած ցուցակի մէջ՝ առանձին թղթով կըծանուցանուին Վիճակաւոր Առաջնորդներին. զ) պետական եւ ազգային դպրոցներից նորաւարտները, եթէ ունին պահանջուած արտօնութիւններն եւ ցանկան հայոց ծխական ուսումնարաններում ուսուցչութեան պաշտօն վարել, պէտք է դիմեն տեղական Վիճակաւոր Առաջնորդին, որոնք, եթէ հաւանութիւն տան՝ իրանց կողմից պէտք է նոցա վաւերական արտօնագրերը Յանձնաժողովոյս առաքեն, որպէսզի հոգելոյս Հայրապետի կանոնաց եւ հրահանգաց համեմատ ստուգուին եւ պաշտօնի մէջ նոցա նշանակուելու մասին Կովկասեան ուսումնարանների Հոգաբարձուին կանխաւ տեղեկութիւն տրուի»։

Ուսումնարանական Վարչական Յանձնաժողովը մի ուրիշ ծանուցման մէջ յայտնում էր, որ 1889 թ. մարտի 22-ի բացատրութիւններով կաթողիկոսին վերապահւած իրաւունքներն ու շնորհներն իրանց ոյժի մէջ են մնում մինչեւ հինգամեակի լրանալը, այն է մինչեւ 1894 թ. մարտի 22-ը։

Հայ հոգեւորականութեան պահպանողական թեւի տեսակէտները յաղթութիւն չվաստակեցին։ Մակար կաթողիկոսի մահից յետոյ նոր դպրոցների բացումը կանգ չառաւ։ Ուսուցչութեան համար խնդրագրեր ընդունում էր տեղապահ Երեմիա եպ. Գալստեանը, որ լիբերալ բանակի մարդ էր համարւում։ Պահպանողական թեւն ահաբեկւեց եւ նրանով, որ նրա պարագլուխ Սուքիաս եպ. Ռուսաստան աքսորւեց կառավարութեան կարգադրութեամբ։

Նշանակալից են այո անցուդարձերն ու վէճերը, երբ նկատի է առնւում, թէ ինչպէս պատին սեղմւած հայ մտածող մարդիկ կամենում էին եկեղեցու աւանդութիւններով կամ օրէնքի պաշտպանութեամբ փրկել ազգի լուսաւորութեան գործը մի ոյժից, որն անհամեմատ հզօր էր եւ իր բռունցքի մէջ էր պահում ե՛ւ օրէնքը ե՛ւ մարգարէները։

Հայոց դպրոցների պաշտպանութեան գործում Մկրտիչ Խրիմեան կաթողիկոսը (պատրիարքութեան մէջ հաստատւած 1893 թ. յունիսի 3-ին) իր նախորդից աւելի երջանիկ չեղաւ, այլ նոյնիսկ պակաս ուշադրութեան եւ շատ նեղութիւնների արժանացաւ։

  1889 թ. մարտի 22-ի արտօնութիւնների ժամանակը լրանում էր 1894 թ. ։ Խրիմեանը խնդրեց մի տարող երկարաձգել ժամանակամիջոցը։ Այդ խնդրանքը յարգւեց, բայց դրա հետ միասին նորից հիմնական քննութեան առնւեցին 1884 թ. կանոնները, ըստ որում Պետերբուրգի բիւրոկրատիան պարզեց, որ հայ հոգեւորականութիւնը պահպանում է տարրականից աւելի բարձր դասընթացքներ ունեցող դպրոցներ, այն էլ ոչ եկեղեցական աղբիւրներով։ Եթէ այդ դպրոցները, որ 190-ից կազմում էին 130, յանձնւէին դպրոցական վարչութեան, ապա ինքնին կը վերանար ուսուցիչների ցենզի հարցը։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն հաղորդում էր, որ իր շրջանի տարրական դպրոցների ուսուցիչների շարքում հայ ուսուցիչների թիւը հասնում է մինչեւ 160-ի եւ իւրաքանչիւր տարի՝ ուսուցչական տեղեր չլինելու պատճառով՝ շատ իրաւունակ հայեր մերժում էին ստանում։ Ուրեմն ցենզի հետ կապւած դժուարութիւնները վերանում էին նրանով, որ հարց էր դրւում պետութեան յանձնելու ամենից բարեկարգ եւ նիւթապէս ապահով հայ դպրոցները։

Այս որոշումն ընդունելուց յետոյ Ներքին Գործոց Նախարարը Կովկասի Կառավարչապետի միջոցով յայտնեց Խրիմեանին (1895 թ. նոյեմբերին), որ 1891 թ. մարտի 7-ի ցուցմունքները մնում են իրանց ոյժի մէջ, այսինքն կրկնւում էր Մակար կաթողիկոսին ուղղւած սպառնալիքը։ Իսկ մինչեւ այդ 1894 թ. յունիսին Կովկասի Կառավարչապետն արդէն ձեռնամուխ էր եղել հայոց դպրոցների մասին տեղեկութիւններ ժողովելու եւ նրանց գրաւումը կազմակերպելու։ Նահանգապետներին ուղղած շրջաբերականի մէջ Կառավարչապետը գրում էր. «1884 թւի փետրւարի 16-ին Բարձրագոյն հաւանութիւն ստացած Կովկասի Հայ-Լուսաւորչական դպրոցների վերաբերեալ կանոնների հիման վրայ, այդպէս կարող են անուանել միայն այն հանրակրթական տարրական միդասեան եւ երկդասեան դպրոցները, որոնք գտնւում են Հայ-Լուսաւորչական դաւանութեան եկեղեցիներին եւ վանքերին կից եւ պահպանւում են կամ բացառապէս եկեղեցական եւ վանքական գումարների հաշւով, կամ ծխականների օժանդակութեամբ։

Այն ինչ, ստացած տեղեկութիւնների համեմատ, մի քանի հայ դպրոցներ Այսրկովկասեան երկրում (տեսանք, որ նրանց թիւը 160-ն է Դ. Ա. ), որոնց Հայ-Լուսաւորչական հոգեւոր իշխանութիւնն եկեղեցական դպրոց անունն է տալիս, պահպանւում են բացառապէս տեղական գիւղական հասարակութիւնների միջոցներով հասարակական այնպիսի վճիռների հիման վրայ, որոնք կազմւած են առանց վարչութեան գիտութեան, իսկ այդ ուսումնարանները պահպանելու համար եկեղեցիներն իրանց եկամուտներից ոչինչ չեն տալիս. այդ տուրքը առնւում է հարկերի հետ միասին, բայց աւելի խստութեամբ (ո՞վ ասաց Դ. Ա. ), եւ, վերջապէս, հաւաքւած փողերը, առանց որեւ է կոնտրոլի վարչութեան կողմից, ծախսում են հասարակութիւններից ընտրւած անձեր, որոնք դպրոցների հոգաբարձուներ են կոչւում։

Ուշադրութեան առնելով այն հանգամանքը, որ ամբողջապէս հասարակական գումարներով պահւող դպրոցները չպէտք է եկեղեցական դպրոցների հետ համեմատւին, որովհետեւ վերոյիշեալ կանոնների հիման վրայ, եկեղեցական դպրոցներ կարող են անուանւել միայն այն ուսումնարանները, որոնք ծխականներից միայն օժանդակութիւն են ստանում ի լրումն եկեղեցական կամ վանքական գումարների եւ գտնելով, որ չի կարելի թոյլ տալ, որ ամբողջ հասարակութիւնը պարտաւորւի միջոցներ տալու բացառապէս հայոց եկեղեցական դպրոցներ պահելու համար, եւ ի նկատի առնելով այն, որ այդ կերպ վարւելով հասարակութիւնները (որոնց շրջանում կարող են լինել եւ ոչ ծխականներ Հայ-Լուսաւորչական եկեղեցիների) զրկւում են բոլոր դաւանութիւններին պատկանող մանուկների համար ընդհանուր հիմունքներով սովորական տարրական դպրոցներ բանալու հնարաւորութիւնից, Կովկասեան գլխաւոր վարչութիւնը անհրաժեշտ է համարում յայտնի կացուցանել հայոց եկեղեցական բոլոր դպրոցների պահպանութեան աղբիւրները Կովկասում, պատշաճաւոր միջոցներ ձեռք առնելով, որպէսզի դադարեն եկեղեցական անուանւել այն դպրոցները, որոնք միջոցներ են ստանում ոչ թէ եկեղեցական կամ վանքական գումարներից բացառապէս կամ օժանդակութեան ձեւով ծխականների կողմից, այլ միմիայն քաղաքային կամ գիւղական հասարակութիւններից, կամ թէ բարեգործական ընկերութիւններից» [7] ։ Այս ցուցմունքները տալով՝ Կառավարչապետը պահանջում էր նահանգապետներից հաւաքել եւ հաղորդել համապատասխան տեղեկութիւններ։

Հաւաքած տեղեկութիւնները պիտի գային պսակելու հալածող բիւրոկրատիայի ջանքերը։ Դեռ եւս 1892 թ. դեկտեմբերի 1-ին Պետական խորհուրդը որոշել էր, որ Անդրկասպեան երկրում հայոց դպրոցներ կարող են բացւել Թուրքեստանի գեներալ-նահանգապետի կամ Անդրկասպեան Շրջանի Գլխաւորի համաձայնութեամբ ըստ պատկանելւոյն եւ որ բացի կրօնից բոլոր առարկաների դասաւանդումը պիտի լինի ռուսաց լեզւով [8] ։ Այսրկովկասում սկսւած հալածանքը հայոց դպրոցների դէմ այլ նպատակ չունէր, քան ստեղծել նրանցից Անդրկասպեան երկրի դպրոցների նման հաստատութիւններ, որոնք պահւելիս լինեն հայ հասարակութեան միջոցներով, բայց կուրօրէն ծառայեն ռուսացման գործին։

1895 թ. էլ վերջին անգամ Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն տարեկան հաշւէտւութեան մէջ իր վատ վկայութիւնը տուաւ հայոց դպրոցներին։ «Հայոց, ինչպէս եւ մուսուլմանական ու հրէական դպրոցները, գրւում էր նրա անունից. բոլորը համարեա թէ ոչնչութիւն են մանկավարժական տեսակէտից եւ այդ պատճառով սակաւ բացառութեամբ չեն հասցրել այն նպատակին, որին պիտի ձգտէ դպրոցը, այսինքն բնակչութեան բարոյական եւ նիւթական բարգաւաճման եւ նրա կապի ամրացման պետութեան հետ»։ Այսպէս էր խօսում մի դպրոցական գործի բարձր ղեկավարը, որ յանուն ռուսացման ամեն քայլափոխում ոտնահարում էր բնակչութեան բարոյական հասկացողութիւնները եւ ազգային արժանապատւութիւնը։

Հնչեց հայ դպրոցների երկրորդ փակման ժամը։ Նահանգապետների միջոցով հաւաքած տեղեկութիւնների հիման վրայ Կառավարչապետի դիւանատունը գտաւ, որ 190 դպրոցներից 168 պահպանւում են «կողմնակի» միջոցներով եւ միայն 22-ը գոյութեան այնպիսի աղբիւրներ ունին, որ համապատասխանում են 1884 թ. կանոններին։ 1895 թ. դեկտեմբերի 8-ին Կովկասի Կառավարչապետը վերոյիշեալ 168 դպրոցների ցուցակը ուղարկեց Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին, առաջարկելով վերջինիս ընդունել եւ ենթարկել նրանց դպրոցական վարչութեան։ Միաժամանակ այդ մասին հաղորդւեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ խնդրւեց նրանցից կարգադրել, որ հոգեւոր վարչութիւնն դպրոցները յանձնի պետական ուսումնարանական իշխանութիւններին։ «Այս կարգադրութեան՝ հիման վրայ, գրում է Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն իր հաշւէտւութեան մէջ, 1896 թւի սկզբին սկսւեց նրա իրագործումը. ժողովրդական դպրոցներէ տեսուչները վարչութեան ներկայացուցիչների կամ ոստիկանական պաշտօնեաների ուղեկցութեամբ այցելում էին դպրոցները եւ ներկայացնում վարիչներին ու հոգաբարձուներին պ. Կառավարչապետի վերը յիշւած կարգադրութիւնը, պահանջելով անմիջապէս տեղական տեսչութիւնների կառավարչութեանը յանձնել դպրոցները եւ ընդհանուր ստորագրութեամբ արձանագրութիւն կազմել այդ յանձման մասին։ Ցաւելով պիտի ասել, որ ոչ մի դպրոցում այդ յանձնումը տեղի չունեցաւ եւ արդէն յունւար ամսից ժողովրդական դպրոցների տեղական տեսուչներից սկսեցին հաղորդագրութիւններ հասնել արձանագրութիւններով հանդերձ թէ դպրոցների վարիչները հրաժարւեցին հպատակւել իրանց առաջադրած պահանջներին, յայտնելով, որ կարգադրութիւն չունին իրանց բարձր հոգեւոր իշխանութիւնից։ Այդպիսով անկանոն կերպով ծխական կոչւող 168 հայ դպրոցների ենթադրւելիք յանձնումը Ուսումնարանական Շրջանի տեղի չունեցաւ եւ նրանք փակւեցին տեղական վարչութեան կարգադրութեամբ։ Հայոց հոգեւորականութեան վարչութեան ներքոյ մնացին միայն այն իսկապէս եկեղեցական ու վանական պահանջները, որոնք բաւարարում էին 1884 թ. կանոնների պահանջները։ Դրանք թւով 20 էին, իսկ տարւայ ընթացքում բացւածների հետ 28, որոնցից 25-ը Այսրկովկասում, 3-ը Հիւսիսային Կովկասում։ Այդ դպրոցներում 1896 թ. սովորում էին 2272 երեխայ (1449 տղայ եւ 823 աղջիկ)։ Նրանց վրայ ծախսւած է 33222 րուբլի» [9] ։

Հայոց դպրոցները փակւեցին։ Ռուսացման մարմաջը լիուլի բաւարարութիւն ստացաւ։ Բիւրոկրատիան գոհ էր իր կատարածից։ Կովկասի Կառավարչապետ Շերեմետեւը, որի օրով տեղի ունեցաւ այդ մտասպանութիւնը, իր ամենահպատակ զեկուցման մէջ Ալէքսանդր III-ին բացատրում էր, որ հայոց դպրոցներում ուսուցումը խիստ անբաւարար էր, աշակերտները համարեա չէին սովորում ռուսաց լեզուն (դա ասւում էր հայերի մասին, որ աւելի շուտ չէին սովորում հայերէնը Դ. Ա. ), իսկ հայոց հոգեւորականութիւնը՝ գլուխ ունենալով պատրիարքին՝ գործադրում էր բոլոր ջանքերն աւելացնելու այդ դպրոցների թիւը, որոնք պետական տեսակէտից հանդիսանում էին չափազանց վտանգաւոր հաստատութիւններ։

Հայոց դպրոցները փակւել էին այն պատճառաբանութեամբ, որ իրանց գոյութեան աղբիւրներով շեղւում են 1884 թ. փետրւարի 16-ի կանոններից։ Ուրեմն եթէ ճշտութեամբ կատարւէին այդ կանոնները՝ պիտի դադարէր հալածանքը։ Այդպէս է դուրս գալիս առողջ տրամաբանութեամբ։ Գուցէ հայ ժողովուրդն ու հոգեւորականութիւնը գտնէին որոշ միջոցներ, որով բառացիօրէն կատարւած լինէին օրէնքի ու իշխանութեան պահանջները։ Այս հանգամանքն ըստ երեւոյթին մտահոգութիւն էր պատճառում եւ դպրոցական բիւրոկրատիային։ Նա սկսեց կասկածով նայել իր շուրջը եւ գտաւ, որ հայ հոգեւորականութիւնն արդէն կազդուրւել է առաջին հարուածից եւ պատրաստւում է վերստեղծել հին դպրոցական ցանցը, ի հարկէ, առերեւոյթս վահանաւորւելով 1884 թ. փետրւարի 16-ի կանոններով։ Որպէսզի միանգամ ընդմիշտ փակւած լինի հայոց դպրոցների գոյութեան խնդիրը՝ կառավարութիւնը հրատարակեց 1897 թ. յունիսի 2-ի հրամանը, որով առհասարակ բոլոր եկեղեցական-ծխական ուսումնարանները յանձնւում էին պետական դպրոցական վարչութեան եւ հայ հոգեւորականութեան միայն վերապահւում էր իրաւունք հսկել այդ հաստատութիւնների աշակերտութեան կրօնական կրթութեան վրայ։

1897 թ. յունիսի 2-ի հրամանը վերջնականապէս զրկեց հայերին ազգային տարրական դպրոց ունենալու հնարաւորութիւնից, բայց նա նիւթականի տեսակէտից չուռճացրեց նաեւ Կովկասի Ուսումնարանական Շրջանի բիւջէն։ Այս վերջին հանգամանքը հանգիստ չպարգեւեց բիւրոկրատիային։ Խլւած էին ուսումնարանները, բայց դրանք լոկ անուններ էին։ Քանի այդ անունն առաջ էր մղւում հայ հոգեւորականութեան կողմից, այն ունենում էր բնակարան, պիտոյքներ եւ դրամ, ամենն իբր յօժարակամ ժողովրդական զոհաբերութիւն։ Իսկ երբ այդ անուան տէր էր կանգնում ռուս պաշտօնեան՝ չորանում էին առաջւայ առատաբուղխ աղբիւրները եւ նրա վրայ բարդանում էր բարոյական պարտականութիւն փակւածի փոխարէն բանալու նորը։ Որտեղից պիտի գտնւէին այդքան միջոցներ լուսաւորութեան գործի համար, լուսաւորութեան, որ բռնապետական կառավարութեան յետին մտահոգութիւնն էր կազմում, իսկ ներկայ դէպքում կոչւում էր սպասաւորելու մի հպատակ եւ չխրախուսւող մանր ազգի կարիքներ։ Պէտք էր այդ ազգի իւղով տապակել նրան։ Եւ ահա այդ նպատակով հրատարակւում է 1898 թ. մարտի 26-ի հրամանը —յանձնել դպրոցական վարչութեան եւ այն գոյքերը, որոնք պատկանելիս են եղել փակւած դպրոցներին։ Հայ հոգեւորականութեան իրաւունք էր վերապահւում ընդհանուր դատաստանական կարգով հետամուտ լինել յանիրաւի գրաււած գոյքերի սեփականութեան մասին, այսինքն ապացուցել, թէ որ գոյք է պատկանում դպրոցներին եւ որն եկեղեցիներին ու վանքերին։

Ասացինք, որ հայոց դպրոց ասածդ ընդհանրապէս անուն էր, որ կենդանութիւն եւ բովանդակութիւն էր ստանում ժողովրդական զոհաբերութեամբ։ Յատկապէս դպրոցական գումարներ ու անշարժ գոյքեր շատ քիչ ունէր հայոց դպրոցը։ Դրանք պատկանում էին եկեղեցուն, որը չէր կոչւած միմիայն դպրոց պահելու։ Եւ երբ կառավարութիւնը սկսեց գրաւել դպրոցական գոյքերը՝ դուրս եկաւ, որ կամ գրաւելու բան չկայ կամ գրաւելիք գոյքը պատկանում է եկեղեցուն։ Եթէ չնայած բոլոր փաստաթղթերին ուսումնարանական վարչութիւնն այնուամենայնիւ իր թաթն էր դնում դպրոցական համարւած այս կամ այն անշարժ գոյքի վրայ՝ ծագում էր դատաստանական վէճ, որն ըստ մեծի մասին շահում էր եկեղեցին։ Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուն 1898 թ. մարտի 26-ի հրամանի հրատարակութիւնից չորս տարի անց, 1901 թւին, իր տարեկան հաշւէտւութեան մէջ գրում էր, որ Շրջանը անհրաժեշտօրէն պիտի ունենայ իր իրաւաբանը, որպէսզի նա կարողանայ վարել եւ ուղիղ ընթացք տալ այն բազմաթիւ գործերին, որոնք ծագում են հայ հոգեւորականութեան հետ։ Ժողովրդական դպրոցների տեսուչներն ու վերատեսուչները շեղւում են իրանց անմիջական պարտականութիւններից եւ հմուտ չլինելով իրաւաբանական խնդիրներում, շարունակում է Հոգաբարձուն, անուղղելի սխալներ են գործում այդ վէճերի ընթացքում։

Ահա այսպէս՝ դպրոցական հարցը գնալով բարդացաւ ու խորացաւ եւ կառավարութեան առաջ խնդիրն ընդունեց ընդհանուր քաղաքական վերաբերմունքի կերպարանք դէպի հայ ժողովուրդն առհասարակ։ Այդ հարցը սկզբում ծագեց իբրեւ մի ձգտում հայ աշխարհիկ դպրոցը խեղդելու կղերական պատեանում։ Ապա ուսուցման մարմաջը պահանջեց նրա ոչնչացումն ընդհանրապէս։ Դպրոցը փակւեց եւ նրա ժառանգը միայն դատարկ քսակ գտաւ հոգաբարձուների մօտ, որովհետեւ այդ քսակի լցնողը հանուր ժողովուրդն էր, որն երես դարձրեց դպրոցից, երբ նրա բանալիները ձեռքն առաւ ռուս պաշտօնեան։ Կառավարութիւնը կարծեց, թէ եկեղեցին թագցնում է դպրոցական գոյքերը։ Հետամուտ եղաւ գրաւելու այդ աղբիւրները, բայց դուրս եկաւ, որ հէնց օրէնքով նրանք եկեղեցու անկապտելի սեփականութիւնն են կազմում, ուստի եւ կարիք զգացւեց նոր օրէնսդրական միջոցների։ Այդ նոր միջոցը 1903 թ. յունիսի 12-ի հրամանն էր, որով պետութիւնը յափշտակում էր հայոց եկեղեցու գոյքերը։ Բայց այստեղ դիմադրութիւնն ընդունեց ժողովրդական մասսայական ըմբոստացման կերպարանք, որը քաղաքական կորով մատակարարեց հայերին եւ յաղթութեամբ պսակեց նրանց կռիւը։ Այդ կռւի պատմութիւնը դուրս է աշխատութեանս ներկայ հատորի շրջանակից։ Կամեցանք միայն ցոյց տալ, որ հալածանքն էլ ունի իր զարգացման հետեւողականութիւնը, ինչպէս այդ ունի եւ դիմադրութիւնն ու պայքարը յանուն անկաշկանդ գոյութեան եւ իրաւունքի։

Վերջիվերջոյ այս պայքարը, որ դպրոցի շուրջը եւ դպրոցի անունով ծագեց ու վարւեց ռուս կառավարութեան եւ հայ հոգեւորականութեան միջեւ, մի նեղ ու սահմանափակ վէճ չէր, որի մէջ շահագրգռուած էին, ասենք, երկու իշխանատենչ խմբակներ։ Տեսանք, թէ հայ հոգեւորականութեան թիկունքին կանգնած էր այն բոլոր լաւագոյնը, որ կար հայութեան մէջ, իսկ ամենից առաջ հայ հասարակ ժողովուրդը։ Նա էր, որ նիւթականի առատ աղբիւր էր հայ դպրոցի համար, իսկ խոժոռ եւ անհամբոյր դէմք, երբ խնդիրը վերաբերում էր ռուսացման գործիք պետական ուսումնարանին։ Ռուս բիւրոկրատիան մենակ չէր իր մտասպան գործի մէջ։ Նա իր շարքերից դուրս գաղափարախօսներ ունէր, որոնք ջատագովում էին նրա «հայրենասիրական» գործերը։ Ի՞նչ էին ասում խարազանի այդ սպասաւորները։

Կառավարական պաշտօնական “Кавказъ” թերթում (1897, N125) հայոց դպրոցների փակման առիթով գրւում էր. «Մեր առարկութիւնները պէտք է լինին այն հիմնական դրութիւնից, որ կառավարութիւնը չէ փակել հայոց դպրոցները, այլ նրանց փակել է ինքը հայ հոգեւորականութիւնը, չցանկանալով հպատակւել օրէնքի վրայ հիմնւած, հետեւաբար եւ տեղական դպրոցական վարչութեան ոչ անսպասելի եւ ոչ «քմահաճ» պահանջներին։ Դա կառավարական ճնշում չէր, այլ Կովկասի հայութեան ցուցարարութիւն իւր հոգեւորականութեան միջոցով ընդդէմ պետական իշխանութեան օրինական պահանջների։ Եթէ այս պարագայում վնասւել է ժողովրդական լուսաւորութեան գործը երկրում, եթէ նա վնասւել է յատկապէս, թէեւ ժամանակաւոր ձեւով, յանձին փակւած դպրոցների սովորող երիտասարդութեան, եթէ ցուցարարութեան հետեւանքի հետ կապւած չարդարացած հաշիւը յամենայն դէպս խաղաղութիւն չմտցրեց իրանց հայերի կողմից ոչ-վաղ ժամանակից յարուցած անվստահութեան մէջ, ապա պետական իշխանութիւնը այստեղ անպարտ է. նրան չի կարելի մեղադրել իր ցոյց տւած համբերատարութեան շնորհիւ նոյնիսկ այն բանի մէջ, որ նա իշխանութեան արժանապատւութեան տեսակէտից ներգործման խիստ միջոցների է դիմել»։ Հայոց դպրոցների շուրջն եղած օրէնքների ու կարգադրութիւնների պատմութիւնն անելուց յետոյ “Кавказъ”-ի հեղինակը դառնում է ուսուցչական ցենզի հարցին եւ հետեւեալն ասում. «Տեղական Ուսումնարանական Շրջանում չէին կարող մայրաքաղաքի մարդկանց պէս միամիտ լինել եւ բաւարարւել նրանով, որ ուսուցիչները պահանջւած ցենզի փոխարէն ներկայացնէին աւարտման վկայականներ հայոց թեմական դպրոցներից եւ անգամ Ճեմարանից, որովհետեւ տեղական հոգաբարձուին, ինչպէս եւ շատ առողջամիտ մարդկանց տեղում ամենեւին պատկառանք չեն ներշնչում «Սեմինարիա» եւ «Ճեմարան» կոչումները։ Այդ անունով հայոց հաստատութիւնները Կովկասում կառավարական վաւերացրած ու յայտարարած ծրագիրներ չունին, ինչպէս եւ օրինական եղանակով որոշւած շտատներ… թէ ինչ ճեմարան ու սեմինարիաներ են դրանք՝ կարելի է եզրակացնել մասամբ նրանից, որ նրանց սաներին այնքան դժուար է գալիս ցենզի քննութիւնը»…

Հայոց դպրոցներում չպիտի լինէր Հայաստանի պատմութեան եւ աշխարհագրութեան ուսուցումը, գրում է յօդուածագիրը։ «Բայց դպրոցների քննութեան ժամանակ նկատւել են Փարիզում կամ Վենետիկում հրատարակւած Հայաստանի քարտէզներ, որոնց շրջանառութիւնը արգելւած էր Ռուսաստանում։ Աշակերտների տարօրինակ պատասխանները Ռուսաստանի պատմութիւնից եւ աշխարհագրութիւնից անհրաժեշտ դարձրին ծանօթանալ դասագրքի հետ, որ պատրիարքի կողմից մատնանշւած էր հաւանութեան արժանացածների թւում։ Այդ դասագրքի առաջին իսկ երեսին ասւում է. «Հայաստան՝ վեհ խօսք, վեհ յիշողութիւն անցեալ ժամանակների, վեհ տարր ապագայի։ Ով կարող է ասել, թէ յիսուն տարւայ ընթացքում ինչ կդառնայ այն երկիրը, ուր օրնիբուն աճում է հայ ժողովուրդը, ջանասէր եւ լի ապագայի մի ցեղ»։ «Հայերը թւական եւ բարոյական տեսակէտից գերազանցում են իրանց շրջապատող ժողովուրդներին»։ «Աստուածային Նախախնամութեամբ հայ ժողովուրդն ընտրւած է քրիստոնէութիւն եւ քաղաքակրթութիւն տարածել Արեւելքում»։ «Եթէ արտադրողական ոյժերը անկման մէջ են երկրում՝ դրա մէջ մեղաւոր է կառավարութիւնը… այն օրից երբ Հայաստանը զրւկել է իր բնական թագաւորներից՝ շատ տեղեր՝ շնորհիւ վատ կառավարութեան՝ խոպան են դարձել, յաճախ ենթարկւում են սովի։ Կառավարութիւնն երկրագործին ծանրաբեռնում է զանազան հարկերով, իշխանաւորները ճնշում ու կողոպտում են… երկրագործը սեփական հող չունի։ Ռուսական Հայաստանը կազմում է փոքրիկ բացառութիւն»։ Երբ արգելւեց Հայաստանի պատմութեան եւ աշխարհագրութեան ուսուցումն՝ եկեղեցական դպրոցներից չքացան եւ Ռուսաստանի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը, իսկ հայոց պատմութիւնն եւ աշխարհագրութիւնը մտան հայոց եկեղեցու պատմութեան եւ գրականութեան դասագրքերի մէջ» [10] ։

Պարզ է, որ Հայաստանի ատելի դարձած աշխարհագրութեան դասագրքից մէջ բերած այս կտորները վերաբերում էին թիւրքական բաժնին։ Դասագիրք կազմողը յատկապէս յիշել ու զատել է Հայաստանի ռուսական բաժինը, լաւ վկայութիւն տալով այնտեղ տիրող պայմաններին։ Սակայն ազգային արթնացած գիտակցութեան դէմ մաքառող ռուս բիւրոկրատիայի համար միեւնոյնն էր, թէ ինչ ազդակներ են հրահրում այդ գիտակցութիւնը։ Թող թիւրքական վատ կարգերը լինէին այդ ազդակը։ Հետեւանքը մէկ պիտի լինէր։ Թիւրքիային մերժողը պիտի վերջի վերջոյ մերժէր եւ Ռուսաստանը։ Այս պատճառով է, որ բիւրոկրատիան ցնցւում եւ կատաղում էր, երբ հայի ցասման խօսքը վերաբերում էր անգամ Թիւրքիային։ Նմանը սիրում էր նմանին։ Մէջտեղ տուժում էր միամիտ հայը, որ կարծում էր, թէ պախարակելով թիւրքական կարգերը՝ նա չի մեղանչում Ռուսաստանի դէմ։

Հայոց դպրոցների փակման առիթով կառավարական խարազանի մի ուրիշ սպասաւոր գրում էր. «Խորամուխ լինելով այն պայքարի պատմութեան իմաստի մէջ, որ վարում էր հայ հոգեւորականութիւնն եկեղեցական դպրոցների դրութեան պատճառով ռուս իշխանութեան ներկայացուցիչների դէմ Կովկասում, չի կարելի չզարմանալ այն ծայրայեղ կուրացման եւ անգործնականութեան վրայ, որոնցմով յիշեալ հոգեւորականութիւնը սկսել եւ շարունակում է մինչեւ այժմ իր անխելացի ու յամառ պայքարը։ Ըստ էութեան այդ պայքարն է պայքար հայոց եկեղեցական դպրոցի ինչ որ ազատութեան ուրուականի համար։ Ռուսական իշխանութեան ներկայացուցիչների կողմից այդ դպրոցի աւել կամ պակաս շահերի եւ իրաւունքների նկատմամբ ոտնձգութիւն չի եղել եւ չկայ։ Ինչ որ էապէս պիտի թանգ լինէր այդ դպրոցի համար, ինչպէս մայրենի լեզուով ուսուցումը, հարազատ դաւանանքի ոգով կրօնական ճշմարտութիւնների անարգել հաղորդման իրաւունքը սաներին, դրանով հայոց եկեղեցական դպրոցը օգտւել եւ օգտւում էր։ Ինչ վերաբերում է այն պահանջներին, որ ռուսաց լեզուն, իբրեւ ընդհանուր պետական լեզու, չքշւի այդ դպրոցից, որ Ռուսաստանի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը ռուսերէն լեզուով ուսուցւի այդ դպրոցում եւ այն պահանջւած ծաւալով ու ձեւով, եւ որ, վերջապէս, բարձր հսկողութիւնն այդ դպրոցի գործիչների բարոյական եւ քաղաքական բարեյուսութեան վրայ պատկանէ ռուսական իշխանութեան ներկայացուցիչներին, ապա այդ պահանջներն այնքան բնական եւ արդարացի են, որ ներհակել նրանց, հրաժարւել կատարելու այն ընդունակ է միայն կուրացած ֆանատիկոսը, բոլոր ռուսականի կատաղի եւ աչառու հակառակորդը» [11] ։

Այսպիսի հասարակական մթնոլորտում խափանւեց հայ ժողովրդի լուսաւորութեան գործը։ Խափանողները մեղադրւողից մեղադրող դարձան, որովհետեւ իրանց ձեռքումն ունէին պահած ե՛ւ քարը ե՛ւ ընկոյզը։ Մի քանի զսպւած ձայներ, որ յօգուտ հայ դպրոցների հնչւեցին մայրաքաղաքների (Պետրոգրադ եւ Մոսկւա) ռուս մամուլում պատկանում էին կամ հայերին կամ վերջիններիս լաւ բարեկամներին։ Ռուսական հասարակական կարծիքն այնքան էր ճնշւած ընդհանրապէս կամ այնքան անիրազեկ էր պետութեան ծայրգաւառների անցուդարձերին, որ նրա համար հայութեան գլխին փլւած աղէտն ուշադրութեան արժանի մի բան չէր համարւում։ Մեծ ձուկն ուտում է փոքրին։ Ռուսական Լեւիաթանը կամենում էր կլանել հայ փոքր ժողովրդին, եթէ վերջինս փշեր ու սրեր չհագնէր։ Վերահաս յեղափոխութիւնն արձակեց իր ազատարար որոշումը եւ սղոցեց Լեւիաթանի ժանիքները…

֍

Հայոց դպրոցին եղած հալածանքն ընդհանրապէս հայ լեզուի եւ ինքնուրոյնութեան դէմ մղւած պատերազմի ճակատներից մէկն էր եւ գլխաւորը։ Երկրորդական ճակատներում կոխկրտւում էին բարեգործական-լուսաւորական ընկերութիւնները, ճնշւում էր մամուլը եւ խղճի ազատութիւնը։ Հայերի կուլտուրական ոգորման մէջ այս ճակատներն աննշան չեն եւ ունին իրանց յատուկ պատմութիւնները։

Հայոց բարեգործական-լուսաւորական ընկերութիւնները (Բագուի Մարդասիրական Ընկերութիւն, Կովկասի Հայոց Բարեգործական Ընկ. եւ Թիֆլիսի Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւն) այն հաստատութիւններն էին, որոնց մէջ էր ամփոփւում հայ աշխարհիկների հասարակական եռանդը։ Դպրոցների եւ գրադարանների պահպանութիւն, օգնութիւն ուսանող սերունդին, պարզ բարեգործութիւն ահա նրանց գործառնութիւնները, որոնք խիստ կարեւորութիւն էին ստանում նկատի առնելով, որ հայերի մէջ կուլտուրական բոլոր հիմնարկները պահպանւում էին հասարակական յօժարակամ զոհաբերութեամբ։

Ռուսացման մարմաջը, քաղաքական կասկածամտութիւնը եւ հալածասիրական բռնաւոր ոգին այս ասպարէզում էլ գործ ճարեց իր համար։ Կովկասի Կառավարչապետ իշխ. Գոլիցինը, որ պաշտօնի էր անցել 1896 դեկտեմբերին, կամեցաւ ամբողջացած տեսնել հայահալած քաղաքականութիւնը եւ 1899 թ. սկզբին հարց յարուցեց բարեգործական-լուսաւորական ընկերութիւնների կանոնադրութիւնների փոփոխման մասին։ Պետերբուրգի բիւրոկրատիան համաձայնւեց Գոլիցինի հետ եւ յիշեալ ընկերութիւններին առաջարկւեց ընդունել նրանց համար մշակւած կանոնադրութիւնները։ Նոր կանոնադրութիւններով ընկերութիւնները զրկւում էին կրթական-լուսաւորական աշխատանքից եւ նրանց նպատակն էր դառնում նիւթապէս օգնել հայ-լուսաւորչականներին հագուստ եւ սնունդ մատակարարել, ապաստարաններ, աղքատանոցներ, որբանոցներ բանալ, աշխատանք ճարել, գործիքներ բաժանել եւ չունեւորներին ճանապարհածախս տալ, մի խօսքով պարզ բարեգործութեամբ ու աղքատախնամութեամբ զբաղւել։ Ընկերութիւններն իրաւունք չունէին ճիւղաւորւել։ Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան 20 ճիւղերը զանազան քաղաքներում դադարեցնում էին իրանց անդամակցութիւնը Թիֆլիսի կենտրոնին։ Ամեն մի ճիւղ կառավարական թոյլտւութեամբ կարող էր դառնալ անկախ մարմին, իբրեւ տեղական բարեգործական ընկերութիւն։ Ընկերութիւնների եկամուտները կազմւում էին անդամավճարներից (6 ր. ) եւ կամաւոր նուէրներից՝ դրամով, իրերով, այլ եւ կտակներով։ Ընկերութիւններն իրաւունք չունէին երեւոյթներով եւ նման ձեռնարկներով ճոխացնել իրանց միջոցները։ Նրանց գործավարութիւնն ու գրագրութիւնը պիտի կատարւէր ռուսերէնով։ Փակւելու դէպքում նրանց գոյքը, եթէ կտակի որեւ է յատուկ թելադրանք չկար, անցնում էր տուեալ քաղաքի ինքնավարութեան։

Բարեգործական-լուսաւորական ընկերութիւնների կանոնադրութիւնների փոփոխութիւնը հայ հասարակութիւնն ընդունեց հասուն որոշումով։ Ճիշտ է, սահմանափակւում էր նրա ինքնագործունէութեան ասպարէզը, նրանից խլւում էին հազար դժուարութիւններով ստեղծած գոյքերը (գրադարաններ, լուսաւորութեան նպատակով ընդունւած գումարներ ու կտակներ), ճնշւում էր նրա լեզուն, արգելւում հաղորդակցութիւնն իւրայինի եւ համախոհի հետ, բայց այնուամենայնիւ այդ հասարակութիւնը խուսափեց պարապ ցուցարարութիւններից եւ համակերպւեց կառավարութեան պահանջներին։ Պէտք էր փրկել ընկերութիւնները լաւ ապագայի յուսացումով։ Ապրիլին՝ ընկերութիւնների արտակարգ ընդհանուր ժողովները, յաճախ երիտասարդութեան բուռն կշտամբանքների տարափի տակ, որոշումներ հանեցին դրական իմաստով, թէ իրանք ընդունում են նոր կանոնադրութիւնները։ 1899 թ. յուլիսի 6-ին Ներքին Գործոց Նախարարը հաստատեց վերը յիշած երեք ընկերութիւնների կանոնադրութիւնները։ Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան ճիւղերը փակւեցին եւ խնամակալող իշխանութիւնը հնարաւոր չգտաւ այդ ճիւղերը վերածել ինքնուրոյն ընկերութիւնների։ Հասարակութեան կազմակերպումը եւ ինքնագործունէութիւնը Ռուսաստանում, նոյնիսկ բարեգործութեան անմեղ ասպարէզում, այնքան վտանգաւոր երեւոյթ էր նկատւում, որ կառավարութիւնը խուսափեց հայերին տեղական համագործակցութեան կենտրոններ շնորհելու։ Նրա համար ընդունելի էր միմիայն ժողովրդական փոշիացումը։

Հայոց լուսաւորական ընկերութիւնների շարքում առանձնայատուկ տեղ էր բռնում Հրատարակչական Ընկերութիւնը։ Նա հիմնւել էր 1879 թ. եւ ունէր կառավարութիւնից հաստատւած (1880 թ. յունւարի 21-ին) կանոնադրութիւն։ Քանի որ հալածանք էր բացւել հայ լեզուի, մտքի ու հաստատութիւնների դէմ՝ բնական էր, որ հասնէր եւ Հրատարակչականի վերացման հերթը։ Հասարակական ջանքերը փոշիացնող բռնակալութեան համար անհանդուրժելի էր եւ մի փոքրիկ՝ անդամավճարներով շնչող լուսաւորական օջաղ, որպիսին էր Հրատարակչականը։ Վերջինիս անդամները սակաւաթիւ էին 1892 թ. 357, 1895 թ. 420, 1896 թ. 514, 1897թ. 404, 1898 թ. 289, 1899 թ. 235, եւ բացի այդ ցրւած Այսրկովկասի եւ Ռուսաստանի զանազան վայրերում։ Խռնովի ըմբոստացումից դողացող բռնակալութիւնը չէր կարող երկիւղ կրել, որ 200-300 անդամ ունեցող կուլտուրական ընկերութիւնն ի վիճակի կը լինէր պայթեցնել նրա գահը։ Հետաքրքրական է եւ Հրատարակչականի բիւջէն։ 1892 թ. նա ունեցել էր ընդհանուր ծախք (տպարան, թուղթ, վարձատրութիւն հեղինակներին) 5156 ր., իսկ1899 թ. 4346 ր. [12] ։ 21 տարւայ ընթացքում (1879-1899) ընկերութիւնը հրատարակել է 174 գիրք, որից ինքնուրոյն 66, թարգմանական 108։ Ինքնուրոյն հրատարակութիւնները ստորաբաժանւում էին՝ մանկական 5, կրօնաբարոյական 6, գրական-քննադատական 22, պատմական-ազգագրական 22, առողջապահական, գիւղատնտեսական եւ այլն 11։ Թարգմանական հրատարակութիւններից 74-ը մանուկների ու պատանիների ընթերցանութեան համար էին, 29-ը գրական քննադատական, իսկ 5-ը առողջապահութեան, գիւղատնտեսութեան եւ գիտութեան վերաբերեալ։ Այս փաստացի տուեալներն ինքնին պիտի փակէին ամեն-մի օտարակուլ երախ, սակայն նրանք ազնօր եղան ռուս բիւրոկրատիայի առաջ։ Գրքի ու մտքի հալածող իր իսկ ժողովրդի նկատմամբ՝ նա չէր կարող հանդուրժել, որ հայկական փոքրաթիւ ժողովուրդը վերածնութեան շաւիղը բռնէ նոյն այդ գրքի օգնութեամբ։ 1900 թ. յունիսի 16-ին Հրատարակչականը փակւում է կառավարական հրամանով։

Գրքի թշնամին բնականաբար աւելի եւս մամուլի թշնամին էր։ Հայ մամուլը՝ իբրեւ մի յետամնաց ժողովրդի ու միջավայրի գործիք՝ չէր փայլում իր ճոխութեամբ եւ հզօրութեամբ։ Նա մի դաժան կեանք էր վարում։ Մի կողմից անզօր էր ռուս մամուլի մրցութեան դէմ, մամուլի, որի հրատարակիչների ու գործիչների թւում պակաս չէին հայերն Այսրկովկասում։ Միւս կոմից իւրայինների անընթերցասիրութիւնը հէնց այն պատճառով, որ «կրթւած» եւ «զարգացած» համարւող հայերն ամենից առաջ հրաժարւում էին մայրենի խօսքից, ստեղծում էր նրա համար մուրացիկ եւ դժգոյն գոյութիւն։ Հայ մամուլը հայ վարի խաւերի համար էր։ Նրա ընթերցողներն էին ուսուցիչներն ու քահանաները, աչքաբաց քաղքենիները, հատուկենտ գիւղացիներ եւ էլ ոչ ոք։ Բնական էր, որ նրա օրգանները բովանդակութեան կողմից լինէին անմխիթար, իսկ ծաւալման տեսակէտից խղճուկ։

Թող թւական պատկերացումով երեւայ թէ հայ պարբերականները քանի օրինակ էին հրատարակւում [13] ։

 

ՏԱՐԻՆԵՐ

Պարբերականներ

1876

1884

1887

1888

1889

1892

1893

1894

1896

1899

1900

Մշակ

700

1000

1060

1150

1200

2000

1740

2225

2225

2500

2500

Մեղու Հայաստանի

480

720

Նոր-Դար

1200

900

1200

1340

1300

1200

1500

1500

1800

1100

Արձագանք

700

700

800

800

700

850

1200

1200

Արարատ

3000

1860

1800

1800

1800

2400

2400

2400

2500

2500

Աղբիւր

1000

1000

1000

1000

1200

1000

422

422

1000

900

Տարազ

1200

1000

422

422

1000

900

Մուրճ

550

480

520

520

600

600

 

Այս թւերն այնքան ճնշող են, որ աւելորդ են դարձնում նրանց քննութիւնն ու բացատրութիւնը։ Բայց բռնակալական Ռուսաստանը չէր հանդուրժում, որ հայ ընթերցողը պարբերաբար մի թարմ խօսք լսէ, մի սթափեցնող միտք իւրացնէ։ Գրաքննութեան կաշկանդումները նրան չէին բաւարարում։ «Արարատ» ամսագիրը, որ Էջմիածնի պաշտօնական օրգանն էր եւ իբրեւ մի հեղինակաւոր կենտրոնի բերան, ազատ էր գրաքննութիւնից՝ 1897 թ. օգոստոսին ենթարկւեց կառավարական նախնական գրաքննութեան։ Վստահութիւնը պակասել էր թէ դէպի հայ հոգեւորականութիւնը եւ թէ դէպի նրա օրգանը։ 1898 թ. յունւարի 18-ին 8 ամսով դադարեցրւեց «Արձագանքը», ապա նոյն թւի մայիսի 27-ին վերջնականապէս խափանւեց Ներքին Գործոց, Արդարադատութեան, Լուսաւորութեան Նախարարների եւ ռուսաց Սինօդի աւագ դատախաղազի որոշմամբ։ Հայ չափաւոր-պահպանողականները, որ եռանդ էին մաշում աւիւն ներարկելու բուրժուազիայի ընդարմացող ջղերը, զրկւեցին իրանց օրգանից։ Նոր պարբերականի հրատարակութեան իրաւունք հային չէր տրւում։ Խափանւածը մահանում էր ընդմիշտ։ Գոյութիւն ունեցող մամուլը դողում էր ամեն մի խօսքի ու ակնարկի համար։ Գրաքննական կերբերները մկրատով ու մելանով սպանում եւ տրորում էին հայ միտքը…

Թւում էր, թէ ուղղափառութեան եւ հաւատի անունից ճամարտակող Ռուսաստանում հպատակ մանր ազգի զաւակը գոնէ խղճի ազատութիւն պիտի ունենար։ Բայց այդ բարիքն էլ մերժւում էր հայ քաղաքացուն։ 900-ական թւականների սկզբից պետական դատարանները սկսեցին առաջարկել հայերին, որ պահանջւող դատաստանական երդումը նրանք ընդունեն ռուսերէն լեզուով (Գր. Իզմիրեանի գործը 1891 թ. յունիսի 12-ին Թիֆլիսի նահանգական դատարանում, որը ռուսերէն երդումը մերժող Իզմիրեանի համար վերջացաւ հաշտարար դատաւորի տուգանքի վճռով, իսկ Սենատի արդարացումով եւ մի այլ գործ նոյն դատարանում 1896 թ. սեպտ. 23-ին, երբ դատւող հայը մերժեց ռուսերէն երդումը եւ առաջարկ ստացաւ դատարանի նախագահից երդւել իր մօտ եւ դարձեալ մերժում գտաւ) [14] ։

Հայ եկեղեցին չէր կարող, ի հարկէ, աչքաթող անել եւ այդ ոտնձգութիւնը, որ ռուսացման ընդհանուր քաղաքականութեան շղթայի օղակներից մէկն էր։ Մակար կաթողիկոսը 1891 թ. յունւարին հրամայեց հոգեւորականութեան՝ եկեղեցական կանոններով խիստ պատասխանատւութեան ենթարկելու երկիւղով, որ նա չհամարձակւի հայ լուսաւորչականներին երդմնեցնելու ռուսերէն լեզուով։ Կաթողիկոսն անխախտ կանգնած էր իր այն տեսակէտի վրայ, որ հայ եկեղեցու բոլոր ծէսերը պէտք է կատարւեն հայոց լեզուով։

Հասաւ եւ երդման հարցի լուծման ժամը։ Օրէնքների ճշտութեանը հսկող ռուսական Սենատը 1899 թ. սկզբին բացատրեց, որ Ռուսաստանում պետական լեզուն ռուսերէնն է։ Այդ լեզուով է կատարւում գործավարութիւնը, ուրեմն եւ նա է երդման լեզուն։ Բացառութիւն կազմում են օտարերկրացիները, երբ նրանք ռուսերէն չիմանալով՝ ռուսահպատակութիւն են ընդունում։ Այսպիսով դուրս էր գալիս, որ հայերը՝ իբրեւ ռուսահպատակներ՝ անհրաժեշտ դէպքում պիտի երդումն ընդունէին ռուսաց լեզուով։ Սենատի բացատրութիւններին “Кавказъ” պաշտօնական թերթը, որ կոչումն էր ստանձնել առհասարակ սեւացնել հայերին, աւելացնում էր իր բացատրութիւնները։ Նա գրում էր. «Սենատի վերոյիշեալ բացատրութիւններից տեսնւում է, որ Մակար կաթողիկոսի կարգադրութիւնը հակառակ է գործող քաղաքացիական օրէնսդրութիւններին, որոնք պատւիրում են հայ-լուսաւորչականներին երդւել ռուսաց լեզուով։ Պէտք է նկատի առնել, որ այս պատուէրի չկատարումը նրանց կողմից՝ բնականօրէն հարց կծագեցնի այդ անձանց պետական ծառայութեան մտնելու իրաւունքի մասին, եթէ կարելի չդատւի այդ ծէսի կատարումը յանձնել քաղաքացիական իշխանութեան, ինչպէս օրինակ, զինւորական ծառայութեան մտնելու դէպքում։ Ներքին Գործոց նախարարը դիմել է կաթողիկոսին՝ առաջարկելով վերացնել Մակար կաթողիկոսի յիշեալ կարգադրութիւնը, մանաւանդ, որ Վրաստանի եւ Պարսկաստանի մի քանի տեղերում, տեղացի հայերի իրանց լեզուն չգիտնալու պատճառով՝ հայ լուսաւորչական քահանաները, ինչպէս յայտնի է, աստուածապաշտութիւնը կատարում են ոչ թէ հին գրական հայոց լեզուով, այլ տեղական բարբառներով եւ որ, հետեւապէս հայոց լեզուն հայ-լուսաւորչական եկեղեցու միակ կանոնական լեզուն չէ» [15] ։ Ստում էր “Кавказъ”-ը, երբ պնդում էր, թէ հայոց եկեղեցում գործ են ածւում տեղական բարբառներ։ Այդ չկար։ Եւ որովհետեւ նա ձգտում եւ աշխատում էր, որ չեղածը լինի, ապա եւ հայ եկեղեցու սպասաւորները եւ նրա միջոցով ազգային պայքար մղող ժողովուրդը ջանում էին պահպանել միմիայն եղածը «Արտաքոյ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ չիք հայութիւն»։ Ահա ինչ արդիւնք էր տալիս կառավարական հալածանքը խղճի ազատութեան դէմ։ Հալածանքի մթնոլորտում նոյնիսկ աննշան երեւոյթները դառնում են խոշոր արժէքի բարեմասնութիւններ։ Այդպէս էր եւ երդման լեզուի հարցը։ Կրօնասիրութիւնը չէ, որ ստիպում էր իր արժանապատւութիւնը ճանաչող հային պահանջել երդման ծէսը կատարելու հայերէն լեզուով, այլ վիրաւոր ազգային գիտակցութիւնը։ Հալածանքն ազգութեան դէմ էր եւ նրա դրօշակի տակ էր ժողովւում դիմադրական կորովը…

֍

Հայ ժողովրդի կուլտուրական ոգորումն ընթանում էր ծանր եւ մեկուսացած պայմաններում։ Կարծես նա մի փխրուն մակոյկ էր, որ մատնւել էր ծովի կատաղի ալիքներին։ Ո՞րտեղից էր բղխում այն այլանդակութիւնը, որ ձգտում էր հաշմուղեղ դարձնել մի ժողովուրդ։ Այս մասին լսենք ռուս բիւրոկրատներից մէկի, կոմս Վորոնցով-Դաշկովի, կարծիքը որ փոփոխւած հասարակական պայմաններում (1905 թ. յեղափոխութիւնից յետոյ) հնարաւոր էր համարում աւելի զգաստ եւ անաչառօրէն նայել «հայոց գործերին»։

  80-ական թւականների սկզբին, գրում էր նա իր ամենահպատակ զեկուցման մէջ Նիկոլայ II-ին, տեղի ունեցաւ խոշոր փոփոխութիւն տեղական Կովկասեան եւ կենտրոնական իշխանութեան յարաբերութիւնների մէջ դէպի հայերը։ Երկրի ռուսացումը հրապարակ հանւեց իբրեւ պետական ծրագիր։ Միմիայն ապազգայնացած տեղացին էր բարեյոյս համարւում։ Հայոց լեզու իմացումը, հալ գրքի ընթերցումը, յաճախումը հայոց թատրոն համարւեց «անջատողականութիւն», որն անհրաժեշտ էր ճնշել։ Փոխարքաների ժամանակ ծառայողների գլխաւոր մասը տեղացիներ էին։ Մասնաւորապէս հայերն երկրին տւել են մի շարք վարչական գործիչներ։ Քաղաքականութեան փոփոխման յետ երկրի բարձր իշխանութիւնը փոխեց եւ իր վերաբերմունքը դէպի հայ պաշտօնեաներն ու սպաները։ Սիստեմ դարձաւ Այսրկովկասում հայերին լիովին պետական ծառայութեան չընդունել։ Այս հողի վրայ տեղի ունեցաւ հայ յեղափոխական կուսակցութիւնների գործունէութեան ծաւալումը հայերի մէջ, կուսակցութիւնների, որոնք առաջ աշխատում էին բացառապէս Թիւրքիայի սահմաններում։ Դրանով պիտի բացատրել երեւոյթների այն կապը, թէ ինչպէս զգաստ, գործնական եւ հաշւարար հայ ժողովուրդը կարող է անձնատուր լինել յեղափոխական շարժման։ Չի կարելի ապազգայնացնել մի ժողովուրդ, որ գոյութիւն ունի մի քանի հազարամեակ, իր պատմութիւնն ունի, զբաղւում է գլխաւորապէս երկրագործութեամբ, ունի իր ինքնուրոյն կուլտուրան, գրականութիւնը, մամուլը, թատրոնը։ Եթէ մի ժողովուրդ որոշ պահանջներ ունի՝ նա միշտ միջոցներ կը գտնէ այն բաւարարելու։ Եթէ օրէնքը թոյլատրւած ձեւով այդ հնարաւորութիւնը չի տալիս՝ նա դիմում է ապօրինի միջոցների։ Կրթւած հայերի համար արգելքի տակ էին առնւած խաղաղ կուլտուրական աշխատանքի բոլոր միջոցները եւ այդ պատճառով նրանցից շատերը հեռանում էին ամեն մի հասարակական աշխատանքից։ Իսկ հայ մտաւորականութեան երիտասարդ եւ եռանդոտ մասը տարւում էր հակակառավարական ուսմունքներով։ Հայ ժողովրդի խաղաղացման համար անհրաժեշտ էր վերադառնալ այն կառավարչական սիստեմին, որ գործադրում էին փոխարքաներ իշխան Վորոնցովը, իշխ. Բարեատինսկին եւ մեծ իշխ. Միխայիլ Նիկոլաեւիչը [16] ։

Կոմս Վորոնցով-Դաշկովն ընդհանրապէս ուղիղ էր բացատրում այն խռովութեան երեւոյթը, որի մէջ ապրում էր հայ ժողովուրդը։ Հալածանքն ազգային նկարագրի դէմ՝ ջղայնացնում եւ ըմբոստացնում էր այդ ժողովրդին։ Սակայն 80-ական թուականներից յետոյ, երբ ծայր էր առել հակահայկական շարժումը, անցել էր երկար ժամանակ։ Դարավերջին միմիայն ազգային ճնշումը չէր, որ «հակակառավարական ուսմունքներին» տեղ էր շնորհում հայ միջավայրում։ Ո՛չ։ Բարդացել էր եւ սոցիալական կեանքը, ըստ որում սոցիալական խնդիրը սպառնական կերպարանք ընդունելով՝ համարձակութիւն էր վերցնում իր վրայ յեղափոխական վերիվարումներով լուծելու եւ ազգային հարցը։ Վերջինս կորցրել էր իր առանձին թափը եւ դարձել սոցիալական խնդրի կցանը։

Ուղիղ էր բացատրում Վորոնցով-Դաշկովը մանաւանդ մի երեւոյթ, որ կրթւած հայերից շատերը, հնարաւորութիւն չունենալով օրինականօրէն զբաղւելու խաղաղ կուլտուրական աշխատանքով առհասարակ, մեկուսանում են ամեն մի հասարակական գործից։ Ճիշտ է այդ։ Ռուսական պետական սիստեմը եւ նրա դպրոցը շատ քիչ հասարակական բնազդներ պատուաստեցին պատմականօրէն «անհասարակական» դարձած հայերին։ Օտարացնել հայութիւնից՝ դեռ չէր նշանակում հարազատացնել ռուսութեան։ Եւ ահա պետութիւնը հայից ստեղծեց մի անհասարակական էակ, որի համար ոչ մի շնորհակալութեան արժանի չէր ինքը, որից շահ չունէր թէ մի քանի հազարամեակների պատմութիւն ունեցող հայութիւնը եւ թէ «Սառուցեալ Ովկիանոսից մինչեւ կիզող Կողքիսը» ձգւող Ռուսաստանը։ Ռուս պետութեան ընդունած ռուսացման քաղաքականութիւնը մի երկսայրի սուր էր, որ մի կողմով խփում է հայ ազգին, միւսով Ռուսաստանի պետական մարմնին…

Վորոնցով-Դաշկովը խորհուրդ էր տալիս դէպի հայերն ունեցած վերաբերմունքի մէջ վերադառնալ հին փոխարքաների կիրառած միջոցներին։ Ի՞նչ էր թագնւած այդ մտքի տակ։ Թող բացատրէ հայ բանաստեղծի վկայութիւնը. «1850 թուականին, Վօռօնցով իշխանի փոխարքայութեան ժամանակ, Թիֆլիսը նոր նոր շինվում էր։ Հայոց երիտասարդութեան մէջ լուսաւորեալ նա էր համարվում, որն որեւէ պաշտօնատեղիում մի ստոր աստիճանաւորի տեղ բռնում էր։ Թիֆլիսի կանայք եւ օրիորդք, դեռ եւս ղաթիպան մանտելի վրայ փոխելով, համարվում էին լուսաւորեալ. ռուսերէն լաւ խօսողները այնքան սակաւաթիւ էին, որ մարդիք մատով էին ցոյց տալիս նոցա վրայ. օտարական օֆիցէռի կին լինելը ամենավերին երջանկութիւնն էր համարվում հայ քալբատօնօների համար. ուսադիրի, ցոլուն կօճակների եւ կօշկի խթանների թագաւորութեան դարն էր։ Հանգուցեալ իշխան Վօռօնցովը եւ նրա կողակիցը շատ հետամուտ էին խառն պսակների եւ հայի կիտած զուտ ոսկին քար ու կիր դարձնելու։ Այս բաներուն ես ինքս ականատես եւ խորունկ հառաչող վկան էի, թէեւ պատանեկական հասակիս մէջ» [17] ։

Դարավերջին նման բաներով այլեւս չէր կարելի կուրացնել քաղաքական կեանքով ապրող հային։ Եւ ռուսական պետութիւնից բղխող աննշան ջերմութիւնն էլ այլեւս անզօր էր զմայլեցնելու նրա հոգին։ Յանուն ինքնութեան եւ կուլտուրայի վարած երեք տասնամեակի պայքարը պահանջում էր, որ քաղաքականօրէն խորհող հայն ոչ թէ հալւի բիւրոկրատիայի ժպիտներից, այլ մտահոգէ հաստատ եւ ամուր երաշխիքներ նուաճելու իր կուլտուրական անկաշկանդ զարգացման համար։



[1] «Արարատ», 1876, Հոկտեմբեր, էջ 381-386։

[2] Памятная Книжка Кавк. Уч. Окр. на 1880 г., էջ 346-347։

[3] Записка объ армянскихъ школахъ, Ներքին Գ. Ն. առանձին յանձնարարութիւնների պաշտօնեայ Ա. Պետրովի, С. П. Б. 1911, (Յաւելուած)։

[4] «Նոր-Դար», 1885, N41 (Մարտի 16)։

[5] Записка и пр.

[6] Сборникъ распоряженій напечат. въ циркулярахъ по Управленію Кавк. Учебн. Окр. 1897-1989, Թիֆլիս, 1899։

[7] «Մուրճ» 1894, N7-8։

[8] Циркуляръ по Управл. Кавк. Учеб. Окр., 1894, N9.

[9] Отчетъ Попечителя Кавк. Учеб. Окр. за 1986 г., էջ 171։

[10] В. Величко, “Кавказъ, Русское Дѣло и Междуплеменные вопросы”, С. П. Б. 1904 (Յաւելուած).

[11] “Русская Школа”, 1901, январь, էջ 67.

[12] «Մուրճ» 1900, N5-6, էջ 702-704։

[13] ”Кавк. Календарь”ների տւեալներով։

[14] «Մուրճ», 1896, N10-11։

[15] «Մուրճ», 1899, N4-5, էջ 541-543։

[16] Записка объ Армянскихъ школахъ.

[17] «Փորձ», 1879, գ. X, էջ 96 (Սիւլիւկ՝ Ճանապարհորդութեան տպաւորութիւններ)։