Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԵԹՈՒՄ Ա. ԹԱԳԱՒՈՐԻ ՀԱՒԱՔԱԾ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՏՈՒՓԸ.

Գիւմուրդօ գիւղի արժ. Տէր-Առաքէլ Կուրղինեանի մոտ կայ մի մասնատուփ, որ պատրաստել է տուել Հեթում Ա. թագաւորը։

Տուփի երկարութիւնն է 2 վերշոկ, լայնութիւնը 1 1/2  վերշոկ, իսկ հաստութիւնը 2 սանտիմետր։ Տուփի մի երեսք զարդարուած է մի  խաչով, վերան Քրիստոս խաչուած, չորս ծայրերին մի մի սրբի անդրիներ կերտուծ։ Տուփի երեսի չորս անկիւններում մեխուած է չորս սրբերին, թերեւս Ս. Յակովբ Մծբնայ հայրապետի , Ստեփաննոս Նախավկայի, Նիկողայոս Սքանչելագործի եւ  Պանդալէոն բժշկի ոսկեայ գլուխները։

Տուփի միւս երեսի վրայ երկաթագրերով գրուած է։

ԵՍ ՀԱՅՈՑ ԹԳԱՐՍ ՀԵԹՈՒ

Մ. ԲԶՒՄ ԱՇԽԱՏՈՒԹԲ

ԺՂՎՑԻ ՆՇԽԱՐՔՍ ՍՐԲՈՑ Մ.

ԷԾԻՆ ԱԿՈԲԱ ՄԾՊՆԱ

ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԵՒ ՆԻԿ

ՈՂԱՈՍԻ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐ

ԾԻՆ ԵՒ ՍՏԷՓԱՆՈՍԻՆ ՆԱԽ

ԱՎԿԱԻՆ ԵՒ ՊԱՆԴԷԼԵՒՈՆԻ

ԲԺՇԿԻՆ ԶՈՐ ԱՍՏ ԿԱ ՊՀՊԱ

ՆՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՅՍ ԵՒ Մ

ԱՐՄՆՈՅ ԻՄՈՑ ԹՎԻՆ Է

ՃԽԵ ԻՆ ՄԱԻՍԻ Ի ԻՆ ՍԲ ՆՇ

ԱՆՍ ՇԻՆՎԷՑԱՒ։

Այս արծաթեայ տուփի գերեզմանի մէջ գրուած է սրբոց նշխարներն ոսկեայ տուփով-դագաղով։

Դագաղի երեսը եւ կողքերը զարդարուած են թանգագին ակներով, որոնց թիւը հասնում է քառասունի։

Դագաղը լցուած է արիւնով շաղաղուած հողով, որ մէջ գրուած են Ս. Յակովբ  Մծբնայ հայրապետի միջին մատը, Ս. Նիկողայոս  Սքանչելագործի ճկոյթը, Ս. Ստեփաննոս Նախավկայի բոյթը եւ Պանդէլեւոն բժշկի մի մասը։

Կարծիք կայ թէ այդ սրբութիւնը Հեթում թագաւորը հանդիսաւոր օրերին կախելիս է եղել վզից։

Այս մասնատուփը Տէր-Առաքէլ հայրը գնել է Բարալէթցի Աղաջան Գալստեանից 800 ր. ։ Այս վերջինս իմ Բարալէթ գնացած միջոցին պատմում էր, թէ այդ սրբութիւնը մնացել է իրեն իւր հայր Գալստից, որը Սողոմոն անուն մի Արդահանցու որդեգիրն է եղել։

Այս Սողոմոնի, որի ազգանունը չէր յիշում, Երուսաղէմի միաբան եպիսկոպոս եղբայրը, որի անունը նոյնպէս չէր կարողանում տալ, Կարնում նուիրակ եղած միջոցին, գալիս է Արտահան եղբոր մոտ, ուր եւ մեռնում է։ Սողոմոնն եղբոր կողոպուտը յանձնում է Կարնոյ եպիսկոպոսին, իսկ այս մասնատուփը պահում իւր մոտ։ Յետոյ գնում է Երուսաղէմ եղբոր ունեցուածքից մաս ստանալու, ճանապարհին մեռնում է, բոլոր կարողութիւնը, որի հետ եւ այդ մասնատուփը, թողնելով Գալստին, որովհետեւ  զաւակ չէ ունեցել։

ԾՈՒՆԴԱՅԻ  ԵԿԵՂԵՑԻՆ.

Համանուն գիւղի գրեթէ կենդրոնում, մի բլրակի վրայ բարձրանում է Ծունդայի եկեղեցին։

Նախ սեւ քարից մի  սաժէն  բարձրութեան ներքնայարկ է շինուած եւ ապա սրա վրայ կարմիր քարերով կանգնեցրած է եկեղեցին, որ չորս սաժէն երկարութիւն եւ երկական սաժէն լայնութիւն ու բարձրութիւն ունի։

Եկեղեցու ձեղունը բոլորակաձեւ է առանց գմբէթի, արեւելեան պատի մէջ բացւում է գեղեցիկ նշխերով  եզրափակուած մի պատուահան նոյնպիսի միայն փոքր ինչ նեղ պատուհան էլ կայ արեւմտեան պատի մէջ, որի ներքեւ քանդակուած է մի ողկույզներով  պատած խաչ, սրա տակ կայ վրացերէն Մեսրովբեան տառերով մի անվերծանելի արձանագրութիւն։ Այս պատի մէջ կայ եւ մի կամարակապ դուռն, որ այժմ վեր է շարուած։ Հիւսիսային պատը բոլորովին պարզ եւ առանց պատուհանի է. հարաւայինին կից է գաւիթը, որ եկեղեցուն հաւասարաչափ եւ սրանից աւելի գեղեցկաշէն է։ Չորս սիւների վրայ բոլորում են բարակ կամարներ, որոնց վերայ բարձրանալիս է եղել գմբեթը։

Հարաւային կամարը ծառայելիս է եղել որպէս մուտք եւ խաչաձեւ քանդակներով զարդարուած է։

ԳԻՒՄՈՒՐԴՈՒ  ԵԿԵՂԵՑԻՆ.

Գիւմուրդու եկեղեցին սրբատաշ սեւ եւ կարմիր քարերով շինուած խաչաձեւ  գեղեցիկ եկեղեցի է։

Նրա երկարութիւնը՝ 6 սաժէն, լայնութիւնը . եւ 1 արշ. եւ բարձրութիւնը մինչեւ կաթողիկէն  7 սաժէն է։ Կիսաբոլոր բազմանկիւնի  սիւների վրայ ձգւում են կամարներ եւ սրանց վրայ բարձրանալիս է եղել գմբէթը, որ այժմ քանդուած է։

Եկեղեցու հարաւային կողմը չորս գեղեցիկ կամարներ իրենց ծայրերում ամփոփելով կէս արշինանոց մի մի քարէ հրեշտակ, բոլորում եւ կազմում են 8 արշ. երկ. 6 արշ. լայն. եւ 9 1/4 արշ. բարձրութեան մի գեղեցիկ նախագաւիթ։ Սրա միջից, դէպի եկեղեցին բացւում են երկու դուռ, մին որ տանում է եկեղեցին, իսկ միւսը մի փոքրիկ խորան։ Եկեղեցու դուռն՝ որ 3 1/2  արշին բարձրութեան եւ 2 արշ. լայնութեան է, կամարակապ է եւ նշխերով զարդարուած։

Եկեղեցու դռնից փոքր ինչ աջ բացւում է մի ուրիշ փոքրիկ դուռ 2 արշ. երկարութեան եւ 1 1/2  արշ. լայնութեան խորանի մէջ, որի մէջ այժմ խաչքարեր կան դրուած։

Նախադրան արեւմտեան պատը բոլորովին քանդուած է, միայն սրան կից կանգուն են երկու գերեզմանի  կոթողներ□ երկու քառ. արշ. բարձրութեան հողակոյտի վրայ մի քառակուսի արշինաչափ կարմիր քարէ պատուանդան է գըրուած, որի վրա կանգնեցրած  է չորս արշին երկարութեան եւ կէս արշին լայնութեան քառանկիւնի քարեր։

Կոթողների վրայ չկայ ոչ մի արձանագրութիւն. միայն սրանց պատուանդանի վրայ քանդակուած են խաչեր եւ մի ծառ։

Եկեղեցու պատը գաւիթի ձեզունից 4 3/4  արշին բարձր է, պատի մէջտեղը մոտ չորս արշին երկարութեան եւ 1 1/2  արշ. լայնութեան եռանկիւնաձեւ  ներս տնկուածք կայ, գլուխը ճաճանչաւոր հրեշտակի քարեգլխով զարդարուած։ Սրա երկու կողմում մի սաժէն երկարութեան եւ 1/2  արշին լայնութեան մի մի պատուհան կալ։ Այս պատին բոլորովին նման է հիւսիսային պատը, միայն սրա առջեւ չկայ ոչ գաւիթ եւ ոչ դուռն։

Եկեղեցու արւելեան կողմը, պատի ծայրերից 3 1/2  արշին հեռաւորութեամբ կան մի մի ներսանկուածներ, կամարներին ճաճանչների մէջ մի Աւետարանչի գլուխ եւ մի արծիւ քանդակուած։ Սրանցից  մէջ տեղը բացւում է մօտ 2 արշ. երկ. եւ մոտ 1/2 արշ. լայնութեան մի պատուհան՝ գեղեցիկ քանդակներով եզրափակուած, սրա շուրջը բոլորում է մի կամար, մի ծայրը մի մարդու, իսկ միւսը մի արծուի քանդակի վրայ յենուած։ Կամարի վրայ բացւում է մի փոքրիկ, կլոր պատուհան։

Արեւմտեան պատին կից է դաւիթը, որը 25 արշին երկարութեան եւ 14 արշին լայնութեան եւ 9 արշին բարձրութեան երեք սենեակների  շինութիւն է։

Արեւմտեան կողմն ունի մի գեղեցիկ քանդակագործ դուռ, բարձրում խաչ եւ  արձանագրութիւն [1], միւս պատերն էլ  կամարաւոր եւ գեղեցիկ քանդակներով զարդարուած են։

Եկեղեցին ներքուստ բաժանուած է եօթ խորանների, որոնցից երեքն՝ արեւելեան կողմն են։

Սեղանի երկու կողմից բարձրացող կիսասիւների վերին հանդիպակաց անկիւններում կան մի այր եւ մի կին մարդու փորագիր քանդակագործ պատկերներ։ Սեղանի երկու կողմը կայ մի մի հանդերձատուն։ Հիւսիսային եւ հարաւային կիսաբոլորաձեւ երկերկու խորաններից առաջինների արեւելեան պատերի մէջ կան մի մի աւազան։

Գիւմուրդեցի հայ գիւղացիք եկեղեցու արեւմտեան մասը, որ հաւանականօրէն միաբանից բնակարանք պիտի լինի, դարձրել են եկեղեցի, սեղանի համար տեղ առնելով եկեղեցու մէջ, որ բռնել է գրեթէ կէս մասը։ Իսկ կողքի երկու սենեակն առաջներն իբրեւ ուսումնարան, իսկ այժմ որպէս հասարակաց շտեմարան եմ ծառայեցնում։ Բացի այդ՝ եկեղեցու խորաններից դէպի արեւելք դռներ են բացել եւ այդտեղ եւս ցորեն են լցնում։

ԹՄԲՈՒԿ ԿԱՄ ԹՄԿՈՎԻ.

Վեց ապառաժոտ 8761 սա. բարձրութեան լեռներ միմեանց կպած եւ ձգուած են Կուրի ուղղութեամբ, հարաւից Հիւսիս։ Սրանցից միջի երեքը, որոնցից դէպի հիւսիս գտնւում են երկու, իսկ դէպի հարաւ մի լեառն, միւսներից փոքր ինչ բարձր են եւ ահա այս երեք լեռների վրայ կառուցուած է մի ամրոց, որի երկարութիւնը կը լինի մօտաւորապէս 100, իսկ լայնութիւնը՝ 20 սաժէն։

Պարիսպը, որի լայնութիւնը 1 1/2 արշին է, կրով եւ տեղ տեղ սրբատաշ քարերով շինուած, բոլորում է այս երեք լեռների շուրջը, իւրաքանչիւրի վրայ մի մի աշտարակ բարձրացնելով ու ձգւում գնում կողքի լեռները, ուր միանում է իւրաքանչիւրի վրայ շինուած մի մի աշտարակի։

Բուն ամրոցի հանդէպ արեւելեան կողմը բարձրանում է այս երեք լեռներին կպած մի տափարակ բլուր, որ նոյնպէս պարսպապատ է։

Ամբողջ բերդն ունի երեք դուռ, հարաւից, հիւսիսից եւ արեւելքից, որ տանում է դէպի բլուրը։ Այս բլրի վրայ կայ մի փոքրիկ մատուռ, մօտ 7 արշին երկարութեան, 4 արշին լայն. եւ 5 արշին բարձրութեան։ Այս մատուռի միայն արեւելեան ու հարաւային պատերն են կանգուն մնացել։

Սեղանի երկու կողմը կայ երկար խորաններ։ Պատին նկարած է Ս. Աստուածածինը, կողքը երկու կոյս, ներքեւը երկ երկու առաքեալ։ Հարաւային պատին մի կամարի ներքեւ նկատելի է մի սրբի պատկեր, ներքեւում Վրաց Մեսրովբեան տառերով սեւ գոյնով գրուած մի արձանագրութիւն։ Ի զուր անցաւ բոլոր ջանքս ընդօրինակելու, որովհետեւ սաստիկ եղծուած էր։

Հարաւային դռան մօտ մի ստորերկրեայ անցք ժայռի միջով իջնում է մինչեւ Կուրը, ջուր բերելու համար։

Բլրի առջեւ կանգնած է կիսաւեր, 3 սաժէն բարձր. մի կոթող, որի շուրջը նկատւում են բնակարանների աւերակներ։

Այստեղ է եղել գիւղը, որից փոքր ինչ հիւսիս գտնւում է գերեզմանատունը։

Այստեղ կան շատ խաչարձաններ եւ գերեզմանաքարեր հայկական արձանագրութեամբ։ Սրանցից մինի վրայ գրուած է.

թվ. պկզ (1417)

Ես Մխիթար…… եւ կենակիցս, կանգնեցաք  զխաչ

Մի եռանկիւնաձեւ գերեզմանի քարի արեւելեան կողմը, երեսը դէպի արեւմուտք դարձրած կայ մի խաչարձան եւս հետեւեալ արձանագրութեամբ։

թվ. պհդ (1425)

Յահեղ աւուրն աներեկի լուսով փայլեալ ի մէջ

Երկրի գոգիս Սրգս. քհի. լուսաւորեա յայնս ատեանի նաեւ Եղիայի իւրոյ…

Մի ուրիշ գերեզմանի կարմիր քարէ խաչարձանի վրայ, որի բարձրութիւնն է 1 սաժէն է եւ լայնութիւնը 1 արշին.

Խաչս կանգնեցաւ

Խաչի փեղքերի միջեւ փորագրուած է սբ. Նիկողայոս. սբ. Սարգիս, Աստուածածին. սբ. Կամայկատար. ս. Գրիգոր խաչի պանտուանդանի վրայ Արդ ես էրեցս կանգնեցի զխաչս յիշատակ ինձ ծնաւ…. քո. յար… ուեկին եւ աբագերին…. եղբարցս իմնց տր. Մխիթարայ եւ տր… իր եւ ամենայն արական…., կա…. աց եւ երեխայոց։

Թմբուկն բերդի հանդէպ գետի աջ ափին կան ընդարձակ սենեակների պատեր։ Ժողովրդեան ասելով դա թմբկաբերդցիների խաներն են եղած։ Սրանցից փոքր ինչ հիւսիս կայ մի շինութիւն, փոքրիկ սենեակներից բաղկացած, որից միայն մինը կանգուն է։ Շինութիւնը շատ նման է բաղանիսի։

ՄԱՆԻՑ ԳՈՄ.

Ախալքալաքից դէպի արեւմտահարաւ, մօտ 17 վերստ հեռաւորութեամբ Կուրի արեւելեան ափին մի ձորակ կտրւում է երկու ահագին ժայռերով, որոք գրեթէ 30 սաժէն հեռաւորութեամբ ձգւում են միմեանց զուգահեռական։

Այս ժայռերն սկուում են ձորի ծայրից եւ իջնում մինչեւ գետի ափը, մօտաւորապէս մի վերստ երկարութեամբ, ժայռերի միջեւ, գետին մօտիկ կայ պատնէշի կիսաւեր մի հաստ պատ։ Այս ժայռերը բաղկացած են մեծ ժայռ քարերից, մանր խճից, կրից եւ կարմիր կաւային հողաշերտից, մօտաւորապէս երկու վերստ բարձրութեամբ։

Այս երկու ժայռերի միջից հոսում է մի սառն աղբիւր։ Ժայռերի մէջ կան արհեստական բազմաթիւ այրեր, որոնցից մի քանիսը մի, իսկ միւսները մի քանի աչքից են բաղկացած։ Կան եւ այնպիսիներ, որոնք նեղ անցքերով ուղիղ եւ դէպի վեր ձգուելով՝ բարձրանում են մինչեւ ժայռի գլուխը, իսկ տեղ տեղ փոքրիկ պատուհաններ են բացւում դէպի ձորը։

Առ հասարակ պատուհանների գոգում կան փոքրիկ անցքեր, թերեւս հրացանների համար։

Այս ժայռերից հարաւայինում կան երեք եկեղեցի, որոնցից երկուսը ստորոտումն են, իսկ միւսը գագաթին։ Վերջինս գմբէթաւոր է եւ հեռուից պարզ երեւում է, միայն թէ այդտեղ տանող այրերից շատերը քանդուած լինելով՝ անհնարին է բարձրանալ մինչեւ այնտեղ։ Միւս երկու եկեղեցիներ խորաններ ունին։

Այրերը լի են թռչունների բուներով, հովիտը բիւրաւոր ծաղիկներով։

ՎԱՐՁԻԱ ԿԱՄ ՎԱՐՁՈՒՆԻՔ.

Կուր գետի ձախ ափին, գետից մօտ 40 սաժէն հեռաւորութեամբ բարձրանում են ահագին ժայռեր, 5 վերստից աւելի բարձրութեան եւ 3 վերստից ոչ պակաս երկայնութեան։ Այս ժայռերը կազմուած են ժայռ քարերի եւ աւազի շերտերից։ Այս ժայռի մէջ արուեստօրէն փորուծ են եօթհարիւրի չափ սենեակներ, եկեղեցիներ եւ այլ շինութիւններ։ Ընդհանրապէս բոլոր շինութիւնները շատ մաքուր փորուած են եւ բաղկացած են 2-4 սենեակներից, մի սաժէնից աւելի բարձրութեան եւ զանազան մեծութեան։ Ամբողջ շինութիւնը բաղկացած է եօթ յարկից, որոնցից իւրաքանչիւրի կտուրը ծառայում է երկրորդին որպէս պատշգամբ կամ ճանապարհ։ Առաջին յարկը գետնից մօտ 20 սաժէն բարձր է։ Այս ահագին շինութիւնն ունեցել է միայն երկու ճանապարհ ժայռի երկու կողքերից ու սրանք մի սաժէնից աւելի բարձրութեան եւ երկու արշին լայնութեան կամարձեւ անցքեր են, որ ժայռի ստորոտից տեղ տեղ ոլորուելով բարձրանում են մինչեւ վերջին յարկը, իւրաքանչիւր յարկի համար դռներ բանալով։

Արեւմտեան կողմը գրեթէ երեք վերստ հեռուից փորանք է դրուած, որ գալիս հասնում է մինչեւ դատարանը։ Խողովակներից մինը հանուած է եւ պահւում է։ Աւանդութիւնն ասում է, թէ սա կաթ բերելու համար է շինուել. բայց հաւանական է, որ ջրի համար լինի։ Շինութիւններից գլխաւորապէս նշանաւոր են.

Ս. Աստուածածնի Վերափոխման եկեղեցին. Սա ամբողջապէս փորուած է ժայռի մէջ, երկրորդ յարկում, միայն հարաւային պատը, սրա հետ եւ երկկամարանի գաւիթը՝ որ 4 սաժէն երկարութիւն, 1 1/2 արշին լայնութիւն եւ 5 սաժէն բարձրութիւն ունի, շինուած է սրբատաշ քարերից։ Այս պատի դրսի երեսին նկարուած է վերջին դատաստանը, իսկ գաւթի առաստաղի վրայ չորս հրեշտակ մի խաչ բռնած եւ մի քիչ ներքեւ, մի սայլ՝ վերան մի աղջիկ եւ մի տղայ քնած։

Գաւթից միայն մի դուռ բացւում է եկեղեցու մէջ։ Եկեղեցու երկարութիւնը 6 սաժէն եւ երկու արշին, լայնութիւնը 3 սաժէն 2 1/2 արշին եւ բարձրութիւնը մօտ 5 սաժէն է։ Առաստաղը կամարաձեւ է. խորանը բոլորաձեւ եւ կամարակապ. հիւսիսային եւ հարաւային պատերին կից ձգւում են երկու բարակ կեղծ սիւներ որ կամար են ձգում պատերի վրայ. խորանի հարաւային պատի մէջ բացւում են երկու երկայն ու նեղ եւ սրանց վրայ մի կարճ ու նեղ պատուհան։ Նոյն պատի մէջ բացւում են երեք մեծ եւ սրանց վրայ երկու փոքր պատուհան։

Աւագ խորանի մէջտեղը մի սաժէն բարձրութեան, մէկ ու կէս արշին լայնութեան եւ մի արշին խորութեան մի սրբատուն կայ, սրանից մի քիչ ձախ մի այդպիսին էլ կայ, որի մէջ մի անցք բացւում է դէպի կողքի սենեակը։

Այս խորանի առաստաղի մէջտեղ նկարուած է Ս. Աստուածածինը, երկու հրեշտակապետի հետ, շուրջը Վրաց Մեսրովբեան տառերով գրած. Ամենասուրբ Աստուածածին օգնեա՛ Թամար թագուհուս ։

Աստուածածնի պատկերի շուրջը նկարուեծ են տասներկու առաքեալների պատկերները, մինի տակը վրաց Մեսրովբեան, միւսը յունական տառերով անունը գրած։

Եկեղեցու հիւսիսային պատի առաջին կամարի մէջ նկարած է Ս. Աստուածածինը հրեշտակներով շրջապատուած, մօտը Գէորգ Գ. թագաւորը, ձեռքը դէպի նա պարզած, իսկ սրա մօտ Թամար թագուհին՝ ձեռին այս եկեղեցու յատակագիծը։ Սոյն պատի միւս կամարի մէջ նկարուած է վրաց չորս թագուհիներ, միւս պատերը եւ պատուհանները ծածկուած են սրբոց նկարներով։ Ընդհանրապէս բոլոր պատկերները յաջողուած են եւ պատիւ են բերում անյայտ նկարչի վրձինին։ Հիւսիսային պատի մէջ, սեղանին կից բացւում է մի դուռն մի ընդարձակ սենեակի մէջ, ուր դրան մօտիկ կայ մի փոքրիկ մատուռ, մէջը երկու գերեզման։ Ոմանց ասելով սրանք Գէորգի Գ-ի եւ Թամարի գերեզմանները պիտի լինին։ Այս սենեակի արեւելեան պատի մէջ բացւում է մի նեղ դռնակ. երկու արշին բարձրութեան եւ 1 4/2 արշ. լայնութեան մի անցք ձգւում է դէպի վեր, եւ բաժանուելով երկուսի, մինը գնում է դէպի հիւսիս եւ ուղղակի իջնում այս սենեակի վրայ. այս ուղղահայեաց անցքը մօտ 10 սաժէն խորութիւն, 2 արշին երկարութիւն եւ 1 1/2 արշ. լայնութիւն ունի։ Միւս անցքը սանդուղներով, 60 սաժէնաչափ բարձրանալով մտնում է մի ընդարձակ սենեակ, 60 ս. երկարութեան, 2 ս. լայնութեան եւ 1 ս. բարձրութեան։ Այս սենեակից երկու սանդուղով իջնում են մի փոքրիկ տեղ, ուր կայ քարէ մի դուռ, այստեղ երկու պատուհան նայում են դէպի ձորը։

Այս ընդարձակ սենեակը ունի մի մեծ պատուհան, որտեղից կարելի է դուրս գալ եւ մտնել մի ուրիշ, բոլորովին անջատ այրի մէջ, որ ինքն էլ ստորաբաժանումներով տարածւում է ժայռի մէջ։ Տաճարի արեւմտեան պատի մէջ բացւում է մի ուրիշ դուռ, որ մտնում է մի ընդարձակ սենեակ, ուր կան չորս գերեզման։ Այս սենեակը մի դռնով հաղորդակցութիւն ունի եւ տաճարի հիւսիսային կողմը գտնուող սենեակի հետ, ուր գտնւում է թագաւորի եւ թագուհու կարծեցեալ գերեզմանները, փոքրիկ մատուռով։ Արեւմտեան պատի մէջ էլ բացւում է դուռն մի ահագին, երկու սաժէնից աւելի բարձր սենեակի մէջ, որի առաստաղում բացուած է մի կլոր անցք, որ սանդուղներով տանում է վերեւ եւ ստորաբաժանումներով մտնում զանազան սենեակների մէջ։ Այս սենեակի հիւսիսային կողմում ձգւում է մի սաժէն բարձրութեան մի լայն անցք, որ տանում է դէպի սառն ջրի աւազանը։

Զանգակատունը գտնւում է եկեղեցուց փոքր ինչ ցած՝ դէպի արեւմուտք, մօտ 8 սաժէն հեռու առաջ ցցուած ժայռի գագաթին։ Չորս սրբատաշ կամարների վրայ բարձրանալիս է եղել գմբէթը, որ այժմ քանդուած է։ Արեւմտեան եւ արեւելեան պատերի մէջ բացւում են կամարաձեւ դռներ, գեղեցիկ նշխերով եզրափակուած։ Զանգակատունը առանց գմբէթի քառակուսի է, երկու սաժէն մեծութեան։ Հիւսիսային պատը այժմ քանդուել է։ Սրա արեւելեան պատի անկիւնում կայ քանդուած մի ողկոյզ երկու ճութ խաղաղով, եւ մի պսակաձեւ օղակ, որի մէջ եւ կանացի րըլիէֆ մի դէմք։

Թագուհու բնակարանը. Զանգակատնից արեւմուտք, ժայռի մէջ փորուած է 4 սաժ. երկարութեան, 2 ս. լայնութեան եւ մօտ 3 սաժէն բարձրութեան մի կամարաւոր սենեակ։ Սրա հիւսիսային պատի վրայ մի կամար է բոլորում, իսկ արեւմտեան պատի մէջ 2 1/2 արշ. խորութեամբ եւ 1 ս. բարձրութեամբ եւ 2 արշ. լայնութեամբ մի պահարան է բացւում. միւս պատերի մէջ եւս կան մեծ եւ փոքր պահարաններ։ Պատերին կից ձգւում են զ արշին բարձրութեան քարէ նստարաններ։ Այս սենեակից բացւում են դռներ դէպի ուրիշ 2 սենեակ։ Դուռը մեծ եւ կամարաւոր է։ Դրան մօտ գտնւում է մի փոքրիկ մատուռ եւ ուրիշ սենեակներ։ Ասում են, թէ սա թագուհու բնակարանն է եղած։

Խորհրդարանը  կամ դատարանը. 4 սաժէն երկայնութեան, 2 ս. 2 արշ. լայնութեան եւ 2 ս. բարձրութեան կամարաւոր մի սենեակ է, ժայռի մէջ փորուած։ Դուռը կամարաձեւ է, 5 արշ. բարձրութեան եւ 2 արշին լայնութեան, կողքերին մի նեղ պատուհաններով։ Հիւսիսային պատի մէջտեղը փորուած է պատկեր դնելու տեղ, իսկ ներքեւում մի պահարան- թերեւս նստելու տեղ։ Սրանից ձախ 4 արշ երկայնութեան 2 արշ. խորութեան եւ 5 արշ. բարձրութեան կամարաձեւ մի խորշ կայ, այսպիսի խորշեր միայն փոքր ինչ փոքր կան եւ արեւմտեան ու արեւելեան պատերի մէջ, Հիւսիսային պատի մէջ բացւում է մի դուռ մի ուրիշ սենեկի մէջ, որ 3 ս. երկայնութիւնն եւ 4 արշ. լայնութիւն ունի։ Արեւելեան պատի մէջ եւս գլխաւոր դրան մոտ մի դուռ տանում է մի փոքրիկ սենեակ։ Գլխաւոր դրան առաջ փոքրիկ հրապարակ կայ, կողքերին քարէ նստարաններ։ Արեւելեան կողմը մի փոքրիկ  մատուռ կայ։

Միւս շինութիւններից նշանաւոր է մի փոքրիկ եկեղեցի, հնձանը, ժայռի մէջ փորուած մառանը, ուր բացի ներփորուած պահարաններից  կան եւ 6 հատ ժայռի մէջ փորուած գինու կարասներ, խանութներ որոնց դարակները ժայռի մէջ են դուրս փորուած են։

Մինչեւ դարուս կէսը Վարձիան բոլորովին անխնամ է թողնուած եւ ոչխարների պհահպանութեան էր ծառայում իսկ այժմ  շնորհիւ սկզբում մի լոյն սարկաւագի, իսկ այժմ մի վրացի վարդապետի մաքրուած եւ ուխտատեղի է դարձրած։ Ամէն տարի Ս. Աստուածածնի Վերափոխման տօնին շրջակայ գիւղերից եւ քաղաքներից ահագին բազմութիւն Հայերի, Վրացիների եւ Յոյների գալիս է այդտեղ ուխտի Ախալքալաքի  գաւառն էլ մի փոքրիկ նպաստ է տալիս այդ վանքի պահպանութեան համար [2] ։

ՄՈՒՐՃ

Գոթելեա գիւղից դէպի արեւելահիւսիս մի եւ կէս վերստ հեռաւորութեամբ ընդարձակ  դաշտավայրի վրայ բարձրանում են երկու բլրակներ, որոնցից հիւսիսայինի վրայ նկատւում է պարսպի հիմք եւ մարտկոցի աւերակ։ Այս բլրի արեւմտեան կողմը տարածւում է մի ընդարձակ գիւղի աւերակ եւ ցորենի բազմաթիւ հորեր, պատերը քարով շարուած- Բլրի լանջին գիւղի կողմը, միմեանց մոտ 50 սաժէն հեռաւորութեամբ երկու ստորեկրեայ այր ձգւում են հեռու ու հեռու։ Գոթելեցոց ասելով մինչի Նացարգորայի գետը։ Այրերի մէջ բացւում են բազմաթիւ, մեծ եւ փոքրի սենեակներ, որոնցից մի քանիսի կտուրները ծածկուած են մեծ մեծ քարերով.

ՔՕՌՕՂԼՈՒ   ԲԵՐԴԸ

Սամսար լեռների հարաւային վերջին գագաթի եւ Թափարաւան լճի հիւսիսային եզրի հանդէպ բարձրանում են միեւնոյն ուղղութեամբ եւ միմեանց մօտ կէս վերստ հեռու երկու լեառն, որոնց վրայ գտնւում է Քօռօղլու բերդը։ Այս լեռներից հիւսիսայինը միւսից բարձր է, սրա արեւմտեան լանջին գտնւում են սեպացեալ  ժայռեր, որ ձըգւում են մինչեւ գագաթը։

Այս ժայռի մէջ բաւական մաքուր փորուած են իրար վերայ երեք սենեակներ, որոնք ժողովրդեանն ասելով, Քօռօղլու ապաստարանն են եղած։

Մի փոքրիկ, մի արշին բարձր եւ 3/4  արշ. լայն. դուռ, որի առաջ ընկած է 1/4 արշին հաստութեան քարէ փեղկը, բացւում է 3 արշին երկար. 2 արշ. լայն. եւ 1 սաժէն բարձրութեամբ սենեակի մէջ։ Սրա արեւմտեան պատի մէջ բացւում է մի փոքրիկ պատուհան, քարէ փեղկով ծածկուած, կողքերին երկու ծակ միայն թողնելով, որ հրացանի համար է։

Արեւելեան պատի մէջ տեղը մի վերշոկ խորութեան 1/2 արշ. բարձրութեան, եւ 3/4  արշ. լայնութեան կամարաձեւ փորուածք է, իսկ հարաւային պատի մէջ զ արշ. երկարութեան 3 վերշոկ լայնութեան եւ 5 վերշոկ բարձրութեան կամարաձեւմի խորշ կայ։

Դռան մօտից 1 1/2 արշ. բարձ. եւ 1 արշ լայնութեան մի անցք երկու սաժէն եկարութեամբ  սանդուղով բարձրանում եւ վերջանում է մի փոքրիկ  դռնով, որի շուրջը հրացանի համար անցքեր են թողած։

Իմ առաջնորդ արժ. Տէր-Մակար Տէր-Յարութիւնեանն ասում էր, թէ մի տարի առաջ ինքն այդ դռնով մտել էր մի ուրիշ սենեակ, որ այժմ քանդուել եւ վայր է թափուել։ Այս սենեակն առաջինին նման, միայն նրանից փոքր ինչ մեծ է եղել։

Հարաւային պատի մէջ մի արշինից աւելի բարձրութեան եւ մօտ 3/4  արշ. լայնութեան եւ 1/4  արշ. խորութեան կամարաձեւ ներս է փորուած եղել, մէջը մի գլխաբաց, հանդերձը  մինչեւ ծնկները, առանց զէնքի մարդ քանդակուած։

Պատկերի երկու կողմն եղել է արձանագրութիւն, որ ոչ ինքը եւ ոչ իւր վրացի ուղղեկիցը կարողացել են իմանալ, թէ ինչ ազգի տառերով։ Այս սենեկի առջեւ գետնից մի արշ. լայնութեան պատ է դրուած եղել, որի վրայով քայլելով բարձրանալիս են եղել երրորդ եւ վերջին սենեակը, որ դեռ կանգուն է։ Սա ժայռ քարերի մէջ փորուած 4 արշ. երկար 3 արշին լայնութեան եւ մի սաժէն բարձրութեան սենեակ է, որի արեւմտեան պատը բոլորովին քանդուած է։

Արեւելեան պատի մէջ երկու վերշոկ խորութեան 3/4  արշին երկար եւ 1/2  արշին լայնութեան խորշ կայ, իսկ հարաւայինում 1/4  արշին խորութեան մի մեծ կամար, որի վերեւ մի ուրիշ մի արշին երկարութեան եւ երկու վերշոկ լայնութեան եւ 1/4  արշ. խորութեան խորշ. ըւր մի թռչուն բուն էր գրել եւ ձու ածել։

Սենեկի արեւելեան պատի անկիւններում դրուած էին երկու խաչարձան։ Մեր ջանքն ի զուր անցաւ արձանագրութիւն եւ մարդու պատկեր կրող քարը գտնելու։

  ՍԱՄՍԱՐՆԵՐ

Մեծ կամ Թոք եւ Փոքր Սամսարները գտնւում են Ախալքալաքից դէպի արեւելք։ Սամսար լեռներից արեւմուտք մի բարձրաւանդակի վրայ։

Այս երկու Սամսարների միջի հեռաւորութիւնը հազիւ կէս վերստ լինի։ Այս երկու գիւղերի միջեւ ձգւում է մի ձոր, որ հազիւ 6 սաժէն խորութիւն եւ չորս սաժէն լայնութիւն ունենայ։ Սա սկուում է Մեծ Սամսարից հարաւ 1/2 վերստ հեռուից եւ ձգւում է մինչեւ Փոքր Մերենիա աւերակը։ Ձորակի միջով հոսում է մի վճիտ եւ սառնորակ առուակ, որ սկիզբն է առնում Մեծ Սամսարից մի վերստ հեռու արեւելահարաւ գտնւող Քեխուտի սարի աղբիւրներից։

Ձորակի երկու կողմերը քոչեր են, սեւ, կարմիր եւ սպիտակ մեծ ու փոքր քարերից, կարմիր, կաւային եւ կրային հողից ու խճից բաղադրուած։

Այս քրչերի մէջ փորուած են մի փառաւոր եկեղեցի, մի քանի մատուռ եւ բազմաթիւ այրեր։ Եկեղեցին, որ գտնւում է փոքր Սամսարի ձորակում, գետի աջ ափին, ամբողջովին փորուած է քրչի մէջ։

Նրա երկարութիւնն է 20 արշին, լայնութիւնը՝ 10 արշին եւ բարձրութիւնը մոտ 5 սաժէն։ 2 արշին երկարութեան 1 1/2  սաժէն բարձրութեան քառանկիւնի  բնականից թողնուած սիւներ կամարակապ բոլորում են եւ սրանց վերայ բարձրանում է գմբէթի փորուածքը։

Խեղանի երկու կողմը կայ մի մի հանդերձատուն, 2 սաժ. երկարութեան 3 1/2  արշին լայնութեան եւ մօտ 4 սաժէն բարձրութեան։

Եկեղեցու հարաւային պատը, որի մէջ բացւում է եկեղեցու դուռն եւ երեք պատուհան, կիսով չափ քանդուած է։ Դռան վերեւ վրաց Մեսրովբեան  տառերով կայ մի եղծուած արձանագրութիւն։

Խորանի պատուհանի եւ եկեղեցում արեւմտեան պատի միջից մի նեղ անցք ձգւում եւ գնում խառնւում է ձորակի միջի բազմաթիւ այրերին։

Այս քրչերից պրծել գետի ափն է գլորուել  10 արշին բարձրութեան, 6 սաժէն լայնութեան եւ 1 սաժէն հաստութեան մի ժայռ քար, որի մէջ փորուած է մի մատուռ, մի սաժէն բարձրութեան, 2 1/2  արշին երկարութեան եւ երկու արշին լայնութեան։ Միեւնոյն քարերից, արեւելեան պատին կից դուրս է փորուած 1/2  արշին հաստութեան եւ 1 արշին բարձրութեան մի վէժ քար, որի պատի մէջ կայ մի փոքրիկ խորշ։ Դռան տեղը կոտրուած է։

Միայն դռան երկու կողմում կայ վրաց տառերով մի եղծուած արձանագրութիւն։

Այս ամբողջ ձորակի մէջ մանաւանդ Մեծ Սամսարում կան բազմաթիւ այրեր. սրանք ընդհանրապէս մեծ եւ փոքր գետնափոր խորշեր են՝ նեղ եւ երկարաձիգ անցքերով միմեանց միացած, որոնք երբեմն վայր են իջնում, երբեմն ուղղակի աստիճանաբար վեր բարձրանում եւ երբեմն ուղիղ ձգւում իրենց միջից զանազան կողմեր անցքեր բանալով։ Ընդհանրապէս այս անցքերն այն մեծութեան են, որ մարդ պպզած ազատօրէն կարող է յառաջ գնալ, իսկ տեղ տեղ այնքան բարձր են, որ կարելի է եւ կանգնած քայլել։

Խորշերը, որ հաւանականօրէն մարդկանց բնակարաններ են եղել, միշտ մի սաժէնից բարձր են, 1-10 սաժէն երկարութեան եւ 1-5 սաժէն լայնութեան։

Կան խորշեր եւս, ուր շինուած են քարէ մսուրներ, ժայռի մէջ փորուած են պահարաններ, քարէ նստարաններ, ձորակի մօտի սենեակներից պատուհաններ էլ ունին դէպի ձորը քարէ կափարիչներով։ Պատուհանների գոգերում կան փոքրիկ ծակեր։

Ընդհանրապէս այս բոլոր անցքերն ու խորշերը շատ մաքուր են, օդը՝ նոյնպէս, այրերի մինի միջի ջուրը եւս՝ շատ յստակ եւ սառն։

Այս աղբիւրն այժմ կախուած է ձորի մէջ, շնորհիւ գիւղի առաջին հարուստ եւ շատ հիւրասէր Կարապետ Գդլեանի, եւ ջուր է մատակարարում ամբողջ Մեծ Սամսար գիւղին։

Ես մտայ այս այրերից բոլոր նշանաւորները։ Ինձ ուղեկցում էին գիւղի արժանապատիւ Տէր-Մակար Տէր-Յարութիւնեան, որ մի աշխոյժ եւ հետաքրքիր երիտասարդ է եւ մի քանի գիւղացի։

Բաւական է կարծեմ նկարագրել միայն մի այրի ուղղութիւնը, ժողովրդեան կոչած «խաչ մաղարան» գտնւում է Մեծ Սամսարի ձորում առուակի աջ ափին, աղբիւրներից փոքր ինչ բարձր։

Ժայռ քարի մէջ փորուծ մի փոքրիկ անցքով մենք մտանք ներս եւ ուղղահայեաց 10 ոտք քարէ սանդուղով մագլցեցինք վերեւ, մտանք մի ընդարձակ, լուսաւոր սենեակ։ Անցքի բերնին կափարիչը գիւղացիք տարել գործածել էին։

Սենեակը քառակուսի է, 7 արշին մեծութեան եւ մի սաժէն բարձրութեան, հիւսիսային պատի մէջ կայ մի 1 1/2 արշին երկարութեան եւ 1 արշին լայնութեան պատուհան, որ նայում է դէպի ձորը։ Նկատելի է որ պատուհանն ունեցել է քարէ փեղկ։ Պատուհանի գոգից մի ծակ կայ։ Պատուհանի ձախ կողմը, մի արշին հեռու կայ մի փոքրիկ ծակ եւ մի մարդու նստելու տեղ։ Սրա մէջ կայ երեք դուռն։

Արեւելեան պատի մէջ բացւում է 4 Է արշին բարձրութեան, 1 արշին լայնութեան եւ 1 1/4 արշին հաստութեան մի դուռ, որի մօտ բարձրից 1/4 արշին մեծութեան մի խաչ է քանդակուած։ Սրա երկու կողմում նկատելի են Բ. Ծ տառերը՝ իսկ ներքեւում կան երկու փոքրիկ խորշեր։ Հայ գիւղացիք այստեղ ուխտ են գալիս եւ մոմ վառում։ Այս դռնից մտանք նոյն բարձրութեան միայն մի սաժէն երկարութեան եւ երկու արշին լայնութեան մի սենեակ, որի հիւսիսային պատի մէջ բացւում է մի ձուաձեւ պատուհան 1/2 արշին երկարութեան եւ 1/4 արշին լայնութեան. ներքեւում զէնքի համար ծակ։ Սրա արեւելեան պատի մէջ կայ քարէ մի պահարան, 1 1/2 արշին խորութեան, 1 1/2 արշին երկարութեան եւ մէկ արշին լայնութեան։ Հարաւային պատի մէջ բացւում է մի նոյնչափ դուռն, որ տարաւ մեզ մի սաժէն երկարութեան եւ կէս սաժէն լայնութեան նոյնչափ եւ բարձրութեան մի խորշ, որի մէջ այլ եւս ոչ մի անցք չկար։ Մենք վերադարձանք խաչի սենեակը եւ մտանք արեւմտեան պատի մէջ գտնւող անցքով, որ մէկ արշին բարձրութեան եւ 3/4 արշին լայնութեան կը լինի։ Պպզած 10 քայլ առաջ գնացինք, անցքը փոքր ինչ լայնացաւ ու բարձրացաւ, 10 քայլ եւս, եւ մենք իջանք մի սաժէն խորութեան եւ 8 արշ. մեծութեան քառակուսի մի սենեակ, որի մէջ գտանք մարդկանց եւ անասունների ոսկորներ։ Միայն սրանք մի առանձին մեծութեամբ չէին զանազանւում։ Այս տեղից մի նեղ անցքով ուղղակի վայր կախուեցանք եւ ընկանք մի մեծ սենեակ, մի սաժէնից աւելի բարձրութեան, 3 սաժէն երկարութեան եւ 8 արշին լայնութեան։ Այս սենեկից մի նեղանցքով երկար գնացինք, մի ուրիշ նեղ անցք վայր էր իջնում, սակայն արդէն բլել էր, մենք շարունակեցինք կուզէկուզ գնալ եւ վերջապէս տեսանք, որ անցքը բլել փակուել է։

Մենք միեւնոյն անցքով վերադարձանք կրկին խաչի սենեակը եւ մտանք հարաւային պատի միջից դէպի արեւմուտք ձգւող մեղ անցքը, որ մի արշին բարձրութեան եւ մի արշին լայնութեան է։ Քսան քայլից յետոյ այս անցխի մէջ բացւում է եւ մի այլ անցք, որ տանում է դէպի արեւմտահիւսիս։ Մենք շարունակեցինք գնալ միեւնոյն անցքով, սակայն մի հարիւր քայլից յետոյ ստիպուեցանք յետ դառնալ, որովհետեւ անցքը փուլ էր եկել եւ փակուել։ Ուղեկից գիւղացիներս ասում էին, թէ մի քանի տարի առաջ իրենք մտել էին այդ անցքով եւ շատ հեռու գնացել։ Նրանք հաւատացնում էին, թէ այդ անցքը ձգւում է մինչեւ Մերենիա եւ միանում բլրի մէջ այժմս էլ երեւացող այրին։ Վերադարձին մենք մտանք այդ անցխից դէպի արեւմտահիւսիս ձգւող անցքը, որ երկար ձգուելուց յետ բացուեցաւ մի սենեակի մէջ, ուր գտնւում է ջրի աւազան։ Մենք վերադարձանք, դուրս եկանք այդ այրից եւ մտանք միւս այրերը։ Մեծ Սամսարում նշանաւոր են այսպիսի ութ այր։

Բացի եկեղեցուց եւ բազմաթիւ այրերից, Սամսարներում նշանաւոր են եւ քարի մէջ փորուած 2 փոքրիկ ջրաղացները, որոնք գտնւում են Փոքր Սամսարի ձորակում, Քեխուտի գետի աջ ափին։

Սրանցից մին փորուած է մի չորս սաժէն լայնութեան, 6 արշ. երկարութեան եւ 5 արշ. բարձրութեան քարի մէջ։ Սրա դէպի հիւսիս նայող երեսի վրայ բացուած է 1 զ արշ. բարձ. եւ 14 վերշոկ լայնութեան մի փոքրիկ դուռ։ Նկատելի է որ ներքուստ ունեցել է քարէ փեղկ։ Քարի մէջ ամբողջ փորուածքը 3 արշին լայնութեան 4 1/2 արշին երկ. եւ 3 1/2 արշ. բարձրութեան է։ Դռան կից, սեմից 2 վերշոկ ցածր, իսկ գետնից 12 վերշոկ բարձր ձգւում է 1/2-1 արշ. լայնութեան եւ 2 արշ. երկարութեան մի տեղ, որ հաւանականօրէն ջրաղացպանի քնելու տեղն է եղել։

Սրա մօտ 1 1/2 արշ. լայնութեան փորուած է մինչեւ գետին՝ ջուրը գնալու համար, միւս կողմը կէսից մէկ ու կէս արշ. լայնութեան եւ 2 արշ. երկարութեան եւ միեւնոյն բարձրութեան մի տեղ էլ իրեր դնելու համար է։ Մնացած 2 արշին երկարութեան եւ լայնութեան տեղը ջրաղացի տեղն է, որի ոչ քարը եւ ոչ միւս պարագաներն են մնացել, որովհետեւ գիւղացիք տարել են։ Հարաւային կողմում կայ 12 վերշոկ երկարութեան եւ 1/2 արշ. լայնութեան ձուաձեւ մի պատուհան։

ՍԱՄՍԱՐԻ ԱՅՐԵՐՈՒՄ ԳՏԱԾ ՎԱՅՐԵՆԻՆ.

Այժմեան Ականեցիք գաղթականութեան ժամանակ վերաբնակած էին Մեծ Սամսար։ 1837 թուին, երբ Սամսար պատած էր խիտ անտառով, այժմ ծերունի նահապետը բռնել է մի վայրենի մարդ։

«Մի գիշեր, պատմում է նա ինձ, կացինը ուսս գնացի Մեծ Սամսարի ձորակի Խաչ մաղարից փոքր ինչ բարձր գտնւող ջրաղացը. յանկարծ մի արտասովոր ձայն լսեցի, նայեցի՝ որ մի միջահասակ, անմորուս եւ անպեխ մարդ, փոքրիկ աչքերով, ոտից մինչեւ գլուխը մերկ, միայն խոտով փաթաթուած, գլխաբաց, վիզը մի կաշեայ բան ձգած ունքերը կիտել կանգնել է ծվծվացնում է։ Կամաց մօտեցայ դրան եւ ուզեցի կացնով խփել գլխին, սակայն նա յարձակուեց ինձ վերայ եւ այնպէս սաստիկ կծեց ուսս, որ արիւնն աղբիւրի պէս սկսեց հոսել։ Ես հաւաքեցի ուժերս եւ մի այնպիսի հարուած տուի վայրենուն, որ վայր գլորուեց։ Իսկոյն ոտից բռնեցի եւ ձայնեցի ջրաղացպան ընկերոջս՝ Պետրոսին, որի օգնութեամբ քաշեցի տարայ վայրենուն ջրաղաց եւ դուռը վրայից ախեցի։ Վայրենին այս ու այն կողմն ընկաւ, աշխատեց մի կերպ դուրս պրծնիլ, բայց երբ տեսաւ, որ չի կարող, յը՜, յը՜, յը՜ արաւ եւ ցուցամատով նախ երկիր եւ ապա երկինքը սկսեց ցոյց տալ։ Առաւօտուն ես ու Պետրոսը մի լաւ կապեցինք սրա ձեռքերն ու տարանք գիւղ տանուտէրին։ Երկու օր մնաց տանուտէրի գոմում, հաց, կերակուր էինք տալիս՝ չէր ուտում, անկողին էինք քշում, չէր պարկում, կովի առաջ ձգուծ խոտը ջոկում ուտում էր։ Ես մօտեցայ նրան, վիզը ցկած կաշին քանդեցի առայ, նա սկսեց երկինքը ցոյց տալ եւ աղաչել, մինչեւ որ ես կրկին կապեցի վզից։ Երրորդ օրն պինդ կապեցի ձեռքերն ամուր թոկով եւ տուի չորս մարդու, որ տանեն Խըրթըզ՝ գաւառապետին ընծայ, ես էլ գնացի որ հանդերձս փոխեմ, յետեւներից հասնեմ։ Սակայն մինչեւ իմ գնալս վայրենին սաստիկ բղաւում է, այնպէս որ տանողները սարսափում են, քաշում պրծցնում է թոկերն եւ փախչում։ Ես հէնց այս միջոցին վրայ հասա ու ընկայ վայրենու յետեւից. նա փախաւ եկաւ մտաւ Խաչ մաղարան (այրը)։ Ես ընկերներիս հետ կտրեցի դուռը եւ հրացան արձակեցի։ Այս ժամանակ նա յանկարծ դուրս թռաւ, սաստիկ բղաւեց եւ անյայտացաւ անտառի մէջ»։



[1]            Որովհետեւ այս արձանագրութիւնները վրացերէն են, ուստի ես արժան համարեցի միայն նրանց իմաստը դնել պատմականի բաժնում։

[2]            Այս հատուածը տպուել է «Հանդէս ամսօրեայ»-ում, 1895 թ. N