Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼԻ» ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

/115/ Հայ ընթերցողին քաջածանոթ է Միքայել Նալբանդյանի հրապարակախոսական գործունեությունը: Բազմաբովանդակն էր հայ հասարակական կյանքը 19-րդ դարի 60-ական թվականներին: Լուսավորական շարժման շուրջ բանավիճային պայքարը ծավալվում էր պարբերականների  էջերում Նալբանդյանը  յուրայինների  հետ  ներկայացնում  էր «Հյուսիսափայլ» առաջադիմական-լուսավորական ամսագրի քաղաքականությունը, որը քննադատում էին «Մեղու Հայաստանի» եւ «Ճռաքաղ» պարբերականները: Բանավիճող կողմերն իրենց հոդվածները մեծ մասամբ ստորագրում էին կեղծանուններով, որոնցից արտակարգ ժողովրդականություն է ստանում եւ մեր գրականության պատմության մեջ իր հաստատուն տեղը գրավում Նալբանդյանի «Կոմս Էմմանուել» ծածկանունը:

Նալբանդյանագետները, բնականաբար, հանգամանորեն քննարկել են Կոմս Էմմանուելի բացառիկ կերպարի առանձնահատկությունները: Ակադեմիկոս Աշ. Հովհաննիսյանի «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» աշխատության առաջին հատորի գլուխներից մեկը, որը կրում է «Կոմս   Էմմանուելի   «Հիշատակարանը»   խորագիրը [1],   ամբողջովին նվիրված է այդ կերպարի լուսաբանմանը: Ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը «Միքայել  Նալբանդյանը  եւ  արդիականությունը»  աշխատության  մեջ բազմակողմանիորեն մեկնաբանում է գրողի եւ հրապարակախոսի անձնավորության  խնդիրը Հեղինակն  առանձին  բաժին  է  նվիրում  Նալբանդյանի արձակի գեղարվեստական համակարգի լուսաբանմանը [2] եւ վերլուծում Կոմս Էմմանուելի կերպարը:

Չնայած  Նալբանդյանին  նվիրված  աշխատություններում  մեկնաբանված   են   ժամանակի   գործիչների   բազմաթիվ   ծածկանունները` «Կոմս Էմմանուել» գրական կեղծանունը դեռեւս չի վերծանվել:

«Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի 1861 թ. համարներից մեկում խմբագիր Ստեփանոս քահանա Մանդինյանը հրապարակել է մի հոդ/116/ված հայ   մանուկների դաստիարակության շուրջ «Ազգային պակասությունք, թուլությունք եւ անհոգությունք» վերնագիրը կրող  ծավալուն  եւ  պարզունակ  հոդվածում  Մանդինյանն  ընդգծում  է  եվրոպական                   գիտնականների մանկավարժական ուսումնասիրությունների  մեծ  նշանակությունը  դպրոցական  գործում: Անդրադառնալով նաեւ եվրոպական գիտնականների նախորդներին, նա գրում է. «Փիլիսոփայից մեջ առավել երեւելի հանդիսացավ բարոյական վարդապետությամբ Արիստոտել, որին հետեւելով Կոմս Էմմանուել Թեսավրոսը 17-րդ դարում շարադրեց գիրք «Բարոյական իմաստասիրութիւն» անունով: Երանի թե ամենայն ուսումնարաններում այս պատվական գիրքը տեղ գտնե սովորեցնելու» [3]:

Թեսավրոսի գիրքն ուսուցչապետ Ստեփանոս վարդապետ Մելքոնյանի «մասնավոր խնդրանքով» 1825 թ. իտալերենից հայերենի է թարգմանել  Վենետիկի  Մխիթարյան  միաբանության  վարդապետ  Վրթանես Ասկերյանը: Գրքի առաջաբանում նա գրում է. «Այս գործ ընտիր յօրինեալ է յիտալական բարբառ ’ի մեծիմաստ եւ յիշխանաշուք առնէ, որոյ անուն կոչի Էմմանուել Թեսավրոս, Պատրիկ` կոմս եւ ասպետ անուանի» [4]: Ասկերյանը թարգմանության առաջաբանում ներկայացնում է Թեսավրոսի նպատակը եւ գրքում արծարծված խնդիրները: Պարզվում է, որ ութսունամյա գիտնականը գիրքը գրել է Սավոյայի եւ Տուրինի թագավոր Կարլոս Էմմանուել II-ի հանձնարարությամբ, նրա որդի` թագավորազն Վիկտոր Ամեդեոսի համար` «ի դաստիարակութիւն առաքինական վարուց, ըստ արժանի իւրումն աստիճանի»: Գիրքը թագավորի հրամանով տպագրվել է 1671 թ.:

Արքայազնի դաստիարակությանը նվիրված աշխատությունը բաղկացած է 18 գլխից, ուր փիլիսոփայական գիտության ամենաբարձր չափանիշներով  մեկնաբանված  են  անհատի  բարոյական  վարքագծի առանձնահատկությունները: Բնագիրը կազմում է 478 էջ, թարգմանչի ծանոթագրությունները`  140 որոնք  պարունակում  են  հիմնականում անտիկ գրականության, պատմության, արվեստի եւ բանահյուսության գիտական բացատրություններ:

Ի՞նչն  է  գրավել  Նալբանդյանին` իտալացի  փիլիսոփայի  անվան մեջ Կարծում  ենք`  Կոմս  Էմմանուել  անունը որքան  էլ  տպավորիչ, գրական կեղծանուն դառնալու համար առավելապես ընտրվել է իբրեւ երեւույթ` համամարդկային բարոյագիտության հիմնահարցերի գիտա/117/կան  վերլուծության  մարզում:   Նալբանդյանը     չէր     կարող չգնահատել արքայազնին տրված Թեսավրոսի մեծարժեք խորհուրդները,   որոնք   վերաբերում   էին   նաեւ   հայերի   բարոյական դաստիարակությանը: Թեսավրոսի աշխատության հայերեն թարգմանությունն ունեցել է չորս հրատարակություն (վերջինը լույս է տեսել 1870 թ. ):

1848-1853 թթ. Նալբանդյանը Նոր Նախիջեւանի ու Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի քարտուղարն էր եւ աշխատում էր Քիշնեւում: 1853 թ. նա մեկնում է Մոսկվա, աշխատանքի անցնում Լազարյան  ճեմարանում հետո  բացառապես  զբաղվում  ստեղծագործական աշխատանքով: 1858 թ. հայ լուսավորիչ-հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը նրա զինակցությամբ սկսում է հրատարակել «Հյուսիսափայլ» ամսագիրը, որի երկրորդ համարում արդեն տպագրվում են Նալբանդյանի բանաստեղծությունները` «Կոմս Էմմանուել» ստորագրությամբ: «Հյուսիսափայլի» հետագա համարներում տպագրվում են նաեւ նրա  արձակ  գործերը Այսպես «Կոմս  Էմմանուել» ստորագրությամբ 1858-1860  թթ շարունակաբար  տպագրվել  է  «Հիշատակարան  Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» ստեղծագործությունը: 1859 թ. տպագրված  «Մեռելահարցուկ»  անավարտ  վեպի  երեք  հիմնական բաժիններից մեկը նույնպես նվիրված է Կոմս Էմմանուելին:

Ժամանակի ընթերցողների վրա, սակայն, ամենամեծ տպավորությունը գործում է «Հիշատակարանը»: Կոմս Էմմանուելի «Հիշատակարանը» կամ Նալբանդյանի խոսքերով` նրա «առաջին եւ վերջին մխիթարությունը» ոչ միայն ներկայացնում էր հայ հասարակական մտքի նորանոր ձեռքբերումները, այլեւ գիտականորեն ուրվագծում ազգի լուսավորության եւ զարգացման հեռանկարային ծրագրերը (ազգային դպրոցների բազմացում, մայրենի լեզվի կատարելագործում եւ լրջմիտ ուսուցում, հայկական հին ձեռագրերի տպագրություն, ազգային եւ եկեղեցական պատմությունների ստեղծում եւ այլն): Կոմսը միաժամանակ հրապարակում էր հայ մշակութային կյանքի արժանահիշատակ երեւույթներն  Արեւմտյան  Հայաստանում  եւ  Եվրոպայում ծանրակշիռ  խոսքով գնահատում հեռավոր անցյալի հայ գործիչների վաստակը: Նալբանդյանի   «Հիշատակարանին»   առանձնահատուկ   թարմություն էին հաղորդում հետադիմական թերթերի բանավիճային հոդվածներին  Կոմս  Էմմանուելի  պատասխանները  եւ  գրախոսությունները:

«Հյուսիսափայլի» հակառակորդներն իրենց բանավիճային հոդվածներում անզուսպ արտահայտություններով հայհոյում էին Կոմսին, իսկ խմբագրին կշտամբում` նրան անարգել տեղ տալու համար ամսագրի /118/ էջերում:

Նալբանդյան-Կոմս Էմմանուելը, սակայն, անխոցելի էր բանավիճային պայքարում: Նա բազմակողմանիորեն զարգացած էր, սրամիտ, ինքնավստահ եւ իբրեւ հրապարակախոս ու բանավիճող` անհասանելի շարքային լրագրողներին:

Կոմսին հղած նամակներում, հոդվածներում «Հիշատակարանի» թղթակիցներ Ս. Խ. Շահբեգը, Մ. Տիրատուրյանը եւ Ա. Դ. Բաբկենյանցը (որոնք նույնպես Նալբանդյանի երկվորյակներն էին` շինծու ծածկանուններով) «Հիշատակարանում» Կոմս Էմմանուել անունն արտաբերում էին առանձնակի սիրով ու հպարտությամբ: Եվ դա հասկանալի է: Կոմս Էմմանուելը` Միքայել Նալբանդյանի կրկնակը, նրա հավատարիմ «օգնականն» էր եւ գաղափարների տաղանդավոր ժողովրդականացնողը, «Հիշատակարանի» եւ, իհարկե, «Հյուսիսափայլի» հաջողության կախարդական ոգին:

Առաջաբանի խոսքում Վ. Ասկերյանը խնդրում է հայ ընթերցողներին «անգործ չթողնել» երկու վաստակաբեկ ծերունիների աշխատությունը` հեղինակի, որն այդ գիրքը գրել է ութսունամյա հասակում եւ թարգմանչի, որը թեեւ վեց տարով նրանից փոքրահասակ` «անվեհեր կերպով» նվիրվել է նրա «դժվարաքիրտն» գործին [5] : Արդեն իսկ «Կոմս Էմմանուել» անվան ընտրությամբ Նալբանդյանը երկու հարյուր տարիների հեռավորությունից արժանին է հատուցել երկու վաստակաշատ ծերունիներին:


[1]     [Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք I, էջ 181-192: ]

[2]     [Էդ. Ջրբաշյան, Նալբանդյանի գեղարվեստական արձակի համակարգը. Էդ. Ջրբաշյան, նշվ. աշխ., էջ 111-134: ]

[3]     «Մեղու Հայաստանի», 1861, թիվ 47, էջ 552:

[4]     [Իմաստասիրութիւն բարոյական յօրինեալ Յէմմանուէլէ Թեսաւրոսէ ’ի մեծանուն Կոմսէ և ’ի պատուական Ասպետէ տէրութեան Սաբաւդիոյ, Վէնէտիկ, 1825, էջ Ե: ]

[5]     [Նույն տեղում, Էջ Ժ: ]