Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

IX

Խրիմեանի պատրիարքութիւնից հեռանալու լուրը՝ ահագին ցաւ պատճառեց գաւառներին։

Իսկ թշնամիները աւելի սանձարձակ դառնալով, որովհետեւ նա այժմ պատրիարք չէր, այլ մի պարզ եպիսկոպոս, շարունակեցին իրանց զրպարտութիւնները եւ բամբասանքները։ «Խրիմեան քանդեց պատրիարքարանը, դատարկեց ազգային սնդուկը, կոկորդը անցուց Աւազաղբիւրի փողերը» ասում եւ գրում էին նրանք։

Իսկ Հայրիկ անվրդով կերպով տանում էր այդ բոլորը։

Ահա՛ թէ ինչպէս է նկարագրում նրա այն ժամանակվայ կեանքը ականատեսներից մինը.

«… Հրաժարելով, գլուխը քաշած կը նստէր ընդարձակ ամայի տան մը մէջ Իճատիէ։ Քանի մը անգործ մնացած վանեցիք եկել էին իր ծառայութիւնն ընելու, եւ ընդարձակ սրահի մը մէջ դրած էին իրանց անկողիները։ Երբ ես ներս մտայ՝ նստեալ սեղանի գլուխ՝ կօրհնէր իրանց ճաշը այդ հրաժարեալ պատրիարքը, որ «ոչ միայն Աւազաղբիւրի 45, 000 ղրուշը, այլ նաեւ պատրիարքարանի սնդուկը պարպեր գնացեր էր»։ Բնական էր հետաքրքիր աչք մը ձգել այդ գետինը տարածեալ սփռոցի վրա՝ որ սեղանն էր, ուր խաշած պաղ միս, կտոր մը Վանայ պանիր, ձմերուկ մը… կուժ մը ջուր եւ մէկ երկու գաւաթ էին ամեն հանդերձանք եւ ճոխութիւն։ Ճաշէն վերջ ելանք եւ պարտիզին մէկ շուքի մը տակ երբ առանձին նստանք՝ հարցուցի Հայրիկին թէ ինչ էր Աւազաղբիւր այդ դիպուածը, որ լրագիրք ոմանք առեր անցեր էին։ «Աւազաղբիւր Մշոյ դաշտին մէկ գիւղն է, ասաց Հայրիկ. բարերարք ոմանք նրա օգնութեան համար 45, 000 ղրուշ դրամ ժողված եւ պահեստի դրած էին պատրիարքարան։ Երբ պատրիարքարանի շուրջը հրդեհ պատահեցաւ եւ հարիւրաւոր աղքատ մնացին առանց հացի, առանց բնակարանի, զինուորական վարչութենէն վրաններ ուզեցի այդ խեղճերը առժամանակ պատսպարելու համար. բայց ինչ կրնայի ընել, երբ կանայք եւ երեխայք անօթի էին՝ առանց ծածկոցի, առանց անկողնի։ Պատրիարքարանի արկղը, ինչպէս միշտ, մէկ ստակ չը կար, եւ ես չէի կրնալ զլանալ, երբ ես պատրիարք՝ որդիք կային, որ հաց կը խնդրէին։ Աւաղաղբիւրի դրամը կար։ Ահա թէ ինչպէս կերայ այդ դրամը»։ Եւ այս խօսքերը կը զրուցէր առանց կիրքի, առանց զայրոյթի. իր կերպարանքի վրա դառնութեան հետք անգամ չը կար» [1] ։

Միայն 1874 թւին, Ներսէս պատրիարքը գահը նստելով՝ զրպարտիչներին զսպելու համար, պաշտօնական կերպով յայտարարեց «Մասիս» լրագրում, թէ Խրիմեան Հայրիկ ոչ մի կօպէկ պարտ չէ պատրիարքարանին։

Ընդհակառակը, պատրիարքարանի հաշիւներից երեւում էր, որ Հայրիկ բաւական ստանալիք ունի ազգային սնդուկից. բայց, ինչպէս միշտ, նա պարտքեր պահանջող չէր. բաւականանում էր իր համեստ ռոճկով, որ իբրեւ նախկին պատրիարք ստանում էր կառավարութեան գանձարանից, եւ իր այդ ռոճիկն էլ համարեա ամբողջութեամբ բաժանում էր կարօտեալներին։ Այդ մարդը որքան խիստ խնայող եւ տնտես էր հասարակական փողերի վերաբերմամբ, այնքան էլ անհաշիւ էր իր անձնական փողերի վերաբերմամբ։ Վերջին կօպէկը տալիս էր՝ դիմողներին։ Մինչեւ անգամ պարտք էր վերվնում եւ տալիս խեղճերին։ Կ. Պօլսում ամենքը գիտեն Հայրիկի սովորական կատակը, որ նա յաճախ կրկնում էր. «Աշխարհի մէջ երեք մարդ կայ, որոնց գրպանը միշտ ծակ պիտի մնայ. Սուլթան-Ազիզը, Գրիգոր Աղա եւ Խրիմեան Հայրիկ»։ (Այդ երկրորդը՝ մի առատաձեռն մարդ էր Կ. Պօլսում)։

Պատրիարքակա գահից իջնելով՝ նա ուզում էր վերադառնալ Տարօն։ Բայց կենտրօնական վարչութիւնը՝ խլելով նրանից Մուշի վանահայրութիւնը ստիպեց Կ. Պօլիս մնալ։ Այդ անարդարութիւնը սաստիկ վիրաւորեց Վասպուրականի Արծուին…

Ստիպված լինելով Կ. Պօլիս մնայ, նա բնակութիւն հաստատեց Կ. Պօլսի Ասիական թաղի յետ ընկած՝ հայոց մի եկեղեցու, այն է Գուզկունճուգի գաւթում, մի փոքրիկ խցում, հեռու քաղաքի աղմուկներից։

Հայրի, ինչո՞ւ չէք ուզում քաղաքի եւրօպական մասում ապրել, հարցնում էին բարեկամները։

Այստեղ՝ ինձ իմ հայրենիքից ծով չէ բաժանում. —պատասխանում էր Խրիմեան։

Այդ ժամանակ Խրիմեան իրան նուիրեց գլխաւորապէս գրական աշխատութիւնների։ Ահա թէ ինչ էր ասում նա՝ 1875 թւին՝ տրապիզօնցի իր մի բարեկամին գրած նամակում.

«… Այս անգամի մեր տեսութիւնը շատ համառօտ եղաւ։ Դուք ձեր ցաւերը բաւական պատմեցիք. բայց ես չը կրցայ իմ վշտերս ու վիճակս պատմել, թէ ինչպէս հայոց պատրիարքութեան, թող բարոյական ցաւերը, բաւական եւ շատ նիւթական ցաւերին տակ եւս ճնշուեցայ, այսինքն գրեթէ 450 լիրայէն աւելի պարտք մնաց վրաս. հայոց պատրիարքարանէն դուրս ելայ եւ ոխերիմ թշնամիք այնպէս կարծեցին եւ բամբասեցին թէ ես զկենտրօնական սնդուկն կողոպտել եմ։ Ուստի այդ իմ պարտքը վճարելու համար, բաւական ժամանակէ ի վեր սկսած եմ քանի մը աշխատութիւններ հեղինակել։ Ես տրտունջ չեմ բառնար. երբ Պօղոս առաքեալ վրան կը կարէր եւ միանգամայն կ’աւետարանէր, ես ալ պարտական եմ աշխատել եկեղեցւոյ մանուկների համար։ Ես այս միջոցով միայն մտադիր եմ պարտքերս վճարել, եւ եթէ յաջողէ Տէր՝ գարնան սկզբին եւ հայրենիք դառնալ եւ հանգչիլ Վարագայ հովանեաց ներքեւ, զի շատ խոնջած եւ վաստակած ես»։

1876 թւից Խրիմեան սկսեց լոյս ընծայել իր աշխատութիւնները։

Դեռ պատրիարք չեղած՝ Հայրիկ գրել էր մի փոքրիկ գրքոյկ «Մարգարիտ Արքայութեան երկնից» վերնագրով։ Դա Աւետարանի՝ գլխաւորապէս Մատթէոս Աւետարանչի մի քանի գլուխների մեկնութիւնն է, ժողովրդի համար, որի մէջ հեղինակը ցոլացնում է Աւետարանի վարդապետութեան ոգին։

1876 թւին երկրորդ տպագրութեամբ հրատարակեց «Հրաւիրակ Արարատեանը» [2], աւելացնելով իր այդ բանաստեղծական գեղեցիկ գրուածքին մի նոր գլուխ՝ «Տարօնի» մասին։

Նոյն թւին լոյս տեսաւ մի գեղեցիկ աշխատութիւն, որի մէջ արտափայլում են խրիմեանի քրիստօնէական բուռն զգացումները։ Դա «Խաչի ճառ» գիրքն է, որ Հայրիկը նուիրում է հոգեւորականութեան՝ իբրեւ մի լուսատու ջահ։ Դրա մէջ հեղինակը, իրան յատուկ ազդու լեզուով եւ ոգեւորութեամբ քարոզումէ այն անմահ վարդապետութիւնները եւ գաղափարները, որ քարոզեց Քրիստոս, աշխատելով տապալել այն բոլորը, ինչ որ հակառակ է քրիստոնէական սկզբունքներին, արդարութեան եւ ճշմարտութեան։ Գիրքը վերջացնում է քարոզելով՝ թէ ճշմարտութիւնը անյաղթելի է, եւ ասում է. «Ով արդար եւ ազատ ճշմարտութիւն, գիտե՞ս, խելակորոյս մարդիկ մեռուցանելն՝ յաղթութիւն կը համարին. բռնանալ տիրապետել՝ բաղդի տուրք կը համարին. մարդոյն ազատ պարանոցը ստրկութեան լծով կորացուցանել՝ իրաւունք կը համարին. զաղքատն ու զանաւագ կռփահարել՝ զօրութիւն կը համարին. բազմաց վերայ բարձրանալ պերճանալ՝ թագաւորութիւն կը համարին. միով բանիւ միշտ գուն գործելով ճշմարտութիւնը նուաճել՝ փառք եւ յաղթութիւն կը համարեն։ Այլ դու, ով ճշմարտութիւն, գիտեմք ու կը խոստովանիմք, անընկճելի եւ անյաղթելի ես»։

1877 թւին Խրիմեան հրատարակեց «Դրախտի ընտանիքը» վերնագրով նշանաւոր գիրքը։

Տաղանդաւոր հեղինակը շատ մօտ էր ուսումնասիրել հայոց ընտանեկան կեանքը. նա լաւ գիտէ նրա լաւ եւ վատ կողմերը, եւ այդ գրքի մէջ մի կողմից քննադատելով այդ կեանքի թիւր եւ սխալ կողմերը, միւս կողմից աշխատում է պատկերացնել՝ թէ որն է օրինակելի, բախտաւոր ընտանիքը, դրախտի ընտանիքը։

Այդ աշխատութեան մէջ հեղինակը շօշափում է հետեւեալ հարցերը՝ ամուսնութիւն, ամուսինների կոչումը, իրաւունքները, մարդու եւ կնոջ փոխադարձ պարտաւորութիւնները, երեխաների դաստիարակութիւնը, տան անդամների յարաբերութիւնները եւ այլ այնպիսի հարցեր, որոնք սերտ կապված են ընտանեկան կեանքի հետ։

Գրքի իւրաքանչիւր տողից շնչում է ազատ ոգի։ կրօնաւոր հեղինակը բուռն կերպով պաշտպանում է՝ ամուսնութեան մէջ ազատ ընտրութեան սկզբունքը, կնոջ հաւասարութիւնը իր մարդու հետ, կանանց կրթութեան խնդիրը, եւ որ եւ է բռնութիւն կամ ճնշումն ընտանեկան յարկի տակ՝ համարում է ընտանիքի դժբախտութեան ամենաառաջին պատճառը։

«Դրախտի ընտանիքը» սիրված գիրք է։ Ամեն մի գրագէտ մարդ թիւրքաց Հայաստանում՝ պարտք է համարում առնել եւ կարդալ «Դրախտի ընտանիքը»։ Մինչեւ այժմ էլ սովորութիւն է, որ Վանում աղջիկ մարդու տալիս՝ «Դրախտի ընտանիքի» մի օրինակ՝ օժիտի հետ միասին՝ փեսայի տունն են ուղղարկում։

«Դրախտի ընտանիքից» յետոյ լոյս տեսաւ Հայրիկի մի ուրիշ նշանաւոր գրուածքը, այն է «Սիրաք եւ Սամուէլ»։ Դա բարի հօր կրթական դասերն են, որ տալիս է հայրը իր որդուն, որը ոտք է դնում կեանքի մէջ։

Սիրաքը ինքը Խրիմեանն է, իսկ Սամուէլը հայ ժողովուրդը։ Եւ ինչ որ ասում է Սիրաքը Սամուէլին, դա այն է, ինչ որ Խրիմեան ուզում է ասել՝ հայ ժողովրդին։

«Սիրաք եւ Սամուէլի» մէջ շօշափված են փիլիսօփայական եւ սօցիալական կարեւոր խնդիրներ, ինչպէս օրինակ՝ իշխանութիւն եւ հպատակ ժողովուրդ, աշխատանք եւ իրաւունք, ժողովուրդ եւ ազնւականներ, անհաւասարութիւն մարդկային ընկերութեան մէջ, անհատական եւ ընկերական ինքնագործունէութիւն եւ այլն։

Այդ գիրքը Խրիմեանի աշխարհահայեցողութիւնն է, գրված այնպիսի լեզուով եւ այնպիսի կենդանի կերպով, որ կարդացւում է մեծ յափշտակութեամբ եւ ախորժակով, ուստի հասկանալի է, թէ ինչու այդ գիրքն էլ, որ ներշնչված է առաջադիմական մտքերով, շատ տարածված է թիւրքահայերի մէջ։

1876 թւի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցաւ Վանի սոսկալի հրդեհը։ Երեք թիւրք զինուորներ դիտմամբ կրար գցեցին մի հայի խանութ, որից ամբողջ վաճառատունը բռնկվեց։ Հրդեհը լափեց հազարաւոր մարդկանց ունեցած-չունեցածը, մնացածն էլ թուրքերը յափշտակեցին։ Այդ անսպասելի թշուառութեան լուրը հասաւ Կ. Պօլիս. վշտահար Խրիմեանը գրեց «Վանգոյժը», մի կաթիլ ջուր, որ նա սրսկում է իր այրված հայրենիքի վրա։

Մի քանի ժամանակից յետոյ՝ Կ. Պօլիս հասաւ Բագրեւանդի եւ Ալաշկերտի կոտորածների գոյժը. Խրիմեան գրեց «Հայգոյժ»։

«Վանգոյժը» եւ «Հայգոյժը» Խրիմեանի բուռն զգացմունքների զեղմունքն է, որոնց իւրաքանչիւր տողից կաթում է արտասուք եւ արիւն…։

«Վանգոյժի» մէջ ողբալով թշուառ ժողովրդի թշուառ կեանքը, նա վերջումը յոյս է տալիս ասելով.

«Գարունը մօտ է, հայոց աշխարհ, եւ պիտի գայ ծիծեռնակ քեզ աւետիս տայ, թէ թիւրքաց աշխարհին երկունք կանցնի եւ իւր վերածնութեան օրն հասած է. եւ դու տես յայնժամ, թէ ինչպէս այդ մոխրակոյտ ագարակն անդրէն բողբոջելով կը կանաչի, եւ քո վերջին բարգաւաճ կը լինի, քան զառաջին»։

այդ փոքրիկ տետրակները իրանց ազդու բովանդակութեամբ այնքան մեծ տպաւորութիւն արեցին, որ թիւրքաց կառավարութիւնը հարկ համարեց արգելել «Վանգոյժի» վաճառելը։ Ուստի երկրորդ տպագրութիւնը 1877 թւին լոյս տեսաւ Թիֆլիսում։

Բացի իր այդ գրուածքներից Խրիմեան ունի մի քանի ուրիշ տետրակներ, օրինակ, մի տետրակ Պապականութեան դէմ», «Ժամանակ եւ խորհուրդ ինչ» եւ այլն։ Բացի սրանցից, նա ունի ուրիշ անտիպ գրուածքներ եւս եւ մինչեւ այժմ էլ պարապում է գրաւոր վաստակներով։

Խրիմեան՝ ժամանակակից ամենատաղանդաւոր հայ գրողներիցն է։ Նա ունի բանաստեղծական մեծ քանքար, եւ դրա հետ միասին նուրբ փիլիսօփայական դիտողութիւն։

Նա բանաստեղծ-մտածող է։

Որպէս մտածող-փիլիսօփայ, Խրիմեան մեզ ներկայանում է իբրեւ մի ամբողջութիւն, իբրեւ մի բոլորովին ձեւակերպված մտածող, ներշնչված առաջադիմական մտքերով։

Թէ իբրեւ բանասեղծ եւ թէ իբրեւ մտածող՝ Խրիմեան վերին աստիճանի իդէալիստ է։ Նա իդէալիստ էր, երբ դեռ 25 տարեկան երիտասարդ էր, իդէալիստ մնաց եւ ծերութեան հասակում, երբ սպիտակ մազերը ծածկեցին նրա գլուխը։

Թէ իր գրուածքների իւրաքանչիւր տողում, թէ իր գործունէութեան ամեն մի քայլափոխում, մի խօսքով իր ամբողջ էութեամբ նա ներկայացնում է՝ անընկճելի, անսպառելի հաւատ դէպի խօսքի, գաղափարի, մտքի յաղթանակը, սէր՝ դէպի մարդիկ, եւ յոյս՝ դէպի ապագան։

Նա չը գիտէ յուսահատվել եւ թերահաւատել. նա ընդունակ չէ ատել. ահա դրա մէջն է այդ հսկայի անսպառելի ոյժը, որին չը կարողացան խորտակել ոչ բանտը, ոչ աքսորը, ոչ հալածանքը…։

Նա ներկայացնում է մարմնացած՝ հաւատ, յոյս, սէր…



[1]            Ծերենց, «Կաթողիկոսութիւն եւ Խրիմեան», 1884 թ. ։

[2]            «Հրաւիրակ Արարատեանի», ինչպէս եւ «Հրաւիրակ Աւետեաց երկրին» գրուածների մասին առիթ ունեցանք խօսելու մեր գրքի երկրորդ գլխում։ «Հրաւիրակ Աւետեաց երկրին» գրքի երկրորդ տպագրութիւնը այս 1892 թւին լոյս կը տեսնի Երուսաղէմի հայոց վանքի տպարանից։