Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Խրիմեանի աշակերտներից մինը պատմում է, որ երիտասարդ Մկրտչի առաջին անգամ Վանից հեռանալու պատճառը զինուորագրութիւնն էր [1] ։ Գաւառներից ուզում էին հայ զինուորներ հաւաքել, եւ որովհետեւ Խրիմեան այդ ժամանակ ուղիղ զինուորագրական տարիքի մէջ էր, բայց զինուոր գնալ, ինչպէս եւ բոլոր իր երկրացիները, չէր ուզում, ուստի ստիպվեց դիմել միակ միջոցին փախչել։

Այդ փախուստը բաց արաւ երիտասարդի առաջ մի նոր աշխարհ։ Թողնելով հայրական տունը, նա ձեռք առաւ ճանապարհորդական գաւազանը. դուրս եկաւ Վասպուրականից, անցաւ թիւրք-պարսկական սահմանը եւ մտաւ Պարսկաստան։ Նո՛ր տեղեր, նո՛ր տպաւորութիւններ։ Խրիմեան տեսաւ Սալմաստ, Խոյ, Ուրմիա. անցաւ Երասխ գետը, թափառեց Մայր-Արաքսի ափերով, «Հին հին դարուց յիշատակ ալեաց մէջը պարելով», տեսաւ Խորենացու երգած Գողթան գաւառը, մտաւ Հին-Նախիջեւան, կտրեց Արարատեան դաշտը, եւ Երեւանից գնաց Էջմիածին.

«Ի տաճարն Աստուածակերտ, ի մայրըն մեր Ամոնածին,

Ի վեհ եւ գերապանծ աթոռ հայոց Լուսաւորչին» [2] ։ Համբուրեց Մայր-Աթոռի սրբութիւնները, որոնց յիշելով, նա, անկասկած, տապակւում էր Վասպուրականում, ապա անցաւ Շիրակ, տեսաւ Անին.

«Ուր նստեմ ես ի վերայ աւերակացն հողաբլուր». եւ աւերակների վրա նստած երգեց այսպէս.

«Այլ ես արդ ձայն արկանեմ առ ձեզ որդիք իմ տարագիր,

Ո՞ւր էք արդ, ի Լեհաստան, թէ ի Մաճառս ցիր-ցան եղեալ,

Եւ Դանուբի գետով նըստեալ, յիշէ՞ք զԱնին եւ զԱխուրեան,

Որ մին զկաթ եւ միւսն ըզջուր ձեզ արբուցին առատ-առատ.

Յուչ լիցի ձեզ, յուչ լիցի երկիր ծնընդեան եւ հայրենեաց.

Փութացէ՛ք, փութացէ՛ք, յայց նըշխարաց այդ մնացելոց…. »

Տեսնելով եւ ուսումնասիրելով Ռուսահայաստանի պատմական բոլոր նշանաւոր տեղերը, զգացված սրտով Խրիմեան անցաւ գնաց Կ. Պօլիս։

Սուլթանների մայրաքաղաքում Խրիմեանի համար բացվեց մի նոր կեանք, մի բոլորովին անծանօթ աշխարհ։

Կ. Պօլսում այդ ժամանակ նորեկ վանեցին բոլորովին ծանօթներ չունէր, բացի գուցէ մի քանի վանեցի վաճառականներից եւ Վասպուրականցի համալներից։ Սակայն նա իր տոկունութեամբ եւ անընկճելի բնաւորութեամբ կարճ միջոցում էր առջեւ ճանապարհ բաց արաւ։ Ամենից առաջ նա աշխատեց որ եւ է պարապմունք գտնել, որովհետեւ ապրուստի ուրիշ միջոց չունէր։ Նա աղքատ մարդ էր։

Առանց ժամանակ կորցնելու, նա սկսեց մի կողմից սովորել եւ մտաւոր նոր պաշար ձեռք բերել, իսկ միւս կողմից աշխատում էր ծանօթութիւններ կապել Կ. Պօլսի հայերի զանազան շրջանների հետ։ Խրիմեանի մէջ այդ միջոցում ցանկութիւն առաջ եկաւ մի առ ժամանակ Եւրօպա գնալ, բարձրագոյն կրթութիւն ստանալու համար, բայց չքաւորութեան պատճառով այդ միտքը մնաց անիրագործելի։ «Ցանկացայ ես, այլ բախտն ինձ չաջողեց» [3], ահա թէ ինչ էր գրում ինքն Խրիմեան 25 տարուց յետոյ իր այդ մտադրութեան մասին։ Միայն շատ ուշ, ծերութեան հասակում Խրիմեանին աջողվեց գնալ Եւրօպա, տեսնել քաղաքակրթութեան կենտրօնը, այն էլ իբրեւ հայ ժողովրդի թշուառութիւնների սգաւոր ներկայացուցիչ։

Կարճ միջոց անցած, Խրիմեան կարողացաւ մուտք գործել Կ. Պօլսի հարուստ եւ բարձր դիրք ունեցող մի քանի ընտանիքներ։ Նա իր մտաւոր զարգացմամբ այնքան առաջ էր գնացել, որ նրան ընդունում էին մասնաւոր տներում իբրեւ տնային վարժապետ, եւ մինչեւ անգամ Կ. Պօլսի այն ժամանակվայ հայկական նշանաւոր թաղի՝ Խաս-գիւղի նորաբաց օրիորդական դպրոցի ուսուցիչ կարգվեց։

Այդ օրից արդէն ասպարէզը բացվեց։

Եռանդոտ, բարձրահասակ, արծուաքիթ, խոշոր աչքերով, գեղեցկադէմ երիտասարդը, իր գրաւիչ եւ համեստ բնաւորութեան շնորհով կարողացաւ գտնել բարեկամների լայն շրջան, ուր նրան ընդունում էին սիրով եւ յարգանքով։

Իսկ երբ 1850 թւին Կ. Պօլսում լոյս տեսաւ նրա նշանաւոր «Հրաւիրակ Արարատեան» բանաստեղծական գրուածքը, երիտասարդ հեղինակի տաղանդը յայտնի եղաւ ոչ թէ միայն բարեկամների շրջանում, այլ ստացաւ հասարակական հռչակ։

Լինելով ճանապարհորդութիւնների սիրահար, եւ մի եւ նոյն ժամանակ փափագ ունենալով տեսնել քրիստոնէութեան օրօրոցը՝ Երուսաղէմը, Խրիմեան մի առ ժամանկ հեռացաւ Կ. Պօլսից եւ գնաց սուրբ տեղերը, ուր Քրիստոս առաջին անգամ քարոզել էր իր փրկարար վարդապետութիւնը։ Այդ ճանապարհորդութեան արդիւնքն եղաւ նրա «Հրաւիրակ Աւետեաց երկրին», որի նա տպագրեց Կ. Պօլսում 1851 թւին։

Հարկաւոր ենք համարում մի քանի խօսք ասել այդ «Հրաւիրակների» մասին, որովհետեւ դրանք արտայայտում են Խրիմեանի ոգու երկու բնաւորոշ գծերը։

«Հրաւիրակ Աւետեաց երկրին», ինչպէս յիշեցինք, արդիւնք է այն ճանապարհորդութեան, որ հեղինակը արեց դէպի Երուսաղէմ։ Լինելով զգայուն քրիստոնեայ, եւ տեսնելով այն վայրերը, որոնց հետ կապված են քրիստոնէութեան շատ տխուր եւ փայլուն էջերը, ուր ոգի են առել եւ ամբողջ աշխարհ տարածվել Քրիստոսի անմահ վարդապետութիւնները, եւ ուր վերջապէս Մեծ Յեղափոխիչը՝ իր գաղափարների համար խաչ բարձրացաւ, տեսնելով այդ բոլոր տեղերը, ասում ենք, Խրիմեան, ի հարկէ, չէր կարող չը ոգեւորվել եւ չը յուզվել։ Եւ նա մեծ ոգեւորութեամբ երգում է քրիստոնէութեան ս. վայրերը եւ Քրիստոսի մեծ գործերը իր այդ գրքում։

«Հրաւիրակ Արարատեան» արդիւնք է այն ճանապարհորդութեան, որ նա արաւ Արարատեան երկրում եւ Վասպուրականում։ Դիմելով իր սիրելի հայ մանուկներին, հեղինակն իր հետ դէպի պատմութեան խորքերն է տանում ընթերցողին, բաց է անում նրա առաջ Դրախտի կեանքը, պատմում է մարդկութեան առաջին օրերը, հայոց ազգի սկզբնաւորութիւնը, եւ ապա հանգչելով Մասիսի ստորոտում, գովաբանում է Նոյի եւ Թորգոմի ժամանակները այսպիսի խօսքերով.

«Վա՜շ, քանի՞քաղցր էր նոցին կենցաղ երկրիս Այրարատու,

Յորժամ ոչ էր բռնաւոր, եւ հարկահան անգորոյն.

Ոչ կըռփումն անաւագին եւ աղաղակ զըրկեցելոյն,

Ոչ իշխան, ոչ իշխեցեալ կամ թագաւոր եւ ժողովուրդ.

Ոչ զօր, ոչ պատերազմ եւ խազմարար աշխարհաւեր,

Ոչ ի սուր ձուլէր երկաթ, այլ ի մանգաղ եւ գերանդի

Լոկ ի պէտս երկրագործին եւ ոչ մարդոյն մարդախոշոշ։

Ոչ ըզքրտանց վաստակ ուրումն յափշտակէր ոմն անիրաւ…

Ոչ ի գահոյս բազմէր ոմն ի յապարանս փաղփիւնափայլ

Ոմն ի դաշտ արեւակեզ մինչ ցերեկուն խարշէր քըրտամբք»։ Ապա պտտեցնում է ընթերցողին Էջմիածնի նշանաւոր վայրերը, տանում է դէպի Աւարայրի դաշտը, խօսեցնում է Մեսրոպի եւ Վարդանի ուրուականներին, ապա անցնում է Վասպուրական, եւ այնտեղից Տարօն [4], ուր ընթերցողի առաջն է բերում Լուսաւորչի, Տրդատի, Սահակի գործերը, եւ վերջացնում է իր խօսքը՝ ողբալով, որ ստիպված է հեռու Բիւզանդիօնում՝ պանդխտութեան մէջ երգել իր կարօտ հայրենիքը.

«Արարատեան Հրաւիրակը» միմիայն հին դարերի քաջագործութիւնները չէ երգում, եւ այժմեան աւերակները ողբալով չէ բաւականանում։ Փառահեղ աւերակները նկարագրելուց յետոյ՝ անմիջապէս նա ոգեւորւում է շինականի խաղաղ, պարզ կեանքի նկարագրութեամբ. թագաւորի գայիսօնից յետոյ՝ երգում է սրինգը, պատերազմի հերոսներին գովաբանելուց յետոյ՝ աւելի էլ մեծ աշխոյժով երգում է գեղջուկի հալալ աշխատաքը. անցեալի հետ երգում է ներկան, գերեզմանների ուրուականներին խօսեցնելուց յետոյ՝ խօսեցնում է կենդանի մարդկանց… Եւ այդպիսով դառն յիշողութիւնների հետ միասին՝ ներշնչում է ընթերցողին կեանք, ոգեւորութիւն, յոյս։

Երկու «Հրաւիրակները»՝ Խրիմեանի երկու գլխաւոր զգացմունքների՝ քրիստոնեական եւ հայրենասիրական զգացմունքների արտայայտութիւններն են։

«Հրաւիրակ Արարատեանի» մէջ նա հանդէս է գալիս իբրեւ ոգեւորված հայրենասէր, «Հրաւիրակ Աւետեաց երկրի» մէջ՝ իբրեւ ոգեւորված քրիստոնեայ։

«Հրաւիրակ Արարատեանը»՝ հայրենասէրի քնարն է. «Հրաւիրակ Աւետեաց երկրինը»— քրիստոնեայի քնարը։ Երկու գիրքը՝ մինը միւսին լրացնում են։

Դառնանք մեր պատմութեանը։

Շատ ժամանակ չանցած՝ Խրիմեան առիթ ունեցաւ տեսնել փափագած, բայց չը տեսած մի երկիր—Կիլիկիան։

Յիսունական թւականներին Կիլիկիայի լեռնականները ուշադրութիւն էին դարձրել իրանց վրա։ Կ. Պօլսի պատրիարքարանը եւ մի խումբ դիրք ունեցող անձինք ցանկանում էին աւելի մօտիկ ծանօթանալ Կիլիկիայի հետ, որ, ի հարկէ, անյայտ մի երկիր էր ներկայացնում պատրիարքարանի համար, եւ նպաստել նրա լուսաւորութեան գործին։

Խրիմեան շատ յարմար էր մի այդ տեսակ միսսիայի համար։ Սա ուրախութեամբ յանձն է առնում տեղափոխվել Կիլիկիա։ Մի քանի ժամանակից յետոյ Խրիմեան ճանապարհ ընկաւ Սիս, նպատակ ունենալով մի կողմից ծանօթանալ ժողովրդի վիճակին, իսկ միւս կողմից ձեռնարկել մի կամ մի քանի դպրոցներ բանալուն։ Սկզբում նրա գործերը աջող գնացին. բայց երկար չանցած՝ Խրիմեանի յարաբերութիւնները լարվեցին Սիսի այն ժամանակվայ Կիրակոս կաթողիկոսի հետ, եւ նա ստիպվեց թողնել Կիլիկիան եւ վերադառնալ Կ. Պօլիս, ուր կրկին սկսեց ուսուցչութեամբ պարապել։



[1]            «Արեւելք» 1885 թ. Կ. Պօլիս։

[2]            «Հրաւիրակ Արարատեան», 1850 թ. Կ. Պօլիս։

[3]            «Սիրաք եւ Սամուէլ»։

[4]            «Հրաւիրակ Արարատեանի» առաջին՝ այն է 1850 թւի տպագրութիւնը բաղկացած է չորս նուագից կամ գլխից։ Քսան եւ հինգ տարուց յետոյ, այն է 1876 թւին, երկրորդ տպագրութիւնն անելիս՝ Խրիմեան աւելացրել է հինգերորդ գլուխ, այն է «Տարօնը»։ Գրքին կցած մի առաջաբանի մէջ հեղինակը դիմելով  ընթերցողներին՝ ասում է. «Չը գիտեմ արդեօք կարողացայ այս հինգերորդ գլուխը նոյն խանդով, նոյն ոգով եւ նոյն սրտով գրել, ինչպէս գրել եմ 25 տարի առաջ, երիտասարդ հասակում»։ Համարձակ կարելի է ասել, որ Խրիմեանի բանաստեղծական Ոգին այդ գրուածքում 25 տարվայ մէջ փոխանակ թուլանալու, աւելի էլ վառուել եւ զգայուն է դարձել։