Հայ կինը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ
ՔԱՂԱՔԱՑՈՒՀԻՆ

Քաղաքում շատ բան փոխւում է: Իմ խօսքը գաւառական քաղաքների մասին է:

Մեր գաւառական քաղաքներում չկայ արիստօկրատիա, չը կայ պրօլետարիատ  եւ չունենք մշակ դաս, ինչ որ հասկացւում է Եւրոպայում այդ անունով: Մենք ունենք միայն վաճառականներ  եւ արհեստաւորներ, ունենք  եւ ծառայողներ ու եկեղեցականներ, եթէ վերջինները կարելի էր դասակարգ համարել: Ես սկսում եմ արհեստաւորի կնոջից:

Փոքրիկ մանրավաճառները  եւ արհեստաւորները շատ նման են մէկ մէկու, կնոջ դրութիւնը երկուսի ընտանիքում  եւս միեւնոյն է: Մեր քաղաքներում հարիւրաւոր արհեստաւորների ընտանիքներ չեն ածած միմեանց վրայ  եւ միեւնոյն տան մէջ, այլ բոլորն առանձին տներ ունեն: Կեանքի պայմանները թոյլ չեն տալիս, որ մի քանի ընտանիքներ մէկ բնակարանում ապրէին: Քաղաքացին իր տունը վարձով է տալիս այն ժամանակ, երբ իր համար աւելորդ էր, այսինքն, երբ մի քանի տներ ունէր: Կանանոցն ըստ մեծի մասին տների առանձին բաժնումն է գտնւում: Ընտանիքի անդամների թիւը համեմատաբար փոքր է լինում, քան թէ գիւղերում: Այստեղ եղբայրները հէնց որ պսակուեցան, խիստ սակաւ է պատահում, որ միասին ապրէին:

Քաղաքացի արհեստաւորն աւելի թշուառ է, քան գիւղացի երկրագործը: Կեանքի պէտքերը շատ են, քան թէ նրանց լցուցանելու միջոցները: Արհեստաւորի հին, ասիական ձեւով պատրաստած արդիւնաբերութիւնը օրըստօրէ գործածութիւնից ընկնելով, պատճառ է տալիս նրա դառն չքաւորութեանը: Ընտանիքի հայրը վաղ առաւօտեան գնում է իր խանութը  եւ վերադառնում է մութ գիշերով. նա տանում է իր հետ որդիներից, որը կարող էր իրան օգնել: Կինը չէ մասնակցում ամուսնի արհեստին  եւ ոչ կարող է օգնել նրան: Այդ կարելի էր, եթէ արհեստանոցը միեւնոյն տան մէջ լինէր, ուր նրանք բնակւում էին, բայց նա գտնւում է բազարում եւ կնոջ համար բազար դուրս գալ անպատշաճ էր. շատ անգամ նա չը գիտէ, թէ ամուսինը որտեղ է գործում եւ երբեք չէ տեսել նրա արհեստանոցը: Եւ այսպէս, արհեստաւորն առաւօտեան գնում է իր գործին, կինը մնում է տան մէջ մենակ: Նա ոչ սպասաւոր ունի  եւ ոչ աղախին. ինքն իր տան ծառայողն է եւ եթէ չունէր նա հասած աղջիկ, որ օգնէր իրան, տնային գործերը բոլորն ինքն է կատարում: Պառաւ սկեսուրը միայն հրամայող է եւ շատ անգամ խանգարում է նրան իր անտեղի պահանջներով, քան թէ օգնում է:

Աղջիկն այստեղ  եւս ծնւում է միեւնոյն հանգամանքների մէջ, որպէս գիւղերում եւ եթէ նկարագրէինք նրա որպէս աշխարհ գալը  եւ ընդունելութիւնը պէտք է շատ բան նորից կրկնէինք: Մայրն ինքն է կերակրում նորածին աղջկան, ինքն է հոգ տանում նրա մաքրութեան վրայ, որ սկզբում շատ խնամք է պահանջում: Միեւնոյն ժամանակ նա պէտք է օջախը վառէ, կերակուր պատրաստ է եւ ամուսնի համար դուքանը ճաշ ուղարկէ: Փոքրիկ աղջիկը միշտ խանգարում է, այս պատճառով նրան շատ անգամ հէնց օրօրոցի մէջ ծեծում են, որ ձայնը կտրի, աղաղակ չը բարձրացնէ: Եւ երբեմն խմեցնում են կաթնով եփած խաշխաշ, որ քնէ  եւ չը խանգարէ մօրը. թմրութիւնն  եւ ապշութիւնն ափիօնի հետ փոքր հասակից մտնում է նրա ուղեղի մէջ:

Աղջկայ վիճակը փոխւում է, երբ նա ազատւում է օրօրոցից, երբ այլեւս չէ կերակրւում մօր ստինքով եւ երբ կարողանում է սողալ, կամ չորս թաթիկների վրայ քաշ գալ եւ կամ պատերը բռնելով ման գալ: Այժմ նա ինքն իրան կարող է կառավարել: Նա երբեմն դուրս է գալիս բակը  եւ ամբողջ օրը թաւալւում է հողերի  եւ ցեխերի մէջ: Մայրը մասամբ ուրախ է, որ նրա երեսը չէ տեսնում եւ երբեմն գտնում է նրան դրսում քնած սառը գետնի վրայ, կամ խրուած ցեխի մէջ: Տան շեմքից ոտքը դուրս դնել  եւ փողոցը գնալ նա չէ կարող, որովհետեւ դուռը միշտ կողպուած է լինում. բայց բակը նրա խաղերի համար բաւական ընդարձակ ասպարէզ է, մանաւանդ երբ զարդարած է լինում պարտէզը, որը գաւառական քաղաքներում ընտանիքների միակ մխիթարութիւնն է:

Դեռ հինգ տարեկան հասակը չը հասած, մայրը ստիպեցնում է նրան կատարել այս  եւ այն տնային գործը, օգնել իրան: Ամէն մի անուշադրութիւն հանդիպում է ծանր ապտակների: Այդ հասակում նրան թոյլ են տալիս գնալ մերձաւոր հարեւանի տունը, երբ պէտք էր մի բան փոխ առնել: Իսկ երբ դառնում է նա տասն կամ տասներկու տարեկան, այնուհետեւ տան դռները փակւում են նրա առջեւ: Խիստ հազիւ անգամ մօր հետ նա ազգականների մօտ է գնում: Գիւղացի աղջիկն այդ դէպքում աւելի բախտաւոր է. նա ապրում է աւելի արձակ աշխարհում եւ շատ անգամ, թէ եւ ոչ առանց հսկողութեան, գնում է այգին, պարտէզը, դաշտը, սարը  եւ շատ բան սովորում է բնութիւնից: Բայց արհեստաւորի աղջկայ աշխարհայեցողութիւնն իր չափազանց նեղ շրջանի մէջ մնում է խիստ սահմանափակ  եւ միակողմանի: Փակուած տան չորս պատերի խուլ առանձնութեան մէջ, փակւում է  եւ նրա մտաւոր զարգացումը: Թէեւ մայրն աշխատում է նրան մի բան սովորեցնել, բայց բոլոր նրա դաստիարակութիւնը բարոյական բնաւորութիւն ունի, կրթող, զարգացուցիչ նրա մէջ ոչինչ չը կայ: Աղջիկը միշտ լսում է միեւնոյն խրատները, թէ պէտք է խոնարհ լինի, հնազանդ լինի, սակաւ խօսէ, ամէնեւին չը ծիծաղէ, տղամարդերի երեսին չը նայէ, պառաւ կնիկների ձեռքը համբուրէ  եւ այլն: Նրա միտքը, սիրտը  եւ հոգին ճնշում են հին նախապաշարմունքների ներքոյ եւ խլում են նրանից ամէն մի ազատ, ինքնուրոյն զարգացում: Նա դառնում է մտաւորապէս իդիոտ, բայց բարոյապէս հրեշտակ:

Աղջկանց դպրոցնէր գաւառական քաղաքներում չը կան, կամ եղածները դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին: Թողեալ այդ, ստոր դասը դեռ նայում է դպրոցին որպէս մի անբարոյականացնող հիմնարկութիւն: Այդ կարծիքը ստեղծել է ռամկի մտքում նոյն ինքը դպրոցը: Եւ եթէ յաջողւում է արհեստաւորի աղջկան դպրոց մտնել, ընտանիքի բռնակալութիւնը շարունակում է դպրոցը: Վարժապետը  եւ վարժուհին վարւում են նրա հետ նոյնպէս կոշտ-կոպիտ կերպով եւ երբեմն ապտակներով, որպէս տանը վարւում էր մայրը կամ հայրը: Ծնողներից նա չը տեսաւ որեւիցէ զարգացնող  եւ կատարելագործող օրինակ, իսկ չոր ու ցամաք ուսումը չէ տալիս սնունդ ոչ նրա մտքին  եւ ոչ հոգուն: Աղջիկը տարիներով երթեւեկում է դպրոցը կատարեալ տգիտութեան մէջ եւ վնասակարն այն է, որ թերի եւ անկարող ուսումը, արգելք դնելով բնական զարգացմանը, շինում է նրանից բթամիտ:

Բայց մայրը, ինչ վարքի տէր  եւ լինէր նա, դարձեալ աշխատում է աղջկայ սանձը իր ձեռքում պահել: Ոչինչ օրինակ այնքան կորստաբեր լինել կարող չէ, քան թէ այն, որ մարդ խրատում է ուրիշին այն առաքինութիւնները, որ ինքը չէ կատարում: Այստեղից առաջ է գալիս մօր  եւ աղջկայ մէջ յարաբերութիւնների մի կեղծ խարդաւանք, որով մինը միւսին խաբում է: Բայց աղջիկն աւելի վարպետ է լինում:

Դպրոցից դուրս բերելէն յետոյ, աշխատում են աղջկան շուտով մարդու տալ: Օժիտի քանակութիւնն առաջուց հրապարակւում է, թէ քանի հազար է. նրա համեմատ որոնում են փեսայ: Մայրը սկսում է այնուհետեւ աղջկան ցոյց տալ աշխարհին, այցելութիւններ են անում, տանում է նրան բալ, թատրոն, «կրուժօկ»  եւ դրանց նման տեղեր: Աղջիկը միշտ իրան նեղուած է գտնում անկիրթ, անտաշ մօր մօտ, որ ամէն տեղ հետեւում է նրան, որպէս մի սեւ ստուեր, բայց թաքցնում է իր տհաճութիւնը: Հայրն ամէնեւին չէ խառնւում գործի մէջ. նա իրան հեռու է պահում: Դուք չէք տեսնի հարուստ հայրերից մէկին, որ իր աղջկայ հետ ման գալիս լինէր փողոցում: Այս դէպքում հայը պահպանել է իր ասիականութիւնն այլեւս կնոջ վերաբերութեամբ:

Ամուսնութիւնները լինում են ըստ մեծի մասին հաւասարը հաւասարի հետ (նիւթական կարողութեան կողմից): Առաջ գերադասում էին աստիճանը, «մունդիրը», բայց հիմա աստիճանաւորին բանի տեղ չեն դնում, եթէ փող չունի կամ որեւիցէ բարձր դիրք բռնած չէ: Մի ժամանակ էլ մօդայի մէջ մտան օտարազգի փեսաները, բայց հիմա նրանք էլ կորցրել են իրանց վարկը, որովհետեւ համարեա բոլոր ամուսնութիւններն օտարազգիների հետ անբախտ եղան: Փեսան աղջկայ բերած փողը կերաւ  եւ նրան քաղցած թողեց: Ծնողները սկսեցին ափսոսալ ոչ թէ աղջկան, որ մի անպիտանի ձեռքում մաշւում էր, այլ իրանց տուած փողին: Եւ այսպէս, ամուսնութեան մէջ գլխաւոր դերը խաղում է հաշիւը  եւ ամուսնական կապը դառնում է փողը: Ամէնեւին չէք տեսնի, որ մի աղջիկ, մի քանի տասն հազար օժիտով, պսակուէր մի գեղեցիկ  եւ առողջ երիտասարդի հետ, որ միայն ուսում ունէր, բայց փող կամ պաշտօն չունէր: Եւ ընդհակառակը, շատ կը տեսնէք այնպիսի փեսաներ, որ ամուսին լինելու ընդունակութիւնը կորցրել էին, որ կեանքը սպառել էին վատ կացութեան մէջ, բայց պսակւում են աղջիկներից ամենագեղեցիկի հետ, որովհետեւ փող ունեն: Սէրն ամէնեւին դեր չունի այս դասի ամուսնութեան մէջ եւ եթե յայտնւում է նա, առաջ է բերում այնպիսի մի րօման, որ ոչ մի գրիչը յարգող րօմանիստ չէր ցանկանայ նկարել նրան: Շատ ցաւալի է լինում աղջկայ դրութիւնը, երբ նա միայն փողով պէտք է իր համար ամուսին գտնէր: Այդ դէպքում նրա անձնական արժանաւորութիւնները բոլորովին իրանց նշանակութիւնը կորցնում են: Գուցէ նա գեղեցիկ էր, գուցէ խելացի էր եւ կարող էր լաւ կին լինել, բայց փեսաները նրա մօտով անցնում են կարծես արհամարհելով: Նա մնում է որպէս մի անվաճառ ապրանք, որ խանութպանի լեզուով կոչւում է «փասմանդայ» [1]: Տարիների հետ նրա բնաւորութիւնը փոխւում է: Կապիկը որքան պառաւում է, այնքան չարանում է: Պառաւ աղջիկը սեփականացնում է մաղձոտ բնաւորութիւն: Նա դառնում է  եւ նախանձոտ, մանաւանդ երբ տեսնում է, որ վատերը փողով մարդիկ են գնում: Մի հարստից, որ կաղ աղջիկ ունէր, հարցրին. «Ինչպէ՞ս պէտք է մարդու տաս աղջիկդ»: Նա պատասխանեց. «յիսուն հազար ռուբլի կը դնեմ ոտքերի տակը, երկուսն էլ կը դրստուին»:

Վերջապէս աղջիկը մարդի է գնում: Կին լինելուց յետոյ սկսւում է նոր կեանք: Առաջին ամիսներից յետոյ անցնում է ամուսնական սիրոյ առաջին ջերմութիւնը: Այնուհետեւ սառնութիւնն աննկատելի կերպով մէջ է մտնում: Այր  եւ կնոջ յարաբերութիւնները պաշտօնական ձեւ են ընդունում: Դէպքերն առաջ են բերում սոսկալի պայթիւնը: Յետոյ սկսւում է ընտանէական դժոխքը: Եւ այդ ծագում է խիստ բնական կերպով: Ամուսին այրն ունի իր պարապմունքը, իր արտաքին բարեկամները  եւ բարեկամուհիքը. նա ունի իր առանձին զուարճութիւնները, գնում է կլուբ  եւ ուրիշ այսպիսի տեղեր: Նա այնքան զբաղուած է լինում իրմով, որ համարեա մոռանում է, թէ կին ունի: Կինն էլ իր կողմից պէտք է իր համար կեանք տնօրինէ: Այս բանի մէջ նրան առաջնորդում է մօր օրինակը: Նա անում է այն, ինչ որ տեսել ու սովորել է մօրից: Այցելութիւններ է անում, զբօսանքի է գնում, տանը երեկոյթներ է սարքում, թրեւ է գալիս մագազիններում, զբաղւում է աւելի իր պչրանքներով, քան թէ զաւակներով, իսկ տնտեսութիւնը մնում է աւազակ ծառաների  եւ աղախինների կամքին: Ամառն անց է կացնում ամառանոցում, իսկ ձմեռը սկսւում է միեւնոյն կեանքը: Տարիներն անցնում են միմեանց ետեւից, միօրինակ եւ աննպատակ զուարճութիւնները սաստիկ յոգնեցնում են նրան: Այլեւս ի՞նչ անէ. ամէն բան փորձել, ամէն բան մաշել է նա: Վերջին տարիներում սովորութեան մէջ մտաւ արտասահմանը. կնիկները սկսեցին ձգել ամուսիններին  եւ հեռու օտարութեան մէջ թաքցնել իրանց ամօթը: Այս բոլորի մէջ ես մեղադրում եմ տղամարդին, նա ինքն է առիթ տալիս նրան վատ լինելու:

Պատահում են բախտաւոր ամուսնութիւններ: Տղամարդը զբաղւում է իր գործերով, աշխատում է ընդարձակել իր ասպարէզը: Կինը կառավարում է տունը  եւ նրանից դարձնում է մի փոքրիկ դրախտ: Երկուսն էլ օգնում են միմեանց. մէկը, որպէս դրսի մարդ, միւսը, որպէս ներսի մարդ: Կեանքը սահում է իր խաղաղ ընթացքով  եւ լի ամէն վայելչութիւններով: Զաւակները թռվռում են ծնողների բոլորտիքը մաքուր, առողջ, որպէս հրեշտակներ: Ամէն ինչ դրւում է կարգի  եւ օրինակութեան ներքոյ: Ամուսնական ներդաշնակութիւնը լինում է հիմքն ընտանիքի բարօրութեան, իսկ բարոյականութիւնը նրա մէջ տիրող ոգին:

Մինչեւ այստեղ ինչ որ խօսեցի Թիֆլիսի հարուստ կամ բարձր անուանուած դասի մասին, վերաբերում էր խոշոր վաճառականներին, նշանաւոր կապալառուներին, բանկիրներին, կալուածատէրերին, բախտախնդիր սպեկուլատօրներին եւ առհասարակ այն հասարակութեանը, որ մեծ կարողութեան հետ ունի  եւ մեծամեծ մոլութիւններ: Մնում է մի քանի խօսք ասել աստիճանաւորների կնիկների մասին: Այստեղ ընտանեկան կեանքը գտնւում է իր այլափոխութեան տագնապի մէջ. դեռեւս անձեւ  եւ անկերպարան է նա: Ոչինչ այնքան անշնորհք  եւ անարգ չէ լինում, որպէս մի կացութիւն, որ ոչ այս է  եւ ոչ այն: Օտարացումը գտնւում է իր տգէտ այլանդակութեան մէջ: Ընտանիքը խլուելով մայրենի բնական հողից, դեռեւս հաստատ հիմք չէ ձգել օտար հողի վրայ: Նա տատանւում է որպէս մի ծառ, որ արմատ չունի: Դրանից հետեւում է նրա գօսացումը: Եթէ աւելացնենք  եւ «չինովնիկութեան» ոգին, որ մտնում է ընտանիքի մէջ, շատ հասկանալի կը լինի նրա դրութիւնը: Այդ հասարակութեան մէջ չքաւորութիւնը կապուած է լինում մեծ ծախսերի  եւ շռայլութեան հետ, որոնք պատճառ են տալիս անբարոյական ձեռնարկութիւնների նրանց լցուցանելու համար: Արդարեւ, այստեղ տղամարդը դեռեւս բոլորովին չի կորցրել իր ասիական կատաղի խանդը, որ յօժարուէր կնոջը բարեկամացնել իր մեծաւորի հետ, իր ասպարէզը լայնացնելու համար. բայց ուրիշ ցածութիւնների դէմ նա անզօր է: Այստեղ նոյնպէս կնոջ բարքերի աստիճանը վերաբերական է. կան մաքուրներ  եւ կան անմաքուրներ: Աղջկան փոքր հասակից կրթում են, տաշում են, կոկում են, աշխատելով տալ նրան այն փայլը աւելի «бонтон» լինելու համար: Նա դառնում է մի «մօդնի կուկլա» որն ոչ սիրտ ունի  եւ ոչ միտք: Գիտէ, արդարեւ, վարուել, գիտէ ծըքծըքուել, գիտէ կաչաղակի նման շատախօսել, բայց չը գիտէ մտածել: Նրա ամբողջ գոյութեան մէջ տիրում է դատարկութիւն: Ծնողներն իրանք են տնօրինում նրա ամուսնական բախտը: Կին լինելուց յետոյ, ամուսնից շուտով ձանձրանում է, որովհետեւ նրա սիրտը չէ սովորել երկար սիրել մէկին: Եւ առաջ է գալիս մի ծիծաղելի վէպ:

Այսուամենայնիւ, այս հասարակութեան մէջ կան ծնողներ, որոնք դեռ պահպանել են իրանց հայկական խելքը  եւ սովորութիւնները եւ որոնք խնայողութեամբ շինել են լաւ կարողութիւն եւ սնուցանում են լաւ աղջիկներ: Այս կարգի մարդկանց վերաբերում են գաւառներից Թիֆլիս տեղափոխուած  եւ դեռ չփչացած ընտանիքները եւ մասամբ տոհմային ազնուականները: Դրանք ապրում են այն աստիճան պարզ, համեստ, հասարակ եւ միեւնոյն ժամանակ վայելուչ կեանքով, որը չէք տեսնի նոր հարստացած վաճառականների մէջ: Վերջիններն իրանց հարստութեան հետ ունեն մի տեսակ ցուցամոլութիւն, որով աշխատում են միշտ աչքի ընկնել: Նորելուկներն առհասարակ քիթը բարձր են պահում: Բայց հին  եւ հիմնաւոր ընտանիքների մէջ, որոնց սովորաբար կոչում են «օջախի որդիք», օրինաւորութիւնը, պատշաճաւորութիւնն աւանդուել է սերունդից սերունդ տոհմային գերազանցութեան հետ: Աղջկայ ուսումն այստեղ նոյնպէս ստացւում է միեւնոյն աղբիւրներից, ուր սովորում են հարուստ վաճառականների աղջիկները: Բայց որովհետեւ աղջիկն ընտանիքի մէջ սկզբից փչացած չէ, դպրոցն իր աւերիչ ներգործութեամբ շատ չէ ազդում նրա վրայ: Աւարտելուց յետոյ դպրոցի թերութիւնները լրացնում են տանը, հրաւիրելով տնային վարժապետ մայրենի լեզուի համար, այլեւ օտարերկրեայ լեզուների համար, որպէս են ֆրանսերէնը  եւ գերմաներէնը, հրաւիրում են  եւ մուզիկայի վարժապետ: Այս տեսակ կրթութիւն ստացած աղջիկը, թէեւ այնքան ինքնակամ չէ լինում, որ իր համար փեսայ ընտրէր եւ պսակւում է ծնողների համաձայնութեամբ, բայց միշտ լաւ կին է լինում: Նրանք երբեմն մարդի ենգնում առանց օժիտի, եթէ ծնողները հարուստ չէին: Դա մի շատ ուրախալի երեւոյթ է, որ աղջկայ անձնական արժանաւորութիւնը գնահատւում է: Նրանց վրայ պսակւում են այնպիսի ուսումնական երիտասարդներ, որոնք թէ եւ փող չունեն, բայց հարուստ ապագայի յոյս ունեն: Դրանց մէջ կարելի է տեսնել բախտաւոր ամուսնութեան բոլոր վսեմութիւնը:

Թիֆլիսի հարուստ դասի մէջ կնոջ ծերութիւնն այնքան ցաւալի չէ լինում: Պառաւի տարիների հետ մոռացւում է  եւ նրա անցեալը. նա դառնում է աւելի բարեպաշտ  եւ սկսում է յաճախել եկեղեցիները: Տան մէջ նրա վրայ նայում են, որպէս մի հին կարասիի վրայ, որ երկար ծառայելով, մի տեսակ նուիրականութիւն էր ստացել, որին չեն կամենում դէն գցել, բայց չեն էլ ցանկանում, որ շատ աչքի երեւար: Նրան պահում են որպէս մի հնոտիք: Ցանկալի մահն օգնութեան է հասնում պառաւին: Դատարկ կեանքից նա անցնում է դէպի գերեզմանի դատարկութիւնը: Որդիները նրա թաղումը կատարում են հանդէսով  եւ մօտ ազգականները սեւ են հագնում:



[1]            Փասմանդայ նշանակում է ցած մնացած կամ յետ ընկած։