Վէրք Հայաստանի Ողբ Հայրենասիրի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

1

Հայաստան աշխարքը շատ վախտ էր նեղութեան, աւերման, տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացաւ: Սար ու ձոր դառել էր գողի, աւազակի բնակարան: Ամէն կողմից պարսիկք էնպէ՛ս ոտը բարձրացրին յանկարծ, որ էլ դէմ կենալու ճար չկար: Բայց է՛ս նեղութիւնն էր, որ հայոց էլ է՛ն հոգին էր տվել, որ թէ մէկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, միւս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս: Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ` դռնմիշ էլել: էրակլի որդի Ալեքսանդրեն, որ Վրաստան առնելուցը ետը փախել, պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ ետ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենայ, որ բալքի թէ իր, սրտի մուրազը կատարի: Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գաւառները` ձեռըները հինայ էին դրել, թեւ առել, որ թռչին ու ռսի իշխանութիւնը ստանան: Հայ ազգին եա կրակ էին խոստանում, եա սուր. եա կոտորում, եա թալանում: Ինչքան թոյն ունէին, մեր ազգի գլխին էին թափում: Եա պատիւ, մեծութիւն խոստանում, որ խաբեն նրանց, եա պատիժ, պատուհաս տալիս, որ վախենան ռսիցը ձեռք վերցնեն: Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրայ էր գալիս, բայց հայոց արդար սիրտը, ուղիղ սէրը, որ ռուսաց հետ ունեւն, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զաւակ դօշըներին, առաջներին սուրն էր քաշվում եա կրակումն էրվում: Ինչ որ Պարսից կռվի ժամանակին հայք արին, աստուծոյ է յայտնի, ու ամէնողորմած կայսրն էլ շնորհակալութիւնով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լաւութեան տեղը շատ անգամ լցրեց: Թո՛ղ բազի յիմար, անաստուած մարդ հայոց ոտը ձգի. թէ մարդ չիմանայ, քարերը վկայաթիւն կը տան: Հալբաթ որ մէկ օր մէկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմութիւնը կը գրի, էն ժամանակը կերեւի, թէ հայք ի՞նչ արին, ի՞նչ հաւատարմութիւն են ցոյց տվել տէրութեանը, ի՞նչ արին են վեր ածել:

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան խանը` արեւմտից, Աբաս Միրզէն` արեւելից, աւազակի պէս յանկարծ էկան, մեր սահմանը մեր կողմը ամենեւին խաբար չունէին: Ընչանք ռուսք իրանց զօրքը կը հաւաքէին, ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ եթէ հայք չէին ամէն տեղ նրա ճամփեն կտրել: Միմիայն Ներսէս ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհդուբովի արածը բաւական է, որ աշխարք իմանայ, թէ ի՞նչ հոգի ունէր էն ժամանակը մեր ազգը:

Առաջին` խաչը ձեռին, հայոց քարոզում, զօրք էր հաւաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը` Երմալովի խնդրքովը եպիսկոպոսութեան շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, եարաղ ասպաբ կապած` որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հէնց իմանում էր խալխը, թէ իրանց փրկիչն էր գալիս:

 

էն ժամանակը, որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հէնց հասաւ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ ետ ե՛տ դառաւ, չկարաց առաջ գնալ, էս հսկայ եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր յարամու գլուխ ջարդելով` Ղազախ-բոռչալու անց կացաւ, հասաւ Շամշադին` իր հայրենիքը, իր ընտանեաց մէջը, գրաֆ Սիմոնիչին, որ Գեանջուցը փախած` գալիս էր, իր բոլոր զօրքովը իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարութիւնն ստացաւ, մինչեւ Թիֆլիզուցը օգնութիւն գար: Գեղը, որ պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր եօթանասուն տանից աւելի էր, երեսուն մարդով հինգ հազր մարդի մէջ մտաւ, առիւծի պէս իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը ետ բերեց: էս միջոցին Երմալովն էլ էկաւ, հասաւ: Մէկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս.

Պարսից միսը թողած` ի՞նչ հարկաւոր է տաւարի միս ուտիլ: Էս միջումը Ալեքսանդր վալին ու Զոհրաբ խանը էկան, Շամշադինը կոխեցին, ու քիչ էր մնացել, որ բոլորը տակ ու գլուխ անեն, քաջ եպիսկոպոսը իր ընտիր հայերով նրանց քամակը կտրեց, զօրքըները կոտորեց ու հինգ պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փէշքաշ արեց: Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թէ ի՞նչ պարգեւ ա ուզում թագաւորիցը, բերիլ տայ: Անմահ եպիսկոպոսը է՛ն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ-բոռչալվի հայ ազգը թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչեւ էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղութիւն էին քաշում: Խնդիրքը կատարվեցաւ, ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիայ) արժանացաւ:

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը ինչ ժամանակ Հասան խանի ձեռը գերի ընկաւ, ու ուզում էին, որ գլուխը տան, Նաղի խանը մէջ ընկաւ ու նրան արձակիլ տվեց: Սարդարն էլ Էն պայմանով նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ-բոռչլաւի մեծութիւնը որդոց-որդիս նրան կը բաշխէր, թէ կարողանար հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն: Հրամանն Էնպէս էր տված, որ թէ չորս օրվայ միջի խարար չբերի, գլուխը հազար կտոր պէտք է ըլեր: Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած` Էկաւ ու թղթերը Մատաթովին տվեց: Հասան խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար` նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել: Շամշադնու սարերը, ձորերը գիշեր-ցերեկ գող ու աւազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգեւն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգեւ արեց: Էսքա՛ն անվանի, էսքա՛ն քաջութեան տէր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսնէր, հոգին հետը կերթար. Է՛ն զարմանալի սրտի տէրն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնութիւնն ունէր: Երեխի պէս կը նստէր, կը պատմէր, ինչ գլխովն անց էր կացել: Բայց ի՞նչ հարկաւոր է բանը երկարացնիլ: Քանի Կավկասեան սարը կայ, Մատաթովի ու սրանց արածը յաւիտեան կը յիշվի, կասվի: Միթէ Ներսէս եպիսկոպոսը չէ՞ր, որ գրաֆ Պասքեւիչի հետ մտաւ Հայաստան ու հայոց մեծ մասը քարոզելով, յորդորելով, ռսի ձեռի տակը բերեց: Քանի՜, քանի՜ քաղաքներ, գեղեր դարտակվեցան ղզլբաշի ու օսմանցվի երկրումը ու քանի՜սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել:

Ու՞ր թողանք էն մեր հօակապ իշխանքը` Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանեան ղարսցի, որ, ինչպէս հայր, իրանց բոլոր հարստութիւնը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովուրդը պահելով` բերին էս կողմը: էսօր էլ նրանց անուն տալիս` բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիւ է նրանց հերութիւնն ու լաւութիւնը ազգի վրայ:

Միթէ էս բայազդցի՞ք չէին, որ երբ մեր զօրքը նրանց քաղաքն առաւ, մէկ քանի օրից ետը յանկարծ Վանայ փաշեն մեծ ղոնշունով որ էկաւ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ հայերը հոգին ատամների տակն առած, է՛ն տղամարդութիւնը ցոյց տվին, որ դեռ Երեւան չեկած` շատը աստիճան, խաչ ստացաւ: էսօր էլ որ էս ողորմելիքը Թիֆլիզումը, մշակութիւն անելիս կամ բաղնսներումը ծառայելիս, խօսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզութիւնով ցոյց են տալիս իրանց արնի գինը:

Կարելի է, թէ պատմութիւնը, որ հայի համար քոռացել, մեծ-մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանայ, բայց աղգասէր հայն ինչպէ՞ս չպաշտի Էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջութիւնը ու հըսկայութիւնը, որ դեռ Բայազիդ չառած` առիւծի պէս, քառասուն քաջ հայազգի քամակին, Մասսա սարին նայելով, իր ազգի մեծութիւնը միտքը բերելով` թեւ էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գաւառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում: Տասը տարուց աւելի Էսպէս իր աշխարքին տիրութիւն էր անում. վաթսուն մարդով շատ անգամ երկու-իրէք հարիր քրդի մէջ մտել, ջախըբուրդ արել, դուրս էր Էկել, ու ինչ ժամանակ Պարսից կռիւը բաց էլաւ, արծվի պէս ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր: էնպէս որ, խանը անճարացած` գրեց փաշին, որ եա Մանուկին կորցնի, եա թէ չէ հազրվի, որ վրէն կռիւ կը գնայ: Հսկայ, բայց տարաբախտ Մանուկ աղէն էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա, որ բարութ առնի: Փաշեն, որ նրան աչքի լսի պէս էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում ա, որ անպատճառ գլուխն առնի, քաշվի, բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդութեանն ապաւինելով` ասածն անկաջըւեր անում ու գալիս, մէկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը ղզլբաշ յանկարծ վրայ չեն թափվում, վեցին էլ սպանում ա ու յետոյ ա հոգին տալիս ու խաչվում: Էսօր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս: Լիս կտրի՛ գերեզմանդ ու հողդ, անպարտելի՛ հսկայ: Ա՜խ, ե՞րբ կըլի, որ քո հոգին գայ, մեր ազգի վրայ իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պէս տիրութիւն անենք, քե՛զ պէս մեռնինք:

Ու՞ր թողանք ղարաբաղցոց, երեւանցոց ու լոռըցոնց արածները, որ քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել: Ղորդ ա, Էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել: Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան:

Ա՜խ, ո՞ւմ մտքից կերթայ է՛ն հսկայ կերպարանքը, է՛ն գեղեցիկ պատկերը, Էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդութիւնն ու սիրտը, որ շուլաւերցի Սօսի աղէն ու մելիք Յոհանջանն ունէին: Հրեղէն վիշապի պէս ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թէ Նեմեցի Կոլոնիէն տվին, քառասուն կտրիճ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մէջըներումը` է՛ն վախտն են վրայ հասնում, որ քուրդ Օքիւզ աղէն վաղուց Կոլոնիեն քանդել ու իրէք հազար մարդով եսրների կէսը կոտորել, կէսը առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած` ընկնում են էս մէկ բուռը զօրքը էն անթիւ բազմութիւնի ետեւիցը: Քուրդ ու ղարափափախ` եսրները տալիս են մէկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը, պրծացնի, միմիայն քաջն Սօսի մէկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Յոհանջանի հետ ղայիմանում, ու մէկը մէկին ձէն են տալիս.

Նամարդութիւնն ու թուլութիւնն տղամարդի համար ամօթ ա, քաջութեամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թէ մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պէտքը, որ էսպէս օրը չենք թափիլ: Չօլումը մեռնիլը տղամարդութիւն է:

Ճանանչ թուրքեր ձէն են տալիս.

Սօսի՛ աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կը բռնի, թէ քեզ վրայ թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղ սալամաթ ճամփու կը քցենք, մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սօսի` կասկած ունելով, թէ իրանց կը բռնեն, եսիր կանէ՛ն, նրանց խօսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքիւզ աղի տղեն է սֆթայ ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրայ կը հասնէր, մէկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մէջը, առիւծի պէս: Ընչանք իրանց հողին կը տային, մէկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիւան ջանի արինն ա, որ էսպէս սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր յիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թէ ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցաւ. Էդպէս պատվական արինն էր, որ աստուծոյ սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու Էսօր էլ է՛ն ձեր նահատակութեան քարի տակիցը ձէն ա տալիս.

Հա՛յք, մե՛զ պէս մեռէք, որ անուն ճարէ՛ք:

Էսպէս օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմութեան տուտն սկսենք: Բարեխնամ կառավարութիւնը տեսնելով, որ աշխարքն Էսպէս ոտի տակ ընկաւ, հրամայեց, որ Փամբակ, Շորագեալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստուած հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հէրը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզայ կենում էր, դառել էր սգատուն, գողադարան: Անօրէն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին, մէկ թվանքի մանգզիլ տեղ, վրայ էին տալիս գազանի պէս ու տաւար, մարդ եսիր անում` կամ տանում, կամ գլուխը կտրում: Ո՛չ ցերեկն ունէինք քուն, ո՛չ գիշերը: Մէկ ձիու ոտի կամ թվանքի ձէն մերուցը գալիս` աշխարքն աշխարքով էր դիպչում: Հէրը որդին ուրանում էր ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը` մտիկ անում, թէ հրէս, որտեղ որ ա, հարամին կը գայ, նրան սուրը կը քաշի: Մէկ դաստայ սալդաթ ու մէկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, Էնպէս ջարդված, եարալու-փարալու ետ Էկան, որ մարդի գլխին կրակ էր վառվում: Մէկ օր Նաղի խանը էսպէս վրայ տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրայ էկաւ: էլած-չէլած ղոնշունը թօփերն առած` քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած` գնացին, թօփի տակը մտան: Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց: Վաղուց էինք սրբութիւն առել ու մեր սեւ օրին աչքըներս կթել: Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պէտք է ընկնէին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին: Մըտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկաւ, թէ անպատճառ քոչին: Ո՞վ կուզեր ախր է՛ն տունն էրել, որտեղ որ իր հերնըմերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին. է՛ն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել: Հաջաթ, զարդ, տան կայէնք, ինչ կար չկար, բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծաւորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իր քաղցր, ազիզ սիրելեաց գերեզմանը համբուրի, բարով մնայ ասիլ իրանց հողին, ջրին, թօփի, սալդաթի մէջն ընկնիլ ու Դվալի սարի է՛ն կողմն անցնիլ. Դեռ կիսաճամփի էինք, որ Նաղի խանը իր ղոնշունովը էկաւ, մտաւ Ղարաքիլիսայ, ու սարի դօշիցը ամէն մարդ իր տան Կրակի ծուխը տեսնելով` քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի: Քոչուորի մէկ տուտը Ջալալօղլի էր հասել, մէկը դեռ հլա սարի էն կողմն էր: Թուրքերը շամդաքակեր գիլի պէս գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրայ կրակում: Էն օրը գնայ, ո՛չ ետ գայ, ինչ մեր հալն էր: Լացի, սգի ձէնը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում: Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրայ էր թափել. ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանօթ ունէր Լոռի, գնաց, նրա մօտ վեր Էկաւ. ով հարուստ էր, գլուխը պահում էր. ով մէկ աստուածասէր ռաստ էր գալիս, գեղարենքումը իր քիւլֆաթին մէկ տաք գոմ էլա ճարում, նրանց տեղաւորում էր, ով չէ՛, սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մէջը մտնում ու գլուխն ու մէջքը լեռ քարին տալիս: Լոռվայ ձորի մէջը, էս գլխիցը էն գլուխը, խալխ էր, որ իրար վրայ վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մէջը մտել, շատը փետեր իրար վրայ տվել տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ որդիա՞նց ստանային ողորմելիքը: Հացի կոտը դառաւ օխտը-ութ մանէթ, էն էլ չէր ճարվում: Սարերումն` էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին: Ձուկը բռնելով, ֆորս անելով ինչպէ՞ս կարելի էր տուն պահիլ. Քչիցը, ամէն մէկ տան տասը ջան ըլէին: էլ սատկած տաւար չմնաց, որ չմորթեն, չուտեն: Շատ հէր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփայ էրեխեքանց ձէնին չդիմանալով` տասնով, քսանով հաւաքվում, գլխըները փէշըներին էին դնում, էլ ետ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն, բայց, ա՜խ, որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում:

 

Ձմեռն էլ էկաւ, վրայ հասաւ: Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկաւ: Աստուած ո՛չ շհանց տայ, ի՜նչ էս խեղճերի հալն էր: Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիւան-ջիւան երեխէք, իրէք չորս օր սոված, թաղաթը կտրած` տակովն անում: Մէկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ` շլինքը ծուռը, դուռըդ կտրում, չտայիր, սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարօտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք: Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղէն կամ մարգարտեղէն ունէր, որը ծախեց, որը գրաւ դրեց: Շատը որդիքը տարան Շուլաւեր, Բոռչալու, եսիր տվին: Իմ տան տէրը դերձիկ էր: Որ գնում չէր, բանում ու մէկ քանի շաբթից ետը մեզ համար հաց բերում, հէնց իմանում էինք, թէ երկնքիցը հրեշտակ է գալիս: էսպէս` հազարաւորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկաւ, ընկաւ Վրաստանու հողը ու գլուխը պրծացրեց: էսպէս ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել իրան էս տեղ հասցրել, մէկ թշնամի ոտը բարձրացնելիս` նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել էլ ի՞նչ անօրէն, անգութ մարդ պէտք է ըլի, որ հայի միսն ուտի ու նրան չխղճայ: Հիմիկ էս թողա՛նք, գնա՛նք էլի մեր սիրելի Աղասու մօտ, տեսնինք ո՞ւր մնաց, ու ինչպէ՞ս պէտքը նրա բանը վերջանայ:

2

Էս խառը, դառը, ալեկոծեալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը իրեքը կորցրած, երկուսը քամակին, մէկի անունը Կարօ, միւսինը` Մուսայ, մէկ տասըքսան քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով` ման էր գալիս: Մէկ օր Անի ըլում, մէկ օր` Ղօշոււանք, ու էստեղ էնտեղ չափմիշ անելով` գլուխը պահում էր, որ եա իր ջիգրը հանի, եա մէկ հազար մարդ էլա սպանի, յետոյ հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնայ: Աւելի Անի էր նրա բնակութեան տեղը, որտեղ որ հարիրաւոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրայ հասաւ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահէլութիւնն ու խաչապաշտութիւնը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:

Մեր կարդացողների լաւ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ Էնպէս մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրայ սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտէին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հօր մտիկ արին, ո՛չ մօր, Աղասուն կապեցին ձիու վրայ ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխայ, որ իրանց գլուխը թափեն: էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստուած ո՛չ նշանց տայ: Սուգ ու շիւանն ընկաւ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած` մէկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետեւին կապած` ոչխարի պէս առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հօր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի, աղջիկ էր մօր դօշին ընկնում, որ հոգին տայ. հարսն էր մէջ ընկնում, փեսայ էր ոտնըներովը փաթաթվում, որին թրով էին եարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, Էնպէս էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մէկ ձէնը երկինքն էր հասել, մէկը` գետինը: Սաղ գեղը պոկ էր Էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը եարալու, որը կուռը կոտրած` արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դօշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըւեր: Քէդխուդէքն էլ հօ, ձեռ-ձէոի կապած, Էնքան ոտի թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

էս հալին մտան Երեւան, գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դէն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երեւանի բերդը ատամները սրեց, որ էս նոր Էկած ղոնաղներին էլ փորումը լաւ տեղ տայ, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձէնը բերդիցը, կնանոնցը` դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչեւ քամին բոլորի ձէնն էլ կտրեց, աշխարքը դինջացաւ, դահիճքը կատաղեցին: Էս միջոցին խաբար հասաւ Սահակ աղին: Էս Երեւանու հայերի փրկիչը, որ ազգով, պապով Էնքան հոգի, տուն ազատել էին բանտից, մահից, սրից, թրից, որ թիւ ու համար չկայ: Ձին թամքած` տանը հազիր էր. թռաւ ձիու քամակը ու նօքար, բեքար առաջն արած` է՛ն սհաթին հասաւ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն Էնքան անիրաւ չէր, որքան անաստուած ֆառաշները: Ձին որ չքշեց մէկի վրայ ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրայ ընկած:

Հէնց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ, ասեց, սատկա՛ծ շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրայ բերես: Կապեցէ՛ք էդ շներին, հէնց էս սհաթին դրանց թօզը քամուն տալ տամ, դրանց սոյին նալլա՛թ:

էս խօսքի վրայ նօքարները էլ վախտ չի՛ կորցրին, վրայ թափեցին ու հէնց, էն ա, էստեղ-էնտեղ շատին բողմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանղուլի խանը բերդիցը դուս էկաւ: Թուրքերի միջին, կարելի է, մէկն էլա էնքան հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած խանը: Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան, թուրք, հայ մնացին փետացած, կանգնած: Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ: Հարայ տվին ու ընկան ձիու ոտը.

Խա՛ն, գլխովդ ման տանք, ոտիդ հո՛ղ դառնանք, մեր ձեռն ա, քո` փէշը, վերեւումն` աստուած, ներքեւումը` դու. մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ էստեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա , մեզ մի ճար արա՛:

Բարեսիրտ խանը ձին ետ քաշեց, ֆառաշներին ղամշելով դէն արեց, որին իսկոյն վեր քցիլ, բերանը հող ածիլ տվեց, որի ատամներն ու գլուխը մաշկի նալչով լաւ տրորիլ տվեց, միւսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած` սկսեց ձեռը մելիք Սհակի գօտիկը քցիլ ու ասիլ.

Ա՜խ, ճամփէն փուշ ու տատասկ դառնար էս անիծած ղաջարի, որ մեր հողը չմտնէր: Աշխարքը քանդեցին, աստուած մէկ քար էլա չի՛ քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան: էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը: Մէկ աղջկայ խաթէր էսքան տուն քանդիլն աստուած ինչպէ՞ս ա ղաբուլ անում: Աստուած մեր թուրը մէկ օր մեր սիրտը կը ցցի, էս զուլումին քարը չի՛ դիմանալ, ո՞ւր մնայ մարդը: Գնա՛նք, Մալի՛ք, գնա՛նք, կէս սհաթ որ ետի վրայ հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կը քանդեն` եա աչքները կը հանեն, եա գլխըները կը կտրեն: Աֆարի՛մ, Աղասի՛. էս սհաթին էստեղ ըլի, աչքին պաչ կանեմ: Ռաշիդ տղեն էնպէս կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրէնի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պէտքը չի:

էսպէս խօսեց էս արժանայիշատակ թուրքը, որ ամէն սհաթի հայելի համար գլուխը ետ էր դրած: Նօքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գայ, ու ինքը Սհակ աղի հետ մտաւ բերդը: Ղարաւուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երեւանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մէկտեղ մեծացել, ախպոր պէս էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրայ ատամները ղրճտացնելով` քիչ-քիչ քաշվեցին ու դէմը գնում էին, դէմը ասում.

Տէ՛ր աստուած, ե՞րբ կըլի, որ քո ողորմութեան դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մէկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով` չէին ուզում մէկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զօռով էկել, էլ ետ երկիրը զաւթել էին:

Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան, ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղէն ու ձեռ-ձեռի տված` ընկան դիւանխանէն հէնց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան:

Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին: Սարդա՛ր, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր, ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն: Տուն, մալ, դօվլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ` գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կը փակի, ոտդ թափ տաս` երկիրը թեւ կառնի, կը թռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձէն տալիս, ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս, աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. Ինչպէ՞ս ես մէկ լաչար աղջկայ խաթէր, մէկ-երկու նօքարի խօսքով` Էսքան տուն քանդում. Բաս ո՞ւր մնայ քո ռահմն ու քեարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ինչպէ՞ս էս Էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քօշք ու սարեն ողորմութեան դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մէկ տղի, մէկ թուլի, յարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թէ երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մէկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթէր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կայ: Ու՞մ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ հալալ բերնովդ ամէն օր ասում ես. Հայերը քո աջու թեւն են, քո երկիրը շէնացնողը, խազինեդ լցնողը. քո թուրը կտրուկ, երեսդ պարզ անողը նրանք են: Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրայ թափես, սրանց խեղճ գաս: Ասլանին ի՞նչ փառք` գառի գլուխը ջարդի: Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ դվաչին. Ընչի՞ ես նհախ տեղը կորցնում: Անողը պէտք է բռնած, սրանք ի՞նչ մեղք ունին: Ում ձեռն արնոտ ա, նրա աչքը պէտք է հանած, սրանք ի՞նչ են արել: Սարդա՛ր, երկնքի, երկրի տէ՛ր, սարդա՛ր. Դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կը խրենք: Թէ մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր: Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր:

 

էսպէս աղաչանք արին ու չոքըչոք, թրըները տարան, սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փէշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխները գետնին կպցրին, որ տեսնին, թէ բանն ինչպէս ա վերջանում:

Ձեռներս կապում էք, Խա՛ն, Մալի՛ք, սկսեց սարդարը բերանը բանալ, ի՞նչ անեմ. Ի՞նչ կըլէր, մի քիչ ետի էիք էկել: Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս` թուրը ձեռիս, ձեռս թուլանում ա: Մինչեւ ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի: Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թօփից: Կրակն ես քցում, էլի իր հաւատն ա պաշտում, ծառին ես կախ անում, միսը պոկում, բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս: էս մէկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպէս ապաւինել են. որդին ես քշում, ինքն ա հետը կրակն ընկնում, հօրն ես բռնում, որդին ա գլուխը մահի տալիս: Սրանց մէկ կնիկ են տալիս, մեր օրէնքը` քանի որ քէֆդ ուզի: Ռահաթութիւն, մշակութիւն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարօտ, մենք սրանց խանութիւն, բէկութիւն, աշխարք, պատիւ, դօվլաթ, մեծութիւն ենք տալիս, ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս, մեր մասսաբին, օրէնքին հաւանում, մեր հաւատը ընդունում, պաշտում: Բոլորը ջնջես` աշխարքը կը քանդվի, չունքի երկիր շէնացնողը, հաց տուողը սրանք են: Արեւի, անձրեւի, կոռի, բէգեարի տակին չորացել, չօփ են դառել, էլի որ մէկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում: էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարաւ, աշխարքը քանդեց էլի խելքի չէկան: Շահութիւն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դէմ անում, էլ ի՞նչ ասես: Մէկ մարդ փլաւի, մսի տեղ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնայ, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի: Ախր ի՞նչ սատանայ է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում:

Մեր փեղամբար Մահմադն ասում ա` թշնամուդ աչքը հանի՛ր. սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թէ քեզ հալածի: էս խե՞լք ա: Հաւն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մէկ սիրտ անեն, մեր հաւատն ընդունին, տեսնին` մեր շահն ի՞նչ փառքի սրանց կը հասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն, մէկ ղարաբաղցի հօտաղի տղայ էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տէր ա դառել: Խոսրով խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, Էնպէս էլ` Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զաւթել են. շահն էլ են նրանք, Շահզադէն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. Ասեն` նստի, կը նստի, վե՛ր կա՛ց, վեր կը կենայ, ինձ նման հարիր սարդար, խան, շահզադայ նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը` վազիր ու փաշայ են դառնում. Թեհրան են ընկնում` նազիր ու խան. սրանից աւելի էլ ի՞նչ պատիւ կուզի մարդ, որ ստանայ, ու սրանք Էսպէս քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բէզարեց` սրանց կոտորելով, մեր թուրը գլացաւ` սրանց սպանելով, սրանք էլի, հէնց գիտես, թէ խիարի սերմ ըլին. մէկ ղրաղիցը կտրում ես, միւս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում. էլի կտրածի տեղը բռնում:

 

Մարդ կուզի` օր քաշի, կեանք վայելի, սրանք իրանց կեանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խաւարացնում: Մեռնին իրանց հաւատովը` դժոխքը պէտք է գնան, սատանի ձեռքը: Մէկ կտոր պանիր ուտիլն, մէկ ուշունց տալն, մէկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք Էնպէս կարծում են, թէ իրանք դեւի փայ կըլին, թէ որ չպահեն: Մեր հաւատովը` կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քէֆ արա՛, աշխարքի վայելչութիւնը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. Ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի, Էն կե՛ր, Էն հաքի՛ր, մաշի՛ր. մէկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածայ, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛յ Էն կեանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդայ ու աղջիկ պար կը գան, քեզ քէֆ շհանց կը տան, վարդի ջուրն երեսիդ կը թափի, ոսկեջուրն տակովդ կերթայ, սրանից աւելի փա՜ռք: Էստոնք թողած` հոգի ու հաւատ կորցրել են էս յիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հօ, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա` մարդի կտրատի: էլ ինչպէ՞ս համբերես, համբերութիւնը մէկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկաւ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կը դիմանայ: Հմիկ էլ մէկ գեադա իմ ղլերին (ծառայ) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ինչպէ՞ս չի սրանց ղիմա-ղիմայ անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մօրը չսպանես ձագը ձե՞ռ կընկնի:

Խա՛ն, Մալի՛ք, էլի ասում եմ` սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք էք Էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ինչպէ՞ս ետ դարձնեմ: Որ սիրտս ուզէք գիտէք, որ կը հանեմ, ձեզ կը տամ: Սրանց գլուխը ձեր արեւին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչեւ սուչլուն ինքն իրան ետ գայ: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն` անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թէ չէ բանը փիս կը գայ: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդօվլաթ Աղասուն մէկ էլ տեսնիմ, մէկ էլ էն սուրահի բոյին նայեմ, յետոյ միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնայ: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լաւ՛ իմանան, թէ սարդարի հրամանը գետինը չի՛ պէտք է քցած, սրբի պէս պաշտած, որ մէկն էլա չի՛ համարձակի էսպէս բանն անիլ: Թէ չէ` հայերը գել կը դառնան, մեզ կուտեն: էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զօրութիւնը գիտենայ, թեւ առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կը տամ, գետնի տակը մտնին եա ծովի, կը հանեմ, թիքա-թիքայ կանեմ, նրանք որ չգան, սաղ հայ ազգը թօփի բերնին կապիլ, քցիլ կը տամ, թէ խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիաւոր նրանց ետեւիցն ընկած` սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ` նրանց արինը խմում, թէ մէկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կը մնայ, ձիու պոչից կապիլ, քաշ տալ կը տամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թէ չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քեաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ատում, ասածս ասած ա, դուք գիտէք: Գնացէ՛ք, էսօր կը գան ազատ էք, էգուց կը գան` նմանապէս: Ձեր ու ձեր խալխի կեանքը նրանցիցն ա կախ. թէ ետ գան, բալքի թէ սիրտս ռահմ ըլի ընկած, բարկութիւնս անց կենայ, նրանց սպանեմ. Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պէտք է ինձ դէմ կենան: Գնացէ՛ք, միտք արէ՛ք, ձեր գլխի դարդը քաշեցէ՛ք:

էս խօսքի վրայ Սվանղուլի խանն ու Սհակ աղէն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փէշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քէդխուդէքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարաւ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի:

3

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, աստուած ո՛չ շհանց տայ: Ձեռն ու ոտը կապած. դժոխքը փորումը, սադայէլեան չար հրեշտակները գլխին պտիտ տալով` Զանգվի վրովն անց կացրին, ու, հէնց բռնես, սար ու ձոր բերանները բաց` նրանց ըլին ուզում կուլ տան, էնպէս փախցրին նրան նրա քաջ ընկերքը: Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի. էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, ետ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի:

Բազի վախտ որ բիրդանբիր «թագուհի՛, նանի՛, բա՛ րի, Նազլուէ՛ չէր ձէն տալիս քար ու հող ուզում էին կրակվին:

Հէնց մութը գետինն առաւ, նրանք նի մտան Ապարանու քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր. արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան: Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան` կրակ: Ամէն մէկ շունչ քաշելիս փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել: Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ, Կարօն` սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարաւուլ քաշիլ Մուսէն` Աղասուն ուսին դրած մտաւ եկեղեցու խարաբին, գլուխը դրեց գոգն, ձեռը` երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանայ, թէ աստղերն ի՞նչ են ասում: Մէկելներն ընկան դես ու դէն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն: Բայց էն վախտին չօլումն ի՞նչ կըլէր: Խոտի չօփերն էին մնացել տեղ-տեղ ցից-ցից կանգնած:

Երկինքն աչք ու ունք կիտած` իր չարխը պտտում էր հանդարտ. լուսինը ամպերի տակիցն մէկ երեսն հանում, շհանց տալիս, մէկ էլ ծածկում, կորչում էր: Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպէս էս եաբանի չօլը: Ամէն մէկ սարի արանքից կամ քարի տակից դժոխքի ձէն էր գալիս: Գել, չարխալ, արջ` մէկ կողմից, դառնաշունչ բորեազը, որ էստեղ, օրը ճաշին, մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է` միւս կողմիցը, Սանդարամէտը բաց էին արել սար ու ձոր իրար գլխով տալիս: Ամէն մէկ քար, ամէն մէկ թուփ, նրանց աչքին դեւ էր դառել, ու ձին մէկ ոտը խփելիս կամ փռնչալիս քարերն ուզում էին ճաքին, ձորերը` տրաքին: Աղասին` նաֆասը փորն ընկած, որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին-գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի: Նրա հաւատիրմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել, մնացել էր փետացած: Ձին էլ բերին, գլխավերեւը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա Աղասուն մէկ ճար անի:

Ջանի՛դ ղուրբան, Աղասի՛, էս ի՞նչ օրն ես ընկել. մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպէս չտեսնէինք, էս ի՞նչ ա քո հալը, ասում էր ջիւան Մուսէն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը` դօշին. դամարի տալն ու քանի տաքութիւնն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում:

Էն մէկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին, ու էլ ետ թամքեցին, լգամները բերանները տվին: Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, ազղոթին թազացրին, ու ամէն մարդ, իր ձիու լգամը ձեռին, էկան, Աղասու չորս կողմը կտրեցին: Աչքըներիցը արտասունքը գետի պէս էր վեր թափում: Հօրնըմօր դարդը մէկ կողմից, իրանց սեւ օրը միւս կողմից, իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս` ուզում էին քար ա քոլ պոկեն, գլխըներին տան: Մէկ սա էր ընկնում Աղասու վրայ, մէկ նա: Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դօշին:

Ցարադանիդ ղուրբան, աստուած, փառքդ շա՜տ ըլի. հէնց է՛ս առաւօտ ամէն աչք մե՛զ էր էրնակ տալիս, ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր: Վա՜յ մեր խեղճ օրին, ա՜յ ազիզ ծնողք, երաբ սա՞ղ էք, թէ՞ թրի տակին մնացիք, երաբ թօ՞փ ձեզ գետնին խփեց, թէ՞ զընդան ձեզ մէջն առաւ, երաբ մե՞ր ցաւն էք քաշում, թէ՞ ձեր սեւ օրը լաց ըլում: Տէ՛ր աստուած, տէ՛ր աստուած, ո՞ւմ մէկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկաւ: Ու՞մ մէկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպէս բարկացար: Արեան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա, ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս: էստեղ մեր թագաւորներն էին վաղ ժամանակը քէֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: էս ժամումն էին նրանք կանգնում, աղօթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ: Ա՜խ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը: Ձեր հողը լիս կտրի, ա՜յ մեր ազգի թագաւորք, իշխանք, երա՛բ դուք էլ միտք կանէի՞ք, թէ ձեր որդիքը մէկ օր էսպէս արին պէտք է վեր ածեն ձեր գերեզմանի վրայ: էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպէս սեւանայ, մեր աստղն էսպէս թեքվի: Ո՛վ արագահաս սուրբ Սարգիս, ո՛վ զինաւոր սուրբ Գէորգ. էլ ո՞ր օրը մեր հաւարին պէտք է հասնիք: Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ չարայ անէք: Աղասի՛ ջան, Աղասի՛. ի՞նչ կըլէր, որ ամէնս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել, ախպե՛ր ջան, մեր հոգի՛, մեր աչքի լի՛ս: Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին, ա՛յ աշխարքի աչք Աղասի: Մէկ ճանճ էլա նհախ տեղը չես սպանել, մէկ սառը խօսք քո բերնիցը չի դուս էկել, ա՜յ աստուծոյ գառն ախպեր, ախր ընչի՞ պէտք է աստուած քեզ էլ, մեզ էլ էստեղը հասցնէր: Ու՞ր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք: Ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք: Տօ՛, մէկ բերանդ էլա բաց արա՛, քո ջանին մեռնինք: Ընչի՞ ես էսպէս մեզ էրում, փոթոթում: Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլա մի բաց անես, մեզ էսպէս չսպանես: Աշխարքն էլ ի՞նչ պէտք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ: Մեր գլուխը քեզ ղուրբան, ամէնս էլ, առաջ մե՛ր արինը վեր կածենք: Կաթն ու ծիծ մէկտեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք: Բախտ ու լաւ օր մէկտեղ էնդո՛ւր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք: Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛. ով երեսը ետ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան, ախր մէկ խօսայ, ի՞նչ կըլի:

էս խօսքին բիրադի մէկ ձիու ոտի շփլթոց էկաւ: Երկինք, գետինք գլխըներին սեւացաւ: Հէնց իմացան` մէկ ամպ տրաքեց, մէկ սար գոռաց, փուլ էկաւ: Եարաղ-ասպաբ առան ուսըները, ամէն մէկը մէկ բուռը հող սրբութիւնի տեղակ բերանը քցեց, մէկ քարի առաջի չոքեց, իր մեղքը խոստովանվեց, մէկ քանի ծունր դրեց, երեսին խեչըհանեց, ժամի քարերը պաչելով տեղիցը վեր կաաւ, ձիու աչքերը ճմբռեց, մէջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել, էն կողմն էին մտիկ անում էնպէս խլշկոտալով. որդիանց որ ձէնը գալիս էր: Շունը ղրաղ քաշեցին, մատով-ձեռով արին, որ ձէն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլաւը քցած` սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին` էկողներն ովքե՛ր են: Դամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել: Անիծած բուքն ու քամին հիւսսի դհիցն էր գալիս ու ձէնը փակում: Ուզում էին իրանց կտրատեն, որ չէր թողում` պարզ իմանան, թէ ի՞նչ խաբար է:

էսպէս` կէս սհաթ քիմի մնացին փետացած: էլ չէին ուզում ծպտան: Շատ մտիկ արին, ձէն չէկաւ. հէնց էն էին ուզում, որ էլ ետ տեղըները նստին ու թվանքները վեր դնեն, ու մէկն էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ.

Տղե՛րք, ի՞նչ կըլի` ըլի, տղամարդութիւնն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտայ: Դուք լաւ գիտէք, որ մեր մէկ հայը տասը թուրքի բարեբար է: Երեւում ա` ետեւներիցս մարդ են քցել, ման գալիս: Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենայ: Բոլորին եա կը ջարդենք, եա կջարդվինք: Քամակ քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք:

Հէնց էս խօսքն էր Կարօյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլաւ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկրները փէշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպէս մօտեցաւ, որ, հէնց բռնես, թէ անկաջների տակին ըլի: Բայց նրանք լաւ գիտէին, թէ գիշերը ձէնը շատ թեզ տեղ կը հասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, ու նրանք հազըրված գան: Քիչ-քիչ էկողների խօսակցութիւնն էլ էին ջոկում, չունքի պարզիկայ գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:

Լաւ հարաքեաթ են արել, ասեց մէկը, աֆարի՛մ, անիծած բորանն էլ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թէ մարդ տեսնի, ամա ո՞ւր կը կորչին: Երկնքումն ըլին` վեր կը բերենք, հլա քշենք, էս չօլումը նրանք չէին մնալ:

Աչք ա, որ էգուց առաւօտ եա կը ծիծաղի, եա լաց կըլի. սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցոյց տամ, որ նրանց սաղ-սաղ չկալնիմ, չտանիմ, փէշքաշ չանեմ, ասում էր միւսը:

Ախպե՛ր, ինչ առնինք` ճոթ անենք: Աղասուն, թէ կարանք, սաղ-սաղ բռնենք, ոտ ու ձէոյ կապենք ու ձիու առաջն արած, եա կողքիցը կապած տանինք, որ իր լայաղ պատիւն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մէկելներին սպանենք էլ ի՞նչ հաջաթ:

Տղամա՞րդ, էս թուրը՛ էսօր նրան իր տղամարդութիւնը կուտացնի աստուծով. հլա մի ձեռս ընկնի, մէկ մեյդան դուս գայ, յետոյ կիմանայ իր ռաշդութիւնը:

Տօ՛, բերանդ քեզ արա՛, Մամմա՛դ, մենք գիտենք` ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի, չի յաղթիլ. Քանի՜ մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, յետոյ պարծեցի՛ր: էդպէս քամի տալով ֆորս անիլ չի՛ ըլիլ:

էս խօսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:

Թուր, թվանք հազիր պահեցէ՛ք, ասեց թուրքի մէկն էլ ետ, սատանին նալլաթ. կըլի, որ հէնց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպէս վրայ թափին, որ էլ չկարէնանք ձեռըներս գլխըներս տանիլ: Սրան Ապարան կասեն: Աղասու պէս ասլանը էսպէս տեղը քսան ձիաւորի մենակ չի ասիլ, թէ աստուած է ստեղծել:

Տօ՛, քի՛չ գովիր էդ մուռտառ, անհաւատ հային, չէ՛, չէ՛, մեզ սաղ-սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենայ: Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թէ ինչպէ՞ս ճուտ կը դառնայ առաջիս:

էս ասեցին թէ չէ, մէկը էն դհիցը ձէն տվեց.

Ա՜յ ադա, ա՜յ ադա՛, ա՛յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լաւ կըլի, չունքի ասում են, թէ ֆլան թարըղին մէկ խան էկել ա, թէ քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիաւորներ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք է՛լ ետ գիւմ են էլել: Սրա միջումը, ասում են, սուրբ Մողնու մասունք կայ թաղած, ու դուք լաւ գիտէք, որ էս գիժ սրբի քեալլա տալ չի՛ ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն ետեւն ա ընկնում: Հազար էսպէս բան իմ աչքովն էմ տեսել: Հայ, թուրք, նասրանի` ամէնն էլ նրա ղուլն են:

Բերնիցդ հայի հոտ է գալիս, Մաշադի՛, ամօթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրէդ պահում, հինայ դնում: Տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տօ՛, հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա ամաչի՛ր: Ես քո ջգրու էս գիշեր ընչանք սրա միջումը քեաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: էլ էս միրուքը վրես չե՛մ պահիլ: Քանի՜ էդպէս ժամի պատ իմ ձեռովս քանդել, քանի՜ սրբերի աչք էս մատովս հանել, դու հմիկ պառաւի նաղլ ես գլխիս կարդում: Քեաբդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի տէրն ես: Քշի, քշի՛, գնա՛նք. քեաբաբի կէսն էլ քեզ կուտացնեմ:

Ասիլն, «յա՛յ, սուրբ Սարգիս» ձէն տալն ու թվանքների ճռռոցը մէկ էլաւ:

Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մէ՛ք անիլ. մեր թուրը նրանց գլուխը, էլ ո՞ր օրվայ համար ենք կողքըներիցս կախ անում, ձէն տվեց աժդահայ Կարօն, իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած:

էրկուսինն էլ ի՛մ թրիս մատաղ արի, ղօչաղ կացէ՛ք, էն դհիցը Վաթոն գոռաց:

Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրէս, ոտիս տակին է, ասեց Վանին:

Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլէք, սրանց էկած ճամփեն քոռանայ, սովորել են գեղերումը հաւի գլուխ թռցնելով ման գան, հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի: Տղե՛րք, երըմիշ էլէ՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա:

Ասեցին ու վիշապի պէս ընկան յարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին: Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին` ղվաթ: Հէնց իմանաս` հայոց մեծ զօրապէտքը կենդանացել, նրանց սիրտ ըլին տալիս: Էսպէս` միս ու աղցան անելով ընկան ետեւներիցը:

 

Բայց ա՜խ, արինը աչքըները կոխած` հէնց քշեցին, գնացին, էլ միտք չարին, թէ Աղասին, ի՞նչ նեղ սհաթի միջում, ընկեր ա ձէն տալիս, ընկեր չի կայ. Ա՜խ ա քաշում, ձէնը լսող, իմանող չկայ: Թվանքները որ բիրադի չճռռացին, հէնց իմանաս, թէ հոգին ետ Էկաւ տեղը: Վրայ թռաւ տեղիցը, ընկաւ ձիու քամակն ու խելքը կորցրածի պէս էլ չիմացաւ, թէ ո՞ւր ա գնում: Թուրը որ մէկի քեալլին չհասցրեց, գլխի հետ էրկու կտոր էլաւ. ընչանք թուրը եա ղամեն կը հանէր, պարանն ընկաւ ճտովն, ու շատ էլ ուզեց, որ ձին առաջ քշի, չէլաւ. ձին տակիցը դուս թռաւ, ինքը գետնին դիպաւ, ու չորս աժդահայ տղամարդ վրայ թափեցին: Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձէն չհանի: Բայց շունը, շունը` էս տիրասէր, հաւատարիմ կենդանին, տեսնելով, որ իր տիրոջն էլ խէր չի՛ անիլ, ընկաւ գնացածների ետեւիցը: Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուպ տվին, ու աչքդ բարին տեսնի, միւս օրն էր թօփն, ու Աղասու ջանը:

Շատ ու քիչն աստուած գիտի, թէ ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ ետ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին:

Վա՜ յ, մեր տունը քանդվեց, տղե՛րք, ձէն տվին, Էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք, հասնի՛նք, գնա՛նք. էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին:

Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չօլումը եա ձորումը: Մէկն է՛ս սարն ընկաւ, մէկն Էն ձորը, քարը լեզու չունէր, որ ասէր, ձին իմաստուն չէր, որ գտնէր. շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր: Ու՞ր գնային, ո՞ւր կորչէին: Գետինն էլ թէ պատռուէր, ներս կէրթային, որ նրան հանեն: Լիսնեակ գիշերը շատ որ դես ու դէն ընկան, զատ չգտան, էլ ետ հաւաքվեցան մէկ տեղ ու միտք արին: Սուգ ու շիւան անելու վախտը չէր: Նրանք լաւ իմանում էին, որ Աղասին էն ձէնի վրայ պէտք էր, որ զարթնած ըլի էլած, փորձանքի մէջ ընկած, որ շունը նրան թողել, էն հայվան տեղովը իրանց ետեւիցը վազել, որ գան, նրան ազատեն: էս էլ լաւ էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պէտք էր, որ մէկ տեղ տափ կացած ըլէին, որ ոտը խաղաղվի ու էնպէս ճամփայ ընկնին: Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված:

Տղե՛րք, մնա՛նք էստեղ. Աղասու շունը, տեսնո՞ւմ էք, որ կորել ա. նա իմաստուն հայվան է, ինչպէս որ ըլի, հոտի վրայ կարող է գտնիլ. թէ ճար կայ, նրանից կըլի էս գիշեր մենք ոչի՛նչ չենք կարող անիլ:

էսպէս` խելիմ վախտ տարակուսած նստած` միտք էին անում, որ բիրդանբիր խելօք շունը` լեզուն հանած, հեթեթալով լիս ընկաւ: Շունը վազեց, նրանք` ետեւիցը: Հէնց մէկ խելիմ տեղ անց կացան թէ չէ, շունը էտի ոտը վեր քաշեց, կանգնեց: Շատ էլ զօռ արին, որ տեղիցը եռայ, չէլաւ: Իսկոյն իմացան զգոյշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մէկին տվին, ու Կարօն առաջները ընկած` կամաց-կամաց ոտըները փոխեցին: Մէկ թափի մօտացան թէ չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց: Թվանքները առան ձեռըները: Աստուծոյ ողորմութիւնը հասաւ. Նրանք է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին: Քարերի տակովը, փորըսող անելով, էնքան գնացին, որ մտան մէկ քանդված փոսի մէջ: Ջուր չկար միջումը, բան չկար, անձրեւի ճղած էր: Թափի շվաքը մէկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը: էս խանդակի միջովն էնքան էսպէս ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դէմ ու դէմ: Լիսնեակը հէնց ընկաւ թուրքերի ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի: Սիրտըները ընկան տեղ: Մի քիչ էլ շունչ առան, ու ամէն մէկը մէկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու յարամիքանց բանհոգի ըլիլը մէկ էլաւ: Հաւի պէս դեռ էնպէս թրպրտում էին, որ մեր տղերքը վրայ հասան: Ա՜խ, ո՞վ է կարող նրանց ուրախութիւնն ու արտասունքը էս սհաթին պատմիլ. երկնքիցը իրանց հոգին ետ բերին, էլ նրանց բերանն ի՞նչ խօսք կը գար: Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու եարաղ-ասպաբը, շորերը, բարձեցին թուրքերի ձիանոնց վրայ ու երըմիշ էլան: Ո՞վ կը զարմանայ, որ լսի, թէ Աղասին, ամէն իր շանը տեսնելիս, ուզում էր կեանքը նրան տայ: Վարաւուրդով` մինչեւ տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին: Եկեղեցու մօտ էլ ետ հասան, հանեցին, մէկ քանի շահի փող դրին սեղանի վրայ, չոքեցին, աստծուն փառաբանութիւն տվին ու ճամփայ ընկան:

4

Լիսադէմը կարմրին էր տալիս, աղօթարանը քիչ էր մնացել բացվի, որ մեր ճամփորդները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրայ: Աղասին չէր ուզում, որ մարդամէջ մտնի, ուզում էր` սարէ-սար ման գայ, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի: Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լաւ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնութիւնն ու չորութիւնը, ողորմելի ձիանոնց սովածութիւնը ոչի՛նչ կերպով չէր կարելի յաղթել:

է՛ս վախտին, է՛ս հալին` աջաբ-աջա՜՜բ, Աղասի՛ ջան, խէ՛ր ըլի, ձէն տվեց աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բոնեց, տարաւ սաքուն:

Գոմի երկէնութիւնը հարիր գազ կըլէր: Գոմէշ, ձի, եզը, տաւար, ոչխար` էլ ո՛չ տուտ ունէր, ո՛չ տակ: Իսկոյն շոր փռիլ, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան` յարգեւոր, քիթ ու պռունկ կալած. նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները երկու կարգ սկսեցին նստիլ: Աղա Ն. ամենիցը ներքեւ էր նստել: Մէկ ութ-ինը մեծ ու պստիկ ղօչաղ տղերք էլ, անլվա-անլվայ, որը խանչալը կողքին քաշ արած, որը մէկ կտոր հաց ձեռին, կրծելով, որը մէկ փետ չանի տակին դրած, որը գլխաբաց կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան, էկան, անկաջները խլշացրած` սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին: Հէրը ծեծում էլ էր, դուս չէին գնում: Դեռ բարիկենդանի մազէն` սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խընձոր, փշատ, չիր, ջիբըներումն ունէին մեր տղերքը. հանեցին, երեխեքանցը բաժանեցին, աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպէս արմաղան բաներ չկային:

Մեր կաղնին ու ֆօնն էլ էս համը չունին, մէկզմէկու ասում էին ու անոշ անում: էնքան մածուն, կարագ, եղ, սէր ու մեղր ենք կերել, որ բերան ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պէտքը ըլի, որ էսպէս բաներ դուս են գալիս, մեր հաւերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կը գայ, ասեցին ու արախ-ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարեւանների երեխեքանցն էլ իրանց ճարած նուբարը ցոյց տան:

Ընչանք ծիտը ջուր կը խմէր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բօթում էր, որ առաջ գնայ, միրգ ուզի: Ղոնաղների մէկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում: էսպէս` հլա խելիմ վախտը երեխեքը նրանց պարապցրին:

Տանուտէրը քանի ուզեցաւ բան հարցնի, նրանք մատըները բերններին դրին, սուս արին, էստով իմացան, որ սրանում մէկ բան կայ: Մէկ քանի սհաթ անց կացաւ թէ չէ, սաղ գեղն էկաւ, հաւաքվեցաւ նրանց գլխին: Ով տուն էր մտնում, գդակը գլխին, եափունջին վրէն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գօտկիցը քաշ արած, քոբաչի չախեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ-կուփ հաքած` ամէն մէկը մէկ սարի ղդար տղամարդ: էլ մեծ ու պստիկ չէին հարցնում: Գլուխ տալը հօ, ըսկի՛ ադաթ չի: Որն էկաւ, մէկ Բարի՛ լիս կամ Ողորմի՛ աստուած ասեց ու նստեց: Քսան-երեսուն տարեկան ջահել տղերքն էլ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջում քսփսալով` եա ղոնաղներին էին մտիկ անում, եա նրանց եարաղ-ասպաբին, եա մէկ բան ուզելիս` ամէնն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն: Տանու տղերքն էլ էկան. որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխի կրակ դնում, ամէնն էլ ուրախ էր, որ մէկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի: Սրանք էլ եարաղ-ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ, նստած` զրից էին տալիս: Ձիանոնց համար ամօթ էր հարցնիլ. Նրանք լաւ գիտէին, որ իրանց ուլախին շատ պատիւ կը տան, քանց իրանց:

Օրը հէնց մի քիչ ետ բացվեց, շատն էլ հանդիցն էկաւ, ձինն աչքներն առել` երկար վախտ չէին իմանում, թէ էկողներն ի՞նչ մարդ են: Գոմն էլ հօ լիս չունէր, չունքի մէկ պստիկ էրդիկ ունէր: Ով ըլին, չըլին, թաք ըլի` ոտըները խէրով ըլի, նրանց աչքի, գլխի վրայ, տարով կը պահեն, պատիւ կը տան: Հէնց լիսը բացվելիս աչքըներն էլ որ բաց էլաւ ու տեսան ո՛չ, թէ էկողներն ովքե՞ր են, խելքըներն էկաւ գլխըները:

Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ, ձէն տվին ամէն դհից ու վրայ թռան, իրար պաչպչորեցին: էդպէս ա, ձեզ եա ձմեռվան հոսանը մեզ մօտ կը բերի, եա ամառվան շոգը: Խանի՛ խարաբներ, հա՛, մտի՛կ արա, հա՛, մտի՛կ արա. էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց: Մէկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մէկ խաբար իմանանք: Մեր սարերը խոմ գել չե՞ն, որ ձեզ ուտեն. ի՞նչ կըլի, որ մէկ օր էլ ճամփեն մեր դհի վրայ ծռէք: Բաղ, բաղաթ չունինք, գինի, մազայ չենք կարալ թաւազայ անիլ, մեր եղին, կարագին ու մեղրին էլա խեղճ էկէք: Փա՛ռք աստուծոյ, տունըներս` լիքը, գոմըներս` լիքը, ցամաք հացով ճամփայ կը քցենք. մարդի սիրտն ա բանը, թէ չէ` էսօր ղաբլու փլաւ էլ ուտես, էգուց փորդ էլի իր ուզածը կուզի: Աղ ու հաց` սիրտը բաց: Տանտիրոջը տէր ողորմեա ասիլ չի՛ ըլիլ: Քաղաքը գնում էք, սար ու ձոր ոտի տակ էք տալիս, հէնց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել: Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մէկ լաւ քոթակենք, ինչ ունիք, չունիք` խլենք ու ձեզ էլ դարտակ ճամփու քցե՞նք: էդենց էք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք: Հա՜յ նամարդներ, չէ՞ք գիտում, որ մէկ օր էս սարերումը թէ ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անէք, ձեզ բաց չենք թողա՞լ: Ի՞նչ ա, ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել, ձեր կը նկայ առին նստում էք, էլ միտք չէք անում, թէ գնանք, ձեր դօստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն մէկ բարով էլա տանք, որ մեզ կարօտ` հողը չմտնին: Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հօ մեր չի՞ բերել: Բիր գեօրանդայ` եօլդաշ, իքի գեօրանդայ` ղարդաշ (Մէկ տեսնելիս` ընկեր, երկու տեսնելիս` ախպեր): Տօ՛, ձեր տունը չծակվի. էլա մուսուրման օլուբասզ քի աթանըզ խաչի թանըմիրսզ ( էնպէս թուրք էք դառել, որ ձեր հօր խաչն էլ չէք ճանաչում): Քրիստոնէի երկիրը` մերը, մենք` ձեր ազգը, ձեր արինը, ի՞նչ էք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խաւարացնում. Ի՞նչ համ էք առնում, որ էդպէս ծանր-ծանր նստել, տարենը մի անգամ էլա` երեսներդ մեր կուռը չէք շուռ տալիս: Ձմեռը հօ բան չունինք, վախի՛լ մէք, ձեզ չենք ուտի՛լ. Ձի չունի՞ք ձի կը տա՛նք. Կով չունի՞ք, կով կը տա՛նք. Էկէ՛ք, տարէ՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում: Կուզէ՛ք, մեր երխեքանց անկաջներիցը բռնեցէ՛ք, տարէ՛ք, ծախեցէ՛ք. ով ձեզ ձէն տայ, պարտականը ինքը մնայ: Չունքի էսպէս ա՛, քեօխվայ, սրանց մէկ լաւ պատժենք. հազիր բարիկենդան օր էլ ա. Էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին: Սրանց հախն ա. ով տարէնը մի անգամ կը գայ մեր տունը, բոլոր տարվան պարտքը պէտք է վճարի, քնի էլ, զարթնի էլ, պէտք է ուտի, խմի, քէֆ անի: Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք, ու չորս պատերը տեսնին. էսպէս հացը հարամ ըլի: Մէկ թիքեդ որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ինչպէ՞ս կուլ կերթայ, եա կը մարսես: էստուր համար ենք արեւի, անձրեւի տակին` սարում, չօլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուոը բաց անող, մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞: Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չմտնին, չկշտանան: էլ էն տանը բարաքեա՞թ կըլի: էլ էն դաշտը պտո՞ւղ կը տայ: Չէ՛, քեօխվա՛յ, էսօր ամէնս քո ղոնաղն ենք, էգուց` իմը, էլօր` սրանը. էսպէս` մէկ լաւ քէֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփայ քցենք: Չեն ուզիլ մնան, ոտըները կապենք, մինչեւ զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք: Ի՞նչ կասէք:

Հա՛յ, բերանդ ապրի, հա՛յ, աւետարանի կողքիցն ես խօսում, ասեցին չորս կողմիցը. շա՛տ լաւ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի, մեր սրտի ուզածն էլ հէնց է՛դ էր:

Հայդէ՛, տղե՛րք, գնացէ՛ք, աշըղին բերէ՛ք, ասեց քեօխվեն ուրախ-ուրախ ու գդակը մէկ լաւ կոտրեց, աջու անկաջի վրայ դրեց, մեծ աչառը մորթեցէ՛ք, ղաւուրմայ տուէ՛ք, մէկ ղօչ էլ հետը, ու կակող տեղերը` բդերն ու սուկին, բերէ՛ք, որ մենք մեր ձեռովը խորովենք, զուռնաչին էլ թո՛ղ գայ, տէրտէրին էլ համեցէք արէ՛ք: Գինին դուքանումն ա, փողը` ջիբումս, մեր ջամըհաթն ըլի սաղ. եղն ու կարագը, սէրն ու մեղրը ու պանիրն` կճճներով տանըս դրած, ամբարս ու հօրս` լիքը: Շահն էլ մեր քէֆը չունի. ուտե՛նք, խմե՛նք, քէֆ անե՛նք, աստծուն փառք տա՛նք, մեր մեռելները յիշե՛նք, մեր ղոնաղների սիրտը շահէ՛նք, որ իմանան, թէ սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի: Աստուած ռուս թագաւորի թախտը հաստատ պահի, նրա դօվլաթիցը` ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ, կը ճարեմ:

Աղասին, էսքան խօսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել. ինքը ճամփիցը բէզարած ցուրտը մէկ կողմիցն էր թմբրացրել, շոգն էլ իր յարարաթր շհանց տվեց ու ջանն առաւ: Գլուխը պատին դէմ տված մնացել էր էնպէս ցից քնած: Նստողները բոլորն էլ վարաւուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկաւ, ինչ ասեցին էլ: Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը` էնպէս թուլ, գետնի վրայ ընկած: Շատն էնպէս էին կարծում, թէ ճամփի եա ցրտի յարարաթն էր նրան էն տեղը քցել: Շոր չէր հարկաւոր, որ ծածկեն, չունքի գոմը առանց էն էլ համամից տաք էր: Ղոնաղները չէին վարաւուրդ արել, որ էն գեղի թուրքերիցն էլ մէկ քանիսը խալխի հետ խառնըւել, ներս էին մտել ու շատը հայերէն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ, գողի պէս նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թէ ընչի՞ չէին մէկ չօլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել:

Աղասու քափ ու քրտինքն էկել, ամպի պէս աչք-ունքի վրայ կիտվել էին. երեսի ռանգը ամէն սհաթի փոխվում էր. բազի վախտ իրան-իրան խօսում, բազի վախտ էլ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ ետ հանգստանում էր: Ամէնից աւելի խալխը նրա վրայ էին մնացել զարմացած, որ նրանք վեց հոգի էին, բայց քսան-աւել մարդի եարաղ-ասպաբ ունէին հետըները բերած: էսպէս տարակոյս, չորս կողմը կանգնած` խօսում էին, որ Աղասին բեղաֆիլ ձէն տվեց.

Թուրդ քե՛զ քաշիր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնի՛ր: Ափու ջան, էդ ո՞ւր են տանում քեզ... էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրայ վազիլը մէ՛կ էլաւ:

Գեղըցիք իրար ջարդելով դուս թափեցին, որը երեսին խաչ էր հանում, որը Տէ՛ր, ողորմեա ասում: Մի քիչ որ դինջացան, էլ ետ դռնիցը անկաջ դրին, տեսան, որ ձէնը կտրել ա, ուսուլով ներս էկան ու վախվախելով նստեցին: էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել: Բոլորն էլ ուզում էին, որ իմանան, թէ ի՞նչ ա անց կացել: Աղասու ընկերքն էլ, ճարակտուր, սկսեցին պատմիլ: Քանի գլուխն էր, ոչի՛նչ, էնպէս բան շատ էին լսել. ինչ ժամանակ խօսքն էն տեղն էկաւ, թէ ինչպէ՞ս կոտորեցին, փախան, հարիր բերան ձէն տվեց.

Ջա՛նմ սան, ջա՛նմ, Աղասի. օջախի որդին, կտրիճ հայն էդպէս կըլի: Բարիկենդա՞ն, բարիկենդան է՛ս ա. դէ տղե՛րք, էլ մէք մտիկ անիլ: Հացը հազրեցէ՛ք, սուփրեն քաշեցէ՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը: էսպէս իգիթ տղի գլխին ղուրբան գնամ. բարաքեալլայ, տղե՛րք, դուշմանի աչքն էսպէս պէտք է հանած: Տեսնո՞ւմ էք, ա՛յ գեադէք (իր տղերքանցն է ասում), ռաշիդ տղեն սրանց նման կըլի. ուտում էք` տանը նստում: Աֆարի՛մ, տղե՛րք, որ ձեր մեծին էսպէս պահել էք, շունն է՞լ էստեղ ա:

Մեծամարդիկը, ջահել տղերքն էս կողմից, Էն կողմից վրայ թափեցին, որ Աղասու ձեռքն, ճակատին պաչ անեն, քեօխվեն չթողաց, որ քնահարամ չըլի: Միւսներին ուզում էին սաղ-սաղ ուտեն, էնքան դօշըներին կպցրին նրանց:

Օրհնվի է՛ն կաթը, որ դուք կերել էք, է՛ն հողը, որ ձեզ ծնել ա. տղեն էդպէս կըլի, թէ չէ` քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես ուսերիդ կնստին, ղուղդ կը քամեն, աչքդ կը հանեն, ջիգեարդ վեր կածեն, ասում էին ամէն կողմից:

Սազ ու զուռնի ձէնը որ վեր չելաւ, գէջդանգէջ Աղասին աչքը բաց արեց ու էնպէս էր զարմացած դես ու դէն մտիկ տալիս, ինչպէս թէ նոր ըլի աշխարք էկել: Ուզում էր էլ ետ աչքը խփի, բայց խալխը էնպէ՛ս վրայ թափեցին, որ քիչ մնաց նրան ոտնատակ տային, փէշերն էլ էին համբուրում, ո՞ւր մնայ երեսը: էսպէս` նրան էլ մէջ արին ու մինչեւ իրիկնապահը, ժամերի վախտը, է՛ն քէֆն արին, որ աչք պտեր` տեսնէր: Ձենն ընկաւ գեղըցոնց անկաջը. ով ասես տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն աոնի: Հէնց իմանաս` ուխտ ըլէին գալիս: Տանուտէրը Ղարաքիլիսայ մարդ ղրկեց կը նեազի մօտ ու բանի ահվալն իմացում տվեց: Հրաման Էկաւ, որ մէկ-քանի օրից ետը` Աղասուն վերցնեն, կը նեազի մօտ գնան:

5

Փամբակու թուրքերը տխրել, հայերը թեւ առել, ուզում էին թռչին: Բարիկենդանն անց կացաւ, մեծ պասն էկաւ: Աղասին քսան ձիաւորով որ Ղարաքիլիսայ չմտաւ, աշխարք ամէն առաջն էր էկել, որ նրան տեսնի՛ն: Հազար բերան նրան գովում, բարաքեալլայ էր ձէն տալիս: Կնեազ Ս. շատ ումուդ, շաֆաղաթ տվեց նրան ու խոստացաւ էլ, որ բալքի մէկ կերպով սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին իրար հետ: Ինչ հարկաւոր էր, հրամայեց, որ նրանց տան ու լաւ մուղայիթ կենան, որ նրանց վնաս չհասնի: Բայց Փամբակու հայերը մեռե՞լ էին, որ նրանց վնաս հասնէր: Էսպէս` սաղ ձմեռը, քսան-երեսուն ձիաւորով, տնետուն, գեղէգեղ Էնքան ման էին ածել ու օրով, շաբաթով պահել, որ իրանք էլ էին բէզարել:

Քաջ լոռըցիք էլ որ իմացան, էլ դինջութիւն չունէին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց մէջը բերեն, պատիւ տան: Մէկ ամսաչափ էլ էստեղ մնաց:

էս պատվական խալխի պարզ սիրտը, նրանց տաք ջիգեարն ու անոշ սէրը, տեղի քաղցր յաւեն ու ջուրը, կը նեազի տված ումուդը` Աղասուն մի քիչ ետ բերին, սիրտը բաց արին: Ղորդ ա, ասում, խօսում, լսում էր, ամա տխրութիւնը նրա երեսի ու աչքերի վրայ էնպէս էր կիտված, ինչպէս սեւ ամպ: Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում: Ծիծաղելիս` բերնի չորս կողմը, էնպէս գիտես, թոռոմած վարդի տերեւ ըլի, որ շաղը տալիս մի քիչ զվարթանում, էլ ետ ճլօրում, թուլանում է:

Շատ անգամ մէկ քարի ծերի նստած, կամ մէկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մէկ աղբըրի ղըրաղի` կողքի վրայ ընկած, թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում: Բազի վախտ որ «Նազլո՛ւ» չէր ձէն տալիս եա հորնըմոր անունը յիշում ու ա՛խ քաշում, սար ու ձոր հետը ձէն էին տալիս, մղկտում: Ինքը որ տխուր ու մաշված էր, հէնց իմանում էր` մարդիկ սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին: էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպէս էր ծնողաց կարօտը, քիր-ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել: Երեւանու մէկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մէկ սար էլա էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա սիրտը մի քիչ հովանայ:

էս ժամանակին էր, որ մէկ օր ընկերներին հաւաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացաւ, Ղառնիյարաղ հասաւ ու հէնց Մասիս աչքովն ընկաւ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մէկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը` էս խաղն ասեց:

Սար ու ձոր ընկած` մէկ չոր թփի տակի,
Գետին նայելով` մնացել եմ նստած.
Ձեռս ծոցումս, գլուխս մէկ լեռ քարի
Տված` լալիս եմ, օրս խաւարած:
Ամպերն առաջիս, սարերն ետեւիս,
Քեզ մտիկ տալով, ա՜յ իմ քա՜ղցր Մասիս,
Աղի արտասընքով էրված, խորոված`
Երեսիդ նայիմ, մնամ քարացած:
Ծնո՛ղ, ազգակա՜նք հեռու ինձանից.
Լուսնին նայելով, ձեր սէրն յիշելով`
Երաբ, ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարօտս առնիմ, ձեզ ջան ասելով:
Երաբ ձեր ճտովն մէկ օր էլ կընկնի՞մ,
Երաբ ձեր երեսն մէկ էլ կտեսնի՞մ,
Երաբ ծունկ-ծնկի տված` ձեզ կասե՞մ.
«ա՜յ, իմ խեղճ ծնողք, ձեր ջանին մեռնիմէ:
Աչքս ծով դարձաւ ճամփին նայելով.
Մէկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թէ ե՞րբ մէկ խաբար կը հասնի ինձ բարով.
Հոգոց հանելով` ասում եմ, լալիս:
Երաբ գետնի վրայ դեռ սո՞ւգ էք անում,
Ձեր կորած որդուն կարօտ մնալով,
Թէ՞ հողի տակը մտած` դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ` ա՜խ, ո՜խ քաշելով:
Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր,
էլ իմ հաւարիս ե՞րբ կը հասնի աշխարհ:
էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան,
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին.
Մէկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան,
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին:
է՛ն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դօշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրայ, երեսս բարձին`
Կամ խաղում էի, կամ մնում քնած:
է՛ն ի՞նչ օր էր, որ մէկ ծառի տակի,
Ճռնումն, ձեռներս ձեր ճտովն քցած`
Ձեր սուրբ երեսին ես համբոյր տայի,
Նանիկ ասելով` թողէիք քնած:
Ու՞ր էն շվաքը, էն կանաչ` ջրի ափը,
էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի:
Լալիս` դուք լայիք ինձ հետ ցաւելով,
Ծիծաղս տեսնելով կամ ձէնս լսելով`
Կանչէիք. «արի՛, մօտս, Աղասի՛ ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջանի՛ն դուրբան»:
Ա՜խ, էս խօսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլէր` ես է՛ն վախտն էի մեռել,
Ձեր շվաքի տակին, ա՜խ, քնել հողումն:
Մէկ բուռն հողի էլ կարօտ եմ մնացել.
Քարափից թէ ցած կամ ջուրը ընկնիմ.
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել,
Ինչպէ՞ս ես հանդարտ էս հողը մտնիմ...
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, աննմա՛ն Նազլո՛ւ,
Սիրտս խորովի անունդ յիշելով.
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, հրաշալի՛ Նազլո՛ւ,
Աղասին քեզ տայ իր ետին բարով:
Սարերի դօշին, ձորերի միջին
Վա՜յ գլխին տալով քո խեղճ Աղասին`
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրայ նստած:
Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ, ա՜խ, որ հոգիս տամ,
Երբ մահն մօտանայ սառը թեւերովն,
Հոգիս պահանջէ, որ տանի շուտով,
Էս դառն աշխարհիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանաց կերակուր անի.
Կամ երբ գետի ափն նստած, շվարած`
Աչքերս նվաղին` թմբրած` սասանած,
Գլորիմ կատաղի գետի փրփրի մօտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն.
Կամիմ գերեզմանս որ էս ջուրն ըլի,
էս սառը պատանն ինձ հողը տանի...
Կամ մէկ քարափի բաշից նայելով,
Աչքս մեր տան ծուխն յանկարծ տեսնելով,
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով`
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, անո՛շ իմ Նազլո՛ւ.
Թեքիմ, ու հանդարտ գայ ինձ քուն մահու.
Երեւի աչքիս, թէ անդունդը խոր
Մօտ է ինձ գրկել, տանիլ իր լէն ձոր:
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, մէկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խաւարել.
Թո՛ղ մէկ շունչդ առնիմ, յետոյ հողը մտնիմ,
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ:
Քե՛զ եմ մնում, քե՛զ, քո ջանին մեռնիմ.
Հող ու գերեզման ես վրես ունիմ.
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պէտքը կը գայ, երեսի՛դ ղուրբան:
Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր,
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնի՛ր.
Մէկ նրանց տեսնիմ աչքս խփելիս,
Մէկ նրանց ասեմ լեզուս լռվելիս.
«մնա՛ք բարով, որդի՛ք, ազի՛զ, սիրեկա՛ն,
է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ, ա՜խ, դուք յաւիտեան.
Ձեր անբախտ հօրը հոգին յիշեցէ՛ք.
Մնա՛ք բարով, իմ քա՛ղցր, սիրո՛ւն երեխէք.
Ձեր հօր տեղակ ձեր խեղճ մօրն յիշեցէ՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցե՛ք»:

6

Ո՞վ չի գիտի, որ մարդի սիրտը արնով լցվելիս` ո՛չ սուր էնքան քեար կանի, ո՛չ դեղ, ո՛չ քուն, ինչքան բառն ու խօսքը ու իլլահիմ խաղը, բայաթին, էստուր համար Աղասու ընկերքն էլ ղրաղ քաշվեցին ու հեռըւանց նրան մտիկ էին անում, որ գլխին մէկ փորձանք չգայ, չունքի սար ու ձոր նրա արինն էին խմում: էնքան անկաջ դրին, որ ձէնը կտրեց, քունը տարաւ, յետոյ էկան, մէջըներն առան ու էլ ետ Ղարաքիլիսայ տարան:

Մէկ օր էլ էսպէս, էլի էս հալին, դռանը մէկ քարի վրայ նստած էր, որ մէկ ղարիբ մարդ քիչ-քիչ նրան մօտացաւ, առաջին կանգնեց, երկար նրան մտիկ արեց, ու հէնց էն ա, Աղասին ուզում էր նրանից հեռանայ, որ իր դարդն օքմին չտեսնի, ղարիբը դօշը բաց արեց, վրայ թռաւ, նրան խտտեց ու հէնց «Աղասի՛ ջան» ասեց, ու ձէնը փորն ընկաւ, լեզուն պապանձվեց ու էսպէս մնաց եարալու-փարալու` Աղասու դօշին փետացած, ընկած: Աղասին գէջդանգէջ որ խելքի չէկաւ ու աչքը բաց արեց, աստուա՛ծ, ո՞վ կարէր նրա արտասունքը բռնիլ, նրա սրտին մէկ ճար անիլ.

Ամո՛ւ ջան, Աւետի՛ք ամու ջան, դո՞ւ ես, ասեց ու իրանից գնաց:

Տեսնողներն էս դհից, էն դհից վրայ թափեցին, երկուսին էլ, էնպէս մեռած, տուն տարան, ջրով, հոտով ետ բերին: Հէնց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ ետ դուբարայ ընկնում էին իրար ճտով, իրար անուն տալիս, գնում էին էն դինեն, ետ գալիս: Մօտըներին կանգնողների աչքերիցը արտասունքը գետի պէս էր վեր թափում: Ճարըները կտրվեց, տէրտէր կանչեցին, աւետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրայ դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան:

էս էկող ղարիբը, սիրելի՛ կարդացող, Աղասու հորախպերն էր, որ գլուխը փէշն էր դրել, էկել իր ազիզ կորածին գտնի, տեսնի, մուրազն առնի, էնպէս մեռնի: Ո՞վ ըլեր` էնպէս չանէր: Սիրտըները որ մի քիչ դինջացաւ, ջանըները հովացաւ, Աւետիքը գդակի ծալիցը մէկ թուղթ հանեց, Աղասուն տվեց, ինքը մհանով տանիցը դուս գնաց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի, չփոթոթվի: Երկու թուղթ էր բերել հետը. Մէկը Աղասու մերն էր գրել, մէկը` նշանածը: Երանի՜ էն աչքին, որ էսպէս թուղթ իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ էլ կը տեսնի: էլի Աղասին էր, որ դիմացաւ, բայց վա՜յ էն դիմանալուն. հարիր անգամ թուլացաւ, նվաղեց, թուղթը դրեց երեսին ու աչքերը խփեց, էլ ետ ջուր ածեցին, ետ բերին:

Մօր թղթի խօսքերն էս ա.

«Աղասի՛ ջան, Աղասի՛, գլխովդ փարվան ըլիմ, Աղասի: Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խաւարում, ընչի՞ չեմ թօզ դառնում, որ բալքի թէ քամին բերի, գամ ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման գաս, որ ի՛մ աչքը հանես, որտեղ որ նստիս, որ ի՛նձ վրայ գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս. Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագաւո՛ր, իմ աղա՛ Աղասի:

Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում, պահած ծաղկըներդ կրակ են դառել, ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ` աչքիս լսումը մզրախի պէս ցցվում, սիրտս դուս ճոթռում: Ո՞ր կորչիմ, որ ձէնս օքմին չիմանայ, ո՞ւր գնամ, որ աչքս քո տեսած բաներն էլ չտեսնի, միտքս քո ասած խօսքերն էլ չյիշի՛ ջանս քարանայ, որ էլ անունդ չտամ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սէրը չզգամ, ումբրս փչանայ, օրս խաւարի, որ երկընքի տակին էլ չասեմ, թէ ե՛ս էլ եմ մեր, ե՛ս էլ որդի բերի, ի՛նձ էլ մէկ օր աչքալիս տվին, ե՛ս էլ մէկ օր որդու, զաւակի արեւի ձէնը պէտք է ածէի, ես էլ որ աչքս խփէի, մէկ բուռը հող դո՛ւ պէտք է երեսիս քցէիր, դո՛ւ իմ նաշը խտտէիր, դօ ւ իմ լաշը հողին տայիր, դո՛ւ վրես սուգ անէիր, գլխիս վրայ կանգնէիր ու էդ ազի՛զ, էդ սո՛ւրբ բերնովդ ասէիր. «հոգիդ լի՛ս դառնայ, ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր. ի՞նչ կըլէր, որ մէկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առնէր, ու յետոյ աստուած հոգիս տաներէ:

Հոգիս խոր է, թէ հանեմ, աստծուն տամ. սիրտս ձեռիս չի, որ կրակը քցեմ, էրեմ, երկնքին ձե՛ռս չի հասնում, անկաջդ ձե՛նս չի ընկնում: Ղուշ ա գլխավերեւս թռչում, քո անունն եմ տալիս. շունչս ա բերնիցս դուս գալիս, քո հասրաթը ջիգեարս էրում, փոթոթում, աչքիս եմ հուպ տալիս սիրտս ա տրաքում, բերանս եմ կալնում, միտքս ա ցնորվում, տունն եմ մտնում, պատերն են ինձ դժոխք դառել. դուս եմ գալիս, սար ու ձոր սեւ օրս լաց ըլում. երկնքին եմ նայում, մէկ ձէն չի գալիս. երկրին եմ մտիկ տալիս, մէկ խաբար չիմանում: Բարձին եմ գլուխս դնում, շունչս ա ինձ խեղդում, քնած թէ զարթուն` դո՛ւ ես աչքիս առաջին պտիտ գալիս: Արտասունքս ծով ա դառել, Աղասի՛ ջան. Ա՜խ ու ո՜խ քաշելուցը շունչս կտրվել, հոգիս մաշվել, գլխիս էլ մազ չմնացել, որ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չկայ, որ չըլիմ կտրատել, տան ու դռան էլ քար չկայ, որ չըլիմ դօշիս խփել: Գլուխս ծեծելուցը ձեռներս բէզարեց, շատ լաց ըլելուցը աչքս խաւարեց, բայց ա՜խ... ա՜խ... Հոգիս իմ տված չի, որ ասեմ` դուս գնայ. Սաղ-սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձէնը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս փետացած ձեռներովս խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզուովն ասեմ. «մեռնիմ էլ, Աղասի՛ ջան, հոգիս գլխովդ պտիտ կը գայ. ապրիմ էլ, որդի՛ ջան, ջանս քո ուղուրին դրած ա: Հոգիս երկնքումն ըլի, մարմինս` քո առաջին, փիանդազ. շունչս վրես ըլի` դո՛ւ ես իմ սրտի մուրազն: Հող կը դառնամ, հողս քե՛զ պտուղ կը տայ. ջուր կը կտրվիմ, քո՛ հանդի, ծաղկի վրայ կթափիմ. դրախտումն ըլիմ, քո՛ ծառի ճղքների վրայ բլբիւլի պէս կը կանգնիմ, քե՛զ անուշ քուն կը դնեմ, աշխարքումս ապրիմ, ջանս քե՛զ ղուրբան կը տամ, թաք դու ծաղկիս, ծլիս, զօրանաս, անումի՛դ մեռնիմէ:

 

Անումի՛դ մեռնիմ, արեւի՛դ մեռնիմ, Աղասի՛ ջան. մօր ազիզ պահած, հօր աչքի լիս որդի՛ ջան. Ալամ աշխարքի գոված, աստծու` սիրեկան, մարդի` դիրեկան. Ջա՛նս քեզ մատաղ, Աղասի՛ ջան, փուշ էիր տնկում, վա՛րդ էր քեզ դառնում. քարին էիր ձեռը տալիս, քարը՛ հոգի առնում: Մէկ հոգի ունէիր, հազար աղքատի սրտում, մէկ շունչ ունէիր, հազար հիւանդի բերնում, մէկ անուն ունէիր, արարած աշխարքի միջում: Երկու ձեռք ունէիր, մէկը ողորմութիւն տալիս, միւը` աչք սրբում: Երաբ, ո՞ւմ մէկ թթու խօսք ասեցիր, որ ինձ անիծեց, ո՞ւմ վրայ դուռը հետ արիր, որ ինձ վա՜յ տվեց, ո՞ւմ վեր ընկած տեսար, անց կացար, որ մօրդ գլուխը՛ լաց էլաւ. Ու՞մ կաթը կերար, որ քեզ լեղի դառաւ. Ու՞մ ձեռին մեծացար, որ գիշեր-ցերեկ քեզ չօրհնեց, ո՞ւմ ծնկան վրայ քնեցիր, որ երեսիդ քրտինքը տեսնելիս` հազար անգամ աչքը երկինքը չքցեց, արատասունքը երեսիդ չթափեց ու իր մեղաւոր բերնովը չասեց.

Փառքդ շա՜տ ըլի, արարի՛չ աստուած, դո՛ւ տվիր` դո՛ւ պահիր, իմ կեանքս ա՛ռ, սրա վրայ դի՛ր, սրան մէկ փորձանք գալիս` ի՛մ աչքը հանիր: Թուր պէտք է սրան դիպչի` ի՛մ սրտումը առաջ ցցվի. կրակ պէտք է սրան էրի` սֆթայ ի՛նձ փոթոթի. սրա աչքը ցաւելիս` ի՛մ աչքը դուս գայ: Ո՛վ երկնային թագաւոր աստուած, զօրանա՛յ, մեծանա՛յ, իր մուրազին հասնի՛: Հաց չունենամ` դռնեդուռ կընկնիմ, սրան կը պահեմ, գլուխս կը ծախեմ, եմ թողալ սրան ուրըշի ձեռին մուհդաջ, որ թաք, ես մեռնելիս, սա՛ իմ երեսիս հող քցի, սա՛ իմ աչքս խփի, սա իմ գերեզմանս օրհնի, իմ օջախի սինն ու ճրագը սա՛ դառնայ, որ իմ յիշատակը աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չհատնի, չպակսի:

Աղասի՛ ջան, ծուխս հատաւ, կտրվեցաւ, տունս քանդվեց, յիշատակս քո՛ռ էլաւ, հիմքս` տակ ու վեր. աստղս խաւարեց, իմ փայ արեգակը վաղուց մեր մտաւ, իմ փայ երկինքը վաղուց փուլ Էկաւ: Ինձ համար էլ լիս չի՛ բացվում, ինձ համար էլ աղօթարանը չի ծէգում, օրն ինձ համար` գիշեր, գիշերն ինձ համար` տարտարո՛ս, դժո՛խք: Վաղուց եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հօրը փորել, հազար անգամ մէջը մտել, դուս Էկել, բայց, ա՜խ, հողն ինձ ի՞նչ տեղ կը տայ, որ քեզ չեմ տեսել. Աչքս ինչպէ՞ս կը կպչի, որ քեզ չեմ նայել, գերեզմանումը կը դինջանա՞մ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս` լեզվիդ, աչքս` աչքիդ, դօշս` դօշիդ, էդ ջիւան ջանիդ ղուրբան, Աղասի՛: Հրեշտակս ինչպէ՞ս սիրտ անի, որ ինձ մօտանայ. Էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանայ. Էն լեզուն չի փետանայ, որ իմ սուգն անի. Էն բեմը ինչպէ՞ս տեղը կը մնայ, որ իմ նաշը տեսնի, Էն բաժակը կրա՞կ չի դառնալ, որ հոգուս համար պտի խմեն. Էն խունկը բո՞ց չի դառնալ, որ ինձ վրայ պտի ծխեն: Որ որդին մօր գլխին կանգնած չըլի, Էն մօրը ո՞նց պէտք է թաղեն, որ որդին ծնողի սուգը չանի, Էն ծնողին ո՞նց պէտք է հողը դնեն, որ որդին մօր գերեզմանը օրհնիլ չտայ, Էն քարը ո՞նց պէտք է քցեն:

Աղասի՛ ջան, Աղասի՛. երեսս ոտիդ տակն, Աղասի՛. Ի՞նչ կըլի` մէկ շվաքդ էլա տեսնիմ, յետոյ հոգիս տամ, մէկ ձէնդ էլա լսեմ, յետոյ աչքս խփեմ, մէկ ձեռդ բերանս առնիմ, յետոյ շունչս կտրեմ: Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դօշիս` ջուրն էի գնում, քամակիս կապում, հանդն էի գնում, ուսիս քեզ դնում, մէկ ձեռս բերնումս, միւսովն քեզ խտտում, խոտ էի հնձում, քեզ ճօճումն պահում, հետդ խաղ ասում ու քեզ օրօրում. պտուղ հաւաքում, քեզ մէջքիս կապում. Հացը բերնիցս հանում, քեզ դէմ անում, ծառիցը պտուղը քաղում, քո խաթրն առնում, հարիր անգամ գիշերը վեր կենում, քեզ ծածկում, ջա՜ն, ղուրբա՜ն ասելով հետդ քաշ գալիս, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում, վրեդ խաչակնքում ու աղօթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում:

Հէրդ` զրնդանում, ոտները` բխովում. Նազլուն` կիսաջան, մահի հետ կռվում, հէնց ե՛ս եմ մենակ չոր գլուխս պահում, որ մէկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումը գլուխս դնեմ ու քեզ բարով մնա՛յ ասեմ, բարով մնա՛յ ասեմ ու աչքս խփեմ, որ քո արտասունքն հեչ չտեսնիմ, քո սուգը չլսեմ: Ա՜խ, ա՜յ իմ կորած որդի, ըմբրի՛ս լուսատու, բաս քո խեղճ մերդ հեչ միտդ չե՞ս քցում, բաս քո ջրատար հօր հալը հեչ չե՞ս հարցնում, բաս ջիւան Նազլուդ, որ քեզ ա ուզում, անունդ տալիս, թէ աչքը բանում, քո սիրովն էրվում, թէ քեզ ա յիշում, շունչը բերնումը, հրեշտակն առաջին, ոտը հողումը, խաչը գլխատակին, պատանը ծալած, խունկն ու մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված, լեզուն չի բռնում որ անունդ տա. «ա՛խ քաշելու տեղ նա Ա՜ղ... Է ասում, ո՛խ ասելու փոխ նա սի՜ ... հանումէ: Արտասունք չունի, սիրտը հովացնի. էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի: Ոտդ ինչպէ՞ս ա քարերին բռնում, աչքդ ինչպէ՞ս ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրո՛ւ. թո՛ղ մէկ սհաթ ըլի. թոի՛, արի՛, հողին տո՛ւր մօրդ, որ էլ մեր չունենաս, մերդ քա՛ր դաոնայ. Նազլուն հետդ տա՛ր, սա էլա ապրի, քեզ մխիթարի, գնա՛յ, արեւի՛դ մեռնիմ, Աղասի, արեւիդ ձէնն ածի. ինձ թաղի՛ր, բայց Նազլուիդ մի՛ թողար, մի՛ դէն քցիր, քեզանից աւելի սա էլ ո՞վ ունի. քեզ ապաւինեց, արի՛, սրան հասիր, քանի շունչ ունի, տա՛ր, չտեսնիմ: Հէնց քեզ տեսայ թէ չէ, հոգիս ձեզ կը տամ, ես հողը կմտնիմ, ձեզ բարով կը տամ: Էկէ՛ք, թաղեցէ՛ք, փախէ՛ք, գնացէ՛ք, էս դառն աշխարքի՛ցս ոտըներդ քաշեցէ՛ք ու ձեր անբախտ մօր հոգին յիշեցեքէ՛:

էս թուղթը կարդալիս էլ հարիր անգամ իրանից գնաց ու էլ ետ` ետ էկաւ ու սկսեց կրկին կարդալ ու ինքն իրան սիրտ դնիլ: Վերջը թուղթը ծալեց, ծոցը դրեց ու մտքի ծովն ընկաւ: Իրիկնահովն ընկել էր, որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարաւ, որ մօր գիրը մին էլ կարդայ, իր սիրեկանինն ընկաւ ձեռը, իր Նազլուինը, ու քիչ էր էրվել, նորէն հազար խանչալ սկսեց սրտումը ցցվիլ շշկլած, շշմած սկսեց կարդալ:

Նրա թղթի միտքն էլ է՛ս էր:

«Երա՛բ, որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ, որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կիմանա՞ս էն ժամանակը, թէ Նազլուդ, քո ջրատար Նազլուդ, ի՞նչ ցաւ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տէր, իմ ըմբրի՛ թագաւոր, Աղասի՛: Ո՞ր սարեր են առաջդ կապել, ո՞ր գետեր ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թեւիցդ բռնում, ետ քաշում, ա՜յ իմ թագ ու պարծանք, որ էսպէս ինձ կրակում թողել ես. ինձ դժոխքը ղրկում, դու արքայութիւնը վայելում, ինձ սուրը քաշում, դու ձեռներդ լվանում, ինձ դիւանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արեւիդ ձէնն ածում ու երեսդ էլա չե՛ս ետ դարձնում, որ ինձ հողը դնես: Աղասի՛ ջան, Աղասի՛, երաբ սիրտդ քա՞ր ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ էլ չի՞ տեսնում, երաբ երեսդ մի երկնքին չե՞ս քցում, որ տեսնիս, թէ ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ինչ կրակ է վերեւիցը վեր թափում. չե՞ս իմանում, միթէ, անիրաւ՛, անջիգեա՛ր, թէ էս Կրակն ու էս բոցը, էս ծուխն ու էս ամպը ի՛մ բերնիցն են դուս գալիս, ի՛մ սիրտս ա քուլա-քուլայ իրանից հանում, վերեւն աստղերը խաւարացնում, բռնում, ներքեւը սար ու ձոր պապանձացնում, անձող շինում:

Հարիր անգամ գերեզմանի դուռը հասել, էլ ետ` ետ եմ էկել. հարիր անգամ արեգակը, որ մեր մտաւ, ես էլ իմ հոգիս հետը ճամու քցեցի ու, ա՜խ, էլի, ծէգը բացվելիս, հէնց իմանում էի` հողումն եմ, չէի ուզում շունչ քաշեմ, հէնց իմանում էի` մեռելների կողքին եմ, չէի կամենում գլուխս բարձրացնեմ, ու էլի մօրդ, ա՜խ, քո ումբրը խաւարած մօրդ ձէնն որ անկաջս չէր ընկնում, էլ ետ աչքս բաց էի անում, մազերս նրա ոտի տակին փռում, որ կամ ինձ սպանի, կամ թէ չէ` մահի ձեռիցը չխլի, ինձ սաղ-սաղ էսպէս չէրի, չխորովի. ամա էլի, որ նրա է՛ն խաւարի աչքերը, է՛ն չորացած, մազ դառած ջանը որ աչքովս էր ընկնում, որ իմանում էի, թէ նա էլ քո ցաւն ա քաշում, քո դարդովն ա էնպէս փոթոթվում, քո՛, քո ջանի՛ն մեռնիմ, միտք էի անում, որ թէ ես էլ մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի՛ ըլիլ. որ ես կորչիմ, նա էլ կենդանի հետս պէտք է հողը մտնի կամ ջուրն ընկնի, խեղդվի, որ միտք էի անում, թէ նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովութիւն գտնում, քո կարօտը, քո հոտն ու համը, քիչ թէ շատ, ինձանից ա նա առնում, ինձ որ չունենայ կամ սովը պէտք է նրան սպանի, կամ քարեքար ընկնի, մէկ բուռը հողի, մէկ օրհնած տեղի էլ հասրաթ մնայ: Ի՞նչ պէտք է անէի, ո՞ր ջուրն ընկնէի: Հոգիս իմը չէր, որ հանէի, նրան տայի, բալքի նա ապրէր, քեզ տեսնէր, քո արդար ձեռքը բռնէր, գար գերեզմանս ու գլխիս կանգնէր, ասէր.

«Աղասի՛ ջան, էս ա Նազլուիդ հանգստարանը, է՛ս հողին նա իր ջանը ղուրբան տվեց: Հետս խօսում չէր, որ դարդն իմանայի, ես էլ չօփ էի դառել, աշխարքն աչքիս փուշ կտրել, որ մէկ մօտին նստէի, քրտինքը սրբէի կամ մէկ սառը ջուր տայի; Ես ի՛մ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա` իր բարձի վրայ. ես ի՛մ գլուխս էի բարձրացնում, որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում գլխին պտիտ գալիս. ես ա՜խ էի քաշո՛ւմ, որ ձէնս քո անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում, սրան էրում, մաշում: Ա՛խ, հինգ ամիս էսպէս տանջվեց, չարչարվեց էս խեղճ ջրատարը. ո՛չ դեղ կարաց սրան ետ բերիլ, ո՛չ դեղապետ. Ո՛չ տէրտէր, ո՛չ հըսկումն, ո՛չ աղօթք, ո՛չ սրբութիւն: Մէկ առաւօտ էլ, ա՛խ, էն սհաթը գնայ, ո՛չ ետ գայ, աչքս բաց արի, որ վեր կենամ կամ երեսը ծածկեմ, կամ տեղը փոխեմ, տունը գլխիս փուլ էկաւ. աչքերը երկինքն էր քցել, երեսն աղօթարանը, ձեռ ու դօշ բաց արել, հէնց իմանաս էն ետին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր խնդրի` մի քիչ համբերի, որ բալքի թէ էս սհաթին էլա մէկ դուռը բաց էիր արել, մէկ քեզ տեսել էր, մէկ հասրաթդ առել էր ու յետոյ հոգին տվել:

Ընկի՛ր գերեզմանի վրայ, Աղասի՛ ջան. էս գերեզմանը քո արնի գինն ա, քո աչքի լիսն ա էստեղ թաղած, երեսդ հողին տո՛ւր, որ բալքի հողն էլ նրա մուրազը տայ, բալքի հողիցն էլա գալդ իմանայ ու գերեզմանումն էլա դինջանայ: Ա՜խ, ի՞նչ կըլէր, որ էնքան ցաւը քաշեց, մէկ օր մէկ ձէնն էլա իմանայի, մէկ օր մէկ խօսք էլա ասէր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպէս չէրէր, չխորովէր: Ա՛խ էլ որ քաշում էր, էն կրակված շունչն էր երեսիս դիպչում, լաց էլ որ ըլում էր, էն գետանման արտասունքն էի միայն տեսնում, մէկ աչքն էլա չէր բանում կամ գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առնէր, աչքը` աչքիս, որ մէկ սիրտս հովանար, մէկ լացը դինջանար, աչքս իրան տայի, որ ինչ արտասունք ունէր, ինձ բաշխէր, գետնին վեր չածէր, սիրտս իրան հանէի, բաշխէի, որ բոլոր ցաւն ինձ տար, ես էլ անկորուստ էսօր քեզ ամանաթ տայի, որ քանի տեսնիս, իմանաս, թէ քո խեղճ, անճար Նազլուդ քո սիրովն մեռաւ՜, քո կարօտովն գետինը մտաւ, որ քանի նրա անունը տաս, հրեշտակ էլ որ ըլի, էլ թամահ չանես, էլ է՛ն բարձի վրայ ուրիշ գլուխ չդնես, որի վրայ որ քո հարազատ Նազլուդ հոգին տվեց, որ է՛դ դօշդ էլ ուրիշի դէմ չանես, որ Նազլուի ջանը հանեց, է՛դ լեզուդ ուրիշի ջան չասի, որ Նազլուին կրակ դառաւ, էրեց:

Չէ, Աղասի՛ ջան, թէ քո մերն եմ, ասածս արա՛, քանի Նազլուիդ գերեզմանն աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես կամ իգին մտնիս, ծաղկըներդ ջրէս կամ պտուղ քաղես, դօշդ բա՛ց արա, նրա անունը տո՛ւր, նրա գլուխը լա՛ց իլ. թուփ չկայ, որ նրա արտասունքը տեսած չըլի. քար չկայ, որ նրա դօշին չըլի դիպել, ծաղիկ ու թուփ չկայ, որ նրա գլուխը չըլի խտտել, սուգը տեսել, հետը սգացել, սրտի ծուխը մէջն առել ու թառամել, չորացել, որ նրա կսկիծը չտեսնի, ձէնը չլսի: Թէ իմ կաթն ես կերել, Աղասի՛ ջան, թէ իմ ձեռին մեծացել, քանի շունչդ բերնումդ ա, ոտդ` վրեդ, արի՛, արի՛, էս սուրբ հողի վրայ կանգնի՛ր, ինձ էլ նրա հետ թաղի՛ր, ու յետոյ, աստուած քեզ հետ: Քանի որ կենդանի եմ, թուր կը ցցեմ սիրտս, աչքս կը հանեմ, ուրիշի էլ հարս չեմ կարող ասիլ, ուրիշի էլ մեր չեմ դառնալ. ինձ էլ աչքալիս չի՛ հարկաւոր, չի՛ հարկաւոր, իմ աչքիս լիսն էլ էր սա, իմ օր ու ումբրս էլ, որ կորաւ, փչացաւ, սրա կոխած տեղը թէ ուրիշի ոտ ա դիպել, հոգիս կը տամ, սրանից ետը աշխարքս ջաւահիր էլ դաոնայ, էլ ո՞ւմ աչքը կը գայ, ո՞վ թամահ կանի: Մեռնելիս էլ անկաջումն էն եմ ասել, գնա՛յ, իմ ջանի՛ հանող, քանի շունչս վրես ա, Աղասին էլ կարմիր չի՛ կապիլ, էլ ձեռները հինայ չի՛ դնիլ, նրա հինէն Վաղուց քամուն տվի. մէ՛կ բարձի գլուխ դրիք` մէ՛կ հողում պտի քնիք, ինձ էլ միջըներդ առնէք, որ ձեր սէրը գերեզմանումն էլ տեսնիմ, երկընքոմն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ ու աստծուն, ինչպէս առայ, էնպէս ամանաթ տամէ:

Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քե՛զ եմ կանչում, Աղասի՛ ջան, ձեռս ու դօշս բաց եմ արել, քե՛զ եմ կարօտ, ջանի՛դ ղուրբան: Հողն իմ ձեռովս եմ առել, որ երեսիս քցեմ, որ մատաղդ գնամ, պատանս ե՛ս եմ կարել, որ մէջը մտնիմ, Նազլո՛ւն չարդ տանի, խունկս ու մոմս ու ժամոցս ի՛մ ձեռովս եմ տվել, անումի՛դ մեռնիմ. էլ ժամ կամ պատարագ, տէրտէր կամ բաժակ ինձ չի՛ հարկաւոր, երեսս ոտիդ տակը: Հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, ետ դարձրել, որ մէկ էլ ձէնդ լսեմ էս քառացած անկաջովս, մէկ էլ երեսդ տեսնիմ էս խաւարած աչքովս, մէկ էլ Էդ սուրբ ձեռդ էս քարացած դօշիս կպցնեմ, մէկ էլ Էդ ազիզ պատկերը էս հող դառած երեսիս դնեմ ու էս էրված, խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ, Աղասի՛ ջան. բաս սիրտդ Էնպէս մեռել, փետացել ա, որ էլ ինձ չե՛ս սիրում: Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, սիրտս` լիքը, ձէնս` կարճ, տեղդ` հեռու. Ո՞վ մեր դարդին ճար կանիէ:

Ողորմելի աղջիկն էլ չէր կարացել իրան պահի, կեսուրն էլ էն վախտը վրայ հասաւ, որ էսպէս փետացել, վեր էր ընկել, ձեռիցը բռնեց, դողդողալով տուն տարաւ ու տէգորը խնդրեց, որ գնալիս` էս բայաթին էլ մէկ աստուածասէրի գրիլ տայ, հետը տանի, որ Նազլուն վաղուց իրանից հանել էր ու ամէն օր սգալով ասում.

 

ՆԱԶԼՈՒԻ ՍՈԻԳԸ

Գարունքը բացվել ա, դաշտեր կանաչել,
Ծառերը ծաղկել, սարեր զարդարել,
Բլբիւլն իր վարդի սիրովն կշտացել,
Հէնց ե՛ս, ա՜խ, սիրոյդ կարօտ մնացել: Ա՜խ, կարօտ...
Ինչ քար տեսնում եմ, դո՛ւ ես առաջիս.
Ինչ խոտ կոխում եմ, դո՛ւ միտս գալիս.
Աղբրի ջուրն էլ քո՛ համն ա տալիս,
Հանդի ծաղիկն էլ ի՜մ օրը լալիս: Ա՜խ, օրս լալիս...
Աչքիս լիսն էլ, ա՜խ, լալով փչացաւ,
Ա՜խ, ո՜խ քաշելով լերդս չորացաւ.
Ու՞մ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցաւ,
Ասեմ էլ, երաբ, ում սրտին կը տայ ցաւ: Ա՜խ, կը տայ...
Չե՛մ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնեակն, արեգակն ինձ հաւար կանչեմ.
Սի՞րտ ունին նրանք, որ իմ դարդս ասեմ.
Արի՛, արեգա՛կ իմ, քեզ կարօտ եմ: Ա՛խ, քեզ...
Երաբ քո սիրտն էլ հետս ցաւո՞ւմ ա,
Երաբ անունս միտդ գալի՞ս ա,
Թէ՞ չոր քարերը ձէնս ու սուգս լսում,
Ո՛չ հետս խօսում, ո՛չ սիրտս առնում: Ա՜խ, սիրտս...
է՛դ սուրբ երեսդ մէկ էլ ես տեսնիմ,
Մէկ էլ մօտիդ նստիմ, մէկ ճտովդ ընկնիմ,
Թո՛ղ էն ժամանակն ես տամ իմ հոգին,
Մեռնի՛մ արեւիդ, Էդ ոտիդ տակին: Ա՜խ, ոտիդ...
Նազլուիդ աչքը ճամփին մի՛ թողար,
Նազլուդ մի՛ սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի. հասի՛ր նրան հաւար,
Հասի՛ր, հողը դի՛ր, հոգին հետդ տա՛ր: Ա՜խ, հետդ...

7

Ա՜խ, ա՛յ իմ աստուածասէր կարդացող, քար ըլեր էս խօսքերը կը պատռէր, ո՞ւր մնայ մարդ, Էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել: Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը` կակող. քանի ձգվում ա, բարակում է ու յանկարծ կտրվում: Լեն օրին ա մարդ շատ անգամ իրան մոռանում, թէ չէ նեղութիւնը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում: Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը որ տեսնում էին փամբակեցի կտրիճ հայի տղերքը, խօսքըմին արին, որ գնան, թաքուն նրա մօրն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելօք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հօրը բանտումը թիքա-թիքայ կանէին: Շատ անգամ վարաւուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնայ հորնումոր հաւարին, բուսուն բռնում, ետ էին դարձնում: էսպէս տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչեւ գարունքն էլի բացվեց, ու թուրք ու հայ եայլաղ դուս էկան: Աղասին էլ հետըները գնաց:

Աղբրների գլխին, ծաղիկների վրայ օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը: Առաւօտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը, իրար հետ խառը, երկինքն էին վերանում ու շաղն ու ցօղը անձրեւի հետ նրանց շորերի, երեսների վրայ դնում: Կնանիքը կթի տաւարի հետ էին ըլում, կաթը հաւաքում, եղ ու պանիր շինում, մարդիկը տաւարը սարը տանում կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասութիւնը հոգում: Մենակ էս չէր կնանոնց գործը, ցերեկը ջահրայ էին մանում, շալ ու խալիչայ կամ կարպետ գործում ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում: էլ ի՞նչ ասիլ կուզի, որ տան պէս աղջիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս կամ երեսները կալնում: Մէկ տան պէս, ում օբեն մտնէիր` թուշ էր, որ վարդի պէս փայլում էր, աչք էր, որ մարդի խելք տանում էր: Է՛ն օդի ու ջրի, է՛ն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլէր բաս: Յայտնի բան է, որ ֆորսի ու, շատ անգամ, գողի ու յարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը, ու սպանած կամ բռնած ժամանակը մէկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին: Ղոնաղ պատահէր` Էստեղ պատահէր: Շաբթով, ամսով էլ չէին թողայ հեռանայ. ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սըլսլոցը ղշերի ծլվլոցը, չօբանի թութակը, գառան, ոչխարի ու տաւարի ձէնն ու բառանչը ամէն մարդի ուզում էին ասեն. «թէ դրախտ ես կամենում, էստե՛ղ կաց, էսպէ՛ս կաց. սիրտդ` անմեղ, միտքդ` հիստակէ:

Չե՛մ կարող ասիլ, թէ էս տեղի փոփոխութիւնը Աղասու սիրտը բաց չի արեց, քար ըլեր, կը կակղէր, կրակ ըլեր, կը հանգչէր, ո՞ւր մնայ նրա սիրտը: Բայց Աղասու գլխին դէոյ չար հրեշտակ էր պտտում, ու ինքը` ողորմելին, չէ՛ր իմանում: Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրէն հայիլ-մայիլ: Իլահիմ որ իմացան նրա պատմութիւնը, ամէն աչք ուզում էր նրա համար բացվի, ամէն բերան նրա՛ն իր շունչը տայ: Ում որ մէկ ծաղիկ չէր թաւազայ անում, աչքը արտասնքով լիքը` ուզում էր ձեռի տեղակ սիրտը դէմ անի, քթի տեղը հոգումը դնի նրա տված ծաղիկը: Ով մէկ անոշ թիքայ ունէր, նրա համար էր պահում, մէկը սէ՛ր էր նրա առաջին դնում, մէկը ձվածեղ, մէկը գառան միս, մէկը` պախրի խորոված: Շատը նրան ղոնաղ կանչելիս գառն ու ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնին: Նրա տխուր բայաթու ձէնը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան: Աղջկերքը որ չէին դաստա-դաստայ սարի դօշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դօշ զարդարում, սիրտն ուզում էր, թէ տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր:

Բայց Մուսէն, ջիւան Մուսէն, ո՛չ Նազլու ունէր, որ դարդ անի, ո՛չ հէր, որ բանտումը տանջվի, մէկ ջահել մեր ունէր, էն էլ էսօր-էգուց էր ընկել, որ մէկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի: Բոյն էկել, շիշակացել էր, չինարի դառել. բեղերն նոր էր բերնի վրայ ծաղկել, թուխ-թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս, հէնց իմանաս, հրեշտակ ըլի թեւով խփում: Տասնըւեց տարին անց էր կացել, դեռ նա ծուռն աչքով մէկի երեսի չէ՛ր մտիկ արել: Բազի վախտ, մէկ քօղ կամ սպիտակ լաչակ տեսնելիս, ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր սար ու ձոր ընկնի, գլուխն առնի, կորչի: Ամա մէկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր: Բազի վախտ, էնպէս գիտես, թէ նրան վեր ըլին քաշում: Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հէնց գիտես, թէ մէկ աներեւոյթ ձէն նրան ասում ըլի. «մուսա՛յ ջան, քնի՛, ես աչքդ կը կըպցընեմ, երազումդ հետդ կխօսիմ, որ զարթնիս, գիւմ կըլիմ, չունքի վախտը չի՛ հասել, որ դու քո նասիբը գտնիս: Ինչ որ ճակատիդ գրած ա, էն պէտք է ըլիէ: Քնից որ վեր էր կենում, հէնց իմանում էր, թէ հրեշտակները մօտիցը նոր թռան: Նա չէ՛ր իմանում, թէ սէրն ա էս, որ քիչ-քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստումէ;

Մէկ օր էլ էսպէս, մէկ ծառի տակի քնած տեղը, երազում մէկ թաս գինի բերին, դէմ արին նրան ու մէկ հրեշտակի պատկեր նրան` թեւերն երեսին փռած, կամաց ձէն տվեց.

Մոյ ւսա՛յ ջան, եա խմի՛ր էս թասը, եա ինձ սպանի՛ր, իմ կեանքս քո ձեռին ա: Հէրնըմէր չունիմ, ընկել եմ մէկ անօրէն տաճկի ճանկ: Ղարսայ սարումն ա մեր օբեն, թէ սիրտ ունիս, թէ աստուածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի՛, չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կեանք չե՛ս տեսնիլ: Մուսա՛յ ջան, գնում եմ, դու գիտես: Արի՛, թէ չէ, էս ա, քսան օր ա, ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում: Ինձ երազումս ասացին, թէ դո՛ւ ես իմ ազատողը:

Աչքը որ բաց արեց, հէնց իմացաւ, թէ ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին. ու արեգակի շողքը երեսը սղալելով` ուսուլով սարի քամակը անցաւ: Ուզում էր խօսայ, ձէնը չէ՛ր դուս գալիս, ուզում էր վեր կենայ, ոտն ու ձեռը չէի՛ն զօրում: Թութակի ու շվու ձէնն էլ որ անկաջը չընկաւ, էլ ետ աչրը խփեց: Ա՜խ, ի՞նչ կըլէր, ջահէլութիւնը նրան չէ՛ր էսքան յաղթել սէրը չէ՛ր էսքան նրան թմբրացրել:

Մութը գետինն առաւ: Մատդ որ կոխէիր մարդի աչք, չէ՛ր տեսնիլ: Ամպերը սարերիցը գլխները բարձրացրին, ոտները կտրեցին, չանկ ու դուման սար ու ձոր բռնեց: Հէնց գիտես` հազար վիշապ բերանները բաց արած, գալիս են, որ սար ու ձոր կուլ տան: Կայծակը էստեղ-էնտեղ որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան, թէ ի՞նչ խաբար ա. տաւար, ոչխար աղալի մէջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լաւ գիտէին, որ գողի, յարամու, ջանավարի ղզղուն վախտը հէնց էս ա: Ամպերը որ թօփ ու թօփխանէն չսարքեցին, ո՛վ ոտ ունէր, փախաւ, ո՛վ աչք ունէր, փակեց, օղլուշաղը ալաչուխի տակն արեց, ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա բան տեսնի, ու հէնց ոտի վրայ` ամէնը մի կտոր հաց առան, էն էլ գօտիկը դրին, չկերան, որ տեսնին, թէ վերջըները ի՞նչ կըլի, ինչպէ՞ս կը լուսանայ: Մէկ բարակ կարկուտ, անձրեւի հետ խառը, Էկաւ, վրըներովն անց կացաւ: Երկինք, գետինք սկսեց կրակվիլ: Կայծակը որ չէր ղամշում սարերի գլխին, ուզում էին, թէ հազար գազ խոր գնան: Ամպը որ չէր թօփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի ու հոգին տայ: Ճրագ չկար, որ մարդ տեսնի, ձէն մարդի անկաջ չէր հասնում:

Աղասին պատռեց գոռալով, Մուսի անունը տալով, բայց ջուրը տանի նրա մօրը, նա ի՞նչ տեղ էր, որ խօսք իմանայ, ի՞նչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի: Աղասու ընկերքը ամէն մէկը մէկ սար ընկաւ, գլուխը մահու տվեց. հարիր տեղ թվանք քցեցին, ու որքա՞ն էր նրանց ահն ու երկիւղը, երբ որ իմացան, թէ նրա թվանքն էլ վրէն չի՛: Աղասին մահվան դուռը գնաց: Ամպն էլ ետ դառաւ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պէտք է նրան քթնէին: Ընչանք ծէգը բացվեց, օձերը ծնեցին, ու ո՞վ նրանց հալը կարայ պատմիլ, երբ Էկան տեսան, որ ջիւան Մուսէն` արնի միջումը շաղախված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մէկ ահագին քաֆթառ նրա դօշին նստած, Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց, որ թուրն իրանց սիրտը կոխեն. որ ձէն չտվին ու վա՜յ տվին, հսկայն Մուսայ աչքը բաց արեց, ընկերներին որ տեսաւ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց.

Աֆարի՛մ, Լաւ վախտի էք գալիս. Էկէ՛ք, կուռս հանեցէ՛ք. ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկայ, որ հանեմ:

Ու՞մ աչքը էն ուրախութիւնը կը տեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսաւ: Վրայ թռան, քաֆթառին դէն քցեցին, ու Մուսէն որ կուռը չհանեց, կէսը, հէնց բռնի՛ր, ծամած էր: Մէկ սաղ սհաթ Աղասին նրա դօշիցը չէ՛ր պոկ գալիս: էնպէս գիտում էր, թէ է՛ն կեանքիցն ա վեր էկել: Սարըցիք էլ էս ջիւան, իգիթի սիրտը տեսնելով` մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հէնց է՛ն էին խօսում:

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը` ղարարը: Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում, օրն էր մեր մտնում, նրա ցաւերն էին նոր ի նորօ բացվում: Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել: Գիշեր-ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսըն ու երազը է՛ն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր: Ծառերն էին սլսլում թէ ջուրը քչքչում, քամին էր փչում թէ հովը հնչում, նա ոչի՛նչ ձէն չէր իմանում, ոչի՛նչ չէր տեսնում, եթէ ո՛չ` իր սիրեկաի երկնային դէմքը:

Հսկայն Աղասի, որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մէկի մազն էլա թեքվի, վաղուց էր վարաւուրդ արել սրա էս նեղութիւնը, վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա, էլ վրէն չի՛. Ամա չէ՛ր իմանում, թէ պատճառն ի՞նչ ա: Գիտէր, որ նրան աչքի լսի պէս էր մինչեւ Էն օրը պահել, բայց թէ ի՞նչն էր Էսպէս նրան էրում, խորովում, չէ՛ր կարում հասկանալ: Նա տեսնում էր, որ ջիւան Մուսին մէկ աղջկայ ձէն լսելիս, մէկ աղջկայ պատկեր տեսնելիս, իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպէս կարծում էր, թէ էս էն առաջին կրակն ա, որ ամէն ջահել մարդի սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում, ու սար ու ձոր մարդիս աչքին եա սազ ու քեամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, եա թուր ու դանակ դառնում, սրտումը ցցվում: Շատ օր ճտովն էր ընկնում, լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից աւելի ոչի՛նչ չէ՛ր տեսնում, լացից աւելի ոչի՛նչ չէ՛ր լսում:

Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս, որ իր ցաւերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում, թէ ի՞նչ ջուղաբ տայ. դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս: Ընկերքն էլ էին մնացել մաթալ, որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէ՛ր բերում, գլուխն առնում, կորչում, ու սար ու ձոր պէտք էր ոտնատակ տված, որ նրան մէկ տեղ քնած քթել էին:

Մէկ օր էլ էսպէս Մուսին ման էին գալիս, որ մէկ քարափի տակից էնպէս մէկ ձէն էկաւ, որ մարդ լսելիս` ջանը վրէն սրսռում էր: Քամին ձէնը ձորն էր քցել, ու քարերն էին խօսքերը ետ ասում:

 

ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ.

Հրեշտակ էիր, որ ինձ երեւեցար, ա՜խ, ինձ երեւեցար,
Երկրո՞ւմն ես ծնվել, թէ՞ երկնքիցն էկար,
Մէկ ջան ունէի, էն էլ դու տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՛, հոգիս ա՛ռ: Ա՜խ, հոգիս ա՛ռ...
Մեռնիմ` չե՛ս տեսնիլ, կորչիմ` չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ.
Ու՞ր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողայ ինձ լալ: Ա՜խ, չթողայ...
Երա՜զ թէ քուն ինձ, ա՜խ, մահ են դառել,
Իմ սեւ օրս` գիշեր, կեանքս խաւարել.
Ի՞նչ պէտք է, անեմ, ո՞ւր եմ ապրում էլ,
Թէ ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ: Ա՜խ, մատաղ...
Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում, գալիս չի՛ ու քեզ ետ ասում.
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
էլ ետ սիրտս ածում, էլ ետ ինձ էրում: Ա՛խ, ինձ էրում...
Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր իմ ջանն ու մարմին.
Թէ հրեշտակ էիր, ո՞ւր էն սուրն, էն կրակն.
Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին: Ա՜խ, թափիր...
Կը գա՛մ, հոգի՛ ջան, կը գա՛մ քո ոտքը,
Քեզ մօտ ա սիրտս, քեզ հետ` իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դէմքը
Տեսնիմ կատարեմ իմ տված խօսքը: Ա՜խ, իմ խօսքը...
Որ ընկերքս էլ ինձ, ա՜խ, քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խօսքըմին,
Կընկնիմ սարեսար ու քո հաւարին
Կըհասնիմ, դարդ չանես, քեզ մատաղ ըլիմ:
Ա՜խ, քեզ մատաղ...
Թո՛ղ մէկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը,
քո սուրբ պատկերը.
Թո՛ղ մէկ էլ տայ ինձ բաժակ քո ձէռը,
Մէկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը:
Ա՜խ, իմ գլուխս...

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ:

Արեգակն ուզում էր մեր մտնի: Աղասին, որ թաքուն ետեւիցը դուս Էկել մէկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրայ նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած` սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահէլութիւնը ֆիքր անիլ ու մտքումն ասել. «ա՜յ ջիւան, ջիւան տղա՛յ, լաւ իմանում եմ` ի՞նչ թուր ա Էկել, սրտիդ դէմ առել. ի՞նչ կրակ ա ընկել, լերդդ էրում ու ջիգեարդ. Բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ ետ բանում, որ մէկ քո ցաւդ իմանամ ու էլած կեանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ: Ա՜խ, լաւ եմ իմանում, ազի՛զ ջան, որ սիրոյ թեւը երեսիդ քսվել, սիրոյ նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գուխս ետ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի, հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ: Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ, քիչ ա մնում, ուտեն, մէկ քար չունինք, որ գլխըներս վրէն դնենք, էլի դու, ո՜վ սէր, ո՜վ բնութիւն, ուզում ես ցոյց տալ քո զօրութիւնը: Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի, քո ցաւը չտեսնի: Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, յետոյ էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, յետոյ փուշ ու սուր դառնում, մեզ կտրատումէ:

Էս խօսքերը միտք անելիս` բիրադի անկաջն ընկաւ.

Հա՛, Հռիփսիմէ ջան, քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կը տամ ու էգուց, էգուց Ղարսայ սարերումն ինձ կտեսնիս:

Աղասու էրված սիրտն էլ հէնց է՛ս էր ուզում իմանայ: էնքան կացաւ, որ սիրելին քնից կշտացաւ, ու իրան-իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսէն, վրայ թռաւ, ճտովն ընկաւ, կպցրեց նրան դօշին ու լալով ասեց.

Ա՜խ, աչքի՛ լիս, որ սրտումդ էդպէս դարդ ունիս, հէնց իմանում ես` քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում: Չէ՛, էնպէս ես կարծում, թէ էս իմ խորոված ջիգեարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցաւը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ: Հէնց իմանում էի` աստուածանից դու բան կը թաքցնես, ինձանից չե՛ս թաքցնիլ: է՞դ ա քո սէրդ ու սիրտդ: Հէնց իմանում էիր, թէ Աղասին էնպէս մեռել ա, որ քեզ համար մէկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մէկ կաթ արտասունք էլա չունի՞: Հերնըմերս, ղորդ ա, մահվան դուռն են հասել, նշանածս, ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թէ երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՛ հասել, ե՞րբ կը թողամ ձեր մէկի աչքը ցաւի, ձեր մէկի մազը թեքվի: Մինչեւ ես մեռնիմ ո՛չ, մինչեւ ինձ թիքա-թիքայ չանե՛ն, ձեզ կը թողա՞մ, որ մէկ ղուշ անց կենայ գլխըներիդ վրայ: Վե՛ր կաց, երեսդ սըրբիր, ինձ ուղիղ ասա` էդ քո ջանը հանող Հռիփսիմէն, էդ հրեշտակն ո՞վ ա, որ քեզ երեւացել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում:

Հազար սար ու ծով մեր մէջն ըլի, էլի կթռչիմ, նրան կը հանեմ, կը բերեմ, թաք ըլի դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ: Ասում ես` Ղարս ա: Էդ հօ երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պէտք է էրվա՞ծ: Վե՛ր կաց, դեռ երեխայ ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես: Վե՛ր կաց, էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՛:

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել ամօթու, չէ՛ր իմանում, թէ իր մեծահոգի բարեկամի ոտնե՞րն ընկնի, թէ՞ ձեռը համբուրի: Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցոյց էին տալիս, որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում, որ ձէն տայ. ««աղասի՛ ջան, եա մորթի՛ր ինձ, եա սպանի՛ր Էստեղ. եա ասածս արա, իմ մուրազին հասցրո՛ւ. Հռիփսիմէն որ չըլի, էլ ինձ ո՛չ կեանք ա հարկաւոր, ո՛չ օր. նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերնիցս կը հանեմ, կը կտրեմ, նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կը փորեմ, դէն կը քցեմ: Դո՛ւ ես իմ տէրը, իմ աստուածը. իմ ձեռս քո փէշն եմ քցել, եա ձեռս կտրի՛ր, եա գլուխս, եա իմ մուրազը անկատար պէտք է չթողաս, պէտք է ինձ սաղ-սաղ չէրես, չփոթոթեսէ:

էսպէս` որ ձեռք-ձեռքի ետ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու զլուխը դօշին կպցրած քաշում էր նրան, քանց թէ բերում, միւս ընկերքն էլ, որ սաղ գիշերը չէին քնել դարդու, ուրախ-ուրախ վազեցին առաջ, հէնց իմացան արեգակը նոր ա բացվում, էկան, էրկուսին էլ մէջ արին ու չադիրը գնացին: Սարըցիք էլ ուզում էին, որ ուրախութիւնիցը հոգիները տան:

Աղասին մտածման մէջ ընկած, աչք ու ունք կիտած` չադիրը մտաւ թէ չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հաւաքեն, եարաղ-ասպաբ հազիր անեն, որ էն գիշեր դուս պէտք է գնան: Չէ՛ր ուզում, որ մարդ իմանայ, վախում էր, թէ իրան բռնեն, չթողան: էն իրիկունը բոլոր սարըցոնցը գլխին հաւաքեց, նրանց խօսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալութիւնը էնպէս էր ուզում ցոյց տայ, որ նրանք ո՛չ նրա միտքը իմանան ու, թէ փախած ըլի, չասեն, թէ ի՞նչ վատ մարդ էր նա, որ մէկ դարտակ շնորհակալութիւն էլ նրանց չասեց: էնքան աղ ու հացըները կերաւ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացաւ, փախաւ: Շատ էին նրան աղաչել ու լալով ասել, թէ նա նրանց միջումը մնայ, իրանք իրանց կերթան, կնեազին կը խնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին.

Մենք գիտենք, թէ ինչպէ՞ս հոգի կը տանք քեզ, որ արարած աշխարհ իմանայ, թէ հայի ազգումն էլ սիրտ կայ, հայումն էլ ռաշիդ տղամարդին աստծու տեղ պաշտիլ գիտեն:

էս իրիկուն էլ գլխին ժողոված մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրայ բերում, թէ որ նա իրանց միջիցը հեռանայ, աշխարք նրանց համար քանդված ա, ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լաւ օր չի՛ քաշիլ: Քանի նրա ասած խօսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն, որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կը սեւանայ: Ամէն Էսպէս խօսք լսելիս` ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պէտք է ըլի, որ պատմի. սիրտ պէտք է ըլի, որ իմանայ: Տեսաւ, որ անմեղ սարըցիք հէնց նրա բերնին են կարօտ, ուզում են, որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մօտին նստին: Հա՛, շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էին դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում. աղջիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում. տղերքանցն իշարաթ արեց, որ ձիանները հազրեն, առաւօտը ֆորս պէտք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամէն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց, որ սաքի թէ աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին, ու ամէն մարդ իր չադիրը գնաց:

Հէնց աղօթարանը կարմրատակեց, ու ամպերն սկսեցին գլխըները քիչ քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, եարաղ ասպաբ քցեցին, Էկան, չադրի դռանը կանգնեցին: Աղասու ձին ոտին-գլխին էր անում: Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, Էնքան չաղացել էր: Ընչանք սարըցիք վեր կը կենէին, որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին, ձիանոնց գլուխը ծռեցին ու թռան: Աչք էր, որ ետեւներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր, որ ասում էր իր միջումն` երանի՜ նրան, որ Էսպէս զաւակ, Էսպէս փեսէք կունենայ: Սարը բարձրացան թէ չէ, Աղասին, որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պէս պաշտող անմեղ սարըցոնց օրեքանցը մտիկ չարեց, խելքը թռաւ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձէնով էս բայաթին ասել:

Բարո՛վ մնաք, բարո՛վ, սարեր ու ձորեր,
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբըրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ հայեր, սիրուն աղջըկներ:
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեր վրայ, կըլի, էլ չքնի,
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձէնը չլսի, ձեզ կարօտ մեռնի:
Հալալ արէ՛ք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մօտ կանգնած` իր լացը
Ծոցն ա հաւաքում, քանի աչքը բաց`
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր արածը:
Ա՜խ, ի՞նչ կըլէր` ոտս կոտրէր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպէս չլար.
Ի՞նչ կըլէր` աստուած ամէն մարդի տար
Ձեր անմեղութիւնը, ձեր հալալ պաշարն:
Երաբ, եարալու սրտիս ասածը
Կը պահէ՞ք ձեր մտքումն, թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրայ ման գալիս` ձեռ-ձեռի տված
Աղջիկ ու հարսներ, ձեր մօտին նստած:
Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ.
Երա՜բ, որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դօշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,
Մէկ-մէկու ասեն` մեզ չմոռանա՛ք.
Պահի՛ր էս ծաղիկն քեզ մօտ յիշատակ,
Երա՜բ, իմ լացս էլ դուք չէ՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ,
Նրանց իմ օրհնութիւնն, իմ խնդիրն ասիլ,
Որ ինչքան շունչս կայ ու չեմ մեռնիլ,
Նրանց սէրը կը յիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ.
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ ցիլ
Մտքիցս, ու նրանց սէրն սրտումս կը պահեմ,
Հետս ման կածեմ, հողը կտանիմ.
Աստուած թո՛ղ ձեզ տայ, ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ, սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:

8

Մէկ տափարակ, դուզ տեղ բաց ա ըլում յանկարծ տեսնողի առաջին մէկ մեծ դաշտ` չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սեւին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, ու հէնց իմանում ես, թէ առաջիդ մէկ էնպէս քաղաք ա բաց ըլում, որ հազար-հազար կենող միջումն ունի, ու ցրտի եա շոգի ձեռից բէզարած` ուզում ես, որ շտապիս, գնաս, մէկ աստուածասէրի դռան վեր գաս, դինջանաս, էլ ետ ճամփեդ բռնես, գնաս: Մէկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մէկ տեղից` զարմանալի եկեղեցքանց գըմբեթն ու մեծութիւնը, միւս տեղից` բարձր մինարեթքը, քօշք ու սարայի գլխները: Մտքումդ ասում ես, թէ էս տեսածդ մէկ մեծ, զօրեղ թագաւորի թախտ պէտք է ըլի. Էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պէտք է խառը ընկած ըլի, Էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գայ: Հէնց իմանում ես, թէ ցերեկը թօզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խաւարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չե՛ս տեսնում, հէնց ջամդաքակեր ագռաւներն են աչքերիդ սեւին տալիս: Մարդ չի՛ կայ մօտիդ, որ հարցնես, գիր չե՛ս կարդացել, որ իմանաս. մտքիդ հետ ընկած` տեսածդ հրաշք կարծելով եա աչքակապութիւն, որ յանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սիրելի՛ իմ հայազգի, ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում: Հէնց իմանում ես, թէ մէկ վիշապ եա մէկ հարամի հէնց Էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին եա կուլ տվել, եա սուրը քաշել, եա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփէս, ետ դառնաս;

Ա՜խ, չէ՛, չէ՛, ետ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց աւելի ա, որ կտրվել ա. Կա՛ց, մի վախենալ, անշունչ քարերն ու եկեղեցիքը մարդակէր չե՛ն: Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հաւաքիր ու գըլխիդ վա՜յ տուր: է՛ս սրբատաշ տաճարները, է՛ս ահագին բերդը, է՛ս քարերը քեզ կասեն, թէ սա է գոռոզն Անի, քո թագաւորների հզօր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստութիւնովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել, որ չօբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարածն էլ արծաթէ նալչով, սաղրի քօշերով ման գալիս, ուզուորն էլ հացի տեղակ` փլաւ, ղանդ ու շաքար, սեւ փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում, որ եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանք աստուած մոռացել, որ կարճ վարդապետ գալիս` բարձր գրքակալ էին գնում, բարձր եպիսկոպոս ըլելիս` ցած գրքակալ դուս բերում, որ եա ձգվին, եա կռանան, եա չոքին, եա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստուծոյ տաճարումը քէֆ անեն: Բայց սուրբն Յովհան Երզնկացի հանաք չվերցնելով` մէկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցաւ, տակըւեր էլաւ, խալխը ցրվեցին, փախան` որը Ղրիմ, որը Պոլշայ. Էս անշունչ քարերը մնացին ցից-ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շէն. տաճարք, ապարանք, գանձ, հարստութիւն անէծքի փայ էլաւ, հողը մտաւ հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչեւ էսօր էլ երկրի ձէնը գալիս ա: Գող, աւազակ են միջումը բուն դնում, նրանց բանն աստուած յաջողում ա, նրանք չե՛ն տակով ըլում, ու աստուած էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնաւոր մարդիկ մէկ սհաթումը մէկ սեւագլխի խօսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնայ, էսպէս երերեալ, տատանեալ մնայ աշխարքիս երեսին:

Լա՛ց գլուխդ անցաւո՛ր, տե՜ս, թէ աստուծոյ դատաստանն ինչպէ՞ս արդար է. կարգաւոր տեսածին պէս ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպէս քաղաքը անէծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տօնում են: Դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղօթքն ու բարեխօսութիւնն յիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի: Նրա տօնի օրը լաւ մտքումդ տպաւորի, ի՞նչ կանէս Անի քաղաքի անունը: Նա քանդվեց, պրծաւ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխօս կըլի:

Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել,
Խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել.
Ո՞վ էսքան հրաշք տեսաւ, վայելեց:
«Երա՞զ եմ տեսնում, քնա՞ծ եմ, ա՞չքս ինձ խաբեցէ,
Ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում:
Հոյ նո՞ր են սրանք, բաս սրանց միջումն
Ընչի՞ չկայ ձէն, ընչի՞ են լռվել-
Ա՜խ, թշնամեաց սուրն ա նրանց վերջացրել:
Հմիկ հաւատո՞ւմ ես, ա՜յ իմ խեղճ ազգ,
Թէ քո երկրումն բիւր էսպէս քաղաք
Կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին,
Ու քեզ չոր քարեր մենակ թողեցին,
Որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վա՜յ.
Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ,
Ռուսաց հզօր, քաջ ձեռի տակին
Փոքր դինջանաս ու քո աշխարքին
Մուղայիթ կենաս, արիւնդ թափես,
Քո ազգը պահես, քեզ անուն ճարես:

Հանգստարանի ձէն էր գալիս, որ մեր ճամփորդքը գիշերվայ կէսին էստեղ հասան: Լաւ կտրիճ մարդ պէտք է ըլի, որ էս ժամանակին Էսպէս չօլ, եաբանի տեղը սիրտ անի, մտնի: Կարելի է, թէ մեր բէզարած ճամփորդքն էլ էստեղ չէին հասել, թէ գիշերվան լիսնեակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտութիւնը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն էլ չէի՛ն լսել, ո՞ւր մնայ իմանային, թէ նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան: Հեռըւանց որ ցից ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս էին Էկել, յարամու հողը էլ ետ մտել: Ղորդ ա, աքլորի ձէն չէ՛ր գալիս, ամա սարերի չօբանի շների ձէնը լսելով` էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին չի գայ, որ չմտան էս լուոյ, տխուր պարսպների մէջը, հէնց իմացան, թէ մէկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամէն մէկ ձիու ոտի շփլթոցը եա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա:

Ամէն մարդ փորձած կրլի, որ մութը ժամանակի մարդ, որ մէկ գերեզմանատան կամ մէկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դեւ համարում ա հարամի, որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնայ էլ ա ըլում: Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում եա շինութիւն, կարծելով, թէ մարդ էլ կըլի, ու եդոյ, որ ձէն չի լսում, էնպէս կարծում ա, թէ անպատճառ չար հոգիք են էնտեղ բնակում. թէ չէ մեռելի չոր մարմինը եա խարաբայ պատերը ի՞նչ զօրութիւն ունին, որ մեզ ի՞նչ անեն: էլ ո՞վ սիրտ կանէր ապա կամ եկեղեցու մօտանայ, եա մէկ բուրջ մտնի, էն էլ է՛ն երկրումը, որ ամէն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամէն մէկ ձորում հազար լաշ հոգին զօռով տալիս:

Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, ձէն տվեց պինդ սրտով քաջն Աղասի: Տղամարդութիւնն էսպէս տեղը մալում կանի. Եարաղ ասպաբ հազրեցէ՛ք, ձիանոնցը դինջացրէ՛ք, որ թէ աստուած տայ, մինչեւ առաւօտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք, թէ էս ո՞ր գեդարգեալմազն ընկանք: Նամարդութիւնը էլ ձեռք չի՛ տալ. Ձիանները ջրեցէ՛ք, քաշեցէ՛ք մէկ պատի տակ, ես մէկ շունս առնիմ, եաւաշ-յաւաշ մէկ աչք ածեմ, տեսնիմ, թէ տեղըներս ռահա՞թ ա, թէ՞ էլի սրով ու արնով պէտք է եա գլուխ պահենք, եա գլուխ կտրենք:

Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարգսի անունը տվեց ու ոտը փոխեց:

Գիժ կըլի Էն տղամարդը, որ իր գլուխը մահու կը տայ, ամա Աղասին իր գըլխիցը վաղուց էր, ձեռք վեր առել: Հաւատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մէկ հոտ առնելիս եա շփըլթու իմանալիս կանգնում էր, ետի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, յետոյ երըմիշ ըլում:

Հէնց մի քիչ հեռացան թէ չէ, մէկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկաւ Աղասու աչքը. արինն աչքն առած` էլ միտք չարեց, թէ էսպէս տեղը, գողից, յարամուց աւելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրայ գնաց: Աստուած հեռու տանի, ինչ նա տեսաւ, տասը քուրդ եկեղեցու մէջտեղը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքըները օյաղ որսկանի շան պէս եա դուռը քցում, եա պուճախը: Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կը վախենայ: Ընչանք նրանք կրակի մօտիցը ձեռները աչքըներին կը դնէին ու դռան ղարալթուն կը տեսնէին, Աղասին եաւաշ եաւաշ ներս մտաւ, ծանր դէմքով, առանց բարով տալու կրակին մօտացաւ ու ձեռը մեկնեց, որ մէկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի: Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպէս անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան քրդերը, հէնց իմացան, թէ նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզուըները չորացան, ձեռըները թուլացաւ: Ի՞նչ կը կարծէին, թէ էն հադաղին ինսանաորդի մեն մենակ սիրտ կանէր էն աւազականոցը մտնէր, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին` մօտովն անց կենան, որ հազար տարուց աւելի` էր ինսանաորդի սիրտ չէր անում, որ գայ, էն հազիր շինած տներումը կենայ: Հէնց գիտես, թէ մարդիկ չըլին առաջին. աչքը խոժոռած` մէկ դես քցեց, մէկ դէն, քրդերէն էլ չգիտէր, որ մէկ բառ էլա խօսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թէ խօսացել էր, կիմանային, որ մարդ ա, դեւ չի՛, թիքա-թիքայ կանէին, մէկ շամփուր խորովածի որը կերաւ, որն էլ ետ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկութեանը մտիկ արեց ու գլուխը ժաժ տվեց. քրդերը փետացած` մնացել էին նստած, աչքը որ յանկարծ նրանց վրայ չխոժոռեց, ամէն մէկը տեղնուտեղը ուզեցաւ, որ հալչի, էնքան էսպէս նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացաւ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկաւ, ոտներովը փաթաթվեցաւ: Հէնց շունը տեսան յարամիքը թէ չէ, աչքըների փառը վեր ընկաւ, ամէն մարդ թրին վրայ վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրայ բերողի գլուխը կէս էլաւ. փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած որ գոռաց ո՛չ`

Տղե՛րք, ձեր արեւին ղուրբան, աստուած մեր կողմն ա. դուռը կըտրեցէ՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անե՛նք...

Հայի լեզուն որ բաց չէլաւ, հէնց բռնես, պատերը լեզու առան:

Ամա՜ն, ձեր էկած հողին ղուրբա՛ն, ճար ունի՞ք, տեսէ՛ք, մեզ ազատեցէ՛ք, տնով տեղով ձեզ եսիր կը դառնա՛նք:

Տասը-տասնըհինգ քրդստանցի հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցաւ. ութը կոտորվել էին, երկուսը մնացել եարալու ընկած: Սրանց էլ կապեցին մէկ ձիու բհրի վրայ, ու աչքդ բարին տեսնի. ոչինչ սհաթի մարդի քաջութիւնը էն բարերարութիւնը չի՛ արել, ինչպէս հիմիկ: Աղջիկ ասես, տղայ, հարսը, երեխայ, ծծկեր հազար չվանով կապած տուն էին արել, Ղարսայ գեղերիցը եսիր բերել, որ տանին եա սարդարին փէշքաշ անեն, եա Ախըլցխայ ծախեն: Ու՞մ էսպէս սհաթին մարդ կեանք տայ, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագութիւն չանեն: Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մօրը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թէ չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կեանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպէս` էս: Ազատուողք թէ ազատողք, իրար տեսնելիս, հէնց իմանում էին, թէ երկընքումն են ու ո՛չ երկրումս:

Փոքր-ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի: Քրդերի շորերն, ասպաբն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամէն մէկի վրայ հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը: Աղասին ո՛չ մէկին էլա մտիկ չարեց, ղրկեց, ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի հայերին հարցրեց, որ իրան միամտացնեն, թէ էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ, թէ ո՛չ:

Աղա՛, գլուխդ, արեւուդ ղուրբան, վալլախայ, չընք գինայ, թէ էս շան լաջերիցն էլ կա՞ն, թէ՞ չէ. ամա օյաղութիւնն աղէկ է: Սրանց չանգիցը շունը չի՛ խլսի, մարդն իմ ա՞լ կը խլսի: Մգայ աստծուն փառք, խազար էնպէս ջնավար մեր առաջը գան, զէնոնց խէրն անիծեմ, մէկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք, թէ իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք: Մեր ամէն մէկը, սուրբ Կարապետ գինայ, էսոնց տասնին խաւի պէս կը ծալի, տակը կը քաշի: Դու դարտ մի՛ արա: Ռահաթ պարկի, մեր երեսը ոդացդ հողն ըլի: էսոնց քօքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել` առաւել: Թէ մեզ կը խարցնես, մենք էմլայ խեյրաթ կտեսնինք, որ մեր կէս պարկի, կէս ղարաւուլ քաշի: Էս ձորեր խանայ լիքն են:

Հէնց էս մասլըհաթին էին, մէկ էլ էն տեսան, որ ձիաւորի ոտի ձէն ա գալիս: Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պէտք է ըլին, ական թօթափել, երեխայ, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր «էնտուր» բերնին դրեց, որ ձէն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց ու մէկ իգիթ քրդստանցու` թուրը հանած, վրըները կաղնացրուց, միւս քրդստանցոնցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքը իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփայ տվին:

«Լո՛յ, լո՛յ ... է ձէն տալով` քսանից աւելի ձիաւոր ժամի դռանը վեր Էկան, բալուր տվին մէկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն: Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիւանի ձէնը որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում. բայց խեղճերը չէին իմանում, թէ ի՞նչ բարի հրեշտակ ա աստուած նրանց համար ուղարկել: Հէնց գիւռ արած, որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թէ մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դեւ կարծեցին կամ սուրբ. էլ թրի, մզրախի եա ղալխանի վախտ չէ՛ր: Քրդստանցի հայերը մաջալ էլ չտվին աջամի հայերին, շատին հէնց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դօշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին: էլի Աղասին էր, որ էս կատաղութեանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էին եա եարալու, ձեռ ու ոտք կապիլ տվեց ու ղրաղ քաշիլ տվեց:

Աղա՛, մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խատացրին, թո՛րկ, թո՛րկ, Էսոնց սատանի կեր անենք, Էսոնց խոր գաղտը գեօռբագեօռ ըլի:

Թո՛ղ կարդացողը ինքը միտք անի, թէ էս գիշեր ի՞նչ գիշեր կըլէր էս ջրատար եսրների համար, որ ամէն մէկ ոտք փոխելիս` իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, թէ ի՞նչ սրտով նրանք աղօթք կանէին, ի՞նչ հոգով իրար կը նայէին ու աստծուն փառք կը տային: Հէնց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, Էն դռան երկու քրդի մընին էլ սպանել, միւսը փախցըրել, ու խեղճ հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն ետ արել, իրան ուսին ներս տարել: Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հէնց էն էր խնդրում, թէ աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն յիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին աւելի են ճանաչում, ասեց.

Թո՛ղ էդպէս ըլի, սուրբ Կարապետին յիշեցէ՛ք: Սրբերը չե՛ն խռովիլ եա նախանձ պահիլ: Ո՞վ ըլի` նրա զօրութիւնն ու բարեխօսութիւնն շատ ա:

Աղասու սիրտը վկայում էր, թէ էն գիշերը էլ փորձանք չի կայ. բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղօթք անեն: Նրանց բախտիցը` եսրների միջումը տէրտէր էլ կար, տիրացու էլ: Սրանք սկսեցին առաւօտվան ժամը, ու Անի քաղաքը, հազար տարուց աւելի, որ ո՛չ ժամ էր տեսել ո՛չ աղօթքի ձէն լսել, էս գիշեր հէնց իմացաւ, թէ իրան երեւելի, շքեղ թագաւորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ հայ ազգը էլ չհաւատայ, թէ իրան աստուած էնպէս ա անիծել, որ էլ մարդ չի՛ կարող նրա միջումը կենալ: Ո՛չ երկիրը քանդվեցաւ, ո՛չ երկինքը փուլ Էկաւ: Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թէ էն ի՞նչ անճոռնի ասութիւն պէտք է ըլեր, որ մինչեւ Էն օրը սրտըներումը հաստատ տպաւորել էին:

Առաւօտը որ լուսացաւ, Աղասու աչքը մնացել էր սառած: Չէ՛ր իմանում` աչքին հաւատայ, թէ ո՛չ: Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ` էնքա՛ն նոր, էնքա՛ն պայծառաշէն ու անբնակ: Կարդալ չէ՛ր գիտում, որ միտքը բերի, թէ էս ի՞նչ քաղաք պէտք է ըլի. տէրտէրին որ չի՛ կանչեց ու պատմութիւնն իմացաւ, խելքը գլխիցը թռաւ.

Վա՜յ իմ օրին, արեւին, մեր ազգն էսպէս քաղաքներ ա ունեցել, էսպէս մեծութիւն ու հմիկ ամէնն էլ կորցրել, յարամու ձեռին գերի ա մնացել, ասեց հսկայն լալով: Չէ՛, տէր հա՛յր, մեզ աստուած ա բերել էստեղ. աստուած մեր թրին, մեր կռանը ղվաթ տվե՛ց, որ մէկ գիշեր էսքան բաներ արինք, էն աստուածն էլ էնքան կարողութիւն ունի, որ մեզ միշտ յաջողի. հարամութիւն հօ չե՞նք անում, որ նա բարկանայ, յարամու ոտն ենք կտրում, աստուծոյ ստեղծվածը ազատում: Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագաւորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, աւազակի ոտքից: Հարըրից աւել ենք հիմիկ: Ին՛չ ձեռք ենք քցել, ձեզ ըլի: Մնա՜նք էստեղ, եա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագաւորաց հողի վրայ թափենք, եա քիչ-քիչ նրանց քաղաքն էլ ետ պայծառացնենք: Տուն կայ, ջուրը` բոլ, հանդը, դաշտը` մեծ, մէկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք. քարի տակիցը ոզղ կը հանեմ, ձեզ կը պահեմ:

Բայց` թէ քարին ասած, թէ մեր քրդստանցի հայերին: Կռվում, ղորդ ա, ամէն մէկը մէկ աժդահայ, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տո՛ւր, նրան ուրիշ բան մի՛ ասիլ: Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա:

Իմ ա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կը մնա՜յ: Յայսմաւուրքն սուտ իմա՞լ կը խօսի: Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախայ, էս չօլում կեցող հմլայ մէկն էլա չեղնի, չեղնի: Խազար տարի խայ ասա՛, խայ գլուխդ ի քարին զարկի: Մենք չընք կենայ, չընք գինայ: Ինչ կասես` ասա՛: Մենք մեր խողը չընք թողայ:

Չէ՛ք թողալ, աստուած ձեզ հետ: Մեր աստղը մէկ անգամ ծռվել ա: Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի: էսպէս արինք, որ մեր տունը քանդվեց, է՜: Գնացէ՛ք աստուած բարի ճանապարհ տայ ու ձեր սիրտը մէկ լիս քցի, որ ձեր խէրն ու շառն իմանաք: Ես իմ տղերքանցովն էս տեղանց էլ դուս գալու չե՛մ: Թէ ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանայ, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը: Մէկ թիքայ ունենամ, կէսը նրան կը տամ, ինձ համար աշխարքն եա ըլի, եա չըլի:

Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են, հաւասար ճոթ անեն: Ինքը մատն էլա մի բանի վրայ չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մէկ-մէկ ձեռք քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն, ամէն մէկին մէկ ձի էլ բաշխեց: էս որ տեսան, քսանից աւելի ջահիլ, կտրիճ տղերք կանգնեցին, խնդրեցին, որ իրանց էլ ընկեր շինի, նրանց էլ գլխին հաւաքեց, սրբութիւն առաւ ու միւսներին լալով խելիմ տեղ էլ տարաւ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը ետ դառաւ, փոքր հաց կերան, պարիսպ, եկեղեցի բոլոր իսկոյն ման էկաւ, ու հարաւային քարափի գլխի բուրջը իստակել տվեց, մէկ-երկու հոգի Շորագեալ ուղարկեց, որ գնան, հաց առնեն, ու ինքը` սիրտն ու թոքն էրված պատանին, ընկաւ քաղաքի ամէն ճամփեն ու խոռը, ամէն քունջն ու պուճախն աչքի տակ առաւ, տեղի ղայիմութիւնը ու վտանգաւոր կողմը լաւ վարաւուրդ արեց ու բէզարած, ջարդված էլ ետ վեր էլաւ, ձորիցը դուս էկաւ, ղրաղ քաշվեց, մէկ բրջի վրայ նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առաւ ու էս բայաթին ասեց.

Ա՜խ, վաթան, վաթան, քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հմիկ աւերվել, մնացել ես անջան:
Եր՞բ միտք կանէի, թէ էս հողերը,
էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ, հիմիկ անտէր:
Ու՞ր ձեր տէրերը, թագաւորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը:
Ձեր գերեզմանը, ա՜խ, ձեր լիս հողը,
Որ հմիկ չի տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը,
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը:
Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպէս չթռչէի, չգայի,
Ձեր հողը չտեսնէի, ձեր վրայ չլայի:
Հող ունինք` խլած, կեանք ունինք` մեռած,
Ա՜խ, թրի, կրակի մենք եսիր դառած.
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած:
Ի՞նչ կըլի մէկ էլ գլուխ բարձրացնէք,
Ձեր որդիքը տեսնէք, նրանց ցաւը քաշէք,
Ձեր արինախառն աշխարհն ազատէք,
Եա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահէք:
Աչքս բաց արի, խարաբայ տեսայ.
Ա՜խ, ո՞վ գիտէր, թէ մեր ազգի վրայ
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք:
Ա՜խ, մեր սիրտն էսպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել,
Երաբ կտեսնի՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ:
Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փչի՛, վեր կացնի քնի՛ց մեր ազգին.
էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
էլ ետ սիրտ տայ ու կանգնացնի՛ կրկին:
Ա՜խ, ես էն ձեռին կեանքս ղուրբան կանեմ.
էն կոխած հալին երեսս կը քսեմ.
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ.
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ:
Կանգնել ես էդպէս, գլուխդ ամպին խփած`
Ա՜յ խեղճ հալեւոր, երեսդ փակած.
Ի՞նչ կըլէր, Մասի՛ս, ա՜խ, դեռ աչքդ բաց
Սրի չտայիր քո որդիքն էրված:

9

Արեգակն սկսել էր, որ մեր մտնի: Մութն էն ա գետինը առաւ: էսպէս նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին ու իր ու մեր սեւ օրը լաց ըլում, որ յանկարծ աչքը ձորին ընկաւ, աչքը սեւացաւ: Հինգ հարիր ձիաւորից աւելի` թարաքեամայ, քուրդ, Ղարսայ դզիցը հազարից աւելի քիւլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով` սարիցը ձորն արին, որ տանեն Երեւան` եա սպանեն, եա ծախեն, եա թուրքացնեն: Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել: Ամէն մէկ ձիաւոր մէկ ջահել տղայ կամ աղջիկ գաւակն էր առել, ձեռն ու ոտ հազրել, որ Էն գիշերը եա նրանց անմեղ հոգին ապականի, եա սրի, կրակի ղուրբան անի: Հէնց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըւեր կուզըկուզ նրանց մօտ հասաւ, որ հարամին չտեսնի, իր պատրաստութիւնը չանի:

Էնքան կացան, որ թշնամիքն Էկան, գետի ղրաղին վեր Էկան, թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նօքարներին հրամայեցին, որ ինչ բէզարած, հալեւոր, պառաւ մարդ ու կին կայ, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին, կարգաւ չոքացնեն, որ իրիկնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն:

էլ չթողին էլա, որ հէր ու որդի, եա մեր ու աղջիկ, իրանց ետին բարովն ասեն, իրար մի համբուրեն, մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով` հրամանը կատարեցին ու բերին, ողորմելիքը իրար մօտ չոքացրին:

Աստուած ո՛չ շհանց տայ, ի՞նչ նրանց քոռփայ էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում, գլխըներին էին տալիս, բողազները թրին դէմ էին անում, որ մէկ թողան էլա, իրանց հորնըմոր երեսը եա ձեռը համբուրեն, բայց շատի թեւից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հէնց էն սհաթը հոգին հետը եա դուս էր գալիս, եա էնպէս բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած: Ողորմելի ծնողքն էն հալին էլի է՛ն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հաւատը չուրանան: Էսպէս` հեռըւանց խօսալիս էլ էնպէս էին խփում գլխըներին, որ աչքըների լսին կրակ էր տալիս: Ընչանք նրանք մէկ քանի ոչխար կը մորթէին, կը քերթէին, ու կրակը չաղ կըլէր, սար ու ձոր մութն առաւ. մեր քաջ հայերը՛ թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղօթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար ետին բարովն ասացին, ձիանները թամքած` մէկին պահ տվին, ու իրան աստծու անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպէս ճամփով, էնպէս տեղով, որ ղուշը չէր իմանալ: Հինգը մէկ կողմից գնաց, հինգը` միւսից, էն մնացած տասը հոգին էլ էնպէս պէտք է գային, որ բոլոր մէջ անէին, թրի առաջը ընկածը կոտորէին, սաղ բռնածը եսիր անէին ու, որքան կարելին ա, հայերին արձակէին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամէն մէկը ամէն եարաղիցն էլ ջուխտ-ջուխտ ունէին: Չորս քուրդ էլ, որ բռնել էին, Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչեւ մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա: էսպէս բոլորը քսանըչորս մարդ, պէտք է հինգ հարիր մարդի հախիցը գային: Լսողը չի զարմանայ, թէ ինչպէ՞ս կարելի ա: Քաջութիւնն սրտիցն ա կախված. մէկ էլ որ ինչ. «քանէ կուզէ թշնամին շատ ըլի, յանկարծ վրայ տալիս, է՛ն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կը ռուողի շատութիւնն ու քչութիւնն: Սրանից գիւման, Աղասին պատուէր էր տվել, որ հայերէն եա թուրքերէն հեչ չխօսան, քրդերէն հարայ տան, հաւար կանչեն, ու էնքան եսիր արած հայի միջումն ինչպէ՞ս կըլէր, որ մէկ-երկու հարիր տղամարդ չըլէր, որ սուր չունէին էնդուր համար էին խղճացել: Հէնց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամէն մարդ եարաղ-ասպաբ վեր քցած` իր ֆորսի ետեւիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնըհինգ-քսան յարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու յարամու փախչիլը մէկ էլաւ: Աղասին, իր ընկերների կէսը վրէն, ձորի ճամփեն էր կտրել միւս կէսը` հարիրից աւելի հայ բաց արած, քամակներին քցած, ձորի ետեւը: Մէկ քսան-երեսուն մարդ էլ վրայ թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռնէր ետ արին, ու էս հալեւոր աժդըհեքը, որ կռվումն էր մազերն սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան. որը միջիցը, որը ձորի քամակիցն ու ետեւիցը էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ աստուած ո՛չ շհանց տայ:

 

Ղարսցի հայերը էս ձորերի քարերն էլ ունէին համարած, ինչ տեղ փշտով, թվանք էր տրաքում եա թուր խաղում, առանց դօշի ու գլխի չէ՛ր անց կենում: Մենակ Նաղի խանը ու Օքիւզ աղէն, ինչպէս որ էլաւ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մէկ քանի մարդով դուս փախան: Մնացածը, ինչ կոտորվել էին` կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պէս չօբանը կորցրած, կանգնած: Ընչանք էսպէս պահեցին մեր տղերքը, մինչեւ ծէգը բացվեց, ու աչքդ բարին տեսնի, տասնըհինգ թուրքի մենակ էն չորս քրդերն էին սպանել, տասից աւելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել:

Լսողը կարելի ա զարմանայ, թէ ինչպէ՞ս էսքա՛ն բաներ մէկ օր ու գիշեր անց կացան: էնդուր համար, որ ղզլբաշը էս միջոցումը Ղարսայ վրայ կռիւ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մէկ թվին էր, որ սար ու ձոր, մանաւանդ Անի, հարամի ու եաղի էր դառել:

Առաւօտը լուսացաւ. էն առաւօտը երանի՜ ամէն խղճի ու տառապելոյ ռաստ գայ: Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէ՛ր մնացել, էն էլ ոչխարի պէս մէջ արած, շատը անեարաղ-ասպաբ: Ձիուն, շորին, ասպաբին թիւ ու համար չկար: Լեզու պէտք է ըլի, որ պատմի է՛ն փարվիլը, է՛ն ուրախութեան արտասուքը, որ էսօր Անի տեսաւ: Ղարսըցի հայք դեռ չէին հաւատում իրանց աչքին, թէ ղորդ, թշնամու ձեռից ազատված` էլ ետ իրանց աշխարքը պէտք է գնային: էնքան շշկլել էին, որ չէին էլա միտք անում, որ մէկ հարցնեն, թէ ո՞վ էր նրանց ազատողը: Գէջդանգէջ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպաւ. հէնց կարծեցին, թէ թշնամի են. թվանք վեր առան. բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիւ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամէնի աչքն էլ մնաց նրա պարթեւ բոյի, նրա ազնիւ շարժվածքի վրայ հիացած: էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց, երբ իմացաւ, թէ Հասան խանը ղոնշունով Ղարսից ետ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թօթափել` մէկ-երկու ձիաւոր Գիւմրի ղրկեց, միւսներին հրաման արեց, որ էլ ժամանակ չկորցընեն, օղլուշաղն տանին, բերդումը եա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշէն, Շորագեալու հանդը տանին, ու ինքը, ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային, գլխին հաւաքեց ու սարնըդուս վեր էլաւ: Տասը-տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն: Գերի արած թուրք ու քրդերիցն էլ եարաղ-ասպաբ ետ արին, իրար կապեցին ու բերդը տարան: Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն եա ջուրն ածեն:

Հուլըսի 23-ին 1821-ին էր, որ հայոց երեւելի հին քաղաքն Անի իրէք հարրից աւելի կտրիճ զօրք, թողունք ջահել տղերքը, զրահաւորված, զարդարված` աչքը բաց տեսաւ. որ մտան ո՛չ իրանց որբ մայրաքաղաքը, աչքըները ծով դարձաւ, մէկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրայ, գետնիցը պոկ չէին գալիս:

Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտներումն ունին, եդոյ ասեն, եդոյ անեն, ու զօրքը կէս արեց, կէսը տվեց Կարօյի ձեռքը, որ էս կռուըներումն եփվել, հասել էր, կէսը ինքը ձեռի տակն առաւ, ամէն մարդ, ինչ ուտելու էր, ջէբը դրեց, երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց, ինքը բերդումը ղայիմացաւ, Կարօն` արեւմտեան ձորումը, Մուսէն` օղլուշաղի հետ: Աստուծոյ ողորմութիւնիցը` բարութ-գիւլլեն էլ լաւ վախտին հասաւ: էնպէս էին պայման կապել իրար միջում, որ թէ Հասան խանը ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոոքը կտրվի, եդոյ շէնլիկ անեն, թէ թուշ բերդի վրայ գայ, էնքան դուս չի գան, մինչեւ բոլորը նրանց գլխին հաւաքվին, եդոյ կէսը ձորի մէկ կողմիցը, կէսը միւսիցը, կռվի չաղ ժամանակը, վրայ տան, որ էնպէս շըշկըլացնեն թշնամուն, որ փախչելուց գիւման էլ ուրիշ ճար չքթնին, ու թէ աստուած էս յաջողութիւնը կը տար, Մուսէն օղլուշաղը թողար մէկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերէր իր մարդկերանցովը, որ բալքի թէ հնար լինի, բոլորին էլ ջարդեն:

Առաւօտեան հովն անց էր կացել, որ ամէն մարդ հեռացաւ ու իր տեղը քթաւ: Ճաշն էլ եկաւ, հասաւ: էնքան շոգը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաջ հայերի արինը, իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագաւորաց հողի վրայ արին թափիլն ու քաջութեամբ մեռնիլն էլ իրանց համար անմահութիւն էին համարում: Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, ու բերդիցը մէկ թօզ տեսան. քիչ-քիչ շատացաւ ու ամպի պէս Անու սաղ ղուզը կոխեց: Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել: Դամար էր, որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդութիւնը ցոյց տան: Աստուծոյ ողորմածութիւնիցը` էնպէս էր երեւում, որ թշնամին բանից խաբար չի, ու հէնց էնդուր համար ա էնպէս ոտն առել, որ գան էնտեղ, մի քիչ դինջանան ու եդոյ, իրիկնահովին ճամփու ընկնին: Հետըները ո՛յ չ թօփ էր երեւում, ո՛չ ջաբախանայ. հէնց սուբահ ձիաւորներն էին առաջ ընկել, որ հասնին Երեւան, աւետիք տան, թէ Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են: Էնպէս` մարդաշատ երկրները քանդող Հասան խանն էլ ի՞նչ կասկած կը տանէր, թէ մէկ խարաբայ տեղում, ուր չօբաններն էին անց կենում, ագռաւները բուն դնում, գլխին փորձանք պէտք է գար:

Թօզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց, խարաբայ պարիսպն ու բըրջերն էլ, հէնց գիտես, իրանց քանդողներին տեսնելով` աչքըները խփում էին, չէին ուզում թամաշ անիլ: Աստուծոյ աչքը որ քաղցր լինի, մատաղի գառը իրան ոտովը կը գայ դուռդ` ասած ա: Հէնց էս օրինակին բանը պատահեցաւ. քաղաքը մտնիլն ու Հասան խանի ձիուց վեր գալը, չադիր խփիլը մէկ էլաւ: Ղզլբաշի սովորութիւնն ա` ձիուց վեր էկաւ թէ չէ, թվանք, ասպաբ, եափնջի կը քցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կը տայ` չորս հինգ մէկ գեադի ձեռք տված, ինքը, թէ նամազի վախտ ա, նամազը կանի, թէ հացի ղայլանը կը քաշի ու հացի կը նստի ծալապատակ: էս անգամ երկուսի վախտն էլ էր. ճամփից էկած, ջարդված` քսանը մէկ տեղ, հարիրը` մէկել, եափունջին փռեցին, կոլոլ քարըները ու սանդրիրը` ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին, ու, հէնց իմանաս, սեւ՛ սեւ հոգիք են, լեզու, բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրայ, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ ետ գլխըները վեր քաշում, էլ ետ երեսի վրայ ընկնում, գդակը գլխըներին. Ետոյ բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղօթքները մունջ քնթըների առաջին Էնպէս ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, եդոյ ձեռըները ծընկների վրայ դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ ետ չոքում, գլխըները գետնին կպցընում: Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես, ամէն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղօթքի զօրութիւնն զգում ա, բայց մի բառ էլա չի հասկանում, չունքի բոլոր աղօթքները արաբերէն ա:

Հէնց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրայ տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց, որ տեղըներիցը չեռան, թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հաւատակցի հաւարին չէին կարում հասնիլ: Մէկ երկուսի փորը տեղնուտեղը վեր ածեցին, որ էս բանը վարաւուրդ արին, միւսներն էլ շուն դառան, ձէնըները փորըները քցեցին: Աղասին դզլբաշի միջումն մեծացած` գիտէր լաւ, որ նամազը ընչանք կէս չըլի, վախտը «չիէ: Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձէն չէկաւ. իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մէջն ընկել, էրերը թողին ու քարափե-քարափ Էկան, քաղաքին մօտացան: Շատը ղզլբաշի նօքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կը տանէին, իրանց մարդիկն էին կարծում, որ Էնպէս վախտին ֆորսի են մանգալիս, որ բերեն, խաներին, բեկերին փէշքաշ անեն, խալաթ առնեն: Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջաննէըը դող ընկել. էլ վախտը կորցնիլ չէ՛ր հարկաւոր, թէ որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլէր: Հեռըւանց էլ Երեւանու կողմիցը մէկ-երկու ձիաւոր, ձիանոնց անկաջը մտած` թօզին, փափախին անելով գալիս էին:

Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կը տար, թէ աշխարքն էլ փուլ գար: Հէնց մէկ էլ ձեռըներն անկաջներին դրին, չոքեցին ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանքը թոկ ու ղանթարղայ կտրեցին, երկու հազարից աւելի` եափունջի, թուր, թվանք, գետնի վրայ մնացին, ու ղզլբաշի շատը անգդակ, բոբիկ ընկաւ ձորնըւեր, չունքի հրաշքից եա քաջքից աւելի ոչի՛նչ չէին կարծում: Ղօչաղ հայի տղերքը քար ու ձոր բռնած` էլ էնքան թվանքին չէին զօռ տալիս, որքան թրին ու ղամին: Գազան Հասան խանի լաւ աջալն էկել, հասել էր, ամա նրա բախտն էր, որ էն Երեւանից էկած ձիաւորները հէնց էս սհաթին ձորաբաշը հասան, մինչեւ փիադայ հայի տղերքը նրան կը հասնէին, սրանք ներքեւ էկան, Հասան խանին ձիու վրայ դրին ու թռցրին: Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսաւ, երեսը կալաւ ու ձիուն օրզանգվիլ տվեց: Հազար մարդից աւելի հոգին տվել էին էսօր, միւսքը` որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա-փառչայ էլել, որը բանհոգի էլած` վերընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կացել, ճապաղել: Շատին հէնց էսպէս տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան: Թո՛ղ նրանց ուրախութիւնը նա զգայ, իմանայ, ով սիրտ ու երեւակայութիւն ունի: Հարիր աւելի գերի էլ էս օր ձեռք բերին:

Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երեւան դողում էր: էն ժամանակը ես ինքս էջմիածին էի, որ Հասան խանը էնպէս փախած էկաւ, անց կացաւ: Առաջուց մարդ էր ուղարկել, որ էջմիածնայ միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպէս միշտ անում էին: Բայց ձէն հանեցին, թէ քրդերը ճամփին վրայ են տվել, ու Ղարս ցաւ էր ընկել:

Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հաւաքվեցան, ամէն բանը թողաց, հրամայեց, գնաին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, աստծուն իրանց շնորհակալութիւնն արին, ու ժամը որ դուս էկաւ, մարդ քցեց ամէն տեղ, որ ղարաւուլ քաշեն, տեսնին, թէ յարամու ոտքը կտրվե՞լ ա, թէ՞ էլ ահ կայ: Գոհութիւն աստուծոյ, ոչինչ չտեսան, ետ դառան: Մեռած մարմինները որը քարափնըւեր ձորը շպրտեցին, որը` հորերը. մնացած ձի, հարստութիւն ճոթ արին: Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար: Մութը գետինը չառած` ամէն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հաւաքեց: Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ, թէ ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ: Նրա միտքն Էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի` իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրտեղ որ նրանց կեանքը ազատվել էր, կրկին շէն քցեն, գրեն Գիւմրի, ռսի ռահաթ դառնան ու Էստով աշխարքումը յաւիտենական անուն ճարեն:

Բայց սնապաշտութիւնն ու սուրբ Յովհան Երզնկացուոյ անէծքի սուրը էնպէս էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու Քեալփաթին ըլեր, չէր կարող հանել: Աստուած մի՛ արասցէ, որ մարդի գլուխը մէկ անգամ ծռվի, էն ժամանակը հազար կարգաւոր ու բժիշկ էլ որ հաւագվին, խէր չի անիլ. քանի դզես, էլի կը ծռվի, ու վերջը, թէ զօռ արիր, իսպառ կը կոտրվի: Գիժն, ասած ա, մէկ քար քցեց ծովը, հազար խելօք վրայ թափեցին, չկարացին հանիլ: Աղասին տեսաւ` ասածը չվանի վրայ չե՛ն դնիլ զուր տեղն անց կը կենայ, քաշվեց մէկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արաւ.

Փաոքդ շատ ըլի, ո՜վ արարիչ Աստուած. էլ ո՞ւր ենք ասում, թէ մարդ քո սուրբ հոգին ունի, քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ: Գող ու աւազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի քո երկիրը նրանց տակով չարել, վրէն պահել ա, հէնց մեր ազգին ա քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շէն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կեանք ազատեն ու կեանք վայելեն: Չէ՛, ամենակալ Արարիչ, դու քո ստեղծվածը, քո որդին էդքան չե՛ս անարգիլ չե՛ս ոտնահարիլ: Մարդս որ ծնվում ա, մէկ գունդ մսից աւելի էլ ոչի՛ն չ չենք տեսնում: Տարիք են անց կենում, որ քիչ-քիչ ոտն ա ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը տանիլը ու դարտակ հաց ուտիլն էլ ա, հաց դատիլը չե՛մ ասում, սովորում: Բայց վա՜յ էն էրեխին, վա՛յ էն ազգին, որ աչքը էնպէս գոգում բաց կանի, որ լսի տեղ խաւար կը տեսնի: Աչքը բաց` դուզ ճամփեն կը թողայ, քարեքար կընկնի: Վա՜յ էն ազգին, որ բնական օրէնքը կը թողայ, անբնականին կը հետեւի, որ էնպէս խրատ տուող չի՛ ունենալ, որ նրան հոգի տայ եւ ո՛չ` հոգին էլ հանի: Երաբ, որ լաւ կարդացող էր էլել, երեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ գիշեր-ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսաւորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլէր, է՞ս տեղ կընկնէր: Սարի հայվանն էլ մեզանից լաւ ապրում, յարամուց, ֆորսկանից եա փախչում, եա վրայ թռչում, կտրատում, գլուխը պահում: Ծտի բունն էլ որ քանդում ենք, ղժվժում, թեւին-գլխին ա անում: Մենք ծտի ղդար էլա չկա՞նք, որ մեր բունը պահենք: Ի՞նչ օգուտ էն գիրքն ու աւետարանը, էն խաչն ու երկրպագութիւնը, որ մենք չենք հասկանում: Գետնի տակին էլ շատ գանձ կայ, մեզ ի՞նչ: Ա՜խ, մեր կարդացողներ, մեր կարդացողներ. ինչ կըլի, որ ինչքան ժամանակ քնի, քէֆի հետ են անցկացնում, աւելի փողի թամահ անում, էսպէս բանի թամահ անեն, մեզ լուսաւօրէն, իրանք էլ թշնամուց, յարամուց ազատվին, մեզ էլ ազատեն: Մարդս մէկ անգամ է աշխարք գալիս, էնպէս պէտք է անի, որ դուս գալիս` էս դինումը անունը յիշվի, տօնվի, էն դինումը հոգին փառաւորվի, լսի փայ ըլի: Բայց ի՞նչ օգուտ, որ ասածս քարերն են իմանում: Ասենք, թէ տգէտ խալխը էսպէս բանը լսել, ասում ա, կարգաւորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատութիւն տալիս, թէ էսպէս հրաշալի քաղաքը անէծքով ա կործանվել: Առաջինը` սուրբ մարդի բերնից անէծք, դառը խօսք չի պէտք է դուս գայ, դուս էլ էկաւ, Արարի՛չ, երեսս ոտիդ տակը, դու պէտք է մէկ մարդի խաթէր միլիոն հոգի կորցընե՞ս: Թէ պէտք է կորցնէիր, ինչի՞ ստեղծեցիր: Ա՜խ, հազար էսպէս ցաւեր կայ սրտումս, ամա բերանս փակում են, չե՛մ կարում ասիլ:

Էս մտատանջութեան միջումն էր, որ աչքը յանկարծ որ չի՛ բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել: Նա իմացել էր, որ Ղարսայ էլիգը Հասան խանը քոչացրել, ուզում էր, որ բերի, Երեւան ածի: Լաւ իմանում էր, որ սրանց վրայ թէ ղոնշուն էլ ըլին, էնպէս մարդիկ չեն ըլիլ, որ իրան դէմ կենան: Հասան խանին որ կոտրեց, ինչը՞ նրան կը դիմանար: Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել. մինչեւ առաւօտն սպասիլ չէ՛ր ուզում, կասկածում էր, թէ նրանց գլխին էլ է՛ն բերեն, ինչպէս միւս հայերի, ծեր ու պառաւ սուրը քաշեն: Երկու հարրաչափ ընտիր ձիաւոր քամակը քցած ընկաւ դուզը: էն հադաղին վրայ հասաւ, որ նոր էկել, վեր էին Էկել, ու շունը տէր չէր ճանաչում. Քոչ-քոչ «իէ վրայ վեր էին թափել ամէն մարդ իր գլխի ցաւն էր քաշում: Թշնամին էնպէս ցրվեց, տաղըթմիշ էլաւ, որ մէկը չմնաց: Հայերին որ չարձակեցին ու մէկ տեղ հաւաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած ձէն տվին էկողներին, որ թօփ ու ջաբախանէն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն: Երկու հազարից աւելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը եաւաշ բերեն, շատը հայ, ղալմաղալը որ ընկաւ, հէնց իմացան, թէ էկողները ռուս են, բոլորն էլ թօփ-թոփխանայ թողին ու ձորը թափեցին: Մէկ քանի երեւանցի թօփչի ու սարվազ ձեռըներն ընկաւ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մօտանայ:

Ինչպէս որ էր, գիշերն անց կացրին: Առաւօտը որ լուսացաւ, աստուծոյ լիսն ընկաւ հայերի սիրտը: էնքան բարութ, թվանք, թօփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէ՛ր ըլիլ: Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլաւ, չէլաւ, հայքը ետ չի՛ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ ետ դէպի Ղարս շուռ տվին: Աղասին շատ ուզեց, որ ռսի հողն էլա գնան, չէլաւ. որը կամենում էր, որը չէ: Ընչանք էսպէս կը ղռվռային, Ղարսայ փաշեն ղոնշուն հաւաքած գալիս էր, որ իր ռհաթը ետ դարձնի: Պէտք է ասած, որ թէ Ղարսայ, թէ Բայազդու փաշեն հայերին իրանց որդու պէս էին սիրում փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը: Նա էնպէս էր կարծում, թէ իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը բայց ինչքա՞ն զարմացաւ, որ երբ կամենում էր վրայ տալ, խալխը հազար տեղիցը ձեռըները բարձրացրել էին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին: Հօր պէս, որդուոց ազատութիւնը տեսնելով` սկսեց փառք տալ աստուծոյ, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած, որ հարցնի, թէ ախր էս հրաշքը ինչպէ՞ս էր պատահել, Աղասուն ձեռըների վրայ բռնած` առաջին կանգնացրին, ու հազար բերան ձէն տվեց.

էսո՛ւր, էսո՛ւր մեզ, մեր որդիքը ղուրբան էրէ՛, փաշայ, գլխիդ ղուրբան: Մեր ազատողը, մեր երկրորդ աստուածը սա է:

Ազնիւ երիտասարդը, որ ամէն մէկ սրտի ցաւը հազար անգամ երեսի գունը Էնքան փոխել, ներկել էին, Էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պէս, մէկ ձէն անկաջն ընկնելիս, իսկոյն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը` ղրմզ, ձեռը անլեզու երկինքը քցեց ու առանց խօսալու ցոյց տվեց, որ նրա յաջողողն ու զօրութիւն տուողը երկինքն էր, եւ ո՛չ իր ձէոի հունարը:

Ազնիւ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մէկ հայի տղի ճակատը Էնպէս համբուրեց, ինչպէս իրան նամազի քարը, դօշին քաշեց, էլ ետ գլուխը ձեռն առաւ, էլ ետ համբուրեց ու իր քաջութեան բոլոր ըխտիարը նրան խոստացաւ, որ հետը գնայ Ղարս ու իր ձեռի տակին մննզ. Աղասին ընկաւ փաշի ոտը, շնորհակալութիւն արեց ու ասեց, որ աշխարքի թագաւորութիւնն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի. նրա միտքն Էն ա, որ Անի շինութիւն քցի: Ինչ՞ն էր փաշի ձեռին հեշտ քանց էս. միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնայ Ղարս, ոտը խաղաղվի. Էն ժամանակը նրա բոլոր մուրազը կը կատարի, ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա, կը տայ ու ինքն էլ հետը քոմակ կանի: Արտասունքն աչքերը լիքը` կրկին ընկաւ Աղասին փաշի ոտը.

Է՛ս գլուխը, որ ինձ էլ պէտք չի, է՛ս դօշը, որ հազար անգամ կրակումն էրվել, խորովվել ա, է՛ս ձեռը, որ հազար անգամ ուզել ա իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլոր քեզ մատաղ, փաշա՛յ, եա էս սհաթին ինձ սպանի՛ր, եա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շէն տեսնիմ, եդոյ գետինը մտնիմ:

Անխաւատ աջամ, քրդստանցիք հազար տեղից ձէն տվին, ծօ՛, ի՞նչ կզրուցէ, ծօ՛: Գիր չգինա՛յ, կարդալ չգինա՛յ. փաշութիւն կը տան, հմլայ էլ իր սազ կածէ: Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ դա, բուն դնէ: Շիդակ աջա՛մ, աջամի լաճ: Ի՞նչ կուզես, էրէ՛, աքլոր մաքլոր չի խարցնիլ, հմլայ կը բոռայ` մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց (մեր աքլորը կանչեց):

Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ ետ իրանց հողը մտան, ա՛խ քաշելով, աչքը սրբելով` Աղասին Անի թողեց: Փաշի կողքին, հազար խօսք, գովասանութիւն անկաջն էր ընկնում, հէնց գիտես, քառացել էր: Հազար անգամ շուռ էկաւ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երեւում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դօշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում: Հէնց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն, ու Անին պէտք է աներեւութանար, էլ չկարաց իրան պահիլ. թուլացաւ, ձիուց վեր ընկաւ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը` Անու վրայ, ու գոոաց.

Եա ա՛ռ իմ սիրտս, եա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային ստեղծող բարերար.
Եա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մօտ տա՛ր,
Եա քո երկընքիցդ արա՛ ինձ մէկ ճար:
Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
էլի իմ հոգիս ուրախ քեզ կը տամ,
Թէ Անու միջումն իմ մարմինս թողամ:
Աչքե՛ր, քոռացէ՛ք, բալքի թէ էլ բաց,
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած.
Բալքի թէ մեռնիմ էս դարդովն էրված,
Յոյս էլա հողին չմնայ կորած:
Թո՛ղ հոգիս դժոխքը գնա՛յ, խորովվի՛.
Իմ սուրբ նախնեաց տեղ` իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մէկ քարի տակի
Ըլի, քո ծոցումն, ինձ դրախտ պէտքը չի՛:
Թո՛ղ էն անէծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ.
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարօտիլ:
Սուրբ երզնկացի, սուրբ Երզնկացի,
Պարծեցի՛ր, թէ ես չեմ շինիլ Անի.
Անէծքդ Էն վախտը թրի, կայծակի
Պէս թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի:
Ջանս ձեզ ղուրբան, ա՜յ սուրբ քար, հողեր,
Տաճարք, ապարանք, պարիսպք, տապաններ
Թէէ մուրազս սրտումս պէտք է մեռնի, մնայ,
Էս չոքած տեղս թող ջանս քարանայ:
Քարացած տեղիցս կանգնիմ ու ասեմ,
Ամէն անցնողին ետեւից կանչեմ
Քարացած լեզուով վա՜յ տամ, աղաչեմ.
«Ո՞ւր էք գնում, թողում, ձեր նախնեաց տեղն եմ»:

10

Առաւօտը, էն ա, լսին էր տալիս, որ իշխանն եւ քաջայաղթն գեներալ-մայոր Մատաթովն վեր կացաւ, Շամքոռայ դզին մտիկ արեց, զօրաց ինչ հրաման ունէր, տվեց, ու ինքը` արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով` մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով, որ թշնամին յանկարծ վրայ չտայ, ու իր պատրաստութիւնը տեսնում էր: Զօրքը ղորդ ա, շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ աստուծոյ տեղ պաշտում էին, որ ղզլբաշի հոգին ջուր էր կտրում անունը լսելիս, ու իր հաւատարիմ ազգը` արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փէշումը, հազիր, վառված, քամակին` որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դօվլաթ թշնամուն եա գերի տան, եա ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան: Զօռը խփեցին, առաւօտեան աղօթքն արին, բայց մէկն էլա դեռ չէր գիտում, թէ ո՞ր կողմովը գնան:

Ղզլբաշի զօրքն Գեանջայ, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագեալ` էն: էս կողմիցը` Աբաս Միրզէն, էն կողմիցը` Հասան խանը, քանդելով, աւերելով էկել, հասել էին, որ գնան Պետերբուրգ: Թիֆլիզ, ինչպէս որ տեսանք, սհաթե-սհաթ աչքը կթած ունէր, թէ Աղա Մահմադ խանի կրակը, որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կը թափի: Երմալովն ինչ հնար, ճարտարութիւն ունէր, գործ դրեց: Մատաթովը պէտք էր Վրաստանու փրկիչը լինէր ու ցոյց տար աշխարքի, թէ հայոց հոգումը իրանց հին հսկայութեան կրակը, քաջութեան բոցը, հաւատարմութեան խունկը դեռ կար ու վաղուց մխում էր, որ մէկ հով դիպչի` հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի:

Պտտելով` էլ ետ չադիրը մտաւ զօրապետը ու միրզի մէկին կանչեց, որ ասածը գրի, թուրքերին խաբի, թէ ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը` ֆլան, անթիւ զօրքով գալիս են, որ թշնամու գլուխը ջնջխեն, յանկարծ զշղրուն ընկաւ զօրաց մէջը: «կարաու՜լ ձէն տվին, թվանքները հազար դհից վրայ բռնեցին, բայց «քրիստիան, Արմեանէ գոռալով, երեսին խաչակնքելով` մէկ աժդահայ որ ղոնշունի մէջը չընկաւ, Մատաթովի չադիրը չտեսաւ ու ձիուն ետի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրայ մնաց փետացած. ընչանք մարդ կը կանչէր, անծանօթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց: Կտրիճ ձիաւորը մզրախը գետնին ցցեց, ղարաւուլի, բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկաւ: Քաջ գեներալը, թէ եւրոպացի էր էլել, հուշտ կըլէր եա կը զարմանար ու էնպէս յանդգնութիւնը, կարելի ա, պատժէր, բայց նա մեր երկրի մարդի խասիաթը լաւ գիտելով` տեղը մնաց կանգնած, ու էլ էկողին ժամանակ չտվեց, որ խօսի, ինքը հարցրեց, թէ ի՞նչ խաբար ա: Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլէր: Երկար Ժամանակ լեզուն խօսք չէ՛ր բռնում: Գէջդանգէջ որ խելքը գլուխն էկաւ, ձէն տվեց.

Կնեա՛զ, թադարէքդ տե՛ս, որ էսօր ա` ձեզ դաղթմիշ կանէն, էս գիշեր ա` նմանապէս:

Ու պատմեց, թէ ինքն ո՞վ ա, Խլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի ի՞նչ, Ապարան, Դիլի` ի՞նչ, ու քսան երեսուն ձիաւորով հազար յարամու աչք հանելով, էստեղ-էնտեղ կոտորելով` ուզեցել էր հէնց ինքը մէկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մէկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել: էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս, թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրէն պոկ էկել, ընկերների մէկ- երկուսն էլ բռնել, միւսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գիւլլից պրծել, նրա անունը լսել, ընկել ռսի հողը, ընկել, որ գայ Թիֆլիզ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել:

Ղզլբաշի շատը, որ ինձ հետ էին ածում, հէնց նոր քամակիցս ռադ էլան, երբ ձեզ տեսան, փախան, հմիկ ի՜նչ գիտես, էնպէս արա՛. Գլուխս ետ եմ դրել, որ ռսին ղուրբան անեմ: Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում: Յոյս ունիմ, որ մէկ քանի թշնամի էլ ես իմ թագաւորի ուղուրին ղուրբան անեմ: էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ` մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ: Ինչպէ՞ս կամենաս, էնպէս իմ ծառայութիւնը թագաւորին հասկացրո՛ւ: Փաշութիւն էլ ինձ տվել են Օսմանլվումը, չեմ ուզել: Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխաւոր շինեն, հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել: Միտքս Էն էր, որ Անի քաղաքը շինէի: Հայերը, հայերը, աստուած նրանց խէր տայ, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին. էնքան էսօր-էգուց քցեցին, մահանայ արին, որ ղալաբանթլղը ընկաւ: Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ փաշութեան, ետ էկայ էլի, Անուն ապաւինեցի: Լաւ աստուած Հասան խանին ձեռս քցեց, ես ջահէլութիւն արի, հոգին չհանեցի. ուզում էի նրան թաքուն սպանեմ: Ղզլբաշը որ ետ դառաւ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլաւ. աստուած գլխիս բարկացաւ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի՛ հպարտանամ, շատ չի՛ ամբարտաւանամ: Որքան բարութ ունէի, հատաւ: Ընկերքս էլ չկարացին դէմ կենալ, ամէնը մէկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ. ինչ հրաման ունիս, ասա՛. մէկ գլուխ ունիմ, էն էլ ռուս թագաւորին ղուրբան: Թաք ըլի` մեր աշխարքը անօրէնի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի: Երեւան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թաւրեզ, Բայազիդ, Ղարս հասաւ: Մէկ ծեր հէր ունիմ, բանտումն ա փտում. մէկ պառաւ մեր ունէի, ճամփին, քոչելիս ա հոգին տվել. մէկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցայ ու անջախ մի անջախ բերի, ռուսի հողը քցեցի: էլ ուրիշ բան չե՛մ ուզում, մէկ հօրս էլ ազատէի, մէկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հաւատը ազատ տեսնէի, եդոյ թո՛ղ աստուած, ինչ իմ ճակատիս գրվածն ա, Էն կատարի:

Էս խօսքումը էլ սիրտը չդիմացաւ: Ջիգեարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը` տեսութիւնը: Հսկայն Մատաթով երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիւ երիտասարդի Էնպէս ճարտար բերնի, Էնպէս քաջ սրտի վրայ, Էնպէս հիանալի, պարթեւ բոյի ու փափուկ ջիգեարի վրայ: Խնդրեց, որ քիչ-մի հանգստանայ, ու ինքը իրան թադարեքը տեսաւ: Ով Էն ժամանակը կար, տեսած կամ լսած կը լինի, թէ Մատաթովն ի՞նչ արեց: Նհախ տեղը չի նրա անունը հայի, թուրքի, զղլբաշի բերնումը մնացել: Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա յիշատակը անջնջելի կը մնայ մեր ազգի միջին ու մեր աշխարքումը: Դեռ վարժատան աշակերտ էի ու, ինչպէս Էսօր, կենդանի է մտքումս` Աղասին ինչպէ՞ս մտաւ Թիֆլիզ: Երեւելի իշխանի որդի չէ՛ր, որ նրան մեծ փառքով ներս բերին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի: Մէկ թղթի միջում ծալած` իրան ոսկորները քսան անգամ հէնց ինձ ա ցոյց տվել, որը որ զանազան տեղ կովըներումը կոտրել, հանել էին: Մէկ քանի ժամանակից եդոյ, յայտնի ա ամէնին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցաւ, Ապարան, Երեւան դառան ռուսաց քաջ սրտի մեծագործութեան ու տղամարդութեան ասպարէզը: Նհախ տեղը չի Երեւանու անունը էնպէս անձին պատիւ տվել, որ ռուսաց զէնքը Ասիա ու Եւրոպա երկինքը հասցրեց: Ո՞ր հայը իրան պարծանք չի համարիլ, որ օսմանցվի, ղզլբաշի ու Պոլշիոյ աստուածը էսօր իր կոմսութեան անունը Երեւանու անունովն ա զարդարել: Իշխանն Վարշաւի եւ կոմսն Երեւանի` Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպէոսի, Ջինգիզ խանի ու Թամուրլանգի յիշատակը իսպառ ջնջեց ու ոուսաց քաջութեան, մեծահոգութեան, բարեսրտութեան, մարդասիրութեան անունը աստղերի հետ դասեց: Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինութիւն ու խաղաղութիւն տեսան: Ուրիշ` թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, եդոյ իրանց քաղաքն ու օղլուշաղը, ռուսաց, ընդհակառակն, բալանիքն էին ընծայում, եդոյ իրանց տունն ու ընտանիքը: Գոռոզ կարծիքն պարսից, թէ խաչը միշտ պէտք էր Ալու փանջին հնազանդէր, ցրվեցաւ, ու իրանց անողորմութեան, անօրէնութեան տեղակ շնորհք, ողորմութիւն տեսան: Հայոց արտասվալից աղօթքը, որ գիշեր-ցերեկ անում էին, թէ ե՞րբ կըլի` ռուսաց, իրանց հաւատակցի երեսը տեսնին, եդոյ հողը մտնին, լսեց աստուած ու կատարեց: Խաչի լիսը ու ռուսաց մարդասիրութեան շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չօլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շէնացնում: Հայոց ազգի կարօտ աչքը վաղուց էլ արտասունք չի՛ տեսնիլ, իրան Հայրենիքը կը տեսնի, նրա ծոցումը կը մեծանայ, նրա սէրը կը վայելի ու քոռ, նախանձոտ մարդին գործով ցոյց կը տայ, թէ Հայ ազգը ո՛չ թէ փողի կամ շահի խաթէր ա ռուսի տէրութեան անունը պաշտում, այլ թէ իր սրտի ուխտն ա ուզում կատարի, որ իրան հաւատն ու ազգը պահողին արինը, կեանքը, որդին չխնայի: Հայ ազգը, որ ո՛չ թէ թուլ էր եա քաջութիւն չունէր, որ իր երկիրը պահել էր, ո՛չ: Երկիրն ինքն էր պարտական: Աշխարքումն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պէտք էր լոք տար, հայոց ազգին պէտք էր ոտնատակ տար, ձեռք քցէր, որ իր թշնամու հախիցը կարէնար գալ: Ո՛չ ասորիք, ո՛չ պարսիկք, ո՛չ մակեդոնացիք, ո՛չ հռովմայեցիք, ո՛չ պարթեւը, ո՛չ մոնգոլք, ո՛չ օսմանցիք չէին կարող էն զօրութիւնն ստանալ, եթէ հայոց ազգը մէկի դեհը չէ՛ր պահել: Դեհը պահելով, ղորդ ա, իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց եդոյ իր թշնամին աւելի եւս իր չարութիւնը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով հայոց ազգը արարած աշխարքին յաւիտեանս յաւիտենից կարող է համարձակ ցոյց տալ, թէ ինչքա՞ն հոգի ունէր, ինչքա՞ն կամաց զօրութիւն, սրտի հաստատութիւն որ իրան չորս կողմի Էն հզօր ազգերը կորան, փչացան, անունները չկայ, հայոց ազզը անուն էլ ունի ու իրան հաւատն ու լեզուն մինչեւ Էսօր իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մէկ ազգ էլա Էսպէս օրինակ չունի: Երեւան թեւին տվեց, երբ ռուսաց զօրքը իր մէջը մտան: Էջմիածնի խնկի, մմի հոտը ու զանգակների ձէնը երկինքը հասաւ: Քաջայաղթ հսկայն` կոմսն Երեւանի, Տոբիթայ հրեշտակ Ներսէս արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտաւ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տայ ու առողջութիւն: Էն ժամանակվան խաղերը, որ հանել, ասում էին, յաւիտեանս յաւիտենից կարող են աշխարքին վկայութիւն տալ, թէ թուրք ու հայ հէնց իմացան, թէ աստուած վեր Էկաւ իրանց համար: Հարիր տեսակ խաղ` հայերէն, թուրքերէն, Երեւանու բաղերն ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր, ուրախ վախտը, ձեռը բերնին ա դնում ու ասում: Որ ասածիս ամէն մարդ հաւատայ, էն խաղերիցը մէկը թո՛ղ օրինակի խաթէր գրվի էստեղ:

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագեազն փիանդազ էլան.
Անիրաւ՜, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրաւ՜, էս բաղին բաղմանչի ունի,
Եարալու սիրտս էդ քարը մի՛ քցի:
Մատաթովն Ղարաբաղ առաւ, ազատեց,
Կրասովսկին Ապարան ոտնատակ տվեց:
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած` գլխին վա՜յ տվեց:
Բեկենդորֆն Սարդարին ջախըբուրդ արեց,
Ասլանի գլուխն արծվին ռուսն մատաղ արեց:
Անիրաւ՛, հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՛, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրաւ՛ եւ այլն:
Սրբազան Ներսէսի խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի` հոգեւոր տիրոջն ղուլ դառնամ:
Սուրբ Գեղարդն, մեռոնի զօրքն մալում էլան,
Թշնամին քոռացաւ, հայքն ուրախացան:
Հայ ազզի աղօթքը երկինքը հասան:
Անաստուա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրաւ՛, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ եւ այլն:
Մենք քամակ-քամակի կը տանք, վեր կը կենանք,
Ռսին մեր աշխարքը, կեանքն ղուրբան կը տանք:
Հասան խանն կատվի պէս քարեքար ընկաւ,          
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլաւ:
Մեր խաչին, անհաւա՛տ, արի՛, ճանաչի՛:
Անաստուա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրաւ՛, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ եւ այլն:

12

Էջմիածին, Թաւրիզ, Աբասաբադ, Սարդարաբադ ռուսաց օրհնեալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երեւան իր անճար գլուխը դէմ էր տվել ու յետին շունչն ընկած` ուզում էր, որ դեռ մէկ քանի սհաթ էլ իր ջրատար որդուոց գլուխը լա, նրանց սեւ երեսը մէկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի` կոմսն Երեւանի, իշխանն Վարշաւի, էկաւ` էնտեղանց բանտում, զընդանում մաշված հայերին էլ մէկ օգնութիւն անի, ազատի:

Ամսի հինգն էր, որ Երեւանու բերդը ծխումը կորաւ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թօփի, թօփխանի գիւլլեն` ջոկ: Հինգ օր հինգ գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հէնց գիտես` Սոդոմ-գոմորի քուքուրթն ու կրակը Էսօր ա վեր գալիս: Երեւանու բերդը, ձէթը հատած պատրուգի պէս, թէ մէկ ճրթճրթում էլ էր, մէկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խաւարում էր: Էնքան թօփի գիւլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադէն վաղուց էին իրանց սեւ օրը լաց ըլելով` Երեւանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարութեան պատուհասն առնի, ու Էն մարգարէական ձէնը կատարվի, որ Ապարանումը նրա անկաջն ընկաւ, բայց խելքը գլուխը չեկաւ: Նհախ, որքան բրնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տայ` իրանց գլուխը ձեռ չքցեն: Հինգ օրվանից յետոյ խալխը, որ տեսաւ` ճար չկայ, իրան միջի մեծամեծներիցը մէկ քանի մարդ ընտրեց, ու հէնց, Էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տայ, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած` ռայի էկան:

Քանի որ Երեւան բինայ էր ընկել, կարելի ա, թէ է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էսօր տեսաւ ու իմացաւ: Կարելի է աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ ետ ոչնչանա՛ն, բայց քանի որ հայի շունչն ու լեզուն կայ, ե՞րբ նրանց մտքիցը կերթայ էն աւետալից սհաթը, որ իշխանն Վարշաւի, գեներալն Գրասովսկիյ, մեր անմահ Ներսէսին հետըները` խաչ, աւետարան ձեռին, մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատութեան տօնը կատարեն: Պէտք է աշխարքումն էլ հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ յիշատակը արտասընքով ու լալով չյիշեն, իրանց աշխարքի հօր ու պահպանողի սուրբ անունը, որ Հիւսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թեւի տակն էր ուզում բերի, սրբութիւնի պէս չպաշտեն: Կամիլլոս, ղորդ ա, Հռովմ ազատեց: Սցիպիոն` հռովմայեցուոց թուրը Աֆրիկումը ցցեց` Կեսար` Գալլիայ ու Բրիտանիա ոտի տակն առաւ, Նապալէոն` Իտալիոյ, Սպանիոյ եւ Եգիպտոսին ազատութիւն էր խոստանում, բայց ե՞րբ հռովմայեցիք, գալլիացիք, եգիպտացիք է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունէին, կը պաշտէին, ինչպէս հայք, հա՛յք, որ առաւօտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում աստուածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը: Մեծ էր յիրաւի ու անմոռանալի ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգուովը իրանց բախտաւորութիւնը կը վայելէին, ինչպէս հայք էս արժանայիշատակ օրը:

Սալդաթի տուտը հէնց բերդը մտաւ թէ չէ, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի: Բայց ով սիրտ ունէր, լաւ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքերը՛, որ քարացել, սառել, երկնքին էին մտիկ տալիս, առանց խօսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղաւորների համար էս գինը չէ՛ր ունենալ, ինչպէս Երեւանու բերդի առնիլը հայերի համար:

Ինչպէս բարեկամ, ինչպէս երկնային աւետաբեր հրեշտակ, ազատութեան ու ողորմութեան պսակը ձեռին` մտաւ իշխանն Պասքեւիչ սարդարի ամարաթը: Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թէ ինչպէս էին ծեր, մանուկ, աղջիկ, պառաւ` չէ՛ թէ մենակ իր ոտը համբուրում, այլեւ շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպէս նվաղած, հոգին քաղված մնում: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախութիւնը չէին տեսել, չէին վայելել:

Էջմիածնայ եպիսկոպոսունքը, որ բերդումը, հէնց բռնի՛ր, մաշվել, յետին թելն էին ընկել, մէկ կողմից, Շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք միւս կողմիցը որ դուս չէկան` երեսները գետինը քսելով, էնպէս գիտես, թէ քաջն Վարդան նո՛ր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենեաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կեանք իրանց ազգին տան:

Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինէի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, աչքը բռնել, լալիս, որ հռովմայեցուոց գազան բնութիւնը նրանց արինը խմեց, կշտացաւ, Պասքեւիչ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախութիւնիցը աչքը սրբում, Տիգրանայ, Վաղարշակի, Անիբալայ, Տրդատի, Վարդանի պատմութիւնն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել: Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձէն տալիս, Տե՛ս Հայկ աստղի կամարը, է՛ն լուսեղէն, է՛ն կապտագոյն գըրքումն քո անունը գրվեց, փրկի՛չ որդուոց մերոց: էնտեղ տարանք քո մեծագործութեան պատգամը: Հայկի մօտ, Լուսաւորչու գրկումն իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը:

Հայկայ որդիքն էին նրան երկրպագութիւն տալիս, հայոց անմեղ լեզուն էր նրա կեանքը օրհնում, հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել, նրան պատվում, պաշտում: Երեւանու բերդի անվան կեղտը պէտք էր նա սրբէր ու իր անունովը նոր կնքէր, երեւանցուոց, հայոց մեծ ազգին յաւիտեանս յաւիտենից հէր, տէր դառնար: Ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս չվերանար, չմեծանար: Ի՞նչ աչք ըլեր, որ էս սհաթին իրան բռնէր ու էնքան օրհնութեան, ուրախութեան ձէնը լսելով` դինջ մնար, ծով չդառնար: Նա արեգակ էր դառել Հայաստանի, ոուսք մոլորակի պէս նրա գլխովը պտտելով` նո՛ր կենդանութիւն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուոյ կանգնիլ, որ էնպէս քաջ հսկայն կարողանար դիմանալ: Հասան խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում, նա չէ՛ թէ Սցիպիոնի պէս իր ազգի կատաղի բնութիւնն իմանալով` ոտնահար արեց, այլ ռուսաց ազնիւ հոգին ճանաչելով` էնպէս անօրէն աւազակին գրկեց, էլ իր պատուով` հրամայեց, որ ճամփայ քցեն, գնայ, դհա աւելի իմանայ, թէ որքա՜ն ողորմած է հզօր տէրութիւնն Ռուսաց: Ռուսք էն մութը հոգին չունէին, որ Նապալէոնի պէս մարդին, իրանց մեծահոգութեանը ապաւինելիս, նաւ քցեն, որ գնայ, իր դառն օրը Օւկիանոսի միջումը վերջացնի, չէ՛: Ռուսք իրանց թշնամուն, Էնպէս անարգ հոգուն էլ, ցոյց տվին էսօր, որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտաւորութիւն ու խաղաղութիւն պէտք է ըլի: Հասան խանը գլուխն էր դէմ անում, որ կտրեն, պարսիկը երեսներն էին փռում, որ ոտնակոխ անեն, բայց Պասքեւիչ անօրինակ հսկայն, մէկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, միւսոցը շնորհք, ողորմութիւն ցոյց տվեց: Այլ եւրոպացիք Ամերիկա աւերեցին, հողի հաւասարեցին, ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացուոց բիրտ, գազան ազգերին մարդասիրութիւն ու նոր հոգի տվին, աստուած ինչպէ՞ս չի՛ պէտք է նրանց թուրը կտրուկ անի, պատմութիւնն ինչպէ՞ս չի պէտք Պասքեւիչին աստուածացնի, հայք ե՞րբ կարէն ռուսաց արածը մոռանալ, քանի որ շունչ ունին:

13

Բայց ա՜խ, սիրելի կարդացող, մի հարցնես, թէ ախր էսքան բանը որ անց կացաւ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին, որ չի՛ գալիս` իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հօրն ազատի, նրա օրհնութիւնն առնի, թողութիւն խնդրի, որ Էնքան նեղութիւնն ու տանջանքը իր խաթէր էր քաշել, հինգ տարի բանտումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել, ետ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, Էնպէս հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնայ, գերեզմանն իր համար դժոխք չդառնայ:

Բերդի մէջն ու չորս կողմը, որ ասեղ քցէիր, գետնին չէ՛ր հասնիլ. աշխարքը իրարոցով էր դիպել: Աչք էր, որ խնդում էր ու լալիս, բերան էր, որ գովում էր ու օրհնութիւն տալիս, ազգական, բարեկամք էին, որ իրար փաթութված` մնացել էին փետացած: Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում: Սար ու ձոր խնդացին, բաղ բաղաստան ցնծացին, որ իրանց տէրերն էլ ետ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան, նրանց զվարթացնեն: Բերդի դռներն ու քուչէքը դրմբում էին ոտի ու ուրախութիւնի ձէնիցը: Ռսի ղարաւուլները ամէն տեղ բռնեցին, խալխը Քիչ-քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան խանի խէրիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից-ձեռից ընկած անդամալոյծ կար, Էկել, բերդի դուռը բռնել էին, որ իրանը սեւ օրին մէկ լիս, մէկ ողորմութիւն. մէկ դինջութիւն գտնեն:

էս միջոցին էր, որ Ներսէս սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հէնց գիտէր, թէ երկնքիցն ա Երեւանու դաշտին մտիկ տալիս, նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի հայոց ազգին փրկութիւն բերի: Անց կացած ժամանակները երազի պէս էին նրա աչքի առաջին կանգնել: Չէ՛ր իմանում, թէ Երեւա՞ն ա տեսածը, թէ՞ Թիֆլիզ: է՛ն պուճախներումը, է՛ն ձորերումն ու բաղերումը, որ սեւ ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, ռուս էր տեսնում ցրված, նստած, ո՞վ չէր տեսածը երազ համարիլ եա հրաշք:

էս մտածմանց մէջը խրված` էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրայ էր քցել ու մնացել վերացած, գաւազանի վրայ թինկը տված, որ մէկ քաղցր ձէն ետեւիցը որ «հա՛յր սուրբ ջանէ չասեց ու ձեռն առաջ դօշին, յետոյ երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց:

Հա՛յր սուրբ ջան, սրբազան տէ՛ր, ա՛խ, էս ի՞նչ օր ա, մէկ ձէն էլ միւս կողմիցն էկաւ ու միւս ձեռը բերան ընկաւ:

Սմբատով ջան, Երոուսալեմսկ ջան, որդի՛ք. Թաղեցէ՛ք ինձ այսուհետեւ ձեր ձեռովը: Թէ որ մէկ քանի օր էլ աստուած ինձ կեանք պէտք է տայ, թո՛ղ էնդուր համար տայ, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվեալ ազգը էլ ետ իրանց աշխարհը բերեմ, էս մէկ բանն էլ թո՛ղ էս կարօտ աչքս տեսնի, յետոյ, ա՛խ, յետոյ Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ: Խնդրեցէ՛ք, խնդացէ ք, խնդացէ՛ք, խնդրեցէ՛ք, որդի՛ք ջան, որ ձեր ծերունի հօր էս մէկ խնդիրն էլ աստուած լսի, էլ ուրիշ բան չե՛մ ուզում: Հայաստա՛ն, Հայաստա՛ն, տո՛ւր ինձ քո սիրտը, տո՛ւր ինձ գերեզման: էլ որ նոր ազգեր թէ գան ու երթան, ա՜խ, չի մոռանաս քո սեւ, դառն օրվան նեղութիւնն, տանջանքն, կա՛ց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանի՛ր, էլ քո զաւակը գերի մի՛ քցիր: Սուրբ հողդ իմ երեսս, ընտի՛ր Հայաստան, աթոռ աստուծոյ, տուն Արշակունեան: Ախր որտեղանց որտեղ թռաք, էկաք, սիրելի որդի՛ք, որ ձեր Հայրենիքը տեսնիք, վերջապէս հարցրեց սրբազանը զարմացած աչքերը սրբելով ու էս ազնիւ հայկազանց գլուխը դօշին կպցնելով, ախր մի ասեցէ՛ք, որ դինջանամ. ձեր կարօտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ որ էս սհաթին իմ սիրտն իմանաք, իմ ուրախութեանը մասնակից ըլիք, որդի՛ք ջան, հայոց ազգի բարի շառաւիղք: էդ ո՞ր աստուածը իմ մեղաւոր սրտի խոհուրդն իմացաւ ու ձեզ ինձ մօտ բերեց:

Մենք էլ հէնց է՛դ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրէք գիշեր ա, չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք, էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախութիւնն ու օրհնութիւնն առնինք, մեր Հայրենեաց ազատութիւնը տեսնինք, մեր կարօտ աչքը մի կշտանայ, ու էլ հէնց էս սհաթին պէտք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիման Հա յ անիրաւս ձեզ, էտո՞ւր համար էք էդպէս չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի՞, շատ լաւ՛, հանաքն հօ էդպէս չե՛ն անիլ. դուք ձեր խաղն էք խաղացել ձեր ջահել տեղովը, ես էլ իմը կը խաղամ էս ծեր տեղովս, տեսնինք` ո՞րս կը յաղթենք: Ձեզ բանտ պէտք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք, թէ Հայրենեաց համար էդքան նեղութիւն քաշողը, էղքան ճամփայ էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը` թուր էլ որ դէմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պէտք է երեսը ետ չի՛ թեքի: Դուք էսքան տեղն անահ, աներկիւղ անց էք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չէ՛ք անում, որ կուսակալի առաջը գա՞ք: Տօ՛, Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանայ, հասկանայ, թէ դուք ձեր աշխարքի ու ազգի ազատութեան հանդէսը էկել էք, որ տեսնիք, ձեր ձէնն էլ նրանց ձէնի հետ խառնէք, ձեր ազնիւ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնէք, էն էլ է՛ս հրաշալի, է՛ս արժանայիշատակ Ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթէր ձեզ վրայ պէտք է բարկանա՞յ: էն ի՞նչ սիրտ պէտք է ըլի, որ տեսնի մէկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղութիւնից պրծած տեսնի, ինքն էլ ջանը ետ դնի, ինքն էլ հետը ուրախանայ ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողութիւն չտա՞յ: Ձեզ պէս որդիք շա՛տ ունենամ, շա՛տ, էկէ՛ք, էկէ՛ք, ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիւ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկէ՛ք, ձեր էդ մաքուր ճակատը մէկ էլ համբուրեմ, մէկ էլ ձեր էդ սիրուն երեսը դօշիս կպցնեմ, յետոյ ձեր շունչն ի վզին: Կուսակալը թէ խօսք ունի, առաջ ինձ ասի: Դուք է՛ն օրինակն էք ցոյց տվել, որ մէկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հօրն ազատի, ձեզ ո՞վ կարայ ղնամիշ անիլ: Հայոց ղոնշունն էլ, է՛ն ա, հա՛, հազրել եմ. քիչ-քիչ սովորում են կովելու կերպը: Մելի՛ք, էսպէս զաւակներ որ թագաւորն էլ ունենայ, չի՞ ուրախանալ: Հայոց ազգը էսպէ՛ս որդոց ա կարօտ, էսպէ՛ս, ի՞նչ կըլի, որ սրանց նման մէկ հարիրն էլ ըլին: Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին, աստծուն յայտնի ա, ուզում եմ, թէ էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ: Օրհնվի՛ էն արգանդը, որ էսպէս զաւակներ կը բերի: Ամէն մէկը, էնպէս գիտես, թէ թագաւորազունք ըլին: Ձեզ ստեղծող աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ, ինձ պէտք է թաղէք, որ յետոյ վրըներովդ դուշ անց կենայ: Ձեր հայրենիքն էիք ուզում, էս էլ ձեր հայրենիքը՛: Ես էլ գիտեմ, որ չոր, հալեւոր սեւագլխի խաթէր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ: Ինձ սիրէք, չսիրէք, ձեր ազգն ու աշխարհը որ էդքան սիրում էք, հէնց գիտեմ, թէ Գաբրիէլ ու Միքայէլ հրեշտակն էք ինձ համար, որ մեր Լուսաւորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին: Գնա՛նք, իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում, հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար, թէ ի՞նչ դուս կը գայ: Խալխի հոգսը պէտք է քաշենք, բանտ ու զընդան լիքն են մեր անմեղ զաւակներովը, նրանց ախր հանիլ, ազատութիւն ու տէրութիւն կուզի, ո՞վ ա խաբար, թէ ղրաղ-պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կը կենայ, չունքի ղզլբաշը, ղորդ ա, կոտրվել ա, ամա դեռ ոխն ա քէնը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երեւանու տէրը, մեր ազգի գլուխը, Էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագութիւն տան: Գնա՛նք:

Էս խօսքը բերնիցը դուս գալը ա մէկ ողբալի ձէն հէնց Էն վրէն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մէկ էլաւ.

Հա՛յր սրբազան, գլխիդ ղուրբան, հասի՛ր, մէկ հայ աֆիցերի սպանեցին իր հօր հետ. Ճար ունիս, տե՛ս:

Բրջի դռանը մարդ չէ՛ր երէում, որ մի քիչ կը ռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մէկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան, որ էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձէն տալիս:

Ախ, սիրելի՛ կարդացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմութիւնը: Կըլի, որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պէտք էր Էնպէս դժոխք մանիլ, որ գլուխը մահու տայ, եթէ ո՛չ մեր ջիւա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, յարամու գլուխը չի՛ տվեց, պահե՛ց, Էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամաորդի արած կըլի, վերջը Գրասովսկիյ գեներալի հետ թռաւ իր ցանկալի վաթանը, որ իր ջրատար հօր յետին շնչին հասնի, ու հէնց բերդն առան թէ չէ, նա, մերը կորցրած գառան պէս, էլ չի՛ համբերեց, որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկաւ բրջե-բուրջ ու որ հօր անունը չհարցրեց, մէկ երեւանցի հայ առաջն ընկաւ, տարաւ նրան էն բրջի դուռը, որտեղ որ նրա տարաբախտ, հէրը, մէկ քանի հայերի հետ, բռնված էր: Բայց անիրաւ պարսիկքը վաղուց էին իմացել նրա ղոնշունի հետ գալը, ու նրա սպանածների հէր, ախպեր, ազգական` մինչեւ տասը մարդ, գնացել, էն բրջումը տափ էին կացել: Ախ, էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում... Ա՛խ, բաս Աղասու սուգն ո՞վ անի, նրա ջիւան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի: Ե՛ս, ես, ողորմելիս, նրա գերեզմանին ղուրբան... Ախ, բաս նա, որ ինձ էնքան էրեխայ ժամանակս իր ծնկայ, վրայ խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուգը չանեմ: Բաս սիրտս կը համբերի՞, որ Էսօր չուզենամ Էնպէս հսկայ, Էնպէս ազնիւ՛, քաջ երիտասարդի վրայ հոգիս տամ: Բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուգն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտը շարժի, էրի, խորովի: Նրա սուգ անողը յետոյ կը գայ, ես իմ դառը պատմութիւնն անեմ:

Իրէք թուրք ջոկ էին ընկել բրջի մէկ ղրաղումը, միւսները փախել. ախ, լեզո՛ւ, լռվիս, ի՞նչ կըլի: Աղասին, հրեշտակ Աղասին. երկու խանչալ սրտումը ցցված, իրեքը քամակումը, ու ոտ ու ձեռ հազար տեղ եարալու-փարալու` իր ողորմելի հօր դօշին, արինը ծովի պէս չորս կողմը բռնած, որ սրբազանը վրայ հասաւ: Աջու ձեռը որ չէր տարել, որ հօր գլուխը, էն ձնի պէս սպիտակ մազերը, մէկ խտտի, մէկ դօշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանայ, հէնց տեղնուտեղը ուսըւեր էին բերել, ու կտրած ձեռը մնացել էր հօր գլխատակին, երեսը` երեսին, ու ձախու ձեռն` էնպէս փետացած, դօշի վրայ ընկած:

Վա՛յ, աչքս դուս գայ, ա՛յ իմ ազգի ազիզ որդի, վայ, մեր ճամփեն փուշ դառնար, ա՛յ ջիւան, ա՛յ մեր ախպեր, հայի զաւակ, վայ մեր օրին ու արեւին, Երեւանայ ճրագ, իմ պահած-մեծացրած, սիրուն Աղասի, քո արինն էստե՞ղ պտի թափէ՛ր, ասացին էս ազգասէր հոգիքն ու աղլխներն աչքներին դրած` ամէն մէկը մէկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին, ու էլ որ մէկն ու մէկը յանկարծ աչքը կամ հօր երեսին` էն լիս դառած պատկերին, եա տղի կտրատած ջանին` էն արնաթաթախ մարմնին, չէ՛ր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով` բիրդանբիր ձէն տալիս ու գոռում.

Հլա մի մտիկ արէ՛ք, տեսէ՛ք, հօրն ինչպէ՞ս ա խտտել: Տօ՛, էն ծերին նայեցէ՛ք, տեսէ՛ք, աչքը ինչպէ՞ս ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում:

Սի՛րտ, տրաքի՛, սի՛րտ, էլ չեմ կարում տանիլ, ո՛վ ջիգեար ունի, ինքն իմանայ, մնացածը էգուց կը գրէմ:

14

Հայոց ազգը էնպէս ռաշիդ, էնպէս ջիւան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը. էլ ո՞ւր կը հասնէր, էլ ի՞նչ օգուտ շատ սգալն ու մղկտալն, բայց, ախ, Աղասու մերը քոչի ճամփին էր իր սեւ օրը վերջացրել, հէրը` որդու արնովը իր փետացած լաշը լվացել, նշանածը` ողորմելի Նազլուն, դեռ Փամբակ էր. միմիայն տես ու ճանաչ էին նրա վրայ ցաւում, կսկծում, իր ռաշիդ ընկերներ«իցէ հօ, քանի Մատաթովի մօտ էր գնացել, ոչի՛նչ խաբար չէ՛ր իմացել, էկող-գնացող էնպէս էին պատմում, թէ նրանց եսիր էին արել, Հասան խանի մօտ տարել: Ո՞վ էր խաբար, բալքի թէ էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէ՛ր գիտում: էն բրջից ձէն տուող երեւանցի հայիցը հէնց էսքան իմացան, թէ երբ քաջն Աղասի` ռսի ապելատով, բրջի դռանը երեւեցաւ, ղարաւուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիւ տվեց:

Ինչպէս մէկ հրեշտակ, էնպէ՛ս ներս ընկաւ իգիթը, վրայ բերեց երեւանցի հայն: Անօրէն թուրքերը մէկ ղրաղում, թուր ու խանչալ պլոկած, տափ էին կացել: Բերդի առնիլը դեռ չէինք իմացել: Հէնց իմացանք, թէ էն թուրքերն էկել են` մեզ եա սուրը քաշեն, եա դուրս տանին, կախ տան: Լերդ ու թոք ջուր կտրած` մնացել էինք սառած, որ հսկայն Աղասի ներս ընկաւ, հէնց իմացանք, թէ եկել ա, որ էն անիրաւներին բռնիլ տայ ու մեզ ազատի: Ո՞վ կիմանար, թէ ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել: Խեղճ հօր հօ, շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել, չորացել: Փորն էկել էր, ուռել, բերնին դէմ առել, հէնց գիտես, թէ հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ, էն ուշագնաց վախտը, լաւ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձէնով մղկտում էր. «բաս ո՞ւր ա... թո՛ղ, թո՛ղ, մի տեսնիմ... Աղասի՛, որդի՛, հոգի՛, քանի՞ մի քանի ինձ մաշես, երկնքումը վաղուց եմ տեղս տեսել, ա՜յ իմ ջիւան որդի, քանի՞ մի քանի ինձ մաշես: Արի՛, արի՛, երեսիդ մեռնիմ, արի՛, մէկ շունչդ առնիմ, էլ հօ աչք չունի՞մ, որ քեզ տեսնիմ. էլ հօ ձեռք չունի՞մ, որ քեզ գրկեմ, լեզուս ա մնացել, անկաջս. Թո՛ղ մէկ էլ ձէնդ լսեմ, որ մօրդ էլա մէկ խաբար տանիմ: Հռիփսիմէ՛, Նազլու, Կարօ՛, փարիխան, Աղասիէ՛: Սանգարի ժամանակին ձէնը իսպառ կարվել էր: Մենք հէնց իմանում էինք, թէ վաղուց ա հոգին տվել: Թօփի, ղոմբարի ձէնը մեզ խլացրել էր: Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պէս նղղալով` խոր հոգոց քաշեց, էլի էս խօսքերը սկսեց ետ ասիլ ու հոգու հետ կռիւ տալ: Վերջին խօսքն էլի էն էր` «արի՛, արի՛, Աղասի՛, որդի՛, հոգի՛ ջանէ, որ դռները ճոոացին, ու ջիւան որդին հօր ձէնը որ չիմացաւ, «ափո՛ւ ջան, գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես, երեսիդ ղուրբան, ափո՛ւ ջանէ, «ափու ջանէ ասիլը, գժվածի պէս հօր վրայ ընկնիլն ու թուր ու խանչալ վրայ գալը մէկ էլան: Հէրը հէնց ձէնիցը մեռաւ. որդուն, ա՜խ, ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ եա հօրը ետ բերի, եա իրան մէկ չարայ անի: էլի աստուած մեզ էր խեղճ եկել որ սալդաթը էս ձէնըձորը որ լսեց, խիշտն առած` ասլանի պէս ներս ընկաւ, իրեքին սպանեց, միւսները փախան, քոռանայ իմ աչքս, որ Էսպէս բան չէի՛ տեսել: Հազար անգամ Աղասու հօր հացը կտրել, հետը քէֆ եմ արել: Բարիկենդանին էլ, որ Աղասին փախաւ, նրանց տան քէֆ անողների մէկն էլ ես էի: Իմ որդիս, ա՜խ, իմ ջիւան Մոսին էլ էր նրա հետ փախել: Բայց ես լսում եմ, թէ նա դեռ սաղ ա: Աստուած, դատաստանդ քաղցր ըլի, էսպէս զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ո՛չ տեսնինք, երեսս ոտիդ տակն, ասեց ողորմելին ու փէշն աչքերին դրեց:

Րիգնահովն ընկել էր, թօզ ու դուման` բերդի չորս կողմը բռնել: Էսպէս վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարհն էկել, Երեւանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիւան Աղասու խաթէր, որը նրա մէիդը դուս բերելու, չունքի լսել էին, որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն, ու էսպէս բան, էսպէս տեսարան, Երեւանումը դեռ առաջինն էր: Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին. ժանդարմեքը ճամփայ էին բաց անում: Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպէս էր սեւին, սպիտակին տալիս ու դես ու դէն ծփում, ինչպէս մէկ փրփրած ծով, որ քամու ձեռին եա սպիտակ փրփուրն ա, կիտուկ-կիտուկ, քարին, ապառաժին խփում, եա սեւ ջուրն ա դրմբալով դես ու դէն քցում: Թօզն էլ հօ բոլորը թամամ էր անում:

Տամբուր մայորը թօփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն իր կսկծալի ձէնն սկսեց, սեւ ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երեւեցան, ու գեներալ, աֆիցեր` Ներսէս սրբազանին մէջ արած, դուս Էկան. ոտը շարժիլն ու սգի ձէնը մէկ էլաւ: Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ մրմնջում էր. սիրտ էր, որ էրվում, մղկտում էր. բերան էր, որ ա՜խ քաշելիս` քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում:

Մեծ ա Անապատի հայաթը, բայց ռուս, հայ, թուրք, մեծ, պստիկ էնպէ՛ս էին լցվել, որ շունչ չէր դուս գալիս: Տէրտէրներն եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռըներին` մտիկ տալիս, որ մէիդը ժամը տանին: Խալխին դէն անելուցը զվիրն էին էկել. շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մէկ տեղ ճարեն: էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մէկ անդամալոյծ էլ սուրութմիշ ըլելով, քանի որ ոտը խաղաղ էր, գլխին-դոշին վեր հատելով, մազերը պոկելով, «սուրբ Սարգիսէ ձէն տալով` հասաւ, ընկաւ մէկ տէրտէրի ոտ, որ թողայ, ժամի դռանը վեր ընկնի: Աստուածասէր քահանեն` Տէր Մարուքը` Յովսէփ եպիսկոպոսի հէրը, հէնց իմացաւ, թէ եա ուխտ ա էկել ողորմելին, եա ուզում ա մէկ ողորմութիւն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց, մէկ-երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվերին ասեց, որ նրան ձեռ չի՛ տան:

Ա՜խ, քոռանայ քո քոռացնողի աչքը, մէկ բուռը հողի հասրաթ մնայ, որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղայ. էդ պատվական սուրաթը, էդ գեօւդէն ու սիրուն բոյը, որ քոնն ա, ընչի՞ պէտք է էդպէս չուռումիշ ըլեր, չուռումիշ ըլի քո էդպէս անողի կեանքը,