Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳԼՈՒԽ Ժ.

Ի՞նչ խորհուրդ ունի «Աղցմիք»-ը եւ ինչ կապ Խորէնի «Վարդենիք»-ի հետ Աղցմիքը, ինչպես ասուած է վերոյիշեալ ընծայականի` մէջ, Վարդենիքի մի անդրադարձութիւնն է։ Հանգուցեալ Նալբանդեանցը կարդալով իւր միայնութեան մէջ Խորէնի այդ գրուածքը, արձագանգ է տուել, պատասխանել է դորան մի ուրիշ գրուածքով, որը, ըստ արտաքին երեւոյթին, մի եւ բոլորովին անկախ գրուածք է, բայց, ըստ ներքին բովանդակութեան, մի կծու քննադատութիւն «քերող-քերթող» կոչուած Խորէնի դէմ ընդհանրապէս եւ նորա Վարդենիքի դէմ մասնաւորապես։

Յայտնի է, որ Նալբանդեանցն ընդհանրապէս չէր համակրում Մխիթարեանց. նա գնահատելով Սեբաստացու եւ նոր աշակերտների հայոց հին գրականութեան եւ լեզուի մշակութեան մատուցած ծառայութիւնները, նոյն ժամանակ չէր ընդունում նոցա հայերի մէջ եւրոպական լուսաւորութիւն տարածելու, հայերի եւ եւրոպացւոց մէջ միջնորդ լինելու ձգտումներն ու ջանքերը. նա ապարդիւն եւ վնասակար էր համարում նոցա մանկավարժական գործունէութիւնը եւ ատելութեամբ էր վերաբերում նոցա քարոզութեան կամ առաքելութեան գործին։ Հանգուցեալ հրապարակախօսի կարծիքով, կաթոլիկութիւնն իբրեւ մի առանձին դաւանութիւն, իբրեւ մի առանձին եկեղեցի իսկապէս գոյութիւն էլ չունի. կայ միայն պապական եկեղեցի եւ պապական դաւանութիւն, իսկ կաթոլիկութիւնը միայն մի դիմակ է, որի տակ գործում է պապականութիւնը։ Դա, պապականութիւնը չի ընդունում ոչ ազգ, ոչ ազգային լեզու եւ ոչ ազգային պատմութիւն ու նուիրական աանդութիւններ։ Դա մի ընդարձակ պետութիւն է, որի սահմանները ձգւում, տարածւում են բոլոր աշխարհում, որի գլուխը պապն է, որի հպատակներն ամբողջ մարդկութիւնն է: Այդ պետութիւնը կրօնական է, բայց կրօնն այդտեղ միայն ծէս, միայն արտաքին կեղեւն է, դա մի զուտ աշխարհական իշխանութիւն է իւր բոլոր մանրամասնութիւններով, բոլոր կազմակերպութեամբ. պապն էլ մի Հայրապետ, մի կրօնապետ է, բայց աշխարհական թագաւորների լիակատար իշխանութեամբ եւ միայն աշխարհական անսահման թագաւորներին յատուկ եւ վայել սեթեւեթներով։

Նալբանդեանցը, որ իւր այս հայեացքը կաթոլիկութեան մասին շատ հմտութեամբ եւ ընդարձակօրէն զարգացրել է իր «Մխիթար եւ Մխիթարեանք» գրուածքում, Մխիթարեանց միւս կաթոլիկներից չէր ջոկում, նա կարծում էր, որ նոքա իբրեւ կաթոլիկ ուխտ եւ միաբանութիւն ուրիշ պէս էլ չեն կարող լինել, քան թէ որ են, ուստիեւ պահանջել նոցանից, որ նորա յարգեն իւրեանց մայրենի եկեղեցին, որ նոքա հերձուածող չանուանեն իւրեանց արենակից եղբայրներին, որ նոքա ծառայեն ազգի շահերին եւ նպաստեն բարոյապէս եւ մտաւորապէս նորա վերածնութեան գործին, մի խոսքով, որ նոքա ազգն աւելի սիրե՛ն, քան թէ պապին ու պապականութիւնը, այդ մի ապարդիւն բան է: Պապականների համար ամեն մի բան, որ պապական չէ, որ չի ծառայում պապականութեան շահերին, հերձուածողական է, հեռու է հոգու փրկութիւնից: Ամենաշատը, որ կարելի է պահանջել Մխիթարեաններից, այդ այն է, որ նոքա հաւատարիմ մնան իւրեանց ուխտի Հիմնադրի աւանդածին-Հայկական ձեռագրերը ժողովել, մաքրել եւ հրատարակել նոցա, գրաբառ լեզուն զտել եկամուտ  տարրից, հայագիտութեամբ պարապել, գրաբառ թարգմանութիւններ անել, հայ հնագիտութիւնը մշակել, եւ այդ ոչ իր եւ առ հաւատչեայ ազգի յառաջադիմութեան ու զարգացման, այլ իբրեւ մի զուտ ուսումնական հայերէնասիրական գործ, մի սովորական «profession de foi»:

Այսպէս վերաբերուելով դէպի կաթոլիկներն ընդհանրապէս եւ դեպի Մխիթարեանները մասնաւորապէս, Նալբանդեանցը նոյն ժամանակ մի առանձին հակակրութեամբ էր նայում այն Մխիթարեան կրօնաւորների վերայ, որոնք երբեմն թողնում էին ուխտը եւ վերադաոնում էին իւրեանց մայրենի եկեղեցու գիրկը, եւ այդ ոչ թէ նորա համար, որ այդ նա անօգուտ էր համարում, այլ որ նա չէր հաւատում այդպիսիների անկեղծութեան։ Մասնաւորապէս նա չէր սիրում, թշնամական դիրք էր բռնել դէպի այն չորս վարդապետները, որոնք 1853–57 թուականներին, թողին Ս. Ղազարու կղզին, հրաժարուեցին կաթոլիկութիւնից, վերադարձան հայոց եկեղեցու գիրկը եւ հիմնադիր եղան Պարիզի Հայկազեան դպրոցին։ Դոցանից նամանաւանդ նա չէր սիրում մէկին, Գաբրիէլ վարդապետ Այվազեանին, որ իւր Նախիջեւանի եւ Բեսսարաբիոյ թեմի առաջնորդութիւնը հակառակ կաթուղիկոսի ցանկութեան ստանձնելու, Խալիբեան դպրոցի հիմնարկութեան եւ Նախիջեւանի եկեղեցական գումարների հաշուետուութեան հանգամանքներով գրգռել էր իւր դէմ նորա ատելութիւնը եւ մասամբ արդարացրել էր նոր կասկածները։ Այդ ատելութիւնը, որ վերջին ժամանակներն աւելի եւս սաստկացել էր նորա մէջ, որովհետեւ նա կասկածում էր, թէ վարդապետի մատը պէտք է եղած լինի եւ իրան պատահած դէպքի մէջ, անցնում էր եւ Այվազեանի միւս ընկերների՝ Ս. ԹԷոդորեանի եւ Խորէն ու Ամբրոսիոս Գալֆայեանների վերայ, որոնք դեռ ոչ մի այնպիսի աչքի ընկնելու գործ չէին կատարել, որ կարողանային փարատել այնպիսի մարդու կասկածները, ինչպիսին Նալբանդեանցն էր։ Նոքա, ընդհակառակը, իւրեանց մինչեւ այդ ժամանակներն արածներով աւելի հաստատել էին նորա կարծիքները, թէ վարդապետները վերադարձել են հայոց եկեղեցու գիրկը հանգիստ ապրելու, բարձ ու պատիւ ստանալու, վայելելու նպատակով։ Ս. Թէոդորեանը, այդ բնիկ Հայաստանցին, այդ Բաղէշի զաւակը չէր դիմացել Վաղարշապատի շոգերին եւ մոծակների խայթոցին, չէր կամեցել ստանձնել Արցախի թեմի կառավարութեան դժուար ու պատասխանատու գործը եւ վերադարձել էր Պարիզ, բռնելով Հայկազեան դպրոցի եւ Մուրատեան վարժարանի պատմութեան պոչից, կարծես, հայ վարդապետ չլինէր։ Այվազեանն եղբայրացել էր աղա Խալիբի հետ եւ իւր հակաԺողովրդական ընթացքով ահագին խռովութիւն էր ձգել ամբողջ Նախիջեւանի եւ Բեսարաբիոյ թեմի մէջ, եւ, վերջապէս, Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեանները, ըստ ամենայնի, գործակից էին եղել Այվազեանին Խալիբեան դպրոցի, Նալբանդեանցի կարծիքով, վատթար կառավարութեան եւ դաստիարակութեան գործում։

Մասնաւորելով մեր խօսքը Խորէն Գոլֆալեանի մասին, մենք պետք է ասենք, որ Նալբանդեանցը շատ լաւ էր ճանաչում նորան. լաւ յայտնի էր նորան այդ վարդապետի Պարիզում վարած կեանքը, նա լաւ տեղեակ էր եւ նորա Թէոդոսիայի կեանքին եւ Խալիբեան դպրոցում ունեցած դաստիարակչութեան եւ ուսուցչութեան գործունէութեան հանգամանքներին։ Նալբանդեանցի սրատես աչքերը վաղուց արդեն նկատել էին այն երկուորութիւնը, որ երեւում է նոր անձի մէջ, ուստի եւ բնական է, որ չէր կարող խուսափել նոր աչքից Վարդենիքը, որ, ինչպես ասել ենք, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն երկուորութեան արտայայտութիւնը, դրական մարմնացումը։ Գրելով իւր (անդրադարձութիւնը» Նալբանդեանցը նպատակ է դնում իրան մի կողմից երեւան հանելու հայ գրականութեան մէջ երեւեցած այդ երկուորութեան հանգամանքը, միւս կողմից էլ մերկացնելու Խորէնի անձի երկդիմութիւնը, որ նա ամեն՝ միջոցներով աշխատում էր ծածկել, գաղտնի պահել Ժողովրդից: «Աղցմիք» ինչպէս յայտնի է, կոչում են այն շարականները, որոնք սովորաբար չեն երգում եկեղեցում մեծ պասին։ Նալբանդեանցն իւր Աղցմիքով կամենում է ասել, որ Խորէնի Վարդենիքն այն վերին, հոգեւոր սիրոյ իմաստով գրուած տողերը չեն, ինչպէս որ նա ճգնում է ցույց տալ, որ նորա տաղերի մէջ գործող «քոյր եւ եղբայրն» այն համահարազատ քոյր եւ եղբայրը չեն, ինչպէս որ նա աշխատում է ներկայացնել, եւ, վերջապէս, որ նոր երգերի մեջ մեծ տեղ բռնող կրօնական խորհրդածութիւններն ամենեւին չեն քօղարկում երգերի իսկական իմաստը, ինչպէս որ նա կամ եկել է անել, այլ նոքա զուտ սիրահարական երգեր են, նոքա մի աղցմիք են աշխարհական մտքով, ինչպէս իւր «Աղցմիք»-ը:

Հէնց այդ հանգամանքն ապացոյց տալու դիտաւորութեամբ է, որ Նալբանդեանցն իւր բանաստեղծութիւններից մի քանիսի համար ընտրել է նոյն՝ խորագրերը, որ մենք տեսնում ենք եւ Վարդենիքի մէջ եւ նոցա այդ նոյնատեսակ խորագիր ունեցող բանաստեղծութիւնների մէջ պարզ ու ակներեւ կերպով երկու սիրող սրտի սիրային յարաբերութիւնն է նկարագրել, հակառակ Խորէնի նոյն խորագրերով բանաստեղծութիւնների մէջ նոյն բանի քօղարկուած նկարագրութեան. այդ նպատակով հէնց, որ նա իւր բանաստեղծութիւնների մէջ իբրեւ գործող անձն ներկայացնելով «հրեշտակ եւ կոյս», «հարսն. քոյր եւ եղբօրորդի», նոյն ժամանակ եւ վերագրել է նոցա զուտ առօրեայ մարդկային, սովորական յատկութիւններ, հակառակ Խորէնի արածին, որ իր Վարդենիքի մէջ կամ եկել է ամեն բան ծածկել, ամեն բան քօղարկել քոյր եւ եղբայրն իրական բառերի սրբութեան տակ:

Բացի Խորէնի անձի երկդիմութիւնը եւ նորա Վարդենի ի երկուորութիւնը ցոյց տալու դիտաւորութիւնից, Նալբանդեանցը նպատակ է ունեցել իւր Աղցմիքով երեւան հանելու եւ այն, որ Խորէնը եւ բանաստեղծ ու հայկաբան էլ չէ։ Նալբանդեանցի կարծիքով, Խորէնի եւ նրա նմանների բանաստեղծ լինելու ընդունակութիւնն այնքան է, որ նույն կարող են արուեստական կերպով չափածոներ յօրինել, որ, յայտնի բան է, իսկական բանաստեղծութեան հետ ոչ մի կապ չունի, իսկ նոցա գրաբառի գիտութեան աստիճանն այնքան է, որ շատ մեծ բան է, եթէ նոքա կարողանան մեր առաքելանման թարգմանիչների լեզուն հասկանալ, այն ինչ նոքա իւրեանց քերթողական արուեստով ձգտում են հասնել ՇեքսպիրիՆ եւ Շիլլերին, իսկ իւրեանց գրաբառի գիտութեամբ յանդգնում են նմանել մեր բազմերախտ թարգմանիչներին: Այդ մի մեծ յանդգնութիւն եւ ծիծաղի արժանի յատկութիւն է, որ սեւփականացրել են իրանց Խորէնը եւ դորա նմանները, որովհետեւյայտնի է, որ մի քանի բառ ու տող գրաբառ «կաղակրկին կակազելով» դեռ չի կարելի հայկաբան կոչուել, ինչպէս որ բազմաթիւ չափածոներ գրելով էլ չի կարելի քերթող համարուել: Խորէնը քերթող չէ իւր գրուածներում, ինչպես ինքը Նալբանդեանցը քերթող չի համարում իրան իւր Աղցմիքի մէջ, Խորէնը հայկաբան էլ չէ, ինչպէս որ Նալբանդեանցն իրան հայկաբան չի համարում իւր նոյն Աղցմիք գրուածքում։

Ահա այդ հանգամանքի վերայ է ակնարկում հանգուցեալ հրապարակախօսը, երբ իւր Աղցմիքի համառօտ յառաջաբանում ասում է. «Զայս մի եւ եթ կանխեմք աղաչել, զի մի ոք համարեսցի եթէ եւ մեք առ

 

հայկաբանս կամ առ քերթօղս զանձինս գրիցեմք, քաւ լիցի մեզ: Դուզնաքեայ ոք, այր մի տառապեալ, խոստովանիմք, այլ՝ սպաս արարեալ ճշմարտութեան, ո՛չ երբէք զանձինս ունիմք առ որ չեմք, եւ ոչ երբէք։ Ընդէ՞ր իսկ բնաւ եւ մաղթանք. մի որոց աչս ունիցին տեսանելով ոչ զդոյն գուշակիցեն, անդէն իսկ ի վերծանութիւն մատուցեալ։ Ծաղու արդար իսկ արժանի. միթէ ամենայն որ կաղակրկին կակազէ, լիցի ի բարբառ գրգարանին, հայկաբանն իցէ, կամ որ չափաւն քերթող. «Եւ Սաւո՜ւղ ի մարգարէս», որպէս ասեն Գիրք։ Քա՛ւ, եւ մի լիցի, ասեմք եւ կնքեմք. այլ զդիպողն առանց բնաւ թանգուզանաց, արդիւնաւոր ճշմարտութեամբ եւ փորձոյ՝ զպատասխանին ճահճուցուցանեմ. ո՛չ բազում իցեն, քան եթէ սակաւք, զի առ ծանր թեթեւութեան անձամբ զանձինս յանդգնեցուցանեն, մինչեւ, թէ տա՜յր ոք, զբազմերախտ եւ զառաքելանման մերոց թարգմանչաց զգահուց բուռն հարկանել։ Սակա՞ւք իցեն առ մեզ, օրէն լիցի հարցանել, որ ի չափս ինչ արուեստակեալս զհողմս արածեալ միանգամ, զՇեքսպիրի կամ զՇիլլերի լոբին թեկն ածել, որոց եւ ո՛չ իսկ համբակացդ՝ անլուայից ստգիւտ թերեւս, ի ճահ։ Եթէ փութացաք ուրեմն քաել յայդպիսեաց` թուի մեզ, թէեւ ոչ իւիք ինչ գրեցաք: Շատ իսկ իցէ մեզ՝ ստուգութեամբ ասեմք, եւ կարի շուտ, եթէ զանձինս ի նախադրունս անդ համարձակեցուսցուք գիտութեան լեզուիս, զոր յերկնից արդեօք հրաման տայր ուսանել Քաջարանցն Արամ։ Թո՛ղ զքերթողականին վսեմ ճարտարութիւն, որով սակուք յոյժ, քան եթէ բազումք, խիլային ի բնութենէ՝ աստուածային գոգցես կայծակամբք ջահաւորեալ, ըստ որոց՝ եթէ այլոցն միայն քերթօղաց - հսկայից խելամուտ կարասցուք լինել սխրալի վաստակոց, ալ դէն երանելի զմեզ համարիմք»։

Այդ հանգամանքի վերայ է ակնարկում նաեւ, երբ իւր նոյն Աղցմիքի մանր բանաստեղծութիւններից մէկում հեգնօրէն «Քերող-Քերթող» անունն է տալիս Խորէնին, կամենալով դորանով ասել, թէ Խորէնի մէջ ամեն բան արուեստական է ու անբնական։ Խորէնը եւ դորա նմանները, Նալբանդեանցի ասելով, քերթող կամ բանաստեղծ չեն այն մտքով, ինչպես մենք ենք հասկանում, այլ աւերող են, այսինքն լոկ արհեստաւոր, զրկուած ստեղծագործութեան ընդունակութիւնից, զրկուած իւրեանց սրտի բղխմունքը եւ զգացմունքի զեղմունքը բնական, անարուեստ կերպով արտայայտելու յատկութինից։

Երբ որ Նալբանդեանցն իւր այդ «Քերողն-Քերթող» բանաստեղծութեան մէջ ասում է, թէ բնութեան մէջ ընձեռած ատոք հասկից մաքուր ցորեն ստանալու համար, պէտք է նրան կալսել կալում եւ մաքրել թեփից, թէ երթեւեկելու յարմար ճանապարհ պատրաստելու համար, պէտք է առապարները յարդարել, արգելքները հեռացնել եւ գետերի վերայ կամուրջներ շինել, թէ, վերջապէս, գոհարին շող ու ցոլք տալու համար, պէտք է ճարտարութեամբ քերել նորան, այդ բոլորովին հասկանալի է, որովհետեւ բնութեան բոլոր տուրքերն ընդհանրապէս կարօտ են մշակութեան, բայց երբ նա գեղեցիկ կոյսին նմանեցնում է մեծագին գոհարի եւ խորհուրդ է տալիս նորան Քերթող կոչուած Քերողի մօտ, որ նա քերէ նորան փայլն ու գեղեցկութիւնն աւելացնելու համար, եւ խորհրդաւոր կէտեր է դնում, դորա մէջ արդէն արտայայտուում է մի այնպիսի կծու հեգնութիւն, որ, բացի նորանից, որ բնորոշում է Խորէնին իբրեւ արհեստաւոր քերթողի եւ ոչ իսկական բանաստեղծի, այլ եւ ակնարկում է եւ նորար աշխարհային հակումների եւ վարած կեանքի վերայ։

 

Ցորեան՝ ատոք ի հասկին,

Մեզ ընձեռէ բնութիւն.

Այլ ո՞ ի կալ ո՛չ կատու,

Ո՞ qթեփ ոչ ընկենու.

Մնան միշտ բնութեան

Տուրք մշակութեան՝

Ուղւոյ եղեալ այր ոք այր,

Ընդ փոխասէր առապար.

Ո՞չ զստանն օ՛ն ի բաց,

Եւ ռահ հորդեալ դիւրագնաց?

Սոսկ ի մարդոյն մուրճ

Յարդարի կամուրջ։

Ո՛չ Հրեշտակն ցցասաց

Պատկառ, այդմ օրինաց,

Զամենայն փակեալ բանայ

Զի որ զկնին նորա գալ՝

Ելցէ, եւ մտցէ

Եւ ճարակ գտցէ ?

Եւ ահա կոյս հրաշաւոր,

Ճոխ Հեշտալեօք բիւրաւոր,

Այլ զի գոհար մեծագնոյ

Ոչ շողալ թարց քերելու,

Ածէք առ քերօղն

Անուանեալ քերթող!

......................

Քերի ակնն եւ թռչին

Բեկորք մանունք ի գետին,

Ճարտարին բաբախէ սիրտ

Բեկորք փայլին ի յակինթ...

Երգ ի ի քնար

Ի վաղիւ գոհար:

 

Որքա՞ն ճշմարիտ ու արդարացի է Նալբանդեանցի «ալդ կարծիքը Խորէնի անձի վերաբերմամբ եւ որքա՞ն ստոյգ ու իրավացի է նորա դատաստանը նորա գրուածքների մասին ընդհանրապես եւ «Վարդենիք»-ի մասին մասնաորապէս։ Որ Խորէնն ունենալով բանաստեղծութեան փոքրիկ կայծ ու շնորհք, այնուամենայնիւ իւր դաստիարակութեան շնորհիւ ու կեանքի զանազան հանգամանքների ազդեցութեան ներքոյ երբէք չկարողացաւ իսկական բանաստեղծ դառնալ, եւ որ նա հոգեւորական լինելով, հոգեւորականի կեանք չվարեց, միշտ կեղծաւորելով, միշտ իւր աշխարհային հակումները ծածկելով հոգեւորականթեան դիմակի տակ եւ այդպիսով առաջ բերելով իւր մէջ մի տեսակ երկդիմութիւն եւ իւր գրուածների մէջ երկուորութիւն, այդ մի զուտ ճշմարտութիւն է, որի մասին մենք արդէն իւր տեղում խօսել ենք, բայց որ նա այդ բոլորի հետ միասին հայկաբան կամ գրաբարագէտ էլ չէ, այդ ճիշտ չէ, կամ, առնուազն, շատ խիստ է։ Խորէնը, ինչպես ցույց են տալիս նորա գրաբառ ինքնուրոյն գրուածները «Քնար պանդխտին», «Վարդենիք», նորա գրաբառի թարգմանութիւնները «Դաշնակները», «Յովհան Դարդելլին», ողբերգութիւնները, լաւ գրաբառագէտ է, օժտուած հայկաբանութեան այն բոլոր առաւելութիւններով, որոնք յատուկ են ընդհանրապես բոլոր Մխիթարեաններին: Նա, իհարկե, Գաբրիէլ Այվազեանը, Արսէն Բագրատունին, Ղեւոնդ Ալիշանը, Արսէն Այտնեանը եւ միւս Մխիթարեան գրաբառագէտ պարագլուխներից չէ, բայց նա եւ գրաբառ, «կաղակրկին կակազողներից» էլ չէ, ինչպես ասում է Նալբանդեանցը. Նա մեր երանելի թարգմանիչների լեզուն ազատ հասկանում էր, նա արձակ գրում էր, սահուն, կանոնաւոր, անոյշ ոճով շարադրում էր, մի յատկութիւն, որ միայն կարող են ունենալ լաւ գրաբառագէտները, հայկաբանները։

Մենք առ հասարակ անարդարացի եւ խիստ ենք համարում հանգուցեալ հրապարակախօսի այն խօսքերը, որ նա իւր Աղցմիքի յառաջաբանում ուղղում է Խորէնի եւ Մխիթարեանների հասցէին ընդհանրապէս. «Ո՛չ բազումք իցեն, քան եթէ սակաւք, զի առ ծանր թեթեւութեան անձամբ զանձինս յանդգնեցուցան, մինչեւ, թէ տա՜յր ոք զբազմերախտ եւ զառաքելանման մերոց Թարգմանչաց զգահուց եւ բուռն հարկանել»։ Մխիթարեանները, ինչպէս յայտնի է, զտեցին, մաքրեցին մեր դասական լեզուն այն բոլոր եկամուտ եւ օտար տարրից, որ երկար ու ձիգ ժամանակի ընթացքում առատութեամբ սպրդել է իր նորա մէջ, ողողել էին նորան. նոքա ԺԸ դարում վերականգնեցին Ե դարի լեզուն եւ մի տեսակ գրաբառի վերաստեղծող հանդիսացան մեր մէջ, ուստի եւ չպէտք է զարմանալ, եթէ Մխիթարեաններից ոմանք գրաբառ շարադրելու ասպարիզում այն աստիճանի վիրտոուզութեան հասան, որ մինչեւ իսկ յաջողեցան Ոսկեդարեան լեզուով գրել եւ նոյն իսկ Ոսկեդարեան հեղինակների դափնիներին մրցակից եղան։ Դորան ապացոյց կարող են լինել նոցա բազմահատոր ինքնուրոյն եւ թարգմանական գրուածները, որոնց լեզուի կանոնաւորութիւնը, յստակութիւնը եւ անուշութիւնն ոչնչով յետ չեն մնում մեր Ոսկեդարեան հեղինակների գրուածների լեզուից, չենք խօսում արդէն մեր վեցերորդ ու յաջորդ դարերի հեղինակների մասին, որոնցից նոքա ամեն բանով գերազանցել են։

Եւ յետոյ, ի՞նչ խորհուրդ ունի այն համեմատութիւնը, որ Նալբանդեանցն անում է իւր Աղցմիքի եւ Խորենի գրուածների մէջ։ Այդ, ի հարկե, մի կծու հեգնութիւն է, որով նա կամենում է ասել, թէ այնպիսի բանաստեղծութիւններ, որ պարունակում է իւր մէջ Վարդենիքը, ինքն էլ կարող է յօրինել, բայց այնուամենայնիւ ինքն իրան բանաստեղծ կամ քերթող չի համարում, թէ այնպիսի գրաբառ լեզուով, որով շարադրում է Խորէնը, ինքն էլ կարող է շարադրել, բայց դարձեալ իրան հայկաբան չի համարում, Սակայն մենք կարծում ենք, որ այդ մի մեծ համեստութիւն է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար գործ է դնում Նալբանդեանցը եւ դորանով մասամբ ինքն իրան հակասում է: Աղցմիքի մեծ մասը, ինչպէս արդէն մենք ասացինք, զուտ բանաստեղծութիւն է, ուրեմն, հանգուցեալի խօսքերից դուրս է գալիս, որ եւ Վարդենիքն եթէ ոչ ամբողջութեամբ, գոնէ, մասամբ բանաստեղծութիւն է: Ակներեւ է, եթէ ոչ արտաքին, գոնէ, ներքին հակաuութիւնը, որովհետեւ Նալբանդեանցն Աղցմիքում ինքն իրան համեստութեամբ բանաստեղծ չի համարում, այն ինչ իսկապէս նա հէնց իւր այդ գրուածքում հանդիսանում է իբրեւ քերթող։

Այստեղ խօսք միայն կարող է լինել լեզուի, գրաբառագիտութեան, հայկաբանութեան մասին: Ինչ ասել կուզի, որ Աղցմիքի գրաբառն էլ մի կանոնավոր ու սահուն լեզու է, ոչ հեռի իսկական հայկաբանութիւնից, բայց արդարութիւնը պահանջում է ասել, որ այդ լեզուն չի կարող հասնել Խորէնի երկերի գրաբառ լեզուին։ Նալբանդյանցի գրաբառը Տէր-Գաբրիէլ Պատկանեանցի եւ ընդհանրապէս Հայոց հին վարժապետների լեզուն է, իսկ Խորէնինը Մխիթարեանների բոլոր այն բնորոշ տարբերութիւններով եւ, առանձնայատկութիւններով, որ կայ Հայոց այդ երկու գրաբառագէտ դասակարգի լեզուների մէջ: