Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Է
ՀԱՅՈՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՒ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԵՒ ԹԷ ՈՎՔԵ'Ր ԵՆ ԳԱՀԵՐԷՑՆԵՐ ՈՒ ԳԱՀԱԳԼՈՒԽՆԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ՏՐԴԱՏ ՄԵԾԻՑ ԵՒ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻՑ ՈՒ ՆՐԱՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԵՒ ԹՈՌՆԵՐԻՑ. ՆԱԵՒ ՍԻՒՆԻՔԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՏՈՒԻ ՈՒ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանը նորածին շնորհներով նորոգելով` Աստծոյ առաքելագործ այրը` սուրբ քահանայապետ Գրիգորիոսը, հրամայում է Տրդատ Մեծին իր թագաւորութիւնը կազմակերպել յունաց կայսրերի օրինակով եւ գահ ու աստիճան տալ իշխաններին` իւրաքանչիւրին ըստ պատշաճի, աջից ու ձախից, որը եւ նա իրագործում է գեղեցիկ կերպով: [Սահմանում է`] ճաշի ժամին բարձերի վրայ նստեն չորս հարիւր իշխաններ, բոլորից վեր` Գուգարաց բդեշխը, Աղձնեաց, Անգեղտան, Կորդուաց իշխանները, Բագրատունի ասպետը, Արծրունեաց, Սիւնեաց եւ Մամիկոնէից իշխանները: Սրանք հայոց բոլոր իշխանների գահագլուխներն էին: Իսկ ամբողջ զօրքերի ու երկրի վրայ որպէս իր թագաւորութեան երկրորդ ու հրամանատար է նշանակում միայն չորսին` արեւելեան կողմի համար, Սիւնեաց իշխանին` քսանմէկ իշխաններով, հիւսիսայինի համար` Գուգարաց բդեշխին` քսաներկու իշխաններով, արեւմտեանի համար` Կորդուաց իշխանին` քսանմէկ իշխաններով, հարաւայինի համար` Անգեղտան իշխանին`քսաներկու իշխաններով: Սա այսպէս գտանք հայոց իշխանների գահնամակում, որը գրել է Ղեւոնդը` սակաւ [տեղեկութիւններ] ցոյց տալով Ագաթանգեղոսի ուՆերսէսի [գրածներից]:

Երբ այս այսպէս կարգաւորուեց, ապա սուրբ Գրիգորն էլ սահմանեց եկեղեցական դասերը, եպիսկոպոսների դիրքն ու պատուաստիճանը. կարգադրեց, որ իր հետ աթոռներով ու ականակուռ բարձերով բազմեն երեսունվեց եպիսկոպոսներ` տասնութը աջից, տասնութն էլ ձախից. աջից առաջինը` Հարքի եպիսկոպոսը, ձախից առաջինը` Բասէնինը: Իսկ Սիւնիքի եպիսկոպոսին նստեցնում է աջից եօթերորդ տեղում. սա էլ ցոյց է տալիս Սամուէլ Կամրջաձորեցին: Իսկ Արշակի թագաւորութեան ժամանակ Ներսէս Մեծին հայրապետական աթոռին նստեցնելիս, երբ սրան ուղարկեցին Կեսարիա Եւսեբի հայրապետի մօտ ձեռնադրուելու, այն ժամանակ Նարսէսի հետ ուղարկեցին Սիւնիքի Անդոկ իշխանին` հայոց ուրիշ իշխանների գլուխն անցած, եւ Սիւնիքի եպիսկոպոս Գրիգորիոսին` որպէս հայոց եպիսկոպոսների գլխաւորի: Եւ Արշակն առաջարկեց ձեռնադրել Ներսէսին ոչ միայն հայոց եպիսկոպոսապետ, այլեւ անկախ պատրիարք, «Որովհետեւ, - ասաց, - Հայաստանը պարտաւոր չէ ենթարկուելու Կեսարիայի եպիսկոպոսապետին. թէեւ մեր առաքեալ Թադէոսը այնտեղ միայն եկեղեցի է շինելու իր աշակերտներից ձեռնադրել եպիսկոպոս, եւ այս պատճառով էլ այնտեղից ենք ձեռնադրում ստանում, բայց որքա~ն առաւել է մեզ մօտ նոյն ինքն առաքեալը ուրիշ երեք առաքեալների հետ, որոնց հանգստարանը, աթոռը, եկեղեցին ու ձեռնադրածները բոլոր էլ այստեղ են. ի՞նչ կարիք ունեն ուրիշ աւելի կրտսերից օրհնութիւն ստանալուն: Այս պատճառով էլ Ներսէսին նստեցնում են Հայաստանի պատրիարք: Եւ բոլորով պէտք է ենթարկուէին պատրիարքին` [ներառեալ] արքեպիսկոպոսն ու մետրոպոլիտը, որպէսզի լրացուէին եկեղեցու ինը դասերը` ըստ վերը նշուածի: Ապա թագաւորը կարգադրում է մեծ ժողովով սահմանել եկեղեցու բոլոր կարգերը առանց պակասի: Նշանակում են պատրիարք սուրբ Ներսէսին եւ նրան ենթակայ` Աղուանքի արքեպիսկոպոսին, որը կաթողիկոս է, եւ մետրոպոլիտներ` Սիւնեաց, Վրաց ու Մարդպետական եպիսկոպոսներին: Յետոյ ուրիշ մետրոպոլիտներ էլ եննշանակում` Մելիտենէինն ու Սեբաստիայինը: Իսկ Սիւնեաց մետրոպոլիտ Գրիգորին իր հետ Կեսարիա գնալու համար աւելի պատիւ անելով` սուրբ Ներսէսը նրան տալիս է ոսկեթել գահաւորակ ու Սիւնիքը հռչակում պատրիարքի նախաթոռ, որը յունարեն լեզուով կոչւում է պրոտոֆրոնտէս` Մեծ Հայքի: Այնուհետեւ ոչ շատ ժամանակ անց, Սահակի եւ Մեսրոպի օրօք ՍիւնիքիԱնանիա եպիսկոպոսը կրկին պատուի արժանացաւ Աղուանքի Եսվաղեն թագաւորից, որը նրան պարգեւեց իր թագաւորական կարմիր դրօշը` ոսկերիզ նուրբ խաչվառով` գլխին ոսկի գունդ ու վրան` պատուական խաչ. եւ առաջարկեց միշտ տանել Սիւնիքի եպիսկոպոսների առջեւից: Դրա պատճառն ու որպիսութիւնը իր տեղում կպատմեմ: Ահա այսպէս կազմակերպուեց ու մեծարուեց Սիւնեաց եպիսկոպոսութիւնը, որ սկզբնաւորուեց սուրբ Գրիգորից եւ իր որդիներից ու թոռներից, որոնք մետրոպոլիտներ են կոչւում: Եւ գաւառների եպիսկոպոս ձեռնադրելը սրանց գործն է. դրա համար տասներկու եպիսկոպոսների գլխաւոր դրուեց: Առանց սրանց հայոց պատրիարք չի ձեռնադրւում, եւ ոչ էլ ժողով է լինում, այլ ժողովի ղեկավարն ու կարգադրողը սրանք են լինում: Հայոց մէջ նախաթոռ վարդապետութիւնը եւգրքերի մէկնութեան ու թարգմանութեան իրաւունքըմիայն սրանց շնորհուեցին սուրբ Սահակի եւ երանելիվարդապետ Մեսրոպի կողմից: Մեր Հայոց աշխարհում երկար ժամանակներից յետոյ եղան նաեւ վիճաբանութիւններ սրանց գահերէցութեան վերաբերեալ, ինչպէս եւ զանազան պառակտումների ուամբարտաւանութիւնների պատճառով: Դրանցից չափաւորն ու շատ պիտանին կնշեմ իրենց տեղում: