Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի Աղցմիքը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Դ.

Խորէն Գալֆայեանը դեռ մինչեւ իւր Պարիզ գալը տեսած է եղել Լամարտինին, նա դեռ մինչեւ 1858-59 թուականները ծանօթ է եղել նորա հետ Նա տեսած է եղել նորան դեռ իւր մանկութեան ժամանակ, ներկայ գտնուելով Բոսֆորի նաւահանգստում բազմամբոխ ժողովրդի հետ միասին, որ խռնուել էր այդ տեղ Լամարտինին ճանապարհ ձգելու համար, որ վերադառնում էր այդ ժամանակ իւր արեւ ելեան ճանապարհորդութիւնից: Այդ մասին մենք տեղեկութիւն ունինք այն ընծայական ոտանաւորից, որ Խորէնը դրել է իւր դաշնակների թարգմանութեան սկզբում առաջաբանի, հօրը նուիրած ոտանավորի եւ Լամարտինի վերոյիշեալ երկու նամակի հետ միասին,

Յայգոյն ի ծայրս տալ, էր երբեմն, ես յիշեմ,

Գաղղիադրօշ նա ի Պոսփոր գընայր դէմ.

Ոք պարմանի կացեալ ի խելսն անդ ի վեր,

Զաչս ընդ ափունս եւ ընդ երկին բաժանէր,

Եւ աջն ի լանջ՝ ճընշէր ըզտրոփըս սըրտին.

Նաւն այն, անժոյժ ի դարձ՝ էր քոյդ, Լամարթին։

Խուռն անդ ամբոխ յեզերսն հոծեալ դալարիս,

Մաղթէր քեզ հողմն աջող յափունս հայրենիս,

Մանուկ, ես զայն խընդրէի վեհ ուղեւոր,

Զոր եռանդուն ձայն ողջունէր բիւրաւոր...

Մինչեւ ծածկել առագաստին իւր յաչաց

Եւ իմ բերան զանուն իւր մեծ թօթովեաց:

Թէեւ դոյն ընծայականի մէջ Խորէնն ասում է, որ հէնց այդ օրից Լամարտինի երգերը, որոնք այդ ժամանակները յուզում էին բոլոր կարդացող աշխարհը, ձգել են նորա սրտի խորքը մի տեսակ զմայլումն եւ նա սկսել է «ոգել» նորա տաղերը, սիրել է նորան, աշակերտ է գրուել նորան, բայց մենք այդ միայն բանաստեղծական չափազանցութիւն ենք համարում։ Խորէն մանուկը ներկայ գտնուելով մեծ բանաստեղծին ճանապարհ ձգելու հանդիսին, տեսնելով այն մեծ յարգանքը, որ խռնուած ամբոխը մատուցանում էր «պարմանի» ճանապարհորդին, լսելով այն գովասանքները, որոնք ուղղւում էին բազմաթիւ ժողովրդի բերանից այն օտարականի հասցէին, անկասկած, ինքն էլ կարող էր հետեւել միւսների օրինակին եւ իւր մանկական օվսաննան էլ խառնել միւսների կեցցէների հետ եւ ցանկանալ Լամարտինի պէս մեծ մարդ դառնալ եւ, մի օր նմանել նորան, բայց որ նա այդ գիտակցաբար անէր, որ կարողանար զգալ նոր երգերի քաղցրութիւնը եւ զմայլել եւ, որ գլխաորն է, «ոգել» նորա տաղերը եւ, ցանկալ աշակերտ գրուել նորան, այդ անկարելի է, որովհետեւ այն ժամանակ նա դորա համար դեռ շատ մանուկ է եղել։

Գալֆայեանը գիտակցաբար ծանօթացել է Լամարտինի հետ իւր Մխիթարեան ուխտի մէջ եղած ժամանակ, երբ նա Ուխտի դպրոցում աշակերտ է եղել, երբ նա աւարտելով իւր ուսման ընթացքը, վարդապետ է ձեռնադրուել եւ ուխտի միաբանների շարքն անցել, երբ նա, վերջապէս, սկսել է գիտակցաբար կարդալ եւ ինքն էլ բանաստեղծութիւններ յօրինել։ Թէեւ Մխիթարեան վանքը գտնուելով Վենետիկի ծոցի կղզեակներից մեկի վերայ, կտրուած էր ոչ թէ միայն Եւրոպայից , այլ եւ մինչեւ անգամ եւ Վենետիկ քաղաքից, թէեւ Մխիթարեան ուխտն իբրեւ կաթոլիկ վանական միաբանութիւն չէր մասնակցել Եւրոպայում տեղի ունեցած քաղաքական եւ մտաւոր յեղափոխութիւններին, թէեւ, վերջապէս, Ս. Ղազարու ուխտի աբբաները խիստ աչալրջութեամբ էին հսկել ու հսկում էին, որ կաթոլիկ եկեղեցու շահերը շօշափող, սրբազան աւանդութիւնները խախտող, պապի իշխանութիւնը նուաստացնող եւ առհասարակ մեծ յեղափոխութեան արդիւնքը կազմող ոչ մի հանգամանք, ոչ մի վտանգաւոր գիրք ու հեղինակութիւն մուտք չգործեն կղզեակը, բայց այնուամենայնիւ կատարուած եւ կատարուող յեղափոխութեան արձագանքները հասնում էին, թէեւ շատ թոյլ կերպով, եւ այդ հայ վարդապետների խաղաղ բնակարանը հայտնի բան է, միաբանները չէին կարողանում արձակ կարդալ յեղափոխութեան հեղինակների ամենաթունդ գրուածները, դժուարութեամբ էին ձեռք բերում Վոլտերի եւ Ռուսօյի գրուածները եւ շարունակում էին իւրեանց միտքն ու հոգին պարարել միջնադարեան կաթոլիկ եկեղեցու հայրերի գրուածներով՝ Ալբերտի աստուածաբանութեամբ, Թովմա Գեմբացու միստիքականութեամբ, Բօսուեթի քարոզներով, բայց նոքա իսպառ էլ անմասն չէին մնում Եվրոպայի ժամանակակից հեղինակների գրուածներից: Նոքա կարդում էին ֆրանսիական, անգլիական եւ իտալական չափաւոր հեղինակներին, նոցա ձեռքին պտտում էին գլխաւորապէս ռեստավրասիօնի հեղինակների գրուածները, որոնց ընթերցանութիւնը թէեւ չէր խրախուսուում, բայց չէր էլ արգելում։ Նոքա մեծ սիրով ու եռանդով կարդում էին Հիւգօյի եւ Լամարտինի գրուածները, որոնք, մանաւանդ Լամարտինի գրուածները, իւրեանց պահպանողական գաղափարներով եւ կրօնական զանգուածով շատ յարմարուում էին նոցա կրօնական կրթութեամբ տոգորուած գրասիրական ճաշակին:

Խորէնը, որ ինչպես ասել ենք, օժտուած էր նուրբ զգացմունքով եւ փափուկ, կանացի բնաւորութեամբ , որ իւր սրտի խորքերում թագուցանում էր այն վիշտն ու թախիծը, այն անհատականութիւն արտայայտելու հակումն, որ յատուկ է ռոմանտիք հեղինակներին եւ որ, վերջապէս, ինքն էլ արդեն սկսել էր բանաստեղծութիւններ գրել եւ նոցա մէջ իւր սրտի զեղմունքն արտայայտել, յափշտակուում էր Հիւգօյի դրուածներից եւ կատարելապես սիրահար է դառնում Լամարտինին, որին շատ նմանում էր իր բնական խառնուածքով, իւր խոտերով եւ իւր քնարի վշտաբար թելերով։ Նա արդէն կարդացել էր Կոռնեյլը եւ թարգմանել էր նորա «Պողիկտոսից» մի կտոր, կարդացել էր Լըվավասէօրը եւ թարգմանել էր նորա «Թշուառութիւն մարդկան» ոտանաւորը, կարդացել էր Շեքսպիրը եւ թարգմանել էր նորա «Յուլիոս Կեսարից» մի հատուած, կարդացել էր Բայրոնը եւ թարգմանել էր նորա «Չայլդ Հարոլդից» մի կտոր, վերջապես, նա արդէն կարդացել էր Ժիւբէրը, Անդրէաս Շէնէօ, ՄԷտաստազօ եւ Դէբարօ եւ դոցա հետեւողութեամբ յօրինել էր իւր «ի սուրբ Դաւիթ Դունեցի» ու «Առ Յորդանան» չոր, արուեստական չափաբերականները, երբ կարդում է Վիկտոր Հիւգօյի ոգեւորուած երգերը եւ Լամարտինի սրտաբուխ «խորհրդածութիւնները» ու քաղցը, խորհրդաւոր «դաշնակները», եւ մի կողմ թողնելով միւսները, սկսում է թարգմանել ու ուսումնասիրել միայն դոցա, նամանաւանդ Լամարտինին, որի «Հառմոնեաները» մեծ ազդեցութիւն են անում նորա վշտահար, թախծալից, կրօնական ուղղութեամբ զարգացած հոգու վերայ։ 1854 թուին նա թարգմանում է Հիւգօյի « Մանուկ յորրանի» եւ «Գերդաստան» երգերը, յաջորդ 55 թուին թարգմանում է Լամարտինի երկու գեղեցիկ դաշնակը՝ «Բնութիւն կամ Մեծութիւն մարդոյ» եւ «Տաղ գիշերոյ», իսկ 54-57 թուականների ընթացքում նա յօրինում է մի շարք ինքնուրոյն տաղեր ու երգեր, որոնք թէեւ ընդհանրապէս չոր ու ցամաք, արուեստական, հայկական սովորական ախ ու վախով լցուած չափաբերականներ են, բայց արդէն իւրեանց գրութեան եղանակով, բովանդակութեամբ եւ հիմնական գաղափարով ռոմանտիզմի նշոյլներ են պարունակում իւրեանց մէջ եւ տեղ-տեղ յիշեցնում են կամ, լաւ է ասել, նմանութիւն են տալիս Հիւգօյի եւ Լամարտինի քնարի մօտիւներին։ Մի քանիսը, ինչպէս օրինակ, «Յիշատակ սիրելեաց»-ը եւ «Յառաջին մանուշակն» մինչեւ իսկ, կարծես, տաք զգացմունքի պես մի բան են պարունակում իւրեանց մէջ, կարծես թէ ձգտում են սրտառուչ լինել եւ դուրս գալ հայկական շաբլոնականութեան սահմանից, բայց դժբաղդաբար հեղինակի այդ դողդոջուն, այդ անվստահ սրտի բերմունքն էլ կորչում է գրաբառի խրթնաբանութեան մէջ [1] ։

Լամարտինի «Հառմոնեաների» ազդեցութիւնն այնքան մեծ, այնքան զօրեղ է լինում Խորէնի վրայ, որ նա, երբ ժամանում է Պարիզ եւ անձամբ առիթ է ունենում ծանոթանալու մեծ բանաստեղծի հետ, արդէն չի շատանում իր նորանից արած հատ ու կտոր թարգմանութեամբ, այլ ձեռնարկում է թարգմանելու տմբողջասլէս բոլոր տառմոնեաները Լամարտինի այդ գրուածքի թարգմանութեան դժուար գործին ձեռնարկելու հանգամանքն ինքը Խորէնն իւր թարգմանութեան լառաջարանում երկու տեսակ է մեկնում։ Նա, նախ, կամեցել է դորանով կատարել իւր բարեկամների ցանկութիւնը, իւր բարեկամների, որոնք կարդացած լինելով ֆրանսիացի բանաստեղծի այդ նշանաւոր երկից նորա ձեռքով արուած մի քանի հառմոնեաների թարգմանութիւնը, քանիցս խնդրել, թախանձել էին, որ նա ձեռնարկէ ամբողջ գործի թարգմանութեան. երկրորդ, նա դորանով կամեցել է իր երախտագիտութեան պարտքը հատուցանել Լամարտինին, որ նորան Պարիզում այնքան սիրով ընդունել, փայփայել եւ մինչեւ իսկ խրախուսել էր նորա գրելու, թարգմանելու ձգտումները, Բացի այդ երկու գլխաւոր պատճառներից, Խորէնն ունեցել է, ինչպես երեւում է նոյն առաջաբանից, եւ ուրիշ երկրորդական պատոճառներ: Նա կամ եկել է արեւելցիներից ինքն առաջինը լինել եւ իւր միջոցով էլ Հայոց ազգը եւ լեզուն առաջինը հանդիսացնել բոլոր արեւելեան «սզգերի մէջ այն հեղինակի գլխաոր երկերից մէկը թարգմանելու գործում, որ իւր բոլոր կեանքի ընթացքում այնպիսի բուռն սիրով սիրել էր արեւելքը եւ այնքան եռանդով իւր մեծ հանճարը նուիրել էր նորան, որ հազիւ թէ Արեւելքը մէկ օր կարողանար նորա երախտիքի տակից դուրս գալ։

Մի քննական հայեացք ձգելը հանգուցեալի մէջ բերած այդ պատճառների ու շարժառիթների վերայ բաւական է, որ համոզուենք, թէ այդ բոլոր շարժառիթներից միայն մէկն է իսկապես գոյութիւն ունեցել, նորա անձնական սէրը դէպի Լամարտինի երկերն ընդհանրապէս եւ դէպի նորա «Հառմոնեաները» մասնաւորապէս, իսկ մնացեալ պատճառներն ոչ այլ ինչ են, եթէ ոչ իր անձնական, իւր անհատական հակումը հասարակաց օգտի պատրուակի տակ ծածկելու, ցանկութիւն ու ձգտումն: Եւ ճշմարիտ, Խորէնն, անկասկած, այնքան միամիտ չէր, որ կարծէր, թէ Հայոց ազգը դեռ 1859 թուին կարօտութիւն ունէր Լամարտինի գրուածներին եւ թէ գրաբառ թարգմանելով ու տալով ազգի ձեռքը Հառմոնեաների պէս մի, ճիշտ է, գեղեցիկ, բայց բոլորովին վերացական եւ դժուարամարս գրուածք, համարէր, թէ դորանով ազգին մեծ օգուտ է տալիս, նոյնպէս նա այնքան անգէտ չի եղել իւր հռչակաւոր բարեկամի կեանքի ու գործունէութեան հանգամանքներին, որ չիմանար, թէ Լամարտինն իսկապէս ոչինչ էլ չի արել արեւելքի համար եւ արեւելքը ոչնչով իսկ երախտապարտ չէ նորան։ Լամարտինը, ինչպէս յայտնի է, առաջ դեսպանի օգնականի պաշտօն է կատարել Նէապոլում, յետոյ մի կարճ ժամանակ Բուրբոնների վերահաստատուելու միջոցում մուշկատիր է եղել, այնուհետեւ նա ամբողջ տաս տարի հոգեւոր է եղել ու հասարակաց գործերով զբաղուել, մի երկու ամիս էլ ամբողջ Ֆրանսիան է կառավարել եւ, վերջապէս, միւս բոլոր իւր ազատ ժամանակը նուիրել է հայրենի գրականութեան, հեղինակել, շարադրել է եւ ծառայել է իւր հայրենիքին ըստ չափու կարողութեան։

Եթէ Խորէնը խօսելով Լամարտինի արեւելքի վերայ ունեցած երախտիքի մասին, ակնարկում է նորան դէպի արեւելք կատարած ճանապարհորդութեան եւ դորա նկարագրութեան վերայ, մենք արդէն համառօտապէս ցոյց տուինք, թէ ինչ արժեք ունի բուն գիտնական աշխարհի եւ արեւելքի օգտի տեսակէտից նորա այդ ճանապարհորդութիւնը։ Կրկնում ենք, Լամարտինի «Արեւելեան ճանապարհորդութիւնը» ընթերցողներին ծանօթացնում է ավելի իւր, Լամարտինի անձի հետ, քան թէ արեւելքի։ Վերջապէս, եթէ հանգուցեալ եպիսկոպոսը Լամարտինի ճանապարհորդութեան մասին, այդ քան մեծ համարմունք ունէր, աւելի նպատակարարմար չէր լինիլ, որ նա հէնց նորա այդ «ճանապարհորդութիւնը» թարգմանէր։ Մենք կարծում ենք, որ յամենայն դեպս այդ աւելի հետաքրքրական կլինէր հայերի համար, ավելի շահեկան կլինէր եւ նոյն իսկ աւելի կծառայեր Ֆրանսիայի բանաստեղծի անուան հռչակը տարածելու, ընդհանրացնելու արեւելքում, քան թէ «Հառմոնեաները», որ եթէ մինչեւ անգամ իսկ հասկանալի լեզուով թարգմանուած լինէր, դարձեալ հազարից մէկը չէր հասկանալ որ հասարակաց oգուտը եւ Լամարտինի արեւելքին մատուցած ծառայութիւններ չեն, որ դրդել են Խորէնին թարգմանելու «Դաշնակները [2], այլ իւր անձնական սէրն ու համակրութիւնը դէպի նորա անձը եւ նորա գրուածները, մասնաւորապէս դէպի նոր «Հառմոնեաները» եւ «խորհրդածութիւնները», - դորան ապացոյց կարող են լինել եւ նորա թարգմանութեան յառաջաբանի հետեւեալ խօսքերը։ «Այլ առ ի՞նչ անձնականս մեր դատաստան զչքնաղագունէն ի գործս Լամարթինեայ, մինչ զարմանք, զոր էր երբեմն ընդ աշխարհ ամենայն սոյն այս յարուցանէր մատեան, ընդ աճել ժամանակաց, աճե աց առաւել։ Իցի՜ւ թէ ի նոյն իսկ ի զարմանս անդ մեր եւ ի սէր, զյանդուգն ձեռնարկութեանս գոյր արդեօք գտանել զներողութիւն: Անդստին յարբուն տիոց արտօսր ընդ արտասուս խառնեալ սիրելագունին ի քերթողս, եւ հաղորդ եւ անդեան նորա լինէաք եւ յուսոյն նուազութեան, ընդ նմա խորհելով եւ ընդ նմա անգաճելով։ Այսու օրինակաւ ընդ Քերթողին հոգւոյ եւ մտացն զուգակցեալ ընկերէին միտք մեր եւ հոգի»:

Շատ հետաքրքրական է, ի միջի այլոց, իւր Խորէնի անձնական դատաստանը Հառմոնեաների մասին: Նա այդ երկը համարում է ամենաընտիրը Լամարտինի բոլոր բանաստեղծական գործերի մէջ եւ կոչում է նորան «չքնաղագոյն» ի գործս Լամարթինեայ։ Նա ասում է, որ թէեւ արտաքուստ «առ, վերին երեսս» Հառմոնեաներր զանազանւում են միմեանցից, բայց ի ներքուստ նոցա մէջ կայ մի տեսակ միութեան օղակ, որ բոլորը միացնելով, շաղկապելով միմեանց հետ, ներկայացնում է մեզ ամբողջապէս քերթողի միտքը եւ հոգին դոցա, այդ Հառմոնեաները ստեղծաբանելու ժամանակ: նա ասում է, որ ինքը Լամարտինն անձամբ խոստովանել է իրան, թ է այդ հարմոնեաներից ամեն մէկը գրուած է խորին առանձնութեան մէջ «ի ժամս լուսաբեկ վհատանաց»: Իսկ ինչ վերաբերում է հառմոնեաների ընդհանուր բովանդակութեան, Խորէնն որոշում է նորին միայն հետեւեալ ընդհանուր ու անորոշ խօսքերով. «Երբեմն, ասում է նա, Լամարտինը հրաբորբոք երգեր է վերարձակում դէպի Բարձրեալը , երբեմն էլ մտաբերելով անդարձ անցած-գնացած օրերը, վերանորոգում է իւր յիշողութեան մէջ անցածի յիշատակը եւ «անճառելի իմն յափշտակի զմայլութիւն»:

Յաջողել է արդեօք Խորէնն իւր ձեռնարկութեան մէջ եւ կարողացել է հայ ընթերցողին ներկայացնել հառմոնեաների մի այնպիսի պատկերը, կամ պատճէնը, որ նա կարողանալ եթէ ոչ լիակատար, գոնէ, մօտաւորապէս մի ամփոփ գաղափար կազմել Ֆրանսիայի բանաստեղծի այդ, ճիշտ որ, հրաբորբոք երգերի մասին։

Թէեւ մեր հեղինակը դորա համար ունեցել է ամեն մի յարմարութիւն թէեւ նա լաւ ֆրանսագէտ է եղել, լաւ գրաբառագէտ եւ օգտուել է իւր, Լամարտինի անձնական ցուցմունքից, թէեւ իւր ներքին աշխարհով, իւր բնութեան խառնուածքով նա շատ նմանել է Լամարտինին, այնպես որ նորա միտքն ու հոգին, ինչպես ինքն ասում է, «զուգակցեալ ընկերէին ընդ Քերթողին հոգւոյ եւ մտացն», այնուամենայնիւ մենք վստահանում ենք այստեղ համարձակապես ասել, որ նա իսպառ յաջողած չէ իւր ձեռնարկութեան մէջ, որ նա չի կարողացել իւր թարգմանութեամբ Դաշնակների բնագրի ոչ թէ միայն մօտաւոր, այլ նոյն իսկ հեռաւոր նմանութիւնը ներկայացնել: Մենք կարծում ենք, որ մեր գրաբառագէտներից շատ քչերն ունեցած կլինին այնքան քաջութիւն ու համբերութիւն, որ ամբողջապես գլխէգլուխ կարդացած լինեն 65 դաշնակները: Մենք, որ ունեցանք այդ քաջութիւնն ու համբերութիւնը, հրապարակով խոստովանում ենք, որ չստացանք այն համն ու հոտը, այն մտքի վեհութեան եւ արտայայտութեան վսեմութեան ճաշակը, որ ունի Հառմոնեաների բնագիրը եւ Դաշնակները Լամարտինի դէպի Բարձրեալի աթոռը վերառաքած հրաբորբոք երգերը չեն, այլ միայն նոցա չոր ու ցամաք կմախքը, տեղ-տեղ դժուար հասկանալի, տեղ-տեղ էլ իսպառ անհասկանալի։ Եկէք կարդանք «Կաղնի», «Մարդկութիւն», «Յաւիտենականութիւն բնութեան եւ սղութիւն մարդոյ», «Տրտում է անձն իմ մինչեւ ի մահ» ընտիր դաշնակները, որոնց մէջ Լամարտինը թէեւ բանաստեղծական, բայց պարզ ու բնական ձեԼով արտայայտում է մի մեծ փիլիսոփայական եւ կրօնական գաղափար: Մենք չենք հաւատում, գոնէ, կասկածում ենք, որ մեր գրաբառագէտներից մէկը միայն Խորէնի հայերեն թարգմանութեամբ, առանց բնագրի կամ առանց մի օտար լաւ թարգմանութեան օգնութեան, կարողացած լինի իրան մէկին կերպով ներկայացնել բնութեան այն յաւիտենականութեան, մարդու կեանքի այն կարճատեւութեան, մահուան այն անխուսափելիութեան գեղեցիկ վսեմ պատկերները, որ վարպետ բանաստեղծի վրձինով նկարել է մարդուս հոգու ու երեւակայութեան մէջ Լամարտինը։

Առնենք, օրինակի համար, «Յաւիտենականութիւն բնութեան եւ սղութիւն մարդոյ» դաշնակը, որի մէջ փիլիսոփայական գաղափարի ճշդութիւնը միախառնուած բանաստեղծական ոգեւորութեան հետ ղեկավարում է՝ բանաստեղծին։ Բնութիւնն անմահ է կամ, գոնէ, մեզ անմահ է թւում, մարդս ապրում է միայն եւ միայն մի օր, բայց նա դարձեալ շատ բարձր է արտաքին աշխարհից, որովհետեւ նա հասկանում է, ըմբռնում է նորան, այդ աշխարհը. «Յաղթանակիր, ով անմահ բնութիւն, դու, որին բազմաթիւ օրեր իւր մէջ պարունակող ձեռքը տալիս է անսահման ժամանակի ընթացքում անդադար վերանորոգուող զօրութիւն, մահը զօրավիգ է լինում քո կարողութեան: Ուղարկիր, կորզիր, վերադարձրու գոյութիւնն ամեն բանի, որ քեզանից է ստանում իւր կենդանութիւնը: Ես որդս, որ սկիզբն եմ առել քո մի ժպտի մէջ, ես ծնուել եմ, ես նայում եմ, ես մեռնում եմ... Գնա դու քո ճանապարհով եւ այլ եւս մի մտածիր իմ մասին։ Չէ որ դու, բնութիւն, չես կարող երկրի երեսից անհետ ոչնչացնել եւ ոչ մի էակ։ Ես մեռնում եմ, ի՞նչ փոյթ, չէ որ ես ապրեցի, Աստուած ինձ տեսաւ, կեանքի հայեացքն ընկաւ իմ ոչնչութեանս վերա։ Քո անընդհատ վերանորոգուող գոյութիւնը տեւում է դարեր. ես միայն մի վայրկեան ապրեցի... բայց այդ վայկենական ակնթարթի ընթացքում ժամանակի եւ տարածութեան անեզրութիւնն արտացոլուեց իմ նայուածքիս մէջ, եւ բռնելով այս աշխարհի միայն մի չնչին մասը, ես տեսայ նոյն իսկ պատկերը, որ դու ինքդ տեսնում ես քո անբաւութեանդ մէջ։ Տիեզերական եւ եզակի էակի ճաճանչը լուսաւորեց իմ ստուերը. ես շշնջացի իմ ուրախութեան եւ սիրոյ օրհներգը եւ նորա լուսափայլ միտքն արտացոլուեց իմիս մէջ, Նորա խօսքերը ճանաչեցին ինձ. ես բարձրացայ նորա առաջ…, եւ բնութիւնն ինձ ասաց. Անցիր, քո վիճակը վեհ է, Նա քեզ տեսաւ։ Անցկացրեք, ուրեմն, ձեր անծայր, անվերջ օրերը, երկինք եւ երկիր, արեւ, լեռներ, ծովեր եւ դու, բնութիւն, երկար, շատ երկար դեռ ժպտա՛ իմ գերեզմանիս սնարքում։ Եթէ իմ անունը ջնջուած է կեանքի դպրութիւնից, թող եւ չգոյութիւնը մոռանալ ինձ։ Ես խոնարհում եմ եւ չեմ նախանձում. իմ միտքն ապրում էր դեռ առաջ. նա մեռնում է ավելի հաստատուն յուսով, քան թէ դուք բոլորեքեանդ»: Արդեօք, այս վեհ, վսեմ, գեղեցիկ ու խորիմաստ պատկերը կարելի է պարզ կերպով վերստեղծել Խորէնի հետեւեալ թարգմանութեան մէջ.

Յաղթանակեա, անմահ բնութիւն,

Դու որում ձեռըն լուսարձակ

Անչափելի տայ զօրութիւն,

Եւ նորածին յար ժամանակ

Մահ զօրութեան քում տալ պընդանս,

Շընորհեա՛, բա՛րձ, դարձո՛ ըզկեանս

Որոց ի քէն ընդունին զէս.

Որդն ես ի քո ծագեալ ժըմիտ,

Ծնանիմ, հայիմ, մեռանիմ ես.

Ընթա՛, զիս մի՛ ածեր ընդ միտ:

Այլ քեզ, բնութիւն, չիցէ քեզ մարթ

Զարարած մի եղծել համայն.

Զրաւիմ, զի՞ փոյթ. կեցի ես մարդ:

Ետես զիս Տէր, կենաց քթիթ

Խոնարհեցաւ յիմ անդ ոչէս,

Ձեր գոյութիւն նորափըթիթ

Կեցցէ ըզդարս, րոպէ մի ես.

Այլ ի վայրկեանն անդ վաղազրաւ

Դարք եւ միջոցն ինքնին անբաւ

Երկրորդեցան յաչացս իմ բիբս,

Եւ դոյն ի կէտ մի գոյութեան

Նոյն ինձ տեսի երեւեալ տիպս

Զոր ձեզ ի ձերդ անեզրութեան

Ընդհանրական եւ մի էին

Յոյս յաղջամուղջ իմ անդ ծագեաց,

Եւ հըծծեցի հանդէպ նորին

Զիմ երգ սիրոյ եւ զհրճուանաց:

  Եւ անդուստ միտք իւր լուսալիր

Յիմ միտս ետ զիւր նըկարագիր,

Ծանեա եւ բանըն նորա զիս,

Եւ համբարձայ հանդէպ ի տես

Եւ բնութիւն՝ «Անց» ասէ ցիս,

Վեհ ունիս բախտ, նա զքեզ ետես»:

Կեցջիք, ապա զաւուրսդ անծայր

Երկիր, երկին, լերինք եւ ծով,

Ջահդ երկնաճեմ. Իսկ դու յամայր

Ժըպտեա՛, բնութի՜ւն, զշիրմաւս իմով.

Ի դըպրութեանցն անկեալ կենաց

Մի՜ յոչընչէն եւս յիշեցայց։

Պըշնում այլ չեմ նախանձայոյզ:

Միտք կեցեալ իսկ է նախուստ,

Եւ մեռանի նա ի մի յոյս

Որ քան ըզձեզն է անկորուստ։ [3]

Առնենք, օրինակի համար, եւ «Տրտում է անձն իմ մինչեւ ի մահ» դաշնակը, որ Լամարտինը գրել է 1829 թուի նոյեմբերի 3-ին, «Համայն ննջեցելոց »-ի յաջորդ օրը, Իւրսի դղեակում խորին միայնութեան մէջ, մեծատարած անտառի վիթխարի ծառերի հովանու տակ, ծառերի, որոնց տերեւները թափել էին դառնաշունչ հողմից, տեղատարափ անձրեւից եւ որոնք, կարծես, ստիպում էին հեծելու անտառը... Անխուսափելի մահուան գաղափարը բանաստեղծի բնակութեան տեղի այդ թախծալից դրութեան ու հանգամանքների մէջ պարզ կերպով նկարուում է նորա աչքի առաջ եւ նա տխուր ու տրտում, հառաչելով խորհրդածում է, «Էհ, ի՞նչ փոյթ, եթէ մահն անխուսափելի է, եթէ մեռնելն անհրաժեշտ է, գոնէ, մի վերջին անգամ հառաչանք արձակենք, ինչպես այն մարդը, որ անդարձ դատապարտուած է, որ ինքն իւր յօժար կամքով բարձր աշտարակից վայր գլորէ իրան, բայց որ ահռելի րոպէին, երբ նորա ոտքը սայթաքում է բարձրութիւնից, հուսահատ աղաղակով, գոնէ, լցնում է անդունդը: Բայց որքան գեղեցիկ   էր այդ կեանքի առաօտը, որքան հրճուանք կար առաջին սիրոյ մէջ։ Սակայն սէրը նոյնպէս անմահ չէ, նա մինչեւ անգամ կեանքից էլ շուտ է հանգչում, եւ ոչ ոսկին, ոչ կիրքը, ոչ փառքը չեն կարող մխիթարել այն մարդուն, որ կորցրել է սէրը: Այդպիսի դեպքում արդեօք կսփոփէ մեզ, գոնէ, ճշմարտութիւնը։ Հարցրեք իմաստուններից, նոքա մեռնելիս, բոլորեքեան էլ ասել են. «Գիտութիւն, դու ի՞նչ գիտես». Բայց եթէ սէրը միայն հրապոյր է, փառքը մի դատարկ հնչիւն, ճշմարտութիւնը խաբէութիւն, եկէք մենք, քանի որ չենք զզուել կեանքից, մեր յօժարակամ մահով կանխենք, շտապենք մեռնելու: Այդպիսի փոքրոգութեամբ սակայն մի բան իմ մէջ վրդովում է. այդ խիղճն է բողոքում, որ միակն է, որ մնացել է ընդհանուր աւերածի մէջ։ Խի՜ղճը: Կարելի է նա էլ միայն մի ուրուական է, մի պատրանք է, ինչպէս միւս բոլորը։... Ոչ, որովհետեւ միայն Աստուած կարող էր նորան ներշնչել իմ մէջ։ Աստուա՜ծ. բայց արդեօք Աստուած կա՜յ: Ի՞նչպէս. մի՞թէ կարելի է ենթադրել, որ, երբ մարդն իւր խիղճն ունի, արտաքին աշխարհը զուրկ է դորանից։ Համաշխարհական խիղճը— այդ էլ հէնց Աստուածն է»: Բանաստեղծի այս երկար խռովայոյզ խորհրդածութեան արդիւնքը վերջ ի վերջոյ յանգում է հետեւեալ եզրակացութեան. «ինչպէս որ առաւօտեան վաղ ճանապարհ ընկած ուղեւորը, որ դեռ չի տեսնում իւր ճանապարհի վերջը, գտնում է, որ երկինքը հրատապ է, որը երկայն, հողը կոշտ, բայց հպարտ իւր թափած քրտինքով ու յոգնածութեամբ եւ տեսնելով, թէ ինչպէս նոճիների ստուերն աճում է, ասում է. Ես այնչափ երկար ընթացայ, որ, հաւանականաբար, արդէն մօտ եմ նպատակիս, այդպէս էլ աստուածային յիշատակն իջնում է իմ վերայ, շշնչում է իմ ականջին. «վեր կաց »:

Ահա այս մեծ կրօնական-փիլիսոփայական վարդապետութիւնը, որ Լամարտինը խորհրդածութեան նիւթ է լինել իւր այդ նշանաոր դաշնակի մէջ եւ որ թէեւ ճանաչում է, ընդունում է Աստուծոյ գոյութիւնը, բայց վերջնականապես չի որոշում, թէ արդեօք մենք միայն անզօր էակներ ենք, ընկճուած Աստուծոյ կարողութեան ներքոյ, թէ նորա աստուածային չարչարանքի արդիւնքը, չենք կարծում, որ շատ էլ հեշտութեամբ կարողանան հայ ընթերցողները հանել, վերականգնել Խորէնի թարգմանութիւնից, թէեւ այն էլ պետք է ասենք, որ այդ դաշնակի թարգմանութիւնն ամենայաջողածներից մեկն է:

 

Իբրեւ, ըզմարդ դատապարտ զորմէ կընքեալ է անդարձ

Զի գահավէժ հոսեսցի ի կատարաց բարձըրբարձ,

Ի սոսկալին այն պահու յոր ոտն ըզսար կորուսին՝

Ի լուսահատ աղաղակ լընու ըզխորս գէթ վըհին

Զոր օրինակ ուղեւոր ելեալ ի չու յայգս այգուն,

Որ ոչ յակնէ տակաւին ըզկատարած զիւր ուղւոյն,

Գտանէ զերկինըս հրատապ ըզտիւն երկայն, ըզհող կորդ,

Այլ խըրոխտ յիւրն յոգնութիւն եւ ի քըրտունս արկեալ յորդ,

Ասէ, տեսեալ ըզնոճեաց հանդէպ աճումըն զըստուերց,

Այնչափ յերկարս ընթացայ զի արդ անշուշտ իցեմ մերձ.

Աստուածային յիշատակ գտալ իջանէ առ երի,

Եւ յունկանէ հըծծելով ասէ առ իս, «Օ՜ն, արի»։

Աշխարհս հիւլէ է եւ եթ անբաւութեան յանդիման,

Եւ առ իւրովն լաւիտեամբ դար իսկ է մի լոկ վայրկեան

Իսկ ես զոտիւք անդ նորա թէպէտ փոշի ծըփծըփուն,

Բայց չեմ ընդհատ ինչ յարփից, զի ես խորհուրդ եմ նորա: [4]

 

Եւ թարգմանութեան այդ անյաջողութեան պատճառն այն չէ, որ Խորէնը չի հասկացել բնագիրը, չի ըմբռնել նորա հիմնական իմաստը, չի զգացել, չի համակուել բանաստեղծի զգացմունքով, այլ որ նա չի կարողացել հեղինակի հարմոնեաների բանաստեղծական ներդաշնակութիւնը պահպանել եւ միեւնոյն ժամանակ այնպիսի պարզ ու բնական ձեւով արտայայտել նոցա վերացական կրօնական փիլիսոփայական միտքը, որ հատուկ է իրան հեղինակին, որով նա հէնց տարբերւում է միւս բանաստեղծներից: Հմուտ թարգմանը պէտք է ոչ միայն հասկանալ, սիրէ, զգալ թարգմանելիք նիւթը, այլ պէտք է է սեփականէ, իւրացնէ եւ թարգմանելիք բնագրի հեղինակի արտայայտութեան եղանակը։ Դաշնակների թարգմանութեան անյաջողութեան, գուցէ, նպաստել է եւ, այն հանգամանքը, որ Խորէնը ցանկացել է բնագրին շատ մօտ թարգմանել, կամ, ինչպէս ինքն ասում է, բոլորովին զուգակցուել քերթողի հոգու եւ մտքի հետեւ «Ասա քէն անհրաժեշտ իմն էր այն զուգակցութիւն, ասում է նա այդ մասին իւր թարգմանութեան յառաջաբանում, սա է բնագրին անվթար հաւատարմութիւն, որ առաջին ի պայմանս է բարւոյ թարգմանութեանս։ Մեր ի դոյն իսկ ջան ի վար արկեալ հաստնել, զամենայն իսկ տողս գաղղիականին ի հաւասարաթիւ ամփոփեցաւ տողը հայկականս։ Եւ յուսամք զի ի յեղուլ անդ՝ զզգացմունս Քերթողին եւ զմիտս, աջողել իցէ մեզ՝ զգոյշ կալ ի սովորական թերութենէ անտի թարգմանչաց, այլափոխելով ասեմ առատօրէն զձեւ, նա ուրեք զիմաստս եւս զմատենագրին»:

Թարգմանիչը, ի հարկէ, չպետք է փոխէ հեղինակի իմաստը, բայց չի կարելի պահանջել, որ նա չփոխէ եւ բնագրի ձեւը, որովհետեւ շատ անգամ մի լեզուի ձեւերը յատուկ են միայն այդ լեզուին եւ նոցա փոխադրելու, թարգմանելու համար անհրաժեշտ է փոխելը, յարմարեցնելը թարգմանելիք լեզուի ձեւերին. նոյնպէս եւ պէտք է թարգմանելու ժամանակ հաւատարիմ մնալ բնագրին, բայց ծայրայեղ ճշգրիտ եւ անվթար հաւատարմութիւնը յաճախ կարող է թարգմանութիւնը նիւթական դարձնել եւ մթնեցնել հեղինակի իմաստը, ինչպէս որ դաշնակների մեջ շատ տեղ պատահել էլ է։

Դաշնակների թարգմանութիւնից յետոյ, ՝ Խորէնի եւ Լամարտինի բարեկամական հարաբերութիւնն աւելի մտերմական բնուորութիւն է ստանում, նորա Լամարտինին հետեւելու, աշակերտ գրուելու հանգամանքն այդ ժամանակներն այնպէս ակներեւ է դառնում, այնպէս ամենքի աչքին է զարնում ու ընդհանրանում, որ հայ ընթերցողներն այնուհետեւ այլ եւս ուրիշ կերպ չեն կոչում Խորէնին, բայց թէ «Լամարտինի որդի» օտարները «Հայոց Լամարտին», իսկ ինքը Լամարտինն այդ բոլորի փոխարէն իւր հաւատարիմ աշակերտին «Հայաստանի յոյս» -l'espèrance de l'Arménie մեծ անունն է տալի։

Ռոմանտիզմի եւ Հիւգօյի ազդեցութիւնն ընդհանրապէս եւ Լամարտինը մասնաւորապէս երեւում է, բացի դաշնակների թարգմանութիւնից, եւ Խորէնի Պարիզում գրած մի շարք ոտանաւորների վերալ, որոնք յետոյ նորա Վենետիկում ու Պօլսում գրուածների հետ միասին կազմեցին մի հատոր եւ հրատարակուեցին Պօլսում 1868 թուին «Քնար Պանդխտին» խորագրով։ Դոքա, Պարիզում գրուած այդ ոտանաորները, թէեւ իւրեանց արժանաւորութեամբ շատ էլ հեռու չեն գնացել վանքում գրուածքներից, թէեւ դոքա իւրեանց արուեստականութեամբ, փքուած-ուռածութ եամբ, իւրեանց անբնականութեամբ, կարելի է ասել, ուղղակի կազմում են «Բազմավէպում» տպագրուածների շարունակութիւնը, բայց այնումենայնիւ դոցա մէջ անհատականութեան արտայայտութիւնը, քնարերգականի մասը եւ ընդհանրապէս ռոմանտիզմի տարին աւելի զօրեղ է, քան թէ առաջինների մէջ։ Դոցա մէջ, նախ եւ առաջ, պարզ կերպով աչքի է ընկնում այն վիշտը, այն մեղմ ու նուրբ թախիծը, որ Լամարտինի քնարի յատկանիշն է, երկրորդ, դոցա մեծամասնութեան բովանդակութիւնն ընդհանուրում համարեա՛ թէ միեւնույնն է, ինչ որ Լամարտինի «խորհրդածութիւններինը», երրորդ, դոցա գրութեան եւ ոտանաւորի կազմութեան արտաքին ձեւն ու եղանակը նմանում են Լամարտինի բանաստեղծութիւնների գրութեան արտաքին ձեւին ու եղանակին եւ, վերջապէս, կրօնական տարրի առատութեամբ դոքա համարեա՛ նոյն հառմոնեաներն են։ Զանազանութիւնը միայն նիւթի մշակութեան, մտքերի խորհրդաւորութեան եւ զգացմունքի խորութեան մէջ է:

Լամարտինն իբրեւ խոշոր բանաստեղծական տաղանդ, իբրեւ վարպետ նկարիչ, իբրեւ հարուստ երեւակայութեան տէր կարողացել է իւր նիւթերի մանրամասնութիւններից մի այնպիսի ամբողջութիւն կազմել, մի այնպիսի հրաշալի շինուածք յօրինել, որ եւ դիւրըմբռնելի է, ե՛ւ պարզ, եւ՝ բնական եւ գեղեցիկ։ Իսկ Խորէնը բանաստեղծական միայն մի փոքրիկ քանքար ունենալով եւ իսպառ զրկուած լինելով բնական եւ անարուեստ լինելու յատկութիւնից, իւր այդ գրուածներից միայն մի քանիսի մէջ է կարողացել, չենք ասում հասնել, այլ միայն հիշեցնել իւր մեծ ուսուցչին, իսկ մնացեալների, մեծամասնութեան մէջ նա շատ յետ է ընկել, շատ հեռու է մնացել նորանից։ Լամարտինը, օրինակի համար, գրել է «Կանդեղն տաճարին», «Տաղ գիշերոյ», «Մարդկութիւն», «Յիշատակ», իսկ Խորէնը— «Առ կանդեղն», «Գիշեր», «Մեծութիւն մարդոյ», «Յիշատակ սիրելեաց» եւ այլն, այսինքն երկուսն էլ գրել են մի եւ նոյն նիւթի վերայ. բայց որքան տարբերութիւն կայ երկուսի ալդ համաբնաբան գրուածների մէջ: Մի տեղ սրտի զեղմունքի, խորհրդաւոր մտքերի եւ խոր զգացմունքների պարզ, բնական արտայայտութիւն, միւս տեղ արուեստականութիւն եւ միայն արուեստականութիւն։ Այդ տարբերութիւնը, այդ մեծ զանազանութիւնը մենք կգտնենք մինչեւ անգամ եւ այն գրուածներում, որոնք ոչ թէ միայն իւրեանց նիւթով ու բնաբանով, այլ եւ բովանդակութեամբ եւ նմանում են Լամարտինի գրուածներին։ Առնենք, օրինակի համար, «Թռչունք» ոտանաւորը, որի բովանդակութիւնն այնքան նման է Լամարտինի «Աղօթք մանկան զարթուցելոյ» դաշնակին, որ, կարծես, նորանից առնուած լինի, նորա ընդլայնումը կամ նմանողութիւնը լինի։ Դաշնակը մի պարզ, սիրուն, դիւրըմբռնելի կտոր է, որ հէնց իւր անմեղ մանկան աղօթքի պարզութեամբ մի գեղեցիկ ներդաշնակութիւն է կազմում, իսկ «Թռչունք»-ը յանգակապութիւն եւ բառերի կուտակումն է միայն:

Աւելորդ չենք համարում դնել այստեղ այդ երկու ոտանավորներից էլ մի քանի տուն, որից մի կողմից յայտնի կլինի նոցա նմանողութիւնը, միւս կողմից էլ այն բանաստեղծական գերազանցութիւնը, որ ունի դաշնակը Խորէնի երգի վերայ, թէեւ այն էլ պէտք է ասենք, որ Խորէնի թարգմանութեամբ դժուար է գալափար կազմել դաշնակի իսկական գեղեցկութեան վերայ։

 

«Աղօթք մանկան զարթուցելոյ»

« Թռչունը»

Աստուած իմ, տուր վիժանս յաղբիւր,

Գետոց տուր հոսանս Ծովուն ըզբօսանս,

Եւ ճընճըղկանց ըզփետուր,

Յառագաստոն հողմիկ,

Մանրիկ գառանց գեղմն ըզմաքուր,

Եւ ցանցին որսիկ:

Տուր եւ առ մանկիկ

Ձօղ եւ ըստուեր ի յեղտիւր:

Ճիճ, նինջ անուշիկ

Բժշկութիւն տուր առ Հիւանդ,

Մօր ի ստեաց ի թոր՝

Առ մուրացիկն՝ Հաց յոր լայ,

Կաթըն մեղրածոր

Օրթեւանիկ առ որբ տըղայ

Տուր, Տէր, եւ որբոյն

Եւ արձակուրդ ոյց ի բանտ

Զըսփոփանս այգոյն,

Տուր բազմածին որդւոց երաստ

Տուր արտօսր աչաց,

Հօր երկիւղած առ ի քէն,

Գնաց՝ սրտին առուաց

Իմաստ եւ խինդ ինձ տուր աստէն

Տուր թեւս ի նորուն

 

Անմռունչ Հեծութիւն,

Զի մայրս իցէ բարեբաստ։

Զի առ քո գահոյս

Եւ սըլասցի սիրտ իմ յերկինս,

Թռիցէ մեծայոյս։

Հանգոյն խընկոց հեշտավառ,

 

Զոր քաղցրաբոյը ճօճէ բուրվառ

 

Ի ձեռս մանկանց իբրեւ զիս։

 

 

Խորէնի Պարիզում գրած ստանուորներից իւրեանց բանաստեղծական տարրով, իւրեանց մէջ պարունակուած զգացմունքների տաքութեամբ համեմատաբար արժանի են ուշադրութեան՝ «Օրհնեալ որ սիրեն զհէգ Հայաստան», «Ո՜հ յիշեցէք զՀայաստան», «Տէր, կեցո՛ զՀայաստան», «Հայկազն մօր օրօրք» եւ «Քնար պանդխտին» տաղերը, մանաւանդ առաջինը, որ Խորէնը նուիրել է Վիկտոր Հիւգօյին եւ որ Վիկտոր Լանգլուա հայագէտ ֆրանսիացին նորա մի քանի ուրիշ երգերի եւ «Արշակ Բ. » ողբերգութեան հետ միասին թարգմանել է ֆրանuերէն «Benis soient ceux qui aiment la pauvre Arménie» խորագրով։

Հռչակաւոր Հիւգօյի հետ էլ, ինչպէս Լամարտինի, Խորէնն անձամբ ծանօթացել եւ մտերմացել է Պարիզում, նորան էլ, բացի վերոյիշեալ «Օրհնեալ որ սիրեն զհէգ Հայաստան» ոտանաւորից, ընծայել է յատկապէս հէնց ընծայականի նպատակով գրուած իւր «Առ Հիւգօ» խորագրով ոտանաւորը, որ Պարիզում գրուած միւս ոտանաւորների հետ միասին մտել է «Քնար Պանդխտին» հատորիկի մէջ, ինչպէս որ Լամարտինին ընծայել էր «Առ Լամարտին», որ զետեղուած Է դաշնակների թարգմանութեան սկզբում: Իբրեւ ապրացոյց այդպիսի մտերմական յարաբերութեան կարող է ծառայել Հիւգօյի Խորէնին գրած այն նամակը, որ մինչեւ ցայսօր պահպանուել եւ մեր ձեռքն է հասել: Այդ նշանաւոր նամակը գրուած է Պարիզում 1879 թուի Նոյեմբերի 2-ին եւ, ինչպես երեւում է բովանդակութիւնից, մի պատասխան է Խորէնի նորան ուղղված նամակին։ Հունգուցեալ արքեպիսկոպոսը, ինչպես երեւում է, 1878 թուին իւր քաղաքական պատուիրակութեան դժուար պաշտօնը կատարելուց յետոյ, հարցրել է իւր ականաւոր բարեկամի կարծիքը «Հայկական խնդրի» կամ Հայոց ազգի մասին եւ նա էլ պատասխանել է նորան. «Մենք երկու բանաստեղծ ենք եւ, ես կաւելացնեմ, երկու քահանայ, գրում է աշխարհահռչակ ֆրանսիացին իւր այդ նամակում: Բայց մեր բանաստեղծ լինելն ինձ բաւական է, եւ մեր երկու ձեռքը կարող են սեղմել միմեանց։ Ձեր նամակը յուզում է ինձ, ձեր եղբայրութիւնը հատուցանում է, փոխարինում է իմս, եւ ես յայտնում եմ շնորհակալութիւնս: Այն, ինչ որ դուք հարցնում էր ինձանից Հայաստանի մասին, դուք աւելի քաջ գիտէք, քան թէ ես, բայց ես երջանիկ եմ, որ կարող եմ հաստատել այդ ձեզ: Այն ազգերը, որոնք իւրեանց աչքերն ուղղած են դեպի անցեալը, պիտի կորչեն, այն ազգերը, որոնք նայում են ապագային, պետք է ապրեն: Հայաստանը թող հետեւէ ձեզ, եւ նա ոտքը քաղաքակրթութեան ճանապարհի վերայ է դրած։ Ինձ յայտնի է ձեր աշխարհայեցողութեան վսեմութիւնը՝ Ձեր բաղդի վսեմութիւնը եւ չափում եմ ձեր մտքի մեծութեամբ։ Դուք հին ցեղերի արիւնը եւ նոր ցեղերի միտքն ունիք [5] ։

Խորէն իւր Պարիզում գրած բանաստեղծութիւնները տպագրում էր «Մասեաց աղաւնի» ամսագրում, որ սկսել էին հրատարակել Գ. Այվազեանը եւ Ամբրոսիոս Գալֆայեանը 1855 թուականից յայտնի Ճանիկ Արամեանի տառերով։ Այդ ամսագիրը, որի լիակատար անունն էր «Մասեաց աղաւնի, աւետաբեր Հայաստանեայց», հրատարակւում էր երկու լեզուով՝ Հայերէն-ֆրանսերէն եւ նպատակ ուներ Հայերին ծանօթացնելու եւրոպացւոց եւ հաղորդ անելու նոցա եւրոպական քաղաքակրթութեան։ Դա, այդ ամսագիրը շատ նպաստաւոր էր Խորէնի համար, որովհետեւ յաճախ նորա մէջ թարգմանւում էին ֆրանսերէն եւ նորա բանաստեղծութիւնները եւ այդպիսով միջոց էր տրւում ֆրանսիացի գիտնականներին եւ բանաստեղծներին կարդալ հայ բանաստեղծի գրուածները եւ իւրեանց կարծիքը հայտնել նոցա մասին: Թէեւ մեզ համար ժամանակակից ֆրանսիացիներից մի քանիսի կարծիքը չի կարող ծառայել իբրեւ հիմք Խորէնի բանաստեղծական քանքարը ճշդիւ որոշելու համար, որովհետեւ նոքա իւրեանց կարծիքը յայտնում էին, հիմնուելով ֆրանսիական թարգմանութեան վերայ եւ որովհետեւ այդ կարծիքների մեջ մի մեծ տեղ տրուած է, անկասկած, նորութեան, հայասիրութեան ու ֆրանսիական նուրբ քաղաքավարութեան, բայց այնուամենայնիւ դոքա կարող են ծառայել մեզ համար, գոնէ, իբրեւ մի ընդհանուր չափ, չենք խօսում արդէն այն բանի մասին, որ այդ կարծիքներից մի քանիսն այնքան անկեղծութեան դրոշմ են կրում, որ նորասիրութիւնից եւ ֆրանսիական նուրբ քաղաքավարութիւնից մի բան աւելի են պարունակում իւրեանց մէջ։ Հայագէտ Դիւլօռիէն Խորէնին «Հայկական Լամարտին» է կոչում, ֆրանսիացի ոչ շատ անյայտ մատենագիր Ռոմէն Կոռնուն Խորէնի ոտանաւորները «Զովաշունչ ու ականակիտ բանաստեղծութիւններ» է անուանում. ֆրանսիացի քերթող Յուլիոս Ռուէտը իւր քերթողական եղբայրակցութիւնն է առաջարկում նորան. իտալացի նշանաւոր բանաստեղծ Ալէարդօ Ալէարդին նորա հետ մտերմանալ է ցանկանում, եւ այլն եւ այլն։

Մենք շատերից ենք կասկածներ լսել եւ ինքներս էլ կարդալով մեր գրաբառագէտ գրողների քերթուածների հատորիկները, շատ անգամ կանգ ենք առել եւ մտածել, թէ արդեօք մեր զանազան Ջախջախեանները, Բագրատունիները, Հիւրմիզները, Խորէնները, Սերովբէ եւ Տէր-Գաբրիէլ Պատկանեանները, Ալամդարեանները եւ. մինչեւ իսկ Ալիշանները, ճշմարիտ, բանաստեղծ են, թէ գրաբառ խրթին ոճեր բանաստեղծութեան դիմակի տակ կուտակող, յանգեր որոնող ու կապող, ախ ու վախելով իւրեանց մտքերի սքոլաստիքականութիւնը ծածկող, առանց սրտի, վառ տոնց գաղափարի, առանց խորին զգացմունքի, առանց զօրեղ երեւակայութեան, առանց բանաստեղծական պատկերների: Եւ միշտ եկել ենք այն եզրակացութեան, որ դոցանից ահագին մեծամասնութիւնը, որոնց թւում եւ վերոյիշեալ Ջախջախեանը, Բագրատունին, Եդուարդ Հիւրմիզը, Ալամդարեանցը եւ Սերովբէ ու Տէր-Գաբրիէլ Պատկանեանցները եղել են, եթէ կարելի է այսպէս ասել միայն գրաբառի բանաստեղծ, այսինքն գրաբառից հնչիւն բառեր, ոճեր քաղող եւ դոցանից տաղաչափական արուեստով զանազան բովանդակութեամբ տաղեր կազմող, մի խօսքով տաղաչափ եւ ոչ թէ իսկական բանաստեղծ։ Ինչ որ վերաբերում է Խորէն Գալֆայեանին եւ Ղեւոնդ Ալիշանին, արդարութիւնը պահանջում է ասել, որ դոքա այնքան բանաստեղծական աւիւն են ունեցել, այնքան օժտուած են եղել բանաստեղծական աստուածատուր շնորհքով, որ ուրիշ ավելի նպաստաւոր հանգամանքներում կարող էին կատարեալ բանաստեղծ դուրս գալ եւ աւելի մեծ արդիւնք ցոյց տալ Հայրենի գրականութեան քերթողական ճիւղի ասպարիզում, քան թէ որ ցույց են տուել։

Ցաւն այն է, որ դոքա երկուսն էլ ստացել են վանական սքոլաստիք կրթութիւն, որ սովորաբար կաշկանդում, սահմանափակում է ամեն մի ազատ դատողութիւն, մտքի ազատ արտայայտութիւն, երեւակայութեան լայն թռիչք: Սորա վերայ պէտք է ավելացնել եւ այլն, որ դոքա գրել են առ հասարակ եւ մեծ մասով գրաբառ, որ ոչ պակաս կաշկանդիչ տարր է եղել մտքի ելեւէջների ազատ արտայայտութեան։ Մեզ դորա դէմ կարող են ասել, թէ դոքա եղել են Մխիթարեաններ, ուրեմն, եւ լաւ հայկաբան եւ իւրեանց միտքը գրաբառով ազատ յայտնող: Ո՛չ, մենք չենք ընդունում, չենք հաւատում դորան։ Թո՛ղ դոքա լաւ հայկաբան եղած լինեն, թող դուքա գրաբառն այնքան լավ իմացած լինեն, որ այդ լեզուով ազատ շարադրելու հնարաւորութիւն ունեցած լինեն, այնուամենայնիւ բանաստեղծութիւն գրելու, յօրինելու համար հարկաւոր է մի ուրիշ աւելի բան մտքի սրտաբուխ, ոչ բռնազբօսիկ արտայայտութիւն, լեզուի կատարելագոյն վարժութիւն, առանց բառեր որոնելու, առանց ոճերի յետեւից ընկնելու, առանց բառերի ու ոճերի թանձր կոյտերի մէջ յանգեր որոնելու, որ ձեռք է բերում միայն մանկական հասակից սովորական խոսակցություն վարժութեամբ, առօրեայ կեանքում գործած ելի, ականջին ու սրտին ընտել աշխարհիկ կենդանի լեզուի գործածութեամբ: Դորան ապացույցը կարող է լինել հէնց այն հանգամանքը, որ Խորէնն ու Ալիշանն իւրեանց աշխարհաբառով յօրինուած բանաստեղծութիւններում միշտ աւելի են բարձրացել ընդհանուր մակերեւոյթից, աւելի բանաստեղծական քանքար ու աւիւն են ցույց տուել։ Ալիշանի փոքրաթիւ աշխարհաբառ քերթուածները, ինչպէս, օրինակի համար, «Պլպուլն Աւարայրի» «Շուշան Շաւարշանայ» իսկական համով հոտով բանաստեղծութիւն են. Խորէնի «Ստուերք Հայկական»-ի շատ կտորները, ինչպես, օրինակ, «Հայ մեռնինք», «Հայ ապրինք» մաքուր բանաստեղծական գրուածներ են։

Դեռ Խորէնը մի փոքր բացառութիւն է կազմում, որովհետեւ նա շուտ է թողել վանքը, շուտ է ձգել իւր վրայից կաթոլիկ հոգեւորականի միտքն ու հոգին կաշկանդող հանգամանքները եւ ապրել Պարիզի պէս աշխարհահռչակ քաղաքում, որտեղ կեանքն եռ է գալիս իւր բոլոր արտայայտութիւններով, որտեղ մեծ ասպարէզ կայ տեսնելու գեղարուեստը, գեղեցիկը, կենդանի կեանքը, որտեղ միջոց կայ շփուելու իսկական, ազատ գիտութեան ու մտքի ներկայացուցիչների հետ, մտքի փոխանակութիւն, հաղորդակցութիւն կատարել, ազատ կարդալ, ազատ մտածել, ազատ համակուել։ Նորա ուսուցիչներն էին ֆրանսիացի բանաստեղծները, նորան ղեկավարողը, ուղղութիւն տուողը հրաշալի Լամարտինն իւր «Դաշնակներով», որ մի ամբողջ բանաստեղծական աշխարհ է: Եւ չնայելով այս բոլորին Խորէն իսպառ երբէք չանջատոուեց իւր վանականութեան յատկութիւններից, երբէք բարձր ի գլուխ չհանդիսացաւ իբրեւ բանաստեղծ եւ որ, գլխաւորն է, երբէք սքոլաստիքականութեան կեղեւն իւր վերայից չմերկացաւ, չհանեց։ 16-7 տարուայ վանական կեանքը շատ զօրաւոր կնիք էր դրել նորա թ է մտաւոր եւ թէ բարոյական զարգացման վերայ նորա ներքին աշխարհը, ըստ ամենայնի, կազմակերպուել էր վանական մթնոլորտում: Նա, ճիշդ է, երգեց սրտաբուխ «Օրհնեալ որ սիրեն զհէգ Հայաստան» եւ «Հայ մեռնինք», բայց յանգակապեց եւ շատ չոր ու ցամաք, ախ ու վախով լցուած nտանաւորներ. նա մինչեւ անգամ հրատարակեց եւ մի «Յանգարան», որի մէջ գրաբառի հարուստ գանձերից նա քաղեց, հաւաքեց միայանգ բառեր հեշտութեամբ յանգ գտնելու, հեշտութեամբ ոտանաւոր գրելու համար։ Այդ արդէն բանաստեղծութեան կամ բանաստեղծական չափածոյ գրուածների վերայ սխալ հասկացողութիւն ունենալու ամենամեծ նշանն է, քերթուածի վերայ իբրեւ արուեստական թխուածքի վերայ նայելու պարզ ապացոյցն է:



[1]     Խորէնի այդ առաջին երկասիրութիւնները եւ թարգմանութիւնները բոլորն էլ տպագրուել են Խ. Գ. կամ Խոռխոռունի ստորագրութեամբ «Բազմավէպի» 1852-57 թուականների համարներում։

[2]     Ֆրանսիական «I'harmonie» բառը Խորէնը թարգմանել է Հայոց «դաշնակ» բառով «Դաշնակք Լամարտինեայ» Les harmonies de Larmartine. Նալբանդեանցը հաւան չէր այդպիսի թարգմանութեան. նա կարծում էր, որ Հայոց դաշնակ բառը չի համապատասխանում է հառմոնի բառի բուն իմաստին ու նշանակութեան: Այդ հանգամանքի վերայ է ակնարկում հանգուցեալը, երբ իւր Աղցմիքի «Հրեշտակն աղօթից» ոտանաւորի մէջ գործածելով դաշնակ բառ-ը տակը հետեւեալ ծանօթութիւնն է դնում. «Յայսմք եւ ի սոյն միայն ներեմք մեզ, եւ այն ոչ անխորհրդաբար, որպէս թէ կամեցեալ ասել «քոյդ ցքեզ», կիրառութիւն բառիդ ըստ այդմ առման, զոր այլուր մերժեմք իսպառ, որպէս կախամտածական բռնազբօսութիւն եղուիս»:

[3]     Համեմատութեան համար աւելորդ չենք համարում դնել այստեղ այդ հատուածի ֆրանսիական բնագիրը,

Triomphe, immortelle Nature,

A qui la main pleine de jours

Prête des forces sans mesure,

Des temps qui renaissent toujours.

La mort retrempe ta puissance.

Donne, ravis, rend l'existence

A tout ce qui la puise en toi,

Insecte éclos de ton sourire,

Le nais, je regarde et j'expire

Marche et ne pense plus à moi!

--(Car) vous ne pouvez, Ô Nature,

Effacer une créature.

Je meurs. Qu'importe? Jai vécu.

Dien m'a vu le regard de vie

S'est abaissé sur mon néant.

Votre existence rajeunie

A des siècles. J'eus in instant

Mais dans la minute qui passe

L'infini de temps et d'espace

Dans mon regard s'est répété,

Et j'ai vu dans ce point de l'être

La même image m'apparaître

Que vous dans votre immensité

De l'être universel, unique,

La splendeur dans mon ombre a lui,

Et j'ai bourdonné mon cautique

De joie et d'amour devand lui;

Et sa rayonnante pensée

Dans la mienne s'est retracée,

Et sa parole m'a connu;

Et j'ai monté devant sa face,

Et la Nature m'a dit: Pasco,

Ton sort nst sublime. Il t'a vu.

Vivez donc vos jours sans mesure,

Térre et ciel, céleste flambeau,

Montagnes, mers, et toi, Nature,

Souris longtemps sur mon tombeau.

Effacé du livre de vie

Que le Néant même m'oublie!

J'admire et ne suis point ja lout.

Ma pensée a vécu d'avance

Et meurt avec une espérance

Plus impérissable que vous.

[4]     Համեմատութեան համար դնում ենք այստեղ այդ հատուած ի ֆրանսիական բնագիրը,

Comme un homme jugé, condamné sans retour

A ce précepiter du sommet d'une tour,

Au moment formidable du son pied perd la cime

D'un cri de desespoir remplit du moins labême.

Comme le voyageur parti dès le matin,

Que ne voit pas encor le terme du chemin,

Trouve le ciel brûlant, le jour long, le sol rude,

Mais fier de ses sueurs et de sa lassitude,

Dit, en voyaut grandir les ambres des cyprès

  J'ai marché si longtemps que je dois être près...

Le souvenir de Dieu des cent et vient à moi,

Murmure à mon oreille et me dit: «Leve-toil».

[5]     Դնում ենք այստեղ այդ հետաքրքրական նամակի բնագիրը, որ տպագրուած է «Արձագանքի» 1893 թուի 6 համարում.

Paris, 20 Novembre 1879

      Mon noble confrère, - Nous sommes deux poètes et j'ajoute moi deux prêtres, mais votre qualité de poète me suffit, et nos deux mains peuvent se serrer. Votre lettre m'émeut, votre fraternité éveille la mienne, et je vous remercie.

      Ce que vous me demandez sur l'Arménie, vous le savez mieux que moi, mais je suis heureux de vous le confirmer. Les nations, qui regardent le passé doivent digparaitre, les nations tournées vers l'avenir doivent vivre. L'Arménie n'a qu'à vous suivre, et elle est dans la voie de la civilisation

      Je connais l'élévation de votre intelligence. Je mesure la grandeur de votre destinée à la grandeur de votre esprit. Vous avez le sang des vielles races, et l'esprit des races nouvelles.