Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ԷԳՈՒՑ («Մշակ», 1872, 1)

 

1872 թ. հունվարի 1-ին լույս տեսած «Մշակի» առաջին համարի այս առաջնորդողն ընթերցողին է ներկայացնում երիտասարդ խմբագիր Գրիգոր Արծրունու հասարակական-քաղաքական մանիֆեստը, որով հիմնավորում էր եվրոպական տիպի նոր լրագրի լույս ընծայման անհրաժեշտությունը: Ամենից առաջ շեշտվում է թերթի հակաավատական ուղղվածությունը: «Մշակը» ներկայանում է որպես նոր ժամանակների պատգամախոս, եվրոպական քաղաքակրթության նախանձախնդիր:

Երեք ժամանակների՝ անցյալ, ներկա եւ ապագա, կապակցության մեջ Արծրունին փաստորեն տեղադրում է ֆեոդալիզմի նկատմամբ կապիտալիստական հասարակարգի անխուսափելի հաղթանակի գաղափարը, «Մշակը» կոչված տեսնելով հայ իրականության մեջ այդ գործընթացն արագացնելու դերին: Մերժվում են ազգասիրության հնօրյա չափանիշները, որոնք անցյալի փառավոր հիշատակներով շոյելով հայերի փառասիրությունը, խանգարում էին հասարակության վերանորոգության անհրաժեշտության գիտակցության հասունացմանը: Քննադատությունը եւ անձնաքննությունը հռչակվում են ազգային վերածննդի եւ զարգաց- ման առաջնային միջոցներ: Լուսավորության վերացական քարոզի փոխարեն Արծրունին առաջադրում էր գիտությունը մասսայականացնելու, գիտական հի- մունքներով կյանքը վերափոխելու ծրագրեր: Անդուլ աշխատանքը նա համարում է հասարակության բոլոր անդամների սրբազան պարտականությունը: Թերթի հաջորդ համարներում խմբագիրը կոնկրետացնում եւ ճշտում է իր պարբերականի   կողմնորոշումներն ու ծրագրերը:

(Այս եւ հետագա հոդվածներում կատարված են կետադրական եւ  լեզվաոճական ուղղումներ):

 

2. ԻՆՔՆԱԿՈՉ ԽՄԲԱԳԻՐ («Մշակ», 1872, 3)

 

Այս հոդվածն ուշագրավ է մամուլի եւ, մասնավորպես, խմբագրի հասարակական դերի ու կոչման հասուն ըմբռնումներով: «Մշակի» հրատարակությանը ձեռնամուխ լինելիս Արծրունին հստակորեն պատկերացնում էր հասարակական-քաղաքական լրագրի ունենալիք նշանակությունը ֆեոդալիզմի անուրներով կապկպված հայ իրականության համար: Խմբագրին բնութագրելով իբրեւ հասարակության ինքնակոչ դաստիարակիչ, Արծրունին ըմբռնում էր, թե ինչ պատաս- խանատու եւ ծանր պարտականություն էր առնում իր ուսերին: Խմբագիրը, ինչպես բնության հարստությունները հետազոտող բնագետը, պետք է կարողանա հայտնաբերել եւ ոգեկոչել հասարակության քնած զորությունն ու մտավոր ուժերը, հարուցել «մտավոր հարուստ հանքերի արդյունաբերությունը»: Նա պետք է հայտնաբերի տաղանդներին, խմբագրության շուրջը համախմբի գաղափարակից ուժեր այն հաշվով, որ իրենից հետո թողնի իր գործը շարունակող «մտավոր զորք»: Պետք է ասել, որ Արծրունին հենց ինքը եղավ իր գծած խմբագրի  առաջին մարմնավորողը, որովհետեւ նա ստեղծեց ոչ միայն թերթ, այլեւ մշակական ուղղություն, իսկ նրա հավաքագրած մտավոր զորքի զինվորներից էին Րաֆֆին,      Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Ն. Աբելյանը, Խ. Մալումյանը եւ շատ անվանի գրողներ ու գործիչներ:

 

3. ՆՈՔԱ («Մշակ», 1872, 12)

 

«Մշակի» հասարակական իդեալների, դիրքորոշումների պարզմանը զուգընթաց անհրաժեշտ էր որոշել նաեւ այն նշանախեցերը, որոնց վրա թերթը    պետք է պարպեր իր քննադատական լիցքերը: Դա ամենից առաջ պահպանողական կարծրացած մտածողությունը կրող հին սերունդն էր, որն անհաղորդ էր նոր ժամանակների պահանջներին: Այստեղ խոսքը հին եւ նոր սերնդի սովորական պայքարի մասին չէ, այլ հասարակարգերի հաջորդափոխությամբ պայմանավորված կենաց ու մահու կռվի, որովհետեւ հայ իրականության մեջ դեռեւս պարզված չէր ֆեոդալիզմի դեմ բուրժուական հասարակարգի վերջնական հաղթանակի դրոշը. ցարական կայսրության ծայրամաս դեռ նոր-նոր էին հասնում բուրժուական ռեֆորմները՝ ոչ միայն ուշացումով, այլեւ կիսատ-պռատ: Արծրունին շեփորում է Եվրոպայում   կրթված ազատամիտ սերնդի անխուսափելի հաղթանակը   ավատականությանը կառչած հին, հետադեմ սերնդի նկատմամբ, որովհետեւ վերջինիս տիրապետությունը մնում էր անցյալում, իսկ առաջինին պատկանում էր    ապագան:

 

4. ՄՏՐԱԿՈՎ ՉԽՓԵՍ, ԲԱՆ ՉԻ ԴՈՒՐՍ ԳԱ

(«Մշակ», 1872, 16)

 

Եվրոպական քաղաքակրթությունը, զարգացած երկրների պատմական փորձը այն չափանիշն է, որին ամեն անգամ դիմում է Արծրունին, երբ հարկ է լինում քննադատել հայկական կյանքի  մերժելի կողմերը, մատնացույց անել առաջ գնալու ուղիները: Մի համընդհանուր օրինաչափություն է նա դիտարկել. զարգացման առաջխաղացման համար խթան է հարկավոր: Այդպիսի խթան են, օրինակ, ազատագրական պատերազմները, հասարակական շարժումները: Հայ իրականության մեջ ցավալի անշարժությունը հրապարակախոսը բացատրում է հասարակական խթանի բացակայությամբ, ուստի «Մշակի» կոչումն է համարում  մտրակել ու հալածել այն ամենը, ինչը հնության կնիք ուներ: Շատ շուտով «Մշակը» արժանանում է մտրակողական ածականին: Մտրակողական-քննադատական ուղղությունը դառնում է Արծրունու թերթի հիմնական բնութագրական հատկանիշը:

 

5. ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ («Մշակ», 1872, 23)

 

Տնտեսական խնդիրը Արծրունուն հուզող խնդիրներից առաջադիրն էր: Դա տնտեսագետ խմբագրի նախասիրության հարց չէր: Հասարակական զարգացման մեջ տնտեսական գործոնին առաջնային տեղ հատկացնելը պայմանավորում է հասարակական մտքի այն հոսանքի դիմագիծը, որին առաջնորդում էր «Մշակի» խմբագիրը: Արծրունին տնտեսական առաջադիմությամբ էր պայմանավորում հասարակական ողջ օրգանիզմի զարգացումը, հակառակ ազգային պահպանողականների, որոնք հենվում էին բարոյական եւ հոգեւոր ուժին: Այս առաջնորդողը ցուցադրում է Արծրունու տնտեսական նախագծումների հիմնական ուղղությունը՝ ընդառաջ գնալ երկրի կապիտալիստական վերաձեւությանը: Խոսելով երկաթուղային ցանցի նշանակության մասին, նա ուշադրություն է հրավիրում ոչ միայն Անդրկովկասի տնտեսական կյանքի, այլեւ հասարակական հարաբերությունների զարգացման գործում ունենալիք նրա դերի վրա: Նա սթափվելու կոչ է անում հայ հարուստներին, որպեսզի նրանք երկրի տնտեսական ապագայի լծակները իրենց անկարողությամբ եւ տնտեսական օրենքների չիմացությամբ չհանձնեն օտար կապիտալիստներին:

 

6. ԹԱՏՐՈՆ ՀԱՐԿԱՎՈ՞Ր Է ԹԵ ՈՉ («Մշակ», 1872, 31)

 

Թատրոնը իբրեւ «կրթիչ հաստատություն» եւ ժողովրդի բարոյական դաստիարակության ու լուսավորության հզոր միջոցի Արծրունին դնում էր լրագրության ու դպրոցի կողքին, այն համարելով յուրատեսակ կենդանի լրագիր: Թատրոնի գոյության եւ նրա հետագա զարգացման ճանապարհը համարում է դեմոկրատական ուղին՝ թատրոնը ժողովրդին մոտեցնելով, ազգային խաղացանկ մշակելով: Ինչպես մանկանը մայրենի լեզվով կրթելն է ամենաբնական եւ արդյունավետ ճանապարհը, այնպես էլ թատրոնը իր կրթիչ դերը կարող է արդյունավետ    ձեւով իրականացնել ազգային կյանքի վերաբերյալ մայրենի լեզվով ներկայացումներով: Երբ հանդիսատեսը բավականաչափ կկրթվի, արդեն կարելի  կլինի     մատուցել օտար դասականների գործերը որոնք բոլոր ժողովուրդներին հասկանալի են ու արդիական, - սրանք են Արծրունու՝ թատրոնին նվիրված այս եւ այլ հոդվածների գլխավոր հարցադրումները:

 

7. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ («Մշակ», 1872, 40)

 

Արծրունին վերստին արժեքավորում է քննադատության նշանակությունը նորոգվող հասարակության համար: Նա ազգային պատմության նորովի դասավանդման խնդիր է դնում, որը պետք է մերժի կույր հայրենասիրությունը եւ մարդուն սովորեցնի քննադատաբար նայել շուրջը, անհաշտ լինել թերությունների նկատմամբ: Ապագան պատկանում է այն հասարակությանը, որը կարողանում է ինքնամաքրվել, կատարելագործվել, իսկ քննադատության անընդունակ ժողովուրդը դատապարտված է անշարժության, հետեւաբար՝ մահվան: Մինչեւ վերջին ժամանակներս մեր ամենամեծ թշնամիները մենք ինքներս էինք, - բանաձեւում է Արծրունին, ընթերցողին մղելով անձնաքննության փրկարար գործողության: Նրա այս հարցադրումները հնչում են արդիական:

 

8. ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ («Մշակ», 1872, 43)

 

Արդյունաբերության զարգացման ուղիների քննությանը զուգընթաց «Մշակն» առաջադրում էր նաեւ իր «գյուղափրկիչ» ծրագիրը: Եթե թղթակիցները իրենց նամակներում ներկայացնում էին XIX դարի 70-80-ական թթ. հայ գյուղի   տխուր պատկերը՝ սոցիալական հակասությունների խորացման, գյուղի քայքայման, գյուղացիների անկասելի արտագնացության երեւույթներով, ապա  Արծրունին աշխատում էր իր առաջնորդողներով իմաստավորել այդ երեւույթները, եվրոպական տնտեսագիտության զինանոցից վերցրած ուղիներ մատնանշել հասարակության մեծամասնությունը կազմող մանր արտադրողների հետագա ճակատագրի համար: Անգլիական խոշոր հողատիրությունը հակացուցված էր հայ        իրականությանը, իսկ շվեյցարական համայնքային հողատիրության ձեւը ինքնօգնության եւ կոոպերատիվների վրա հիմնված, կարող էր իրականանալ մի պայմանով միայն՝ գյուղական վարկի առկայության դեպքում, մի բան, որից զրկված էր հայ գյուղացին: Գյուղացիական ռեֆորմի անբավարար իրականացումը «Մշակի» քննադատական ելույթների հիմնական հարցերից մեկն էր:

 

9. ԻՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ ԵՎ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ («Մշակ», 1873, 1)

 

Երբ բոլորեց «Մշակի» հրատարակության առաջին տարին, Գր. Արծրունին հանդես եկավ այս առաջնորդող հոդվածով: Այդուհետեւ նա սովորություն դարձրեց ամեն տարեմուտի հանրագումարի բերել թերթի գործունեության արդյունքները, նշել անելիքները: Նա իրավունքով էր «Մշակի» առաջին վաստակը    համարում արեւելահայ իրականության մեջ եվրոպական տիպի լրագրություն հիմնավորելը, մամուլը կյանքին մոտեցնելը, նրա անմիջական արձագանք դարձնելը: Մերկապարանոց քարոզի փոխարեն կյանքի հետազոտություն, նրա թերի կողմերի քննադատություն սա էր կապիտալիզմին անցման շրջանի հրապարակախոսության հատկանիշը, եւ «Մշակը», ըստ Արծրունու մտահղացման, պետք է լիներ դրա մարմնավորողը:

 

10. ՀԱՅՈՑ ՕՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ («Մշակ», 1873, 2)

 

Այս առաջնորդողում Արծրունին փորձում է սահմանել 70-ական թվականների հայ մամուլի հիմնական առանձնահատկությունը: Ի տարբերություն նախորդ մամուլի, որը զարգացավ հայերի բուն հայրենիքից հեռու (Մոսկվայում, Վենետիկում, Կ. Պոլսում, Փարիզում եւ այլուր) եւ որի հիմնական խնդիրն էր, ըստ Արծրունու, հայերին եվրոպական լուսավորության հետ կապելը, Թիֆլիսում ծնունդ առած հայ պարբերականները, անմիջականորեն կապված լինելով հայ իրականության հետ, կոչված էին հետազոտել ժողովրդի կյանքը եւ արծարծել նրա զարգացման խնդիրները: Հայ մամուլի հետագա առաջադիմությունը Արծրունին կապում է գավառահայ մամուլի զարգացմանը: Գավառահայ պարբերականները հնարավորություն կստեղծեն ավելի մոտիկից կապվելու կյանքին, լուսաբանելով տեղական կյանքի մանրամասները, իսկ օրագրության միջոցով հնարավոր կլինի տեսական ընդհանրացման ենթարկել լուսաբանված նյութը:

11. ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ («Մշակ», 1873, 45)

 

Այս հոդվածը ցուցադրում է «Մշակի» երիտասարդ խմբագրի անկասելի ընդվզումը հին սերնդի պահպանողական, քարացած մտածողության դեմ, որը    խոչընդոտում էր եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակցված, Եվրոպայում կրթություն ստացած ազատամիտ երիտասարդության գործունեությունը: Հոդվածի հուզական լիցքին սնունդ է տվել նաեւ Արծրունու անձնական դրաման. նրա հայրը՝ գեներալ Երեմիա Արծրունին, մինչեւ կյանքի վերջը այդպես էլ չհաշտվեց որդու անհողդողդ ընտրության հետ, որը «Մշակի» խմբագրի համեստ պաշտոնը գերադասեց հոր ակնկալած վարչական կարիերային, եւ նրան զրկեց նյութական միջոցներից: Միայն հոր մահից հետո (1878) Արծրունին հնարավորություն ունեցավ «Մշակը» դարձնել ամենօրյա լրագիր: Որ խմբագրի պաշտոնը կամավոր զոհաբերության ասպարեզ էր, Արծրունին ապացուցեց իր կյանքով՝ «Մշակին» զոհելով հոր ամբողջ ժառանգությունը եւ նյութապես սնանկացած, ֆիզիկապես հյուծված ու հիվանդ անժամանակ կնքելով իր մահկանացուն:

12. ՄԵՆՔ ՀՐԱՇՔ ՉԵՆՔ ԳՈՐԾԵԼ («Մշակ», 1874, 1)

 

Արծրունին իրեն հաշիվ էր տալիս, որ հասարակական հարաբերությունների քիչ թե շատ նկատելի փոփոխությունը առաջադիմության ուղիով պահանջելու էր ոչ միայն հերոսական, ընդհուպ մինչեւ զոհաբերություն պահանջող ջանքեր, այլեւ տեւական համառ աշխատանք: Սպասել, թե «Մշակի» ելույթները     հրաշագործ ազդեցություն կունենային, կնշանակեր թերագնահատել հասարակական իներցիայի եւ պահպանողականության ուժը: Ահա ինչու թերթի երկու տարվա աշխատանքի արդյունքները ամփոփելով, նա շեշտում է, որ «Մշակը» հրաշք գործել չէր կարող, նրա խնդիրն է եղել առաջադեմ մտքեր սերմանելը եւ մտավոր շարժում առաջ բերելը, իսկ արդյունքները կարելի է հանրագումարի  բերել միայն երկարատեւ ու տոկուն աշխատանքից հետո:

 

12. ՆՈՐ ԵՎ ՀԻՆ ՍԵՐՈՒՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԵՄԻ ՎՐԱ

(«Մշակ», 1875, 20)

 

Գ. Սունդուկյանի պիեսների ներկայացման հաջողությունները «Մշակը» ուրախությամբ արձանագրում էր իր էջերում: Թատերախոսությունները հաճախ էին զբաղեցնում թերթի սյունակները: Բայց որ ներկայացումները նաեւ նյութ էին տալիս առաջնորդող հոդվածների   համար, դա վկայում է թատրոնի դերի այն բարձր գիտակցումը, որ   ուներ «Մշակը»՝ թատրոնը համարելով թերթի գործընկերը եւ այն դիտելով որպես կենդանի լրագիր: Այսպես. «Մեր բարձր ուսում ստացած Օսեփները» առաջնորդողում (1873, 23) Արծրունին հասարակ  անուն է դարձնում «Քանդած օջախի» հերոսի անունը, հին սերնդի   դեմ նորի պայքարը համարելով հասարակական զարգացման առաջմղիչ ուժ: Ահա բեմադրվում է Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսը, եւ «Մշակի» առաջնորդողը ստանում է «Նոր եւ հին սերնդի պատերազմը բեմի վրա» խոսուն վերնագիրը: Ուշագրավ է ոչ միայն պիեսի վերլուծությունը, որտեղ Տուրգենեւի «Հայրեր եւ որդիներ» վեպի օրինակով վկայակոչվում է հին եւ նոր սերնդի պայքարի անխուսափելիությունը, այլեւ խմբագրության հղած շնորհակալությունը Սունդուկյանին, քանի որ դրամատուրգը, փաստորեն, արդարացնում է նաեւ «Մշակի» գործունեությունը՝ հնի դեմ անողոք պայքարում: Բանն այն է, որ «Մեղու Հայաստանի» թերթի էջերում Սունդուկյանը հանիրավի մեղադրանքների էր ենթարկվում, որի պիեսները իբր անվանարկում էին հայ հասարակությունը: Սունդուկյանի պաշտպանությամբ հանդես է գալիս նաեւ Րաֆֆին (1873, 18 եւ 1875, 22): Բարձր գնահատելով նշանավոր դրամատուրգի ստեղծագործության գաղափարական եւ գեղարվեստական արժանիքները, «Մշակի» խմբագիրն ու գլխավոր աշխատակիցը այդ ձեւով պաշտպանում էին նաեւ պահպանողականությանը պատերազմ հայտարարած իրենց թերթի ուղղությունը:

 

14. ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵԾ ԽՆԴԻՐԸ

  («Մշակ», 1876, 12)

 

«Մշակի» հրատարակության ողջ ընթացքում խմբագիրը   ուշադրության կենտրոնում էր պահում դպրոցական խնդիրը, ազգի   լուսավորության եւ առաջադիմության գործում նրան վերապահելով մեծ դեր: Իսկ քանի որ «Մշակի» թղթակիցների մեծ մասը ուսուցիչներ էին, ապա հայ դպրոցի, կարելի է ասել, բոլոր մեծ ու փոքր հոգսերը հրապարակայնություն էին ստանում եւ քննարկվում: «Մշակը» հանդես եկավ դպրոցը ռեֆորմի ենթարկելու եւ այն կյանքին մոտեցնելու մի ամբողջ ծրագրով: Ահա այդ խնդրին նվիրված այս առաջնորդող հոդվածում պոլիտեխնիկ կրթությունը կարեւորվում է որպես հայ ժողովըրդի զարգացման տվյալ աստիճանին համապատասխանող համակարգ: Արհեստագիտական ուսուցումը միայն, ըստ «Մշակի», հնարավորություն կտա կյանքի համար պիտանի քաղաքացիներ դաստիարակել, որոնք կկարողանան օգտավետ աշխատանք կատարել թե՛ իրենց ընտանիքների եւ թե՛ հասարակության համար: Վաղնջական ժամանակներից եկող հայ ժողովրդի դպրոցասիրությունը պետք էր դնել որոշակի ազգօգուտ հունի մեջ, զարկ տալով արհեստագիտական եւ երկրագործական ուսումնարաններին, իսկ հանրակրթական դպրոցներում էլ ուժեղացնելով արհեստների ուսուցումը:

 

15. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  («Մշակ», 1876, 24)

 

XIX դարի 70-ական թվականների կեսերից Արեւելյան ճգնաժամի սրման առիթով «Մշակի» էջերում ավելի հաճախ են երեւում Օսմանյան կայսրության դեմ քրիստոնյա հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի հարցերը: Ի՞նչ ճակատագիր էր վիճակված արեւմտահայությանը Արեւելյան խնդրի լուծման բարդ բավիղներում. շուտով այս հարցը դարձավ «Մշակի» քաղաքական հրապարակախոսության հիմնական նյութը, որն իր լարվածության գագաթին հասավ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում: Ամեն կերպ խթանել հայ ժողովրդի քաղաքական հասունացումը, նրան հանել տեւական ճնշման հետեւանքով կրավորական հոգեբանությունից, քանի որ համաքրիստոնեական ուժերի ընդհանուր պայքարում նա կարող էր, օգտվելով պատմական նպաստավոր պայմաններից, թոթափել թուրքական ծանր լուծը, այս տրամաբանությամբ են ձեւված Արծրունու բազմա- թիվ առաջնորդողները: Արեւելյան ճգնաժամի մեջ նա տեսնում է քրիստոնեական եւ մահմեդական աշխարհների բախման համապարփակ երեւույթ: Եվ քանի որ հայերը քաղաքակրթության առաքյալներն են Արեւելքում, ուստի միջնորդի դերը իրականացնելու համար նրանք արժանի են Եվրոպայի եւ Ռուսաստանի ուշադրությանը:

 

16. ԱՅԺՄ ԿԱՄ ԵՐԲԵՔ («Մշակ», 1876, 25)

 

Թուրքական լծի դեմ ապստամբած քրիստոնյա ժողովուրդների ընդվզումը Արծրունին դիտում է ոչ միայն որպես ազատագրական պայքար ընդդեմ օտար լծի: Քրիստոնեության կռիվն ընդդեմ մահմեդականության նա գնահատում է որպես քաղաքակրթության կռիվ ընդդեմ բարբարոսության: Այս չափանիշը պետք է մղեր քաղաքակիրթ երկրներին պաշտպան կանգնել քրիստոնյաների, այդ թվում հայ ժողովրդի, շահերին: Այս գիտակցության սերմանմանն է հետամուտ «Մշակի» խմբագիրը: Դատապարտելով Թուրքիային սիրաշահելու Անգլիայի քաղաքականությունը, Արծրունին քիչ թե շատ ռեալ օգնություն է ակնկալում միայն Ռուսաստանից: Ռուսական կողմնորոշումը Արծրունու 70-ական թվականների հրապարակախոսության գլխավոր մոտիվն է, որը նա հիմնավորում է քաղաքական սթափ վերլուծումներով, աշխարհագրական եւ պատմական գործոնների հաշվառումով: Ուշագրավ է նրա այն միտքը, թե բալկանյան պատերազմում Թուրքիայի ե՛ւ հաղթելու, ե՛ւ պարտվելու դեպքում հայ ժողովուրդը, միեւնույն է, տուժելու է, քանի որ հաղթելով Թուրքիան դառնալու է բազմապատիկ բռնակալական, իսկ պարտվելու դեպքում՝ Եվրոպան թողնելով, կենտրոնանալու է ասիական գավառներում՝ոչնչացման դատապարտելով հայերին իրենց բնիկ հայրենիքում: «Մշակի» խմբագիրը ամեն կերպ աշխատում էր զարթնեցնել հայերի ազգային ինքնագիտակցությունը, նրան եւս պայքարի հանել օտար լուծը թոթափելու համար: Նա շտապեցնում է արեւմտահայերին օգտվել քաղաքական նպաստավոր վիճակից, սրելով այն «այժմ կամ երբեք» կարգախոսով:

 

17. ՄԻՆՉԵՎ ԵՐԲ («Մշակ», 1876, 27)

 

Արծրունին խստագույնս նշավակում է կրավորական, դատապարտվածի, անվերջ համբերողի կեցվածքը, այն հայ ժողովրդի համար կործանարար համարելով: Նրա հրապարակախոսական նետարձակումներն ուղղված են պահպանողական մտայնության դեմ,   որին տուրք էր տալիս նաեւ հայ հոգեւորականությունը: Նա չի հավատում, որ քաղաքակրթության լույսը կարող է շուտով հաղթանակել մահմեդական կրոնով սնուցված թուրքական բարբարոս երկրում: Հայերի հեռանկարը իրենց բնիկ երկրում նրան պատկերանում է դաժան, անհույս գույներով, եթե ժողովուրդը չգա ազգային ինքնագիտակցության:

 

18. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԸ («Մշակ», 1876, 44)

 

Թուրքիայի ավանդական քաղաքականությունը Արծրունու հրապարակախոսության մշտական նշանախեցերից է: Հպատակ փոքր ազգերի նկատմամբ նրա վերաբերմունքը նա որակում է որպես հանցանք, քանի որ սուլթանիզմը բարբարոսական միջոցներ էր գործադրում ապստամբ փոքր ազգերին հնազանդեցնելու համար՝ բռնություններ, կոտորածներ, գերեվարումներ, բռնաբարություններ, կենդանի մարդկանց այրել, կողոպուտ եւ այլն: Նա վերստին հիմնավորում է ռուսական կողմնորոշումը, որպես պատմական այդ պահին հայ ժողովրդի քաղաքական շահերին համապատասխանող հեռանկարային ուղի: Հրապարակախոսը մերժում է եվրոպամետ, եւ, մանավանդ, անգլիամետ դիրքորոշումը, վկայակոչելով խաչակրաց պատերազմներից սկսած արեւելյան փոքր ազգերից միայն օգուտ քաղելու Եվրոպայի եսասիրական եւ նույնպես ավանդական դարձած քաղաքականությունը: Նման ելույթները խնդիր ունեին հարվածել «Մշակի» գաղափարական հակառակորդներին՝ ժողովրդի մեջ եվրոպական պետությունների հայա-   նպաստ քաղաքականության նկատմամբ սին հույսեր սերմանելու համար:

 

19. ՀԱՅՈՑ ԽՆԴԻՐ («Մշակ», 1876, 47)

 

Արծրունու այս հոդվածը ուշագրավ է նրանով, որ այստեղ  առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում Հայկական խնդիր տերմինը, նրա միջազգայնացման փաստը հավաստելով. ինչպես որ կա Սլավոնական կամ Հունական խնդիր, այնպես էլ կա Հայկական խնդիր՝ որպես Արեւելյան հարցի անբաժանելի մաս, - գտնում է Արծրունին: Իր սեւեռուն նպատակին հավատարիմ, «Մշակի» խմբագիրը ձգտում է հայ ժողովրդի մեջ սերմանել ազգային արժանապատվություն, իսպառ արմատախիլ անել ստրկամտության եւ կրավորականության մնացուկները, որոնք գալիս էին դարերով ճնշված լինելու դառն  իրողությունից: Թշնամուն մտավոր ուժով հաղթելու հայ ժողովրդի ազգային գիծը նա վերապահում է քաղաքակրթության համատարած հաղթանակի ապագա դարաշրջանին, իսկ իրօրյա գործելակերպի  հրամայականը պետք է լինի բալկանյան ժողո-       վուրդների նման զենքով ազատություն նվաճելը: Այդ ճանապարհով միայն Հայկական հարցը կմտնի միջազգային ատյան:

 

20. ԱՐեւԵԼՅԱՆ ԽՆԴԻՐ («Մշակ», 1876, 49)

Հայկական հարցը Արծրունին մշտապես քննության է առնում Արեւելյան խնդրի շրջանակներում, նրա հետ ունեցած փոխկապակցությունների մեջ: Եվ այս վերնագրին մեկ անգամ չէ, որ հանդիպում ենք «Մշակի» էջերում: Այս առաջնորդողը գրելու առիթ է հանդիսացել աբդուլհամիդյան սահմանադրության հրապարակ գալը: Մինչդեռ եվրոպական պետությունների դեսպանաժողովը երկար ու բարակ նիստերով պատրաստում էր Թուրքիայում քրիստոնյա հպատակների համար բարենորոգումների նախագիծ, սուլթան Համիդը շտապեց    չեզոքացնել այն՝ ամբողջ Թուրքիան վերանորոգելու անհրաժեշտությունը հռչակող սահմանադրության հրապարակումով: Այդ սահմանադրությունը Արծրունին բնութագրում է որպես խորամանկ եւ նենգավոր աչքակապություն՝ կատարված եւ կատարվելիք բարբարոսությունները քողարկելու համար, որը դույզն-ինչ չէր փոխելու բռնա-դատված ու հարստահարված հայերի վիճակը Արեւմտյան Հայաստանում:

 

21. ԽՈՍՔ ԹԵ ԳՈՐԾ («Մշակ», 1877, 6)

Այս հոդվածում Արծրունին փորձում է զատորոշել իրօրյա հրապարակախոսության հասարակական դերը, դրանով պայմանավորելով իր թերթի ուղղությունը: Հայ ժողովրդին պակասող ազգային ինքնագիտակցությունը, նրա կարծիքով, կարելի է դաստիարակել ներգործուն հրապարակախոսությամբ, ասպարեզը տրամադրելով, իր բառերով՝ խոսքի մարդկանց, քանի որ խոսքը գործի կարապետն է: Միայն այն բանից հետո, երբ ժողովրդի քնած ուժերը կարթնանան, եւ նա կհասնի ինքնաճանաչման ու ազատ ապրելու գիտակցության, նրա ազգային զարթոնքը կմտնի երկրորդ փուլ, ուր ասպարեզը կտրամադրվի գործի մարդկանց: Լուսավորական շարժման խնդիրը գիտությունը ժողովրդին մոտեցնելն էր, մի բան, որ պակասել է  անցյալ դարերում, հակառակ գիտական, փիլիսոփայական մտքի աննախադեպ զարգացման: Հոդվածը զերծ չէ նաեւ կամայական բնութագրումներից, ինչպես օրինակ, այն պնդումը, թե՝ «հայը չուներ երբեք բանաստեղծություն»: Հայը միշտ էլ ունեցել է համաշխարհային գանձարան մտնելու արժանի պոեզիա: Եթե երեւույթները սրելը Արծրունու հրապարակախոսության բնորոշ հատկություններից է, ապա այն միշտ չէ, որ հրապարակախոսին ապահովագրում է չափազանցության մեջ ընկնելու վտանգից:

 

22. ՄԵՆՔ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆՔ («Մշակ», 1877, 9)

Հեշտ չի եղել հրապարակախոսի համար թերթի ճակատին   դրոշմել այս բառերը, բայց նա դա արել է, որպեսզի այլեւս չտեսնի իր ժողովրդին ստրկի վիճակում: Մտրակող «Մշակը» երբեմն դաժան էր. նա քիչ էր համարում բարոյախոսելը, քարոզելը, համոզելը եւ երբեմն մեջտեղ էր հանում նաեւ սթափեցնող ապտակը: Սպասվող հետեւանքները տեսանելի դարձնելու համար Արծրունին հաճախ էր      բեւեռացնում երեւույթները, «արցունքի միջից» ծաղրում ազգի թերությունները, դրանով անառարկելի ապացույց տալով դեպի ազգը տածած իր մեծ սիրո մասին, քանի որ նրան ուզում էր տեսնել ազատ, ինքնիշխան, սիրո եւ միության ամուր կապերով ի մի զոդված, թերություններից մաքրագործված:

 

23. ՊԱՏԵՐԱԶՄ («Մշակ», 1877, 26)

«Մշակի» 1877 թ ապրիլի 18-ի համարի առաջնորդողը ավետում է ռուս-թուրքական պատերազմի սկսվելու իրողությունը: Պատերազմը անսպասելի իրադարձություն չէր. դիպլոմատիայի միջոցները սպառված էին, եւ Արեւելյան խնդիրը «Սրով եւ արյունով» լուծվելու ընտրությանն էր հանձնված: Ռուս-թուրքական պատերազմի հետ Արծրունին հայ ժողովրդի ազատագրության մեծ հույսեր էր կապում, քանի որ ապստամբած բալկանյան ժողովուրդների ելույթները եւ ռուսական    հզոր բանակի առաջխաղացումը Հայկական հարցը լուծելու բացառիկ նպաստավոր պայմաններ էին ընձեռում: Պետք էր օգտվել այդ հնարավորությունից, հետեւել ազատության համար կենաց ու մահվան կռվի ելած սլավոնական ժողովրդի օրինակին, - այս կարգախոսը դառնում է «Մշակի» գերակա պատգամը:

24. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱ («Մշակ», 1877, 30)

Ռուս-թուրքական պատերազմը անմիջապես եւ ցայտուն երեւակեց եվրոպական դիվանագիտության ներքին շարժիչները, մեծ տերությունների շահադիտական հաշիվները, եւ Արծրունին շտապեց իր թերթի էջերում իրերը կոչել իրենց անունով: Հրապարակախոսը մի    առանձին զայրույթով է մերկացնում Անգլիայի նենգ դիրքը, որը հենց պատերազմի սկզբից հասկացնել տվեց, որ թույլ չի տա Ռուսաստանին գրավել Թուրքահայաստանը: Մի՞թե Եվրոպան եւ Անգլիան երբեւէ հոգացել են Փոքր Ասիայի քրիստոնյաների մասին, որ հիմա էլ իրավունք են վերապահում կանխորոշել նրա ճակատագիրը, նրան դատապարտելով մշտական ստրկության մահմեդական լծի տակ, - հարց-մեղադրանք է առաջադրում հրապարակախոսը: Ռուս-թուրքական պատերազմը Եվրոպայի նկատմամբ Արծրունու նախկին հիացական կարծիքի մեջ լուրջ սրբագրումներ մտցրեց:

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ («Մշակ», 1877, 33)

Այս հոդվածում Արծրունին փորձում է գուշակել պատերազմի արդյունքները եւ առաջադրել Հայկական հարցի լուծման ցանկալի տարբերակը հայերի համար: Թուրքական կայսրության եվրոպական մասը, ենթադրում է Արծրունին, կփլուզվի, ծնունդ տալով փոքրիկ անկախ պետությունների: Ամենածանրը փոքրասիական քրիստոնյաների վիճակն է: Պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանին միանալու մեջ է տեսնում հրապարակախոսը Հայկական հարցի լուծման լավագույն ելքը: Սակայն, եթե դա չհաջողվի, հայերը պետք է ձգտեն, դարձյալ Ռուսաստանի օգնությամբ, ստանալ ինքնավարություն, որովհետեւ վերստին ընկնել թուրքական «բարբարոս, ճնշող ոչնչացնող» լծի տակ, կնշանակեր դատապարտվել ոչնչացման… Արծրունին ամենից շատ վախենում էր վերջին հեռանկարից, արեւմտահայությանը եվրոպական քաղաքական զոհասեղանին մատուցելուց:

 

26. ՄԻԱԿ ԵԼՔԸ («Մշակ», 1877, 35)

Հետեւողական իր ռուսական կողմնորոշման մեջ, Արծրունին ոչ միայն շարունակ մատնացույց է անում այն ուժը, որին հայերը պետք է ապավինեն, այլեւ զգուշացնում է այն ուժից, որը խիստ բացասական դեր կարող էր խաղալՀայկական հարցի լուծման գործում: Դա Անգլիան էր, որը ամեն կերպ ձգտում էր կասեցնել ռուսական զորքի առաջխաղացումը եւ նվազեցնել նրա հաղթանակի պտուղները: Եվրոպական «հավասարակշռությունը» ապահովող կշեռքի լծակի   համար փոքր ազգերը գրամանոց կշռաքարեր էին, որոնք մի նժարից մյուսը կարող էին նետվել աշխարհի ուժեղների հրամանոք…

 

27. ՀԱՅԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ («Մշակ», 1877, 49)

Խաղաղ հայ բնակչության զանգվածային կոտորածները պատերազմական իրադրության պայմաններում ավելի հեշտ իրագործելի դարձան: Հենց որ ռուսական զորքը հեռանում էր որեւէ հայկական բնակավայրից, ապա դրան անմիջապես հաջորդում էին ջարդերը: Բայազետ քաղաքում հայերի կոտորածը առիթ դարձավ գրելու այս   առաջնորդող հոդվածը: Մեթոդապես ծրագրված քաղաքականություն էր էր տեսնում Արծրունին քրդերի եւ չերքեզների միջոցով հայկական գյուղերը ավիրելու, թալանելու եւ մարդկանց կոտորելու փաստերի մեջ եւ կանխազգալով դրանց հետագա ծավալման վտանգը, ահազանգ հնչեցնում դրա       առաջն առնելու: Նա ընթերցողին համոզում է, որ սուտ են թուրքական տերության հավաստիացումները, թե չի կարողանում զսպել քրդերին, նա ինքը հեղինակն   ու կազմակերպիչն է այդ բարբարոսությունների:

 

28. ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՆԱԼ («Մշակ», 1877, 59)

Հայկական հարցի լուծման խնդրում Արծրունին մեծ նշանակություն էր տալիս եվրոպական հասարակական կարծիքը հայանպաստ հունի մեջ դնելուն: Նա խնդիր է դնում սլավոնների, իտալացիների, հույների օրինակին հետեւելով, Եվրոպայում պրոպագանդիստական լայն աշխատանք ծավալել հօգուտ մեր ազգային շահերի: Եթե դա հայ մտավորականության անհետաձգելի խնդիրն է դիտվում, ապա հայ հարուստների պարտականությունն է համարվում այդ կարեւոր գործի իրականացման համար նյութական միջոցներ տրամադրելը: Արծրունին ջանքեր է թափում օտար լեզվով թերթ հրատարակելու համար, սակայն հաջո-      ղության չի հասնում:

 

28. ՍՈՒՏ Է ԱՍՈՒՄ («Մշակ», 1877, 63)

Իր հայաջինջ քաղաքականության մեջ Թուրքիան միջոցների մեջ խտրություն չէր դնում. սուտն ու կեղծիքը թուրքական պրոպագանդայի նախընտրած միջոցներից էին: Արծրունին սիրում էր իրերն իրենց անունով կոչել եւ ահա  այս հոդվածում նա մերկացնում է սուլթանական կառավարության երկդիմի, կեղծավոր քաղաքականությունը, որը հայերի եւ մյուս քրիստոնյաների վրա բաց թողնելով զանազան բաշիբոզուկների ու ելուզակների, միամիտ ձեւանալով հայտարարում էր, թե ինքն անզօր է նրանց զսպելու: Միայն զենքը ձեռքին, արյունով կարելի է մարդկային իրավունքներ նվաճել այդ բարբարոս երկրում, արդեն քա- նիերորդ անգամ կոչնակում է «Մշակի» խմբագիրը:

 

30. ԱԶԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՃԱՐԸ («Մշակ», 1877, 93)

Պատերազմը մի փորձաքար է, որով ստուգվում են ամեն մի ժողովրդի ազգային հատկությունները: Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում իրենց զորավարական տաղանդը դրսեւորեցին նաեւ հայ զորապետներ Լոռիս-Մելիքովը, Շերեմետեւը, Լազարեւը, Տեր-Ղուկասովը, եւ ռուս զինվորների հետ իրենց քաջությունը ցուցադրեցին նաեւ հայ զինվորներն ու կամավորները: Դա իրավունք է տալիս հայ խմբագրին խոսելու հայ ազգի անուրանալի զինվորական ունակության եւ քաջության մասին: Ձեռնամուխ լինելով ազգային ինքնագիտակցության դաստիարակմանը եւ լավ ճանաչելով բարբարոս թշնամուն, «Մշակի» խմբագիրը զգաստորեն էր գնահատում բարոյական արդարության եւ ուժի փոխհարաբերու- թյունը, հասկանալով, որ արդարությունը քաղաքական պայքարում հաղթանակի երաշխիք չէ, այլ ինքը կարիք ունի զենքով պաշտպանության:

31. ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ («Մշակ», 1878, 63)

 

Քանի դեռ չէր հրավիրվել միջազգային կոնգրես, ողջ հայ մամուլը, այդ թվում եւ «Մշակը», քննարկման նյութ է դարձնում պատերազմի արդյունքները, հարցեր առաջադրում, կողմնորոշումներ հուշում: Թերթը սահմանափակում է իր ցանկությունները եւ ապագային թողնելով Հայաստանի երկու հատվածների վերամիավորման գաղափարը, արծարծում է ավելի ռեալ թվացող ինքնավարության գաղափարը: Արծրունին գտնում է, որ հայերը պետք է կարողանան օգուտ քաղել Թուրքիայի պարտության հետեւանքով ընձեռված նպաստավոր վիճակից, ազգային ժողովը տեղափոխեն պատմական հայրենիք, որպեսզի ռեալ դարձնեն նահանգական ինքնավարության իրագործումը:

 

32. ԻՆՉ ԷՐ «ՄՇԱԿԸ» ԵՎ ԻՆՉ Է ԱՅԺՄ («Մշակ», 1878, 67)

Իր հակառակորդների կողմից ենթարկվելով հարձակումների, «Մշակը» հաճախ էր ստիպված լինում ինքնապաշտպանական զրահ հագնել: Ահա այդպիսի մի ելույթ է Արծրունու այս հոդվածը: Աշխատելով անաչառ լինել, նա բա-ցատրում է ընթերցողներին, որ «Մշակը» չէր կարող միանգամից մտնել հասարակական օրգանի դերի մեջ, որ դրան նախորդել է թերթի ուղղությունը ճշտելու, նրա շուրջը աշխատակիցներ եւ թղթակիցներ համախմբելու անխուսափելի շրջանը: Թերթի նյութերը համար առ համար ավելի են մոտենում կյանքին, կենսական գույն ստանում, հրատապ հարցերի պատասխանում:

 

33. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ («Մշակ», 1878, 108)

«Մշակի» էջերում քննարկվում են Խրիմյան Հայրիկի գլխավորած հայ պատվիրակության՝ Բեռլինի կոնգրեսին ներկայացրած պահանջները: Արծրունին դրանք գտնում է «շատ համեստ եւ խոհեմ» եւ միանգամայն իրագործելի, քանի որ վարչական ինքնավարությունը այն նվազագույնն էր, որ կարող էին ներկայացնել Թուրքիայի հպատակությունից դուրս եկող քրիստոնյա ժողովուրդները: Ինքնավար հայկական նահանգը, նրա կարծիքով, հնարավորություն կունենար տնտեսապես արագ առաջադիմել, զարկ տալ ճանապարհների շինարարությանը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացմանը:

 

34. ԴԱՍԻՑ ՕԳՈՒՏ ՔԱՂԵՆՔ («Մշակ», 1878, 115)

Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի առաջ բերած ազգովի հիասթափությունը արձանագրելով հանդերձ, «Մշակը» շտապեց հուսահատության առաջն առնել եւ հայերին մղել քաղաքական իրադարձություններից դաս առնելու եւ ռեալություններից բխող հեռատես  ու նպատակամղված պայքարի ձեւեր ու ազգային ծրագիր ընտրելու գործունեության:

 

35. ԱՅԴ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ («Մշակ», 1878, 123)

Գր. Արծրունին ստիպված էր ժամանակ առ ժամանակ, ի պատասխան իր հակառակորդների ելույթների, որոնք «Մշակին» մեղադրում էին ազգի վարկը     գցող վնասակար գործունեության մեջ, վերահաստատել իր թերթի հավատարմությունը մեկընդմիշտ ընտրած քննադատական ուղղությանը: Վկայակոչելով Ֆրանսիայում՝ Վոլտերի, Գերմանիայում՝ Հայնեի եւ Բյորնեի եւ Ռուսաստանում՝    Գոգոլի գործունեությունը, նա հաստատում է գրականության մեջ քննադատական ուղղության բերած հսկայական օգուտը ազգի զարգացման ու առաջադիմության գործում: Նա կործանման դատապարտված է տեսնում այն ազգը, որը ինքնաքննության ունակությունից զուրկ է: Քննադատությունը նա համարում է ազգային վերածննդի ու զարթոնքի նախակարապետ, հետեւաբար «Մշակի» ուղղությունը պատմականորեն արդարացված եւ ազգօգուտ:

 

36. ՈՒՄ ԿՈՂՄԸ ՊԱՀԵՆՔ («Մշակ», 1878, 142)

Գաղութատիրական Անգլիային պսակազերծող այս քննադատական հոդվածը մի նոր կողմ է հայտնաբերում Արծրունու ընդհանուր առմամբ լիբերալ աշխարհայացքի համակարգում, ցույց տալով, որ նրա հրապարակախոսությանը խորթ չեն դեմոկրատական շեշտերը: Նա ոչ միայն «Մշակի» էջերը տրամադրում էր դեմոկրատ գործիչներին, այլեւ ինքը ձայնակցում նրանց ժողովրդասիրությանը, պաշտպանում ստորին խավերի մարդկային իրավունքները, պախարակում «վերեւինների» եսասիրությունն ու հարստամոլությունը: Նա հանդես է գալիս որպես փոքր ազգերի դատի պաշտպան ընդդեմ մեծապետական ազգերի եւ ամեն մի ազգի ներսում՝ ստորին խավերի պաշտպան ընդդեմ արտոնյալ դասակարգերի:

 

37. ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ («Մշակ», 1878, 148)

 

Գաղթականության հարցը մշտապես հոլովվող թեմա էր «Մշակի» էջե-      րում, քանի որ Արեւմտյան Հայաստանից շարունակ տագնապալի լուրեր էին գալիս պատմական հայրենիքի դատարկվելու մասին: Արծրունին ջանքեր էր թափում այդ ցավալի երեւույթի առաջն առնելու, հասկանալով հանդերձ նրա պատճառները՝ ժողովրդի տնտեսական ծանր վիճակը, անապահով կյանքը, բռնատիրական ճնշումները: Սակայն ուշագրավ է, որ նա քննադատության մեծ բաժին է հանում եւ հայ հարուստներին ու հոգեւորականությանը, ձաղկում նրանց նյութապաշտու-    թյունը, հաշտվողական պահվածքն ու հայրենասիրության պակասը:

 

38. ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ («Մշակ», 1878, 165)

 

Այս հոդվածը չափազանց ուշագրավ է Արծրունու քաղաքական հայացքները պարզելու տեսակետից: Իբրեւ լիբերալ մտածող կողմնակից լինելով հարցերի խաղաղ, ռեֆորմների ճանապարհով լուծելուն, նա բացառություն էր անում, երբ խոսքը վերաբերում էր Թուրքիային եւ արեւմտահայության ճակատագրին այդ բարբարոսական երկրում: Ռեֆորմները ենթադրում են տվյալ երկրում քաղաքակրթության զարգացման մի որոշակի աստիճան, որից միանգամայն զուրկ էր համիդյան բռնապետությունը: Հայ ժողովուրդը իր  գոյությունը պետք է հաստատի զենքի ուժով, գտնում է Արծրունին, բանաձեւելով դարի բարոյականությունը՝ «Ես ապստամբվում եմ, ուրեմն ես կամ»: Հայ ժողովուրդը չապստամբեց եւ այդ պատճառով էլ Բեռլինի կոնգրեսում ոչինչ չստացավ, - դառնությամբ եզրակացնում է հրապարակախոսը, ազգին մղելով պատմությունից դասեր քաղելու:

 

39. ԱԶԳԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ («Մշակ», 1878, 176)

 

Այս առաջնորդողը հրավիրում է «Մշակի» ագրարային ծրագրի քննարկմանը. հայտարարելով, որ ազգի հասարակական գլխավոր ուժը երկրագործու-   թյունն է, Արծրունին այն զարգացնելու միջոցներ է դիտում գյուղացուն տրվող էժան վարկը՝ կատարելագործված մեքենաներ ձեռք բերելու համար, երկրագործական ուսումը տարածելը, հարցը երկրագործական ընկերությունների միջոցով հանգամանորեն հետազոտելը եւ այլն:

 

40. ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ («Մշակ», 1878, 193)

 

Արծրունին սովորություն ուներ թերթում տպագրված ուշագրավ հոդվածները, ներքին տեսությունները, նամակները ամփոփել, արժեվորել, դրանց վրա ուշադրություն հրավիրել: «Մշակի» 1878 թ. 186-191-ում տպագրված Րաֆֆու «Մարդը գոյության կռվի մեջ» ընդարձակ հոդվածաշարի տպագրությունից հետո Արծրունին հանդես է գալիս այս առաջնորդողով: Րաֆֆու  հոդվածին, առաջադրած հիմնական թեզով, որ ազգերի խաղաղ զարգացման հաստատուն ընթացքի մեջ ժամանակ առ ժամանակ կարող է առաջանալ նաեւ զենքի դիմելու անհրաժեշտություն, Արծրունին մեծ նշանակություն է վերագրում, հատկապես արեւմտահայերի քաղաքական բախտի վճռման խնդրում: Հայ ժողովուրդը միայն մտավոր ուժով, որը նրա անառարկելի հարստությունն է, չի կարող դիմակայել թուրքական բարբարոս ճնշմանը, նա պետք է տիրապետի նաեւ ռազմական զենքին, եթե ոչ հարձակվելու, գոնե ինքնապաշտպանության համար:

 

41. ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱՑ ԱՆԵՆՔ ԱՉՔԵՐԸ («Մշակ», 1878, 204)

 

Հայկական հարցը Անգլիայի օգնությամբ լուծելու հայկական որոշ շրջանների սին հույսերը ցրելու նպատակով Արծրունին ստիպված էր նորից անդրադառնալ պահպանողական ու գաղութատեր տերության քաղաքական դիմա-գծի բացահայտմանը, հմուտ կերպով նույն ձեռագիրը հայտնաբերելով նրա թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության բնագավառում: Ոչ մի պատրանք չպիտի ունենալ շահասեր Բրիտանիայի նկատմամբ. նա կպաշտպանի Թուրքիայի ամբողջությունը եւ կբացառի որեւէ անկախություն նրա քրիստոնյա նահանգներին:

 

42. ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ («Մշակ», 1879, 8)

 

Բեռլինի կոնգրեսից հետո առաջացած դառը հիասթափության տրամադրությունների արձագանքն է Արծրունու այս առաջնորդողը: Ճշմարտությունն այն էր, որ հայերի վիճակը Թուրքահայաստանում  ավելի վատացավ: Հարկավոր է փնտրել եւ գտնել արմատական միջոցներ, խնդիր է դնում հրապարակախոսը, ցավոք, դրա ապացույցը չկարողանալով հենց ինքը առաջինը տալ…

43. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ

(«Մշակ», 1879, 18)

 

Ռուս-թուրքական պատերազմի արդյունքները հայերի համար հանրագումարի բերելով, Արծրունին դառնությամբ եզրահանգում է՝ հայերը չկարողացան օգտվել պատմության ընձեռած նպաստավոր   իրավիճակից, արեւմտահայերը անպատրաստ էին զենքի դիմելու, իսկ արեւելահայերն էլ ինչպես հարկն է չօգնեցին իրենց եղբայրակիցներին: Արծրունին ճգնում է պատմության դառը փորձը դաս դարձնել, որպեսզի գոնե այդուհետեւ ազգը պատրաստվի գալիք պայքարին, նոր ուղիներ գտնի քաղաքական ազատություն նվաճելու: Արծրունին դա համարում է նաեւ «Մշակի» առաջնահերթ խնդիրը. ազգի ինքնաճանաչման գործը, որին լծվել էր թերթը, պետք է զուգորդվեր ազատագրական պայքարի ծրագրի մշակմամբ:

 

44. ԽԱՂԱՂ ՊԱՏԵՐԱԶՄ («Մշակ», 1879, 35)

Ե՛վ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում, ե՛ւ նրանից հետո «Մշակի» խմբագիրը բազում նյութեր արտատպեց ռուսական «Գոլոս» լրագրից: Դա պայմանավորված էր մի կողմից Կրաեւսկու հրատարակած օրգանի հայանպաստ ուղղությամբ եւ մյուս կողմից՝ երկու թերթերի գաղափարական մոտիկությամբ: Հանդես գալով հայերի ինքնավարության օգտին, ռուսական լրագիրը առաջ է քաշում այն թեզը, որ Բեռլինի կոնգրեսից հետո ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում պետք է պայքարել ոչ թե հրով ու սրով, այլ խաղաղ միջոցներով: Ահա, Արծրունին, արձագանքելով «Գոլոսի» նոր կոչին, հանդես է գալիս «խաղաղ պատերազմ» առաջնորդողով, արդեն վերնագրում իսկ խտացնելով իր թերթի նոր ծրագիրը: Այդուհետեւ «Մշակի» էջերում Արծրունին սկսեց քննարկել Արեւմտյան Հայաստանի տնտեսական վերաշինության խնդիրը, դրա հիմքում դնելով երկիրը կապիտալիզմի ռելսերի վրա դնելու, քաղաքակրթության նվաճումները յուրացնելու եւ այդ միջոցով նաեւ քաղաքական ազատություն ձեռք բերելու գաղափարը:

 

45. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑ («Մշակ», 1879, 62)

«Մշակը» ասպարեզ մտավ հայ ժողովրդին լուսավորելու եւ քաղաքակրթելու «Հյուսիսափայլի» սկսած գործը շարունակելու հայտով: Նրան առանձնապես համակրելի եւ ընդօրինակելի էր ամսագրի «կրիտիկական ոգին», հակաավատական ուղղությունը, ինչի մասին Արծրունին բազում առիթներով նշել է: Ահա, նշանավոր հրապարակախոսի մահվան առիթով հանրագումարի բերելով Նազարյանցի ծառայությունները հայ ժողովրդին, նա վերստին շեշտում է, որ իր տաղանդավոր աշխատակցի՝ Միքայել Նալբանդյանի հետ միասին, «Հյուսիսափայլի» խմբագիրը «հեղափոխություն գործեց» հայ գրական կյանքում: Մեծ վերանորոգիչը, սակայն, ամսագրի հրատարակությունը դադարելուց հետո (1864) փաստորեն արտամղվեց հասարակական կյանքից, զրկվելով նրա վրա ակտի- վորեն ներազդելու հնարավորությունից: Հասարակական գործիչը իրավունք չունի իրեն հասարակական մահվան դատապարտել իր կենդանության օրոք, իջնել ասպարեզից՝ հանգամանքներից ընկճվելով, - դատում է հրապարակախոսը, ձեւակերպելով իր սերնդի գործիչների բարոյական հավատամքը: Մահախոսականը վկայում է «Հյուսիսափայլի» եւ «Մշակի» , եթե կարելի է ասել , ժառանգական կապը, մեկի կողմից մյուսի  ավանդների յուրացումն ու գործի շարունակումը:

 

46. ԹՈՒՐՔԱՑ ՀԱՅԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(«Մշակ», 1879, 72-75)

 

1879 թ. մարտի 11-ին Թիֆլիսի Արհեստավորաց ընկերությունում Արծրունին հանդես եկավ «Թուրքաց հայերի տնտեսական դրությունը» թեմայով ըն- դարձակ զեկուցումով, որը կրկնեց մարտի 25-ին, իսկ ապա այն հրապարակեց «Մշակում»: Այս ելույթը յուրատեսակ ամփոփում է մինչ այդ Արեւմտյան Հայաս-   տանի մասին «Մշակի» հրապարակած նյութերի, որոնց վրա հենվելով հրապարակախոսը փորձում էր կռահել հայերի քաղաքական ճակատագիրը: Քաղաքակրթության անկասելի հաղթանակի նկատմամբ հավատով լեցուն, Արծրունին ելակետ է ընդունում մի բանաձեւ, ըստ որի հետամնաց ազգերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ազգերի մեջ, ընդսմին նա նշանակություն չի տալիս ազգերի քանակական ցուցանիշին: Իբրեւ քաղաքակրթության միջնորդի Արեւմուտքի եւ Արեւելքի սահմանագծում, Արծրունին հավատով էր նայում իր ժողովրդի ապագային, որը, նրա կարծիքով, մարդկությանը պետք է ավետի «խաղաղ կուլտուրական կռվի» գերապատվությունը՝ հակառակ արյուն հեղելու բարբարոսական միջոցին: Այդ հոդվածը հիանալիորեն ցուցադրում է Արծրունու աշխարհայացքի լիբերալիզմը: Զենքը Արծրունու համար ծայրահեղ միջոց է, որին ազգերը, այդ թվում հայերը, պետք է դիմեն, երբ բացառված են այլ հնարքները: Զեյթունը նա գնահատում է   իբրեւ ապացույց, որ հայերը տիրապետում են նաեւ այդ զենքին, բայց նրա համար այժմ գերադասելի է ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական զենքը: Զեկուցումը իր պարունակած տեղեկատվական հարուստ նյութերով նաեւ ճանաչողական արժեք ունի, որը ցույց է տալիս, որ Արեւմտյան Հայաստանի հետազոտումն ու ճանաչումը լոկ լոզունգ չէր «Մշակի» համար:

«Գոլոս» եւ «Ռուսկայա պրավդա» թերթերը դրական գրախոսություն են տպագրում Արծրունու աշխատության վերաբերյալ, որը  լույս էր տեսել նաեւ       առանձին գրքույկով:

 

47. ԱՆԳԼԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ («Մշակ», 1879, 97)

Անգլիայի նկատմամբ պատրանքներն իսպառ արմատախիլ  անելու      նպատակով, Արծրունին նորից ու նորից է վերադառնում Հայկական հարցի նկատմամբ այդ մեծ տերության բռնած դիրքին, մերկացնում նենգ Ալբիոնի երկակի երեսը, սովորեցնում ընթերցողներին չշփոթել հասարակական կարծիքը պետական քաղաքականության հետ:

 

48. ԱՅԺՄ ԺԱՄԱՆԱԿ Է ԻՐԱԳՈՐԾԵԼ («Մշակ», 1879, 113)

Արծրունին անխնա էր սեփական ազգի թերությունների նկատմամբ եւ դրանք մտրակում էր՝ իր հակառակորդների կողմից ազգի դավաճանի եւ նրան վարկաբեկողի պիտակներից չվախենալով: Ամենամեծ թերությունը նա համարում էր անմիաբանությունը, որը խոչընդոտում, անպտուղ է դարձնում ամեն մի նոր ծնված հասարակական կազմակերպություն: Անմիաբանության «վառ» դրսեւորում է նա համարում նաեւ հայ մամուլը՝ իր լեզվով ու քարոզած մտքերով: Գուցե այդ անմիաբանությունը հաղթահարելու նպատակով լրագրական կոնգրես հրավիրել, առաջարկում է հրապարակախոսը, որին սակայն, նույն անմիաբանության պատճառով, արձագանքողներ չեն գտնվում:

 

49. ԻՆՉԻ ՄԵՋՆ Է ՎՏԱՆԳԸ («Մշակ», 1879, 144)

 

Այս հոդվածը չափազանց ուշագրավ է Արծրունու զարգացրած ազգային տեսությունը գնահատելու տեսակետից: Ամեն մի ազգի, ինչպես եւ անհատի, գոյության երաշխիքը, արդարացումը, նա տեսնում է նախ եւ առաջ նրա ինքնատիպության, անհատականության պահպանման մեջ: Նա սրում է նորարարության նշանակությունը՝ ի հակակշիռ ավանդապահ ուղղության կողմնակիցների, սակայն շեշտելով մեկը, թերագնահատում է մյուսը: Եթե նորամուծությունը ազգի     զարգացման, մյուսներից հետ չմնալու հնարավորություն է ընձեռում, ապա ավանդապահությունը, իր խելացի եւ չափավոր ձեւի մեջ, հենց ազգի ինքնատիպությունը պահպանելու պայման է դառնում: Արծրունին պաշտպանում է հնին պատերազմ հայտարարած իր թերթի  ուղղությունը, սակայն միակողմանիության մեջ ընկնելու վտանգին է ենթարկում իրեն, ինչը չի վրիպում նրա հակառակորդների ուշադրությունից:

 

50. ՀՆԱՄՈԼՆԵՐԻ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ («Մշակ», 1879, 150)

 

Լեզվի հարցերը «Մշակի» խմբագրի սեւեռուն ուշադրության   առարկան են եղել: Թե ինչպիսին պետք է լիներ իրօրյա լրագրային լեզուն, անկախ մի խնդիր չէր, այլ հայկական կյանքի նորոգման մշակական ծրագրի մի բաղկա-    ցուցիչ մասը: Արծրունին անվիճելի իրավունքով «Մշակի» ծառայությունն էր համարում լրագրի լեզուն ժողովրդին մոտեցնելը, նրան հասկանալի լեզվամտածողություն մշակելը՝ կարճ, կոնկրետ, խրթնաբանություններից ու մանվածաբանություններից զերծ, ժողովրդական կենդանի խոսքով հարստացած: Սակայն «Մշակի» հակառակորդները, որոնք նոր լեզվի զարգացման գործում գրաբարի իրավունքներն էին պաշտպանում, «Մշակի» էջերից քաղված անհարկի օտարաբանությունները մատնացույց անելով, ցուցադրում են «Մշակի» լեզվի խոցելի կողմը: Արծրունու տեսակետը զերծ չէր ծայրահեղականությունից եւ աչառու էր ազգային-պահպանողական տեսակետների գնահատության հարցում:

 

51. ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ («Մշակ», 1879, 217)

«Մշակը» մտրակող հարվածներ բաժին հանեց, կարելի է  ասել, հասարակության բոլոր խավերին ու դասկարգերին: Այս հոդվածում Արծրունին քննադատության նշանախեց է դարձնում հայ գյուղացուն: Հողային հարցի լուծման մշակական ծրագիրը հանգում էր գյուղում կապիտալիստական հարաբերությունների զարգացման պահանջին, որտեղ որոշիչ դեր է հատկացվում գյուղական բանկին, փոխատու եւ արդյունաբերական ընկերություններին: Եթե դրանց բացակայության համար մեղքը պետք էր փնտրել պետության վարած քաղաքականության մեջ, ապա գյուղատնտեսության հետամնացությունը Արծրունին բացատրում է նաեւ հայ գյուղացու՝ լավը ընդօրինակելու անկարողությամբ, նախաձեռնության բացակայությամբ, ավանդական միջոցներին կառչելու սովորույթով:

 

52. ՍՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ («Մշակ», 1880, 107-110)

Այս ծավալուն ուսումնասիրությունը նախ ընթերցվել է Թիֆլիսում իբրեւ դասախոսություն, իսկ ապա հրապարակվել «Մշակում»: Թվում է շոշափվելու է մասնավոր խնդիր՝ Արեւմտահայաստանում առաջացած հերթական դծբախտությունը՝ սովը, սակայն քաղաքական խորաթափանց հայացքով Արծրունին այս անգամ եւս մերկացնում է թուրքական ծրագրավորված քաղաքականությունը՝ ամեն առիթ օգտագործել բնաջնջելու հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում: Ամեն մի բնական աղետ, տնտեսական ճգնաժամ հաղթահարելի է, պնդում է տնտեսագետ խմբագիրը, վկայակոչելով Եվրոպայի հարուստ փորձը, տնտեսագիտական դպրոցների տեսությունները, բայց հայ ժողովրդի համար կատարյալ աղետը թուրքական բարբարոս լուծն է, որը նա չի թոթափի, եթե քաղաքականապես եւս չհասունանա, ընդունակ չդառնա իր իրավունքը պահանջել, հասնել գոնե ինքնավարության: Ուշագրավ է քաղաքակիրթ պետությունների ապագա համագործակցության նրա գծած պատկերը, երբ երկրագնդի երկրները կկազմեն «մի պետության գավառներ», իրար կապված տնտեսական փոխօգնության կապերով, երբ մարդասիրությունը կլինի ազգերի  փոխհարաբերությունների կարգավորիչը:

 

53. ԻՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ («Մշակ», 1880, 164)

Խոստովանության քրիստոնեական արարողությունը հրապարակախոսական հնարանք դարձնելով, Արծրունին ոչ միայն եւ ոչ այնքան սեփական հոգու ներսը նայելու պահանջ էր զգում, որքան իր հակառակորդներին ինքնազննման եւ սեփական սխալները տեսնելու գործողության մղելու նպատակ հետամտում:

Արծրունին «խոստովանում է» իր ազգային դավանանքը, իր հրապարակախոսական գործունեության սեւեռուն նպատակը, որը է՝ ազգային ինքնաճանաչման հասցնել հայերին, զանազան աղանդներով խաթարված ազգի միասնականությունը վերստեղծելու միջոցներ հռչակելով ոչ թե կրոնը, այլ հայրենիքը եւ լեզուն: Պետք է նշել, սակայն, որ ճիշտ եւ ուշագրավ հարցադրումների հետ միասին, Արծրունին որոշ թյուրատեսություն է թույլ տալիս՝ հայ եկեղեցուն եւ կրոնին զրկելով հայապահպան, հայ ժողովրդի ազգային դիմագիծը ամրապնդող դերից:

54. ՎԵՐՋ ՉԿԱ («Մշակ», 1880, 181)

Արծրունին ստիպված էր իր թերթի էջերում շարունակ վերադառնալ իր մշակած ազգային տեսությանը, քանի որ այն ոչ միայն քննադատվում, այլ հաճախ նաեւ գռեհկացվում էր «Մշակի» հետ բանավիճող ազգային-պահպանողական մամուլում («Մեղու Հայաստանի», «Փորձ», «Արձագանք»): Հասարակական մտքի տարբեր հոսանքներ ներկայացնող պարբերականների բանավեճի հիմնական   առարկան կրոնի եւ հոգեւորականության հարցն էր: Մերժելով կրոնը որպես ազգության հիմունք, Արծրունին բոլորովին անտեսում էր նրա դերը ցեղային հանրության դիմագծի ձեւավորման, ազգապահպանման գործում: Սա էլ բորբո- քում էր հակառակորդ կողմին, որը հայ եկեղեցին եւ կրոնը դիտում էր որպես ազգի գոյության հիմնավոր սյուներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը: Եթե երկու տեսակետների ծայրահեղությունները հաղթահարվեին, ապա ճշմարտությունը ավելի կմոտենար նրանց: Արծրունին հրապարակախոսական հնարամտությամբ պարզեցնում, շոշափելի, անառարկելի է դարձնում ազգության երեք հիմունքները՝ հայրենիք, լեզու եւ ցեղ, մեկի կամ մյուսի բացակայությամբ ցույց տալով «ազգ» հասկացության իմաստազրկումը:

 

55. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՄՈՒՆՔՆԵՐ («Մշակ», 1881, 40)

Արծրունու քաղաքական տեսությունները որքան էլ ներծծված լինեին   եվրոպական քաղաքակրթության ջատագովությամբ, անվերապահ չէին. մտքի զգաստությունը, ռեալիզմը նրան չեն լքում: Ասվածի լավագույն ապացույցն է այս առաջնորդողը: Սրամիտ հարցադրմամբ նա կասկածի տակ է առնում Արեւելյան խնդրում Եվրոպայի միջամտության բարոյական իրավունքը, քանի դեռ եվրոպական հզոր պետությունները չեն ազատագրվել փոքր ազգերին ճնշելու իրենց իսկ ամոթալի վարքագծից:

 

56. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒԺ («Մշակ», 1881, 81-86)

Այս ծավալուն հոդվածաշարը գրելու առիթ են ծառայել «Մշակ» թերթի   Կ. Պոլսի թղթակից Գ. Նիկողոսյանի ելույթները «Մանզումեի էֆքյար», «Հայրենիք» լրագրերում, որով արեւելահայ գործիչը արեւմտահայ մտավորականությանը մեղադրում էր բուն հայրենիքը եւ նրա հոգսերը չճանաչելու մեջ: Ծավալվեց բանավեճ, եւ Արծրունին ստիպված եղավ պաշտպանության տակ առնել իր աշխատակցին, քանի որ նա արեւմտահայ մամուլ էր տեղափոխել հենց մշակական գաղափարները: Հոդվածաշարը ընդհանրացնող բնույթ ունի, այն  ասես ամփոփում է «Մշակի» տասնամյա հրապարակախոսությունը արեւմտահայության ճակատագրի շուրջ, որը միշտ միտված է եղել գործնական հողի վրա դնել ազգային զարգացման ընթացքը: Քննարկելով անցյալ սերնդի եւ իրօրյա գործիչների՝ լուսավորությանը վերապահած նշանակությունը, «Մշակի» խմբագիրը, չժխտելով նրա խաղացած եւ խաղալիք դերը, գտնում է, որ այն նոր բովանդակություն պիտի ստանա, իր ուժը պիտի միացնի տնտեսական ուժին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Լուսավորությունը եւս պիտի ծառայի Արեւմտյան Հայաստանը կապիտալիստական զարգացման ուղու վրա դնելուն, դպրոցներում զորացնելով արհեստագիտական կրթությունը: Ունեւոր դասակարգը եւ մտավորականությունը դեմքով պիտի դառնան դեպի գավառը. հարկավոր է տնտեսական զարգացմամբ ամեն կերպ արտագնացության անընդհատ հոսանքի առաջն առնել, այլապես ազգի գոյությունը վտանգված է իր իսկ պատմական հայրենիքում, ահազանգում է Արծրունին:

Այս հոդվածը լավագույնս ցուցադրում է Արծրունու լիբերալ հայացքների համակարգը, որտեղ լուսավորական շարժման ավանդները քննության ենթարկվելով նորօրյա չափանիշներով, հարստացվում են հայ իրականության նոր շրջափուլի՝ կապիտալիստական հարաբերությունների զարգացմամբ երեւան եկած պահանջներով: Հրապարակախոսը կապիտալիստական բազմաճյուղ տնտեսու-թյան զարգացնան մեջ էր տեսնում ոչ միայն ռուսահայերի, այլեւ արեւմտահայերի զարգացման հեռանկարը: Նա խնդիր է դնում գիտականորեն ուսումնասիրել  Արեւմտյան Հայաստանը, նրա բնական հարստությունները եւ մշակել նրա զարգացման ծրագիրը:

 

57. ՈՒ՞Ր Է ԱՅՆ ՁԱՅՆԸ («Մշակ», 1881, 162)

Բնութագրելով «Մշակի» ուղղությունը, առանձնացնելով հասարակության այն շերտերը, որոնց նկատմամբ մշտապես օգտագործվում է քննադատական վառոդ, Արծրունին այս հոդվածում հարկ է համարում շեշտել, որ քննադատությունը թերթի միակ դրոշը չէ: Ազգի համար ճգնաժամային պահերին հարկ է պարզել սիրո եւ միության դրոշը, համախմբել ուժերը, մի կողմ դնելով տարաձայնությունները: Միավորվելու նրա կոչը հատկապես ուղղված է հայ մտավորականությանը, քանի որ նրան էր վերապահված ազգի առաջնորդը լինելու պարտավորեցնող դերը: Այս հոդվածը նաեւ պատասխան է թերթի ուղղությունը քննադատողներին, որոնք «Մշակի» մտրակողական ելույթների մեջ ազգի միասնու-   թյան խաթարման հարվածներ էին տեսնում լոկ:

 

58. ՀԱՅՈՑ ԽՆԴԻՐ («Մշակ», 1881, 202)

Եվրոպայի մասին «Մշակի» տեսակետը քաղաքական իրադարձություններին զուգընթաց փոփոխություն է կրել: Հայկական հարցի նկատմամբ եվրոպական պետությունների բռնած դիրքը, մանավանդ, ստիպեց վերագնահատումներ կատարել, ավելի սթափ ու ռեալիստական հայացք մշակել: Այդ են վկայում «Հայոց խնդիր» վերնագրված Արծրունու առաջնորդողները 80-ական թվականներին:

 

59. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ («Մշակ», 1881, 232)

Արծրունին մի առանձին հետաքրքրությամբ էր հետեւում ռուս պարբերական մամուլի այն օրգաններին, որոնք պատմում էին մտավորականության ժողովրդասեր գործունեության մասին: «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում կարդալով ռուս համալսարանականների այդպիսի գործունեության մասին նյութեր, նա գրում է իր հերթական առաջնորդողը, այս անգամ «մտրակի հարված» բաժին հանելով հայ համալսարանականներին, որոնք խուսափում էին գյուղում աշխատելուց, գերադասելով քաղաքում չինովնիկի տաքուկ անկյունը: Հայ համալսարանականը փոխանակ իր ստացած գիտությունն ի սպաս դնելու ժողովրդին մտավորապես, բարոյապես եւ տնտեսապես բարձրացնելու գործին, երեսը արհամարհանքով շրջում է գյուղական տգիտությունից: Իսկ ո՞վ պետք է օգնի գյուղացուն հիմնելու դպրոցներ, տնտեսական ընկերություններ, թոթափելու այդ ցավալի տգիտությունն ու հետամնացությունը, - հարցնում է հրապարակախոսը:

 

60. «ՄՇԱԿԻ» ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ («Մշակ», 1881, 241)

Թեեւ ամեն տարեմուտի Արծրունին սովորություն ուներ ամփոփել «Մշակի» մեկ տարվա գործունեությունը, սակայն տասը տարին հոբելյանական տարեթիվ էր, եւ խմբագիրը, կարելի էր ասել, վաստակած հպարտությամբ հանրագումարի է բերում իր թերթի ծառայությունները, դրանց մեջ առանձնացնելով «Մշակի» հատկապես «ազգային եւ ժողովրդական» թերթ դառնալու իրողությունը: Նա      ուրախ է թերթի բաժանորդների շարունակ աճող քանակով եւ սոցիալական կազմով հաստատելու «Մշակի» ժողովրդականությունը եւ հայտնելու իր վճռականությունը՝ թերթի հրատարակությունը ընտրած ծրագրով եւ ուղղությամբ առաջ տանելու:

 

61. ՋՈՒԶԵՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻ («Մշակ», 1882, 92)

Այս հոդվածը, գրված Իտալիայի ազգային հերոսի մահվան առիթով, Արծրունու հրապարակախոսության լավագույն էջերից է: Նրա մեծ համակրանքը Գարիբալդիի եւ նրա գործի նկատմամբ վկայություն է հրապարակախոսի քաղաքական հայացքների դեմոկրատական շեշտերի: Նրա պատկերացմամբ Գարիբալդիի  ղեկավարած իտալացիների ազատագրական պայքարը մատնանշում է նաեւ հայ ժողովրդի ազատագրության ուղին: Մեծարելով Գարիբալդիին ոչ միայն իբրեւ ժողովրդական հերոսի, այլեւ հեռատես ու հետեւողական քաղաքական գործչի, որը իր հայրենիքի ճգնաժամային պահին կարողացավ միավորել ազգի բոլոր ուժերը եւ ուղղել մի կետ-նպատակի՝ Իտալիայի ազատությանն ու միությանը, հոդվածը իր ենթատեքստով առաջադրում է մի հարց՝ իսկ ե՞րբ պետք է հայ ժողովուրդը ծնի իր Գարիբալդիին:

 

62. Ի. Ս. ՏՈՒՐԳԵՆԵՎ («Մշակ», 1883, 116)

Արծրունու աչքի ընկնող ծառայություններից մեկը ռուս գրականության եւ հասարակական մտքի նվաճումների պրոպագանդն է «Մշակի» էջերում: Հայ իրականության հասունացրած խնդիրների պատասխանը նա փնտրում էր ոչ միայն արեւմտյան, այլեւ ռուսական հասարակական մտքի ձեռքբերումների ոլորտում: Այս առումով ուշագրավ է «Մշակի» էջերում ռուս հանճարեղ գրող Տուրգենեւին հատկացված ուշադրությունը, երբ թարգմանություններից խուսափող փոքրածավալ թերթը հրապարակում է ոչ միայն հոդվածներ ռուս հեղինակի մասին, այլեւ նրա ստեղծագործությունների («Հրեա» վիպակը, արձակ բանաստեղծություններ) թարգմանությունը: Տուրգենեւը իր հասարակական հայացքներով պատկանում էր XIX դարի կեսերին Ռուսաստանում աչքի ընկնող արեւմտական կոչված հոսանքին: Արծրունին եւս իր հայացքներով արեւմտական էր: Ուշադրության են արժանի Տուրգենեւին նվիրված այս մահախոսականի այն տողերը, որոնք ռուս գրողի       ստեղծագործությունը բնութագրում են որպես եվրոպական քաղաքակրթության եւ ազգային մշակույթի ցանկալի համաձուլվածք եւ դրանով էլ բացատրում  նրա  սիրված հեղինակ լինելը ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Եվրոպայում:

 

63. «ՄՇԱԿԸ» ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑԱՎ («Մշակ», 1886, 1)

 

1884 թվականը ճգնաժամային տարի եղավ Արծրունու համար. նա սնանկացավ եւ ֆինանսական տագնապի հետեւանքով «Մշակի» հրատարակությունը հուլիսի 16-ից (№ 85) դադարեց: Րաֆֆին իր երկու գաղափարակից բարեկամների՝ Գ. Միրզոյանի եւ Ն. Աբելյանի հետ միասին ցանկություն հայտնեցին «Մշակը» հրատարակել խմբագրական կոլեգիայի միջոցով, որոշակի թոշակ վճարելով արտասահման մեկնած Արծրունուն: Սակայն եռյակի խնդրագիրը գրաքննական կոմիտեի կողմից մերժվեց, իսկ Արծրունին արտասահմանից վերադառնալով, ձեռնամուխ եղավ «Մշակի» հրատարակության վերականգնմանը: Այս առաջնորդող հոդվածը ծանոթացնում է Արծրունու ծրագրերին «Մշակի» վերահրատա-  րակման կապակցությամբ եւ հավաստում խմբագրի անհողդողդ վճռականությունը՝ հավատարիմ մնալ «Մշակի» ընտրած ուղղությանը:

 

64. ՄԱՄՈՒԼԻ ԿՈՉՈՒՄԸ («Մշակ», 1886, 2)

Բանավիճային պայքարում «Մշակը» հաճախ էր հանդես գալիս դատավորի, ուսուցանողի դերում: Նման հոդվածները ուշագրավ մտքեր են պարունակում մամուլի կոչման, բարոյական սկզբունքների, հասարակական մղումների մասին: Ըստինքյան հետաքրքիր լինելով մամուլի պատմության ուսումնասի-          րության, ժամանակի գրական բարքերը ճանաչելու տեսակետից, այդ ելույթները պետք է ընթերցվեն քննադատաբար, քանի որ դրանք միշտ չէ, որ զերծ են սուբյեկտիվիզմից: Իսկ Արծրունու այն միտքը, որ մամուլի կոչումն է առաջնորդել հասարակական կարծիքը, եւ որ մամուլի գնահատելի հատկանիշը հայացքների      անկեղծությունն է, հաստատվում է մամուլի անցած ամբողջ ճանապարհով: Գնահատելի է նաեւ Արծրունու ջանքը՝ խափանել անբարոյական բարքերի մուտքը մամուլ:

 

65. ԻՎԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԱԿՍԱԿՈՎ («Մշակ», 1886, 16)

 

Իր թերթի էջերում Արծրունին մեծ տեղ է հատկացնում ռուս գրակա-     նությանը եւ հասարակական մտքին, այստեղ փնտրելով նաեւ հայ իրականության հասունացրած հարցերի պաասխանը: Եթե ռուս առաջադիմական գրողները՝ Գոգոլը, Պուշկինը, Լերմոնտովը, Նեկրասովը, Օստրովսկին, Տուրգենեւը, Սալտիկով-Շչեդրինը եւ ուրիշներ, ընթերցողին են ներկայացվում ռուս ազգին եւ մարդկությանը մատուցած իրենց գնահատելի ծառայություններով, ապա ռուս հասարակական մտքի հոսանքներից մեկը՝ սլավոնաֆիլությունը, «Մշակի» էջերում արժանանում է խիստ քննադատության: Այստեղ Արծրունուն, բացի հայ ընթերցողին ռուսական կյանքին ծանոթացնելու առաջադիր խնդրից, գայթակղում էր նաեւ սլավոնաֆիլների եւ հայ ազգային-պահպանողականների անալոգիայով իր գաղափարական հակառակորդների գաղափարախոսության դատապարտվածությունը հաստատելու հնարավորությունը: Սլավոնաֆիլության Արծրունու քննադատության մեջ թեեւ ճշմարտացի հարցադրումներ կան, սակայն այն աչքի չի ընկնում խորությամբ ու անաչառությամբ: Այդ թերությունը մասամբ հաղթահարված ենք տեսնում սլավոնաֆիլների պարագլուխ Ի. Ակսակովի մահվան առիթով գրված ուշագրավ հոդվածում, որը սակայն աչառու է հայ ազգային-պահպանողականներին հասցեագրված մեղադրանքով, որով կասկածի տակ է դրվում վերջիններիս հայացքների անկեղծությունը:

 

66. ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ՀԱՐԳՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(«Մշակ», 1886, 111)

Ոչ միայն իր հրատարակության առաջին շրջանում, այլեւ հետագա տարիներին «Մշակը» ստիպված էր պաշտպանել իր ընտրած ուղղությունը: Ինքնապաշտպանական զրահ հագնելու անհրաժեշտությունը թելադրված էր այն քննադատությամբ, որ ծավալում էին նրա դեմ բանավիճող պարբերականները, «Մշակին» մեղադրելով ազգի վարկը գցելու դավաճանական գործունեության մեջ: Արծրունին հայրենասիրության վերաբերյալ իր տեսակետն ուներ, ըստ որի ազգի պակասությունները քննադատելը, ուրեմն եւ դրանց վերացումն ապահովելը, իսկական ազգասիրական պահվածք է: Այստեղ նա իրավացի էր: Բայց նրա իսկ կողմից ազգային-պահպանողական մամուլը ազգը անբարոյականացնելու մեջ մեղադրելը մերժելի էր, քանի որ այդ մամուլը եւս ծառայում էր ազգային կյանքի զարգացմանը՝ ավանդական արժեքները պահպանելու նախանձախնդրությամբ:

 

67. ԿՐԹԻՉ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ («Մշակ», 1886, 144)

Այս հոդվածն ուշագրավ է ազգի զարգացման գործում հասարակական հիմնարկների հետաքրքիր դերաբաշխումով, նրանց ներկայացվող պահանջների ուշագրավ հաշվառումով: Ազգը կրթող հաստատությունների մեջ Արծրունին միավորում է չորս բնագավառ՝ եկեղեցի, դպրոց, մամուլ եւ թատրոն: Տարբեր լինելով իրենց ներգործության ձեւերով, նրանք միավորվում են ազգը կրթելու, բարոյապես բարձրացնելու ընդհանուր նպատակով: Արծրունին սովորություն ուներ երեւույթները սրել, խոշորացույցի տակ դնել, բեեւեռացնել: Ժուռնալիստական այս հնարքները չպետք է խանգարեն տեսնելու հոդվածի առողջ միտումը: Մի կողմ թողնելով ծայրահեղ ձեւակերպումները, ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ դպրոցին, ե՛ւ մամուլին, ե՛ւ թատրոնին ներկայացվող պահանջների մեջ կարելի է նկատել ժամանակի հրամայականը:

68. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

(«Մշակ», 1887, 5)

Ռուս հեղինակների մեջ կար մի անուն, որի նկատմամբ Արծրունու համակրությունը հասնում էր խորին ակնածանքի, որովհետեւ նա մարմնավորում էր գրող-հրապարակախոսի այն տիպարը, որը ե՛ւ օրինակ էր, ե՛ւ չափանիշ: «Վեստնիկ եվրոպի» ամսագրում կարդալով Սալտիկով-Շչեդրինի «Կյանքի մանրուքներ» վերտառությամբ հոդվածաշարը, Արծրունին այնքան է ներշնչվում ռուսական       կյանքի այդ խորիմաստ ուսումնասիրությամբ, որ գրում է այս առաջնորդող հոդվածը: Որքա՜ն կարոտ է հայկական գյուղը նման հետազոտության, բացականչում է հրապարակախոսը, երազելով եթե ոչ Շչեդրինի գրչին համազոր ուժով, գոնե    նրա մեթոդով, այսինքն «Մշակի» համար համակրելի քննադատական-երգիծական ոգով գրվածքներ, որոնք գեղարվեստական լինելով նաեւ կյանքի ճշմարտացի վերարտադրություն են:

 

69. ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՄԱՀԸ («Մշակ», 1887, 11)

 

Այս առաջնորդողը գրելու առիթ է ծառայել ռուս բանաստեղծ Նադսոնի մահը, որը վախճանվեց շատ երիտասարդ հասակում: Այս անժամանակ կորուստը հայ խմբագրին մղում է հետաքրքիր զուգահեռների՝ կապված Պուշկինի, Լերմոնտովի, Գրիբոյեդովի եղեռական մահվան հետ: Արծրունին խորաթափանց կերպով օրինաչափություն եւ կապ է տեսնում այդ մահերի միջեւ, նրանց համարելով բռնատիրական կարգերի զոհ:

 

70. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԳԵԼԱՌԻԹՆԵՐԸ

(«Մշակ», 1888, 19)

 

«Մշակը» լույս էր տեսնում Անդրկովկասի մայրաքաղաքում՝ Թիֆլիսում, որն այն ժամանակ արեւելահայերի մտավոր կյանքի կենտրոնն էր: Անդրկովկասը ոչ միայն վարչական, այլեւ տնտեսական առանձին միավոր էր, իր տարածքում ապրող ազգերի միահյուսված շահերով: «Մշակը» լուսաբանում էր ամբողջ երկրամասի կյանքը: Նրա հրապարակած նյութերի մեջ մեծ թիվ են կազմում Երեւանի նահանգի վերաբերյալ հոդվածներն ու թղթակցությունները: Եվ դա հասկանալի է: Այդ նահանգի հետ էին կապվում հայության հույսերը, ապագան: Ահա ինչու Արծրունին առաջնորդողի նյութ է դարձնում նրա տնտեսական զարգացման հեռանկարի հարցը:

 

71. ՑՐՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՆ

(«Մշակ», 1888, 29)

Հավատարիմ իր ընտրած ուղեգծին, «Մշակի» խմբագիրը, ունենալով վերափոխված ու քաղաքակրթված միասնական հայության փափագելի իղձ, անհաշտ է ազգային թերություններից հատկապես մեկի՝ անմիասնականության նկատմամբ, ինչը եւ դարձնում է այս առաջնորդողի արծարծման նյութ: Նրան չեն վախեցնում ազգը վարկաբեկելու վերաբերյալ պահպանողականների մեղադրանքները: Ավելի լավ է մտրակելով ազգը մաքրել իր թերություններից, քան թողնել, որ դրանք ահագնանալով՝ կորստյան մատնեն հայությանը ազգովի:

 

72. ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՑ ՍՊԱՍԵՆՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ («Մշակ», 1888, 40)

 

Այս հոդվածը խտացնում է Արծրունու սոցիալ-հասարկական հայացքները: Հասարակության մեջ եղած սոցիալական անարդարությունն ու հակասությունները նա հաղթահարված է տեսնում հասարակության բոլոր անդամների հավաքական գործունեությամբ՝ զանազան ընկերակցությունների ու միությունների միջոցով: Չմերժելով անհատական բարեգործության նշանակությունը, նա հաստատուն ու կայուն է գտնում հասարակական ինքնագործունեությունը, ինքնօգնությունը, քանի որ այն կախված չէ անհատի կամքից, այլ իր արդյունավե- տությունը երաշխավորում է միության մեջ հավաքագրված մարդկանց համատեղ գործունեությամբ: Արծրունին լի է ապագայի նկատմամբ սոցիալական լավատեսությամբ եւ աշխատում է դրանով վարակել նաեւ իր հայրենակիցներին, կանխավ գծելով նրա վաղվա օրը, ընտելացնելով քաղաքակրթության պահանջներին:

 

73. ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ (ՐԱՖՖԻ), («Մշակ», 1888, 48)

 

Այս հոդվածն Արծրունին գրել է Րաֆֆու մահվան առիթով, սակայն հոդվածի նշանակությունը դուրս է գալիս մահախոսականի շրջանակներից: Սա մի հետադարձ հայացք է դեպի այն բեղմնավոր գործունեությունը, որ ծավալեց Րաֆֆին «Մշակի» խմբագրությունում, թերթի էջերում հրապարակելով իր լավագույն վեպերի եւ հրապարակախոսական հոդվածների մեծագույն մասը: 14 տարի  թերթի գլխավոր աշխատակցի պաշտոնը վարելուց հետո Րաֆֆին «Մշակից» հեռացավ: Սակայն սա չի կարելի բացատրել սոսկ անձնական փոխհարաբերություններով եւ անգամ հայացքների տարբերությամբ: 1886 թվականին «Մշակի» հրատարակությունը վերսկսելիս Արծրունին թյուրատեսություն դրսեւորեց հասարակական ուժերի վերախմբավորման իրողության նկատմամբ եւ լիբերալ հայացքների բերումով թերագնահատեց այն լիցքերի նշանակությունը, որ բերում էին թերթ դեմոկրատ գրողները եւ հատկապես նրանց առաջնորդ Րաֆֆին: Հարաբերությունների լարումը հասավ խզման, Րաֆֆին գրեց իր հանրահայտ նամակը Արծրունուն, որտեղ բացատրում է «Մշակից» իր հեռանալու պատճառները: Նշանավոր գործիչների բաժանումը սակայն չխանգարեց, որպեսզի նրանք երկուստեք պահպանեին հարգանքը միմյանց նկատմամբ՝ համատեղ երկարամյա եւ արդյունավետ գործունեությամբ սրբագործված: Դրա ապացույցներից մեկն էլ Արծրունու այս հոդվածն է, որտեղ նա պատշաճն է հատուցում հրապարակախոս եւ վիպասան Րաֆֆուն, թեեւ հոդվածը զերծ չէ որոշ սույեկտիվ ընկալումներից Րաֆֆու հետմշակյան գործունեության, նրա «Սամվել» նշանավոր վեպի վերաբերյալ:

 

74. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  («Մշակ», 1888, 71-73)

 

«Մշակի» բանասիրական բաժնում տպագրված այս ընդարձակ հոդվածը հազիվ թե կարելի է համարել լոկ բանասիրական խնդիրների նվիրված ելույթ: Նրա հրապարակ գալը պայմանավորված էր հայ ազատամտականության եւ ազգային-պահպանողականության բանավեճի փոխադարձ հրաձգությամբ, երբ մեջտեղ էին բերվում ազգի հետագա զարգացումը պայմանավորող բոլոր գործոնները: Իսկ դրանում լեզվին վերապահված էր ոչ երկրորդական դեր: Եվրոպական քաղաքակիրթ ազգերին հետեւելու առաջադիր խնդիրը այստեղ եւս Արծրունու համար դառնում է հարցի լուծման բանալի:

Նա գտնում է, որ աշխարհաբարը պետք է սնվի ժողովրդական բարբառներից եւ կատարելագործվի՝ եվրոպական լեզուներից մշակված ձեւերին հետեւելով: Նոր դարի ոգին համարելով «ռամկացումն» ու «դեմոկրատիզացիան», Արծրունին «Մշակի» ծառայությունն է համարում մամուլը կյանքին մոտեցնելը, ժողովրդին մատչելի լեզու մշակելը: Լեզվի հարցը Արծրունին քննության է առնում ազգի զարգացմանն առնչվող լայն խնդիրների շրջանակում, գրգռելով իր դեմ բանավիճող մյուս կողմի՝ «Արձագանքի», նույնպես սուր եւ ընդհանրական ելույթներ: Նրա դեմ հանդես է գալիս շաբաթաթերթի տեսաբան Ն. Քարամյանը, որը     մերժում է նոր լեզու «ստեղծելու» «Մշակի» հավակնությունը, այդ դերը վերապահելով միայն հանրությանը եւ ազգային գրողներին, գրաբարը դիտում է աշխար-   հաբար լեզուն զարգացնելու կարեւոր աղբյուր: Ազգային-պահպանողական մտայնությունը հավատարիմ ավանդապահական նախասիրությանը, լեզվի հարցում եւս խնդիր է դնում անցյալից ժառանգած հարստությունների յուրացումը ու պահպանումը: Չնայած հարցադրումների որոշ միակողմանիությանը, Արծրունու հոդվածը պատկերացում է տալիս գրապայքարի ուշ շրջանի ելեւէջների ու տեսակետների բազմազանության վերաբերյալ: Գրապայքարը հայ ժողովրդի գոյապայքարի հիմնական դաշտերից էր:

 

75. «ՄՇԱԿԸ» ՎՆԱՍԱԿԱՐ Է («Մշակ», 1888, 133)

 

Սա Արծրունու ամենախիստ բանավիճային հոդվածներից մեկն է, որը    պատկերացում է տալիս նրա գրչի թափի, սուր լեզվի, հրապարակախոսական կրքի եւ իր պարբերականը պաշտպանելու հզոր կամքի մասին: Հիացնում է գրական հնարանքը. համաձայնվելով հակառակորդների կողմից «Մշակին» բաժին հանված «վնասակար» պիտակին, նա շարում է հայ իրականության բոլոր հոռի   կողմերը եւ հայտարարում, որ, այո, «Մշակը» վնասակար է, որովհետեւ պատե-   րազմ է հայտարարել դրանց:

 

76. ՄԻ ՄԵԾ ՌՈՒՍ ԳՐՈՂԻ ՄԱՀԸ («Մշակ», 1889, 49)

 

Սալտիկով-Շչեդրինի մահվան առիթով գրված այս հոդվածը այն խորին համակրանքի մի անգամ եւս հավաստումն է, որ տածում էր Արծրունին ռուս նշանավոր երգիծաբանի նկատմամբ, որի հրապարակախոսական պաթոսի մեջ «Մշակի» խմբագիրը իր թերթի մտրակող ուղղության արդարացումն էր փնտրում: Մեծ երգիծաբանի գրիչը ռուսական կյանքը մաքրագործող մի հզոր զենք էր, որի մասին հայ իրականությունը կարող էր երազել: Նրա կորուստը ռուս գրականության եւ հրապարակախոսության համար Արծրունին անդարմանելի է գտնում:

 

77. ՀԱՅ ԿԻՆԸ («Մշակ», 1890, 17)

 

Ֆեոդալիզմի մնացուկներին պատերազմ հայտարարած «Մշակը» քննության առարկա է դարձնում նաեւ հայ կնոջ ազատագրության խնդիրը: Աշխատանքի միջոցով բարձրացնել կնոջ հասարակական դերը, զարթնեցնել նրա նիրհած ընդունակությունները եւ դրդել հասարակական ակտիվության, - այս խնդիրները դառնում են «Մշակի» խմբագրի բազում առաջնորդողների թեման: Կնոջ    ազատագրության ուղիներից մեկը նա տեսնում է կրթական սիստեմի հեղաշրջման մեջ, այն հաշվով, որ ոչ միայն ավելի մեծ թվով աղջիկներ ուսում ստանան, այլեւ դպրոցում նրանք հմտանան զանազան արհեստների մեջ՝ հասարակության մեջ իրենց ինքնուրույն կյանքը կազմակերպելու նպատակով: Այս առաջնորդող հոդվածը, որ ամփոփում է երկու տասնամյակում հայ կնոջ արած առաջադիմությունը, միաժամանակ այս ուղղությամբ «Մշակի» գործունեության հանրագումար կարելի է դիտել, որովհետեւ հայ կնոջ ազատագրության ուղղությամբ Արծրունու թափած ջանքերը ամենաեռանդունը, համարձակը եւ հետեւողականն էին ժամանակի ողջ հայ պարբերական մամուլում:

1912 թ. Թիֆլիսում կանանց հանձնախմբի ջանքերով լույս տեսավ «Հայ կինը» ժողովածուն՝ կազմված «Մշակի» այն նյութերով, որոնք վերաբերում էին կանանց խնդրին: Գրքի առաջաբանում «Մշակի» խմբագրի ծառայությունն է դիտվում, որ «նա դուրս հանեց հայ կնոջը ընտանեկան նեղ շրջանից, հրավիրելով նրան հասարակական գործունեության լայն ասպարեզ»: Գնահատականը արտահայտում է ճիշտ իրողությունը:

 

78. ՄԵՐ ՔՍԱՆԵՎՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

(«Մշակ», 1890, 52)

 

1890 թ. մայիսի 6-ին տոնվեց Գրիգոր Արծրունու գրական գործունեու-    թյան 25-ամյակը: Դա, փաստորեն, «Մշակի» հոբելյանն էր, որովհետեւ Արծրունու՝ իբրեւ գործչի եւ հրապարակախոսի, կյանքը իմաստավորվում էր «Մշակի» հրատարակությամբ: Հոբելյանին արտասանած նրա ճառը, որ տպագրվեց «Մշակում», հանրագումարն էր այն գաղափարախոսության, որի սաղմերը թեեւ նկատելի են նրա նախամշակյան հրապարակախոսությունում, բայց որը հիմնավորված եւ ամբողջական տեսություն դարձավ «Մշակի» էջերում:

 

79. ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔ («Մշակ», 1891, 20)

 

Այս հոդվածը շատ ուշագրավ է Գրիգոր Արծրունու ռուսական կողմնորոշման քաղաքական դրդապատճառները հասկանալու համար: Դա բնավ էլ թելադրված չէր լիբերալ հաշտվողականությամբ, այլ պատմության դասի խորիմաստ վերլուծության արգասիք էր: Ռուսական կողմնորոշումը, սակայն չի խանգարում որպեսզի նա իր թերթի էջերում սուր քննադատության ենթարկի ռուսական այն պարբերականները, որոնք շովինիզմի թույն էին տարածում, ոտնահարում փոքր ժողովուրդների իրավունքները, նրանց միմյանց դեմ լարում: Այստեղ ուշագրավ է, որ Արծրունին հենվում է վրաց նշանավոր հրապարակախոս Նիկոլաձեի կարծիքին՝ հայերին ու վրացիներին սեպարատիզմի մեջ անհիմն մեղադ-       րանքներից պաշտպանելու համար:

 

80. ՃՈՐՏԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ

(«Մշակ», 1891, 23)

 

Այս հոդվածը կարելի է համարել Գրիգոր Արծրունու լիբերալ-ռեֆորմիստական հայացքների խտացումը, որը ցուցադրում է նրա հրապարակախոսության ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կողմերը: Ուժեղը՝ հակաֆեոդալական ընդգծված միտվածությունն է, ատելությունը ճորտատիրական կարգերի նկատմամբ: Թույլը՝ անվերապահ հավատը լուսավորված միապետի նկատմամբ, որի բարի կամքով իրականանում են ռեֆորմները: Չկա հասարակական այն ուժի հստակ գիտակցումը, որը «ներքեւներից» ստիպում է «վերեւներին» իրականացնել ռեֆորմներ: Հոդվածում նկատելի է նաեւ 1861 թվականի ճորտատիրական ռեֆորմի նշանակության գերագնահատում, որը, թվում է, 30 տարի գործադրումից հետո պետք է արժանանար ավելի ռեալ գնահատականի:

81. ԵՐԱԶ («Մշակ», 1891 97)

 

Թե հայ կնոջ ազատագրությունը որքան փափագելի իղձ էր Արծրունու համար, հիանալորեն ցուցագրում է այս հոդվածը, որը նրա հրապարակախոսության ընտիր էջերից է: Գեղարվեստական խորհրդանշական պատկերի միջոցով նա հմտորեն արծարծում է «Մշակի» առաջ բերած հեղաշրջումը հայ մամուլում,   որը անխնա քննադատությամբ խոսքի խարազանող «մտրակով» հարվածների տակ առավ հայ ազգի թերությունները, կյանքի հոռի կողմերը՝ երազելով ամեն կարգի կապանքներից ու արատներից ազատագրված հայություն, պայծառ հայրենիք: Դրա ստեղծման գործում նա մեծ տեղ էր հատկացնում հայ կնոջը, հավատալով նրա անսպառ ուժին, կորովին ու սիրուն:

 

82. ՄԵԶ ՎԱՐՁԱՏՐՎԱԾ ԿՀԱՄԱՐԵՆՔ («Մշակ», 1892, 1)

 

Սա Արծրունու հերթական նորտարյա հաշվետվությունն է «Մշակի» գործունեության վերաբերյալ: Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ խմբագիրը ոչ միայն բնութագրում է մշակական ուղղությունը որպես դպրոց, այլեւ հաստատում է կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը հայ իրականու-թյան մեջ: Իր ընտրած քննադատական ուղղությանը հավատարիմ, նա ձգտում է ազատել ազգն անմիաբանության արատից, ոգեկոչել միասնական գործունեության՝ հանուն քաղաքակիրթ եւ միաբան կեցության: Կուսակցությունների, դպրոցների առկայությունը ոչ թե պետք է խոչընդոտի, այլ խթանի ազգի ընդհանուր զարգացմանը՝ առաջադրելով լավագույն տարբերակներ:

83. ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆ («Մշակ», 1892, 23)

 

Սա Արծրունու լավագույն հոդվածներից է, ուր ոչ միայն հիանալիորեն գծագրված է Խրիմյան Հայրիկի դիմանկարը, բացահայտված նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը, այլեւ անառարկելի ապացույց է այն մեղադրանքների անհեթեթության, թե իբր Արծրունին հայոց եկեղեցու եւ հոգեւորականության թշնամին է: Նախ, Արծրունին ջերմեռանդ քրիստոնյա էր, որի համար քրիստոնեությունը մարդասիրության բարձրագույն արտահայտությունն էր: Նոր ժամանակներում նա ավարտված էր համարում եկեղեցու հեգեմոն դերը ազգային        կյանքում, գտնելով որ հայ եկեղեցին պետք է մաքրել ժամանակի ձեւախեղումներից, վերադարձնել իր նախաստեղծ ժողովրդական սկզբունքներին, իսկ հոգեւորականության դասին կրթելով ու բարձրացնելով՝ լծակից դարձնել ազգի առաջադիմության համար մղվող պայքարին: Եթե նա դաժան էր իր կոչումն ու պաշտոնը չարաշահող հոգեւորականի նկատմամբ, ապա խնկարկում էր Խրիմյան Հայրիկի, Ղեւոնդ Ալիշանի, Արիստակես Սեդրակյանի նման հոգեւոր գործիչներին, նրանց    օրինակով մատնացույց անելով հոգեւորականի ցանկալի տիպարը: Այդպես է ներկայացնում «Մշակը» Խրիմյանին, պաշտպանելով նրա թեկնածությունը կաթողիկոսական աթոռի համար:

84. ԻՆՉ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄԵՐ ԲԱՆՎՈՐՆԵՐԸ

  («Մշակ», 1892, 82)

 

«Բանվորական խնդիրը» լուծելու խաղաղ ուղիների որոնումները, մշակների շահագործումը «մեղմելու» եւ նրանց կյանքը «տանելի» պայմանների մեջ դնելու պահանջները ուղեկցեցին Արծրունու «Մշակի» հրապարակախոսության ողջ ընթացքում: Այդ կտրվածքով է գրված եւ Արծրունու այս առաջնորդող հոդվածը: Հավաստելով բանվորների գիշատչական շահագործման փաստը, հրապարակախոսը խնդրի լուծումը կապում է պետության եւ կապիտալիստների՝ դեպի մարդասիրությունը կատարած շրջադարձի, քաղաքակրթության զարգացման հետ: Մյուս կողմից բանվոր դասակարգի գիտակցության աճի համեմատ Արծրունին հույս ունի հայ իրականության մեջ եւս գործադրված տեսնել ինքնաօգնության, ընկերությունների մեջ միավորվելու գաղափարները, որոնք իրենց պտուղներն էին բերում Եվրոպայում:

85. ԼՐԱՆՈՒՄ Է ՔՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ («Մշակ», 1892, 125)

 

Սա Գրիգոր Արծրունու գրած վերջին հոդվածներից մեկն է: Վաստակած իրավունքով խմբագիրը հանրագումարի է բերում «Մշակի» երկուտասնամյա գործունեության արդյունքները: Թվում է, որ այս հոդվածի տակ, եթե չլիներ Արծրունու Գ. Ա. ծանոթ ստորագրությունը, ապա այն հաճույքով կստորագրեր «Մշակի» յուրաքանչյուր ընթերցող: Հոդվածը ուշագրավ է «Մշակի» հետագա բեղմնավոր գործունեության վերաբերյալ Արծրունու հայտնած վստահությամբ, եթե անգամ ինքը չլինի խմբագիր: Անվիճելի է «Մշակին» վերագրված ծառայությունը՝ հայերին դուրս բերել իրենց կյանքի հնավանդ նեղ շավղից  դեպի համամարդկային քաղաքակրթության լայն ճանապարհը: