Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

81. ԵՐԱԶ

Երեկոյան տասնեւմեկ ժամն էր. ես նստած էի իմ գրասեղանիս մոտ, դիտավորություն ունենալով մի հոդված գրելու: Սակայն ոչ մի միտք չէր գալիս գլուխս… Մեծ սենյակը կատարելապես մութն էր երեւում, լուսավորված լինելով միմիայն գրասեղանիս վրա դրված երկու մոմով… Ես հայացքս ուղղեցի իմ առջեւ եղած առարկաների վրա եւ ակամա կենտրոնացրի հայացքս իմ դիմաց պատի վրա կախված պատկերի վրա: Դա սեւ շրջանակով մի ահագին պատկեր էր, որի վրա պայծառ գույներով նկարված էր մի հերարձակ հրաշալի կին, որը  նստած ամայի դաշտում գտնվող ինչ-որ քանդված շինության ավերակների վրա, մի ձեռքով հենվում էր քարին, իսկ մյուսն ընկած ուներ ծնկների վրա: Կնոջ դեմքը մեղմ եւ տխուր արտահայտություն ուներ, նրա սիրուն, մարջանի պես կարմիր շրթունքները ժպտում էին, սակայն տխուր ժպիտով, երեւան հանելով մարգարիտների պես սպիտակ երկու շարք ատամները, նրա սեւ, արտահայտիչ աչքերը, սեւ եւ երկար թերթերունքների տակից, լի մելամաղձոտ զգացմունքով անսահման հեռավորությանն էին նայում: Նրա մերկ եւ շնորհալի բազուկների սպիտակությունը ավելի էլ աչքի էր ընկնում կարմիր ֆոնի վրա… Երկար զգեստի տակից երեւում էր մի հատ փոքրիկ, հրապուրիչ ոտք…

Ես զմայլված նայում էի այդ պատկերի վրա եւ գրիչս, որը հազիվ երկու տող էր գրել առջեւ դրված թղթի վրա, հանկարծ ընկավ ձեռքիցս, եւ մի աննկատելի սարսուռ տիրեց ամբողջ մարմնիս… Ես նայում էի պատկերի վրա եւ աչքերիս չէի հավատում… Հերարձակ հրաշալի կինը փոքր առ փոքր բաժանվում էր պատկերի կտավից, դուրս էր գալիս սեւ շրջանակից, կենդանանում, ոտի վրա կանգնում, ուղղվում, մեծանում էր եւ հետզհետե մոտենում էր ինձ… Ահա նա մոտ է արդեն, բոլորովին մոտ, նա կանգնած է գրասեղանիս այն կողմը, նրա շրթունքները շարժվում են, նա ձայն է արձակում, նա բառեր է արտասանում, խոսում է եւ ականջիս հանկարծ դիպչում են մեղմ, ներդաշնակ ձայնի հնչյունները… Սակայն նրա դեմքի նախկին մեղմ եւ տխուր արտա-  հայտությունը, նրա աչքերի նախկին մելամաղձոտ հայացքը հանկարծ փոխվել են: Այժմ նրա դեմքը, թեեւ առաջվա պես գեղեցիկ է, բայց խիստ եւ նույնիսկ գոռոզ արտահայտություն է ընդունել, իսկ նրա աչքերը բոց ու կրակ են թափում ինձ վրա, իրանց միջից արձակվող կայծերով կարծես ուզենալով թափանցել սիրտս եւ ուղեղս…

Գլուխս սկսում է պտտվել, սիրտս այնպես է բաբախում, որ կուրծքս կարծես պիտի ճայթե, շնչասպառ եմ լինում եւ վերջապես հազիվ կարողանում եմ խեղդված ձայնով աղաղակել.

-Ո՞վ ես դու…

-Ես հայուհի եմ, - լսվում է պատասխան:

-Ի՞նչ ես ուզում ինձանից, ինչի՞ ես վրդովում իմ հանգիստը:

-Ես հայուհի եմ, կրկնում եմ քեզ եւ եկել եմ համ երախտագիտությունս, համ էլ ատելությունս քեզ հայտնելու, եկել եմ քեզ ասելու՝ որ ես քեզ սիրում եմ եւ ատում եմ միեւնույն ժամանակ: Ես դեռ աղջիկ էի, երբ քսան տարի սրանից առաջ սկսեցի կարդալ քո գրվածները, ես այն ժամանակ արդեն սիրեցի քեզ, առանց քեզ տեսած լինելու, ես հափշտակված էի քեզանով, երբեք քեզ տեսած չլինելով. ես ճանաչեցի քո մեջ մեր, կանանց իրավունքների պաշտպանին, ես սիրեցի քեզ, որովհետեւ քո գրչով դու ուզում էիր զարկ տալ հայերին ազատ թռիչք անելու դեպի համամարդկային քաղաքակրթության լայն ասպարեզը, դուրս բերել նրան առաջադիմության փառավոր ճանապարհի վրա… Սիրելով քո մտքերը, ես սիրեցի եւ հայոց լեզուն… Ժամանակներն անցան. այժմ ես այլեւս աղջիկ չեմ, ես կին եւ մայր եմ. մի կողմից ես ավելի փորձվեցա, իսկ մյուս կողմից անընդհատաբար եւ քայլ առ քայլ շարունակելով ընթանալ քո հետեւից ես հիասթափվեցա… Հետզհետե դու ինձ ատել տվեցիր այն, ինչ որ սկզբից սիրել էիր տվել… Դու նախ քո գրչով ինձ գրավեցիր դեպի քո մտքերը, քո գրչով ինձ համար նոր արշալույս բացիր, իմ մեջ նոր կյանք ներշնչեցիր, պաշտել տվեցիր իմ մոռացված մայրենի լեզուն, եւ ապա, երբ ես արդեն կատարելապես տիրապետեցի հայերեն լեզուն, դու սկսեցիր հարվածներ հասցնել տանջված սրտիս, սկսեցիր բանալ իմ աչքերիս առջեւ հայի զզվելի բարոյական վերքերը, սկսեցիր վրդովել անդոր-   րությունս, հիասթափ արեցիր ինձ, միանգամից ատել տվեցիր այն, ինչ որ ես, իմ սրտի խորքից, իմ հոգու անբողջ զորությամբ սիրել էի: Դու նախ գրավեցիր ինձ դեպի մայրենի լեզուն, սիրել տվեցիր նրան, եւ երբ արդեն մտցրիր ինձ մայրենի բարբառի սրբավայրը, եւ ես արդեն սիրեցի նրան, ընտելացա նրան, այն ժամանակ նույն իսկ այդ իմ սիրած լեզվի միջոցով դու սկսեցիր բաց անել իմ առջեւ հայ տարրի   տգեղ, զզվելի հատկությունները… Ինչպես երեւում է քեզ աննկարագրելի վայելչություն էր պատճառում տանջել իմ այնպես էլ տանջված սիրտս… Դու ամենաանզգույշ կերպով քաշեցիր այն վարագույրը, որը ծածկում էր իմ աչքերիցս ժողովրդի կյանքը, կոշտ ձեռքերովդ հանկարծակի պատռեցիր այն քողը, որով ծածկված էին հայ ազգի դարեւոր պակասությունները, եւ որն ընդմիշտ բաժանում  էր  ինձ  ամբոխից, եւ   ահա դահճին վայել   ձեւերով, մի առ մի սկսեցիր դու ցույց տալ ինձ՝ ինչպես հայ ռամիկ գյուղացին քանդում է իր եղբոր տունը, ինչպես նա, դժոխային նա-խանձից շարժված, իր հարեւան համագյուղացու ցորենի դեզերն է այրում, ինչպես պարզ շինականը հարստանում է ոչ թե արհեստով, այլ իր համագյուղացիներին հարստահարելով, ինչպես գյուղի վաշխա-ռուն հրեշավոր տոկոսների միջոցով ծծում է իր նմանի արյուն-քրտինքը, ընդմիշտ ստրկացնելով նրա հոգին, ապա դու ներկայացրիր հայ կալվածատիրոջ՝ անխիղճ եւ հարստահարող, իսկ հայ գյուղացուն՝ գող: Այնուհետեւ դու մի առ մի սկսեցիր ցույց տալ եւ հայ վաճառականի անազնվությունը, եւ ինտելիգենտի անբարոյականությունը, եւ հայ կնոջ անշարժությունը, ունայնասիրությունը, տգիտությունն ու գռեհիկ նախապաշարմունքները, եւ հոգեւոր հովիվների անտարբերությունը: Այլեւս ինչ ասեմ, վերջապես ցույց տվեցիր իրան հային՝ կրքոտ, նախանձոտ, վախկոտ, թուլամորթ, ստոր: Եվ ահա անսահման հափշտակված սիրով, քեզ սիրելուց հետո, ես ատեցի քեզ իմ սրտի ամբողջ ուժով… Նախ դու հափշտակեցիր իմ սերը, գրավեցիր ինձ դեպի ինձ համար մի նոր, անծանոթ աշխարհ, ուղղեցիր իմ թույլ քայլերս ինձ համար մի նոր ասպարեզի վրա, եւ ապա, երբ ներս բերիր ինձ արդեն այդ նոր աշխարհի շրջանը, այն ժամանակ հետզհետե սկսեցիր ինձ ցույց տալ այդ նույն աշխարհի ոչնչությունը Ուրեմն այսօր ընդունիր իմ ջերմ համբույրիս հետ միասին եւ իմ անեծքս…

Այդ վերջին խոսքերն արտասանելիս, հրաշալի հայուհու ձայնը, կորցնելով իր մեղմ, գեղեցիկ հնչյունը, որոտի պես թնդաց, իսկ նրա հրեշտակային դեմքի գծագրություններն այլայլվելով՝ ընդունեցին ատելությամբ լի հրեշավոր արտահայտություն:

Եվ նա անմիջապես անհետացավ:

Ես ուզեցի կանչել, աղաղակել, պատասխանել նրան, արդարացնել ինձ նրա առջեւ, ես պարզեցի ձեռքերս դեպի այդ անմարմին տեսիլը, բայց բոլորը զուր էր…

Գլուխս պտտվում էր, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում էր, եւ ես վերջապես խռպոտ, հազիվ լսելի ձայնով կարողացա շշնջալ.

-Հայուհի, շնորհալի հայուհի, ես բաց արի քո առջեւ մեր խոր եւ զզվելի վերքերը, որպեսզի դու գտնեիր մի դյութական բալասան, որպեսզի դու քո հրաշալի, քնքույշ ձեռքերով դնեիր դյութական սպեղանի մեր վերքերի վրա…

Բայց նա ինձ չէր լսում, նա այլեւս չկար…

Հանկարծ մի խիստ զարկ զգացի ես գլխումս, ամբողջ մարմինս ցնցվեց եւ ես զարթնեցի…

Երազ էր դա…

Գրասեղանիս մոտ, բազկաթոռիս մեջ նստած ես քնել էի…

Արդեն լուսանում էր:

Ես նայեցի գրասեղանիս վրա. մոմերից մինը հանգել էր, մյուսի բոցն արդեն մարում էր: Մարող բոցի աղոտ լուսավորությամբ ես կրկին ճանաչեցի դիմացս պատի վրա, սեւ շրջանակի մեջ ամփոփված, ավերակների վրա նստած հերարձակ գեղեցիկ կնոջ պատկերը…

«Մշակ», 1891, 97

82. ՄԵԶ ՎԱՐՁԱՏՐՎԱԾ ԿՀԱՄԱՐԵՆՔ

Այսօր հրատարակելով «Մշակի» 20-րդ տարեշրջանի առաջին համարը, մենք վստահանում ենք հայոց հասարակության առջեւ խոստովանք անել, այն է, որ մենք գտնում ենք, որ իրավունք ունենք մեր 19-ամյա գործունեության համար կատարելապես վարձատրված համարել, եւ ահա ինչ պատճառով:

Մենք ամենքս մահկանացու ենք, ի դեպ, ինչպես մահկանացու են մարդիկ, այնպես էլ կարող են մեռնել, դադարել ապրելուց, ոչնչանալ՝ ձեռնարկություններն ու հաստատությունները: Բայց ուրախալի է շատ, երբ մարդ զգում է թե իրանից հետո հետք է թողնում, վարձատրված է համարում իրան այն ձեռնարկությունը կամ հաստատությունը, որ գիտե թե ստեղծել է մի հաստատ, որոշ դպրոց, եւ որ ինքը դադարելուց հետո էլ դպրոցը կշարունակե գոյություն ունենալ, կշարունակե   նույն ոգով ներշնչվել, նույն մտքերը տարածել ժողովրդի մեջ, նույն ուղղությամբ գործել, նույն շավղով ընթանալ:

Անուրանալի է, որ «Մշակը» ստեղծել է մի դպրոց, մի շկոլա, եւ այն էլ մի շատ ընդարձակ շկոլա, որն ունի իր բազմաթիվ ներկայացուցիչները հասարակության բոլոր դասակարգերում:

Ի՞նչ է նշանակում դպրոց, շկոլա, դա ուրիշ բան չէ, եթե ոչ հայտնի, որոշ ուղղության պատկանող, համոզված հավաքական բազմություն, որը սփռված է հայտնի երկրի ամբողջ տարածության վրա, իր համոզված, մոլեռանդ ներկայացուցիչներն ունի ժողովրդի բոլոր հասարակական շերտերում: Միեւնույն դպրոցին պատկանող մարդիկ, միեւնույն երկրի այլեւայլ տեղերում, այլեւայլ քաղաքներում եւ գյուղե-րում, առանց միմյանց երբեք տեսած լինելու՝ միեւնույն ուղղությունն են ստացել, միեւնույն համոզմունքներն են դավանում, միանման կերպով են մտածում, համանման ձգտումներ եւ իդեալներ ունեն…

Ամեն մարդկային հասարակության համար մեծ նշանակություն ունի, երբ նրա շրջանի մեջ կարողանում է կազմակերպվել համանման ձգտումներ, միեւնույն համոզմունքներն ունեցող, միակերպ մտածող եւ միեւնույն ուղղությամբ գործող խմբեր, հավաքական մարմիններ… Որքան ավելի ստվար է այդ տեսակ միակերպ մտածող ու համերաշխությամբ գործող անձանց թիվը, որքան ավելի ընդարձակ է մի հայտնի երկրի երեսի վրա սփռված միեւնույն շկոլային պատկանող անհատների շրջանը, այնքան ավելի իրավունք ունի իրան վարձատրված համարել այն ձեռնարկությունը, որը մի շարք տարիների ընթացքում կարողացել է ստեղծել այդ տեսակ համերաշխ հասարակական դպրոց:

Բայց հայերի մեջ մի որոշ, համերաշխ, ամփոփ դպրոց, միեւնույն հասարակաց վարդապետություն դավանող դպրոց ծնեցնել, ավելի էլ մխիթարական գործ կարելի էր համարել, քան որեւէ ուրիշ ազգության մեջ: Ուրիշ ազգերը այնպես էլ տրամադիր են դեպի հավաքական, համերաշխ, հավատակից հասարակաց խմբերի կազմակերպելը, իսկ հայերը բնածին հակակրություն ունեն դեպի սերտ միություն, դեպի համերաշխ գործունեություն, դեպի դիսցիպլինա, դեպի հավաքական միահամուռ գործունեություն… Զուր ասված չէ, թե որտեղ երկու հայ կհավաքվի, դրանց մեջ անպատճառ երեք կարծիք կծնվի…

Հայերի պես բնականապես անմիաբան, դիսցիպլինային թշնամի, ոչինչ հեղինակություն չընդունող, անիշխանական հակումներ ունեցող, միշտ երկպառակությունների հակված մի տարրի    շրջանում ստեղծել մի համերաշխ, համակարծիք, միավորված հավաքական հասարակաց մարմին, որին կուսակցություն կամ դպրոց կարելի էր անվանել, եւ որի բոլոր անդամները, որտեղ էլ գտնվեին նրանք, իրար մեջ կապված են կարծիքների, համոզմունքների, իդեալների միանմանությամբ, հազար անգամ ավելի դժվար է, քան նույն երեւույթն առաջ բերել մի որեւէ այլ ազգության մեջ:

Արդեն հայերի պես մի տարրի մեջ, որը նոր է ոտ դնում քաղաքակրթության շեմքի վրա՝ համոզված մարդիկ ստեղծել շատ դյուրին գործ չէ, բայց որչափ ավելի էլ դժվար է նույն հայերից, թեկուզ երկար տարիների ընթացքում, կազմակերպել միակերպ համոզմունք ունե-ցող, իրար մեջ հասարակական միանման, հասարակաց շահերի սերտ կապերով կապված մարդկանց մի ստվար բազմություն, մի ամբողջ շկոլա:

Եվ եթե այս րոպեիս մեր տասնեւինը տարվա գործունեությու- նից հետո մենք կհամոզվենք, որ «մշակական» անունը մի լոկ խոսք չէ, մի ցնորք չէ, մի երեւակայական, երազական բան չէ, այլ իրականություն է, այն ժամանակ մենք մեզ կատարելապես վարձատրված կհամարենք մեր երկարամյա գործունեության համար, քանի որ մարդկային արարածներից բաղկացած կենդանի դպրոց ստեղծելը անհամեմատ ավելի բարձր, տեւողական գործ է, քան միայն տպագրական խոսքը, քարոզը կամ անձնական գրականական վաստակների արժեքը…

Կրկնում ենք՝ մենք մեզ կատարելապես վարձատրված կհամարենք, եթե կհամոզվենք, որ «մշակական» բառը նշանակում է որոշ ուղղության պատկանող մարդկանց մի ստվար բազմություն, որոշ վարդապետության դավանող մի հիմնավոր դպրոց, որի ներկայացուցիչները, թեկուզ փոխադարձապես իրար չճանաչեին էլ, թեկուզ մեկը Թիֆլիսում գտնվի, իսկ մյուսը Իգդիրում, մեկը Երեւանում, իսկ մյուսը Բաթումում կամ Բագուի մեջ, բայց իրարից հեռու, իրարից բաժանված, իրար անծանոթ այդ մարդկանց բոլոր սրտերը, այնուամենայ-   նիվ, ներդաշնակ են բաբախում, բոլորի ուղեղները միանման են մտածում, բոլորի համոզմունքները, գաղափարները, իդեալները մեկ են… Եվ իրար հանդիպելով, միեւնույն դպրոցին պատկանող իրար անծանոթ այդ տեսակ մարդիկ՝ զգում են թե իրար հասկանում, իրար համակրում են, զգում են հասարակական բոլոր հարցերում միեւնույն համոզմունքներն ունեն, ամեն բանում իրար մեջ սերտ եւ անխզելի կապերով են կապված, ամեն բանում համակարծիք են… Այո, իրար հանդիպելով՝ անմիջապես համոզվում են, թե միեւնույն դպրոցից են դուրս եկել…

Եվ եթե այս րոպեիս մենք կկարողանանք կատարելապես համոզվել, թե մեր գործունեության 19 տարվա ընթացքում մենք այդ տեսակ շոշափելի հետեւանքներին ենք հասել, մենք վստահությամբ կասենք, թե մեզ կատարելապես վարձատրված ենք համարում մեր ծանր եւ երկարամյա գործունեության համար եւ ավելի էլ մխիթարական ու սփոփված սրտով, ավելի էլ մեծ հույսերով կմտնենք մեր գործունեու-թյան 20-րդ տարեշրջանը, ավելի էլ ոգեւորված եռանդով կշարունակենք գործել եւ ապագայում:

«Մշակ», 1892, 1

83. ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆ

Նա հայտնվում է հայությանը որպես Վասպուրականի մի համեստ վանքի համեստ վանահայր: Համեստ իր սովորություններով, բարք ու վարքով, նիստ ու կացով, մարդկանց հետ պարզ վարմունքով, բայց  անասելի  հանդունգն որպես  գաղափարի  համար       մարտնչող, որպես մոլեռանդ պաշտող մարդկային մտքի… Երջանիկ մարդ. նա անկեղծ կերպով հավատում է մտքի փրկարար, անհաղթելի ազդեցությանը, անպայման հավատում է խոսքի ուժին…

Համեստ վանահայրը գրում է փիլիսոփայական-կրոնական գրքեր, գրում է ոգեւորված բանաստեղծություններ, հիմնում է վանքում մի տպարան, սկսում է հրատարակել իր վանքում մի լրագիր, հիմնում է մի դպրոց: «Արծվի Վասպուրականի» լրագիրը լինում է Հայաստանի խորքերում հրատարակվող առաջին լրագիրը, նրա դադարումից հետո այլեւս երբեք ոչ ոքին չէ աջողվում Հայաստանի խորքերում ձեռ-   նարկել այդ տեսակ համարձակ գործ:

Քարոզ խոսելիս նա հավատում է, անկեղծ կերպով հավատում է, թե իր խոսքն ազդում է, թե իր խոսքը կարող է հեղափոխել հայու-   թյանը, որովհետեւ նա ինքն հավատում է խոսքի անհաղթելի ուժին, հավատում է ճշմարտությանը, հավատում է թե արդարությունը վերջիվերջո հաղթող կհանդիսանա:

Եվ նա իսկապես չէ սխալվում. այո՛, վերջիվերջո միտքը, խոսքը աշխարհը կնվաճեն, սակայն ե՞րբ… դա ժամանակի հարց է: Գուցե մարդու կյանքը կանցնե, եւ նա չի տեսնի իր ազնիվ մաքառման պտուղները, բայց անուրանալի է, որ հաղթելու համար պետք է մոլեռանդ լինել, պետք է համոզված լինել, պետք է իդեապաշտ լինել մինչեւ ֆանատիկոսություն…

Եվ Խրիմյանը մնում է ֆանատիկոս, գաղափարամոլ իր ամբողջ կյանքի ընթացքում, մինչեւ իր յոթանասուն եւ երկու տարեկան հասակը:

Միայն այդ տեսակ համոզվածները կարող են ժողովրդական մարդիկ լինել. դրա մեջն է Խրիմյանի ժողովրդական մարդ լինելու գաղտնիքը:

Այդ անսահման, այդ կույր հավատը դեպի մտքի ուժը, դեպի  խոսքի դյութական, ամեն բան հեղափոխող ազդեցությունը՝ Խրիմյանը պահպանում է իր ամբողջ կյանքի ընթացքում, իր հետ է տանում եւ    Կ. Պոլիս եւ ապա Բեռլին:

Սեր դեպի մարդկությունը, ուրեմն եւ սեր դեպի իր ազգը, հավատ դեպի արդար մտքի ուժը, հավատ դեպի համոզված խոսքի       անհաղթելի լինելը, ահա այդ ժողովրդական մարդու նշանաբանը:    Ուսում, քաղաքակրթություն, քարոզ, տպագրական խոսք, քրիստո- նեական սեր, համբերողության լայն ոգին, ամեն բան կարող են հաղթել… Եվ նա չի սխալվում, այո՛, մի ժամանակ այդ բոլորը հաղթող կհանդիսանա խավարի, կեղծավորության, տգիտության, սուտի վրա:

Կ. Պոլսի պատրիարք դառնալով, Խրիմյանը մնում է նույն պարզ, համեստ աբեղան, ինչ որ էր Վասպուրականի վանքի վանահայր եղած ժամանակ: Նա մատչելի է ամենքին, նա ինքը լաց է լինում, երբ արտասուք է նկատում իր խոսակցի, մի որեւէ թշվառ պանդուխտի աչքերում: Խրիմյանն օպտիմիստ է, լավատես է այդ բառի բուն քրիստոնեական մտքով. նրա համար չկան վատ մարդիկ աշխարհիս երեսին, այլ կան միայն մոլորված մարդիկ: Նա երբեք չի հավատում, որ գյուղացին կարող է նենգավոր լինել, որ ինտելիգենտ մարդը կարող է խարդախ լինել: Նա միշտ անհիշաչար է. իրան անձնապես վատություն արած մարդուն նա անմիջապես ներում է եւ անկեղծ կերպով հավատում է, որ մարդն ուղղվել է, երբ ներողություն է խնդրում…

Որքան նա պարզ, ներող ու զիջանող է մարդկանց հետ մասնավոր հարաբերություններում, նույնքան նա համառ է իր մտքերի, իր գաղափարների, իր դավանած սկզբունքների մեջ: Նա մազի չափ չի շեղվի իր համոզմունքներից: Նույն տոկուն, անհաղթելի համառությամբ շարունակում է նա մարտնչել եւ Կ. Պոլսի պատրիարք եղած ժամանակ որեւէ անարդար պահանջների դեմ: Մի քարյա սյուն, որին ոչ հողմը, ոչ էլ մրրիկը չեն կարող շարժել իր պատվանդանից:

Մանուկ եւ հսկա, հեզ եւ վիթխարի, ահա Խրիմյանի պատկերը:

Նախարարության, Կրոնական կամ Ազգային ժողովում արդարության անունով մղված անողորմ կռվից, համառ մաքառումից հետո՝ նա իր տան մեջ շրջապատում է իրան օգնության կարոտ ամեն տեսակ հայերով. ի՞նչ կրոնի, ի՞նչ դավանության են պատկանում այդ հայերը, Խրիմյանի համար փույթ չէ. բավական է, որ նրանք հայեր են, եւ ինքն հավատում է, որ նրանք ամենքն անկեղծ կերպով սիրում են հայությունը, սիրում են հայոց ազգը, բայց մանավանդ սիրում են Հայաստանը…

Այո՛, նա ինքն այնքան սիրում է Հայաստանը, որ հավասարապես սիրում է եւ այն բոլոր ազգերին, որոնք ապրում են Հայաստանում: Եթե նրանք հայ չեն, սակայն անտարակույս հայաստանցի են… Թուրքաց Հայաստանի սովի ժամանակ մենք նրան Վանի մեջ տեսնում ենք հավասարապես հոգալիս ե՛ւ հայ, ե՛ւ քուրդ, ե՛ւ թուրք սովյալների մասին, հավասարապես նրանց օգտին հանգանակած դրամներն ու առնված ալյուրը բաժանելիս… չէ՞ որ նրանք ամենքը հայաստանցիք են… 

Եվ կարծում եք, որ միայն հա՞յն է, որ Խրիմյանին հայրիկ է անվանում. ո՛չ, վասպուրականցի թուրքն էլ, քուրդն էլ՝ Խրիմյանին հայ- րիկ անունով են ճանաչում:

Հավատալ խոսքի ուժին, հավատալ մտքի անհաղթելի ազդեցությանը, հավատալ ճշմարտության, արդարության քրիստոնեական գաղափարի վերջնական հաղթությանը, ահա Մկրտիչ Խրիմյանի նշանաբանը, նրա հավատի դավանանքը: Եվ այդ համոզմունքով, հավատի այդ դավանանքով, Ներսես Վարժապետյանի պատվերը կատարելով, լի հույսերով ուղեւորվում է նա Բեռլին, միջազգային կոնգրեսին ներկայանալու:

Խրիմյանը թողնելով Կ. Պոլիսը, ուղեւորվում է Եվրոպա, որպես պատրիարքական պատվիրակ: Նա ուղեւորվում է Եվրոպա՝ իր սրտի մեջ կրելով մի մեծ եւ սրբազան խորհուրդ:

Ծաղկած երկիրներ, շեն քաղաքներ, ազգաբնակության անդորրություն, խաղաղություն, մարդկանց ապահով, հանգիստ, երջանիկ կյանք, այդ բոլորը երեւում է նրան որպես արդյունք քրիստոնեական քաղաքակրթության:

Բնության զավակ, բուն քրիստոնեական հովիվ, նա հրճվում է, երբ նայում է իր չորս կողմը…

Հիմա նրա միտքը թռչում է հեռու, շատ հեռու, դեպի Թուրքիայի խորքերը: Նա ակամա համեմատում է քաղաքակրթության ամեն բարիքները վայելող եվրոպացի քրիստոնյայի վիճակը, այդ նույն բարիքներից զուրկ Թուրքիայի քրիստոնյա հնադարյան ժողովրդի, հայի վիճակի հետ:

«Եվրոպական ծաղկած քաղաքակրթությունը, ահա քրիստոնեական գաղափարի մարմնացած հաղթանակը», - մտածում է նա:

Եվ մի՞թե քաղաքակիրթ, քրիստոնեական Եվրոպան, որտեղ թե՛ արքունիքներում, թե՛ մինիստրական առանձնասենյակներում      իրան այդքան սիրալիր կերպով են ընդունում, այդքան կարեկցություն ու ցավակցություն են հայտնում դեպի իր դատը, այդ քաղաքակիրթ, քրիստոնյա, մարդասեր Եվրոպան կարեկցության եւ օգնության ձեռք չի կարկառի ասիական քրիստոնյա ամենահին ազգերից մինին, նրա վիճակը թեթեւացնելու, նրա դատը արդարությամբ վճռելու համար…

Սակայն ի՞նչ է Խրիմյանի դատը: Բեռլին հասնելով ու իր գլխավոր խնդիրքը, իր հիշատակագիրը միջազգային ավագաժողովին ներկայացնելով, նա չունի աչքի առջեւ որեւէ քաղաքական նպատակներ. նրա տենչանքն է՝ քրիստոնեական գաղափարի, արդարության հաղթանակը, քրիստոնյա հնադարյան ժողովրդի, հայի       անդորր, ապահով կյանքը: Նա մի բան է խնդրում միայն, այդ այն է, որ թուրքիացի հայը կարողանա մարդավայել կերպով ապրել, կարողանա քաղաքակրթական կյանքի ամենատարրական պայմանները՝ անձնական կյանքի, իր ընտանիքի պատվի եւ իր կայքի ապահովությունը     ձեռք բերել:

Եվ երբ Բեռլինի հյուրանոցի սենյակում իրան շրջապատող բարեկամները թերահավատությամբ գլուխ են շարժում ու ժպտալով ուսեր են բարձրացնում, առարկելով թե քաղաքակիրթ Եվրոպան ունի իր քաղաքական շահերը, որոնք ոչինչ կապ չունեն մարդասիրական զգացմունքի հետ, ոչինչ կախում չունեն քրիստոնեական լայն, համբերող, մարդասիրական ոգուց, Խրիմյանն իրան հատուկ վառ, գրեթե երիտասարդական համոզմունքով պատասխանում է. «չեմ հավատում»:

Վերջանում է ավագաժողովը: Խրիմյանի հույսերը իր ցանկացածին չափ չեն իրականանում, եւ դիմելով իր բարեկամներից մինին, նա հարցնում է նրան. «Ասա ինձ, բարեկամ, ե՞րբ կլինի այն երանելի ժամանակը, որ քաղաքակիրթ եւ քրիստոնեական Եվրոպան վերջապես կներշնչվի մարդասիրական, բուն քրիստոնեական ոգով…»:

Անցավ շատ ժամանակ: Մկրտիչ Խրիմյան 72 տարեկան է այժմ: Արդյոք նա հիասթափվե՞ց, վհատվե՞ց… Չեմ կարծում… Գուցե նա մասամբ հիասթափվեց, բայց չեմ կարծում, որ վհատվեր, այն աստիճան խոր արմատներ է գցել նրա զգայուն սրտում հավատը դեպի մարդկային արդարությունը, դեպի քրիստոնեական գաղափարի հաղթանակը:

Որպես իդեալիստ՝ նրա հավատը անսպառելի է, որպես բուն քրիստոնեական հովիվ՝ նրա պարտաճանաչության զգացմունքը իր հոգեւոր զավակների վերաբերմամբ, նրա հոգացողությունը իր հոգեւոր հոտի մասին անսահման է…

«Մշակ», 1892, 23

84. ԻՆՉ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄԵՐ ԲԱՆՎՈՐՆԵՐԸ

Այն ժամանակից, երբ Անդրկովկասում սկսեց ծաղկել մասնավոր արդյունագործությունը, մեր երկրում կազմակերպվեց եւ գործարանական բանվորների դասակարգը: Այդ դասակարգի վիճակի մասին թե՛ Բաթումում եւ թե՛ մանավանդ Բագուի մեջ բավական զբաղվեց մեր մամուլը: Նրանց աննախանձելի վիճակը նկարագրվեց նույնիսկ մեր վեպերից մի քանիսներում:

Աննախանձելի ենք ասում, որովհետեւ իրանք պանդուխտ, տգետ ու թշվառ՝ այնքան հասկացողություն էլ չունեն, որ իրանց վիճակը իրանք գիտակցաբար կարողանային բարվոքել՝ ինքնօգնության սկզբունքի միջոցով, իսկ գործարանատերերը շատ քիչ են հոգում, շատ քիչ են մտածում այդ բանվորների փոքրիշատե մարդավայել կյանքի մասին:

Մեր գործարանատերերը, մեր կապիտալիստները միմիայն    մտածում են իրանց անմիջական շահի մասին, առանց մտածելու այն կենդանի մեքենաների մասին, որոնք իրանց ձեռքի աշխատանքով,    իրանց դառն քրտինքով կրկնապատկում են ձեռնարկությունից ստացվող գործարանատիրոջ տնտեսական զուտ արդյունքը: Տանելի դարձնել իրանց բանվորների տնտեսական դրությունը, սանիտարական պայմանների մեջ դնել նրանց կացարանը, գլուխ դնել, որ բանվորներն ունենային քիչ թե շատ օրինավոր ապրուստ, սնունդ եւ խմելու մաքուր ջուր, հոգալ նրանց մտավոր կրթության մասին, ունենալ գործարանին կից մի հիվանդանոց, որպեսզի հիվանդացած ժամանակ իրանց համար անհրաժեշտ աշխատող-բանվորը ապաստան ունենա, դարման ու բժիշկ ունենա, այդ բոլորի մասին երբեք չէին մտածում մեր գործարանատերերը: Բանվորը նրանց աչքում մի անշունչ առարկա էր, որը պետք է օրական 24 ժամ բաներ միմիայն տիրոջը շահ տալու: Այդ դեռ բավական չէ. մեր գործարանատերերը ոչ թե միայն չէին մտածում իրանց բանվորների թշվառ վիճակը փոքրիշատե բարվոքելու մասին, բայց եւ աշխատում էին, որքան հնար էր, չնչին    օրավարձ տալ բանվորներին, որպեսզի իրանց արդյունագործական ձեռնարկության տված զուտ արդյունքը ավելի խոշոր լինի: Այդ     հարստահարական միջոցներից մինն էր եւ պահպանել հնարավոր մրցություն բանվորների իրար մեջ… Այդ կողմից շատ ձեռնտու էր մանավանդ մեր Բագուի գործարանատերերին վարձել Պարսկաստանից եկող կեղտոտ, սակավապետ, էժան վարձով բավականացող պարսիկ բանվորներին:

Սակայն այդ բոլորի հետեւանքն ի՞նչ էր. պարսիկ բանվորները համ իրանք կեղտոտ լինելով, վարակում էին իրանց բնակած տեղի    օդը, ջուրը, գետինը եւ այդպիսով նպաստում էին իրանց ներկայությամբ երկրի հակաառողջական վիճակի վատթարանալուն, համ էլ իրանց սակավապետությամբ իջեցնում էին ուրիշ մշակների այնպես էլ չնչին օրավարձի գինը մինչեւ աներեւակայելի minimum:

Ընթերցողը երեւի հիշում է, որ մի քանի տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի հանրապետության կառավարությունը ուշադրություն դարձնելով այն երեւույթի վրա, որ չափից դուրս խնայող, իրանց ներքին կենցաղավարության մեջ կեղտոտ, սակավապետ չինացի բանվորները, մեծ թվով գաղթած լինելով Ամերիկա՝ իրանց ներկայությամբ ահագին վնաս են հասցնում բնիկ ամերիկացի բանվորին, աներեւակայելի կերպով իջեցնելով աշխատող ձեռքի օրավարձը, քանի որ    ամերիկացի բանվորն անկարող լինելով մրցել եկող չինացի բանվորների բազմության հետ, ինքն էլ ստիպված է գործարանատերերից ընդունել այն աննշան օրավարձը, որը տրվում է չինացի սակավապետ բանվորին, այնինչ ամերիկացի բանվորը ընտելացել էր ավելի օրինավոր կյանքին, նրա մարդկային պահանջները ավելի ընդարձակ են, նա պահանջ ունի, իր բանվոր տեղով, մարդավայել կերպով ապրելու, - այդ բոլորը աչքի առջեւ ունենալով ամերիկական կառավարությունն արգելեց չինացիներին Ամերիկա գաղթելու, փակեց այդ մարդկային մորեխի առջեւ մուտքը դեպի երկրի ներսը…

Այժմ գրեթե նույն երեւույթը, միայն ավելի փոքր չափով, կրկնվում է մեր նավթային աշխարհում, Ապշերոնյան թերակղզու գործարաններում. գրեթե նույն հարաբերություններն են հաստատվել՝   ավելի մարդավայել կյանքի պահանջ ունեցող հայ մշակների եւ սակավապետ ու կեղտոտ, պարսիկ պանդուխտ մշակների միջեւ… Հայ մշակների օրավարձի գինը Բագուի եւ նրա շրջակա գործարաններում անդադար իջնում եւ իջնում էր՝ շնորհով պարսիկ բանվորների հակա-  մարդկային կենցաղավարության, նրանց կեղտոտ կյանքի ու մարդկային արժանավորությունը վիրավորող ծայրահեղ սակավապե-     տության, շնորհով այն մրցման, որը շատ ձեռնտու էր ագահ, բայց անհեռատես գործարանատերերին, սակայն կորստաբեր ոչ թե միայն հայ, բայց նույնիսկ տեղական թուրք եւ պարսիկ մշակներին… Հայտնի է, որ կովկասյան թուրքն ու պարսիկը անդադար շփվելով քրիստոնյա տարրի հետ, անհամեմատ ավելի մեծ պահանջ ունեն մարդավայել կյանք վարելու, քան անասնական վիճակի մեջ ապրող նրանց պարսկաստանցի կրոնակիցները:

Հասավ խոլերայի պես աղետը, եւ ահա այդ տեսակ անհեռատես տնտեսական սիստեմայի հետեւանքն երեւաց: Գործարանատերերի ագահության շնորհով հայ եւ տեղացի մահմեդական մշակը մնացին թշվառ ու նյութապես վերին աստիճանի անապահով դրության մեջ, իսկ եկվոր պարսիկ, էժան գնով բանող եւ մեր կապիտալիստների համար ձեռնտու եղած բանվորը՝ իր կեղտոտ կենցաղավարությամբ էպիդեմիայի տարածման ամենանպաստավոր գործիչ հանդիսացավ…

Մենք կարծում ենք, որ մեր արդյունագործական կյանքի մեջ առաջ եկող այդ մշտական աննպաստ պայմաններից ու լինելի տնտեսական կորստաբեր կրիզիսներից ազատ մնալու համար անհրաժեշտ են երկու բաներ. նախ՝ որ մեր մշակների շրջանի մեջ մտցվի մտավոր եւ բարոյական գիտակցություն, սերմանվի նրանց մեջ ինքնագործունեության, ընկերական ոգու եւ ինքնօգնության սկզբունքը, որպեսզի այդ սկզբունքի միջոցով նրանք վերջապես կարողանային իրագործել իրանց մեջ փոխադարձ օգնության վրա հիմնված այլեւայլ օգտավետ հաստատություններ, օգտավետ ընկերակցություններ, իսկ երկրորդ՝ որ մեր կառավարությունը, օգտվելով Հյուսիսային Ամերիկայի օրինակից, արգելեր պարսկաստանցի մահմեդական մշակներին անդադար պանդխտել դեպի մեր երկիրը, արգելեր նրանց անցնել ռուսաց սահմաններից այս կողմը:

«Մշակ», 1892, 82

85. ԼՐԱՆՈՒՄ Է ՔՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ

Առաջիկա հունվարի մեկին, 1893 թվի, լրանում է քսան տարին այն օրից, երբ լույս տեսավ «Մշակի» առաջին համարը: Վերջացավ հոկտեմբեր ամիսը եւ ինչպես ամեն տարի՝ մենք նոյեմբեր ամսի  սկզբներում բաց ենք անելու «Մշակի» բաժանորդագրությունը:

«Մշակի» գոյությունն այժմ կատարելապես ապահովված կարելի է համարել: Մանավանդ վերջին յոթ տարվա ընթացքում մեր լրագրի բաժանորդների թիվը ոչ թե միայն երբեք չէ նվազել, կամ մինչեւ անգամ նույն բարձրության վրա չէ պահպանվել, այլ հետզհետե, ամեն տարի, թեեւ դանդաղ կերպով՝ մեր բաժանորդների թիվը տարուց տարի նույնիսկ ավելացել է: Դա ամենալավ ապացույց է հասարակության համակրության դեպի «Մշակը»:

  Եվ այժմ «Մշակը» ոչ թե միայն բաժանորդների մի հաստատ կոնտինգենտ ունի, բայց նա ունի համակրողների հետզհետե բազմացող մի շրջան: Այդ բավական չէ. «Մշակը» ստեղծել է քսան տարվա   ընթացքում աշխատակիցների եւ թղթակիցների մի ահագին շրջան, որոնք սփռված լինելով ամբողջ Անդրկովկասում եւ Կովկասում, նմանապես եւ Ռուսաստանի  ներքին գավառների մի քանի քաղաքներում՝ համակրում են «Մշակի» ուղղությանը, մտածում են «Մշակի» պես, գրում են մեր լրագրի ուղղությամբ, գործում են նրա ուղղության համեմատ: Դա մի ահագին շկոլա է, ահագին դպրոց է, միեւնույն ժամանակ հաստատ, որոշ, համոզված դպրոց, որն ունի անշեղ, հաստատուն, ինքնաճանաչ, դրական գաղափարներ, այնպես որ եթե «Մշակի» այժմյան խմբագիրը, որը ղեկավարում էր թերթը քսան տարվա    ընթացքում, եւ «Մշակի» այժմյան խմբագրությունը իջնեին էլ գրական ասպարեզից, այդ համակրողների ստվար շրջանից, «Մշակի» ահագին դպրոցի ներկայացուցիչներից՝ անմիջապես կկազմակերպվեր մի նոր խմբագրություն, որը նույն ուղղությամբ կշարունակի առաջ տանել «Մշակը»:

Սակայն մենք դեռ դիտավորություն չունենք իջնել գրական ասպարեզից, դեռ հույս ունենք պինդ ձեռքով բռնել «Մշակի» դրոշակը եւ տոկունությամբ շարունակել մեր աշխատանքը, շարունակել նույն ուժով մաքառելու տգիտության, խավարի, նախապաշարմունքի, հնապաշտության, անազնվության, այլեւայլ զեղծումների դեմ, միշտ եւ միշտ, մինչեւ մեր կյանքի վերջին շունչը առաջ մղելով առաջադիմության, լուսավորության, ընդհանուր մարդկային քաղաքակրթության գաղափարը:

Հայերեն լեզվով հրատարակվող ազնիվ, իր պարտքը ճանաչող մամուլի նպատակը պիտի լինի՝ դուրս բերել հայերին իրանց կյանքի հնավանդ նեղ շավղից դեպի համամարդկային քաղաքակրթության լայն ճանապարհը:

Իսկ այդ տեսակ գործ, այդ տեսակ աշխատանք, ինչպես հայտնի է, կատարվում է մեծ դժվարությամբ, շատ անգամ ոչ թե միայն մեծ արգելքների հանդիպելով, բայց եւ մարդու իր անձնական կյանքը վտանգի դնելով:

Նեղ շավիղ՝ դարձնել լայն ճանապարհ:

Հասկանում եք որքան դժվարությունների կհանդիպի մարդ այդ ծանր աշխատանքի մեջ, մանավանդ, երբ սկզբից այդ մարդը     գրեթե չուներ աշխատակից, այլ գրեթե ամենքը, նույնիսկ շատ անգամ ամենամտերիմները, նայում էին այդ տեսակ աշխատանքի վրա խիստ թշնամական աչքով… Հասկանում եք ինչ աշխատանք է հարկավոր նեղ, հնադարյան, անհարմար, քարքարոտ շավիղը՝ դարձնել ազատ, վառ, երթեւեկության համար լայն եւ հարմար ճանապարհ…

Պետք է կտրտել մացառները, կտրել ահագին ծառերը, գցել կամուրջներ արագահոս նեղ առվակների եւ դանդաղահոս լայն գետերի վրա, պետք է քանդել ճանապարհին պատահող հին շինությունների ավերակները, հարթեցնել հողը, շատ անգամ օդը թռցնել պինդ ժայռերը:

Այո՛, մի ազգ, որն ուզում է վերջապես քանդել իր հին, փտած, անշարժ սոցիալական կյանքի նեղ շավիղը, պետք է դրա հետ միասին քանդե եւ իր նախկին նեղ կյանքը, իր նախկին նեղահայաց աշխարհայեցողությունը: Եվ մեծ դժվարություններով ու զոհաբերություններով նոր եւ լայն ճանապարհ բանալով, նա դրանով բաց է անում իր համար մի նոր կյանք եւ դրանով թե ինքն ավելի երջանիկ կլինի եւ թե ավելի արժանի կդառնա ընդհանուր մարդկային ընտանիքի անհրաժեշտ անդամներից մեկը համարվելու:

Քսան տարի անցավ այդ աշխատանքի մեջ, շարունակենք     ուրեմն նույն աշխատանքը եւ հետեւյալ տարիները: Շարունակենք այնպես, ինչպես սկսեցինք եւ ինչպես գործեցինք քսան տարվա ընթացքում՝ մի ձեռքում քլունգը, իսկ մյուս ձեռքում ջահը, եւ միշտ դեպի  առաջ, մինչեւ որ կավանդենք մեր վերջին շունչը…

Այդպես ենք հասկանում մենք մամուլի պարտավորությունը, նրա կոչումը…

«Մշակ», 1892, 125