Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

1954 թվականին Երեւանում, արեւելահայ իրականության մեջ առաջին անգամ, լույս տեսավ Գրիգոր Զոհրապի նորավեպերի ժողովածուն, որի առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակը Մինաս Հյուսյանն է:

«Գրիգոր Զոհրապը հայ քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է եւ նովելի չգերազանցված վարպետը: Զոհրապը գրական ասպարեզ եկավ իբրեւ նորարար՝ բերելով գրական-գեղագիտական նոր ըմբռնումներ, նոր գրելակերպ, նոր ժանրեր, գեղարվեստական ձեւի նոր նվաճումներ: . Նա եղել է նաեւ ազդեցիկ հրապարակախոս, խիզախ նկարագրի տեր հասարակական գործիչ, միջազգային համբավի տիրացած իրավաբան եւ մեծ հռետոր» [1], - սկսում է իր խոսքը գրականագետը եւ շարունակում ներկայացնել անվանի գրողի կյանքն ու գործունեությունը, գրական-ստեղծագործական բնութագիրը:

Ինչպես հայտնի է, խորհրդահայ գրականագիտությունը ստեղծագործությունները հիմնականում քննում եւ վերլուծում էր գաղափարախոսական տեսանկյունից:

Անշուշտ, զոհրապագիտությունը խորհրդային տարիներին զարգացավ գիտական լուրջ ուսումնասիրությունների շնորհիվ, սակայն Զոհրապի ստեղծագործություններում խորհրդային գաղափարախոսության հրամայականների (դասակարգային պայքար, սոցիալական անարդարություն, բուրժուազիայի նկատմամբ անհաշտվողական վերաբերմունք, համակրանք հասարակ ժողովրդի հանդեպ եւ այլն) որոնումները հաճախ ուսումնասիրողներին հանգեցնում էին ոչ ճիշտ դատողությունների եւ Զոհրապին վերագրում կեղծ «արժանիքներ»՝ նրա ստեղծագործությունները մասամբ հարմարեցնելով հասարակարգի պարտադրած կարծրատիպերին:

Օրինակ՝ Մինաս Հյուսյանը գրում է, «Զոհրապի նովելների մեջ «,,, կա եւ դրականը, որ նա տեսնում է ժողովրդական խավերից առնված կերպարների մեջ: «... Զոհրապը իր գրական-գեղագիտական հայացքների որոշ կետերով մոտենում է արվեստի մատերիալիստական ըմբռնմանը, ինչ որ մատնանշում է նրա այդ հայացքների առողջ հիմքը» [2]:

Հյուսյանը Զոհրապի կողմից նովելների հատորների խորագրերի («Խղճմտանքի ձայներ», «Կյանքը ինչպես որ է»,

«Լուռ ցավեր») ընտրությունը բացատրում է նրա գրականգեղարվեստական ըմբռնումներով, «Այդ լուռ ցավերի աղբյուրը, ըստ հեղինակի (ըստ Զոհրապի՝ Մ, Գ, ) սոցիալական անարդարությունն էր, ամենագլխավոր աղբյուրը, ամենամեծ չարիքը՝ կապիտալի տիրապետությունը» [3]:

Նա, անդրադառնալով Զոհրապի ստեղծագործություններում կանանց խնդրին, մատնանշում է հեղինակի «հետադիմական» հայացքները եւ մեղադրում, որ նա ոչ միայն «նյութական կախումից կնոջ ազատագրման որեւէ միջոց չի առաջարկել, այլ դա անհարիր է համարել կնոջական կոչման»:

Գրականագետի կարծիքով՝ «առհասարակ նրա (Զոհրապի՝ Մ. Գ. ) գրական ծրագրերում անընդունելի շատ կետեր կան՝ արդյունք լիբերալիզմի ազդեցության» [4]:

Զոհրապի ոճի մասին Հյուսյանը գրում է առանց վերապահումի, «Զոհրապի արվեստի ուժը եւ հմայքը ամենից առաջ նրա ոճի մեջ է: Զոհրապ-գրողը, հռետորը, հրապարակախոսը, իրավաբանը հավասար շահել են այդ ոճից, մի ոճ, որով Զոհրապը հասել է մտքի զարմանալի կենտրոնացման, քիչ բառերով շատ բան ասելու վարպետության եւ ընթերցողի գեղագիտական ճաշակի բավարարման» [5]:

1957 թվականին լույս տեսավ Մինաս Հյուսյանի «Գրիգոր Զոհրապ, կյանքը եւ ստեղծագործությունը» մենագրությունը, որը խորհրդահայ գրականագիտության մեջ Գրիգոր Զոհրապի երկերի ամբողջական ուսումնասիրության առաջին փորձն է համարվում:

Գրքի ներածության մեջ տրված է Զոհրապի գործունեության տարբեր բնագավառների, այդ թվում՝ հրապարակագրության ընդհանուր բնութագիրը, գեղագիտական հայացքների համառոտ ակնարկը, ինչպես նաեւ նրա մասին ուսումնասիրությունների քննական տեսությունը:

Մենագրության առաջին գլխում Զոհրապի կյանքի ու գործունեության հակիրճ ուրվագիծն է:

Հեղինակը թվարկում է այն հարցերը, որոնց շուրջ ծավալվել է Զոհրապի հրապարակագրությունը:

Դրանք են՝ կրթական-ուսումնական գործը, «որ այդ ժամանակ, իբրեւ ազգային գոյությունը ապահովող միջոցներից մեկը, ուներ կենսական նշանակություն», տնտեսական զարգացման, համալսարանական կրթության, եվրոպական գիտական միտքը յուրացնելու անհրաժեշտությունը եւ այլն:

Սակայն առանձին հրապարակագրական նյութերը, որոնք վերլուծել է գրականագետը, շատ չեն: Թերեւս այն պատճառով, որ այդ նյութերից շատերի վերլուծություններն արդեն իսկ առկա էին Արշակ Ալպոյաճյանի հիշյալ աշխատության մեջ: Թեեւ, Հյուսյանը այդ աշխատությունը՝ իբրեւ Զոհրապի երկերի վերլուծման եւ արժեքավորման փորձ, համարում է թույլ: [6]

Գիտնականը, ըստ ժամանակաշրջանի, ներկայացնում է այն հարցերը եւ խնդիրները, որոնք հուզել են Զոհրապին եւ հրապարակագրական հոդվածների առիթ հանդիսացել:

1892-93 թվականներին, երբ Զոհրապը խմբագրում էր «Մասիս» գրական հանդեսը, Հյուսյանի դիտարկմամբ, «հանդես բերեց այնպիսի բեղմնավորություն, որպեսզին չէր ունեցել եւ չունեցավ այլեւս»: «Այդ տարիներին Զոհրապը գրեց նորավեպեր, գրական դիմանկարներ, ակնարկներ, քննադատական եւ թատրոնի վերաբերյալ հոդվածներ, գրախոսականներ եւ թատերախոսականներ, ֆելիետոններ, քրոնիկներ, չափածո պիեսի մի հատված եւ հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ» [7], - գրում է նա:

1893-ին «Մասիս»-ը փակվում է:

1898-ին Զոհրապը դարձյալ ստանձնում է վերահրատարակվող «Մասիս»-ի խմբագրությունը: «Այդ շրջանի իր երկերի զգալի մասի մեջ Զոհրապը արձագանքում է կոտորածից հետո ստեղծված դրությանը, երբեմն ոգեւորում է, հուսադրում («Տարեդարձ մը», «Երգենք»), նկարագրում է իր սերնդի մարդկանց ողբերգությունը («Թիթեռնիկներ»), իր զայրույթն ու վիշտն է արտահայտում կոտորածների պատճառով եւ հայերին համարձակորեն անվանում «ճշմարիտ նահատակներ» («Վերջին արեւագալը»), երբեմն բարձրացնում է բողոքի ձայնը թուրք սուլթանիզմի՝ հայ ժողովրդին հոշոտելու գործը լրացնելու ձգտող կաթոլիկ կղերի դեմ («Պարը», «Սորսորում» եւ այլն), երբեմն էլ ինքն է ընկնում հուսալքման մեջ, նույնիսկ հանգում հոռետեսության («Խնդուքը»)» [8], - գրում է Մինաս Հյուսյանը: Նա վերլուծում է նշված հոդվածներից մի քանիսը, պարզաբանում դրանց գաղափարական ուղղվածությունը:

Զոհրապի գործունեության հաջորդ շրջանը՝ 1900-ական թվականները, սոսկալի գրաքննության պայմաններում գրական-ստեղծագործական խիզախումի տարիներ էին:

Այս առումով Հյուսյանը հիշատակում է ճառերը, որոնցից մեկը Զոհրապն արտասանել է 1908 թվականի հուլիսի 31-ին

Օսմանյան սահմանադրության կապակցությամբ հրապարակային հսկայածավալ ցույցի ժամանակ («Հայ եւ թուրք եղբայրակցութիւնը», «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 1908, օգոստոս 1, թիվ 3603), իսկ մյուսը՝ Ազգային ժողովի երեսփոխան ընտրվելուց մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 26-ին հայ ստվար բազմության ներկայությամբ («Ի՞նչ կը պահանջէ հայը Օսմանեան խորհրդարանէն», «Ժամանակ», Կ. Պոլիս, 1908, հոկտեմբեր 30):

Ըստ գիտնականի՝ 1908-15 թվականներին Զոհրապի «համեմատաբար մեծ երկը «Էջեր ուղեւորի մը օրագրեն» ճամփորդական նոթերի շարքն է» [9]:

«Շատ արժեքավոր է նույնպես Զոհրապի զեկուցումը՝ հայ տառերի գյուտի 1500-ամյա տոնակատարությանը» [10], - գրում է նա:

Հյուսյանը Զոհրապի քաղաքական արիության լավագույն ապացույցներից է համարում 1911 թվականին վարչապետին ուղղված հուշագիրը («Հիշատակագիրը»):

«Զոհրապի ակնարկները» գլխում Հյուսյանը նախ հավաստում է, որ «ութսունական թվականների ռեալիստները, «… գրեցին առավելապես փոքր ձեւի ժանրերով, որոնց մեջ, նորավեպերից հետո, կարեւոր տեղ գրավեց ակնարկը»: Նա նաեւ մատնանշում է այդ իրողության պատճառները, «Ակնարկը հարմարագույն ժանրն էր անմիջապես արձագանքելու օրվա հուզող հարցերին, եւ ծավալի տեսակետից ընդունելի՝ պարբերական մամուլի համար», իսկ «գրքի հրատարակության առաջ հարուցված գրաքննական արգելքները շատ ավելի անհեթեթ ու անհաղթահարելի էին, եւ այս հանգամանքը պատճառներից մեկը դարձավ, որ գրականությունը մղվի մամուլի էջերը եւ մշակվեն առավելապես փոքր ձեւի ժանրեր» [11]:

Հյուսյանը փաստում է, որ «Զոհրապի ստեղծագործության մեջ ակնարկը, նորավեպից հետո, դարձավ երկրորդ հիմնական ժանրը: Գրեթե նորավեպերի չափ նա գրել է ակնարկներ՝ տարբեր բնույթի՝ ճամփորդական, հուշագրական (մեմուարային), երգիծական, խոհական եւ հրապարակախոսական» [12]: Այս գլխում գիտնականը, ըստ թեմաների, ներկայացնում է առանձին ակնարկների վերլուծությունները:

Մինաս Հյուսյանի մենագրությունը գրախոսեց Արամ Ինճիկյանը:

Նա ուսումնասիրությունը բարձր է գնահատում, «Վերջին չորս-հինգ տարում մեր գրականագիտությունը զգալի բեկում է կատարել հայ դասական գրականության գիտական ուսումնասիրության բնագավառում: Հոբելյանական հոդվածներից նա անցել է մենագրական ուսումնասիրությունների» [13]:

Գրախոսողը Հյուսյանի լավագույն աշխատությունների շարքն է դասում Գրիգոր Զոհրապին նվիրված մենագրությունը:

Արամ Ինճիկյանն իրավացի է համարում Մինաս Հյուսյանի այն դիտարկումները, թե անցյալի քննադատությունը, բարձր գնահատելով Զոհրապի արվեստը, չի խորացել նրա ստեղծագործության հասարակական բովանդակության մեջ, որ «Զոհրապի երկերը ժամանակի սոցիալական իրականության հակասությունների, բարքերի, կենցաղի, ժամանակի հոգեբանության ճշգրիտ պատկերներն են», որ Զոհրապի երկերում «արտահայտված են դարաշրջանի հատկանշական գծերը՝ կապիտալիստական հարաբերությունների խորացումը, այդ հարաբերությունների անդրադարձը բարքերի եւ հոգեբանության մեջ, շահագործումը եւ ժողովրդական խավերի թշվառությունը» [14]:

Գրախոսողն այս ուսումնասիրությունը համարում է «սովետահայ գրականագիտական մտքի վերջին տարիների (1950-ական թվականների՝ Մ, Գ, ) նվաճումներից», սակայն կարծում է, որ հեղինակն անհրաժեշտ չափով չի բացատրել

«Զոհրապի աշխարհայացքի հակասություններն ու թերությունները, որոնք, անշուշտ, մեծ նովելիստի մեղքը չէին, այլ պայմանավորված էին նրա ապրած ժամանակի եւ միջավայրի առանձնահատկություններով» [15]:



[1]      Գրիգոր Զոհրապ, Նովելներ, Լիակատար ժողովածու,   Ե., 1954, էջ III։

[2]      Գրիգոր Զոհրապ, Նովելներ, Լիակատար ժողովածու, էջ IX:

[3]      Նունյն տեղում, էջ

[4]      Գրիգոր Զոհրապ, Նովելներ, Լիակատար ժողովածու, էջ XXII:

[5]      Նույն տեղում, էջ XXIII։

[6]      Տե՛ս Մ. Հյուսյան, Գրիգոր Զոհրապ, Ե., 1957, էջ 20:

[7]      Նույն տեղում, էջ 34։

[8]      Մ. Հյուսյան, նշված գիրքը, էջ 37:

[9]      Նույն տեղում, էջ 46։

[10]    Նույն տեղում։

[11]    Մ. Հյուսյան, նշված գիրքը, էջ 303:

[12]    Նույն տեղում, էջ 303-304։

[13]    «Սովետական գրականություն», Ե., 1958, թիվ 4, էջ 160:

[14]    Նույն տեղում։

[15]    Նույն տեղում, էջ 165։