Հայ կինը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ

Այժմ դառնում եմ դէպի գաւառները:

Գաւառներում ինքնըստինքեան հասկանալի է, որ կեանքի պայմանները փոխւում են: Մեծ տարբերութիւն կայ Թիֆլիսի բարձր դասի  եւ գաւառական քաղաքների նոյն դասին պատկանող կնիկների մէջ: Ընտանիքը շատ չէ հեռացել նահապետականութիւնից  եւ դեռ եւս գտնւում է իր արեւելեան կազմակերպութեան մէջ: Աղջկան մեծացնում են աւելի սաստիկ հսկողութիւնների ներքոյ: Ես պէտք է շատ բան նորից կրկնէի, եթէ մանրամասնութիւնների մէջ մտնէի, որովհետեւ կեանքը  եւ կնոջ դրութիւնն այստեղ աւելի չէ տարբերւում թէ բարձր  եւ թէ միջին դասի մէջ, որի մասին խօսեցի իմ հետազօտութեան նախընթաց գլուխներում: Զանազանութիւնը միայն նրանումն է, որ մէկն ապրում է ապահով վիճակի մէջ, իսկ միւսն իր վշտալի կացութեան հետ կրում է  եւ աղքատութեան դառնութիւնը:

Գաւառներում պանսիօն կամ որ եւ իցէ բարձր ուսումնական հիմնարկութիւն չկայ: Եթէ հրաւիրում են տնային վարժապետ, դասատւութեան ժամանակ աշակերտուհու մայրն ուսուցչի կողքին նստած էլինում: Իսկ եթէ նրան ուղարկում են ծխական դպրոց, առանց սպասաւորի չէ գնում: Բայց մեծ մասամբ աղջկան մեծացնում են առանց ուսում տալու, կատարեալ տգիտութեան մէջ: Եւ տգիտութիւնը լինում է նրա անմեղութեան գլխաւոր պայմանը: Նա չէ ստանում  եւ աշխարհային կրթութիւն. նրան ոչ մի տեղ չեն տանում, օտարներին ցոյց չեն տալիս  եւ միշտ հեռու են պահում տղամարդի հասարակութիւնից: Նա մնում է դանդաղկոտ, ամօթխած, երկչոտ  եւ լի ամէն նախապաշարմունքներով:

Ծնողները տալիս են աղջկան իրանց ընտրած փեսային եւ օժիտի սովորութիւնը շատ ծանր չլինելով, փեսայ գտնելը միշտ հեշտ է լինում: Եթէ հայրը հարուստ էր, կամ ազդեցութիւն ունեցող մէկն էր, ամէն երիտասարդ ցանկանում է նրան փեսայ դառնալ, կողմնակի կերպով նրանից օգուտ քաղելու համար: Մեր մէջ վաղուց հարց է բարձրացել, թէ աղջկան թոյլ չեն տալիս ազատ կամքով իր ամուսնական վիճակը տնօրինելու: Միթէ՞ նա կամք ունի: Նրան այն աստիճան միամիտ, անփորձ  եւ կեանքի հետ անծանօթ են մեծացրել, որ եթէ նրան իր կամքին թողնէին, առաջին պատահած շարլատանը կարող էր խաբել  եւ անբախտացնել նրան: Ծնողները գոնեա ճանաչում են աշխարհը  եւ գիտեն նրա պահանջները, աշխատում են իրանց զաւակին մի յուսալի  եւ ապահով մարդու ձեռքը տալ: Այնուհետեւ աղջիկը, որպէս եղել էր իր հօր  եւ մօր խոնարհ զաւակը, այնպէս էլ դառնում է իր տղամարդի հնազանդ  եւ հլու ամուսինը: Խիստ հազիւ դէպքեր առաջ են բերում անհամաձայնութիւն, եւ ամուսնական անհաւատարմութիւնը նոյնպէս հազուագիւտ երեւոյթ է գաւառներում:

Կին լինելուց յետոյ նա իսպառ կորցնում է իր ազատութիւնը: Նրան պահում են փակուած, տան չորս պատերի մէջ  եւ ոչ ոքի ցոյց չեն տալիս: Նա իրաւունք չունի բացի իր տղամարդից մի օտարի հետ ոչ տեսնուելու  եւ ոչ խօսելու: Նա տեսնւում է  եւ խօսում է, այն  եւս խիստ սակաւ անգամ, միայն իր ամենամերձաւոր ազգականների հետ, որպէս են հայրը, մայրը, քոյրը, եղբայրը  եւ այլն: Նա չէ խօսում եւ իր ամուսնի հօր, նրա եղբօր  եւ նրա ազգականների հետ արական սեռից: Բացի ընտանեկան նեղ շրջանից, արտաքին աշխարհում կինը տեղ չունի գաւառների մէջ: Թատրոն, բալ, «կրուժօկ» եւ մինչեւ անգամ ամենահասարակ զուարճութեան տեղեր չկան: Հասարակաց այգիները տղամարդերի համար են: Կինը զրկուած է բոլոր արտաքին վայելչութիւններից: Նա իրաւունք չունի այլ եւ իր ներքին շրջանի մէջ, ընտանեկան «օջախում» մի ուրախ օր անցկացնել: «Վեչերներ» տալ չէ կարող: Եւ եթէ լինում են երբեմն հրաւէրներ, այն  եւս ամենամերձաւոր բարեկամների կնիկներն են կանչւում. ոչ մի տղամարդ նրանց «մէջլիսի» մէջ մասնակցել չէ կարող եւ մինչեւ անգամ տանտիկնոջ ամուսին այրն այն օրն իր տունը չէ մտնում, երբ տանը կին հիւրեր կային: Սակաւ է պչրանքը, սակաւ է զարդարանքը: Փակուած տան մէջ ո՞ւմը պէտք է իրան ցոյց տայ կինը: Եւ այդ հեռու է պահում նրան շռայլութիւնից: Չը կայ դատարկաշրջիկ կեանք, որ սարսափելի կերպով տանում է կնոջը դէպի մոլորութիւն: նա ապրում է որպէս մի ողորմելի միայնակեաց եւ ճգնում է տնային լռութեան մէջ: Խիստ հազիւ անգամ նա երկչոտ դէմքով լուսամուտից նայում է դէպի փողոցը, երբ պատահել էր մի օտարոտի աղմուկ: Այս պայմանների մէջ, թէեւ գաւառացի կինն իր նազելութեամբ չէ քաղցրացնում տղամարդի սիրտը, թէեւ նա առհասարակ զուրկ է լինում այն հրապուրիչ յատկութիւնից, որ կոչւում է կանացիութիւն, բայց տնտեսութեան մէջ, իբրեւ անխոնջ տանտիկին, նա հրաշալի է: Եւ այդքանն է պահանջում նրանից տղամարդը:

Պատահում են  եւ օտարոտի երեւոյթներ: Տեսնում ես մի վաճառական, որ եղել էր Թիֆլիսում, Մոսկուայում, կամ իր գործերով ընկել էր արտասահման: Տեղային կնիկները նրա մէջ առաջ են բերում միտեսակ ազատամտութիւն: «Ինչո՞ւ իմ կինս էլ դրանց նման չը պիտի լինի», մտածում է վաճառականը: Նա կարծում է, թէ բաւական էր, որ կինն այնպէս հագնուէր, որպէս մի ֆրանսուհի եւ իսկոյն նրա նման կը լինէր: Ապսպարում է հագուստներ վերջին մօդայի ձեւով  եւ վերադառնում է տուն: Կինը հագնելու եղանակն անգամ չը գիտէ. մարդը օգնում է նրան, որքան իրան յայտնի է: Եւ յանկարծ «մօդնի կապիկը» սկսում է յայտնուել փողոցներում, մտնում է զանազան շրջանների մէջ: Նա ինքը շատ գոհ չէ իր այլափոխութիւնից. նեղւում է, կարմրում է, քրտնում է, եւ կարծում է, թէ ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրայ: Բայց ի՞նչ անէ. մարդը ցանկանում է, որ նա քաղաքակրթուած կին լինէր: Դա կատարեալ տանջանք է: Ով որ տեսել էր մօդնի մագազիններում դրած «մանեկենը», որ գործ են ածում զգեստներ չափելու  եւ փորձելու համար, կարող է մի ճիշտ նմանութիւն գտնել դրա  եւ մեր գաւառացի «մօդնի» տիկնոջ մէջ, որն այնքան է հասկանում իր նոր հանդերձի գործածութիւնը, որքան հասկանում է փայտից շինած «մանեկենը»: Ես նախապաշարմունքով չեմ նայում երեւոյթի վրայ: Ես սիրում եմ կնոջ «կրացիան», սիրում եմ նրա նազելութիւնը: Բայց չեմ կարող չը վրդովուել, երբ կնոջն անփորձ, անպատրաստ բաց են թողնում դէպի աշխարհ: Այսպիսի կինն առաջին զոհն է դառնում կեանքի յանդուգն այլափոխութեան: Ես կարող եմ մատներով համբարել շատ օրինակներ, բայց ի՞նչ հարկաւոր է. կենցաղավարութեան ընդհանուր օրէնքները սաստիկ պատժում են, երբ կինը նրանց դէմ զեղծումներ է գործում: Մի մարդ, երբ երկար ժամանակ պահուել էր մութ սենեակում, երբ յանկարծ նրան դուրս են թողնում լոյսի մէջ, նրա աչքերը լաւ չեն տեսնում, շլանում են եւ նա ընկնում է: Նոյնը պատահում է տան մէջ փակուած կնոջ հետ:

Գաւառներում աստիճանաւորի կամ կառավարութեան պաշտօնեայի ընտանիքը բաւական տարբերւում է հարուստ վաճառականի  եւ կալուածատերի ընտանիքից: Այստեղ աշխատում են կեանքին տալ, որքան կարելի է, եւրոպական ձեւ: Ծառայող հայրը ինչ որ տեսել էր իր ռուս մեծաւորի տանը, նոյնը աշխատում է մտցնել  եւ իր ընտանիքի մէջ: Աղջկան, եթէ հօր կարողութիւնը ներում է, ուղարկում են Թիֆլիս որեւէ պանսիօնում սովորելու համար: Նա վերադառնում է, իր հետ բերելով Թիֆլիսի մոլութիւնները: Հայրը խօսում է նրա հետ ռուսերէն, իսկ մայրը ներողամտութեամբ է նայում իր դստեր թեթեւամտութիւնների վրայ, կարծելով, թէ «ուսեալ» օրիորդն այնպէս պէտք է լինի: Բարեկամներիցս մէկը, որ ֆրանսերէն լեզուի վարժապետ էր, պատմում էր, թէ ինքն առիթ ունեցաւ ծանօթանալ մի օրիորդի հետ, որ բնակւում էր մի փոքրիկ գիւղաքաղաքում, որովհետեւ այնտեղից էր: Օրիորդի հայրը տէրութեան ծառայութեան մէջ այնքան վարպետ էր գտնուել, որ դիզել էր բաւական փող եւ կարողացել էր աղջկան Թիֆլիս ուղարկել, ուր նա ուսում էր ստացել: Բարեկամս խոստովանւում էր, թէ օրիորդը չէր սիրում նրան, բայց ունէր դէպի նա մի առանձին համակրութիւն այն պատճառով միայն, որ երիտասարդը խօսում էր ֆրանսերէն  եւ երկար ժամանակ ապրել էր Փարիզում: Նա հաւատացնում էր, թէ ինքը Փարիզի ամենացած «գրիզետկաների» մէջ չէ տեսել մի աղջիկ, որ նրա նման արձակ վարքի տէր լինէր: Օրիորդն աշխատում էր ազատամիտ ձեւանալ  եւ հեռու ամէն նախապաշարմունքներից  եւ իր ազատամտութիւնը ցոյց էր տալիս նրանով, որ շատ անգամ ընդունում էր երիտասարդին իր քնարանում, եւ ինքը մահճակալի վրայ պառկած, ոտները յենարանի վրայ ցցած, խօսում էր նրա հետ Վօլթերի  եւ Ռուսօի վրայ, որոնց մտքերի հետ ամէնեւին ծանօթ չէր: Ահա այսպէս փչացնելով աղջկան, գցում են գաւառական համեստ քաղաքը: Գալիս է ժամանակը, որ պէտք է մարդու տալ: Մի վաճառական տղայ, թէ եւ հարուստ, անարժան է համարւում «ուսեալ»  եւ «կրթեալ» օրիորդին ամուսին լինելու: (Խօսքը մեր մէջը մնայ, վաճառականն ամէնեւին չէ էլ ցանկանայ նրա ամուսին լինել): Տալիս են «մունդիր» ունեցող մարդու: Որովհետեւ այսպիսիների թիւը շատ սակաւ է, ուրեմն ընտրութեան մէջ խիստ չեն վարւում. գցում են առաջին պատահողի ձեռքը: Կին լինելուց յետոյ «ուսեալը» շրջապատում է իրան քաղաքի ծառայողներով, ինչ ազգից  եւ լինէին նրանք հայ, թուրք, ռուս  եւ այլն: Բոլորը հաւաքւում են նրա սալօնում  եւ թուղթ են խաղում: Ուրիշ զուարճութիւն չկայ: Եթէ ամուսին այրը լաւ խաղացող է, կամ գիտէ վարպետութեամբ կարտերը «շինել», լաւ օգուտ է քաղում իր կնոջ «ֆիրմայից», ամէն գիշեր կողոպտելով իր հիւրերին: Ես մի գիշեր առիթ եմ ունեցել գաւառում պատահել մի այսպիսի ընտանիքում. ոչինչ շրջան այնքան զզուելի չէր կարող լինել, քան թէ այն: Ինձ վրայ նայում էին որպէս մի տխմարի վրայ, որովհետեւ խաղալ չգիտէի: Բայց դատարկ կեանքը շուտով ձանձրացնում է մեր «ուսեալին»: Գաւառական փոքրիկ քաղաքը խիստ նեղ է գտնում իր ասպարէզի  եւ բաւականութիւնների համար: Այս պատճառով երբեմն գնում է Թիֆլիս իր հին բարեկամների  եւ բարեկամուհիների հետ տեսնուելու համար: Եւ ամէն անգամին ապսպարում է իր համար նոր զգեստներ, որովհետեւ իր քաղաքում դերձակը «մօդայի» հետ ծանօթ չէր: Եւ ամէն անգամ վերադառնում է մի նոր շքով:

Բայց այսպիսիներին պէտք է բացառութիւն համարել, որովհետեւ նրանց թիւը շատ փոքր է:

Ինքն ըստ ինքեան հասկանալի է, որ իմ վերեւում նկարած տիպը Թիֆլիսի պտուղ է, որտեղից կեղծ կրթութիւնը, որպէս պղտոր աղբիւրից հոսում է դէպի գաւառները: Բայց առհասարակ գաւառացի կինը չունի այն համարձակութիւնները: Այստեղ կինը, որքան էլ հարուստ, որքան էլ բարձր տան հարսն լինէր, ապրում է փակուած կեանքի մէջ եւ շատ վախենում է բամբասանքից: Մեծ քաղաքներում ոչ ոք ուշադրութիւն չէ դարձնում, թէ ինչ է գործում նրա դրացին, բայց գաւառական փոքրիկ քաղաքում կնոջ ամէն մի սխալ քայլը գրգռում է ընդհանուր հետաքրքրութիւն: Նա իսկոյն դառնում է մեղադրանքի առարկայ, երբ նկատում են նրա մօտ որեւիցէ տարապայման վարմունք: Նրան կը սկսեն մատով ցոյց տալ, նրա մասին կը շարադրեն զանազան պատմութիւններ եւ պատահած ժամանակ, կը յանդիմանեն տղամարդին, թէ քո կինն անառակ է: Այս պատճառով գաւառացի կինը չէ համարձակւում ոտքը դուրս դնել ընդհանուր սովորութիւնից: Շատ էլ ցանկանար, ո՞վ կը թողնէր: Նկատուած է, եթէ տղամարդը, հետեւելով մեծ քաղաքների օրինակին, կամենում է կնոջը փոքր-ինչ ազատութիւն տալ, նրան աշխարհ դուրս բերել, ընտանիքի մէջ ծագում է մի մեծ փոթորիկ, եթէ նրա մէջ կային դեռ պառաւ մայր  եւ ծերունի հայր: Հին  եւ նոր սfրնդի կռիւը դեռ չէ վերջացել: Եւ եթէ գերեզմանը կը ծածկէր այդ հներին, նախապաշարմունքը  եւ վաղեմի սովորութիւնը դարձեալ ընդ երկար կը պահէին կնոջն իր կաշկանդեալ վիճակի մէջ: Ես ճանաչում եմ շատ գաւառացի վաճառականներ, որոնք գործով իրանց կնիկների հետ բնակւում են Թիֆլիսում: Այստեղ նա ման է ածում իր կինը, տանում է զանազան զուարճութեան տեղեր եւ տանը նրան չէ թաքցնում իր հիւրերից: Բայց եթէ միեւնոյն մարդուն իր բարեկամը կը պատահի գաւառում, նա կնոջն այլ եւս ցոյց չի տայ: Ինչու եմ օրինակ բերում վաճառականին: Բարձր ուսում ստացած երիտասարդը, որ նոյնպէս ուսեալ կին ունէր, գաւառը վերադառնալիս, ենթարկւում է միեւնոյն ընտանեկան պայմաններին, եթէ չէր ցանկանում հասարակաց բամբասանքի առարկայ դառնալ:

Ընտանիքը  եւ կեանքը դարերով մշակել են այնպիսի սովորութիւններ, որոնք երկաթի օրէնքի զօրութիւն են ստացել: Հեշտ չէ միանգամով նրանց խորտակել: Կնոջ դերը  եւ տղամարդի դերը բոլորովին որոշուած են: Կինն իշխում է տան վրայ, չորս պատերի մէջ եւ միանգամայն անձնատուր է լինում իր զաւակներին, սպասաւորներին  եւ խոհանոցին: Տղամարդը գործում է դրսում: Կնոջ  եւ տղամարդի գործունէութիւնն այն աստիճան բաժանուած են միմեանցից, որ առաջինն ամէնեւին չգիտէ, թէ ինչ է շինում իր ամուսինը դրսում: Եւ այս պատճառով, նա ձգում է իրանից ամէն պատասխանատւութիւն տղամարդի գործերի յաջողութեան մասին: Քանի տղամարդն աշխատում է, վաստակում է, բերում է, միասին վայելում են: Իսկ երբ նա աղքատացաւ, այնուհետեւ կինը լինում է նրա անբախտութեան անտրտունջ բաժանորդը: Կնոջ  եւ տղամարդի մէջ ընկերական կապ չկայ: Կայ միայն կրօնի ամուսնական կապ: Որպէս գործով բաժանուած են նրանք միմեանցից, այնպէս էլ բաժանուած են  եւ հասարակական կեանքով: Ամուսին այրը, երբ պատահում է փողոցում իր կնոջը, երեսը շուռ է տալիս  եւ անցնում է, կարծես չէ ճանաչում նրան: Երբ կնոջ գործունէութիւնը սահմանափակւում է ընտանեկան «օջախի» շուրջը ահա՛ այս է, որ նրան փոքրացնում է  եւ շինում է բոլորովին կրաւորական էակ: Կինն այն ժամանակ միայն կը մտնէր իր մեծ դերի մէջ եւ այն ժամանակ կը դառնար քաղաքակրթող տարր, երբ կրօնի ամուսնական կապի հետ, նրա  եւ տղամարդի մէջ կը կազմուէր  եւ ընկերական կապ, մինը միւսին փոխադարձ համերաշխութեամբ, կեանքի բոլոր պէտքերի մէջ: Բայց քանի որ մենք կնոջ կրթութիւնը սկսում ենք նրանից, որ պատրաստում ենք նրան հանդէս դուրս բերել, ցոյց տալ աշխարհին որպէս մի գեղեցիկ բան, միշտ սխալանքի մէջ կընկնենք: Կնոջ գործակցութիւնն իր տղամարդի հետ այն աստիճան կտրուած է լինում, որ եթէ ամուսին այրը յանկարծ մեռնում է, նրա որդիքը մնում են առանց մի պատառ հացի: Ահագին հարստութիւնը, երբ յուսալի ձեռքերում չէր գտնւում, մի քանի տարուայ մէջ ոչնչանում է, կողոպտւում է: Կինը, որովհետեւ անտեղեակ է լինում ամուսնի գործերին, տգէտ  եւ անփորձ է լինում, այս պատճառով չէ կարողանում պահպանել նրա թողած ժառանգութիւնը: Այսպիսի օրինակներ շատ են եղել. բայց դեռ եւս չէ տեսնուել մի օրինակ, որ ամուսնի մեռնելուց յետոյ կինը շարունակէր նրա գործը, մահուան հետ  եւ նրա ֆիրման ծածկւում է: Գիւղացի կինն այդ դէպքում աւելի բարձր է. մարդու մեռնելուց յետոյ նա շարունակում է երկրագործութիւնը  եւ կերակրում է նրա թողած որբերին, որովհետեւ նա նոյն գործին սկզբից ծանօթ էր, նրա մէջ աշխատել էր:

Մնում է աւելացնել մի քանի խօսք գաւառական կնոջ մտաւոր զարգացման մասին: Մի՛ մոռացէք, որ խօսքս բարձր դասի մասին է: Փակ կեանքի մէջ, ընտանեկան նեղ շրջանում նրա աշխարհայեցողութիւնը մնացել է չափազանց սահմանափակ: Տղամարդը մի կողմից իրաւունք ունի, որ նրան ոչ ոքի ցոյց չէ տալիս, իրան խայտառակելու համար: Ես առիթ եմ ունեցել ծանօթանալ մի քանի գաւառացի կնիկների հետ. ահա այն տպաւորութիւնները, որ երբեք մոռանալ չեմ կարող: Մտնում ես, դիցուք թէ, մի հարուստ վաճառականի տունը, աղան տանը չէ, քեզ ընդունում է կինը, երբ իմանում է, որ գործով ես եկել եւ մանաւանդ շատ անգամ քեզ տեսել էր իրանց տանը, փոքր-ինչ ընտելացել էր, ընտելացել էիր  եւ դու: Քեզ հրաւիրում են հիւրանոցը. դու նստում ես առանց տանտիկնոջ կողմից քեզ տեղ ցոյց տալու, իսկ նա ոտքի վրայ կանգնած է մնում: Պէտք է դու մի քանի անգամ ասես, խնդրես նրան, որ նստէ: Նա որոշում է միշտ քեզանից ցած նստել  եւ հեռու: Եթէ դու չխօսես, նա ամբողջ ժամերով, լուռ կը նստի: Ստիպուած ես զբաղեցնել տիկնոջը: Անկարելի է նրա հետ որ եւ իցէ խօսակցութիւն շարունակել, պէտք է անդադար մի առարկայից թռչիլ դէպի միւսը: Այսպիսով խօսակցութիւնը կընդունէ հարց-պատասխանի ձեւ: Դու նրան միայն հարցեր կառաջարկես, նա կը տայ երկու բառով մի պատասխան  եւ կը լռէ: Խօսել նա չգիտէ, բառերը միշտ պակասում են նրա մօտ այն ժամանակ, երբ խօսում էր իրան ծանօթ ամենահասարակ մի առարկայի վրայ: Նրա լեզուի բառարանն այնքան աղքատ է, որպէս այդ լինում է երեխաների կամ վայրենիների մօտ: Երբ դու խօսում ես, նա միշտ ցած է նայում. նա իր երեսը չէ բարձրացնում եւ ինքը խօսելիս: Միշտ մատներով անգիտակցաբար խաղում է զգեստի որ եւ իցէ մասնի հետ: Երբ պատահմամբ նրա աչքերը հանդիպում են քո աչքերին, իսկոյն թշերի վրայ յայտնւում է վարդագոյն ներկ: Փորձում ես պատմել նրան ծիծաղելի անեկդոտներ, նա երբեմն ժպտում է, բայց չէ ծիծաղում: Ոչինչ բանով նրան հետաքրքրել չես կարող: Երբ նա մենակ է քեզ հետ, կարծես, նեղւում է եւ միշտ առիթ է որոնում դուրս փախչելու: Մի երրորդ անձն, թող թէ նա փոքրիկ երեխայ լինէր, որպէս պաշտպան, կարող էր հանգստացնել նրան: Դէպքեր շատ են եղել, որ մի պատուաւոր կին զոհ է գնացել իր ամօթխածութեանը: Նա այնքան համարձակութիւն չէ ունեցել ընդդիմադրելու մի լրբի դօնժուանութեանը: Դժուար կարելի է գտնել մի կին, որ իր զգացմունքը, թէ՛ սէրը, թէ՛ տխրութիւնը  եւ թէ բարկութիւնը, կարողանար արտայայտել լեզուով: Այսպիսի դէպքերում նա միայն գործ է ածում միավանկ ձայնարկութիւններ: (Դա անասունների զգացմունք արտայայտելու ձեւն է): Եւ կամ լուռ արտասուքը լինում է նրա սրտի թարգմանը: Բայց արտասուքը բազմիմաստ նշանակութիւն ունի: Գաւառացի կինը, որպէս չէ նշանաւորւում իր մտքի  եւ խելքի առաձգականութեամբ, այնպէս էլ նա զուրկ է մարմնի դիւրաթեքութեամբ, անդամների համարձակութեամբ: Նա շարժւում է ամբողջ մարմնով, ինչպէս մի արձան: Եւ արձանի նման սառն ու անարիւն է նա:

Գաւառներում չէք տեսնի, որ կինը տղամարդի մօտ երգեր կամ նրա հետ պար բռնէր: «Եալլիի» սովորութիւնը պահուել է մի քանի տեղերում միայն, առաւելապէս գիւղերում: Իսկ այն գաւառական քաղաքներում, որպէս են Նուխին, Բաքուն  եւ Շամախին, ուր հայ կինը դեռ թուրք կնոջ հագուստ ունի, նա սեփականացրել է իրան բոլոր հարեմական սովորութիւնները: Կնիկները, որ պար են գալիս միայն հարսանիքների մէջ, առանձին հաւաքւում են մի սենեակում, լուսամուտների վարագոյրները իջեցնում են, իրանց մօտ են կանչում «սազանդարներին», ածել են տալիս, եւ պար են գալիս: Ոչ մի տղամարդի աչք նրանց վրայ նայել չէ կարող: Իսկ հին ժամանակներում, որպէս պատմում են, ածողներին  եւս իրանց մօտ չէին թողնում, որովհետեւ տղամարդիկ էին, այլ նրանց կանգնեցնում էին դահլիճի մի առանձին մասնում, որ բաժանուած էր պարահանդէսի տեղից վարագոյրով. կնիկները միայն նուագարանի ձայնն էին լսում, բայց ածողներին չէին տեսնում: Դա կատարեալ մահմեդական սովորութիւն է:

Տարիների ընթացքի հետ, գաւառական կինը, երբ հնանում է, երբ կորցնում է իր կանացիութիւնը, այն ժամանակ ստանում է մի տեսակ առնականութիւն, այն ժամանակ միայն մարդ է դառնում  եւ խառնւում է մարդկային հասարակութեան մէջ: Նրան այդ հասակում կարելի է տեսնել, նրա հետ կարելի է խօսել: Նա այլ եւս կին չէ, այլ իրան կոչում է ամէնի «մայրիկը»: Եւ այսպէս, կինն այն ժամանակ միայն մտնում է իր հասարակական դերի մէջ, երբ պառաւում է, ասել է թէ երբ կրկին երեխայանում է: Կեանքի երկու ծայրերում տղայութեան  եւ ծերութեան հասակում նա մատչելի է լինում. երկուսն էլ շատ նման են մէկմէկու: Գաւառացի կնոջ ծերութիւնը, ինչպէս առհասարակ նահապետական ընտանիքների մէջ, պատուաւոր է լինում: Նրա ձեռքը համբուրւում է եւ ամէն ոք դիմում է նրանից օրհնութիւն առնելու: Որդիները լսում են նրա խրատները, իսկ հարսներն աւելի հպատակում են նրա հեղինակութեանը: Նրա մահն անկեղծ ցաւ է պատճառում ազգականներին, իսկ թաղումը կատարւում է հանդէսով: