Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՏՄԱԿԱՆ  ՀԱՄԱՌՕՏ  ՏԵՍՈՒԹԻՒՆ.

ՋԱՒԱԽՔ  ԵՒ  ԱԽԱԼՔԱԼԱՔ.

Ջաւախքը Գուգարք նահանգի իննը գաւառներից մին է։ Վրաց Վախթանգ Ե թագաւոր մատենագիրն իւր «Վրացւոց բարք» (Քարթլիս ցխովրերա) պատմութեան մէջ ասում է, թէ այս երկիրն, այսինքն վերին Կուրի դաշտավայրը, Երուշէտը եւ Փոցխով եւ Տօր□ծղալի գետերի միջավայրը, ժառանգութիւն է ընկել վրաց նախահայր  Քարթլոսի որդի Մցխեթոսի Ջաւախոս որդուն, որի անուամբ եւ Ջաւախք է կոչուել։

Շոպէն առասպելական համարելով Ջաւախոսին, Ջաւախքի անունը հանում է ջաւ, գարի, վրացերէն խօսքից, որովհետեւ երկրի բարձրութեան պատճառով ամենից լաւ դարի է բուսնում այդտեղ։

Մինչեւ Արշակունեաց հարստութեան սկիզբն ինչպէս մեր, այնպէս եւ վրաց պատմագիրներն այս գաւառի մասին համարեա ոչինչ չեն յիշում։ Սրանց ժամանակ Մովսէս Խորենացու [1] ասելով Վաղարշակ Ա. այս գաւառի կէսը տալիս է Շարայի ցեղից Գուշարին ժառանգութիւն, իսկ նահանգի վերայ կարդում է մի բդեշխ, որ Հայոց հիւսիսային  կողմերը պահպանէ աւազակ ազգերից։ «Իսկ ընդդէմ լերինն Կաւկասայ (կարգէ) ասում է Խորենացին [2], կողմնակալ հիւսիսոյ զմեծ եւ զհզոր ազգն եւ նահապետութեան անուն կարդայ բդեշխ Գուգարացւոց»։ Այս բդեշխը միանգամայն  իշխում էր վրաց երկրի կամ  ժողովրդեան մի մասին ես, ուստի եւ միքանի մատենագիրներ անուանում են նրան «բդեշխ վրաց» այսպէս՝ Աշուշային Խորենացին [3] կոչում է բդեշխ Գուգարացւոց, իսկ Վարդան՝ բդեշխ վրաց, թէպէտ այդ ժամանակ Վրաստանում թագաւոր էր Արշէզ կամ Արշիզը, ինչպէս եւ նրանից յետոյ Վազգէնը իսկ Միհրանին Խորենացին . գլ. Կ) կոչում է առաջնորդ վրաց եւ բդեշխ Գուգարացւոց. բայց սա վրաց թագաւոր էլ էր։ Գուգարքի առաջին բդեշխն էլ, որ Վաղարշակ Ա կարգել էր, Աղէքսանդր Մակեդոնացու վրաց գերիների վերայ կարգած իշխանի, Միհրդադի թոռ էր։ Հայոց Արտաշէս Ա. թագաւորն ընդարձակում է այս բդեշխի ինքնիշխանութիւնը եւ կողմնակալ է կարգում Պոնտոս ծովի վերայ, ինչպէս ասում է Խորենացին [4]. «Բայց (Արտաշէս) զդուստրն իւր զԱրտաշամայ տայ կին Միհրդատայ ումեմն վրաց բդեշխի մեծի… եւ հաւատայ սմա զկողմնակալութիւն հիւսիսային լերանցն եւ Պոնտոս ծովու»։

Արշակ Բ. ժամանակ այս նահանգն էլ ապստամբելով անցնում է Վրաց կողմը, սակայն Պապ թագաւորի Մուշեղ սպարապետը նորից նուաճում է, ինչպէս պատմում է Բիւզանդը [5] ։ «Ապա խաղայր սպարապետն Մուշեղ ՚ի վերայ Վրաց արքային եւ նեղէր զնա մեծապէս, եւ հանէր ընդ սուր զամենայն ազատս եւ զազգս նախարարացն… եւ զբդեշխն Գուգարաց՝ որ յառաջն ծառայ էր թագաւորին Հայոց եւ ապստամբեաց, կալեալ գլխատէր եւ թափէր զամենայն գաւառն եւ առնոյր պանդանդս, եւ զմնացեալսն ՚ի հարկի կացուցանէր. եւ զհին սահմանսն՝ որ յառաջ ունէր լեալ ընդ երկրին Հայոց եւ ընդ երկրի Վրաց, որ է ինքն մեծ գետն Կուր՝ այնուհետեւ յինքն վտարեալ դառնայր անտի»։ Բայց Ե. դարում արդէն Գուգարքի բոլոր գաւառները դարձեալ անցած էին վրաց ձեռքը, ուստի եւ Մովսէս Խորենացին իւր աշխարհագրութեան մէջ բոլոր գաւառները, բացի Կողբոփորից, Վրաստանի գաւառների կարգն էլ է դասում։

Բագրատունեաց ժամանակ Սմբատ Ա. նորից վերադարձնում է այս նահանգը Հայաստանին, ինչպէս պատմում է Յովհաննէս կաթողիկոսը [6]. «Եւ անտի դարձեալ իբրեւ զօդապարիկ իմն երթեալ չուէ զկողմամբք Գուգարաց եւ զայնս եւս ամրոցս իւրոյ տէրութեան՝ առ հասարակ յինքն գրաւէր նուաճէր»։

Ժ. դարում Գուգարքի մի մասն ընկնում է Հայոց Կիւրիկեան թագաւորութեան ձեռքը, իսկ Ջաւախքն անցնում Վրաց  իշխանութեան ներքոյ։ Վրաց Բագրատ Գ. թագաւորը (980-1014) հիմնում է Ախալքալաքը, առանց բերդի, իսկ սրա թոռ Բագրատ IV (1027-1072) 1045 թուին իւր վասալ Լիբարիդ Օրբելեանի հետ ունեցած պատերազմի ժամանակ շինում է բերդը։ Ախալքալաք վրացերէն նշանակում է նոր քաղաք։ Սրա թագաւորութեան ժամանակ, այսինքն 1064 թուին, ինչպէս պատմում է Մատթէոս Ուռհայեցի (ՃԺԶ). «Յարուցեալ սուլտանն (Ալփասլան) ահագին բազմութեամբ իւրով մտաւ յաշխարհն վրաց… եւ իջեալ բանակեցաւ ի գաւառն, որ կոչի Ջաւալխս եւ պատերազմաւ մեծաւ պատեաց զքաղաքն, որ կոչի Ախալ. եւ առ հասարակ զամենայն քաղաք սրով կոտորեաց զայր եւ կին՝ անողորմ. եւ զամենայն քահանայսն եւ զկրօնաւորսն եւ զիշխանսն սրախողխող արարեալ. եւ լցաւ ամենայն քաղաքն արեամբ. եւ անհամար մանկունս եւ աղջկունս տարան ՚ի Պարսիկս ՚ի գերութիւն եւ զանձս ոսկւոյ եւ արծաթոյ ականց մարգարտացն որ ոչ գոյ թիւ»։

ԺԳ. դարում, Թաթարների արշաւանքների ժամանակ, երբ Վրաց պետութիւնը սաստիկ թուլանում է, Ախալքալաքի եւ Ախալցխայի հոգատէրերը սկսում են անկախութեան ձգտել եւ ինքնագլուխ կառավարել այս գաւառները։ Եւ որովհետեւ Ախալցխայի դիրքը սաստիկ նպաստում էր անկախութիւն ձեռք բերելու, ուստի ԺԴ. դարու առաջի կիսում Վրաց թագաւորներն ստիպւում են անկախ համարել այդ երկիրն եւ այդտեղի հողատէրերից Սարգսին ճանաչել Ախալցխայի եւ Ախալքալակի  միացեալ գաւառների աթաբէկ (հայրիշխան)։ Հարիւր տարի չանցած այդ աթաբէկներից մին՝ Աղբուղան՝ հրատարակում է արդէն իւր օրէնքները. (Աղբուղայի օրէնքները)։

1484 թուին Պարսից Եակուբ շահը յարձակւում է այս Սահաթաբակոյի (Աթաբէկի երկիր) վրայ, թալանում է Ջաւախքը եւ պաշարում Ախալքալաքը։ Մեսխիները չեն կարողանում երկար պաշտպանուել, քաղաքը առնւում է եւ Եակուբը բոլոր նշանաւոր Մեսխիներին եւ քաղաքի բնակիչներին գերի է տանում։ Յետոյ վառում է Ախալքալաքը եւ գնում պաշարում Ախալցխան։

1637 թուին Սահաթաբակոն ընկճուելով Վրաց եւ Իմերէթու թագաւորներից եւ թուրքերից կորցնում է իւր անկախութիւնն եւ դառնում Տաճկաստանի մի փաշայութիւն։ Այնուհետեւ Ախալքալաքը կառավարւում է թուրք բէկերով։

1772 թուին Կախեթու Հերակլէս եւ Իմերէթի Սողոմոն թագաւորներն պաշարում են Ախալքալաքը եւ քիչ է մնում որ առնեն։ Բայց այս ժամանակ Սողոմոն թագաւորը ժանտախտով բռնւում է եւ պաշարումը դադարում։

1807 թուին Ռուսները Գուդովիչ զօրավարի առաջնորդութեամբ  պաշարում են Ախալքալաքը, սակայն չեն կարողանում առնել եւ 1200-ից աւելի ռուս զինուորներ ընկնում են բերդի պարսպի ներքեւ, 3 թնդանօթ մնում են թուրքերի ձեռքը։

1810 թուի սեպտեմբերի 4-ին Ռուսները Պաուլուչչի գնտապետի առաջնորդութեամբ գիշերով յանկարծակի յարձակւում են Ախալքալաքի դաշտում բանակած Տաճկաց եւ Պարսից միացեալ զորքի վրայ, ուր գտնւում էր եւ Վրաց թագաժառանգ  Աղէքսանդրը։ Շփոթութիւն ձգելով զորաց մէջ՝ ռուսները  յաջողացնում են մեծ ջարդ տալ թշնամիներին։ Երեւանու սարդարը, Ախլցխու փաշան եւ թագաժառանգ Աղէքսանդրը փախչում են եւ մեծ  աւար թողնում ռուսներին։

1811 թուի դեկտեմբերի  7-ին ռուսները Կատլարեվսկու առաջնորդութեամբ  անպատմելի նեղութիւններ կրելով՝ ուղղակի անցնում են Թրիալէթու լեռներով եւ գիշերը յանկարծ յարձակուելով Ախալքալաքի վերայ՝ շփոթութիւն են ձգում եւ առնում բերդը։ Թուրքերը փախչում են՝ թողնելով ռուսներին 16 թնդանօթ եւ 2 դրոշակ։ Սակայն հաշտութիւնից  յետ Ախալքալաքը դարձեալ մնում է թուրքերին։

Վերջապէս 1828 թուի Յուլիսի 23-ին ռուսները Պասկեվիչ զօրավարի առաջնորդութեամբ  Ղարսն առնելուց յետ՝ յարձակւում են Ախալքալաքի  վերայ եւ արիւնահեղ պատերազմ տալով՝ տիրում բերդին խլելով 14 թնդանոթ  եւ 13 դրօշակ [7] ։

1829 թուի սեպտեմբերի 14-ին կայացած Ադրիանուպօլսի դաչնագրութեամբ  Ախալքալաքը մնում է Ռուսներին։

Դարուս սկզբի պատերազմների ժամանակ Ախալքալաքը քաղաքի բնակիչները փախչում եւ ցրւում են զանազան կողմեր։ Պասկեւիչի պատերազմին այդ քաղաքը բոլորովին  ամայանում եւ նրա բնակիչները պատերազմից յետոյ վերադառնալով բնակւում են Խոսպիա գիւղը։

1830 թուին Էրզրումի եւ մասամբ Արդահանի գաւառների հայերը գաղթում եւ բնակւում եւ Ջաւախքի գիւղերում, միայն քաղաքը մնում է աւերակ։

1831 թուին Ախալցխայից Աղաբաբ Փեշամալճեան, Պետրոս Տէր-Մանուէլեան, գիշերապահ Յովհաննէսը եւ մի ոմն Ստեփաննոս գալիս են Ախալքալաք եւ բերդի հարաւային կողմում, Տաճկաց գերեզմանատան մոտ շինում են բնակարաններ, մի փուռ եւ մի սրճատուն։ Այնուհետեւ հետզհետ  մարդիկ գալիս բնակութիւն են հաստատում այստեղ եւ այսպիսով  կազմում են մի փոքրիկ գիւղ, որ Ջաւախքի հետ ի միասին համարւում էր մի մոկռովութիւն։

1860 թուին 30 տարուայ ընթացքում Ախալքալաքի բնակիչների թիւնը հասնում է մինչեւ 366 տան, 1101 ար. 1088 իգ. սեռի ընդանմէնը 2189 հոգու։

1868 թուին Ախալքալաքը  մոկռովութիւնից փոխվում է պրիստաւութեան եւ պատկանում է  Ախալցխու գաւառին։

1874 թուին, երբ բնակիչների թիւը հասնում է 493 տան, 1549 ա. 1418 իգ, սեռից ընդամէնը 2967 հոգու, Ախալքալաքը կազմում է մի առանձին գաւառ  եւ համարւում Գ. կարգի գաւառական քաղաքը։

  1889 թուին Ախալքալաքի գաւառը բաժանւում է Բարալէթու եւ Գարելայի ոստիկանութիւնների  եւ իւրաքանչիւրը  կառավարւում է մի ոստիկանով, որոնք ենթարկւում են գաւառապետին։

1890 թուին Ախալքալաքը  վերածւում է գաւառական Բ. կարգի քաղաքի։ Իսկ ներկայ 1896 թուին ստանում է քաղաքային պարզ ինքնավարութիւն։

ԽԸՐԹԸԶ

Խըրթըզը գտնւում է Ախալքալաքից  դէպի հիւսիս 21 վերստ հեռաւորութեամբ, Կուրի ձորակում այնտեղ՝ ուր Ախալքալաք եւ Կուր գետերը միանում են, եւ ահա այդ միանում են վրացերէն էրթվիս, իսկ սրանից  Էրթվիս բառից ստացել է նա իւր անունը։ Շատ հին քաղաք է բերդ է եղած։ Բերդի հիմնարկութիւնը  վերագրւում է Պարսից Կիւրոս թագաւորին (✚ 529 Ք. առաջ)։ Վրաց պատմագիրներից ասելով այս բերդը սաստիկ ընդդիմացել է Աղէքսանդր Մակեդոնացուն։ Խրթըզ բերդը յիշւում է եւ Պոմպէոսի արշաւանքների ժամանակ, որին նա սիրում է երկարատեւ  եւ արիւնահեղ պաշարումից յետոյ։ Այստեղ Վրաց թագաւորը Վախթանգ Ղուրդասլանը սպասել է Յոյների եւ Պարսից պատերազների հետեւանքներին եւ երբ Յոյները յաղթել են, Վախթանգը թարմ ուժերով յարձակուել է նրանց վերայ եւ սաստիկ ջարդ տուել։

1624 թուին հռչակաւոր Մօուրաւ Գէորգ Սահակաձէ այստեղ ջարդում է Պարսիկներին եւ ազատում Խրթըզը նրանց լծից։

Վախուշտի ժամանակ (ԺԸ դարում) այստեղ կենում էին ենիչերներ, բայց 1770 թուին Վրաց թագաւոր Հերակլը Ասպինջայի մոտ Տաճիկներից տարած մեծ յաղթութիւնից յետ տիրում է եւ Խրթըզին, սակայն յետոյ Տաճիկները նորից գրաւում են։ Խրթղի վերջին գայմագամն էր Բաշ-աղան որ ամուսնացած էր Աջարիայի փաշի մօտիկ ազգական Խմշի-օղլու աղջկայ հետ։ Բաշ աղան իւր հարեմն է մտցնում Գոթելեցի Դաւիթ անուն եւ Բարալէթցի Խամալէձէի վրացի աղջիկները, սրա կինը գրգռւում եւ աղերսում է Աջարիայի իւր ազգական փաշին, որ սուլթանից հրաման առնելով գալիս պաշարում է Խրթըզը։ Այս ժամանակ Բաշ-աղան իւր հարեմում զուարճանալիս է եղել, փաշան վառոդով ցկել է տալիս ամրոցի պատը, սպանում եւ ապա գլխատում է Բաշ-աղին ու գլուխը ուղարկում Պօլիս։ Նրա դին թաղւում է Կուրի ձախ ափին։ Եւ մինչեւ օրս էլ ծերերը  ցոյց են տալիս ամրոցի այն  պատը, որ վառօդով պայթել էին։

1828 թուին Յուլիսի 26-ին Պասկեվիչը Ախալքալաքըառնելուց յետոյ, նրա զօրապետ Րաեվսկին առանց պատերազմի  առնում է Խրթըզը։

Այժմ բերդը բոլորովին աւերակ է. իսկ գիւղը բաղկացած է 229 տնից, 756 ար. 604 իգ սեռից ընդամէնը 1260 հոգի։ Սրանցից  միայն 5 տունը, 13 արական 12 իգական սեռից հայ լուսաւորչական են, մնացածները թուրք սուննիներ։

ՏԻՒՄՈՒԿ ԿԱՄ ԹՄՈԿՎԻ

Տիւմուկ նշանակում է քրմապետ, Այս բերդի հիմնարկութիւնը վերագրւում է Արիաների (Բագարիացիների եւ իրանցիների)  Կովկասի տիպատեութեան առաջին ժամանակներին։ 1590 կամ 1570 թուականներին Քր. առաջ Բագտրիական թագաւորութեան հիմնադիր Վերա Ջիմշուտը, (որի անուամբ եւ, ասում են, կոչուել է Թիֆլիսի Վերա թաղը) տիրեց ամբողջ Ասիան եւ ՚ի միջի այլոց Կովկասը, տարածելով այստեղ երկրպագութիւն երկնային լուսատուների, եւ հիմնեց իւր քրմերի համար գլխաւոր կեցարաններ Թմոկվում, Մցխէթում եւ ուրիշ տեղեր։ Յետոյ արդէն Թմոկվին յիշւում է Քարթլիս-Ցխովրեբայում առաջին անգամ 920 թուին Քր. յետոյ, երբ Ադրբեջստանի Էմիր Արդուլ Կասինն ամբողջ արեւելքի եւ Պարսկաստանի տիրապետողի հրամանով անհամար մահմեդական զորքով խուժում է Վրաստան եւ Սամցխէի (Ախալցխու գաւառ) ճանապարհին պաշարում Թմովկի բերդը։ Բայց հաւաստիանալով նրա անմատչելի եւ անառիկ դրութեան, թողնում է այն եւ պաշարում Կվելի բերդը (Ախալցխայի  գաւառում, Ջակիս-ծղալի գետի ձախ ափին)։

Այստեղ Բագրատ Մեծ (1027-1072) Վրաց թագաւորը բանդարկում է Բագրատ Արտանուշցու որդիներին՝ Սմբատին եւ Գուրգէնին, ուր եւ նրանք մեռնում են։ Այստեղ այս Բագրատ Մեծը հիմնում է մի ընդարձակ եւ վայելչակերտ տաճար, ինչպէս ասում է Քարթլիս-Ցխովրեբայում։ Սրա որդու Գէորգի Բ. թագաւորութեան ժամանակ (1072-1089) Թմովկին կործանւում է սաստիկ երկրաշարժից, որ ամբողջ Վրաստանին մեծամեծ վնասներ է պատճառում եւ տեւում է մի ամբողջ տարի։ Թմովկիի մէջ երկրաշարժից սպանուեց եւ Էրիստաւ Կոխորէշին։

Վրաց Դիմիտրտ I-ի թագաւորութեան ժամանակ (1125-1155) սրա քոյր Թամարան հիմնում է այստեղ սուրբ Խաչի վանքը։

Այստեղից է Սարգիս Թմոկվեցին, որ մի ուսեալ, փիլիսոփայ եւ հռետոր մարդ էր եւ Վրաց իշխանների հետ ջանք էր թափում ազատել Վրաստանը Մոնղոլների լծից։

1553 թուին Թմովկում տիրում է Պարսից Թամազ շահն եւ յանձնում Կայխոսրօ աթաբէկին։

ԾՈՒՆԴԱ.

Ծունդան Վրաստանի ամենահին եւ ամուր բերդն է, նրա հիմնարկութիւնը վերագրւում է Քարթլոսի թոռ, Մցխէթոսի որդի Ջաւախոսին։ Երբ Արիաները տիրապետում էին Կովկասը, նրանք բնակեցնում են Ծունդայում Մարգերին, որոնց անուամբ եւ այդ հովիտը կոչւում է Մարգաստան։ Վրաց Փառնաւազի (302-237) Ք. (առաջ) թագաւորութեան ժամանակից մինչեւ Վրաստանի բժանումը (1455-1463) Ծունդան մայրաքաղաք էր Ծունդայի էրիստաւութեան (նախարարութիւն)։ Վրաց Փարսըմանի թագաւորութեան (72-87) ժամանակ Հայոց թագաւոր Երուանդը խլելով վրացիներից Ծունդան կոչվում է Քաջաց-տուն, Բայց Փարսըմանի յաջորդները՝ Ազօրկ եւ Արմաղէլ (87-103) նորից վերադարձնում են Վրաստանին։ Վրաց Միհրդատ Գ. (364-379) վերանորոգում եւ գեղեցկացնում է Ծունդայի եկեղեցին։ Վրաց Վախթանգ Ղուրդասլանի թագաւորութեան ժամանակ (446-499) այստեղ էրիստաւ էր Նասար անունով մին, որին նա տանում է իւր հետ Հնդկաստան պատերազմի։ Այս թագաւորը նշանակում է այստեղ մի եպիսկոպոս։ Ծունդան Վախթանգ Ղուրդասլանի կրտսեր որդիների ամարանոցն էր որոնք էրիստաւի իրաւունքներով կառավարում էին Արեւմտեան Վրաստանը եւ Աբխազիան։ Վախուշտի ժամանակ (ԺԸ) դարում) Ծունդան այլ եւս քաղաք չէր, միայն բերդը դեռ եւս պահպանում էր։ Այսօր Ծունդայի բերդը եւս աւերակ է, ինչպէս եւ եկեղեցին։ Այստեղ բնակվում են 15 տուն թուրք սուննիներ 52 ար. 56 իգ սեռից ընդամէնը 108 հոգի։

ԳԻՒՄՈՒՐԴՈ

Այս եկեղեցին կառուցել է Յովհաննէս վրացի եպիսկոպոսը (957-964) Աբխազաց Լեւոն Գ. թագաւորի թագաւորութեան (955-957) եւ Զվիադի էրիստաւութեան ժամանակ, ինչպէս վկայում են պատերի վրայ եղած արձանագրութիւնները։

Գիւմուրդօյում նստում էր Ջաւախքի վրաց առաջնորդը։

Վրաց Մեծն Բագրատ թագաւորը (1027-1072) շինել է նրա արեւմտեան գաւիթը։

ՎԱՐՁԻԱ ԿԱՄ ՎԱՐՁՈՒՆԻՔ

Վարձիա վրացերէն նշանակում է վարդերի ամրոց։ Սրա հիմնարկութիւնը վրաց տարեգիրները վերագրում են վրաց Գէորգի Գ. թագաւորին (1156-1184), Թամար թագուհու հօրը, որ կիսակատար է թողել։ Նրա դուստր մեծահռչակ Թամար թագուհին (1184-1212) ոչ միայն մոռացութեան չտուեց իւր հօր ձեռնարկութիւնը, այլ եւ իւր բոլոր ուշադրութիւնը դարձնելով նրա վրայ, իւր համար մի փառաւոր ապարանք դարձրեց, որ նրա ժամանակ 360 սենեակ ունէր։ Նա  այստեղ ժայռի մէջ փորել տուեց եւ Ս. Աստուածածնի Վերափոխման հրաշալի եկեղեցին, որ 1553 թուին պարսից Թամազ շահը կողոպտեց։

Այստեղ մի փոքրիկ մատուռի մէջ թաղուած է վրաց թագաւոր Կոստանդին Ա. (1407-1414)։

Ոմանք Ս. Աստուածածնի Վերափոխման եկեղեցու մէջ եղած գերեզմանը Թամար թագուհունն են համարում, բայց սխալւում են Թամար թագուհին թաղուած է Գելադի վանքում։

Ահա՛ այս է վրաց տարեգիրների տուած տեղեկութիւնը, իսկ Հայոց պատմագիրներից Վարդան Բարձրբերդցին [8] ասում է, թէ Է. դարու սկզբում «Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի՝ յայնժամ Ճոնեացն կոչիւր։ Եւ  տարաւ զնա Սարգիս Ճոնեացն ի գողութ յերեսաց այլազգեաց, ուր արար սքանչելիս ձեռօք Տիմոթ վարդապետին-զկինն Դեմետրեայ արքային վրաց յուրկութենէ առողջ արարեալ ամենեւին, վասն որոյ եւ առին ի Հայոց եւ է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ եւ կամ Բարսղի սրբոյ Ճոնին եւ ունի գիր հայերէն յաջ թեւն»։

Սրանից երեւում է, որ աւանդութեան ասելով սուրբ Աստուածածնի տուած դրախտի ծառի ճիւղից շինուած Ճոնեաց սուրբ խաչը ապահովութեան համար Է. դարու սկզբում Վարձիա է փախցրած, որի պատճառով եւ Վարձիոյ է կոչուել։ Հետեւապէս եւ այս Վարձիան ոչ թէ ԺԲ. դարումն է շինուել, ինչպէս վրաց տարեգիրներն ուզում են հաւատացնել, այլ Է. դարուց առաջ, թերեւս մի հայ իշխանի ձեռքով։ Իսկ Գէորգ եւ Թամար թագաւորն ու թագուհին միայն նորոգել եւ նորանոր շինութիւններով հարստացրել են [9] ։



[1]            Բ գիրք գլ. Ը նաեւ Ասողիկ. հանդէս Դ եր. 39։

[2]            Անդ։

[3]            Գիրք Գ. գլ. Կ։

[4]            Գիրք Բ, գլ. Ժ։

[5]            Ե. 15 եր. 178։

[6]            Երես 133, Ինճիճ. Ստ. եր. 352

[7]            Потто, Кавказская война, հատոր Դ, եր,. 110։

[8]            Երես 96-97։

[9]            Վարձիայի մասին աւանդութիւններ տե՛ս իմ «Ջաւախքի բուրմունք»-ում։