Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳԼՈՒԽ Ը.

Խորէնի գրական պարապմունքի արդիւնքը Պօլսում լինում են բազմաթիւ գրուածներ, որոնցից մի մասը տպագրուած, ցրուած են 64-92 թուականների ընթացքում Պոլսում հրատարակուած հայ պարբերականների էջերում, մի մասը մնացել է անտիպ եւ նորա մահից յետոյ բոլոր նորա միւս թղթերի հետ միասին անցել է նորա եղբօր Գուիդոն Լուսինեանին, որ այժմ ապրում է Պարիզում, երրորդ մասը զոհ է գնացել Բերայի մեծ հրդեհին եւ, վերջապէս, չորրորդ մաuը հրատարակուել է այս անձին գրքույկներով:

Խորէնի հայ պարբերականներում իբրեւ լրագրական յօդուածներ հրապարակուած գրուածներից արժանի է առանձին ուշադրութեան Հոմերոսի «Իլիականի» առաջին երգի թարգմանութիւնը, որ նա 1881 թուին պարբերաբար հատուած հատուած թարգմանելով, տպագրել է «Մասիս» լրագրում, որ այն ժամանակներն ամենօրեայ թերթ էր։ «Գրաբարեան եւ աշխարհաբարեան» կռիւների ամենատաք ժամանակն էր: Խորէնը, որ գրաբարեան էր թէ իւր նախնական կրթութեամբ եւ թէ իւր գրական ճաշակով ու ուղղութեամբ եւ որ մինչեւ այդ ժամանակներն իւր ամենաընտիր երկերը շարադրել էր գրաբառ, իսկ մի երկու բան էլ եթէ աշխարհաբառ էր գրել, այդ մի փոքրիկ զիջումն էր եղել միայն նորա կողմից նպատակի համար, չի վարանում այդ պայքարի ժամանակ անցնելու աշխարհաբարեանների կողմը: Նա իբրեւ խելօք մարդ հասկանում էր, որ այն հիմումքը, որ գրաբարեանները բերում էին յօգուտ գրաբառ լեզուի գործածութեան, սխալ է։ Գրաբառը չէր կարող գործածական լեզու դառնալ, որովհետեւ նորանով չէին խոսում ոչ թէ միայն հայ ժողովուրդը, այլ եւ նոյն իսկ հայ գիտնականները. նա չէր կարող գործածական լեզու դառնալ, որովհետեւ. նա հասկանսլի էր միայն մի բուռն գիտնականների, իսկ հայ ժողովրդի ահագին մեծամասնութիւնն իսպառ չէր հասկանում նորան. նա չէր կարող գործածական լեզու դառնալ, որովհետեւ նա մեռած էր եւ չէր կարող յարութիւն առնել, կենդանութիւն ստանալ, ինչպես որ չէր կարող յարութիւն առնել եւ այն ժողովուրդը, որ մի ժամանակ խօսել էր այդ լեզուով, եթէ միայն ընդունենք, թէ, եղել է մի ժամանակ, որ Հայ ժողովուրդը խօսել է այդ լեզուով. նա չէր կարող կենդանանալ եւ գործածական լեզու դառնալ, ինչպէս որ չեն կարողացել կենդանանալ եւ կիրառութեան մէջ մտնել իտալացւոց համար լատին լեզուն եւ Յունաց համար հին յունականը։ Եթէ վերջապէս, հնարաւոր էլ լինէր մի օր յարուցանել գրաբառն իւր մեռելութիւնից, պէտք կլինէր նորան մշակել, յարմարեցնել ժողովրդի ներկայ մտածողութեան ձեւին, աշխարհահայեացքին, մտաւոր արդիւնաբերութեան եղանակին, որ մի շատ էլ հեշտ բան չէ: Այն ինչ աշխարհաբառն արդէն իսկ պատրաստ էր կենդանի, հասկանալի ամենին, ընդունակ ամեն տեսակ վերացական միտք յայտնելու եւ լիակատար մտաւոր գործիք լինելու համար, եւ միայն պահանջում էր զարգացումն, կատարելագործութիւն, որ միայն ժամանակի խնդիր էր, ուրիշ ոչինչ։ Գրաբառն էլ հայի համար հարկաւոր է եւ պետք է ուսումնասիրել նորան, որովհետեւ, նախ, նա հայոց հին մատենագրութեան լեզուն է, երկրորդ, նա մեր եկեղեցական գրքերի եւ ժամասացութեան լեզուն է, երրորդ, նա մի առատ աղբիւր է, որից աշխարհաբառը կարող է եւ պետք է իւր համար բառապաշառի, հարկաւոր ոճերի, դարձուածների առատ ատաղձ քաղէ, համբարէ։

Սակայն հանգուցեալն աշխարհաբարեանների հետ միասին այսպես դատելով, այսպիսի հիմունքների վերայ վիճաբանելով գրաբարեանների հետ, նոյն ժամանակ գործնականապէս ինքն իրան մասամբ հակասում էր։ Նա իբրեւ Մխիթարեան ուխտի դպրոցի մարդ, ըստ ամենայնի, հետեւում էր Մխիթարեանց, որոնք գրաբառի եւ աշխարհաբառի գործածութեան խնդրի վերաբերմամբ թունդ գրաբարեաններից մի փոքր տարբեր եղանակով էին մտածում եւ գործում։ Նոքա ինքեանք գրում էին եւ ու առաջարկում էին գրել եւ աշխարհաբառով, միայն այնպիսի աշխարհաբառով, որ, ըստ ամենայնի, մօտենար գրաբառին։ Մխիթարեանք կարծում էին, որ հետզհետէ զտելով աշխարհաբառը գռեհիկ ոճերից, ձեւերից ու դարձուածներից եւ տեղը մտցնելով գրաբառը, կարող են նորան մէկ օր այնքան մօտեցնել գրաբառին, որ նա բոլորովին գրաբառ դառնայ։ Դորանով, նոցա կարծիքով, կսպառուէր երկու կուսակցութեան վիճաբանութեան նիւթը, որովհետեւ մի կողմից գրաբարեանները բաւական կմնային, որովհետեւ վերջնական նպատակը գրաբառով գրելը կլինէր, միւս կողմից էլ աշխարհաբարեաներն անբաւական չէին լինիլ, որովհետեւ, աշխարհաբառի հետզհետէ փոխուելը գրաբառի վերածուելը կլինէր միայն աշխարհաբառի այն կատարելագործումը, որի մասին խօսում էին աշխարհաբարեանները։

Դորա, այդ ուղղութեան հետեւանքը պէտք է համարել Մխիթարեանների աշխարհաբառի այնքան գրաբաբախառն լինելը, որ դժուար հասկանալի է մեծամասնութեան համար, այդ ուղղութեան հետեւանքը պէտք է համարել եւ Խորէնի աշխարհաբառի այն աստիճանի գրաբառի մօտիկ լինելը, որ համարեա նոյնքան արուեստական եւ անհասկանալի է ժողովրդի համար, որքան եւ գրաբառը։ Առնենք, օրինակի համար, հէնց Արշակ Բ ողբերգութիւնը, որ յայտնի սկզբունքներ ու գաղափարներ ժողովրդականացնելու նպատակով հանգուցեալը գրել է աշխարհաբառ լեզուով աշխարհաբարեանների ու գրաբարեանների վիճաբանութիւններից դեռ քանի տարի առաջ. առնենք «Իլիականի» թարգմանութիւնը, որ նա արել է յոյն բնագրից աշխարհաբարեանների եւ գրաբարեանների վիճաբանութեան ամենատաքցած ժամանակ աշխարհաբառի ճկունութիւնը եւ ամեն տեսակ վերացական մտքեր արտայայտելու ընդունակ լինելն ապացոյց տալու դիտաւորութեամբ , առնենք, վերջապես, «Ստուերք Հայկականք»-ը, որ նա յօրինել է իբրեւ համոզուած աշխարհաբարեան, եւ մենք այդ բոլորի մէջ գործածած կտեսնենք մի լեզու, որով ոչ ոք չի խօսել, չի խօսում եւ չի խօսելու երբէք, մի զուտ արուեստական լեզու, մի զարհուրելի խառնուրդ աշխարհաբառի եւ գրաբառի, որ չի էլ կարելի իսկապէս կոչել աշխարհաբառ, այլ աշխարհաբառախառն գրաբառ կամ, ընդհակառակը, գրաբառախառն աշխարհաբառ։ «Իլիականը», բացի իւր լեզուի խառնուրդ լինելու պակասութիւնից, պակասաւոր է եւ իբրեւ թարգմանութիւն. նա չունի ոչ այն ճշտութիւնն ու ներդաշնակութիւնը, որ ունին հանգուցեալ Եղիա Թոմաճանի եւ նոր աշակերտ Արսէն Բագրատունու նոյն երկի գրաբառ թարգմանութիւնները, եւ ոչ մինչեւ անգամ այն ճշտութինն ու գեղեցկութիւնը, որ ունի Փիլիպպոս Վարդանանի աշխարհաբառ արձակ թարգմանութիւնը:

Եւ դրա պատճառը լեզուն չէ, որ որքան եւ խառնուրդ լինի, այնուամենայնիւ ընդունակ է լիովին արտայայտելու, հեղինակի միտքը, այլ Խորէնի թարգմանչական արուեստի անյաջողութիւնը կամ նորա թարգմանիչ լինելու ընդունակութեան պակասութիւնը։ Խորէնին իբրեւ թարգմանչի պակասում էր այն, որ կոչւում է թարգմանչական հոտոտելիք. նա չէր կարողանում թարգմանելիք երկի հեղինակի կաշուի մէջ մտնել, համակուել նորա զգացմունքներով, ոգեւորուել նորա գաղափարներով եւ ինքն երկրորդ հեղինակ դառնալ, ինչպէս որ արել եւ եղել են մեր Թոմաճանները, Բագրատունիները, Էմինները, Սատաթեանները, Վարդանեանները եւ միւսները. թարգմանիչը, ինչպես ասում է Բագրատունին, պէտք է անէ իւր թարգմանութիւնը «սեփականելով անձին զնոցա, այսինքն թարգմանելիք, երկելի հեղինակների, ոճն եւ ի նոցին տոգորս ներկեալ տարրացեալ՝ ապա այնուհետեւ յինքենէ իբրեւ ի բուն աղբերէ բխել յինքնուրոյն տիպս կերպարանաց, եւ ոչ թէ զնոցա յօրինուածն եւ զարարածն յամենայնի ի փոխ եւ ի վար առեալ՝ իբր ի թատր ինչ զնոցին բերել կերպարանս, հանգոյն իմն կապկաց առնելով հպտանս կամ պէս գունակ առակաւոր ճային աստի անտի փետրովք կցկցելոյ փերեւետել։ Զի այդպիսեօք եւ այլ եւս մանր եւ դիւրագիւտ հայթայթանօք հանդերձ՝ մարթ է տակաւին չլինել շարագրի՝ բնիկ հայագէտ եւ կատարեալ հայախօս, մանաւանդ յօտար լեզուէ թարգմանելն, իսկ բարձեալ ի նմանէ ապաւէն ամբարանոցին՝ յոր զակն պիշ ունի անթարթ, մնալ նմա գնչու եւ քաղթնատ եւ քան զխուժն դուժ եւս խաղտալեզու»։ [1]

Ահա թարգմանելիք երկերի հեղինակների ոճի այդ անձին սեփականելու եւ նոցա տոգորով ներկուելու, տարրանալու եւ այնուհետեւ անկախօրէն իրանից, ինչպես բուն աղբիւրից, ստեղծագործելու ընդունակութիւնը, որ այնքան անգնահատելի է ասել Բագրատունու թարգմանութիւնները մեր գրականութեան մէջ, Խորէնը չունէր։ Այդ պատճառով էլ նորա թարգմանութիւնները մեր գրականութեան մէջ արժեք չունին. նոքա չոր են, նիւթական են, կամ, ինչպես ասում է Բագրատունին, «իբրեւ ի թ ատր ինչ զնոցին բերեն կերպարանս, հանգոյն իմն կապկաց առնելով հպտանս կամ պէս գունակ առակաւոր ճային աստի անտի փետրովք կցկցելոյ փերեւետել»: Նորա «Դաշնակները» տեղ-տեղ այնքան անհասկանալի են կամ դժուար հասկանալի, որ չեն պատկերացնում մեզ համակ զգացմունք, համակ ոգեւորութիւն Լամարտինի հրաշալի «Հառմոնեաները», նորա ողբերգութիւնների թարգմանութիւնները համ ու հոտ չունին, որ հեշտութեամբ կարելի է տեսնել, հաւաստիանալ, եթէ մենք, օրինակի համար, համեմատենք նորա «Սաւուղ»-ը Բագրատունու «Սաւուղ»-ի հետ. նորա «Իլիականը» աշխարհահռչակ Հոմերոսի գրչով անմահացած վերին աստիճանի պարզ եւ նոյն ժամանակ՝ կախարդիչ յոյն ժողովրդի ստեղծագործութիւնը չէ, այլ նորա չոր ու ցամաք կմախքը, որ ոչ միայն չի թովում, չի կախարդում ընթերցողներին, այլ տաղտուկ ու ձանձրոյթ է բերում նոցա վերայ։

Բայց ափսոս, որովհետեւ հանգուցեալն եթէ ոչ աւելի, գոնէ, յամենայն դեպս, ոչ պակաս բանաստեղծական աւիւն ունէր, քան թէ Բագրատունին, եւ կարող էր իւր ֆրանսերէն լեզուի հմտութեամբ, գոնէ, այդ լեզուից արած թարգմանութիւնների մէջ կատարեալ լինել միակ բացառութիւնը կազմում է նորա թարգմանութիւններից Յովհաննէս Դարդելլու տարեգրութեան թարգմանութիւնը, որ արել է Խորէնը 1877 թուին պ. Կարապետ Եզեանի խնդիրքով։ Դա մի վերին աստիճանի պարզ եւ գեղեցիկ գրաբառ թարգմանութիւն է, որ, մեր կարծիքով, յաջողել է հանգուցեալին, որովհետեւ այդտեղ բոլոր դժուարութիւնն եղել է ֆրանսիացի ժամանակագրի միջնադարեան լեզուն հասկանալը, որ Խորէնն իբրեւ լաւ ֆրանսագէտ կատարելապէս ըմբռնել է:

Մի կողմից մեր ընթերցողներին Խորէնի «Իլիականի» մասին մի ճաշակ տալու նպատակով, միւս կողմից էլ նորան յոյն բնագրի եւ հայ գրաբառ թարգմանութիւնների հետ համեմատելու միջոց տալու դիտաւորութեամբ, աւելորդ չենք համարում դնել այստեղ այդ այժմ դժուար ձեռք բերելիք թարգմանութիւնից մի քանի տող.

1. Երգէ՜, աստուածուհիդ, Պելիսածինն Աքիլեւսի

Կորստաբեր քէնն որ նիւթեց Աքայեցւոց բիւր աղէտներ

Շատ դիւցազանց վեհ ոգիներ թափեց դժոխքը տարաժամ,

Եւ աւար տուաւ զանոնք բոլոր թռչնոց եւ շուներու,

5. Եւ այսպէս Արամազդայ մտքին խորհուրդ կը կատարուէր,

Այն օրէն որ՝ իրարու դէմ մաքառելով՝ բաժնուեցան

Ատրիդէս քաջաց արքայն եւ Աքիլլեսն աստուածային։

Բայց ո՞վ արդեօք աստուածներէն գըրգռեց զանոնք յոխ եւ ի կռիւ.

Լեդովայ եւ Զեւսի որդին, որ արքային դէմ բարկացած՝

10. Զօրքին մէջ ձըգեց ժանտախտ, եւ ժողովուրդք կը մեռնէին,

Վասըն զի Ատրիդեանն ըզՔրիսէս քուրմ թշնամանեց

Որ եկել էր Աքաչեցւոց արագընթաց նաւերուն մէջ,

Իր աղջկանն ազատութեան անբաւ փըրկանք բերելով,

Ձեռքն առած նա զվարսակալ կորովաձիգն Ապոլլոնի

15. Եւ գաւազանն ոսկեձոյլ՝ կը պաղատէր Աքայեցւոց,

Եւ մանաւանդ՝ Ատրիդեանց՝ զօրաց երկու վեհ պետերուն,

«Ատրիդեա՜նք, ով բոլոր գեղեցկամոյկ Աքայեցիք,

Տան ձեզի աստուածներն՝ որ զՈղիմպոս ունին կալեան՝

Պրիամու քանդել քաղաքն, եւ տուն դառնալ ողջ եւ առ ողջ.

20. Արձակեցէք սիրուն աղջիկս եւ փրկանքին առէք զգին,

Յարգելով Զեւսի որդին՝ ըզշեշտաձիգն Ապոլլոն» [2] ։

Պատասխանեց կապուտաչեայ աստուածուհին Աթենաս

«Երկընքէ՜ն իջայ ցասումդ մեղմելու, թէ հնազանդես

Զիս յուղարկեց Օդոյի՝ սպիտակածղի աստուածուհին,

Որ երկուսդ ալ՝ նոյն չափ սըրտովը կը սիրէ ու կը խնամէ,

210. Օ՜ն աղէ, դադարեցուր վէճդ, ու մի՛ քաշեր ձեռքովդ թուր,

Այլ միայն՝ կըշտամբանաց ըսէ խօսքեր, ինչ եւ ըլլայ։

Եւ ահա՝ կըսեմ քեզի, որ եւ պիտի իսկ կատարուի,

Օր մը քեզի տըրուին եռապատիկ շքեղ ընծայք,

Նախատինքին այն փոխարէն, զըսպէ ինքզինքդ, ու լըսէ մեզ»:

215. Առ նէ քաջոտն Աքիլլեւս պատասխանեց եւ ըսաւ,

«Թէեւ սաստիկ եմ սըրտմըտած՝ բայց ինձի հ՛արկ է կատարել։

Ձեր երկուսի՛ն իսկ հրամանն, ո դիցուհի, զի՝ ա՛յն է լաւ.

Ով որ հնազանդ է աստուածոց՝ անոր յաէտ կը լսեն անոնք»:

Ըսաւ, ու իրեն ծանըր ձեռքով հըրեց արծաթ երախակալն,

220. Ու մեծ թուրը վերըստին իրեն պատեանը ներս խոթեց,

Մտիկ ընելով Աթենասայ՝ որ Ոլիմպոս սլացաւ ի վեր՝

Վահանազէն Զեւսի կայանն եւ համօրէն աստուածներուն,

Իսկ որդին Պելեայ նորէն նախատալից նետեց խօսքեր .

Առ Ատրիդեանն Ագամեմնոն, եւ չէր դադրեր բարկութենէն.

225. «Ո՞վ գինեմոլ, որ ունիս շունի՜ աչեր, եղջերուի՜ սիրտ,

Ո՛չ երբէք բանակին հետ պատերազմով շահատակիլ,

Ոչ երթալ դարանամուտ՝ Աքայեցւոց քաջերուն հետ

Երբեք քու սիրտ չարիացաւ, զի աչքիդ՝ մահ այդ կերեւի»

Զի դիւրագո՛յն է անշուշտ՝ նստել Արգեանց մեծ բանակում,

230. Եւ քեզի դիմադրողին ձեռքէն ընծալքն յափըշտակել։

Ազգակուլ թագաւոր, որ վատերու ես իշխեցող,

Զի ստուգիւ, Ատրիադէս, վերջին է քու այս նախատինք»

«Ո՛ Քրիսէս, արքայն արանց Ագամեմնոն զիս ուղարկեց

Քեզ բերել քու զաւակդ, ու փերեյ զոհ նուիրական եւ

Մորթել՝ համար Դանայեանց, որպէս զի մեզ հաշտի Արքայն,

445. Որ վերայ Արգեանց այժմիկ արձակեց ցաւ բազմահառաչ»։

Զայս ըսելով՝ ձեռքը տուաւ, եւ նա առաւ ուրախութեամբ

Սիրուն զաւակն. ապա անոնք աստուածոյն զոհը փառաւոր

Գեղեցկաշէն բագնին չորս կողմը շարեցին կարգ ըuտ կարգի։

Եւ ձեռներնին լըւալով՝ առին տարին նըւիրական,

450. Իսկ Քրիսէս բազկատարած բարձր ձայնով կաղօթէր

«Լսէ ինձ, Արծաթաղեղն, ըզՔրիսէ շուրջ կը պահես

Եւ զկիլլայն դիցային», եւ Տենեդի կիշխես հզօրք.

Արդարեւ դու լըսեցիր յառաջ ըրած աղաչանքիս,

Եւ զիս ինքն պատուելով՝ պատժեցիր շատ զազգն Աքայեան:

466, Աղէ, հիմակ ալ կատարէ դու զայս իմ ուխտ պաղատանաց.

Հեռացուր Դանայեանցմէ եւ այժմ հարուածս այս դժնդակ»։

Զայս ըսա աղօթելով, եւ Ապոլլոն լըսեց Փեբոս։

Յետ աղօթքն ընելու եւ ցանելու զսուրբ գարին,

Նախ սպանդից դարձուցին գլուխ, եւ խողխողեալ՝ քերթեցին մորթ,

460. Եւ զիստերը կըտըրտելով` շուրջ ծածկեցին զանոնք ճարպով,

Եւ կրկին զայն ընելով դըրին վերայ, միսն արիւնոտ,

Ծերը կայրէր զայնս ի փայտի, եւ կը թափէր շուրջ սեւ, գինի,

Եւ պատանիք քովը կեցած էին ձեռքում տէգ հինգժանի։

 

ԹԷ ինչ անտիպ գրուածներ է ունեցել հանգուցեալն առհասարակ, լաւ չգիտենք, մենք միայն գիտենք, որ նա դեռ 1859 թուին, երբ լույս է ընծայել իւր «Դաշնակք Լամարթինեայ» թարգմանութիւնը, արդէն թարգմանած պատրաստած է ունեցել հրատարակութեան համար եւ նոյն ֆրանսիացի հեղինակի միւս նշանաւոր գրուածքը - «Խnրհրդածութիւնք»։ Այդ մասին մենք տեղեկութիւն ունինք դաշնակների յառաջաբանից. որի մէջ Խորէնը խօսելով դաշնակների հրատարակութեան մասին, ի միջի այլոց, մի քանի խօսք էլ հարեւանցի ասում է եւ այդ «խորհրդածութիւնների» թարգմանութեան մասին։ «Թէպէտ, ասում է նա, եւ. զխորհրդածութեանցն եւս յեղեալ է մեր զքերթուածս, այլ ընտրեցաք զդաշնակացն նախ հանդիսացուցանել ի լոյս, քանզի ի սոսին վեհագոյն իմն օրինակաւ զտիպս հանճարոյն իւրոյ թողեալ է Քերթողին, որպէս ի քննադատիցն առհասարակ վկայեցաւ»։ Մենք գիտենք նոյնպէս, որ նա թարգմանած-պատրաստած է եղել եւ մի շարք ողբերգութիւններ՝ ԱլֆիԷրիի «Սաւուղ»-ը, Ռասինի «Գոթողիա»ն, Կոռնեյլի «Պողիկտոս»-ը, Վոլտերի «Զայիրէ»-ն, Առնոլդի «Մարիոս»-ը, Շեքսպիրի «Յուլիոս Կեսար»-ը եւ Շիլլերի «Ստիւարտ»-ը, որոնցից միայն հրատարակուել են Բազմավէպի մէջ Սաւուղն ամբողջապէս, Պողիկտոսի մի մասը եւ Յուլիոս Կեսարի մի մասը. իսկ միւսները մնացել են անտիպ։ Այդ մասին էլ մենք տեղեկանում ենք Արշակ Բ-ի յառաջաբանից, որի մէջ հանգուցեալը խօսելով իւր տաղաչափութեան մասին, ի միջի այլոց, ասում է. «Գիտեմք որ քաջ տաղաչափ մի առաջարկեց նախնեաց քառանդամը։ Մենք եւս երբեմն նորա խորհրդով՝ նոյն չափով քանի մի եւրոպական անուանի թատերախաղ փորձոյ համար թարգմանեցինք, ինչպէս Ալֆիերի Սաւուղը, Ռասինի Գոթողիան, Քոռնէյլի Պողիկտոսը, Վոլթերի Զայիրէն, Առնոյտի Մարիոսը, Շեքսպիրի Կեսարը ու Շիլլերի Սթիւարթը»։ Գիտենք, վերջապես, որ նա ունեցել է Պօլսում 64-92 թուականների ընթացքում գրուած բանաստեղծութիւնների մի ձեռագիր հաւաքածու, «Փունջք Արարատեան» խորագրով, որ, պէտք է կարծել, որ, երբ նորա մահից յետոյ նորա ճոխ մատենադարանը մաս մաս ծախուել է եւ նորա թղեթերն ուղարկուել են նորա եղբօրը Պարիզ, այդ էլ հանգուցեալի միւս թղթերի հետ միասին անցել է նորա, այսինքն եղբօր ձեռքը:

Բերայի մեծ հրդեհը, որ, ինչպէս յայտնի է, եղել է 1870 թուին, լափել է հանգուցեալի գրուածներից շատերը: Թէեւ մեզ, բացի «Վէպք եւ Եղերերք» խորագրով աշխարհաբառ բանաստեղծութիւններից, որոնց այրուելու մասին յիշուում է հանգուցեալի «Ստուերք Հայկականք» գրքոյկի յառաջաբանում, յականէ յանուանէ յայտնի չէ, թէ ուրիշ ինչ գրուածներ են այրուել այդ զարհուրելի հրդեհի ժամանակ, բայց կարծում ենք, որ դորան զոհ գնացած պէտք է լինեն նորա գրչի արդիւնքից եւ ուրիշ ձեռագրեր եւ, գուցէ, հէնց վերոյիշեալ «Խորհրդածութիւնների եւ «ողբերգութիւնների» թարգմանութիւններն էլ։

Առանձին գրքերով Պօլսում Խորէնը հրատարակել է «Քնար Պանդխտին» եւ «Ստուերք Հայկականք» բանաստեղծութիւնների հաւաքածուները։ Թողնելով մի կողմ առաջինը, որ հանգուցեալը հրատարակել է 1868 թուին եւ նուիրել է երջանկահիշատակ Գէորգ Դ կաթողիկոսին, որովհետեւ նորա մէջ համարեա թէ նոր բան չկայ, այլ միայն հաւաքուած ու ամփոփուած է նորա Մխիթարեան վանքում գրած եւ Բազմավէպում տպած եւ Պարիզում գրած ու Մասեաց աղաւնիում հրատարակուած գրաբար բանաստեղծութիւնները, մենք կխօսենք երկրորդի մասին, որ հրատարակուել է 1874 թուին եւ որ նորա գրուածների մէջ ամենանշանաւորն է. «Ստուերք»-ը մի փոքրիկ հատորիկ է. նա պարունակում է իւր մէջ ընդամենը միայն 30 հատ բանաստեղծութիւն, որոնք գրքի մէջ բռնում են 164 էջ: Դա այդպէս փոքր չէր լինիլ, եթէ չպատահած լինէր վերոյիշեալ Բերայի հրդեհը, որ լափել, ոչնչացրել է գրուած, տպագրութեան համար արդեն պատրաստուած «Ստուերք»-ի մեծ մասը. ազատուել են միայն այս կամ այն պարբերական թերթում զանազան ժամանակներում պատահաբար տպուածները եւ հեղինակի այս ու այն բարեկամի ձեռքին գտնուածները, որոնք եւ հաւաքուելով միասին եւ հրատարակուելով, կազմել են այժմուայ մեր ձեռքին գտնուած «Ստուերք»-ի հատորիկը: Բանաստեղծութիւնների այդ հաւաքածուն բաղկացած է երկու մասից. առաջին մասում տպագրուած են 13 հատ բանաստեղծութիւն, որոնք մի անունով կոչում են «Վէպք», երկրորդում —17 հատ, որոնք մի անունով կոչվում են «Եղերերգք»։ Առաջին մասի բանաստեղծութիւնները վիպական բնաւորութիւն ու բովանդակութիւն ունեն, երկրորդինը եղերերգական, այդտեղից կամ դորանից էլ հէնց առաջ են եկել գրքի երկու մասի խորագրերը «Վէպք» եւ «Եղերերք»։

Մենք ասացինք, թէ «Ստուերք»-ը Խորէնի ամենանշանաւոր երկն է, կամ, լաւ է ասել, նորա երկերի գլուխ-գործոցն է: Դորա պատճառը մենք տեսնում ենք նորա մէջ արտայայտուած զգացմունքի համեմատական խորութեան եւ նորա ինքնուրոյնութեան մէջ։ Դորա, այդ զգացմունքի խորութիւնն էլ, մեր կարծիքով, մեկնուում է Ստուերքի մէջ ամփոփուած բանաստեղծութիւնների բովանդակութեան հարազատութեամբ եւ նոսա մէջ գործածուած թէեւ խառնուրդ, բայց եւ այնպէս աշխարհաբառ լեզուի կիրառութեամբ, որ միջոց է տուել նորան լիակատար կերպով արտայայտելու իւր մէջ եւ եկած կրակը, սրտի զգացմունքը, հոգու հառաչանքը։ Ինչ որ վերաբերում է նորա ինքնուրոյնութեան, պէտք է նկատել, որ թէեւ դա էլ իւր գրութեան ձեւով, զգացմունքների արտայայտութեան եղանակով, իւր նիւթի բովանդակութեան զարգացումով եւ արտայայտուած մտքերի ու գաղափարների տեսակով իսպառ ազատ չէ Լամարտինի եւ առհասարակ ժամանակակից ֆրանսիական գրականութեան ազդեցութիւնից, բայց նորա մէջ, նախ, աւելի իշխող դեր է կատարում ռոմանտիք դպրոցի ազդեցութիւնն ընդհանրապէս եւ մասնաւորապէս Հիւգոլի ազդեցութիւնը, քան թէ կեղծ-կլասիքականութիւնը, քան թէ Լամարտի թախիծը, մելանխոլիան, կէս-դասական, կէս-ռոմանտիք ուղղութիւնը, երկրորդ, նա աւելի հայի մտածողութեան, հայ կեանքի ծնունդ է, քան թէ նորա նախկին գրուածներից մէկը։ Ստուերքի մէջ չկայ այն կապկօրէն նմանողութիւնը Լամարտինին եւ Հիւգոյին, որ երեւում է նորա միւս բանաստեղծական գրուածներում, նորա մէջ համեմատաբար աւելի քիչ է աչք ծակում այն ուռած-փքուածութիւնը, այն արուեստականութիւնը, որ յատուկ է կեղծ դասական գրուածներին եւ որ նոր «Պանդխտի քնարի» յատկանիշն է, նոր մէջ չկայ եւ այն վերացականութիւնը, այն լոկ անհատական, եսասիրական վիշտն ու թախիծը, այն կրօնական-միստիքական մտածողութիւնները, դատողութիւնները, որ նորա ամբողջ «Վարդենիք»-ի եւ «Քնար պանդխտին»-ի մի մասի բնաւորութիւն է կազմում։

Եւ այդ շատ բնական է, շատ հասկանալի է, որովհետեւ մինչ նա իւր «Քնար պանդխտինի»-ի առաջին մասը գրել է Մխիթարեան վանքում, իսկ երկրորդը Պարիզում, մինչ նա իւր «Վարդենիք»-ը յօրինել է Թէոդոսիայում, այսինքն մի միջոց, երբ նա կաթոլիկ հոգեւորական է եղել, երբ նա գտնուել է անմիջապէս Լամարտինի ազդեցութեան ներքոյ եւ երբ նա դեռ այնքան երիտասարդ է եղել, որ նորա մէջ տակաւին նստած, հանգստացած չեն եղել նորա երիտասարդական կայտիռքը, նա իւր «Ստուերք»-ը, ընդհակառակը, գրել է իւր հասակն առած ժամանակ, երբ նոր բնաւորութեան թեթեւութիւնը տեղի էր տուել լրջութեան, երբ նա ճանապարհորդած լինելով հայաբնակ քաղաքները, երկար ժամանակ ապրած լինելով Պօլսի բազմամբոխ հայութեան մէջ եւ Պատրիարքարանում զանազան պաշտօններ կատարած լինելով, առիթ էր ունեցել հայ ժողովրդի կարիքներին ու պէտքերին ծանոթանալ մի խօսքով, երբ նա սկսել էր ապրել հայի իրական եւ ոչ թէ վերացական կեանքում, իբրեւ հայ մարդ, իբրեւ հայ սրտացաւ հոգեւորական։ Յայտնի է, որ մի հեղինակի գրուածքի վերայ սովորաբար երեւում է նոյն իսկ հեղինակի հասակի, զանազան ժամանակամիջոցներում վարած կեանքի, նորան շրջապատող հասարակութեան վարք ու բարքի ազդեցութիւնը։

«Ստուերք»-ի առաջին մասը վէպերը, որոնց մէջ Խորէնը ներկայացրել է Հայոց հնագոյն եւ հին պատմութեան հերոսների՝ Հայկի, Արա գեղեցկի եւ Նուարդի, Զարմայրի եւ Շուշանի, Արամազդ Բ-ի եւ միւսների սխրագործութիւնները, եւ երկրորդ մասը Եղերգները, որոնց մէջ նա ներկայացրել է հայոց կեանքի ներկայ թշուառութիւնները, ընդհանրապէս եւ համեմատաբար այնքան սրտառուչ նկարագիր ունին, որ մի յայտնի չափով կարող են գրաւել, լափշտակել ընթերցողների սիրտն ու հոգին, թէեւ այն էլ պէտք է ասել, որ դոցա մէջ, նամանաւանդ եւ գլխաւորապէս վեպերի մէջ կեղծ-դասականութեան տարրը դեռ շատ զգալի է, որ հանգուցեալը կարողացել է այնպիսի գոյներով նկարագրել, այնպիսի խոր զգացմունքներով ներկայացնել հայի թշուառութիւնները, որ նոքա ընթերցողի աչքից ակամայ արտասուքի ջերմ կաթիլներ են քամում, այդ ինքն ըստ ինքեան հասկանալի է, որովհետեւ հայ ժամանակակից կեանքի այդ թշուառութիւններն այնքան մեծ, այնքան բազմատեսակ եւ այնքան թախծալից են, որ նոքա իբրեւ չոր, անմշակ նիւթ էլ արդեն ընդունակ են ամեն մի քար սիրտ ամոքել, ամենքին, տխուր զգացմունքներով համակել ու ամենքի արտասուքը շարժել. բայց որ նա կարողացել է չոր պատմական նիւթից մի այնպիսի բան լինել, որ մարդ ոչ միայն առանց ձանձրանալու կարդում է մինչեւ վերջը, այլ եւ մինչեւ անգամ մի յայտնի աստիճանի տպաւորութիւն է ստանում, մինչեւ իսկ համակւում է վաղուց անցած գնացած հայ կեանքի տխուր եւ ուրախ հանգամանքներով, առասպելաբանական եւ պատմական հերոսների սխրագործութինններով, այդ արդէն մի այնպիսի աչքի ընկնելու բան է, մի այնպիսի արժանաւորութիւն է, որի վերայ արժէ մատնացույց անել։

Խորէնը կարողացել է պատմական անձնաւորութիւններին այնպիսի զգեստ հագցնել, նոցա գործողութիւններին այնպիսի բնաւորութիւն տալ, որ նոքա չհեռանալով պատմութիւնից, մնալով իբրեւ պատմական անձնաւորութիւն, նոյն ժամանակ համապատասխանում են մեր իդեալներին եւ համեստութեան, գեղեցկութեան, քաջութեան եւ առաքինութեան օրինակ են հանդիսանում մեզ համար։ Արժէ կարդալ վերոյիշեալ Հայկը, Արան, Զարմայրը, Արտաւազդը, որոնցից ամեն մեկը մեզ համար մի մի խրատական օրինակ են: Հայկը եւ քաջ է եւ ազատասէր, Արան եւ գեղեցիկ է եւ համեստ, Զարմայրը եւ քաջ է եւ մարդասէր, Նուարդ եւ Շուշանը եւ գեղեցիկ, եւ սիրող, եւ համեստ եւ համբերող են, մի խօսքով, դոքա հայկական առաքինութիւններն են, միայն պատմական սեթեւեթներով զարդարուած, պատմական համեմունքով համեմուած:

Շատ սիրուն է «Արա գեղեցիկ եւ Նուարդ» վէպի մէջ Արայի եւ Նուարդի գեղեցկութեան նկարագրութիւնը.

 

«Հանց աղեղ լարած թուխ լայն լայն յօնքեր.

Ճակատուն հովտին կարծես ցանկ պատեր:

Ու գռուզ պոպոպիք ոլորելով սեւ սեւ՝

Կը ծփան մարմար վըզին ծաղկաձեւ։

Իսկ երբ բոցափայլ աչքվին եւռանդնոտ

Վեր առած հայէր յարփին անաղօտ,

Կարծես դէմ ընդդէմ յերկիր եւ յերկին

Զոյգ մի արեւներ յիրար պըշնուին:

Այն քաջին ուսոց կըռթընած քընքուշ՝

Կին մի տեսնըւէր քան շուշանն անուշ:

Ինչպէս ձիւնաթոյր հեզիկ աղաւնի,

Թեւերն ամփոփված բոյնին քով թառի։

Արշալոյսն երբ գայ այգուց ցօղազարդ՝

Ոչ այնպէս փափկիկ ճակատն ունի վարդ,

Ինչպէս նէրա սուրբ այտերուն վերան՝

Բոսոր ու ճերմակ վարդեր կը ցոլան։

Կապոյտ աչուըներն՝ են ջինջ աւելի

Քան թէ այն գարնան մաքուր դէմք երկնի,

Ո՛չ չըկայ քըրքում մի այնպէս սիրուն՝

Որ նորա յաղթէ ոսկի մազերուն,

Չէ, նա մատացու կարծես թէ չէր կին,

Այլ երկնաբնակ հրեշտակն էր քաջին,

Որ կնոջ առել գողտրիկ կերպարանք,

Լոյս տալ աչքերուն, սիրտին՝ ըսփոփանք,

Անուշակ քամին իջաւ մէյմըն այլ

Եւ ծածանեցան ծամերն ոսկեփայլ,

Ու երկու կաթիլ այն ծաւի աչքէն

Ընկան ինչպէս շիթք ցօղոյ երկընքէն»։

 

Ինքնատիպ գեղեցիկ է եւ «Զարմայր եւ Շուշան» վէպի մէջ շուշան՝ ծաղկի անուան ծագումը մեկնաբանող հատուածը.

 

«Կըսեն թէ Հայերն երբ երկրորդ օրին

Եկան որ իրենց փընտռեն թագուհին,

Հոն՝ ուր փակեց աչք նազելի Շուշան՝

Գեղազող միայն մի ծաղիկ գտան.

Թագուհւոյն ձիւնի պէս դէմքին նման

Ունէր նա սպիտակ շըղարշ լուսերփեան,

Եւ տերեւներուն անուշիկ բուրում

Դըշխոյին մաքրիկ սըրտին էր բըղխում:

Իսկ ճակտին վերեւ մարգարտի ցօղեր՝

Անշուշտ խեղճ հարսին վերջին արցունքն էր…

Որով հեզափայլ ծաղիկն այն օրէն

Ըզշուշան անուն առ ա դըշխոյէն,

Հայեր, երբ ճերմակ զայն ծաղիկ տեսնէք,

Չըքնաղ թագուհին ձեր ի միտ բերէք.

Ու գէթ մեր աչքէն կաթիլ մ՚ընդունին

Զարմայր ու նորա թշուառ ամուսին»»

 

Սակայն այդ վէպերի մէջ երբեմն պատահում են այնպիսի տեղեր կամ կտորներ, որոնք թէեւ գեղեցիկ արտայայտութիւն ունին, բայց իւրեանց բովանդակութեամբ ու իմաստով ճիշտ չեն, գոնէ, չեն յարմարուում. չեն համապատասխանում Հայոց պատմութեան ընդհանուր բնաւորութեան. «Հայկ» վէպի մէջ, օրինակ, Խորէնը ճգնում է մեր նախահօր ազատասիրութեան հոգին ընդհանրացնել, բովանդակ հայութեան յատկանիշ դարձնել, որ չի արդարանում մեր պատմութեան ընթացքով ու հանգամանքներով։ Հայ ազգն Առաջաւոր Ասիայի այն փոքրիկ ազգերից մէկն է եղել, որ իւր պատմական կեանքում, ինչպէս յայտնի է, շատ կարճ ժամանակամիջոցով միայն լիակատար անկախութիւն է վայելել. նա առ հասարակ գտնուել է այս կամ այն մեծ ազգի գերիշխանութեան ներքոյ եւ վայելել է միայն ներքին ընդարձակ ինքնավարութեան իրաւունքներ: Այդտեղ, ուրեմն, ազատասիրութեան մասին իբրեւ մի ընդհանուր ազգային բնաւորութեան ու յատկանիշի մասին խօսք լինել չի կարող: Մեր կարծիքով, մեր պատմագիրներից ոչ ոք այնպէս գեղեցիկ ու ճիշտ չի գծագրել հայ ազգի իբրեւ մի պատմական տարրի նկարագիրը, ինչպես Մովսես Խորենացին, որ իւր պատմութեան առաջին գրքի երրորդ գլխում ասում է այդ մասին, «ԹԷպետ մենք մի փոքր ազգ ենք, թուով շատ նուազ եւ զօրութեամբ տկար ու շատ անգամ ուրիշ թագաւորութեան ձեռքի ընկած, բայց մեր աշխարհում եւս քաջութեան շատ գործեր են կատարուած, որոնք արժանի են գրաւոր յիշատակի: Այս խօսքերով է գծագրում մեր ծերունի պատմագիրը հայ ազգի պատմական կացութեան խորհուրդը դեռ այն ժամանակ, երբ հայ ազգը տակաւին երկու պատմական շրջան էր միայն անցկացրել իր գլխից: Մեր յետագայ ժամանակների պատմութիւնն աւելի եւս արդարացնում է իւր ազգն ու պատմութիւնը լաւ ճանաչող հեռատես պատմագրի խօսքերը, թէ մենք մի փոքր ազգ ենք, թուով ու զօրութեամբ շատ տկար եւ յաճախ ուրիշ ազգերի ձեռքի տակ ընկած։

Դոյն տեսակ արտայայտութեամբ շատ գեղեցիկ, բայց իմաստով ու բովանդակութեամբ մեր պատմութեան անհամապատասխան շատ կտորներ պատահում են եւ «Ստուերք»-ի երկրորդ մասի եղերգների մէջ։ Առնենք, օրինակի համար, հէնց այդ եղերգներից ամենաընտիր համարուածները-   «Հայ ապրենք» եւ «Հայ մեռնենք», որոնք իւրեանց հանրահռչակ ծանօթութեամբ, կարելի է ասել, մեր ժողովրդական երգերի կարգն են անցել: Ի՞նչ է այդ, պատմութիւն է, ջատագովութի՞ւն է, խրախո՞յս է, թէ շովինիզմ։ Տարօրինակ է թւում մեզ հանգուցեալ եպիսկոպոսի բերանում այս խօսքերը.

 

Մեր աշխարհն է սուրբ։—   Մեր հոգուն վըրան,

Աստուա՛ծ է քալեր, հանելով զԱդամ.

Մե՛ր լեզուն ստեղծեր ու խօսել նախ ինք.

Ըսէք, որ Ազգին չորս Առաքեալներ

Երկնից թագաւորն է դեսպան ղրկեր,

Որ թագաււորին հետ թղթակցել ինք.

Քրիստոսի ունինք անդրանիկ օրհնէնք.

Հաւատոց եղանք միշտ ախոյեան մե՛նք

Հայը զարմացոյց զերկիր եւ զերկինք. եւ այլն։

 

Եթէ սա պատմութիւն է, ուղիղ չէ, որովհետեւ սորա մէջ յայտնուած փաստերը չեն համապատասխանում քննական պատմութեան ճշտութեան. եթէ սա մի ներբողեան, դրուատիք կամ գովասանական հիմն է հայի եւ նորա հայրենիքին, չափազանցութիւն է, որովհետեւ, թէ հայը եւ թէ նորա հայրենիքը ոչ այժմ եւ ոչ իւր պատմական կեանքում այդքան գովաբանելու հաւաստիքներ չեն ընծայել, եթէ սա խրախոյս է, օգտաւէտ չէ, որովհետեւ ինչ է լինի միայն մեծ հնչիւն խօսքերով լվանալով, քանի որ դառն իրականութիւնը բոլորովին ուրիշ բան է թելադրում. եթէ, վերջապէս, այս շովինիզմ է, իսպառ անտեղի ու վնասակար է, որովհետեւ շովինիզմը չի վայելում մինչեւ անգամ ամենամեծ ազգերին, ուր մնաց մեր պէս մի փոքր ու խեղճ ազգի, որը չունի մեծ ազգերի ոչ նիւթական ու բարոյական ոյժերը եւ ոչ նոցա կուլտուրան ու քաղաքակրթութիւնը։

Կրկնում ենք, մեզ տարօրինակ է թւում այդ բոլորը հանգուցեալի բերանում, որովհետեւ նա ապրել, գործել է մեր օրերում, ուրեմն եւ, պէտք է հասկանար ազգի դրութիւնը եւ, փոխանակ ջատագովելու չեղած փառքն ու առաքինութիւնը եւ դորանով շոյելու նորա ինքնասիրութիւնը, ընդհակառակը, պետք է զգուշացնէր, արթնացնէր նորան թմրութիւնից, որովհետեւ նս իբրեւ եւրոպական կրթութիւն ստացած մարդ պէտք է լաւ հասկանար մեր առասպելների կարգը եւ տեղի ու անտեղի իբրեւ պատմական ճշմարտութիւն չկրկնէր նոցա, վերջապէս, նա իբրեւ խելոք մարդ պիտի իմանար, որ այդպիսի բովանդակութեամբ գրուածներն առաջ են բերում ազգի մէջ կոյր սնափառութիւն, ինքնախաբէութիւն եւ անցեալ փառքերի ու դափնիների վերայ նստել-հանգստանալու հակումն ու տրամադրութիւնը։

Յամենայն դէպս «Ստուերք»-ի մէջ ամփոփուած վէպերից եւ եղերգներից մի քանիսն, եթէ ոչ իւրեանց ամբողջութեամբ, գոնէ, շատ հատուածներով, բնական, պարզ, սրտից բղխած, ներդաշնակ, սրտառուչ բանաստեղծութիւններ են, արժանի մեր բանաստեղծական գրականութեան մէջ իւրեանց վայել տեղը բռնելու: Ափսոս միայն, որ այդ բանաստեղծական կտորների ներդաշնակութիւնը տեղ-տեղ խանգարում է յանգերի արուեստականութիւնից, բռնազբօսիկ լինելուց: Չարաբաստիկ «Յանգարանը», որի վերայ անկասկած հանգուցեալը շատ ժամանակ է կորցրել, այդտեղ էլ, ինչպէս նորա բոլոր գրաբառ ոտանաւորների վերալ, իւր հետքերն է թողել իւր ազդեցութիւնն է ունեցել։ Ինչ բան են, օրինակի համար, «Արտաազդ Բ» վէպի մէջ պատերազմի պատրաստութիւնը նկարագրող տողերը, եթէ ոչ «Յանգարանից» քաղած միայանգ բառերի աններդաշնակ եւ անիմաստ կուտակումն»—

Դափն անդ ի դրընդիւն,

Նըժուգից վրնջիւն,

Որսորդաց գոչիւն,

Բարակաց հաչիւն,

Երէոց բաջիւն,

Զինուց շառաչիւն,

Աղեղանց ճայթիւն,

Նետից ճարճատիւն,

Շըռինդ ընդ բոմբիւն,

Այդ յընդ ոստ թընդիւն՝

Յանտառ, ձոր եւ թըմբիւն

Դըղրդիւն գանգիւն [3] ։



[1]     Տե՛ս «Քերականութիւն ի պէտս զարգացելոց» էջ 629։

[2]     Հոմերոսի Իլիականի միայն առաջին երգն է թարգմանել Խորէնը ընդամենը 463 տող։ Խորագիրն է. «Իլիականի Հոմերոսի երգ առաջին - յոյն բնագրէն թարգմանեց Խորէն Արքեպիսկոպոս Լուսինեանց»։ Տպագրուած է Մասիս լրագրի 1881 թուի նոյեմբերի 23-ի եւ դեկտեմբերի 2, 5, 17, 19, եւ 26 համարներում. Օգտում ենք դէպքից մեր առ ի սրտէ շնորհակալութիւնը յայտնելու սրբազան Յուսիկ եպիսկոպոսին, որ իրան յատուկ սիրելութեամբ չմերժեց մեր խնդիրը եւ անձամբ արտագրելով Ս. Էջմիածնի մատենադարանում պահուած «Մասիս» լրագրից 60 տող այդ թարգմանութիւնից, մի համառօտ տեղեկութեան հետ միասին ուղարկեց մեզ։

[3]     «Մասիս» լրագրի 1874 թուի նոյեմբերի 7–14 համարներում մի գրախօսութիւն կայ տպուած «Ստուերք»-ի մասին. Մ. Ն. Ն. գրախօսը, նախ, շեշտում է բանաստեղծութեան կարեւորութիւնը, երկրորդ՝ մի թռուցիկ հայեացք է ձգում հայկական բանաստեղծութեան վերայ ընդհանրապէս, անգիր կամ գողթան երգերն անուանելով «առնական», իսկ գրաւոր, այսինքն տառերի գիւտից յետոյ եղած բանաստեղծութիւնը «սրբազան»։ Ընդհանրապէս այդ գրախօսութիւնն աւելի ներբողեան է, քան թէ լուրջ քննադատութիւն, որ կարելի է եզրակացնել հէնց այն հանգամանքից, որ գրախօսը Խորէնի «Ստուերք Հայկականքը» համարում է բարոյական յեղափոխումներ անել տուող, փրկարար ցնցումներ պատճառող եւ անկշռելի օգտակարութիւն ունեցող մի գրքոյկ: Նորագոյն բանաստեղծներից գրախօհ կարեւորութիւն է տալիս Արսէն Բագրատունուն, նորա «Հայկ դիւցազն»-ը դրուատելով ոչ որպէս բանաստեղծութիւն, այլ որպէս բառերի ու ոճերի շտեմարանն Բէշիկթաշլեանի բանաստեղծութիւնը նա կոչում է «մելամաղձոտ» եւ «փափուկ», իսկ Դուրեանինը «ջղային»: «Մասիս»ի գրախօսի բոլոր ասածների մէջ եթէ կայ մի ճշմարտութիւն կամ ուղիղ դատողութիւն, այդ էլ, մեր կարծիքով, նորա Արսէն Բագրատունու «Հայկ դիւցազնի» մասին ասածն է: Մենք էլ կարծում ենք, որ Բագրատունու ոչ միայն «Հայկ դիւցազն» այլ եւ բոլոր ինքնուրոյն բանաստեղծական գրուածներն աւելի հայկաբանութեան շտեմարան են, քան թէ իսկական բանաստեղծութիւն «Մասիս»ի այդ գրախօսականի մասին մեր ունեցած տեղեկութիւնը մենք քաղում են դարձեալ Յուսիկ սրբազանի մեզ այդ մասին գրած նամակից։