Տոմսեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԻՒԼԷԱԿԱՆ, ՋՐԱԾԻՆ
      
       «Մեծ»երն ալ - մանաւանդ ծանօթ Չորս-Հինգը-երբեմն կը մանկանան։
       - Ես հիւլէական ռումբ ունիմ։ Ես միայն ունիմ։
       - Մի պարծենար։ Ես ալ ունիմ։
       - Ջրածին ռումբին գաղտնիքը միայն ես գիտեմ։ Եւ արդէն պահեստ մը կազմած եմ։
       = Ես ալ գիտեմ։ Դեռ նոր լսեցիք պայթիւնը։
       «Սովետական մարդիկ» չեն գոհանար այս յայտարարութեամբ եւ ասպարէզ կը կարդան ոչ միայն արձակ, այլեւ ոտանաւոր։
       Մոսկուայի «Գրական Թերթ»ը, «Լիտեռատուռնայա Կազեթա», անցեալ շաբթու բանաստեղծութիւն մը տպեց, ի փառս ջրածին ռումբին. -
      
       Պաշտպանութիւնը մեր հպարտանքն է. - Մեր դատը։
       Կան հիւլէական ռումբեր. - եւ ջրածին ռումբեր։
       Ոչ մէկ սպառնալիք խաղաղասէր ժողովուրդներու համար։
       Բայց դաս մը գոռոզ եւ անպատկառ միսթրներուն.
       Որպէսզի չպարծենան Սովետներուն առջեւ.
       Վասնզի միայն իրենք չեն, որ զանազան գաղտնիքներ գիտեն։
      
       Անշուշտ Երեւանի մէջ անհրաժեշտ խնամքը տարած են, ոտանաւորի վերածելու համար այս «լիրիկական պոեզիա»ն, առանց բառ մը տեղէն խախտելու։
       Իբրեւ փոքր ժողովուրդի մը զաւակը, ես ալ ներշնչուելով, քանի մը տող կը մրոտեմ. -
       Հիւլէական, ջրածին
       Դեւերու պէս կը յածին.
       Կը սպառնան չորին, թացին։
       Մարդ- գիտուններ դիւածին
       Դժոխքի դուռներ բացին,
       Ի շահ հզօրին, մեծին։
       Մի՛ պարծենաք, ա՜յ մեծեր,
       Երիտասարդ եւ կամ ծեր,
       Հիւլէական, ջրածին,
       Ձեր գլխուն ալ կը յածին։
      
       13 Սեպտ. 1953