Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԼԷ
ՍԻՒՆԵԱՑ ՍԱՀԱԿ ԵՒ ՄԻՒՍ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՑ ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ, ՈՐ ԵՂԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՐԻՒՐ ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԹՈՒԱԿԱՆԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ. ԶՐՈՅՑՆԵՐ ՈՒ ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

  Հայոց տէր-Դաւիթ Կակաղեցու հայրապետութեան եւ Սմբատ Բագրատունու սպարապետութեան օրօք Սիւնիքի իշխանն էր մեծ նահապետ Սահակը, որն իր իշխանութիւնը վարում էր արքունական ճոխութեամբ եւ խիստ միաբանուած ու համախոհութեամբ էր ընդունում հայոց սպարապետ Սմբատի հետ պատերազմական բոլոր գործերում եւ մեր Հայոց աշխարհի համար օգտակար բաներում: Այս ժամանակներում մեր Հայոց աշխարհն իր ծառայութեան տակ էր պահում մեծ ամիրապետ Մամունը, որը փոքր զօրագնդով ոստիկան է ուղարկում Հայաստան Հոլանունով մի մարդու: Սա, գալով մեր երկիրը, հասնում է Դուին քաղաքի դարպասին եւ կամենում է մտնել ուհաստատուել այնտեղ: Իսկ այնտեղ մի մարդ կար թագաւորական տոհմից` Սեւադա անունով, որը Բագրատունի տոհմից իրեն կին էր առել Արուսեակին եւ դրա համար բռնութեամբ տիրում էր Հայոց աշխարհիս մեծ մասին: Սա խանդով լցուած ընդվզեց Հոլի դէմ` միաբանուելով Սմբատ Բագրատունու եւ Սիւնեաց տէր Սահակի հետ. պատերազմական զօրք խմբեց եւ ուզեց կռուել: Թէեւ Դաւիթ հայրապետը բազմիցս միջնորդեց, որ [չպատերազմեն], բայց չկարողացաւ համոզել: Այնուհետեւ Հոլը վեր կացաւ իր շուրջ երկու հազար զինուորներով, ուժգին յարձակումով սկսեց ճակատամարտը Հուրազդան գետի ափին, Կաւակերտի դիմաց: Նրանց փախուստի մատնեց, հէնց այնտեղ խփելով Սիւնի Սահակ գեղեցկատես իշխանին` դիաթաւալ տապալեց գետնին: Սեւադան ու Սմբատն էլ հազիւ ազատուելով` ճողոպրեցին: Իսկ երանելի Դաւիթ հայրապետը, [այսմասին] լսելով, սաստիկ ողբով հեծեծում էր. եւ սպասաւորների մեծ բազմութեամբ գնալով` դագաղն արքայավայել պատրաստեց, ու [Սահակի մարմինը] վերցնելով` շքեղահանդէս արարողութեամբ, սաղմոսներով, օրհներգութեամբ բերեց Դուինի կաթողիկոսարանը, թաղեց սուրբ քաւարանի մօտի տապանում: Սահակից յետոյ նրա իշխանութիւնը պայազատում է իր որդի Գրիգորը, որը փաղաքշական անուամբ կոչւում էր Սուփան` [լինելով] մեծահոգի, շատ խելօք եւ կեանքի բոլոր հանգամանքներում ձեռներէց մարդ: Նա իր նախորդներից առաւել կարգաւորեց իր իշխանութեան գահը եւ տնօրինեց մեր աշխարհի շէնացումը:

Բայց Դաւթին հայոց հայրապետական աթոռում յաջորդում է տէր-Յովհաննէս Կոտայեցին Ովայից գիւղից: Խստաբարոյութեան եւ անզգամների նկատմամբ ահարկու սաստումների պատճառով նոյն տնից ինչ-որ բանսարկու մարդիկ հանդէս գալով ստայօդ խօսքերով խաբեցին ու մոլորեցրին Հայաստանի իշխան Բագրատին եւ ուրիշներին` հեռացնելու այս կաթողիկոսին: Սա, այս մասին իմանալով, կամովին թողնում է աթոռն ու մենակութեամբ բնակւում Այրիվանքում: Մեծ Սուփան Սիւնին լսելով` չիհանդուրժում այս պատուհասն ու զրպարտութիւնը եւ գնալով Սմբատ սպարապետի մօտ` խորհրդակցում է նրահետ. նրանք վրէժխնդիր են լինում Աստծոյ այն սուրբ մարդու համար: Եւ տէր-Յովհաննէսին ետ բերելով` վերստին հաստատում են կաթողիկոսական աթոռին: Իսկ բոլոր չարալեզուները երկնային մեծ պատուհասներով սատկոտեցին: Այս իրադարձութիւնից յետոյ, երբ Գրիգորը [շարունակում էր] ճոխաբար վարել իր իշխանութիւնը, սատանան չդիմացաւ, այլ չար նախանձ գցեց նոյն տոհմից Վասակի որդի Փիլիպէի եղբօր` Սիւնեաց միւս նահապետ Բաբկէնի սիրտը, նախանձել տուեց ու չար հակառակութիւն բորբոքեց նրանց միջեւ` Կայէնի ու Հաբէլի նման: Նրանք, միմեանց դէմ զօրախմբեր հաւաքելով, պատերազմեցին, եւ Բաբկէնը սպանեց Գրիգորին: Իսկ ինքն էլ յետոյ կործանուեց սիրոյ գայթակղութիւնից, տիրաւանդ օրէնքով: Եւ երբ այսպէս եղաւ, Գրիգորի ընտանիքի անդամները դառնագին լաց ու կոծով նրան տարան, թաղեցին իրենց հայրերի մօտ: Նրա իշխանութիւնը ժառանգեց իր որդի Վասակը, որը փաղաքշաբար Գաբուռ էր կոչւում: Սա փեսայացաւ Սմբատի որդի, Հայաստանում յետոյ թագաւոր դարձած Աշոտ Բագրատունուն` նրա դուստր Մարիամին իրեն կին առնելով: Վասակն Աշոտի տիրապետութեան ժամանակ խիստ հնազանդ էր իր աներոջ գործերին ու կամքին, իսկ նա էլ շատ մտերմաբար հոգ էր տանում նրա նկատմամբ: Այդպատճառով Վասակը փառքով ու իշխանութեամբ իր նախնիներից անցաւ` խառնուելով Բագրատունի թագաւորող տոհմին:

Ահա այս ժամանակ անիծեալ Ջաֆարն էր Պարսկաստանի ամիրապետը, որ այժմ սուլթան են ասում: Նա Հայաստան էր ուղարկել մի ոստիկանի` Աբուսէճ անունով, որը գալով Տարօն` բռնեց ու կալանաւորեց Բագրատ իշխանին: Այդ պատճառով նրա վրայ յարձակուեցին Տաւրոս լեռան բնակիչները, իրեն սպանեցին, զօրքն էլ փախուստի մատնեցին: Ամիրապետը, այդ լսելով ու սաստիկ չարանալով, ուղարկում է մի աւելի չարին` Բուղա անունով, ծանր զօրքով, հրամայում է Հայաստանի բոլոր գլխաւոր իշխաններինիր մօտ տանել կապանքներով, իսկ միւսներին սրա կոտորանել: Նա էլ եկաւ, բռնեց Հայաստանի իշխաններին` Տարօնի Բագարատ [իշխանի] որդիներ Աշոտին ու Դաւթին եւ Արծրունեաց մեծ իշխան Աշոտին, կալանաւորեց: Իսկ Սմբատ սպարապետն ինքը գնաց Բուղայի մօտ: Միւսներին սրով անխնայ բնաջնջեց, իսկ գեղեցիկ ազնուականներին ընտրում ու պահում էր` իրենց անօրէն կրօնին դարձնելու, որոնք, [սակայն], մեծ մասամբ նահատակուեցին յանուն Քրիստոսի, ինչպէս` Ատոմը եօթ ընկերներով, Կոն Ստեփանոսը եւ ուրիշ հարիւր յիսուն մարդիկ, որոնց համար տօն սահմանեց սուրբ հայրապետՅովհաննէսը մեհեկի 25-ը: Սա տեղի ունեցաւ հայոց երեքհարիւր երկու թուականին:

Այնուհետեւ Բուղան, իր չար գործի այսամբողջ յաջողութիւնները տեսնելով, բազմաթիւ հրոսակներով հետամտօրէն փնտրեց Իշխանիկ կոչուած Սիւնեաց Վասակ մեծ իշխանին եւ իր եղբայրներին` Վասակի որդի Փիլիպէի որդիներին, Սիւնեաց տէրերին: Նրանցից ոմանք վախեցած ամրացել էին Բաղքի անառիկ ամրոցներում: Բայց Վասակը, վստահ չլինելով բերդերի ամրութեանը, խոյս տալով անցաւ, գնաց Կոտայք գաւառի կողմերը: Բուղան դա իմանալով ետեւից զօրախումբ ուղարկեց: Զինվուորները հասնելով ուզեցին նրան բռնել, բայց նա շուռ գալով սկսեց սուրը գործի դնել. բոլորին թաւալգլոր արեց: Ինքն էլ գնաց դէպի արեւելք, Գարդման գաւառը, նրա իշխան Կտրիճի մօտ, որի կողմից թերեւս օգնութիւն ստանար, բայց յուսացածը չգտաւ: Ընդհակառակն, այդ իշխանը դեւից խաբուելով դաւաճանեց նրան. բռնելով կապանքներով ուղարկեց Բուղայի մօտ, որպէսզի ինքը դրանով թերեւս զերծ մնայ նրա ցասումից: Բայց ինքն Աստծոյ արդարադատութեամբ յետոյ բռնուեց Բուղայի կողմիցեւ աւելի մեծ չարիքի մէջ ընկաւ: Իսկ այն չար ու անիծեալ Բուղան ուրախութեամբ բռնեց Վասակին, նրա եղբայր Աշոտին ու մեծ տիկնոջը` նրանց մօրը, ասպատակող աւազակախմբի միջոցով բերել տուեց Դուին, որտեղ երկաթէ կապանքներով բանտ նետեց: Հայոց ուԱղուանից իշխաններին այսպէս բռնելով` շարժուեց գնաց արքունի դուռը եւ ներկայացրեց մեծ ամիրապետին: Իսկ չարագլուխ Ջաֆարը, տեսնելով նրանց եւ սաստիկ ցասումով հարց ու փորձ անելով հաւատքի վերաբերեալ, մեծամեծ ու տեսակ-տեսակ տանջանքներով, պէս-պէս նեղութիւններով բազում օրեր չարչարել տուեց նրանց: Ոմանց կրօնափոխ անելով` թլփատելտուեց:

Իսկ խորահաւատ Վասակն ու իր եղբայր Աշոտը, չենթարկուելով նրա խօսքերին եւ չթուլանալով քրիստոնէական հաւատքի մէջ, միառժամանակ արտաքուստ համաձայնեցին կատարել ամիրայի կամքը: Բայց քաջարի Սմբատը նոյն դաւանութեամբ կապանքների մէջ, բանտում իր կեանքին վերջ տուեց բարւոք մահով, որի դին տարուեց ու թաղուեց Դանիէլ մեծ մարգարէի վկայարանում: Նրա իշխանութիւնը ժառանգեց Աշոտը, որը եւ թագաւոր դարձաւ: Ապա եւ Սիւնեաց մեծ Վասակը, իր մօր, եղբօր եւ ուրիշ իշխանների հետ ազատուելով Բուղայի գերութեան դաժան կապանքներից, գալիս է հարազատ Սիսական աշխարհը եւ այն ամբողջովին համակում ուրախութեամբ: Իր վրայից դէն է նետում անօրէն Մահմեդի համար տուած խոստման ստուերը, զգեստաւորւում հարազատ մաքուր զգեստով` շատ զղջումով ու ափսոսանքով, ճշմարիտ հաւատքի ճանաչումով, աղքատներին ողորմութեան առատ բաշխումով` Աստծոյ հանդէպ միջնորդ ունենալով Սիւնեաց երջանիկ եպիսկոպոս տէր-Սողոմոնին: Եւ այսպէս ճոխանալով երեւելի փառքով` նա այս ժամանակներում բազմաթիւ քաջագործութիւններ ցոյց տուեց նոյն Աշոտ իշխանի օգնութեամբ, որը եւ թագաւոր դարձաւ: Իսկ Սիւնի Վասակ Գաբուռ մեծ սեպուհ-իշխանը մատաղ հասակով երիտասարդ ժամանակ վախճանուեց` թողնելով երեք որդի, որոնցից աւագը Գրիգորն էր, որը եւս Սուփան կոչուեց, [միւսներն էին] Սահակը եւՎասակը:

Այնուհետեւ երանելի Մարիամ տիկինը, նրա դին զարդարելով թագաւորական զարդերով, շատ մեծ թափօրով, անչափ աղաղակներով ու ողբերգական շարժ ու ձեւով, փողհարներով ու քնարահարներով, Զաքարիա կաթողիկոսի հետ տարաւ, թաղեց գերեզմանոցում, իր նախնիների մօտ: Նրա իշխանութիւնը ժառանգեց իր Գրիգոր Սուփան որդին, որը գեղեցիկ կերպով դասաւորեց իշխանական կարգ ու կանոնը: Իր ողջ հարստութիւնն ու կեանքը գլխաւորապէս ծախսեց աստուածապաշտութեան գործի եւ պայծառակերտ տաճարների շինարարութեան համար, որ դեռեւս գոյութիւն ունեն ու վկայում են այդ իրողութեան մասին:

Այս ժամանակ Սեւանայ կղզում հռչակուած առաքինութեամբ փայլում էր երանելի Մաշտոցը, որը Գրիգոր անունով եղիվարդեցի մի քահանայի որդին էր: Դեռ աշխարհիկ լինելով` Գրիգորը տեղափոխուել էրՍոթք գաւառը եւ իբրեւ պանդուխտ ապրում էր այնտեղ: Նա Մաշտոցին աշակերտ էր տուել Մաքենոցաց վանքիսուրբ վանահայր Ստեփանոսի մօտ: Այնտեղ սամտաւորապէս զարգանալով քահանայ է ձեռնադրւում տէր-Դաւթի` Սիւնեաց եպիսկոպոսի կողմից: Այնտեղից գնում է Արտաւազդի Ապարանք անապատը, որտեղից էլ անցնում է Սեւանայ կղզին: Բազում ճգնութիւններից յետոյ երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել`տասներկու առաքեալների անունով, ու միաբանութիւն հաստատել: Եւ դրա համար երազի մէջ, լճի վրայով նրա մօտ են գալիս տասներկու առաքեալները ու նշանակում եկեղեցու տեղը:

Ահա այդ երեւումից ու աստուածային ազդեցութիւնից մղուած` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սիւնու կինը, գալիս է սուրբ Մաշտոցի մօտ, բազում թախանձանքներով նրան համաձայնեցնում է, եւ ձեռնարկելով կառուցում են գեղեցկազարդ եկեղեցիները` մէկը սուրբ առաքեալների, միւսը` սուրբ Աստուածածնի անունով: Զարդարելով մեծամեծ սպասքներով` կանգնեցնում են Աստծոյ տունը եւ աստուածակիր մարդկանց բնակարանը հայոց երեք հարիւրքսաներեք թուականին: Մաշտոցը վանքի [գործունէութեան] սահմանները դրեց ու այնպայծառացրեց երկնանման կարգ ու կանոնով: Դրա համբաւից իշխանաց իշխան Աշոտը, միաբանուելով սուրբ ուխտին, գալիս է սուրբ վանահօրը տեսութեան եւ ընծայում է աստուածընկալ խաչի փրկական նշանը. սուրբ եկեղեցուն ժառանգութիւն է տալիս գիւղեր` Վարսերը, Ցամաքաբերդը, Գոմաձորը, Բերդքը, Ուռեացտափը [եւ զօրս կռտկծին] եւ այգիներ Գառնիում, Երեւանում ու այլ տեղերում, բազում նզովքներով հաստատում: Այնուհետեւ` այս Մարիամը շինում էՇողուագայ մեծապայծառ եկեղեցին` Պետրոս սուրբ առաքեալի անունով: Այնտեղ միաբանութիւն է հիմնում`քահանաների բազմամարդ դասերով, իր տիրոջ` Սիւնեաց իշխան Վասակի հոգու համար: Եւ հագարացի մարդկանցից վաթսուն հազար դրամով գնելով Շողվագ գիւղը` աշխարհական բոլոր հակերից ազատ նուիրում է սուրբ եկեղեցուն որպէս սեփական կալուածք: Այսպէս էլ մի գիւղ Մաղազ գաւառում երեք հազար դահեկանով գնում ու տալիս է սուրբ եկեղեցուն: Այդ գիւղի անունն էր Գներ: Հաստատում է անջնջելի յիշատակագրութեամբ Գեւորգ կաթողիկոսի, Սիւնեաց Յովհաննէս եպիսկոպոսի, Սիւնեաց տէր Գագիկի ու Վասակի եղբայր Հրահատի, Արտաւազդ Շաղատնեցու եւ բազմաթիւ այլ ազնուականների ու իշխանների ներկայութեամբ:

Իսկ այնուհետեւ այն ժամանակ Գրիգոր Սուփանը եւ Իշխանիկ կոչուած Վասակը` Սիւնեաց տէրերը, աստուածային տնօրինութեամբ խորհրդակցելով Արծրունեաց տան իշխան Դերենիկ կոչուած Գրիգորի ու Հայաստանի ուրիշ իշխանների հետ, խնդրում են Ամիր Ահմադ ամիրապետին եւ Աշոտ Բագրատունուն դարձնում են Հայաստանի թագաւոր: Դրանով մեր Հայոց աշխարհը նորովի զարդարուեց շինարարութեամբ ու խոր խաղաղութեամբ: Թագաւորին օծեցին տէր-Գեւորգը, հայոց կաթողիկոսը եւ Սիւնեաց եպիսկոպոստէր-Յովհաննէսը` ուրիշ եպիսկոպոսներով հանդերձ, հայոց երեք հարիւր երեսունչորս թուականին: Բայցսրանից յետոյ Վասակ մեծ իշխանը, որ Իշխանիկ էր կոչւում, վախճանւում է ու թաղւում իր նախնիների մօտ: Նրա իշխանութիւնը ժառանգում է իր եղբայր Աշոտը, որ հեզահամբոյր, խաղաղասէր, բարեպաշտ ու աստուածավախ մարդ էր` ամբողջովին ու ամէն ինչում զբաղուած իր հայրենի տէրութեան շինութեամբ:

Իսկ Աշոտ թագաւորը հինգ տարի թագաւորելուց յետոյ վախճանւում է, եւ նրա թագաւորութիւնը ժառանգում է իր որդի Սմբատը, որին Ափշինի հրամանով հայոց թագաւոր են օծում կաթողիկոս Գեւորգը եւ Սիւնեաց եպիսկոպոս Յովհաննէսը, վրաց Ատրներսեհ բդեշխը, Սիւնեաց իշխան Աշոտը, Արծրունեաց իշխան Գագիկը ուրիշ իշխաններով հանդերձ:

Ապա Հայոց աշխարհի գլխով անցած բազմաթիւ իրադարձութիւններից յետոյ Ափշինը գնաց արքունական դուռը, Բաղդադ եւ, այնտեղ մեծ զօրք գումարելով, կամենում էր գալ Հայաստան եւ բնաջնջել այն: Սակայն նրան վերին կամքը շուտով մեռցրեց, եւ նրա չար մտադրութիւնը խափանուեց: Բայց Ափշինին փոխարինեցիր եղբայր Իւսուփը, որի ձեռքից Հայաստանը յետոյ ահաւոր աւերածութիւն ու անպատմելի չարիքներ կրեց: Նա, ամիրապետի կողմից ոստիկան [նշանակուելով], այնտեղից գալիս է Հայաստան: Սկզբում մեծամեծ պարգեւներով խիստ յարգանքի եւ մեծարանքի է արժանացնում Սմբատ թագաւորին ու բոլոր իշխաններին. նոյնպէս եւ ինքն է պատւում  նրանց կողմից` կրկնակի պարգեւներ ընդունելով: Եւ դա բաւական ժամանակ խաղաղութիւն բերեց ամբողջ Հայաստանին: Դրա համար էլ եկեղեցիների շինութեամբ զբաղուեցին ամէնքը, առաւել եւս` Սիւնեաց տէր Վասակի որդիները` Գրիգոր Սուփանը, Սահակը եւ Վասակը, իրենց մայր Մարիամը` Գեղարքունիք գաւառում, քանի որ ծովակի շուրջ գտնուող այդ նոյն գաւառը նրանց էր ժառանգութեան բաժին հասել: Իսկ Սիւնեաց իշխանների գահակալական բուն տիրոյթներն էին Բաղքը, Վայոց ձորը եւ շրջակայ միւս տեղերը, [որոնք պատկանում էին] Վասակին, Աշոտինու սրա որդիներ Սմբատին, Սահակին, Բաբկէնին, Վասակին եւ սրա որդի Փիլիպէին:

Ուրեմն այսպէս. ինչպէս վերն ասացինք, Մարիամը կառուցում է Սեւանի եկեղեցիները, յետոյ էլ Շողուագինը: Իսկ Սուփանը շինում է հոգեւոր հօտի զարմանակերտ փարախը Կոթ գիւղաքաղաքում` սուրբ Աստուածածնի անունով. պարսպում է ահագին վէմերով, զարդարում մեծամեծ սպասքներով ու նրա մէջ կրօնաւոր-սպասաւորների դասեր է նշանակում: Մեծ բազմութեամբ նաւակատիք անելով` նա խնդրում է կաթողիկոսին, եպիսկոպոսներին եւ իրենց իսկ տէր-Յովհաննէս եպիսկոպոսին իր յիշատակի համար բոլոր եկեղեցիներում երեք քառասունք` խաղաղ ժամի նեղութեան կանոնը եւ առաւօտեան սաղմոսը, որը եւ սահմանեցին նրա մեծ եւ բազում երախտիքների համար: Եւ նա սուրբ եկեղեցու վրայ յիշատակի արձանագրութիւն է փորագրում, որի պատճէնն այս է. «Ինձ` Սուփանիս համար քրիստոնէական հոգեւոր յիշատակարան հաստատեցի Կոթ գիւղաքաղաքում, իմ նախնիների նստավայրում, որը նախքան այս բազում գանձերի ծախսումով ու շատ չարչարանքով շրջափակելէին պարիսպներով: Իմ նախնիներից դաս առած լինելով` հետագայում Աստծոյ կամքով շինեցի Տիրոջ տունն ու Յակոբ Աստծոյ յարկը` սրբուհի Տիրամայր-Աստուածածնի անուամբ, սրբատաշ, կոփածոյ քարերով, սրա մէջ`վերեւում եւ ներքեւում ութ սենեակներ: Եւ ապա այս սուրբ տաճարում քահանաներ նշանակեցի ու զարդարեցի. Աստուածածնի [եւ] իմ նախնիների քահանաներին ու բազում այլ սպասաւորների ազատեցի արքունական ծանրութիւնից եւ բեկարից: Յատկացրի հողեր ու ջրեր. իւրաքանչիւր քահանայի տուեցի տարեկան յիսուն դրամ, որը հնգապատիկ է դառնում: Սահմանեցի չորս քառասունք, նեղութեան կանոնի սաղմոսը եւ առաւօտեան սաղմոսը, որպէսզի որքան մարմնովս գոյութիւն ունեմ, կեանքիս յաջողութեան, իսկ մեղաւոր կեանքիս վախճանից յետոյ` իմ հոգու համար կատարեն: Իւրաքանչիւր տարի այս քահանաներից ամէն մէկը չորս քառասունք պիտի կատարի ինձ համար: Եւ արդ` եթէ մէկը ձեռք զարկի սրան ու ջանայ քահանաներից յափշտակել իմ հոգեբաժին հողերը եւ այլնուէրներ կամ նեղութեան մէջ գցի քահանային, որին ես ամէն բանում ազատեցի, [լինի] կա'մ իմ տոհմից, կա'մ վանականներից, կա'մ այլ աւագներից` մեզանից յետոյ, այնպիսինի անունն ու յիշատակը թող վերանան երկրից, նա թող դատապարտեալ ու ամօթալից լինի Քրիստոսի ահեղ ատեանում, թող բաժին ընդունի Կայէնի, Յուդայիու Քրիստոսի [այլ] ուրացողների հետ եւ դատաստանի օրը հաշիւ տայ իմ մեղքերի համար, ժառանգի անշէջ հուրն ու յաւիտենական տանջանքները: Եւ եթէ դուք`քահանաներդ, երբեւէ անուշադրութեան մատնէք ու մոռացութեան տաք շարադրուածը եւ կամ ծուլանաք սահմանուած քառասունքների [կատարման] մէջ, Տէր Աստուած թող դատապարտի ձեզ, եւ դուք զաւակներով ու տոհմով հանդերձ տիրասպան քահանաների հետ բաժին ունենաք»:

Բացի դրանից, հրաշակերտ մենաստանում` Մաքենոցաց փառաբնակ վանքում շինում է եւ երկնասլաց հաւաքատեղին` գմբէթայարկ եկեղեցին` սուրբ Աստուածածնի անունով, պարսպում է վէմերով եւ, ուրիշ շատ կառուցումներ անելով, այն անխնայ գանձերով զարդարում է, հարստացնում շատ ունեցուածքներով, գիւղերով, ագարակներով, ինչպէս եւ այգիներով` Գառնիում, Երեւանում եւ այլ տեղերում: Այնտեղ իր յուսառատ գործերի յիշատակին արձանագրութիւն է կատարում, որի պատճէնը սա է. «Աստծու կամքով ես` Սուփան Սիւնեաց իշխանս, շինեցի Մաքենոցաց այսեկեղեցին եւ անխնայաբար զարդարեցի պատուական սպասքներով ու աստուածային Կտակարաններով: Մեր սեփական տեղն էլ, որ եկեղեցուս անունովԱստուածածին է կոչւում, սրան տուեցի իր բոլոր սահմաններով, լեռնով ու դաշտով: Տուեցի ձկների որս Բողաշէն սեղանից, եօթ հարիւր դրամ Դեղձանագետի վարձակալութիւնից, երկու հարիւր դրամ Կաթիկից, երեք հարիւր յիսուն` Անմեռից, որ լինում է հազարերկու հարիւր յիսուն դրամ: Տուեցի հինգ կրպակԱնիում, հինգ այգի Երեւանում, հինգ հարիւր առու այգի Գառնի գիւղաքաղաքում, երկու այգի Եղեգիսում: Եւ սուրբ միաբանութեան բոլոր կարիքները բաւարարեցի առատապէս, փարթամացրի ներքուստ եւ արտաքուստ: Տուեցի եզների ու արջառների խմբեր` նախիրներ ու ոչխարների հօտեր: Եւ արդ խնդրում ենք բոլոր սպասաւորներիդ աստուածացած այդ սուրբ ուխտի, որին Աստուած է միջնորդ, մեղաւոր հոգուս համարերկու քառասունք տէրունի պատարագ եւ անխափան երգել երեկոյեան սաղմոսը` նեղութեան կանոնը, եւ առաւօտեան սաղմոսը, որ սահմանել եմ բոլոր եկեղեցիներում: Հայոց կաթողիկոս տէր-Յովհաննէսը թող իրաւունք չվերապահի այս տան նկատմամբ դատ կամ վիճաբանութիւն բանալ, ոչ էլ իմ որդիներից կամ վանականներից որեւէ մէկի նկատմամբ, այլ ով նուիրատւութեանս հակառակուի կամ ձգտի յափշտակել` կեղծ անուանակոչութեամբ, թող չարաչար նզովուի Աստծոյ եւ սուրբ Գրիգորի բոլոր աթոռակալների կողմից եւ մատնիչ Յուդայի հետ բաժին ունենայ: Դարձեալ ձեզ հետ եմ խօսում, այս վանքի առաջնորդնե'րու կրօնաւորնե'ր, հաստատուն կացէք մինչեւ Քրիստոսի գալուստը: Եւ ինձ համար քարոզելն ու սաղմոսելն անխափան թող լինի: Իսկ եթէ որեւէ մէկը ծուլանայ տարէցտարի քառասնօրեայ մեղսաքաւիչ սուրբ խորհուրդը կարդալուց` այս կեանքից իմ հեռանալուց յետոյ, Քրիստոսից բաժանուած լինի, կախարդ Սիմոնի հետ բաժին ընդունի եւ սուրբ ժողովներից նզովուած լինի:

Շինեցի նաեւ եկեղեցի Կոթ գիւղաքաղաքում, այնտեղ էլ` ութ սենեակ` նուիրաբերելով Տիրոջ տանը, որը շինեցինք: Եւ Աստուածածնի քահանաներին ազատեցինք արքունի ամէն հարկից, նրանց հետ էլ`եկեղեցու ուրիշ սպասաւորների, որոնք քահանայական դասից ենե:

Ահա հէնց սա էր Մաքենոցաց [վանքի]արձանագրութիւնը: Սակայն հնացած եւ քարերը խախտուած լինելու պատճառով չկարողացանք ամբողջն իմանալ. իշխանների գործերի ու նուիրատւութիւնների մասին շատ բան է պակասում: Շատ թէ քիչ սա դրեցինք, որնրանց յիշատակը բոլորովին չջնջուի ու կորչի: Այս ամէնը կատարուեց երեք հարիւր թուականից մինչեւերեք հարիւր յիսունը:

Իսկ Գրիգորի եղբայր Սահակը Նորատուք գիւղում կառուցում է [եկեղեցու] պանծալի շէնքը` թանկարժէք կառուցուածքով, եւ այնտեղ է հաստատում քահանաների բազմութիւն: Նրա բակում էլ հէնց ինքն է թաղուած տապանում: Բարի նախանձով սրան նախանձելով` Շապուհ Բագրատունին` Մարիամի եղբայրը, իր քրոջ միջոցով կառուցում է Աստծոյ գլխաւոր տունը` սուրբԳրիգոր Լուսաւորչի անունով, Վանեվանաց ձորակում, որ այժմ Կթանոց է կոչւում: Այն պայծառօրէն զարդարում է ու միաբանների կարիքների համար բազում նուիրատւութիւններ անում եւ հաստատում կրօնաւորների տուն, որի յիշատակագիր արձանագրութիւնն այս ձեւով է. «Յանուն Աստծոյ ես` Շապուհ Բագրատունիս, հայոց սպարապետս, իշխանաց իշխանս, հայոց թագաւոր Աշոտի որդիս, հայոց թագաւոր, իմ հարազատ եղբայր մեծ Սմբատի եւ վերադիտող հայոց հայրապետ տէր-Յովհաննէսի ժամանակ իմացայ ու հասկացայ, որ ամէն փառք ու մեծութիւն վերջանալու ենու վաղ կորչելու, մեծափափագ տենչանքով վերակացուեւ տեսուչ դարձնելով իմ քոյր Մարիամին` Սիւնեաց տիկնոջը, իր իշխանութեան մէջ [մտնող] Վանեվանաց վանքում Աստծոյ տուն կանգնեցրի` սրբատաշ ու կոփածոյ քարերով, շատածախս գանձերով ու մեծաջան չարչարանքներով կատարելով. թերեւս լինի ինձ ողորմութիւն այն օրը, երբ խօսքերը կվերջանան, եւ գործերը կթագաւորեն: Եւ յանձնեցինք քեզ, Վանեվանաց վանական հայր Աբրահամ, ինչպէս եւ քեզանից յետոյ յաջորդող միւսներին` աղօթելու եւ վայելելու: Եւ տաճարի սպասաւորներդ երբ հաւաքուէք համատեղ աղօթքի ու կերակրուէք անմահական կերակրից, յիշեցէ'ք ինձ ու իմոնց, որ ողորմած Աստուած ողորմութիւն անի: [Տուեցի] նաեւ հինգ գիւղերի սահման[ները]` Կոթաքարի, Աղաբոյ վանքի, Շաւառնահողի, Գետամէջի, Կթանոցի, [այլեւ`] Գետավանաց ծովը, երկու հարիւր վաթսուն դրամ` Կոթաքարից, հինգ հարիւրերեսուն` Բոտելեցից, վեց հարիւր վաթսուն`աղիբողանքից, ինն հարիւր իննսուն` Կարբիի գետերից եւ նաւերից: Ոչ ոք չի համարձակուի սրան հակառակուել: Իսկ եթէ որեւէ մէկը յանդգնի, երեքհարիւր տասնութ հայրապետներից նզովուած լինի եւ Յուդայի մասն ու բաժինն ստանայ: Հայոց երեք հարիւրյիսուներկու թուական»:

Այստեղ գերեզման[ներում] թաղուած են աստուածակիր տէր-Սողոմոնը, տէր-Աթանասը եւ Սմբատ Բագրատունին: Ապա եւ որոշ տարիներ անց Աշոտ շահնշահի որդի Գագիկը նորոգում է Վանեվանաց հրաշակերտ սուրբ կաթողիկէ եկեղեցին ու նրան է նուիրում Դեղձանագետը. եկեղեցին պարսպապատում է, նզովքի արձանագրութիւն է կատարում, որ ոչ ոք այն չյափշտակի սուրբ եկեղեցուց:

Ահա այսքանը քեզ տեղեկութիւն մեր իշխանների գովելի գործերի, եկեղեցիների շինարարութեան ու նրանց ժառանգութեան մասին: Եւ ոչ միայն այս, այլեւ բազմաթիւ ուրիշ եկեղեցիներ էին շինուել Սիսական աշխարհում ու Այրարատեան նահանգում: Բայց Սիւնեաց տէրութեան գահագլուխ մեծ իշխաններ Աշոտն ու իր որդի Սմբատը եւ ուրիշները եկեղեցիների շինարարութեան մէջ մեծամեծ ու շատ, բոլոր տեսնողներին զարմացնող գործեր ցոյց տուեցին, որոնց հանգամանքները յետոյ կարգով պիտի պատմեմ: Այժմ կրկին պիտի խօսեմ իշխանների կարգի ու այն մեծամեծ աղէտալից անցքերի մասին, որ մեր աշխարհում տեղի ունեցան անիծեալ Իւսուփի կողմից: