Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳԼՈՒԽ Զ.

Խորէնի «Ալաֆրանկան» մի հինգ արարուածով կատակերգութիւն է, առնուած Պոլսի Հայոց կեանքից: Այդպիսի խորագրով կատակերգութիւն գրելու միտքը հանգուցեալը յղացել էր առաջին անգամ 1861 թուի երկրորդ կիսում, երբ առիթ էր ունեցել Թէոդոսիայից Պօլիս գնալու եւ իւր հայրենի քաղաքում մի քանի ամիս մնալու: Այդ միջոցում նա ականատես էր եղել Պօլսի Հայոց բարձր եւ հարուստ դասակարգի անօրինակ նիստ ու կացին կոյր զկուրայն, առանց չարն ու բարին ճանաչելու, Եւրոպացւոց հետեւելու վատ սովորութեան, եւ գուշակել էր դորա վատ հետեւանքն ազգային վարք ու բարքի եւ առանձնայատկութիւնների վերաբերմամբ։ Նա զինուել էր դորա դէմ այն ժամանակ, ըստ կարելւոյն, ամեն տեղ խօսելով դորա դէմ, հասկացնելով դորանից առաջ գալիք վնասը եւ մինչեւ իսկ եկեղեցու բեմից քարոզներ էր խօսել այդ առթիւ։ «Մենք, ասում է նա այդ մասին իւր կատակերգութեան յառաջաբանում, որ անցեալ տարւոյն երկրորդ կէսը մեր բնիկ հայրենակցաց, այսինքն Պօլսոյ մէջ անցնելու բաղդն ունեցանք, աւելի ի մօտոյ տեսնելով ու նկատելով այն օտարասիրութեան մեր մէջ ըրած աղետալից ջարդը, մեզի պարտք համարեցանք նոյն սրբազան բեմէն զինուիլ այս ազգակործան ուխտին դէմ, նկարագրել նորա հասուցած մեծամեծ վնասները, ու մեր ազգակից եղբայրները համոզել որ յետս կան անկեց երդուեցնելով զնոսա յԱնուն այնորիկ՝ որ զՀայը իբրեւ հայ քրիստոնեայ պիտի դատէ, եւ իբր Հայ քրիստոնեայ պիտի պսակէ յաւիտենականութեան ամպերուն վրայէն»։ Սակայն այդ բոլորը նա բաւական չի համարել, ախտը շատ վնասակար է եղել եւ դորա հասցրած վնասներն անթիւ ու անհամար, ուստի եւ նա հարկաւոր է համարել դորա դէմ մաքառելու համար աւելի հատու սուր գործ ածել, մի կծու կատակերգութեան մէջ ծաղրել, խայտառակել հայերիս կեանքում առաջ եկած այդ վնասակար, այդ անբնական երեւոյթը, որովհետեւ լաւ է հասկացել, որ յաճախ ծիծաղն ու ծաղրն աւելի մեծ դեր են կատարում, քան թէ քարոզներն ու լուրջ քննադատութիւնը։

«Ալաֆրանկան» իբրեւ կատակերգական գրուածք մի՛ առանձին արժանիք չունի. նորա մէջ դորս բերուած տիպարները թոյլ եւ անգոյն գծերով են քաշուած, այնպէս որ, կարելի է ասել, նորա մէջ իսկական տիպարներ չկան, այլ անգոյն, անդէմ գործող անձինք, որոնք մտնում, դուրս են գալիս, խօսում, ծիծաղում, բարկանում են, բայց բեմից դուրս գալուն պէս մոռացւում են, անհետանում են մարդու մտքից ու երեւակայութիւնից։ Դոքա իսկապէս տիպարներ էլ չեն, այլ տիպարների սիլուետներ Ալաֆրանկայի մէջ այն կծու ծաղրը, այն արտասուախառն ծիծաղը չկայ, այլ մի անգամ կեանքի մի որեւէ իցէ չար, վնասակար երեւոյթ, ի նկատի առնելով, այնպիսի` կնիք է դնում նորա վերայ, որ այլ եւս քերել, տանել նորա վերայից չի կարելի, որ մի անգամ մարդ տեսնելով, լսելով ու կարդալով, այլ եւս չի մոռանում, մի հանգամանք, որ յատուկ է միայն զուտ դասական կատակերգութեան: Ալաֆրանկան բեմականութիւն էլ չունի, կարճ տեսիլներն անդադար յաջորդում են միմեանց ավելի շուտ ոչ  է լուրջ կատակերգութեան, այլ իբրեւ ֆարսի, զաւեշտի տպաւորութիւն թողնելով հանդիսականների վերար գործողութիւնների անբնական կերպով միմեանց յետոյ կապակցուելը եւ գրուածքի նիւթը կազմող ֆաբուլալի շինծու լինելը, դիտաւորեալ կերպով սարքուած լինելն ամեն րոպէ ընթերցողի աչքին է ընկնում է, որ գլխաւորն է, նորա յարուցած ծիծաղը գործողութիւնների ներքին բովանդակութեան ծիծաղելի կերպով սարքուելուց առաջ չի գալիս, այլ արտաքին, պատահական հանգամանքներից, սխալ շարժմունքներից, խօսակցութեան ձեւից, գործածած գաւառաբարբառի յատկութիւնից եւ այլն, որ եւ յատուկ է միայն թատերական գրուածների այն տեսակներին, որոնք գրուած են ոչ թէ մի որեւիցէ հասարակական կեանքի վնասակար ախտը ծաղրելու, ոչնչացնելու նպատակով, այլ միայն ընթերցողներին եւ ունկնդիրներին պարզ, անմեղ, անհոգ զուարճութիւն պատճառելու դիտաւորութեամբ։

Բայց Խորէնի կատակերգութիւնն ունի երկու կարեւոր կողմ, որով նա արժանի է լինում մեր համակրութեան եւ բռնում է մեր կատակերգութիւնների մէջ իւր արժանաւոր, որոշ տեղը։ Այդ նորա բովանդակութեան այն հետաքրքրական մանրամասնութիւնն ու այն համակրելի գաղափարն է, որ հեղինակը goլացնում է իւր երկի մէջ։ Ալաֆրանկան, կարելի է ասել, միակ մեծ եւ փոքր ի շատէ լուրջ կատակերգութիւն է, որ առնուած է Պօլսահայոց մեզ համար ամեն կողմից շատ հետսաքրքրական կեանքից: Մենք ունեն թատերական գրուածներ Թիֆլիսի Հայոց կեանքից, ընդհանուր Ռուսահայոց կեանքից եւ մինչեւ անգամ այնպիսի գաւառական քաղաքների կեանքից, ինչպիսին են Երեւանը, Ալէքսանդրապոլը եւ միւսները, որոնք շատ թէ քիչ մասով նկարագրում, պատկերացնում են մեզ մեր զանազան հայաբնակ տեղերի հայկական կեանքի երեւոյթները, ներկայացնում են մեզ մեր ներքին ընտանեկան կեանքն իւր սրտամաշ ցավերով, ախտերով, մեր վիշտն ու ուրախութիւնը, մեր վատ ու լաւ կողմերը, բայց չունենք Պոլսի բազմամբոխ հայութեան ներքին կեանքի նկարագիրը գէթ մի որեւէ իցէ աչքի ընկնող թատերական գրուածքի մէջ:

Բնիկ Պօլսեցի Հայ, ի հարկէ, չկայ. պօլսաբնակ Հայերը բոլորեքեան եւս գաղթականներ են մայր-երկրից։ Տարբերութիւնը միայն նորա մէջ է, որ ոմանք առաջ են գաղթել, ոմանք յետոյ, ոմանք եկել են երկրորդ կամ երրորդ գաղթականութեան տեղերից, ոմանք էլ անմիջապէս բուն երկրից: Եւ այսպէս ահա Տաճկաց մայրաքաղաքում կազմուել է հայ տարրի երեք տեսակ համայնք, որոնք բնորոշ գծերով զանազանւում են միմեանցից: Հին գաղթականներն արդէն այնքան ընտելացել են օտար հողին ու ջրին, հայրենիքից եւ իւրեանց հայրերի ծննդավայրից դուրս ապրելու հանգամանքներին, որ մոռացել են իւրեանց գաղթականութեան հանգամանքները, նոյն իսկ գաղթական լինելը եւ սկսել են իրանց բնիկ Պօլսեցի համարել։ Հներից ժամանակով յետոյ եկած գաղթականները թէեւ դարձեալ բոլորովին ընտելացել են օտարութեան եւ ընդունել հների վարք ու բարքի հետ եւ նոցա ապրելու եղանակը, կեանքի տարազը, այնուամենայնիւ նոքա դեռ իսպառ կտրուած չեն իւրեանց հայրենիքից. նոցա հեռաւոր ազգականները դեռ ապրում են ծովի այն կողմը, այն հեռաւոր Անատոլում եւ կամ վիլայէթում, նոքա դեռ յիշում են իւրեանց հայրերի գերեզմանները, իւրեանց նուիրական տեղերը՝ եկեղեցիները, վանքերը եւ ուխտատեղիները։ Նոցա լեզուի մէջ դեռ լսում է մայրենի գաւառաբարբառը, նոցա սովորութիւնների մէջ դեռ պահպանուել է հայրենի համն ու հոտը, մի խօսքով հայրենիքի յիշողութիւնը թէեւ արդեն կորցրել է նոցա համար իւր տաքութիւնը, իւր ախ ու վախը, բայց եւ այնպէս նա դեռ իսպառ չի ջնջուել, չի կորել եւ չի անհետացել նոցա մտքից ու երեւակայութիւնից: Դոքա «դրսեցիներն» են, որոնց վերայ «ներսեցիները» եթէ ոչ թշնամութեամբ, գոնէ, միշտ խտրութիւն անելով են նայում, միշտ յիշում նոցա դրսեցի լինելը եւ ընկած տեղը բանի տեղ չդնում, արհամարհում։ Երրորդ համայնքը բաղկացած է նոր գաղթականներից, որոնց շատերի ընտանիքն էլ դեռ Հայրենիքումն է եւ որոնց մեծ մասն եկել է մայրաքաղաք ոչ մշտապէս այդտեղ ապրելու, այլ միայն բաղդ որոնելու եւ ժամանակով նորից վերադառնալու հայրենիք կամ ինչպէս այժմ սովորութիւն է եղել ասել, «երկիրը», թէեւ այն էլ պետք է ասել, որ այդ ժամանակաւոր դրութիւնը շատերի համար դառնում է մշտական եւ հետզհետէ տեւողական մի բան: Դոքա էլ «խաբա» հայերն են, որոնց մեծամասնութիւնը կազմում են Հայաստանի մշակները, բեռնակիրները, բանուորները, որոնց, ինչպես եւ բոլոր գաւառացի հայերին, ներսեցիները կոչում են « խմբլներ»:

Ալաֆրանկայի բովանդակութեան ատաղձն առնուած է Պոլսաբնակ հայերի երրորդ տեսակի կամ համայնքի այն ընտանիքների կեանքից, որոնք մշտական բնակութիւն են հաստատել մայրաքաղաքում։ Նորա մէջ: դուրս էր բերուած երկու Սաղըր-օղլու ազգանունով եղբօր ընտանիք, որոնցից մէկի անդամները ներկայացրած են իբրեւ դրական տիպարներ, միւսինը իբրեւ բացասական: Առաջին, այսինքն դրական տիպարներ ներկայացնող ընտանիքը, որի գլուխն է Մարգար աղան, ապրում է իւր կնոջ, որդու եւ աղջկայ հետ Պօլսի բազմահայ, բայց գռեհիկ Սամաթիա թաղում. նա պահել է իւր բոլոր գաւառային առանձնայատկութիւնները —լեզուն, սովորութիւնները, պարապմունքը, կեանքի տարազը, հագնուել–կապուելու ձեւը, մտածմունքը, աշխարհահայեացքը, պարապմունքը եւ կեանքի այն բարոյական մաքրութիւնն ու նահապետական պարզութիւնը, որ յատուկ է հայաստանցիներին: Այդ ընտանիքի անդամները, սկսած ընտանիքի հայր Մարգարից եւ վերջացրած նորա դստեր փեսացու Եազճը-օղլու Գասպարով, բոլորեքեան էլ աչալուրջ, աշխատասէր, բարեպաշտ եւ խելքը գլխին մարդիկ են: Մարգար աղան պարապում է ոսկերչութեամբ, հագնում է «եազը ֆէս, մաշած սէթրի, եամալը խանտուռաներ եւ իւր վերին աստիճանի խնայողութեամբ ու խելացի տնտեսութեամբ կարողանում է անկարօտ պատել իւր ընտանիքը. Գասպար փեսացուն մի աշխատասէր, երկրագործութիւնը մասնագիտօրէն Պարիզում ուսած երիտասարդ է, որ աշխատում է Սան–Ստեֆանոյի ու Մաքրի գիւղի մէջ գտնուած եւ Մուհասէպէճի Ալի փաշային պատկանած մեծ չիֆթլիկը վարձել ու մշակել. Մարգարի դուստր Զամբէթան մի համեստ, աշխատասէր եւ խոնարհ հայ աղջիկ է, որ կապում է «եաշմախ» հագնում է «ֆէրաճէ» եւ պարահանդէսները ու պարերեկոյթներ յաճախելու փոխարէն իւր մօր ձեռքի տակ սովորում է տնարարութիւն, ընտելանում է լաւ տուն պահելու տանտիկնութեան արհեստին. որդին Սեթրակը մի այնպիսի ժիր, աչքաբաց հայ տղայ է, որ աւարտել է Հայ դպրոցի դասընթացքը, լաւ խօսում է հայերէն, բոլոր շարականները «գոց» գիտէ, սովորել է ճարտասանութիւն, ֆրանսերէն, յունարէն, անգլիերէն, տաճկերէն, թուաբանութիւն, երկրաչափութիւն, հանրահաշիւ եւ եռանկիւնաչափութիւն. նա խոնարհ է, մեծերի պատիւը ճանաչում է, հօր արհեստը չի արհամարհում եւ աշխատում է լաւ մարդ դառնալ, հօրն, ու մօրը մխիթարանք լինել եւ ազգին անարգանք չբերել, նա միտ է դրել Հասկէօյի դպրոցը մտնել եւ բժշկականութիւն սովորել եւ ծնողներին պահել։ Սեթրակն արտաքին փայլ չունի, նոր ձեւերը, խօսելու եղանակը կոկուած, յղկուած չեն. նա շատ անգամ փոխանակ բացասական պատասխան տալու, գլուխն է միայն շարժում, խօսելու ժամանակ էլ խօսակցի աչքի մէջն է նայում, որովհետեւ նորա «պատուելին» ուսուցիչը սովորեցրել էր նորան. «Պատուաւոր անձի մը հետ խօսելու ժամանակ անոր երեսը նայել. չորս դին նայելը կոպտութիւն է, վար գետին նայելը կեղծաւորութեան նշան է»: Երկրորդ, բացասական տիպարներ ներկայացնող ընտանիքը, որի գլուխը Մարգարի աւագ եղբայր Դաւիթ աղան է, առաջնի հակապատկերն է ամեն բանում։ Դա, այդ ընտանիքը, որ բաղկացած է հօրից, որդուց, աղջկանից եւ ծերունի քեռուց, ապրում է Պօլսի արիստոկրատ Պէյ-օղլու թաղում եւ ձեռքից եկած ամեն միջոցներով աշխատում է հեռանալ հայկական նիստ ու կացից եւ ամեն բանում հետեւել Եւրոպացոց։ Հայրը, Դաւիթ աղան, որի հանգուցեալ կինը բերել է իբրեւ հարսնութեան օժիտ իւր մարդուն մեծ կարողութիւն, փոխել է իւր Սաղը-օղլու ազգանունը Սահառունի. նա իւր տունը շինել ու սարքել է եւրոպական ճաշակով ու ձեւով. բազմաթիւ ծառաներ է վարձել. նա ուտում, խմում է եւրոպացւոց պէս, հագնում եւ հագցնում է իւր զաւաիկներին եւրոպական տարազով, դաստիարակում է նոցա, իւր զաւակներին Եւրոպացի վարդապետների, գլխաւորապէս ֆրանսիացիների ձեռքով եւ առհասարակ նա իւր արտաքին ու ներքին կենցաղավարութեամբ այն աստիճան ճիգ է թափում նմանել եւրոպացոց, որ, եթէ հնարաւոր լինի, մինչեւ իսկ օտարները չ՚ճանաչեն էլ, թէ նա հայ է, այլ բնիկ Եւրոպացի: Դաւիթ աղան մինչեւ անգամ ամբողջ տարով էլ չի տեսնւում իւր եղբօր եւ նորա ընտանիքի հետ, որովհետեւ ամաչում է նորա «խապայութիւնից», իսկ երբ որ եղբայրը եւ նորա որդին մի անգամ, ամբողջ տարին չտեսնուելուց յետոյ, այցելում են նորան մի կարեւոր գործի համար, նորան այդ այնքան դուր չի գալիս, որ վերին աստիճանի սառն ընդունելութիւն է տանում նոցա եւ այդտեղ հէնց տեղն ու տեղը նոցա երեսովն է տալիս նոցա հայկական կոպտութիւնը, նոցա «խապայութիւնը»:

Դաւիթ աղայի որդին, որի Յարութիւն հայ Խապա անունը Սահառունին փոխել է Պասքալ, եւ դուստր Մառգըռիթը վեց տարի է ինչ դաստիարակւում ու կրթւում են եւրոպրացի վարդապետների ձեռքի տակ, բայց բացի ֆրանսերէն կոտրատելուց՝ պարելուց, լաւ հագնուելուց, ծռմռուելուց, պարահանդէսներ ու երեկոյթներ յաճախելուց, դաշնակի վերայ զընգզընգացնելուց, ոչ մի ուրիշ օգտաէտ գիտութիւն ձեռք չեն բերել: Պասքալը մի ինքնասէր արարած է, անընդունակ մի որ եւէ մտաւոր եւ ֆիզիքական աշխատանքի, իսկ Մառգռիթը մի զարդարուած եւ բարոյապէս արդէն փճացուած պաճուճապատանք, որ Զամբէթայի պէս համարեա թէ չի էլ երեւում բեմի վերայ, այլ միայն նորա ինչ լինելը հասկացւում է այս կամ այն գործող անձի պատմուածքից [1] ։

Բացասական տիպարների հետ միասին այդ ընտանիքում ապրում է եւ մի դրական տիպար, դա վերոյիշեալ ծերունի քեռի Պօղոս աղան է, հանգուցեալ տանտիկնոջ եղբայրը, որի ձեռքով կատարում է տան բոլոր ծախսը: Նա շատ է խրատում թէ Սահառունուն եւ թէ նորա զաւակներին, որ նոքա ձեռք վեր առնեն աւելորդ ծախքերից, հասկացնելով, որ իւր քրոջ օժիտն արդէն վերջացել է եւ ծախսւում է վերջին՝ հանգուցեալի գոհարեղէնի վաճառքից ստացուած 10 հազար ղուռուշը, բայց նորան լսող չի լինում եւ մինչեւ իսկ նա, որ համարձակում էր անդադար անհանգիստ անել նոցա իւր տրտունջներով, իւր «ծերի տռտռոցով» խայտառակաբար վռնդւում է տանից։ Եւ Սահառունու տան կեանքը շարունակւում է իւր սովորական եղանակով. փողը ջրի պէս գնում է, տաս հազար ղուռուշը շատ շուտով հալւում է… եւ պարտատէրերը սկսում են դուռը կտրել։

Ի՞նչ պետք է լիներ դորա վերջը, ուր պետք է հասնէր դորա ծայրը։ Բնականապէս տունը պետք է քայքայուէր եւ նիւթականապէս, ինչպէս որ նա արդէն քայքայուել էր բարոյապէս։ Սահառունին ամեն միջոց գործ է դնում վտանգից ազատելու համար իւր անձը, իւր պատիւը, բայց ոչինչ չի օգնում: Նա դիմում է իրան բարեկամ ձեւացող Յակոբիկ էֆէնդիին, որ միշտ նորա տանն ուտում, խմում էր եւ ամ են տեսակ շահւում էր նորանից, բայց նա փոխանակ օգնելու նորան, սկսում է նորանից պահանջել իւր 27° ղուռուշ պարտքը, որ նա տարուել էր նորան թղթախաղում. նա կամենում է Պասքալին Հասքէօյի բժշկական դպրոցը տալ, որ նա կարողանայ իւր աշխատանքով թէ իրան պահել եւ թէ տունը կառավարել, բայց նա Սեթրակի հետ մրցողական քննութեան ենթարկուելով, կտրւում է եւ դպրոցից դուրս մնում. նա աշխատում է Մառըգռիթին ամուսնացել բժշկական դպրոցի դասատու տոքթoռ Աբգար Պէյի հետ, բայց նա նորա կարողութեան «չորսին մէկն» օժիտ է պահանջում, որովհետեւ այն տեսակ պահուած ու դաստիարակուած աղջկան առանց մեծաքանակ օժիտ ստանալու պահելը դժուար է համարում իւր համար. նա մարդ է մէջ ձգտում է մեծամեծների մօտ, որ մի օր եւ է պաշտօն տան իրան, բայց այդ էլ ապարդիւն է լինում եւ ամենքն երես են դարձնում նորանից։

Ինչ էր մնում անել նորան, եթէ ոչ միայն անձնասպանութիւն գործել եւ այդպիսով ազատուել այն անուանարկութիւնից եւ աշխարհի առաջ ծաղր ու ծանակ, խաղք ու խայտառակ լինելուց, որ սպասում էր նորան, բայց այդ եւս մասամբ իւր կամքի թուղութեան պատճառով, մասամբ էլ իւր մերձաւորների արթուն հսկողութեամբ չի կարողանում իրագործել։ Հետաքրքրականն այն է, որ Մարգար աղայի եւ միւսների հետ միասին Պասքալն էլ աշխատում է հօր անձնասպանութեան առաջն առնել, նրա ձեռքերը բռնել, ատրճանակը ձեռքիցը խլել, բայց այդ բոլորն անում է նա ոչ նորա համար, որ սիրում է նորան, այլ որովհետեւ այդ անախորժ բան կլինի եւ, որ գլխավորն է, այդ պատճառով նա կարող է զրկուել տեղի ունենալիք «Պալայի» մասնակցութիւնից, որի համար նա մի նոր «ապի» էր պատուիրել ու պատրաստել տուել ֆրանսիացի դերձակ Միրմիդոնին եւ որ շատ վայելում էր նորան։

Ահա այսպէս սկսում, հետզհետէ առաջ է գնում, զարգանում եւ կապւում կատակերգութեան գործողութիւնը, որը լուծելու համար ուրիշ ճար չի գտնում հեղինակը, բացի նրանից, որ դիմում է սովորական «Deus ex machina»ներից մէկին։ Վիլայէթից գալիս, վրայ է հասնում Սաղըր-օղլու ընտանիքի ծերունի հայր Մաթոս աղան եւ Մարգարի ու Պօղոսի հետ միասին վճարելով Սահառունու բոլոր պարտքերը, դուրս է անում Պասքալի խեղկատակ վարդապետներին, վռնդում է տան մակաբոյծ Յակոբիկ էֆԷնդիին եւ միւսներին, վարում է ձրիակեր խոհարար Մրտոյին. ծառայ Կիրակոսին, Պասքալին էլ հագցնում է Վիլայէթիս տարազով հալաւներ եւ բոլորին հաւաքում, նորից գաղթում, գնում է «երկիրը»:

Ի՞նչ է այդ բանը, ինչից առաջ եկաւ այդ բոլորը։ Ալաֆրանկան է այդ, Ալաֆրանկայութիւնից առաջ եկաւ այդ բոլորը: Ի՞նչ է, ուրեմն, Ալաֆրանկան, ալաֆրանկայութիւնը, որի դէմ լինում է հեղինակն իւր կատակերգութեամբ։ Ալաֆրանկան Տաճկահայոց պօլսաբնակ, զմիւռնաբնակ եւ առհասարակ Թիւրքիոյ ծովեզրեայ քաղաքներում ապրող հայերի ֆրանկների, այսինքն եւրոպացւոց, գլխաւորապէս ֆրանսիացւոց, որոնց ազդեցութիւնը նամանաւանդ զօրեղացել էր Տաճկաստանում Ղրիմի պատերազմից յետոյ, հետեւելու, նոցա կեանքով ապրելու, կոյր-զկուրայն ընդունելու նոցա կեանքի ամեն մի մանրամասնութիւնը, առանց լաւի ու վատի մէջ խտրութիւն տանելու, պախարակելի սովորութիւնն էր, որ ոչնչացնելով հայոց կեանքի նահապետական պարզութիւնը, նոյն ժամանակ եւ պատրաստականութիւն էլ չտալով նոցա եւրոպական կեանքով ապրելու, ձգում էր նոցա մի աներեւակայելի անորոշ, խառնափընթոր մթնոլորտի մէջ եւ բարոյապէս ու, նիւթականապէս սնանկացնում էր խեղճ ժողովուրդը։ Ալաֆրանկա հայը մոռանում էր իւր լեզուն, օրինաւոր կերպով չէր սովորում, եւ օտարինը, նա փոխում էր իւր զգեստի տարազը, ընդունում էր եւրոպական նիստ ու կացը եւ նոցա ապրելու եղանակը եւ այդ բոլորում ծիծաղելի ծայրահեղութեան էր հասնում։ Եւ ուրիշ պէս լինել էլ չէր կարող Եւրոպայի ազգերը հասել են իւրեանց ներկայ քաղաքակրթութեան, մի անգամից, այլ աստիճանաբար, դարերի ընթացքում անցնելով զանազան շրջաններից, իսկ Ալաֆրանկա հայերը կամեցել են այդ բանին հասնել միանգամից. նոքա կամ եկել են մի ոստիւն անել ու ոտով գլխով ընկնել Եւրոպայի գիրկը, որ, ի հարկէ, անկարելի բան էր: Դորա հետեւանքը բնականապէս եղել է այն, որ Ալաֆրանկա հայը մոռացել է իւրը-հայկականը, չի կարողացել հասնել եւ Եւրոպացուն. նա, ճիշդ է, ընդունել է եւրոպականութիւնը, բայց այդ ընդունելութեան եղել է ոչ գիտակցաբար, այլ կապկաբար նմանողութեամբ, մի խօսքով հայն ընդունել է եւ եւրոպացու կեանքի միայն արտաքինը, կեղեւը եւ անձեռնհաս է եղել իւրացնել, սեփականել եւրոպական կեանքի իսկական, ներքին խորհուրդը։

Արդեօք Ալաֆրանկան մեզանում գոյութիւն է ունեցել միայն յիսնական ու վաթսնկան թուականներին։ Ո՛չ, Ալաֆրանկայութիւնը մեր կեանքում միշտ գոյութիւն է ունեցել, գոյութիւն ունի եւ այժմ, գոյութին պիտի ունենայ եւ ապագայում, եթէ միայն մեր կեանքի պայմանները չփոխուին։ Խնդիրը միայն անուան ու յորջորջումի մէջ է. յիսնական ու վաթսնականի թուականներին Թիւրքիայում նա կոչուել է Ալաֆրանկա, Ալաֆրանկայութիւն, ուրիշ ժամանակներ եւ ուրիշ տեղեր նա ուրիշ պէս է կոչուել կամ բոլորովին անուն չի ունեցել։ Մենք յարմար ենք համարում հայերի այդ ընդհանուր Ալաֆրանկայի սովորութիւնը կոչել մի անունով «կապկաբար նմանողութիւն», որովհետեւ դորա ընդհանուր խորհուրդը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայերի անգիտակցաբար, հայելու մեջ արտացոլուող պատկերի ճշտութեամբ ուրիշի կեանքին հետեւելու, նմանելու, ձգտումը, հակումը, որ, ի հարկէ, նոցա պատմական կեանքի դժբաղդ հանգամանքների արդիւնքն է:

Հայն իւր պատմական կեանքում շատ ազգերի հետ է գործ ունեցել, շատերի հետ է շփուել, շատերի հետ քաղաքական, կրօնական եւ առեւտրական յարաբերութիւն ունեցել. բազմաթիւ ազգեր շատ էին ժամանակներից եկել, բնակութիւն են հաստատել նոյն իսկ Հայաստանում. Ասորեստանցիք, Հրէաներ, Պարթեւներ, Բուլղարներ, Ալաններ, Կասպիացիք, Չինացիք. Հնդիկներ, եւ այլն եւ այլն։ Հայաստանի այդ բազմատարրութիւնը սակայն, քանի որ գոյութիւն է ունեցել հայոց պետութիւնը, չի վնասել հային, նա, ընդհակառակը, ավելի օգուտ է բերել, որովհետեւ հայերը թէ իւրեանց թուով եւ թէ քաղաքական իշխանութեամբ աւելի հզոր են եղել եւ ժամանակի ընթացքում կարողացել են տալ նոցա իրանց լեզուն, կրօնը, սովորութիւնները, կարողացել են ձուլել, միացնել նոցա, օտարազգիներին իւրեանց հետ եւ իւրեանց թիւը հետզհետէ ստուարացնել: Բայց երբ որ

հայը կորցնում է իւը քաղաքական անկախութիւնը եւ նորա երկիրը դառնում է ասպարէզ բազմաթիւ ազգերի՝ Պարսիկների, Արաբացիների, Սելջուկների, Բիւզանդացիների, Թաթարների, օսմանցիների եւ միւսների արշաւանքների, նա շատ է վնասւում. նա չունենալով քաղաքական զօրութիւն, մի կողմից այլ եւս չի կարողանում այդ արշաւանքների առաջն առնել, միւս կողմից էլ չի կարողանում մաքառել այդ օտար ազգերի Հայաստանում հաստատուած մասի հետ եւ ամեն բանում տեղի է տալիս նոցա։ Հայերի մի մասը բռնութիւնից եւ մայր երկրի անապահովութիւնից, թողնում, գաղթում է օտար երկրներ եւ ենթարկուելով օտարների ազդեցութեան, մեծ մասով ժամանակի ընթացքում կորչում, ոչնչանում եւ ձուլւում է ուրիշ ազգերի հետ. մի մասն էլ մնալով իւր երկրում, աշխատում է այնպիսի դիրք բռնել դէպի իշխողները, որ կարողանայ իւր անձը եւ գոյքն ազատել: Նա աշխատում է այնպէս անել, որ, ըստ կարելւոյն, շատ քիչ աչքի ընկնի, եւ այդ պատճառով էլ սկսում է հագնել իշխողների պէս, խօսել իշխողների լեզուով, նիստուկաց անել օտարների եղանակով, օտարների կեանքի տարազով ապրել եւ մինչեւ իսկ երբեմն օտարների կրօնական դաւանանքն ընդունել։

Դարերի ընթացքում հայերն այսպէս վարուելով, աչքի չընկնելու համար իւրեանց ազգային բոլոր առանձնայատկութիւնները զոհ բերելով, վերջ ի վերջո, օտարներին նմանելու այդ սովորութիւնն այնպես ամրացնում, այնպէս արիւն եւ մարմին են դարձնում իւրեանց մէջ, որ երբ մի առանձին կարիք էլ չի լինում այդպէս վարուելու, ինչպես, օրինակի համար, յիսնական եւ վաթսնական թուականներին Ալաֆրանկա ապրելը, նոքա դարձեալ ձեռք չեն կարողանում քաշել այդ սովորութիւնից, որովհետեւ դա նոցա մէջ արդէն ազգային բնորոշ յատկանիշ էր դարձել։ Դորա հետեւանքը պէտք է համարել այն հանգամանքը, որ հայն ամեն տեղ ո՛ր ազգի ու երկրի մէջ եւ ապրել է, նոյն ազգի ու երկրի ժողովրդի իսկական տիպարն է ներկայացրել։ Հայը Պարսիկների մէջ եղել է կատարեալ Պարսիկ, Տաճկի մէջ Տաճիկ, Թաթարի մէջ Թաթար, Քուրդի մէջ Քուրդ, Չերքեզի մէջ Չերքեզ, Հունգարացու մէջ Հունգարացի, Լեհացու մէջ Լեհացի, Մալդաւանցւոց մէջ Մալդաւան, Ուլախաց մէջ Ուլախ, եւ ոչ մի տեղ բնիկ հայ իւր բոլոր գույներով ու առանձնայատկութիւններով։

Մեր օրերում երբ կրթութիւնը բաւականին տարածուել է մեր ազգի մէջ, երբ շատ շատերի աչքերը բացուել են հստանաչելու չարն ու բարին, երբ ամեն տարի բազմաթիւ հայ պատանիներ են գումարւում եւ մտնում մեր ժողովրդի զանազան խաղերի մէջ, թէ ոք էր կարծել, որ այդ դժբաղդ սովորութիւնը, եթէ ոչ իսպառ վերջացած, գէթ շատ զգալի կերպով պակասած լինի մեր մէջ։ Բայց մենք բոլորովին հակառակն ենք տեսնում։ Կապկաբար ուրիշներին նմանելու սովորութիւնը, ընդհակառակը, գնալով զորանում է եւ մեծ ծաւալ է ստանում մեր մէջ. մոռացւում է լեզուն, Հայկական լաւ ընտիր սովորութիւնները, ընդունւում է կոյր-զկուրայն, անգիտակցաբար ամեն բան եւ աւելի մեծ քանակով վատը, այն թէ լաւը, որ եւ բարոյապէս մեծ ու մեծ վնասների պատճառ է լինում մեր հասարակութեան համար։ Ուշադրութիւն դարձրէք, հետեւեցէք մեր հարուստ դատակարգի նիստ ու կացին, սովորութիւններին եւ ապրելու եղանակին, եւ դու ի կը սարսափէք, տեսնելով վարք ու բարքի այն խառնափնթորութիւնը, սոյն բաբելոնեան լեզուախառնութիւնը, այն տարօրինակ կոնտրաստները, այն հրէշային աշխարհահայեցողութիւնը, որոնք սիրում են մեր կարողութիւն ունեցող ընտանիքներում է Ղարաբաղցի «այեանը», որ երեկ միայն օլմազով պինդ կապում էր բերանը, այսօր արդէն իւր զգեստները Պարիզի ամենայայտնի դերձակի մօտ է կարել տալիս. Սիսեանի ռէշպերը, որ նոր միայն թարա քեամի մորթէ գտակ էր դնում գլխին, այսօր արդէն ցիլինդր է ծածկում, անգլիական երկար սիւրտուկ հագնում, մոնոկլ դնում աչքին. երեկուայ Մշեցի համալն այսօր արդէն թողած իւր լեզուն, ֆրանսերէն է կոտրատում, եւ այլն եւ այլն։ Մեր բնակարանները կրկնայարկ ու եռայարկ են, կարասիները բերել տուած մայրաքաղաքներից. մեր տներում վխտում են բազմաթիւ սպասաւորները՝ թուրք, չերքէզ, իմերէլ, գերմանուհի, ֆրանսուհի, մի խօսքով զանազան ազգութիւնների պատկանեալ «Մրտօներ» եւ «Կիրակոսներ». մեր երեխաներին դաստիարակում են զանազան «Շարըլներ», «Ժերոմներ», «Տէլոստներ», «Պուքիաթօներ», «Ճէքսըններ», - որը պար է սովորեցնում, որը նկարչութիւն, որը ջութակահարութիւն, որը լեզուներ, որոնք բոլորը միասին պատրաստում են մեզ համար մի սերունդ, առանց իդէալի, առանց սկզբունքի, ինչպիսին էին «Ալաֆրանկայի» Պասքալը, Մառգըռիթը, Յակոբիկ էֆէնդին եւ միւսները։

Ի՞նչ փրկութիւն, ի՞նչ ելք կայ մեզ համար դորանից, մեր մատաղ սերնդին հարկավոր է առողջ, խելացի ընտանեկան դաստիարակութիւն, մեր ծնողներն ինքեանք, պէտք է յաճախ փոխարինեն վարձկան ու ուսուցիչներին, դառնալով իւրեանց զաւակների համար մայրենի լեզուի ու գրականութեան ուսուցիչ. մեզ հարկաւոր է մշակել, զարգացնել մեր գրականութիւնը, որ նա լրացնէ մեր ընտանեկան դաստիարակութեան պակասը. թե թրին. մեզ հարկաոր է առողջ, լուրջ մամուլ, որ ղեկավար հանդիսանալ մեր հասարակութեան կարծիքներին, վերջապես, մեզ հարկաւոր է Հայկական բեմ ինքնուրոյն թատերական գրուածների ներկայացումներով։ Մեր երիտասարդները պէտք է անդադար կարդան եւ իւրեանց մտքում տպաւորեն այն հրաշալի խօսքերը, որ սորանից շատ տարի առաջ հանգուցեալ Աբովեանը քաղցր նուագի պէս հնչեցրել է մեր ականջին. «Ձեզ եմ ասում, ձեզ՝ Հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անումին մեռնեմ, ձեր արեւին ղուրբան. տասը լեզու սովորեցէք, ձեր լեզուն, ձեր հաւատը ղայիմ բռնեցէք»։ Մեր ծնողները պէտք է զարթեցնեն իւրեանց զաւակների մէջ այն ջերմ սէրը դէպի մայրենի լեզուն, մայրենի գրականութիւնը, դէպի հարազատ լաւ սովորութիւնները, նուիրական աւանդութիւնները, որ մի ժամանակ ստիպել է ոչ բանաստեղծ գիտնական հրապարակախօս Ս. Նազարեանցին մի րոպէ ոգեւորուել, բանաստեղծ դառնալ եւ քաղցր երգով դրուատել մեր ականջի եւ հոգու համար ախորժ եւ ընտանի մայրենի խօսքը,

 

Մայրենի լեզու, մայրենի բարբառ,

Ախորժ, ընտանի իմ հոգու համար՝

Առաջին դու խօսք, ականջիս հասած,

Դու սիրոյ քաղցրիկ առաջին յօդուած,

Մանկական լեզուիս թոթովանք տկար,

Հընչում ես իմ մէջ դու միշտ անդադար…

Ամեն տեղ փչում է Աստուծոյ շունչը,

Սուրբ է, այո՛, միւս այլ ձեւ ու ոճը։

Բայց թէ աղօթել, գոհանալ պէտք էր,

Իմ սըրտի սէրը յայտնել արժան էր,

Իմ երանական մտածութիւնը—

Ապա կը խօսեմ իմ մօրըս խօսքը։ [2]

 

Եւ երբոր այս բոլորն այսպէս լինի, կարճ միջոցում կը պատրաստուի մի թէեւ փոքրաթիւ, բայց մտքով, մարմնով եւ ուղղութեամբ մի առողջ սերունդ, որ մեր կեանքում կը կատարէ այն «Deus ex machina»-ի դերը, որ «Ալաֆրանկայի» մէջ կատարում է ծերունի Մաթոս աղապան. նոր խարազանը ձեռքին կը մտնէ մեր սուտ եւրոպացի ընտանիքները եւ գերդաստանները եւ բացագանչելով «ԽԵրն անիծ եմ էդ ալաֆրանկային», կը վանէ կապկաբար նմանողութիւնը, անգիտակցաբար ընդունած վնասակար խեղկատակութիւնները, միմոսութիւնները. նա կը մտնէ մեր սուտ ազնուական սալօնները եւ զայրացած Մաթոսի պէս գոչելով «Չափուխ եխըլն շուտան» կամ «Հա՛յտէ, քեֆիրլեր, եխըլըն շուտան» կը հալածէ շռայլութիւնը, վատնողութիւնը, զեղխութիւնը, անառակութիւնը, անբարոյականութիւնը եւ դոցա սպասաւոր ու ներկայացուցիչ ձրիակեր Մրտօներին, Կիրակոսներին, Միրմիդոններին, Պուավէններին, Շարըլներին, եւ ժողովելով մեր զանազան եւ բազմաթիւ Մառգըռիթներին, Պասքալներին ու Սահառունիներին, կը հագցնէ նոցա նախկին տարազը եւ կը տանէ վիլայէթը, այսինքն կը մաքրէ, կը դարձնէ նոցա նախկին անարատութեան, որպէս զի նորից նոր, առողջ հիմքի վերայ դնէ նոցա դաստիարակութեան գործը։



[1]     Մառգըռիթի ինչ տեսակ աղջիկ եղածն իմացւում է գլխաւորապէս նորա մի նամակից, որ նա գրում է իւր հօրը Միւսիւ Տիւվալ ֆրանսիացու տանից, ուր հայրն ուղարկել էր նորան մի քանի ժամանակով «ալաֆրանկայութեան» վարժուելու նպատակով: Հետաքրքրական է այդ նամակը, որովհետեւ նորա մէջ արտայայտուած մտքերը եւ նկարագրուած ժամանակ անցկացնելու եղանակը մինչեւ ցայսօր էլ դեռ հնացած չեն մեզ համար եւ մեր արդի բարձր դասակարգի նազելի տիկինների եւ օրիորդների սովորական աշխարհահայեացքի, ապրելու եղանակի, հագնուելու ու կապուելու տարազի ճիշտ պատճէնն են մի փոքր զանազանութեամբ միայն, որ Մառգռիթն իւր հօրը գրում է թէ եւ աղճատ, բայց եւ այնպէս մայրենի լեզուով, իսկ մեր այժմուայ նազանիները գրում եւ խօսում են միայն եւ միայն օտար լեզուով։ Fi-donc! ինչպես կարող է հայ կոպիտ լեզուն արտայայտել նոցա նուրբ զգացմունքները...

        «Ես հոս առողջ եմ, աղէկ ըռինտ եյլէնմիշ կըլլամ կոր Միւսիւ Տիւվալին տունը. բոլոր օրը կը խաղանք, կը ցատկինք, կը պտըտինք. մէկ խօսքով՝ ամէն թիւրլիւ շէնլիք կ՚ընենք կոր - գիշերներն ալ դուրս կ՚ելլանք ու փիազային վրայ ժուռ կու գանք լուսնկայի լուսով, ես ալ հոռմի հավաներ, տաճկի թիւրքիւներ կ՚երգեմ, կամ սորված ֆրանսզի ռօմանսներս, կամ թալիանի օփերայի կտորները կ՚երգեմ կոր, ինչուան կէս գիշերէն երկու երեք սահաթ ետքը։ Ամէնքը ինձի կը հաւնին ու մէկ բերան իս կը գովեն կոր։ Ամէն օր, ամէն տեղաց էնվիթասիօններ կուգան կոր ինձի։ Ֆրանսըզ քավալիէռները կ՚ըսեն կոր քի դուն Առմենիէն չիս. ֆրանսէզ մատմուազէլ մըն ես, իս ֆրանսէզի տեղ կը դնեն կոր, իմ մանիեռներս պիւթիւնն ալ անշանթէ կ՚ընեն կոր։ Ես ալ պէտք եղած տեղը քափրիս կ՚ընեմ, պէտք եղած տեղն ալ տէզիէօ տու կ՚ընեմ քի պիւթիւն քավալիէռներն իրար կանցնին, չեն գիտեր ինչ օմաժ ընեն ինձի։ Անուշ անուշ խօսքեր ու պիյեէներ շատ, ո՞ր մէկը գրեմ, աղապա, ո՞ր մեկը պատմեմ, Մոսկոֆի էլչին, աս իրիկունս Սուաբէ տանսանտ մը պիտի տայ իր հոս տեղի սարայը՝ պիւթիւն Պէօյիւք տէրէյի ու Պէյօղլուի մեծերուն։ Ինձի ալ օրերով առաջ հէմ բերնով աղչեց, հէմ տէ մախսուս քարթ տ՚էնվիթասին ալ ղրկեց. լաիլաճ պիտի երթամ. մախսուս տէքօլթե ֆիսթան մը շինել տուի որ շատ վայլեց ինծի, նոր պըրասլէ եւ զիչեք քուրօն ալ առի, ինձէ պաշխա քանի մը հայ քիպարի աղջիկներ ալ կան կարծեմ էնվիթէ եղած, ասոր համար շատ ուրախ եմ, զերէ անոնք պիւթիւնն ալ փատի կտորի պէս բաներ են. նէ՛ ինձի պէս ցատքել գիտեն, նէ՛ խաղալ, նէ՛ պէտք եղածին պէս փօլքա, նէ՛ վալս, նէ՛ քոնտրըտանս, նէ՛ ռէտովա, նէ՛ մազուրքա, նէ՛ փօլքա մազուրքա, նէ՛ կալօփ, նէ՛ սքոթիլ, նէ՛ քադրիլ. բոլոր գիտցածնին լանսիէմն է քի բոլոր աշխարհ պաթալ եղաւ, ասոնք իսէ տահա նոր սորվել են, ան ալ համալի պէս կը խաղան ու կը խաղան»։

[2]     Ս. Նազարյանցի «Մայրենի լեզու» ոտանաւորը, որից մենք հանում ենք այս հատուածը, նմանողութիւն կամ, լաւ է ասել, թարգմանութիւն է գերմաներենից։