Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԻՆ ԱՌԵՂԾՎԱԾԻ ՎԵՐԾԱՆՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ

Նալբանդյանագիտության դեռեւս ամբողջությամբ չբացահայտված առեղծվածներից է «Հյուսիսափայլ» ամսագրում տպագրված նամակներից մեկի հեղինակի ինքնության խնդիրը [1]: Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանց ստորագրությամբ` Կոմս Էմմանուելին հղված այդ նամակի հեղինակի իսկության վերաբերյալ կասկածներ են հայտնվել նույնիսկ 1860 թ., նամակի տպագրությունից անմիջապես հետո, բայց վերականգնել ճշմարտությունը չի հաջողվել: Սարգիս Վարշամյանցի ինքնության հարցով 1940-ական թթ. լրջորեն զբաղվել է Միքայել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի խմբագրությունը: Հատուկ  ուշադրություն  դարձնելով  «Նամակում»  վերհանված  հարցերի, դրա լեզվի եւ ոճի առանձնահատկությունների, բանավիճային ուղղվածության վրա` խմբագրությունը Վարշամյանց ազգանունը համարել է Նալբանդյանի գրական կեղծանունը եւ «Նամակը» զետեղել մեծ հրապարակախոսի Երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հատորում:

Տարիներ անց, սակայն, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Նանումյանը սխալ համարելով Նալբանդյանի «Երկերի» խմբագրության ենթադրությունը, փորձել է հաստատել նամակագիր Վարշամյանցի հեղինակային իրավունքը [2]: Այսպես, հոդվածագիրը հայտնում էր, որ Սարգիս Վարշամյանց անուն-ազգանունով գործիչ իրականում ապրել է Բաքվում, զբաղվել ազգասիրական, լուսավորական գործունեությամբ եւ իր հետաքրքրասիրությունների բերումով ու զարգացման մակարդակով միանգամայն ի վիճակի է եղել նման մի «Նամակ»-հոդված ուղարկելու «Հյուսիսափայլի» խմբագրությանը:

Ռ. Նանումյանի հաղորդումը նույնպես առարկության հանդիպեց: 1981 թ. «Պատմա-բանասիրական հանդեսում» տպագրված բանավիճային մեր հոդվածում` այս հարցի շուրջ մենք այն համոզմունքը հայտնեցինք, որ Նալբանդյանի «Երկերի» հրատարակիչներն ունեցել /45/ են բոլոր  հիմքերը   «Նամակը»    հատորում զետեղելու համար: Ինչ վերաբերում է Ռ. Նանումյանի վկայակոչած փաստերին, ապա, մեր կարծիքով, նրա կռվանների համար, հավանաբար, հիմք է ծառայել իրական Վարշամյանցից ստացված ինչ-որ թղթակցություն, որը խմբագրությունը  հիմնովին  վերափոխելով դարձրել  էր  հակառակորդների դեմ ուղղված բանավիճային հոդված [3]: Պատահական չէր ուրեմն, որ «Նամակի»  հրապարակումից  անմիջապես  հետո  Մսերյաններն  այդ փաստաթղթում նշմարել են Կոմս Էմմանուելի` «բազմաց հայտնի հեղինակի» մասնակցությունը գործին: «Հյուսիսափայլի» խմբագրության նման ձեռնարկումը մենք տրամաբանական էինք համարում, հաշվի առնելով այն թշնամական մթնոլորտը, որն ստեղծվել էր ամսագրի շուրջը` առաջին իսկ համարի տպագրությունից ի վեր:

«Հյուսիսափայլի» առաջին համարը բացվում էր «Հայկական լեզվի խորհուրդը» ծրագրային առաջաբանով, որը Նազարյանի նախահյուսիսափայլյան շրջանի աշխատություններում արծարծված գաղափարների ընդհանրացված գիտական շարադրանքն էր: Այստեղ նա կրկին հայտարարում էր նոր ժամանակների պահանջներին համապատասխան` աշխարհաբար լեզվի կիրառությանն անցնելու իր վճիռը, բացահայտում 1860-ական թվականների ազգային զարթոնքը խթանող գործոնների դերը եւ նշանակությունը: Օգտվելով Նոր տարվա շնորհավորական խոսքի  հնարավորությունից «Հյուսիսափայլի»  խմբագիրը  եռանդուն գործունեության   էր   կոչում   ազգայիններին,   շնչավորում   Հայրենիք հասկացությունը: Քաղաքացիական ազնիվ պաթոսով տոգորված այս անկաշառ խոսքը հայությանն էր հաղորդում այն միտքը, թե կար Հայրենիք, որին պարտավոր էին ծառայել հասարակության բոլոր անդամները: Նույնիսկ ժողովրդին դիմելու նոր եղանակը` «Ազգի անդամներ», «Հայազնյա մարդիկ», «Մեր պատվելի եղբայրք եւ ընկերք» արտահայտությունները, ժամանակի ոգին խորհրդանշող եւ ազգի քաղաքացիական արժանապատվությունը շեշտող նորույթներ էին:

Խորապես համոզված լինելով, որ խավարամոլներին այլեւս չի հաջողվի կասեցնել կյանքի առաջընթացը, Նազարյանն ազգասեր գործիչներից պահանջում էր գործել վստահորեն եւ ջախջախել «խավար վիշապի գլուխը»: Առաջիկա անխուսափելի պայքարում հաղթելու առաջին զորեղ զենքը Նազարյանը համարում էր ժողովրդին հասկանալի եւ կիրթ  աշխարհաբարը առանց  որի  անհնար  էր  գտնում  ամենօրյա /46/ հաղորդակցությունը    նրա    հետ,    ինչպես        նաեւ        հայ        նոր գրականության   ստեղծումն   ու   ազգային   կյանքի   նորոգությունը: Առաջինը   մեր   իրականության   մեջ`   Նազարյանը  հրապարակում   է գրական աշխարհաբարի մշակման համարձակ մի ծրագիր, ըստ որի` մերժվում էր գրաբարի գերիշխանությունը նոր լեզվի վրա, բայց եւ միաժամանակ     անընդունելի     էր     համարվում     որեւէ     բարբառի անվերապահորեն  դիմելու  ճանապարհը Այս  առիթով  նա  գրում  էր. «Մեր  սիրտը  վկայելով որ  գռեհիկ  ժողովրդի  վայրենացած  լեզվով ամենեւին անհնար էր ուսումն տալ ազգին, ընտրեցինք մի ընդհանուր ոճ խոսակցության ինչքան  կարելի  էր հեռի  պահելով  մեզ  տեղական առանձին   բարբառներից,   հետեւելով   միայն   այն   առավել   ընտիր աշխարհաբար հայախոսությանը, որ հայաբնակ քաղաքներումը Ռուսաստանի, լսվում է ընդհանրապես» [4]: Սակայն, գրաբարի հարուստ ժառանգությունից նա իսպառ չէր հրաժարվում: «Մեր հայոց գեղեցիկ աշխարհաբար  լեզուն,   գրում  էր  նա,   պիտո  է  յուր  փոքր  ի  շատե անարատ դրության մեջ հառաջ գնա, մի ոտքը պահելով միշտ հին նախնական հիմքի վերա, օր ավուր լցուցանելով յուր պակասությունքը հին լեզվի ճոխ գանձարանից» [5]: Այս պարագայում նա հայկաբաններից պահանջում է պահպանել չափի զգացումը եւ գրաբարից վերցնել միայն ամենաանհրաժեշտը:

«Հայկական լեզվի խորհուրդը» հոդվածը, որը XIX դարի 60-ական թվականների հայ հասարակական կյանքի վերափոխման, եվրոպական քաղաքակրթության օրինակով դրա նորոգության մի բացառիկ կարեւոր ծրագրային փաստաթուղթ էր, սրերով է ընդունվում ժամանակի հետահայաց գործիչների կողմից: Կարճ ժամանակից մթնոլորտն ավելի է շիկանում, երբ «Հյուսիսափայլի» էջերում լույս են ընծայվում Նալբանդյանի, Նազարյանի եւ ամսագրի մյուս աշխատակիցների թե՛ ընթացիկ հոդվածները, թե՛ պատասխանները բանավիճողներին: «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ», ապա նաեւ «Մասյաց աղավնի» պարբերաթերթերում տպագրվում էին Ստեփանոս քահանա Մանդինյանի, Մսեր եւ Զարմայր Մսերյանների, Մովսես Իսահակյանի հոդվածները: Սկսած 1860 թ. իր հեղինակավոր խոսքն է ասում նաեւ Գաբրիել Այվազովսկին: Շուտով բանավիճային   հրապարակի   տիրակալն   է   դառնում   մոսկովաբնակ բանասեր Հովսեփ Չերքեզյանը, որն իր մարտական հոդվածներով ողողում է ժամանակի թերթերը, չխորշելով նաեւ սադրանքների եւ անվայել մատնությունների միջոցներից:

/47/ Շատ   հետաքրքրական   է   եւ   ժամանակի   համար   բնորոշ,   որ «Հյուսիսափայլի» դեմ սկսված բանավիճային պայքարը զուգակցվում էր նաեւ այսպես կոչված բանաստեղծական զեղումներով, որոնք իրականում հայհոյանքներ էին` չափածո ձեւի մեջ, սպառնալիք եւ կամ հակառակորդին  ոչնչացված  տեսնելու  անմիտ  ցանկություն: Վերոհիշյալ   պարբերաթերթերը,   ի   դեպ,   ապագա   ընթերցողներին «հիշատակ» են թողել իրենց ողորմելի երազների, տեսիլների, չափածո եւ արձակ առակների մի պատկառելի հավաքածու:

Նազարյանը  հարկադրված  էր  խմբագրական ընթացիկ  գործերի հետ մեկտեղ պատասխանել «համաճարակային» բնույթի այդ հոդվածներին, թեեւ իբրեւ ճշմարիտ հրապարակախոս, նա արժանապատվությունից ցածր էր համարում իջնել մինչեւ վերը հիշված տեսիլների ու երազների  տնաբույս  հեղինակներին  պատասխանելու  մակարդակը: Նազարյանի եւ Նալբանդյանի հոդվածներից բացի, «Հյուսիսափայլում» տպագրվում  էին  նաեւ  ամսագրի  խմբագրությանը  մոտ  կանգնած  մի շարք գործիչների հոդվածներն ու բողոքի նամակները (Սադա Ալեքսանդրյանց, Հակոբ Սերոբյանց, Մարտիրոս Սիմոնյանց): Այս շարքի հոդվածագիրներից էր դիտվում նաեւ Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանցը որի  «Նամակ»-հոդվածը  դարձավ  բանավեճերի  առարկա: Արդ, անդրադառնանք այդ «Նամակի» հեղինակի ինքնության խնդրին եւս մեկ անգամ:

Ռ. Նանումյանի եւ տողերիս հեղինակի` վերը հիշված բանավիճային հոդվածների տպագրությունից տարիներ անց, իրերի բերումով, ծանոթացանք «Արձագանք» շաբաթաթերթում տպագրված մի մահախոսականի, որը սկիզբ դրեց նոր որոնումների: Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հրատարակիչ Գեւորգ Աքիմյանի գործընկեր, հայ մանկավարժ եւ հասարակական գործիչ Հովսեփ Փոնդոյանի մահվան առիթով գրված այդ մահախոսականում նշված է. «Վերք Հայաստանին» տպագրվելուց հետո Փոնդոյանը կողմնակի կերպով օգնում էր հայր Մանդինյանի  «Մեղու Հայաստանի» լրագրին  եւ  համեստաբար պահելով յուր անունը, նա մի շարք հոդվածներով (1858 եւ 1859 թվականներին) հերքեց «Հյուսիսափայլի» մեջ երեւեցած այն կարծիքը, որ իբր թե մասնավոր անհատները կարող են ժողովրդի համար որեւիցե լեզու ստեղծել: Փոնդոյանը այս խնդրից դուրս չէր խառնվում «Մեղուի» եւ «Հյուսիսափայլի» մեջ հարուցած բանակռվին, բայց յուր վերոհիշյալ գրվածների մեջն էլ արդեն բավականին հմտություն ցույց տվեց, ամենայն քաղաքավարությամբ առաջ բերելով անհերքելի փաստեր օտար գրականությունից Նա  անմիջապես հեռացավ  ասպարեզից, երբ հիշյալ երկու /48/ թերթերի բանակռիվը    չափազանցության հասավ» [6]:

Փոնդոյանի հոդվածների որոնումները մեզ հանգեցրին հետեւյալին. «Մեղու Հայաստանի» թերթում 1858 թ. նա տպագրել է երեք հոդված: Առաջին երկու հոդվածը կրում են հեղինակի պայմանական անվան Մ. Ղ. սկզբնատառերը [7]: Երրորդ` անվերնագիր հոդվածը տպագրվել է Թովմաս Դավթյան ստորագրությամբ [8]: Չորրորդ հոդվածը, որն անստորագիր է, լույս է տեսել 1860 թ. [9]: Այն, որ հիշյալ չորս հոդվածը պատկանում են միեւնույն հեղինակին, ապացուցվում է ոչ միայն դրանց լեզվի առանձնահատկություններով, որն աչքի է ընկնում Թիֆլիսի բարբառի ինքնատիպ երանգավորումներով, այլեւ, որ շատ ավելի հատկանշական է, հոդվածներում արծարծված խնդիրների տրամաբանական սերտ կապով [10]:

«Քննություն»  վերնագիրը  կրող  առաջին  հոդվածում որն  ունի «Պարոն Ստեփանոս Նազարյանցը եւ նորա գրավոր վաստակը» երկրորդ հիմնական խորագիրը, հոդվածագիրն իր նպատակն է համարում հայ գրականության մեջ սկսված աշխուժության կապակցությամբ քննարկել, ապա եւ միմյանց հետ հաշտեցնել մամուլի էջերում արտահայտվող կարծիքները, որոնք թեեւ հետապնդում են միեւնույն նպատակը, բայց եւ կարող են դանդաղեցնել ընդհանուր առաջադիմության ընթացքը: Ինչպես պարզվում է Մ. Ղ. հոդվածներից, նրան հուզող հիմնական խնդիրն աշխարհաբար գրական լեզվի մշակման նազարյանական ծրագիրն էր, որը նա միանգամայն անընդունելի էր համարում:

Բուն հարցին անդրադառնալուց առաջ, հոդվածագիրը փորձում է ներկայացնել Նազարյան-գիտնականի գրական վաստակը: Նա այն միտքն /49/ է հայտնում, թե իբրեւ դասախոս եւ գիտնական ճանաչված Նազարյանը տկար է գրաբարի մեջ, իր    «Այբբենարանում» [11] մանուկներին խառնիխուռն գիտելիքներ է հրամցնում, կազմում է բարդ բնագրեր եւ այլն: Ազգի օգտի համար աշխատելու փոխարեն, Մ. Ղ. կարծիքով, Նազարյանն «առավել ջանադիր է լինում յուր գիտության աստիճանը  ցույց տալու ազգին քան թե նրան մի կերպ օգուտ բերելու» [12]: Այնուհետեւ արդեն քննության առնելով «Հայկական լեզվի խորհուրդը»  ծրագրային հոդվածում արծարծված խնդիրները, հեղինակը  խստիվ մերժում  է բարբառները  մշակելու  եւ մեկ գրական լեզու ձեւավորելու Նազարյանի ծրագիրը: «Նազարյանը պետք է ձեռ վեր առնի` աշխարհաբար լեզվի նորաշինությունիցը», ճանապարհորդի Հայաստանում, ուսումնասիրի բարբառները եւ հասկանա իր սխալները, հայտարարում է նա: Զարգացնելով այն միտքը, թե ժողովրդի լեզուն պատմության «կենդանի հիշատակ է», Մ. Ղ. գտնում է, որ սխալ է` միմիայն արեւմտահայ եւ արեւելահայ լեզուների հեռանկարային լինելու հանգամանքն ընդգծելը  եւ պահանջում է  հավասարապես ընդունել բոլոր գավառաբարբառների պահպանման եւ օգտագործման անհրաժեշտությունը: Չընդունել բարբառները, գրում է նա, կնշանակի «պատմությունը  ուրանալ աշխարհի  մեջ  եղած  իրողությունները  եւ նոցա ծանր-ծանր հետեւանքները, որ մի անգամ հառաջացել են եւ ներգործում են այժմ, ոչինչ համարել, ջուրը ձգել, իսկ այդ խելացի մարդու գործ չէ» [13]: Ավելին` Մ. Ղ. ծաղրում է բոլորին հասկանալի` մեկ լեզու մշակելու Նազարյանի մտադրությունը, ասելով, որ այն կդառնա ոչ թե հայոց լեզու, «այլ պարոն Նազարյանցի լեզու»:

«Բանաքննություն»  վերնագրված  երկրորդ  հոդվածում  Մ Ղ. անդրադառնում է Նազարյանի լեզվական հայացքներին, կշտամբում նրան գրաբարից օգտվելու առաջարկի համար, գտնելով, որ «աշխարհաբար լեզվի խոսքերի նյութը պիտի առնվի կենդանի բառարանից, որ է`  ժողովուրդը» Ինչ  վերաբերում  է  Նազարյանի  այն  կարծիքին թե քանի որ բարբառները քերականություն չունեն, «Էս պատճառով պետք է լեզուն ուղղած, կանոնի տակ դրած» լինի, ապա Մ. Ղ. ամենայն համոզվածությամբ գրում է, թե խանգարումն այն չէ, որ այդ լեզուն հեռացել է գրաբարից, այլ այն, «երբ որ մէ մարդ մէ ինքնակոչի պես դուս է /50/ գալի   գրականության   ասպարեզ    ու   սկսում   է   իրմէն   օրենքներ հնարել, լեզուն ծռմռել: Պարոն Նազարյանցը խանգարում է հայոց լեզուն: Ափսո՜ս, շատ ափսոս: Մենք ուրախ ենք գոնյա, որ ժողովուրդը չի սեփականում նրա հնարած քերականական ձեւերը» [14]:

Երրորդ հոդվածում, որն իբր ուղարկված էր Օդեսայից եւ ստորագրված Թովմաս Դավթյան անունով, հեղինակը, կրկին քննության առնելով աշխարհաբար գրական լեզուն մշակելու խնդիրը, այն միտքն է հայտնում, որ այդ հարցի տեսաբանները «ամենեւին ծանոթ չեն ժողովրդի լեզվի հետ»: Այստեղից էլ այն թյուր կարծիքը, գրում է նա, որ «իբր թե աշխարհաբար լեզուն չափեմեն դուս աղքատ է»: Թ. Դավթյանը գտնում է, որ այդ գործիչները վաղ հասակում մեկնելով օտար երկրներ, վերադարձից հետո չեն ծանոթանում ժողովրդի կյանքին եւ նրա կենդանի լեզվին: «Մոռանալով իրենց մայրենի լեզուն, նրանք սկսում են կամաց-կամաց  ստեղծել  նոր  հայոց  աշխարհաբար  լեզու  գրաբարի ազդեցության տակ: Սրա օրինակը կարող է լինել պ. Նազարյանցը»: Հակադրելով Աբովյանին եւ Նազարյանին, Թ. Դավթյանը գրում է. «Մեկի աղբյուրը աշխարհաբար գրելիս հիմիկվա ժողովուրդն է, մյուսի աղբյուրը  հայոց  գրաբար  բառարանն  է  ու  սեփական  երեւակայությունը… Աբովյանը ամեն ժամանակ իր գրություններում կոնսերվատոր է, պահպանող հայրենական սուրբ ավանդությունների, Նազարյանցը սրա հակառակ զայրացյալ ռադիկալ է, հենց կարծես տակն ու վերեւ է ուզում անիլ հայրենի սուրբ ավանդությունները»: Նազարյանը, շարունակում է Դավթյանը, ժողովրդին պարտադրում է իր բժշկական ծառայությունը` անծանոթ լինելով նրա ցավերին. նրա առաջարկած դեղերն են` «անվարավուրդ խոսալը, սաստիկ կշտամբանքը, …հարայ հրոց հիվանդի վրա, գլուխ դանգ անիլ…», իսկ այս դեղերը կարող են հիվանդին միայն հուսահատեցնել [15]:

Դարձյալ դիմելով ռուս եւ օտարազգի գիտնականների ասույթներին, նա անընդունելի է համարում տարբեր բարբառների քերականական ձեւերի նույնացումը: Միաժամանակ կրկնելով Մ. Ղ. հոդվածում արտահայտված  այն  միտքը թե  լեզուներն  օգնում  են  հասկանալու ազգի կյանքի եւ պատմության հանգամանքները, Թ. Դավթյանը եզրակացնում է, որ «լեզուն պատմության երեւելի հիշատակարաններից մեկն է. նշանակում է` լեզվի խանգարիչը պատմության նյութերու ու աղբյուր/51/ներու խանգարիչ է» [16]:

Շատ ավելի մարտական է այս շարքի վերջին, անստորագիր հոդվածը, որը հեղինակը, հավանաբար, գրել է նախորդ հոդվածներում շոշափված հարցերն ամփոփիչ եզրահանգման հասցնելու նպատակով: Թերեւս այս  պատճառով  են հարցադրումները կրկնվում: Այսպես, նա առարկում է Նազարյանի այն տեսակետին, թե տարբեր բարբառներից հարկ է ստեղծել մեկ, մշակված, բոլորին հասկանալի լեզու: Դարձյալ պնդում է, որ գրականության զարգացումը պետք է ընթանա տեղական բարբառներով, քանի որ «մեր ժամանակը դեռ չէ հասել ընդհանուր լեզվի համար»: Այն միտքն է հայտնում, որ մեկ բարբառով գրված «Վերք Հայաստանի» վեպը մատչելի է բոլոր ընթերցողներին, այնինչ Նազարյանի գրքերն անհասկանալի են: Այնուհետեւ հոդվածագիրը գրողներին խորհուրդ է տալիս ճարտասանական, փիլիսոփայական, վերացական գրվածքների փոխարեն գրել ժողովրդին հասկանալի  վեպեր, բանաստեղծություններ, որոնք նրան ծանոթացնեն եւ՛ իրենց լեզվին, եւ՛ կյանքին: Բացի այդ, հայտնում է, ի դեպ, այն արտառոց միտքը, թե «գրողները թող էնպես բաներ գրեն, որ մեր լեզուն կարողանա բացահայտել»:

Այս  դատողություններին  հետեւում  են  նաեւ  այնպիսի  մեղադրանքներ, ըստ որոնց` Նազարյանը հնարավոր է գտնում նոր լեզվի մշակման ընթացքում օգտվել գրաբարյան լեզվաձեւերից, երբեմն նաեւ եվրոպական բառերից, «իսկ թուրքի, պարսկի խոսքեր, որն որ մոտ երկու-երեք հարյուր տարի գործ են ածում հայերը, պարոն վարդապետը չէ հրամայում գործ ածել» [17]:

Այնուհետեւ հոդվածագիրն անուղղակիորեն հրապարակում է իր հիմնական նպատակը, որը ստանում է սպառնալիքի երանգ. «Մենք կատարյալ վարձատրված համարենք  մեր գլուխը եթե  մեր խոսքերով մենք հորդոր կըլնենք մեր շնորհալի երիտասարդներին, որ նրանք ուշքները դարձնեն մեր ժողովրդական լեզվի վրա ու աշխատեն էս լեզուն հանել էս անվայել արհամարհանքից, որի մեջ որ գտնվում է պ. Նազարյանցի ու ուրիշների շնորհով» [18]:

Վերջին  հոդվածում  նկատվում  են  նաեւ  անպատշաճ  արտահայ/52/տություններ               Նազարյանի    հասցեին:      Այսպես`      անանուն հեղինակը գրում է, որ Նազարյանի լեզվագիտական հայացքները շատ ցածր  են  այն  մակարդակից որին  հասել  է  եվրոպական  գիտական միտքը  շնորհիվ  Վ Հումբոլդի  եւ  Գրիմ  եղբայրների  գործունեության:

Այնուհետեւ միանգամայն անվարան, նա Նազարյանին համարում է մեծամիտ, որն իբր «Հյուսիսափայլում» «իր գլուխը միշտ գովում է» կամ  դափնյա  պսակներ  է  բաժանում Նա  իրեն  իրավունք  է վերապահում խոսել բոլոր հայերի, հարուստների ու կաթողիկոսների մասին, բայց «ինչի՞ վրա է հաստատում էդ իրավունքը, մենք չենք հասկանում: Թե իրան խոր գիտությունովն է պարծենում, մենք գիտենք ինչ որ-որ է, ու շատին էլ հայտնի է, թե բոլոր նրա աշխատությունները խառնիխուռն դեսից ու դենից հավաքած բաներ են ու թե մենակ նրան պատկանում են հայերի վրա մոգոնած շառերը» [19]:

Եթե առաջին հոդվածներին կարելի էր չպատասխանել, քանի որ Նազարյանի  հակառակորդների  հայհոյական  ելույթների  «համանվագի» մեջ դրանք մեծ մտահոգություն չէին պատճառում, ապա վերջին հոդվածը ոչ միայն հատում էր լրագրային բանավեճի պատշաճության սահմանները, այլեւ որոշակի վտանգ էր ներկայացնում: Ինչպես ասվեց, հեղինակն իր իսկ խոստովանությամբ ձգտում էր «հայ շնորհալի երիտասարդների» ուշադրությունը կենտրոնացնել բարբառների վրա եւ հասնել այն բանին, որ նրանք ժողովրդական լեզուն «փրկեն Նազարյանի եւ նրա համախոհների «անվայել արհամարհանքից»: Այս պարագաներում ահա, չնայած իր եւ Նալբանդյանի բազմաթիվ ելույթներին եւ հենց «Հայկական լեզվի խորհուրդը» ծրագրային հոդվածին, որում այս խնդիրները  հանգամանորեն  հիմնավորված  էին անանուն հեղինակի «ջանքերը» կարող էին խաթարել արդեն ձեւավորվող գրական լեզվի զարգացման բնականոն ընթացքը:

Սակայն, մեր կարծիքով, կար մեկ հանգամանք, որը Նազարյանին զրկում էր իր ընդդիմախոսի դեմ բանավեճ վարելու հնարավորությունից: Անշուշտ, նա չէր կարող չիմանալ, որ միմյանց հար եւ նման այդ հոդվածների հեղինակը Փոնդոյանն էր, ա՛յն Հովսեփ Փոնդոյանը, որը Գեւորգ Աքիմյանի հետ քաղաքացիական սխրանք էր կատարել, հրատարակելով Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը եւ փաստորեն այն փրկել կորստից [20]: Անհուն սերը երիտասարդական տարիների իր Մեծ բարե/53/կամի      նկատմամբ      եւ      նրա    անգերազանցելի     վեպի     լույս աշխարհ   գալու   երջանիկ   իրողությունը   բարոյական   ծանրակշիռ գործոններ   էին,   որոնք,   անկասկած,   մեծ   շրջահայեցություն   են պարտադրել   Նազարյան-բանավիճողին:   Փոնդոյանին   չէր   կարելի դասել լրագրային բախումների այն «կորիֆեյների» շարքը, ինչպիսիք էին Նազարյանի «աննկուն» հակառակորդներ Ա. Արարատյանը, Ստ. Մանդիյանը եւ Հ. Չերքեզյանը: Ուստի, Նազարյանը նրան պատասխանելու խնդիրը լուծել է մեծատաղանդ հրապարակախոսի նախանձելի հնարամտությամբ: Օգտվելով Նալբանդյանի` Մոսկվայում գտնվելու հանգամանքից, որը 1860 թ. ամռանը կարճատեւ այցով Պետերբուրգից ժամանել էր Մոսկվա եւ պատրաստվում էր ուղեւորվել Էջմիածին Նազարյանը  նրա  օգնությամբ  կազմել  է  Վարշամյանցի «Նամակը»: Այսպիսով, մենք գտնում ենք, որ Նազարյանի եւ Նալբանդյանի կողմից ստեղծվել է իբր Բաքվից` «Հյուսիսափայլին» համակիր մի գործչից ստացված «Նամակ»-հոդված, որը, նրանց համոզմամբ, անհրաժեշտության դեպքում պատշաճ ըմբռնումով կվերաբերվեր կատարվածին: Իրադարձությունների ընթացքն, իրոք, հաստատեց, որ Վարշամյանցի նկատմամբ նրանց ունեցած վստահությունն անհիմն չէր: «Նամակի» տպագրությունից հետո Մսերյանները մի հոդված են հրապարակում նրա դեմ եւ կշտամբում, որ «Ճռաքաղի» վերաբերյալ ասելիքն իրենց հայտնելու փոխարեն նա դիմել է «Հյուսիսափայլին»: Ի պատասխան այդ հանդիմանության, Վարշամյանցի բարեկամ բժիշկ Դավիթ Ռոստոմյանցը, որը միաժամանակ «Ճռաքաղի»` Շամախիի գործակալն էր, մի նամակով Մսերյաններին հայտնում է, որ Վարշամյանցն այդ հոդվածի համար պատասխանատվություն չի կրում, քանզի նրա ստորագրությամբ տպագրված նամակը, հետեւապես եւ այդ նամակի «բառերն ու իմաստը» իրենը չեն: Ելնելով դրանից, Մսերյանները պահանջում են, որպեսզի Վարշամյանցը մամուլի էջերում հայտնի ճշմարտությունը: Վերջինս, սակայն, որեւէ նամակ չի հրապարակում եւ իր վրա է առնում Զ. Մսերյանի «Դարձված բանից» քննադատական հոդվածի հարվածները [21]:

Սակայն, ի՞նչ հարցեր էին շոշափվում Վարշամյանցի «Նամակում»: Այդ «Նամակ»-հոդվածում առերեւույթ քննարկվում էր «Ճռաքաղ» երկ/54/շաբաթաթերթի        խմբագիրների    լեզվական  քաղաքականությունը, այն խնդիրը, թե աշխարհաբարն անգոսնող հայր եւ որդի Մսերյաններն ի՞նչ  մղումով  են  գրաբար  հրատարակվող  իրենց  պարբերաթերթի լեզուն  դարձրել  աշխարհաբար այն  էլ  այնպիսի  մի  խառնափնթոր գրաբարախառն աշխարհաբար, որը կարող էր վատ օրինակ ծառայել դեռեւս  լեզվական  անհրաժեշտ  պատրաստություն  չունեցող լրագրողների   եւ   ընթերցողների   համար:   Վարշամյանցի   կարծիքով «Հյուսիսափայլը»   պարտավոր   է   հսկել   եւ   մյուս   թերթերի   լեզվի անաղարտությանը, անաչառ խոսք ասել դրանց արժանիքների եւ թերությունների    մասին:    Նա    միաժամանակ    խնդրում    է    Կոմս Էմմանուելին` տպագրել իր նամակը եւ համապատասխան ծանոթագրություններով  զգուշացնել  ընթերցողներին`  հեռու  մնալու «Մսերյանների մատենագրական հերձվածից»:

Վարշամյանցի «Նամակը» թե՛ քննարկված հարցերի եւ թե՛ կառուցվածքի ու լեզվաոճական առանձնահատկությունների առումով միաժամանակ կապվում է Կոմս Էմմանուելի «Հիշատակարանի» հետ եւ մատնում  դրանց  հեղինակների  նույնության  փաստը Այն  գրված  է  Նալբանդյանի գրչին հատուկ երգիծական ոճով եւ փայլում է սրամտությամբ ու Մսերյանների լեզվական հայացքները գլխովին ջախջախելու վարպետությամբ: Բայց այս, ինչպես ասացինք, «Նամակի» միայն երեւութական կողմն է: «Նամակի» հեղինակը Վարշամյանցի անունից, կարծեք հենց այնպես, անուղղակիորեն, բարձրացնում է նաեւ իբր Վարշամյանցին հետաքրքրող, սակայն, իրականում Փոնդոյանի հոդվածներում արծարծված հիմնական վիճահարույց խնդիրները, իսկ Նազարյանն օգտվելով խմբագրի` իր իրավունքից, տողատակի ծանոթագրության ձեւով անմիջապես տալիս է նամակագրին հետաքրքրող հարցերի գիտական, համակողմանի բացատրություններ:

Այսպիսով, ահա, խմբագրության կողմից ստեղծված «Նամակի» հիմնական նպատակն արտահայտվել է դրա ենթատեքստում, որը հնարավորություն է ընձեռել Նազարյանին, իբր Վարշամյանցի դեմ վարած բանավեճի քողի ներքո հերքելու Փոնդոյանի անընդունելի հայացքները եւ մեկ անգամ եւս հիմնավորելու գրական աշխարհաբարի մշակման անհետաձգելիությունը, որն այդ պահին համարում էր «ազգի մեծակշիռ օգուտներից  մեկը» Այս  հանգամանքն  է  «Նամակը»  զրկել հոդվածի դասական միաձույլ կառուցվածքից եւ այն դարձրել տողատակի ծանոթագրությունների  «իշխանությանը»  ստորադաս  նորաձեւ  մի  տրակ/55/տատ [22]:

Նազարյանը եւ Նալբանդյանը Վարշամյանցի «Նամակի» միջոցով ի լուր  ընթերցողների առաջին  իսկ  պարբերությամբ,   հաստատում  էին «Հյուսիսափայլի» պատմական դերը եւ նշանակությունը` իբրեւ հայ նոր գրական լեզվի լինելության առհավատչյան, իբրեւ հայ նոր գրականության ստեղծման անմիջական եւ հզոր գործոն: Այս իմաստով անսահման դիպուկ է ձեւակերպված «Նամակի» մուտքի խոսքը` գրված Կոմս Էմմանուել-Վարշամյանցի կողմից: Ահա այն.

«1858 թվականը  արժանի  է ոսկեղեն  տառերով արձանագրվելու ամենայն բանասեր Հայկազնի հիշատակարանի մեջ: Հայկական նոր գրականության  պատմությունը  այս  թվականից  պիտի  սկսանի  յուր առաջին շրջանը: Այս թվականին ծնավ «Հյուսիսափայլ» օրագիրը: Ոչ մի օրագիր ոչ մի ազգի մեջ այնքան ազդեցություն չէ արած գրականության վերա, այնքան բարի պտուղներ չէ բերած այսպիսի կարճ միջոցում, որքան այդ բազմարդյուն օրագիրը, որ հյուսիսից փայլելով, մի ամենեւին նոր լույս թափեց մեր կենդանի բարբառի վերա, առաջին եւ գլխավոր պատճառ դառնալով կենդանի ազգի  մեջ կենդանի լեզվով խոսելու եւ գրելու» [23]: Նազարյանը եւ Նալբանդյանը` գրական աշխարհաբարի ձեւավորման իմաստուն հեղինակները, հայ ընթերցողին ավետում էին մեր իրականության մեջ կատարված պատմական մեծ երեւույթի ծնունդը, XIX դ. 60-ական թվականների լուսավորական շարժման ամենանշանակալից ձեռքբերումը:

«Հյուսիսափայլի» ուղղության հարցը լուսաբանելուց հետո ամսագրի խմբագրությունն անցնում է իր հիմնական խնդրին` Փոնդոյանի հոդվածներում   արծարծված  մեղադրանքների  քննությանը Ինչպես ակնհայտ  դարձավ  վերջինիս  հոդվածների  համառոտագրությունից, դրանք հիմնականում հետեւյալներն էին. հայոց գրական լեզուն իր զարգացումը պետք է ապրի միմիայն բարբառային-խոսակցական լեզվի հենքի վրա, այն պահպանելու ճանապարհով: Միանգամայն անընդունելի է առանձին անհատների կողմից լեզվի մշակման կամ նոր լեզու ստեղծելու որեւէ փորձ, անթույլատրելի է գրաբարյան լեզվաձեւերի օգտագործումը, մինչդեռ թուրք-պարսկական խոսակցական լեզուների տարրերը, որոնք մտել են հայ բարբառների մեջ, պետք է պահպանվեն:

/56/ Շատ  հետաքրքրական  է որ    այս      «Նամակում» մեծ     տեղ    է տրվել նաեւ Մսերյանների լեզվական քաղաքականությանը, որը շփման եզրեր չուներ Փոնդոյանի հարցադրումների հետ: Սակայն, Փոնդոյանին եւ Մսերյանին ինչ-որ չափով համախմբելով մեկ հարկի տակ, հոդվածագիրները երկու խնդիր էին լուծում: Նախ նրանք պաշտպանության ներքո էին վերցնում աշխարհաբարը` Մսերյանների հարվածներից եւ միաժամանակ, սատարում գրաբարի իրավունքները` բարբառայնության նվիրյալների հարձակումներից: Հարցի էությունը նրանում էր, որ Մ. Մսերյանը 1856 թ. գրաբարով տպագրված «Յիշատակարան Լազարեան տոհմի» գրքի առաջաբանում հայտարարում էր, թե անարժան է համարել այն գրել աշխարհաբար, որովհետեւ «որչափ համեղական եւ ազդոյ եւ գեղեցիկ առաջինն է, այնչափ անհամ է վերջինն, թոյլ, տգեղ, անհեթեթ եւ զուրկ միանգամայն, ’ի կարի կարեւորացն կանոնաց ուղղախօսութեան» [24]: Հակադրվելով այս տեսակետին, Նալբանդյան-Վարշամյանցը յուրովի է հրամցնում Փոնդոյանի ղեկավար այն միտքը, թե աշխարհիկ լեզուն յուրաքանչյուր մտածող եւ ընթերցող հայի կողմից ոչ միայն չի համարվում անհամ, թույլ, տգեղ եւ անհեթեթ, այլեւ «կարող է փոխ տալ մեռած գրաբարին եւ՛ համ, եւ՛ ազդուություն, եւ՛ գեղեցկություն, եւ՛ ուղղախոսության կարի կարեւոր կանոններ: …Մեր խոսքին հավատալու համար, շարունակում է Նալբանդյանը, խնդրում ենք պատվելի մագիստրոսից յուր խրթին հայկաբանության բարձրությունից մի փոքր ցած իջանել եւ առանց կանխակալ դատողության, մտադրությամբ կարդալ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը եւ մեր այժմյան օրագիրները» [25]:

Նազարյանը տողատակում, արդեն իր կողմից, մերժում է եւ՛ Մսերյանների, եւ՛ կարծեցյալ Վարշամյանցի (այն է` Փոնդոյանի) տեսակետները: Նա ցավ է հայտնում, «որ ստիպված է ասել երկու կողմերին եւս, թե շեղված են ճշմարտության ճանապարհից, հառաջ բերելով մինը բարեմտաբար եւ մյուսը, անիմաստաբար խոսք ու զրույց, որ ոչինչ արժեք չունին գիտության դատաստանի առաջեւ»: Ղեկավարվելով միմիայն գիտական չափանիշներով, նա հայտարարում է, որ հայոց աշխարհաբար լեզուն, առանց որեւիցե մշակության չի կարող մեռած գրաբարին տալ գեղեցկություն եւ ուղղախոսության շատ հարկավոր կանոններ: Ավելին, նա խոստովանում է, որ մերժում է նաեւ «այն ռամկախոսությունը, որի վերա  հիմնած  է  մեր  շատ  սիրելի  հիշատակի  բարեկամ  Ապովյանի /57/ «Վերք Հայաստանի» գիրքը: Մենք    չենք  խոսում  այստեղ  դորա  մեծ խորհրդավոր բովանդակության վերա», միաժամանակ ավելացնում է նա: Նազարյանը գտնում է, որ «ոչինչ համեմատություն չկա գրոց, կարելի է ասել տասն դար մշակված լեզվի եւ այժմուս աշխարհաբարի մեջ, եթե առնունք դորան լոկ այնպես, ինչպես որ կենդանի է անկիրթ ռամկի բերանում, առանց որեւիցէ դպրութենական մշակության: Այդտեղ գրոց լեզուն, թե շատ եւ թե փոքր մշակված մեր հին հեղինակների ձեռքով, երեւում է մի պերճ թագավոր, եւ աշխարհաբարը, ինչպես նա գործ է ածվում բուն ռամկի բերանում, հազիվ թե արժանի նորա ոտքը համբուրելու»: Նա հայտնում է նաեւ, որ այս չի նշանակում, թե ինքը պաշտպանում է հին լեզվի իրավունքը, «ոտնակոխ առնելով աշխարհաբարը». ընդհակառակը, շեշտում է, որ իր ամբողջ գործունեության ընթացքում ինքն ապացուցել է, որ «ոչ մի հայ մեր օրերում այնքան բազմամասնյա հանդես տված չէր այդ աշխարհաբարին, ինչքան մեք, «Հյուսիսափայլի» հրատարակողը» [26]: Այսուհանդերձ, ինչպես Մ. Մսերյանը, Նազարյանը նույնպես գտնում էր, որ աշխարհիկ լեզուն անկանոն է եւ թույլ, ինչպիսին է եւ «բազմությունը», «ուրեմն եւ անհնարին` մատենագրել այդ լեզվով  ազգի  դաստիարակության  եւ  լուսավորության  համար» Փոնդոյանին պատասխանելով Մսերյանի հարցադրման միջոցով, Նազարյանը գտնում է, որ ժամանակի անհետաձգելի պահանջն է ոչ թե ձեռք մեկնել «մեր հին օրերի մեռած գրախոս լեզվին», որը ոչինչ հարակցություն չունի ազգի ներկա կյանքի հետ, այլ ժամանակի մեծ եւ կարեւոր խնդիրն է համարում, «որ հրաժարվելով բազմության վայրենացած լեզվից, մշակվի փոքրիշատե մաքուր մնացած եւ քաղաքացի հասարականության մեջ գործածական աշխարհաբարը, որ դորանով այժմյան սերունդը ստանա մի հարմարավոր գործի կրթության եւ լուսավորության»:

Ինչ վերաբերում է Փոնդոյանի այն մեղադրանքին, թե Նազարյանգործիչը եւ կամ որեւէ այլ անհատ իրավունք չունեն նոր լեզու ստեղծելու կամ մշակելու, ապա «Հյուսիսափայլի» խմբագիրը կրկին մեկնաբանում է գրական աշխարհաբարի մշակման անհրաժեշտությունն ու իր տեսակետն այդ հարցում, հերքելով միանգամայն նոր լեզու ստեղծելու իր` կարծեցյալ հավակնությունը:

Նա սխալ դատողություն է անվանում այն միտքը, թե քանի որ ժողովրդական լեզուն մշակագործվելով կորցնում է իր ազգային հարա/58/զատությունը, ուրեմն «պիտո է  ամենեւին  անմշակ  մնար որ պահպաներ յուր ազգայնությունը»: «Չէ. առարկում է Նազարյանը, մատենագի՛րը   կարող   է   միայն   մշակել,   կանոնել,   գեղեցկացնել, ճոխացնել  մի  արդեն  տված  նյութ  լեզվի բայց  նա  չունի  իրավունք լեզուն փոփոխել. եւ այդ բանը արած չեն մեր հայոց հեղինակքը» [27]:

Նազարյանն իր մեծարժեք ծանոթագրություններում ուշադրություն է հրավիրում նաեւ այն իրողության վրա, որ լեզուն եւ մատենագրությունը, «այս երկու մեծ հայելի պատկերքը ազգային կյանքի», գտնվում են մշտական փոփոխության մեջ, ուստի եւ, բնականաբար, նոր կյանքը պահանջում է նոր կարգ, նոր օրենք, նոր լեզու, նոր մատենագրություն: Ահա թե ինչու, «միտ դնելով նոր Եվրոպայի մատենագրության ընթացքին», ըստ որի ամենայն ազգի նորոգ շինության համար օգտագործվում են շատ նյութեր հնության միջից, «այդպես  է ընթացել եւ միշտ «Հյուսիսափայլի» հրատարակողը»: Նա դարձյալ Փոնդոյանին էր պատասխանում, բացատրելով, որ իր կողմից «հին լեզվի բոլոր պատվական նյութքը գործ են դրված նոր աշխարհաբարի մեջ, հետեւելով լեզվի ընդհանուր լոգիկային եւ դուրս ձգելով ռամկական տաճիկ ձեւերը խոսակցության, որ մտել են հայերի մեջ իբրեւ մի տխուր ժառանգության տաճկական իշխանության» [28]:

Նալբանդյանն իբրեւ նամակագիր, իր հերթին, մերժում է Մսերյանների որդեգրած «աշխարհաբարը», անուղղակիորեն պատասխանում Փոնդոյանի հարցադրումներին: Եթե գրաբարով գրող հեղինակների համար անհամեմատ դյուրին է հարազատ մնալ գրաբարի հին, քարացած ձեւերին, նշում է նա, ապա շատ ավելի դժվար է գրել «անդադար շարժողության մեջ գտնվող» կենդանի ժողովրդի լեզվով: Փույթ չէ, որ աշխարհաբար լեզվի կանոնները դեռեւս տպագրված չեն «Քերականություն» խորագիրը կրող գրքի մեջ, որն ազգային գրականության վերջին խնդիրներից է: Սակայն, կրթված եւ մտածող հեղինակներն իրենց գիտելիքների եւ նուրբ ճաշակի շնորհիվ կարող են հարդարել եւ կոկել «անգրագետ ժողովրդի ավերած ու տգեղացրած նյութը լեզվի»: Այս իմաստով նկատի առնելով Մսերյանների «Ճռաքաղի» աշխարհաբար կարծված «ինքնահնար ու անկանոն լեզուն», Նալբանդյանն անուղղակիորեն, բայց բառացի, բնականաբար, առանց անվան հիշատակության, մեջբերում է Փոնդոյանի ասույթներից մեկը, որը նա կրկնում է իր հոդվածներում: «Եթե մի քանի հայք, գրում է Նալբանդյանը, հանիրավի համարում են «Հյուսիսափայլը» աշխարհաբար լեզվի խանգարիչ, այդ /59/ օրենքով    ո՛րչափ    եւս    առավել    «Ճռաքաղը»  պիտի  համարվի  եւ՛ գրաբարի, եւ՛ աշխարհաբարի ավերիչ» [29]:

Կարծում ենք, Վարշամյանցի «Նամակի» հրապարակումն այն վճռական դերն է կատարել, որ Փոնդոյանը ոչ միայն վերջնականապես համոզվելով Նազարյան-գիտնականի հարցադրումների ճշմարտացիության մեջ, այլեւ ըմբռնելով նրա ազնիվ պահվածքի խորհուրդը, աննպատակահարմար է գտել շարունակել բանավեճը նրա հետ եւ այս պայքարում իր դերն ավարտված համարել [30]:

Հովսեփ Փոնդոյանի խոհեմությունը, սակայն, քիչ է օգնում Նազարյանին: Հետագայում  նույնպես աննահանջ ու համառորեն շարունակում էին գործել նրա հակառակորդները, որոնց հոդվածներն ու վտանգավոր սադրանքները տապալում են ոչ միայն Նազարյանի լուսավորական որոշ ձեռնարկումները, այլեւ նյութական ու բարոյական խոչընդոտներ հարուցում նրա խմբագրական աշխատանքի համար:

Նալբանդյանի ձերբակալությունից հետո մենակ եւ անօգնական Նազարյանը  1863 թ. ժամանակավորապես ընդհատում է «Հյուսիսափայլի» հրատարակությունը: 1864 թ. նա թեեւ կարողանում է շարունակել ամսագրի տպագրությունը, բայց 1865 թ., այնուամենայնիվ, հարկադրված դադարեցնում է լրագրային գործունեությունը:

Ինչ  վերաբերում  է  Վարշամյանցի  «Նամակին» ապա  այն  Նա-

զարյանի խմբագրական-հրապարակախոսական գործունեության բացառիկ հետաքրքրական էջերից է, պրոֆեսիոնալ լրագրողի ինքնատիպ մի հնարանք, որն այսօր իսկ կարող է զարմանք ու հիացմունք պատճառել հայ լրագրության մասնագետներին:



[1]     «Նամակ (ստացված Բաքվից «Հյուսիսափայլի» անունով), Փայտակարան. 1860 թվականի օգոստոսի 12-ին». «Հյուսիսափայլ», 1860, թիվ 11, էջ 384-396:

[2]     Ռ. Պ. Նանումյան, նշվ. աշխ.:

[3]     Մ. Հ. Մխիթարյան, Նորից Սարգիս Վարշամյանցի «Նամակի» առթիվ. «ՊԲՀ», 1981, թիվ 3, էջ 243-252: [Տե՛ս նախորդ հոդվածը: ]

[4]     «Հյուսիսափայլ», 1858, թիվ 1, էջ 31:

[5]     Նույն տեղում, էջ 34:

[6]     «Արձագանք», 1883, թիվ 28, էջ 400:

[7]     . Ղ.., Քննություն. Պարոն Ստեփանոս Նազարյանցը և նորա գրավոր վաստակը.   «Մեղու  Հայաստանի», 1858 թիվ  29 էջ  228-232 թիվ  30 էջ  237-239 նույնի` Բանաքննություն. Նույն տեղում, թիվ 36, էջ 285-287: ]

[8]     [Նույն տեղում, թիվ 48, էջ 380-384: ]

[9]     [Պարոն Նազարյանցի աշխարհաբար լեզվի վրա. Նույն տեղում, 1860, թիվ, 5, էջ 36-40; թիվ 6 էջ 42-46: ]

[10]   Միքայել  Նալբանդյանի  Երկերի  լիակատար  ժողովածուի  երրորդ  հատորի (Երևան, 1982) ծանոթագրություններում մենք թույլ ենք տվել երկու վրիպում: Խոսելով Մ. Ղ. հոդվածների մասին, դրանց հեղինակ ենք համարել Ղազար Մարգարյանին, որի` իբրև  շաբաթաթերթի  աշխատակցի  անունը  հիշատակված  է  խմբագրության  ծա նուցումներից մեկում: Այնուհետև երրորդ հոդվածի հեղինակ ենք համարել Թովմաս Դավթյանին: 1858 թ. հոկտեմբերի 22-ի թվակիր այս հոդվածի մուտքի խոսքում նշված է. «Այս օրերուն Օդեսայից թուղթ ստացա՛նք գիտնական Թովմաս Դավթյանից, որով խնդրում է այս հոդվածը ժողովրդակա՛ն լեզվի վերա հրատարակել «Մեղու Հայաստանի» լրագրի միջոցավ»: Տե՛ս . Հ. Մխիթարյան, Ծանոթագրություններ. –] Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 3, էջ 362-363:

[11]   Ստ Նազարյան, Առաջին  հոգեղեն  կերակուր  հայազգի  երեխաների  համար, Մոսկվա, 1853:

[12]   Մ. Ղ.., Քննություն. Պարոն Ստեփանոս Նազարյանցը և նորա գրավոր վաստակը . «Մեղու Հայաստանի», 1858, թիվ 29, էջ 232:

[13]   Նույն տեղում, թիվ 30, էջ 238-239:

[14]   Մ. Ղ.., Բանաքննություն, էջ 287:

[15]   «Մեղու Հայաստանի», 1858, թիվ 48, էջ 380-381:

[16]   Նույն տեղում: Անկախ Փոնդոյանի նախորդ հոդվածների հետ սույն հոդվածի ունեցած բացարձակ նմանությունից, մենք անհնար ենք գտնում, որ երեք ամսվա ըն թացքում «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթը կարող էր հասնել Օդեսա, դրա էջե րում տպագրված երկու հոդվածների հիմնախնդիրը լուսաբանվեր մի նոր, ծավալուն հոդվածում, որը և ուղարկվեր Թիֆլիս ու լույս ընծայվեր:

[17]   Պարոն Նազարյանցի աշխարհաբար լեզվի վրա. «Մեղու Հայաստանի», 1860, թիվ, 6, էջ 44:

[18]   Նույն տեղում, էջ 46:

[19]   Նույն տեղում:

[20]   Հովսեփ Փոնդոյանը համալսարանական կրթություն ուներ և աչքի է ընկել իբրև մանկավարժ ու հասարակական գործիչ: Նա, միաժամանակ, աշխատակցել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին և «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրին: 1863 թ. այդ ամսագրի  էջերում  նա  հրատարակել  է  երկու  մեծարժեք  պատմական  աշխատություններ` Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «Ժամանակագրությունը» [1863, թիվ 2, էջ 92-112; թիվ 3, էջ 181-212] և կաթողիկոս Հովսեփ Արղությանի «Հիշատակարանը» [1863, թիվ 4, էջ 278-308; թիվ 5, էջ  321-328; թիվ  6, էջ  419-443; թիվ 7, էջ  505-519; թիվ 8, էջ  582-599]` ծավալուն և փաստառատ առաջաբաններով:

[21]   Տե՛ս «Ճռաքաղ», 1860, թիվ 9; 1861, թիվ 13, 15, 20:

[22]   Եթե «Նամակի» բուն բնագիրը զբաղեցնում է հասարակ շարվածքի 253 տողը, ապա Նազարյանի ծանոթագրությունները, շարված պետիտով` զբաղեցնում են 234 տող: Մեքենագրված տողերի հաշվարկով նամակի բնագիրը զբաղեցնում է միայն 233 տող, այնինչ, Նազարյանի տողատակի ծանոթագրությունների տողերի քանակը հասնում է 285-ի:

[23]   «Հյուսիսափայլ», 1860, թիվ 11, էջ 384:

[24]   [Յիշատակարան  կենաց   եւ   գործոց   Մեծանուն  պայազատաց  Լազարեան տոհմի…, էջ X: ]

[25]   «Հյուսիսափայլ», 1860, թիվ 11, էջ 389:

[26]   Նազարյանի  ծանոթագրություններից  վերցված   քաղվածքները  տե՛ս   նույն տեղում, էջ 389-394:

[27]   Նույն տեղում, էջ 394:

[28]   Նույն տեղում:

[29]   Նույն տեղում, էջ 395:

[30]   Ուշադրության արժանի  է  նաև  Վարշամյանցի «Նամակի» դասական ասույթ-բնաբանը` «Պլատոնը բարեկամս է, բայց է՛լ ավելի մեծ բարեկամս է ճշմարտությունը»: Այս բնաբանը, որն ամենայն իրավամբ կարելի է  հոդվածի հիմնական բաժնի` ենթատեքստի վերնագիրը համարել, անշուշտ, ուղղված էր մի մարդու, որին հարգելով հանդերձ, խմբագրությունը հարկադրված էր ցավ պատճառել նրան: