ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ

Հայագիտութիւն բառը բազմանշանակ է. լայն առումով այն ընդգրկում է հայերին, Հայոց պատմութեանը եւ քաղաքակրթութեանը վերաբերող գիտութիւնների ողջ հաւաքածոն: Սակայն մեծ մասամբ այն օգտագործւում է աւելի նեղ իմաստով եւ այդ դէպքում նկատի ունի դասական հայերէնի՝ գրաբարի, այդ լեզուով ստեղծուած գրաւոր յուշարձանների, վերջապէս Հայոց պատմութեան այն շրջանների ուսումնասիրութիւնը, երբ որպէս հիմք հանդէս են գալիս նախ եւ առաջ հէնց գրաբարով շարադրուած սկզբնաղբիւրները: Նոյն նշանակութեամբ են կիրառւում բառիս նաեւ օտար զուգահեռները՝ арменоведение (երբեմն՝ армяноведение), арменистика, arménologie, armenology: Այդպիսի սահմաններում է ներկայացնում հայագիտութիւնը նաեւ սոյն ձեռնարկը: Յիշենք, որ պայմանական նշանակութիւն ունի, օրինակ՝ նաեւ եգիպտագիտութիւնը, որը նկատի ունի Հին Եգիպտոսը, իսկ ասորագիտութեան առարկան միջնադարեան Ասորիքն է:

Հայոց գրականութիւնը, աւելի ստոյգ՝ մատենագրութիւնը, ծնունդ է առնում V դարում: Հայալեզու գրաւոր երկերը, լինեն դրանք ինքնուրոյն, թէ թարգմանական, կազմում են Քրիստոնեայ Արեւելքի գրականութեան հարստագոյն մասերից մէկը, իրենց ճոխութեամբ նրանք հետեւում են անմիջապէս յունալեզու բիւզանդականներին: Հայերէն պատմական երկերն են հիմք ծառայում Հայոց միջնադարի (III-IV դարերից սկսած) ուսումնասիրութեանը: Միաժամանակ այստեղ կան բազմաթիւ եւ զանազան տուեալներ, որոնք լոյս են սփռում հարեւան ժողովուրդների պատմական ընթացքի վրայ:

Յուշարձանների իւրաքանչիւր խումբ (դրանք առանձնանում են ըստ լեզուի, ձեւի, ժանրի, դարաշրջանի) ենթադրում է վերլուծութեան առանձին եղանակ: Մատենագրական երկերի գիտական վերլուծութիւնը այսօրուայ առումով սկիզբ է առնում XVIII դարից՝ շարունակելով զարգանալ եւ կատարելագործուել: Այդ ժամանակից հայագիտութիւնը ճանաչում է ստանում որպէս միջազգային գիտական ճիւղ եւ այդպիսին է մնում առ այսօր: Հայագիտական կենտրոնները ցրուած են աշխարհով մէկ, դրանց ցուցակը ընդգրկում է մի քանի տասնեակ անուն:

Սոյն փոքրածաւալ ձեռնարկը հասցէագրուած է նրանց, ովքեր պահանջ են զգում թափանցել առարկայի խորքը, իսկ հետագայում անգամ աշխատել այդ բնագաւառում: Միաժամանակ այստեղ բերուած մատենագիտական տուեալները կարող են ինչ-որ չափով օգտակար լինել նաեւ արդէն կայացած մասնագէտներին:

 

Աշխատութեան հիմնական բաժիններն են.

I. Հայոց լեզուաբանութիւն, գերազանցապէս այն մասով, որն ուղղուած է դէպի սկզբնաղբիւրների լեզուի, այսինքն գրաբարի ուսումը եւ ուսումնասիրութիւնը: Դրանց հետ մէկտեղ նշուած են նաեւ այն ձեռնարկները, որոնք վերաբերում են յաջորդ՝ միջին եւ նոր հայերէնի շրջաններին:

II. Հայոց ձեռագրերի, նաեւ վիմագիր արձանագրութիւնների ուսումնասիրութիւն եւ գիտական հրատարակութիւն:

III. Աղբիւրագիտութեան բաժին՝ Հայոց մատենագրական երկերի վերլուծութիւն որպէս Հայոց Միջնադարի սկզբնաղբիւրներ:

IV. Հայոց միջնադարեան գրական աշխարհը:

Նշուած բնագաւառների սահմանները սովորաբար պայմանական են, նրանք առնչւում են մէկը միւսի հետ, այնուհանդերձ իւրաքանչիւրը պահպանում է նաեւ իր առանձնայատկութիւնները, յենւում է իրեն յատուկ մեթոդական աշխատութիւնների վրայ, ունի սեփական գիտական աւանդոյթ:

Անկախ ընտրած բնագաւառից, ուսումնասիրութեան առարկայ դարձած դարաշրջանից, հայագէտը բնականաբար պիտի ընդհանուր պատկերացում ունենայ ժողովրդի անցած պատմական ողջ ուղու մասին, պատկերացնի երեւոյթը որպէս այդպիսին: Կարելի է կռահել, որ դիմելով սոյն ձեռնարկին՝ ընթերցողն արդէն իսկ ունի Հայոց պատմութեան բնագաւառում որոշ գիտելիքներ: Այնուամենայնիւ, գիտեցածը թարմացնելու նպատակով հիմնական բաժիններին նախորդում է Հայոց պատմութեան ընդհանուր մի ակնարկ, համապատասխան գրականութեան նշումներով:

Հայաստանը միշտ եղել է իրենից անհամեմատ աւելի խոշոր եւ զօրեղ պետութիւնների հարեւան, դարեր անընդհատ կախում ունեցել նրանցից կամ մտել նրանց կազմի մէջ: Տուեալ դէպքում խօսքը վերաբերում է Սասանեան Պարսկաստանին, Հռոմէական եւ նրա անմիջական ժառանգ Բիւզանդական կայսրութեանը, Արաբական խալիփայութեանը, սելջուկների եւ ապա օսմանեան թուրքերի պետութիւններին: Իսկ վրացագիտութիւնը եւ աղուանագիտութիւնը, փաստօրէն, հայագիտութեան զուգահեռ են թէ՛ առարկաների մօտիկութեամբ եւ թէ՛ կիրառուող մեթոդներով: Հայոց միջնադարեան քաղաքակրթութեամբ զբաղուողը անպայման հաշուի է առնում այդ հանգամանքը: Առհասարակ պատահական չէ, որ բազմաթիւ հայագէտներ միաժամանակ դրսեւորել են իրենց նաեւ որպէս հարեւան ճիւղի մասնագէտներ:

Ձեռնարկի մի կարեւոր բաժինը կազմում է մատենագիտութիւնը: Աշխատութիւնները վկայակոչուած են բուն շարադրութեան մէջ. ուղղանկիւն փակագծերում հռոմէական թուանշաններով նշուած է բաժնի համարը, իսկ արաբականներով՝ տուեալ աշխատութեան համարը մատենագիտութեան ցանկում, օրինակ՝ [ III. 17]: Այդ ցանկը գտնւում է ձեռնարկի վերջում եւ կազմուած է հետեւելով վկայակոչումների հերթականութեանը եւ ոչ թէ ըստ այբբենական կարգի:

Սոյն ձեռնարկն, անշուշտ, եզակի երեւոյթ չէ. նշենք թէկուզ «Քրիստոնեայ Արեւելքի փոքրիկ բառարանը» [1] կամ «Արեւելեան քրիստոնեայ աշխարհներ» ժողովածոն [2]: Ներկայ հրատարակութեան հիմքը կազմում է 2003 թ. Պետերբուրգի համալսարանում լոյս տեսած աշխատութիւնս [3]: Նշեմ, որ այդ ռուսերէն եւ սոյն հայերէն ձեռնարկները աւելի լայն են իրենց ընդգրկումով եւ անհամեմատ աւելի ճոխ՝ վկայակոչուած հայալեզու եւ ռուսալեզու գրականութեամբ: Գրականութիւնը, անշուշտ, բերուած է ընտրովի, գնահատականները պատկանում են հեղինակին, ուստի որոշ իմաստով արտայայտում են վերջինիս անձնական տեսակէտները: Յուսով եմ, սակայն, որ ընդհանուր առմամբ առարկան ճիշտ է ներկայացուած եւ կարող է նպաստել հայագիտական հետագայ պրպտումներին:

«Հայագիտութեան ներածութիւնը» իր թէ՛ հայերէն, թէ՛ ռուսերէն տարբերակներով հասցէագրուած է առաջին հերթին ուսանողութեանը: Կատարելով ինչ-որ չափով պարտքս ապագայ հայագէտների նկատմամբ՝ ես միաժամանակ երախտագիտութիւնս եմ յայտնում Հայաստանի ամերիկեան համալսարանի «Հայ դասական մատենագրութեան թուային գրադարանի» իմ երիտասարդ բարեկամներին, որոնց օգնութեամբ վերջնականապէս ձեւաւորուել է այս գիրքը:

Եւ վերջին դիտողութիւնը. ծանօթանալով գրքոյկին՝ սկսնակ հայագէտը իսկոյն կը նկատի, թէ գրականութեան ցանկում ինչպիսի մեծ տեղ են զբաղեցնում օտարալեզու աշխատութիւնները: Կրկնեմ մէկ անգամ եւս՝ հայագիտութիւնը ի սկզբանէ եղել է միջազգային գիտական ճիւղ: Հարկաւոր է հաշտուել անխուսափելի դժուարութիւնների հետ եւ հնարաւորին չափ շատ դիմել լեզուների ուսումնասիրութեանը:

 

Երեւան - Պետերբուրգ, 16 յունուարի 2006 թ.:



[1]    Assfalg J., Krüger P. Petit dictionnaire de l'Orient Chrétien, Brepols, 1991 (թարգմ. գերմաներէնից՝ Kleines Würterbuch der Christlichen Orients. Hrsg. von J. Assfalg in Verbindung mit P. Krüger. Wiesbaden, 1975 ).

[2]    Albert M. եւ միւսներ. Cristianismes Orientaux. Introduction à l'étude des langues et des littératures. Initiation au christianisme ancien. Les éditions du CNRF, Paris, 1993.

[3]    К. Н. Юзбашян. Введение в арменистику. Учебное пособие. Изд. С. -Петербургского университета. 2003.