Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԸ
ՍԻՒՆԵԱՑ ՍՈՒՐԲ ԵՒ ՓԱՌԱԲԱՆՈՒԱԾ ԵՐԱՆԵԼԻ ՀԱԶԴ ՍԵՊՈՒՀԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ, ՈՐԸ ԵՂԱՒ ՄԻՀՐԱՆԻ ՁԵՌՔՈՎՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

 

Աւելի լաւ եւ ուրախալի է թւում ինձ այս վկայաբանութիւնը, քան վերը պատմածը, որովհետեւ եթէմի բանով պարտութիւն կրելով ամաչեցինք եւ կորագլուխ եղանք Սիւնի իշխանների ամօթալի գործերի համար, ապա այս միւսով գլուխներս բարձր պահած`պարծենում ենք եւ կարծես զարմանահիւս պսակ մերգլխին դրած` բուժւում ենք առաջին վէրքերից, ճոխազարդ շքեղութեամբ համարձակօրէն ցնծում: Քանի որ թէպէտ Սիսական տոհմի ոստերը ցցուելով միժամանակ փուշ ու տատասկ տուեցին մեզ, բայց այս դէպքում ահա անուշահոտ վարդ ու շուշան եւ գեղեցիկու քաղցրահամ պտուղ պարգեւեցին: Եւ Տէրը հոտոտեց այդ անուշ բուրմունքը:

Այսպէս. թէեւ մեր երեւելի Սիսական իշխանութեան տէրերը, խաբուելով հին խաբողից, հետեւեցին թագաւորի կամքին եւ ժառանգեցին աշխարհիկ առօրէական ու անցողիկ փառքը, սակայն նրանցից ոմանք` մարմնով ու արեամբ եղբայրներ, իմաստնացած վերին իմաստութեամբ ու հաւատքի լոյսով, չգնացին մոլոր շաւղով, որն ուղղուած է դէպի կորստեան վիհը, այլ հրաժարուելով բոլոր աշխարհիկ բաներից` թողեցին փառք ու մեծութիւն եւ գնացին երանաւէտ կանչի հետքով: Նրանց անուններն են Բաբկէն, Բակուր եւ Յազդ: Սրանք, դուրս գալով Սիւնեաց գնդից, գնացին հայոց ուխտադրեալների հետ, որոնց գլուխն ու սպարապետն էր երանելի եւ քաջ Վահան Մամիկոնեանը` Վարդանի եղբօրորդին: Նրանք բազմաթիւ պատերազմներում մեծամեծ քաջագործութիւններ ցոյց տուեցին: Իսկ երբ Միհրանը բազմաթիւ զօրքով եկաւ Վիրք` պատերազմելու վրաց թագաւոր Վախթանգի դէմ, Վահանը հայոց զօրքերով գնաց Վախթանգին օգնութեան, որովհետեւ միմեանց դաշնակից էին: Եւ իջնելով Ճարմանի դաշտը, Կուր գետի մօտ` ճակատամարտեցին պարսիկների դէմ ու մէկ անգամ յաղթեցին:

Իսկ վրացիները, վախենալով պարսիկների բազմութիւնից, փախուստի դիմեցին: Եւ Վահանն այս իմանալով իր գնդով վերադարձաւ այնտեղ, որտեղ եւ զոհուեց Վասակը` Վահանի կրտսեր եղբայրը: Իսկ Միհրանը հետապնդելով զօրքին` բռնեց Հրահատ Կամսարականին` Շիրակի տէր Ներսեհի եղբօրը, որովհետեւ ձին սաստիկ փախս տալով նրան ցած գցեց: Ապա հետապնդելով բռնեցին նաեւ գովելի Սիւնի իշխան Յազդին: Միհրանը շատ ուրախանալով ետ դարձաւ: Իսկ Վահանը Սիւնեաց պայազատ Բաբկէնին գտնում է սաստիկ վիրաւորուած եւ մի տեղ ընկած, նրան ձի է նստեցնում ու այնտեղից դուրս բերելով փրկում է, որը եւ վիրաւորուած լինելու պատճառով Վահանի հետ այլեւս չի շրջում, այլ անցնում, գնում է անվտանգ տեղեր: Բայց պիղծ Միհրանը, երկու սեպուհներին վերցրած, ման էր ածում իր հետ ու հետապնդում Վահանին. նրանց էլ օրըստօրէ կապանքներով իր առաջը բերելով` դաժան տանջանքներով չարչարում ու նախատում էր, հնարաւորութիւն ստեղծում նրանց իր կրօնին դարձնելու: Կամսարական Հրահատը աներեւոյթ օգնութեամբ դրանից ազատուեց: Այդ պատճառով Միհրանը սաստիկ բարկացաւ, այլեւ վախեցաւ` չլինի թէ Սիւնի Յազդն էլ նոյն ձեւով ազատուի. հրամայեց այն անմեղ տարեկան գառանը առաջը բերել, որ լինի իր տիրոջը անուշահոտ պատարագ: Եւ քանի որ այս բռնակալը առաւելապէս գրգռւում էր Յազդի անօրէն ու կայէնատիպ եղբօրից` Սիւնեաց տէր Գդեհոնից, դրա համար սաստիկ լցուած էր ցասումով: Յազդի հետ խօսել է սկսում մեծամեծ նախատինքներով եւ ահարկու յոխորտանքով, ջանում է ամէն տեսակի հնարներով խախտել քրիստոնէական հաւատքից. խոստանում էր նաեւ պատժիփոխարէն մեծամեծ պարգեւներ` եթէ իր կամքը կատարի: Իսկ այն երանելին միայն լուռ ունկնդրում էր նրախօսքերին: Ապա իր հրաշագեղ տեսքով հայեացքն ուղղեց դէպի երկինք` իր Փափագելիին, նրան օգնութեան կանչեցեւ սրտապնդուելով ու գօտեպնդուելով անճառելի յոյսով` պատասխան տուեց Միհրանին եւ ասաց. «Եթէմէկը ժամանակաւոր մարմնական կեանքը վաճառէր, եւ հնարաւոր լինէր ես գնէի մարմնիս ցաւերի պատճառովու ապրէի կեանքի սիրոյ համար, ամբողջ ունեցածս կտայի եւ կգնէի: Բայց յաւիտենական պատուհասն ու անշէջ գեհենի սպառնալիքները ունեցուածքով գնելը խիստ անմտութիւն կլինէր, մանաւանդ որ անյայտ է առեւտրի ելքը, որովհետեւ ոչ ոք չգիտէր իր ապրելու կարճ կամ երկար լինելը. գուցէ գնելով ուրախանայ, բայց վաղը վախճանուելով կուղարկուի արտաքին խաւարի մէջ: Իսկ եթէ ես սիրած լինէի աղտեղի ու կորստաբեր առեւտուրը, ինչո՞ւ այժմ պիտի գնէի դա`ապրելու համար, այլ աւելի վաղ կստանայի փառքով ու մեծամեծ պարգեւներով: Սակայն ընտրեցի սա, որի մէջ ես գտնւում եմ, եւ սա էլ համարելով լաւ ու պատուաբեր` հրճւում եմ եւ ուրախ եմ մեռնելու Քրիստոսի համար, քան թէ հազարաւոր տարիներ ապրել շատ մեծ փառքով` ուրացութեան մէջ, եւ անվախճան պատուհասի ժառանգորդ լինելե: Երբ անօրեն պարսիկները սուրբ Յազդից այս խօսքերը լսեցին, անվանդակ գազանի նման յարձակուեցին նրա վրայ եւ ուզում էին ողջ-ողջ խմել նրա արիւնը: Եւ մարդասպանները նրան տարան սուրբ ու առաքելանման նահատակ Գրիգորի մատուռի մօտ, այն գիւղը, որ կոչւում է Բագաւան` Վաղարշակերտ գաւառում, Բագրեւանդ նահանգում, Նպատ կոչուած լեռան լանջակողմում, սուրբ մատուռի տեղի մօտ, մօտաւորապէս երկու քարընկէց հեռաւորութեամբ: Այնտեղ կտրեցին սուրբ գլուխը, որը քրիստոնեաները վերցնելով տարան, թաղեցին Գրիգորի սուրբ մատուռի մէջ: Սիւնի սուրբ սեպուհը` երանելի նահատակ Յազդը, սպանուեց հոռի ամսի տասնվեցին: Նրա վրայ մեծամեծ հրաշքներ եղան. բոլոր հիւանդները բուժւում էին: Նա մեզ եւ այս աշխարհի համար բարեխօս է Քրիստոսի մօտ, որին յաւիտեան փա~ռք: