Միքայէլ Նալբանդեան. Ազգութեան հրապարակախօսը

Հեղինակ

Բաժին

Թեմա

V. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախորդ գլուխների մէջ մենք աշխատեցինք, որքան մեր ոյժերը ներում են, ուրւագծել Միք. Նալբանդեանի հրապարակախօսութեան բնոյթը։

Երեք հիմնական խնդիրներ էին դրւած մեր առաջ:

Որոշել Միք. Նալբանդեանի ստեղծագործութեան որակը։

Ցոյց տալ թէ նա որ խմբակցութեան կրող է։

Եւ, վերջապէս, թէ ինչպէս է պաշտպանում իր խմբակցութեան շահերը։

Մենք կարծում ենք, որ այդ երեք պրօբլեմներն էլ գրւածքի մէջ, այսպէս թէ այնպէս, ստացել են իրենց պատասխանը, որքան կարելի է եղել փաստացի կերպով։

Միք. Նալբանդեանի ստեղծագործութեան որակի, նրա ո՞ր դասակարգի իդէօլօգ լինելու եւ դրա շահերը ինչ /185/ կերպով պաշտպանելու մասին մեր գրականութեան մէջ գոյութիւն չունին որոշակի եւ պատճառաբանւած կարծիքներ ։ Եղածներն էլ, ըստ մեծի մասին, կրում են ներբողի, ճառի կամ միամիտ տեսութիւնների կերպարանք։ Որոշութիւն եւ ճշտութիւն մտցնել գրականութեան մէջ Նալբանդեանի ստեղծագործութեան եւ դաւանած սկզբունքների մէջ այդ է եղել գրութեանս նպատակը. թէ որքան է յաջողւել մեզ իրազեկ մարդկանց է թողնւում դատելու։

Այժմ մէկիկ մէկիկ տեսնենք գրականութեան մէջ տիրող կարծիքներն այն երեք խնդիրների մասին, որ յիշատակեցինք քիչ վերեւ։ Տիրող կարծիքների մէջ բերելը եւ մեր ասածները յիշեցնելը ընթերցողներին կ՚լինի մի ամփոփում ի հարկէ, հիմնական գծերով մեր ասածներին։

Ամենից առաջ տեսնենք թէ ինչ հայեացք գոյութիւն ունի Միք. Նալբանդեանի ստեղծագործութեան մասին։

Պ. Կ. Կուսիկեանը, որ մի բաւական մեծ յօդւած է գրել «Մուրճ» ամսագրում Նալբանդեանի մասին, նրան համարում է ե՛ւ հրապարակախօս, ե՛ւ քննադատ, ե՛ւ երգիծաբան, եւ՛ բանաստեղծ։

Դժւար չէ հասկանալ, որ ստեղծագործութեան այդ բոլոր տեսակները, որպէս ուրոյն մտաւոր պրօցէսներ, չեն կարող պարփակւել մի անձնաւորութեան մէջ։ Հոգեբանօրէն մի անկարելի հանգամանք է, որ մէկը լինի, օրինակի համար, միաժամանակ ե՛ւ հրապարակախoս, ե՛ւ բանաստեղծ։ Ստեղծագործութեան այդ երկու բնագաւառները միմեանց ժխտող դրութիւններ են։ Այդպէս ե՛ւ քննադատութիւնն ու երգիծաբանութիւնը։

Բայց մի րոպէ ընդունենք, որ թիւրիմացութեամբ է շփոթել իրարու հետ պ. Կ. Կուսիկեանը ստեղծագործութիւնների այդ տարբեր տեսակները եւ Նալբանդեանի ստեղծագործական հիմնաշէնքի վրայ ի զուր է բարձրացրել մի քանի յարկանի վերնաշէնքներ։

/188/ Այժմ հարց է առաջ գալիս. ճի՞շտ է արդեօք նա բնորոշում այդ հիմնաշէնքը։

Ի՞նչ կարծիք ունի նա հրապարակախօսական ստեղծագործութեան մասին:

«Մ. Նալբանդեանցը, ասում է պ. Կուսիկեան, իր կոչումով գրականագէտ հրապարակախօս է. իբրեւ գրականական խօսքի վարպետ նա քիչ մրցակիցներ ունէր. իբրեւ հրապարակախօս նա անզուգական էր ժամանակակիցների մէջ իր մերձաւոր ծանօթութեամբ մայրենի իրականութեան հետ, իր խորաթափանց վերլուծութեամբ մեր կեանքի երեւոյթների, իր լայն ըմբռնումով ազգային-հասարակական խնդիրների. նա առաջաւոր հրապարակախօս էր, որ իւրացրել էր իւր ժամանակի լաւագոյն գաղափարները, նա մի տեսակ ժողովրդական տրիբուն էր, ճարտար հռետոր, որ կախարդում էր ժամանակակիցներին իր ազդու եւ կրակոտ լեզւով, իր մտքերի ներդաշնակ եւ տրամաբանական կազմութեամբ։ Նրա հոգեւոր կերպարանքը բնորոշւում է նրա մտքի քննադատական ուղղութեամբ…» («Մուրճ», 1906, N1, եր. 62):

Կուսիկեանի այդ կարծիքը` հիմնական գծերով նման է Ե. Շահազիզի կարծիքին հրապարակախօսութեան մասին. երկուսի մօտ էլ խնդիրը մութ է մնում, թե ինչո՞ւ պէտք է կոչել Նալբանդեանի ստեղծագործութիւնը հրապարակախօսութիւն եւ ոչ մի ուրիշ բան: Որ այդ բանը գլխաւորապէս մութ է Կուսիկեանի համար, դրան պարզ ապացոյց նրա տւած այլ կոչումները Միք. Նալբանդեանին. «Նա մեր սիրելի ժողովրդական բանաստեղծներից մէկն է», ասում է Կուսիկեանը (ibid, եր. 79), երգիծաբան է (եր. 81), «շնորհալի քննադատ է» (եր. 81)։

Անորոշութիւնն աւելի եւս թանձրացնելու համար Լէօն մի նոր գիծ է աւելացնում հրապարակախօսական ստեղծագործութեան բնորոշման մէջ. եթէ նրա ասածը /187/ հասկանալի լեզւով թարգմանելու լինենք, պէտք է ասենք, ոը ըստ Լէօի «իսկական» հրապարակախօսութիւն լիբերալները կարող են միայն ունենալ. «Հիւսիսափայլը» սկիզբ դրեց իսկական հրապարակախօսութեան մեզանում, ասում է նա, դա այն հրապարակախօսութիւնն էր, որ քննադատութեան նիւթ է դարձնում կեանքի երեւոյթները, լուսաբանում է նրան եւրոպական գիտութեան եւ առաջադիմութեան տեսակէտից եւ առաջնորդում է հասարակական միտքը ազատ գաղափարների ճանապարհով» (տես «Հայ հրապարակախօսութեան յիսնամեակը» յօդւածը, Ե. Թոփչեանի գրական-գիտական ժողովածուում, եր. 53)։

Ինչպէս տեսնում էք այդ բոլորից, տիրող կարծիքը հրապարակախօսական ստեղծագործութեան մասին ե՛ւ անորոշ է, ե՛ւ սխալ։ Դասակարգային իդէօլօգը հրապարակախօս է, իսկ նրա ստեղծագործութիւնը հրապարակախօսութիւն, իսկ թէ հասարակագիտական հոգեբանութեան ինչ յատկանիշներ ունի վերջինս մենք արդէն տեսել ենք:

Նոյն անորոշութիւնը տիրում է եւ երկրորդ խնդրում, ո՞ր դասակարգի գրողն է Միք. Նալբանդեանը:

Իսկապէս այդ անորոշութիւնը պայմանաւորւած է ստեղծագործութեան մասին տիրող անորոշութեամբ. եթէ պարզ լինէր, թէ ինչ է հրապարակախօսութիւնը, կ՚փնտրւէր եւ այն խմբակցութիւնը, որի իդէօլօգն է հրապարակախօսը։

Միք. Նալբանդեանի մասին խօսողները ընդհանուր տեղիներով են լցնում իրենց դատողութիւնները հրապարակախօսի խմբակցութեան մասին: Ո՞նց կարող է լինել. յանկարծ դուրս գայ, որ այն հրեշտականման մարգարէն ինչ որ նիւթական «գծուծ շահերի» ջատագով է, դրամի եւ արշինի գաղափարախօսը… Աւելի լաւ է, որ նրա սօցիօլօգիական ծնունդը մնայ առեղծւածային, մթութեան քօ/188/ղով շղարշւած… թերեւս այդպէս լաւ է, երանելի անգիտութիւններն էլ հրապոյրներ ունին…

Եւ սկսւում է տիրացուական ներբողների շարանը: Կուսիկեանն այսպէս է ամփոփում իւր յօդւածը. «Լինել արթուն դէտ հասարակական կեանքի եւ միշտ դիմագրաւել սրա պղտոր հոսանքներին, պաշտպանել անօգնական ժողովուրդը զօրեղների բռնութեան եւ անիրաւութեան դէմ, լինել միշտ մրցութեան հրապարակի վրայ եւ անդադրուն մղել հայրենակիցներին դէպի լուսաւոր իդէալները, քաղաքացիական ինքնաճանաչութիւնը, դա մի մեծագործութիւն է, որ կարող էր անել միայն լայնսիրտ տղամարդը, իր մարդկային կոչումը խորապէս հասկացող քաղաքացին, եւ այդ իդէալիստ քաղաքացին Մ. Նալբանդեանն է» (եր. 86):

Որքան բառ այնքան անորոշութիւն։

Ի՞նչ է նշանակում «իդէալիստ քաղաքացի», որոնք էին եւ ինչպիսի բնոյթ էին կրում «պղտոր հոսանքները», ովքեր էին «զօրեղները» եւ ինչու համար Նալբանդեանին «բռնութիւն եւ անիրաւութիւն» է երեւում նրանց արարքները, ի՛նչ էր ներկայացնում այդ «անօգնական ժողովուրդը», որին պաշտպանում էր «իր կոչումով գրականագէտ հրապարակախօսը», եւ, վերջապէս, ի՛նչ ասել է «լայնսիրտ տղամարդ»…

Մի տեղ Կուսիկեանը փորձում է անորոշութեան ամպերը վանել, խօսում է Միք. Նալբանդեանի կռւի մասին, աշխատում է մատնանշել նրա դիրքերի վրայ, բայց ապարդիւն ջանքեր. նրա միտքը մեթօդական զէնքեր չունի հասարակական հարցերի խորքը թափանցելու կամ պարզապէս այս կամ այն դիտաւորութեամբ չի ուզում խորաթափանց լինել իւր քննական պեղումների մէջ։ Ահա՛ թէ ինչպէս է նա բնորոշում պայքարողների երկու շարքերը. «մէկը օրօրք է ասում ազգը ախորժ թմրութեան մէջ պա/189/հելու, միւսը՝ թմբուկ է զարկում նրան կորստաբեր քնից արթնացնելու. մէկը փաղաքշանքով է ուզում կրթել ստրկութեան դարերում քարացած ազգը, միւսը մտրակով է մտածում կենդանացնել նրա բթացած զգայնութիւնը եւ մղել նրան դէպի լոյս» (եր. 64):

Բայց թէ ի՛նչ տարբեր խմբակցութիւնների էին պատկանում այդ օրօրողներն ու թմբուկ զարկողները, փաղաքշողներն ու մտրակողները մնում է եօթ փականքով փակւած հանելուկ…

Պայքարող երկու խմբակցութիւնների մասին Ե. Շահազիզը աւելի գողտրիկ բացատրութիւն է տալիս, բայց հարցը դարձեալ մնում է հարց եւ մազի չափ անգամ չենք մօտենում նրա լուծմանը:

Մեր առաջ կանգնած են երկու մարտնչող խմբակցութիւններ, երկու բանակներ «Առաջինները, ասում է Ե. Շահազիզ, նմանում էին այն հմուտ վիրաբոյժներին, որոնք աւելի բանալով, աւելի գրգռելով հիւանդի վէրքերը, կծու, ցաւեցնող սպեղանիներ դնելով վերան, արմատական կերպով մաքրում են հոտած խոցը, բնակալած շարաւը եւ դորանով արգելելով բոլոր մարմնի վարակումը, իսպառ բժշկում են նորան. միւսները ընդհակառակը նմանում էին այն «ջառահներին», որոնք առանց վէրքը մաքրելու, աշխատում են շուտով ծածկել նրան, որով նոքա թէեւ մի առ ժամանակ թեթեւութիւն են տալիս հիւանդի ցաւերին, բայց շուտով նորա կորստեան պատճառ են լինում, որովհետեւ չմաքրւած, չսրբւած շարաւը տուն տալով վէրքի խորքերում, շուտով ճանապարհ է բաց անում մարմնի եւ միւս անդամների մէջ եւ անարգել կերպով վարակում է բոլոր կազմւածքը։ Երկու բանակի կարծիքների մէջ եղած այդ զանազանութիւնը գնալով մեծանում է եւ հետզհետէ սուր բնաւորութիւն է ստանում, նամանաւանդ դարիս առաջին կեսից՝ յիսնական-վաթսնական թ/190/ւականներին» (տես Ե. Շ, «Նալբանդեանցի կենսագրութիւնը», եր. 130-131)։

Ինչպէս տեսնում է ընթերցողը, այդ վիրաբոյժներն ու ջառահները անկարող են Միք. Նալբանդեանի սոցիօլօգիական ծագումը բացատրել: Դրանք նմանութիւններ ու համեմատութիւններ են, որոնք ոչինչ չեն բացատրում եւ ոչ միայն այդ, այլ եւ հարցը մթնացնում ու անորոշութեան անդունդն են ձգում, ստեղծելով մի քաoսային վիճակ, որից գլուխ դուրս բերելու համար «ջառահի» հմտութիւններ պիտի ունենալ…

Մենք աշխատել ենք այդ քաոսի վրայ լոյս սփռել, որքան մեր ոյժերը ներել են մեզ: Յաջողեւլ է մեզ, թէ ոչ դա ուրիշ խնդիր է։ Նալբանդեանը երրորդ դասակարգի հրապարակախօս է. նա ազգութեան գաղափարականն է, իսկ թէ ի՛նչ առնչութիւն կայ այդ երկուսի մէջ մենք բացատրել ենք մանրամասնօրէն։

Երրորդ խնդիրն եւս ի՛նչպէս եւ ի՛նչ շահեր է պաշտպանել Նալբանդեանը մեր գրականութեան մէջ որոշակի եւ պատճառաբանւած կերպով չի լուսաբանւած։ Նրա դասակարգային քաղաքականութիւնը, որ մենք անւանեցինք լիբերալիզմ, վերջնիս տակ հասկանալով մասնավոր սեպհականութեան, իշխանութեան եւ բռնի գործակցութեան պաշտպանութիւնը մեր գրականութեան համար մի «անծանօթ աշխարհ» է։

Այն բոլոր կուլտուրական արժէքները, որ պաշտպանել է Նալբանդեանը իբրեւ նոր ազգութեան գործօններ՝ հակադրելով հին ազգութեան հիմունքներին, նրա տարբեր վերաբերմունքը դէպի միեւնոյն անունով յորջորջող, բայց կուլտուրական տարբեր բովանդակութեամբ՝ շահերը եւ խմբակցական տարրերը այդ բոլորը մենք աշխատել ենք լուսաբանել փաստօրէն եւ մեր եզրակացութիւնները ամրապնդել ենք ապացոյցներով։

/191/ Մեզանում նոյնպէս չի պարզաբանւած մինչեւ այսօր միջավայրի ազդեցութիւնը Նալբանդեանի վրայ։ Տիրացուն եկաւ Մոսկւա, ընկաւ ռուս գրականութեան ազդեցութեան տակ, կարդաց Բելինսկուն, լսեց Նազարեանցին եւ եղաւ այն, ինչ որ եղաւ։ Մօտաւորապէս այդպիսի տպաւորութիւն է ստացւում այն բոլոր խորիմաստ դատողութիւններից, որ լսում ենք այդ խնդրի առիթով: -

Միջավայրի ազդեցութեան տեսակէտով նկատի չի առնւած Նոր-Նախիջեւանի Մագիստրատի ազդեցութիւնը եւ այն տնտեսական յեղաշրջումը, որ առաջ եկաւ կովկասահայերի մէջ XIX դարու սկզբներին։ Բոլորովին տարօրինակ բան կ՚լինի կարծել, որ Նալբանդեանը յուզեց Խալիպեան պայքարը, կռիւ Այվազեանների դէմ եւ այլն: Կեանքը արդէն զանազանաւորւել էր եւ «լայնսիրտ տղամարդը» չէր կարող անել ե՛ւ ոչինչ, առանց այդ հանգամանքի։ Ինչ որ կովկասահայերի մէջ ուժգնօրէն էր արտայայտւում, նոյնը արտայայտւում էր ե՛ւ Պօլսում, թէպէտեւ դասակարգային շերտաւորումը չէր տրոհւած այնտեղ այնքան պարզապէս, ինչպէս մեզանում: «Պօղոսեան» եւ «Ապօղոսեան» պայքարը Միք. Նալբանդեանը չյուզեց՝ այդ պայքարի մէջ եւս նա հանդիսացաւ իրրեւ լիբերալիզմի ռահվիրայ։ Ճանապարհորդութիւնը արտասահմանում չխախտեց նրա աշխարհայեացքի ամբողջականութիւնը. նա չդարձաւ սօցիալիստ, ինչպէս կարծում է պ. Ա. Շ., որ ասում է պ. Ե. Ֆրանգեանի «Միտք» ժողովածուի մէջ (եր. 329) հետեւեալ պարզ թիւրիմացութեան արդիւնք բառերը. «Հաւանօրէն Չերնիշեւսկու ազդեցութեան տակ է զարգացել եւ մեր 60- ական թւերի միակ սօցիալիստ հրապարակախօս Մ. Նալբանդեանի ագրարային տեսակէտը (տես «Երկրագործութ. » Մ. Նալբանդեանի)։ Մենք արդէն տեսանք, թէ որքան սօցիալիստ էր ազգութեան հրապարակախօսը, որ երգում է լիբերալիզմի տաղը։

/192/ Մեր յոյսը սակայն մեզ վրայ լինի,

Այսինքն ազգի մեր ընդհանրութեան.

Աղքատ ու հարուստ տւած թեւ թեւի`

Այսպէս թէ միայն կայ ճար փրկութեան…

«Այրի Հայաստանի» փրկութիւնը «Մանուկ Հայաստանը» այդ թեւ թեւի տալու մէջ է տեսնում…

Նալբանդեանի լիբերալ քաղաքականութեան հիմնական կողմերից մէկն եւս նրա վերաբերմունքը դէպի եկեղեցին, լուսաւորչական եւ օտարադաւան հայերի խնդիրը, նոր վանք հիմնելու ձգտումը պատմական Հայաստանում իբրեւ մի ընդդիմադիր հիմնարկութիւն Մխիթարեան ուխտին մնացել է դարձեալ մութ եւ անհասկանալի։

Խորաթափանց Կուսիկեանը նկատում է. «Ակներեւ է, որ նրա դաւանանքը լուսաւորչական եկեղեցու մասին եւ նոր ուխտ հիմնելու այս առաջարկութիւնը հակասում են նրա իդէալներին, խախտում են նրա աշխարհայեացքի ամբողջութիւնն ու ներդաշնակութիւնը…» (եր. 75):

Մենք, սակայն, Նալբանդեանի ազգային հրապարակախօսութիւնը իւր ամբողջութեան մէջ վերլուծելով՝ այդ օրինակ մի հակասութիւն գտնել դժւարանում ենք։ Հակասութեան խնդիր չկայ, այլ տարբեր վերաբերմունք դէպի կուլտուրական բովանդակութեամբ տարբեր արժէքներ։ Շատ հեշտ է, օրինակ, հակասութիւն գտնել նրա վերաբերմունքի մէջ դէպի ամենայն հայոց կաթողիկոսութիւնը, «Տէր, կեցո դու զՀայս»ը երկինք բարձրացնել եւ թունաւոր յարձակումներ տեղալ Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսի վրայ: Բայց ամենայն բան ունի իւր պատճառ եւ պէտք է միայն հասկանալ, լուսաբանել առանց մեղադրանքների… Դպրոցական խնդրում եւս նա հայ մեշչանական արժէքներով պայմանաւորւած ուսումնարանների կողմնակից է, բայց միեւնոյն ժամանակ նա դէմ չէ հոգեւոր կրթութեանը եւ կաթողիկոսին առաջարկում է հ/191/զօրացնել այդպիսի կրթութիւնը: Հեշտ է, ի հարկէ, հակասութիւն գտնել եւ ասել. «Ակներեւ է, որ նրա այդ վերջին առաջարկը հակասում է նրա իդէալներին, խախտում նրա աշխարհայեացքի ամբողջութիւնն ու ներդաշնակութիւնը: Բայց որքան ճիշտ կ՚լինի մի այդպիսի հապճեպ դատողութիւն։

Ի վերջոյ, ինչպէս են գնահատում Միք. Նալբանդեանին հայոց ազգի նոր լիբերալները։

Ե. Շահազիզը մէջ բերելով այն բոլոր հասարակական խնդիրները, որոնց համար կռւել եւ որոնց լուծումն է աշխատել տալ Միք. Նալբանդեանը` դրականօրէն պնդում է. «Նալբանդեանցը իբրեւ լաւ դիտող, խոր ու թափանցող եւ բոլոր վիճաբանելի խնդիրների վերաբերութեամբ բազմակողմանի գիտութիւն ունեցող մարդ շատ ճշգրիտ կերպով վճռել է այդ խնդիրները, որն էլ չէ ժամանել վճռել, գոնէ նորա վճռելու համար ճանապարհ է ցոյց տւել, նորա կոնսպեկտը, ծրագիրն է կազմել…» (տես Ե. Շ. Նալբ. կենսագր. », եր. 132):

Մենք, ի հարկէ, չենք կարող համաձայնել այդ կարծիքի հետ։ Նալբանդեանի դասակարգային աշխարհայեացքը իւր ազգային արժէքներով հայ լիբերալների համար միայն կարող է փառաբանութեան նիւթ ծառայել ժխտել դասակարգային տիրապետութիւնը՝ նշանակում է ժխտել «լայնսիրտ տղամարդի» իդէալները…