ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II. ՀԱՅՈՑ ՁԵՌԱԳՐԵՐ, ՀԱՅՈՑ ՎԻՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայոց գրերի ստեղծումը մի հսկայական թռիչք էր ազգային ընդհանուր մշակոյթի մայրուղու վրայով, մինչդեռ անմիջական պատճառը եղել է աւելի համեստ եւ կապուել քրիստոնեայ քարոզի, քրիստոնեայ արարողութեան հետ: Քրիստոնէութեան քարոզը կատարւում է Ս. Գրքի հիման վրայ՝ լինի դա յունարէն, թէ հայերէն՝ պաշտօնապէս ճանաչուած ազգային եկեղեցու կողմից: Արարողութիւնը պահանջում է մի շարք գրքեր, դարձեալ տեղական լեզուով: Առանց այդպիսի գրքերի քարոզը չի կարող լրիւ տեղ հասնել: Սեփական գրի բացակայութեան պայմաններում հայերի, վրացիների, աղուանների մօտ արարողութիւնը սկզբնապէս կատարւում էր յունարէն կամ ասորերէն գրքերի հիման վրայ, որոնց լեզուն անմատչելի էր հաւատացեալներին, յամենայն դէպս՝ նրանց մեծամասնութեանը: Այդ հանգամանքը հասկանալի պատճառներով կրճատում էր նաեւ հոգեւորականութեան կազմը: Հայոց եկեղեցին պարզ գիտակցում էր, թէ որչափ հակասական է իրական վիճակը, սակայն հարցը լուծում ստացաւ միայն V դարի սկզբներին:

Այբուբենի հեղինակ Մաշտոցը իր ժամանակի ամենից գիտուն մարդկանցից էր: Մաշտոցի մասին մանրամասն (եւ շատ առարկայական եղանակով) պատմում է նրա աշակերտ Կորիւնը: Սկզբից Մաշտոցի ձեռքն ընկաւ հայկական համարուող մի այբուբեն, որը գտնւում էր ասորի եպիսկոպոս Դանիէլի մօտ. հնարաւոր է, որ հէնց ինքն էր կազմել այն: Ամենայն հաւանականութեամբ, դա ինչ-որ սեմական լեզուի այբուբեն էր, որը փորձում էին ծառայեցնել հայերէնին: Սեմական լեզուներում ընդհանուր իմաստը արտայայտում են բաղաձայները, իսկ ձայնաւորները ծառայում են գլխաւորապէս բառի քերականական ձեւաւորման համար: Այդ է պատճառը, որ սեմական լեզուներում ձայնաւորները չեն ունենում առանձին նշաններ: Հայերէնի համար իր եօթը ձայնաւորներով այդպիսի պակասաւոր համակարգն անընդունելի էր. ամէն պարագայի բազմաթիւ դժուարութիւններ կ'առաջացնէր: Ծանօթանալով «Դանիէլեան գրերին»՝ Մաշտոցն անմիջապէս կռահում է, որ գրութեան այդ կարգը ոչ մի կերպ չի մերւում հայերէնին: Աշակերտների հետ միասին նա ուղեւորուեց դէպի Բիւզանդական կայսրութեան սահմանները եւ Ասորիքի Եդեսիա եւ Սամոսատ քաղաքներում ստեղծեց հայերէն գրերի համակարգը: Այս անգամ իւրաքանչիւր հնչիւն (հնչոյթ) ստացաւ իր առանձին նշանը: Յոյն գեղագիր Հռոփանոսը ձեւաւորեց տառերը, եւ Մաշտոցը բերեց դրանք Հայաստան: Այդ գրերը առանց էական փոփոխութեան գործածութեան մէջ են առ այսօր:

Մաշտոցը նպաստեց նաեւ հարեւան ժողովուրդների՝ վրացիների եւ աղուանների գրերի ստեղծմանը: Ինչպէս եւ հայերէնի դէպքում, դրանք առանձին նշաններ ունեն թէ՛ բաղաձայնների եւ թէ՛ ձայնաւորների համար: Պէտք է մտածել, որ հէնց Մաշտոցն է ներշնչել հնչունական այբուբենի գաղափարը, որից յետոյ վրացի Ջաղայի եւ աղուան Բենիամինի գործուն մասնակցութեամբ կերտել նրանց մայրենի լեզուների այբուբենները: Մաշտոցի գործունէութեանը նուիրուած է ծաւալուն գրականութիւն, տե՛ս մասնաւորապէս [II. 1-2, II, 3, էջ 181, II, 4]:

Հայոց այբուբենը ըստ իր հնչութային կազմի ունեցել է 36 նշան, հետագայում դրանց աւելացուել է եւս երկու տառ եւ մէկ պատկերանիշ՝ և: Համեմատութիւնը ցոյց է տալիս, որ դրանց կարգը որոշելիս Մաշտոցը հետեւել է յունարէնի օրինակին: Գրութիւնն ի սկզբանէ եղել է ձախից աջ: Տառերն օգտագործւում էին նաեւ իբրեւ թուանշաններ: Աղիւսակում սիւնեակ առ սիւնեակ բերուած են հայերէն բոլոր մեծատառ եւ փոքրատառ նշանները, նրանց յունարէն զուգահեռները, հայերէն գրերի տառադարձութիւնը լատինական եւ ռուսական այբուբենների հիման վրայ, որն ընդունուած է ժամանակակից բանասիրութեան մէջ, եւ վերջում՝ թուային նշանակութիւնները:

Ա ա

a

a

à

1

Բ բ

b

b

б

2

Գ գ

g

g

г

3

Դ դ

d

d

д

4

Ե ե

e

e

е

5

Զ զ

z

z

з

6

Է է

h

ē

э

7

Ը ը

 

ə

ə

8

Թ թ

q

t‘

т‘

9

Ժ ժ

 

ž

ж

10

Ի ի

i

i

и

20

Լ լ

 

l

л

30

Խ խ

 

x

х

40

Ծ ծ

 

c

ц’

50

Կ կ

k

k

к

60

Հ հ

 

h

x∙

70

Ձ ձ

 

j

дз

80

Ղ ղ

l

ł

л/г

90

Ճ ճ

 

c

ч’

100

Մ մ

m

m

м

200

Յ յ

 

y

й

300

Ն ն

n

n

н

400

Շ շ

x

š

ш

500

Ո ո

o

o

о

600

Չ չ

 

c'

ч

700

Պ պ

p

p

п

800

Ջ ջ

 

j

дж

900

Ռ ռ

r

r

р

1000

Ս ս

s

s

с

2000

Վ վ

 

v

в

3000

Տ տ

t

t

т

4000

Ր ր

 

r

р

5000

Ց ց

 

c'

ц

6000

Ւ ւ

u

w

в

7000

Փ փ

 

p'

п’

8000

Ք ք

c

q

к’

9000

 

Սկզբից եւեթ իր տեղը գտաւ ու ձայնաւորը՝ կազմուած առանձին երկու հնչոյթից՝ ո եւ ւ, ինչպէս յունարէնում է: Ժամանակի ընթացքում եւ կապակցութիւնը սկսեցին արտայայտել ինչպէս եւ այսօր՝ և նշանով, իսկ XII-XIII դդ. այբուբենին աւելացուեցին ֆ եւ օ տառերը (վերջինս՝ աւ-ի փոխարէն փակ վանկում): Տառադարձութեան բերուած շարքերը հնարաւորութիւն են տալիս թարգմանելիս պահպանել հայերէն յատուկ անունների եւ եզրերի բուն գրութիւնը: Ռուսերէն տառադարձութեան համակարգում դրանց նշաններն են՝ у, ев, ф, о, իւ կապակցութիւնը, երբ այն մի հնչուն էր արտայայտում՝ þ, իսկ ղ-ի դիմաց որոշ դէպքերում դրւում է նաեւ ŕ նշանը:

Եթէ հայոց այբուբենի կարգի մասին գիտնականները ընդհանուր առմամբ միակարծիք են, ապա առանձին տառերի ծագումը շարունակում է մնալ վէճի առարկայ: Առաջարկուել են մի քանի տասնեակ տեսակէտեր, դրանց թւում նաեւ՝ զուտ ֆանտաստիկ բնոյթի: Թէպէտ այբուբենը ստեղծելիս Մաշտոցը որպէս ելակէտ ընտրել էր յունարէնը, անհնարին է բոլոր տառերի կամ գոնէ նրանց մեծ մասի գրութիւնը կապել դրա հետ: Պէտք է մտածել, սակայն, որ Մաշտոցը ոչ թէ առանձին նշաններ էր հաւաքում տարբեր աղբիւրներից, այլ որպէս ելակէտ ընտրել էր որոշ համակարգ: Գոյութիւն ունի տեսակէտ, որ այդպիսին էր արամէական գրութիւններից մէկը, որն իր սկզբնական վիճակով մեզ չի հասել, բայց արտայայտուել է վիմագիր արձանագրութիւններում [I. 4]: Տեսնե՛լ նաեւ [II. 5-13]:

Ամփոփելով գրային համակարգերի մի զգալի մասի տուեալները՝ գրչութեան տեսութիւնը բաժանում է դրանց տառանշանները երկու հիմնական կարգի՝ «մեծագիրների» կամ «մեծատառերի» (scriptura majuscula) եւ «փոքրագիրների» կամ «փոքրատառերի» (scriptura minuscula): Մեծագիրները տեղաւորւում են երեւակայական երկու զուգահեռ գծերի միջեւ, նշանների առանձին մասնիկները դուրս չեն գալիս կամ համարեա թէ դուրս չեն գալիս դրանց սահմաններից: Փոքրագիրերի դէպքում երեւակայական գծերը չորսն են, միջին երկուսը ամփոփում են տառանշանի կորիզը, իսկ վերեւինն ու ներքեւինը՝ դրանից ելնող առանցքներ, հանգոյցներ, կարթեր եւ նման մասնիկներ: Յունարէնի, լատիներէնի, սլաւոնականների, վրացերէնի հետ միասին նոյն կարգին է պատկանում նաեւ հայ գրութիւնը:

Մեծագիրների խմբին է պատկանում գլխագիր կամ բուն մեսրոպեան երկաթագիրը (ունի նաեւ մի շարք այլ անուանումներ): Ամենայն հաւանականութեանբ, դա է եղել հայերէն առաջին տառատեսակը, որը եւ ստեղծել էր Մաշտոցը: Մեսրոպեան երկաթագրի առանձին տառանշանները կազմուած են ուղղահայեաց առանցքներից եւ նրանց միացնող աղեղներից ու անկիւններից, ինչ-որ չափով նաեւ ուղղագիծ հորիզոնադիր մասնիկներից: Տառերը կապուած չեն, առանձին են, միաժամանակ բառանջատում գոյութիւն չունի: Այդ հանդիսաւոր գիրը գտնում ենք գրչագիր մատեաններում եւ վիմագիր արձանագրութիւններում: Գլխագիր տառատեսակը շրջանառութեան մէջ էր մինչեւ XIII դարը (ժամկէտը պայմանական է), ապա օգտագործւում էր սովորաբար վերնագրերի համար եւ իբրեւ գլխատառ: Սոյն տառատեսակի տարբերակներից է ուղղաձիգ կամ միջին մեսրոպեան երկաթագիրը: Անունից կարելի է կռահել, որ այս դէպքում աղեղնաձեւ եւ բեկաձեւ կապերը զիջում են իրենց տեղը ուղղաձիգներին, միաժամանակ տառերը կարող են պահպանած լինել հին ուղղահայեաց դիրքը կամ թեքուել դէպի աջ: Ինչպէս եւ նախորդ դէպքում, որեւէ կապ առանձին տառերի միջեւ, ինչպէս նաեւ բառանջատում գոյութիւն չունի: Այդ տառատեսակի թուագրուած օրինակները X դարից են: Բուն երկաթագրի հետ միասին միջին մեսրոպեանը պահպանուեց մինչեւ XIII դարը:

Այդ հիմնական ենթախմբերի տարածքում իր տեղն էր գտել նաեւ այսպէս կոչուած մանր երկաթագիրը: Իր կառուցուածքով այն չի տարբերւում բուն երկաթագրից, սակայն աչքի է ընկնում իր մանրութեամբ, եւ այդ հանգամանքը ստիպում է դիտել այն որպէս գրի առանձին տեսակ:

Փոքրագրերի կամ փոքրատառերի շարքը ընդգրկում է երեք տառատեսակ՝ բոլորագիր, նօտրագիր եւ շղագիր [1]: Հակառակ տառատեսակի անուանը (բոլոր՝ այսինքն կլոր)՝ բոլորագիր տառերը կազմուած են գերազանցապէս ուղղագիծ մասնիկներից: Սովորաբար տառերը թեքւում են դէպի աջ, թէպէտ կան ձեռագրեր տառերի նաեւ ուղղահայեաց առանցքով, փակագրի որոշ միտումով: Բառերի առանձին խմբեր, յետագայում նաեւ առանձին բառեր անջատւում են իրարից: Հնագոյն օրինակները X դարից են: Բոլորագիրը աւելի մանր է երկաթագրից:

Նօտրագիրը միշտ շեղատառ է, կազմուած է ուղղագիծ, կլորագիծ եւ ալիքաձեւ մասնիկներից: Նօտրագիրը աւելի մանր է, քան բոլորագիրը, դրա շնորհիւ կարելի էր տնտեսել գրանիւթը: Հին եւ Նոր Կտակարանի եւ մի շարք այլ երկերի համար նօտրագիրը սովորաբար չէին օգտագործում: Նօտրագիր մատեանների հնագոյն օրինակները պատկանում են XIV դարին:

Շղագիրը կազմուած է ուղղագիծ, բեկեալ եւ կլորաձեւ տարրերից: Այդ գիրը սկսել է տարածուել XVII-XVIII դարերից, թէպէտ նրա առանձին օրինակները յայտնի են անգամ X-XI դարերից: Շղագիրը կազմում է արագագրի (այն է՝ ժամանակակից նօտրագրի) հիմքը:

Գիրը զարգանում էր բնականոն եղանակով, անցնելով մի տեսակից միւսին, ընդ որում առանձին գրի սահմաններում առաջանում էին ենթատեսակներ: Գրութեան գործիքները մնում էին նոյնը. սկզբից դա ճեղքուած եղեգ էր, որն այնուհետեւ զիջեց իր տեղը փետուրին: Էջի վրայ եղած գրութիւնը կազմում էր մէկ կամ երկու սիւնեակ, հազուադէպ օրինակներում՝ նաեւ երեք:

Գրչագիր մատեանների արդէն հնագոյն օրինակներում գտնում ենք առոգանութեան նշաններ՝ շեշտ, բութ, պարոյկ, թուով՝ 10: Այդ նշանները փոխ էին առնուած յոյն քերականներից՝ հնարաւորութիւն տալով զանազանել արտասանութիւնը:

Բնագիրը արտագրելիս օգտագործում էին կրճատումներ: Սկզբնապէս այդ սովորոյթը տարածւում էր միայն այսպէս կոչուած տէրունական անունների վրայ՝ Տէր, Աստուած, Յիսուս, Սուրբ, Իսրայէլ, Երուսաղէմ, սակայն ժամանակի ընթացքում դրանց թիւը զգալիօրէն աճեց: Յապաւումը տարածւում էր ամբողջ բառի կամ նրա որեւէ մասնիկի վրայ (սովորաբար դա վերջաւորութիւնն էր): Յապաւման նշանը՝ տիտղոսը, գծիկ էր բառից վերեւ: Տարածում ստացած յապաւումները սկսեցին օգտագործուել նաեւ տպագիր գրքերում՝ ուժի մէջ մնալով մինչեւ XIX դ.: Գոյութիւն ունէին նաեւ յատուկ գաղափարանշաններ արեւ, լուսին, երկինք, երկիր, աշխարհ բառերի համար:

Ձեռագիր տառատեսակների օրինակները տեսնե՛լ մասնաւորապէս [II. 14-15]:

Մեզ հասած ամենից հին հայերէն տպագիր գիրքը լոյս է տեսել Վենետիկում 1512 թ., սակայն ըստ որոշ տուեալների, տպագիր տառերը գոյութիւն են ունեցել աւելի վաղ շրջանում: Գրքերը վերարտադրում էին ձեռագիր մատեաններում եղած բոլորագիրը, սկզբնապէս՝ առանց թեքման: Երկար ժամանակ իշխում էր Կիլիկիայի XIII դարի մատեանների տառատեսակը, սակայն անցեալ դարի սկզբներին մուտք գործեց ուղիղ տառերով մի նոր գրութիւն: Վերջին տարիների ընթացքում այն, փոփոխութիւններ կրելով, համարեա թէ դուրս մղեց դասական տառատեսակները: Տառերի մի մասը դարձաւ իրար այնքան նման , ն, ճ…), որ անգամ վարժ ընթերցողը երբեմն շփոթւում է ընթերցելիս, մինչդեռ գրատարածքի տնտեսումը երեւակայական է:

Ամենայն հաւանականութեամբ, տառերը սկզբից եւեթ ունեցել են թուային նշանակութիւն: Վերեւում բերուած աղիւսակից երեւում է, որ առաջին 9 տառը նշանակում էին միաւորներ, ապա ինը-ինը գալիս էին տասնաւորներ, հարիւրաւորներ եւ հազարաւորներ: Որպէս թուանշան ոգտագործւում էին տառեր, սակայն սովորականներից տարբերելու համար վերեւում դնում էին տիտղոսներ, կէտեր կամ մի որեւէ այլ նշան: Արաբական թուանշանները մուտք գործեցին ուշ միջնադարում:

Հայոց գրչագիր մատեանները սկզբից եւեթ ընդունեցին ժամանակակից տպագրքի ձեւը: Կային նաեւ գլանաձեւ գրքեր, փաթեթներ, բայց՝ յատուկ բովանդակութեամբ, դրանք սովորաբար աղթարքներ էին, հմայիլներ, հմայագրեր:

Ձեռագրերի մի զգալի մասը (նախ եւ առաջ Աւետարանները) ունենում են մանրանկարներ: Այստեղ գտնում ենք մարդկանց (աւետարանիչների) կերպարներ, կենդանիներ, բոյսեր, գեղարուեստական ձեւով զարդարուած գլխատառեր: Զարդերը կարող են առանձին էջ գրաւել կամ բացել էջը. զարդեր ենք գտնում լուսանցքներում, նրանցով յաճախակի ձեւաւորւում են տառերը: Դարեր առաջ ծաղկած ձեռագրերի մի մասը լրիւ պահպանել է ներկերի ճոխութիւնը: Մանրանկարչութիւնը իրօք որ մի հսկայական ներդրում է համաշխարհային մշակոյթում: Հայոց մանրանկարչութիւնը առարկայօրէն սկսել է ուսումնասիրուել XIX դարից, եւ հետաքրքրութիւնը դէպի հայ մշակոյթի այդ բնագաւառը շարունակում է աճել:

Հայ վարպետները իբրեւ գրանիւթ սկզբնապէս օգտագործում էին մագաղաթը՝ պատրաստելով այն ընտանի կենդանիների՝ ոչխարների եւ հորթերի կաշուից: Այն օգտագործուել է հայ գրչագրերի գոյութեան ողջ շրջանում՝ հասնելով անգամ մինչեւ XVIII դար: Այդ գրանիւթը առաւել բարձր որակի էր Կիլիկիայում: Բուն Հայաստանի եւ գրչութեան այլ վայրերի մագաղաթը աւելի հաստ է, երբեմն՝ դեղնաւուն:

Արդէն X դ. որպէս գրանիւթ մեզանում օգտագործում էին նաեւ թուղթը (հնագոյն թղթեայ հայ ձեռագիրը 981 թուականից է): Ձեռագրերի մեծ մասի թուղթը արեւելեան ծագում ունի, եւրոպական թուղթը սկսել էր շրջանառութեան մէջ մտնել ուշ միջնադարում: Մինչեւ XI դարը ներառեալ հիմնական գրանիւթը եղել է մագաղաթը, եւ միայն XII-XIII դարերից թուղթը սկսում է դուրս մղել այն:

Հայկական ձեռագրերը ունեն փայտի կազմ. տախտակները փաթաթում էին կաշուով, երբեմն նաեւ կտաւով: Ձեռագրի միջուկը առանձին կարած եւ միաւորուած պրակներ էին, որոնցից իւրաքանչիւրն ունէր 5, 6 եւ աւելի երկակի ծալած թերթեր: Մատեանի երկայնակի կտրուածքը ունենում է սովորաբար դռնակ, որը կոճկւում էր կազմին, մէկ, երկու կամ երեք գօտիկով: Կաշեայ կազմը յաճախակի դրոշմազարդ է, կարող է անգամ գրութիւն ունենալ: Կազմը զարդարում էին թանկարժէք կամ կիսաթանկարժէք քարերով, տարածուած են եղել մետաղեայ զարդերը: Լինում էին արծաթեայ, շատ հազուադէպ՝ նաեւ ոսկեայ կազմեր:

Հայոց ձեռագիր ողջ հաւաքածոն պատկանում է ազգային մշակոյթի ամենից թանկարժէք գանձերի թուին: Ձեռագիր ժառանգութեան մասին տե՛ս [II. 12-13] եւ նշուած գրականութիւնը, լուսանկար օրինակները բերուած են [II. 14]: Նկարներ են պարունակում նաեւ ձեռագրաց ցուցակները: Վերջերս լոյս է տեսել ձեռագիր ժառանգութեանը նուիրուած մի նոր ժողովածոյ, որն իր ճոխութեամբ գերազանցում է նախորդ բոլոր հրապարակումերը [II. 15]:

Ձեռագրեր էին արտագրում ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ նրանից դուրս, Արեւելքի ու Արեւմուտքի հայաբնակ բոլոր վայրերում: Գրչագրերի հետ մէկտեղ մշակոյթի յուշարձաններ են եղել նաեւ վիմագիր արձանագրութիւնները: Հայալեզու արձանագրութիւնները սկսեցին փորագրուել արդէն V դարում՝ շարունակելով որոշ իմաստով աքքադերէն, բիայներէն, արամէերէն, յունարէն լեզուներով եղած գրութիւնների աւանդոյթը: Գրութիւնները փորագրում էին եկեղեցու ներսի ու դրսի պատերի, խաչքարերի, գերեզմանաքարերի վրայ: Ինչ խօսք, ձեռագրերի համեմատութեամբ դրանց բովանդակութիւնը եղել է սահմանափակ, այնուամենայնիւ այդ գրութիւնները եւս կարող են պարունակել կարեւորագոյն տեղեկութիւններ: Վիմագիր արձանագրութիւններ մնացել են նաեւ Հայաստանից դուրս գտնուող հեռաւոր վայրերում:

Վիմագիր արձանագրութիւնները սովորաբար փորագրուած են երկաթագրով: Աչքի է ընկնում, որ փորագրիչն աւելի յաճախ է օգտագործում յապաւումներ, քան ձեռագրի հետ գործ ունեցողը: Վիմագիր մէկ տառի տարածքում նա կարող է, կրճատելով չափը, տեղաւորել նաեւ այլ տառանշաններ: Յաճախ առանձին տառի գրութեանը միացւում են յաւելեալ գծիկներ, որոնք բազմապատկում են տառանիշի իմաստը եւ կազմում կցագրութիւն: Այդ դէպքում ընթերցողը կռահում էր նշանակութիւնը՝ ելնելով ընդհանուր իմաստից: Այդ երեւոյթը աչքի է ընկնում յատկապէս հոգեւոր անձանց կնիքների հետ ծանօթանալիս, ուր արձանագրուած է տիրոջ անունը:

 



[1]    Ժամանակակից մասնագիտական աշխատութիւններում օգտագործւում են բոլորգիր, նօտրգիր, (փոփոխուած ուղղագրութեամբ՝ նոտրգիր) ձեւեր, մինչդեռ բառարաններում գտնում ենք բոլորագիր եւ նոտրագիր: Հայերէնին հարազատն, անշուշտ, երկրորդ ձեւերն են: Ցաւօք, նոյն սխալը թափանցել է նաեւ սոյն ներածութեան ռուսերէն տարբերակի մէջ