Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԳԵՍՏ  ԵՒ  ԶԱՐԴ

ԿԱՆԱՆՑ

Ի նկատի առնելով որ բնակիչների ամենամեծ  մասը Կարնոյ գաղթականներ են, մենք կը նկարագրենք միայն նրանց զգեստները։ Գիւղացի եւ քաղաքացի կանանց զգեստները միայն կտորով եւ ճաշակով են տարբերւում, իսկ տարազը միեւնոյնն է։

Շապիկ- կարում են մնակալից, աղքատները ամերիկայից, կտաւից իջնում է մինչի ծնկները, կուրծքը մինչեւ պորտը բացուած է եւ բկի մոտ կոճկւում է. թեւերը երկար են եւ դաստակի մոտ կոճկւում։

Իչլիկ- հագնում են շապկի վրայ. կարում են անթիքմոռից, ատլասից, մատերիայից, գեազիից։ Կուրծքը եռանկիւնաձեւ բացւում է, եզրերը ղայթան եւ կլապիտոնէ  բիւքմա են կարում։ Թեւերի բերանները վերջանում են եռանկիւնաձեւ , որ մի քիչ ծածկում են ձեռքերի երեսները եւ որոնց շուրջը ղայթան եւ կլապիտոնէ բիւքմա է կարած։

Վարտիկ- ամերիկայից, փաթուսխից, երկու կողքերը կապում են ձախ կողքում։

Դիւզլուկ, վարտիկ է, միայն փոխերը ձանէլից է, հագնումեն ձմեռը։

Անթարի- կարում են անթիքմոռուց, սաւայիրից, ատլասից, գեազիից եւ այլն։ Հասնում եւ մինչեւ սաները, թեւերը շատ երկար չեն անում, այլ հասցնում են մինչեւ դաստակը։

Կըլդր- ոմանք հանգում են անթարու վրայից, իշլիկի նման է, կարում են անթիքմոռից, գետզիից, սաւայիրից, ատլասից։

Կրծկալ- մոյգ կարմիր թաւշիչ կամ լաստիկից 1/2  արշին երկար. եւ 1/4 արշ. լայնութեան կտոր է, որ վերեւում գրկում է վիզը, իսկ մէջքի մոտ շորէ կապերով կողքի մոտ կապւում։ Սրա օձիքը եւ երբեմն կուրծքը կլապիտոնով ասեղնագործած է։

Ջիպպա- հագնում են կըլդրի կամ անթարու վրայ, հասնում է մինչի ոտները, կարում են ղատիֆից, անթիքմոռից, մահուդից կամ կապոյտ ամերիկա կոչուած կտորից։

Գոգնոց- կարում են միայն կարմիր մահուդից եւ տանը գործած կարմիր շալից։ Գոտին գործում են առանձին խնամքով եւ վերան շատ անգամ գրում իրենց անունը՝ աւելացնելով «ի վայելումն» խօսքը։ Գոգնոցի շուրջը կլապիտոնով եւ երբեմն արծաթի թելերով (թըռթըռ) ասեղնագործում եւ ներքեւի երկու անկիւնում գեղեցիկ ծաղիկներ են շինում։ Գոգնոցը գոտիով կապում են ջիւպպայի վրայ։

Սրանից մի քսան տարի առաջ գրեթէ բոլորը, իսկ այժմ շատ քչերը փողոց  դուրս գալիս վերաներն առնում էին էհրամ- սա բրդի սաստիկ բարակ թելից գործած մի քառանկիւնի կտոր է, որի լայնութիւնը միշտ համապատասխանում է առնողի բարձրութեան։ Էհրամը մի քիչ յետ ծալած են գլխին, ապա առջեւց ոտքերից մինչեւ մէջքը հաւասարացնելով, ծայրերը մտցնում գոգնոցի գօտու մէջ, իսկ աւելին կախ ձգում, յետոյ իրենց ձեռքերը կրծքերին, բկիմոտ բռնում են Էհրամի ծայրերը եւ այսպէս բռնած ման գալիս։

Աղջիկների  Էհրամին լիմոն բադամ է կարած, այսինքն կիտրոնի եւ բադամի նմանութեամբ մանծէ թելով ասղնեգործած է։ Միջահասակներինը սոսկ սպիտակ, իսկ հասակաւորներինը՝ կապտախառն է։ Այժմ քաղաքացիները գլխաւորապէս  եւրոպական ձեւով թեւերով երկար վերարկու են հագնում, իսկ գիւղերում սովորաբար շալ են առնում։

Սովորաբար աղջիկներն ու հարսներն հագնում են բաց եւ կուշտ կապոյտ կանաչ եւ մաիշակագոյն, իսկ պատառները՝ մոյգ շագանակագոյն շորեր։

ԳԼԽԻ ՅԱՐԴԱՐԱՆՔ

Նախ եւ առաջ մազերը սանրում են մէջ տեղից մի հերագիծ (իւ թողնում առջեւի  մազերը ճակտի եւ ականջների վերայից տանում եւ գիւղացիները միքանի փոքրիկ իսկ քաղաքացիները երկու մեծ ծամ հիւսում։ Գիւղացի աղջիկները ծամերի ծայրերին գոյնզգոյն հլուններ եւ մեխակ եւ անցկացնում։

Յետոյ ծածկում են կարմիր  ֆաս, մոտ կէս արշին երկարութեան փիւսկիւլով, որ իջնում է մէջքի վրայ։ Փիւսկիւլի գլուխը եւ ֆասի մէջ տեղը երբեմն կլապիտոնով եւ արծաթագոյն  թելով ասեղնագործած է լինում։

Նասի վրայ կապում են զիլիֆլըղը- երկու շարքը մարգարիաներ, որ այտերի վերայից իջնում են մինչեւ կուրծքը։ Իւրաքանչիւր շարքը բաղկացած է 4-6 առանձին թելերից, մարգարիտներ անցկացրած եւ ծայրը մի փոքրիկ ոսկեդրամ (պաճախլի) կապած։ Շարժուելիս այս ոսկիները միմեանց են դիպչում եւ ձայն հանում։ Աղքատ գիւղացիները մարգարիտների եւ ոսկիների փոխարէն սուտ մարգարիտներ եւ փուլ (ոսկեգոյն մետաղից) են անում։

Զիլիֆլըղի վրայից կապում են շերիտը. սա մի դեղին ժապաւէն է, վերան մի կամ երկու շարք, 20 մինչեւ 200 փոքրիկ ոսկեդրամներ (ուռուպիա) կարած, որ պսպղում են ճակտի վրայ, տարածուելով մի ականջից մինչեւ միւսը։ Ոսկիների տակից, շերտի մէջ տեղը կարած է լինում մի մեծ ոսկի (մահմուդիա)։ Պառաւներն այս ոսկին չեն դնում։

Միեւնոյն շերտի վրայ, ոսկիների վրայից կարած է լինում կտուցը - մարգարիտներ, որ երբեմն միայն , իսկ երբեմն մօտաւորապէս 8-ի ձեւ ունեցող փոքրիկ ոսկիների (ջաւշակ) շուրջն բոլորուելով՝ տարածւում է շերտի երկարութեամբ։

Շերտի վրայ անցնում են վարդը։ Սա պատրաստում են հետեւեալ ձեւով. մի եաղմա 1) խաչաձեւ 6-7 սանտիմետր լայնութիւնով ծալում են, ապա բռնելով կրողի ճակատին, քունքերի մօտ այդ միեւնոյն եազման ծալելով՝ երկու վարդ են շինում ու մնացած ծայրերը կրողի գլխին չափելով՝ միմեանց հետ կարում։ Յետոյ թէ վարդերէ եւ թէ սրանց միջի տարածութիւնը զարդարում մետաքսի գոյնզգոյն թելերից շինած ծաղիկներով։

Աղջիկները վարդի վրայից այլ եւս ոչինչ չեն առնում, իսկ հարսերը քցում են տանը՝ եազմա, հրաւէր գնալիս՝ չիքիլա, որ իջնում է մինչեւ սրունքները։ Կանայք եւ պառաւները փաթաթում են գլուխները շալէ (շալովի) կամ մետաքսէ (բաղդադիա) փաթթան, իսկ հրաւէր գնալիս՝ սրա վրայ աւելացնում են եւ մի եազմա։

Աղջիկները եւ մատաղահաս կանայք քցում են կրծքերին մի կամ միքանի շարք ոսկիներ, ականջներին անց են կացնում օղեր, ձեռներին դնում ոսկէ միապաղաղ ապարանջաններ (բիլազուկ), մատներին մատանիներ։

ԱԳԱՆԵԼԻՔ.

Աղջիկներն ու հարսները հագնում են դեղին մեաս բապուճ, իսկ պառաւները դեղին մեաս, կարմիր բապուճ։

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶԳԵՍՏՆԵՐ

Ա. Գիւղացիների.

Շապիկ. հասնում է մինչեւ ծնկները, կարում են կտաւից կամ ամերիկայից. կուրծքը մինչեւ պորտը բացուած է եւ կոճկւում է բկի մօտ։ Թեւերը հետզհետէ նեղանալով՝ հասնում են մինչեւ դաստակը, ուր եւ կոճկւում են։

Թումպան կամ վարտիկ. հագնում են ոտներին, շապիկի տակից։ Կարում են կտաւից կամ ամերիկայից։ Փոխկերի լայնութիւնը 1/4 արշ. է լինում, կապում են կողքից վարտէց կապով։

Ելակ. հագնում են շապկի վրայից, թեւեր չունի. նման է եւրոպական ժիլետկային, միայն ամբողջապէս ծածկում է կուրծքը, գրպաններ չունի, կոճկւում է «ղայթնէ օղակ կոճկով»։ Կրծքի մէջ տեղն ելակի առաջի՝ երեւացող մասը կարում են պօլսունկոյից, լաստիկից, մահուդից եւ այլն. իսկ յետեւի՝ չերեւացող մասը հասարակ չթից։

Դօշլուխ. հագնում են ելակի փոխարէն, նրան նման է, միայն աստառ չունի եւ ձախ կողմի երկու ծայրերը կողքից թեւի տակ կապւում են իրար հետ։ Սրա կուրծքը յաճախ ասեղնագործած է լինում։

Շալուար. հագնում են ոտներին, ելակի վրայ կարում են շալից, իջնում է մինչեւ ոտների երեսը եւ 3 քիլ լայնութիւն ունի։ Վերի մասը մի քիչ լայնութեան կարում են կապոյտ ամերիկայից կամ կարմր կտորից, այս մասը կոչւում է փոխ. խրա միջից անցնում է ուչխուրը, որ ամուր կապում են կողքից։ Շալուարի կողքերից գրպանի փոխարէն թողնում են բացուածքներ։

Արխալուխ. հագնում են ելակի եւ շալուարի վրայից։ Կարում են կապոյտ ամերիկայից, պօլսուկնոյից, սեւ ղադիֆից եւ այլն։ Արխալուխը մէջքի վրայ բիւզմայով սեխմուելով՝ մի թիզ վայր է իջնում, որը եւ կոչւում է փէշ։ Սրա վրայ կողքերից բացած է մի մի գրպան։ Արխալուխի կուրծքը եռանկիւնաձեւ բացուած է եւ պորտի մօտ երկու կամ երեք ղայթնէ կոճկով կոճկւում է։

Դօշով արխալուխ. կուրծքը ձախ թեւի անրակի մօտից կոճկւում է մինչեւ պորտը ղայթնէ կոճկով, այսպիսի կոճակների մի շարք ես կարւում է աջ կողմում ներդաշնակութեան համար։

Քեամար. - հասարակ կաշուց գօտի, կապում են արխալուխի վրայից մէջքին։

Չուխա. հագնում են արխալուխի վրայից. մէջքի վրայ բիւզմայով սեխմուելով եւ գրկելով մէջքը, լայն իջնում է մինչեւ ծնկներից քիչ ցած, այս մասը կոչւում է փէշ։ Կուրծքը եռանկիւնաձեւ բացուած է եւ պորտի մօտ երեք ղայթնէ կոճկւում է։ Թեւերը հետզհետէ լայնանում են մինչեւ 9-12 վերշոկ եւ հասնում են մինչեւ ձեռքի կոճիկները, գործի ժամանակ թեւերը յետ են ծալում, այնպէս որ ամբողջ դաստակը մնում է բաց։ Չուխի բոլոր եզրերին կարում են ղայթան։ Կարում են շալից։

Եափունճի - տառատօք.

Գլխներին ծածկում են փափախ, ոչխարի մորթուց կարած, կամ քեաչա, եւ քչերը ֆաս։

ԱԳԱՆԵԼԻՔ.

Գուլպա [1]. խովորաբար հաստ թելից գործած։

Պաճիճ-թողլուխ, հագնում են սրունքներին եւ շարուարի փոքը մէջը դնում եւ դիւզբաղիով - թէլէ կապը - կապում։

Չարուխ-տրեխ։ Սըրըմ-կաշէ թելը, որով կապում են չարուխը. -տրեխի ծայրը կոչում են քիթ։

Բ. Քաղաքացւոց.

Շապիկ. քաթանից, ոչ այնքան երկար, որքան գիւղացիներինը, կուրծքը երբեմն ասեղնագործած։

Վարտիկ-նոյնպէս քաթանից կամ ամերիկայից, հագնում են շապկի վրայ, վարտիկի փոխկը դնում են գուլպի մէջ. իսկ սրա վրայից ոմանք փաթաթում են «տոլաղ» - մի վերշոկ լայնութեան եւ մի արշին երկարութեան քաթան, մի ծայրը թել կապած։

Արխալուխ. կուրծքը չափռաստով կոճկած, կարում են լաստիկից, մախմուրից եւ այլն։

Շալուար. սովորաբար մահուտից 1/4 արշին լայնութեան։

Չուխա կամ չարքասի - մահուտից, բաւական երկար, բոլոր եզրերը բիւքմա կարած։

Արծթէ քամար - չարքասկու վրայից են կապում։

Վերարկու կամ եափունճի (տառատօք), առնում են ձմեռը։ Գլխներին ծածկում են գտակ (չափխա) կամ գարիբալդի։

Ոտներին հագնում են կոշիկ եւ կրկնակոշիկ։



[1]            Հայ կաթոլիկներ առաւելապէս հագնում են «նխշուն գուլպա»։