ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

I. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հայերէնը պատկանում է հնդեւրոպական լեզուաընտանիքին, որն ընդգրկում է հնդիրանական, սլաւոնական, գերմանական, ռոմանական եւ այլ լեզուական խմբեր, նաեւ առանձին լեզուներ: Կարելի է իսկոյն նկատել, որ հայերէն մայր բառը համապատասխան է յուն. MHTHR-ին, լատիներէն mater-ին, միսը՝ ռուս. мясо-ին, տունը՝ дом-ին. օրինակները կարելի է բազմապատկել:

Ժամանակակից գիտական առումով հայերէնը սկսեց ուսումնասիրուել XVIII դարում, իսկ յաջորդ XIX դարում պարզուեց նրա պատկանելութիւնը հնդեւրոպական լեզուների ընտանիքին՝ իբրեւ առանձին միաւոր: Համեմատական լեզուաբանութեան մեթոդաբանութեան ըմբռնումը ջանքեր է պահանջում, եւ ցանկալի է նախապէս ընդհանուր պատկերացում կազմել գիտական այդ բնագաւառի մասին: Դրա ուսումնասիրութեան պաթոսը լաւ է արտայայտուած, օրինակ՝ Վեաչեսլաւ Տոպորովի յօդուածում [I. 1]: Գոյութիւն ունեն առարկայի բազմաթիւ ներածականներ, օրինակ՝ [I. 2-2ա]:

Հնդեւրոպական լեզուները, ըստ իրենց մօտիկութեանը հայերէնին, դասաւորւում են հետեւեալ հերթականութեամբ.

1. Յունարէն       7. Սլաւոնական լեզուներ

2. Հնդկերէն լեզուներ     8. Իտալիական լեզուներ

3. Փռիւգերէն     9. Կելտական լեզուներ

4. Խեթա-լուվիական լեզուներ    10. Բալթիական լեզուներ

5. Թոխարական լեզուներ 11. Ալբաներէն

6. Իրանական լեզուներ   12. Գերմանական լեզուներ

            [I. 3, էջ 205]

Հին հայերէնը պայմանական ձեւով կրում է նաեւ գրաբար (այսինքն՝ գրաւոր լեզու) անուանումը (թէպէտ ժամանակին գրաբարը եղել է նախ եւ առաջ խօսակցական լեզու):

Ինչպէս արդէն ասուեց, հայոց այբուբենը ստեղծուել է V դարում (աւելի մանրամասն տե'ս II բաժնում) եւ անմիջապէս խթան ծառայել դպրութեան բուռն զարգացմանը: Այդ գրութեան հիման վրայ Ս. Գրքի թարգմանութիւնից անմիջապէս յետոյ աճում է հայոց գրականութիւնը, մասամբ՝ թարգմանական, բայց անհամեմատ աւելի լայն չափով՝ ինքնուրոյն (տե'ս IV բաժնում):

Հայոց դպրութիւնը (յատկապէս նախնական շրջանում) զարգանում էր յունարէնի եւ ասորերէնի յուժկու ազդեցութեան ներքոյ: Արագ կերպով աճում է երկարմատ բառերի ցանկը, բառերի, որոնք պատճէնում էին յունարէնի բառակազմութիւնը: Քերականութեան եզրաբանութիւնը հարստանում էր այնպիսի կառուցուածքներով, ինչպիսիք են, օրինակ՝ նախ-ա-դասութիւն կամ ենթա-կայ բառերը: Յունարէնի օրինակով առաջանում են նոր նախածանցներ, կրկնւում են նաեւ յունարէնի շարահիւսական նմուշ-օրինակները: Դպրութեան այդ շերտը յայտնի է յունաբան անուամբ, որը եղել է նախ եւ առաջ գիտական հայերէնի լեզուն: Բայց իհարկէ գրաւոր լեզուն ոտքի կանգնեց (փաստօրէն այբուբենի ստեղծման պահից) օգտագործելով արդէն գոյութիւն ունեցող խօսակցականի բառապաշարը, ուր փոխառեալ կառուցուածքները եւս մեծ տեղ էին գրաւում: Յունաբան հայերէնը չարմատակալեց, բայց այն նպաստեց բառապաշարի հարստացմանը եւ բառակազմութեան սկզբունքների տարածմանը:

Գրաբարը եղել է, անշուշտ, կենդանի լեզու՝ իր գրական տարբերակով. բնական է, որ ժամանակի ընթացքում գրաւորը սկսել է յետ մնալ խօսակցականից: Գրաբարի բառագանձային ու բառակազմական հիմնական սկզբունքները իւրացուել էին միջին հայերէնի կողմից, որն սկսեց տարածուել XI-XII դարերից: Միջին հայերէնով են շարադրուած բազմաթիւ առակներ, իրաւաբանական, բնագիտական, բժշկագիտական աշխատութիւններ եւ առանձնապէս՝ բանաստեղծական երկեր: Գրաբարը մնաց ժամասացութեան լեզու, միաժամանակ օգտագործւում էր գիտական ոլորտում, պաշտօնական նամակագրութեան մէջ: XIX դ. կէսերից գրաբարը լրիւ զիջեց իր տեղը աշխարհաբարին, մինչդեռ ծիսական արարողութիւնը շարունակւում էր գրաբարով:

Աշխարհաբարը ունի երկու գրական տարբերակ՝ արեւելեան եւ արեւմտեան, ներկայացուած է նաեւ բազմաթիւ բարբառներով: Ամէն դէպքում հիմքը կազմում է գրաբարից ժառանգած բառապաշարը: Արեւելահայերէնով գրում եւ խօսում են Հայաստանի, Ռուսաստանի, մասամբ Պարսկաստանի հայերը, արեւմտահայերէնը մնացած աշխարհի, սփիւռքի լեզուն է: Սփիւռքում հաստատուած արեւելահայերը պահպանում են իրենց հարազատ տարբերակը: Խօսակցական ոլորտում գրական լեզուի եւ որեւէ բարբառի խառնուրդը սովորական է հայերի մօտ: Նոր շրջանի հսկայական գրականութիւնը երկու տարբերակով է, թէ՛ արեւելահայերէն եւ թէ՛ արեւմտահայերէն:

Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական լեզուն գրական հայերէնն է, որի երկու տարբերակն էլ ունեցել են գրաբարից ժառանգած միասնական ուղղագրութիւն։ Սակայն 1922 թուականին արեւելահայերէնը անցաւ այլ կառուցուածքի, որը ձեւի իմաստով տրամաբանական լինելով հանդերձ եւ որոշ չափով հեշտացնելով գրութեան ճշտութիւնը՝ խորթ էր դարերի աւանդոյթին: 1940 թուականին աւանդական ուղղագրութեան մի քանի կանոններ վերականգնուեցին, բայց ուղղագրական երկփեղկումն այլեւս կատարուած իրողութիւն էր:

Նշենք, այնուամենայնիւ, որ աւանդական գրութեան օրէնքները, ինչ-ինչ կէտերում աւելի բարդ լինելով, քան այժմ գործողները, միաժամանակ աւելի են առնչւում լեզուի էութեանը եւ ունեն մի շարք կարեւոր առաւելութիւններ, որովհետեւ աւելի ճիշտ են արձանագրում բառագանձի ստուգաբանութիւնը եւ հայերէնին հարազատ հնչիւնաբանութեան դինամիկան (լոյս/լուսաւոր, պարտէզ/պարտիզպան եւն): Միւս կողմից, եւ դա շատ կարեւոր հանգամանք է, աւանդական ուղղագրութիւնը վերացնում է այն խոչընդոտները, որոնք առաջանում են արեւմտահայ ընթերցողի մօտ արեւելահայ գրականութիւնն ընթերցելիս: Արցախեան համազգային զարթօնքի եւ պետական անկախութեան հաստատման օրերին Հայաստանում խնդիր դրուեց վերականգնելու դասական ուղղագրութիւնը, որն աւարտին չհասաւ։ Այնուամենայնիւ, օգտուելով օրէնսդրութեան տուած որոշ հնարաւորութիւնից, ներկայումս Հայաստանի մտաւորականներից շատերը գերադասում են սեփական աշխատանքները հրատարակել հէնց աւանդական գրութեամբ։

Նոր գրականութիւնը, որտեղ հայերէնը վերլուծւում է հնդեւրոպական լեզուաբանութեան կտրուածքով տեսնե՛լ մասնաւորապէս՝ [I. 3-9]

Հնդեւրոպական լեզուաբանութիւնը զարգանում է մեծ թափով, եւ այդ առումով Հր. Աճառեանի մեծածաւալ «Արմատական բառարանը» [I. 10] ենթակայ է որոշ ուղղումների եւ լրացումների: Վերջիններիս խմբին են պատկանում կովկասեան եւ սեմական լեզուներին վերաբերող իրողութիւնների վկայութիւնները:

Հայերէնի գիտական ուսումնասիրութիւնը ենթադրում է նաեւ այն աշխատութիւնների օգտագործումը, որոնք վկայակոչուած են վերեւում, տե՛ս մասնաւորապէս՝ [I. 3, էջ 233-252]։ Նոյն աշխատութիւնները կարող են օգտակար լինել նաեւ կանոնաւորիչ քերականութեան իւրացման դէպքում: Սակայն սկզբնական շրջանում աւելի նպատակայարմար է առաջնորդուել ուսումնական ձեռնարկներով, օրինակ՝ [I. 11-13], իր արժէքը չի կորցրել նաեւ հռչակաւոր կովկասագէտ Նիկողայոս Մառի դասագիրքը [I. 14]: Այդ աշխատութիւնները թեթեւացնում են անցումը դէպի գրաբարի քերականական կառուցուածքի ուսումնասիրութիւն: Աւելի լայն ընդգրկումով տե՛ս [I. 15]:

Յունաբան հայերէնով շարադրուած երկերին վերաբերող վերլուծութիւնները կարող են իրենց հերթին ձեռնարկ ծառայել հին հայերէնի այդ շերտի իւրացման համար [I. 16-17]:

Աշխարհաբարի գիտական վերլուծութիւնը ժամանակակից մակարդակով տեսնե՛լ[I. 18-20], կանոնաւորիչ քերականութիւնը՝ [I. 21], արեւմտահայերէնը՝ [I. 22]

Բառարաններ. Ինչպէս արդէն ասուեց, 1749 թուականին Վենետիկում լոյս տեսաւ հայ բացատրական բառարանի առաջին հատորը, որը կազմել էր Մխիթարեանների միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացին (տե՛ս III բաժնում): Ուղղակի, թէ անուղղակի եղանակով այդ ծաւալուն աշխատութիւնը կազմում է հետագայում լոյս տեսած հայերէն բոլոր բառարանների մայր օրինակը (երկրորդ հատորը, որը հրատարակուեց 1769 թուին, հանրագիտարան է):

Հին հայերէնի գլխաւոր բառարանը մնում է »Նոր բառգիրք հայկազեան լեզուի« վերնագիրը կրող երկհատոր ծաւալուն աշխատութիւնը (1836-1837 թթ. ): Նրա հեղինակներն են Գաբրիէլ Աւետիքեանը, Խաչատուր Սիւրմէլեանը եւ Մկրտիչ Աւգերեանը, նոյնպէս՝ մխիթարեաններ [I. 23]: Բառարանն ընդգրկում է հայերէնի ողջ բառապաշարը՝ այնչափ, որչափ յայտնի էր այդ շրջանում, եւ նրա մանրամասն մեկնութիւնները (շատ դէպքերում սկզբնաղբիւրների յղումներով). նշուած են յունարէնի եւ լատիներէնի, յաճախակի՝ նոր հայերէնի զուգահեռները, փոխառութիւններ թուրքերէնից եւ արեւելեան այլ լեզուներից: Բառարանը հարուստ է դարձուածաբանական օրինակներով: Բառարանին նախորդում է գրաբար բնագրերի ցանկը, որտեղից վերցուած են օրինակները . Ա, էջ 9-20): Սկզբնաղբիւրի վերլուծութեան կամ թարգմանութեան համար այդ բառարանն անփոխարինելի է:

«Նոր բառգրքի» համեմատութեամբ Մկրտիչ Աւգերեանի կազմած «Առձեռն բառարանը» [I. 24] համառօտ է, սակայն բառապաշարի ընդգրկումով՝ աւելի ծաւալուն, եւ հէնց դրանով է որոշւում նրա տեղը հայագիտութեան գրադարանում:

1817 թ. լոյս տեսաւ հայերէն-ֆրանսերէն բառարան, որի հիմքն է Մխիթար Սեբաստացու բառարանը, 1837-ին՝ հայերէն-իտալերէն, իսկ յաջորդ թուականին՝ հայերէն-ռուսերէն բառարանը, որի կազմողն է Ալեքսանդր Խուդաբաշեանը [I. 25]: Վերջինն անփոխարինելի է գրաբարից ռուսերէնի թարգմանելիս, մասնաւորապէս այն դէպքում, երբ թարգմանիչը ստիպուած է դիմել ռուսերէնի արդէն հնացած բառապաշարին ու ոճերին:

Թուարկուած բառարաններն ընդգրկում են մեծ մասամբ գրաբարի բառերը, հարկաւոր է, սակայն, հաշուի առնել, որ կոպիտ բաժանում գրաբարի եւ աշխարհաբարի բառապաշարի միջեւ գոյութիւն չունի: Անգամ այսօրուայ լեզուն ուսումնասիրողը կամայ-ակամայ դիմում է հայերէնի այդ գանձարաններին: Իմաստաբանութեան փոփոխութիւնը ինքնին հետաքրքիր է: Այդ առումով շատ կաեւոր է Ստեփանոս Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանը», որն ամփոփում է հայերէնի ողջ բառապաշարը հնուց մինչեւ XX դ.: Այստեղ տրւում է բառի ստուգաբանութիւնը, իմաստաբանութեան փոփոխութիւնները, բերուած են դարձուածաբանութեան օրինակներ [I. 26]: Միջին հայերէնի բառարանը [I. 27] լոյս է տեսել երկու հատորով: Կազմելուց շուրջ հարիւրամեակ անց լոյս աշխարհ եկաւ Նորայր Բիւզանդացու «Ստորին հայերէնի» հիմնարար բառարանը [I. 28]:

Ժամանակակից հայերէնը ամենից լայն չափով ներկայացուած է Էդուարդ Աղայեանի երկհատոր բառգրքում [I. 29], ինչպէս նաեւ «Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարանում», որի ստեղծմանը մասնակցել է բանասէրների մի ստուար խումբ [I. 30]: Վերջինիս առաւելութիւններից մէկը կազմում են դարձուածաբանական օրինակները: Բառի մեկնութեանը կարող է նպաստել նաեւ Աշոտ Սուքիասեանի կազմած հոմանիշների բառարանը [I. 31]:

Բազմաթիւ հայ-ռուսերէն եւ ռուս-հայերէն բառարաններից շրջանառութեան մէջ են առանձնապէս [I. 32-34]:

Ներկայիս հայերէնը եւ մասնաւորապէս նրա բառապաշարը արագ փոփոխութիւններ են ապրում: Ինչպէս եւ ամենուրեք, կեանք են թափանցում նոր գաղափարներ եւ որոշ ժամանակ գործում իրենց բնիկ ձեւով՝ իբրեւ այլ լեզուից փոխառութիւններ, սակայն ժամանակի ընթացքում օտարաբանութիւնը սկսում է աչքի ընկնել, առաջանում են նոր կազմութիւններ, որոնք հարազատ են լեզուին [1]: Ընդ որում պարզւում է, որ յունաբան հայերէնի օրէնքները կիրառելի են նաեւ մեր օրերում. այդպէս է կազմուել, օրինակ՝ միանգամայն ժամանակակից ենթակայան բառը: Աւելացնենք, որ XVI դարի վերջերից եւ մինչեւ XVIII դարի կէսերը որոշ տարածում էր գտել նաեւ լատինաբան հայերէնը, սակայն այն վերացաւ անհետ:

Հայերէնն անսահման հնարաւորութիւններ ունի հետեւելու ժամանակի պահանջներին եւ անընդհատ փոփոխւում է: Հասարակական կեանքի բուռն զարգացումը բերում է, դժբախտաբար, ինչպէս եւ միւս ժողովուրդների մօտ, նաեւ լեզուի գռեհկացմանը: Բայց լեզուի բնածին յատկութիւնները հնարաւորութիւն են տալիս դիմադրել այդ ընթացքին եւ շատ դէպքերում վերացնել դրա հետեւանքները:

Լեզուի, տուեալ դէպքում հայերէնի, ուսումնասիրութեան ընթացքում օգտագործուող որոշ եզրերի բացատրութիւնը (օրինակ՝ կերպ, ձայնակապ, պատճէնում եւն) տեսնե՛լ [I. 35]:



[1]    1945 թ. Երեւանում լոյս տեսած բանասիրական բնոյթի շատ լուրջ աշխատութեան մէջ օգտագործուած են, օրինակ՝ բիբլիոգրաֆիա եւ տրադիցիա բառերը, որոնց այժմ լրիւ դուրս են մղել մատենագիտութիւն եւ աւանդոյթ արտայայտութիւնները: Թեկնածուական թեզի պաշտպանութեան ժամանակ տողերիս հեղինակը պատասխանում էր օպոնենտին, իսկ դոկտորականի քննադատը եղել է արդէն ընդդիմախօսը, ընդ որում ներկայացուած աշխատանքները երկու դէպքում էլ դեռեւս դիսերտացիաներ էին: Յիշելի է, սակայն, որ «հայացման» ընթացքում հարկաւոր է լինել զգոյշ եւ խուսափել չափազանցութիւններից: Ասածս վերաբերում է գիտական եզրաբանութեանը: Որոշիչը այստեղ եզրի միանշանակ լինելն է, դրանով պիտի թելադրուի նորամուտ բառի ընտրութիւնը: