Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՐՔ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍԱՆԵԱՑ ՍՈՎՈՐՈՅԹՆԵՐ

Ախալքալաքի գաւառի հայ գիւղացի տղամարդու մէջ շատ քիչ է զարգացած սիրոյ զգացմունքը դէպի կինը. նրա մէջ առաւելապէս զարգացած է անասնական կիրքը։ Նրա աչքում կինն ոչ այլ ինչ է, եթէ ոչ իւր կրքերին յագուրդ տուող մի ծախուած «պուտուկ» եւ մի ստրուկ աղախին, «Հօրըդ…. ալ ինչի՞ 100 մանէթ տուի որ աս բանը չըպըտի էնես». ամուսնու սովորական խօսքերն են կնոջ մի որեւէ աշխատանքից հրաժարուած միջոցին։ Հայ գիւղացին շատ հեռու է կնոջը զգուելուց, նա օտարների եւ նոյն իսկ տանեցիների ներկայութեամբ թոյլ չի տալիս կնոջն իրեն հետ խօսելու, հետը հաց չի ուտում եւ առանձին խօսակցութիւն համարեա երբէք տեղի չէ ունենում։ Կնոջն հայհոյելն ու երբեմն ծեծելը նրա համար «տղամարդութիւն», քաջութիւն է համարում։ Նա գրեթէ երբէք չի խորհրդակցում կնոջ հետ տօներին ամօթ է համարում շնորհաւորելու եւ մի բան նուիրելու  նրան։ Կինը գերդաստանի մէջ եւս մի առանձին յարգանք չի վայելում։ Նա մինչեւ անգամ պարտաւորուած է 10 տարեկան տեգեր հետ «հարսնութիւն» անել, - չխօսել, նրա տրեխները հանել, եւ ամէն հաճոյքի բաւականութիւն տալ։ Նրան հրամայում են ոչ միայն կերսարն, կսուրը եւ ամուսինը, այլ եւ մեծ տեգերկիներն ու տեգերը։ Նա առանց կեսուրի թոյլտւութեան ոտը մի քայլ անգամ դուրս դնելու եւ կամ մի բան վերցնել ուտելու իրաւունք չունի։ Նոյն իսկ իւր հարազատ որդուն առաջին տարին նա ծիծ չի տալիս՝ մինչեւ կեսուրը չհրամայէ։

Զրկուած անձնական ազատութիւնից, դատապարտուած մշտական լռութեան, նա ստիպուած է կատարել տան բոլոր ծառայութիւնները, օգնել ամուսնուն տնային եւ դաշտային աշխատանքի մէջ։

Երկարատեւ ձմրան միջոցին, երբ ամուսինը բոլորովին անգործ ընկած է սրա օգնէ, նրա աշխատասէր կինը կառավարում է ամբողջ տունը եւ շալ, կտաւ գործելով հոգում ծոյլ ամուսնու հանդերձը։

Նրա սրբութիւնն անգամ շատ չի գնահատւում ամուսնու կողմից. սա բաւականում  է շնացող կնոջ մի լաւ թակելով, եւ բաժանումն կամ մարդասպանութիւն այս պատճառով տեղի չի ունենում, չնայելով որ կան գիւղեր ուր գրեթէ բոլոր հարսերը «սիրող» ունին։

Թէեւ գաւառում բազմակնութիւն  չկայ, սակայն կան մարդիկ, որոնք ակնյայտնի պահում են միեւնոյն տան մէջ ինչպէս օրինաւոր կնոջը, այնպէս եւ սիրուհուն։

Այս գաւառում դեռ եւս պահպանւում  է աղջիկ փախցընելու սովորութիւնը եւ սրա գլխաւոր շարժառիթը համարւում է «հադէմասին»։

Ամուսնութիւնը կատարւում է հետեւեալ հանդէսներով՝ նշանդրէք, փեսատես, քասապիչա, մաղժաժում մաղարխում, հինտ տանել, թագուոր կանգնեցնել եւ պսակ։

Նշանդրէքը աղջկայ հայրը միշտ աշխատում է պատին ձգել, որ ինքը քիչ ծախս ունենալ եւ տղայի օղին շատ խմուի, այս պատճառով ամենից շատ մեծ պասին է լինում։ Հարսանիքն առաւելապէս բարեկենդանին. ամառը շատ հազիւ է պատահում, որովհետեւ գիւղացիք սաստիկ զբաղուած են լինում։ Հարսանեաց պատրաստութիւնը միշտ սկսւում է հինգշաբթի օրից եւ տեւում մինչեւ միւս հինգշաբթի ամբողջ մի շաբաթ, «օխտն օր օխտը գիշեր»։

Հարսի կողմից շատ քիչ իսկ միջակ հարուստ փեսայի կողմից մօտաւորապէս լինում է հետեւեալ ծախսերը։

Նշանդրէքին

 

Հադէմասին.     60բ - 200բ.

Երեստեսնանք            Տնեցիք          10  ր.

                 Բարեկամները [1]      60 ր.

Ոսկու     100ր.

6 թունգի օղի    12 ր.

Աչքի  լուսի        .

Սալմաթ տանտիկնոջը           1 ր.

Հարսն առաջ բերողին           1 ր.

Հարսին ընծայ              

Չարազ     .

Այլ եւ այլ մանր ծախսեր       10 ր

                             Ընդամէնը 259- 400

                             Փայերին եւ դերիներին   150-200ր.

 

Պսակին

Մի եզ       25ր.

Մի գառ   2 ր.

Տասն թունգի օղի       20ր.

Արուկ, բրինձ, լորի, թէյ եւ շաքար   12ր.

Երկու զոյգ կոշիկ հարսնաղբայրներին  .

Արկղին     .

Սալամաթ            .

Եկեղեցուն        .

Քահանային       4 ր.

Աթոռահաս      . -50կ.

Բէյի ոսկի հարսի մորը         ,, -60կ.

Փողհարին          .

Այլ եւ այլ ծախսեր       10 ր.

                 Ընդամենը՝ 88 ր. -10 կ.

Հարսանեաց բոլոր ծախսը . . . 497-688 րուբլի.

Մի պատկառելի գումար, որ գիւղացին առանց պարտք անելու չի կարող հոգալ։

ԱՂՋԻԿ ՈՒԶԵԼ.

Երբ ծնողները վճռում են այս ինչ աղջիկը ուզել, հայրը հրաւիրում է քահանային հիւրասիրում է նրան թէյով ու հացով եւ ապա խնդրում «պատգամ» գնալ այդ աղջկայ հօր մօտ եւ խնդրել աղջկայ ձեռքն իւր որդու համար։ Քահանա նախ հաշւում է թէ կը հասնի, եւ եթէ չհասութիւն լինի, աշխատում է համոզել նրանց ուրիշ աղջիկ ուզել, իսկ եթէ չկայ, գնում է աղջկայ հօր մոտ, գովում է տղի հօրն ու գերդաստանը, թուում երիտասարդի արժանաւորութիւններն եւ խնդրում աղջկայ ձեռքը։

Աղջկայ հայրն որոշ ոչինչ չի պատասխանում «Ակա՛ր ղսմաթ է, գլլի, Տէրտէր ջան, ասում է նա, առանց ղսմաթի բան չիլլի, քանիմ օր ժամանակ տու մէկ մերնոց հետ ա խորխուրդ էնենք», եթէ նոյն իսկ իւր ցանկութիւնը լինէր աղջիկը այդ երիտասարդին տալու, այնուամենայնիւ  նա մի քանի օր պիտի «չմչմէ»։ Քահանան վերադառնում եւ պատմում է երիտասարդի հօրը մօտ տեղի ունեցած խօսակցութիւնը, միանգամայն յայտնելով իւր կարծիքը թէ տալու են թէ ոչ։

Աղջկայ հայրը երկրորդ օրը հրաւիրում է ազգականներից կամ դրկիցներից երեք մարդ, հիւրասիրում  նրանց թէյով ու հացով, հարց ու փորձ անում ուզած աղջկայ մօր, հօր եւ մասամբ աղջկայ մասին եւ խնդրում գնալ հօր մօտ «պատգամ»։

Սրանք, որոնք ժողովուրդը «պատգամ» է կոչում, գնում են աղջկայ հօր ու գերդաստանը թւում տղայի արժանաւորութիւնները եւ խնդրում աղջկայ ձեռքը։

«Գիրքոր ամի, բեր Աննիկը մարգարէից օրէնքով, 318 հայրապետաց կանոնով տուր Խաչոյենց մանչուն»։

Աղջկայ հայրը պատասխանում է. «Ղըսմաթ է նէ, ի՞նչ պըտի ըսեմ, քանիմ օր միջոց տուէք մտածենք»։

Պատգամները ոչ մի բանով  չհիւրասիրուած, վերադառնում են։

Միւս, երբեմն երրորդ, չորրորդ օրն էլ գնում են աղջկայ հօր եւ խնդրում որ պատասխան տայ։ Իսկ աղջկայ հայրն իւր կնոջ եւ մի բարեկամների հետ խօսակցելուց յետ՝ արդէն որոշած է լինում տալ թէ չտալ։ Եւ եթէ մտադիր է տալու, դիտմամբ չմչմում է, այն ինչ չտալու դէպքում միանգամից  մերժում է։

Վերջապէս՝ աղջկայ հայրը յայտնում է պատգամներին թէ կըտայ։ Սրանք գալիս են տղի հոր մոտ, խորհրդակցում թէ որքան հաղէմասի տան եւ առնելով այդգումարը՝ գնում աղջկայ տունը։ Պէտք է ասել, որ պատգամները տղի տունը ամն մտնելիս հիւրասիրւում են, իսկ աղջկայ տանը մինչեւ հադէմասին տալը, ոչ մի բանով չեն հիւրասիրւում։ Աղջկայ հայրը կանչում է իւր ազգականներից մի քանիսին, պատգամների հետ նստում օդան։ Պատգամները խնդրում են աղջըկայ հօրն որոշել թէ ի՞նչ պիտի առնէ տղի հօրից աղջիկը տալու համար։

Այս գումարը կոչւում է «հադէմասի» որ արաբերէն նշանակում է «այո  ասել», համաձայնել

Աղջկայ հայրը հրաժարւում է ինքն առաջարկելուց եւ ասում  է. «Աղջիկը իմս չէ, Քերոբ ափարինն է (եղբայր) թող ան ըսէ»։

Սա էլ  նախապէս իմացած լինելով  հօր միտքը, մի քիչ բարձրից է բռնեցնում. «Աղջիկն ա իմս է, խօսքն ա իմ քովս է ձեզնից կառնեմ 110 մանէթ փող, ջուխտմ լապչին, ղարաբաղի մայմուզներով մէկ պինիշ չաքման չուխայ, մօրը քիրմանի շալմ, մեծ հարսին մեաս բապուճ, արծթէ սաչլղմ՝ լուլաներով, աղբորը ջուխտմ ճըզմա եւ այլն։ Պատգամներն սկսում են սակառկել եւ գլխաւորապէս կանգ են առնում փողի վերայ, որ տատանւում է 30-220 միջեւ։ Որչափ տըղան սիրահարուած եւ աղքատ լինի, այնքան հադէմասին բարձր կը լինի, եւ այս պատճառը, որ աղքատ երիտասարդն ստիպւում է կամ պարտքի տակ ընկնել, կամ փախցնել աղջկան։

Երկար սակարգութիւնից յետոյ, որ երբեմն մի քանի օր է տեւում, փոխադարձ զիջողութեամբ համաձայնութիւն է կայանում եւ պատգամները իսկոյն վճարում են դրամը աղջըկայ հօրը։

Հիմայ  արդէն աղջկայ հայրը օղի է բերում եւ սկսում են «աչքի լուսի թասը» խմել։ Տան փոքրիկներից  մինին կամ երկուսին ուղարկում են տղի հօր մոտ աչքի լոյս։ Սա համբուրում է տղի հօր ձեռքը եւ ասում. «Աչքդ լուս»։ Սրան օղի է խմացնում, ջորապ տալիս եւ 20 կ. փող նուիրում։ Իսկոյն տղի տնից երկու երեխայ ուղարկում են աղջկայ տունը «հարսնցու անելու»։ Սրանք գնում տեսնում են հարսին, մի մի րուբլի փող նուիրում, հիւրասիրւում եւ վերադառնում։ Մի քանի գիւղերում փեսան սրա հայրը  եւ մի քանի մօտիկ ազգականներ գնում են աղջկայ տունը՝ տանելով իրենց հետ օղի։ Այստեղ երկու խնամիները համբուրւում են եւ բարեմաղթում սիրով եւ միաբանութեամբ ապրել։ Տղի հայրը շնորհակալութիւն է յայտնում պատգամաւորներին նրանց կըրած նեղութեան համար։ Փեսան դաւուլ զուռնի առաջնորդութեամբ առաջ է բերում հարսնացուին։ Սրանք կարգով համբուրում են բոլորի ձեռքերը եւ ապա հարսնացուն կանգնում է իւր սկսեսրարի մօտ «բարեւ բռնած»□ ձեռները կրծքին եւ գլխին քող քցած. յետոյ մի համեստ ընթրիք են տալիս, որից յետոյ տղատիրոջ կողմի եկողները մի մի կամ երկու երկու րուբլի նուէր են տալիս եւ ցրւում տները։ Միայն տղի հայրը, որպէս պատուաւոր հիւր, այդ գիշեր մնում է խնամու տանը։ Առաւօտեան աղջկայ տէրը  հրաւիրում է երեկոյեան խնջոյքին ներկայ եղող մարդկանց, ուտեցնում իւր կերակուրները եւ խմացնում փեսացուի օղին. կէսօրին հետներն առած փեսացուի հօրը՝ սրանք գալիս են փեսացուի տունը։ Այստեղ էլ աւետման խնջոյք են կազմում, փեսացուին առաջ բերում եւ սրա աները նրան խոստանում է ընծաներ, առհասարակ հագուստեղէններ, երեկոյին ամէնքը ցրւում են տները։ Այս բոլորը կոչւում է «պզտիկ հարսնցու»։

ՆՇԱՆԴՐԷՔ ԿԱՄ ՄԵԾ ՀԱՐՍՆՑՈՒ.

Պզտիկ հարսնցուից  մի երկու օր յետոյ փեսի հայրը հրաւիրում է իւր ազգականներին ու քաւորին, հիւրասիրում նրանց թէյով ու հացով։ Երեկոյեան աղջկայ տիրոջ տանից մի հրաւիրակ է գալիս, որ օղու շիշը ձեռին կանգնում է օդի մէջ տեղն, ընդհանուր բարեւ տալիս, ապա լցնում բաժակը եւ ասում. «Կենդանութիւն, բարով ժողովիք». յետոյ դառնալով դէպի նոր խնամին, աւելացնում է. «Խնամի տղա, տացում (կամ կատաշս, ապրէս, ինչ պատուանունով որ նա սովոր է կոչել իւր տան մեծին) շատ կարօտով բարեւ էրաւ, օր առնէս քու ղոնաղներդ հրամմես էրթանք մեր տուն։» Այս խօսքի վերայ նա խմում է օղին եւ նորից լցնելով տալիս է տղա խնամուն։

- «Ձեռքէդ անհատ, ասում է խնամին առնելով բաժակը, շատ շնորհակալ եմ տղա խնամուցս», եւ դառնալով դէպի հրաւիրեալները՝ աւելացնում է. «Մեր նոր խնամին կանչէ կը մեզի մեր ծաղկին քովը՝ հրամեցէք էրթանք»։ Յետոյ խմում է շնորհակալութեան բաժակը եւ դաւուլ զուռնով գնում աղջկայ տունը, տանելով իւր հետ 2-5 թունգի օղի, մէկ թոփ խաս մանուսա, մի սպիտակ չիքիլա եափուզ, երեք չորս գոյնի թել, մի արշին փաթուսխայ՝ արախճինի համար, սպիտակ կլապիտոն, մի զոյգ մեաս-բապուճ, հինա եւ չարազ։ Միմեանց ողջունելուց յետոյ տղամարդիկ նստում են օդան աւանդութեան կարգով։ Աղջկայ տէրը իւր օղիից մի մի բաժակ տալիս է բոլորին, որոնք «Աչվիքս լուս ըլլի, Աստուած սուրբ պսակին արժանացնէ» ասելով խմում են։ Օղիից յետոյ, սովորաբար, միմ մի բաժակ թէյ են տալիս, որից յետոյ պատգամաւորի խնդրանօք հարսն առաջ են բերում։ Մի սկուտեղի մէջ շարում են թէյի ափսէներով չարազներ-կանֆէտ, քաղզբադամ, քիշմիշ, լապլապու եւ այլն- աղջկայ տիրոջ մի շիշ օղի եւ բաժակներ, ստուտեղի շուրջը վառվում են մեղրամոմեր  եւ դնում մի երեխայի գլխու, որ տանից պարելով բերում է օդան։ Սրա յետեւից աղջիկը գեղեցիկ զարդարուած մի հարսի հետ, որ առաջ բերող է կոչւում, գալիս է։ Սկուտեղը որ մեազա է կոչւում, դնում են օդի մէջ տեղը, զուռնաճին կանգնում է օդի դրան առջեւ եւ չի թոյլ տալիս հարսին անցնելու, մինչեւ որ փեսացուի հորից մոտ 20 կ. ընծայ չի ստանում։ Նախ՝ առաջ բերող հարսը եւ ապա աղջիկը օդի դրան առաջ խոնարհում, բոլորին բարեւում է ապա համբուրում են քահանայի աջը։ Քահանան, որ աղջկայ տիրոջ կողմից է հրաւիրուած լինում, կանգնում պահպանիչ է ասում, կեսրարի տուած չիքիլան քցում երեսին, բեհի մատանին դնում մատը, փուշին օրհնում ձգում գլխին եւ ասում. «Աչքերդ լուս, Աստուած բարի փայելումն տայ»։ Փեսի հայրը տալիս է քահանային 20 կոպէկից- մի րուբլի փող։ Հարսը կրկին համբուրում է քահանայի ձեռքը եւ յետոյ իւր հօր, կերսարի եւ միւների ձեռքերը եւ կանգնում կեսրարի մոտ։

Իսկոյն տանեցիներից մին օղի է լցնում եւ բաժանում բոլորին, որոնք «Աչքերդ լուս, Աստուած սուրբ պսակին արժանացնէ, ուղուրով հարս ըլլի» ասելով խմում եւ մէջ տեղը դրած մեազից ուտում։ Յետոյ միայն տղի կողմից եկողներն աղջկան փող են նուիրում, որ «երեստեսանք» է կոչւում։

Բերում խոնչան գնում են երկու սատրների միջեւ, վերան երեք ապսէ գնում, որոնցից մինը  յատկացրած է հարսին, միւսը քահանային եւ երրորդը հարս առաջ բերողին։ Խոնչի մոտ նստում է մի մարդ որ կոչւում է սաչու կանչող, իսկ նուէր տալը՝ սաչու։ Ամենից առաջ փեսի հայրն է 1-5 ր. տալիս սաչու կանչողին։ Սա ցոյց է տալիս հանդիսականներին եւ ասսում, «Ջամիաթ, անկաճ էրէք, շէն կենայ կերսարը, հինգ մանէթ հարսնցուին» եւ դնում հարսին յատկացրած ափսէի մէջ։ Կերսարը մի րուբլի հարսի առաջ բերողին ու մի քանի կոպէկ էլ քահանայի համար է տալիս, սակայն այս նուէրները չեն կանչում։ Փեսի հօրից յետոյ երեստեսանք  տալիս են տղայի կողմից եկածները, որ նոյն ձեւով կանչւում է։

Այս սաչուից գոյանում է.

Հարսին   20-100 ր

Քահանայի       1. 1/2  - 2. 1/2 ր.

Հարսն առաջ բերողին         1. 1/2 2 ր.

Այս դրամները հաւաքում, հաշւում, հարսինը տալիս են հարսի հօրը, միւսները իրենց եւ յետոյ արդէն ընթրում։ Այս երեկոյի համար կերակուրները որոշուած չեն, միայն 2, 3 տեսակից պակաս  չեն լինում։ Ընթրիքին եւ յետոյ խմում են փեսայի տնից եկած օղին։ Ընթրիքից յետոյ, երբ բոլորի գլուխներն բաւական տաքացած են լինում, կաքաւում են երբեմն միմեանց հայհոյում, կռւում եւ ուշ գիշերով ցրւում տները։

Միւս օրը առաւօտեան աղջկայ տէրը հրաւիրում է երեկոյին միայն փեսի կողմից եկողներին, որոնք երեստեսանք էին տուել, եւ իբրեւ շնորհակալութիւն՝ հիւրասիրում է նրանց, երկ□երկու բաժակ օղիով, թէյով եւ հացով։ Ածում է մէյին եւ շատերը կաքաւում, երգում ու ուրախանում են մինչեւ կէս օր, երբ արդէն ցրւում են։

ՓԵՍԱՏԵՍ

Նշանդրէքից մի կամ մի քանի օրից յետոյ՝ աղջկայ տէրն է հաւաքում իւր ազգականներին, պատւում նրանց եւ երեկոյին գնում փեսայի տունը փեսատես։ Աղջկայ հայրը տանում է իւր հետ փեսի համար մի լաստիկ արխալուղ, մի մահուդէ չուխայ, մի կլապիտոններով  ելակ, մի քեչա, մի քամար, մի զոյգ եամանի, թոզլուխ, գուլպա, խեծախ՝ երեսին շաքարաւազ ածած. գաթայ, շաքարլամայ եւ չորս զոյգ մոմ։ Այս բոլորը դարսած է լինում մի սկուտեղի վերայ, շուրջը մոմեր վառած, սրանց բոլորին առաջնորդում է դաւուլ զուռնան։ Երբ մտնում են տղի տունն՝ այս ընծաները պահ են տալիս տնեցիներին եւ իրենք գնում օդէն նստում։ Տան տէրը պատւում է նրանց օղիով եւ թէյով։ Յետոյ արդէն խնդրում են փեսին առաջ բերել։ Նշանդրէքի նման պատրաստում են մեազա, գնում մի տղի գլխի եւ դաւուլ զուռնի առաջնորդութեամբ մի չամուսնացած երիտասարդ առաջ է բերում փեսին տանից օդէն։ Այստեղ դռան մոտ դաւուլճին կանգնում եւ չի թոյլ տալիս փեսին առաջ գնալու, մինչեւ որ աղջկայ հօրից 5 կոպէկից մինչեւ մի րուբլի նուէր է ստանում։ Ապա մեազան դնում են մէջ տեղը, առաջ բերողն ու թագաւորը նախ դէպի առաջ, յետոյ դէպի աջ ու ձախ գլուխ տալիս եւ մոտենում համբուրում քահանայի աջը, որը եւ պահպանիչ է ասում։ Աղջկայ հայրը տալիս է քահանային մի րուբլի։ Թագաւորը համբուրում է քահանայի եւ աներոջ ձեռքերը։ յետոյ չամուսնացած երիտասարդը առնում է ձեռը օղու շիշը, իսկ թագաւորը առաջամատոյցը՝ վերան բաժակներ եւ մեազա։ Երիտասարդն ածում է օղի եւ թագաւորը բաժանում. նախ՝ քահանային, յետոյ աներոջը, հորը եւ այլն։

Բոլորը խմում են համարեա հետեւեալ բարեմաղթութիւնն անելով. «Աչվներս լուս. Աստուած սուրբ պսակին արժանացնէ, մի բարձր ծերանան»։ Սրանից յետոյ ընդունուած ձեւով սաչու են կանչում։ Աղջկայ հայրը իւր եւ իւր տնեցիների կողմից տալիս է բերած շորերը, կամ եթէ պատրաստ  չէ, փող է տալիս կամ խոստանում է։  Տալիս են եւ աղջկայ կողմից եկած բոլոր բարեկամները մի քանիսը դրամ, մի քանիսը գառըն, մի քանիսն էլ հորթ եւ այլն։ Այսպիսով  գոյանում է.

Թագաւորին. բացի հանդերձներից           5-20 ր.

Քահանային     50 կ-1

Եկեղեցու օգտին          10-60 կ.

Սաչուից յետոյ ընթրիք են տալիս ուտում խմում, մէյով կքաւում եւ շատ ուշ հարբած ցրւում տները։

ՓԱՅԵՐ

Հարս եւ փեսայ նշանած մնում են 3-6 եւ երբեմն մինչեւ մի տարի եւ այս երկար միջոցում նրանք միմեանց շատ հազիւ են տեսնում։ Փեսան նշանածի ոչ թէ դռնից, այլ եւ փողոցից շատ հազիւ է անցնում, որովհետեւ այս ոչ միայն մեծ ամօթ է համարւում, այլ եւ այդ փողոցի երեխաներն  ու երիտասարդները բռնում ծեծում են փեսային եւ բաց չեն թողնում, մինչեւ որ մի ընծայ չառնեն։ Միմիայն բարեկենդանին թոյլ են տալիս փեսին երեք օր, երեք գիշեր ցերեկ բնալ նշանածի տանը։

Բոլոր տաղաւարներին փեսի տնեցիք պարտաւորուած են հարսին նուէրներ տանելու, որոնք փայ են կոչւում։ Փայեր տանում են տղամարդիկ եւ երբէք թագաւորը չի մասնակցում այդ ուրախութիւններին։ Փայ տանողները մնում են երեք օր, կիւրակէից մինչեւ չորեքշաբթի։ Առաջի օրն առաւօտեան աղջկայ հայրը կանչում է տղամարդ բարեկամներին էլ, ուտում, խմում եւ կէսօրին ցրւում են, յետոյ կանչում են բարեկամ կանանց, ցոյց են տալիս բերած փայը, բաժանում են նրանց մէկ մէկ գաթայ եւ բերած քնշմիշը. յետոյ արդէն հաց են տալի», սակայն փայ բերողներին տուն հրաւիրել չուզողները հացի չեն մնում։ Միւս օրերն այս ու այն բարեկամները, որոնք այդ օրն այդտեղ հացի էին մնացել, հրաւիրում են աղջկայ տնեցիներին, աղջկանը եւ փայ բերողներին իրենց տուն եւ հիւրասիրում նրանց բաւական ճոխ սեղանով։ Փայի ուրախութիւններին շատ յաճախ ձայնակցում է դաւուլ զուռնան, որ շուտով  տաքացած  գլխներին  հանում է կալը, հաւաքում են գրեթէ գիւղի բոլոր հարս ու աղջիկներն եւ սկսւում է հասարակաց կլոր պարը։

Փայերը սովորաբար տանում են Զատկին, Մայիսին, Վարդավառին, Ս. Աստուածածնայ Վերափոխման, Սեպտեմբերին  եւ Վարդանայ սուրբ Խաչին։ Բայց սրանցից նշանաւոր եւ պահանջելին երեքն են՝ Զատիկը, Վարդավառինը, եւ Ս. Աստուածածնայ Վերափոխմանը։ Եթէ հարսանիքը շուտ լինելու պատճառով այս երեք փայը չտանեն, փոխարէնը  ուրիշ բանով պահանջու են։ Աղջկայ տէրն էլ փային դարձուածք  է ուղարկում երկու կամ երեք մարդու ձեռքով, որոնք երկու կամ երեք օր մնում են թագաւորի տանը, լաւ հիւրասիրում եւ վերադառնում։

Ահա փայերը եւ նրանց  դարձուածքը։

Առաջին փայ.

3 արշին մահուդ         9 ր.

1. 1/4 արշին ալ մահմուդ գոգնոցի համար         4 ր.

Շապիքացու կտոր      1 ր.

Հարսին կիսակօշիկ     3 ր.

Հարսնացուի մօրը, եղբոր կնոջը, քրոջը եւ այլն մի մի զոյգ մեաս- բապուճ-մօտաւորապէս  3 ր.

Մի մկրատ եւ մի դանակ       - 80կ.

Մէկ հայելի        -20 կ.

Ապրեշումի եւ Ռուսիոյ թել  2 ր.

Շալ թել     1 ր.

9 ֆ. քիշմիշ լապլապու          -90 կ.

Հինա       - 10 կ.

Օղի          2 ր.

Հարսին ընծայ մի ոսկի կամ             3 ր.

                             Ընդամէնը՝ 30 ր.

 

Բացի սրանից մինչեւ 60 զոյգ գաթայ, 2 սեր մի թափ հալուայ, Փեսայի տանից ուղարկուած գաթաների թիւր անշուշտ զոյգ  պիտի լինի, որ փեսացուն եւ հարսնացուն զոյգ մնան։

 

Առաջին փայի դարձուածք.

Հարսնացուի տանից ութ օր յետոյ ուղարկում են թագուորի տունը երկու մարդու ձեռքով փային դարձուածք։

20 զոյգ թողլուխ եւ գուլպա.

Փեսին մի զոյգ գուլպա, կլապիտոնով նշխած եւ մի զոյգ թողլուխ փեսին մի ելակ. 3 խաչ կոլուր, որպէսզի հարս եւ փեսան խաչի պէս սուրբ մնան մինչեւ պսակը։ Կերսարին մի ձեռք սպիտակեղէն փայ բերողներին մի մի զոյգ գուլպա, մի հայելի մէջը ղարանֆիլ ածած, որպէսզի   հարսնացուն հայելու պէս լոյս  տայ եւ ղարանֆիլի  նման հոտով լինի։ Կենտ թուով գաթայ, որպէսզի հարսը փեսի հետ զոյգ մնայ։ Մի խորոված հաւ։ Մի թոփ հալուայ։ Մի աման ձուաձեղ, մի աման սեր։

Փեսացուն հրաւիրում է երիտասարդ  ընկերներին եւ սրանց հետ ուտում անպատճառ գաթան ու հաւը։ Փայի դարձուածք բերողները ստանում են նուէր 40 ական կոպէկ եւ 2 օրից վերադառնում։

 

Բ Փայ.

Վարդավառին ուղարկում են պառաւ կանանց ձեռքով երկրորդ փայը.

3 արշին մահուդ երկու թոփ լաւոռի շալ 9 ր.

Մի սպիտակ տալազիա   .

Մի եազմա   50 կ.

Մի թոփ կեաղի  .

Մի զոյգ ոտնաման   - 40 կ.

Թել   1 ր.

Հինա  - 10 կ.

Քիշմիշ լապլապու  1 ր.        ընդամենը՝ 17 ր.

Եւ եթէ այս ամուսնութեան մէջ մինը միջնորդի դեր է կատարած նրան էլ ուղարկում են մի զոյգ ոտնաման չորս  զոյգ գաթայ, մի թոփ հալուայ։

 

Բ. Փայի դարձուածք

Երկու մարդու ձեռքով ուղարկում են փեսացուին մի շապիկ վարտիկ, մի զոյգ գուլբայ, մի դրամի քսակ, երեք խաչ գաթայ, որպէսզի փեսացուն եւ հարսնացուն խաչի պէս մաքուր եւ սուրբ մնան մինչեւ պսակ, տասն եւ մէկ հատ գաթայ եւ մի աման ձուածեղ։

 

Գ Փայ.

Մի փութայի շալ  12 ր.

Մի զոյգ ոտնաման  1 ր.

Մի մկրատ եւ մի ասղաման  60

Թել

Հինա Չարազ 50

Գաթայ զոյգ թուով, կարմրցրած հաւ եւ 1/2 թունդի օղի 1 ր.

                                                     ընդամէնը 16-20

 

Գ. փայի դարձուածը

Երեք մարդկանց ձեռքով ուղարկում են մի փաթուսխայ  շապիկ, մի բամբազեայ ֆուֆայկայ. մի կարմրցրած հաւ, մի թոփ հալուայ 3 երկար կուլոլ եւ 21 հատ գաթայ։ Երեք օր մնում, ուտում, խմում եւ վերադառնում են։

 

դ. Պանրի կամ Խաւծի փայ.

Մայիսի 15-20-ին փեսի կողմից մի տղայ կամ մի աղջիկ տանում է հարսին։

Մի քաշ պանիր.

Թել պանրից սպիտակ մազերի նման հուսակ են շինում եւ ծայրին մի ոսկի կապում, ուղարկում հարսնացուին, որ հարսի մազերն երկար լինի եւ մինչեւ սպիտակելը ամուսնու հետ միասին ոսկի օրեր անցնէ։

Մի աման հում սեր, որ միշտ սիրով լինին։

Մի զոյգ մեաս բապուճ

Մի հայելի.

10 կ. հինայ եւ մի շալովի.

Ճայ տանողը միայն մի երեկոյ մնում, լաւ հիւրասիրում եւ վերադառնում է։ Այս փայը դարձուածք չունի.

 

Ե. Ճզմի փայ.

Սեպտեմբերին հնձոցին (հունձի  ժամանակ) փեսայի տնից հարսին մինի ձեռքով ուղարկում են թարմ մրգեր եւ մի զոյգ ճըզմա (կոշիկ)։ տանողը միայն այդ երեկոյ հիւրասիրում եւ առաւօտ վերադառնում է։

ԴԵՐԻ

Տղայի տանեցիք ամեն կերպ աշխատում են ուրախացնել իրենց հարսնացուին  ուստի եւ բացի փայ տանելուց եւ ամէն անգամ մի քանի օր ուրախութիւն անելուց նրանք տանում են իրենց հարսին զբօսնելու, այս կամ այն ուխտատեղին ուխտ։

Նշանադրութիւնից յետոյ աղջիկը տանիցն դուրս չի գալիս մինչեւ որ տալը կամ տեքերկինը չգալ սրան չհանէ դուրս, տանի զբօսնելու, ծաղիկ, կանաչ կոխել տալու, որպէսզի հարսնացուն կանանչի պէս  կանանչի եւ ծաղկի պէս ծաղկի։

Կանաչ կիւրակէին դարձեալ կերսանքը տանում են հարսին դաշտը սնձի, ընկերուհիների  հետ ուրախ զուարթ թափառելով, երգելով ու պարելով ծաղկայլից դաշտերում հարսնացուն սնձի փնջեր է կապում եւ ուղարկում կերսանցը նուէր։

Կարմիր կիւրակէին կերսանքը տանում են հարսին հանդերը բանջար հաւաքելու. խաղը, ծիծաղը երգը եւ պարը անպակաս են լինում այսպիսի զբօսանքների ժամանակ։

Կերսանքը մի մեծ պարկ բանջար են լցնում եւ հարսնացուին շալակել տալիս, որ աշխատասէր եւ գործունեայ լինի։

Գերիների ժամանակ, մանաւանդ համբարձման հարսի տեգրը կամ կերսարը լծում է սայլը, ներքնակով ու բարձերով զարդարում, իւրայիններից մի քանիսի հետ հարսնացուին էլ նստեցնում տանում սրբի դուռը, ուխտ։ Այստեղ կերսարը նուիրում է հարսին մի շալովի, մի մեծ խաչկապ թաշկինակ տանձ ու խնձոր, տեգրը նուիրում է մի թաշկինակ լապլապու քիշմիշ, մոտիկ ազգականներն եւս կամ մրգեղէն եւ կամ 50 կոպ. մի րուբլի փող։

Սրբի առաջ վառում են նաշխած մոմ, որ հարսնացուն ալ ու խաշխաշ մնայ։ - Բայց այս բոլոր ուրախութիւնների ժամանակ փեսան բոլորովին հեռու է լինում հարսից եւ յաճախ երկար ժամանակ չտեսնելով նրան սաստիկ կարօտում։

ՔԱՍԱՊԻՉԱ.

Հարսանիքից մի շաբաթ առաջ փեսայի հայրը կնքահօրը հետ գնում է միջնորդի տունը, տանելով իւր հետ մի թունգի օղի։ Միջնորդը հրաւիրում է աղջկայ հօրը, նրա եւ իւր մի քանի բարեկամներին, ծխական քահանային, երեցփոխանի եւ տանուտիրոջ։ Ընթրիքի ժամանակ, երբ օղու առաջին բաժակը մատուցանում են քահանային, սա դիմում է միջնորդին եւ հարցնում. «Մարկոս ամի, աս ի՞նչ հաց է, մեզի ինչի՞ ես հաւաքէ»։ Միջնորդը պատասխանում է - Աստուած կամենայ առաջիկայ շաբթուն Յարութէն ամին պարսնիք պիտի էնէ»։ -Աստուած աջողութիւն տայ, ընդմիջում է քահանան, իրար տալիք առնելիք ունի՞ք»։

- Ի՞նչ պիտի ունենանք, Տէրտէր ջան, խառնւում է աղջկայ հայրը, խնամիս պիտի բերէ հարսնացուին 20 ուռուպիա եւ երեք քսանօխթնոց ոսկի։

Քահանան դառնում է դէպի փեսացուի հայրը եւ ասում. «Պարտքդ է, բերես պըտի»։

Փեսայի հայրը կամ համաձայնում է եւ խոստանում է մաղարի հետ բերել եւ կամ երկար սակարկում։

Եթէ հարսնացուն օտար գիւղից է, քահանան փեսայի հօրից իմանալով թէ քանի հոգով պիտի գայ հարսը տանելու, ասում է. «Յարութիւն ամին այսքան (10-25) հոգով պիտի գայ մաղար՝ հարսը տանելու, ձեզնէն վեվ օր գուզէ ձիաւոր իջեցնէ իրեն տունը, թող իմ ձեռքէս ընդունէ մի բաժակ րախի»։

Հրաւիրեալներից շատերը ուրախութեամբ ընդունում են քահանայի առաջակը եւ ցրւում։

Քասապիչայից անմիջապէս յետոյ, երբեմն էլ առաջ, փեսացուի հայրը մի շիշ օղի առած գնում է ծխատէր քահանային տեսնում, իւր օղիից մի բաժակ նախ ինքը խմում, յետոյ քահանային եւ ներկայ եղողներին հրամցնում, մնացածն էլ տնեցիներին տալիս դատարկելու, եւ քահանայից «հասութեան» վկայական առնում, գնում Ախալքալաք գործակալի մօտ եւ պսակի հրաման խնդրում։ Այստեղ սաստիկ աղաչում են գործակալ հօրը, իրենց աղքատ ձեւացնում եւ պսակադրումը կարելւոյն չափ քիչ տալիս։

Գիւղի տանուտիրոջն էլ տանում է մի ֆունտ. շաքար կամ կէս ֆունտ սուրճ զգիրն տալիս է 10 կ. լուսարարին 10-15 կոպեկ ։

ՄԱՂԺԱԺՈՒՄ ԿԱՄ ԳԱԹԱԹՈՒԽ

Հարսանիքի պատրաստութիւնը միշտ սկսւում է հինգշաբթի օրը, տները հոգում եւ միւս օրուայ համար կերակրներ են եփում - շաղկմէ բանջար, չաչբանջար, լոբիաջուր՝ արուկով, լոբի, պաստեղ, կարտոֆիլ եւ թթէ խոշաւ։ Միւս օրը առաւօտեան խոհարարուհին - քէյվանին - մի ալրմաղի մէջ քիշմիշ է ածում, ալ փուշիով ծածկում, մի քանի զոյգ էլ մեղրամոմ առնում, երբեմն էլ մի շիշ օղի, եւ պտտում գրեթէ ամբողջ գիւղը։ Մտնելով նախ քաւորի, թագաւորի ազգականների եւ ապա միւս գիւղացիների տները, նա ասում է. «Հրամեցէք էրթանք այսինչի տունը գաթաթուխ, տառոսը ձեզի ըլլի», եւ մի մի բաժակ օղի, մի բուռ քիշմիշ տալիս։ Մօտիկ ազգականներին նա տալիս է եւ մի մի զոյգ մոմ։

Հրաւիրուածները մի աման կորկոտ կամ 2-10 կ. փող են տալիս քէյվանուն։ Մի ուրիշ կին էլ մի ափսէի մէջ քիշմիշ ածած, վերան մի թաշկինակ եւ գոգնոցի կապ տանում է երեցկնկան նուէր եւ խնդրում գալ գաթայի ալիւրը մաղելու։ Ճաշից յետոյ հրաւիրուներից շատերն անշուշտ վերցնում են 1-3 ֆ. կարագ, կամ 5-12 հաւկիթ, կամ իւղ, կամ սեր, կամ պանիր, կամ էրիշտա եւ կամ 20 կոպէկ փող եւ գնում հարսնէտունը, տալիս փեսի մօրն ու ասում. «Աչքդ լուս, Աստուած սուրբ պսակին արժանացնէ»։ Նա էլ պատասխանում է. - «Շնորհակալ եմ, որ դուք ինձի օգնէք կը, Աստուած ա ձեզի օգնէ»։

Յետոյ վերցնում է նրանց բերածները, դատարկում եւ ամանները վերադարձնում։ Գալիս է եւ երեցկինը։

Նախ բոլորին մի մի բաժակ սուրճ կամ թէյ են տալիս։ Յետոյ տան մէջ տեղը դնում են տաշտը, յաճախ դաւուլ զուռնան գալիս ածում է, երեցկինը չոքում է տաշտի առաջ, իւր բերած երկու մոմը խփում տաշտի ծայրերին վառում, որ հարսը զոյգ մնայ եւ պայծառ, լուսաւոր լինի, մի կարմիր վալա (քող) ցկում երեսին, որ հարսը ամօթխած լինի եւ «Աստուած սուրբ պսակին արժանացնէ, բաղդաւոր ըլլին», ասում ու մաղում է ալիւրը բոլորովին լուռ, որ հարսը համաւոր լինի, շատ չխօսի։

Երբ փոքր ինչ մաղում է, վեց կանայք 1-5 կոպէկ նուէր տալով երեցկնկանը, հերթով ցկում են կարմիր վալան իրենց գլխներին եւ մաղում ալիւրը։

Կնքակինը տալիս է իրիցկնկանը 10 կոպ, ալիւրը մաղելու վարձ, իսկ տղայի մայրը օղիով եւ մեազով հիւրասիրում է ինչպէս իրիցկնկանը, այնպէս եւ միւս ալիւր մաղող վեց կանանց։

Եթէ գաթաթուխի ալիւրը իրիցկինը չմաղէ, ժողովրդեան կարծիքով հարսը կը խելագարուի։

Ալիւրը մաղելուց յետոյ բոլորը ընթրիքի են նստում եւ ուտում նախորդ օրը պատրաստած կերակուրները։

Հարուստներն ընթրիքից առաջ միմի բաժակ օղի են տալիս, որ խմում են երկար բարեմախտութիւններով։

Ընթրիքից յետոյ շատերը գնում են, մնում են միայն կնքամէրը եւ մօտիկ ազգականներից մի քանիսը։ Սրանք 40-100 զոյգ գաթայ են թխում, յետոյ կրկին թէյ խմում, ընթրում եւ մի մի գաթայ առած գնում տները։ Մի քանի երիտասարդներ էլ հերթիկից թոկ քաշ անելով՝ բղաւում են «Բաղդաւոր հարս ըլլի. ձեռքն ու ոտքը ուղուրով ըլլի»։

Թոկի ծայրը գաթայ են կապում, որ քաշում հեռանում են [2] ։

Նոյն երեկոյին հարսնացուի տնից «շապիկ են բերում» փեսացուի տունը. - հարսնացուն ընծայ է ուղարկում նշանադրութեան կամ ուրիշ ժամանակ իրեն ընծայ տուողներին եւ այս ընծաները լինում են նրանց տուած ընծաների արժէքի համեմատ կամ զոյգ գուլբա, կամ մի զոյգ ձեռնոց, կամ սռնապան եւ այլն, իսկ մօտ երեք րուբլի տուողներին շապիկ ու վարտիկ, որ «չամաշուր» է տուում։ Չամաշուր ուղարկում են նաեւ փեսացուի եւ սկեսրանց տան մի քանի անդամներին։ Եթէ նշանադրութիւնից յետոյ սկեսրանց տանը ծնունդներ են եղել, հարսնացուն ուղարկում է նրանց բալուլոց եւ երեխայի շորեր։

Շաբաթ օրը, եթէ հարսը միեւնոյն գիւղումն է, թագւորի հայրը դաւուլ զուռնով գնում է քաւորի տունը եւ ասում. «Հրամմեցէք էրթանք բարի ուրախութեան»։ Քաւորը, քաւորկինը եւ սրանց ընտանիքը դաւուլ զուռնով գալիս են փեսայի տունը, ուր մի քանի մօտիկ ազգականների հետ օղի են խմում, ճաշում, կաքաւու, երգում եւ ցրւում տները։ Քաւորին դարձեալ դաւուլ զուռնով ճանապարհ են ձգում մինչեւ տունը։

Իսկ եթէ հարսն ուրիշ գիւղ է, փեսայի հայրը հրաւիրում է բարեկամներին ու դրացիներին, քաւորին, ծխատէր քահանային, տանուտէրին եւ երեցփոխին։ Հիւրասիրում է սրանց թէյով ու ճաշով։ Սեղանի վերջը քահանան առաջարկում է. «Ձեզանից ով որ կամենում է մաղար էրթալ, թող իմ ձեռքէն ընդունէ բաժակը»։

Հարսնացուի գիւղն երթալ եւ հարսին բերել կամեցողներն առնում են քահանայի մատուցած օղին եւ բարեմախտութիւններով խմում։ Յետոյ քահանան մի բաժակ եւս առաջարկում է նրան, ով կամենում է հարսին իւր տունն իջեցնել։ Մինչեւ պսակը հարսը կերսանց տուն չի մտնում։ Փեսայի մօտ ազգականներից մինն ընդունում է բաժակը։

Յետոյ արդէն մի քիչ էլ տեւում է ուրախութիւնն եւ բոլորը ցրւում են։

ՄԱՂԱՐ - ԽՈՒՄ.

Նոյն շաբաթ օրը ճաշից յետոյ մաղրաւորները հաւաքւում են փեսացուի տունը, նախաճաշիկ անում, ապա ցրւում եւ ձի հեծած նորից հաւաքւում։ Այս ժամանակ փեսացուի մայրը բերում մի մի գաթայ է բաժանում բոլորին։ Փեսացուի հայրը եւ քաւորն առնելով իրենց հետ հինան եւ «հարկը» ձիաւորում են եւ ահագին աղմուկով, երգով, խաղով ու դաւուլ զուռնի առաջնորդութեամբ ուղղւում դէպի հարսնացուի գիւղը։ Երիտասարդ մաղրաւորները ճանապարհին աշխատում են իրենց բոլոր շնորհքները բանեցնել, արշաւում են, ջիլիթ խաղում, երգում եւ հազար ու մէկ հանաքներ անելով գնում, հասնում գիւղ։ Փեսացուի հայրն եւ քաւորն իջնում են միջնորդի տունը, իսկ միւսններին հրաւիրում են հարսնացուի ազգականները։

Փոքր ինչ հանգստանալուց յետոյ, փեսայի հայրը մի շիշ օղի առած գնում է քահանային տեսութեան։ Համբուրում է քահանայի աջը, մի բաժակ օղի ածում եւ «Օրհնեա ՚ի Տէր» ասում, խմում։ Քահանան պատասխանում է. «Աստուած օրհնէ, շնորհաւոր ըլլի»։ Ապա ածում՝ քահանային եւ միւսներին է հրամցնում, վերջը մի բաժակ էլ դարձեալ ինքը խմում եւ մնացածը տալիս տէրտէրանց դատարկելու։ Յետոյ վերցնում է շիշը եւ գնում, դաւուլ զուռնի առաջնորդութեամբ հաւաքում բոլոր մաղրաւորներին միջնորդի տունը՝ հինա տանելու,

ՀԻՆԱ ՏԱՆԵԼ.

Շաբաթ օրը քաւորը պատրաստում է հինան - մի առաջամատոյցի վերայ դնում է կէս ֆունտ հինա, մեաս բապուճ, մի քողք, քիշմիշ եւ վերան մի կարմիր թաշկինակ ձգում։ Իսկ փեսի հայրը պատրաստում է հարկը. - մի բակեղակի մէջ դնում է մի տիկ գինի, մի խորոված գառ եւ գաթայ։ Երեկոյին հինան դնում են մի երիտասարդի գլխի, որ խաղացնելով եւ կաքաւելով առաջ է տանում, իսկ հարկը ձգում են գզիրի շալակը։ Երբ փեսայի հայրը, տղամարդ բարեկամները եւ քաւորը դաւուլ զուռնի առաջնորդութեամբ հասնում են հարսնացուի տունը, տան փոքրիկներից մի քանիսը փակում են դուռը եւ միայն այն ժամանակ են բաց անում, երբ քաւորը տալիս է 20-30 կոպէկ։

Բոլորը ներս են թափւում օդան եւ աւագութեան կարգով նստում, չամուսնացած երիտասարդները հինան փոփոխակի գլխներին դնելով՝ կաքաւում են եւ երբեմն գովում, ափսոս որ հինի գովասանքը թուրքերէն է։ Հինան խաղացնելուց յետոյ տալիս են հարսնացուի մօրը։ Այս ժամանակ հիւրերին պատւում են մի մի բաժակ օղիով։ Յետոյ գնում են խոնչան երկու սատրների միջեւ եւ դարսում վերան քողք, հարսի զգեստները, մեաս բապուճը եւ այլն, բացի հինից, այս ժամանակ քաւորն աւելացնում է սրանց վերայ երկու հատ երկու մանէթանոց ոսկի։

Քահանան պահանջում է քաւորից «պող բացում», այսինքն հանդերձի պողը բանալու ընծայ եւ երբ 40-60 կոպ. խտանում է, կատարում է հարսի քողի, կամ որ միեւնոյն է, հանդերձի օրհնութիւնը եւ ստանում իւր իրաւունքը՝ դնելով խոնչի վերայ երկու ափսէ, որոնցից մէկը յատկացնում է իրեն, միւսը եկեղեցուն։ Նախ քաւորը ձգում է քահանայի ափսէն մի րուբլի, յետոյ փեսայի հայրը, նոյն ափսէի մէջ 2-3 րուբլի։ 80 կոպէկ էլ միւս ափսէն, յետոյ արդէն միւս մաղրաւորներն են 1-5 կոպ. խաչհամբոյր ձգում։

Սրանից յետոյ բոլոր մաղրաւորները խումբ խումբ նստած ընթրում են։ Մատուցանում են եայնի, քիւթա, փլաւ եւ պանիր։ Իսկ օղին, որ առատութեամբ բաշխւում է, փեսայի տնից բերածն է լինում

Ընթրիքից յետոյ խորոված գառը եւ քանի հատ գաթայ բերում դնում են խոնչի վրայ, քահանայի առաջ։ Մինը գառի մի ոտը կոտրում եւ երկու զոյգ գաթի հետ տալիս է քահանային, որ ուղարկում է իւր տուն, միւս ոտը տալիս է աղջկայ տնեցոց, իսկ մնացածը կամ իրենք են ուտում եւ կամ ուղարկում միջնորդի տունը, առաւօտեան մաղրաւորներին նախաճաշիկ տալու։ Յետոյ արդէն շնորհակալ են լինում եւ դարձեալ դաւուլ զուռնի առաջնորդութեամբ ցրւում։ Եթէ հարսը միեւնոյն գիւղումն է՝ փեսի տանը մի քանի ժամ հասարակաց պար է լինում։ Քաւորը գնալիս ծաղկոցաւոր աղջիկներին, որոնք երկու երեք օրից ՚ի վեր շրջապատել են հարսին եւ ամէն կերպ զբաղեցնում, ուրախացնում են նրան տալիս է 10-15 կոպէկ ընծայ։

ԾԱՂԿՈՑԱՒՈՐՆԵՐ.

Դեռ մաղարը չեկած, գիւղի չափահաս աղջիկները շրջապատում են հարսնացուին եւ երեք օր շարունակ նրան տնից տուն են շրջեցնում, ամէն տեղ հիւրասիրուելով։ Բոլոր բարեկամները տուն են տանում եւ մի շալովի կամ մի թաշկինակ նուիրում հարսին։ Շաբաթ երեկային հարսնացուն վերադառնում է հարանց տուն, ուր նախ մայրը եւ ապա հայրը, եղբայրները, քոյրերը եւ մօտիկ ազգականները փաթաթւում են նրան եւ լալիս։ Հայրը խրատում եւ մխիթարում է աղջկան, ասելով. «Գնա՛, օղուլ, Աստուած հետդ ըլլի, կերսարոջդ սկեսուրիդ հնազանդ էղի, մարդուդ հաւատարիմ կեցի. մենք թէզ թէզ կուգանք քեզի տեսութեան, Զատիկ, Վարդեւորին տուն կը բերենք»։ Գիշերը հարսնացուն եւ բոլոր ծաղկոցաւորները ձեռներին հինա են դնում։ Կիրակի առաւօտեան մաղրաւորները ձի հեծած գալիս համախմբւում են հարսնացուի տան դուռը։ Թամբում եւ համայիլներով զարդարում են այն ձին, որը հեծնելու է հարսնացուն։ Այս ժամանակ գիւղի համարեա բոլոր աղջիկները հաւաքւում են հարսնացուի մօտ, մխիթարում են նրան եւ թոյլ չեն տալիս լաց լինելու։

Կանդւում է իրիցկինը, որ աղջիկների երգով կապում եւ հարսնացուի գլուխը, մօր կաթը կթում է գլխին եւ վերան աղ ցանում, որ կաթի պէս մաքուր եւ աղի պէս համով լինի։ Ոտնամանի մէջ եւս լցնում է 7 գարի, որ 7 տարի տղայ չբերէ։ Վերջապէս հարսնացուն դաւուլ զուռնի առաջնորդութեամբ դուրս է գալիս, իսկ ծաղկոցաւորների խումբը երգում է.   Աղջի հարսնառդ էկաւ գեղի վերեւէն,

     Մեզի ալ քողք բերեց թղթի թերերէն,

     Միլա՛յ մարիկ, մի՛ լայ, էկեր կը տանին,

     Օխտն ախպոր մը քուրը ջոկեր կը տանին։

Մարիկներ խափեցին մէ թոփմ չամով,

Քուրիկներ խափեցին մէ ձեռքմ հինով,

Ախպորը խափեցին մէ մահուդ չուխով,

Մի՛ լա՛յ, մարիկ, մի լայ, էկեր կը տանին,

Օխտն ախպօր մէ քուրը ջոկեր կը տանին։

     Հօր խափեցին, մօր լացուցին,

     Ախպօր լիւլէն կոտրտեցին,

     Քրոջ վալէն պատռտեցին.

     Մի՛ լայ, մարիկ, մի լայ, էկեր կը տանին,

Օխտն ախպօր մէ քուրը ջոկեր կը տանին։

Էրթամ էրթամ հեռու տեղեր հեռանամ,

Էփոր մարիկս միտքս ըյնի, մէջքս բռնեմ կըռանամ,

Մի՛ լայ, մարիկ, մի՛ լայ, էկեր կը տանին,

Օխտն ախպօր մէ քուրը ջոկեր կը տանին։

     Մի՛ լայ, մարիկ, մի լայ, լալողը ես էմ

     Ղարիպ էրկրները կորողը ես էմ։

 

Հարսնացուն այս երգից զգացուած սաստիկ լալիս է, իսկ հայրը բռնելով սրա ձեռքը՝ յանձնում է սկեսրին, ասելով. - «Տիա՛, խնամի ջան, տիա քո ամանաթդ, տա՛ր։ Փառք Աստծու որ էրիսի ջրով կրցայ քեզի տալ, ուղուրով ըլլի, Աստուած սուրբ պսակին արժանացնէ, մէ բարձիմ ծերանան»։ Յետոյ դառնալով իւր դստեր, համբուրում է երեսն եւ ասում. Գնա՛ օղուլ, Աստուած հետդ ըլլի, էստից էտեւ աս է քու հարդ, պատուէ ատոնց, մարդուդ հնազանդ էղի, տեսնեմ քեզի՝ էրեսս սեւ չէնէս»։

Իսկոյն քաւորը 20-40 կոպէկ տալիս է այն պատանուն, որ նստել է հարսնացուի ձին, սա իջնում է եւ առաջարկում ձին հարսնացուին սկեսրայրը եւ հայրը վերցնում են հարսնացուին եւ նստեցնում ձիուն։ Յետոյ սկեսրայրը տալիս է  երկու րուբլի օժիտի սնակի (արկղի) վրայ նստող կնոջը, 12 շահանոց, օրինակ 12 առաքելոց, ոսկի հարսի մօրը, մի քանի կոպէկ վարպետավարձ այն կնոջ, որի մօտ հարսը ձեւել, կարել, գործել է սովորած լինում եւ բոլոր մաղրաւորներն ահագին աղաղակներով, հրացանի պայթիւնով ու ջիլիթ խաղալով, դաւուլ զուռնի առաջնորդութեամբ դիմում են դէպի փեսացուի գիւղը։ Մաղրաւորներից մի քանիսն աշխատում են հարսնացուի տանից գողանալ օղու բաժակ, որ հարսն ուրախ լինի, գդալ, որ հարսը ղսմադն իւր հետ բերէ։ Երբ մօտենում են իջեւանատեղւոյն, հարսի ձիու գաւակին նստեցնում են մի արու երեխայ, այն խորհրդով, որ հարսն արու զաւակներ շատ ունենայ։ Այս ժամանակ հարսը հանում է գրպանից փոքրիկ հայելի եւ դարձնում նախ՝ դէպի եկեղեցին եւ ապա դէպի կերսանց տունը, որպէսզի եկեղեցին գութ տայ կերսանցը, որ իրեն պայծառ պահեն։ Գիւղի մօտ հարսին դէմ եմ բերում մի գառ եւ հարսը պէտք է ձեռով վերցնէ առնէ ձիու վրայ եւ կամ հարսնեղբայրը պէտք է կծէ գառի ականջը եւ կտրէ։ Այս գառէ համարւում է անմեղութեան օրինակ։ Թագուորն էլ թագուորցուների հետ մի բարձր տեղ սպասում է, երբ հարսն անցնում է, թագուորցուները ուռա՜ են բղաւում, իսկ թագուորը քիշմիշ է լցնում հարսի գլխին, կամ խնձորով խփում է, որ անուշ լինի։ Հարսին իջեցնում են մի կաթսայի վրայ, որ «ձէնով» - «համբաւաւոր» լինի եւ գնալով հարս իջեցնողի տունը, բոլոր մաղրաւորներն ուտում, խմում եւ ընթրում են։ Յետոյ հարսին այնտեղից մեծ ուրախութիւնով բերում են սկեսրանց տուն։ Դրան առաջ հարսին ընդառաջ է ելնում սկեսուրը։ Վերջինիս աչքալոյս են տալիս եւ հարսը յանձնում նրան։ Նա համբուրում է հարսին եւ ձեռը բռնած տանում նրա համար պատրաստած տեղը։ Հետզհետէ հարեւան հարսեր եւ օրիորդներ գալիս են նոր եկած հարսին տեսութեան. իսկ դրացիները գալիս են աչքալոյս տալու փեսայի հօրը։ Հարսի հետ լինում են նրա երկու հարսնեղբայրները, որպէս նրա թարգմաններ ու հաւատարիմ պահապաններ։ Հէնց որ նոր եկած հարսը փոքր ինչ հանգստանում է իւր հարսնեղբայրների հետ, երկու նշանաւոր թագուորցիք [3] մի շիշ օղի առած գալիս են հարսնեղբայրներին տեսութեան։ - Բարով էք էկէ, հազար բարով, ասում են նրանք։ Հըլպտ մեր փեսի խանում զոնքանչը իմացած գըլլի օր թագուորցիներս ընկերութեն կենենք իրեն ազիզ փեսին հետ. պահենք, պահպանենք ու ուրախացնենք կը, ու մեր փայն ա ղրկած գըլլի ձեզի հետ։

Ինչղ չէ, մենք շատ շնորհակալ էնք, օր դուք մեր փեսին ատպէս պահէք պահպանէք կը, ահան, մեր քիչը շատի տեղ դրէք, առէք ձեր փայը, ասում են հարսնեղբայրները։ Ընծան լինում է մի խորոված հաւ, մի քանի զոյգ գաթայ եւ հալուա։ Այդ գիշեր թագւորցիք եւ հարսնեղբայրները միմեանց վերաբերութեամբ շատ զգոյշ են լինում, որովհետեւ առաջիններն աշխատում են մի որեւէ բան գողանալ հարսի վերայից, որպէսզի հարսնեղբայրներին մի բանով տուգանքի ենթարկեն, իսկ վերջինները հնարում են փեսայի վերայ մի բան, կամ աշխատում են թոնրի պարագաներից մին գողանալ, որ թագուորցուներից մի բան ստանան

ԹԱԳՈՒՈՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ.

Շաբաթ երեկոյից սկսած թագուորին շրջապատում են հասարակակից չամուսնացած երիտասարդներ, որոնք թագւորցիներ են կոչւում։ Սրանք ամէն ջանք գործ են դնում թագուորին զբաղեցնելու եւ ուրախ ժամանակ անցկացնելու։ Կիրակի օրը թագւորը գնում բարեկամներից մինի տան մէջ թագ է կենում։ Այս ժամանակ քաւորի տնից մինը գալիս է եւ բերում է հինա եւ մոմեղէններ։ Այստեղ նա իմանալով որ թագւորը չկայ, խրախուսում է թագուորցիներին գնալ պտրել նրան։ Մի քանի գիւղերում այս հանդէսը կատարում են շաբաթ երեկոյին, ուստի եւ քաւորը բաժանում է թագւորցուներին մոմեր։ Բոլոր թագւորցիները դաւուլ զուռնի առաջնորդութեամբ այս ու այն տուն ընկած պարում են եւ երբ գտնում են, մի շիշ օղի են տալիս տան տիրոջն եւ թագւորին առնում։ Տան տէրը թագւորի բուկը մի ալ թաշկինակ է կապած լինում իբր նուէր։ Թագւորցիք այստեղից թագւորին չարքեասկու աջ թեւը հանած է քաւորը աջ կողմը կանգնած կաքաւելով տանում են քաւորի տունը, ուր նախ մի հօրով մօրով չամուսնացած երիտասարդի, ապա թագւորի եւ յետոյ քաւորի երեսները սափրում են։ Սափրիչը թագւորի միրուքի կէսը սափրելուց յետոյ կանգ է առնում եւ ասում. «Ածըլին քոռ է, չի կտրէ, ճերմակ լիստն կ՚ուզէ»։ Քաւորը մի քանի կոպէկ է տալիս։

Խափրելուց յետոյ թագւորցիք նախ մի հօրով մօրով չամուսնացած երիտասարդի եւ ապա թագւորին լողացնում են գոմը տաշտի մէջ. որպէսզի նա եւս այդ երիտասարդի պէս հօրով մօրով մնալ։ Վերջը գլխի մազերը վեր ցցելով օճառ են քսում վրան եւ ասում. «Տէ՜, քանքիւլը ծուռն է, դըզէ, քաւոր տղա»։ Քաւորը մի շիշ օղի է խոստանում։ Թագւորին լողացնելուց յետոյ մինը շալակում բերում է օդան, ուր եւ հագցնում են հանդերձը։ Այդ օրը հարսնացուի տանից դաւուլ զուռնի առաջնորդութեամբ եւ տան փոքրիկներից մինի ձեռքով ուղարկուած է լինում փեսցուին մի շապիկ, մի վարտիկ, մի լաստիկ արխալուղ, մի մահուդ չուխա, կլապիտոնով ելակ, զանգեալ, գուլբայ եւ ապրեշում դիւզպաղի (ծնկի կապ)։ Բերողին պատւում եւ մի զոյգ չուստիկ են նուիրում։ Այս ժամանակ հրաւիրում են քահանային, օրհնել տալիս հարսնացուի տանից ուղարկուած փեսացուի վերոյիշեալ հանդերձները եւ մի քանի կոպէկ աջհամբոյր տալով նրան ճամպում ու իրենք երգեր երգելով հագցնում, զարդարում թագուորին։ Ամէի մի հագուստը հագցնելիս վեր են բարձրացնում, ցոյց տալիս հաւաքուած կանանց եւ գոչում. - Աշեցէ՜ք, մամտիկ (մայրիկներ), չերթաք փուշա (խարդախ) մօրերուդ հօրերուդ գանգտիք, մեր թագւորի զոնքանչն իր փեսին ղրկեր է աս . ո՞ւր տեղաց բան է։ Հանդիսականները հեռաւոր տեղերի անուն են տալիս. Ստամբօլու, Չինիմաչինու, Պէտռէպօլու… բան է…..

- Գինն ի՞նչ է։

Շատ բարձր են գնահատում։ Մի րուբլու իրեղէնին հարիւր րուբլի գին են դնում։

- Լաւ գնահատեցիք, շէ՞ն մնայ զոնքանչը, գոչում են թագւորցիները եւ հագցնում երգերով.

Հա՜յ հագուցէք, հագուցէք,

Կարէք խաս պախչան թագուցէք,

Բմբուլ գողինք (անկողին) ձգեցէք,

Վարդ ծաղկանց մէջ քուն դրէք։

Քաւորն այս ժամանակ մի զոյգ եամանի է նուիրում թագւորին եւ մի ալ թաշկինակ կապում վիզը, ծայրերը բաց թողնելով։ Իսկ հին չուստիկները ժամակոչը գալիս պահանջում տանումէ իրեն։ - Յետոյ թագւորցիք նստում օղի են խմում, հաց ուտում, որ առ նուազն երեք տեսակից է բաղկացած լինում - խաշ, եայի եւ փլաւ. - կաքաւում, շարունակ երգում եւ ուրախանում։ Հացից յետոյ թագւորցիք դաւուլ զուռնի առաջնորդութեամբ տանում են փեսացուին իրենց տուն։ Մայրն ընդառաջ է ելնում փեսացու որդուն եւ համբուրում է աչքերը։ Թագւորցիք շնորհաւորում են մօրը՝ ասելով. «Աչքդ լուս, Աստուած սուրբ պսակին արժանացնէ»։ Մայրը շնորհակալ է լինում եւ բոլորին հրաւիրում է տուն, ուր մի բարձր տեղ կամ աթոռի վերայ նստում է թագւորը։ Դրսից եկողները յաճախ ասում  են. «Թագւորը թառն է»։ Իսկոյն թագւորը ելնում կանգնում է։ Միւսները պատասխանում են. «Աստըծու գառն է»։ Եւ այս ժամանակ թագուորը նորից նստում է։ Երեկոյին թագաւորի եւ թագուհու ձեռքերը հինա են դնում։

ՊՍԱԿ.

Ժսակի խորհուրդը կատարւում է երկուշաբթի առաւօտեան։ Առաւօտ վաղ փեսայի տնեցիներից մին մի շիշ օղի առած գնում հրաւիրում է նախ քաւորին եւ յետոյ քահանային եւ հարսնեւորներին կամ մաղրուորներին։ Բոլորը գալիս հաւաքւում են փեսայի տունը, օղի խմում, նախաճաշում եւ գնում հարսնառ։ Դաւուլ զուռնի առաջնորդութեամբ տղամարդիկ եւ կանայք գնում են հարսի տունը, թագւորի կողքից սուրը ձեռքը գնում է քաւորը։ Թագուորը ու քաւորը կանգնում են տան մէջ տեղը։ Թագուորցիք բղաւում են. «Թագուորը թոփալ է»։ Հարսի կողմի մարդիկն էլ բղաւում են. «Հարսը թոփալ է». եւ այս այն նպատակով, որ հարս ու փեսայ շուտով միմեանց մօտ գան։ Այս ժամանակ հարսը լալիս է, հայրը համբուրում է հարսին եւ ասում. «Գնա օղուլ, Աստուած հետդ ըլլի, խելք ու շնորհք տայ, խոնարհ ըլլիս, մարթուդ հնազանդ ըլլիս»։ Հարսնացուն փաթաթւում է հօրը եւ ձեռքն ու կուրծքը համբուրում, որպէսզի հօր ձեռքն ու գութը իւր վրայից անպակաս լինի։ Հայրը հարսնացուին յանձնում է փեսի հօրը եւ ասում. «Տա՛ր, մէկին հազար խէրը տես»։ Սա բռնում է խնամու ձեռքը, սեղմում է եւ ասում. «Շնորհակալ եմ, շէն ու պայծառ մնայ տունդ, մեր բարեկամութիւնը էստից էտեւ պըտի ըլլի»։ Այս ժամանակ հարսը խոնարհում եւ համբուրում է կերսարոջ ոտքը, իսկ սա վեր բարձրացնելով նրան՝ ասում է. «Մի՛ լա՛յ օղուլ, ես սաղ ըլլիմ»։ Հարսն ու փեսին կանգնեցնում են միմեանց մօտ՝ հարսը փեսի աջ կողմը, փեսի մօտ քաւորը, հարսի մօտ հարսնեղբայրը թեկանցուկ։ Այս ժամանակ հաւաքուած կանայք ասում են մօրը. «Թնդրի խփին նստի, թնդրի խփին, որ աղջիկդ տունը մնայ ու շատ ու շրջիկ չըլլի»։

Քահանան կատարում է ձեռնադրութիւնն եւ բոլորը շարժւում են դէպի եկեղեցի։ Իւրաքանչիւր դռնից անցնելիս քաւորը սուրը խփում է դրան «սովին» ու հարս ու թագւոր անցնում են սրի տակով, որպէսզի չարը չխփէ նրանց։ Սրանց առաջնորդում է դաւուլ զուռնան։ Թագուորցիք կաքաւում, գօտեմարտում, հրացան են արձակում  եւ իրենց աղաղակներով օդը թնդացնում։ Յանկարծ մինը վազում եւ թագուորի գլխարկն առնում փախչում է։ Թագաւորցիք ընկնում եի հետեւից եւ եթէ բռնեն մի լաւ թակում ու գտակը բերում գնում են թագուորի գլուխը, իսկ եթէ չեն կարողանում բռնել՝ փեսի տնից բերել են տալիս մի հաւ, երկու գաթայ, մի շիշ օղի, տալիս նրան եւ առնում գտակը։ Այս ստացածը պատկանում է բոլոր թագուորցիներին։

Երբ հասնում են եկեղեցու  դուռը՝ ժամակոչը կամ երեսփոխանը փակած է լինում դուռը եւ բաց է անում միայն այն ժամանակ, երբ քաւորից ստանում է 10-50 կոպէկ։

Պսակի խորհուրդը  կատարելուց  յետոյ, քահանան տալիս է թագաւորի ձեռքը Աւետարան, իսկ քաւորի ձեռքը խաչ եւ կանգնեցնում սեղանի առջեւ։ Բոլոր հարսնեւորները նախ համբուրում են քահանայի ձեռի խաչը, յետոյ թագաւորի կրծքի բռնած Աւերատարանը  եւ քաւորի ձեռի խաչը եւ խաչհամբոյր ձգում մօտը  դրած ափսէի  մէջ, որ պատկանում է քահանային։

Յետոյ շարականի եւ ձնձղակների հնչիւնով դուրս են գալիս եկեղեցուց եւ ուղեւորւում դէպի փեսայի տունը։ Այժմ ուրխաութիւնն առաջուանից կրկնապատկում է, հրացանների պաթիւն, կէցցէներ, գօտեմարտ եւ կաքաւ տեղի են ունենում գրեթէ ամէն քայլում։ Մի քանիսն էլ ոչխար, գառ, հաւ են բերում գետին խփում թագուորի առաջ եւ դանակը քսում, սպասելով քաւորի հրամանին։ Եթէ հրամայում է, մորթում են եւ արիւնից քսում թագաւորի ճակատին, իսկ եթէ ոչ՝ մի քանի

կոպէկ ստանում գնում։ Կէս ճանապարհին հարս եւ փեսայ կանգ են առնում, մինը կաքաւում է իսկ նշանած երիտասարդների հարսի կողմից ազգականները մի մի թաշկինակ են կապում իրենց փեսայացուների  բկերն ու թեւերը, իսկ թագուորցիք բցաւում են. Շէն կենայ այս ինչը, կանչել  է փեսին մէ եայլըդըմ։

Երբ մօտենում են թագուորի տանը, թագաւորցիք բարձր կանչում են։

Թագուորամէր, դուս արի.

Դռի գոտն դէմ արի.

  Քու խաչ որդիդ էկեր է.

Կաքուայ դոխիկ բերեր է։

Մօր հետ դուրս եկողներն էլ կանչում են.

Թագուորամէր, դուս գնա.

Դսի դռան դէմ գնա.

Քու խաչ որդիդ էկեր է.

Գլոխդ դմփող բերեր է։

Թագուորցիք շարունակում են.

Թագուորամէր, դուս արի,

Դսի դռան դէմ արի.

Քու խաչ որդիդ էկեր է։

Տներդ աւլող բերեր է։

Մոր կողմինները.

Թագուորամէր, դուռ գնա,

Դսի դռան դէմ գնա.

Քու խաչ որդիդ էկեր է,

Մազդ փետող բերեէ։

Թագուորցիք.

Թագուորամէր, դուս արի.

Դսի դռան դէմ արի.

Քու խաչ որդիդ էկեր է։

Թնդիրդ վառող բերերէ։

Մոր կողմինները.

Թագուորամէր դուռ գնա՛,

Դսի դռան դէմ գնա.

Քու խաչ որդիդ էկեր է,

Թնդիր կոխողդ բերեր է։

Վերջապէս թագուորամայրը դուրս է գալիս, իսկոյն թագուորցիք մի դարձրած  փափախ (գդակ) դնում են գլխին, աւելը որպէս ազգի կապում յետեւից, սամիները գօտին խըցկում։ Թագուորամայրը պարում է եւ թագուորի ու հարսի աչքերը համբուրում։ Այս ժամանակ խոհարարուհին տալիս է թագուորցուներին մի հաւ եւ ափսէի մէջ դրած հալուա ու մի քանի զոյգ գաթայ։ Թագուորցիներից մինը դաշոյնի մի հարուածով կտրում է հաւի գլուխը, եթէ չյաջողացրեց մի հաւ տուգանք է տալիս, եւ այժմ մի ուրիշ թագաւորցու է աշխատում թռցնել դրա գլուխը։ Այս հաւերը եւ գաթան եւ հալուան տալիս են խոհարարուհուն պահելու, որ միւս որը վերադարձնէ։ Մինն էլ մի  կատու է բերում եւ հարսնեղբայրն ամենայն պատրաստականութեամբ  խածում է նրա ականջը, որ հարսի  ոտքը «ուղուրով ըլլի»։

Հարս ու թագուոր մտնում են ներս, նրանց առաջ ձըգում են թոնրի ակիշը, եթէ հարսը վերցրեց՝ տնարար է, եթէ չվերցրեց՝ տնաւեր, հարսին  տանում են տուն, ուր նա փոքր ինչ աւելու է, որպէսզի խռովութիւնը կերսանց տանից հեռանայ, փոքր ինչ աղ առնում ցանում է կերակրներին, որ կերսանց հետ սիրով ապրի։ Յետոյ տանում օդի կամ տան մի անկիւնում վարագոյրով կտրած բաժնում նստացնում։ Բայց խոհարարուհին  նրանից առաջ բազմած է լինում հարսի տեղը, մի զոյգ գուլբայ պէտք է տայ, որ վեր կենայ։

Բոլոր հարսնեւորները գնում նստում են օդան, բերում գնում են խոնչան եւ սկսւում եւ սաչու, նուիրատւութիւններ յօգոււտ նորապսակների։

Սաչու կանչողը բարձր բղաւում է.

-Ըսէք չեն մնայ, շէն մնայ ։

-Ո՛վ, հարցնում են այս ու այն կողմից։

-Աղա այսինչը, ձին վազուկ ըլլի, թուրը կտրուկ ըլլի, բարեկամը բարեկամ չարակամը քոռ ըլլի, իրէք մանէթ թագուորին ընծայ։

Շէն մնալ, շէն, գոչում են այս ու այն կողմից։

Խաչունց հաւաքւում է մօտաւորապէս 20-80 րուբլի. նայելով թէ հարսանիք անողը եւ նրա հարսնեւորներկ ինչ կաողութեան տէր մարդիկ են։

Խաչուից յետոյ դաւուլճիք են գնում դաւուլը, որ «տեսնեն», այսինքն  փող տան ամէն մարդ 3-20 կ. փող է նուիրում։

Խրանից յետոյ էլ խոհարարուհին է գալիս եւ 2-20 կ. իւրաքանչիւրից առնում, որ խաչի բերանը բանալ։

Վերջապէս բոլորում են սեղանների շուրջը եւ ամենայն ախորժակով ուտում խաչ, եայնի, քիւֆթա, փլաւ, եւ պանիր։ Իսկ օդին առատութեամբ բաշխւում է տան երիտասարդներից մինի ձեռքով։

Ճաշից յետոյ  հասարակաց պար է լինում կամ փեսի գոտում եթէ միայն այն ընդարձակ է եւ կամ մի ուրիշի, Պարը տեւում է մինչեւ կէս գիշեր եւ դրան մասնակցում է ամբողջ գիւղը, առանց նոյն իսկ հրաւիրուելու։

Գիշերը հարսը գնում քաւորին հանուեցնում, պարկեցնում է, իսկ ինքը գալիս հարսնեղբօր հետ է պարկում, իսկ փեսան գնում մտնում է քաւորի ծոցը։

Հետեւեալ երեքշաբթի օրը թագուորի տնեցիք հրաւիրում են սաչու տուողներին եւ քաւորենց, թէյ, օղի խմացնում եւ ճաշ տալիս, որից յետոյ քահանան վայր է առնում պսակը եւ մի բաժակ օշարակ խմացնում հարս ու փեսին։ Յետոյ քահանան առնում է քաւորի սուրը եւ ասում. «Հարսի լեզուն պիտի կտրեմ»։ Թագուորամայրը աղաչում է  չկտրել եւ մի զոյգ գուլբայ է նուիրում։

Թագուորցիք էլ առնում են խոհարարուհուն պահ տուած իրենց հաւերը, գաթան ու հալուան, միանում են հարսնեղբայրների հետ, առնելով նրանցից եւ նրանց բաժին մի քանի զոյգ գաթան, մէկ թոփ հալուան, մի խորոված հաւը, հարսնատնից էլ մի շիշ օղի, փեսայի հետ ՚ի միասին մի տեղ հաւաքւում, ուտում, խմում, ուրախանում։

Երեկոյին հասարակաց պար է լինում։ Կէս գիշերին հարսն ու փեսան միմեանց ձեռք բռնած մտնում են պարը, քաւորը, փեսայի, իսկ հարսնեղբայրը հարսի ձեռքն է  բռնում, մի մի վառած մոմ էլ ցանկացողը առնում է ձեռքը եւ պարում են։ Ժողովրդեան բացատրութեամբ մոմը օրինակ է պսակին։ Պարելիս թագուորը աջ ձեռքով հանում է աջ գրպանից ցորեն եւ շաղ է տալիս, որպէսզի, իրենց բացատրութեամբ, ցորենը առատ լինի։ Սրանով նա իրաւունք էլ է ստանում ցորեն ցանելու, որովհետեւ չամուսնացածներն  իրաւունք չունին ցորեն ցանելու։

Երեք պտոյտ կատարելուց յետոյ՝ հարս ու փեսան դուրս են գալիս պարսից, որ փոքր ինչ էլ տեւում է եւ վերջանում։

Չորեքշաբթի առաւօտ հարսնատէրը հրաւիրում է կնքահայրերին, կնքակիններին եւ մօտիկ ազգականներին եւ թէյով ու նախաճաշիկով պատւում։ Նախաճաշիկից յետոյ ուրիշ գիւղերից եկած հարսնեւորներին եւ հարսնեղբօրը ճանապարհ են ձգում դաւուլ զուռնով։ - Գիշերը հարս ու փեսան առագաստ են մտնում։ Խոհարարուհին ձգում է անկողինը, մօտը հալուա, մեղր ու շաքար դնում, որ նորապսակներն անուշ սիրով - լինին, ինքն էլ դռան յետեւ պահ է մտնում, սպասելով կուսութիւնն ապացուցանող «չարսաւին»։ Եւ եթէ մի փոքր ինչ ուշանում է, նախատելով շտապեցնում է։

Եթէ աղջիկը կուսութիւնը կորցրած է լինում, վախենալով այն մեծ նախատինքներից որ կրելու է տնեցիներից եւ սրանց ազգականներից, արտասւում է ներողութիւն է խնդրում ամուսնուց, որ կաշառում է խոհարարուհուն եւ սա մի աղաւնի մորթում ու արիւնոտում է «չարսաւը»։

Խոհարարուհին տանում չարսաւը ցոյց է տալիս նախ փեսի եւ ապա հարսի մօրը, շնորհաւորում նրանց եւ ընծաներ ստանում։

Հինգշաբթի առաւօտ հրաւիրում են ազգական եւ դրկից կանայք. այդ օրը բացառապէս միայն դրանց է պատկանում։ Ճաշին մատուցանում են խաւիծ եւ այս կերակրի անունով՝ այս օրը կոչւում է խաւծի օր։ Նախ քան ճաշի նստելը հրաւիրուածներին աչքի լոյս են տալիս եւ տնումն ցոյց էին տալիս «չարսաւը», սակայն այժմ այդ սովորութիւնը վերացել է։ Ճաշից յետոյ բերում են հարսի օժիտը եւ մի կին նախապէս մի րուբլի նուէր ստանալով կեսուրից, բաց է անում եւ մէկ մէկ ցոյց տալիս հանդիսականներին։

Հարսի օժիտը պատրաստւում է հադէմասու, ոտչուի եւ երեստեսանքի փողերով։ Հայրը ոչ միայն իրենից ոչինչ չի անում, այլ եւ այդ փողերից գողանում է։ Հարսի օժիտը գլխաւորապէս բաղկացած է լինում հետեւեալ կտորներից.

Երկու չուխա ջուպպա.

Մէկ փութալի շալ.

Մէկ զատիֆա խրխա.

Մէկ կապոյտ խրխա.

Երկու իշլիկ. մէկը ֆանէլ, միւսը պուրսօ.

Թորս անթարի.

Կասն եւ մէկ հատ շապիկ.

նոյնքան վարտիկ.

Տասն եւ երկու հատ կրծկալ.

Եօթն հատ գոգնոց, 5 շալից, 2 մահուդից.

Մի էհրամ.

Գլխի տասն եւ երկու շալովի.

Երկու վարդ.

Երկու եաղմա.

Երկու չիքիլա.

Երեք թոռ կամ եափուղ.

Երեք զոյգ ոտնաման-մի զոյգ կիսակոշիկ, երկու զոյգ մեաս բապուճ, երկու զոյգ գուլբայ, մի արկղ, մի արկղիկ, մէջը թել, կոճ, ասեղ, ճաղ, թեշիկ, լուցկի, հայելի։

Ղիլա-նուէրներ.

Կեսարոջը՝ մի շապիկ, վարտիկ.

Կեսարոջը՝ մի վարտիկ.

Կագրներին՝ մի մի զոյգ գուլբայ եւ թողլուխ.

Կնքաւորին՝ մի շապիկ վարտիկ,

Կնքաւորի տնեցիներից իւրաքանչիւրին՝ մի մի զոյգ գուլբայ եւ սռնապան կամ կանանց գուլբայ եւ գոգնոցի կապ։

Ճեսի բարեկամներին, որոնք նուէրներ են տուել հարսին, նայելով նրանց տուածին, չամաշուր կամ գուլբայ, ոռնապան եւ այլն։

Նորահարսը մի կարճ միջոցից յետոյ այս հանդերձներից մի քանիսը ծախում եւ իւր ոսկիւներ մանրում ու մի գումար կազմելով, շահով է տալիս, որպէսզի իւր եւ իւր որդիների հանդերձը հոգնյ, որովհետեւ կերսանքը շատ հազիւ է պատահում որ հարսերին կամ նրանց որդիներին շոր անեն։ Այս դրամը հարսերը «արնգին» են կոչում։

Այսպէս վերջանում է հարսանեաց հանդէսը եւ այնուհետեւ սկսւում սովորական կեանքը։

ՏՂԱԲԵՐՔ  ԵՒ  ԿՆՈՒՆՔ.

Ախալքալաքի  գաւառի հայ գիւղացի յղի կնոջ դրութիւնը շատ աննախանձելի է. նա մինչի ծննդաբերութիւնը  կրում է տան բոլոր ծանրութիւնը։ Այն միայն նապաստաւոր է յղի կնոջ համար, որ այս ժամանակ եթէ «մտափոխ» է լինում, այսինքն մի բան է ցանկանում ուտել անշուշտ գըտնում, տալիս են, ապա թէ ոչ, նրանց կարծիքով ապագայ երեխայի աչքը ծուռ կը լինի։ Բայց եթէ կինը ՚ի չարն է գործ ածում դրանց հաւատը. նրան «բարբող» են անուանում եւ մի խնձոր ծածուկ լուանում են լակամանի մէջ եւ տալիս նրան, որ ուտէ եւ բարբողութիւնն անցնի. կամ մի քարղանի մէջ գնում են ամուսնու տրեխը եւ ծածկած տանում յղի կնոջը, ասում. «Ե՛լ, ել, մարըտ բան է բերէ»։ Կինը միամիտ վեր է կենում, առնում, բանում է քարզանը, տեսնում է տրեխը, զզւում է բարբողութիւնն անցնում է։ Թէեւ հաւատում են որ երեխան ում դէմը խաղալ, նրա բնաւորութիւնը կստանայ, սակայն հանգամանքները  թոյլ չեն տալիս նրանց ընտրելու եւ լաւ մարդկանցով շրջապատելու։ Յաճախ պատահում է, որ իրենց ասելով, երեխան շան, իշու դէմ է խաղում եւ դրանց բնաւորութիւնն էլ ստանում։

Յղի ժամանակ զգուշանում են երկու այր մարդկանց միջից անցնելու, որ երեխան կոխ չլինի - ժամանակին ոտք ելնէ քայլէ։ Նաեւ մատաղ գառի միս չեն ուտում, որ երեխաները թփխի չլինին - դեռահաս չմեռնին։

Երկունքի ժամանակ կինը ծունր է չոքում ուր էլ որ պատահում է, միայն տղամարդկանցից հեռու. իսկոյն կանչւում է ծննդկանի մայրը, եթէ միայն ծնունդն անդրանիկն է եւ սա իւր հետ բերում է բալուլոցը։ Գալիս է եւ դայեկը-մանկաբարձուհին-որ իւր հնարագիտութեամբ աշխատում է թեթեւացնել ծնունդը։ Թէեւ կանայք ընդհանրապէս  հեշտածին են, բայց եւ պատահում է, որ երկար տանջւում են երկունքի ցաւով։ Այսպիսի դէպքերում կնոջը կապերտի մէջ դնում, օրօրում են, մէջքից շալակելով թախլա են դարձնում, նստեցնում են մի ուրիշ նստած կնոջ ծնկների վրայ եւ յետեւից առնում երեխան, բերանը շիշ են տալիս եւ ստիպում են փչել, տիրացու են կանչում եւ գլխին համայիլ կարդացնում։ Միեւնոյն նպատակով փէշի մէջ ածած ջրից երեք ումպ խմեցնում են ծննդկանին եւ մնացածը սրսկում երեսին կամ ամուսինը եւ կամ նա, ով տեսել է օձը գորտին խայթելիս, բաժանել է նրանց եւ երեք անգամ անցել, դարձել նրանց միջով։ Իսկ ինքը ծննդկանը, անիծելով իւր սեւ բաղդը, Չորեքմուտքին, Ուրբթմուտքին եւ Կիրակմուտքին օգնութեան է կանչում։ Ժողովրդեան կարծիքով երեխան աշխարհ գալիս - հոգեցէն հոգի բաժանուելիս-ծննդկանն Աստծուց ինչ խնդրէ կը կատարուի։

Եթէ երեխան անձայն է ծնում, նրան պարկեցնում են սառը ջրի մէջ, գլխին ամանով, «թասով», սառը ջուր դնում, մէջը ծծմբի լուցկի վառած, ընկերքի տակը կրակ են լցնում եւ պորտը դէպի երեխան քաշում, ականջի տակ ամաններ միմեանց խփելով հնչեցնում, մինչեւ որ հոգեւորնայ։ Եթէ ծնունդն առաջինն է եւ մայրը դարձեալ տանջւում է սանջու ցաւով, ամուսինը ջուրը մկրըտում է, այսինքն մկրատով կտրում է, կամ ծննդկանն եօթը հատ ղայթնէ կոճակ է կուլ տալիս, որ սանջուն կտրի։ Դայեակը երեխայի պորտը կապում, «Օրհեալ Հայր Սուրբ, Աստուած ճշմարիտ» ասում եւ բաղդաւոր լինելու համար աթրի վրայ է դնում, դանակը քսում եւ ասում. «Դանակը քոռ է չի կտրէ», փող են տալիս, որ բերանն է առնում եւ կտրում, երբ ընկնում է՝ տանում թաղում է եկեղեցում, որ երեխան ժամասէր լինի, ուտեցնում են անասունի, որ անասնասէր լինի եւ կամ գցում չարչու պոխչան, որ շոր գտնող կամ չարչի լինի։ Իսկ դանակը դնում են ծննդկանի բարձի տակ եւ երեխան միւռոնից հանելիս, մեռոնջրում լուանում, որով եւ սրբւում է։

Դայեակը աղօթք շշնջալով երեխային դնում է մաղի վերայ, որովհետեւ դեռ անկնունք է եւ եթէ գետնին կամ ուրիշ բանի վրայ դնեն՝ «չարերը կը զարնեն» կամ կոխ կը լինի։ Յետոյ ծննդկաին կանգնեցնում է տաշտի մէջ եւ տէրունական աղօթքն ասելով՝ կիսից վայր լուանում եւ պարկեցնում գոմի օդան։

Եթէ ծննդկանն ուրիշ սենեակ է ազատուել, նրա ձեռքը տալիս են ծայրին մի սոխ ցցած ակիշ եւ սա տէրունական աղօթքն ասելով եւ իւրաքանչիւր շէմքից անցնելիս երեսը խաչակնքելով  գնում պարկում է օդան։

Ծննդկանի սնարի մօտ դնում են ակիշ, սանդերք եւ այլ երկաթեղէն, բարձի տակ պահում են սուր, նարեկ, նշխարք կամ հաց, վերմակի վերայ շուլուլում են ասեղ եւ այս բոլորը նրա համար, որ չարերը չմօտենան։ Ծննդկանին պարկեցնելուց յետոյ դայեակը լողացնում է երեխային տաշտի մէջ, եթէ առողջ է՝ գոլ, իսկ եթէ վատառողջ՝ սառը  ջրով. վրան աղ ցանում, մոր անկողնու վրայ բալուլում, վրան մի հաց դրած եւ թեւերին առած տան մէջ մի սեան բոլորն երեք անգամ պտըպում, որ չար չդիպչի, յետոյ ձեռին ակիշը, ծայրին սոխ, ելնում է սուրս դառնում դէպի աղօթարան եւ երեք անգամ ասում, «Աստուած, տղիս ղսմաթը բաց էրա», ապա գալիս է ներս եւ շշնջում հետեւեալ աղօթքը.

Էրնէկ, էրնէկ վարդակուսին,

Լուսաթաթախ թուրն էրեսին,

Ծանքը մտա, նորսէսին,

Շուրջառն առաւ Քիստոսին,

Ծնաւ բերեց Աստուածորդին,

Անբան մսուրը գրուեցաւ,

Խանձրալուլով բալուլեցաւ,

Գետ Յորդանան մկրտեցաւ,

Մարգարէներ, գրքեր բերէք,

Ճգնաւորներ, քաւոր էղէք,

Անուն Յիսուս կատարեցէք։

Յետոյ թեթեւութեամբ նստում է ծննդկանի վրայ եւ ասում «Մայրամ [4] ծանդռ ես, թէ թեթեւ»։ -Թեթեւով անցընի, պատասխանում է ծծնդկանը։

Դայեակը դնում է բալուլը ծննդկանի աջ կողմը, մայրն էլ այդ օրը շարունակ երեսն  երեխայի երեսին դարձրած է մնում։ Յետոյ դայեակը ձեռի ակիշով խաչակնքում ղ ծննդկանին ասելով.

Աւետռան էրթնկայ էղաւ,

Սուրչառ դռան փակ էղաւ,

Մէկը Յիսուս, մէկը Քրիստոս,

Սերոբէք, Քերոբէք,

Տղոցկնի էրթիկը գան։

 

Ակիշի ծայրի սոխը հանում ուտեցնում է ծննդկանին, որ չուշաթափի եւ կաթն աւելանայ։ Իսկ ակիշը տնկեցնում է ծննդկանի սնարի մօտ որ չար չմօտենայ։

Եթէ երեխան առջինէկ է, մայրը ծիծ չի տալիս մինչեւ որ մի ընծայ է ստանում կերսարից, շատ անգամ էլ առաջին օրը բոլորովին ծիծ չեն տալիս, երեխային համբերող դարձնելու համար, բայց ինքը խմում է քաղցր օշարակ եւ ուտում ձուաձեղ կամ խաւիծ եւ կամ հաւկիթ, իսկ եթէ պաս է, սոխ ու հաց։

Ծննդկանին այսպէս շահելուց յետ՝ դայեակը վերցնում է ընկերքը եւ տանում թաղում չոր հողի մէջ եւ տէրունական աղօթքն ասելով՝ ծեծում որ «չսաղանայ», ապա թէ ոչ՝ «կըսաղնայ» եւ ծննդկանի սիրտը կը թռթռի, կը մարեմրի եւ անհրաժեշտ կը լինի նորին գալ «այր մեր» ասելով ծեծել մեռցնել ընկերքը, որ ծննդկանը առողջանայ։

Այս ժամանակ արդէն տան ծառան կամ փոքրերից մին վազում է ազգականներին եւ բարեկամներին աչքի լուս։ «Աչքա լուս, շաքար ապլա, աղջիկդ պառկաւ մանչմ բերեց»։

- Աչից լսով մնաս, օտացդ մեռնիս»մ, բարի ազատում ըլլի, Աստուած հօրով մօրով պահէ, Է՛, ե՞փ ազատաւ, փարի ղօլա՞յ ազատաւ, հարցնում են ապլաները եւ մի քանի կոպէկ կամ մի, երկու հաւկիթ տալիս աչքի լուս տուողին, միքանիսն էլ ներս հրաւիրում եւ հիւրասիրում են։

Մի քիչ յետոյ մօտիկ ազգականներն ու հարեւանները գալիս եեն տեսութեան, «քարղան» են բերում ծննդկանին□բերում են խաշած հաւկիթ, կամ ձուածեղ, կամ խաւիծ, կամ մալէզ ապուր, կամ փալուզայ, կամ հասութայ եւ կամ մի գիւգումի մէջ եփ տուած թէյ։ Առաջին քարղան բերողի քարզանը չեն վերադարձնում  մինչեւ  երեխայի պորտն ընկնիլը։ Տանեցիք իւրասիրում են սրանց թէյով կամ հացով։ Տղամարդիկ եւս համախմբւում գալիս են կտուրը եւ մի փայտ դէմ տալով հերթիկին. «Խաչը վերուցէք, տղաք, վերուցէք» բղաւում։

- Չէ՜, չէ, ձեր պատիւը գլուխս վրայ նես հրամեցէք, պատիւ տամ, մէ գառմ ձեռի ղուրպան է. ասում է տան մեծը։

Նրանք իջնում են վայր եւ շնորհաւուրմ «Աչքերտ լուս ըլլի, շնորհաւոր ըլլի, հօրով, մօրով ըլլի»։

Տան տէրը հրաւիրում է նրանց նստել եւ հիւրասիրում է օղիով ու թէյով։ Դայեակը դնում է երեխան հիւրերի գիրկը եւ նրանցից ստանում 1-10 կոպէկ ընծայ։

Այնուհետեւ դայեակը օրը մի անգամ լողացնում է երեխային ասելով.

Էրկան վզիկ
Թա՛փ տու ցաւիկ
Շալկէ մսիկ։

Եւ օրն երկու անգամ բալուլում ու լուանում կեղտոտ շորերը։

* * *

Հաւատալով թէ չարերն անկնունք երեխաներին փոխում են իրենց նիհար որդիների  հետ, որոնք մկրտութիւնից յետոյ շատ քիչ են ապրում, ինչպէս Կարծախում, իբր երկուսը պատահել էր, աշխատում են կնունքը կարելւոյն չափ շուտ կատարել։

Ամենից առաջ մի սեալայի կամ մաղի մէջ գնում են մի կարմրցրած հաւ, գաթայ, մի քանի զոյգ գուլբայ, մի քանի թաշկինակ, երբեմն էլ մի զոյգ սռնապան (թողլուխ) եւ դայեակի ձեռքով ուղարկում քաւորին։

«Սանամէրդ խոնչան ղրկեղ, ասում է դայեակը քաւորին, հրամմէ էգուց տղան կնքէ»։

Քաւորն ընդունում է «խոնչան», մի քանի կոպէկ տալիս դայեկին երկում արշին չիթ ուղարկում սանիկի հանդերձի  համար։

Յետոյ դայեակն իւր տնից բերում է եկեղեցապատկան բալուլոցը, սրով բալուլում  է երեխային։ Եթէ երեխան առջինեկ է, մեռոնլաթը տանից են անում եւ վերջն ընծայում եկեղեցուն։

Գալիս է քահանան եւ տան մէջ կատարում կնունքի խորհուրդը, յետոյ երեխան դայեակի գրկին, տան մի քանի տղամարդկանց հետ գնում են եկեղեցի, ուր եկած է լինում քաւորը։ Երեխայի հայրը մկրտութեան խորհուրդը  թէ տանը եւ թէ եկեղեցում կատարելիս իրաւունք չունի ներկայ գտնուելու։

Եկեղեցում երեխան գնում են քաւորի գիւրկը եւ մկըրտում։ Մի քանի կնունք եղած միջոցին նախ մկրտում են արու երեխային, թէկուզ մինչեւ սրա բերելը աղջկայ վրայ ծիսակատարութեան  կէսն էլ կատարած լինէին։

Մկրտելուց յետ՝ քահանան  խաչը ձեռին փորուարը գըցած «լոյս  ՚ի լուսոյ» շարականն ասելով գնում է տուն։ Քաւորն երեխան գրկած հետեւում է նրան։

Ծննդկանը խոնարհում պագնում է նախ՝ քաւորի ոտքը եւ ապա բալուլը, առնում է երեխան գիրկը եւ նստում Քահանան «պահպանիչ» է ասում եւ երբ վերջացնում է, շնորհաւուրում է հետեւեալ խօսքերով որ միւսները  փոքր ինչ փոփոխելով կրկնում  են.

Աչվներդ լուս, շնորհաւոր մկրտութիւն ըլլի, Աստուած հօրով մօրով պահէ, խոր ծերութեան հասցնէ քուկ ա, քաւոր տղա, դատումքդ կատար»։

Ծննդկանը համբուրում է խաչը եւ 3-10 կոպէկ խաչհամբոյր տալիս քահանային։ Մինչեւ այս ժամանակ բոլորը կանգնած են լինում. հիմա նստում են աւագութեան կարգով. օճխի մի կողմը նստում է քահանան, մօտը կնքաւորը, սրա մօտ աթոռակալը եւ ուրիշներ՝ հասակի համեմատ, օճխի միւս կողմը նստում է տանուտէրը, նրա օգնականը գիւղական դատաւորները եւ ուրիշներ՝ դարձեալ հասակի համեմատ։

Օճխի մէջ եփ է գալիս գիւգումով ջուրը՝ վերան թէյամանը։ Կարողութիւն ունեցողները նախ երկերկու բաժակ օղի են հրամցնում ամենքին, որոնք հետեւեալ  բարեմաղթութեամբ խմում են. «Ձեռքէդ անհատ, Օրհնեա Տէր, տէր տէր ջան, կենդանութիւն, կնքահար, դատումքա կատար, վարձքա Երուսաղէմ, աթոռակալ սաղ էղնիս, իւզբաշի, ջանմ սան ջամիաթա ռահմադ»։

Յետոյ երկներկու բաժակ թէյ են տալիս, մինչ իսկ եթէ թէյը ժամանակ էլ չլինէր։ Ապա խոնչան գնում են երկու սատրներ միջեւ եւ հաց տալիս։ Կնունքի հացը որոշուած չէ, թէ ի՞նչ կերակրներից պիտի բաղկանայ, միայն սովորաբար երեք տեսակից պակաս չի լինում։ Հացը վերջանալուց յետոյ, քահանան պահպանիչ է ասում եւ այս ժամանակ քաւորը տալիս է քահանային 20 կոպէկ, աթոռակալին 10 կ. տիրացուին եւ ժամկոչին երբեմն միայն երեքից հնգական կոպէկ։ Երեխայի հայրն էլ քահանային 10 կ. է տալիս պահպանիչ ասելուն համար։ Յետոյ տղամարդիկ գնում են կանայք տանից օդան են հրաւիրւում, ուր հաց են ուտում։ Հարուստները հացից առաջ մի մի բաժակ օղի եւս են տալիս։ Սովորաբար հրաւիրում են իրիցկնկանը, եւ առաջին պատիւը, առաջին տեղը, սեղան օրհնելը նրան է պատկանում։

Արու երեխային մեռոնից շուտ, երեք օրից յետոյ են հանում, որ «ճակտով ըլլի, չամչնէ», իսկ աղջկան 7 օր պահում են, որ ամաչկոտ եւ պարկեշտ լինի։ Եթէ երեխան  մեռոնի մէջ մեռնի, հաւատում են թէ եօթը պորտի օգուտ է, եւ միայն քաւորը գրկած տանում է մինչեւ գերեզմանատուն։

Մեռոնից հանելիս՝ դայեակը հանուեցնում է աղտն մի մաքուր ամանի մէջ լուանում է նախ մօր ծծերը եւ ապա երեխայի այն մասերը, ուր մեռոն է քսուած եւ մեռոնլաթը։ Յետոյ լողացնում է երեխային գոլ ջրով տաշտի մէջ, քաշում է երեխայի ձեռքերը եւ ասում. «Թեւերտ օրն ըստըղըր էրկննայ», քաշում է ոտքերը եւ ասում. «Օտվիքտ օրն ըստըղըր էրկննայ». յետոյ վիզը՝ «Պոյըտ ըստըղըր էրկննայ»։ Տաշտի երկու ծայրերին մի մի փոքրիկ երեխայ մի մի մոմ են բռնած լինում, երբ դայեկը երեխան տաշտից հանում է, սրանցից մին դէպի դուրս, միւսը դէպի օճախն է վազում եւ հանգցնում մոմերը։ Եթէ հարցնենք պառաւ դայեկին դրա խորհուրդը, նա խոր համոզմունքով կ՚ասէ. «Դուս փախչին կ՚օր տղան սրտոտ ըլլի, դիպա օճախն ա օր վազեն կը, տղան բաղդաւոր ըլլելու հմար է»։

Դայեակը երեխան բալուլում, տալիս է մօրը եւ ասում. «Աստուած մնացական էնէ, հօրով մօրով պահէ»։ Նա  էլ պատասխանում է. «Վարձքտ Երուսաղէմ, շնորհակալ էմ, սաղ ըլլիս»։ Կեսուրը տալիս է դայեակին 20-50 կ. փող, մի քարղան ալիւր կամ աղ, մի ղալիպ սապոն եւ ճամբու դնում։ Այնուհետեւ մինչեւ քառասունքը լրանալը կեսուրն է օրը մի անգամ լողացնում երեխային եւ երկու անգամ բալուլում, մին լողացնելիս, միւսը երեկոյին։

Եթէ ծննդկանն անթառական է (հարուստ, ծառայ ունեցող) 15-20 օր է պարկած մնում, եւ մինչեւ այդ օրն էլ յետաձգւում է երեխային մեռոնից հանելը, իսկ եթէ ջրվրան է (աղքատ) 3-7 օր։ Երեխան մեռոնից հանելուց յետոյ տնեցիք լողացնում են ծննդկանին եւ պարկեցնում։ Միւս օրն արդէն ծննդկանն ինքն իրեն վեր է կենում, աղօթք շշնջալով շորերը հագնում։ Տնեցիք շնորհաւորում են՝ ասելով. «Բարով խէրով խոտտ մոտտ ժողուեցիր էլար». ժողովում են նրա անկողինը եւ տեղը մի մեխ խփում ասելով. «Մըխը իստեղ ամրնայ, տղան ա ֆոն ձիգ մնայ»։ Յետոյ խոտ բերում ծննդկանի ազատուած տեղում վառում «տէրընտազ անում»։ Ծննդկանը երեխան գիրկը մի շիշ (երկաթեայ ձող) եւ մոմեր ձեռին երեք անգամ անցնում է տէրընտազի վրայից, երեք անգամ էլ պտտւում շուրջը եւ գնում նստում օրօրոցի մօտ։ Այդ տէրընտազի մոխրից դնում են երեխայի բարձի տակ, որ չվախենայ եւ ցաւ չդիպչի։

Մինչեւ քառասունքը լրանալը մայրը առանձին խնամք է դարձնում երեխայի վրայ։ Երբ դայեակը ուրիշ ծննդկանի մօտից վերադառնում է, երբ գիշերով մարդ կամ անասուն է գալիս իրենց մօտ, երբ միս են բերում իրենց տուն, երբ մեռել են անցկացնում տան  մօտով, երբ մի ծննդկան է գալիս  իրենց մոտ՝  հոգատար մայրը իսկոյն բարձրացնում է երեխան, որ կոխ չլնի, այսինքն ժամանակին ոտք ելնէ, քայլէ։

Եւ եթէ մի անհոգութեամբ երեխան այդ հիւանդութիւն ստանում է. մայրը բժշկելու համար երեք օր շարունակ օրը մի անգամ տանում երեխային մի նահատակի գերեզմանի վրայ լողացնում է եւ ամանը կոտրում։ Եօթը դռնից փող մուրում, որով մեղրամոմ գնում հալում եւ իլիկի գլխի ծակով ածում ջրով լի թասի մէջ։ Ստացուած ձեւից գուշակում է թէ կոխն ումից է եղել, ապա այդ ձեւը պատանքում եւ եօթը ճանապարհների միմեանց կարող տեղում թաղում։

Եթէ կոխը ծննդկանից  է յառաջացել՝ գողանում են այդ ծննդկանի աղի հողշորը, ձգում թոնիրը եւ «մուխ տալիս» տղին- այդ շորի ծուխի վրայ բռնում երեխային։ Կամ գողանում են նրա թթխմորը, ձգում ջրի մէջ եւ այդ ջրով լողացնում երեխան։ Ոմանք էլ խաչերկաթ են գցում տաշտի մէջ, երեխային լողացնում եւ կանգնեցնում վերան։

Իսկ ուրիշներ երեխային երեք օր շարունակ օրը մի անգամ միեւնոյն քաքորի հետ կշռում են, եթէ երրորդ անգամին երեխան ծանրանալ, կըմեռնի, իսկ եթէ թեթեւանալ, կը առողջանայ երբ քաքորի հետ լողացնեն։

Երեխայի քառասունքը չլրացած՝ հօր շորերից չեն ցկում վերան, որ խորշակ չլինի։ Երբ քառասունքը կատարուի կամ Տեառնընդառաջը հասնի, մայրը երեխային լողացնում է, ինքն էլ լողանում, մաքրւում, ապա կանչում է դայեկին, տալիս երեխան գիրկը եւ նրա հետ գնում եկեղեցի, կանգնում աւազանի կողմը, քառասուն ծունր դնում եւ աղօթում։

Եկեղեցին արձակուելուց յետոյ դայեակը խնդրում է քահանային երեխային «քառասունքից հանել։ Նա էլ կատարում է եկեղեցական խորհուրդը եւ ստանում երեխայի մօրից 10 կ. խաչհամբոյր։ Դայեակը կրկին բերում է երեխան տուն եւ 5 կոպէկ փող ստանում։

Քառասունքից հանելուց յետ մայրն ազատ դուրս է գնում տնից եւ զբաղւում իւր գործերով։ Այնուհետեւ մայրն աւելի քիչ է զբաղւում երեխայով։ Նա օրօրոցի մօտ դնում է ամանով ջուր, որ չարերը չմոտենան երեխային։ Բարձի տակ դնում է օձի շապիկ, որ երեխան իմաստուն լինի, նոյնպէս եւ նշխարք, որ չարերը չմօտենան։ Երեխային դուրս տանելիս կրծքին հաց են դնում, որ չարերը չմօտենան։

նա գրկում է երեխան, ցոյց տալիս լուսինը եւ ասում «Քեռիա, քերի որպէսզի  երեխաների վրայ իշխող լուսինը չվնասէ երեխային։ Չար երեխային խելօքացնելու համար նստեցնում է նրան բակի մէջ եւ չորս բոլորից վերան աւելում։

Եթէ երեխան վատառողջ  է, գոգոանում են մի քաջառողջ  մանուկի շորեր եւ նրանով բալուլում նրան, որ լաւանայ։ Նոյն նպատակով վատառողջ երեխայի շապիկը փարտում են հասակակից քաջառողջ երեխայի տան հերթիկից։

Եթէ իշխող լուսինը-վերինը, վնասում է, բժշկելու համար երեխային  կանգնեցնում  են սեան մոտ եւ մէջքի մօտից 3 մեխ մխում սեանը։ Նոյն նպատակով լուսնի, նորին, մի չորեքշաբթի կամ ուրբաթ երեկոյ, հայրն ու մայրը ելնում են կտուրը։ Հայրն երեխային դնում է թիու վրայ, տալիս մօրը ասելով «Քուքտ է նէ՝ քեզի, իմս է նէ՝ լից տու»։ Մայրն առնում է նախ երեխան թիու վրայից եւ ապա թին ու նոյն կերպ վերադարձնում։

Երբեմն օրիորդները թփխի են լինում, մինչեւ մէկուկէս տարեկան դառնալը մեռնում են։ Այս ցաւից ազատուելու համար մայրերը՝ յղութեան, երեխան խաղալիս եւ ծննդաբերութեան օրերն երեք երեք անգամ անցնում են յղի իշուկով փորին մի մի անգամ խփելով եւ վզի կողմից դառնալով ասում են. «Իմ թփխիս քեզի, քու թփխիտ ինծի»։ Նոյն նպատակով այդ ժամանակներում իշու կաթ են խմացնում յղի Նորածին փոկէ մազի մէջ են առնում, Երեխային մի ամբողջ տարի մորալով են պահում։

Եօթը դուռ մուրում եւ տալիս են մի բաղդաւոր, ծնողք ունեցող աղջկայ, որ մի շապիկ կարէ եւ այս հագցնում են երեխային։

Լուսաւորչականութիւն ընդունած մի այլ ազգու են քաւոր անում։

Նոր ծնան ջորու շապիկը հագցնում են նորածնին եւ վեց օր այդպէս պահում։ Ապա մի կտորը համայիլ շինում, վզից կախում, իսկ մնացածն սպիտակ շորի մէջ փաթաթած աղօթելով թաղում։

Խեւ շուն, սեւ կատու եւ սեւ աքաղաղ են պահում որովհետեւ սրանք իմաց են տալիս չարերի մոտենալը, որոնցից յառաջանում է թփխին։

Երեխայի վզից շատերը գայլի ատամ են քաշ անում, որ կրծելով լնտերքը շուտով մատուի եւ ատամները շուտով ելնեն։

Երեխան առաջին ատամները հանելիս «առկահատիկ» են անում. հատիկի խաշած եւ քամած ցորեն-հետ խառնում են մանր ընկոյզ, շաքարի մանրունք եւ շաքարեղէններ, երեխային նստեցնում եւ այդ բոլորը գլխից ՚ի վայր ածում ասելով. «ինչըղ որ հատիկը գլխուտ թափաւ, առկէքատ ատպէս  դուս թափի»։

Երեխայի ձգած ատամը գնում են մի բարձր տեղ եւ ասում երեխային, թէ այսչափը երկարիս։

Երբ երեխան «գուփ է լինում»-լեզուն չի բացւում, եկեղեցու բանալին քսում են բերնին որ սկսի խօսել։

Երեխային 1/2-3 տարի ծիծ են տալիս եւ կտրելիս՝ ծծին ցեխ կամ «սարի աւզա» եի քսում, որ երեխան գարշի եւ այլեւս ծիծ չուտէ։ Երեխային հին խեծախ չեն տալիս, որ բթամիտ չլինի։

Երեխային ուսման տալիս գիշերը նրա բարձի տակ կուտ գնացած (Թոնիր ընկած վառած) հաց եւ աղ են դնում, որ առաւօտ երեխան տալիս է շանը՝ ասելով. «Քու սուր իզանդ ինձի տու, իմ քոռ իզանս քեզի առ»։

ՄԱՆԿԱՆՑ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ.

Ախալքալաքի գաւառի հայ գիւղացի ծնողի սէրը դէպի իւր որդիներն այնքան զարգացած չէ. նա որդու վրայ նայում է աւելի շահագիտական տեսակէտով. նրա համար որդին մի մալ է, որին ծախելու եւ գինն ուտելու իրաւունքն ինքն իրեն սեպհականել է, իսկ աղջիկը «անլի միս է՝ որ աղել, ճամփել գուզէ»։

Շատ հազիւ է պատահում, որ մօր օրորն քնացնէր երեխային կամ մօր «դանդանը» խաղացնէր նրան իւր գրկի մէջ։ Ամբողջ գաւառը շրջելով՝ ես հազիւ կարողացայ մի երկու օրօր եւ մի քանի «դանդաններ» գտնել։ Մօր խնամքն ու դաստիարակութիւնն՝ երեխային ծիծ տալուց եւ հագցնելուց այն կողմը չի անցնում, նա կրթւում է «ընկնել ելլնելով», իւր անձնական փորձով։ Միայնակ նստած էի օդի մի  անկիւնում, երբ մի մայր մի տարեկան երեխային բերեց նստեցրեց օճախի քարին եւ գնաց։ Նայում եմ խեղճ երեխայի առաջ վառւում է կրակը, իսկ յետեւը մի արշինից աւելի ցածր է, բաւական է մի շարժում, որ երեխան կամ ձեռքը այրի եւ կամ գլխի վերայ վայր ընկնի։ Վախը տիրից ինձ, սակայն երեխան քարէ արձանի նման անշարժ նստած էր. անցաւ 20 րոպէ, եկաւ մայրը եւ գրկեց։ Երբ ես նկատեցի թէ չէ՞ վախենում վտանգից, նա ծիծաղելով պատասխանեց ինձ. «Գրող չի դիպնի, սորուեր է. էրկու անգամ ձեռքը վառեց, իրեք անգամ ա կլմբոզաւ. հիմի ալ ժաժ չի գայ»։

Երեխաների վերայ առանձին խնամք չտանելու համար հազիւ թէ կարելի լինի մեղադրել մօրը, որովհետեւ գերդաստանը վատ սկզբունքի վրայ է դրուած։ Մայրը, մանաւանդ եթէ երեխան առջինէկ է, իրաւունք չունի առանց կերսանց ասելու գնալ, երեխային ծիծ տալ, չնայելով, որ նա սաստիկ լալիս է։ Նա պարտաւոր է իւր գործին հետեւել, մինչեւ կեսուրը կամ մեծ հարսերը չասեն նրան՝ թէ տղան մեղք է՝ ծիծ տուր։ Հակառակ դէպքում կը խէսեն նրա վրայ, կը հայհոյեն՝ թէ «տղի տէր է էղէ՝ սահաթ գլուխ մահանայ կէնէ՝ կառնէ նստիկը»։

Գերդաստանը բացի սնունդ մատակարարելուց՝ երեխաների վրայ ոչ մի խնամք չի տանում, հանդերձն անգամ ինքը չէ անում, այդ հոգում է մայրը՝ իւր արնքագնով։

Այսպէս՝ երեխան, թէ աղջիկ եւ թէ տղայ, մինչեւ չորս տարեկան հասակը մեծանում է ազատ եւ անհոգ, առանց մի կրթիչ ձեռքի հպատակելու, սակայն ամէն օր ծեծւում է այս կամ այն դատարկ բանի համար։ Մայրն էլ նրան երկիւղ պատճառելու համար հազար ու մի նախապաշարումներով լցնում է գլուխը։ Չորս տարեկան հասակում արդէն նա հոտաղ է լինում, եւ հետզհետէ մեծանալով՝ տղան հօրը, աղջիկը մօրն է օգնում։ Տղան հօրը օգնելով, սովորում է հոտաղութիւն, սայլապանութիւն եւ գութան քշել, իսկ աղջիկը մօրից սովորում է գուլպայ գործել եւ կար անել։ Կերակուր եփել, իւղ հարել, պանիր շինել եւ այլն նա սովորում է հարս ժամանակ կեսուրից։

Դպրոց յաճախող երեխների թիւը շատ փոքր է եւ ժողովուրդն էլ դեռ լաւ չէ ըմբռնել ուսման կարեւորութիւնը [5] ։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔ.

Ընտանիքի մէջ ամենից աւելի յարգանք, սէր վայելում է մայրը, նրան կամ նրա միջնորդութեանն են դիմում թէ որդիներն եւ թէ հարսները։ Սակայն հայրն աւելի ակնածութիւն է ազդում, մօրը սիրում են, հօրից վախենում, քաշւում։ Մայրը գլխաւորապէս հրամայում է իւր սիրով, իսկ հայրը հեղինակութեամբ, վախով։ Նոյն իսկ մայրը երկիւղ է տալիս որդիներին հօր անունով, երբ սրանք չեն ուզում իրեն լսել։ Հայրն ու մայրը ծերանալով, հետզհետէ կորցնում են իրենց թէ իշխանութիւնը եւ թէ ստացած յարգանքը։ Նոյն իսկ որդիները սրտանց չեն սիրում իրենց ծերացած ծնողներին, սակայն հաւատալով թէ ինչ որ անեն իրենք իրենց ծնողներին, նոյնն ստանալու են իրենց որդիներից, այդ պատճառով պատւում եւ յարգանքով են վարւում նրանց հետ։

Աւանդութիւնն ասում է, թէ մինը իւր ծերացած հօրը քթոցի մէջ դրել տարել է ժայռի գլխից վայր գլորելու։ Հայրն ասել է թէ քթոցից հանիր եւ այնպէս գլորիր։ Եւ երբ որդին հարցրել է պատճառը՝ ծերունին պատասխանել է. «Որպէսզի քո որդիդ էլ քեզ այդ քթոցով գլորէ, ինչպէս եւ ես իմ հօրս եմ գլորել»։ Որդին զղջում եւ այնուհետեւ յարգանքով է վարւում իւր հօր հետ։

Բայց եւ այնպէս՝ թէ հանդէսներին, թէ հասարակական ժողովներին, եթէ նրանք մասնակցեն, թէ հոգու հացին եւ թէ եկեղեցում առաջին տեղը, օճախի գլուխը՝ եւ առաջին բաժինը նրանց է պատկանում։

Ազգակցութեան մէջ որոշում են հետեւեալ աստիճանները.

Հօրեղբայրը, որին կոչում են պիճէամի, մեծէամի, Էամի, փաշա, տացու (երթէ կարդալ գիտէ»։

Մօրեղբայրն, որին կոչում են քեռի։

Հօրեղբօր կին, որին կոչում են հօղորկին՝ օտարների հետ խօսելիս, իսկ իրեն անուանում են՝ հարս ապլա, խանում ապլա, շաքար ապլա։

Մօրեղբօր կին - քեռեկին։

Հօրաքոյր - հօրքուր։

Մօրաքոյր - մօրքուր.

Հօրեղբօր որդի. Մօրեղբօր որդի. հօրաքրոջ որդի. Մօրաքրոջ որդի. Եղբօր որդի. Քեռորդի - եգեան.

Խնամոնք - հարսի կամ փեսայի ծնողները.

Աներ-կնոջ հայրը.

Զոնքանջ-կնոջ մայրը.

Կերսար-ամուսնու հայրը.

Կեսուր-ամուսնու մայրը.

Աներձագ-կնոջ եղբայրը.

Կագր-ամուսնու եղբայրը.

Մենի-կնոջ քոյրը.

Տալ-ամուսնու քոյրը.

Տագերկնիկ-ամուսնու եղբօր կինը.

Քենակալ-կնոջ քրոջ ամուսնը.

Հարսի համար ամուսնու ազգականները կոչւում են կերսանք, իսկ փեսայի համար հարսի ազգականները՝ աներանք։

Ամուսիններին առհասարակ կոչում են մարդ ու կնիկ։ Կինը ամուսնու մասին խօսելիս կեսուրոջ առաջ կոչում է նրան՝ տղադ, տեքերկնկանը՝ տագրդ. տալին ախպարդ, օտարների՝ մարդս, գլխաւորապէս փեսադ, ախպարդ. ամուսնուն՝ ինչ որ իւր կամ տան տղան կոչում է՝ տղայ, փաշա, ափար, էամի, կատաշ, բայց առաւելապէս՝ ծօ՜։ Ամուսինը կնոջը կոչում է՝ իւր հօրը, մօրը, հօրեղբօրը, եղբօրը եւ ուրիշների առաջ՝ հարսը, աներոջ եւ զոնքանջի առաջ՝ աղջիկդ, օտարների առաջ՝ մեր Քիւլթէօքեանը [6], նշանածս, կնոջ հետ՝ ըխչի։

Գերդաստանի անդամների յարաբերութիւնները շան աննախանձելի են։ Բաւական է, կարծեմ, առաջ բերել «հարս եւ կեսուր» [7] պատկերի միջից այն տողերը, որով նկարագրում է հարսը իւր շրջապատողներին. նա ասում է՝

Կերսար, կերսար,

Էրկթէ մսմար։

Կեսուր, կեսուր.

Մարէ մսուր։

Կաքեր կնիկ,

Օձի բնիկ։

Տալիկ, տալիկ,

Սեւ սեւ սալիկ։

Տաքրիկ, տաքրիկ,

Պաղ աղբրիկ։

Այսպէս ուրեմն, ամբողջ գերդաստան մէջ ամենասիրելին հարսի համար, ամուսնուց յետոյ, տեգրն է։ Կերսարը երկաթէ մսմարի (մեխ) նման ամուր է իւր իշխանութեան մէջ, կեսուրը՝ քարէ մսուրի պէս անգութ, ինչքան կուզէ լիզէ, ոչինչ չի տալ, տեգերկնիկը՝ օձի բնի պէս որոգայթից բնակարան, որովհետեւ «տագերկնիկը՝ տագերկնկան ամէն գիշութենը կուզէ, մէ գէշ եարա հանելը չի ուզէ, չիւնքի հետը հաց կուտէ»։

Սակայն հարսը դատապարտուած է լռութեան. նա հարսնութիւն է անում-չի խօսում-կեսուրի հետ 3, կերսարի հետ 10-12, տեգերկնիկների հետ մինչեւ մի, տեգրի հետ 15, եւ կնքաւորի հետ 25-30 տարի, մինչեւ անգամ մինչեւ մահ. դեռ սրա դռնիցն անգամ չի անցնում՝ սաստիկ մեղք համարելով այդ։ Աւանդութիւնն ասում է, թէ մի հարս անցել է քաւորի երդիկից եւ նրա հետքը մնացել է երկնքում, որ այժմ կոչւում է «սանամօր քաշ» - յարդ գողի ճանապարհ։

Բարեբախտաբար տան մշտական աշխատանքը սովորութեան իրաւունքով բաժանուած է, ապա թէ ոչ անտանելի կը լինէր միմեանց հետ ապրել։ Այսպէս վաղեմի սովորութիւնով՝ կեսուրը հաց եւ կերակուր է եփում։ Մեծ հարսը գրտնկում է հացը-«բանա կը հացը» եւ օգնում կեսուրին՝ կերակուր եփելու։

Երկրորդ հարսը կովերն է կթում, խնոցի հարում։ Երրորդ հարսն աման է լուանում եւ թոնիրը վառում։ Չորրորդ հարսը հաց շաղափում, տեղեր ցկում, ժողովում, տուն ու տեղ աւելում։

Տան աղջիկն էլ ջուր է բերում։ Մի փոքրիկ զանցառութիւն պարտականութեան եւ կեսուրը կ՚սկսի խօսել, անիծել հարսին, ծաղրել, հայհոյել հարսի ծնողներին, իբր թէ նրանք վատ են կրթել աղջկան եւ այլն։ Հարսը պարտաւոր է լռելեան տանել կեսուրի խօսքերը եւ շա՛տ շատ՝ արտասուել իւր վիճակի վերայ. բայց երբ տարիներ անցնելուց յետոյ հարսի համբերութիւնը հատնում է եւ վստահանում է կեսուրին պատասխան տալ, այն ժամանակ վերջինս գանգատւում է իւր որդիներին, ամբաստանելով հարսերին ոչ միայն արածի, այլ եւ հազար ու մէկ չարածի մէջ, հաւատալով մօրը, միեւնոյն ժամանակ իրենց «տղամարդութիւնը» ցոյց տալու համար ծեծում են կանանցը։ Եւ հենց այս պատճառով «պատուի գովասանք» երգի մէջ տուում է.

«Հին անկճով թէզ կը լսես,

Մատվնիտ իրար կը քսես,

Խուտ ու ղորթ մանչերուտ կըսես.

Ծեծել կուտաս, ա՜յ ղաւ պառաւ»։

Սակայն երբեմն էլ հարսերը իրենք են կռվում կեսուրի հետ. այսպէս օրինակ. Եթէ կեսուրը հարսերից մինին աւելի սիրէ եւ նրան քիչ աշխատեցնէ, միւսները իրենց ամուսինների «փորը լցնում» - ոխակալեցնում եւ առաւելապէս նրանց են կռուեցնում կեսուրի հետ։

Եթէ կեսուրը հարսի արածին յաճախ չի հաւանում եւ ինքը նորից է անում, հարսն այլ եւս չի համբերում եւ ասում է, թէ եթէ ամեն արածիս չպէտք է հաւանիս՝ մի՛ անիլ տար, վերցրու ինքդ արա՛։ Սրանից եւ ծագում է կռիւ։

Սակայն ամենից շատ կռւում են տեգերկնիկները եւ այդ առաւելապէս հետեւեալ պատճառներով. Երբ մինը զլանում է կատարել իւր պարտականութիւնը, մանաւանդ եթէ նկատելիս էլ՝ դիմադարձութիւն է անում։ Երբ քիչ որդիներ ունեցողը քիչ է աշխատում եկ դիմադարձութիւն է անում, թէ այսքանն էլ հերիք է, «ինչս կուտէ»։ Երբ մինը կամ երկուսը միայնակ մնալով տանը՝ ծածուկ տան բարիքներից ցորեն, իւղ, պանիր, հաւկիթ եւ այլն տալիս միրգ կամ շոր են առնում իրենց համար եւ յայտնւում է։ Երբ մինը միւսի բրթից, կտորից, թելից, թաշկինակներից, ոսկիներից գողանում է եւ բռնւում է։ Յաճախ գողացած իրը տեգերկնիկներն ուղարկում են իրենց մարանց, որոնք ձեւը փոխելով՝ այսինքն՝ եթէ թել է՝ գուլբայ գործում, եթէ կտոր՝ հանդերձ կարում եւ ընծայ բերում իրենց աղջկան։ Երբ մինին կամ նրա որդուն կերսանքը մի բան աւելի անեն։ Երբ մինի երեխային կերակուր են տալիս եւ միւսներին չեն տալիս։ Երբ մինն իւր որդու հանդերձին կարկատան է ձգում եւ այդ կարկատանից միւսների որդիներին բաժին չէ հանում։ Երբ մինը տղայ չունի եւ հակառակ նրա պահանջի՝ ամէն բանի մեծ, խաս բաժինը նրան չեն տալիս։ Միւսների երեխաներին արած հանդերձի դէմ իրեն փող չեն տալիս։ Երբ ճաշի ժամանակ մինին, սովորաբար փոքրին, գործի են դնում, եւ չսպասելով՝ ուտում պրծնում են կերակուրը։ Վերջինս խռովում եւ կռւում է նրանց հետ։ Երբ մինը չի ուզում արտը գնալ եւ պահանջում է որ միւսը գնայ։ Այսպիսի դէպքերում ամուսինը ծեծում է սրան։ Երբ մինը գանգատւում է դրկիցներին տեգերկնիկներից եւ իմացւում է։

Սովորաբար տեգերկնիկները կռուելիս հայհոյում են միմեանց. «Շները… մօրդ մազին…» եւ այլն. եւ միմեանց գաղտնիք դուրս ասում։ Երբեմն էլ ծեծկւում են, ճանկռոտում են միմեանց երես եւ քաշում միմեանց մազեր։

Կինն ազատ չէ մինչեւ անգամ եւ ամուսնու բռնութիւնից։ Սա իւր տղամարդութիւնը ցոյց տալու համար ոչ միայն օտարների առաջ հայհոյում է նրան, այլ եւ ծեծում եւ այս առաւելապէս՝

Երբ կասկածում է թէ կինը «սիրող է անում», ուրիշներին սիրում է, եւ սրա համար միշտ ոսկիներ դնում, խաս է հագնում։

Երբ կնոջը մեղադրում է թէ պարտունը ինչի՞ այս ինչի ձեռքը բռնեցիր, սխմեցիր, ինչո՞ւ դուրս ելար եւ այլն եւ կինը սրա դէմ խօսում է։

Երբ պարտատէրը պարտքը պահանջում է եւ սա յանդիմանելով կնոջը, մանաւանդ եթէ նա երկրորդն է, թէ ինչի՞ այնքան փող պահանջեցիր, որ պատքի տակ ընկայ, արնքագնի մի մասն ուզում է պարտքը վճարելու եւ սա ոչ միայն չի տալիս, այլ եւ դիմադարձութիւն է անում։

Երբ ուրիշները բամբասում են կնոջը եւ այլն եւ այլն։

Նախնի բարոյականութիւնը դժբախտաբար այժմ անհետացել է, եւ անբարոյականութիւնը հետզհետէ տարածւում է, բայց եւ այնպէս՝ այս ժողովուրդը բարոյապէս բարձր է կանգնած Ախալցխայի եւ Աղէքսանդրապօլի ժողովուրդներից։

Սակայն գաւառիս բնակիչների մէջ անբարոյականութիւնով աւելի աչքի են ընկնում Արտահանի գաղթականները, որոնց մէջ մի ժամանակ սաստիկ տարածուած էր «կաթն ախպէրութիւնը»։ Հարս եւ երիտասարդ կտրում են իրենց մատները եւ արիւնը միմեանց խառնում կամ Զատկին միմեանց ողջոյն են տալիս եւ գուլպայ, պաշմախ միմեանց նուիրում, այսպիսով քուր ու ախպեր են լինում եւ ազատ մուտք ունենում միմեանց տուն։ Կասկածանքից եւ հետեւողութիւնից ազատ՝ սրանք շատ շուտով դուրս են գալիս բարոյականութեան ճանապարհից։

Այսպէս, օրինակ, Փոկա գիւղում Կուրղին անուն մէկը սիրում է Գիւլֆէրի «քրոջը», որի օրինաւոր ամուսինն երեք տարուց յետոյ անյայտ ձեռքերից խեղդւում է իւր սեփական տանը։ Կուրղինը տանում է Գիւլֆէրուն իւր տունը, իւր օրինաւոր կնոջ մօտ, որը չհամբերելով՝ գնում է իւր հօրանց տուն։ Գիւլֆէրին սիրում է Կուրղինին ու իւր միւս «ախպօրը», եւ գուցէ ուրիշ շատ «ախպարների» էլ, եթէ Կուրղինի օրինաւոր կնոջ եղբայրները չսպանէին նրան։ Այժմ դրանք, Կուրղինի աներձագները, բանդարկուած են։

Քուր ախպէրութիւնն այժմ գրեթէ վերջացել է։

Էրզրումի գաղթականների մէջ անբարոյականութիւնով առաւելապէս յայտնի են՝ Չանդուրեցիք, Դիլիսկեցիք, Կարծախցիք, Վաչիանցիք, Սաթխացիք։ Բարոյականութեան անկման պատճառները, բացի տնտեսականից, գլխաւորապէս հետեւեալներն են.

Վերջին պատերազմիս գիւղերում եւ քաղաքում բնակող զօրքը։

Քաղաքացիներն իրենց կիրքն յագեցնում են շրջակայ մօտիկ գիւղերում՝ Չանդուրա, Վաչիան, Սաթխա, Էշտիա եւ այլն, դիմելով պառաւ «միջնորդ» կանանց, որոնց տունը շատ անգամ ծառայում է ժամադրութեան տեղի։

Քաղաքի սրիկաները քաւոր են լինում գիւղերում եւ շաբաթներով բնակում այնտեղ։ Մանրավաճառներն (չարչի) ազատ մտնելով գրեթէ ամենի տունը, ոչ միայն մոլորեցնում են հարսներին, այլ եւ նրանց գողանալ են տալիս տան բարիքներից կարագ, ցորեն, գարի, հաւկիթ, ալիւր եւ այլն։

Սափրիչները պայմանաւորուած լինելով երկու շաբաթը մի անգամ գնալ գիւղ եւ այր մարդկանց միրուքները սափրել, մազերը խուզել, գրեթէ համարձակ մտնում են բոլորի տները եւ մոլորեցնում հարսներին։

Գիւղերում մի տեսակ տղամարդութիւն է համարւում հարս սիրելը, եւ մի քանի գիւղերում, օր. Կարծախ, Սաթխա գրեթէ բոլորը միմեանց հարս են սիրում։ Իրենք հարսներն էլ իրենց կողմից նպաստում են անբարոյականութեան տարածման, ՚ի վրէժ սիրուհի պահող ամուսնուն, իրենք էլ ուրիշներին սիրելով, եւ կամ ամուսնու կոպտութիւնից զզուած կամ ուրիշների մրգերից ու փողից շլացած՝ հետեւում են «միջնորդ պառաւների» խորհրդին։ Երբ մի մարդ ուզում է մի հարսի ձեռք ձգել, մի առանձին տեղ մի խնձոր է ձգում նրան, եթէ հարսը վերցնում է այն, մարդը մօտենում եւ ժամադիր է լինում, իսկ եթէ չի վերցնում, նշանակում է կամք չունի։ Պէտք է նորից փորձել՝ պար տունը ձեռքը սեղմել, բուռը քերել, արտի ճանապարհին սիրոյ խօսքեր «թապլել» եւ այլն։

Եթէ հարսը մինի վրայ աչք ունի, առանձին տեսնելիս արհամարական ձեւով ասում է «Ինի՜ մունտառն (կինդ) ի՞նչ է օր դուն առեր էս»։

ի՞նչ էնեմ, պատասխանում է մարդը։

«Ի՞նչ պըտի էնես, վալլահա», ասում է հարսը եւ հեռանում։ Մարդը հասկանում է եւ պտտում է յետեւից, մի առանձին տեղ մօտենում է նրան եւ ուղղակի ասում «Ես քեզի գուզեմ, դուն ա ինծի գուզե՞ս»։

Եթէ համաձայնութիւն կայանում է՝ որոշում են թէ որ փոքրիկ աղջկայ կամ մարդու միջոցով կարող են միմեանց կանչել, ո՞ւր դնեն մի քար, որի մի երեսը պիտի նշանակէր թէ սիրահարը կարող է գնալ հարսի տունը եւ միւսը չի կարող եւ թէ հարսն արտը հաց տանելիս որ քռչում սպասէ սիրահարին։ Ուխտագնացութեան օրերից մի քանի օր առաջ սիրողը սովորեցնում է սիրուհուն, խոստանալ գնալ այս ինչ ուխտը, միայն առանց ամուսնի, միայնակ։ Այնտեղ իջնել այս ինչ անծանօթ մարդու տունը, ուր եւ իջած կը լինի ինքը եւ կը ներկայանայ որպէս նրա ամուսինը։

Օտար գիւղից բերած հարսը երբ իջեցնում են ազգականներից մինի տունը, երիտասարդները տանեցիներից մինի միջնորդութիւնով ծանօթանում են հարսի հետ իրենց ազգական ցոյց տալով գրաւում են սէրը եւ ամուսնութիւնից յետոյ սիրում։

Հարս դարձ տանելիս երբեմն հեռու ազգականն (կանաղոփ) է տանում, որ ճանապարհին մոլորեցնում է հարսին եւ ապա շարունակում։

Պէտք է ասել, ընդհանրապէս, որ աղջիկները սաստիկ բարոյական են, որովհետեւ ժողովուրդը ահագին նշանակութիւն է տալիս դրան։ Անբարոյականութեան մէջ բռնուած աղջիկը, եթէ չի կարողանում ստիպել իրեն մոլորեցնողին ամուսնանալ իւր հետ, երբէք չի կարողանում մի արժանաւոր ամուսին գտնել։ Եւ մինչեւ անգամ եթէ նորահարսի անմեղութիւնն իւր ապացոյցը չէ ունենում, վերջինս սաստիկ եւ շարունակ նախատւում է ոչ միայն ամուսնուց եւ ազգականներից, այլ եւ ամբողջ գիւղից։

Ժողովուրդը դատապարտում է եւ մոլորեցնող երիտասարդին եւ հազիւ է պատահում, որ պատուաւոր տնից նրան աղջիկ տային։ Ուստի եւ սրանց սիրահարութիւնն սկսւում եւ վերջանում է «ղունղունալով» - սիրախօսութիւնով ու համբոյրով։ Եւ միայն այն դէպքում, երբ երիտասարդը կասկածում է, թէ մի գուցէ աղջիկը չամուսնանայ իւր հետ եւ կամ ծնողները չտան, մեղանչում է նրա դէմ, որով կատարելապէս ապահովւում է, որովհետեւ այսպիսի դէպքերում աղջիկներն ասում են. «Ում հետ օր անունս յելաւ, անոր հետ ա թող հոգիս էլլէ»։

Շատ անգամ յիշեցնելով այդ տխուր ապագան, ծնողները բաւական ազատութիւն են տալիս աղջիկներին գնալու ում տուն որ կամենան, համարձնկ խօսելու, երգելու եւ պարելու երիտասարդների հետ, միայնակ գնալու աղբիւրը, արտը, սարերը ղմի, ծաղիկ ժողովելու եւ այլն, մինչդեռ հարսները բոլորովին զրկուած են այդ ազատութիւնից, նրանք իրաւունք չունին երիտասարդների հետ խօսելու, միայնակ այս կամ այն տունը գնալու եւ այլն։ Երիտասարդները աղջիկների սիրտը գրաւելու համար աշխատում են կարելւոյն չափ վայելուչ հագնուիլ, «տնկոզ» ման գալ, լաւ գօտեմարտել, «ճիլիթ խաղալ», պարի մէջ լաւ շորորայ ու քաղցր երգել, լաւ ընկերներ ունենալ եւ այլն։ Աղջիկներն երիտասարդներին դուր գալու համար բացի այն որ հագնում, կոկւում, մազերը գեղեցիկ հիւսում եւ հլուններով զարդարում են, այլ եւ գրպաններում դնում են մեխակ (ղարանֆիլ), սերկեւիլ, խնձոր, ընկոյզ եւ այլն, բերններում պահում են ղարանֆիլ, շապկի տակից վզի վրայ կապում նոյնպէս ղարանֆիլ, որ, իբր, անուշահոտութիւն բուրէ։ Պար տունն ինչքան կարելի է լաւ են շորորում, երգում խօսում եւ այլն։ Առհասարակ տղայ եւ աղջիկ միմեանց տեսնում եւ «սէր են կապում»- սիրահարւում են հետեւեալ տեղերում.

ա. Եկեղեցում. -  Թէ ժամերգութեան սկսուելիս եւ թէ մանաւանդ աւարտուելիս երիտասարդները խմբով կանգնում են եկեղեցու գաւթում եւ նայում աղջիկներին։

բ Պար տունը. Հարսանիքներին եւ մէկ էլ բարեկենդանին հասարակաց «կլոր» պար է լինում, որին գրեթէ բոլոր գիւղացիներն առանց հրաւիրուելու ազատօրէն մասնակցում են։ Այստեղ մի լապտերի աղօտ լուսի տակ մի քանի հարիւր հոգի համախմբուած ասում, խօսում, պարում են։ Երիտասարդներն աղջիկների ձեռքը բռնած պարում են եւ եթէ հաւանում են միմեանց, սեղմում են իրար ձեռք, տղան միրգ է տալիս աղջկան եւ այլն։

գ. Դերիներում. Երիտասարդները գօտեմարտի, ճիլիթի մէջ ցոյց տալով իրենց բոլոր արժանաւորութիւնները, բռնում են աղջիկների ձեռքը եւ երգելով պարում։ Ձեռների մի թեթեւ սեղմումն բաւական է զգացմունքների փոխանցման համար։

դ. Աղբիւրի մօտ. Ջուր բերելու պարտականութիւնն աղջիկների, նորահարսերի եւ երիտասարդներինն է։ Սրանք վաղ արշալույսին եւ ուշ վերջնալուսին, երբ բնութիւնն ինքն իւր գեղեցկութեամբ սէր է ներշնչում, գնում են աղբիւրը կամ առուակը ջուր տանելու։ Թէ ճանապարհին եւ թէ մանաւանդ աղբիւրի մօտ սրանք կանգնած երկար խօսում են, ծիծաղում, միմեանց մատանի, միրգ, թաշկինակ տալիս։ Շատ անգամ, երբ աղջիկը սափորը ձեռին կանգնած է լինում աղբիւրի մօտ, երիտասարդ սիրահարը հանդիպակաց բլուրից հնչեցնում է իւր սիրոյ երգը, որին երբեմն պատասխանում է աղջիկը [8] ։

ե. Աղջիկն արտը գնալիս եւ գալիս երիտասարդները գնում են առջեւից քաշքաշուելով, իրար խփելով, գօտեմարտելով, ի՜նչ է իրենց շնորհքը, ոյժը ցոյց տան նրան եւ նրա սէրը գրաւեն։ Եթէ հասել են նպատակին, տղայ ու աղջիկ նստում են մի փոսի մէջ եւ երիտասարդի բերած միրգը ուտում, «ղունղունում»։ Ղունղունում, որովհետեւ «սիրուելը ղունղունացող աղաւնուց է մնացել»։

զ. Էրիշտու տունը. Էրիշտա անողը հաւաքում է 8-10 աղջիկ էրիշտան կոխելու եւ ջարդելու։ Սրանք բոբիկանում են, իրար ձեռքից ամուր բռնում, երգում եւ երգի տակտով էրիշտան կոխկրտում։ Երիտասարդները հաւաքւում են հերթիկը եւ այդ տեղից նայում նրանց եւ լսում նրանց երգը։ Երբեմն էլ թողնում են նրանց մասնակցելու էրիշտան կոխկրտելուն եւ մանաւանդ կտրելուն։ Դնում են խոնչաներ եւ շուրջը բոլորում ու կտրում։

Երիտասարդը խոնչի տակից տալիս է իւր ուզածին բերած միրգը։ Սա առնում եւ ծածուկ տալիս է միջնորդ ընկերուհուն, որ ցոյց է տալիս իրեն եւ ասում, թէ մայրն է տուել։ Ապա յայտնի կերպով միասին ուտում են։

է. Ծաղկոցին. Աղջիկները հաւաքւում են եւ հարսին տնէ տուն ման ածում, երիտասարդներն էլ խմբով հետեւում են նրանց։

ը. Համբարձման. Երբ գնում են սարերը ծաղիկ քաղելու եւ երբ վիճակ են հանում։

թ. Չայիրները. Ղմի, ժախ եւ այլն հաւաքելու գնալիս,

ժ. Ջրաղացում, ուր գնում են աղջիկները կորկոտ աղալու։

ժբ. Նոր եւ կանանչ կիրակիներին, երբ գնում են «կանանչ կոխելու»-զբօսնելու եւ այլն։

Սիրահարները միջնորդ է գտնում աղջկան ազգականներից կամ ընկերուհիներից մինին եւ նրա միջոցով գրաւում աղջկայ սիրտը, մատանի, թաշկինակ ուղարկում եւ այլն։ Միրգ է տալիս միջնորդին, որ կէսն ինքը ուտէ, կէսն էլ նրան տանի։ Երբ սրանք սիրում են միմեանց, իրենք միջնորդ են նրա համար եւս սիրեկան, չորսը միասին գնում են արտերը սիրուելու։

Բայց աւելի նրանք սիրւում են եղլաօրիկին։ Աղջկներն, իւրաքանչիւրն իւր տանից, առնելով իւղ, պանիր, հաւկիթ, հաց եւ այլն, միասին գնում են գիւղից դուրս մի բլուր կամ ժայռ։ Այստեղ, խաղալով ու երգելով եփում են կերակրներ եւ տանում քարերի տակն իրենց հրաւիրով եկած՝ թաք կացած սիրեկանների հետ ուտում ու «ղուղունում»։

ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ.

Գիւղական գերդաստանները կազմում են պապն ու տատը, որդիները, հարսերը, թոռները եւ թոռնորդիները, բոլորը 2-40 հոգի, որ միասին ապրում են միեւնոյն յարկի տակ եւ կառավարւում միեւնոյն շահերով։

Գերդաստանի անդամներին միմեանց հետ կապողն է.

ա. Պարապմունքը. երկրագործութիւնն պահանջում է շատ աշխատող ձեռքեր, ուստի եւ գերդաստանից բաժանուելիս էլ ուրիշ ընտանիքների  հետ միացած են գործում բ. սովորութիւնն ու հասարակաց կարծիքը- «լաւ օր ըլլիր չէր բաժնուի» նախատելով  ասում են բաժանուածների համար. գ. ազգակցութիւնը, սէրը դ. կալուածքի միութիւնը եւ այլն։

Գերդաստանի իշխանութիւնը պատկանում է տան ամենամեծերին՝ հօրը (պապ) եւ մօրը (տատ)։ Հայրը քանի խելահաս է, անսահման իրաւունք ունի կառավարելու գերդաստանի արտաքին գործերը, առանց մեծ որդու յոժարութիւնն առնելու կամ խորհուրդ հարցնելու, նա անսահման իշխանութիւն ունի որդիներին «ծախելու եւ գինն ուտելու»□ հետեւապէս եւ նրանց վաստակը լիովին իրեն է պատկանում։ Փողը եւ աշխատանքի բաժանումը իւր ձեռքն է։ Որդիներն իրաւունք չունի իրենց վաստակը իրենց մոտ պահելու, իրենց վաստակով իրենց մի բան դնելու, կամ առանց հօրից իրաւունք խնդրելու՝ մի գործ կատարելու։

Այս անսահման իշխանութիւնն այժմ հետհետէ պակասում է եւ որդիներն այժմ այնպէս հլու հպատակ չեն հօրը՝ ինչպէս առաջ։ Ուստի ժողովուրդը գանգատւում է. «Հիմիկուայ տղաքը թոխմախը իրենց մարերուն, հարերուն ճակտին զարնեն  կը»։

Գերդաստանի ներքին կառավարութիւնը կեդրօնանում է մօր ձեռքում։ Մայրն անսահման իշխանութեամբ կառավարում է տան գործերը եւ հրամայում հարսերին։ Նրա ձեռին է տան բոլոր բարիքների բանալիները, նա է հարսերին հրամայողը եւ աշխատանք բաժանողը։ Առանց նրա թոյլատւութեան ոչ մի հարս չի կարող բանալին վերցնել եւ մի պատառ հաց անգամ հանել, առանց նրա թոյլտւութեան հարսըն իրաւունք չունի ուրիշի տուն գնալու։

Հօր եւ մօր անձնափոխանորդներ համարւում են աւագ որդին եւ նա կինը՝ աւագ հարսը, որոնք եւ առաջիններիս մահից յետոյ, լիովին ժառանգում են այդ իրաւունքները։ Նոյն իրաւունքներով օգտւում են սրանք եւ այն ժամանակ երբ հայրը եւ մայրը ծերանում կամ հոգեկան հիւանդութիւն են ստանում։ Հայրն իշխանութւնն աւագ որդուն յանձնելիս՝ կանչում է բոլորին իւր շուրջը , օրհնում եւ շնորհակալ  լինելով որ այդքան ժամանակ իրեն հնազանդ են եղել, յայտնում է որ իւր իշխանութիւնն յանձնում է մեծ որդուն եւ պատուիրում  է բոլորին հնազանդուիլ նրան ինչպէս իրեն։ Ապա լուանում է ձեռքերը յաջորդի ձեռքերիվերայ, որով եւ իւր ձեռքերի «բարաքեաթը» անցնում է նրա ձեռքերին, յետոյ յանձնում է նրան փողի քսակը եւ համբուրում։

Եթէ աւագ որդին հոգեկան հիւանդութիւն ունենայ, հայրը զրկում է նրան յաջորդութեան իրաւունքից եւ յաջորդութիւնն անցնում է միւս եղբօրը, հակառակ դէպքում հայրը չի կարող զրկել նրան։

Որդու յաջորդութեան ժամանակ՝ «տան մեծի» իրաւունքը փոքր ինչ սահմանափակւում է, նա ծանր գործերում պէտք է խորհրդակցէ չափահաս եղբայրների հետ եւ ստանայ նրանց համաձայնութիւնը։ Նա պէտք է զգուշանայ իւր անձնականին վերաբերեալ ծախսերից, որովհետեւ սրանից ոչ միայն կռիւներ են ծագում, այլ եւ միւս եղբայրներից իւրաքանչիւրը պահանջում է նոյնպիսի ծախս եւ իւր համար անել։ Սակայն սրա իրաւունքը եւս տարածւում է բոլոր անդամների, բացի հարսներից, թէ անշարժ եւ թէ շարժական կայքերի վերայ։ Օր. եթէ անդամներից մինը, տան մեծի եղբայրը թէ որդին՝ միեւնոյն է, տանից մի հաց առել գնացել է օտար երկիր եւ հազար մանէթ վաստակել, այդ գերդաստաինն է, եւ նա պարտաւոր է յանձնել տան մեծին։ Իսկ եթէ հազար մանէթ պարտք է արել, այդ պարտքն էլ պիտի վճարէ գերդաստանը՝ տան մեծի ձեռքով։

Տան մեծի անձնափոխանորդը եւ նրա մահից յետոյ նրա յաջորդը՝ է ոչ թէ նրա աւագ որդին՝ այլ իրենց փոքր եղբայրը, այսինքն տան միջի տարիքով մեծը՝ յետոյ փոքր եղբայրը։ Բոլոր եղբայրներից յետոյ յաջորդութիւնն անցնում է աւագ եղբօր երեց որդուն։ Այսպէս ուրեմն՝ յաջորդութիւնը կատարւում է երեցութեան կարգով, եւ այս ինչպէս արական, այնպէս էլ իգական սեռի մէջ։

Միակ բանը, ինչպէս ասացինք, որի վրայ չի տարածւում տան մեծի իշխանութիւնը, դա հարսերի փողն է։ Թէեւ հարսերը իրենց հետ փող չեն բերում, սակայն վաճառում են իրենց զարդերը, հագուստները եւ խնամոնց տուած ոսկիները մանրելով՝ մի գումար են գոյացնում եւ իրենց անունով շահով տալիս։ Այս գումարը իրենք կոչում են «արնքագին»- արեան գին եւ այդ փողով հոգում իրենց եւ իրենց որդիների հագուստները, որովհետեւ  կերսանքը շոր չեն անում ոչ իրեն եւ ոչ իւր որդիներին։ Եթէ պատահի, որ կերսանքը շոր անեն մի հարսին, անպատճառ միւսներին էլ պէտք է անեն. չնայելով որ նրանք բոլորովին պէտք չունին։ Եւ եթէ չանեն ամուսինները կը կռուեն եւ կը բաժանուին։ Եթէ մի քանի արշին կտոր գայ տուն, անպատճառ հաւասար բաժին պիտի անեն հարսերի մէջ առանց նայելու՝ թէ այս հարսը շատ, իսկ այն ոչ մի որդի չունի, եւ կամ սրան  շատ հարկաւոր, իսկ րան բոլորովին անպէտք է։ Այս է պատճառը, որ միեւնոյն գերդաստանի երեխաներից մի քանիսը շատ լաւ են հագնուած, իսկ միւսները գրեթէ մերկ են։

Կնոջ  փողի վրայ իրաւունք չունի եւ նրա ամուսինը, եթէ բաժան չէ եղբայրներից։ Բաժանուելիս միայն նա ստանում է կնոջ փողը եւ վարւում ինչպէս իւր վաստակի հետ։

Կնոջ մահից յետոյ արնգինը մնում է մարդուն որպէս մի առանձին սեպհականութիւն, որի վրեայ իրաւունք չունի տան ոչ մի անդամը։ Այս փողով նա կարող է հոգալ իւր անձնական եւ իւր որդիների կարիքը։ Սրա մահից յետոյ անգինը որպէս ժառանգութիւն բաժանւում է որդիներուն  երկում տղաներին եւ մէկ աղղջիկներին, որպէս առանձին սեպհականութիւն։

Համամայր որդիները միեւնոյն իրաւունքն ունի արնագնի ժառանգութեան, իսկ համահայր որդիներից իւրաքանչիւրը միեւնոյն իրաւունքն ունի միայն իւր հարազատ մօր արնգնի վերայ։

Կնոջ հետը բերած տղան ստանում է մօր ունեցած արնագինը, իրեն է պահում իւր վաստակը, եւ միայն կերակրւում խորթ հօր սեղանից։ Ապօրինի, պսակից առաջ ծնուած երեխաներն անպատճառ կամ սպանւում են եւ կամ եկեղեցու դուռն ձգւում։ Մինչեւ անգամ ամուսնութիւնից մի քանի ամիս յետոյ ծնուածներն ենթարկւում են այդ դժբախտ վիճակին։ Օր. Խաթխա գիւղում ամուսնութիւնից չորս ամիս յետոյ ծնւում է տղայ, որ հակառակ մօր սրիակէզ աղաչանքին եւ հօր ըոյլ ընդդիմութեան, խեղդում են տան «ամօթի համար մեռած» մեծերը։ Սակայն հասարակութիւնն անխնամ չի թողնում եկեղեցու դուռը ձգուածներին։ Որքան արհամարում է ապորինի երեխայի ծագնուած ծնողներին, այնքան գութ ունի երեխայի վրայ։ Անշուշտ մի գերդաստան, տան երկու մեծերի, մանաւանդ կերսարի թոյլտւութիւնով որդեգրում է եւ հարազատ որդիների հետ համահաւասար  խնամում։

Որդեգիր որդին ժառանգութեան իրաւունք ունի միայն որդեգրողի շարժական կայքի  վրայ. իսկ եթէ որդեգրողը կըտակ անէ՝ կարող է հարազատ որդիների հաւասար, մինչեւ անգամ աւելի, մասն ստանալ։

Տնփեսայութիւն շատ քիչ է պատահում եւ այն միայն այն դէպքում, երբ աղջկայ հայրը ոչ միայն արու զաւակ չունի, այլ եւ բաժանուած է գերդաստանից։ Տնփեսան վայելում է հարազատ որդու իրաւունքներն եւ աներոջ մահից յետոյ ժառանգում  նրա թէ անշարժ եւ թէ շարժական կայքն։

Բացայայտ նկատւում է, որ բաժնուիլը հետզհետէ  աւելանում է եւ այս կատարւում է հետեւեալ ձեւով։

Ա. Որդին բաժանւում է հօրից.

Երբ որդին է բաժանւում հօրից, վերցնում է ինչ որ հայրը տալիս է եւ հեռանում։ Յաճախ պատահում է, որ որդու վերայ բարկացած հայրն ոչինչ չի տալիս նրան - «կնիկը կու տայ ձեռքը դուս կէնէ»։ Սակայն ա հոր մահից յետոյ դատ է բաց անում եղբայրների դէմ  եւ հաւասար մասն ստանում եւ ժողովուրդը  բոլորովին չի դատապարտում նրան։

Բ. Եղբայրներն են բաժանւում.

Եղբայրները բաժանուելիս՝ նախ եւ առաջ ընտրում են 3-4 բաժանող, որոնք մաքրում են հաշիւները, եւ ինչպէս առ ձեռն փողը, այնպէս էլ պարտքը բաժանում եղբայրների վերայ։ Եթէ եղբայրների որդիներից մինը կամ մի քանիսն  ամուսնացած են, ծախսերը հաշւում եւ այդքան փող ընդհանուր գումարից տալիս են այն եղբորը՝ որի որդին դեռ չէ ամուսնացել։ Ապա ցորենն ու յարդը գերդաստանի բոլոր անդամների, իսկ շարժական եւ անշարժ կալուածները, միայն եղբայրների թուին հաւասար մաս են անում, առանց նայելու թէ մի եղբայրը տասն որդի ունի, իսկ միւս ոչ մինը, կամ մեծ եղբօր 25-30 տարեկան որդու 15-20 տարիներիվաստակը խառնուած է այդ բաժանուող սեպհականութեան մէջ։ Բաժանուից ազատ է մնում միայն կանանաց «սնդուկները»- հանդերձները, զարդերը եւ արնագները։ Հաւասար մասեր անելուց յետոյ, բաժանողները վիճակ (չոփ) են ձգում եւ որ մասը ում ընկաւ՝ տալիս նրան։ Բաժանուածները սովորաբար մօտ մի տարի խռով են մնում, յետոյ հաշտւում եւ առաջուանից աւելի սիրով լինում։ Բաժանման ամենագլխաւոր պատճառներն են.

ա. Սովորութիւնների զեղծումը. 40-50 հոգի միասին կարող են միայն այն ժամանակ խաղաղ ապրել, երբ բոլորն էլ ճանաչում են իրենց պարտքն ու իրաւունքն եւ բոլորն էլ ենթարկւում են որոշ օրէնքների։ Նախկին հայ գերդաստանն արդէն լաւ թէ վատ որոշել է իւրաքանչիւր անդամի իրաւունքն ու պարտականութիւնը եւ սահմանել է որոշ սովորութիւններ, որոնք իբրեւ օրէնք կատարւում էին։ Արդի սերունդն անարգելով նախնի իրաւունքն ու սովորութիւնները, մի նոր իրաւունք կամ սովորութեան չի ենթարկւում, որից եւ ծագում է խռովութիւն, անբաւականութիւն եւ վերջը բաժանումն։ Այսպէս օր. նախնի սովորութիւնը բաժանել է հարսերի աշխատանքը, աղջիկը դեռ հարս չգնացած՝ գիտէ իւր անելիքը եւ երբ ամուսնանում է՝ արդէն հաշտուած իւր բաղդի հետ, լռելեան կատարում է իւր գործը, իսկ այժմ, երբ հարսերը չեն ուզում վարուել նախնի սովորութիւնով, գործը երեսի վրայ է մնում, մեծն ստիպւում է ասել, հրամայել անելու, սա դիմադարձութիւն է անում, որից եւ ծագում է կռիւ, վերջը բաժանում։

բ. Գլխաւոր պատճառն հողի սակաւութիւնն է, այսպէս որ իւրաքանչիւր եղբայր առանձնապէս կարող է մշակել իւր բաժին հողը, հետեւապէս եւ եղբօր ընկերութիւնը պէտք չունի։

գ. Հող քիչ ունենալով՝ եղբայրներից մի քանիսը մշակութիւն են անում, կամ ուրիշ գործով պարապում եւ չեն ուզում իրենց վաստակը տուն բերել։

դ. Եղբօր չափահաս որդիների աշխատանքն ընդհանուրին է պատկանում եւ անյապաղ յանձնւում է տան մեծին սակայն սա զրկուած է ժառանգութեան իրաւունքից. 20-30 տարի աշխատող որդու հայր եղբայրը՝ հաւասար բաժին է առնում գուցէ 15 տարեկան եղբօր հետ։

ե. Փողը մեծ եղբօր ձեռին լինելով՝ սա երբեմն վատնում է իւր անձնականի համար, երբեմն գողանում, ծածուկ պահում (ինչպէս Դելիֆում պատահել է)։ Յաճախ էլ գիր չը գիտենալու պատճառով՝ ելեւմտից հաշիւը չկարողանալով ճիշտ ցոյց տալ, կասկածանքի տեղիք է տալիս, որից եւ ծագում է խռովութիւններ եւ վերջը բաժանումն։

զ. Եղբայրներից մի քանիսը շատ որդիներ են ունենում եւ միւսները չեն յօժարում հաւասար աշխատել, քանի որ միւս եղբօր որդիները շատ են ուտում։

Է. Եղբայրներից մի քանիսը փոքր կամ բոլորովին որդի չունենալով՝ չեն կամենում մասնակցել միւս եղբայրների որդիների հարսանիքի ծախքերին  եւ մի պատճառ բռնելով՝ բաժանւում են։

ը. Եթէ եղբայրներից մինի աղջիկը փախցնեն, սա միւս եղբայրներից  պահանջում է նրանց աղջիկների ամուսնութեան համար ծախսած գումարի չափ գումար, կամ իւր աղջկան համար շորեր առնել տալու եւ կամ ուղղակի նրա անուամբ շահով տալու եւ երբ եղբայրները չեն համաձայնում, կռւում եւ բաժանւում են։

թ. Երբ եղբայրները իրենց վաստակից փող են գողանում եւ տալիս իրենց կանանց, որոնք անքագնի հետ խառնելով շահեցնում են։

ժ. Ամուսինն երբէք իրաւունք չունի իւր կնոջ կամ որդիների համար բան առնելու, եթէ մի արշին չնթ անգամ գայ տուն՝ հւասար բաժին պինի լինի հարսների մէջ, այս պատճառով եւ շատ որդիներ ունեցողի ընտանիքը գրեթէ մերկ եւ խեղճ է ապրում մինչդեռ դրա աշխատանքի գուցէ մեծ մասով եղբօր որդիներն զարդարւում են։ Ցանկանալով  իւր որդիներին պահել ինչպէս իւր միջոցները ներում են, բաժանւում է։ ժա. Եթէ եղբայրները յօժար չեն ամուսնացնելու եղբոր որդուն այս ինչ աղջկայ հետ՝ բաժանւում են։

ժբ. Եթէ հարսները միմեանցից ոսկիներ են գօղանում։

ժգ. Եթէ տեգերկնիկները միմեանց հետ սիրով չեն եւ շարունակ կռւում են։ Ժողովուրդը բաժանման գլխաւոր պատճառը տեգրկնիկների անհամաձայնութիւնն  է համարում։

ժգ. Եթէ կեսուրը խորթ է եւ նեղում է խորթ որդիներին եւ հարսներին։

ժե. Եթէ մի եղբօր կնոջ արնագինը մեծ է, սա վստահանալով առանձին գործ սկսել կնոջ փողով բաժանւում է։

ժզ. Եթէ եղբօրորդիներից մինն  անառակ է եւ գողանում է տան իրերը։

Ժէ. Եթէ եղբայրներից մինը ծոյլ եւ անառիկ է։

Ընդհանրապէս ժողովուրդը բաժանուիլը աւերիչ է համարում է։ «Մէ թնդիրը էրկում գըլլի, մէ խարճը էրկում կը դառնայ» ասում է նա։ Բաժանուելիս ազապ քրոջը մաս չեն հանում, նա ապրում է եղբայրներից մինի մոտ եւ ամուսնանում նշանածից  առած առած հադեմասով- «իրեն մուրը իրեն ճակատը» ասում է ժողովուրդն այսպիսի դէպքերում։ Բաժանուելիս եթէ ծնողները կամ միայն հայրն կենդանի է, սա իրեն բաժին վերցնում է որքան կամենում է, որը սրա մահից յետոյ դարձեալ բաժանւում է եղբայրների մէջ, եթէ իհարկէ առանձին է ապրել, իսկ եթէ մի որդու մոտ է ապրում, մնում է նրան։ Եթէ կենդանի է միայն մայրը՝ նրան մաս չեն հանում, շատ շատ մի կով, երկու ոչխար տալիս են այն եղբօրը, որի մօտ մնալու է մայրը։

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ

Ախալքալաքի  գաւառը  Կովկասի ամենաառողջարար գաւառներից մին է համարւում։ Մաքուր ու փոշուց ազատ օդն եւ արագ շնչելու կարեւորութիւնը շատ լաւէ ազդում թէ առողջների եւ թէ հիւանդների վրայ։ Շատ օրինակներ ցոյց են տուել, որ ժանտաջերմ (малярия),   ջրջրուկ, թոքային եւ սակաւարիւն հիւանդութիւններից տանջուողներն այստեղ արագութեամբ լաւանում են։

Բնակիչների մէջ տարածուած  հիւանդութիւնների մեծ մասը յառաջանում է գլխաւորապէս  ապրելու եղանակից եւ տգիտութիւնից։ Եւ միայն շատ փոքր մասը կարելի է վերագրել կլիմայի ազդեցութեան, աշխատութեան պայմաններին, ժառանգութեան եւ պատահական դէպքերին։

Գիւղացիների բնակարանները, որ գրեթէ բոլորովին գըրկուած են լուսից եւ պարունակում են անասունների դեքից շոգիացած գազեր ու մեծ քանակութեամբ ածխաթթու, ահագին ազդեցութիւն ունին բնակիչների առողջութեան վրայ։  Բացի թթուածնի պակասութիւնից յառաջացած վնասները, այդ խոնաւ, գետնափոր բնակարանները սաստիկ նպաստում են հազար ու մէկ մանր օրգանիզմների յառաջացման։

Վերջին խօլերայի ժամանակ այս գաւառում անհամեմատ քիչ զոհեր եղան, իսկ հինգ տարիների ընթացքում սովորական ծաղիկ, կարմրուկ եւ կոկորդային հիւանդութիւններից մեռել են։

 

 

ծաղիկ

Կարմրուկ

Կոկորդի հիւանդ.

բոլորը

% բոլոր մեռնողն համ.

1885 թ.

22

412

362

796

48

1886

12

27

165

204

22

1887

601

9

116

726

42

1888

171

6

112

289

25

1889

18

4

195

217

21

ընդամէնը՝

824

458

950

2232

35

 

Հետեւապէս՝ վերոյիշեալ հիւանդութիւններից մեռնողների տոկոսը, տատանուելով ըստ տարիների 21 եւ 48 մէջ, հինգ տարիների ընթացքում միջին թուով տալիս է 35 0/0 այսինքն բոլոր ննջեցեալների երրորդ մասից աւելի։

Առաւելապէս հասակաւորներին բռնող վարակիչ հիւանդութիւններից ուշադրութեան արժանի  է գլխաւորապէս ձմեռը  եւ գարնան տարածուող թոքերի կրուպօզ (крупозное) բորբոքումն եւ որովայնի վարակիչ տիֆ։ Առաջնի մասին ճիշտ տեղեկութիւններ չկան, իսկ տիֆով հիւանդացել են 1889 թ. 13 եւ մեռել 2. իսկ 1890 թ. 18 եւ մեռել երեքը։ Միւս հիւանդութիւններից աւելի տարածուած է բորը։

Ամբողջ գաւառի հիւանդների մասին պաշտօնական տեղեկութիւններ չկան, իսկ քաղաքում 1889 թուին եղել են 411 որոնցից մեռել են 27, իսկ 1890 թ. 491 որոնցից մեռել են 59 [9] ։

Թէ քաղաքում եւ թէ գաւառում ոչ մ ի հիւանդանոց  չկայ, քաղաքում կայ միայն մի գաւառական եւ մի զինուորական բժիշկ։ Գիւղացիներն  գլխաւորապէս  բժշկւում են սափրիչների եւ պառաւ հէքիմների մօտ։ Միեւնոյն ժամանակ, հաւատալով  ճակատագրին, բժիշկներին այնքան նշանակութիւն չեն տալիս։ Եթէ հիւանդութիւնը երկար է տեւում ուրախանում են եւ այդ համարում են հիմնովին առողջանալու  միջոց, իսկ եթէ կարճ միջոցից լաւանում են։ վախենում են, թէ մի գուցէ  հիւանդութիւնը մարմնից դուրս եկած չլինի եւ սաստկութեամբ նորոգուելով՝ մահ պատճառէ։

Ամենամեծ խնամքը կայանում է նրանում, որ երբ հիւանդը մի բան է ցանկանում ուտել, անշուշտ գտնում տալիս են։ Հիւանդի ուտելու վերաբերութեամբ ունեցած այս ցանկութիւնը հոչում են կամակ։

Ժողովուրդը երեւակայում է հիւանդութիւններին որպէս փոքրիկ էակներ, գլխներին եռանկիւնաձեւ «սըլըլիկ» գլխարկ ծածկած։ Ձեռներին երեք, կանաչ, կարմիր եւ սեւ ճիպոտ բռնած։ Առաջնորդն ստանում է Աստծուց մի տետրակ, ուր նշանակուած են լինում հիւանդացողների եւ մեռնողների անունները եւ սրանք նայելով այդ տետրակին՝ կանանչ ճիպոտով խփում են նրան, ով դատապարտուած է կարճատեւ հիւանդութեան, կարմրով նրան, ով պիտի երկար ծառայէ անկողնին եւ սեւով նրան, ով պիտի մնաս բարով ասէ այս աշխարհին։

Սրանց մասին բազմաթիւ պատմութիւններ կան, որոնցից յիշենք գոնէ մինն այնպէս՝ ինչպէս պատմել են.

ՑԱՒԵՐ.

Ցաւերը թոփ գլլին կերթան մէ քաղաքմ, որ մարդիկը վերին հիւդցնեն, վերին սաղցնեն, վերին ա մեռցընեն։ Աստուած ատոնց մէ դաւթարմ կուտայ, ու կըսէ կը թը՝ ասոր աշեցէ՛ք, վերն օր մեռնելու է՝ մեռցուցէք, վերն օր հիւանդանալու է՝ հիւնդցուցէք ու սաղցուցէք։

Ասոնք գելլեն գըյնին ճամփայ, գուգան մէ դիւզ օվամ։ Վախտ անցած գլլի, անօթենան կը։ Անօթենան կը՝ կըսեն իրարու թը՝ ի՞նչ էնենք, անօթցանք։ Ջերմը կըսէ կը թը՝ դուք իստեղ կէցէք, ես էրթամ ինի չոպնէն մէ ոչխարմ բերեմ, ուտենք։

Կերթայ չոպնին քովը, կըսէ. «Բարեւ, չոպան»։

Ան ա կըսէ. «Ասսու բարին, ախպարս»։

Կըսէ. «Ինծի մէ ոչխարմ տու»։

Չոպանը կըսէ. «Ինչի՞, դուն վե՞վ էս օր»։

Կըսէ. «Ես ջերմն էմ, որ մարդու բռնեմ՝ օխտը տարի խելքը գլոխը չի գայ։

-Է՛, կըսէ. ես ատոր դեղը գիտեմ։

Ի՞նչ է։

-Կը կըթեմ, կըսէ, ոչխրին կաթը, կըդնեմ գիշերը աստղը, առաւօտ խմեմ սաղնամ կը. էլ քեզնէն վախ չունիմ, ինչի՞ տամ։

Ջերմը տեսնի կ՚օր հնարը գիտէ, թողնէ գուգայ ընկերտանցը քովը։

Կըսեն. «Ինչի՞ չբերիր ոչխարը»։ Ջերմն ա կըսէ թը՝ հնարը գտաւ՝ չտուեց։

Ետեւ վարձաւքը կըսէ. «Կեցիք, ես էրթամ բերեմ»։

Գելլէ կէրթայ չոպնին քովը, կըսէ. «Բարեւ, չոպան»։

-Ասսու բարի՜ն, ախպար, կըսէ չոպանը։

Կըսէ. «Չոպան, ոչխարմ՝ տու մեզի»։

Կըսէ. ինչի՞, դուն վե՞վ էս օր։

Կըսէ. «Ես վարձաւքն էմ, մարդու օր բռնեմ անքան սայըխլամիշ (զառանցել) կէնեմ, որ տեղէն կը փախցընեմ։

Չոպանը կըսէ. «Ատ հէ՛չ, ես դեղը գիտեմ»։

-Ի՞նչն է, կըսէ ջերմը բերանը ծռելով։

«Եղունկներս քոքէն հետ կը կառեմ, օտվիս տաք ջուրը դնեմ կը, վրաս ա բան կ՚առնեմ, կսկուծմ՝ քրտնիմ կը, գլլիմ բողկ, տեսնիմ  ալ ի՞նչ պըտի էնես։

Վարձաւքը ռազիլի պէս ետ դառնայ գուգայ ընկերտոցը քովը։ Ընկերտանքը հարցընեն կը թը՝ ո՞ւր է բերածտ։ -Է՛ ի՞նչ էնեմ, կըսէ, քօփակ օղլին ամէն բանին դեղը գիտէ։

-«Կեցիք, կեցիք, կըսէ եանիղարան (ժանտախտ), ձեր ձեռքէն բան չի գայ, տեսէք ես ինչղ կը բերեմ։

Քիչմ՚ իջի, կըսեն էն էրկուսը։ Ասիկ գելլէ կերթայ. «Բարեւ չոպան», կըսէ։

-Ասսու բարին, ի՞նչ գուզես։

«Մէ օչխարմ»։

-Ինչո՞ւն ինչն էր, քեզի օչխա՞ր, դուն վեվ է՞ս օր։

«Ես եանիղարան էմ, առաւօտ բռնեմ՝ իրիկուան տանիմ կը, իրիկուան բռնեմ, առաւօտուն տանիմ կը։

-Է՛, էտ լաւ չեղաւ, կըսէ չոպանը, առ առ տար, չարէն ի՞նչ։ Ջոկէ մէ ղըսըր օչխարմ՝ կուտայ կը։

«Շալկէ, շալկէ առաջ ընկի, կըսէ եանիղարան։

Չոպանը չարասըղ շալկէ գըյնի կը առաջ, տըքտըքալէն տանի կը։

«Տեսէք, ինչղ բերի, վերստմ հեռուէն ճուայ կը եանիղարան։

Ցաւերը ուրախնան կը, վազզեն կը դէմ։

Չոպանը բերէ օչխարը վար կը դնէ, կըսէ. «Է՜ ախպրտիք, օչխարս առաք առաք, հեչ չէ ըսեք թէ՝ ղորթմէ վո՞վ էք։

Անոնք ա կըսեն թը՝ մենք ցաւերն էնք, պիտի էրթանք այնի քաղաքը, Աստուած այսի դաւթարը տուեր է մեզի, օր աշէնք, վեր մարդն օր մեռցընելու է՝ մեռցընենք, վերն որ հիւնդցնելու է՝ հիւնդցնենք։

-Հօրերու հոգուն, հըլը մէմ աշէք, ես ա կամ իտի դաւթրին մէջը։

Ցաւերը կառնեն դաւթարը չորտեն, չորտեն, կաշեն օր՝ նէա մեռնողներուն սրին մէջ կայ, նէա հիւանդացողներուն, կըսեն, «Չոպան, դու չկաս իսի դաւթրին մէջը, նէա հիւնդնաս պտի, նէա մեռնիս։

«Օր ատպէս է, ես ա իմ ոչխարս չեմ տայ ձեզի՝ տեսնիմ ինչ պըտի էնէք, կըսէ չոհանն ու վերցնէ ոչխարը փախի կը» [10] ։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ԴԵՂԵՐ

Հարինգ.

Ժողովրդի նախապաշարմամբ հարինգ (խարբուխ, սալում) են ընկնում, երբ ապօրինի զաւակ է ծնւում, ուստի եւ ընկենլիս անիծում են անյայտ, գուցէ եւ գոյութիւն չունեցող ապօրինի զաւակին։

Առողջանալու համար խնչում են մի կտոր շորի մէջ, վերան աղ ցանում, մի քանի կոպէկ կամ մի ուրիշ բան գնում մէջը եւ ձգում փողոց։ Ով որ վերցնէ այդ՝ նա կստանայ հարինգ, իսկ առաջինը կը լաւանայ։

Հարինգ ընկած  երեխաներն ասում են ընկերներին. «Ըսա հող, հող»։ Եւ եթէ մինն ասէ՝ սա կը պատասխանէ. «Սալմուս քեզի փոխ»։ Եւ սրանով իբր, հարինգը կը փոխուի միւսին եւ ինքը կառողջանայ։ Հարինգը իրենց չփոխուելու համար հարինգ ընկածին պատահելիս ասում են. «Ջաղջէն գուգամ, գլոխս ալըրոտ է»։

Գլխացաւ.

Թաց քաթանի վրայ քաշում են ղզլ»ճուղի (հուն) կամ ճանճուլի պաստեղ եւ կամ աղով սոխ կապում ճակատին։

Ճակատից արիւն են առնում։

Քիթը քացախ քաշում  եւ տրորում։

Փորացաւ.

Խուփը տաքացնում է շորի մէջ փաթաթած դնում են փորին։

Աւելուկը խաշում փորին են քաշում։

Ամրութեան դէմ.

Ձիթապտղի ուտը եւ մի քիչ բոված սուրճ եփում, շորի վրա քաշում եւ կապում են փորին։

Լուծելու (Իսալ) դէմ.

Գխտորը մանրում, եփած հաւկթի վրայ ցանում, երկու  երկու առաւօտ դեռ բան չկերած, անոթի փորուն ուտում են։

Կամ ղզլճուղի կուտը փոշիացնում, ջրի մէջ եփում եւ մի քանի անգամ խմում են։

Թզենու տերեւները չորացնեում, ծեծում եւ սուրճի պէս եփում ուտում են։

Դեղձի ղախը եփում են ջրով եւ ուտում։

Հունի (ղզլճուղի) կուտը բովում, սուրճի պէս եփում եւ խմում են։

Փսխելու դէմ.

Համեմի հունդն եփում են մինչեւ որ մնում է ջրի կէսը, ապա քիչ քիչ խմում։

Մատնաշունչ.

Արջառի կամ աչխարի ողնաշարի ուղեղը շորի վրայ քաշում դնում են վերան եւ առաւօտ երեկոյ փոխում։

Բիդնառ.

Կապոյտ պտկի նման դուրս է գալիս եւ սաստիկ քեր գալիս, դդում կամ սրա ծաղիկը եւ կամ սրա իւղը սառը շաքարի հետ ծեծում դնում են վերան եւ օրը մի քանի անգամ փոխում։

Ճաթաթում են շրդանով։

Շան լակոտը սպանում, ջնջխում եւ դնում են վերան, յետոյ օձի շապիկը ձիթով դաղում կապում վերան։

Հաւկուր.

Հաւկուր ընկնողը երեկոներն այլ եւս չի տեսնում։ Սրանից ազատուելու համար կեմը ձգում են վիզը եւ քաշելով երեք անգամ պտտեցնում եկեղեցու շուրջը։

Հաւերի հետ կուտ են տալիս։

Յանկարծ տնից դուրս են կանդում եւ կտուրից դռն շէմքին մի կճուճ քցում կոտրում։ Պատահում է, որ կճուճը սխալմամբ դիպչում է հաւկուրի գլխին եւ աւելի կուրացնում նրան։

Լուսնի նորից.

Հիւանդացողներին բժշկելու համար ուռի եւ սխտորի մոխիրը քսում են ճակտին, պնչներին քմքին, դաստակներին, բռները եւ կրծքին։

Այարասի են կտրել տալիս-մինը հաց եւ պանիր տանում լռելեան դնում է մի թամբագործի առաջ։ Թամբագործը հասկանում է եւ դարձեալ լուռ մի կտոր կաշի լուսնաձեւ կտում դնում է հացի տեղը։ Բերողը վերցնում է այդ այրարասին եւ տանում երեխայի գտակին կարում։

Հազի.

Անլուայ ամերիքան ճրագու մոմով օծում եւ դնում են կրծքին։

Բամբակը բռնում են կրակը ձգուած խնկի վրայ եւ տաք տաք դնում կրծքին եւ երբեմն էլ մէջքին։

Երբ մրսելուց հազում են՝ առաւօտները հում կաթ են խմում։

Թուզը կամ ունաբը կաթի մէջ եփում ուտում եւ կաթը խմում են։

Ժաղ շաքար են ուտում։

Ալֆինջան կոչուած արմատը թէյի պէս եփում, օրը երկու անգամ խմում են։

Ատամնացաւ.

Ատամնացաւի դէմ գործ են ածում հետեւեալ դեղերը. Մեխակի իւղն օղու հետ խառնելով՝ ողողում են բերանը, այս դեղը առնուազը կէս տարի կտրում է ցաւը։

Վարդապետի ժախը (խելառ ժախ) ծեծում դնում են ցաւած ատամին։

Ընկույզի միջուկը դնում են կրակին, որ իւղը դուրս տայ, այս ժամանակ առնում են ատամների մէջ եւ սեղմում։

Մամուխ թուփի արմատը մանր ջարդում, եփ են տալիս ջրի մէջ մինչեւ ջրի 3/4 մասը չոգիանալը եւ ապա քիչ հովացնելուց յետ մի երկու րոպէ պահում բերանում՝ ցաւող ատամի վերայ։

Կարի ֆիլֆիլը ծեծում, ողիով շաղւում եւ դնում են ցաւած ատամին։

Եթէ ատամը փթել է եւ ցաւում է՝ զաջը լաւ ծեծում եւ ցանում են մեղրի վրայ, ապա մեղրը գդալով լաւ խառնում, քսում ցաւած ատամի կողմի այտին երեսից եւ շորով փաթաթում։ Այտը ուռչում, քաշում է իրեն ատամի ցաւը եւ առողջանում։

Ճաղը սաստիկ տաքացնում կամ բամբակը սպիրտի մէջ թաթախում եւ դնում են վերան, այսպիսով ցաւը մի քանի օր կտրում է։

Ոմանք էլ մարխը մանր ծեծում լցնում են օղիի մէջ, լաւ եռացնում, յետոյ պաղեցնում եւ ողողում բերանը։

Ուռուցք.

Դրոժով հացը բրդում են լաւ գինու մէջ. եռացնում եւ կապում ուռուցքին։

Գարի ալիւրն ու օշինդրը (եաւշան) միասին եփում, շորի վերայ քաշում եւ դնում են ուռուցքին։

Թեւի կամ ոտքի ուռուցք.

Կոտեմի սերմը ծեծում, օղիով շաղւում եւ շորի վրայ քաշած դնում են ուռուցքին։

Միեւնոյն ուռուցքի համար գազարի քերուածքը շորի վերայ քաշում դնում են վերան։

Աճուկի ուռուցք.

Թորացրած թութը լաւ ծեծում են որ կտներն անգամ փշրուին եւ հաւկթի դեղնուցի հետ լաւ խառնելով՝ շորի վերայ քաշում եւ դնում ուռուցքին։ Դեղն առաւօտ երեկոյ փոխում են։ Այս միեւնոյն դեղը դնում են եւ բկի ուռուցքին։ Եւ եթէ ուռուցքը սպիտակ է՝ կը ցրուէ, իսկ եթէ կարմիր՝ կը ծակէ։

Կռան տակի ուռուցք.

Ոչխարի կամ արջառի ողնաշարի ուղեղը փշատի փոշու հետ խառնում եւ շորի վրայ քաշած դնում են վերան։ Առաւօտ եւ երեկոյ փոխում։

Ամորձիքի ուռուցք.

Ամորձիների ուռուցքը իջեցնելու համար՝ անլի ձիթապտուղը կտի հետ ծեծուկ եւ շորի վերայ քաշած դնում են վերան։ Օրը երկու անգամ դեղը փոխում։

Միեւնոյնի համար բաթաթուկ բոյս եւ հում դմակ հաւասարաչափ խառնում, ծեծում եւ շորի վրայ քաշած դնում են ուռուցքին, օրն էլ 2-3 անգամ կրկնում։

Կանանց ծծի ուռուցք.

Յճառի (րախի սապոն) փոշին հաւկթի դեռնուցի հետ զարնում եւ շորի վերայ քաշած դնում են ծծին եւ օրը երկու անգամ կրկնում։

Բարի բան - Ժանտախտ.

Տղայոց բուկը կամ ականջի տակը սաստիկ ուռչում է։ Ուռուցքը հաւկթից մեծ է լինում եւ փայլում է։ Բժշկելու համար՝ ցորեն ալիւրը շաղւում են կովի իւղով ու տաք ջրով, խմորը բանում են, երեսին մեղր քսումեւ գնում ուռուցքի վերայ։

Մազոլ.

Բաղանիսից դուրս գալիս մազդակի ձիւթը դնում են մազոլի վերայ եւ կապում, քաշում արմատախիլ է անում։

Սեւ ձիւթի հետ խառնում են 16% մեղրամոմ, շաղախում եւ դնում մազոլի վրայ, օրական մի անգամ փոխելով։

Կտրուածի արիւնը կտրելու.

Վէրքից քիչ բարձր կապում են զմրութակ մատանի։ Գիլու փոտիկի փոշի են ածում վէրքի վրայ։

Կապոյտ կտաւը խանձում եւ դնում են վէրքի վերայ։

Կարտոֆիլի քերուցքը դնում են շորի վերայ եւ կապում վէրքին։

Պայա եափրազի կոչուած բոյսի տերեւը թքոտում կամ ջրոտում եւ դնում են կտրածին, շարաւը քաշում առողջացնում է։

Սրով կտրած.

Ալուայ բուրդը ձիւթի մէջ այնքան եփում են, որ բուրդը հալուի, ապա սա քսում են սրով կտրած վէրքի վրայ եւ շորերով փաթաթում։

Ղլիճօթին իւղի հետ ծեծում դնում են կտրուածի վերայ, կամ ղլիճօթին չորացնում, մանրում, կարա գիւղի մէջ շաղւում եւ դնում կտրածի վերայ։

Կոտրած ոսկոր.

Կոտրած ոսկորը նախ զգուշութեամբ ուղղում են, ապա չրեշտը կամ լաւ մանրած շիպը շարմըղում, հաւկթի սպիտակուցով շաղւում, քաշում կտաւի վերայ եւ փաթաթում կոտրած ոսկրին, որ շուտ ամրանում է։

Լաւ օղի ցնցում են շաքրի թղթի վերայ, խունկի մանրունք ցանում վերան եւ փաթաթում կոտրած ոսկորը՝ նախապէս լաւ ուղղելով այն եւ յետոյ չորս տախտակներով կապում։

Կոտրած ոսկորը նախ զգուշութեամբ ուղղում են, ապա կտաւի վերայ քաշուած սեւ ձութը, վերան սեւ պղպեղ եւ մեխակ (բահար) ցանած, փաթաթում են կոտրած ոսկրին եւ չորս տախտակներով ամուր կապում։ 10-15 օր այսպէս կապուած մնալուց յետ եթէ չբռնեց, չի լաւանայ։

Ցրտի տարած.

Սեւ ձութը հալում լցնում են գետին եւ ցրտի տարած, այսինքն սաստիկ մրսած ձեռքը կամ ոտը դնում մէջը։ Այս գործողութիւնը պիտի կրկնել մինչեւ որ մրսածը զգայ։

Վառած.

Կրակով կամ ջրով վառուածը բժշկելու համար կովի անլի կարագի մէջ հալում են փոքր ինչ մեղրամոմ, նրան կպչունութիւն տալու համար, ապա պաստառի վերայ քաշելով, փաթաթում վառուածը։ Նոյն միջոցով բժշկում են եւ կայծակի վառածը։

Ականջի շարաւը.

Կտրելու համար կանեփի կանաչ տրեւը ծեծում եւ հիւթը քամում են ականջի մէջ։ Բարձմենակ ծաղիկը-որ դեղին թոփ-թոփ գլուխ ունի, - մի փոքր կտոր շպի հետ ծեծում եւ հիւթը կաթեցնում են ականջը։

Որդնոտած ականջ.

Անլի լոռ կամ դմակ դնում են ականջին եւ կապում, ականջի որդունքը քաշւում են դրանց վրայ, ապա կաթով լուանում, ձէթ կաթեցնում եւ լուի ծաղիկը փչում մէջը՝ որ սատկացնէ։

Ականջի որդունք։

Գազարի տերեւները ծեծում, ջուրը քամում լցնում են ականջը եւ ծեծած տերեւը դնում ականջին։ Ասում են թէ այս դեղը որդունքը ջարդում հանում է դուս։ Միեւնոյն դեղը անում են եւ որդնոտաց վէրքի համար։

Խլութիւն.

Նոր խլացածին առողջացնելու համար դանակի կողքը կրակի մէջ սաստիկ տաքացնում են, ապա խլացած ականջի մօտ բռնում եւ վերան ձիթապտղի իւղ (զէյթաղի) ածում այնպէս՝ որ վազելով ականջի մէջ թափուի։

Խնձորի կողքից քիչ կտրում, մէջը մի կտոր խունկ կոխում, խոձորով նորից ծածկում եւ դնում են թոնիր խորովում, յետոյ խնձորը վերցնում դնում են ականջին այնպէս՝ որ խնկի շոգին գնում է ականջը եւ առողջացնում։

Դող.

Իշու կաթնուկ կոչուած բոյսը քաղում, մի բաժակ իծու կաթի մէջ 5-8 կաթիլ կաթացնում, անօթի փորուն խմում են եւ մօտ 1/2 ժամ վազվզում։ Փխսում են եւ առողջանում։ Միեւնոյն դեղը անում են եւ ջերմի ու հազի դէմ։

Ըզնու մորթուց մի կտոր քցում են կրակի մէջ եւ գլխին սաւան առած շնչում են ծուխը։

Հաւկթի դեղնուցը լաւ զարնում, մի բաժակ օղու հետ խառնում եւ խմում են։ Այս դեղը երեք առաւօտ կրկնում են։

Երեք ընկոյզ երկերկու կտոր են անում եւ վերաները գրում Ա. ս. տ. ու. ա. ծ. ։ Ապա սրանք շարում են թաշկինակի վերայ այնպէս՝ որ Աստուած բառը կարդացուի։ Երբ դողը դռնէ՝ օրը մի անգամ մտնում են սառը ջրի մէջ եւ կարգով ընկոյզներից մինը ծամում։ Վեց օրից, ասում են, թէ առողջանում են։

Ջերմ.

Մանրած սոխը ածում են քացախի մէջ, եռացնում, փոքր ինչ հովացնում եւ քսում մարմնին։

Բոր.

Ծծումբը եւ վառօդը լաւ ծեծում, շարմաղում, կարագ իւղի մէջ շաղւում եւ օրը մէկ անգամ քսում են բորին, մի քանի օրից լաւանում է։

Ծծումբը, վառոդը եւ իւղը հաւասարաչափ պիտի լինին եւ քսելուց յետոյ տախ պիտի մնան-այս նպատակով թոնիր են մտնում։

Կարմիր քամու.

Այս հիւանդութեան ժամանակ մարմինը կարմրում, հետզհետէ ուռչում է տաքանում է։

Առողջացնելու համար՝ հաւկթի դեղնուցը քեաֆիրի մէջ տրորում եւ թեպուրով քսում են մարմնին։

Տեռատեսութիւն (Մայասիլ).

Եթէ նստատեղին «դուս է տուել, պտուկ» է եղել՝ կովի թթու մածունի մէջ կապոյտ քարը այնքան զարնում են, որ մածունը կապուտկում է։ Ապա սաստիկ տաքացնում են մի աղիւս, դնում քուղայի մէջ, մածունը լցնում վերան եւ նստատեղին բաց՝ նստում քուղի բերնին։ Մածունի գոլորշին կտրում է այդ պտուկները, սակայն երկու օրից կրկին դուրս են գալիս եւ նորից են կրկնում այս դեղը։

Մայասիլի եռքը կտրելու համար կթաւատի լաւ ձէթ են քսում եւ վերան մանրած քիրիշան ցանում։ Սակայն մի քանի օրից եռքը նորից է սկուում եւ դեղը նորից կրկնում են։

Կանկառ, թուրքերէն «դեաւաթիքէա» կոչուած բոյսի սերմը կամ փուշը ջրով եփում ուտում են կամ միայն ջուրն են խմում։

Թախալ փշի (կանկառ) հունար ուտում են, որ տեռատեսութիւնն անցնի։

Ոջլոտելու դէմ.

«Ղռխայազի» - քառասնոտնեայ կոչուած ոջիլն տարածւում են մարմնի առաւելապէս մազոտ տեղերում եւ կիսով չափ մտնում մարմնի մէջ։ Սրանք յառաջանում են երբ սերական յարաբերութիւնից յետոյ չեն լուացւում։ Բժշկելու համար թուրքերէն զինճիֆ կամ զինճիֆիրա կոչուած մոյգ շիկագոյն քարը փոշիացնում են մի քիչ հինայի հետ եւ թքով շաղւում։ Ապա այս բաղադրութիւնը լցնում են ընկուզի կամ կաղնի կպեճի մէջ եւ դնում մարմանդ կրակի վերայ, սովորաբար մանղալի մէջ։ Յետոյ բոլորովին մերկացած՝ լաւ փաթաթւում են սաւանի մէջ, բերանը ջուր առնում եւ ականջը բամբակ կոխում ու կանգնում մանղալը ոտների միջեւ առած։ Բաղադրութեան ծուխը դիպչելով մարմնին՝ սատկացնում է ղռխայաղ ոջիլներին։ Եթէ բերանը ջուր չառնեն եւ ծուխը ատամներին դիպչի՝ ատամները կը թափին։ Եթէ առաջին անգամով բոլորը չեն ջարդւում, կրկնում են։

Կատաղածի դէմ.

Բժշկելու համար գործ են ածում ձիթուկ կոչուած ճիճուն, որ մի վերշոկաչափ է լինում, սեւ, վիզը սաստիկ բարակ, գլուխը փոքր՝ մաղանման երկու եղջիւրներով, յետոյքը հաստ եւ կլոր։ Սա պատրաստում է ձէթ։ Առաւելապէս ապրիլ ամսին, երբ կաենաչները քիչ են, ժողովում են ձիթուկներ այսպէս՝ առանց ձեռք տալու ձիթուկին, որպէմզի ձէթը չվիժէ՝ մի թել ձգում են վիզը եւ քաշ տալիս։ Ձիթուկն այսպէս կախուած 40 օր կենդանի է մնում, յետոյ սատկում է եւ երկու օրում չորանում։ Այս ժամանակ վերցնում լաւ ծեծում են եւ ստանում սպիտակ փոշի։ Այս փոշուց մի մսխալ կամ աւելի քիչ լցնում են մի ֆինան ջրի կամ, աւելի լաւ, կաթի մէջ եւ խմացնում կատաղածին։ Հաւանդն իսկոյն ծննդկանի պէս ցաւ է բռնում եւ նախ արիւն եւ ապա ճիճուներ վիժում ու ազատւում։

Այս դեղը օգնում է միայն նրանց, որոնք ընդունում են այդ շան խածած օրից 40 օր դեռ չանցած։ Իսկ իմանալու համար թէ խածուածը կատաղելու է՝ ուղարկում են գետից անցնելու, եթէ կատաղելու է՝ չի կարող անցնել, որովհետեւ ջուրը արեան նման կերեւի նրան։

Օձի կծած.

Օձի կծած տեղից քիչ բարձր եղնիկի կաշով ամուր կապում են, որ թոյնը չտարածուի։

Թոյնը քաշելու եւ ուռուցքը իջեցնելու համար թարխունը ծեծում եւ փաթաթում են կծածի վրայ։

Թոյնի դէմ.

Ածուխի փոշին, ցորեն ալիւրի թեփի հետ խառնած, լցնում են ջրի մէջ, եփ տալիս, քամում եւ ջուրը քիչ քիչ խմացնում։

Փալուտի կամ ընկուզենու ածուխի փոշին, փոքր ինչ հալած անալի կարագի հետ խառնում, խմացնում են թիւնաւորուածին եւ վազեցնում։ Փոքր ինչ յետոյ փղձկում եւ ազատւում է։

ՄԱՀ, ԹԱՂՈՒՄՆ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ.

Ժողովրդեան կարծիքով ամէն մարդ մի աստղ ունի երկնքում, երբ նրա «աճալը»-վախճանը, որ Նախախնամութիւնից որոշուած է, գալ՝ այդ աստղը կ՚ընկնի եւ մարդը 40 օրից յետոյ կը մեռնի։

Նաեւ իւրաքանչիւր մարդ երկնքում կեանքի պուտուկ [11] ունի, որի մէջը թեփ է ածած, երբ «թեփը պարպի՝» մարդը մարդ կը մեռնի։ Եւ հէնց այս պատճառով էլ «հլը թեփը չէ պարպէ» ոճը նշանակում է դեռ վախճանը չէ հասել։ Առաջ բերենք մահուան վերաբերեալ մի քանի նախապաշարմունք։ Եթէ բաթաթը թոնիրն ընկնի՝ տանտիկինը կը մեռնի։ Բու թռչունն ում կտրին որ կոնչէ՝ տան մեծը կը մեռնի։ Եթէ թին կամ բահը ուսին տանից դուռս ելնեն, մինը կը մեռնի։ Եթէ մեռելատունը փռըշտան, միեւնոյն տնից շուտով մի ուրիշն էլ կը մեռնի։ Եթէ աւելով մինի գլխին խփեն, երկար չի ապրիլ։ Եթէ սենեակից սենեակ անցնելիս ձեռքերին երկու մոմ բռնեն, մահը կը պատահի։ Եթէ հաց եփելիս առաջին եփած հացն ուտեն, կինը կը մեռնի պէտք է եօթը լրանայ, որ նոր ուտեն։ Եթէ ականջը կանչէ՝ «մեռելի ձայն կիմանան», կը լսեն թէ բարեկամներից մին վախճանել է։ Եթէ ժամկոչը գերեզման փորելուց անմիջապէս յետոյ մինի անունը արտասանելով փետատի կոթը դնէ ջուրը, սա կը մեռնի։

Ժողովուրդը հաւատում է եւ փոքրիկ, սուր գտակ ունեցող օգիների, որոնց «ցաւեր» է կոչում։ Ցաւերը ձեռքերին ունին սեւ, սպիտակ եւ կարմիր «չպուխներ»։ Նախ նայում են Աստուածութիւնից իրենց յանձնուած «դաւթարին» եւ ում որ սեւ չպխով խփեն, նա կը մեռնի, իսկ ում կարմիրով կամ սպիտակով, միայն կը հիւանդանայ։

Երբ մարդու «աճալը» գայ՝ որին ոչ մի կերպ ընդդիմադրել չեն կարող, եթէ մարդը բարի է եղել, բարի հրեշտակը գալիս եւ ձեռի խնձորով խաբելով մարդուն, հոգին աղաւնակերպ առնում է բերնից, իսկ եթէ չար է եղել, գալիս է չար հրեշտակը, մի ոտը դնում կողքին, միւսը վզին, եւ ձեռի մզրախով սեղմում կրծքին, ու առնում հոգին սեւ գործելու նմանութեամբ։

Հէց որ հոգին աւանդում է, տնեցիք թափւում են վերան, եւ կողկողագին լալիս, բարձրաձայն գոչելով նրան, «Վա՜յ, անուշ պալա՜ս, մեր տան դիրակը, տղաքտ անտէր թողիր ուր կերթաս» եւ այլն։ Ոմանք էլ սեղմում են ննջեցեալի ոտները, որ թէ այդ եւ թէ ուրիշ մեռելներից չվախենան, նայում աչքերին, եթէ բաց մնացած լինի, ասում են, աշխարհից դեռ չի կշտացել, եթէ մատը խաղայ կամ մարմինը փափուկ լինի, դա նշան է, որ նոյն տանից ուրիշն էլ պիտի մեռնի։ Յետոյ մեռելը լողացնում են սառը ջրով տաշտի մէջ կամ կամի եւ կամ տախտակի վրայ, եթէ տղամարդ է ժամակոչը, իսկ եթէ կիիկմարդ՝ քէյվանին։ Մեռելի ազգականները, մանաւանդ երախտապարտները գնում, մեռելի վրայ մի մի «թաս» ջուր են ածում, որպէսզի վերջինս իւր էամէակը-երախտիքը-հալալ անէ։ Եթէ ննջեցեալը կին է՝ մազերը կտրում են, այստեղից եւ ծագել է «մազտ մկրատը» անէծքը։ Լողացնելուց յետոյ աւելացած ջուրը թափում են, տաշտը, կամը, կամ տախտակը բերնքսըվայր կորզում են եւ «մուշուրպան»-ջրի ամանը-կոտրում, որ նոյն տնից ուրիշն էլ չմեռնի։

Ապա միայն մի քանի գիւղերում պատանքի կտորից քահանային կտրել են տալիս խաչաձեւ վարշամակ, որ դնում են ննջեցեալի երեսին, պնչերը բամբակով խունկ կոխում, բերանին նշխարք դնում։ Հասարակ կտաւից շապիկ, վարտիկ կարում հագցնում, ձեռքերը կրծքի վրայ «բարեւ» բռնեցնում, երբեմն ձեռին մոմ տալիս եւ ապա պատնքում են, ամբողջապէս փաթաթում են կտաւի մէջ եւ կարում։ Պատնքի աւելացած կտաւը փաթաթում են սեանը՝ որ նոյն տնից ուրիշը շուտով չմեռնի։ Մի բարակ թոկ էլ անցկացնելով ուսի, ոտների եւ կրծքի վրայով՝ խաչաձեւ կապում են, բայց սա ոչ բոլոր գիւղերում։ Յետոյ փաթաթում են մի կապերտի մէջ եւ եկեղեցուց բերելով հասարակաց կուպին կամ ջախպը՝ դնում մէջը, տանում տան մէջ տեղը դնում։ Եւ այս բոլորը նրանք անում են ընդամէնը երկու ժամուայ ընթացքում։ Աբուլ գիւղում, երբ մինին պատնքում են, շարժւում է եւ ուշքի գալիս, իսկոյն պատանքը պահում են եւ ասում, թէ սիրտդ գնաց օդից տուն բերինք։ Այժմ այդ մարդը կենդանի է։

Քառորդ ժամից գալիս է քահանան, գալիս են եւ մեռելի ազգականները, բարեկամները, դրկիցները եւ առհասարակ գիւղացիք, ինչքան հարուստ լինի մեռելը՝ այնքան շատ մարդ։ Ամէն «թող ապրիս» եկող համբուրում է ննջեցեալի ամենամօտիկ անձնաւորութեան, մօր, կնոջ, դստեր եւ այլն ձեռքը, կամ համբուրւում է ասելով. «Դու ողջ ըլլիս, Սուրբ Հոգին մխիթարէ»։ Գրեթէ բոլոր եկողները նոր եկողի հետ լալիս են եւ նրանցից մօտիկները լալով յիշում են ննջեցեալի վերջին խօսքերը, ցանկութիւնները կամ մտադրութիւնները։ Կատարում են եկեղեցական ծէսը, իսկ մօտիկ ազգականները, մայրը, կինը եւ աղջիկն, առհասարակ կանայք, չոքած դագաղի շուրջը լալիս են. մայրը, մոմը եւ այլ պառաւներ լալիս են եւ բարձրաձայն երգի եղանակով բաներ են ասում։ Եկեղեցական խորհուրդը կատարելուց յետոյ կանայք եւ մօտիկ ազգականները ընկնում են դագաղի վրայ եւ բարձրաձայն լալով, կանչելով համբուրում ննջեցեալին, ապա չորս այր մարդիկ բռնում են դագաղը եւ տանում եկեղեցի։ Դագաղի տեղը տնեցիներից մին մի քար է դնում, որ ննջեցեալի յիշատակը հաստատ մնայ։ Առաջից գնում է քահանան տիրացուի եւ խաչ խաչուառի հետ, զգուշանալով յետ նայել, որովհետեւ եթէ յետ նայէ, կ՚ասեն թէ նոյն տանից շուտով ուրիշն էլ է մեռնելու եւ մտքերում կը հայհոյեն քահանային, յետեւից տանում են դագաղը շրջապատուած այր մարդկանցով, որոնք շուտ շուտ փոխւում եւ տանում են դագաղը։ Ամենից վերջը գնում են կանայք, նորահարսեր եւ աղջիկներ։ Եթէ մահը պատահել է շաբաթ օրը՝ ննջեցեալը մի օր պահում են եկեղեցու մէջ, որովհետեւ դրա համար յատուկ սենեակ գրեթէ ոչ մի գիւղ չունի, եւ կիւրակի օրը՝ «պատարագով» թաղում, իսկ եթէ ուրիշ օր է մեռել, հէնց եկեղեցի դնելն ու վերցնելը մէկ են անում։ Դագաղը դնում են եկեղեցու մէջտեղը, գետնին, ննջեցեալի մայրը չոքում է գլխի վերեւ, միւս մօտիկ ազգական կանայք շուրջը, եւ մինչդեռ քահանան կատարում է կարգը՝ սրանք բարձրաձայն լալիս են, մայրն էլ եղանակով բաներ է ասում եւ խանգարում քահանային։

Կարգը կատարելուց յետ յաճախ մեռելատէրը խնդրում է գանձ ասել։ Թէեւ եկեղեցական օրէնքով արգելուած է գանձ ասելը, սակայն հազիւ է պատահում, որ քահանան մերժէ ննջեցեալի տիրոջ խնդիրը, որովհետեւ շահ ունի։Տիրացուները քահանայի ձայնակցութեամբ ասում են մի տխուր գանձ, որ շուտ շուտ ընդհատւում է բազմութեան մեծ մասի, մանաւանդ կանանց լալիւնով։ Երբ գանձը վերջացնում են՝ աթոռակալը դնում է ննջեցեալի կրծքին մի «թաբախ»-ապսէ-գրեթէ բոլորը համբուրում են ննջեցեալին եւ մի քանի կոպէկ ձգում թաբախի մէջ, որն (50-կ. 1 ր. ) աթոռակալը (երեսփոխը) վերցնում եւ յետոյ քահանային է տալիս։ Տղամարդիկ ննջեցեալին տանում են գերեզմանատուն, իսկ կանայք վերադառնում ննջեցեալի տունը։ Գերեզմանը ննջեցեալի ազգականների գերեզմանների մօտ մէկ արշին լայնութեան եւ երկու արշին խորութեան փորած պատրաստած է լինում գիւղացիներից ով էլ որ պատահել էր։ Գերեզման փորողին պատահողը ասում է. «Քրիստոս յարեաւ ՚ի մեռելոց», իսկ գերեզման փորողը պատասխանում է. «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։ Մի քանի գիւղերում էլ ասում են. «Օղորմի Աստուած». Օղորմի բարի ծնողացդ հոգուն։ Ապա սա դուրս է գալիս գերեզմանից եւ պատահողը փորում։ Երբ վերջացնում են՝ թին ու փետատը խաչաձեւ դնում են գերեզմանի բերանին։

Ննջեցեալը բերում, դնում են գերեզմանի աջ կողմը, կատարում են թաղման կարգը, մինը իջնում է գերեզմանի մէջ, կապերտից հանում են մեռելը եւ սա գրկում պարկեցնում է գերեզմանի մէջ, նախապէս գլխի տակ մի երկու քար դնելով, որպէսզի գլուխը բարձր լինի։ Եթէ ննջեցեալը կին է, կապերտը բռնում են գերեզմանի վրայ, թէ նրան գերեզման իջեցնելիս եւ թէ գերեզմանը հողով լցնելիս, որպէսզի պահպանուի ամօթխածութիւնը։ Երբ քահանան ննջեցեալի մօտիկ ազգականի բռի մէջ օրհնում է հողը եւ ձգում գերեզմանի մէջ, շրջապատողները լցնում են գերեզմանը հողով։ Ամեն մարդ գոնէ մի բուռն հող պիտի ձգէ ննջեցեալի վերայ, որպէս հատուցումն նրա երախտիքի։ Գերեզմանից հանած բոլոր հողը լցնում են վերան եւ մի բուռ անգամ հեռու չեն թողնում, մեղք համարելով այդ։

Թաղման կարգը կատարելուց յետոյ բոլորը համբուրում են քահանայի ձեռքի խաչը։ Քահանան էլ ասում է. «Աստուած վարձահատոյց արասցէ»։ Յետոյ ձեռք են տալիս ննջեցեալի մօտիկ ազգականներին ասելով. «Հոգին սուրբ մխիթարէ։ Դուն ողջ ըլլիք»։ Այստեղից քահանան, աթոռակալը, տիրացուները, մօտիկ ազգականներից շատերը եւ անշուշտ գերեզման փորողները միասին գնում են ննջեցեալի տունը, ուր ճաշ են անում, չնայելով՝ որ մինչեւ անգամ ճաշի ժամանակ չէ։ Այս ճաշը կոչւում է «փետատի հաց» եւ յատկապէս տրւում է գերեզման փորողներին։ Երկրորդ օրը մօտիկ ազգականներն ու դրկից կանայք մի մի կտոր սապոն բերում, ննջեցեալի բոլոր շորերը լուանում են, եւ յետոյ գնում, ննջեցեալի գերեզմանը օրհնել են տալիս։ Այնուհետեւ եօթն օր շարունակ քահանան գնում է ննջեցեալի տունը եօթնէից կատարելու եւ այդ եօթը օրը շարունակ «օխթն օրէնքի» հաց են տալիս, գիւղացիներից 10-15 հոգու, որոնց մէջ յաճախ լինում է քահանան եւ երեցփոխը։ Եօթը լրանալիս՝ ազգականները հաւաքւում եւ գնում ննջեցեալի գերեզմանը օրհնել են տալիս ապա կամ այդ օրը կամ մի ուրշ օր պատարագ առնում, ու «օխթի», հոգու հաց տալիս։ Նախապէս առնելով քահանայի հաճութիւնը պատարագն իրենց հին ու նոր ննջեցեալների յիշատակին մատուցանելու, նրանք ուղարկում են նրան գինի՝ բաժակի, ալիւր՝ նշխարի, մոմ գիշերը վառելու, փայտ՝ նշխարն եփելու համար։ Ապա մորթում են մի երինջ կամ մի քանի ոչխար, կամ մի կով, որից քէյվանին պատրաստում է եայնի, մսով ապուր, էրիշտով եւ բլղրով փլաւ։ Իսկ եթէ պաս է՝ էրիշտով ապուր, լոբիաջուր, կորկոտէ շիլա, արիւնկէ սիրքալի եւ հատ լոբի։

Առաւօտ շատ վաղ, լուսը դեռ չբացուած սկուում է ժամերգութիւնը եւ ժամը 6-ին վերջանում պատարագը։ Պատարագին տիրացուն «պատարագ առնողին» տանում Աւետարանը համբուրել է տալիս։ Եկեղեցու դուռը պատարագ առնողը հրաւիրում է ժամուորներին հոգու հացի. «Հրամմեցէք էրթանք մերը, հոգու հաց ունինք»։ Սակայն հրաւիրելիս կէս բերան ասում է աղքատին, իսկ ստիպում, քաշքաշում հարստին։ Այսպէս լցւում են պատարագ առնողի տունը քահանան իւր երեցփոխի եւ տիրացուների հետ, գլաւան, տանուտէրը իւր գզիրի ու գրագրի հետ, գիւղի իշխանները եւ մի քանի ծերունի աղքատներ։ Աւագութեան կարգով նստում են օդան. օճխի մէկ գլուխը քահանան, միւսը՝ գլաւան կամ տանուտէրը եւ անհամբեր սպասում հացին։ Այստեղ մի առանձին խօսակցութիւն չի լինում, ոմանք պատմում են ննջեցեալի բարի գործերը եւ ցաւակցութիւն յայտնում նրա վաղահաս մահուան, ուրիշներ իրենց առօրեայ գործերն են առաջ բերում եւ կամ սրա նրա գոմէշն ու եզը գովում։Շատ շուտով դրւում են միքանի խոնչաներ սատրների միջեւ եւ հրաւիրուածները բոլորւում են խոնչաների շուրջը։ Մի քարղանի մէջ մի քիչ մատաղ ածած, բերում դնում են մէջ տեղ եւ քահանան օրհնում է թէ հացը եւ թէ մատաղը, որ մի մի կտոր վերցնելով ուտում են, մի քանի կտոր էլ ցկում են կաթսայի մէջ։ Յետոյ արդէն մատուցանում են տան երիտասարդների ձեռքով կերակուրերը եւ հրաւիրուած 30-70 հոգին բոլորովին լուռ, ախորժակով ճաշում է, երբեմն միայն «իստեղ կերակուր բէ» է լուում։ Պէտք է ասել, որ կերակուրները մատուցւում են մեծ քարղանների մէջ ածած եւ 5-6 հոգի միեւնոյն քարղանից են ուտում, յաճախ իւր տանից գրպանը դրած բերած դըգալով։ Շատ գիւղերի եկեղեցիներում նուիրուած գդալներ են պահում, որ տանում են հոգու հաց տուողները։

Երբ ուտում, պրծնում են, հաւաքում են հացը, մնում է միայն քահանայի առջեւ դրուած խոնչան՝ վերան մի լաւաշ հաց։ Տան տէրը խնկամանի նման կաւէ թասի մէջ աթրի կրակ է ածում եւ դնում հացի մօտ։ Քահանան մի նշխարք է դնում հացի վրայ եւ կանգնում «հոգոց» է ասում։ Կանգնում են եւ բոլորը։ Տան տէրը առնում է խնկամանը եւ փչելով մօտեցնում հրաւիրուածներին, որոնք ձեռքով ծուխը դէպի իրենց քաշելով՝ խաչակնքւում են։ Անպիտան տիրացուները ծուլութեան պատճառով չեն ուզում բուրվառը եկեղեցուց այդտեղ բերել։ Աղօթքը վերջացնելուց յետոյ՝ ննջեցեալի տէրը տալիս է քահանային 20 կոպէկ ժամուց, 20 կ. էլ երեցփոխին յօգուտ եկեղեցու։ Յետոյ բոլորը մի վայրկենում՝ «Աստուած ընդունելի էնէ, Հոգին սուրբ կամար կապէ հին եւ նոր ննջեցեալներիդ վրան» ասում եւ հեռանում են։ Տան երեխաներից մինը խնկամանը ձեռին կանգնում է դռան մօտ, եւ ամէն անցնող խնկի ծուխըիրեն քաշում, խաչ հանում եւ «Բարի յիշատակ ըլլիս, Աստուծ ողորմի մեռելնուտ հոգուն» ասում է եւ գնում։ Եթէ ննջեցեալը քսան տարեկանից ցածր է, փետատի եւ եօթնէից հաց չեն տալիս։ Ննջեցեալի թաղման համար մօտաւորապէս հետեւեալ ծախսն է լինում.

Պատանքի          . -60 կ.

Քահանային՝

ա. մինչեւ 19 տարեկանը     » -20 կ.

                             չամուսնացածին . 2 ր. - «

բ. 20 տար. բարձր

                 ամուսնացածին . . 4 ր. - «

                 առանց կողոպուտի. 8 ր.

գ. Ամուրիին

                 կողոպուտով. . . 5 ր. - »

Փետատի, եօթնէից եւ հոգու հացի                     20-30 ր. - »

Եթէ ամուսինը կենդանի է՝ կողոպուտ առնում են միայն հանդերձը, իսկ եթէ ոչ՝ հանդերձը եւ անկողինը։

Գերեզմանատունը սովորաբար գտնւում է գիւղի մի կողմը, բլրի կամ մի դաշտակի վերայ, մի քանի գիւղերում էլ եկեղեցու շուրջը։ Գերեզմանի վրայ ձգում են քառանկիւնի կամ օրոցաձեւ տաշուած քար կամ դարսում կտոր քարեր։ Միայն քահանաների եւ նշանաւոր մարդկանց գերեզմաններն ունենում են արձանագրութիւն։ Մի քանիսի վրայ էլ փորուած են լինում ննջեցեալի պարապման յատկանիշ մի գործի։

Քաղաքի գերեզմանատունը գտնւում է քաղաքից դուրս դէպի արեւելք։ Գերեզմանները միմեանց շատ մօտ են եւ անկանոն դասաւորուած։ Մի շարքով, միմեանց մօտ թաղուած են միայն մի գերդաստան կամ ընտանիքի անդամները։

Գերեզմանաքարերը երեք տեսակ են. երեխաներինը՝ սովորաբար օրոցաձեւ է, հասակաւորներինն՝ առաւելապէս դագաղաձեւ, թէեւ օրոցաեւեր էլ կան, կարմիր սրբատաշ քարից շինուած եւ քարէ պատուանդանների վերայ ամրացրած։

Հոգեւորականներինը քառանկիւնի քար է, ոտների կողմը 1 1/2 արշին բարձրութեան, 1/2 արշին լայնութեան եւ 2 վերշոկ հաստութեան քար կանգնեցրած, որի վերի ծայրը բոլորակաձեւ է։ Սրանց դէպի արեւմուտք նայող երեսի վրայ եթէ քահանայի է՝ քանդակուած է միայն խաչ, իսկ եթէ վարդապետի՝ խաչ, աջ կողմում գաւազան, ձախում Աւետարան, իսկ գլխին վեղար։ Երկուսի տակն էլ աւետարանից յարմարաւոր խօսքեր են փորագրուած։ Աղքատների գերեզմանաքարերը, եթէ կան էլ, քառանկիւնի տաշած կամ անտաշ քարեր են, յաճախ առանց տապանագրի։

Տապանագրեր.

Տապան Նազելի Իւղաբեր դստեր Կարապետի աղայի ՚ի հասակի 18 ամաց։

Մի՛ զիս լացցէ երգիչ Գողթան

Մի՛ սոխակին աչք սիրաջան

Այլ ծնողացս իմ յարաժամ

Եւ ազգակցացս ամենայն։

Մի եւ Կարապն ողբաձայն,

Մի եւ տտրակն քաղցրաձայն

Այլ սիրողին իմ սիրական

Եւ օրորոցս անխնամ,

Յորոց անգութ սուրն մահուան

Զիս որոշեալ արկ յայս տապան

Հանկիր ոսկերք իմ տխրական

Ցյարութիւն մարդկան համայն։

Չէ նա վատաբաղդ, որ վաղ մեռանի,

Այլ որ յետ մահուան սիրելւոյն՝ ապրի։

---

«Տիեզերաց յայի ծագաց զհողեղէնդ յայդ ափանց ածէք առ իս»,

Ամպրոպայինն որոտաց։

Յահեղ վճռէդ Տէր իմ Տէր

Դող մահացուս հարկանէր

Ընկայ զհոգիս։

Ցազդել ձայնիդ օ՜ն զարթիր։

Յովհաննէս քահանայ Իգիտխանեանց, իւր կենաց տարեկան շըրջանների 63 բոլորելով երկարատեւ  հիւանդութիւնից յետոյ մահկանացուն կնքեց 10 փետր 1863 ամի։

ՀՈԳՈՒ ԵՒ ՀԱՆԴԵՐՁԵԱԼ  ԿԵԱՆՔԻ  ՄԱՍԻՆ

Ժողովրդի կարծիքով հոգին «արեւի շաֆխի պէս է, գըյնի օրա լուսանայ կը, գնաց թըչը՝ մթնէ կը»։ Թէ այր եւ թէ կին մարդկանց, թէ ծերունու եւ թէ երեխայի հոգին միատեսակ եւ միաչափ է, եւ հէնց այդ է պատճառը, որ երեխայի մարմինը փոքր լինելով՝ հոգին նեղութիւն է տայլիս եւ երեխան յաճախ լաց է լինու։

Կենդանութեան ժաման հոգին գտնւում է կրծքի ձախ կողմը։

Մեռնելիս հոգին դուրս է գալիս բերանից, եթէ բարի մարդու է աղաւնակերպ, իսկ եթէ չար՝ սեւ ածուխի նման։

Ոչ միայն հայ քրիստոնեաները  ունին հոգի, այլ եւ բոլոր մարդիկ, մինչ իսկ անհատները։ Միայն կենդանիները եւ թռչունները չունին հոգի, այլ շունչ, որ փշէ թէ չէ՝ ամէն ինչ վերջանում է։ Այն ինչ հոգին շարունակում է իւր գոյութիւնը  եւ մարդու մահից յետոյ։ Նա սաւառնում է դիակի շուրջը մինչեւ մարմինը հողին յանձնելը  եւ երբ «Փառք ՚ի բարձունս» ասում են, թռչում է Երուսաղէմ, երեք անգամ համբուրում  ս. գերեզմանը եւ այստեղ  40 օր մնում, մինչեւ ննջեցեալի քառասունքը լրանալը։ Յետոյ արդէն վերանում է երկինք, եօթն օր ճանապարհ գնալով։ Եթէ արդար է՝ ընդունւում է Սերովբէից եւ Քերովբէից, գնում  երկրպագում Աստծուն եւ անցնում արդարների կայանը, որ երկնքում լուսեղէն մի տեղ է։ Այստեղ արդար, աղաւնակերպ հոգիները փառաբանում են Աստծուն եւ խնդրում որ շուտով անէ դատաստանը, որպէսզի ազատուին մեղաւոր հոգիների դրկցութիւնից, որոնց վատ հոտն ու ամբարտաւանութիւնը  չի կըտրում իրենցից։ Իսկ եթէ հոգին մեղաւոր է՝ Սերովբէն եւ Քերովբէն վանում են  նրան եւ Պեղծէւոնը կամ չար հրեշտակները տանում են մեղաւորների կայանը, որ արդարների կայանից ցածր մութ եւ խաւար է։ Այստեղ սրանք աղաչում են, որ վերջին դատաստանն ուշ լինի, որպէսզի երկար մնան երկընքում, արդարների մոտ։

Այս կայաններից  հոգիները հիշտէք իրիկունները (շաբաթ երեկոները) գալիս են տնեցիներին այցելութեան, ուստի եւ այդ երեկոները ճրագը մինչի լոյս վառ են թողնում են խունկ ծխում։

Հիշտէկ իրիկունները մութ տեղում մարդիկ ջուր չեն խմում, որպէսզի իրենց ազգականների հոգիները ծարաւ չմնան, նրանք խմում են բոյթ մատի մատնեմատի մօտ երկու ջղերի մեջտեղում ձեւացող փոսով։

Հոգիները յիշած կայաններում պիտի մնան մինչի վերջին դատաստանը, որ լինելու է երբ 3000 տարին բոլորի, երբ երեւը արեւմուտքից ծագէ, երբ Լէկէօն ձկան [12] գլուխն ու պոչը իրար հասնին եւ երբ գայ նեռը։ Նեռը եկած  ժամանակ Եղիան, Ենովքը, Ս. Մարիամ կոյսը եւ Յովհաննէս աւետարանիչը, որ այժմ կենդանի մարմնով մնում են երկնքում, պիտի իջնեն երկիր եւ նահատակուին, որ նորից վերջին դատաստանին յարութիւն առնեն։

Վերջին դատաստանի ժամանակ Գաբրիէլ հրեշտակապետը պիտի փչէ փողը, մարմինները յարութիւն պիտի առնեն եւ հագնին հոգիները - այն ժամանակ այժմեանի հակառակ, հոգին դուռը պիտի լինի, մարմինը ներսը։ Հոգու աչքը կ՚սկսի տեսնել։ Բոլորը կ՚երթան Օռնաու կալը։

Այս կալի մասին պատմում են, թէ ժամանակով երկու եղբայր բաժանուել են։ Սրանցից իւրաքանչիւրը մտածելով թէ միւսն իրենից աւելի կարիք ունի, գիշերով իւր օրանից տարել լցրել է միւսի օրնի վրայ եւ այս եղբայրսիրութիւնը Քրիստոսին այնքան դուր է եկել, որ նշանակել է այդ կալը վերջին դատաստանի տեղ։ Դատաստանի օրը Քրիստոս կշիռը կը կախէ, մարդուս աջ ուսի բարի հրեշտակը բարի բաները գրից կը հանէ եւ կը դնէ կշիռի մի նժարը, իսկ ձախ ուսի չար հրեշտակը չար բաները կը դնէ միւս նժարը։ Եթէ բարութիւնը կշռեց, մարդը կ՚անցնի Քրիստոսի աջ կողմը, ուր կը խմբուին արդարները, իսկ եթէ չարութեան կողմը կշռեց, կ՚անցնի ձախ կողմը, ուր կը հաւաքուին մեղաւորները։ Այսպէս մեղաւորներն ու արդարները զատուելուց յետ՝ արդարները կ՚երթան արքայութիւն, իսկ մեղաւորները՝ դժոխքը։ Ժողովրդի համոզմամբ դրախտը կամ արքայութիւնը երկնքումն է, լուսաւոր, անուշահոտ, ծառերով, ծաղիկներով զարդարուած։ Սա բաղկացած է երեք յարկից-ղաթ։ - Վերին յարկում պիտի բնակին մարտիրոսները, երկրորդում ճգնաւորները, իսկ երրորդում՝ ստորին յարկում առհասարակ արդարները։ Սրանք բոլորը միահասակ մարմնով պիտի ինին եւ պիտի բռնեն վայր թափուած երկու դաս հրեշտակների տեղը եւ միշտ պիտի փառաբանեն Աստծուն։

Դժոխքը գտնւում է գետի «օխթը ղաթը», ուր իշխում է Լէկէօնը։ Այստեղ  դրուած է կարասներ սեւ նաւթով (զիֆթ)  լի, որ եռ են գալիս, եւ որոնց մէջ պիտի տանջուին, կուչ գան մեղաւորները։

Ժողովուրդը հաւատում է ե՛ւ «մազէ կարմնջին»։ Նա կարծում է, թէ ընդհանուր յարութեան ժամանակ, բոլոր ժողովուրդները պիտի անցնին մազէ կամուրջով, որ ձգուած է դժողքի վրայով։ Արդարները անվտանգ պիտի անցնին կամուրջով եւ գնան արքայութիւն, իսկ մեղաւորները կամուրջից պիտի գլորուին վայր՝ դժողքի մէջ։



[1]            Մենք այս փեսի կողմից ծախս ենք հաշւում, որովհետեւ սա էլ պարտաւոր է նրանց նշանդրէքին եթէ ոչ աւելի, գէթ նոյն չափ տալ։

[2]            Մի քանի գիւղերում հարուստները մորթում են մի եզ, որից հարսանիքի ընթացքում պատրաստում են կերակրները. դաւուլ զուռնի առաջնորդութեամբ բերում են եզը, ձգում գետին եւ մինչդեռ մսագործը կտրում է վիզը, քաւորը ձգում է արեան մէջ մի բաց կողպէք եւ առանց վերցնելու այն արիւնի միջից, կողպում եւ ապա վերցնում այդպէս կողպած պահում է։ Այս կողպէքը համարւում է ամուսնական կապերի ամրութեան եւ անքակտութեան նշան։ Միեւնոյն ժամանակ թագուորը պոկում է եզի պոչից մի քանի մազ, դնում իւր դաշոյնի պատեանի մէջ եւ պահում մինչեւ առագաստ մտնելը։ Այս սովորութիւնը բացատրւում է նրանով որ եզը համարւում է սեռական արիութեան նշան։

[3]            Թագուորցիները լինում են մի քանի պատանիներ, որոնք շաբաթ երեկոյից սկսած մինչեւ երեքշաբթի, պսակի աւարտը, փեսային ընկերակցում եւ նրա հետ ուրախանում են։

[4]            Ինչ էլ լինէր ծննդկանի անունը։

[5]            Տեղի սղութեան պատճառով յետաձգում ենք գաւառիս մանկական եւ ժողովրդական բոլոր խաղերի մանրամասն նկարագրութիւնը։

[6]            Իսկապէս Գիւլթէօքեան, որ տաճկերէն նշանակում է Վարդափող, բառախաղ անելով դառել է Քիւլթէօքեան, այսինքն մոխիր թափող։

[7]            Տե՛ս «Ջաւախքի բուրմունք»։

[8]            Առաջ բերենք բիւրաւոր դէպքերից մինը. Գանձա Տեփան-Ստեփան - անուն մի երիտասարդ՝ առաւօտ վաղ որսի է գնացել. երբ պատրաստուել է խփել մի թռչուն, յանկարծ սա թռչում է, Ստեփանը նայում է յետեւ, տեսնում աղբիւրի առաջ մի աղջիկ կանգնած, որ եւ թռցրել է թռչունը։ Յանկարծ դրա «սիրուն է զարնւում», հրացանը սազ անում եւ րգում, դժբաղդաբար թուրլերէն լեզուով, որի հետեւողութեամբ երգիչ Ջիւանին հիւսել է «Պաղ աղբիւրի մօտ կանգնած մի աղջիկ» երգը։ Ապա գնում է մօտը, միմեանց բացատրում իրենց սէրը, փոխում են մատանիները եւ ժամադիր լինում միշտ այդտեղ տեսնուելու։

              Տեփանը երեք տարի սիրահարուած է մնում եւ միշտ՝ ցերեկը աղբիւր մօտ, գիշերը նրանց դռներն ու էրդիկը շրջելով՝ երգում։ Քանի՛ քանի՛ անգամ ուզում է աղջկան, բայց որովհետեւ ինքը մի աղքատ ժամհարի որդի է եղել, չեն տալիս։ Երկու անգամ փորձում են փախցնել. սակայն չեն կարողանում, որովհետեւ աղջկան գիշերները շղթայով կապում են սեանը։ Վերջապէս աղջկանը նշանում են Դադէշի քահանայի որդու հետ։ Այս որ իմանում է Տեփանը, չի հաւատում, եւ գնում նրանց հերթիկից նայում է։ Երբ տեսնում է իւր ախոյեանին յաղթանակով կանգնած Իսկուհու մօտ, «Վա՜յ» է անում եւ ուշաթափւում։ Նրա ամբողջ մարմինը սեւ սեւանում է։ Ծնողները տանում են տուն, ուր սաստիկ հիւանդանում է։ Մահամերձ՝ աղաչում է կանչել Իսկուհուն, մնաս բարեւ ասելու, եւ երբ այդ եւս թոյլ չեն տալիս աղջկայ ծնողները, կանչել են տալիս Իսկուհու աչերին մնան աչեր ունեցող մի աղջիկ, համբուրում աչերը եւ հոգին աւանդում։

[9]            Пантюхов, Ахалк. уезд.

[10]          Սրա թարգմանութիւնը տպուել է «La Revue des Tradiotions Populaire»-ի 1895 թ. N 2 մէջ։

[11]          Տե՛ս Տեսիլք, Հաւատքի բաժնում։

[12]          Տե՛ս «Ջաւախքի բուրմունքը»։