Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇՂԹԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ

Խուզարկութիւն՝ գիշերները։

Բանտարկութիւն՝ ցերեկները։

Այս է «քաղաքական կեանքը» Կովկասի մէջ, սկսած 1908-ից, ուր հայ ժողովուրդը, ցարական կարգադրութեամբ, յայտարարւած է յեղափոխականօրէն կասկածելի եւ դուրս՝ օրէնքի հովանուց։

Բանտ, խուզարկութիւն ու աքսոր յաճախ եղած են այն վայրերում, ուր տիրական է Սլավ բռնապետութեան Գայիսօնը. սակայն այն՝ ինչ կատարւում է վերջին տարիները, նոյնիսկ ցարի Հոկտեմբերեան Մանիֆեստից յետոյ, պաշտօնական յայտարարումը սահամանադրութեան , բացառիկ է եւ նորատիպ։

Ի՜նչ դառն հեգնանք։

***

Մինչ Պետերբուրգ, ռուսական դումայի մէջ արժանաւոր ու անարժան բերաններից ճառեր են հոսում՝ յանուն քաղաքական ազատութեան եւ ապահովութեան, ծայրագաւառներում՝ Լեհաստան, Ֆինլանդիա եւ Կովկաս, լեզուները կաշկանդւում են ոստիկանական հրամաններով, գրիչները կոտրւում են գրաքննարանների մէջ, եւ բոլոր լաւ քաղաքացիները՝ բժիշկ, փաստաբան, գրող, ուսուցիչ, պաշտօնեայ, երկրագործ, վարժուհի՝ գնում են բանտերը քաղաքական Գերեզմանոցները, քաւելու մեղքեր, որ չունեն, կրելու տանջանք, որին արժանի չեն... ։

Ու նստած Փակ Դռների ետեւը, հարիւրաւոր կալանաւորներ, երեք տարուց իվեր ենթակայ անպատում զրկանքների տնքում են ու մտածում՝

Ի՞նչ է մեր մեղքը.

Եւ ռուսական դատարանի անարժան պաշտօնեան՝ Լըիժին անւանւած, որ գերազանցապէս ոստիկանական ոգի է, քան դատաստանական, որի ամբողջ թելադրանքը գալիս է ներքին գործերի մինիստրից, բայց երբէք Օրէնսգրքից պատասխանում է անարգաբար.

Ձեր մեղքը այն է, որ հայ էք։ Դուք պատասխանատու էք այն բոլորի համար, ինչ անցնում է հայ կեանքի մէջ։ Մեզ հարկաւոր է մոխրի տակ թաղել բորբոքւող կրակը, արմատից պոկել յեղափոխութեան ծիլերը, քանդել քաղաքական կուսակցութիւնները, գերեզմանել այն բոլորը, ինչ կենդանի է եւ կենսունակ։ Փա՞ստ կուզէք. փաստը մեր քմահաճոյքն է. վաւերագի՞ր կուզէք. վաւերագիրը ոստիկանական զեկուցագիրն է։ Ո՛չ մի քաղաքական կուսակցութիւն, ոչ մի հայկական միտք, ոչ մի շարժում ահա մեր կամքը։ Ձեր կամքը դեռ չէ թագաւորում ահա ձեր մեղքը... »։

Ու Ստօլիպին, նախագահ անսահմանադիր մինիստրութեան, ոստիկան, բայց ոչ պետական մարդ, գաղտնի ժանդարմ, բայց ոչ օրէնքի սպասաւոր, հրահանգում է թղթով ու խօսքով՝

Ճզմեցէ՛ք, հարւածեցէ՛ք։

Ու ճզմում են։

Ու հարւածում են........

Գիշեր է։

Սոսկումի ենթակայ «հպատակները», հարուստ թէ աղքատ, հենց որ աղօտ լապտերները սկսում են վառվել ոստիկանապատ փողոցներում, փախչում են դէպի տուն, ինչպէս վերահաս մրրկից խուսափող թռչուններ։ 1906-ից իվեր, երբ ամբողջ Ռուսաստանում կազմակերպւեց սեւ տերրօրը, հարկաւ ոչ թէ յեղափոխութեան, այլ ոստիկանութեան ջանքերով, երբ ինքը ոճրամիտ կառավարութիւնը զինեց մութ տարրերը, տականքը ամբոխի, արթնացող Երկրի վրայ սարսափի քօղը ծածկելու համար, այլեւս երեկոները ոչ ոք ապահով չէ դուրսը։ Ամէնքն էլ տուն են վազում, փակւելու կրկնակուղպէք դռների եւ վանդակաւոր պատուհանների յետեւը։

Քաղաքական անապահովութեան նշանակն է այդ։

Զանգը հնչեց։

Զարզանդ է անցնում ներսը, տնեցիների մարմնով։ Ո՜ւշ ատեն զանգ դժբաղդութեան նշան է այդ։ Եւ իրօք։ «Բաց արէք», կանչում են ժանդարմները դրսից, հրամայօրէն, սպառնական։

Դռները բացվում են եւ ներս է խուժում ամբողջ մի զօրակոյտ, 15-20 հոգի, ոստիկաններ, ժանդարմների գլխաւորը՝ օգնականներով, դատախազի ներկայացուցիչը, լրտեսներ այլեւայլ համազգեստներով, քանի մի «վկաներ», հաւաքած փողոցից, հարբած եւ անպատկառ վաւերացնելու թղթեր, որ գոյութիւն չունեն, ստորագրելու արձանագրութիւն, որը կարդալ չը գիտեն։ Ոստիկանական օրէնքի ձեռակերտած «պօնեատօյ»ն է, այնքա՜ն ծանօթ բանտարկութեան Հայրենիքի մէջ։

Հրամանը տրւում է։ Ահա դռները փակվեցին, պահուհանների մօտ մարդիկ տնկւեցան, տանտէրը դրւեց հսկողութեան տակ, եւ սկսւեց խուզարկութիւնը, բոլոր սենեակներում եւ անկիւններում, խոհանոցից մինչեւ ննջարանը, ծառայի խուցից մինչեւ տանտիկնոջ առանձնարանը։

Կինս անկողնու մէջ է, թոյլ տւէ՛ք, որ հագնվի, եւ ապա ներս մտէք, նկատում է տանտէրը, խնդաբար։

Ժամանակ չունենք, գոռում է հեգնօրէն ոստիկանը, եւ խուզարկուները ներս են խուժում ահաբէկ տանտիկնոջ ննջասենեակը, լրբենի հետաքրքրութեամբ ու աչքանշաններով։

Ահա եւ բուն գործողութիւնը։

Հանդէս են գալիս ահագին քլունգներ, եւ ոստիկանի զգեստ հագած հարբեցողները, խեղճ զոհերը անբարոյականացնող պաշտօնէութեան, սկսում են աւերման գործը։ Քլունգները սլանում են դէպի առաստաղը, դէպի պահարաններն ու դռները, դէպի հատակի այն մասերը, ուր փոքր ինչ խորտուբորտութիւն կայ։ Երեւակայական կասկածի ներքեւ՝ փշրում են դռները, տեղահան են անում հատակի տախտակները, ճեղքեր են բանում առաստաղի մէջ, քանդում են պատը, ծածկում են մահճակալը, բաց են անում խոհանոցի պահարանները, գրքերի դարանները, սեղանը, գզրոցները, կեղտոտ մատներով քրքրում են կանանց հագուստներն ու սպիտակեղէնը, առանց մոռանալու, հարկաւ, երկդիմի սրախոսութիւնները... ։

Ու ամբողջ գիշերը այդ «օրինական» աւերմունքը կատարելուց յետոյ, առաւօտեան դէմ հպարտ ու յոգնւած՝ դադար են առնում, հաւաքում ու ահագին կապոցներ շինած տանու են գրքերը, Աստուածաշունչից մինչեւ «Կերակուր Եփելու Արհեստը», երեխաների տետրակները, բոլոր թղթերը, եթէ վրան նոյնիսկ մի տառ չի գրած, բոլոր նամակները, առանց բացառելու սիրահարականները, ո՛եւէ նորաձեւ դանակ, կասկածելի «մեքենաներ», նոյնիսկ քաղցրաւէնիք եփողը, հետն էլ միասին՝ ամենավտանգաւոր քաղաքական Իրը տանտէրը, որ աչքերը գձած փոքրիկ զաւակների արտասուաթոր աչքերին՝ մրմնջում է.

Սրտոտ եղէ՛ք, շուտով կը գամ... ։

Եւ յետեւից աւերակ, սուգ, արտասուք։

Դա խուզարկութիւնն է... ։


Փողոցի մէջն են։

Կալանաւորը շրջապատւած զինուորներով՝ սառցադէմ եւ սպառնական, չը գիտէ թէ ուր է գնում եւ ինչու համար։

Ո՞ւր էք տանում, հարցնում է նա։

Քանի մի րոպէով ոստիկանապետի մօտ, պատասխանում են ապահովութեան ներկայացուցիչները, անվրդով եւ հանգիստ։

Եւ տանում են ոստիկանապետի մօտ, այն տեղից փակ կառքով դէպի անծանօթ պաշտօնարան։ Ամէն ինչ անծանօթ է եւ անորոշ։ Ստւերի նման շարժվում է «քաղաքացին», առանց դիմադրութեան, անխօս եւ վախը սրտին մէջ։

Ահա՛ մի պաշտօնատուն։ Ի՜նչ տեսարան արդէն շատ կալանաւորներ, երբեմն միմիանց ծանօթ, երբեմն անծանօթ սպասում են կարգադրութեան հրահանգների... Դռները բացվում են եւ գալիս է հրամանը։ Սկսվում է նոր խուզարկութիւն անձնական, կալանաւորի անձի վրայ, գրպանների մէջ, կօշիկի կրունկների շուրջը, գլխարկի բոլոր ծալքերում, եւ նույնիսկ մօրուքի մէջ...

Վերջացաւ «անձնական» խուզարկութիւնը եւս։ Այժմ պէտք է տանեն։ Բայց ո՛ւր, ո՛ր քաղաքը, ո՛ր բանտը այդ յայտնի է միմիայն ոստիկանութեան։

Սկսւում է ելքը։ - Տարբեր է ելքը՝ տարբեր մարդոց համար։ Երբեմն ժողովրդի վրայ սարսափ գձելու նպատակով, կալանաւորները տանում են խումբով, քաղաքի գլխաւոր փողոցներով, շրջապատված կօզակներով հեծեալ, եւ զինւորներով՝ սուինազարդ։ Աջ եւ ձախ ամբոխը յետ է նահանջում։ Ո՞վ կը համարձակվի մօտենալ կամ մօտ կանգնել։ Ամենակարող սուինը պատրաստ է խրվելու այդպիսի յանդուգնի մէջքի կամ ազդրի մէջ։ Յաճախ տանում են գիշերով, գաղտնի ծնողներից ու բարեկամներից, փակ կառքով, յետ ընկած փողոցով։ Ոչ ոք գիտէ, թէ ուր տարան, ինչպէս տարան, ում հետ տարան, Անցնում է մի շաբաթ, երկու շաբաթ, բարեկամները կամ տնեցիները մաշում են ոստիկանապետի դիւանի դռները, մեժերի շէմքերը, որ մի լուր առնեն, մի բան իմանան, արդեօք կալանաւորը մեռած է թէ կենդանի։

Ամէն շրթունքներիցե նոյն պատասխանը՝ «Յայտնի չէ... »

Եւ դարձեալ յաճախ՝ տանում են կալանաւորները խմբովին, կայարանից կայարան, բանտից բանտ, նոյնիսկ քաղաքից քաղաք, ոտնաբոպիկ, անձրեւի եւ ձիւնի տակ, ենթակայ ծանր վիրաւորանքի։

Մի օր, Թիֆլիսի ցեխոտ մի փողոցով տանում էին երկու կալանաւոր։ Մէկը երիտասարդ մի հայ գրող, միւսը սպիտակահեր ծերունի մի հարուստ կալւածատէր։ Օդը անձրեւային էր, ցուրտ, խոնաւ։ Ճամբան երկար էր եւ ծանր։ Ծերունին անվարժ եւ ուժասպառ, երերում էր, անկարող քալելու։

Երիտասարդ կալանաւորը հայեց իր վիճակակից ալեզարդ կալանաւորին, զգաց՝ որ նրա ոտները այլեւս ուժ չունեն, մօտ է մարելու, դիմեց զինւորներին այս աղերսանքով.

Եղբայրներ, ես կը քալեմ ոտով, դեռ ոյժ ունիմ, բայց խղճացէք այս ծերունուն, թոյլ տւէք որ կառք նստի, ուժասպառ է, նա էլ մարդ է… Խղճացէք նրա ծերութեան։

Քալէ՛, շուն, մռնչաց զինւորը, հրացանի խօնտախը բարձրացնելով, քալէ, եւ լեզուդ քեզ պահէ…

Ու քալեցին……


Ահա եւ բանտը։

Օգոստափառ հանդարտութեամբ բացվում է նշանաւոր դարպասը, իր անխուսափելի եւ յաւիտենաւան պահապանի ձեռքով, եւ մի վայրկեան յետոյ՝ «կենդանի մեռածների» աշխարհի մէջ աւելանում է մի նորը… այդ րոպէից նա այլ եւս քաղաքացի չէ, մարդ չէ, այլ մի համար, պիտի շարժվի, երբ կը հրամայեն, պիտի ելնէ երբ կը պատւիրեն, արտօնված միայն մի իրաւունքով։ Շրջակայ երկաթապատ պատուհաններից որոնք ներքին բակի վ»այ են նայում հարիւրաւոր աչքեր են դիտում նորեկը. աչքեր քաղաքական հերոսի, որ ազատութեան համար կուրծք տւեց, աչքեր ոճրագործի, որ գուցէ մօրն է մորթել, այչեր աւազակի, հրաձգի եւ արբեցողի, որովհետեւ այդ «աշխարհի» մէջ ամէն ինչ կայ եւ ամէն ինչ խառն է, մեծութիւն եւ տականք, զոհողներ եւ զոհվողներ…

Արձանագրեցին անունը, տարան ներսերը…

Նա արդէն փակ դռների յետեւն է։ Պէտք է նստի ու սպասէ։ Արդեօք հաց ունի, շոր ունի, գլուխ դնելու տեղ ունի, արդեօք քննում են նրա յանցանքը. տանջանքի է ենթակայ թէ հարց ու փորձի, մեռած է թէ կենդանի ոչ ոք գիտէ։

Դռները փակ են։