Ե
Վերջացնում
եմ
իմ
հետազօտութիւնը
մի
քանի
ընդհանուր
նկատողութիւններով:
Ես
սկսեցի
գիւղացի
կնոջից
եւ
ապա
անցայ
դէպի
քաղաքացի
կինը,
նկարեցի
նրա
տիպերը
գաւառներում
ընդհանրապէս,
իսկ
Թիֆլիսում
մասնաւորապէս:
Զանց
չարեցի
նաեւ
պատկերացնել
կինը
ժողովրդի
իւրաքանչիւր
դասակարգի
մէջ
առանձին
կերպով:
Յիշեալ
հետազօտութեան
մէջ,
եթէ
հայ
կնոջ
նմանեցնենք
մի
ծառի,
նա
այսպիսի
կերպարանք
կը
ստանայ
—
հողը
արգաւանդ
է,
ծառի
արմատն
առողջ
է,
բունը`
նոյնպէս,
բունից
բաժանուած
ճղները
դարձեալ
պահպանել
են
իրանց
թարմութիւնը,
իսկ
ծառի
վերին
մասի
ոստերը
—
նրա
բարձր
կատարը
սկսել
է
գօսանալ,
տէրեւները
դեղնել
են
եւ
մասամբ
թափուել
են,
այնտեղ
կենդանութիւնը
վերջացել
է:
Դա
մի
հակաբնական
երեւոյթ
է:
Ծառի
հիւանդութիւնը
սկսուել
է
գլխից:
Եւ
գուցէ
յատուկ
է
մեր
ժողովրդին
միայն,
որպէս
արդարացնում
է
դրան
հայկական
առածը,
թէ
«ձուկը
գլխից
կը
հոտի»:
Պարզ
խօսենք:
Կինը
ժողովրդի
ստոր
դասի
մէջ
(որի
ներկայացուցիչն
է
մեզանում
գիւղացին)
ցոյց
է
տալիս
կենդանութիւն.
նա
թէեւ
ռամիկ
է,
տգէտ
է,
նախապաշարմունքներով
լի
է,
բայց
աւելի
աշխատասէր
է,
աւելի
գործունեայ
է,
եւ
պահպանել
է
իր
բարոյական
մաքրութիւնը:
—
Դա
ծառի
արմատն
է:
Կինը,
ժողովրդի
միջին
դասում,
փակւում
է
տան
չորս
պատերի
մէջ,
եւ
իր
գործունէութիւնը
սահմանափակում
է
միայն
տնային
«օջախի»
շուրջը.
բարոյականութիւնը
այստեղ
ես
գտնւում
է
իր
սրբութեան
մէջ,
բայց
զարգացման
մակերեւոյթը
չէ
բարձրանում:
—
Դա
ծառի
բունն
է:
Կինը
ժողովրդի
բարձր
դասի
մէջ,
գաւառներում
շատ
չէ
տարբերւում
միջին
դասից,
եւ
գրեթէ
միեւնոյն
յատկութիւններն
է
կրում.
բարոյականութիւնն
այստեղ
եւս
պահպանւում
է
կնոջ
բանտարկութեան
մէջ:
—
Դա
ծառի
ճիւղն
է:
Իսկ
Թիֆլիսում,
ժողովրդի
բարձր
դասակարգի
մէջ,
արդէն
սկսւում
է
կնոջ
բարոյական
չքաւորութիւնը:
Ապականութիւնը
տիրում
է
այնտեղ,
եւ
կինը
գտնւում
է
իր
գօսացած
դրութեան
մէջ:
—
Դա
ծառի
կատարն
է:
Նկատելի
է
եւ
մի
ուրիշ
երեւոյթ:
Կինը,
սկսեալ
ժողովրդի
ստոր
դասակարգից,
որքան
աստիճանաբար
բարձրանում
է,
որքան
նա
ծանօթանում
է
աշխարհի
հետ
եւ
որքան
նա
մօտենում
է
գիտութեան
լոյսին,
այնքան
աւելի
անպիտանանում
է,
եւ
այնքան
աւելի
սեփականացնում
է
իրան
այնպիսի
յատկութիւններ,
որ
բարոյական
չեն:
Թողեալ
այդ,
կինը
ժողովրդի
ստոր
եւ
միջին
դասերի
մէջ
պահպանել
էիր
ցեղական
առանձնութիւնները,
հաւատարիմ
է
մնացել
իր
ազգային
անհատականութեանը,
խօսում
է
մայրենի
լեզուով,
յարգում
է
վաղեմի
աւանդութիւնները,
աւելի
մօտ
է
եւ
եկեղեցուն,
եւ
չէ
հեռացել
այն
սովորութիւններից,
որով
ապրել
են
նրա
մայրերը:
Որի
ընդհակառակն,
կինը
բարձր
դասի
մէջ
(բացի
գաւառներից)
արդէն
սկսել
է
օտարանալ,
չէ
խօսում
մայրենի
լեզուով,
հեռանում
է
եկեղեցուց,
եւ
զզուանքով
է
նայում
ազգային
աւանդութիւնների
վրայ:
Այսպիսի
տխուր
երեւոյթները
տեսնելուց
յետոյ
ի՞նչ
ասենք.
արդեօք
կրթութիւնը
վնասակա՞ր
էր,
թէ
կինն
իր
մէջ
հիմք,
ամրութիւն
չունէր,
եւ
կրթութեան
լոյսը
ու
ջերմութիւնը
նրան
մօտեցրածին
պէս,
նա
լուծուեցաւ,
իր
բաղադրութիւնը
փոխեց:
Ոչ
այն
եւ
ոչ
այս,
կասեմ
ես.
պատճառները
պէտք
է
ուրիշ
բանի
մէջ
որոնել…
Դրութիւնը
բոլորովին
յուսահատական
չէ:
Կանացի
ամբոխը
պահպանել
է
իր
անարատութիւնը,
իր
կատարեալ
մաքրութեան
մէջ.
—
դա,
թէեւ
անմշակ,
բայց
չափազանց
արգաւանդ
հող
է,
որ
հմուտ
երկրագործի
ձեռքում
կարող
է
հրաշալի
պտուղներ
ընծայել:
Փոյթ
չէ,
եթէ
ամբոխի
մակերեւոյթից
բարձրացած
առանձին
մասերը
ցոյց
են
տալիս
մի
քանի
փտութեան
նշաններ
—
դրանք
կամ
ժամանակով
կը
փոխուեն
դէպի
լաւը,
եւ
կամ
կտրուելով
կը
հեռանան
մարմնի
ամբողջութիւնից…
Բայց
միեւնոյն
ժամանակ
ցաւալի
է
տեսնել,
որ
ժողովրդի
բարձր
դասի
մէջ,
ուր
կինը
թէ
իր
դիրքով
եւ
թե
կրթութեամբ
նշանաւոր
տեղ
էր
բռնում,
փոխանակ
բարոյապէս
ներգործելու
իրանից
ցած
աստիճանների
վրայ
դրուած
իր
սեռակից
քոյրերի
վրայ,
—
նա
ինքը
դառնում
է
վատ
օրինակ,
նա
ինքը
տարածում
է
շռայլութիւն
եւ
բարքերի
ապականութիւն:
Այլ
եւս
որտե՞ղ
է
մնում
կնոջ
բարձր,
քաղաքակրթիչ
նշանակութիւնը,
ո՞ւր
է
նրա
կենսագործող
հեղինակութիւնը
ոչ
միայն
ընտանեկան
նեղ
շրջանում,
այլ
եւ
ժամանակակից
հասարակութեան
վրայ:
Իմ
կարծիքով
հայ
կինն
այդ
աստիճանին
հասնել
չէ
կարող,
քանի
որ
նա
փակուած
կը
մնայ
տան
պատերի
մէջ:
Մինչեւ
այսօր,
երբ
կինն
ասիական
կեանքով
էր
ապրում,
երբ
հայը
մահմեդականի
հպատակ
էր,
մասամբ
նպատակայարմար
էր
նրան
արգելուած
պահել:
Իսկ
այժմ
կեանքի
պայմանները
փոխուել
են.
պէտք
է
բաց
անել
կանանոցի
դռները:
Մինչեւ
այսօր
կնոջ
կրքերը
զսպւում
էին,
նրա
բարոյականութիւնը
պահպանւում
էր
փակ
կեանքի
մէջ
մի
կողմից,
տգիտութեան
մէջ`
միւս
կողմից:
Կարո՞ղ
է
արդեօք
միշտ
շարունակուել
այդ
դրութիւնը:
Այժմ
պահպանել
կնոջ
բարոյականութիւնը
կանանոցի
բանտարկութեան
մէջ
նոյնն
է,
որպէս
զսպել
մի
գազանի
վայրենութիւնը
երկաթի
վանդակի
մէջ:
Դուրս
հանեցէք
նրան
վանդակից,
իսկոյն
գործ
կը
դնէ
իր
չարութիւնը:
Եւ
իմ
հետազօտութեան
մէջ
շատ
անգամ
ցոյց
տուեցի,
որ
կինը
հէնց
որ
իր
բանտարկուած
վիճակից
ազատւում
է,
ընկնում
է
զանազան
ախտերի
մէջ:
Ուրեմն
ի՞նչ
պէտք
է
անել,
երբ
թէ
կանանոցը
եւ
թէ
դրսի
աշխարհը
միօրինակ
վատ
են
ներգործում
նրա
վրայ
—
մէկը
բթամտացնում
է,
խլում
է
նրանից
ամէն
հոգեկան
զօրութիւն,
իսկ
միւսը
անբարոյական
է
դարձնում:
Այդ
հարցին
ես
շատ
անգամ
եմ
պատասխանել
իր
տեղում,
իմ
հետազօտութեան
մէջ,
թէ
պէտք
է
նախ
քան
կնոջն
աշխարհ
դուրս
հանելը,
նրան
նախապատրաստել
աշխարհի
համար,
եւ
դրա
մէջ
պէտք
է
լինի
կնոջ
կրթութեան
բուն
խորհուրդը:
Գուցէ
կը
նկատեն,
թէ
կինն
աշխարհի
համար
պատրաստւում
է,
նրան
ուսումնասիրում
է,
հէնց
աշխարհի
մէջ
ընկնելով:
Ես
կը
պատասխանեմ,
այն
ժամանակ
նա
պէտք
է
անցկացնէ
ապականութեան
մի
պերիօդ
եւ
ինքն
անց
կենայ
զանազան
ախտերի
միջից,
մինչ
եւ
փորձուի,
մինչ
եւ
խելքը
գլուխը
գայ…
Կնոջ
ազատութիւն,
կնոջ
անկախութիւն
(эманципация),
կնոջ
հաւասարութիւն,
դրանք
շատ
գեղեցիկ
բառեր
են,
բայց
դեռ
լուսաւոր
ազգերի
մէջ
եւս
կենսական
անվճիռ
հարցերի
կարգումն
են
գտնւում:
Իմ
յօդուածի
նպատակից
դուրս
լինելով
խօսել
յիշեալ
խնդրի
վրայ,
կրկին
դառնում
եմ
դէպի
հայ
կինը:
Գուցէ
ընթերցողը
նկատեց,
որ
հայ
կինը
ոչ
մի
դասակարգի
մէջ
չէ
յայտնւում
որպէս
հասարակական
գործիչ,
որպէս
ազդող
տարր,
եւ
որպէս
քաղաքակրթութեան
ղեկավար:
Նրա
շրջանը
ներկայացնում
է
դատարկ
կեանքի
ամենատգեղ
եւ
ամենավատ
օրինակները:
Դեռ
եւս
նրա
սալօնը
չէ
հանդիսացնում
մի
կենտրոն,
ուր
հաւաքուելով
հասարակական
գործիչ
ուժերը,
կինն
իր
խելքով
եւ
քաղցրութեամբ
ոգեւորէր
նրանց,
ներշնչելով
նրանց
մէջ
եռանդ
եւ
վստահութիւն:
Ես
ճանաչում
եմ
երկու
կանայք
միայն
Թիֆլիսում,
որոնց
սալօնները
ծառայում
էին
որպէս
կենտրոն
երիտասարդութեան:
Մէկը
վախճանուած
է
(թո՛ղ
օրհնեալ
լինի
նրա
յիշատակը),
իսկ
միւսը
դեռ
կենդանի
է:
Առաջինը
կարելի
է
համարել
որպէս
ջերմ
խնամակալուհի
մի
ուսուցչական
խմբի,
որոնց
ջանքով
կենդանացրուց
մի
օրիորդական
դպրոց:
Այդ
առաջին
օրինակն
էր,
որ
կինը
հանդէս
դուրս
եկաւ
իբրեւ
պաշտպան
կրթութեան
գործի:
Իսկ
երկրորդը,
որ
ինքը
պարապել
էր
գրականութեամբ,
որ
գիտէր
զանազան
լեզուներ,
աշխատում
էր
լինել
միջին
կապ
մեր
մանուկ
ինտելիգենցիայի
ցրուած
ուժերի
մէջ:
Բայց
ցաւալի
է
ասել,
որ
երիտասարդութիւնն
այն
աստիճան
անպատրաստ
գտնուեցաւ,
որ
յարգելի
տիկնոջ
սալօնը
շուտով
փակուեցաւ
նրանց
առջեւ:
Մեր
զարգացած
կանայք
կարող
են
ունենալ
միայն
գրականական
սալօններ,
բայց
մեր
գրականութեամբ
պարապուող
երիտասարդութիւնը
դեռ
եւս
այն
աստիճան
անկիրթ
է,
որ
հազիւ
թէ
իր
պատիւը
հասկացող
մի
տիկին
կը
ցանկանար
նրանց
առջեւ
բաց
անել
իր
դռները:
Կնոջ
սալօնի
ազդեցութիւնը
գործող
երիտասարդութեան
վրայ
հազարաւոր
օրինակներով
ապացուցուած
է
լուսաւոր
ազգերի
մէջ:
Այնտեղ
ոչ
միայն
ոգեւորւում
է
բանաստեղծը,
ոչ
միայն
կրթւում
է
վիպասանի
ճաշակը,
եւ
ոչ
միայն
պարզւում
են
պուբլիցիստի
հայեացքները,
—
այլ
այնտեղից
ոգի
են
առնում
երեւելի
քաղաքական
մարդիկը:
Մեզանում
գրողներն
ապրում
են
առանձնացած
խմբերով
եւ
տեսնւում
են
աւելի
կաֆէներում:
Եթէ
որ
եւ
իցէ
կին
ընդունէր
այս
եւ
այն
խումբը,
դուրս
կը
գար
խիստ
նեղ
շրջան,
եւ
այն
դէպքում
նրա
սալօնը
կը
ծառայեր
որպէս
գործիք
մի
կուսակցութեան,
որը
մեր
մէջ
կազմւում
է
ոչ
թէ
գաղափարի
անունով,
այլ
շահասիրական
ինտերեսներով:
Կինն
իր
նուրբ
խելքով
եւ
հրապուրիչ
բնաւորութեամբ
կարող
էր
լինել
մի
լաւ
կապ
գործող
ուժերի
մէջ:
Նրա
սալօնում
կարող
էին
մշակուել
եւ
հասունանալ
ամէն
տեսակ
հասարակական
խնդիրներ:
Եւ
կինը
կարող
էր
առաջնորդել
եւ
խրախոյս
տալ
գործող
անձնիքներին:
Եւ
դրանումն
է
բովանդակւում
կնոջ
բարձր
նշանակութիւնը,
երբ
նա
կը
մասնակցէր
հասարակական
կեանքին,
իր
ձեռքում
որպէս
գործիք
վարելով
տղամարդին:
Եւ
ոչ
միայն
ժողովրդի
բարձր
դասի
մէջ,
այլ
իջնելով
դէպի
ցած,
նրա
բոլոր
ծալքերում,
կինը
կարող
էր
յայտնուել
որպէս
ազդող
ոգի,
որպէս
ներգործող
ուժ,
թէ
խոշոր
եւ
թէ
մանր
բաների
մէջ:
Ահա՛
դրանումն
է
նրա
մեծ
հասարակական
կոչումը: