Հայ կինը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ.

Մինչեւ այստեղ ինչ որ խօսուեցաւ արհեստաւորների մասին, վերաբերում էր գաւառներին միայն, բայց չէ կարելի մի քանի խօսք չասել  եւ Թիֆլիսի արհեստաւորների կանանց մասին, ուր կեանքը  եւ նրա պահանջները բոլորովին տարբերւում են, ուր կինն այն չէ, ինչ որ է գաւառներում:

Թիֆլիսը, որպէս Կովկասի քաղաքակրթութեան կենտրոն, միեւնոյն ժամանակ է  եւ մոլութեան կենտրոն, այստեղ դարբնւում են ամէն տեսակ ախտեր  եւ տարածւում են դէպի գաւառները: Այդ փոքրիկ քաղաքը ներկայացնում է մի ամբողջ Բաբելոն, ուր Եւրոպան, Ասիան  եւ Կովկասն իր վայրենիներով բոլորը զետեղուած միասին, ներկայացնում են մի զարմանալի խառնափնթորութիւն: Տիպերի բազմատեսակութիւնն առաջ է բերում բնաւորութիւնների  եւ սովորութիւնների անթիւ տարբերութիւններ, որոնց հետազօտելը չափազանց դժուարին է: Ընտանիքի նահապետական կազմակերպութիւնը քայքայուած է: Ոչինչ աւելի վնասակար չէ կարող լինել, քան թէ այն, երբ յանկարծ քանդւում են դարերով հաստատուած  եւ կեանքի մէջ մտած սովորութիւնները եւ առանց փոխարինուելու նոր  եւ աւելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրւում է կատարեալ համարձակութիւն: Այդ կրիզիսի մէջն է գտնւում Թիֆլիսի հայ կնոջ վիճակը: Ընտանիքի փակուած շրջանից յանկարծ նրան բաց են թողնում դէպի լայն աշխարհ, առանց նախապէս աշխարհի հետ վարուելու պէտքերը նրան սովորեցնելու: Խիստ հեշտ է լինում որսալ այն թռչուններին, որ երկար ժամանակ վանդակի մէջ էին պահուել…

Այդ կարճ, բայց ընդհանուր նկատողութիւնից յետոյ ես անցնում եմ դէպի արհեստաւորի կինը:

Արհեստաւորի կեանքի մէջ նկատւում է երկու տեսակ մրցութիւն. մէկը, նրա ասիական արհեստի մրցութիւնը եւրոպականի հետ, միւսը, նահապետական կեանքի մէջ սնուած նրա կնոջ մրցութիւնը նոր սովորութիւնների հետ: Երկուսն էլ, որպէս փտած հնոտիք, ընկնելու  եւ անհետանալու վրայ են. նորը տիրապետում է:

Արհեստաւորներին, մանրավաճառներին, առեւտրական գործակատարներին, մանր աստիճանաւորներին եւ զանազան ատենական տեղերի ստոր ծառայողներին կարելի է զետեղել մի դասակարգութեան ներքոյ  եւ կոչել միջին դաս [1]: Կնոջ դրութիւնն ամէնի մօտ, աննշան տարբերութիւններով, միեւնոյն է: Բայց ես գլխաւորապէս ի նկատի ունեմ արհեստաւորներին  եւ մանրավաճառներին: Բարքերի մաքրութիւնը վերաբերական է. կան մաքուրներ եւ կան անմաքուրներ. պէտք է խոստովանել, որ վերջինների թիւը առաւելութիւն է կազմում եւ վատն այն է, որ հետզհետէ աճելու վրայ է: Արհեստաւորները  եւ մանրավաճառները Թիֆլիսում, իրանց գաւառացի համարուեստների նման սեփական տներ չունեն. այստեղ ըստ մեծի մասին բնակւում են վարձով. ամենաբախտաւորը երկու սենեակ ունի: Ամուսին այրը գործում է առանձին, բազարումը, իր խանութի մէջ: Կինը մենակ մնում է տանը: Աղջիկը ծնւում է նեղ սենեակում, որ զրկուած է թէ օդից  եւ թէ լոյսից: Ծնողները միշտ վրդովմունքով են հանդիպում նրա աշխարհ գալուն, որ բերում է իր հետ հոգսերի մի ահագին ծանրութիւն: Փոքրիկ գերդաստանը, որ հազիւ-հազ քարշ է տալիս իր տնտեսութիւնը, պէտք է սնուցանէ նրան, հսկէ նրա վրայ, մի բան սովորեցնէ եւ վերջապէս մարդու տայ: Դա ամէնից դժուարն է: Եթէ մայրը բաւական առողջ է, ինքն է ծիծ տալիս փոքրիկին, իսկ եթէ կաթ չունի, կերակրում են այծի կաթով: Միջոցները չեն ներում ծծմայր վարձել: Նեղ  եւ խեղդուած սենեակում, ուր ամէն ինչ խառնուած է մինը միւսի հետ, մանուկը մեծանում է ամէն կեղտոտութեան մէջ: Գիւղերում երեխան աւելի բախտաւոր է, չի նեղւում, այլ արձակ օդի մէջ բաւական լայն ասպարէզ ունի: Այստեղ բնակարանը, որ ընդամէնը երկու քայլ լայնութիւն ունի, դառնում է կատարեալ լուացքի փոս. պէտք է լողացնել մանուկին, ամէն օր տասն անգամ փոխել նրա շորերը: Երբ աղջիկը դառնում է երկու-երէք տարեկան, իսկոյն դուրս է փախչում իր բանտից. փողոցն աւելի է հրապուրում նրան, այնտեղ կարող է ազատ շունչ քաշել: Մայրն ուրախ է լինում նրա բացակայութեամբ, որ տան կարգը չէ խանգարում, չէ կոտրում: Իսկ դրսում ի՞նչ է անում գլուխը քարին:

Երբ աղջիկը դառնում է վեց, եօթը տարեկան, մայրը թոյլ է տալիս վազել իրանց փողոցի փուրունջու մօտ, երբ պէտք էր հաց գնել, կամ միս տալ խորովելու. նրան ուղարկում են  եւ մերձաւոր մանրավաճառի մօտ, երբ պէտք էր շաքար գնել: Երբեմն նրան թոյլ են տալիս նստել փողոցի բաց դռան շեմքի վրայ  եւ նայել անցուդարձին, այդ աւելի զուարճացնում է. տանը չափազանց նեղ է  եւ տխուր: Եւ այսպէս, նրա առաջին դաստիարակութիւնը սկսւում է փողոցից:

Եթէ տունը մօտ էր եկեղեցուն եւ այնտեղ գտնւում էր ծխական դպրոց, մայրը ուղարկում է աղջկան կարդալու, երբ ժամանակը հասնում է: Բարձր դպրոցներում տալու միջոցներ չկան: Առանց աղախնի եւ առանց ծառայի նա կարողանում է ամէն օր յաճախել դպրոց, որովհետեւ բաւական վարժուած է փողոցին: Դպրոցում սովորեցնում են նրան ամէն բանից շատ փոքր, որ ասել է, ոչինչ չեն սովորացնում: Այդ ոչինչ. մայրն ունի իր առանձին փառասիրութիւնը. նա ուսման վրայ շատ էլ ուշադրութիւն չէ դարձնում. բաւական է միայն, որ իր աղջկան տեսնում է դպրոցական համազգեստի մէջ, կրում է գրքերով լի պայուսակ, խառնում է իր մայրենի լեզուի հետ օտարազգի բառեր, եւ աւարտելուց յետոյ, որպէս ուսեալ  եւ լուսաւորուած, իրաւունք կունենայ փոխանակ «թաւսակրաւիի» իր գլխին ծածկել «շլեապա»:

Ես վեր առեցի խիստ մասնաւոր օրինակ, արհեստաւորների կամ մանրավաճառների աղջիկների մեծ մասը դպրոցի երես չեն տեսնում, այլ մեծանում են առանց մի բան սովորելու: Նրանց կարելի է ճանաչել գլխի ծածկոցներից, թէ որն է կրում՝ շլեապա  եւ որը թաւսակրաւի: Թէ այսպէս  եւ թէ այնպէս, տարբերութիւնը միայն հագուստի մէջն է, բայց կրթութիւնով մինը միւսից չէ որոշւում:

Ահա աղջիկը տասնվեց  եւ տասնեօթն տարեկան է: Այդ շատ վտանգաւոր մի հասակ է: Նրա վրայ հսկում է  եւ մտածում է մայրը միայն. հայրը ուշադրութիւն չէ դարձնում,   եւ կարելի է ասել, որ թշնամաբար է նայում նրա վրայ, որպէս մի գող, որ վաղ թէ ուշ պէտք է նրա տունը կողոպտէր: Աղջիկը դեռ բաւական ամօթխած է  եւ երկչոտ. պէտք է «բացել» նրան, աշխարհ մտցնել: Մայրը առաջնորդում է: Սկզբում նրան թոյլ են տալիս կտուրի վրայ, իր հասակակիցների հետ, ածել, «լեզգէգար» պար գալ  եւ «տաշի» խփել: Յետոյ մայրը տանում է իր հետ ուր  եւ գնում է, երբեմն բարեկամների մօտ, երբեմն բազարը, երբ պէտք է մի նոր հագուստ գնել: Լինում են  եւ որոշուած այցելութիւններ. օրինակ, շաբաթ երեկոները գնալ Բեթղէհէմ համբուրելու, այս  եւ այն եկեղեցու տօնախմբութեանը (օբա) ներկայ գտնուել  եւ այլն: Դրանք մի տեսակ աշխարհահանդէսներ են, ուր աղջիկները դրւում են ցոյցի համար: Երբեմն դուրս են բերում նրան հասարակաց զբօսարանի այգին, բայց թատրոն չեն տանում: Շատ ծիծաղելի մի հակապատկեր է ներկայանում, երբ տեսնում ես մօրը, շատ անգամ փաթաթուած սպիտակ «ղադիփի» մէջ, ման է ածում վերջին մոդայի ձեւով հագնուած աղջկան: Ցամաք փայտը նեցուկ են տուել դալարտունկին, որ չծռուի:

Տան մէջ աղջիկը բաւական համեստ է  եւ գործունեայ. նա հագնւում է հասարակ կերպով, գլխին ծածկում է մի թաշկինակ, կամ բոլորովին բաց է թողնում, աշխատում է խոհանոցում  եւ չէ արհամարհում մինչ եւ անգամ լուացք անել: Այսպէս նա բաւական սովորում է տնտեսութիւն: Միւս ժամանակներում, կամ կարում է  եւ կամ հիւսում է: Մօր դաստիարակութիւնը գլխաւորապէս կայանում է այն բանի մէջ, որ անընդհատ հսկում է նրա վրայ: Բայց նա այնքան անփորձ չէ, որքան կարծւում է: Դպրոցում նա բաւական բան է լսել  եւ սովորել. հարեւանի աղջիկներն ամէն գաղտնիք բացատրել են նրան: Նա միայն ձեւանում է, թէ ոչինչ չգիտէ եւ պահում է իրան, որովհետեւ համոզուած է, թէ «կոտրած ամանը գին չի ունենայ» եւ պահպանում է իր անարատութիւնը, մինչեւ ամուսնութիւնը կը շնորհէր նրան ազատութիւն: Շատ անգամ իրանք, մայրերը փչացնում են աղջկան, երբ նրա ներկայութեամբ, ուրիշ կնիկների հետ բաց են անում ամենակեղտոտ բամբասանքներ այս  եւ այն աղջկայ վարք մասին: Ամեն ինչ ներշնչում է նորհաս աղջկայ մէջ պսակուելու սաստիկ ցանկութիւն, բայց նա ակամայ թաքցնում է, սպասելով իր դառն ճակատագրին:

Մեծ դժուարութիւններ կան արհեստաւորի  եւ առհասարակ ժողովրդի միջին դասի համար լաւ կերպով տնօրինելու աղջկայ ապագան: Ծնողների դժգոհութիւնը չափը անցնում է: Հայրը յանդիմանում է աղջկան, թէ իր համար պէտք է կատարեալ չքաւորութիւն պատճառէ, իսկ մայրը պաշտպանում է աղջկան: Ամէն անգամ, ամէն մի նոր հագուստի գնելը մեծ աղմուկ է բարձրացնում ծնողների մէջ: Աղջիկը հասկանում է իր վիճակի անտանելիութիւնը  եւ երբեմն մահը օգնութեան է կանչում: Մայրը, որպէս կին, աւելի լաւ է հասկանում կնոջ պահանջը. որոնում է արժանաւոր փեսայ, ցանկանում է, որ նա հարուստ լինէր, կամ գոնեա ապահովուած դրութիւն ունենար: Հայրը ցանկանում է գցել առաջին հանդիպողի ձեռքը, միայն թէ ինքն ազատուի: Ամէնից աւելի շտապում են եղբայրները, եթէ կային հասած եղբայրներ, որովհետեւ մտածում են, թէ «քոյրը նրանց բախտի վրայ էր նստել, մինչ եւ նրան գլխից ռադ չանէին, իրանք չէին կարող պսակուել»: Բայց մայրն աւելի փորձուած է. նա աշխատում է ընտրութիւնների մէջ չսխալուել: Երբեմն գործի մէջ խառնւում է  եւ սէրը: Բայց նա ոչինչ հետեւանք ունենալ չէ կարող, եթէ մայրն աւելի գործնական կէտից չէ արտայայտում դստեր հոգեկան զգացմունքը: Երբեմն գործը վերջանում է, բոլորովին յոյս դնելով յաջողութեան վրայ: Յայտնւում է մի անծանօթ, որի ով  եւ ինչ տեղից լինելը յայտնի չէ եւ խնդրում է աղջկայ ձեռքը: Ծնողները օգուտ քաղելով այն հանգամանքից, որ դա փող չէ պահանջում, կամ պահանջում է շատ չնչին բան, իսկոյն որսում են փեսային: Այսպիսի ընտրութիւնները երբեմն վերջանում են սկանդալով, երբ իմացւում է, թէ նորա փեսան մի քանի տեղերում պսակուած է եղել…

Թէ այսպէս  եւ թէ այնպէս աղջիկը մարդու է գնում, ընտանիքի վրայից ծանր բեռը բարձւում է: Սակաւ անգամ նա տանում է իր հետ հինգ հարիւր կամ հազար ռուբլի. երբեմն միայն հագուստներ  եւ մի քանի կարասիք: Այդ չնչին գներով նա գնում է իր համար  եւ չնչին փեսայ: Հարսանիքի հանդէսից անմիջապէս յետոյ փեսան շարունակում է իր գործը, դիմում է խանութը կամ արհեստանոցը: Եւ սկսւում է վշտալի կեանքը:

Մանկահասակ կինը երբեմն լինում է լաւ տանտիկին, նայելով թէ որպիսի մարդի էր հանդիպել նա: Սկզբում մայրը յաճախ այցելում է անփորձ աղջկայ մօտ, խրատում է նրան իր նոր տնտեսութեան այս  եւ այն կարգադրութիւնների մէջ: Յետոյ փոքր առ փոքր մոռանում է նրան  եւ բոլորովին ձգում են իր կամքին: Այժմ մանկահասակ կինը թէեւ աղքատ է, բայց դարձեալ գոհ է, որովհետեւ ինքնագլուխ է: Սկեսուրը, եթէ կենդանի է նա, չէ փոխարինում իր մօրը, չէ նեղացնում նրան, երբեմն ինքն է ծեծում պառաւին: Նրա տնտեսութիւնը լինում է իր մօր տնտեսութեան կրկնութիւնը. միեւնոյն փոքրիկ  եւ նեղ սենեակը, միեւնոյն անյարմարութիւնները տիրում են  եւ այստեղ: Ամուսին այրը բազարի մարդ է, առաւօտեան մութին գնում է խանութը  եւ գիշերուայ մութին վերադառնում է տուն: Նա ճաշում է խանութում, առանց կնոջ վրայ մտածելու, թէ ինչ պիտի ուտէ: Կիւրակէ օրերը միայն խոհանոցի օջախներում կրակ է ձգւում. ամբողջ շաբաթ կինը անց է կացնում ցամաք հացով: Ոչինչ այնքան սարսափելի չէ լինում որպէս թաքնուած աղքատութիւնը, որը դրսից հրապուրիչ երեւոյթ ունի, բայց ներսից մաշում է ընտանիքի կեանքը:

Օրերն անցնում են օրերի հետեւից, միատեսակ  եւ անգործ կեանքը սկսում է ծանրանալ մանկահասակ կնոջ սրտի վրայ: Տանը նա ոչինչ պարապմունք չունի, ոչինչ չէ զբաղեցնում նրան: Անգործութեան մէջ զարթնում են բոլոր ախտերը: Պէտք է մի բանով զբաղուել  եւ վերջապէս զուարճանալ: Իր հօր տան մէջ մի կողմից երջանիկ էր. մայրը ման էր ածում նրան, ցոյց էր տալիս աշխարհին: Մայրը նրա համար մի լաւ ընկեր  եւ բարեկամ էր: Այդ կարեկցութիւնները նա չէ գտնում իր տղամարդի մէջ: Սառնութիւնը առաջ է գալիս ինքն իրան: Միջին դասի մարդիկը սովորութիւն չունեն զբաղեցնել իրանց կնիկներին. դուք չէք տեսնի նրանց միասին փողոցում, կամ որեւիցէ զբօսանքի տեղում: Մանկահասակ սիրտն սնունդ է պահանջում: Սկզբում նա տանից դուրս է գալիս իր հարեւան կնիկներից մէկի հետ. յետոյ մենակ: Այդ առաջին քայլն է, որ տանում է նրան դէպի մոլորութիւն: Ամուսին այրը տան մարդ չէ, նա չի էլ կարող գիտենալ, թէ կինը ինչպէս է անցկացնում իր օրը: Նա ամբողջապէս խրուած է իր բազարային գործերի մէջ, կնոջ վրայ չէ մտածում: Կինը դառնում է խորամանկ  եւ խիստ վարպետութեամբ տանում է իր գործը: Նա գիտէ մարդու որոշուած ժամերը, երբ բազարից տուն է դառնում եւ սկսում է կեղծաւորուել նրա առջեւ, խաբել նրան: Ի հարկէ, կինը չէր ընկնի այդ փորձանքների մէջ, եթէ նրա կեանքի պայմաններն ուրիշ տեսակ կարգադրուած լինէին: Նա մտաւ ամուսնի տունը, որպէս անմեղ  եւ անարատ աղջիկ, բայց գտաւ այնտեղ կատարեալ դատարկութիւն: Նրան գործ չը տուեցին, նրան չը զբաղեցրին աշխատութիւնը կարող էր փրկել նրան, բայց այդ չը կար: Անգործ  եւ արձակ կեանքի մէջ աճեցին զգայական ախտեր: Բայց կայ  եւս մի ուրիշ բան, որ դնում է կնոջը մոլորութեան ճանապարհի վրայ: Սարսափելի հետեւանքներ ունեն կեանքի ահագին պէտքերը, երբ նրանց բաւականութիւն տալու միջոցները սուղ էին: Կինն առաջին զոհն է դառնում աղքատութեան, որովհետեւ աւելի հակումն ունի դէպի պերճասիրութիւն  եւ առհասարակ շռայլութիւն: Գաւառացի կինը բախտաւոր է այդ դէպքում. այնտեղ կեանքի պահանջները թեթեւ են. բացի դրանից, դեռ եւս տիրող արեւելեան փակ կեանքի շնորհիւ կինը կարողանում է իր աղքատութիւնը թաքցնել տան չորս պատերի մէջ, նրան չեն տեսնում: Բայց այստեղ կեանքն աւելի արձակ է. կինը պէտք է իրան ցոյց տայ աշխարհին, իսկ աշխարհը սիրում է նրան տեսնել միշտ զուգուած, զարդարուած: Ես վկայ եմ եղել մի քանի թշուառ դէպքերի Թիֆլիսում, թէ որպէս կինը սկզբում բոլորովին անարատ  եւ մաքուր վարքով, հանգամանքներից ստիպուած, ընկել է ապականութեան մէջ: Նա աւելի բարեյաջող պայմաններում կարող էր պահպանել իր բարքի մաքրութիւնը: Մի անգամ ընկաւ նա, այլեւս իրան պահել չէ կարող, գլորւում է դէպի ցած  եւ ցած. կեանքը ետեւից մղում է նրան դէպի ամօթալի կործանումը, մինչեւ բոլորովին խրում է ցեխի մէջ: Նոյն ցեխի մէջ  եւ մեռնում է նա:

Անարդարութիւն կը լինէր բոլորովին սեւ գծերով վերջացնել իմ նկարագիրը Թիֆլիսի միջին դասի կանանց մասին, ես պէտք է ամբողջացնեմ իմ պատկերը, ձգելով նրա վրայ մի քանի լուսաւոր շուքեր:

Լինում են  եւ բախտաւոր ամուսնութիւններ: Մանկահասակ կինն իր հերթում դառնում է մայր: Եթէ նրա առաջին ծնունդը աղջիկ էր, դա աւելի շուտով ներշնչում է նրա մէջ այն խելամտութիւնը, թէ պէտք էր մտածել երեխայի ապագայի մասին: Իր անցեալ վշտալի կեանքը թողել է նրա մէջ փորձերի մի ամբողջ շարք. նա գիտէ, թէ ինչ դժուարութիւններով ինքը կարողացաւ պսակուել, կին դառնալ: Նոյն դժուարութիւնները սպասում են  եւ նորածին մանկան: Եւ այն օրից սկսում է տնօրինել իր զաւակի օժիտը: Եթէ նրա առաջին ծնունդը տղայ էր, դարձեալ գիտէ, որ նրա կրթութիւնը սակաւ հոգսեր, սակաւ ծախսեր չէ պահանջում. պէտք է դպրոց տալ  եւ մի բան սովորեցնել: Եւ այսպէս, խնայողութիւնը ընտրում է նա որպէս գլխաւոր օրէնք իր փոքրիկ տնտեսութեան մէջ: Նա այնքան խելացի է լինում եւ այնքան բարոյական ուժ է ունենում, որ բոլորովին «իր ձեռքն է առնում» տղամարդին: Երբեմն ետ է պահում նրան շռայլ կեանքից կամ խմելուց, թելադրում է «փող ետ գցել»: Իր հասարակական դրութիւնը, ի հարկէ, չէ ներում, որ ինքն էլ մի կողմից օգնէր ամուսնին հարստանալու նպատակի մէջ  եւ բազարումը նրան գործակից լինէր: Պատերազմելու համար ընդունուած նախապաշարմունքների դէմ դեռ անզօր է նա: Բայց տան մէջ ամենայն եռանդով աշխատում է: Ամբողջ գիշերը նա անց է կացնում ասեղով, բացի մասնաւոր կարերից, որ ընդունում է հարուստ տների տիկիններից, նա վեր է առնում կարելու հագուստներ  եւ մօդային մագազիններից բոլորը պատրաստում է տանը: Ոչ մի շորի կտոր անպէտք չէ կորչում նրա ձեռքում. ամէն մի հնոտիք շուռ է տալիս, ձեւը փոխում է եւ վերջապէս նրանից մի նոր հագուստ է պատրաստում իրա կամ երեխաների համար: Ափսո՜ս, որ ժրաջան կնիկների տնային աշխատութիւնների պրօգրամման շատ ընդարձակ չէ, կարել, հիւսել, նախշել այսքանով վերջանում է նրանց գործունէութիւնը: Այսուամենայնիւ, ես տեսել եմ կնիկներ, որ կարելով մի ամբողջ ընտանիք էին պահում. տեսել եմ աղջիկներ, որ կարելով փող էին աշխատել, իրանց համար օժիտ պատրաստել, որ մարդու գնան: Ժրաջան կինն այնքան թեթեւացնում է իր ամուսնի հոգսերը, որ նա չը գիտէ, թէ ինչպէս է առաջ գնում փոքրիկ տնտեսութիւնը. երեխաները միշտ մաքուր են  եւ առողջ եւ ամէն ինչ տան մէջ կարգին է: Ամենաանակնկալ հիւրեր պատահելիս, միշտ տանտիկինը պահած ունի առատ պաշար նրանց զարմացնելու համար: Տան մէջ ամէն բան կայ, ոչինչ պակաս չէ եւ գլխաւորն այն է, որ մեծ մասը գնել է ու պատրաստել կինը: Երբ կինն իր նիւթական օժանդակութիւններով օգնում է ընտանիքին, նրա բարոյական ազդեցութիւնն աւելի կշիռ է ստանում: Այն ժամանակ նա մտնում է իր ուղիղ դերի մէջ, դառնում է քաղաքակրթող տարր, եթէ ոչ դրսի աշխարհի մէջ, գոնեայ իր ներսի աշխարհում ընտանիքի մէջ:

Կրկնում եմ, դպրոցը, միայն դպրոցը չէ կարող բարձրացնել ժողովրդի միջին դասի կնոջ նշանակութիւնը: Ապրուստն այստեղ կապուած է ծանր կենսական անհրաժեշտութիւնների հետ, որ պահանջում են կնոջ գործակցութիւնը: Պէտք է ընդունակ կացուցանել նրան գործելու, աշխատելու  եւ իր ձեռքի վաստակով կերակրելու իր զաւակները: Ես հեռու եմ պահում ինձ այն ծայրայեղութիւններից, որ կինը բժիշկ լինէր, գրող լինէր, կամ դատաւոր լինէր, այլ աւելի կը ցանկանայի, որ նա մի լաւ խանութպան կամ լաւ տանտիկին լինէր: Ոչինչ այնպէս ետ չէ պահում կնոջը կործանումից, որպէս արդար  եւ ջանասէր աշխատութիւնը: Քանի որ մենք կը նայենք կնոջը, որպէս մի հեշտասիրութեան առարկայի վրայ, այնքան կը ստորացնենք նրա բարձր նշանակութիւնը: Կինը որպէս բաժանում է իր ամուսնի սէրը, այնպէս էլ բաժանորդ պէտք է լինի նրա աշխատութեանը: Մեղաւորը տղամարդն է, որ նրան գործ չէ յանձնում: Ո՞վ կարող է լինել այնքան հաւատարիմ հաշուապահ կամ գործակատար մի մանրավաճառի խանութում, որպէս իր կինը: Լաւ կինը մի մեծ երաշխաւորութիւն է առեւտրական ֆիրմայի համար. ոչ ոք նրա նման չէ կարող գրաւել  եւ գոհացնել յաճախորդներին. այսքանս բաւական է, որ տղամարդիկ այնքան շատախօս  եւ ժլատ չեն լինում, երբ մի բան գնում են կնոջից: Ո՞վ կարող է այնպէս լաւ կառավարել մի կօշկակարի արհեստանոցը, որպէս վարպետի կինը: Ես ճանաչում եմ մի կօշկակարի կնոջ միայն, որ իր ամուսնի հետ ապրում էր խանութում: Նա պատրաստում էր կօշիկների երեսները. կարի մեքենան բաւական հեշտացրել էր նրա գործը: Առեւտուրն ընթանում էր արագ   եւ արդիւնաւոր կերպով եւ խաղաղ ու բախտաւոր ապրում էր փոքրիկ ընտանիքը: Միթէ՞ կինը չէր կարող գործ գտնել իր դերձակ ամուսնի խանութում. կարն իսկապէս կնոջ գործ է: Ի՞նչ անէ կինը, երբ նրան անգործ ձգում են տանը  եւ թող են տալիս անձնատուր լինել իր կրքերին: Տուեցէք նրան աշխատութիւն  եւ նա չի ընկնի բարոյական փտութեան մէջ: Աշխատութեան մէջ միշտ թարմ  եւ զուարթ կը պահուի նրա սիրտը: Եթէ Թիֆլիսում միջին դասի կինն անկման վիճակի մէջ է, ես գլխաւոր պատճառը գտնում եմ նրա անգործութեան մէջ: Այդ դասը դեռ բոլորովին փչացած չէ, կարելի է բարձրացնել նրան, միայն պէտք էր կնոջ համար պարապմունք գտնել: Ես գոնեա հասկանում եմ գաւառներում այդ դասին վերաբերող կնոջ պարտաւորութիւնը. այնտեղ նրա երեսին պարզ ասում են. «տե՛ս, քո աշխարհն այս տունն է, իսկ քո սահմանը, այս տան չորս պատերն. դու այս տան լաւ կարասիներից մէկն ես, նիստ, կեր, խմիր, բայց ոտքդ տնից դուրս չպիտի դնես»: Այդ դրութեան մէջ կինը թէեւ բթամտանում է, անասնանում է, բայց դարձեալ մնում է կին իր նեղ նշանակութեամբ: Բայց Թիֆլիսում կեանքը  եւ նրա պահանջները բաւական փոխուել են, նա հեռացել է արեւելքից, բայց դեռ չէ մօտեցել արեւմուտքին: Կինն այստեղ հագել է եւրոպացու հագուստը, բայց դեռ չէ ստացել նրա կրթութիւնը: Ես շատ հեռու չեմ գնում, թէ ինչ է կատարւում Եւրոպայում, բայց առանց անուններ յիշելու ցոյց կը տամ մի քանի եւրոպացի կնիկներ Թիֆլիսում, որոնք առաջ ծամագործներ (парикмахерша) էին, քաղցրաւենիք շինողներ էին եւ մէկը մի հայ ընտանիքի դաստիարակուհի էր, իսկ այժմ հարստացել են, առեւտրական մեծ տներ են բաց արել, գործարաններ ունեն:

Իմ հետազօտութիւնը վերջացնում եմ Թիֆլիսի  եւ գաւառական միջին դասի կանանց վերաբերեալ, մնում է մի քանի խօսք աւելացնել նրանց ծերութեան մասին: Որպէս առհասարակ կնոջ վիճակը, այնպէս էլ պառաւների դրութիւնը համեմատաբար շատ տարբեր են գաւառներում  եւ Թիֆլիսում: Գաւառներում, երբ կինը ծերանում է, որպէս մի պատկառելի հնութիւն, աւելի յարգանքով են վարւում նրա հետ, մանաւանդ, երբ նա երախտիք ունէր ընտանիքի վրայ: Որդիքը աշխատում են չվիրաւորել նրան, մանկահասակ հարսները խոնարհւում են նրա առջեւ: Գերդաստանի բոլոր անդամները ցանկանում են, որ նա օրհնութիւնը բերանումը մեռնի. նրա անէծքից վախենում են: Այդ հասակում պառաւից գործ չեն պահանջում, այլ թոյլ են տալիս առաւօտ  եւ երեկոյ եկեղեցի գնալ, իր հոգու  եւ իր որդիների համար աղօթելու: Նրան չեն զրկում մասնաւոր ծախսերից, որ պատկերների համար մոմ գներ  եւ քահանայի սիրտը շահէր: (Առհասարակ մեր կանայքը սկսում են եկեղեցի յաճախել, երբ մօտենում են գերեզմանին. մանկահասակ կնիկներից չէ պահանջւում ջերմեռանդ լինել, ժամ գնալ, աղօթել): Թիֆլիսում, ընդհակառակն, կինը խիստ թշուառ ծերութիւն է ունենում: Որդիքը վարւում են նրա հետ անգութ կերպով, իսկ հարսները ծեծում են: Ես տեսել եմ մի քանի օրինակներ, որ որդիները պառաւ մօրը տնից արտաքսել են առանց պատառ հացի: Մայրը ստիպուել է դիմել դատաստանի  եւ որդիներից ապրուստ պահանջել, որ քաղցած չը մեռնի: Պէտք է բաւական բարեխիղճ համարել այն որդուն, որ յօժարել էր յանձնել պառաւ մօրը մի աղքատ ընտանիքում ամսական15 ռուբլիով կերակրելու համար: Մի սարկաւագի ընտանիքում պատահեց ինձ տեսնել մի այսպիսի պառաւ, որի որդիների համար ասում էին, թէ հարուստ են, երկու տներ ունեն: Պառաւների այդ ցաւալի վիճակն իմ կարծիքով առաջ է գալիս այն հանգամանքից, որ նրանք, իբրեւ հին սերունդի մնացորդներ, անտանելի են լինում ընտանիքի մէջ, որ արդէն փոխել էր իր նահապետական կերպարանքը: Նրանց կռիւը «մօդնի» հարսների հետ ծագում է գլխաւորապէս այդ հանգամանքից: Որդին բռնում է իր կնոջ կողմը  եւ մօրը արտաքսում է: Ծնողներն իրանց աղջիկը մարդու տալու ժամանակ միշտ հաշուի մէջ են դնում այն յարմարութիւնը, որ փեսան մայր չունի: «Մենակ տղայ է, ասում են մայր չունի»: Ծնողներն այդ դէպքում ի նկատի ունեն, որ մայր չլինելու պատճառով իրանց աղջիկը կարող էր կատարելապէս տիրել փեսայի տան վրայ, իսկ հարսն իր կողմից ուրիշ հաշիւ ունի, որ ազատ կը լինի, իր վրայ հսկող չի լինի: Գաւառներում, ընդհանրապէս, ուրախ են լինում, երբ պառաւ մայրը կար, մտածում են, որ նա խնամք կը տանէր անփորձ հարսի վրայ եւ նրանք միշտ հաշտ են ապրում, որովհետեւ թէ հինը  եւ թէ նորը շատ նման են լինում մէկ-մէկու: Բայց Թիֆլիսում  եւս որքան անարգուած լինէր պառաւ մօր ծերութիւնը եւ որքան յօժարութեամբ հանդիպում են նրա մահուանը, այսուամենայնիւ, նրա թաղումը կատարւում է բաւական հանդիսաւոր կերպով. այն ժամանակ միայն ցոյց են տալիս, թէ պատւում են նրան: Այդ, ի հարկէ, առաջ է գալիս այն սովորութիւնից, որ մարդիկ եկեղեցական խորհուրդները գործ են դնում իրանց փառասիրութիւնը յագեցնելու համար:

Խօսենք Թիֆլիսի ունեւոր ընտանիքի աղջկայ մանկութեան վրայ: Երկու տարեկան հասակում ծծմայրը նրան տանում է որեւիցէ հասարակական այգի ման ածելու: Եթէ նա առաջին աղջիկ ծնունդն է, բախտաւոր է լինում, սիրւում է եւ հէնց ծնած օրից վայելում է ճոխութիւն: Դեռ չորս տարեկան չեղած, մայրը նրան հագցնում է բոլորովին ֆանտաստիկական զգեստներ  եւ տանում է կլուբը, երբ լինում է «ընտանեկան գիշեր» կամ երբ տալիս են մանկական բալ: Ամառը նրան տանում են Կօջօր կամ մի ուրիշ ամառանոց, ուր նրա քնքուշ դէմքը մի փոքր այրւում է արեգակի  եւ արձակ օդի տակ: Աշունքին նա դառնում է տուն, բաւական լցուած:

Դեռ հինգ կամ վեց տարեկան չեղած, նա յայտնւում է իր մօր հիւրերի հասարակութեան մէջ, երբ նա տալիս էր «վեչեր», ուր կնիկները հաւաքուած, կամ լօտօ են խաղում, կամ թուղթ: Մայրը զմայլւում է, տեսնելով, որ աղջիկը փոքրիկ ծառայութիւններ է անում հիւրերին. լօտոյի համար լօբի է բերում, կամ հաւաքում է վեր թափուած կարտերը: Ամբողջ ժամերով աղջիկը անքուն նստած, նայում է նրանց խաղին եւ լսում է նրանց շատ անգամ անպատշաճ խօսակցութիւնները  եւ ժպտում է: Դա էլ մի տեսակ կրթութիւն է, որ ստացւում է օրինակից: Մօր հասարակութեան մէջ երբեմն յայտնւում է մի երիտասարդ, որ բրթում է կոպիտ կատակներ. նա իրան ձեւացնում է, թէ սիրահարուած է փոքրիկ աղջկայ վրայ  եւ իրան կոչում է նրա ապագայ փեսան:

Վերջապէս հասնում է ուսման ժամանակը: Պէտք է նկատել, որ Թիֆլիսի հարուստ ընտանիքներում սպասաւորները  եւ սպասուհիքը բոլորը օտարազգիներ են. ծառաները վրացի կամ իմերէլ, ծծմայրը օսէթուհի, իսկ վերջին ժամանակներում սովորութեան մէջ մտան  եւ ռուս աղախինները: Երեխաների սկզբնական կրթութիւնը համարեա յանձնուած է նրանց ձեռքը: Աղջիկը ծծմայրից սովորում է վրացերէնը, իսկ ռուս աղախինը ուսուցել է նրան ռուսաց լեզուն: Մայրենի լեզուից նա մի բառ չը գիտէ, որովհետեւ այդ լեզուով ընտանիքի մէջ ոչ ոք չէ խօսում: Օտար լեզուների մէջ ունեցած պրակտիկ անբաւական հեշտացնում է նրան սովորել օտարազգի դպրոցներում: Հայոց ծխական դպրոցներն անպատշաճ են համարւում: Աղջկան տալիս են կամ պանսիօն բաւական թանկ գնով, կամ իգական գիմնազիան: Սակաւ է պատահում, որ տանը հրաւիրէին վարժապետ:

Պանսիօնում թեթեւ կերպով սովորեցնում են աշակերտուհուն օտար լեզուով կարդալ  եւ սխալներով գրել. փոքր-ինչ տեղեկութիւն են տալիս պատմութիւնից, աշխարհագրութիւնից  եւ թուաբանութիւնից: Բնական գիտութիւնների հետ հազիւ թէ ծանօթացնում են, իսկ կեանքի գործնական կողմերի հետ նա մնում է բոլորովին անծանօթ: Այն, որ սովորում է կեանքի համար, սահմանափակւում է մի քանի սալօնական սովորութիւններով, թէ որպէս պատշաճ է պահել իրան հասարակութեան մէջ, որպէս գլուխ տալ  եւ այլն: Աւելացնում են դրանց վրայ պարը  եւ պիանօի վրայ ածելը, որ միշտ ամաչում է նա օտարների մօտ ածելիս: Բայց ինչ որ գլխաւորն է, դա է պանսիօնի մէջ տիրող ոգին  եւ ուղղութիւնը, որ ներշնչում է նրա մէջ միայն թեթեւամտութիւններ… Աղջիկը կորցնում է ինքնուրոյնութիւնը  եւ բնական նրա մէջ ոչինչ չէ մնում: Ամէն ինչ նրա մօտ կեղծ է լինում, թէ ձայնը, թէ խօսելու ձեւը, թէ աչքերի հայեացքը  եւ թէ ժպիտը: Հիմնաւոր նրա մէջ ոչինչ չը կայ. բոլորը դարդակ է, թէ սիրտը  եւ թէ գլուխը: Եւ ուրիշ կերպ լինել կարող չէր, արեւմտեան կրթութիւնը նա ստանում է երկրորդական ձեռքից…

Պանսիօնից առնում են «մօդնի» աղջկան, երբ մարդու տալու ժամանակը մօտենում է: Դպրոցի կրթութիւնը լրացնում է մայրը: Երեւակայեցէք ձեզ մի մայր, որ յանկարծ արեւելեան կեանքից արեւմտեանի մէջ էր ընկել փակ ընտանիքից դէպի արձակ աշխարհ էր դուրս եկել: Տարբերութիւնն ահագին է: Կինը, որ պատրաստուած չէ աշխարհի համար, որ ծանօթ չէ ժողովրդի հետ, որ չգիտէ կեանքի արտաքին պայմանները, միշտ անզօր կը լինի վտանգների դէմ: Դրանով պէտք է բացատրել շատ մայրերի վարքը…

Ազատուելով պանսիօնից, աղջիկը բոլորովին մի կողմ է ձգում գրքերը, նա սիրում է նայել աւելի «մօդնի ժուռնալների» վրայ: Բայց լինում են այնպիսիները, որ սկսում են կարդալ այն գրքերը, որ պանսիօնում արգելուած էին: Նրանք դառնում են աւելի սանտիմենտալային  եւ աւելի ցնորամիտ: Թերի ուսումը  եւ անհիմն կրթութիւնը երբեմն առաջ են բերում տարապայման անձնաւորութիւններ, այս պատճառով զարմանալի չէ տեսնել, որ մեր թերուսներից յայտնւում են երբեմն «նիհիլիստկաներ»: Ծայրայեղութիւնները շօշափում են միմեանց: Տգէտ, սնահաւատ, նախապաշարմունքներով լի խավար ընտանիքը տալիս է շատ անգամ ծայրայեղ ազատամիտներ, երբ կրթութեան լոյսը մօտեցնում ես նրան: Բայց այսպիսիների թիւը մեր աղջիկների մէջ շատ փոքր է: Ես առիթ եմ ունեցել միայն մէկի հետ ծանօթ լինելու: Մինչեւ այսօր չեմ կարող երեւակայել մի ուրիշ ողորմելի արարած, որ նրա նման մտաւոր հիւանդութեան մէջ ընկած լինէր: Ես յարգում էի նրան, որովհետեւ նա ներկայանում էր որպէս մի բողոք ընտանիքի հնացած նախապաշարմունքների դէմ, բայց ցաւում էի, որ այնքան դարդակ էր:

Ընտանիքն աւելի է փչացնում անմեղ աղջկան, քան թէ պանսիօնը: Ծնողների բարքերի կոպտութիւնը, վայրենութիւնը, կեանքի համարձակութիւնը, վատ օրինակ ահա՛ ընտանիքի այն պայմանները, որոնց մէջ կազմւում է աղջկայ բնաւորութիւնը սկսեալ նրա մանուկ հասակից: Աղջիկը հօր երեսը համարեա չէ տեսնում. նա առաւօտեան դիմում է իր գործին, երբ բոլորը քնած էին. ամբողջ ցերեկը անց է կացնում խանութում կամ կանտօրում: Երբ գիշերը խանութը կողպւում է, այնտեղից ուղղակի դիմում է կլուբը թուղթ խաղալու  եւ վերադառնում է տուն այն ժամանակ, երբ բոլորը նոյնպէս քնած էին: Լինում են գիշերներ, որ նա չի էլ վերադառնում… Հայրը զուարճանում է դրսում, իսկ մայրը տանը «վեչերներ» է սարքում  եւ լօտօն ու թղթախաղերը նրա սալօնից անպակաս են լինում: Աղջիկը սկսում է կամաց-կամաց մասնակցել մօր զուարճութիւններին եւ եթէ կին հիւրերի հետ հրաւիրուած էին տղամարդիկ (որ առանց նրանց չէ լինում), աղջիկը սկսում է ցոյց տալ իր բոլոր շնորհքը` «կօկետութիւն» անել նրանց հետ եւ զուարճախօսութիւնն ընդունում է վերին աստիճանի կինիկեան կերպարանք:

Շռայլութիւն  եւ բարքերի համարձակութիւն, ահա՛ երկու ախտեր, որ փտեցնում են մեր բարձր  եւ հարուստ դասի ընտանիքի բարոյական հիմքը: Ես ուրիշ կերպով չեմ կարող բացատրել այդ երեւոյթների պատճառները. բայց միայն նրանով, որ Թիֆլիսի մեր բոլոր հարուստները, ինչպէս ասում են, «նորաքսակ» մարդիկ են, այսինքն ժառանգութեամբ չեն ստացել իրանց հարստութիւնը, այլ վաստակել են բախտի կամ հանգամանքների յաջողութեամբ եւ շատ անգամ անազնիւ միջոցներով: Աղքատութիւնից յանկարծ հարստութեան տէր են դարձել: Այսպիսի մարդիկ չէին կարող տնօրինել մի կանոնաւոր տնտեսութիւն  եւ մի վայելուչ ընտանեկան կեանք: Շռայլութիւնը միշտ կից է լինում յանկարծահաս հարստութեան հետ  եւ այս պատճառով նա երկրորդ սերունդին չէ հասնում: Վայելուչ կեանքը լի ամէն բաւականութիւններով, բայց միեւնոյն ժամանակ չափաւոր սահմանի մէջ կազմւում է այն ժամանակ, երբ հարստութիւնն անցնում է մի քանի սերունդ: Ես մի շատ հասարակ օրինակով կը պարզեմ իմ միտքը. գցեցէք մի քաղցած հաւ մի ցորենով լիքը ամբարի մէջ, ի՞նչ կը տեսնէք. նա կը սկսէ ոչ այնքան ուտել, որքան քթութ անել  եւ ոտներով ցորենը ցրիւ տալ այս կողմ  եւ այն կողմ: Նոր հարստացած աղքատն այդ հաւի նման է լինում: Միեւնոյն օրինակով կարելի է բացատրել  եւ կնոջ բարքի համարձակութիւնը։ Կինը, արեւելեան փակ կեանքի մէջ ճնշուած կինը, որին յանկարծ տալիս են ազատութիւն (դա էլ մի տեսակ հարստութիւն է) չէ կարող օրինաւոր կերպով գործադրել իր ազատութիւնը, չէ կարող վայելել նրան որպէս հարկն է:

Բաւական հեռացայ նպատակից: Կրկին վերադառնալով դէպի գիւղական ընտանիքը, իմ նկարագիրը վերջացած կը լինի: Կարդալով այս հետազօտութիւնն ինքն ըստ ինքեան ծագում է հարց, արդեօք ինչի՞ց առաջ եկաւ կնոջ մի այսպիսի վիրաւորական վիճակը, որ նա ձայն չունի ոչ ընտանիքի  եւ ոչ հասարակութեան մէջ, որ նա պահւում է անմատչելի ծածկոցի տակ, որպէս մի նիւթ, որին արտաքին ատմօսֆէրայի ազդեցութիւնը կարող էր փչացնել, որ նա իր անձի տէրը չէ, այլ գործ են ածում նրան որպէս մի սեփականութիւն, որ ուրիշին էր պատկանում եւ վերջապէս, որ նա իբր եւ մարդ զրկուած է մարդկային ամէն իրաւունքներից: Այդ հարցերի լուծումը շատ դժուար է, մանաւանդ այն պատճառով, որ պատմութիւնը մեր հին ընտանեկան կեանքից ամէնեւին տեղեկութիւն չէ տալիս: Շատերը կարծում են, թէ կնոջ այս դրութիւնը կազմուեցաւ մահմեդական ազդեցութեան ներքոյ, ոմանք տղամարդի բռնասիրութիւնն են պատճառ բերում: Բայց իմ կարծիքով, հայ ընտանիքի կազմակերպութիւնը չէր կարող մի ուրիշ տեսակ վիճակ ստեղծել կնոջ համար, քան թէ այն, որ այժմ կայ: Նրա կացութիւնն այն աստիճան համապատասխանում է իր շրջանին, որ ստիպուած ես մտածել, եթէ այլ կերպ լինէր, անպատշաճ կը լինէր: Երեւակայեցէք ձեզ մի գիւղական ընտանիք, որ բաղկացած է քսան-երեսուն կամ աւելի անդամներից. մի քանի ամուսնացած եղբայրներ միասին են ապրում. նրանց որդիները նոյնպէս կնիկներ ունեն. տունը լցուած է զանազան հասակի երեխաներով. հէնց դա մի փոքրիկ պետութիւն է, ուր մարդիկ կապուած են իրար հետ ընդհանուր շահերով: Մի այսպիսի ընտանիքի ամբողջութիւնը  եւ ներդաշնակութիւնը պահպանելու համար, արեւելեան հայեացքով, շատ բնական էր, որ կնիկներին ձայն  եւ իրաւունք չը տրուէր: Երկպառութիւնը եղբայրների մէջ միշտ ծագում է կնիկների անհամաձայնութիւնից: Կինը չափազանց բծախնդիր  եւ նախանձոտ է: Տղամարդը մտածեց նրա բերանը փակել, որ ընտանիքի կապերը չը քանդուեն: Կնոջ դրութեան միւս մանրամասները  եւս բնականաբար առաջ եկան միեւնոյն ընտանեկան պայմաններից, որ պահանջում են նրանից անպայման հնազանդութիւն: Ի հարկէ, կնոջ դրութեան վրայ փոքր չազդեց  եւ արտաքին աշխարհը. տիրող ազգերի բռնաբարութիւնները ստիպեցին քօղի տակ պահել նրան: Մի արաբական խալիֆայ ասում է. «երկու բան պէտք է ծածուկ պահէք օտարի աչքից, մէկը փողը, միւսը կինը»: Այդ խրատը արեւելքի պահանջն էր:

Կասէք, ի՞նչ հարկ կար, որ անպատճառ մի քանի եղբայրներ անբաժան ապրէին, երբ կարող էր իւրաքանչիւրը մի առանձին ընտանիք կազմել: Աշխատանքի բաժանումը պահանջում է հիմնել մի այսպիսի, եթէ կարելի է ասել, ընտանեկան ասսօցիացիա: Գիւղական ընտանիքն անպատճառ պէտք է շատ աշխատող ձեռքեր ունենայ իր բազմատեսակ գործերի համար: Աւելացրէք դրա վրայ  եւ այն հանգամանքը, որ մեր գիւղացին ապրել է միշտ բարբարոս  եւ աւազակ ցեղերի բռնութեան ներքոյ. արտաքին ճնշումը ստիպում էր, որ մօտ ազգականները սեղմուէին միմեանց հետ  եւ կազմէին մի մեծ ամբողջ, ոչ միայն աւելի աշխատող ձեռքեր ունենալու համար, այլ մի մեծ ուժ կազմելու համար եւ կռուելով աշխատութեան արդիւնքը յափշտակութիւնից ազատ պահելու համար: Դա նահապետական դրութեան պահանջն է: Մեր նախապապ Հայկի ընտանիքը բաղկացած էր 300 հոգուց:

Այժմ, որ ազատութիւն է տիրում  եւ կեանքի պայմանները փոխւում են, նրա հետ էլ ընտանիքի կազմակերպութիւնը փոքր առ փոքր ուրիշ ձեւ է ստանում. գերդաստանի անդամների թիւը պակասում է, եղբայրները պսակուելուց յետոյ բաժանւում են: Եւ, այստեղից կնոջ վիճակը մասամբ կը փոխուի: Ինչո՞ւ: Նրա համար, որ եթէ նրանից պահանջում էին հնազանդութիւն, պահանջում էին լուռ լինել, դա գլխաւորապէս այն նպատակով էր, որ պահպանուի ընտանիքի ներդաշնակութիւնը, որ բաղկացած էր շատ անդամներից: Բայց եթէ այր ու կին ու իրանց զաւակները մի փոքրիկ ընտանիք են կազմում, այն ժամանակ տղամարդը նրա հետ շատ խիստ չի լինի եւ ինքն իր շահերով միակ կնոջ հետ կապուած լինելով, նրա վրայ կը նայի որպէս իր ընկերի վրայ եւ նրան իրաւունքներ ու ազատութիւն կը տայ: Եւ կինը, այսպիսով ընտանիքի մէջ փոխելով իր դրութիւնը, նրա հասարակական դրութիւնն էլ կը փոխուի: Այս դատողութիւնները գուցէ խորթ երեւան, բայց պէտք է խորամուխ լինել գիւղական գերդաստանի մէջ, այն ժամանակ կը համոզուի մարդ, թէ այդ այդպէս է: Որքան էլ սիրելու լինէր տղամարդն իր կնոջը, որքան էլ ցանկանալու լինէր նրան լաւ  եւ հանգիստ պահել, դարձեալ չէր կարող, որովհետեւ աշխատանքի բաժանումն ընտանիքի մէջ պահանջում է, որ բոլորը հաւասար գործէին: Եթէ ամուսինը մի փոքր խնայէր իր կնոջը, իսկոյն կը գրգռէր իր եղբօր կնոջ նախանձը եւ դրանով եղբայրների մէջ համաձայնութիւնը կը խանգարուէր: Բայց այդ պահել չէր կարող, եթէ բոլոր ամուսնացած եղբայրները միասին չէին բնակւում:

Ընտանիքի նոյնիսկ կազմակերպութիւնը պահանջում էր մտցնել գերդաստանի մէջ միապետական սիստեմա, յանձնելով իշխանութիւնն այն անձի ձեռքը, որ բոլորից երէցն էր հասակով  եւ բարոյապէս հեղինակութիւն ունէր: Ի հարկէ, կինը, որպէս ֆիզիկապէս մի թոյլ արարած, պէտք է երկրորդական տեղ բռնէր այդ ընկերութեան մէջ, ուր պահանջւում է աւելի մարմնական ուժ: Իսկ կինն իր դրութեան այդ ձեւի մէջ, թէեւ դարերով անցկացրուց շատ դժնդակ օրեր, բայց կարողացաւ պահպանել իր բարքի մաքրութիւնը եւ առանց փչանալու հասցրուց իրան մեր ժամանակին: Այժմ ունենք ձեռքում մի անարատ  եւ դեռ չը ձեւակերպուած տարր, որ սովորել է ընդունել ինչ որ լաւ է, ինչ որ օգտաւէտ է, տո՛ւր նրան ուսում եւ նա կը լինի քաղաքակրթող տարր, որպէս մինչ եւ այսօր եղել է ընտանիքի բարոյական հիմքը  եւ նրա աշխատութիւնները բաժանող անդամը: Մեծ բարերարութիւն արած կը լինի կնոջ սեռին այն մարդը, որ լուսաւորութեան կայծը կը մտցնի ամենախուլ գիւղական խրճիթներում. այդ լոյսը միայն կարող է նրան առաջնորդել  եւ դուրս բերելով տնային փակ շրջանից, կանէ նրան հասարակական ընկերութեան անդամ:

Ես սկսեցի գեղջկուհու ծնունդից. պէտք է վերջացնեմ նրա մահով: Այժմ մնում է խօսել նրա ծերութեան մասին: Գիւղացի կինը որքան հնանում է, այնքան անտիկային բնաւորութիւն է ստանում եւ որքան յիմարանում է, այնքան խելացի է համարւում: Տարիների բարդութեան հետ աւելանում է  եւ նրա հեղինակութիւնը: Այդ հասակում որդիքն աւելի պատկառանքով են նայում նրան, հարսներն աշխատում են չվշտացնել: Ծերունի ծնողների թէ անէծքը  եւ թէ օրհնութիւնը մեծ նշանակութիւն ունեն ռամկի մօտ: Պառաւից աշխատութիւն չեն պահանջում, թողնում են, որ հանգստանայ: Այդ հասակում նա գործում է աւելի եկեղեցում, քան թէ տան մէջ: Նա նախապատրաստւում է գերեզմանի համար: Պառաւի ջերմեռանդութիւնը հասնում է մինչեւ խելագարութեան. նա լինում է չափազանց սնահաւատ: Մանկութեան օրերում  եւ միջին հասակում նա ժամանակ չունէր մտածելու հոգու  եւ երկնքի համար. կեանքն աւելի շատ էր պահանջում: Տարուայ մէջ մի քանի անգամ եկեղեցի գնալով  եւ հաղորդուելով, նա իր պարտքը վճարում էր: Այժմ հանգամանքները փոխուեցան: Այսուամենայնիւ տան մէջ դարձեալ նա հանգիստ չէ մնում. ոսկրացած ձեռները չեն սովորել անգործ մնալ: Նա է հսկում խոհանոցի վրայ, բաժանում է կերակուրները, մառանի բալանիներն իր մօտ է պահում եւ նրա դիտող աչքերը չեն թողնում մի բան ի զուր կորչել: Պառաւը որովհետեւ պառաւելով կրկին երեխայանում է, այս պատճառով լինում է նա մի լաւ ընկեր երեխաների համար, զբաղեցնում է նրանց, պահպանում է, օրօր է կարդում  եւ երբեմն հէքիաթներ է ասում: Երեխաներն ընտանիքի մէջ չունեն մի աւելի մտերիմ բարեկամ, մի աւելի հզօր պաշտպան, որպէս պառաւ տատը: Սպառող կեանքը  եւ նոր սկսուող կեանքը մօտենում են  եւ գրկում են միմեանց: «Տան ծերը տան խէյր-բարաքեաթն (օրհնութիւնն) է», ասում է ռամիկը  եւ շատ ցաւում է, երբ նա պակասում է տնից: Ամենաաղքատ գիւղացին աշխատում է պառաւ մօր թաղումը հանդիսաւոր կացուցանել, ոչինչ չպակսեցնելով ընդունուած սովորութիւններից: Նա արժանաւոր կերպով վարձատրում է քահանային, «հոգեհաց» է տալիս գիւղական հասարակութեանը  եւ «հոգեբաժին» է տալիս հոգեւոր կառավարութեան գործակալին: Պառաւի մահն աւելի թանգ է նստում, քան թէ նրա մի քանի տասն տարիների կեանքը: Չէք գտնի մի գիւղացի, որ իր մօր գերեզմանը թողնէր առանց տապանաքարի, որ ամէն տարի նրա շիրիմը օրհնել չը տար, կամ քահանային փող չը վճարէր «հոգոց» կարդալու համար: Հայը առհասարակ յարգում է գերեզմանը երկնքի այդ նախագաւիթը, բայց մի բան, որ արժանաւոր կերպով չէ գնահատում, դա է կեանքը:



[1]            Իսկապէս մեր քաղաքներում ժողովրդական դասակարգերը դեռ լաւ չեն կազմակերպուած, որոշ ձեւ չեն ստացել։ Ստոր դաս, որի ներկայացուցիչներն են մշակները, եւ առհասարակ պրօլետարիատը, չունենք. ժողովրդի դասակարգութիւնը սկսւում է միջին դասից եւ վերջանում է կարողութեան տէր բուրժուայով, որի ներկայացուցիչներն են գլխաւորապէս հարուստ վաճառականները եւ մասնաւորապէս մեծ աստիճանաւոր ծառայողները, դրանց պէտք է կոչել բարձր դաս ։ Արիստօկրատիա չկայ։