Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՋԱՒԱԽՔԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Ջաւախքի սահմաններն որոշապէս յայտնի չեն, այժմ այդ տեղը կոչւում է Ախալքալաքի գաւառ, որ պատկանում է Թիֆլիսի նահանգին, եւ գտնւում է 61º-61º 35՛ հիւսիսային լայնութեան եւ 41º 35-41º արեւելեան երկարութեան աստիճանների տակ։

Սրա սահմաններն են. հիւսիսից Գորուայ գաւառի Բորժոմի հասարակութիւնը Տաւ-Գոթելի սարով, որ գտնւում է Ախալքալաքի, Բորժոմի եւ Ծալկայի սահմանագլխում, Տմոխուր լճով, Մօլիտ գիւղից հարաւ ձգուող փոքրիկ բլրակներով, Ախալցխայի գաւառը՝ Ճռուլ սարով, Ցիպիրետիսկեդի լեռնաշղթայով եւ Կիւպոկլու սարով։ Արեւմուտխից՝ Ախալցխայի գաւառը՝ Կուր գետով։ Հարաւից՝ Արտահանի գաւառը Խոզապին լճով, Գէօգդաղի լեռնաշղթայով, Ուշ-թափալար լեռնով, Օրթուլ-դաղ սարով, որ կանգնած է Ախալքալաքի, Արտահանի եւ Աղէքսանդրապօլի սահմանագլխում. Աղէքսանդրապօլի գաւառը՝ Մատատապի սարերով։ Արեւելքից՝ Ծալկան՝ Ղարախաչի լեռնաշղթայով, Մոկրիա սարերով, Դաւաղրան շղթայով, Մարսեւի ձորով, Իլանդաղ, Ղոյիւն դաղ, Պիկէտ, Գրեչիշնի սարերով, Սամսարի լեռնաշղթայով, Ղարաղուզէ, Շաւնաբաթ կամ Դալի-դաղ, Բեբեր եւ Տաւգոթելի սարերով։

Այս գաւառը ձգւում է զուգահեռականների ուղղութեամբ 40-55, իսկ արեւմուտքից արեւելք 30—60 վերստ։ Ամբողջ տարածութիւնն է՝ 2, 392, 86 քառակուսի վերստ։

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԴԱՇՏԱՎԱՅՐԵՐԸ

Ախալքալաքի գաւառը Կուր գետի ջրամբարներից մին եւ արեւմուտքից դէպի արեւելք հետզհետ բարձրացող մի դաշտավայր է։

Այս դաշտավայրի արեւմտեան սահմանը՝ 30 վերստ տարածութեամբ, այսինքն մինչեւ Խըրթըզ գիւղը, է Կուրի խորունկ ձորի ժայռոտ ափերը։ Միայն բացառութիւն կազմում է դաշտավայրի հարաւ արեւմտեան անկիւնը, ուր նա հետզհետ միանում է Մուրագվայի լեռներին եւ որոշ սահմաններ չունի։ Խըրթըզից այն կողմն՝ արեւմտեան սահման կարող է հարուել եւ Չոբուրետու չայը կամ Վարեւանդու գետակը, որի այն կողմը գտնւում են քարոտ բլուրներ։ Հիւսիսից դաշտավայրը մօտ 16 վերստ երկարութեամբ ընդհատւում է Ցիխէ-ջուարի լեռներին, որոնք ձգւում են Կոկիայից մինչեւ Բեժանօ գիւղերը։ Միեւնոյն լեռները հարաւ ուղղուելով՝ եւ մտնելով Ախալքալաքի դաշտավայրը՝ կազմում են եւ նրա արեւելեան սահմանը մօտ 30 վերստ երկարութեամբ եւ ապա հետզհետէ ցածրանալով կազմում են Օրջա-չայի եւ Թափարաւան-չայի քարոտ բլրաշարքը։

  Եթէ Թափարաւան լճի շուրջն եւ համանուն գետի երկու եզերքը տարածուող հարթութիւնն էլ Ախալխալաքի դաշտավայր հաշուենք , այն ժամանակ սահմանը պէտք է ձգուի Տուման-գեօլ լճից Տամբովկա գիւղը եւ Րադիօնովկայից եւ Սաղամոյից՝ Տրօիցկա։ Հարաւ արեւելքում դաշտավայրը կտրւում է Մատատապու լեռներով, իսկ հարաւում Չլարի լեռներով։

Այս դաշտավայրի երկարութիւնն ամենաշատը՝ 36 վերստ է, հաշուելով Դիլիֆ գիւղից հարաւ ձգուող բլուրներից մինչեւ Բեժանօ գիւղը։ Իսկ լայնութիւնը հասնում է մինչեւ 40 վերստի - միայն հարաւային մասում, իսկ հիւսիսայինում նեղանում եւ հասնում է 5-8 վերստի։

Այս դաշտավայրի մակերեւոյթը հաւասար է 650 քառակուսի վերստի։ Ամբողջ դաշտավայր մոտ 2080 [1] ոտնաչափ հաստութեամբ, ծածկուած է հրաբխային խանձողով, որի վերայ տարածուած է սեւահող։ Նա ծովի մակերեւոյթից միջին հաշուով 6000 ոտնաչափ բարձրութիւն ունի։

Ախալքալաքի այս ընդարձակ դաշտավայրը բաժանուած է հետեւեալ ստորաբաժանումների։ Գարերայի դաշտավայրը, որ բաժանում է Սաթխայի 4375 ոտնաչափ բարձրութիւն ունեցող լեռնաշղթայով։ Զրեշու դաշտավայրը, որ բաժանւում է Ղըռխրուլադի ձորով, եւ ձգւում է մինչեւ Կուրի ձորը։ Սա այսպէս է կոչւում Զրեշ աւերակի անուամբ, որ Հայր Ալիշանը Շիրակումն  է դնում։

ԼԵՌՆԵՐ

Ջաւախքի ամենաբարձր լեառն է Աբուլը, որ բարձրանում է գաւառի գրեթէ կենդրոնում։ Նա բաղկացած է երկու գագաթներից, որ միմեանց հեռացած են գրեթէ 10 սաժէն։ Մեծ Աբուլի բարձրութիւնն է 10286 ոտնաչափ  փոքրինը 9191։ Մեծ Աբուլից բղխում է մի քաղցրահամ աղբիւր։ Գիւղացիներն պատմում են, իբր նախնիք խմել են այդ աղբիւրից հաւանելով ասել. «Իստակ ապուր է», այդտեղ բնակութիւն հաստատել եւ գիւղն ու սարը կոչել Ապուր որ աղաւաղուելով դարձել է Աբուլ։

Մեծ-Աբուլի արեւմտեան լանջին նկատւում է պղնձի հանք, եւ վանկատ (обсидианъ) սակայն դեռ չէ հետազօտած, թէեւ ակադեմիկ Աբիխն էլ մի անգամ բարձրացել է սրա գագաթն երկրաբանական  նպատակով։ Սրա գագաթն ամառը եւս ծածկուած է ձիւնով։

Իսկ Փոքր Աբուլի լանջին կառուցուած է եղել մի ամրոց, որ այժմ աւերակ է։

Երկու Աբուլների միջեւ գտնւում է Աբուլ լիճը։

Աբուլի շրջակայքն եւ առհասարակ Ջաւախքի այս արեւելեան մասը բարձրաւանդակ է շատ լեռնոտ է։ Այս կողմը Փարուանայ լճի մօտերքը հասնում է մինչեւ 7014 ոտնաչափ բարձրութեան։

Այստեղ Մեծ-Աբուլից հիւսիս արեւելք Թափարաւան լճի հանդէպ բարձրանում է Գոդորեբի լեառը, որ Աբուլից յետոյ երկրորդ բարձր լեառն է։ Սա ծովի մակերեւոյթից 10, 466 ոտնաչափ բարձր է, եւ սրա գագաթից պարզ եղանակին երեւում են Արագած, մեծ եւ փոքր Մասիս, Կազբէկ եւ Էլբրուս լեռները։ Իսկ սրանից արեւելահիւսիս՝ գտնւում է Քոռ օղլու լեառը, մի աւերակ ամրոցով։ Այս լեառից դէպի արեւմուտք, գտնւում են միմեանցից հազիւ կէս վերստ հեռաւորութեամբ երկու ժայռոտ լեռներ, որոնցից արեւմտեանի վրայ գտնւում է Քոռ Օղլու ապաստանը։

Ջաւախքի արեւելեան սահմանագլխում, Թափարաւան՝ լճից դէպի հարաւ գտնուող Գրեչիշնայա լերան մօտից ձգւում են նախ դէպի արեւմուտք եւ ապա դէպի հիւսիս Սամսար լեռները։ Սրանց մէջ ամենաբարձր գագաթն է Սամսարը՝ որ 10, 777 ոտնաչափ բարձրութիւն ունի ծովի մակերեւոյթից։ Սրանից դէպի հիւսիս 7 վեպստ հեռաւորութեամբ բարձրանում է Ղարաղուզէլ գագաթը, որից երեքական վերստ միմեանցից հեռու դէպի հիւսիս գտնւում են Շաւնաբաթ կամ Դալի-դաղ, Բեբեր-դարա եւ Տաւկոտելի գագաթները, վերջինս 9, 211 ոտնաչափ բարձրութիւնով։

Այս լեռները մինչի դարուս կէսը ծածկուած էին խիտ անտառներով, սակայն 1853 թուականի պատերազմին եւ Դուխոբուռների գաղթականութեան ժամանակ անխնայ կտրատելով՝ ամայացրին, այժմ միայն մացառներ կան։

Սամսար լեռներից մի լեռնաշղթայ բաժանուելով ձգւում է դէպի արեւմուտք եւ հասնում գրեթէ մինչեւ Ալաթուման. սա կոչւում է Ղարաղուզէյ։ Սրան միանում է բլրակների մի երկարաձիգ շղթայ, որ սկուում է Կարդիկամ գիւղից եւ որ կրում է այն գիւղերի անունները, որոնց մօտով նա անցնում է, որ, Մաճաթիու, Արագովայի եւ այլն։

Թէ Սամսար լեռներից եւ թէ Ղարաղուզէյ լեռնաշղթայից մի պաղպաջուն աղբիւրներ եւ սառնորակ վտակներ, փչում է զովագին քամի եւ երկիրը ծածկւում դալար խոտով ու բիւրաւոր ծաղիկներով, ուստի եւ Սամսարցիները, Բուղաշէնցիներին եւ Զակցիներն ամառն իրենց բազմաթիւ հօտերն ու նեխիրներն առած գալիս են այս կողմերը եայլա։

Գաւառի արեւելեան սահմանագծում, Թափարաւան լճի հանդէպ բարձրանում են Գոյին-դաղ եւ Ինագ-դաղ գագաթները եւ ձգւում են Ղաւաղրան լեռնաշարքը, որոնցից ամենահիւսիսային եւ ամենաբարձրի բարձրութիւնն է 9, 254 ոտնաչափ։ Սրանց միանալով, դէպի հարաւ ձգւում է Մոկրիա (թաց) լեռները, փոքր ինչ դէպի արեւելք ուղղուելով։ Այս լեռները, որ իրենց անունը ստացել են ռուսներից, վերին շերտերում ծածկուած են խանձուղով, որոնք հեշտութեամբ լուծւում են ջրում եւ դառնում կպչող։ Այս լեռների ամենաբարձր գագաթն է Էմլէկլի, որ 10, 018 ոտնաչափ բարձրութիւն ունի ծովի մակերեւոյթից։

Այնուհետեւ ձգւում են Ղարախաչի լեռները, որոնցից միայն մի քանիսն են սահմանակից Ախալքալաքի գաւառին։

Գաւառի արեւելահարաւային սահմանումն ձգւում են Մատատապու լեռները։ Իսկ արեւտահարաւային սահմանագլխում ձգւում է Գէօգդաղ (Կապոյտ լեռ) լեռնաշղթան, որ սկուում է Խանչալլի գիւղից եւ ձգւում մինչեւ Զուրզունիս գիւղը։ Այս շղթայի բարձրութիւնն է 9, 145 ոտնաչափ։

ԼՃԵՐԸ ԵՒ ԳԵՏԵՐԸ

Ջաւախքը շատ հարուստ է լճերով, սակայն սրանք ընդհանրապէս փոքր են եւ ո՛չ մինի վերայ նաւակներ անգամ չեն լողում։ Սրանք գլխաւորապէս տարածուած են գաւառի սահմանագլխներում, նրա ամենաբարձր տեղերում եւ սկիզբ են տալիս Ջաւախքի համարեա բոլոր գետերին եւ վտակներին։

Ամենից նշանաւորն է Փարուանու կամ Թափարաւան լիճը, նախնի Ծովակ Հիւսիսոյ, որ տարածուած է Ջաւախքի արեւելահիւսիսային սահմաններում, սա ծովի մակերեւոյթից 6, 876 ոտնաչափ բարձր է, իսկ նրա շրջակայքի մակերեւոյթը մօտ 714 ոտնաչափ բարձրութիւն ունի։

Լճի մակերեւոյթն է 30 քառակուսի վերստ, իսկ խորութիւնը՝ մօտաւորապէս 8 սաժէն է։ Լճի ջուրն անուշահամ է եւ պարզ։

Սրա մէջ թափւում են հետեւեալ վտակները՝

Հիւսիսից՝ Ղրխ-բուլախ–քառասուն-ակ, արեւելքից Մակարդարասու, Մարսեվու գետակները, արեւմուտքից՝ Տամբովկու։

Իսկ հիւսիսից դուրս է հոսում Թափարաւան-չայը, որ Ախալքալաքի ամենամեծ եւ ամենանշանաւոր գետն է։ Սա հոսելով դէպի հարաւ արեւմուտք՝ Ղաւուրմա գիւղի մօտ խառնւում է Սաթխայի գետակի հետ եւ ապա դէպի արեւմտահիւսիս հոսելով՝ անցնում է Ախալքալաքի արեւելեան կողմի ձորով, ընդունում է իւր մէջ փոքրիկ վտակներ, ապա դէպի Հիւսիս գնալով՝ Կորխ գիւղի մօտ խառնւում Մեծ ջրի հետ, ու դէպի արեւմուտք հոսելով, Խըրթըզ գիւղի առաջ թափւում է Կուրի մէջ։ Ձմեռը Թափարաւան լիճը բոլորովին սառչում է։

Լճից որսում են սեւ, ալապալխ (գեղարքունի), ղաչխան, սազան, մուրծա ձկներ, սակայն այնպիսի մի փոքրիկ քանակութեամբ, որ միայն շրջապատող մի քանի գիւղերին է բաւականութիւն տալիս, ուստի եւ կառավարութիւնն անուշադիր է թողած եւ կապալով չէ տալիս։

Այս լճի ափին կան երկու ամրոցի աւերակ։ Մին լճի արեւմտեան կողմը, անմիջապէս ափին, միւսը հարաւային կողմը, Փոկա գիւղում։

Այս լճի ափին, հիւրասէր ձկնորսների խրճիթում հանգստացել է Նունէ կոյսը, երբ գնում էր Մցխէթ։

Թափարաւանից դէպի հարաւ, գրեթէ միեւնոյն գծի վերայ գտնւում է Տուման-գեօլ լիճը, որ աւելի արեւելքից արեւմուտք է տարածուած եւ որի մակերեւոյթը հաւասար է 10 ք. վերստի։ Լիճն այսպէս կոչուելու պատճառն այն է՝ որ գրեթէ միշտ պատած է տուման-մշուշով։ Սրա անմիջապէս ափին գտնւում է Սաղամօ թիւրքաբնակ գիւղը։

Սրա մէջ թափւում է Գանձաու եւ Բոյիւկդարու (մեծ ձոր) գետերը, վերջինս սկիզբ է առնում Մոկրիա լեռներից։ Հարաւ արեւմտեան կողմից հոսում է Տումոյու ջուրը, որ դէպի արեւմուտք հոսելով անցնում է երկու Արագեալների միջից եւ Պատկանա գիւղի հանդէպ թափւում է Սաթխա գետակի մէջ։

Այս լճից էլ հարաւ դարձեալ միեւնոյն ուղղութեան վերայ գտնւում է Մատատափու լիճը համանուն լեռնաշղթայի ստորոտում։

Սրա մէջ արեւելեան կողմից թափւում են Կուրեան չայ եւ ուրիշ վտակներ։ Սրա արեւելեան ափին, Կուրեան   չայի բերանի մօտ կայ մի հին ամրոցի աւերակ, արեւմտեան ափին կից ձգւում է Աղէքսանդրապօլից Ախալքալաք տանող փոստային ճանապարհը։ Այս լիճն ամառը ճիլով, իսկ ձմեռը սառուցով պատած է լինում։

Այս լճից դէպի արեւմուտք Ախալքալաքից դէպի հարաւ գտնւում է Խանչալլի լիճը։ Սա տարածուած է հարաւ արեւելքից հիւսիս արեւմուտք, փոքր ինչ նեղանալով։ Սրա մակերեւոյթն է 16 ք. վերստ։ Ջուրը քաղցրահամ է։ Սրա մէջ թափւում եւ դուրս են գալիս փոքր եւ անանուն առուներ ու վտակներ։ Ափերն ամբողջապէս ծածկուած են երկար ճիլով, որ գործ են ածում համետներ շինելու։

Լճի արեւելեան ափին բլրակների վերայ կայ երկու ամրոցի աւերակներ, որոնցից հարաւայինը կոչվում է Սղնաղ։ Տեղացիներն ոչինչ չգիտեն այս ամրոցների մասին պատմութիւնն էլ արդէն լռում է։

Ախալքալաքի գաւառի հիւսիսային սահմանագլխում տարածւում է Տմսխուր լիճը, որ մօտաւորապէս քառանկիւնի դիրք ունի. մակերեւոյթն է 13 ք. վերստ։ Ջուրը կապտագոյն է եւ քաղցրահամ, այստեղ գտնւում է ամենալաւ գեղարքունի։

Սրա հիւսիսային մասում մի լեզուակի վերայ շինուած է Ղզըլ-քիլիսա հայաբնակ գիւղը, որ մի գեղեցիկ դիրք ունի։

Այս լիճը սրանից մի տաս տարի առաջ ամբողջովին պատկանում էր Ախալքալաքի գաւառին եւ նրանից օգտւում էին Ախալքալաքի գաւառացիներն, այժմ միայն հարաւ եւ արեւելեան մասերն են պատկանում, իսկ մնացածն իշխան Միխայէլ Աղէքսանդրովչի սեպհականութիւնն է։

Գաւառիս հարաւարեւմտեան սահմանագլխում տարածւում է Խոզտապին լիճը։ Սրա մակերեւոյթը 26 քառակ. երկարութիւնը 10 եւ լայնութիւնը՝ 2-3 վերստ է։

Ջուրը դառն աղային համ ունի եւ պարունակում է կիր, նատր, մագնեզիա, քլոր, ածխաթթու եւ ծծմբախառն թթուատ. 1000 խոր. սանտիմետր ջրի մէջ պարունակւում է 0, 8804 գրամ պինդ նիւթեր։ Ոչ մի ձուկ չկայ լճում եւ չի էլ կարող ապրել։

Լճի մէջ կայ չորս հատ փոքրիկ կղզիներ, որոնց վրայ ամառը վայրի բադերի մի ահագին բազմութիւն բներ է շինում։ Գիւղացիներն հասարակ լաստերով մօտենալով այս կղզիներին, հազարաւոր ձուեր եւ թռչուններ են տանում։ Այս լճից ոչ մի առուակ չի դուրս գալիս, չնայելով որ գարնանը շատ վտակներ են թափւում նրա մէջ։ Հաւանական է, որ անցեալում, արեւմտեան կողմից մի անցք լինէր դէպի Կուրը։ Լճի ափին կայ մի ամրոցի աւերակ։ Այժմ այս լճի միայն կէսն է պատկանում Ախալքալաքի գաւառին, միւս կէսը Արտահանինն է։

Թէեւ կան ուրիշ լճեր եւս, սակայն նրանք շատ փոքր են, մի քանիսն էլ ամառը չորանում են եւ մի առանձին նշանակութիւն չունին, այսպիսիներն են Վաչիանու, մի պղտորի լիճ, որի ջուրն Վաչիանցիք ստիպուած խմում են։ Բուղդաշէն, Արլովկա գիւղի մօտ, որից սկիզբն է առնում Սաթխա վտակը. Ալիշան, Գիւմուրդա գիւղի հարաւարեւելեան կողմը. Կանկալ, Հոկամ, Ալիշանից փոր ինչ հարաւ, միմեանց մօտ, Աբուլ, համանուն լեռների արեւմտեան կողմը, գիւղից դէպի հարաւ։ Չպլախ, Խանչալլի լճից դէպի հիւսիս։ Արնքատէր, Ալաթուման գիւղի սահմանում, բլրակների միջեւ, սա այսպէս է կոչւում, որովհետեւ մի հոտաղ մանուկ խեղտուել է մէջը։

ԿԼԻՄԱՆ

Ջաւախքի կլիման բաւականին առողջարար է եւ ինչպէս երեւում է Տորոպովի կազմած կլիմաբանական (пиретологическая) քարտեզից, տենդից ազատ սակաւաթիւ գաւառներից մինն է, որի բարեխառն կլիման, բարձր դիրքը եւ ջրի առատութիւնը բաւական արգելք են վարակիչ նիւթերի զարգացման։

Այստեղ ձմեռը ըստ պ. Րիչենկամպֆի վեցամեայ դիտողութեան այնպէս խիստ չէ, ինչպէս առհասարակ կարծւում է, միայն չափազանց ձիւն է գալիս։ Առաջին անգամ ձիւն գալիս է նոյեմբերի սկզբին, իսկ երկիրը ձիւնով ծածկւում է եւ սահնակները լծւում են Դեկտեմբերի սկզբին։ Ցերեկուայ բարեխառնութիւնը համարեա միշտ 0 է լինում եւ քիչ անգամ -2-3։ Բայց գիշերը արեւը մայր մտնելուց յետ բարեխառնութիւնը մօտ 10 աստիճան արագութեամբ իջնում է, իսկ ընդհանրապէս՝ ձմեռուայ գիշերների բարեխառնութիւնը -13 ցած հազիւ է պատահում։ Վեց տարիների ընթացքում միայն մի անգամ է իջել մինչեւ -23։ Աշունն ու աշնան վերջը չափազանց երաշտ են լինում, այնպէս որ ձիւնը նստում է չոր գետնին, մարգերում երբէք չի լինում կանաչ, որովհետեւ ցրտի եւ չորութեան պատճառով չի կարողանում բուսնիլ։ Մարտի վերջին արդէն կտրում է ձիւնը, բայց գիւղերում կանանչ դեռ երկար ժամանակ չիկարելի գտնել, որովհետեւ գարունը բաւական ցուրտ լինելով խոտի աճելուն սաստիկ արգելք է լինում։ Այստեղ խոտը աւելի կամաց է աճում, քան Մոսկուայի նահանգներում եւ մինչեւ անգամ Ղարսայ սարահարթում։ Ամբողջ գարունը եւ ամրան մի մասը մինչեւ յուլիսի կէսը, սաստիկ անձրեւային է, միայն անձրեւները երկար չեն տեղում, այլ տեղատարափ են, որից յետոյ շուտով երեւում է արեւը եւ եղանակը պարզւում։ Ամբողջ օրուայ մէջ հազիւ է պատահում ամպամած եղանակ։ Ամառն էլ գարնան չափ աննպաստ է գիւղատնտեսութեան, որովհետեւ շատ ցուրտ է եւ առաւօտները սաստիկ ցուրտ քամիներ են փչում։ Այսպիսի դաշտերի բոյսերը կարճ են, որպէս օր. կանեփը Ռուսիայինի երրորդ մասի չափ էլ չի բարձրանում։

Ախալքալաքի դաշտավայրում կան եւ աւելի ցուրտ տեղեր. օր. Դուխոբուռների բոլոր եւ Փոկա, Գանձա, Սաթխա, Մեծ-Արագեալ գիւղերն եւ ուրիշներն, որոնք 6-7000 ֆ. բարձր են ծովի մակերեւոյթից, եւ ուր օդի բարեխառնութիւնն ձմեռն իջնում է 20-30։ Րադիօնովկա գիւղում, որ գտնւում է 7000 ֆ. բարձրութեան վրայ, ամառը հացը վնասւում է ինչպէս երաշտութիւնից, այնպէս եւ առաւօտեան ցրտերից։ Այս վերջինի պատճառն այն է, որ սեւահողի մի բարակ շերտ միայն ծածկում է քարքարոտ երկիրը եւ խոնաւութեան մի մասը արագութեամբ շագիանում է. իսկ միւս մասը, հոսում է քարքարոտ երկրի միջով, ուստի եւ ցանքերը վնաուում են խոնաւութիւն չլինելու պատճառով։ Այս գիւղում ձիւնը գալիս է մինչեւ անգամ Հոկտեմբերի 15-20-ին եւ երբէք ապրիլի կիսից առաջ չի վերջանում։

Այս բարձրութիւնների վրայ ձմեռը լինում են սաստիկ եւ ձիւնախառն բքեր, որոնք բոլորովին լցնում են գիւղացիների բնակարանները, ծածկում դռներն ու պատուհանները, այնպէս որ գիւղացիներն ամբողջ շաբաթով բանդարկուած են մնում եւ կերակրւում են այն հացով, որ բարեկամները հերթիկը բանում եւ վայր են կախում։ Եթէ այս ողորմելիները կամենում են թոնիրը վառել մի տաք կերակուր պատրաստելու համար, բուքը թոյլ չի տալիս ծուխը քաշուելու եւ փչում լցնում է ամբողջ տունը, երկուստեք՝ դրսից բուքը, ներսից ծուխը՝ հալածուած, սրանք պըպըզում են տան անկիւններում, անիծելով իրենց բախտը։ Նոյնպիսի բքեր պատահում են եւ ամառը. այսպէս 1886 թուի յունիսի 20-ին Քոռողլու լերան լանջում սաստիկ բուք է բարձրանում եւ խեղդում բազմաթիւ հօտեր։

Քիրազ ամսուն էլաւ տուման,
Քոռողլիէն զարկեց բիհան,
Ջարդաւ ոչխարն չունինք գիւման.
Թարիֆդ էնեմ սեֆիլ Դաւիթ։

Նկարագրում է ժողովրդական երգը.

Բնակիչներն ամառը մինչեւ անգամ Յուլիսի կիսին չեն հանում բրդեայ հագուստներն ու ոչխարի մորթուց կարած մուշտակները։ Եւ եթէ այսպիսի համարեա՛ բեւեռային գօտու նման կլիմայում բնակիչները կարողանում են ապրել եւ բաւարար ապրուստ հոգալ, այդ պիտի գլխաւորապէս վերագրել նրանց տոկունութեան եւ երկաթի եռանդին։

Ախալքալաքի դաշտավայրի կլիմայի անյարմարութիւններից մէկն էլ այն է, որ յաճախ կարկուտ է գալիս, որից յառաջացած վնասը՝ տեղային ոստիկանութեան հաշուով՝ հասնում է մի պատկառելի թուի -200, 000 ր. ։

Ախալքալքի գաւառի Խրթըզու հովտի կլիման բոլորովին հակառակ է Ախալքալաքի կլիմային եւ բոլորովին նման Ախալցխայինին։ Այնտեղ ձմեռն օդի բարեխառնութիւնը 4, 55 º Ց. գարնանը 7, 9 º Ց. ամրանը 22, 74 º Ց. եւ աշնանը 5, 6 º Ց. Ամենասաստիկ ցուրտը, հասնում է -23º Ց. իսկ ամենատաքը 34, 9 º։

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ

Ախալքալաք  գաւառը շատ աղքատ է հանքային ջրերի կողմից, ո՛չ մի նշանաւոր ջերմուկ չկայ մի քանի տեղ միայն բղխում են հանքային ջրեր, սակայն նրանք եւս բոլորովին անխնամ են թողնուած եւ ծառայում են որպէս հասարակ լողարաններ պատահական անցորդներին ու գիւղի երիտասարդներին։

Սրանցից նշանաւորներն են։

Սարօ-ծծմբային+16º, 5 R տաքութիւն ունեցող մի աւազան է։ Խանդօյինս գետի աջ ափին մի փոքրիկ հարթութեան վերայ մի կեղտոտ աւազն է։ Ջուրը 13º, 7 R տաքութիւն ունի, մոյգ կանաչագոյն է եւ պղպըճակներ անգամ չունի։ Մօրից կարծում է թէ այս ջրի մէջ պղինձ կայ։ Նկատելի է, որ հնումն սա պատնէշ է ունեցել, որ այժմ քանդուած է աւազանն է լցուած։

Խրթըզու ճանապարհի վերայ, Պայպուրտցեանի կալուածքում, Ախալցխայի Փիտ գիւղի հանդէպ, սարի ստորոտում կայ ծծմբային 25º, 9 ջերմութեան մի աւազան, որ բոլորովին անխնամ է թողնուծ։ Այս աւազանից փոքր ինչ հիւսիս Կուրի անմիջապէս ափին կայ եւ մի ուրիշ այսպիսի աւազան։

Կարծախ գիւղում։ Խոզապին լճի մոտ կայ սառը ծծմբային ջրի աւազան, ուր բորոտները լողանում եւ բժշկւում են։

Օլդա, Կուրի աջ ափին 5-6 վերստ հեռու Մուրազվալ գիւղից, սառն թոյլ աղային ջրի աւազան է։ Զխարաբելու Զագիւրտան լերան ստորոտում 22º. 5 Ց ջերմութիւն ունի։

Մուրագվայի, համանու գիւղի մոտ, տաք ջերմուկ է։

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ախալքալաքի գաւառը գրեթէ բոլորովին զուրկ է անտառներից միայն Չըխըդջուար եւ Սամսար սարերի լանջերին կան փոքրիկ մացառներ։ Մեծ անտառներ, որոնք շինութեան փայտ մատակարարէին, պատահում են բնակիչներին քիչ մատչելի եւ Ախալցխային սահմանակից Չորերտի սարերում։ Սրանք ընդամէնը բռնում են 6740 դեսեատին տեղ։

Սակայն շատ հարուստ է եայլաներով, որոնք գլխաւորապէս տարածւում են գաւառի հարաւարեւմտեան եւ արեւելեան մասերում, եւ ուր արածում են ոչ միայն գաւառի. այլ եւ Սդնախի եւ այլ կողմերի անասունները։

Այս տեղի սրտերում ցանում են կտաւատ, գարի, ցորեն կարտոֆիլ։ Պարտեզներում պարտիզի բոյսեր՝ աւելուկ (Rumex), բազուկ (Beta), ըռհան (Ocymum), թարխուն, ծեթրոն (Serpyllum), կոտեմ, (Nasturtium), կաղամբ, համեմ, մաղատանոս, պռաս (Porrum), սամիթ (Anetum), սպանլխ, սոխ, սխտոր, վարունկ. տէրաղօթի եւ այլն։ Բայց ամենից աւելի նշանաւոր է Գեօնդուրու եւ Վաչիանու շաղկամը, որ մեծ քանակութեամբ տանում են Աղէքսանդրապօլ վաճառելու։

Դաշտերում եւ այն գլխաւորապէս Դիլիֆու լինում են հետեւեալ ծաղիկները։ Անթառամ (Helichrisum), ապրի ծաղիկ, աւելի ծաղիկ, դաւի ծաղիկ, դաւի սապոն, դեղին ծաղիկ կամ ծուծք, լորի աչք, լուի ծաղիկ (Pulicariaօ, խնկածաղիկ (Polium montanum), խորոտ, մորոտ, կակաչ (Tulipae), կոկռոշ (Ribes), կովծուծ, կուժկոտրուկ, հինա, ձնծաղիկ (Colchicum), մանուշակ, միխակ, նաւրուզ, նուզլու. շանբերան, չիգիտամ կամ Սաւղուկ (Colchicum autumnale), սոլոբուր, սուսամբար, սպիտկունք (Pyrola), տուղա (malvae), փուշ կամ գիւգում ծաղիկ, քըրքում (Crocus. Safran. ) օշօշ։

Կանաչներից եւ խոտերից նշանաւոր են. աչըղպանգ, առուսյա եօնճայ (frifolie fibrini), ատոլ, աւել, բաթաթուկ (Convolvolus liseron) բշբշուկ, բաղկուկ, գառի խոտ, գիլու փստիկ, գնձմնձուկ (Thalictrum), գոմէշ կոտրուկ, գոմշի անկաճ, դաղձ (Mentha). դանդուռ եղինջ (Urtica), զոխ, էրիժնակ, թել բանջար, թելուկ, թթխմոր, թթու թթուաշ, ժախ շկաթնուկ (Lathyrus), իշու էրիժնակ, լուի ծաղիկ (Conyza), լօշտակ, (Bryonia alba), խաթնխոտ (Polygala), խելար խրխնտուկ, խռնտատ, կծմնծուկ (Barborea), կծուկծմանի, կոճղեզ, կոպուխ, կովճակտուկ, կորնգայ (Meliltus), կրծլիկ, հոտղի փլաւ, ղանզիկ. ղառղռի հաց, ղմի, ղնճըլող, ճառճառտուկ, ճիլ, (բարակ եղեգն), ճմռուկ, ճնճղապաշար ճրճատուկ, մամուռ, մանթար, մատուկ, մռուկոտոմ, շաղկամուկ, շանթութ, շորշորդուկ, ուռվենիկ, պնտպնտուկ. իպակոտեմ. (Sium) սիպեխ (Coronupus), սիրիսիրի (եռատերեւ է, սրանով գուշակում են, թէ ո՞ր աղջկան պիտի սիրեն։ Սրանց քառատերեւը գտնողին թագնուած գանձերը կերեւին)։ Սոխուկ, սորեկ, սուտ տատրակ, տատրակ, տերեւատ, րեխ։

Խըրթըզի ձորակում եւ Մարգաստանում աճում են հետեւեալ պտղատու ծառերը.

Թթենի, ընկուզենի, կեռասենի, խնձորենի, տանձենի։

Այստեղ ցանում են ծխախոտ եւ սիմինար, որից քրդերը հաց են թխում։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ.

Ջաւախքի ֆաունան հարուստ չէ։ Դաշտերում գտնւում են բազմաթիւ արտուտիկներ եւ շահէներ, ինչպէս նաեւ կկուներ, արտերում ճնճղուկներ եւ սարեկներ։ Լճերի վրայ կան բազմաթիւ թռչուններ, իսկ լերներում նապաստակներ, աղուէսներ, գայլեր, այծեամներ եւ փոքր արջեր։

ԱԽԱԼՔԱԼԱՔ.

Թափարաւան եւ Ղըռխբուլաղ գետերը միախառնուելով մի պայտաձեւ թերակղզի են ձեւացնում, որի վրայ գտնւում են Ախալքալաք քաղաքն ու բերդը։

Բերդը կառուցուած է թերակղզու ծայրին, որի երեք կողմը ձգւում են բաւական ընդարձակ զառիվայրերի։ Այս զառիվայրերում գտնուելիս է եղել հին քաղաքը, որ այժմ բոլորովին աւերակ է։

Կիսաւեր պարսպի հետքերը ցոյց են տալիս, որ քաղաքը պարսպապատ է եղել եւ միայն արեւելեան եւ արեւմտեան ձորերն մէջ բաց արած ճանապարհներով հաղորդակցութիւն է ունեցել գաւառի հետ։

Արեւելեան պարսպի դռան վրայ դեռ մինչեւ այսօր նկատելի է Վրաց Մեսրովբեան տառերով մի համառօտ արձանագրութիւն։

Այժմ միայն երկու եկեղեցու աւրակ, հացի հորեր, ստորերկրեայ ճանապարհներ եւ զանազան տների որմեր են նշմարելի, միւսները ծածկուած են հողի տակ։ 1882 թուին, երբ արքունական շինութիւնների համար քարեր էին կրում այդ աւերակներից, պատահել են մի քարուկրեայ պատի, փորել են եւ գտել սրբատաշ քարերից շինած մի սալատակ եւ նրա տակ արդէն մի քանի գերեզմանաքարեր, խաչքարեր, մի քարէ աշտանակ, եկեղեցու դրան վերեւի մի քար եւ այլն։ Գտնուած քարերից շատերը ծածկուած են եղել հայերէն արձանագրութիւներով, որոնք վերաբերում են ԺԳ. ԺԴ եւ ԺԵ դարերին։ Դրանցից ամենահինն ունեցել է այսպիսի արձանագրութիւն. «Այս է հանգիստ Ներսէս (քահանային՞) թվ. չխգ» (1294)։ Միւս գերեզմանաքարի վրայ քանդակուած են եղել երկու մարդկանց կերպարանք, շուրջը այսպիսի արձանագրութեամբ. «Այս է հանգիստ եթէ գիտես հարազատ որ ճանաչես, եղբարք…. վռ .. աղին եւ ներքսաւղին, վերեւից՝ թվ. Պ. Ժա (1362)»։ Եկեղեցու դրան վերեւի քարի վրայ հազիւ կարդացուել է. թվ. ջ (1451)։

Քարերից մի քանիսի վրայ նկատուել է աղիւսի թանձր շերտ, զորօրինակ՝ մի կանգուն խաչքարի վրայ, որ հաւանականօրէն քահանայի գերեզմանաքար է, դժուարութեամբ կարդացուել է մի քանի հատ ու կտոր բառեր, այն է «ընկալ, կեցո, ողորմեա…. հանգուցեալ»։ Քարէ աշտանակը մօտ 7 վերշոկ բարձրութեան է եղել եւ բաւական կոշտ շինուած. խրա վրայ եւս արձանագրութեան հետքեր են երեւացել, բայց անվերծանելի են։

Այժմեան քաղաքը գտնւում է բերդի հարաւային կողմը, ուր առաջ գտնուելիս է եղել տաճկաց գերեզմանատունը։ Ընդամէնը եօթ բաւական լայն եւ կանոնաւոր փողոցներ են 1360 սաժէն երկարութեան եւ երեք սաժէն լայնութեան, որոնք կտրւում են վեց փողոցներով, որոնց երկարութիւնն է 270 սաժէն։ Փողոցներից միայն մի քանիսի երկու կողմը շինուած են մայթեր, մէջ տեղը բացի մինից, խճուղի չէ, ուստի եւ սաստիկ ցեխ է լինում։

Թէեւ ժողովուրդը փողոցներին անուն տալիս է, սակայն ոչ մի փողոցի վրայ անուն չէ գրուած։ Տները շինուած են քարից եւ արտաքուստ համարեա բոլորն սպիտակացրած են. ամբողջ քաղաքի մէջ երկու յարկանի միայն մի տուն կայ, միւսները մի յարկանի են։ Քաղաքի գրեթէ կենդրոնում գտնւում է Հայոց Ս. Խաչ եկեղեցին, որ 1856 թուին կառուցել է Կարապետ Եաղուբեանը՝ գլխաւորապէս իւր եւ մասամբ հասարակութեան դրամով։ Սա մի հասարակ շինութիւն է, առանց նոյն իսկ գմբէթի. միայն՝ մի զանգակատուն ունի։ Այժմ այս եկեղեցին ներքուստ բաւական նորոգել են։ Սրա գաւթում գտնւում են Հայոց եկեղեցական ծխական Ս. Մեսրովբեան տղայոց եւ ս. Սանդխտեան օրիորդաց երկդասեան դպրոցները։ Քաղաքի հիւսիսային ծայրում, բոլորովին առանձին, պարսպապատ գտնւում է Ռուսաց եկեղեցին, որ կառուցուած է Ստեփան Անանիկեանի աշխատութիւնով եւ բաւական օժանդակութիւնով, որի համար եւ ստացել է  առաջին քաղաքական աստիճան։ Քաղաքի հարաւային կողմն էլ մի ընդարձակ տարածութիւն պարսպապատ է արած եւ յատկացուած է Հայոց եկեղեցու համար, որ շինելու են իրենց ծախքով արժանայիշատակ Գրիգոր Կիրակոսեանի ժառանգները։ Հայոց եկեղեցուց դէպի արեւմտահիւսիս գտնւում է քաղաքային այգին, որ շինուած է 1880 թուին, երկարութիւնն է 40 ս. իսկ լայնութիւնը՝ 22 ս. եւ 1 արշին։ Այգին փայտեայ ճաղերով շրջապատուած է եւ ունի միայն մի հովանոց։ Աղբիւր եւ աւազան չունի, միայն մի ջրհորից ջրահան մեքենայով ջուր են հանում եւ ուշ ուշ ջրում սակաւաթիւ ծառերը, որոնք եւ այս պատճառով չեն աճում։

Քաղաքի զբօսավայր համարւում է եւ արեւելեան ձորը ուր գետի ափին կայ մի փոքրիկ, կիսաւեր մատուռ։ Սրա կողքին երեւացող ցոյց են տալիս, որ նրան կից եղել են եւ այլ շինութիւներ։ Սրանց մօտ սառն ջրի մի աւազան կայ, որի մէջ լուացւում են տենդով բռնուածները եւ իբր առողջանում։

Մատռան հանդէպ, գետի աջ ափին կան մի այլ մատռան հետքեր եւ նրա մօտ քարափում մի քանի այրեր, որոնցից մինը կոչւում է ճգնաւորի այր։ Ոչ մի արձանագրութիւն չկայ այդ բոլոր աւերակների վրայ։ Այս ձորի մէջ նշանաւոր է այն զօրեղ ներգործութիւնը, որ արել է  անձրեւը վայր թափուած եւ դեռ ժայռերի մէջ մնացած կարծր քարերի վրայ իւր ուժգին եւ երկարատեւ հարուածով մի տեղ ծակելով ահագին քարը, միւս տեղ փոսացնելով նրան, երրորդ եւ չորրորդ տեղ այլ եւ այլ ձեւեր տալով նրան։ Քաղաքում ոչ մի աղբիւր չկայ, միայն արեւմտեան ձորակում բղխում են երեք, իսկ արեւելեանում մի աղբիւր, որոնց ջուրը մաքուր եւ քաղցրահամ է։ Այս չորս աղբիւրը միայն ջուր են մատակարարում ամբողջ քաղաքին։ Կան նաեւ մի քանի ջրհորներ, սակայն նրանց ջուրը չեն խմում



[1]            Կորխ եւ Խըրթըզ գիւղերի մակերեւոյթի բարձրութեան տարբերութիւնը։