Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳԼՈՒԽ Ա.

Մեր նորագույն գրականութեան եւ պատմութեան տեղեակ անձանց լաւ յայտնի են այն կրօնական խլրտումները, որոնք տեղի են ունեցել Վենետկի Մխիթարեան վանքում անցեալ դարի յիսնական թուականներին, որոնց հետեւանքն եղել է չորս աչքի ընկնող միաբանների հրաժարուելն իւրեանց ուխտից եւ մտնելն իւրեանց նախկին հարազատ եկեղեցու գիրկը։

Այդ երրորդ խլրտումն էր, որ Ուխտի հաստատութեան օրից մինչեւ այդ ժամանակները պատահում էր Սեբաստացու վանքում։ Առաջինն եղել էր հէնց սկզբներում ներքին պատճառներից եւ առաջ էր բերել Մխիթարեանց երկու, առանձին միաբանութեան բաժանուելը «Վենետկի եւ Վեննայի Մխիթարեանք» [1]. երկրորդը տեղի էր ունեցել անցեալ դարի առաջին քառորդում, եւ հետեւանքն եղել էր «սիրոյ հրաւէրք»-ի անյաջող փորձը. Մխիթարեանց ձգտումը վերադառնալու Հայոց եկեղեցու գիրկը [2] ։ Մխիթարի չորս ականաոր աշակերտները, որոնք երրորդ խլրտումի ժամանակ վերադարձան Հայոց եկեղեցու գիրկը, էին՝ Սարգիս Թէոդորեանը, Գաբրիէլ Այվազեանը եւ Ամբրոսիոս ու Խորէն Գալֆայեանները։— Դոքա չորսն էլ միաժամանակ չվերադարձան, այլ առաջ, 56 թուին, վերադարձան առաջին երեքը, յետոյ արդէն, 57-ին չորրորդը։ Այդ չորս միաբանների այդպես բաժան-բաժան վերադառնալը պէտք է մեկնել այն հանգամանքով, որ թէեւ յիշեալ խլրտումները սկսուել էին վանքում, բայց բաժանման բուն գործողութիւնը պատահեց Պարիզում, որտեղ այդ ժամանակները գտնում էր Սամուէլ-Մուրատի տխրահռչակ հրիտակով հիմնուած Մուրատեան վարժարանը, որի մէջ եւ ուսուցչութեան, դաստիարակչութեան եւ վերահսկողութեան պաշտօններ էին կատարում վերոյիշեալ վարդապետներից Թէոդորեանը, Այվազեանը եւ Ամբրոսիոս Գալֆայեանը:

Վիեննացի, կոլլեջեան եւ լիբանանցի հայ պապամոլ վարդապետների անընդհատ զրպարտութիւնները Մխիթարեանց մասին, վերջապէս, հասել էին իւրեանց նպատակին, Հռովմը սկսել էր կասկածանքով նայել Մխիթարի աշակերտների գործողութիւնների վերայ, իսկ ժամանակի ընդհանրական Աբբան - Գէորգ Հիւրմիւզեանը ոչ թէ, միայն չունէր այնքան քաջութիւն ու սրտի արիութիւն, որ կարողանան պարզերես ասպարէզ դուրս գալ յայտնել ճշմարտութիւնը եւ ցրել գոռոզ Հռովմի կասկածները, այլ եւ իւր մեղմեխ ընթացքով ու բնաւորութեամբ ատելի էր դարձել մինչեւ անգամ իւր սեփական միաբաններին: Նա չշատանալով նորանով, որ մի դաւանութեան թուղթ Է հրատարակում, որի մէջ Հայոց եկեղեցին կոչում էր հերձուածողական եւ «արտաքոյ եկեղեցւոյն Հռովմայ չիք փրկութիւն» դաւանութիւնն էր ընդունում, անձամբ եւս գալիս է Պարիզ եւ բռնակալական գործողութեամբ արտաքսում է վարժարանից երեք աշխատաորներին, որոնք համակիր չէին Աբբայի հրատարակած դաւանութեան թղթին եւ որոնցից մէկի Սարգիս Թէոդորեանի անձնական աշխատանքով ձեռք էր բերուած Սամուէլ Մուրադի հրիտակով թողած գումարը եւ հիմնուած էր վարժարանը։

Պարիզում Մուրատեան վարժարանում պատահած անցքերը կամ ամենեւին չէին հասնում եւ կամ խեղաթիւրուած կերպով էին հասնում Վենետիկի Հայոց վանքը, որտեղ գտնում էր այդ ժամանակները Խորէն Գալֆայեանը, հալածանքի ենթարկուած Ամբրոսիոսի եղբայրը, իսկ երբ որ այդ անցքերի մասին գրած նամակները չէին ընկնում նորա ձեռքը, որովհետեւ Աբբայի հրամանով պատուիրած էր խիստ հսկողութիւն ունենալ նորա վերայ եւ Պարիզից նորա հասցէին եկած նամակները դնել եւ չհասցնել նորա ձեռքը Ամբրոսիոսը, վերջապես, կարողանում է կողմնակի միջոցով հասցնել եղբօր ձեռքն իւր նամակներից մեկը, որի մէջ մանրամասնաբար եւ ճշմարտօրէն նկարագրուած էին Պարիզում անցած անցքերը եւ լուսանկարչական պատկերի պարզութեամբ ներկայացրած Աբբայի կեղտոտ պատկերը, նորա բռնակալական գործողութիւնները, նորա ձգտումն արտաքսելու Հայադաւան աշակերտներին վարժարանից եւ իւրեանց մայրենի եկեղեցու, գիրկը վերադառնալու ստոյգ պատմութիւնը։

Խորէն Գալֆայեանը, որ Գալֆայեան Հայ կաթոլիկ ընտանիքից էր եւ ծնուել էր Կ. Պօլսի Բերա եւրոպական թաղում եւ ուղարկուել էր ուսում առնելու, Ս. Ղազարու վանքը, որտեղ արդէն կրօնաւորութեան սքեմ էր ընդունել նորա աւագ եղբայր Ամբրոսիոսը, այդ ժամանակներն արդեն 16-17 տարի էր ինչ վանքում, էր [3] ։ Նա եկած լինելով վանք իւր մանկութեան ամենամատաղ հասակում, այնտեղ էր սնուել ու մեծացել, այնտեղ էր ստացել իւր մտաւոր եւ բարոյական կրթութիւնը, մի խօսքով այնտեղ էր նա կազմակերպուել ու մարդ դարձել։ Նա եղել էր ընդունակ, յառաջադէմ  աշակերտ, հնազանդ, մեղմ վարքի տէր, որով եւ գրաւել էր ոչ թէ միայն իւր մեծ աորների, այլ եւ բոլոր միաբանութեան սէրն ու հարգանքի եւ ձեռնադրուել էր վարդապետ, նորա առաջ բաց էին բոլոր այն ասպարէզները, որոնց մէջ միայն կարող էր Մխիթարեան ուխտի մի միաբան հռչակուել, որովհետեւ պերճախօս քարոզիչ լինելու յատկութիւն ունէր, կրօնական գիտութիւնների մէջ ներհուն էր, լաւ հայկաբան էր, գրականութեամբ զբաղուելու հակումն ունէր եւ բանաստեղծական աւիւն։

Ստանալով իւր հարազատի նամակը, կարդալով ու երկար ու բարակ խոկալով ու վերադասու լինելով ճշմարտութեան, նա գալիս է այն եզրակացութեան, որ ինքը մաքուր խղճով այլ եւս չի կարող մնալ վանքում եւ նոյն հոգու անդորրութեամբ ծառայել ուխտի շահերին, քանի որ այդ ուխտը, հակառակ իւր համոզման ու խղճմտանքին, հակառակ մեծն Մխիթարի թողած նուիրական աւանդութ եան, ստորագրել էր այն դաւանութեան թուղթը, որի մէջ, ինչպէս վերն ասացինք, Հայ եկեղեցին հերձուածողական էր կոչուած, «արտաքոյ եկեղեցւոյն Հռովմայ չիք փրկութիւն» դաւանութիւն էր ընդունած, չէր կարող այլ եւս որդիական հնազանդութեամբ համբուրել այն Աբբայի ձեռքը, որ այնքան անգթութեամբ, անագորոյնութեամբ եւ ապօրինի գործողութեամբ այնպիսի հարուածներ էր հասցրել իւր եղբօրը եւ ուսուցիչներին, վանքի անխարդախ բարեկամներին,

Մէկ անգամ այս բոլորն իւր մտքում խոկալով ու որոշելով, նա այլեւս ոչ մի արգելքի առաջ չի կանգնում, նա ուղղակի գնում է Աբբայի սենեակը եւ պարզութեամբ ու համարձակութեամբ խնդրում է արձակել իրեն ուխտից եւ ընդունել իւր հրաժարականը, ասելով. թէ ի նկատի առնելով անցած-գնացած հանգամանքները, իւր խիղճն այլեւս չի թոյլ տալիս իրան մնալ միաբանութեան մէջ։ Աբբան այս բանի վերայ թէեւ սաստիկ զայրանում է, բայց միառժամանակ բռնելով իւր բարկութիւնը, սկսում է մեղմօրէն համոզել նորան, որ նա թողնէ իւր մտադրութիւնը, բայց յետոյ տեսնելով, որ նա հաստատ է մնում իր որոշման վերայ եւ որ ոչ մի կերպով չի կարելի կասեցնել նորան, ասպարէզ է տալիս իւր զայրոյթին եւ այլեւս թուք ու մուր, հայհոյանք չի մնում, որ չթափէ նորա գլխին: Նա իւր բարկութիւնն ու զայրոյթն այն տեղն է հասցնում, որ մինչեւ անգամ թույլ է տալիս իրան ասելու նորան այնպիսի խօսքեր, որ ամենեւին պատիւ չէին կարող բերել մի հոգեւորականի, մի ամբողջ միաբանութեան ընդհանրական աբբայի: Նա նկատելով, որ Խորէնը նորա բոլոր յամոզիչ խօսքերին, բոլոր յանդիմանութիւններին միայն մի կարճ նախադասութեամբ է պատասխանում, թէ իմ խիղճս, խղճմտանքս այլ եւս չի ներում ինձ մնալ վանքում, համարձակում է մինչեւ անգամ անպատուել եւ նորա այդ ներքին սուրբ զգացմունքը, որ ամեն մի անհատի ներքին դատավորն է. նա մոլեգնաբար գոչում է. «Փսխեմ քո այդ խղճմտանքիդ վերայ»:

Այլ այնուհետեւ ամեն բան արդ է. վճռուում է, հրամայում են տանել նորան մի առանձին խուց եւ զգուշութեամբ պահել, մինչեւ որ գնալու համար ամեն բան պատրաստուի։ Դէհ, շատ պատրաստութեան բան էլ չի լինում, որովհետեւ խլում են նորանից ամեն բան, մինչեւ իսկ նորա անձնական գոյքը, շորերը, գրքերը, թղթ երը եւ թողնում են դատարկաձեռն, կարծես թէ նա մի տնանկ, կարօտեալ եւ չքաւոր ոք լինէր եւ ոչ միաբանութեան սիրած սանը, տասնեւեօթ տարուալ աշխատաւորը։ Հապճեպով պատրաստուում է վանքի գոնդոլը եւ միաբաններից երկուսի մի վարդապետի եւ մի աշխատաւոր եղբօր ուղեկցութեամբ նորան հանում են խցից եւ գաղտագողի, որպէս զի ոչ ոք միաբաններից չտեսնէ ու չգայթակղուի, նստեցնում են նաւակը եւ տանում են քաղաք։ Այդտեղ նորան առաջնորդում են վանքի կազմարարի կրպակը եւ, Աբբայից ստացած հրամանագրի հիման վերայ, աշխատում են ձեռքից մի թուղթ առնել, որով նա վկայէր, թէ ինքն իւր յօժար կամքով է թողնում վանքը եւ որ միաբանութիւնն ամենայն պատուով ու վայելչութեամբ է ճանապարհ ձգել նորան: Բայց նա, ի հարկէ, հրաժարում է դորանից, ասելով, թէ ինքը չի կարող մի այդպիսի վկայութեան թուղթ ստորագրել, քանի որ այդ համաձայն չէ ճշմարտութեան եւ քանի որ ինքն արդէն իսկ տուել էր Աբբային մի թուղթ, որի մէջ իւր մեծաւորի այն հարցին, թէ ինչու է ուզում գնալ վանքից, գրել էր «Առ խղճի մտացս անդորրութիւն», որին վկալ էին եղել եւ Եդուարդ Հիւրմիւզեանը, Արսեն Բագրատունին եւ Պետրոս Մինասեանը:

Այնուհետեւ ուղեկից վարդապետը, որ Աբբայի գաղտնի խորհրդակիցներից մեկն է եղել, տեսնելով, որ խորամանկութեամբ չյաջողուեց նորա ձեռքից ցանկացած թուղթը կորզել, շտապում է շուտով ճանապարհ ձգել նորան, որ Խորէնի Վենետիկի բարեկամները չիմանան եւ շշուկ չբարձրանալ, որովհետեւ նա յայտնի էր մինչեւ անգամ շատերին եւ իտալացիներից: Մինչեւ իսկ անցաթուղթ հանելու համար էլ վարդապետը Խորէնին իւր հետ Տաճկաց Հիւպատոսի մօտ չի տանում, որովհետեւ վախենում է, որ չլինի թէ Հիւպատոսը հետաքրքրուի պատճառն իմանալու, այլ թողնում է նորան վանքի պտղավաճառի խանութում աշխատաւոր եղբօր հսկողութեան ներքոյ եւ ինքն անձամբ վազում է Հիւպատոսարան եւ ստանում անցաթուղթը։ Այդ միջոցում Խորէնը պատրաստելով խանութի մօտ իւր իտալացի բարեկամներից մէկին, խնդրում է նորանից հանապարհածախս եւ ստանում է, որովհետեւ չի կամենում միաբանութեան փողով կատարել իւր ճանապարհորդութիւնը. նա հագնում է եւ պտղավաճառի հին շապիկներից մէկը եւ մի բարակ վերարկու, որ նորա համար բերել էին վանքից, եւ պատրաստուում է ճանապարհ ընկնելու: Շուտով վերադառնում է վարդապետը եւ հապճեպով առնում է Խորէնին, տանում է կայարան եւ տալով նորա ձեռքն անցաթուղթն, ճանապարհ է ձգտում նորան դէպի Վենետկի սահմանագլուխը:

Համարեա՛ մերկ, քաղցած եւ ծարաւ Մխիթարեան վանքի այս պարծանք վարդապետը, որի քերթողութեան համբաւը այնքան տարածուած էր, որ մինչեւ իսկ օտար ճանապարհորդները եւս, որոնք հետաքրքրուում էին տեսնել Հայոց վանքը, հասնելով վանքի դուռը, նախապես հարցնում էին. «Կարո՞ղ ենք տեսնել հայ բանաստեղծին», որը Վենետկի պատրիարքի եւ իւր, գերապատիւ Հիւրմիւզեանի առաջ ամենայաջող կերպով աստուածաբանութեան քննութիւն էր տուել եւ գովասանական վկայական ստացել, որ իւր գիտութեամբ, կրթութեամբ միաբանների մեջ առաջիններից մէկն էր, որ իւր վարքի քաղցրութեամբ գրառել էր ոչ թէ միայն իւր միաբանների, այլ եւ օտարների սերն ու համակրութիւնը, հասնում է Վենետիկի սահմանագլուխը վշտից ու կրած տանջանքներից այնպիսի հիւանդ դրութեան մէջ, որ երեք օր ստիպուած է լինում պառկած մնալ եւ բժիշկներն արգելում են նորան շարունակել ճանապարհորդութիւնը դէպի Պարիզ։ Բժիշկները խորհուրդ են տալիս նորան մի առ ժամանակ գնալու Ռեկսարոյի հանքային ջրերը հանգստանալու, կազդուրուելու եւ յետոյ արդէն շարունակելու իւր ճանապարհը։ Նա ստիպուած է լինում լսելու նոցա խորհուրդներին եւ մի շաբաթ մնալու առողջարար ջրերում, որից յետոյ արդէն ճանապարհ է դուրս գալիս եւ հասնում է Պարիզ 1857 թուի օգոստոսի 21-ին։

Փարիզում Խորէն վարդապետն իջեւանում է իր եղբօր Ամբրոսիոսի մօսո, Հայկազեան վարժարանում, որ Սարգիս Թէոդորեանը, Գաբրիէլ Այվազեանը եւ ինքն Ամբրոսիոս վարդապետն իւրեանց Մխիթարեան ուխտից զատուելուց եւ Մուրատեան վարժարանից դուրս գալուց յետոյ հաստատել էին քաղաքի Գրէնէլ արուարձանում, ընդունելով նորա մէջ Մուրատեան վարժարանից դուրս եկած 20 հայադաւան աշակերտներին եւ Պօլսից նոր եւ ժամանած աշակերտները թուով ընդամենն եօթանասուն: Այդտեղ իսկոյն եւ եթ իւր եղբօր եւ, միւս երկու աւագ ընկերների խորհրդակցութեամբ նա կազմում է հպատակութեան թուղթ եւ ուղարկում է Պոլսի այդ ժամանակուայ Յակովբ պատրիարքին եւ նոյն 57 թուին ստանալով պատրիարքից օրհնութեան թուղթ եւ վկայական, մտնում է Հայ եկեղեցու գիրկը եւ դասւում է Հայ հոգեւորականութեան շարքն իւր վարդապետական աստիճանով [4]. Գրում է նա թուղթ եւ Հայկազեան վարժարանի Պօլսի խնամակալութեան եւ պատրիարքի ու գերագոյն ժողովի հաճութեամբ կարգում է ուսուցիչ եւ դաստիարակ վարժարանում, գործակից՝ իւր եղբօրը եւ Ս. Թէոդորեանին ու Գ. Այվազեանին։

Խորէն Գալֆայեանը, որ դեռ իւր վանքում եղած ժամանակ գրաւել էր թէ Հայերի եւ թէ Վենետկի գիտնական իտալացիների ուշադրութ իւնն իւր աստուածաբանական գիտութ իւնների, մատենագրութեան եւ լեզուագիտութեան չմտութեամբ, սա, որ դեռ Վենետկում իւր տաղաչափական գրուածներով «Հայկական քերթողի» անուն էր ստացել, Պարիզում եւ ձեռնթափ չի լինում իւր գիտական եւ գրական պարապմունքից եւ իւր պաշտօնից մնացած բոլոր ազատ ժամանակը նուիրում է գրականութեան քերթողական ճիւղին, կարդալով եւ ուսումնասիրելով ֆրանսիական բանաստեղծութեան դասական օրինակները Վիկտոր Հիւգոյի, Լամարտինի եւ միւսների գրուածները, որոնք հէնց շարադրում, երգում էին այդ ժամանակները։ Պարիզի կեանքը, ըստ ամենայնի, ունենում է նորա վերայ բարերար ազդեցութիւն, զարգացնելով նորա գրական ճաշակը, ընդլայնելով նորա մտքի հորիզոնը եւ ավելի ազատ թռիչք տալով նորա բանաստեղծական երեւակայութեան, մի բան, որ անկարելի էր Վենետիկի վանքում, սահմանափակ վանական մթնոլորտում եւ միաբանական կեանքի միապաղաղ, ձեւապաշտութեամբ կաշկանդուած կեանքում:

Ճիշտ է, նորա վանքում գրած չափաբերականներում էլ արդեն երեւում էր այն վշտահար կայծն ու աւիւնը, որ բռնում է մարդուս սրտի ամենափափուկ թելերից, որ շարժում, արտասունք է քամում մեր աչքերից եւ համակ զգացմունք է դարձնում մարդուն, մի խօսքով այն բոլորը, ինչ որ յատուկ է մի քնարերգակի, ճիշտ է, նորա վանքում գրած «Յիշատակ սիրելեաց»-ը, «Յառաջին մանուշակն» եւ միւսներն այնքան արդէն սիրելի էին դարձել հասարակութեան գրաբառագէտ դասին, որ բերանէ-բերան էին անցնում, սիրով կարդացւում ու արտասանում, բայց նորա քնարերգական քանքարը լիովին զարգացաւ միայն Պարիզում Հիւգօյի եւ Լամարտինի ազդեցութեան ներ քոյ, նամանաւանդ վերջինի, որի հետ անձամբ մօտ ծանօթ էր նա եւ որի հետեւողն ու խոնարհ աշակերտն եղաւ նա իւր գրական կեանքի բոլոր ընթացքում։

Խորէն վարդապետը մնում է Պարիզում միայն մինչեւ 1859 թուականը, որովհետեւ Հայկազեան վարժարանը, որ բնակարան եւ ապրելու միջոց էր տալիս նորան, այդ թուականին փակւում է։ Այնքան մեծ դժուարութեսոմը բացուած եւ երեք տարի մեծ զոհաբերութեամբ պահպանուած դպրոցի զոհ է գնում Մխիթարեանց ատելութեան եւ նիւթական անապատով դրութեան։

Մխիթարեանք, որոնք Հայկազեան վարժարանի գոյութիւնը մեծ վնաս էին համարում իւրեանց շահերին, մի կողմից աշխատում են ձգել զատուած, կաթոլիկութեան գրկից դուրս եկած վարդապետների, վարժարանի գլխաւոր ղեկավարների, վարկը հայ ժողովրդի առաջ, համբաւ հանելով, թէ նոքա իւրեանց վատ վարքի համար արտաքսուած են վանքից, թէ նոքա կեղծում են, ձեւանում են միայն հայադաւան՝ միամիտներին խաբելու եւ կաթոլիկութեան թակարդը ձգելու համար, միւս կողմից էլ գործ են դնում ամեն միջոց լինելու. Վատիկանը եւ պապի գլխաւոր ծիրանաւոր Բառնաբոյին վարժարանի եւ նորա ղեկավարների դէմ եւ նոցա միջոցով ֆրանսիական կառավարութիւնը դրդելու փակել դպրոցը։ Ճիշտ է, այդ կողմից նոցա գործ դրած բոլոր հնարները հետեւանք չեն ունենում եւ դպրոցը հաստատուն է մնում, առաջ դրուելով մի ոմն ֆրանսիացի Դիւֆլօյի հսկողութեան ներքոյ, յետոյ ազգային պատրիարքարանի միջնորդութեամբ եւ Օսմանեան դեսպանի ձեռքով ճանաչել տալով տէրութեան դպրոցի, իբրեւ հայ հաստատութեան, գոյութիւնը, բայց միւս կողմից այդ բոլորը մեծ ազդեցութիւն է ունենում դպրոցի նիւթական դրութեան վերայ, զրկելով նորան ժողովրդի առատ նուիրաբերութիւնից եւ համակրութիւնից։ Առանց այն էլ հայ հարուստները, որոնք առաջին ժամանակները շտապել էին իւրեանց զաւակներին վարժարան ուղարկել առատ-առատ թոշակներ էին կապել եւ դպրոցի պահպանութեան համար մի խնամակալութիւն հաստատել Պոլսում, ըստ իւրեանց բնատուր յատկութեան շուտ ոգեւորուելու եւ սկզբից մի բանի տաք-տաք կպչելու եւ շուտ էլ սառելու ու ձեռնարկած գործից ձեռնթափ լինելու, սկսել էին թուլանալ, թոշակները ճշտապահութեամբ չուղարկել, իւրեանց զաւակներին հետզհետէ առնել դպրոցից, Մխիթարեանց վերոյիշեալ գործողութիւններն էլ վերջին հարուածն են հասցնում վարժարանին:

Վարդապետներն իւրեանց ձեռքից եկած ամեն միջոցները գործ են դնում վարժարանը պահպանելու, նորա նիւթականն ապահովելու, Գ. Այվազեան դեռ 1857 թուի Մայիսին գնում է Ռուսաստան այնտեղ մի դպրոց հիմնելու նպատակով, որ պիտի ծառայէր իբրեւ նախակրթարան Հայկազեան վարժարանի համար եւ միշտ թոշակաւոր աշակերտների մի որոշեալ կոնտինգենտ տար նորան, եւ ճանապարհին հանդիպում է Պօլիս եւ համոզում է ամիրաներին, էֆենդիներին օգնելու, դպրոցին եւ ապառիկ թոշակներն ուղարկելու. Ս. Թէոդորեանն անձամբ գնում է Պոլիս եւ այնտեղից էլ նորընտիր Մատթէոս կաթուղիկոսի հետ ճանապարհորդում է Ս. Էջմիածին, յուսալով, որ երջանկայիշատակ վեհափառը միջոց կտայ դպրոցը պահելու: Ամբրոսիոս վարդապետն յութ աշակերտ հետն առած գնում է Պօլիս նոյն նպատակով։ Բայց ոչինչ չի օգնում։ Պատրիարքարանը կարգադրութիւն է անում Պարիզաբնակ Կռճիկեանին աշակերտներին արձակելու, դպրոցը փակելու, շէնքը եւ կահ-կարասիքը ծախելու եւ դպրոցի անհրաժեշտ պարտքերը հոգալու:

Խորէն Գալֆայեանը տեղափոխում է Թէոդոսիա, որտեղ այդ ժամանակները Գ. Այվազեանը Ռուսաց տէրութեան հաճութեամբ, Նոր Նախիջեւանցի Յարութիւն աղա Խալիբեանի նիւթական ձեռնտուութեամբ եւ Նոր-Նախիջեւանի եկեղեցիների փողերով բաց էր արել յայտնի «Խալիբեան դպրոց»-ը, տպարան էր հաստատել եւ ձեռնարկել շարունակելու Պարիզի «Մասեաց աղաւնի» ամսագիրն երեք զատ զատ հրատարակութեամբ Հայերէն, Ռուսերէն եւ Հայերեն-Ռուսերէնս Այվազեանին դպրոցի ուսումնական մասը եւ «Մասեաց աղաւնի» թերթի հրատարակութեան գործն առաջ տանելու համար բնականապէս հարկաւոր էին օգնականներ իբրեւ հայկական եւ կրօնական առարկաների դասատուներ եւ ամսագրի աշխատակիցներ: Եւ ապա հէնց այդ պաշտօնների համար նա, նախ, պահում է իւր մօտ Ամբրոսիոսին, որ 1857 թուին Պօլսից հանդիպել էր Թէոդոսիս, եւ, երկրորդ, Պարիզից հրաւիրում է Խորէնին։ Այդտեղ Թէոդոսիայում եւս, ինչպէս Պարիզում, Խորէնը դաստիարակչութեան պաշտօն է վարում դպրոցում, գրականութեամբ է պարապում եւ առհասարակ այնպիսի ազատ կեանք է վարում, ինչպիսին վարում էր Պարիզում, առանց ի նկատի առնելու, որ Պարիզի ու Թէոդոսիայի մէջ մեծ տարբերութիւն կայ եւ կեանքի այն եղանակը, որին նա ընտելացել էր Ֆրանսիոյ մայրաքաղաքում, չէր համապատասխանիլ Ղրիմի թերակղզու մի յետ ընկած քաղաքի կեանքին։

Պէտք է առհասարակ նկատել, որ Պարիզն ունենալով Խորէնի գրական ճաշակի ու զարգացման վերայ բարերար ազդեցութիւն, նոյն ժամանակ ունեցել էր նորա կեանքի, իբրեւ վարդապետի կեանքի վերայ կորստական ազդեցութիւն, նա ընտելացել էր աշխարհային կեանքին եւ կրօնաւորական կեանքին յատուկ խստակեցութիւնը, ժուժկալութիւնը մի կողմ դրել: Նա այնտեղ ե՛ւ աշխարհականի շոր էր հագնում, ե՛ւ նուագում էր, ե՛ւ սալօններում լինում, ե՛ւ կանանց ու օրիորդների շրջաններում պտտում եւ թատրոն յաճախում։ Յայտնի բան է, քանի որ նա Պարիզումն էր, այդ բոլորը նորան այնպես չէր վնասում, այնտեղ չկար հայ ծուխ, որ գայթակղուէր իւր վարդապետի վարած կեանքից: Սակայն այլ բան էր Թէոդոսիան, որտեղ թէեւ փոքրաթիւ, բայց այնուամենայնիւ կար հայ ծուխ հայկական հին նահապետական, պահպանողական ուղղութեամբ, պահանջող, խօսող եւ իւր հոգեւորականների բարի օրինակներից խրատուող չար օրինակներից գայթակղուող։ Կուսակրօնութիւնը մեր դարում որքան եւ փոխած լինի իւր բնաւորութիւնը, իր կեանքի տարազը, ժողովրդի հայեացքն էլ մեր օրերում որքան եւ փոփոխուած, մեղմացած լինի կուսակրօնների վերաբերմամբ, այնուամենայնիւ նա, այսինքն կուսակրօն կեանքը դարձեալ մեր ժողովրդի համար հին ճգնուորական կեանքի շարունակութիւնն է, եւ մեր վարդապետները բոլորովին զատուել, անջատուել նորանից չեն կարող։ Մեր ժողովուրդն այժմ չի պահանջում, որ վարդապետը միշտ վանքում փակուած մնայ, բոլոր ժամանակ աղօթք անէ եւ կանանց երես չտեսնէ, հասարակութեան մէջ չլինի, բայց պահանջում է, որ նա աշխարհական վայելքների յետեւից չընկնի, եկեղեցի յաճախէ, պասը, առանց յարգելի պատճառի, չլուծէ, թատրոն չերթայ, աղմուկից հեռու կենայ, ժուժկալութեան ուխտը հաստատ պահէ, եւ այլն եւ այլն: Խորէնի համար դժուար էր այդ տեսակ պայմանների հնազանդել, այդպիսի կեանք վարել, եւ Թէոդոսիոյ հայ ժողովուրդն ու Խալիպեան դպրոցի աշակերտները գայթակղւում էին։

Խորէն վարդապետը շատ առաւելութիւններ ունէր։ Նա ընդհանրապես շատ ընդունակ մարդ էր, նա լաւ հայկաբան էր, լեզուներ գիտէր, պերճախօս էր, տաղաչափական քանքար ունէր, նուրբ ճաշակի տէր էր, երաժշտասէր էր, բայց կուսակրօն հոգեւորական չէր բառիս անձուկ մտքով. նա ծնուած էր աշխարհի համար, բայց հոգեւորականութեան սքեմ էր ընդունել, կուսակրօնութեան ասպարէզն ընտրել իւր համար։ Այդ մի մեծ սխալ էր, որ նորա ամբողջ կեանքը թունաւորեց եւ, գուցե, հենց արգելք եղաւ նորան անելու այն, գործելու այնպէս, ինչպէս զօրում էր նորա բնատուր ձիրքը։ Սակայն դորանում նա մեղաւոր չէր. նորա հայրը, Գէորգ Գալֆայեանը իւր որդուն նորա ամենամատաղ հասակում ուղարկել էր Մխիթարեան վանք, որ նորան դաստիարակել, կրթել էր կրօնական ուղղութեամբ. ութ-ինը տարեկան մանուկն ի՞նչ գիտէ, ի՞նչ է ճանաչում, որ կարողանալ հաշիւ տեսնել իւր ներքին զգացմունքների հետ, որ կարողանալ իւր ներքին կոչումին, իր ներքին հակումներին համապատասխան կեանքի ճանապարհ ընտրել: Մեզ կարող են, իհարկէ, ասել, թէ ճիշտ է, նա քանի որ մանուկ էր, չէր կարող այդ անել, բայց երբ որ մեծացաւ եւ հասկացաւ կեանքի չարն ու բարին, սեւն ու սպիտակը, այդ արդէն հեշտ էր նրան անել, այդ արդէն պէտք է նա անէր: Այո, բայց չպետք է մոռանալ այն, որ մարդուս կեանքում սովորութիւնը, դաստիարակութիւնը եւ ստացած կրթութիւնը շատ ու շատ մեծ դեր են խաղում Մինչեւ որ մարդս խելքի է գալիս, ինքն իրեն կատարելապէս ճանաչում է արդէն, ստացած դաստիարակութեան ու կրթութեան ազդեցության ներքոյ, երկար տարիների ընթացքում վարած կեանքի եղանակին ընտելացած լինելու հանգամանքում, շատ դժուար է լինում եմ կոտրել իրեն, թօթափել ոտից փոշին եւ ուրիշ ասպարէզ ընտրել: Թող բնութիւնը բողոքէ, երկարամեայ սովորութիւնը բնութիւն է դառնում, թող մարմինը, անձն ապստամբէ, - նա պատրաստ է ծածուկ, գաղտագողի իւր հաճոյքները կատարել, քան թէ կեանքը փոխել. չէ որ նա արդեն պատրաստուել է այդ կեանքի համար, միթէ հեշտ է հինը թողնելը եւ մի ուրիշ նոր ասպարիզի համար պատրաստուել։

Խորէնը փափուկ, վերին աստիճանի մեղմ, կանացի բնաւորութիւն է ունեցել նորա դէմքի գծագրութիւնն էլ նուրբ ու գեղեցիկ է եղել. նա դեռ մանկութիւնից հակումն է ցույց տալիս եղել կանանց պէս պճնուելու, զարդարուելուն, ունեցել է նազելի շարժմունք, քաղցր ելեւէջներով խօսելու յատկութիւն, ամենքի մէջ երեւելու, ամենքի ուշադրութիւնն իւր վերայ դարձնելու ձգտումն իզուր չէ, որ մեր տաղանդաւոր երգիծաբան Յակովբ Պարոնեանն իւր «Ազգային ջոջեր»-ի մէջ մի տեղ խօսելով մանուկ Խորէնի Վենետիկ գնալու մասին ասում է. «Երբ Վենետիկ հասաւ Խորէն եւ վանահօր ներկայացաւ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, յայտնեց թէ անկարելի էր զայն դպրոցի մէջ առնել, որովհետեւ, աւելցուց, վանքին տրամադրած օրէնքներուն հակառակ էր իգական սեռէն աշակերտ ընդունելը։ Մեծ դժուարութիւն կրեցին համոզելու համար վանահայրն թէ աղջիկ չէր իրեն ներկայացողը»:

Խորէնի Թէոդոսիայում վարած կեանքի մասին Խալիբեան դպրոցի ժամանակակից աշակերտներից մէկը մեզ հետեւեալն է պատմել. «Խորէնը, որ ընդհանուր դաստիարակի կամ տեսչի պաշտօն էր վարում դպրոցում, երկու հազարի չափ ռոճիկ էր ստանում եւ փառաւոր կեանք վարում, ցերեկները միշտ զբաղուած էր լինում դպրոցում, իսկ գիշերներն ուշ ժամանակ անպատճառ իջնում էր քաղաք: Այդ գիտէին դպրոցում շատերի, գիտէին մեծ աշակերտները, գիտէին եւ քաղաքացիք։ Գաբրիէլ վարդապետը, որ տեսչի կատարած ի թիւս ուրիշ շատ գայթակղեցուցիչ գործողութիւնների, լսել էր եւ այդ հանգամանքի մասին, կամ մնալով անձամբ հաւաստիանալ վարդապետի յաճախ դպրոցից գիշերները բացակայելու մասին, հրամայում է իրան իմաց տալ, երբ Խորէնը մէկ անգամ էլ գիշերը քաղաք երթայ։ Պատուէր ընդունողները ճշտութեամբ կատարում են վերատեսչի հրամանը եւ ժամանակին ամեն բան տեղն ու տեղը յայտնում են նորան։ Նա գալիս է դպրոց, ստուգում է իրողութիւնը եւ վճռում է մէկ անգամ ընդ միշտ վերջ դնել այդ գայթակղութիւններին: Առաւօտը շատ կանուխ, երբ Խորէնը վերադառնում է քաղաքից, արդէն կառքը դպրոցի դրան առաջ պատրաստ կանգնած է լինում եւ նորան իւր իրեղէններրով տեղափոխում է նաւահանգիստը, որտեղից այդ օրը շոգենաւ է մեկնելիս լինում դէպի Սեւ ծովի նաւահանգիստները եւ Բոսֆոր:



[1]     Այդ առաջին խլրտումի մասին տես Ս. Թէոդորեանի «Պատմութիւն Մուրատեան վարժարանի վերջին կցած Մխիթարեան վանքի ընդհանրական աբբաների Համառօտ պատմութիւնը Ս. Մելքոնեանի, երկրորդ աբբայի պատմութիւնը։

[2]     Սեբաստացու վանքում պատահած այդ երկրորդ խլրտումի մասին տես «Պատմութիւն Հայոց» Աւետիս վարժապետ Բերբերեանի, էջ 112 –171։

[3]     Մենք մեր ձեռքի տակ ունեցած նիւթերի մեջ թէեւ, չը կարողացանք գտնել Խորէն Գալֆայեանի ծննդեան ստոյգ թուականը, բայց ի նկատի առնելով, որ նա 1867 թուին, երբ կատարւում է նորա վերադարձը մայրենի եկեղեցու գիրկը, արդէն 18 տարի էր ինչ ս. Ղազարու վանքումն էր եւ ընդունելով, որ նա ուղարկուած էր վանք իւր ամենամատաղ 8—9 տարեկան հասակում, շատ էլ սխալուած չենք լինիլ, եւ ասենք, որ Նա ծնուած պէտք է լինի մօտաւորապէս 1831-3 2 թուին։

[4]     Խորէնն իւր «վերադարձի» մասին շատանում է միայն Պօլսի սրբազան Պատրիարքին գրելով եւ նորա հաւանութիւնն ու օրհնութիւնը ստանալով, որովհետեւ դորանից մի քանի ամիս առաջ 1857 թուի Փետրուարի 13-ին վախճանել էր Ներսէս Ե. կաթուղիկոսը եւ դեռ չէր ընտրուել երջանկայիշատակ Մատթէոսը: