Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ
ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

 

Ժողովրդի պատմական հիշողության ոսկեդարանում ազգի    երախտավորները վաղ թե ուշ զբաղեցնում են իրենց անտարագրելի տեղերը: Սակայն դեպի այդ վերջնական հանգրվանը տանող ճանապարհը հարթ եւ ուղիղ չէ. պատմության խոտոր ճանապարհներին լինում են եւ կեղծ կուռքերին տուրք տվող ժամանակներ, որոնց, սակայն, հաջորդում է անարժաններին գահընկեց անելու եւ իսկական մեծերին խնկարկելու սրբազան արարողությունը: Մենք ապրեցինք      առաջին ժամանակը եւ, բարեբախտաբար, դարձանք նաեւ երկրորդի վկան:

XIX դարի մեր խնկելի մեծերի առաջին հնգյակում, Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի եւ Րաֆֆու կողքին կանգնած է հայ հրապարակախոսության մեծ    երախտավորը՝ Գրիգոր Արծրունին: Այս Ճշմարտության հետ ինչպե՞ս հաշտեցնել այն աղաղակող անարդար փաստը, որ նրա մահից հետո բոլորած ավելի քան մեկ դարի ընթացքում մենք մեր ձեռքերում չշոշափեցինք նրա մի փոքրիկ գրքույկն իսկ, մեր աչքերը չգամվեցին նրա զարմանալի համարձակ մտքերին, որպեսզի ամուր պահեինք մեր իսկ համարձակությունը՝ ընդդեմ ամեն տեսակի ճնշման ու բռնության: Այն մարդը, որն իրեն, կարելի է ասել, ողջակիզեց ազգի համար, որը քաղաքակրթության վեհանձն ու նվիրյալ պատգամախոսը եղավ, եւ որի հիմնադրած թերթը՝ «Մշակը», մի իսկական ազգային համալսարան դարձավ հայոց բազում սերունդների համար, ցավոք, ճանապարհ չգտավ դեպի մեր սրտերը՝ դատապարտելի անտարբերության եւ        երախտամոռության հետեւանքով: Երբեք ուշ չէ սխալն ուղղել: Արծրունին այսօր էլ մեզ ասելիք ունի, որովհետեւ նրա գաղափարները ձեւված են համամարդկային քաղաքակրթության եւ հումանիզմի անանց չափանիշներով: Թող իր մահից մեկ դար հետո մեծ հրապարակախոսը նորից այցի գա մեզ ասելու, որ ապագա ունի միայն այն ազգը, որն անհաշտ ու անխնա է դեպի իր սեփական թերություններն ու արատները, որն ունակ է շարունակ եւ անընդմեջ մաքրագործվելու եւ կատարելագործվելու, որն անկասելի ձգտում եւ կարողություն ունի ստեղծելու՝ ուղեցույց ունենալով համամարդկային արժեքները:

Արծրունու եւ նրա «Մշակի» մասին մենագրական ծավալուն  ուսումնասիրությանը զուգընթաց ձեռնամուխ լինելով նրա հրապարակախոսական ընտիր հոդվածների ժողովածուի պատրաստմանը, մենք ընկանք մի այնպիսի լայնածավալ ու գունագեղ դաշտ, որտեղ ծաղկաքաղ անելը չափազանց դժվար էր. ո՞ր հոդվածն ընտրել, որի՞ն նախապատվություն տալ: Երկու տասնամյակ նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մշակի» որ համարը բացում ես՝ Գ. Ա. ծանոթ ստորագրությունն է: Եթե անխոնջ խմբագրի հրատարակած թերթի համարների քանակը մոտենում է երեք հազարի, ուրեմն նրա գրած հոդվածների թիվը կլինի դրա բազմապատիկը, որովհետեւ «Մշակը» բացող նրա   առաջնորդողներին գումարվում են նաեւ ստորագիր ու անստորագիր բազում այլ հոդվածներ մյուս էջերում՝ քաղաքական եւ տնտեսական տեսություններ, բանասիրականներ, գրախոսական եւ թատերախոսական քննադատություններ, ֆելիետոններ, ճանապարհորդական նոթեր եւ այլն:

Չսխալվելու եւ այսօրվա ընթերցողին գոհացնելու մտահոգությամբ մեր առջեւ այսպիսի հարց դրեցինք՝ իսկ ինքը՝ Արծրունին, ի՞նչ կուզենար այսօր մեզ ասել: Հարցադրումը օգնեց. այն տողերի վրա, որտեղ մեր սիրտը սկսում էր թրթռալ, ընտրությունը անվրեպ գործում էր՝ հոդված առ հոդված ստվարացնելով այս հատընտիրը, որը, այդուհանդերձ, Արծրունու հրապարակախոսության մի փոքրիկ մասն է լոկ ներկայացնում: Բայց նրա օգնությամբ ընթերցողը կարող է լիովին գաղափար կազմել մեծ հրապարակախոսի ստեղծագործության ընդգրկման ու պաթոսի եւ անանց արդիականության մասին:

Ազգային գործիչներ կան, որոնք պատմական դարաշրջան են մարմնավորում: Արծրունուն են պատկանում XIX դարի 70-80-ական թվականները, իր իսկ բնութագրմամբ, հայ ազգի վերածնելիության շրջանը: Քաղաքակրթության հռչակած արժեքներով հայկական կյանքը վերափոխելու նրա ճիգերը իրենց պատմական զուգահեռն են հայտնաբերում նաեւ մեկ դար հետո, մեր օրերում՝ հայ իրականությունը վերստին շիկացնող Հայկական հարցով, ազգային վերածննդի     ուղիների տենդագին որոնումներով:

Վանից գաղթած թիֆլիսաբնակ նշանավոր մեծահարուստ     Գեւորգ Աղայի թոռ եւ գեներալ Երեմիա Արծրունու որդի Գրիգորին, ծնված 1845 թ. Մոսկվայում, նախախնամության կամոք վիճակված էր մի անսովոր կենսագրություն. փոքրիկ, վտիտ ու հիվանդոտ մարմնի մեջ, որը վաղ զրկվեց իշխանուհի Ագրիպինայի մայրական խնամքից, բնակություն էր հաստատել ընդվզող, անհաշտ մի հոգի, որը հինը խորտակելու եւ նորը հաստատելու կոչում էր կրում իր մեջ: Բարձր հասարակության պատկանելը նրա առջեւ բացեց Մոսկվայի, Պետերբուրգի, Ցյուրիխի, Ժնեւի, Հեյդելբերգի, Փարիզի ու Վիեննայի համալսարանների դռները, որտեղ նա ե՛ւ որպես ուսանող, ե՛ւ ազատ ունկնդիր հիմնավորապես կրթվեց, ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ Մխիթարյանների մոտ հմտացավ հայրենագիտության մեջ: Ազգին ծառայելու միջոցի ընտրությունը նա կատարեց զարմանալի պարզատեսությամբ, որսալով իրօրյա հայ իրականության օդում կախված հրամայականը: Ֆեոդալիզմի կապանքների թոթափումը եւ նոր հարաբերությունների հաստատումը, ազգին համամարդկային քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելը անհնար էր առանց համազգային լրագրի: Եվ Արծրունին 1870 թ. վերադառնալով հայրենիք, ձեռնամուխ է լինում «Մշակ» լրագրի ստեղծմանը: Ուսանողական տարիներին «Հայկական աշխարհ» եւ «Մեղու Հայաստանի» պարբերականներին աշխատակցելը ոչ միայն հայտնաբերել, այլեւ հղկել էր երիտասարդ գիտնականի հրապարակախոսական ձիրքը, մատնելով նաեւ նրա նորարարական մոտեցումները ազգային կրթության ու լուսավորության, տնտեսական զարգացման եւ այլ խնդիրներին:

Արծրունին հասկանում էր, որ հակառակ հոր կամքի, հետեւապես նաեւ նյութական սղության պայմաններում, իր նոր դերը նա կարող էր իրականացնել միայն համախոհ ու նվիրյալ գործընկերների օգնությամբ: Շուտով ստեղծվում է այդ կորիզը, որը փաստորեն արեւելահայ իրականության մեջ առաջին խմբագրական կոլեգիան էր. Արծրունի, Միհրդատ Ամրիկյան, Գեւորգ Չմշկյան, Պողոս Իզմայիլյան, Վասիլ Շահվերդյան, Գաբրիել Սունդուկյան, Պերճ Պռոշյան, Ստեփանոս Պալասանյան: Շուտով խմբին է միանում նաեւ պարսկաստանցի երիտասարդ Հակոբ Մելիք-Հակոբյանը, որին վիճակված էր թերթի գլխավոր աշխատակցի, այսինքն թերթի ծանրության կեսը իր ուսին կրելու պարտականությունը, իսկ Մելիքզադե-Րաֆֆի ստորագրությունը բազմապատկելու էր «Մշակի» փառքը որպես առաջադիմության եւ ազգային գաղափարախոսության խոսափողի: Ինչպես երկրագործը՝ հողը, «Մշակն» էլ պետք է մշակեր հայ միտքը, հայոց լեզուն, ընթերցասիրություն դաստիարակեր, գիտություն եւ լուսավորություն տարածեր, հայ ժողովրդին հաղորդակից դարձներ քաղաքակրթության նվաճումներին, - այսպես է գծվում նոր պարբերականի ուղղությունն ու խնդիրը լրագրի ծանուցաթերթում: Կյանքին մոտ կանգնելը, նրա անմիջական կարիքներին արձագանքելը դառնալու էր նրա առաջին եւ գլխավոր տարբերիչ հատկանիշը նախորդների ոչ այնքան բազմանուն շարքում: Այնտեղ մի անուն էր փայլատակում «Մշակի» համար, որի հետեւորդը  եւ ժառանգորդը լինելու հայտը Արծրունին մեկ անգամ չէ, որ ներկայացնելու էր «Մշակի» էջերում: Դա «Հյուսիսափայլն» էր, որի «կրիտիկական ոգին» Արծրունին սիրով եւ իրավունքով սեփականեց:

«Երեկ, Այսօր եւ Էգուց» ուշագրավ վերնագրով բացվում է «Մշակի» առաջին համարը, որը լույս տեսավ 1872 թ. հունվարի 1-ին: Այն մնաս բարեւ էր հայտարարում երեկվա, այսինքն իր դարն ապրած ավատական հասարակությանը, սահմանում ներկայի խնդիրը՝ «կենսական երեւույթների խորը քննադատություն», հանուն նորոգ ապագա կյանքի: Թերթի հաջորդ համարների առաջնորդողները, որ գրում էր բացառապես Արծրունին, սահմանում են թերթի ուղղությունը, որը շուտով «Մշակին» բերելու էր «մտրակողական» բնութագրումը: Մտրակել եւ հալածել հայ կյանքից այն ամենը, ինչը խանգարում էր նրա առաջընթացին: Ի տարբերություն նախորդ լրագրության, «Մշակը» պետք է հանդես գար ոչ թե որպես քարոզիչ, այլ հետազոտող ու քննադատող:

Քննադատել հայկական կյանքի հետամնացությունը եւ պրոպագանդել եվրոպական կյանքի այն ձեւերը, հաստատությունները եւ շարժումները, որոնք կօգնեն հայ ժողովրդին կանգնելու աշխարհի կրթված եւ լուսավոր ժողովուրդների շարքում - ահա «Մշակի» ծրագիրը: Արծրունուն կարելի է համարել հայ արեւմտականության առաջնորդ, սակայն նրա արեւմտասիրությունը անվերապահ չէ: Եվրոպական կյանքի մերժելի կողմերի մասին «Մշակը» չի լռում: Ցավով է նշվում, օրինակ, հասարակության բեւեռացման երեւույթը: Արծրունին գտնում է, որ այն հասարակությունը, որտեղ մի կողմում հարստությունն է, իսկ մյուսում՝ աղքատությունը, դատապարտված է աննորմալ զարգացման, քանի որ այնտեղ «միշտ հաղթող կհանդիսանա հարուստ դասը եւ երբեք այդ դասի քնած, անշարժ, հետզհետե մտավոր անբերրիության մեջ ընկնող սպառվող ուժերը չեն նորոգվի ամբոխի կենսական հանճարի հոսանքով, որ ամեն մի ազգի միակ աղբյուրն է կենսական եւ հասարակական մշտական վերանորոգման» [1]:

Արծրունուն արդար է թվում այն հասարակությունը, որտեղ հարուստները շատ հարուստ չեն եւ աղքատներն էլ՝ շատ աղքատ: Նա փայփայում է միասնական համերաշխ ազգի իդեալը, ընդսմին հասարակության նորոգիչ ուժերը փնտրելով ազգի ստորին մեծամասնության եւ ոչ թե փոքրամասնություն կազմող բարձր դասի մեջ: Արծրունին սոցիալական լավատեսությամբ է լցված կապիտալիստական հասարակարգի հնարավորությունների նկատմամբ եւ անվհատ ջանում է հայկական կյանքը վերաձեւել եվրոպական մոդելի համաձայն:

«Պատերազմ եւ խաղաղություն» վերնագրված արտաքին տեսություններում դատապարտվում է կոնֆլիկտային հարցերը պատերազմով լուծելու եվրոպական պետությունների գործելակերպը, հսկայական նյութական միջոցները ժողովրդի տնտեսական դրությունը բարելավելու փոխարեն պատերազմի նախապատրաստությանը ծառայեցնելու անմիտ քայլերը. «Այդ կեղծ խաղաղությունը, իր ավերիչ եւ կործանիչ հետեւանքներին նայելով ուրիշ բան չէ, եթե ոչ ամեն ազգերի նյութական եւ բարոյական ուժերը սպառող մի մշտական պատերազմ» [2]:

Սկսելով թշվառ ու անզոր մշակների դասի անտանելի կյանքի նկարագրությունից, «Մշակը» իր էջերում աստիճանաբար ընդլայնում է «բանվորական խնդրի» շրջանակները, քանի որ Եվրոպայում բանվորական գործադուլները գնալով քաղաքական կերպարանք են ստանում, ավելի արմատական պահանջներ առաջադրելով: Ի՞նչ դաս է քաղում եվրոպական փորձից Արծրունին: Նա դատապարտում է զենքի, բռնության կիրառումը ե՛ւ վերեւից, ե՛ւ ներքեւից, պետական ռեֆորմներով կարգավորելի գտնում ամեն մի իրավիճակ: Այս առումով       ուշագրավ է Արծրունու վերաբերմունքը դեպի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատիան: Չհամակրելով սոցիալիստական գաղափարախոսությունը եւ նրա պայքարի միջոցները, նա դատապարտելի է գտնում սոցիալ-դեմոկրատիայի դեմ Բիսմարկի կիրառած բացառիկ օրենքները: Իսկ ի՞նչ էր հակադրում երկուստեք մերժվածին. «Միայն քաղաքական կատարյալ ազատության միջոցով կարելի է վերջնական մահվան հարված տալ այնպիսի սխալ, վնասակար եւ հակահասարակական վարդապետություններին, ինչպիսին է սոցիալիստների սպառնալի վարդապետությունը» [3]: «Մշակի» էջերում չեք հանդիպի «սոցիալիստական վարդապետության» քիչ թե շատ հիմնավոր քննության, բայց այն մերժվում է անվերապահորեն: Ավելին. Արծրունին գտնում էր, որ Անդրկովկասը եւ «մանավանդ սաստիկ պահպանողական, կոնսերվատիվ հայոց տարրը», որն ունի իր սեփական ներքին խնդիրները, երբեք չի ներկայացնի մի հարմար հող սոցիալիզմի պրոպագանդայի համար: Հրապարակախոսը ելնում էր իր դավանանքի մեկնարկից, որտեղ առաջադիմության մի ճանապարհ է ընդունելի՝ էվոլյուցիոն, աստիճանական զարգացումը, կարգավորված «վերեւից» կատարվող ռեֆորմներով: Հեղափոխությունները, սոցիալիստական ուսմունքները նա մերժում է որպես «արտառոց շեղում» հասարակության բնականոն դանդաղ ընթացքից դեպի առաջ: Ահա ինչու Արծրունին այնքան հիացմունքով է խոսում Ալեքսանդր II-ի մասին, գտնելով, որ նա Ռուսաստանում իրագործեց այնպիսի վերանորոգություններ, որոնք      ուրիշ երկրներում դարերի ընթացքում են կատարվում եւ «յուրաքանչյուր ազգություն պարծանքով կարձանագրեր իր պատմության էջերի վրա» [4]:

«Գերմանիա եւ Ֆրանսիա» վերնագրված հետաքրքիր տեսության մեջ գերապատվությունը տալով զարգացման գերմանական, այսինքն ռեֆորմիստական խաղաղ ուղուն, Արծրունին այսպես է ձեւակերպել իր հավատո հանգանակը. «Ազատությունը քաղաքական կյանքի մեջ հավասարակշռությունն է: Եթե մի պետության մեջ իշխում է մի քաղաքական կուսակցություն միայն, այն ժամանակ ժողովրդի քաղաքական կյանքը միակողմանի կլինի. ինչքան կզարգանան, կբազմանան քաղաքական զանազան կուսակցությունները, այնքան հասանելի կլինի ժողովրդին քաղաքական ազատությունը Եթե քաղաքական կյանքի մեջ անհատը կուրորեն հպատակվում է հասարակությանը, չկա ազատություն, եթե հասարակությունը կուրորեն հպատակվում է անհատին, նույնպես չկա ազատություն» [5]: Արծրունին որոնում էր ճշմարտությունը, եւ նրա փնտրտուքը ապարդյուն չէր անցնում:

Բուրժուական Անգլիայի զարգացման ուղին Արծրունու նախասիրած ուղին է. «Անգլիայում բոլոր մեծ վերանորոգությունները կատարվում են խաղաղ, օրինական, կամ ավելի լավ է ասենք օրենսդրական ճանապարհով: Անգլիացիք չեն կոտրում երբեք իրենց կլասիկական սահմանադրական շինվածքը, այլ հետեւելով ժամանակի պահանջներին, փոքր առ փոքր եւ խաղաղ կերպով մտցնում են նրա մեջ այս կամ այն փոփոխությունը» [6]:

«Մշակի» համար գոյություն ուներ երկու Անգլիա՝ պահպանողական եւ ազատամիտ: Ըստ քաղաքական իշխանության բարձրագույն օրգանում կուսակցությունների փոփոխության, փոխվում էր եւ «Մշակի» վերաբերմունքը դեպի Անգլիան, առաջինը քննադատվում էր մեծապետական, գաղութատիրական, նաեւ հակահայկական քաղաքականության համար, իսկ երկրորդը՝ դրվատվում Գլադստոնի ազատամիտ խոստումներին ի տրիտուր: Ավելորդ չէ ասել, որ կյանքի վերջում Արծրունին հասցրեց հիասթափվել նաեւ «հանճարավոր մարդուց», ինչպես նա բնութագրում էր վիգերի առաջնորդին:

Եթե Եվրոպայում կար մի երկիր, որի նկատմամբ Արծրունու հիացական վերաբերմունքը անվերապահ էր, ապա դա Շվեյցարիան էր, որի կոնֆեդերատիվ հանրապետական կառուցվածքը, կրթական համակարգը, համայնքային հարաբերությունները մնում էին Արծրունու քաղաքական-հասարակական իդեալը: 1884-1885 թթ. մեկ տարով ընդհատելով «Մշակի» հրատարակությունը (ֆինանսական տագնապի պատճառով) եւ ապրելով դեռեւս ուսանողական տարիներին իրեն հիացրած «օրհնված երկրում», Արծրունին ավելի մոտիկից է ճանաչում այն, տպավորությունների մի երկար հոդվածաշարում հիացմունքով առանձնացնելով այն ամենը, ինչը կարող էր փաստարկ ծառայել եվրոպական քաղաքակրթությամբ հայկական կյանքը վերանորոգելու մեծ խնդրին: Շվեյցարիան նրան երեւում է այնպես, ինչպես կուզենար տեսնել ապագա Հայաստանը:

Բայց Հայաստանը ամբողջական ու ազատ չէր: Նրա ազատագրության ուղին փնտրելու ջանքերը Արծրունու հայացքը գամեցին Իտալիային, Գարիբալդիի Իտալիային: «Մշակում» կարդում ենք նշանակալից խոսքեր. «Ոչ մի տեղ ազգային գաղափարը չունեցավ այնքան զորեղ, համարձակ կուսակցություններ, ոչ մի տեղ բազմությունը այնքան չէր համակրում եւ մասնակցում իր հայրենիքը օտարների լուծից ազատելու շարժման մեջ, որքան Իտալիայում: Ոչ մի տեղ այդ ժողովուրդը այնպես միաձայն չէր ձգտում ազգի զանազան մասերը միացնելու, որքան Իտալիայում: Փառավոր անունները, ինչպես Մաձձինի, Գարիբալդի, իտալացիների սրտերում անջնջելի կերպով դրոշմվեցին: Գարիբալդին, օրինակ, ներկայացնում է իր անձամբ մարդկային պատմության մեջ վաղուց չտեսած ժողովրդական հերոսի պատկերը» [7]: Այս եւ Գարիբալդիի մասին բազում հոդվածներ, որտեղ Իտալիայի ազգային հերոսը բնութագրվում է որպես իր հայրենիքն ազատագրող մի Պրոմեթեոս, ներթափանցված են մի ցանկությամբ, ունենալ մի հայ Պրոմեթեոս - Գարիբալդի, որը կարողանար վառել ազատության ուղին նշող կրակը հայերի համար:

  Հանդես գալով որպես քաղաքակրթության պատգամախոս, Արծրունին կռիվ հայտարարեց հին հաստատություններին ու մտածողությանը, դառնալով այն սերնդի իղձերի արտահայտիչը, որն իր մեջ հինը քանդելու կոչում էր զգում: Հայ լիբերալիզմի առաջնորդը, սոցիալ-տնտեսական տեղաշարժերի պատմական իմաստի ռեալիստական ըմբռնմամբ, տնտեսական խնդիրը դնում էր ազգի շինության հիմքում. «Մի ազգի տնտեսական կյանքից է կախված նրա մտավոր եւ բարոյական կացությունը» [8], - բանաձեւում է նա, «Մշակում» հետեւողականորեն զարգացնելով «տնտեսական առաջադիմության» իր տեսությունը, որն իբրեւ հետեւանք պիտի բերեր նաեւ հոգեւոր զարթոնք:

Անդրկովկասը մտնում էր արդյունաբերական կապիտալիզմի փուլը, եւ «Մշակը» արձանագրելով պատմական պահը եւ արժեւորելով իրողությունը, ճիգ է անում այն մղել ցանկալի հուն: Եվրոպական կապիտալը ամուր դիրքավորվել էր Անդրկովկասում, եւ եթե օտար կապիտալիստները ձեռնարկատիրական քաղաքակիրթ ձեւերով մի կողմից խթանում էին տեղի արտադրողական ուժերի զարգացումը, նպաստում արտադրական կուլտուրայի տարածմանը, ապա մյուս կողմից յուրացնում էին տեղական ժողովուրդների ազգային հարստությունները: Ահա ինչու Արծրունին այնպես եռանդուն պայքար ծավալեց հայ կապիտալիստների  միջից արմատախիլ անելու ասիական հին մտածելակերպը, որը կառչում էր օրվա օգուտից, մոռանալով վաղվա հեռանկարը: Սովորել օտար եվրոպացուց՝ նրան հաղթելու համար, խնդիր էր դնում հրապարակախոսը:

Արծրունին միաժամանակ տեղական ինքնավարության ջերմ պաշտպան էր: Նա գտնում էր, որ մեծ պետության կազմի մեջ մտնող փոքր ազգերի շահերի հարգումը ուժի նշան է եւ հեռանկարային քաղաքականություն. նշավակելով ռուսական շովինիստական մամուլի՝ ազգերի մեջ փոխադարձ անվստահություն եւ երկպառակություն սերմանելու ձգտումները, Արծրունին գտնում էր, որ պետության կանոնավոր զարգացման բարեկամները «պետք է հետեւեն կատարյալ հավասարության եւ հավասար իրավունքների քաղաքականության, պետք է քարոզեն պետությունը կազմող բոլոր մասերի զուգընթաց, համահավասար եւ ինքնուրույն զարգացման վարդապետությունը» [9]:

Պարզ երեւում է, որ Արծրունու ռուսական կողմնորոշումը ոչ թե հլու հպատակության, այլ ինքնիշխան, իրավահավասար գոյության պայմանին է հենվում:

60-ական թվականների բուրժուական ռեֆորմները արագ զարգացման հնարավորություններ բացեցին Ռուսաստանի առջեւ: Նույնը չի կարելի ասել ցարական կայսրության ծայրամասերի վերաբերյալ. Արծրունին ցավով նշում է. «Մենք դեռ չունենք զեմստվո, գավառական ինքնավարություն, չունենք երդվյալների դատարան, չունենք դեռ ընտրողական հաշտարար դատավորներ, չունենք, վերջապես, այն բոլոր ռեֆորմ-բարիքները, որոնք անցյալ թագավորության պատմության ամենափառավոր էջն են կազմում» [10]: Խոսքը Ալեքսանդր II թագավորի մասին է, որին «Մշակի» խմբագիրը համարում էր «համամարդկային ամենամեծ վերանորոգիչներից մեկը» [11], ցավ հայտնելով նրա ռեֆորմների բարերար շունչը Անդրկովկաս չհասնելու առթիվ:

«Մշակը» իր մասնակցությունն է բերում ժամանակի հասարակական մտքի տենդագին որոնումներին, հատկապես մտավորականության դերի, նրա պատմական առաքելության հարցի քննարկմանը, որը Ռուսաստանում հանձինս նարոդնիկների ունեցավ աննախադեպ դրսեւորում՝ «դեպի ժողովուրդ» շարժումով: Խմբագրի բարեհաճ թույլտվությամբ այդ դեմոկրատական գաղափարախոսությունը, թղթակիցների, աշխատակիցների գրչով, թափանցում էր «Մշակի»      էջերը:

Գրիգոր Արծրունու նշանակալից ծառայություններից մեկն էլ այն է, որ նա մեծապես ընդառաջ գնաց դեմոկրատական մտքին, ամբիոն տրամադրելով դեմոկրատ գրողներին ու հրապարակախոսներին:

Ուշագրավ զուգահեռ է նկատելի «Հյուսիսափայլ» - «Մշակ» առնչության մեջ: Երկու օրգաններում էլ գլխավոր աշխատակցի դերը կատարում էին ժամանակի դեմոկրատական մտքի կորիֆեյները,      իրենց որոշակի կնիքը դնելով պարբերականների գաղափարական ուղղության վրա: Եթե Արծրունին «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանի գաղափարական ժառանգորդն էր, ապա Րաֆֆին՝ Միքայել Նալբանդյանի: Խոսուն է եւ այն փաստը, որ նարոդնիկական շարժումը դեպի ժողովուրդ, գյուղական կյանքը մոտիկից ուսումնասիրելու եւ այն վերափոխելու ռուս առաջադեմ մտավորականության ձգտումը ընդօրինակելի էր գտնում Արծրունին: Առհասարակ ռուս հասարակական միտքը եւ գրականությունը «Մշակի» էջերում արժանանում են առանձնահատուկ ուշադրության: Խմբագիրը համոզված էր, որ ռուս ազատագրական մտքի որոնումները արգասավորվելու էին փրկության ուղիների հայտնությամբ ո՛չ միայն ռուս ժողովրդի համար: Պրոպագանդելով ռուս գրականության եւ հրապարակախոսու-   թյան ձեռքբերումները, նա դրանց մեջ փնտրում էր նաեւ այն հարցերի պատասխանները, որոնք հասունացրել էր հայ իրականությունը:

Իբրեւ ֆեոդալիզմի երդվյալ թշնամի, Արծրունին խնկարկում է հատկապես այն գրողներին, ովքեր իրենց նպաստը բերեցին Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացմանը: Գոգոլ, Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Բելինսկի, Դոբրոլյուբով, Պիսարեւ, Օստրովսկի, Գոնչարով, Տուրգենեւ, Սալտիկով-Շչեդրին, ահա այն անունները  որոնց վերապահվում է գրականության նշանաձողերի իրավունք: Նրանց ստեղծագործությունները ճանապարհ եւ զարգացման հեռանկար էին գծելու նաեւ ազգային զարթոնք ապրող հայ ժողովրդի համար: Ռուս նշանավոր գրող Իվան Սերգեեւիչ Տուրգենեւի անունն, օրինակ, «Մշակի» համար չափանիշ է ոչ միայն ազգային գրականության զարգացման, այլեւ խորհրդանիշ՝ մի ամբողջ սերնդի գաղափարական պայքարի, որը հասունացրեց ճորտատիրական լծի թոթափումը: Արծրունու համակրությունը ռուս հասարակական այն հոսանքի կողմն է որը նախանձախնդիր էր Ռուսաստանի զարգացումը գծելու եվրոպական քաղաքակրթության ուղիով: Այդ պատճառով «Մշակում»     ընդգծվում է Տուրգենեւի արեւմտական լինելը, նրա պայքարը սլավոնաֆիլության  դեմ: Արծրունին հակասլավոնաֆիլական ելույթներ է ունենում «Մշակի» էջերում, իր գաղափարական հակառակորդներին՝ հայ ազգային-պահպանողականներին, համեմատում նրանց հետ, երկու հոսանքի դատապարտվածությունն էլ համարելով պատմականորեն կանխորոշված:

Արծրունին մի առանձին համակրանք էր տածում ռուս հանճարեղ երգիծաբան Սալտիկով-Շչեդրինի նկատմամբ, որի ստեղծագործության քննադատական պաթոսը շատ հոգեհարազատ էր նրան: Նա երազում էր «Մշակի» էջերում տեսնել գյուղական խավարի եւ      հարստահարության շչեդրինյան մերկացումներ, զուգորդված գյուղացու կյանքի խորիմաստ վերլուծությամբ [12]:

«Մի մեծ ռուս գրողի մահը» հոդվածում ռուս հանճարեղ երգիծաբանի կորուստը անդարմանելի գտնելով, Արծրունին նշում է. «Ռուս սատիրան, ռուս երգիծաբանական գրական ձեւը Շչեդրինից առաջ երբեք չէր հասած այն վեհ ընդարձակության, երբեք այդքան խոր կերպով չէր թափանցել, չէր մտել ժողովրդի բոլոր խավերը, որպես այդ կարողացել է անել երեսուն տարի շարունակ Շչեդրինի մերկացնող, անխնա մտրակող սատիրան» [13]: «Գրական հսկայի» մերկացնող, անխնա մտրակող երգիծանքի մեջ Արծրունին արդարացում է գտնում իր թերթի քննադատական ուղղության համար, որը նրա հակառակորդների կողմից հաճախ հորջորջվում էր որպես վնասակար ու ազգակործան:

Որքան նախանձախնդիր էր Արծրունին «Մշակի» էջերում պրոպագանդելու ռուս գրականության եւ հրապարակախոսության նվաճումները, նույնքան անհանդուրժող էր դեպի այն ուժերի պառակտիչ գործունեությունը, որոնք դիրքավորվելով ռուս հետադիմական մամուլի օրգաններում, շովինիզմի թունավոր սերմեր էին տարածում, ռուս ժողովրդին եւ փոքր ազգերին հակադրում միմյանց: Մասնավորապես սուր քննադատության են ենթարկվում «Մոսկովսկիե վեդոմոստի» թերթի խմբագիր Կատկովը եւ «Նովոյե վրեմյա» թերթի խմբագիր Սուվորինը, որոնց անուններով Արծրունին խորհրդանշված է տեսնում հետադիմությունն ու խավարամտությունը:

Այստեղ արժե անդրադառնալ Արծրունու՝ իբրեւ բուրժուական առաջադիմության գաղափարախոսի, մեթոդաբանությանը: Ազատամիտներ եւ պահպանողականներ, առաջադիմականներ եւ հետադիմականներ. այս հակադրությունը Արծրունու համար նոր շրջանի պատմության բանալին է: Այս սխեմատիկ մոտեցումը, սակայն, հնարավորություն չէր տալիս նրան տեսնել առաջադիմության լայնահուն գետի մեջ թափվող բոլոր վտակները: Ազատամտականության շրջանակից դուրս ամեն ինչ նրա համար կամ հետշարժություն էր, կամ սոսկալի հեղափոխականություն:

«Մշակ» թերթը սրեց եւ բեւեռացրեց գաղափարական պայքարը հայ իրականության մեջ, որը կանգնած էր զարգացման ուղիների ընտրության ճամփաբաժնի եզրին: Արծրունին եւ նրա թերթը հայ ժողովրդի զարգացման ուղին գծում էին հենվելով եվրոպական պատմական փորձին, իրենց գաղափարական հակառակորդներին, որոնք ներկայացնում էին «Մեղու Հայաստանի», «Փորձ», «Արձագանք», «Նոր դար» պարբերականները, անվանելով «պահպանողականներ»: Այդ անունը հոլովվելով, սովորույթի ուժ ստացավ եւ մտավ գրականության մեջ: Սակայն ճշմարտությունը պահանջում է հավաստել, որ նրանք ոչ թե հնամոլներ էին, զարգացման թշնամի, այլ ազգային լավագույն ավանդույթների, պատմության քննությունը բռնած ազգային արժեքների պահպանման կողմնակիցներ, որոնք հենց դրանց հենվելով էին ուզում գծել ազգի հետագա զարգացման ուղին: Անշուշտ, նրանք դեմ չէին քաղաքակրթության նվաճումները ներառնելուն, սակայն մի պայմանով՝ ընտրողաբար, միայն այն, ինչը պատվաստելի էր հայ արմատին, ինչը չէր խաթարի ազգային անաղարտ դիմագիծը

Արմատական «Մշակն» արտահայտում էր կյանքը նորոգելու պահանջը, իսկ ազգային-պահպանողականները՝ ավանդականը իբրեւ հենարան պահպանելու պահանջը: Զարգացման առողջ ընթացքը երկուսի դիալեկտիկական կապի մեջ պետք էր փնտրել, հայացք, որին հասու չէր կողմերից ոչ մեկը: Այնպես որ Արծրունու բանավիճային հոդվածները պետք է կարդալ վերապահությամբ, ջոկելով կիրքը իրողությունից:

Չպետք է ենթադրել, թե XIX դարի 70-80-ական թվականներին իրար են բախվել բեւեռային հակադրությամբ իրարամերժ տեսակետներ: Դա եղել է մի «ներտեսակային կռիվ» բուրժուական գաղափարախոսության տարողունակ համակարգում: Բանավեճի հիմնական հանգույցը, որի վրա խաչվում են սրերը, հոգեւորականության դերի խնդիրն էր ավատականությունը բացասող հասարակության մեջ: Արծրունու համար հայ եկեղեցին պահպանողականության ամենահին եւ հիմնավոր սյունն էր, որի հեգեմոն դերը ազգի հոգեւոր կյանքում պետք էր ավարտված համարել: Բարձրացնելով հոգեւոր դասի կրթական եւ բարոյական մակարդակը, նրան եւս պետք էր լծել ազգի ընդհանուր   առաջադիմության գործին: Կրոնի, հավատի հիմքերին Արծրունին երբեք չի դիպել, ընդհակառակը, հավաստել է, թե իր համար ամենից բարձր, ամենից սուրբ են քրիստոնեական վարդապետության հավիտենական սկզբունքները, «քրիստոնեությանը հատուկ հավասարու- թյան, եղբայրության եւ ազատության ոգին, քրիստոնեության հասարակական, քաղաքակրթական նշանակությունը» [14]:

Բոլոր դավանանքի հայերը հայ են, - հռչակեց «Մշակի» խմբագիրը, ազգը միավորող ուժ համարելով ոչ թե կրոնը, այլ ազգությունը, քանի որ կրոնները կարող են իրար հաջորդել, սակայն ազգությունը մնում է հաստատ, հասկանալի է, ենթարկվելով ժամանակի ազդեցությանը: Ազգի անհատականության պահպանումը մարդկության կազմի մեջ եւ անհատինը՝ ազգի մեջ, - ահա Արծրունու առաջադրած բանաձեւը [15]: Ազգության գլխավոր հիմունքները նա համարում է ցեղը, լեզուն եւ հայրենիքը, որոնց փոփոխությունն էլ կարող էր սպառնալ ազգի բուն գոյությանը [16]: Նա «Մշակը» հայտարարում է ընդհանուր ազգային օրգան, որը պետք է պայքարի հանուն ազգային միության. «Թող բոլոր հայերը ազգային տեսակետից միմյանցից չանջատվեն կրոնի տարբերության պատճառով եւ ձուլվեն ի մի ազգություն՝ ազգային ընդհանուր ձուլարանի մեջ, կապված լինելով ընդհանուր հայրենիքի եւ մայրենի լեզվի միջոցով» [17]:

Քննադատական ուղղությունը համարելով «Մշակի» առանձնաշնորհը, Արծրունին, հարկ եղած դեպքում, պարզում էր «միության եւ սիրո» դրոշ: Քաղաքագետի հեռատեսությամբ նա հաստատում է. «Բայց կան րոպեներ ազգերի կյանքի մեջ, երբ հարկավոր է ոչ թե կրիտիկա, հարձակմունք կամ մեղադրանք, այն էլ հասարակության մեջ միակ գործող ուժերի դեմ, այլ հարկավոր է միություն եւ սեր, հարկավոր է մոռանալ բոլոր թշնամությունները եւ ձեռք ձեռքի տված ընթանալ գործի հաջողության համար: Այդ տեսակ ժամանակ, մի ազգի մի հասարակության ճգնաժամի, նրա լինելու կամ չլինելու րոպեներում, վեր կենալ աջ ու ձախ հարձակմունք եւ մեղադրանք թափել՝ կնշանակի ջլատել ընդհանուրի ուժերը, վնասել ամբողջ գործին, երկպառակություն սերմանել, մեռցնել՝ փոխանակ կենդանացնելու» [18]: Այս խոսքերը հայությունը ականջի օղ պիտի դարձներ, քանի որ Հայկական հարցը նրան մեկ անգամ չէ, որ կանգնեցնելու էր ճգնաժամի առջեւ: Այնպես որ հրապարակախոսի այս խոսքերը մեր օրերում նույնքան արդիական են հնչում:

Մենք ընդհուպ մոտեցանք Արծրունու հրապարակախոսության ամենահարուստ երակին: Դրանք հոդվածներն են նվիրված Հայկական հարցին, որի ոչ միայն առաջին ձեւակերպողը եղավ «Մշակի» խմբագիրը, այլեւ այդ հարցը ամենից հետեւողական եւ լուրջ քննարկողը եւ լուծում որոնողը: Դիպուկ է նկատել «Մշակի» թղթակից Հայկակը (Արփիար Արփիարյան), թե «Մշակը» կարող էր դիտվել պոլսահայ լրագիր, քանի որ արեւմտահայ դատը հանձին Արծրունու գտավ իր   ամենաջերմ եւ հետեւողական պաշտպանին:

Արծրունյան «Մշակի» հրատարակության տարիները համընկնում են Օսմանյան կայսրության փլուզումը հասունացնող արեւելյան ճգնաժամի, թուրքահպատակ սլավոնական ազգերի ազատագրական պայքարի ծավալման, ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինի կոնգրեսի, Հայկական հարցի ասպարեզ գալու իրադարձություններին: Թերթի քաղաքական կողմնորոշումները, բնական է, սնունդ էին առնում թուրքական բռնատիրության դեմ բալկանյան ժողովուրդների  ազատագրական պայքարից, որն իր վճռական փուլը մտավ XIX դարի 70-ական թվականների կեսերից՝ պատվար ունենալով ռուսական զենքի զորությունը: Թվում է, քաղաքական պահը խիստ նպաստավոր էր նաեւ հայերի համար՝ թոթափելու օտար լուծը, միավորվելու Արեւելյան Հայաստանի հետ: Սակայն արեւմտահայությունը անպատրաստ էր: «Մշակը», Արծրունին եւ Րաֆֆին, իրենց ողջ ուշադրությունն ու ջանքերը նպատակամղեցին դարավոր լծի տակ ընդարմացած իրենց հայրենակիցներին արթնացնելու, քաղաքական ինքնագիտակցության բերելու, ոտքի հանելու եւ մղելու խնդրի իրագործմանը: Նրանք սկսեցին սահմանադրական պատրանքները ցրելու քայլից՝ ցույց տալու համար, որ Թուրքիայի պես հետամնաց ֆեոդալական բռնակալական երկրում հպատակ ժողովուրդները չեն կարող հուսալ քաղաքական ազատություններ եւ քաղաքացիական հավասարություններ: 1860 թ. Բ. Դռան՝ հայերին պարգեւած, այսպես կոչված, ազգային սահմանադրությունը ի սկզբանե զրկված լինելով քաղաքական ուժից, որովհետեւ չէր երաշխավորում Թուրքիայում հայերի ապահով գոյությունն իսկ, սուլթանական կառավարության կողմից հետագա տարիներին ենթարկվեց այնպիսի սահմանափակումների, որոնք ի չիք դարձրին նրա արժեքը: «Ազգասիրական խաբեբայություն» առաջնորդողը, որի հենց վերնագիրը խտացնում է Արժրունու կարծիքը հայերին ողորմածաբար շնորհված փաստաթղթի մասին, հավաստում է դառը իրողությունը. «Կրիզիսի րոպեում հայտնվեցավ, որ հռչակված սահմանադրությունը օդային մի ամրոց էր, որ այդ երեւելի սահմանադրությունը անզոր է պաշտպանել հայերին տերության կամայականության եւ բարբարոսության դեմ, անզոր է պաշտպանել թուրքաբնակ հայի ամենաան-     հրաժեշտ, անբռնադատելի մարդկային իրավունքը…» [19]:

Օսմանյան սահմանադրությունը, դեռ մինչեւ ծնվելը, որակվում էր որպես խաբեություն ու քողածածկույթ, գործարք նորելուկ թուրք բուրժուազիայի գաղափարախոսների՝ «Նոր օսմանցիների» եւ միապետության միջեւ, որն ուղղված էր ճնշված ազգերի ազատագրական պայքարը ջլատելու եւ վերահաս պատերազմը կանխելու նպատակին: Զո՜ւր ջանքեր. բալկանյան ժողովուրդները ապստամբության դրոշ պարզեցին, եւ պատերազմը սանձազերծվեց: Բալկանյան պատերազմը դառնում է «Մշակի» առաջնորդողների եւ արտաքին տեսությունների (որոնց հեղինակը Արծրունին էր) հիմնական նյութը, որտեղ ճնշված ազգերի ազատագրական պայքարի պաշտպանությունն ու օրինակ պարզելը զուգորդվում է սուլթանական բռնատիրության բարբարոս քաղաքականության մերկացմամբ ու դատապարտմամբ: Դա արվում է հայերի ազգային ինքնագիտակցությունը զարթնեցնելու, օտար լուծը թոթափելու համար նրան պայքարի հանելու նպատակով: «Երեք միլիոն թուրքահպատակ քրիստոնյա հայ ժողովուրդը թուրքաց լծի դեմ ուրիշ քրիստոնյաների ընդհանուր ապստամբության ժամանակ        ամենեւին ձայն չէ հանում: Հայերի տարրը Թուրքիայում կարծես մեռած է» [20], - դառնությամբ արձանագրում է «Մշակը»: Հայերը զենք չունեն, բնակեցված են թուրքերի եւ քրդերի հարեւանությամբ, հոգեւորականները նրանց շարունակ հնազանդության կոչ են անում, բայց ոչինչ չի կարող արդարացնել ստրկությունը, - նետում է Արծրունին: Հարկավոր է միանալ սլավոնական շարժմանը, օգնել նրան եւ նրանից ուժ առնել: «Մշակը» հետամուտ էր սլավոնական օրինակը տեսնել Փոքր Ասիայում:

Արծրունին համարձակորեն քաղաքական օրակարգ է ձեւակերպում, պնդելով, որ սլավոնական, հունական, բուլղարական խնդիրների շարքում իր տեղը պետք է գրավի եւ Հայկական հարցը:

«Մշակի» 1876 թ. 47-ը բացվում է «Հայոց խնդիր» առաջնորդողով, որով Արծրունին առաջինը քաղաքացիական իրավունք տվեց Հայկական հարց տերմինին, ինչպես ժամանակին նշել է Րաֆֆին: Հայ ժողովրդի պատմական ճակատագիրը հրապարակախոսին տխուր խորհրդածությունների է մղում: Մինչդեռ այլեւայլ ժողովուրդներ իրենց հարցերը լուծում են զենք վերցնելով, արյուն թափելով, հայերը մի տարօրինակ ճանապարհ են ընտրել. «Հայոց ազգը մի զարմանալի հատկություն ունի, եւ այդ հատկությունը նշմարելի է նրա մեջ իր ամբողջ պատմության ընթացքում: Նա ուզում է խելքով, մտավոր զենքով, ապացույցներով, դատողություններով հաղթել թշնամուն» [21]: Աշխարհասփյուռ գաղթականության ուրվականը ուղղակի հալածախտի է մատնում հայրենասեր գործչին, ստիպելով դառնաղետ սպառնալիքի առաջն առնել «Մշակի» էջերում շարունակաբար, անընդմեջ կոչ անելով չլքել թշնամուց նվաճված պատմական հայրենիքը:

Իբրեւ լիբերալ մտածող նախապատվությունը տալով ամեն մի հարցի խաղաղ լուծման, Արծրունին, սակայն, նման եղանակը վերապահում է ապագային, երբ քաղաքակրթությունը կդառնա բոլոր ազգերի սեփականությունը: Իսկ առայժմ հայի դեմ կանգնած է բարբարոս, մոլեռանդ մահմեդականը, որը մի լեզու է հասկանում՝ սրի լեզուն: Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը, «Մշակը» շտապեց քաղաքական կողմնորոշում տալ իր ընթերցողներին. «Զարմանալի տեսարան: Թուրքաց սահմանադրությունը հրապարակված է, բայց ոչ Եվրոպան է հավատում Թուրքիայի խոստումներին, ոչ էլ իրենք՝ թուրքահպատակ ազգերը հավատում են իրենց տերության խոստումներին… այդ սահմանադրությունը, ինչպես Թուրքիայի բոլոր անցած խոստումները, խորամանկ, նենգավոր աչքակապություններ են, ավելի ոչինչ» [22]: Հայերի վիճակը, ինչպես եւ պետք էր սպասել, դույզն-ինչ չբարվոքվեց: Սահմանադրությունը շիրմա դարձավ նրա հետեւում նոր հարստահարություններ ու բարբարոսություններ գործելու համար:

Երբ Միդհատ փաշան աքսորի դատապարտվեց, Արծրունին սրամիտ հարց առաջադրեց. սահմանադրությունը չի կարողանում փրկել իր ստեղծողին: Պատճա՞ռը: Այն սուտ օրենք էր, որը համընդհանուր բարենորոգման եւ քաղաքացիների իրավունքների հավասարության կեղծ լոզունգներ հռչակելով, իրականում նպատակ ուներ խափանել եվրոպական միջամտությունը, բթացնել ճնշված ազգերի զգոնությունը եւ ջլատել նրանց ազատագրական պայքարը: «Որքան էլ գեղեցիկ գրած լիներ թուրքաց սահմանադրությունը, նա մշտ կմնա մեռած տառ» [23], - կարդում ենք «Մշակում»:

«Պատերազմ». խոշոր տառերով վերնագրում է իր առաջնորդողը Արծրունին 1877 թ. ապրիլի 18-ին: Ռուս-թուրքական պատերազմն սկսված էր. «Քրիստոնյաների պաշտպանության գործը ընդդեմ մահմեդական տարրի բարբարոս ճնշման, այն անվերջանալի Արեւելյան խնդիրը… կվճռվի ոչ թե անորոշ դիպլոմատիկական բանակցու-  թյուններով, այլ սրով եւ արյունով» [24], - ասում է Արծրունին: Նրա կարծիքով, Արեւելյան խնդիրը (նաեւ Հայկականը) առանց պատերազմի չէր կարող իր լուծումն ստանալ:

«Հայաստանը ինչ պետք է դառնա» առաջնորդողում հրապարակախոսը փորձում է գուշակել պատերազմի արդյունքները. «Թուրքիայի վերջին ժամը հասավ: Թուրքիան կազմող բոլոր երկրները կտոր-կտոր ընկնելու են. այդ երկրներից ամեն մինը կամ կմիանա մի ուրիշ երկրի հետ, կամ կկազմի մի անկախ փոքրիկ պետություն» [25] Նա լիահույս չէ, թե կարող է իրականանալ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների միացումը, ուստի ավելի ռեալ է գտնում Արեւմտահայաստանի ինքնավարությունը:

Խորհրդածելով Արեւելյան խնդրի լուծման շուրջ, Արծրունին մշտապես վախ է զգացել, որ այն հանկարծ չլուծվի միայն եվրոպական մասի համար, իսկ Փոքր Ասիայի քրիստոնյաները դառնան կերակուր թուրքական գիշատչի համար: «Եթե Եվրոպան ցանկանում է     ազատել թուրքաց լծից միայն եվրոպական նահանգները, եւ դորանով կարծում է վճռել արեւելյան խնդիրը, այն ժամանակ նա կարող է հավատացած լինել, որ հինգ, շատ-շատ տասը տարուց հետո նրա առաջ կրկին կհարուցվի արեւելյան խնդիրը, եւ կարելի է ասել հուսահատ, սարսափելի կռվով» [26], - կանխագուշակում է Արծրունին, ամենից       առաջ վախենալով հարցի լուծման այս ելքից:

Արծրունին մերկացնում է փոքր ազգերին իրենց եսական նպատակներին ծառայեցնելու եվրոպական պետությունների միասնական քաղաքականությունը, որի հերթական զոհերից մեկն էլ կարող էին դառնալ հայերը. «Մի զարմանալի տեսարան է ներկայացնում այս րոպեիս քաղաքակրթված Եվրոպան եւ մանավանդ Անգլիան: Քաղաքակրթված աշխարհը փոխանակ համակրելու ճնշված թուրքահպատակ քրիստոնյաներին, փոխանակ նրանց օգնության ձեռք մեկնելու…, ամեն միջոցներ գործ են դնում, որպեսզի օգնեն Թուրքիային եւ միջոց չտան թուրքահպատակ քրիստոնյաներին դարավոր ճնշումից իրանց գլուխը բարձրացնել, կրկին ազատության ձգտելու, նորից շունչ քաշելու, մարդավայել կյանք վայելելու: Եվ այդ անաստվածությունը անվանվում է քաղաքականության մեջ Եվրուպայի հավասարակշռություն կամ Անգլիայի շահեր» [27]:

«Մշակի» էջերում շարունակ փայփայելով հայերի ինքնավարության խնդիրը, Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի՝ հայերին վերաբերող 16-րդ կետը Արծրունին շտապեց ներկայացնել իբրեւ «Հայաստանի ինքնավարություն» [28]: Նա ակնհայտորեն գերագնահատել էր այդ կետի նշանակությունը, որ դեռ Բեռլինի կոնգրեսի ատյաններով պիտի անցներ եւ դառնալով 61-րդ կետ` պատմությանը թողներ ոչինչ չպարտավորեցնող դիվանագիտական ձեւակերպումների մի «դասական» օրինակ:

Շուտով «Մշակը» ստիպված եղավ արձանագրել ազգովի հիասթափության պահը, որ ձեւակերպվեց հին ասացվածքով՝ «Լեռը մուկ ծնեց» [29]: Բեռլինի կոնգրեսը ոչ միայն ոչինչ չտվեց արեւմտահայերին, այլեւ հնարավորություն ընձեռեց թուրքական իշխանություններին շարունակելու կեղծ խոստումների մարաթոնային խաղը՝ ժամանակ շահելու եւ ազատության ձգտող հայերի նկատմամբ արյունոտ հաշվեհարդար տեսնելու համար արդեն ցեղասպանության ոճիրով:

«Զեյթունի ապստամբությունը» առաջնորդողում Արծրունին Բեռլինի կոնգրեսի արդյունքները գնահատում է այսպիսի քաղաքական կշռաքարով. «Այն ազգերը, որոնք զենքը ձեռին ապստանբվեցան տերության դեմ, եվրոպական դիպլոմատիան շնորհեց նրանց այս կամ այլ մարդկային իրավունք, իսկ հայոց ազգը ոչինչ չստացավ, որովհետեւ հնազանդ է մնացել տերությանը»:

XIX դարի քաղաքական բարոյականությունը Արծրունին բանաձեւում է՝ «Ես ապստամբվում եմ, ուրեմն ես կամ» [30] աֆորիզմով: Հայերը ուշ հասկացան այս ճշմարտությունը: Այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զենքի օգնությանն ապավինելու հեռանկար կար, Արծրունին հայերին՝ ազատությունը զենքով նվաճելու կոչ էր անում: Սակայն Բեռլինի կոնգրեսից հետո, երբ ռուսական զենքի նվաճումները մեծ տերությունների համերաշխ ջանքերով նվազագույնի հասցվեցին, եւ, մանավանդ, երբ 80-ական թվականներին Հայկական հարցի նկատմամբ ցարական կառավարության  քաղաքականության մեջ ան-       նպաստ շրջադարձ տեղի ունեցավ, «Մշակի» խմբագիրը ստիպված   եղավ նոր դիրքորոշում մշակել: Այստեղ արդեն իրենց ավելի ցայտուն զգացնել տվեցին Արծրունու լիբերալ նախասիրությունները. զենքով պայքարի համար արեւմտահայությանը անպատրաստ համարելով, նա առաջ քաշեց «տնտեսական վերաշինության» ծրագիրը, դրա իրագործման հետ կապելով արեւմտահայերի քաղաքական ազատա-      գրության հեռանկարը:

Այդ ծրագրի իրականացման համար ամենից առաջ անհրաժեշտ էր, որպեսզի հայերը մնային իրենց պատմական հայրենիքում, չգաղթեին: Կշտամբելով արեւմտահայերին, որ նրանք չկարողացան օգտվել ռուս-թուրքական պատերազմի ընձեռած բարենպաստ պատմական պահից, երբ դրսի զենքին ապստամբական զենք միացնելով հնարավոր էր ավելի պակաս զոհերի գնով ազատության հասնել, Արծրունին այժմ նրանց հորդորում է չմոռանալ քաղաքական դասը եւ կրթություն տարածելով՝ բարձրացնել ազգի ինքնաճանաչությունը եւ տնտեսական առաջադիմությամբ հող նախապատրաստել պատմու- թյան գալիք ճգնաժամերի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: Չստացվի հանկարծ այնպես, որ երբ պահը վրա հասնի, Արեւմտահայաստանում չլինի ոչ մի հայ, - զգուշացնում է հրապարակախոսը [31]: «Խաղաղ պատերազմ»- սա լոկ հերթական կրկնվող        առաջնորդողի վերնագիր չէր, սա «Մշակի» նոր ծրագրի խտացումն էր, ըստ որի հայերը խաղաղ, կուլտուրական-քաղաքակրթական միջոցներով պիտի շահեին թուրքերի դեմ պատերազմը, ցուցադրելով    իրենց մտավոր առավելությունները:

«Թուրքաց հայերի տնտեսական դրությունը» հայտնի դասախոսության մեջ, որը հրատարակվեց «Մշակում» եւ առանձին գրքույկով, Արծրունին հայերի պատմական առաքելությունն է համարում մարդկությանն ավետել ազատությունը քաղաքակրթական խաղաղ պատերազմով նվաճելու գաղափարը. «Գուցե հայերին, - ասում է նա, - արեւմտյան լուսավորված Եվրոպայի ժամանակակից անմարդասեր գաղափարի դեմ այդ կենդանի բողոք ներկայացնող ազգությանը, վիճակված է ոչնչացնել այն անբարոյական սկզբունքը, որ պահանջում է ճնշված ազգից, իր գոյությունը ապացուցանելու համար զենք վերցնել, ապստամբվել, արյուն թափել, ուրեմն գործ դնել ճնշող ուժից, բարբարոսությունից ազատվելու համար, նույն զենքերը, որ նույն իսկ ճնշող ուժը, բարբարոսությունն է գործ ածում…» [32]: Լիբերալիզմը միշտ խորշել է արյունից, ապստամբությունից, քաղաքացիական պատերազմից: Ճիշտ է Զեյթունն ապացուցում էր, որ հայերը տիրապետում են նաեւ այդ միջոցին, սակայն Արծրունին իր դասախոսությունն ավարտում է այլ շեշտադրությամբ. «Եթե Թուրքիայի հայը մի ձեռքով մուրճ, արոր կամ բահ բռնելով, մյուս ձեռքում հրացան կբռնի, - այդ գուցե կլինի միակ միջոցը թուրքաց տիրապետության տակ ճնշված հայոց ազգի համար պաշտպանել եւ ապահովել իր ազգային գոյությունը» [33]: Առայժմ ինքնապաշտպանական զենք…

Սակայն ազատագրական պայքարի մշտական ուղեգծումները միանշանակ չեն, եւ դա հետեւանք է ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական իրադրության փոփոխության, որքան աշխատակիցների ու թղթակիցների աշխարհայացքային տարամիտվածության: Բայց դա նույնպես Արծրունու երախտիքն է, քանի որ նա հնարավորություն էր ընձեռում Րաֆֆուն, Հայկակին, Մկրտիչ Փորթուգալյանին եւ մյուս դեմոկրատ գործիչներին հենց «Մշակի» էջերում զարգացնելու իրենց տեսակետները, որոնք միշտ չէ, որ ձայնակցում էին խմբագրին, այլ        իրենց մարտական երգն էին հնչեցնում:

1880 թ. օգոստոս ամսին, երբ «Մշակում» երեւացին առաջին լուրերը Վասպուրականի ապստամբական շարժումների վերաբերյալ, Արծրունին ստիպված եղավ վերադառնալ նախկին լեզվին. «Եվրոպական դիպլոմատիայի աչքում գին չունի մի տանջվող ազգի լուռ բողոքը, որքան էլ անտանելի լինի նրա տանջանքը, նրա աչքում գին ունի միմիայն մի ազգի դրական բողոքը, ընդդիմադրությունը ճնշողի դեմ: Եվրոպան սկսում է հարգել մի ազգության միայն այն րոպեից, երբ այդ ազգը՝ զենքը ձեռին սկսում է իր եւ թշնամու արյունը թափել ազգային ազատության համար» [34]:

«Քաղաքական մտածմունքներ» վերնագրված Արծրունու տեսությունները Եվրոպայի հասցեին այլեւս նախկին ոգեւորող հիացմունքի շեշտերը չունեն: Թուրքական վայրագությունները թողտվությամբ փաստորեն խրախուսող եվրոպական քաղաքականությունը ավելի հաճախ է քննադատության նշանախեց դառնում: Արծրունին խորաթափանց հարցադրում է առաջ քաշում. Անգլիան, Գերմանիան, Ավստրիան բարոյական իրավունք ունե՞ն Թուրքիային կարգի հրավիրելու, երբ իրենք ճնշում են փոքր ազգերին, Անգլիան՝ իռլանդացիներին, Գերմանիան՝ լեհերին ու հրեաներին, Ավստրիան՝ բոսնիացիներին ու հերցեգովինացիներին [35]:

Կարինի ազատագրական շարժումները «Մշակի» էջերում վերստին սրում են այն գաղափարական ճյուղը, որը ազատության գրավականը տեսնում էր զինված պայքարի մեջ: Հայկակը գրում է. «Կարնո դեպքերը ավելի ազդեցություն ունեցան թուրք կուսակցու-   թյան վրա, քան պատրիարքարանի հազար թագրիրները, դեսպանաց ծանուցագրերը, խաղաղական ամեն միջոցներ» [36]:

«Հայոց խնդիր» վերնագրված Արծրունու առաջնորդողները 80-ական թվականներին արդեն սեփական ուժին ապավինելու առողջ եւ հեռանկարային գաղափարին հակվելու միտում են հայտնաբերում: Այս գաղափարի հասունացման խնդրում «Մշակին» անգնահատելի ծառայություն է մատուցել Րաֆֆին: Նրա հրապարակախոսական     ելույթները եւ թերթի էջերում հատված առ հատված տպագրված վեպերը նշում են գաղափարական այն բարձրակետը, որին հասավ ոչ միայն «Մշակը», այլեւ հայ ազատագրական միտքը XIX դարի            70-80-ական թվականներին: Րաֆֆին իսկական հայտնություն էր Արծրունու համար: Թերթի սուղ էջերը ժլատորեն փակելով գրական երկերի առջեւ, խմբագիրը դրանք շռայլորեն տրամադրում էր Րաֆֆուն, միանգամից ապահովելով երկու շահ, ասպարեզ՝ ժամանակի պատգամախոս գրողին եւ մասսայականություն՝ «Մշակին»:

Ուշագրավ է, որ «Մշակի» էջերում իր առաջին հրապարակումներում Րաֆֆին սեփական ուժերին ապավինելու կոչ է անում, ընդսմին այդ ուժը տեսնելով հասարակ ներքնախավերում, մշակների աղքատ, բայց հայրենասեր դասի մեջ [37]:

Ռուս-թուրքական պատերազմը Րաֆֆու գրիչը վերածեց մի իսկական զենքի, որը գործում էր անընդմեջ ու անվրեպ: «Դատարկ հույսերով ենք ապրում» վերնագիրը կրող հոդվածում նա ահազանգում է. «Դատարկ հույսը մարդուն ամեն բան դրսից է սպասել տալիս. նա չի թողնում, որ մարդ կանգնի իր սեփական ոտների վրա, նա միշտ նեցուկ է որոնում»: Րաֆֆին պատմական պահի կարգախոսը ձեւակերպում է նշանակալից մտքերով. «Ազատությունը տրվում է այն ազգերին, որոնք իրենց ազատությունը սրով պաշտպանել գիտեն:         Առանց արյունի ազատություն չկա, որպես առանց զոհերի՝ փրկու-    թյուն» [38]: Դեռ Բեռլինի կոնգրեսից առաջ նա զգուշացնում էր, որ հայերը ստանալիք չունեն, որ բռնակալի ճնշմանը կարող է դիմադրել միայն ինքնագիտակցության եկած ժողովուրդը, երբ «ազատության զգացմունքը արմատիցն է ծագում, ամբոխի սրտիցն է բխում, - ցածից դեպի վեր է բարձրանում» [39]:

Համագործակցելով Արծրունու հետ, Րաֆֆին իր հարցադրումների սրությամբ միշտ առաջ է անցնում նրանից, առավել արմատական հարցադրումներով «Մշակի» ընթերցողների շրջանակը ընդլայնում: Նրա հրապարակախոսությունը, կարելի է ասել, ուղղակիորեն շարունակվում է գեղարվեստական վեպերի մեջ, որոնք քաղաքական մանիֆեստի նշանակություն են ստանում: Արծրունի-Րաֆֆի հարաբերությունը հայ հասարակական մտքի պատմության հետաքրքիր երեւույթներից մեկն է: Բայց որքան էլ արժեքավոր, այդ համագործակցության ժամանակավոր բնույթը պարտադրված էր պատմական զարգացման օրինաչափությամբ: Որքանով պատմականորեն անխուսափելի է դեմոկրատիայի տարանջատումը լիբերալիզմից, այդքանով էլ անխուսափելի էր Րաֆֆու հեռանալը «Մշակից», տասնչորս տարի թերթի գլխավոր աշխատակցի պաշտոնը վարելուց հետո: Երբ պատճառը կա, առիթը չի ուշանում:

1884 թ. կեսերին ֆինանսական տագնապի պատճառով Արծունին ընդհատում է «Մշակի» հրատարակությունը եւ մեկնում արտասահման: Րաֆֆին, իր սիրելի թերթի ճակատագրով մտահոգված, հույս էր փայփայում «Մշակի» հրատարակությունը շարունակել խմբագրական կոլեգիայի ուժերով, որի մեջ մտնելու էին, բացի իրենից, Գ. Միրզոյանը եւ Ն. Աբելյանը: Սակայն «անբարեհույս» խմբին իշխանությունները մերժում են «Մշակի» հրատարակության իրավունքը, դրա հետ միասին ի չիք դարձնելով թերթին նոր ուղղություն հաղորդելու Րաֆֆու հույսերը:

Վերադառնալով արտասահմանից, Արծրունին վերականգնում է «Մշակի» հրատարակությունը, հրավիրելով Րաֆֆուն՝ շարունակելու իր աշխատակցությունը: Մեծ է լինում Րաֆֆու հիասթափությունը, երբ Արծրունին մերժում է նախկին գլխավոր աշխատակցի առաջարկությունը՝ թարմացնել «Մշակի» խմբագրական կազմը, փոխել թերթի ուղղությունը: Իր սիրած օրգանը այլեւս դատապարտված տեսնելով գորշ ու անհետաքրքիր հրատարակության վերածվելու, Րաֆֆին հեռանում է «Մշակից»: Երկու տարի հետո նա կնքում է իր մահկանացուն, «Մշակի» էջերում արժանանալով ջերմ մահախոսականի, գրված Արծրունու գրչով: Րաֆֆու մահով Արծրունին զրկված է տեսնում երիտասարդությանը իր գաղափարական առաջնորդից, իսկ ողջ հայ հասարակությանը՝ բարձր իդեալների մատակարարից:

Րաֆֆու մահից հետո նրա արխիվում հայտնաբերվեց մի անտիպ ձեռագիր, որը դարձավ Րաֆֆու վերջին տպագիր հոդվածը «Մշակում» [40]: Րաֆֆին այդ հոդվածում երախտագիտության տուրք մատուցելով «Մշակին», նշում է, որ ինքը տասնչորս տարի շարունակ թերթի լծակի ծանրության մի կողմը տարել է իր ուսերի վրա: Նա «Մշակի» հայտնվելը համեմատում է մոգական գավազանի հարվածի ազդեցության հետ, որը միանգամից շարժեց հասարակական թմրած մարմինը, բաց անելով մարդկանց աչքերը, ընդարձակելով հայկական աշխարհի նեղ հորիզոնը, դառնալով հասարակության դաստիարակ եւ միեւնույն ժամանակ նրա ընդհանուր կարիքների արտահայտիչ: «Յուր բոլորովին թարմ, երիտասարդ խմբագրի ղեկավարության ներքո, - ընդգծում է Րաֆֆին, - «Մշակը» հեղեղեց հասարակությանը մի նոր կենդանացուցիչ հոսանքով, որ ամենափոքր ժամանակում արտասովոր արդյունք ունեցավ: Վաղեմի, ավանդական ինքնախաբեության փոխարեն սկսեց տիրապետել կրիտիկական հայացքը: Ինքնաքննու-թյունը եւ ինքնաճանաչությունը, - ահա այն դրդող եւ առաջ մղող տեսակետը, որով սովորեցրեց նա հայ հասարակությանը մտածել յուր պետքերի եւ յուր թերությունների վրա»: Ահա այս հոդվածը Րաֆֆու ստորագրությամբ հաստատված մի երաշխավորագիր է, որով հայ մամուլի պատմության պատվավոր պատվանդանի վրա Գրիգոր Արծրունու եւ նրա «Մշակի» տեղը կարելի է համարել երաշխավորված

 

ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 



[1]            «Մշակ», 1876, 19:

[2]            «Մշակ», 1887, 48:

[3]            Նույն տեղում, 1878, 58:

[4]            «Մշակ», 1881, 39:

[5]            Նույն տեղում, 1874, 4:

[6]            Նույն տեղում, 1873, 44:

[7]            «Մշակ», 1872, 12:

[8]            «Մշակ», 1881, 100:

[9]            «Մշակ», 1875, 27:

[10]          Նույն տեղում, 1882, 8:

[11]          Նույն տեղում. 1891, 23:

[12]          «Մշակ», 1887, 5:

[13]          Նույն տեղում, 1889, 49:

[14]          «Մշակ», 1877, 68:

[15]          Նույն տեղում, 1879, 144:

[16]          Նույն տեղում, 1880, 106:

[17]          Նույն տեղում, 121:

[18]          Նույն տեղում, 1881, 162:

[19]          «Մշակ», 1876, 45:

[20]          Նույն տեղում , 1876, 24:

[21]          «Մշակ», 1876, 47:

[22]          Նույն տեղում, 49:

[23]          «Մշակ», 1876, 46:

[24]          Նույն տեղում, 1877, 26:

[25]          Նույն տեղում , 32:

[26]          Նույն տեղում, 56:

[27]          «Մշակ», 1877, 84:

[28]          Նույն տեղում, 1878, 37:

[29]          Նույն տեղում, 131:

[30]          Նույն տեղում, 165:

[31]          «Մշակ», 1879, 18:

[32]          «Մշակ», 1879, 75:

[33]          Նույն տեղում, 35:

[34]          Նույն տեղում, 1880, 160:

[35]          «Մշակ», 1881, 40:

[36]          Նույն տեղում, 1883, 33:

[37]          Նույն տեղում, 1873, 9, 10, 11:

[38]          «Մշակ», 1878, 22:

[39]          Նույն տեղում, 41, 42:

[40]          «Մշակ», 1889, 9: