Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԷ
ՍԻՒՆԵԱՑ ԱՆԱՐԻ ՈՒ ՎԱՏ ԻՇԽԱՆ ՎԱՍԱԿԻ ԳՈՐԾԸ, ՆՐԱ ԿՈՐՍՏԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Աւա'ղ խօսքիս եւ ափսո'ս, որ սկսում եմ, որովհետեւ չեմ կամենում շարադրել այս պատմութիւնըուրախ սրտով, այլ` լի տառապանքներով ու սգով, բազմահոծ, տարափանման ու մթագնած ողբերով: Չէ՞ որընկաւ մեզ պատշաճող պսակը, վերացաւ թագաւորութիւնը Արշակունիների ցեղից, քահանայապետութիւնը` սուրբ Գրիգորի սերնդից, քայքայուեց ու խաթարուեց իշխանաւորութեան կարգը, բարին չքացաւ, խաղաղութիւնն էլ տեղի տուեց. եկաւ խռովութիւնը, թագաւորեց չարը:

Երբ վերացաւ հայոց թագաւորութիւնը, որի վերջին թագաւորն էր Արտաշէսը, սրա տեղը մարզպան նստեց Վեհմիհր Շապուհը` [իշխելով] տասներեք տարի: Իսկ սուրբ Սահակը խնդրելով Վռամշապուհին` իր թոռՎարդանին` Համազասպի որդուն, դարձնում է Հայաստանի սպարապետ եւ ինքը, աւարտելով կեանքի ուղին, այս աշխարհից փոխադրւում է հրեշտակների շարքը: Իսկ Վեհմիհր Շապուհի մարզպանութիւնից յետոյ նրա տեղը Հայաստանի մարզպան են նշանակում Սիւնիքի տէր Վասակին: Այսպիսով Հայաստանի մարզպանն էր Վասակը, իսկ սպարապետը` Վարդան Մամիկոնեանը: Վռամշապուհից յետոյ Պարսկաստանում թագաւորում է Յազկերտը` տասնինը տարի: Սա մի հազարապետ ունէր` խիստ խորամանկ, Միհրներսեհ անունով: Սա գտնւում էր Ատրպատական աշխարհում, խիստ չարահնար եւ խարդախ բնաւորութեամբ էր ու վաղուց ի վեր ուզում էր հնարներ գտնել քրիստոնէական ուսմունքը վերացնելուեւ խափանելու համար: Վասակը շքեղ ու բարձր էր մեր Հայոց աշխարհում, չափազանց յարգուած ու երեւելի`արքունիքում: Սա ունէր երկու որդի` Բաբիկ ուԱտրներսեհ անուններով, եւ մի դուստր, որի համար իրեն փեսայ էր դարձրել Վարազվաղանին` նոյն Սիսական տոհմից: Եւ սատանայական դիպուածով նրանց միջեւ ատելութիւն առաջացաւ, ու Վարազվաղանն ատում էր իր կնոջը: Այդ պատճառով Վասակը չարութեամբ լցուելով կամենում էր սպանութեամբ վրէժխնդիր լինել: Վարազվաղանը դա իմանալով` փախչում-ընկնում է Միհրներսեհի մօտ ու սաստիկ չար նախանձից նրան հաճոյանալու նպատակով հրաժարւում է քրիստոնէական աստուածադրոշմ ուխտից եւ երկրպագում կրակին ու արեգակին: Նա Միհրներսեհին` արքայի հազարապետին, շարունակ գրգռում էր Հայաստանի դէմ, որ թերեւս կարողանար կատարել իր քինախնդրութեան մտադրութիւնը Վասակի նկատմամբ:

Իսկ Միհրներսեհը նրան ներկայացնում է Յազկերտին ու սրան յայտնում նրա մտադրութիւնը: Եւ Յազկերտը մեծարում է Վարազվաղանին` դէպքը համարելով աստուածներից կատարուած. մովպետան մովպետի եւ միւս մեծաւորների հետ խորհում է մեր Հայոց աշխարհը իրենց կրօնին դարձնել: Բոլորն էլ հաւանութիւն են տալիս: Եւ թագաւորը հրամայում է հրովարտակ գրել` ուղղուած հայոց իշխաններին, նրա հետ էլ ուղարկում է ատրուշաններ, թիկնապահ զինուորներ ու քուրմեր` իրենց մեծամեծների միջոցով: Սրանք, գալով ու հասնելով մեր Հայոց աշխարհը, գրութիւնը յանձնեցին մեծամեծ նախարարներին, որոնք երբ տեսան, սաստիկ սուգ պատեց բոլորին: Եւ շտապ կերպով մի վայրում հաւաքեցին երկրի եպիսկոպոսներին ու վանականներին, սեպուհներին ու աւագ տանուտէրերին: Նրանց հաւաքի գլխաւորն էր Յովսէփը, որը սուրբ Սահակից յետոյ դարձաւ նրա աթոռի տեղապահը, այլեւ` Սիւնիքի եպիսկոպոս Անանիան, Ղեւոնդ Երէցը: Եւ միասին խորհրդածելով` իրենց կրօնի մասին չափազանց խիստ ու ամուր պատասխան գրեցին թագաւորին: Եւ պատուիրակները վերադառնալով` արքային յանձնեցին պատասխանը: Դրանից նա սաստիկ զայրացաւ սրտի ահաւոր տագնապով, օձի նման թաւալգլոր էր լինում: Շտապ կերպով հրաւիրակներ ուղարկեց ու կանչեց հայոց բոլոր իշխաններին. կամայ թէ ակամայ բերել տուեց իր առաջ եւ մեծ ատեանի մէջ սաստով դիմեց նրանց`ընտրելու այս երկուսից մէկը` կա'մ ընդունել մոգութեան կրօնը ու ազատուել եւ կա'մ տոհմով ու զաւակներով իսպառ ոչնչանալ: Նրանք նոյն պահին ոչինչ չպատասխանեցին. դուրս գալով խորհուրդ արին եւ որոշեցին միառժամանակ արտաքուստ ընդունել արքունի հրամանները, վերադառնալ իրենց երկիրն ուհնարամտել պատերազմով կամ սիրաշահումով փրկելու երկիրը եւ իրենց: Հէնց այդպէս էլ արեցին: Եւ մեծ պարգեւներով ուղարկուեցին իրենց երկիրը` հետները տանելով ատրուշաններ ու այդ կրօնի քարոզիչներ:

Բայց թագաւորը կասկածելով, որ կխաբուի, պատանդ վերցրեց վրաց Աշուշա բդեշխին եւ Վասակի երկու որդիներին` Բաբիկին ու Ատրներսեհին: Իսկհայոց իշխանները նախապէս միմեանց հետ ուխտ էին արել եւ Աւետարանի երդումով հաստատել ուխտագիրը` ապրել միաբանութեամբ եւ մեռնել քրիստոնէական կրօնի համար: Նրանք եկան-հասան իրենց երկիրը, Այրարարտեան գաւառը, ցոյց տուեցին գաղտնի ուխտագիրը եւ մոգերից ոմանց սպանեցին, ուրիշներին էլ փախուստի մատնեցին, իսկ կրակը ցրիւ տալով թափեցին ջուրը: Դրանից Վասակը մռայլուելով տարակուսում էր մեծ տրտմութեան մէջ, մէկ [այն պատճառով], որ ծնողական բոցը տաքացրեց նրա ներաշխարհը` պարսից արքունիքում պատանդ գտնուող որդիների համար, որոնք խելացնորելով ապշեցրին նրան, մէկ` երկիւղից թշնամի Վարազվաղանի, որը արքայի մօտ էր եւ սպասում էր Վասակի մահուանը, միւսն էր` որ [կարող էր] զրկուել մեծ ու երեւելի փառքից եւ հայրենի իշխանութիւնից: Այս երեք սաստիկ տարակուսանքներից խուճապի մատնուած` միշտ տագնապում էր եւ գիշերը քուն չունէր, ցերեկը` հանգիստ: Իսկ քանի որ մարդու համար սահմանուած է այս կեանքում միշտ սխալուել ու սայթաքել, այդ պատճառով էլ սա սխալուեց սուրբ Աւետարանի երդման մէջ: Եւ համարձակւում եմ ասել, որ մի խօսքով ի վերջոյ մեղքը խոստովանել էր, եւ Աստծոյ անսահման գթութիւնը նրան չէր թողել կորստի մատնուել: Բայց սա արդիւնք էր չար յուսահատութեան, որի հանգամանքը դատարանի ժամանակ Աստուած միայն գիտէ եւ ուրիշ ոչոք:

Այսպիսով, այս պատճառով խաբուելով չար դեւից` զղջման յոյսով միառժամանակ ուխտը դրժեց, որ թերեւս իրեն ու իր որդիներին զերծ պահի վրայ հասած չարիքից: Եւ Վարդանին հայոց զօրքով ուղարկեց Աղուանք` պատերազմելու պարսիկների դէմ, որ եկել էին այնտեղ: Իսկ ինքը Միհրներսեհ հազարապետին, այլեւԱղուանքում գտնուող պարսից զօրագլուխներին նամակների միջոցով յայտնեց իր հաւատարմութեան միտքը` որպէս թէ պահում է թագաւորի հաւատքը, այս եւս օրինապահութիւն համարելով, ինչպէս որ ասում էԱստուածային Գիրքը. «Հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, ինչպէս Աստծուն»: Եւ սա ապստամբուեց Վարդանի, Կամսարականների ու նրանց հետ եղած միւս ազնուականների դէմ` հանդերձ հայոց ուրիշ իշխաններով` Բագրատունի Տիրոց իշխանով, Խոռխոռունի Գադիշոյով, Վահեւունի Գիւտով, Պալունի Վարազշապուհով, Գաբեղեան Արտէնով, Ուրծի Ներսեհով եւ ուրիշ բազում պահապաններով, գերդաստանների ու տոհմերի սեպուհներով, որոնք, պարսիկների ահից վախեցած, կամենում էին հաճոյանալ թագաւորին: Հայաստանի բոլոր բերդերն ու ամրոցները իրենց ձեռքի տակ պահեցին: Վասակը Մամիկոնեան, Կամսարական եւ այլ ազնուական տոհմերի բոլոր մանուկներին բերել տուեցիր մօտ ու փակեց Սիւնեաց աշխարհիս անառիկ ամրոցներում: Եւ այս այսպէս լինելուց յետոյ Վարդանը լսեց դառն ու մահաբեր գոյժը եւ մեծ յաղթանակով գալով Աղուանքում մղած պատերազմից`բազում օրեր ուրիշ ազնուականների հետ մտածում էր ինչ-որ հնարներ [գտնել]: Եւ երբ ամբողջ յոյսը կտրեցին, մահը գերադասեցին կեանքից: Անցան Արտազ գաւառը. մէկ ամիս անց մեծ պատերազմ եղաւ, որտեղ սուրբ Վարդանը ուրիշ ընկերներով նահատակութեամբ պսակուեց: Եւ Յազկերտն այս լսելով` անսահման մեծ ու դառն սգի մէջ նեղւում էր:

Իսկ Վասակը, իրեն համարելով հաւատարիմու մեծավաստակ, վերցրած կալանաւոր մանուկներին ուսուրբ քահանաներին, շարժւում, գնում էր արքունի դուռը, որտեղ մեծ ատեան եղաւ, եւ հարց ու փորձ արեցին կալանաւորներին Վասակի հետ: Եւ անօրէն Վասակը լիովին պարտուած ու յիմարացած գտնուեց: Նաիր արժանի վաստակի դիմաց դա ստացաւ: Նոյն արքունիքում բանտում մնաց, մինչեւ որ այնտեղ էլ մեռաւ, որի հանգամանքների մասին քեզ լրիւ պատմում են Եղիշէն ու Ղազար Փարպեցին: Իսկ Սիւնիքի իշխանութիւնն ստանձնեց ուրացող Վարազվաղանը, որը դիւահար էր եւ դեւից էլ խեղդամահ եղաւ: Նրանից յետոյ նոյն չարութեամբ` անճոռնի հսկայ Գդեհոնը, որը զօրութեամբ անպարտելի էր եւ միշտ պատերազմում էր մնացած հայերի դէմ, նրան` այդ ահաւոր բուրգ Գդեհոնին էլ Վարդանի եղբօրորդի Վահանը վերին օգնութեամբ խփեց-սատկեցրեց պատերազմի ժամանակ, Շիրակի գաւառում, Ըշտէ անուանուող գիւղի մօտ: Եւնրա ծառաները թափելով փորոտիքը` նրան եղէգով ծածկեցին ու բերին-դրեցին դամբարանի մէջ, իր նախնիների մօտ: