Միքայէլ Նալբանդեան. Ազգութեան հրապարակախօսը

Հեղինակ

Բաժին

Թեմա

IV. ԼԻԲԵՐԱԼԻԶՄ

Նախորդ գլխում ազգութեան ֆակտօրներից մէկն էլ համարեցինք քաղաքականութիւնը։ Լեզւի եւ եկեղեցու հետ միասին վերջինս հանդիսանում է այն կապերից մէկը, որով տիրապետող խմբակցութիւնը յօրինում է ազգային ամբողջութիւնը, որպէս բնութեան դէմ կազմակերպւած հասարակական կռւի մօմենտներից մէկը։

Այս վերջին հանգամանքը հարկաւոր է մի փոքր պարզաբանել։

Մենք ազգութիւնը պատմականօրէն ծնւած եւ պատմականօրէն չքացման ենթակայ մի հիմնարկութիւն կամ կազմակերպութիւն համարեցինք։ Ուրիշ խօսքով ասած՝ ազգութիւնը հանրակեցութեան, հասարակական ձեւերից մէկն է: Եւ որպէս այդպիսին նա մարդու տիրապետութիւնը բնութեան վրայ տարածող միութիւն է։ Սակայն /157/ մարդու տիրապետութիւնը բնութեան վրայ անհատօրէն եւ անմիջականօրէն չի կատարւում, այլ համայնօրէն եւ միջնորդապէս։ Բնութեան դէմ պայքարելու համար անհրաժեշտօրէն հանդէս են գալիս համախմբութեան կարիքը եւ կռւի կազմակերպումն։ Վերջինը յղի է բազմապիսի հանգամանքներով, քանի որ նա հանդէս է բերում մտաւոր եւ ֆիզիքական աշխատանքի, կազմակերպող եւ կազմակերպելի փորձերի ներհակութիւնն ու հակադրութիւնը, բնութեան վրայ տարած յաղթանակը օգտագործելու տարբեր դրութիւններ՝ մենաշնորհօրէն եւ համայնօրէն վայելելու անհաշտ հանգամանքներով։

Ազգութիւնների գոյութեան պերիօդը պատկանում է առաջին հանգամանքին, իսկ նրա չքացումն երկրորդ:

Ուրիշ խօսքով՝ ազգութիւնը պայմանաւորւած է դասակարգային կռւով, իսկ նրա չքացումը դասակարգերի վերացմամբ: Ազգութիւնը դասակարգային տիրապետութիւն է, իսկ նրա ոչնչացումն դասակարգային տիրապետութեան անհնարինութիւն։

Սակայն քանի գոյութիւն ունի ազգութիւնը, գոյութիւն ունի նաեւ ազգային ինքնապաշտպանութիւնը։ Եւ որովհետեւ ազգութիւնը ղասակարգային տիրապետութիւն է, ուստի եւ ազգային ինքնապաշտպանութիւնը ոչ այլ ինչ է, բայց եթէ դասակարգային ինքնապաշտպանութիւն։

Եւ ահա՛ մեշչանական ազգութեան քաղաքական ինքապաշտպանութիւնն է լիբերալիզմը:

Լիբերալիզմի ծագումը, զարգացումը եւ այլասերումն ամենից ավելի պարզ կերպով կարելի է տեսնել արեւմտեան Եւրոպայում: Եւ որովհետեւ համանման դասակարգերի քաղաքական ինքնապաշտպանութիւնը հիմնական առումով ընթանում է ամենուրեք մի ընդհանուր գծով, ուստի եւ /168/ եւրոպական մեշչանութեան (յատկապէս ֆրանսիական) պատմութիւնը հանդիսանում է իբրեւ մի տիպական երեւոյթ։ Տեղական հանգամանքների առաջ բերած փոփոխութիւնները չեն կարող աղաւաղել յիշեալ ընդհանուր գիծը հիմնովին։ Հետեւապէս եւրոպական մեշչանութեան քաղաքական ինքնապաշտպանութեան ծագումը, զարգացումն ու այլասերումն բնոյթագծելով հիմնական կէտերով, մենք բնորոշած կ՚լինինք ե՛ւ հայկական մեշչանութեան քաղաքական ինքնապաշտպանութեան եթէ ոչ պրակտիկան, գոնէ թէօրիան գլխաւորապէս։

Մեշչանական խմբակցութիւնը աւատականութեան տապալումից յետոյ ձեռք բերեց քաղաքական գերիշխանութիւն: Նա հէնց ծլել ու ծաղկել էր աւատականութեան գրկում, այդտեղ էր ստեղծել իւր կուլտուրական արժէքները, հակադրել դրանց իւր հակոտնեային եւ մի ըմբոստ ու խրոխտ յեղաշրջումով տիրացել հրապարակին։ Յեղաշրջումը չէր լինի յեղաշրջում, եթէ նա դարերով նախապատրաստւած չլինէր, եթէ նա չառաջացնէր աւատականութեան հիմնարկութիւնների կողքին երրորդ դասակարգի հիմնարկութիւնները։

Ի՞նչ հիմնարկութիւններ էին դրանք։

Աւատականութիւնը, ինչպէս յայտնի է, միջնադարեան հասարակութեան կուլտուրական յօրինւածքն էր, այն հասարակարգը, որ կտրւած էր հողային անթիւ մասնիկների, որոնցից իւրաքանչիւրը կամ մի քանիսը միասին ներկայացնում էին ե՛ւ որոշ տիրապետութիւն, իշխանութիւն: Մեր նախարարութիւնները աւատականութեան բնոյթն ու հիմունքները շատ որոշակի կերպով են բնորոշում։ Եւ իսկապէս. իւրաքանչիւր նախարարութիւն միաժամանակ ե՛ւ հողատիրութիւն էր, հողային մասնաւոր սեպհականատիրութիւն եւ իշխանութիւն. չկար հողատիրութիւն առանց իշխանութեան։ Կուլտուրական արժէքներն /159/ էլ այդ ընդհանուր հիմունքների վրայ էին կառուցւած. դա ազատականութեան կուլտուրան էր, որ ստեղծել էին ազնուականութիւնն ու հոգեւորականութիւնը: Աւատականութեան շրջանում վերջինս նոյնպէս մի հողատիրական կազմակերպութիւն էր, իսկ եկեղեցին հանդիսանում էր կրօնի աւատականացումը։ Տիրող կուլտուրայի, ուրեմն եւ ազգութեան ղեկավարները հանդիսանում էին աւատականները, որոնց քաղաքական շահերի պաշտպանութիւնը յանձնւած էր միջնադարեան պետութեանը։ Թագաւորը համարւում էր հաւասար իշխանների մէջ առաջին, աւագ իշխանը եւ նրա կենդրոնական կառավարութիւնը շատ թոյլ էր, որովհետեւ պետութեան մասերի միջեւ չէր տիրում ներքին օրգանական կուսակցութիւն. ամբողջ միջնադարը լցւած էր անընդհատ, յարատեւ կռիւներով, իշխում էր «բռունցքի իրաւունքը» իշխանների եւ թագաւորների միջեւ մի կողմից, իսկ միւս կողմից հէնց իրենց՝ իշխանների միջեւ։ Կուլտուրական եւ առհասարակ լուսաւորութեան գործը շատ դանդաղ էր առաջ ընթանում. ճորտ գիւղացիութիւնը, որ բնակւում էր աւատատէրերի հողի վրայ եւ մշակում, գտնւում էր բռնութեան ծանր լծի տակ. նրա ուսերի վրայ էր ծանրացած տնտեսապէս աւատականութեան կուլտուրական արժէքները, սակայն նա ծառայում էր իբրեւ գրաստ՝ հարկերի եւ անթիւ տուրքերի լծի տակ։ Բնական եւ շրջափակ տնտեսութիւնը, ցեխային օրէնքների տակ ճզմւած արհեստները կաղի կաղ էին տեղից շարժւում։ Կեանքը ընթանում էր մի օրինակ կերպով. երեկը անփոփոխօրէն կրկնւում էր այսօր. տիրում էր համեմատաբար կուլտուրական անշարժութիւն ու քնէածութիւն: Իսկ գիտութիւնների վրայ իշխում էր աստուածաբանութեան շունչը, որի համար մնացած, իրենից դուրս ուսմունքները ստորադիր եւ կախեալ վիճակի մէջ պիտի մնային։

/160/ Ահա՛ այդ պայմանների մէջ է հանդէս գալիս մեշչանական խմբակցութիւնը, որ սկսում է կազմակերպել իւր քաղաքային ինքնավարութիւնները, կօմմունաները եւ նրանց հակադրել միջնադարեան ամբողջ հասարակարգին: Քաղաքային ինքնավարութիւնները դառնում են այն հիմքնարկութիւնները, որոնց շուրջը կենդրոնացնում է երրորդ դասակարգը իւր կուլտուրան, իւր կուլտուրական արժէքները: Նա այդտեղից սկսում է ռմբակոծել ամբողջ աւատական հասարակարգը, հին ոյժերին ընդդիմադրելով նոր ոյժեր, թարմ, կենսունակ մի դասակարգի միջոցները։ Իւրաքանչիւր խմբակցութիւն իւր դասակարգային հիմնարկութիւնները ստեղծելով ձգտումն է ցոյց տալիս նրանց միմեանց հետ միաւորելու. միացնելուց յետոյ մինչեւ տիրապետութիւն ձեռք բերելը մի քայլ է։ Այդ ձգտման իրագործումի ետեւից է ընկնում երրորդ դասակարգը: Եւ դա հեշտ էր անել, որովհետեւ միջնադարի վախճանին աւատականութիւնը գնում էր դէպի կործանում, այն հիմքերը, որոնց վրայ նա կառուցւած էր՝ արդէն քայքայում էին եւ հարկադրական կարիք էր զգացւում հասարակութեան ղեկը մի նոր խմբակցութեան ձեռքին դնելու, որ աւելի կարող, ոյժեղ եւ կենսունակ լինէր։ Այդպիսի մի խմբակցութիւն հանդիսանում էր մեշչանական դասակարգը։

Հասարակութեան մնացեալ խմբակցութիւններին իւր դասակարգի հետ կապելու համար երրորդ դասակարգը սկսում է խօսել ամբողջ ժողովրդի կողմից։ Նա պատկերացնում է ամբողջ հասարակութեան հեծումն արտօնեալ դասակարգերի –ազնւականութեան եւ հոգեւորականութեան բռնութեան տակ: Եւ խոստանում է հասարակութեան այլ խմբակցութիւններին մի երանաւէտ վիճակ իւր իշխանութեան օրով։ Հրատարակւում է հռչակաւոր լօզունգը «ազատութիւն, եղբայրութիւն եւ հաւասարութիւն»։

«Երրորդ դասակարգը այսօր ոչինչ է, նա վաղը կ՚/161/դառնայ ամեն ինչ» գուշակութիւնը կատարւում է լիովին մեշչանութիւնը իւր հիմնարկութիւնների ոյժով, հասարակութեան այլ խմբակցութիւնների օժանդակութեամբ իւր ձեռքն է ձգում պետութեան ղեկը եւ սկիզբը դնում ներկայացուցչական կառավարութեան պարլամենտարիզմին։

Թէ ի՛նչ իրական բովանդակութիւն ստացաւ հռչակաւոր «ազատութիւն, եղբայրութիւն եւ հաւասարութիւն նշանաբանը յայտնի է ամենքին: Ստորադիր խմբակցութիւններից մէկը չորրորդ դասակարգը իւր կազմակերպութեան գործում խստիւ արգելքների ենթարկւեց, նրա հիմնարկութիւնները արհեստակցական միութիւնները արգելւեցին։ Իսկ ներկայացուցչական կառավարութիւնը իւր ցենզային ընտրողական իրաւունքով դարձաւ մեշչանական դասակարգի գործավարութեան կենդրոնը, նրա առեւտրական գրասենեակը: Բաբեօֆի ապստամբութիւնը խեղտւեց արեան մէջ. ու տիրեց մեշչանական րէակցիան։ Մարդու եւ քաղաքացու սրբազան իրաւունքները ոտնահարւեցին. կապիտալի ու աշխատանքի պայքարը բաց արաւ մի նոր մարտիրոսագրութեան դարաշրջան։ Երէկւան յեղափոխականները դարձան յետաշրջականներ։ Յեղափոխութիւնը երրորդ դասակարգի ազատագրութիւն էր նշանակում. եւ այդպէս էլ եղաւ։ Իշխանութեան ղեկը իւր ձեռքն առնելով՝ մեշչանութիւնը աշխատեց իւր դասակարգային տիրապետութեան հիմունքները ամրապնդել եւ կռիւ մղել երկու ճակատի վրայ. երէկւան թշնամիների աւատականութեան մնացորդների ոտնձգութիւնների դէմ եւ այսօրւան ոսոխների –չորրորդ դասակարգի կազմակերպման քայլերի եւ քաղաքական ըմբոստացումների դէմ։ Այդ կռիւն այսօր բաւական բիւրեղացած ձեւեր է ստացել. մեշչանութիւնը գնացել է հանգչելու յաւելեալ արժէքով րէնտա ստացողների կողքին, նրանք միացել են մի սրբազան դաշնակ/162/ցութեամբ չորրորդ դասակարգի դէմ, որի վրայ է ընկել անգամ լիբերալ սկզբունքները հետեւողականօրէն իրագործելու ճիգերը։

Միմեանցից խիստ որոշ կերպով տարբերւում են երրորդ դասակարգի պայքարի արշալոյսը եւ նրա յաղթանակի վերջալոյսը։

Հէնց այն ժամանակ, երբ նա ընդդիմադրում էր իւր կուլտուրական արժէքները աւատականութեան դէմ, երբ նա դարձել էր տնտեսական մի ահռելի ոյժ ու նրա արդիւնաբերական կապիտալը գործում էր չտեսնւած հրաշքներ՝ միացնելով իրար հետ ազատականօրէն բաժան բաժան եղած երկրամասերը մի կուլտուրական ընդհանուր կապով, երբ նա գիտակցում էր իւր դասակարգային ոյժերը, միաժամանակ արտօնեալ խմբակցութիւնների թուլութիւնը եւ իրենից կախում ունենալը տնտեսապէս, դրա հետ միասին իւր կողմն ունենալով ստորադիր խմբակցութիւնների համակրանքը ահա՛ այդ ժամանակ մէջ տեղ է բերում մեշչանութիւնը իւր յեղափոխական թէօրիան եւ պրակտիկան. բանականութեան կրիտիկան եւ անմիջական ներգործութիւնը։

Բոլոր աւատական արժէքները պէտք է վերագնահատւէին եւ իսկապէս վերագնահատւում էին։ Ինչ որ հակառակ էր բանականութեան առողջ պահանջներին, ինչ որ չէր արդարանում բանականութեան դատաստանի առջեւ, վերջապէս ինչ որ հակառակ էր մեշչանական շահերի հետեւողական գիտակցութեանն ու մտածողութեանը ըստ ամենայնի ժխտում էր։ Ժխտւում էր անխնայ եւ խստիւ: Ոչինչ չազատւեց այդ անխնայ քննադատութիւնից: Երկնքի եւ երկրի վրայ ո՛չ մի ազատական սրբութիւն չմնաց, որ չենթարկէր մեշչանութեան աւերիչ, ջախջախիչ եւ ըմբոստ քննադատութեանը:

Այդ խօսքի քննադատութիւնից բացի` կար եւ մեծա/163/գոյն քննադատութիւնը «զէնքի քննադատութիւնը»։ Անմիջականօրէն կանգնած էին միմեանց դէմ երկու ոխերիմ դասակարգեր, որոնց շահերը հակադիր էին, ժխտում էին իրար, ո՛չ մի կէտում հաշտութիւն չթոյլատրելով։ Երկու տարբեր բարոյահայեցողութիւն եւ իրաւահայեցողութիւն ընդհարւում էին իրար. եւ յաղթանակը պիտի պատկանէր նիւթապէս, բարոյապէս եւ մտաւորապէս ամենից ուժեղին, ամենից լաւ կազմակերպւածին, իւր թարմ, կենսունակ հիմնարկութիւնների մէջ ամեն կողմից պատսպարւածին։ Ո՛չ մի միջնորդի կարիք չէր զգում մեշչանութիւնը իւր դատը պաշտպանելու համար: Նա ինքն իր ձեռքով ուզում էր փշրել իւր ստրկութեան շղթաները։ Նա միայն օժանդակողների կարիք ունէր, իսկ կռւի ղեկավարութիւնն իւր ձեռքն առնելու պատրաստ էր արդէն։

Եւ իսկապէս իւր գործունէութեան այդ շրջանում երրորդ դասակարգը ո՛չ միայն խօսքի, թէօրիայի սահմանում էր ըմբոստ, վճռական եւ հետեւողական, այլ եւ գործի, պրակտիկայի բնագավառում։ Նա ոչ միայն խօսքով էր վերագնահատում աւատականութեան կուլտուրական արժէքները, այլ եւ գործով: Նոր, պայքարող դասակարգի բոլոր առաւել յատկութիւններն ունէր նա. խիզախ էր մտքով, խիզախ էր կամքով:

Աւատականութեան վրայ յաղթանակը տանելուց, յետոյ նրա քայքայւած, ճղակտոր եղած պետութեան տեղ մի կենդրոնաձիգ, ուժեղ եւ երիտասարդ պետութիւն կանգնեցնելով` երրորդ դասակարգը մերկացնում է իւր յեղափոխական ֆրազէօլօգիայի ամբողջ բովանդակութիւնը: Աշխատանքի եւ կապիտալի ուժգին պայքարը բաց է անում բուրժուազիայի իսկական կերպարանքը։ Պետութեան դերը այդ պայքարի մէջ, նրա հետեւողական պաշտպանութիւնը կապիտալի շահերի ի վնաս բանւորութեան ճիգերին, արհեստակցական միութիւնների, գործադուլների /164/ եւ առհասարակ չորրորդ դասակարգի կազմակերպութեան եւ ներգործական քայլերի դէմ սիստեմատիկ հալածանքն ու բռնութիւնը պարզում են ամեն ինչ: Պարլամենտարիզմն իւր ընտրողական իրաւունքով եւ սօցիալական րէֆորմներով հանդէս է գալիս իւր իսկական բովանդակութեամբ. յաւէրժացնել կապիտալի թագաւորութիւնը ընդդէմ չորրորդ դասակարգի, ամրացնելով այն շղթաները, որոնցով շղթայւած են ազգութեան տարբեր դասակարգերը մեշչանական խմբակցութեան հրամանատար ղեկավարութեամբ։ Պարզւում է նաեւ «ազատութիւն, հաւասարութիւն եւ եղբայրութիւն» դեւիզի իսկական նշանակութիւնը: Մասնաւոր սեպհականութեան, իշխանութեան եւ բռնի գործակցութեան կուլտը հասնում է իր ծայրագոյն աստիճանին։ Պարլամենտը ոչ-մեշչանական դասակարգերի համար դառնում է սոսկ մի խօսարան, որ նրանց իսկական կարիքների ու պահանջների նկատմամբ «եղած չեղած մի հաշիւ է»։ Պարլամենտից դուրս են դասակարգերը, միմեանց հետ չափւում իրենց ոյժերով, նրանց իրական կազմակերպութիւնների փոխյարաբերութիւնն որոշւում է մեշչանական գրասենեակից հեռու։ Բողոքող դասակարգերից ամենից հետեւողական թշնամի մեշչանական հասարակարգի բանւորութիւնը կազմակերպւում է իւր հիմնարկութիւնների մէջ, իւր սեպհական արժէքները հակադրելով Երրորդ դասակարգի արժէքներին, ինչպէս վերջինս մի ժամանակ անում էր ազատականութեան դէմ կռւելու նախապատրաստութեան միջոցին։ Այդ նոր դասակարգը իւր հետեւողական պայքարով եւ նւաճումներով ահ ու սարսափ է ազդում մեշչանական խմբակցութեան եւ վերջինս հետզհետէ նահանջում է եւ Բիսմարկների հովանու տակ որոնում իւր յաւելեալ արժէքի վայելման հանգիստը։ Այն երիտասարդական յախուռն պայքարների ժամանակ էր, երբ կարելի էր «ողորմութեամբն /166/ Աստուծոյ» իշխողին կառափնարան բարձրացնել. այժմ նոր ժամանակներ նոր բարքերով. ուժեղ իշխանութիւնը, ինչպէս յայտնւեց, արգելառիթ հանգամանք չի կարող ծառայել յաւելեալ արժէքի վայելման գործում, ընդհակառակն. այդ վայելումն ապահովելու եւ աներկիւղալի դարձնելու համար միակ փրկարար միջոցն է դիմել Նապօլէօնների ստւերի հովանուն: Այդ առաջ էր, որ պետութիւնը մեշչանական իդէօլօգների կողմից արգելառիթ հանգամանք էր սեպւում աշխատանքի եւ կապիտալի կռւի յաջող ընթացքին. այժմ պետութեան պաշտպանութեան որոնելը միակ հնարն է զանազան կարմիր սարսափների դէմ։

Հէնց այդ վերջինների ազդեցութիւնն է, որ պետութեան կուլտը հասցնում է ծայրագոյն աստիճանի: Ի հարկէ, դա իրաւական պետութիւն է, հասարակական կեանքի բոլոր արտայայտութիւններն իւր օրէնքների տակ դրած։ Սակայն այդ օրէնքները ոչ այլ ինչ են, բայց եթէ տիրող դասակարգի ոյժերի դեմօնստրացիան, որոնց դէմ գնալ նշանակում է մեշչանական հասարակարգի հիմունքներին ձեռնամերձ լինել։ Պետութեան հմայքը աւելի եւս բարձրանում է, որովհետեւ նա դաշնակից է եկեղեցուն, որ իր կրօնով մարդկանց ներքին աշխարհն է բռնադատում, իսկ պետութիւնը արտաքին։ Հասարակութեան քաղաքական եւ տնտեսական ոյժերի կենդրոնացման ձգտումը, նրանց միջեւ օրգանական ամուր շաղկապ ստեղծելը ամեն ինչ տեսնելու եւ տնօրենելու համար մեշչանական դասակարգը կատարում է իւր քրիստոնէական պետութեան միջոցով, որի գլխաւոր հոգսը, ինչպէս ասել ենք, երրորդ դասակարգի շահերի պաշտպանութիւն է։

Այդ շահերի հետեւողական պաշտպանութիւնը ծնել է եւ քաղաքականութեան ուրոյն մեթօդ, որ կարելի է անւանել բարենորոգչականութիւն, րէֆօրիզմ։ Անխախտ եւ /166/ անսասան թողնելով իւր տիրապետութեան հիմունքները՝ մեշչանական խմբակցութիւնը ստորադիր դասակարգերին իւր շահերի շուրջը համախմբելու համար նրանց մասնակից է դարձնում այս կամ այն չափով իւր տիրապետութեանը, նրանց մէջ աշխատելով ամրացնել այն համոզումն, թէ իրենք էլ իշխողներից են, յաւելեալ արժէքի մասնակիցներից: Բայց այդ բոլորը, ի հարկէ, չեն կարողանում ծածուկ պահել գերիշխողների հիմնական ձգտումը. ընտրողական իրաւունքը եւ քաղաքական սահմանադրութեան այլ եւ այլ բարենորոգումները չեն փոխում կապիտալի գերիշխանութիւնը, աշխատանքի շահագործումն նոյնպէս եւ քաղաքական իրաւունքների առանձնաշնորհումները՝ դասակարգերի տնտեսական փոխյարաբերութեան մէջ չեն փոխում եւ ոչինչ: Ֆիլանտրօպիան ու բարեգործութիւնը հասարակութեան հիմքի մէջ պարփակւած ներհակութիւնները չվերացնելով՝ աւելի ոյժ են տալիս մեշչանական խմբակցութեան տիրապետութեանը եւ նրա հմայքին։ Մեքենան միշտ մնում է մեքենայ, իսկ մեքենավարը մեքենավար. ազգային կուլտուրայի հաճոյքները հնձում են այդ կուլտուրայի ղեկավարները, տնտեսապէս ուժեղ խմբակցութիւնը, որի հզօրութեանն է ուղղւած այդ կուլտուրայի ամբողջ բովանդակութիւնը։ Ազգային կապիտալի անարգել առաջխաղացութիւնը յենւած ազգային պետութեան երկաթէ հովանաւորութեան վրայ ահա թէ ուր են յանգում վերջ ի վերջոյ` մեշչանական բոլոր րէֆօրմները: Քաղաքական ազատութեան բարձրագոչ քարոզները չեն կարող մի նշանախեց անգամ փոխել այդ ամենօրեայ իրականութիւնից: Իսկ ինքը այդ քաղաքական ազատութիւնը, ինչպէս տեսանք, ուժեղ բռունցքի պաշտամունք դարձաւ վերջին հաշւում։

Նոյնպիսի հետեւանք ունեցաւ եւ ամենատեսակ աստւածների դէմ պայքարելու ջերմը. անաստւած մեշչանու/167/թիւնը ի վերջոյ ստիպւած եղաւ իւր համոզումները պահել իրեն համար, իսկ կրօնը դրւատել «ժողովրդին չանբարոյականացնելու համար»: Մենք կարող ենք չափազանց խելօք ու գիտուն լինել, ըմբռնել կրօնի ծագման եւ զարգացման բոլոր պատճառները, ասել, որ մարդն է ստեղծել աստծուն եւ ոչ թէ աստուած մարդուն։ Բայց այդ բոլորը «ամբոխի» սահմանափակ ուղեղը չպէտք է մտցնել. նրան պիտի պահել կրօնական երկիւղների մէջ։ Երկնքի տիրապետներին գահավէժ անելով՝ նա կ՚ձգտի գահավէժ անելու նաեւ երկրի տիրապետներին: Բայց, ի հարկէ, կրօնն ու նրա մարմնացում եկեղեցին պէտք է դնել համապատասխան պայմանների մէջ, որ նրանք չհակասէին բուրժուական կուլտուրայի հիմնական արժէքներին. կրօնից պիտի վերացնել աչք ծակող առասպելները, իսկ եկեղեցին դարձնել դեմօկրատիկ մի հիմնարկութիւն, միշտ նրա վրայ պահելով ժողովրդի հսկողութիւնը ընտրողական իրաւունքի հիմունքներով։ Հին, աւատական եկեղեցու աւերակների վրայ պիտի բարձրացնել նոր դիմօկրատիկ եկեղեցու շէնքը, ինչպէս որ քաղաքականութեան մէջ տապալւած աւատական պետութեան աւերակների վրայ կանգնեցրւել է մեշչանական պետութիւնը իւր ընդհանուր ընտրողական իրաւունքով: Բնագիտութեան այս դարում, շոգու եւ ելեքտրականութեան մթնոլորդում միջնադարեան աւանդութիւններից եւ ծէսերից շատերը պէտք է վերացնել, թող մնայ սոսկ աւետարանը իւր հիմնական սկզբունքներով եւ նրա վրայ հիմնւած պարզ աւետարանական եկեղեցին: Սկեպտիցիզմի դարում ենք ապրում, ուստի եւ կրօնը պիտի լինի ազատ կրօն, խղճից բղխող եւ ոչ մի բռնութեան չենթարկւող, որովհետեւ կրօնական բռնութիւնը յատուկ է ստրկութեան շղթաներով առատ միջնադարին, որի կուլտուրան ջախջախւել է արդէն։ Ամենից աւելի պիտի յարգել բնութեան իրաւունքը, գերազանցութիւն միշտ /168/ պիտի տալ բնականին, ինչ որ անբնական է ժխտւելու է ինքնին։ Բնութեան մէջ գոյութիւն ունի կռիւ, պայքար այնտեղ կան ուժեղներ եւ թոյլեր, վերջիններս միշտ ստորադրւած են առաջիններին. եւ այդ է օրէնքը բնական, որ սուրբ պիտի պահւի եւ հասարակական կեանքում, եւ մարդկանց մէջ։ Կեցցէ ուժեղը, թող կորչի թոյլը դա բնութեան ձայնն է, սրբագործւած գիտութիւնից. քանի՜ քանի կենսաբաններ հաստատել են այդ հանգամանքը: Սօցեoլօգեան պէտք է դնել բեօլօգիայի հողի վրայ եւ այն ժամանակ կերեւայ թէ ո՞ւմն է պատկանում ապագան, ուժեղի՛ն թէ թոյլին։ Բնական մի հանգամանք է, որ մեշչանութիւնը իւր ղեկավարութեան կնիքը պէտք է դնի ամեն ինչի վրայ, երկնքի եւ երկրի բոլոր արժէքների վրայ, ուստի եւ եկեղեցին պետութեան աղախինը պիտի դառնայ եւ սրբագործի նրա գործունէութիւնը յօգուտ ազգի։ Գիտութիւնները, դպրոցները, գրականութիւնն ու մամուլը եւ այլն եւ այլն պիտի նոյնպէս ծառայական պաշտօն կատարեն, բոլորն էլ սպասաւորելով տիրապետող խմբակցութեան կարիքներին, որովհետեւ այդ կարիքներն են, որ առաջ են շարժում մարդկային կուլտուրան, որի կործանումը կ՚լինի միաժամանակ եւ սկիզբը բարբարոսութեան եւ կ՚սկսւի «ապագայ ստրկութիւնը»։ Այդ դժբախտութիւնից մարդկութիւնը փրկելու համար պէտք է մշտապէս քարոզեն ժողովրդին այն մտաւոր աշխատաւորները, որոնք գիտակ են իրենց սեպհական դասակարգի շահերին եւ պաշտօն ունին պայքարելու իրենց դասակարգային տիրապետութեան դէմ կռւողների դէմ։ Դա պէտք է անեն ինտելեգենցիան եւ առաւել եւս հրապարակախօսները, որոնք կարող են երբեմնապէս հակապետականութիւն էլ քարոզել վերացականօրէն եւ պետութիւնը պատուհանից խրկելով՝ դռնով ներս թողնել…

/169/ Եւ այսպէս, որոնք են մեշչանական քաղաքականութեան հիմունքները:

Դրանք երեքն են. մասնաւոր սեպհականութիւն, իշխանութիւն եւ բռնի գործակցութիւն։

Այդ երեքն էլ ուղղւած են մեշչանական խմբակցութեան դասակարգային ինքնապաշտպանութեան գործին։

Դա ինքը հէնց լիբերալիզմն է, որ լեզւի եւ եկեղեցու հետ միասին կազմում է ազգութեան մեշչանական դասակարգի գոյութեան եռակի ֆակտօրները։

Նախնական ապադասակարգային հասարակութեան շերտաւորւումն, նրա մէջ տարբեր դասակարգերի հանդէս գալը հիմնւած էր արմատական զանազանաւորման վրայ, որը առաջացել էր տնտեսութեան բնագաւառում։ Համայնական կեանքի անկումը նշանակում էր համայնակիցների տնտեսական հաւասարութեան անկում։ Իսկ վերջնիս գլխաւոր պատճառը մասնաւոր սեպհականութեան հանդէս գալն էր, մի դասակարգի կուլտուրական տիրապետութիւնը մնացած ստորադիր դասակարգերի նկատմամբ։ Իշխանութիւնը այդ տիրապետութիւնը անխախտ պահպանող հիմնարկութիւնն է, որ հանդէս է գալիս միշտ այնտեղ, ուր կան տարբեր դասակարգեր եւ նրանց պայքարը գերիշխանութեան համար։ Ապադասակարգային իշխանութիւն չի կարող լինել, որովհետեւ նա միշտ հանդէս է գալիս միայն եւ եթ այնպիսի հասարակութեան մէջ , ուր տիրում է բռնի գործակցութեան սիստեմը, որ ոչ այլ ինչ է, բայց եթէ շահերով ներհակ մարդկանց միացումը մի կուլտուրական դիսցիպլինայով, որ երբէք չի կարողանում հարթել միացողների կեցութեան եւ մտածութեան ներքին հակասութիւններն ու աններդաշնակութիւնները։

Ուրեմն լիբերալիզմն եւս, որպէս դասակարգային քաղաքականութիւն, գալիս է մի անգամ եւս շեշտելու ազգութեան անցողիկ բնոյթը։ Առաջացած լինելով դասա/170/կարգային հողի վրայ՝ նա պէտք է չքանայ դասակարգերի եւ դասակարգային կռւի հետ միասին։ Ի հարկէ, կարելի է առարկել այս տեսակէտի դէմ, առարկողներ էլ շատ կան, բայց եթէ այդ առարկութիւնը դրւում է կաշու գոյնի, գանգի ձեւի եւ այլն հիմունքների վրայ, հարցը բոլորովին մթնանում է եւ ազգութեան էութիւնը դառնում մի «անծանօթ աշխարհի» խնդիր։ Ազգութիւնը մի կուլտուրական երեւոյթ համարելով, բնութեան դէմ կազմակերպւած հասարակական կռւի ձեւերից մէկը դաւանելով մեզ թւում է թէ խնդիրը դրւում է ճիշտ հողի վրայ. եւ ազգութեան չքացման հանգամանքը պատմականօրէն անհրաժեշտ մի դրութիւն է հանդիսանում, ինչպէս որ նրա ծագումն է եղել պատմականօրէն անհրաժեշտ։ Իրաւացի է Նալբանդեանը, որ ասում է. «Այո՛, եթէ հաւասար իրաւունքը այսօր խոստովանւի բոլոր երկրագունդի վրայ, եթէ ներկայ եղած պետական համակարգութիւնքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չէ մնում ազգութեան խնդիրը, այլ հարկաւոր եւս չէ…»։

Այդ ասելով հանդերձ ազգութեան հրապարակախօսը մղում էր իւր ազգային քաղաքականութիւնը, որովհետեւ նա երրորդ դասակարգի իդէօլօգն էր եւ այլ կերպ էլ վարւել չէր կարող։

Ազգութեան քաղաքականութեան հարցում եւս նա հանդիսանում է իբրեւ ազգութեան հրապարակախօս, այս դէպքում իբրեւ հայ լիբերալիզմի ռահվիրայ։

Հայկական լիբերալիզմը իւր մասնաւոր սեպհականութեան, իշխանութեան եւ բռնի գործակցութեան կուլտով այն ռազմական կերպարանքը չունի, ինչպէս օրինակ ֆրանսիականը։ Եւ շատ բնական է այդ հանգամանքը։

Կովկասահայ իրականութեան մէջ զարգացած երրորդ դասակարգը իւր քաղաքականութեան մէջ աւելի մեղմ պիտի լինէր եւ աւելի նման ռուսական մեշչանութեան, որ /171/ գլխաւորապէս իդէօլօգեա է մշակել, թէօրեա յօրինել պրակտիկայի այն հսկայական փորձերը չունենալով ինչ որ արեւմտեան բուրժուազեան իւր վիթխարի պայքարով եւ հոյակապ յեղափոխութեամբ: Բայց եւ այնպէս դժւար չէ տեսնել ծագման, զարգացման եւ այլասերման նման գծերը. վաթսնական թւականների ազգային հրապարակախօսութիւնը եւ այժմեան հիմնական առումներով նոյնը լինելով՝ դէպի աջ թեքւելու հանգամանքն եւս ցուցնում են. պատճառն էլ բնական է. եթէ մի Նազարեան կամ Նալբանդեան կազմակերպւած հայ աշխատաւորութեան հանդէպ երկիւղ կրելու կարիքը չէին զգում, այսօրւան հայ լիբերալները զերծ չեն այդ երկիւղից եւ սիստեմատիկ կերպով կռիւ են մղում ազգային փարախը դասակարգային կռւով յուզողների դէմ, կարծես թէ այդ կռիւը իդէօլօգներն են ստեղծում եւ ոչ թէ հակառակը. եթէ այդ կռիւը կեանքի մէջ չլինէր, չէին լինի եւ իդէօլօգները. ճիշտ այնպէս, ինչպէս որ ազգութեան չեղած տեղը, չէին լինի եւ ազգային հրապարակախօսներ իրենց քաղաքականութեամբ հանդերձ, որի տիպիկ ներկայացուցիչը հանդիսանում է մեզանում Միք. Նալբանդեանը։

Այժ դառնանք նրա ազգային քաղաքականութեան կամ լիբերալիզմին։

***

Նալբանդեանի լիբերալիզմը բղխում է նրա ազգային աշխարհայեացքից. երկուսը միասին կազմում են մի ներդաշնակ ամբողջութիւն։ Նրա հրապարակախօսութեան հիմունքներն էլ դրանք են. ազգութիւն եւ լիբերալիզմ, որոնք վերջին հաշւում յօրինում են երրորդ դասակարգի իդէօլօգիան։

/172/ Լիբերալիզմը լինելով մեշչանութեան դասակարգային ինքնապաշտպանութեան քաղաքական գործօնը, պրակտիկ մի ուղղութիւն քաղաքականութեան մէջ, միեւնոյն ժամանակ նա հանդիսանում է եւ իբրեւ թէօրեա, եթէ կուզէք, երրորդ դասակարգի փիլիսոփայութիւնը նրա կենսահայեցողութիւնն ու աշխարհիմացութիւնը:

Միք. Նալբանդեանի հրապարակախօսութեան մէջ լիբերալիզմը հէնց այդպէս էլ հանդէս է գալիս իւր երկու կողմերով. դասակարգային ինքնապաշտպանութիւնն առաջ է մղւում թէ իբրեւ պրակտիկա եւ թէ իբրեւ թէօրեա։

Շատ ճիշտ կերպով է ըմբռնել ազգութեան հրապարակախօսը երրորդ դասակարգի քաղաքականութիւնը, նրա տնտեսական եւ քաղաքական կենդրոնացման ձգտումները հակառակ միջնադարեան աւատականութեան, վերջնիս «կաստայական» ոգուն։ Ազգութեան հրապարակախօսը լինելով՝ նա դասակարգերի փոխյարաբերութիւնն ազգութեան մէջ օրգանական միութեան ձեւով է ըմբռնում, կուտուրական կապերի ամրութիւնն է դրւատում։ Առանց այդ օրինակ միութեան եւ կապերի չկայ եւ չի կարող լինել ուժեղ ազգութիւն. որքան թոյլ է փոխադարձ կապը դասակարգերի մէջ, որոնք գտնւում են մի ազգային կուլտուրական մթնոլորդում, այնքան էլ թոյլ է ազգութիւնը, ընդհակառակ՝ եթէ ուժեղ են տարբեր դասակարգերին միմեանց հետ շաղկապող օղակները, եթէ պետութիւնը սoցիալապէս հաշտ եւ համերաշխ խմբակցութիւնների խարսխի վրայ է բարձրանում հզօր է համապատասխան չափով նաեւ ազգութիւնը։ Ազգութեան եւ պետութեան փոխյարաբերութեան մասին խօսելով Նալբանդեանն ասում է. «Սորա ոյժը եւ կեանքը երեւում է միմիայն ազգութեան մէջ, զանազան անհատներ դէպի մի ամբողջ հաւաքող զօրութեան մէջ. եւ օտար ազգերի տիրելը ասել չէ նորանց /173/ սեպհականել –իւրացուցանել բարոյապէս։ Այդ մի ֆիզիքական միաւորութիւն է, ոյժի զօրութեամբ կատարւած, լոկ մեքենական մօտաւորութիւն, այդտեղ չի երեւում քիմիական միաւորութիւն, որ միաւորւածքը կորուսանէին իւրեանց առաջին տեղը եւ որակութիւնքը եւ կազմէին մի նոր մարմին» («Երկերը», I, եր. 95)։

Հին ազգութեան մէջ դասակարգերի փոխադարձ կապը համեմատաբար թոյլ էր, թէպէտեւ այնտեղ եւս, ի հարկէ, գոյութիւն ունէր մի կուլտուրական ընդհանրութիւն իւր ազգային արժէքներով: Բայց մեշչանական կուլտուրան ձգտում է աւելիին. եւ նա հնարաւորութիւն ունի իւր այդ ձգտումն իրագործելու։ Ո՛չ մի դարաշրջանում արդիւնաբերութիւնը չի հասել այնպիսի հսկայական զարգացման, ինչպէս երրորդ դասակարգի տիրապետութեան օրով։ Եւ հասարակական կեանքի, հասարակական տարբեր հատւածների շփումն, այլ դասակարգերի ստորադրումն գլխաւոր տիրապետող խմբակցութեան ոչ մի պատմական էպոխայում ինտենսիւութեան այն աստիճանին չի հասել, ինչ որ տեսնում ենք մեշչանական թագաւորութեան մէջ։ Ամեն ինչ պիտի ենթարկւի տիրող օրէնքին, պահանջը իրագործւում է դիւրաւ եւ կենդրոնախոյս ոյժերը զսպւում են դրակօնական միջոցներով: Այլ դասակարգերի կազմակերպումը սեպհական հիմնարկութիւնների մէջ անհանդուրժելի մի երեւոյթ է մեշչանութեան համար եւ եթէ այդ ուղղութեամբ նա զիջումներ անում է, դա հարկադրանքի եւ ստիպման հարկից է լինում։ «Մարդկութեան գլխից անցածը ուսուցել է մեզ, ասում է ազգութեան հրապարակախօսը, - որ ամենայն իւր մէջ միայն փակւած եւ կենդրոնացած կացութիւն… վնաս տւեցին մարդկութեան։ Այդ կացութիւնքը, կտրած բաժանւած, հասարակաց մարմնից, ոգեւորւած դժոխային եսականութեամբ բռնաբարեցին ուրիշները եւ յափշտակելով նոցա ազատութիւնը զօ/174/րացուցին իւրեանց չարաչար գործածութիւնը ազատութեան։ Այնուհետեւ մարդիկը նման բարոյական գերութեան մէջ, այն է մտքի եւ բանականութեան գերութեան մէջ, ուր մարդը համարձակութիւն չունի ինքնուրոյնաբար մտածելու, այլ դատապարտւած է հետեւել իւր դահիճների թելադրութեան. նա ստիպւած է գնալ այն ճանապարհը, որ օգտակար է միմիայն այդ կացութիւններին» («Երկերը», II, 278-279):

Այդ տողերը Նալբանդեանն ուղղել է մեշչանական կուլտուրական արժէքներին չհպատակող հոգեւորականութեան դէմ: Մենք արդէն գիտենք, թէ ինչ չափով էր մօտենում ազգութեան հրապարակախօսը հոգեւոր խմբակցութեան. գիտենք, որ նա պայքարում էր ազատական արժէքների դէմ յօգուտ մեշչանութեան։ Բայց դէպի անցեալն անողոք երրորդ դասակարգը նոյնպիսի անողոքութեամբ վերաբերւում է եւ ապագայի սաղմերը իրենց կուտուրայի մէջ պարփակող խմբակցութիւնների նկատմամբ: Ֆրանսիական բուրժուազիան պատրւակ բռնելով աւատականութեան դէմ մղւող կռիւը, «ամենայն իւր մէջ փակւած» միութիւնների դէմ կռիւ յայտարարեց եւ բանւորութեան արհեստակցական միութիւնները համարելով «հասարակաց մարմնից կտրած» հիմնարկութիւններն արգելւեցին եւ հալածւեցին հէնց նոյն այդ «ազատութիւնը չարաչար գործադրողների» դէմ պայքարող մեշչանութեան կողմից։ Պատճառը չափազանց պարզ է. Երրորդ դասակարգը չի կարող տանել կենդրոնախոյս ոյժեր, որոնց «ճանապարհը օգտակար է միմիայն այդ կացութիւններին», որովհետեւ նա նոր ազգութեան մեքենավարն է եւ ազգութեան մեքենան պէտք է հնազանդի եւ հպատակի իրեն: Այդ մեքենան կազմում են ստորադիր դասակարգերը, որոնց մասնակից անելը իւր կուլտուրական արժէքներին բղխում է երրորդ դասակարգի բարենորոգչական (րէֆօր/175/միստ) աշխարհայեացքից դրա մէջ էլ ամփոփւած է մեշչանական իդէօլօգների դիմօկրատիզմը, որի անդրանիկ ներկայացուցիչը մեզանում հանդիսանում է Միք. Նալբանդեանը: «Ազգային շինութիւնը, - ասում է նա, բնական կերպով պիտի յառաջանայ ցածից հիմքից, այդ հիմքը է հասարակ ժողովուրդը։ Այն մարդը, որ սիրում է ազգը, որ նւիրում է իւր անձը ազգի բարոյական սպասաւորութեան, պարտական է ծառայել ոչ ազգի կուռքերին, այլ հասարակ ժողովրդի օգտին։ Հասարակ ժողովրդից կազմւում է ազգութեան մեքենան. լուսաւոր մարդիկ կարող են եւ պարտական են միայն ուղղութիւն, զարկ եւ ընթացք տալ այդ մեքենային » («Երկերը», I, եր. 362):

Ամբողջ խնդիրն էլ հէնց այդ է որ «հասարակ ժողովուրդը» ծառայում է իբրեւ հասարագիտական այն խարիսխը, որի վրայ բարձրանում է «լուսաւոր մարդկանց» տիրապետութիւնը։ Ազգային կուլտուրային «ուղղութիւն, զարկ եւ ընթացք տալը» վերապահւած է գերիշխող խմբակցութեանը, իսկ մնացած ստորադիր խմբակցութիւնները «մեքենայի» տեղ են ծառայում՝ իրենց վրայ վերցնելով մեքենավարների կուլտուրական արժէքների բեռները։ Եւ որպէս զի քաղցր լինի այդ բեռը կամ լուծը, մեշչանութիւնը իւր րէֆօրմիստական գործելակերպով աշխատում է նրանց մասնակից անել իւր տիրապետութեանը՝ այդ հանգամանքը իբրեւ միջոց ծառայեցնելով իւր գերիշխանութիւնն առաւել ամրապնդելու, յաւէրժացնելու եւ անսասան դարձնելու համար։ Պարլամենտարիզմը այդ բարենորոգչական ընթացքի արդիւնքն է. նրա տւած օրէնքները մեշչանական ոյժի ցուցադրումը, դեմօնստրացիան։ Միք. Նալբանդեանն իբրեւ ազգութեան հետեւողական հրապարակախօս կողմնակից է պարլամենտարիզմին, ժողովրդապետութեան։ Նա սիրահարուած է անգլիական սահմանադրութեան վրայ. «Անգլիան, ասում է ազգու/176/թեան հրապարակախօսը, իւր կառավարութեան ստօրտանւած ձեւերով, այսօր առաջինն է Եւրոպիոյ մէջ ազատութեան մասին, եւ անգլիական մարդը իրաւամբ կարող է պարծենալ իւր ազատութեամբ… Քննադատելով անգլիական սահմանադրութիւնը, ինչպէս կարելի է դադարել միմիայն նոցա թերութեանց վրայ. նկատելով միանգամայն բոլոր հաuտարմատ եւ փրկարար դրութիւնքը, որոնց հիմքերի վրայ աճում է անգլիական մարդու իրաւամբ պարծեցած ազատութիւնը…» (տե՛ս «Հեգելը եւ նորա ժամանակը», Լումայ, 1902, N6, եր. 134, 1903, N1, եր. 148)։

Սահմանադրութեամբ բոլոր դասակարգերին միմեանց հետ շաղկապելով՝ մեշչանութիւնը դեռ իրեն ապահովւած չի զգում ամենատեսակ տակնուվրայութիւնից։ Կապիտալի եւ աշխատանքի յախուռն պայքարը տնտեսական թշւառութիւնների մի բաց դուռ է չկազմակերպւած խմբակցութիւնների համար, որոնց ըմբոստ քայլերը զսպելու դիտաւորութեամբ յաւելեալ արժէքից եւ վայելքներից մասնադրւում է եւ նրանց, չարիքը թողնելով իւր ոյժի մէջ, նրա դրդիչ պատճառները անխախտ եւ անձեռնմխելի։ Այդ զսպանակներից մէկն է եւ բարեգործութիւնը, որ րէֆորմիստական աշխարհայեացքի հիմնական արգասիքն է ինքնին։ Նալբանդեանը սահմանադրութեան կողմնակից լինելով՝ կողմնակից է նաեւ բարեգործութեան. «Եթէ Աստւած օրհնել է քեզ հարստութեամբ, ինչո՞ւ դու մասնակից չառնես այդ բարութեան մի ուրիշը, որ զուրկ էր նորանից. մի՞թէ Քրիստոսը պարտական էր մարդկութեանը իւր անմեղ արիւնը, որ քամեց Գողգոթայի վերայ մարդկութեան կեղտը լւանալու համար» («Երկերը», հատոր I, եր. 169):

Սահմանադրութեամբ եւ բարեգործութեամբ աշխատելով այսպէս թէ այնպէս ստորադիր խմբակցութեանց /177/ կացութեան վրայ ներգործել՝ մեշչանութիւն ձգտում է նրանց մտքի առողջապահութեան վրայ եւս հոգ տանել, ամեն օր, ամեն ժամ ու րոպէ դրւատելով իր ազատութիւնները, որոնցով ոչ միայն ինքն աւատական շղթաներից ազատագրւեց, այլ եւ փրկեց ուրիշ խմբակցութիւններին: Ցոյց տալով, որ ո՛չ մի պատմական դարաշրջանում իւր ազատութիւնները գոյութիւն չեն ունեցել, նա եզրակացնում է, որ իւր տիրապետութիւնը լաւագոյնն է ցայժմ եղածներից եւ իւր գերիշխանութիւնը յաւէրժացնելու արժանի, մոռանալով միանգամայն, որ երբէք տնտեսական լուծն անտանելի եղած չէ ստորադիր խմբակցութեանց նկատմամբ, ինչպէս իւր «արքայութեան» մէջ։ Ամենից աւելի մեշչանութիւնը պարծենում է նրանով, որ նա ազատագրել է մարդկային միտքը միջնադարեան կապանքներից, որ նա փշրել է ամենատեսակ կուռքեր, յօրինւած նախապաշարմունքների եւ սնոտիապաշտութեան հողի վրայ։ Իսկապէս, որ այդ գործը արժանի էլ է պարծութեան։ Բայց մարդկանց մտքին ազատութիւն տալով եւ նրանց կացութիւնը բռնադատելով է, որ առաջ է գնում երրորդ դասակարգի յառաջադիմութեան անիւը. կացութեան բռնադատութիւնը հզօրապէս ազդում է եւ՝ մտքի վրայ, վերջ ի վերջոյ կացութեամբ ազատները վայելում են ե՛ւ մտքի ազատութիւն։ Տեխնիկայի զարգացումը, բնական գիտութիւնների գործադրումն արդիւնագործութեան մէջ եւ այդ պատճառով վերջինիս հսկայաքայլ առաջադիմութեան հետ դրական գիտութիւնների ծաղկումը մտքի դարաւոր կապանքները քանդելուն նպաստեցին։ Նահապետական միամտութիւնը տեղի տւեց ամեն բանի վրայ քննական հայեացքով նայելու տենչին եւ բոլոր հին արժէքները ենթարկւեցին վերագնահատման, սկեպտիկ վերաբերմունքի։ Վերջին հաշւում այդ բոլորը, ի հարկէ, համամարդկային /178/ ստացւածքներ դարձան. սուր զէնքը բոլորի ձեռքին էլ կտրուկ կ՚լինի:

Միք. Նալբանդեանը հոյակապօրէն գիտակ է այդ բոլորին. նրա սրատես հայեացքից չի վրիպում մեշչանութեան եւ ո՛չ մի կուլտուրական արժէք, որ նա չդրւատէր։ Մտքի ազատութիւն, բնական գիտութիւններ, սկեպտիցիզմ բոլոր հին արժէքների նկատմամբ եւ հին կուռքերի կործանում այդ բոլորն էլ արժանանում են նրա խրախուսանքին եւ դրւատիքին: «Մարդու էական արժանաւորութիւնը, - ասում է նա, - է նորա մտքի անսահման ազատութիւնը, եթէ այն էլ բռնաբարւեցաւ այս կամ այն հեղինակութիւնից կամ համակարգութիւնից, էլ ի՞նչ համ կ՚մնայ մարդկային արժանաւորութեան մէջ… Չէ պէտք մոռանալ, որ մինչեւ այժմ մարդու արած յառաջադիմութիւնը, թէեւ ըստ երեւոյթին կարծւի նորմուծութիւնք, այնուամենայնիւ ըստ ինքեան եւ էականապէս ուրիշ բան չեն, եթէ ոչ հին շինւածքների կործանում… Եթէ որեւէ ստրուկ ազատւում է ստրկութիւնից, այդ չէ նշանակում, թէ նա նոր բան ստացաւ, այլ թէ ինչ որ կորցրել էր գտաւ…» (Լումայ, 1902, N6, եր. 64)։

Բայց այդ «գտնելը» հրապարակախօսի համար ի վերուստ տւեալի մտքով չի հասկացւում. նրա մտքի մէջ անկռիւ ճանապարհով ձեռք բերւած ո՛չ մի արտօնութիւն գոյութիւն չունի, որովհետեւ գերազանցօրէն «գիտէ, որ նորը պատերազմով պիտի կանգնեցնէ իր դրօշակը հնութեան աւերակների վրայ» («Երկերը», II, եր. 270):

Յաղթանակը հին արժէքների վրայ տանելուց յետոյ մնում է հնձել պտուղները եւ բարձրագոչ իր խմբակցութեան հետ միասին իրեն երջանիկ համարել «հռչակելով մարդկային ազատութիւնը, իրաւունքների հաւասարութիւնը, որոնք ստրկացած են կամ բռնակալների կամ դարաւոր աւանդութիւնների…» (ibid, 274)։

/179/ Այդ բոլորն անշուշտ լաւ-լաւ բաներ են, բայց միեւնոյն ժամանակ, ինչպէս ասում է Նալբանդեանը, «վաճառականութիւնը սուրբ բան է» («Երկերը», I, 135)։ Ազգային վաճառականութիւնն աւելի եւս, մանաւանդ, որ ազգութեան հրապարակախօսի, երրորդ դասակարգի իդէօլօգի համար նախ քան վերացական ազատութիւններին դիմելը՝ պէտք է դիմել թանձրացեալ աշխարհին, որովհետեւ նա գիտէ, որ ի սկզբանէ էր նիւթը եւ ապա միտքը։ Հռչակաւոր «Երկրագործութիւնը», Նալբանդեանին սօցիալիստ անւանողների ձեռքին փաստ ծառայող այդ գրութիւնը ոչ այլ ինչ է ըստինքեան, բայց եթէ մի ոգեւորւած ներբող մասնաւոր սեպհականութեան եւ ազգային վաճառականութեան, որպիսի ներբողի հետ բնաւ չի հաշտւում եւ առհասարակ Միք. Նալբանդեանի ազգային ներդաշնակ աշխարհայեացքի հետ ոչ մի վերաբերութիւն չունեցող հանգամանք է նոյն գրւածքի մէջ ներս սպրդած, Բակունինից փոխ առած հակապետականութեան վախլուկ տենդենցները։

Նալբանդեանի մտահոգութիւնն ուղղւած է այն բանին, որ նա ձգտում է տեսնել հայ վաճառականութիւնը իւր շահերին գիտակ, նրա կապիտալը հզօր՝ ոչ թէ թոյլ, արդիւնաբերողների մի դասակարգ, որ դադարել է չարչիական միջնորդութիւնից, արդիւնաբերութիւնն է զարգացնում եւ ոչ թէ մէկից առնում է միւսին տալիս։ «Եւ մի՞թէ կարծում են մեր պատւելի վաճառականք, հարցնում է ազգութեան հրապարակախօսը, թէ Մանչեստրի, Մարսէյլի կամ այլ եւրոպական քաղաքների հետ առուտուր ունենալը կարելի է անւանել ազգային վաճառականութիւն, միմիայն այն պատճառով, որ ինքնեանք հայ էին։ Նոցա վաճառականութիւնը ազգային չէ, եւ ազգի ընդհանուրի շահի հետ չունի որեւիցէ վերաբերութիւն։ Այն ժամանակ միայն կարող է երեւել ազգային վաճառականութիւնը, երբ /180/ նա գլխաւորապէս հայի առաջ բերած նիւթը եւ արդիւնքը վաճառէ, այն ժամանակ միայն ազգը օգուտ կ՚քաղէ մեր վաճառականների գործառնութիւնից, երբ սոքա միջնորդ լինին հայոց ընդհանրութեան եւ Եւրոպիոյ մէջ, այն ժամանակ ազգային է վաճառականութիւնը, երբ նորա խարիսխը դրւած է ազգի հիմքի վրայ» («Երկերը», հատ II, եր. 345):

Ազգը «օգուտ պիտի քաղէ» ո՛չ միայն «ազգային վաճառականների գործառնութիւնից», այլ եւ ազզային եկեղեցուց: Նախորդ գլխում եկեղեցին մեզ հետաքրքրում էր իբրեւ ազգութեան ֆակտօր, այստեղ մենք պէտք է տեսնենք մեշչանական իդէօլօգի քաղաքականութիւնը եկեղեցու նկատմամբ։ Ինչպէս տեսանք, եկեղեցին ազգային կուլտուրայի հզօր կապերից մէկն է. հէնց այդ պատճառով ազգային հրապարակախօսի համար անտարբեր խնդիրներից չէ եկեղեցու ուժեղութեան եւ թուլութեան հանգամանքները: «Մենք, պնդում է Նալբանդեանը, ամենայն հոգով ցանկանում էինք մեր ազգի կրօնական միութեանը, ուստի եւ գրկաբաց ողջունելու ենք մի մարդ, որ փախչելով օտար դայեակի գրկից, վազէր դէպի իւր ծնող բուն հայկական եկեղեցին» (հատ. II, եր. 199)։

Բայց մի պայմանով, որ այդ եկեղեցին զերծ լինի աւատական արժէքներից եւ ըստ ամենայնի դիմօկրատիկ հիմնարկութեան կերպարանքն ունենայ: Հակառակ դէպքում ինչ երկար բարակ գլխացաւութիւն պէտք է ժխտւի յանուն նորի։ Ընտրողական իրաւունքը պէտք է գործադրւի. եկեղեցու վրայ պէտք է տիրի ժողովրդական վերահսկողութիւն, առաւել եւս տնտեսական մասի վերաբերեալ։ «Ազգը կոպէկ կոպէկ հաւաքել է այդ արծաթը, ասում է մեշչանութեան իդէօլօգը, շատ անգամ մի տառապեալ այրի վերջին կոպէկը կտրելով իւր որբերի բերանից ձգել է եկեղեցու գանձանակը, իրաւո՞ւնք է որ այդ /181/ արծաթը անհետանայ գարնան ձիւնի պէս եւ դորա պատճառը ազգասէր քարոզւի բերանով եւ գրչով։ Թող տեսանէ մեր պատւելի ազգը, թէ միշտ լուռ ու մունջ մնալը, թէ նորա դատապարտելի լռութիւնը ինչ բաների ծնող մարդ է դառնում…» (ibid, եր. 244)։

Իսկ կրօնի էութեան նկատմամբ Նալբանդեանի լիբերալիզմը շատ հեռուն չի գնում. անշուշտ նա ժըխտում է կրօնական նախապաշարմունքները, անհոգի, չոր ու ցամաք ծէսերը։ Բայց ո՛չ աւելին։ Կրօնը, ընդհանուր առումով, քաղաքակրթական գործօն է համարում, իսկ ազգային տեսակէտով հետեւեալն է ասում. «Առանց նոր կտակարանի սուտ է ամենայն քրիստոնէութիւն. եւ մեր ազգին բարոյապէս ամրանալու համար հարկաւոր էր կարդալ սուրբ գիրքը, ուրեմն հարկաւոր էր ե՛ւ թարգմանել նորան ժողովրդական, նոր եւ կենդանի հայախօսութեամբ» (ibid, եր. 269):

Նալբանդեանի գրական ստեղծագործութեան եւ նրա մեշչանական աշխարհայեացքի բնոյթը լիակատար կերպով ուրւագծելու համար հետաքրքրական է տեսնել նրա վերաբերմունքը դէպի քրիստոնէութիւնը։ Եկեղեցին ազգութեան ֆակտօր համարելով եւ նրա հիմունք կրօնը՝ բարոյապէս ամրացնող մի զօրութիւն, Նալբանդեանը նպատակ է դնում իրեն ինչ գնով էլ լինի փրկել քրիստոնէութիւնը եւ նրա գերազանցութիւնը բոլոր նախկին կրօններից ցայտուն դարձնել: Եւ այդ աշխատանքի մէջ նրա դիմօկրատիկ աշխարհայեացքը ամբողջապէս անդրադառնում է տւեալ հարցի պատմական լուսաբանութեան վրայ, նա տեսնում է քրիստոնէութեան մէջ այն, ինչ որ հաճելի է իւր մեշչանական աշխարհայեացքին, իսկ նախորդ կրօնների մէջ, իւր տեսակէտով, տեսնում է թերութիւններ, որոնց մուտք գործած լինելը քրիստոնէութեան մէջ վրիպում է նրա աչքից: Շատ ու շատ խնդիրների նկատմամբ պար/182/զատես Նալբանդեանը կրօնական խնդրում դառնում է մթամած հայեացքի տէր եւ նա արժանանում է այլ լիբերալների պէս մետաֆիզիք լինելու պատւին՝ դասակարգային շահերից մղւած։

Քրիստոնէութիւնից առաջ եղած բոլոր կրօնները ազգութեան հրապարակախօսը անւանում է ստրկական, որովհետեւ նրանցում իշխում էր բռնութեան ոգին, ոչ մի քննութիւն պէտք է միայն հաւատալ: Այդ կրօնները բաղկացած էին ամուլ եւ անպտուղ ծէսերից, տոգորւած էին նիւթապաշտութեամբ։ Նրա ներկայացուցիչները շահագործում էին իրենց բանաւոր հօտը, «որպէս վարւում է մի հովիւ իւր ոչխարների հետ, ստանալով նորա կաթը եւ խուզելով բուրդը»։ Բանականութեան պահանջները վտարւած էին նրանց միջից, նրանք խաւարեցնում էին «բանականութեան լոյսը»։ Պահանջւում էր սոսկ հնազանդութիւն եւ հոգեկան մեռելութիւն։ «Եւ ինչ այլ հետեւանք կարելի էր յուսալ այն բանից, հարցնում է մեշչանական հրապարակախօսը, ուր ամենայն հոգեկան ազատ ձգտողութիւն, ամենայն կամք, հասկացողութիւն, ստուգագործութիւն եւ գիտակցութիւն փոխանակւում էր անշարժութեամբ, տգիտութեամբ, կոյր հաւատով եւ անպայման հնազանդութեամբ մեքենականութեամբ եւ ծիսական, չնչին, անգիտակցական եւ անխորհուրդ արարողութեամբ» (ibid, երես. 183)։

Ուրիշ բան է քրիստոնէութիւնը:

«Քրիստոնէութիւնը, խանդավառութեամբ գոչում է երրորդ դասակարգի իդէօլօգը, խորտակում է ամենայն բռնակալական լուծ, փարատում է ամենայն խաւար, հիմնւած լինելով սիրու ապառաժի վերայ, ամենայն տեղ տարածում է սէր եւ խաղաղութիւն, ջուր է տալիս եւ աճեցնում է այն ազատութեան ազնիւ ծիլը, բողբոջը, որով մարդկային բանականութիւնը կերպարանւում էր. վեր քա/183/շելով բանականութեան երեսից տխուր եւ մռայլոտ վարագոյրը հնար է տալիս նա բաց աչքով նայել լոյսին եւ սորա միջնորդութեամբ քննել եւ գնահատել ամենայն բան, իւր անձը, իւր հոգին, իւր բանականութիւնը, իւր ընկերը, իւր գիտութեան եւ հասկացողութեան չափը։ Նա ընդդէմ է ամենայն մեռելութեան, ամենայն անշարժութեան, որ փոխանակում է կենդանութեամբ եւ մշտնջենական շարժողութեամբ։ Աղբիւր լինելով ամենայն բարոյականութեան, ամենայն արդարութեան, հաւասարապէս բաշխում է ամենեցուն մի եւ նոյն չափով իրաւունք եւ ազատութիւն։ Նոցա գլխաւոր հաստարանը ճշմարտութիւնը լինելով, ապահովում է մարդկային ընկերութիւններ, նոցա փոխադարձ միմեանց վերայ ունեցած հաւատով…» (ibid, եր. 187)։

Եւ այլն, եւ այլն. նոյն ոգով եւ ուղղութեամբ։

Պատմական եւ սկզբունքային քննութեան մէջ մտնել Նալբանդեանի այդ զաւեշտական կարծիքների նկատամբ մենք չենք կարող, դա մեզ շատ հեռու կ՚տանէր։ Կարճ՝ ոչինչ չի համապատասխանում պատմական ճշմարտութեանը այն բոլոր խնդիրներում, ինչ որ շօշափել է ազգութեան հրապարակախօսը իւր կրօնական պերճախօսութեան մէջ։ Սկսել այն տեղից, որ քրիստոնէութիւնը մի ներդաշնակ շարունակութիւն է կազմում իրենից առաջ եղած կրօնների հետ, միեւնոյն միստիքական հիմունքների վրայ կառուցւած լինելով, ասել, որ քրիստոնէութիւնը գոյութիւն ունէր նախ քան Քրիստոս, անտիկ ստրկութեան պայմանների ծնունդը լինելով, պնդել որ «ստրկական կրօնների» գրեթէ բոլոր կարգ ու սարքը արտացոլել է ե՛ւ քրիստոնէութեան մէջ, որի սիրոյ քարոզները մնացել են դարեր շարունակ «ձայն բարբառոյ յանապատի», եւ նա չի «բաշխել ամենեցուն մի եւ նոյն չափով իրաւունք եւ ազատութիւն» եւ չէր էլ կարող բաշխել, այլ ընդհակառակը դար/184/ձել է տիրապետող խմբակցութիւնների ձեռքին մի գործիք ամենայն արդար իրաւունք եւ ազատութիւն բռնաբարելու համար՝ լինելով ըստ ինքեան մարդու ներքինի բռնադատում եւ կաշկանդում այդ բոլորը մանրամասնօրէն հաստատել աւելորդ ենք համարում։ Մեզ համար հետաքրքրական են Նալբանդեանի կարծիքները նրա լիբերալիզմը բնոյթագծելու համար:

Իսկ նրա այդ լիբերալիզմը, ինչպէս տեսանք, մասնաւոր սեպհականութեան, իշխանութեան եւ բռնի գործակցութեան մի պաշտամունք է եւ ներդաշնակօրէն հաշտւում է նրա ազգային աշխարհայեացքի հետ: