Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հազար կենդանակերպ Աստուած ստեղծել է,
Զամենն Ադամայ հնազանդ արել է,
Զդրախտն լուսափայլ նմա շնորհել է,
Եօթնապատիկ փառօք զնա զարդարել է:

Չունէր իւր օգնական, սրտիկն ի սուգ էր,
Որ զիւր սրտին խորհուրդն նմա պատմէր,
Քաշեց կող մի կողէն, ստեղծեց Եւայէ,
Եղեւ իւր օգնական, զիրար ժառանգ է:

Սատանան հնարիւք զԱդամ խաբել է,
Զօձն պատճառ արեր, ընդ Եւայ խօսել է,
Զմահկանացու պտուղն ուտեցուցել է,
Կերեր ՚ւ յԱստուծոյ աչացն ելել է:

Աստուածութիւնն Ադամայ բարկացել է,
Զինչ որ նորա տուեր, դարձեալ առել է,
Անիծեր ՚ւ ի դրախտէն ի դուրս արել է,
Ի սատանայի ձեռն գերի մատնել է:

Յանդիման դրախտին հինգ օր լացել է,
Լացեր, որ արտասուքն արիւն դարձել է,
Աստուածութիւն Ադամայ խղճացել է,
Որ վեց հազար տարի պայման դրել է:

Եւայ այլ զԿայեն յառաջ ծնել է,
Որ նա չար եւ մեղաց պատճառ եղել է,
Անպարտ զեղբօրն արիւնն նա վաթել է,
ԶԱստուծոյ եւ զծնօղաց անէծքն առել է:

Կրկին Աստուած Կայենի բարկացել է,
Զեւթնապատիկ անէծքն ի վրան դրել է,
Նա այլ այսահարել ՚ւ ի դուրս անկել է
Եւ ի ճակատ նորա կօտօշ բուսել է:

Ադամայ Սեթ անուն որդի եղել է,
Հանապազ զծնօղքն մխիթարել է,
Ենովք այլ ի նարմէ յառաջ եկել է,
Զանմահութեան զդրախտն ժառանգել է:

Նոյ այլ ի յԱստուծոյ հրաման առել է`
Շուտով ամուսնացիր, տապանակ շինէ,
Աշխարհիս բարկացել, կուզէ անցանէ,
Ջրով, ջրհեղեղով կու ապականէ:

Նոյի նման արդար յաշխարհս եկել չէ,
Որ հինգհարիւր տարի նա կոյս կեցել է
Ադամայ բնութեան սկիզբն եղել է,
Ամէն նահապետաց նա հայր կոչել է:

Նոյէ այլ հինգհարիւր տարի անցել է,
Եւթանասուն ՚ւ երկու պորտ յաւելցել է,
Նոքա զաշտարակին հիմնն ձգել է,
Եւթանասուն ՚ւ երկու լեզու բաժնել է:

Մելքիսէթ քահանայն սկիզբն եղել է,
Աբրահամ ի նարմէ օրհնէք առել է,
Քառասուն օր պահօք աղօթք արել է,
Աստուածութիւնն նորա հիւր եկել է:

Սահակ Աբրահամու աւետեաց զաւակ է,
Որ ի յամուլ մօրէ ինքն ծնեալ է,
Յակոբ հետ Աստուծոյ գօտեմարտել է,
ԶԱստուած Իսրայէլի աչօք տեսել է:

Յովսէփ խիստ գեղեցիկ մանուկ եղել է,
Երկոտասան եղբարցն ի մէջն ընտրել է,
Ինքն այլ ի քուն եղել ՚ւ երազ տեսել է,
Զերազն իւր ծնօղացն ելեալ պատմել է:

Ծնօղքն երբ զայն լսել, ուրախացել է.
Լինիս դու թագաւոր, զՅովսէփ գովել է,
Եղբարքն ի հետ նորա դէմ նախանձել է,
Տարան գուբն իջուցին` թ՚այսահարել է:

Վաճառեցին զՅովսէփ երեսուն դրամէ,
Համբաւ հանին նմա` գայլն կերել է,
Գնացեր ի յԵգիպտոս գերի եղել է,
Աստուած զնա ի հոն անփորձ պահել է:

Այն մարդն, որ զնա գնել, ի տուն տարել է,
Նայ կինն զնա սիրել, որդի արել է,
Սատանայ բանսարկուն կինն մտել է,
Կուզեր ապականեր, Յովսէփ փախել է:

Մովսէս Եգիպտացին մեծ մարգարէ է,
Որ նա հետ Աստուծոյ փառաբանել է,
Զփարաւոն հեծելովն ծովն ընկղմել է
Եւ զազգն Իսրայէլի նա ազատել է:

Քառասուն տարի յանապատին կացել է,
Մանանայիւ զնոսա կերակրել է,
Երկոտասան վտակ վիմէն բխել է,
Որ վէմն ինքն էր Քրիստոս, զնոսա պահել է:

Յեսու` որդին Նաւեայ, թագաւորել է
Եւ մեղաց Զերիքով նա աւերել է,
Զգնալ արեգականն արգիլել է,
Զերիքով ի պարիսպն զէտ մոմ հալել է:

Մեծ մարգարէն Դաւիթ յաղթող եղել է,
Պարսպաքարիւ զԳողիաթն յաղթել է,
Սողոմոն զտաճարին հիմն ձգել է
Քառասուն ու վեց տարի նա կատարել է:

Իսկ կայծակնամաքուր Եսայի ասէ,
Որ զՔրիստոսի գալուստն նա կու պատմէ,
Մանասէ թագաւորն զնա խզարել է,
ՅԱստուծոյ պատուհասն ի վրան իջել է:

Հրեշտակն Գաբրիէլ քեզ աւետել է,
Հոգին, սուրբ Մարիամ, առ քեզ եկել է
Եւ, տաճար սրբութեան, զքեզ մաքրել է,
Որ ինն ամսու տղայն ի քէն ծնել է:

Թագաւորքն մոգուց խնդիր եկել է,
Ոսկի, կնդրուկ, զմուռ ընծայ բերել է,
Քո սուրբ աստուածութեանդ երկրպագել է,
Սիրով զԵրրորդութիւնն դաւանել է:

Քառասնօրեայ Յիսուս տաճարն եկել է,
Եւ դուռն ողորմութեան ինքնին բացել է,
Սիմէոն ծերունին ի հոն տեսել է,
ԶՔրիստոս ի գիրկն առեալ ՚ւ ուրախացել է:

Թշուառական Հերովդես նախանձել է,
Զաքարիա տաճարին գլխատել է,
Բեդղէհէմայ մանկունքն կոտորել է,
Պատուհասն Աստուծոյ վրան իջել է:

Լրումն մարգարէից սուրբ Յովհաննէսն է,
Սկիզբն առաքելոցն սուրբ Կարապետն է,
ԶՔրիստոս ի Յորդանան գետ մկրտել է
Եւ զԱդամայ սկզբնական մեղքն ջնջել է:

Քառասուն օր պաք յանապատին կացել է,
Բանսարկուն սատանայ զնա փորձել է,
Իւր սուրբ աստուածութեազմբն զնա յաղթել է,
Ապա առաքելոցն սկիզբն արել է:

Տիբերեական ծովէն զնոքա կոչել է`
Եղիք որսորդք մարդկան, նոցա հրամել է,
Տասներկու առաքեալք յերկրէ ընտրել է,
Յուդայ նախանձաւորն կեղծաւորել է:

Թափօրական լերինն այլակերպել է,
Զիւր սուրբ աստուածութիւնն նոցա յայտնել է,
Մովսէս եւ Եղիայ երեւեցել է,
Հայր Աստուած ի յերկնիցն վկայել է:

Յիսուս ժողովրդեանն քարոզել է,
Հինգ հազար հոգի հոն ժողովել է,
Զիւր աստուածութիւն նոցա յայտնել է`
Որ հինգ նկանակով լիացուցել է:

Եւ ի Բեթանիայ փառօք եկել է,
Մարթա եւ Մարիամ ի դէմ ելել է,
Լալով, արտասուելով ի յոտքն անկել է,
Սիրելին զՂազարոս կենագործել է:

Քրիստոս աւանակաւ տաճարն եկել է,
Քահանայք նախանձու ի դէմ ելեր է,
Եբրայեցոց մանկունքն օրհնաբանել է,
Սադուկեցիք մտօքն կուրացել է:

Քրիստոս ի վերնատունն պատարագել է
Առաքելոցն զվոտւին լւացել է,
Յուդայ այլ զերեսուն արծաթն առել է,
Կուզէ զսուրբ վարդապետն որ ի մահ մատնէ:

Յիսուս ի յըմբռնումն օթեւանել է,
Աղօթէր, հինգ հարիւր ծունր դրել է,
Առաքեալքն ամենայն սրտաբեկել է,
Պետրոս ի յիւր մտին հպարտացել է:

Յուդայ այլ հրէիցն առաջնորդել է,
Ամէնն այնոր համար զարծաթն առել է,
Ըմբռնեցին զՔրիստոս, թէ մահապարտ է,
Որ դա մեր օրինացն հակառակ է:

Տարան ի Պիղատոս, որ նա հարցանէ,
Քահանայքն եւ դպիրքն չարախօսէ,
Ասաց. Ո՞ւստի ես դու կամ ո՞ր յաշխարհէ:
Ասաց. Նազովրէցի, անունս Յիսուս է:

Պիղատոս կամեցաւ, որ զնա ազատէ,
Միաբան գոչեցին, թէ` ի խաչ հանէ:
Առէք զդա ի ձեզ, զինչ որ պիտոյ է,
Չունիմ դորա մեղաց եւ ոչ յարենէ:

Տարան ի խաչ հանին, նա մեզ փրկիչ է,
Որ զդժոխքն աւերէ, զհոգիսն ազատէ,
Յովսէփ հարիւրապետն խիստ տրտում է,
Կուզէ Պիղատոսէ զմարմինն խնդրէ:

Պիղատոս այլ ասաց, թէ նա արդար է,
Արդար եւ ճշմարիտ Աստուածն նա է,
Յովսէփ խաչին առջեւ ծնկաց անկել է`
«Սուրբ Աստուած եւ հզօրնե ի հոն երգել է:

Յիսուս խաչէն ի վայր ի գիրկն իջել է,
Գրկովն ի պատնատեղն ի վայր դրել է,
Պատեաց սուրբ կտաւով, որպէս օրէն է,
Եդեալ ի գերեզման եւ գնացել է:

Նայ իւղաբեր կանայքն զտեղին տեսել են,
Եկին ի գերեզման խնկօք օծել են,
Հրեշտակն լուսափայլ երեւեցել է.
Կանա՛յք, ձեզ աւետիս Քրիստոս յարել է:

Առաքեալքն միաբան հոն ժողովել է,
Յուդայ Սկարովտացին հոգով կորել է,
Երթան ի Գալիլիա, որպէս հրամել է,
Պետրոս գլուխ ի կոր ոտիւքն անկել է:

Իմ սիրուն աշակերտն դու ես, Պետրէ,
Դարձիր դու եւ զեղբարքդ մխիթարէ,
Քառասուն օր նոցա երեւեցել է,
Ապա փառօք յերկինս համբարձել է:

Զայս բաներս Թոխաթցի Թաթոսն ասել է,
Երանի այն մարդոյն` բարի գործել է,
Թեթեւ շալկով յաշխարհէս գնացել է,
Անդէն զերանաւէտ ձայնն լսել է: