Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

III

Խրիմեան արդէն մօտ 35 տարեկան մարդ էր։ Երիտասարդական հասակը անցել էր. Կ. Պօլիսն այլ եւս նրան չէր գրաւում։ Նա ուզում էր գործել։ Երկար մտածելուց յետոյ նա այն համոզմունքի եկաւ, ուր գործելու ամենալաւ ասպարէզն իր սիրած Վասպուրականն է, ուր խաւար, անշարժ ժողովուրդը կարօտ էր լաւ ուսուցչի, անկեղծ առաջնորդի։ Խրիմեանի հոգին միշտ թռչում էր դէպի Վան, իր մանկութեան աշխարհը՝ դէպի Այգեստանի գեղեցիկ ուռենիները եւ աղբիւրները, որոնց մասին այսպէս էր երգում «Հրաւիրակ Արարատեանը».

«Վայրիկ մի զով առցուք մեք ընդ հովանեօքս այս ուռենեաց.

Այսր, ո՜հ, նստեալ երբեմն աշակերտիս աշխատութեան,

Քաղցրախօս քնարին հայկեան ըզհարկանելն ուսանէի…

Գեթ ըմպեալ զայն անոյշ ջուր եւ շունչ առեալ ի ջինջ օդոյն

Երգողիս իմ ձայն պարզէր եւ քաղցրանայր հայոց մանկտւոյն։»

Իր սրտի ցանկութիւնը Խրիմեան շուտով կատարեց ու վերադարձաւ Վան, 1853 թւականի վերջերին։

Վան վերադառնալով նա իր կնոջը եւ աղջկան մեռած գտաւ։

Ընտանեկան այդ դժբաղդութիւնը բաւական ծանր կերպով ներգործեց Խրիմեանի վրա. բայց մի եւ նոյն ժամանակ ընտանեկան կապերից ազատվելն աւելի բորբոքեց նրա վաղուցվայ մտադրութիւնը. այն է վարդապետ դառնալ։

Խրիմեան մի առանձին անձնական սէր չէր զգում դէպի կրօնաւորական կեանքը, նա ընդհակառակը, հակառակ էր այն առանձնացած, ժողովրդից կտրված եւ կենդանի մարդկանց հետ ոչինչ կապ չունեցող դիրքին, որ բռնել էր այն ժամանակվայ մենակեաց հոգեւորականութիւնը։ Նա միայն յարգում էր անձնուէր, իր անձը մոռացած կրօնաւորի տիպը։ Բայց մի բան լաւ տեսնում էր Խրիմեան. այն է, որ նոյն հոգեւորականութիւնը ահագին ազդեցութիւն ունի ժողովրդի վրա եւ ահագին հեշտութիւն մտնելու ժողովրդի բոլոր շրջանները, եւ հէնց այդ էր գլխաւոր պատճառը, որ ստիպեց Խրիմեանին վեղար ծածկել։

1854 թւին, փետրվարի 14-ին, Մկրտիչ Խրիմեան՝ Վանի առաջնորդ Գաբրիէլ արքեպիսկոպոսի ձեռքով, Աղթամարի վանքում՝ վարդապետ ձեռնադրվեց, եւ նշանակվեց Վարագի վանքի միաբան։

Վարդապետ ձեռնադրվելուց շատ կարճ միջոց էր անցել, երբ Աղթամարի միաբանները նկատեցին, որ այդ նոր վարդապետը՝ Կ. Պօլսից եկել է նոր նոր ծրագիրներով եւ տարօրինակ ցանկութիւններով։ Երիտասարդ վարդապետի փափագն էր՝ հաստատվել Աղթամարի վանքում, որն իբրեւ Աղթամարի կաթողիկոսի աթոռանիստ կենտրօն՝ կապված էր շրջակայ հայաբնակ տեղերի հետ, եւ ահագին ազդեցութիւն ունէր ժողովրդի վրա։ Նա մտադրվել էր այդ գեղեցիկ վանքում հիմնել դպրոց, հաւաքել այդ դպրոցը շրջակայ տաճկախօս եւ քրդախօս հայերի զաւակներին եւ դրանց միջոցով վերականգնեցնել ժողովրդի մէջ մոռացված լեզուն, ու լուսաւորութիւն տարածել։ Խրիմեան չը թագցրեց, որ ցանկութիւն ունի մինչեւ իսկ վանքում հիմնել մի տպարան, որի առիթով խօսակցութիւն էր ունեցել Կ. Պօլսի իր բարեկամների հետ, եւ վերջապէս կազմակերպել այդտեղ հոգեւորականների մի խումբ, որն իրան նուիրէր ժողովրդի կրթութեան գործին, մի խօսքով այնպիսի ցանկութիւններ, որոնք պէտք է խանգարէին վանականների միատեսակ, քնած կեանքը, եւ գուցէ խլէին նրանց ձեռքից առատ հացը…

Այդ այն «երջանկայիշատակ» ժամանակն էր, երբ Վասպուրականի հոգեւորականութիւնը, Աղթամարի կաթողիկոսից սկսած, մինչեւ վերջին տէրտէրը, դէմ էին ուսման, գիտութեան։ Վարդապետները կարծում էին՝ թէ գրել-կարդալը միայն իրանց սեփականութիւնն է, եւ այդ պատճառով վնասակար էին համարում ժողովրդին ուսում տալը, ուրեմն եւ դպրոցներ բանալը։ Ժողովրդի պարտքն էր՝ առաւօտից մինչեւ երեկոյ քրտինք թափել, հող մշակել, հաց ձեռք բերել. իսկ վարդապետները նստած իրանց խուցերում պէտք է վայելէին այդ հացը, եւ առաւօտից մինչեւ երեկոյ շարականներ երգէին եւ աղօթքներ կարդային։

Դուք աշխատեցէք, իսկ մենք կուտենք ու կաղօթենք ձեր հոգու փրկութեան համար— ասում էր այն ժամանակվայ հոգեւորականութիւնը։ Նոյն իսկ այնպիսի նշանաւոր վանքերում, ինչպէս է Աղթամար, Լիմ, Կտուց, միաբանութիւներն իրանք տարածում էին ժողովրդի մէջ ամեն տեսակ անմի նախապաշարմունքներ, փող առնելու նպատակով։ Օրինակ, միաբանները իրանց մօտ պահում էին՝ ընկացաւ ունեցող մարդիկ։ Ամիսը մի կամ երկու անգամ այդ հիւանդներին վերցրած գնում, մտնում էին ժողովրդի մէջ. հիւանդները սկսում էին ամեն տեսակ անկապ ու անմիտ բաներ ասել, իսկ վարպետները հաւատացնում էին ժողովրդին թէ սուրբերը այդ հիւանդների բերանով գուշակութիւններ են անում, եւ այդ գուշակութեան փոխարէն առնում էին փող, ոչխար, մանուածք եւ այլն։

Հասկանալի է, որ այդ տեսակ հոգեւորականութեան առաջ անպատիժ չէր կարելի խօսել՝ ժողովրդին լուսաւորելու, դպրոցներ բանալու, վանքերում ուսումնարան հիմնելու մասին Խրիմեանը՝ իր համարձակ մտադրութիւնների համար՝ անպատիժ չը մնաց։ Նրան այնպիսի կատաղի թշնամութիւն ցոյց տուեցին Աղթամարում, որ նա հեռացաւ այդտեղից։

Վանքերի մէջ ապաստարան չը գտնելով, Խրիմեան ժամանակ իր գործունէութիւնը կենտրօնացրեց Վանում, ժողովրդի մէջ։ Նա մտնում էր եւ արհեստաւորի տունը, ճառականի մօտ, եւ հարուստների մօտ, ու ամեն տեղ, ամեն քարոզում էր՝ դպրոցներ բանալ, ուսում տալ երեխաներին։ Խրիմեանը առաջինն էր, որ Վանում արծարծեց աղջիկներին ուսում տալու միտքը, եւ նրան կարելի է համարել Հայաստանում օրիորդական դպրոցների հիմնարկութեան կարապետ։

Եկեղեցու բեմը դարձաւ Խրիմեանի համար՝ քարոզելու մի ասպարեզ։ Ուրիշ տեղ չը կար խօսելու համար, եւ չէր էլ կարելի խօսել։ Քիչ-քիչ նրա քարոզները սկսեցին ուշադրութիւն գրաւել, եւ նա յայտնվեց որպէս ազդու, կրակոտ քարոզիչ։ Վերցնում էր շատ անգամ Խրիմեան իբրեւ նիւթ քարոզի համար՝ Վասպուրականի, կամ նոյն իսկ Վանի մօտ գտնվող մի հին աւերակ, որի վրա մինչեւ այն ժամանակ ժողովուրդը իսկի ուշք չէր դարձնում. պատմում էր այդ աննշան աւերակի նշանաւոր անցեալը, դուրս էր կանչում հին դարերի փառաւոր յիշատակները, եւ այնպիսի ցնցումներ էր պատճառում Վանի քարացած ժողովրդին, որ երեւակայել անգամ չէր կարելի։ Նրա քարոզների նիւթը ժողովրդի առօրեայ կեանքն էր, իր լաւ եւ վատ կողմերով։ Նա ուզում էր օգնել խեղճերին, չը հարստահարել գիւղացիներին, հարուածում էր վաշխառու աղային կամ կաշառակեր հոգեւորականի արարքները. պաշտպանում էր աշխատասէր շինականին, մինչեւ անգամ անձամբ օգնութեան ձեռք էր մեկնում նրանց, որոնք ճնշւում էին եւ կեղեքւում էին ուժեղների ձեռքով…

Այդ արդէն բաւական էր, որ ահագին փոթորիկ բարձրանար ազատախօս վարդապետի դէմ։ Փոթորիկը բարձրացաւ։ Սկսվեց հալածանք, կատաղի նախանձ, թշնամութիւն։ Նա ստիպեց տեղի տալ։

Տխուր սրտով Խրիմեան թողեց Վանը եւ կրկին վերադարձաւ Կ. Պօլիս։ Նա գնաց Կ. Պօլիս ոչ թէ այնտեղ մնալու, այլ իր ճանապարհը հարթելու համար։

Այս անգամ Մկրտիչ Խրիմեան Կ. Պօլսում մնաց մօտ երկու տարի։