Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

45. ԼՈՒՍԵՂԷՆ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻՆ

30 մարտի 1860, Ս. Պ. Բուրգ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ,
ԼՈՒՍԵՂԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ,

Այս րոպեիս ստացա քո մարտի 13-ի գրած գիրդ եւ կարդալով իմացա ձեր որպիսությունը, այս գիրիս հետ միասին գրեցի Քառբո Մակարիչ Հայրապետյանցին, հույս ունիմ, որ ինչ որ պետք է նե, կհոգա, եւ չեն համարձակվելու խանութներդ ձեռքերեդ առնուլ, ուրեմն միամիտ եղիր:

Շատ ուրախացա, որ գոնե այս պատճառով գիր ստացա, շատ ժամանակ է ոչ մեկդ գիր չունեի եւ միամիտ չէի:

Խնդրեմ մեր բոլոր ազգականաց շատ եւ շատ բարեւ անես, մանավանդ Վառվառ եւ Գայանե քուրերուս, սիրելի Ֆլորա յանկայիս եւ ուրիշ ազգականաց եւ բարեկամաց:

Խանութին բանը ինչպես վերջացուցածը ինձի հայտնեց, որ ես առ միամիտ լինեմ:

Ես ողջ եմ ու առողջ եւ ամառը անպատճառ այդտեղ կլինեմ, ողջ եղեք ամենայն հաջողությամբ:

Հարազատ եղբայր քո

Մ. Նալբանդյանց

46. ՄԱՏԹԷՈՍ ՉՈՒԽԱՃԵԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՅԼՆ ԵՎ ԱՅԼՆ

Միքայել Նալբանդեանց

Պատկառ ակնածութեամբ սրբոյ

աջոյն համբույր շատ

Ի 6-ն ամսույս շնորհս գտի ստանալ զարձակեալն ՚ի վեհափառութենէդ կոնդակ օրհնութեան երեքտասներորդէ ամսեանն Մարտի համարաւ 132, զոր ընթերցեալ բազում մխիթարութեամբ՝ խնդացի ընդ աղօթս եւ օրհնութիւնս, զորս հեղուիք ՚ի վերայ իմ որպէս ծայրագոյն քահանայապետ, մանաւանդ շարժեալ ի զգացմանց սեպհական եղելոց հարց, քան հատուցանելով զարժանին իմում փոքրութեանս:

Ոչինչ աւելի, քան զոր պարտքն էր, առնեմք, եւ յամենայնի, յոր զձեռն մխեմք, առաջնորդիմք ի սուրբ սիրոյ առ ազգն մեր, շատ այն է՝ նշկահեալ զմրրկօք, որ բազմիցս սպառնացաւ զմեզ նաւաբեկել։

Վեհափառ Տէ՜ր, ո՛չ հայեցեալ ի տխուր հանգամանս ազգի մերոյ, մեք հաւատամք դեռ եւս, եթէ ազգն մեր չէ ի կորուսելոյ սակի, եւ խոհեմ՝ եւ յարատեւ հոգաբարձութիւն զնմանէ կարէ վերստին կանգնել զգլորեալն:

Աւելորդ իմն է ուրանալ զդժուարութիւն մեծակշիռ գործոյս, այլ ուր կամք են հասարակաց, կամք հաստատեալ ի վէմ գիտակցութեան եւ ուր ղեկավար է ոգի անախտ եւ մաքուր, երկինք հասանեն ի թիկունս:

Զղեակ ազգի մերոյ Հոգին հաւատաց ի Ձեզ, եւ միլիոնից աչք յառեցան ի նոր յաջորդդ առաքելոց սրբոց Թադդէ ի եւ Բարթողոմեայ: Շատից քան սակաւուց բաբախին սիրտք ի վերայ Ձեր, եւ ամենեքին դէտ ակն կալեալ ըղձան իրազեկ լինել զազգաշահ գործոց եւ զբարեկարգութեանց առ ՚ի Վեհափառութենէդ ազգին շնորհելեաց:

Ասպարէզ մեծ կայ յանդիման Ձեր, ասպարէզ գերագոյն առաքինութեան՝ ձեռն տալ ազգի ընկճելով, որ ընդ հուր եւ ընդ ջուր անցեալ ոգեսպառ դնի ընդ հայրագութ հոգողութեամբ Մեծի Քահանայապետիդ:

Այո, ո՛չ ոք ի կաթողիկոսաց մերոյ վիճակեցաւ այսպիսում ժամանսկի, խոստովանիմք, զծանրութիւն բեռինն, այլ զոր բարձէք սիրով յանուն ազգի, յազգէն դարձեալ աղաչիք հանել ի նաւահանգիստ անդորր, ճարտարութեամբ նաւապետեալ ազգային նաւուն:

Սիրտք Հայոց լինելոց են ընդ Ձեզ, եւ զօրհանապազ աղօթք մեր ընդ Ձեր առաջի սեղանոյ Տեառն:

ԶԱստուած կարողութիւն աղաչեմք՝ զօրացուցանել զՁեզ, որպէս երբեմն զԶօրաբաբէլ եւ զԲեսսելիէլ, զնորոգող եւ զճարտարապետ խորանին Աստուծոյ:

Իսկ որ ինչ զմէնջ, ճանապարհ մեր յայտ իսկ է արդէն, թէեւ նեղ եւ փշալից, այլ ի վերայ այսր ամենայնի ընթասցուք ընդ այն, ընթացուսցուք եւ զազգային խնդիրս, օ՜ն յառաջ, որքան եւ որչափ ներեալ լիցուք ի շուրջ պատելոց:

Յանձն արարեալ զմեզ ի պաշտպանութիւն աղօթից Վեհաստիճան Հայրապետիդ՝

Մնամ Վեհափառութեան Ձեր եւ համoրեն ազգիս

Հայոց պատրաստական խոնարհ ծառայ

Միքայէլ Նալբանդեանց

Ի 10 ապրիլի 1860 ամի,

Ի Ս. Պ. Բուրգ

47. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ

Ի 20 Ապրիլի, 1860 Ս. Պ. Բուրգ

ԱՐԳՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
ՄԵԼՔՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ,

Ինձ պ. Հովհաննես Պատկանյանցը հանձնել էր 100 հատ պատկերը մեր վեհափառ կաթողիկոսի, որ ուղարկեմ Մոսկվա մեր հասարակական բարեկամներից մինին վաճառելու համար: Ես այս մասին չկարողանալով այս միջոցին մի ուրիշ արժանավոր եւ հարմարավոր մարդ գտանել, ուղարկում եմ ձեզ այն պատկերները եւ շատ խնդրում եմ, որ աշխատություն հանձն առնուք հրատարակել այդ պատկերները մի մանեթից մինչեւ կես մանեթով յուրաքանչյուրի գինը, այդ ձեզանից է կախվում, եթե կարելի է ծախել մինով կամ 75 կոպեկով, լավ է, իսկ եթե թանկ թվի ձեզ կամ այլ բարեկամի, այն ժամանակ կարող եք մինչեւ անգամ 50 կոպեկով վաճառել:

Տարակույս չկա, որ ավելի գնով ծախվի՝ ավելի օգտակար է աշխատողին, որ արդարեւ չէ արհամարհում այդպիսի հաշիվները: Հույս ունեմ, որ կկատարեք իմ այս խնդիրը:

Մեծարանքով միշտ ձեր

Մ. Նալբանդյան

48. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՆ

30 Ապրիլի, 1860 թ. Ս. Պ. Բուրգ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
ԱՐԳՈ ԳԼՈՒԽ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ՊԱՐՈՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

Ձեր ապահովյալ նամակը ամսույս 19-ից, հասանելով ինձ 27-ին, հայտնի արեց Ձեր խորհուրդները եւ որոշմունքը Հնդկաստանի ազգային ժառանգության մասին: Ինչպես ցանկանում էիք, ահավասիկ, առաջին սուրհանդակով, հայտնում եմ Ձեզ իմ կարծիքը եւ մտքերը այդ գործին վերաբերությամբ: Բայց պարզության համար, նախ եւ առաջ հարկավոր է մեջ բերել այստեղ Ձեր նամակի դրությունքը, որ այսպես էին:

§ 1. Երկու մարդ ընտրել, որոնց եւ տալ ճանապարհի ծախք, առաջին անգամը 3000 մանեթ:

§ 2. Օրինավոր թղթով քաղաքի լրացյալ երեսփոխան կարգել այդ մարդիկը, որ նոքա, որպես պատկեր քաղաքի, կարողանան դատաստան մտանել, եթե հարկը պահանջել, որպեսզի կառավարության ատյանների ձեռքով հայտ բերեն եւ Նախիջեւանին սեփականացնեն, եթե կորած կամ երկբայական բաներ կան:

§ 3. Իբրեւ վարձ աշխատության երեսփոխաններին տալ, ստանալիք գումարից, հարյուրին տասն պրոցենտ:

 

Այժմ մի փոքր քննենք այս առաջարկությունքը, մտածենք, եւ դուրս դնենք մեր մտածության հետեւանքը. ըստ որում այսպիսի մեծակշիռ գործի մեջ թեթեւաբար ընթանալ աններելի է եւ Ձեզ, որ առաջարկում եք, եւ մեզ, որ պիտի ընդունենք այդ առաջարկությունը: Ձեր դրությանը վերա մեր կարծիքը եւ մտածությունքը այսպես են.

 

§ 1. 3000 մանեթ արծաթը, որ երկու մարդու գնալու եւ գալու որպես ճանապարհի ծախք առաջարկում է քաղաքը, ոչ հիմք ունի եւ ոչ հաշիվ: Ես «Հյուսիսափայլի» մեջ գրել էի 3000 մանեթ կամ փոքր ավելի կամ փոքր պակաս՝ ծախք գնալու եւ գալու համար, այդ մի մարդու էր վերաբերում եւ ոչ երկուքի: Թող մտածեն առաջարկողքը, որ ամիս ու կես կամ lիսուն օր միմիայն ծովի վերա պիտի ճանապարհ կատարել: Մեք որքան կարողացանք տեղեկություն հավաքել այստեղ անգլիական հաշվատներից (контора) կամ այդ հաշվատներում ծառայող պատվելի անձինքներից, որք քանի քանի անգամ անձամբ անձին գնացած էին Լոնդոնից մինչեւ Կալկաթա, այսպես են այդ հավաստի լուրերը, որ առանց հաշվելու Կալկաթայում բնակության ծախքը, միմիայն ճանապարհական ծախք ամեն մի մարդու համար Լոնդոնից մինչեւ Կալկաթա եւ Կայկաթայից մինչեւ Լոնդոն հասանում է 350 ֆունտ ստերլինգի: Իսկ մեք հեռի ենք Հնդկաստանից առավել քան թե մի լոնդոնցի, ուրեմն մեզ անհնար է եւ 350 ֆնտով Կալկաթա հասանիլ, այնտեղ մնալ մի երկու ամիս եւ հետո դարձյալ նույն գումարով վերադառնալ:

Ովի աչքում որ մեծ բան է երեւում 3000 մանեթը Նախիջեւանի մեջ, եւ որ կտրիճ տղամարդը որ հանձն կառնու ընկերով հանդերձ, այդքան գումարով գնալ եւ գալ, նա այդ յուր ընթացքով հայտնի ցույց է տալիս, որ ոչ ոտքը դուրս է դրել Ռուսիայից, ոչ օտար աշխարհ ճանապարհ է կատարել եւ ոչ գիտե, թե ի՛նչ ասել է կամ ո՛ւր է Կալկաթա: Մենք հատուկ խնդրում ենք Ձեզանից, որ աշխատություն հանձն առնուք ցույց տալ այն պարոնին աշխարհագրական տախտակի վերա նորա գնալու տեղը կամ ճանապարհը:

Իսկ ինչ որ կվերաբերվի մեզ, մեք այսքան գիտենք, որ 55 աստիճան երկայնությունից պիտի հետ գնանք դեպ արեւմուտք մինչեւ 40 աստիճան երկայնության, միեւնույն ժամանակ հյուսիսային լայնության 47 աստիճանից պիտի ցած իջանենք դեպի հասարակածը մինչեւ տասն եւ հինգ աստիճան: Ահա այս կետից, որ կտրվում է երկայնության 40 աստիճան եւ հյուսիսային լայնության 15 աստիճան գիծերով, պիտի հառաջ խաղանք դեպի արեւելք մինչեւ 105 աստիճան երկայնության, դարձյալ ցած իջանելով դեպի այրեցած գոտին մինչեւ 6 աստիճան հյուսիսային լայնության, որի մոտ ընկնում է Ասիայի ամենահեռավոր Ցեյլոն կղզին, որից անցանելով պիտի գնանք դեպի վեր՝ հյուսիս, Գանգես գետի վերայով Կալկաթա:

Մեզ քաջ հայտնի է, որ վերոգրյալ ճանապարհորդության երկայնությունը մինչեւ Կալկաթա հասանում է 18, 000 վերստից մինչեւ 20 000 վերստ, ուրեմն գնալը եւ գալը 36, 000 վերստից մինչեւ 40 000 վերստ: Այս կատակ չէ. հավելացուր սորա վերա եւ այն դժոխային եղանակները կամ ծովային մրրիկները եւ վտանգները, որոնք շատ նավեր եւ շոգեշարժ պտուտակավոր նավեր կուլ են տվել եւ տալիս են անդադար, որպիսի վտանգներ պիտի աչքի տակ առնու ճանապարհորդը: Ուր թողունք զանազան պատահարները այդպիսի հեռավոր եւ վայրենի աշխարհներում Ասիայի մեջ եւ այն անակնկալ դեպքերը եւ ծախքերը, որ մինչեւ պատահելը չեն երեւում մարդու աչքի եւ եթե կանխատես չէիր, ապա նոքա կծառայեն քեզ հուսահատության եւ անտանելի նեղության առատ աղբյուրի տեղ։

Եթե այս բաները եւս անտես առնենք, չէ պիտո գեթ մոռանալ այն, որ գնացող պարոնները, որպես քաղաքի երեսփոխանք, պիտի երեւին թե Հնդկաստանի հայոց լուսավոր հասարակության եւ թե անգլիական մեծամեծների, պիտի գնան նոցա մոտ եւ նորանց պիտի ընդունեն յուրյանց մոտ եւ այսպես անդադար գործ ունենալով նոցա հետ, չեն կարող խոզի նման բնակվել Հնդկաստանում, առանց յուրյանց սեպհական պատիվը, կամ քաղաքի պատիվը, որի երեսփոխանքն էին, ոտքի տակ դնելու:

Մեք այս բաները գրում ենք որպես լոկ քաղաքացի եւ որպես լոկ ազգի օգտին ցանկացող, առանց այն պատճառի, թե հասարակության ընտրությունը ընկնելու էր մեր վերա: Եթե ձեր մեջ կան քաջ մարդիկ, որ առաջարկված պայմաններով (3000) կարող էին հանձն առնուլ, գնալ եւ գործ կատարել, ամենայն մաքրությամբ հոգու ցանկանում ենք այնպիսուն կատարյալ հաջողություն եւ ողջամբ վերադարձ, հանդերձ քաղաքի շահով:

Շատ եւ շատ ուրախ կլինեինք, եթե ազատ մնանք մեք այդ հանձնարարութենից, որի վերա գուցե թե պատահի զոհել եւ մեր կյանքը, որ կարծում ենք, թե չէ կատարել դեռեւս յուր խորհուրդը ազգին վերաբերությամբ, նույնպես համարձակվում ենք ասել, թե անօգուտ չէր նա ազգին:

Իսկ եթե քաղաքը, որի մեջ ծնած եմ, միաբան ցանկությամբ խնդրե մեզանից, ազգի անունով հանձն առնուլ այս ծանր պաշտոնը, այն ժամանակ չենք հրաժարվում եւ պատիվ կհամարինք մեր ծառայություն ցույց տալ ազգին, եթե միայն այդ պաշտոնը հիմնվի կարելի պայմանների վերա, որ կգտանեք նամակիս վերջումը:

§ 2. Գնացող երկու պարոնները, երեսփոխան կարգվելով եւ ստանալիքը դատաստաններով ձեռք բերելու իրավունք ստանալով քաղաքի կողմից, չեն կարող գուշակել այժմեն, նույնպես եւ քաղաքը չէ կարող գուշակել եւ սահմանել, թե ո՛րքան ժամանակ հարկավոր էր մնալ Հնդկաստան, ուր կարողանային բոլորովին ավարտել այդ գործը: Գուցե թե ոչինչ բան կորած չէ, այլ ամենայն բան յուր կարգով պահպանվում է, եւ գնացողները իսկույն պիտի ստանան կամ արծաթը կամ անշարժ կայքերը, իսկ թե բանը պիտի ընկնի դատաստանի, այն ժամանակ, ով գիտե, պատահի, որ տարիներով հարկ լինի մնալ, եւ մեք օրինակ ունինք Հ. Սարգիս Թեոդորյանին ինն տարի այնտեղ մեռելկոխ լինելը, մինչեւ կարողացավ Մուրադյան արծաթագլուխը կորզել եւ տանել ձգել Մխիթարյանց ձեռքը:

Դուք կամ քաղաքը, առաջարկելով գնացողներին երեսփոխանություն եւ դատաստան մտանելու կամ արծաթ կամ կայք ստանալու իրավունք, ոչինչ պայման չեք առաջարկում, որ եթե այն գնացողքը հարկադրվին այնտեղ երկար մնալ, ի՛նչ պիտի ստանան քաղաքից յուրյանց կառավարության համար Հնդկաստանում: Բացի սրանից, Դուք եւ քաղաքը դատաստանը աչքի տակ առած լինելով, չէ պիտո մոռանաք, որ գնացողքը գործ ունին անգլիական դատարանի հետ, որ բաց դատաստային լինելով (открытый суд) գործերը կարոտ են երկու կողմից փաստաբանների պաշտպանության:

Ավստրիայի կամ մի ուրիշ բռնակալ տերության դատաստան չէ, որ մի քանի թուղթ սեւցնելով կամ մի քանի աստիճանավոր կաշառելով, գործին հերիք հոգաբարձություն արած համարվիս, այնտեղ այդպիսի բան չկա. երկու կողմի փաստաբանքը դատավորների ներկայությամբ բերանացի կխոսին եւ կպաշտպանեն տրված թղթերի բովանդակությունը եւ իրավունքը: Այսպես լինելով բանը, պիտո է մտածել եւ վարելու դատի ծախքի վերա եւս:

§ 3. Ձեզ քաջ հայտնի պիտի լինի, որ Մասեհ Բաբաջանի թողած կայքը վաճառելի բան չէ, այլ միայն նորա եկամուտը պիտի ստացվի կտակի զորությամբ: Մեզ մինչեւ այժմ ոչինչ բան հայտնի չէ, թե ի՛նչ կա այնտեղ, բան մնացե՞լ է, ովի՞ ձեռքում կամ ո՞ւր եւ ի՞նչ են արել տարեկան եկամուտքը կամ մյուս կտակների զորությամբ ավանդված կայքերը: ։

Եթե այս բաները կորած չեն դեռեւս, որ եթե ոչ քաղցրությամբ, գոնե դատաստանով ձեռք բերելու հնար լինի, այն ժամանակ եւս քաղաքի իսկույն ստանալիքը պիտի լինի տարեկան եկամուտքը կամ մյուս կտակներով թողվածքը. իսկ եթե կտակակատարքը այն գումարներով եւս անշարժ կայքեր են գնած կտակի զորությամբ, գուցե թե քաղաքը առ ժամս բան չստանա ներկա առձեռն պատրաստ արծաթով կամ փոքր բան ստանա եւ մնացածը (ստանա) անշարժ կայքերով, որոնց տարեկան եկամուտը պիտի սեփականվեին քաղաքին:

Այժմ խնդիր է, գնացող պարոնները, որոնց առաջարկվում է հարյուրին տասն պրոցենտ, ո՛ր հարյուրից պիտի ստանան: Բոլոր կայքերի արժողության եւ առձեռն պատրաստ գումարի հարյուրներից ընդհանրապե՞ս թե միմիայն այն հարյուրներից, որ արծաթով պիտի հասուցանեին քաղաքին, եւ որը, ինչպես ասացինք, կարող էր շատ փոքր բան լինել կամ ամենեւին չլինել, եթե գործ դրվել էին անշարժ կայք գնելու կամ եղածների վերանորոգության մասին, ըստ որում շատ տարիք են անցած կտակի օրից:

Տեսանում եք ահա՛, որ մոտից քննելով, խնդիրը ճյուղավորվում է: Ես վաղուց նախատես էի այս բանին, եւ այս էր պատճառը, որ ասում էի, թե հառաջ հարկավոր է մարդ ուղարկել այն պայմանով, որ նա քննել, հարցանե, տեղեկանա, իմանա, թե ի՛նչ բան մնացել է այն օրից, ո՛ւր է, ովի՛ ձեռքում, ո՛րքան է բոլորի արժողությունը եւ ո՛ր ճանապարհով հեշտ է կամ ո՛րքա՞ն ժամանակի մեջ գլուխ գալու գործ է այդ բաների բացարձակապես տիրապետելը կամ առձեռն պատրաստ գումարը ստանալը եւ այլ այսպիսի բաներ, որ պիտի բացահայտ կացուցանեին խնդիրը եւ գնացողների, ե՛ւ քաղաքի առաջեւ:

Ներկայումս ոչ առաջարկողքը գիտեն բանի զորությունը եւ ո՛չ այդ առաջարկության ընդունելիքը. դորա հակառակ, եթե առաջուց վերահասություն գործվեր բանի զորության, այն ժամանակ եւ քաղաքը դժվարանալու չէր ծախք նշանակել թե այնտեղ մնալու եւ թե հարկավորության ժամանակ դատ վարելու համար, ըստ որում հաստատ իմացած կլիներ, թե ահա այսքան բան ունի ստանալու եւ այնքանին բացարձակապես տիրապետելու:

Ուրեմն այժմյան դրության մեջ գործերի, մեր կողմից այսպես կարող ենք վճռել այս խնդիրը:

Ես եւ պ. Հարություն Աջեմյանցը, որի հետ Ձեր նամակի հիման վերա խոսեցա, հոժար ենք երթալ Հնդկաստան, վերոհիշյալ ազգային գործի պատճառով, հետեւյալ պայմաններով:

§ 1. Մեր երկուքի գնալու եւ գալու ծախք կնշանակե. քաղաքը 800 ֆունտ ստերլինգ եւ մեր երթալու ժամանակ կտա մեզ այդ գումարը երկու (այսինքն 400-ական) փոխանակագրով, որ մի հավատարիմ հաշվատնի ձեռքով պիտի քաշվեր Լոնդոնի մի երեւելի սեղանավորի վերա:

§ 2. Մեք անմիջապես դուրս կգանք Նախիջեւանից եւ կերթանք դեպի Հնդկաստան. հասանելով այնտեղ, կսկսենք քրքրել եւ վերահասություն գործել այդ բաներին եւ եղած կամ գտանված կայքի եւ գույքի մասին լիակատար ծանոթություն կտանք քաղաքին, Լոնդոնի միջնորդությամբ, էլեկտրական հեռագրով:

§ 3. Մեր ստացած ճանապարհի ծախքի արծաթով, առանց վերստին այլ ծախք պահանջելու, կմնանք Հնդկաստան երկու ամիս:

§ 4. Եթե այդքան ժամանակում առանց դատաստանի չկարողանանք գործը ավարտել, եւ եթե հարկավոր լինի դատաստան մտանել, այն ժամանակ էլեկտրական հեռագրով կհայտնենք քաղաքին եւ Հնդկաստան ոտք կոխած օրերիցս երկու ամիս դուրս հանելով, մնացած յուրաքանչյուր ամիսների համար, որքան եւս հարկ լինի մնալ մինչեւ գործի կատարելապես ավարտը, մեզանից ամեն մինս կստանա քաղաքից ամիսը 20 ֆունտ ստերլինգ, որ երկուքս կարողանանք այնտեղ ամիսը 40 ֆունտ ստերլինգով ապրել:

§ 5. Երբ որ քաղաքին հայտնած էինք, թե այսքան կամ այնքան բան կա եւ թե հարկավոր է դատաստան մտանել, եւ երբ որ քաղաքը կհանձներ մեզ էլեկտրական հեռագրով դատաստան սկսանել, նույն օրին եվրոպական հաշվատան ձեռքով Լոնդոնի վերա փոխանակագիր կքաշե քաղաքը մեր նշանակած դատաստանական ծախքի համար, եւ այդ փոխանակագիրը մեզ կհասուցանե մեր ցույց տալու ճանապարհով:

§ 6. Դատաստանի, փաստաբանի եւ այլ ամենայն գործին վերաբերյալ բաների մասին, որ դուրս էին մեր անձնական ծախքերից, նշանակված արծաթի կամ նորանից արած ծախքի հաշիվը քաղաքին ցույց տալու հանձնառու ենք, մաքուր խղճմտանքով եւ ամենայն արդարությամբ:

§ 7. Եթե, ինչպես § 4 ասվեցավ, հարկավոր լինի ավելի քան թե երկու ամիս մնալ Հնդկաստան, այն ժամանակ մեր ստացած 800 ֆունտ ստերլինգի կեսից, որով պիտի հետ գայինք, կսկսենք երկուքս ամենայն ամիս ստանալ 20-ական ֆունտ, տասն ամuից ավելի մնալու հոգացողությունը կամ գործը ավարտելուց հետո ճանապարհի ծախքի տնօրինությունը յուր ժամանակին հայտնելով քաղաքին էլեկտրական հեռագրով:

§ 8. Քաղաքը, ընդունելով այս պայմանները եւ գործը հանձնելով մեզ, կհարկադրվի առանց արծաթ չթողուլ մեզ օտարության մեջ, եթե հարկ լինի մնալ այնտեղ եւ գործ կատարել: Այլ եւ կարեւոր եւ ժամանակի չհամբերող գրագրությունք կլինին էլեկտրական հեռագրով, գործի հաշվով, որովհետեւ Կալկաթայից Նախիջեւան նամակ հասուցանելը եւ դորա պատսախանը Կալկաթա ստանալը կարոտ է գոնե հինգ ամիս ժամանակի:

§ 9. Որքանի արժողության կայք հայտ բերվին մեր ձեռքով եւ սեփականվին քաղաքի օրինավոր ատենական վճռադատությամբ, եւ որքան առձեռն պատրաստ գումար դարձյալ մեր ձեռքով հասուցանվի քաղաքին, քաղաքը, այդ բոլորի, թե շարժականի եւ թե անշարժի արժողութենից կհատուցանե մեզ հարյուրից տասն պրոցենտ: Կայքերի գնահատությունը կլինի անգլիական դատաստանի օրինավոր վճռադատությամբ:

§ 10. Երբ որ բերած եւ հանձնած էինք կայքերի հաստատված վկայագիրքը, Նախիջեւանի անունով, նույն քաղաքի գլխին եւ հասարակության, նույնպես եւ առձեռն պատրաստ գումարը, եթե լինի, քաղաքը, յուր եւ մեր պայմանի զորությամբ, իսկույն կհատուցանե մեզ այդ բոլորից պատկանյալ պրոցենտը:

§ 11. Հայտ բերված կայքերի, թե կառավարության եւ թե յուրաքանչյուր տարի նոցա եկամուտը ստանալու վերաբերյալ հաստատ տեղեկությունք եւ ճանապարհներ, մեր պարտականությունն է քաղաքին հայտնել:

§ 12. Բացի երեսփոխանական թղթից, որ քաղաքը պիտի տա մեզ, այս մեր բոլոր պայմանները պիտի գրվին եւ հաստատվին օրինավոր դաշնագրով, քաղաքի հետ, այնպես որ ոչ քաղաքը եւ ոչ մեք մեր ասածներից չկարողանանք հետ կենալ եւ որպեսզի ամենայն պայմանք կատարվին արդարությամբ երկու կողմից եւս յուրյանց կարգով:

Ահավասիկ իմ եւ պ. Հ. Աջեմյանի պայմանները. եթե Դուք կամ քաղաքը հավանիք այս պայմաններին, ուրեմն կարող եք իսկույն հայտնել մեզ, որ մեր կողմից կարեւոր պատրաստությունք առնվին այդ ճանապարհորդության մասին, եւ գանք Նախիջեւան, թե դաշնագիրը հաստատելու, թե երեսփոխանական թուղթը ստանալու եւ թե ճանապարհի ծախքը ստանալու համար, որ այդտեղից ճանապարհ ելանենք դեպի Կալկաթա:

Այս պայմաններից դուրս ոչինչ պայման ընդունելի չէ մեզ, եւ թե պատվելի հասարակությունը չհավանի սորան, ուրեմն ցանկանում ենք ամենայն հաջողություն մի այլ մարդ ընտրելու:

Այս նամակս իրավունք ունիք եւ հասարակության ցույց տալու, եթե հարկ լինի, ըստ որում սորա բովանդակությունը ազգային է եւ գուցե այլ մարդ եւս ընտրելու ժամանակ օգտակար լինին այս գրվածքը:

Ողջ եղիք ամենայն հաջողությամբ,

մեծարողապես

Ձեր Մ. Նալբանդյանց

49. ՄԵԼՔՈՆ ՓԱՆԵԱՆԻՆ

1 Մայիսի, 1860, Ս. Պ. Բուրգ

ԱՐԳՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
Պ. ՄԵԼՔՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ,

Այս նամակովս խնդրում եմ Ձեզանից առաջին մեքենայով ուղարկել ինձ մի օրինակ Կ. Պոլիս տպված (1857) աշխարհաբար Աստվածաշունչ, որ կարի շատ հարկավոր է, ըստ որում «Հյուսիսափայլի» մեջ 1 եւ 2 տետրակներում, Աստվածաշունչի վերաբերյալ խոսքերի պատճառով գրում եմ մի հոդված, քննելով մեր Աստվածաշունչի թերությունքը: Այս թերությունքը մեր թարգմանիչների հանցանքը չէ, այլ հունական բնագրին, ըստ որում այդ բնագիրը 72 թարգմանչաց գործը չէ, այլ կցկտուր հավաքածո ասորական կամ այլ հունական թարգմանությունների, որ Որոգինեսը 3 դարում քարշքարշելով այս ու այն տեղից բան է շինել, եւ մերայինք թարգմանել են 5 տարում:

Ինչեւիցե, դուք կտեսանեք այս բաների ապացույցքը եւ նկատողությունքը յուր ժամանակին, այժմ կամեի տեսանել եւ այդ նոր աստվածաշունչը, մանավանդ որ դա եբրայականից է թարգմանված:

Աշխատություն հանձն առեք, աղաչում եմ, տալ մի օրինակ երկաթի ճանապարհը, կարելով կտավի մեջ եւ վերան զրելով անունս, իսկ այն թուղթը, որ կտա ձեզ երկաթուղու գրագրանոցը, կդնեք մի ծրարի մեջ եւ կուղարկեք ինձ, որ նորա զորությամբ գնամ այստեղի երկաթուղու իջեւանը եւ ստանամ գիրքը:

Այսպես է իմ հասցեն.

B С. П. буpгe, нa Васильевском острове,

в 1-ом квартале, в доме Меняева, в квартире под   46,

Mиx. Налбандянцу.

Ձեզ միշտ հարգելով

Մ. Նալբանդյանց

50. ՄԱՏԹԷՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃԵԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ, ՏԵԱՌՆ ՄԱՏԹԷՈՍԻ ՍՐԲԱԶՆԱՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ ԵՒ ԶԱՆԱԶԱՆ ՆՇԱՆԱՑ ԶԱՆԱԶԱՆ ԿԱՅՍԵՐՈՒԹԵԱՆՑ ԱՍՊԵՏԻ

յԵրեսիոխանէ պատգամաւորաց ընտրելոց

՚ի բովանդակ ազգէն Հայոց որ ՚ի Նոր Նախիջեւան

եւ ՚ի շրջակայ գիւղօրայս նորա ի մասին գործոյն

զեկեղեցական հաշուոց եւ դրամոց ՚ի Միքայէլէ Նալբանդեանց

Խոնարհադեմ յայտարարութիւն

Ի 13 նախընթաց ամսոյն օգոստոսի արգոյ պատգամաւորք հաստատեալք միակամ ընտրութեամբ ազգին յաղագս զննելոյ զհաշիւս եկեղեցական դրամոց անցելոց ի ձեռս աստիճանաւոր Խալիբեանցին, վաւերական թղթով իւրեանց կացուցին զնուաստութիւնս, երեսփոխան, առ ի ներկայանալ վեհաստիճան ծայրագոյն քահանայապետիդ ըստ զօրութեան շնորհաձիր կոնդակի Ձերոյ, տողելոյ առ նոսա ի 6-էն Հուլիսի այսր ամի համարաւ 370, եւ առ ի պաշտպանել զիրաւունս ազգին անտեսեալ ի Գաբրիէլ վարդապետէ Այվազովսքւոյ:

Յերեկն ժամանեալ ի սուրբ աթոռս, մեծի երջանկութեան իմում առգրեմ մատուցանել Ձեզ, ո՛ աստուածընտիր Հայրապետ, նախ [1], զորդիական գրութիւն վերասաց պատգամաւորացն, որով յայտնեն տէրութեանդ զկարգելոյ իմոյս նուաստութեան երեսփոխան եւ երկրորդ, զգործն վարեալ առ ի նոցանէ, յորում, մանաւանդ ի վճռի պատգամաւորացն, որպէս ՚ի հայելւոջ, կարճ ի կարճոյ երեւին ամենայն մանրամասնութիւնք գործոյն, որ զեկեղեցական դրամոց:

Որպէս լիակատար երեսփոխան պատգամաւորաց [2], ակն ունիմ, եթէ գործդ այդ անկցի ընդ մանրակրկիտ քննութեամբ կամ Ձերոյին վեհագունութեան, կամ որում հրամայեսցի առ ՚ի Ձէնջ:

Յիմոյս կողմանէ, որ ինչ քննչացն թուեսցի կարօտ բացայայտութեան, պատրաստ եմ պարզել եւ լուսափայլ կացուցանել, որպէս բերան կամ որպէս պատկեր պատգամաւորաց թէ բանիւ եւ թէ գրով եւ յամենայնի գործակից լինել առ ՚ի գիւտ իրաւանց ազգին մերոյ, որ ի Նախիջեւան:

Յանձն արարեալ զիս ի շնորհս աղօթից վեհափառութեան Ձերոյ, միայնոյ մխիթարութեան թշուառացեալ աղգիս,

մնամ աստուածարեալ տէրութեանդ

ամենախոնարհ ծառայ եւ որդի

Միքայէլ Նալբանդեանց

յ7 Սեպտեմբ.

1860 ամի

՚ի սուրբ աթոռս էջմիածին :

51. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՆ

Պաշտօնական

ՄԵԾԱՊԱՏԻԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
ԱՐԳՈՅ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ,

՚Ի վերայ հիման յայտարարութեան Ձերով, նորին վեհափառութիւնն սրբազնակատար կաթողիկոսն ամ[ենայն] Հայոց տէր Մատթէոս, հաճեցաւ այսօր հաստատել զթուղթ երեսփոխանութեան իմ եւ արգոյ Աջեմեանցի, զտուեալն յազգէն Հայոց բնակելոց ի քաղաքիդ, յաղագս գնալոյ ՚ի Կալկաթա, ի խնդիր ազգային հրիտանացն մակագրելով այսպէս. «Զայս թուղթ երեսփոխանութեան տուեալ ի բովանդակ ազգէն Հայոց, բնակելոց ի Նոր Նախիջեւան քաղաքի, երեսփոխան ընտրելոցն, պ. Միքայէլի Նալբանդեանց եւ պ. Յարութիւնի Աջեմեանց, վասն գնալոյ ի Հնդկաստան, ի խնդիր ազգային հրիտակացն, հաստատեմք եւ վաւերացուցանեմք իսկական ստորագրութեամբս մերով եւ դրութեամբ կաթողիկոսական կնքոյ. ի 10 հոկտեմբ[երի], 1860 ամի, ի սուրբ աթոռս Էջմիածին», ի բնագրին ստորագրելով այսպէս. «Մատթէոս կաթողիկոս ամենայն Հայոց»:

Ըստ այսմ եւ զպատճէն ազգային եզրակացութեան, արարելոյ ի 15 Յուլիսի այսր ամի, որով ազգն զանազան պայմանադրութեամբ, ընդ իս եւ ընդ արգոյ Աջեմեանցն, ընտրեալ էր իւր երեսփոխանութիւն, զորմէ ոմանք անբարեմիտք առ ազգն, թիւր մտօք գրեալ էին առ նորին վեհափառութիւնն, առաքելով զպատճէն գրութեան իւրեանց առ քաղաքական խորհրդարանն, զորմէ քաջ գիտէք, յայն միտս, զի նորին սրբազնակատար քահանայապետութիւնն մի՛ հաստատեսցէ զմեզ եւ այլն, եւ այլն, եւ այլն, նորին վեհափառութիւնն հաճեցաւ հաստատել զասացեալ եզրակացութիւն ազգին մակագրելով այսպէս. «Զայս եզրակացութիւն բովանդակ ազգին Հայոց, բնակելոց, ի Նոր Նախիջեւան, ի մասին Հնդկական հրիտակացն հաստատեմք եւ վաւերացուցանեմք իսկական ստորագրութեամբ մերով եւ գրութեամբ կաթողիկոսական կնքո. ի 10 հոկտեմբ. 1860 ամի, ի սուրբ աթոռս Էջմիածին», ի բնագրին ստորագրելով այսպես. «Մատթէոս կաթողիկոս ամենայն Հայոց»:

Յետ զայս ամ[ենայն] այսպէս հաստատելոյ եւ վաւերացուցանելոյ նորին վեհափառութիւնն ընդ փոյթ գրելոց է զառանձին զթուղթ առ պայծառափայլ փոխարքայն Կովկասու եւ ծանուցանելով զբովանդակութեանց եզրակացութեան ազգին ի քաղաքիդ եւ երեսփոխանական թղթոյ, խնդրելոց է ի նորին պայծառափայլութենէ, ընդ ձեռն որոց անկն իցէ, տալ զտեղեկութիւն տէրութեանն Անգլիոյ, որպես զի հաճեսցի տէրութիւնն այն ազդել գլխաւոր կառավարութեան իւրում ի Հնդկաստան, երեսփոխան ճանաչել զիս եւ զպ. Աջեմեանցն, ի մասին ասացեալ գործոյն եւ ձեռնտու լինիլ մեզ ՚ի խնդրել զազգային զհրիտակս:

Համաձայն եզրակացութեանն, զայսմ ամենայնէ իրազեկ արարեալ զՁեզ, խնդրեմ ի յարգութենէ Ձերմէ յայտնել պատուելի ազգի մերում ՚ի միամտութիւն, զի մի՛ նեղեսցին ՚ի մտատանջութենէ, անկելոյ յոմանս ի նոցանէ, ի ձեռն ոմանց խռովասիրաց ոչ անյայտ եղելոց ձեզ եւ այլոց բազմաց, այլ եւ զայս թէ յետ աւուրց իբր երկուց կամ երից ելանեմ [Էջմիածնէ ՚ի Թիֆլիս, ըստ գրութեան նորին վեհափառութեան ներկայանալ պայծառափայլ փոխարքային Կովկասու եւ առնուլ ի նմանէ որպէս զհաստատութիւն թղթոյս, նոյնպէս եւ զյանձնարարական զգիր յանուն դեսպանին Ռուսիոյ ի Կոստանդնուպօլիս, որպէս զի սա, յիւրմ է կողմանէ ծանուսցէ դեսպանին Անգլիոյ որ ի Կոստանդնուպօլիս ի պատկանաւորն տնօրէնութիւն:

Չիք տեղի տարակուսի, թէ նորին պայծառափայլութիւնն, տէր փոխարքայն Կովկասում, համաձայն միջնորդութեան նորին վեհափառութեան, հաճեսցի զգացուցանել զտէրութիւնն Անգլիոյ ընդ ձեռն նախարարին արտաքին գործոց Ռուսիոյ եւ ընդ ձեռն դեսպանին Անգլիոյ, որ ՚ի Սանկտպետերբուրգ:

Յետ զաւուրս քանիս մնալոյ ի Թիֆլիս, է, որ յաղագս ստանալով զպատշաճեալ թղթեանն ի տէր փոխարքայէն եւ է, որ սպասելով երեսփոխանակցին իմոյ, ելանեմ ի Փոթի, ուղղիչ շոգեշարժ նաւով ի Կոստանդնուպօլիս, ուստի յարգութեան Ձերում մնայ տնօրինել զարժանն վասն հասուցանելոյ առ իս, ընդ ձեռն փոխանակագրաց, զմնացորդն պայմանեալ ճանապարհական ծախուց ի պէտս գործադրութեան:

Խնդրելով աներկբայ լինիլ յանկեղծութեան իմոյ առ Ձեզ յարգանաց

Մնամ արգոյ հայրենակցիդ խ. ծ.

երեսփոխան Մ. Նալբանդեանց

Ի 10 Հոկտեմբ[երի]

1860 ամի

՚ի սուրբն Էջմիածին

  Նորին յարգութեան

պ. քաղաքական գլխոյ

Նոր Նախիջեւան քաղաքի

52. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Պաշտօնական

ԱՐԳՈՅ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՔ ԵՒ ԱՆԽԱՐԴԱԽ ԱԶԳԱՍԷՐՔ

Պ. Կարապես Մարգարեան, պ. Դանիէլ Թորոսեան,

պ. Սաղաթիէլ Դաւթեան, պ. Պետրոս Դանիէլեան,

պ. Յակոբ Մատթէոսեան, պ. Աստուածատուր Մովսիսեան,

պ. ՅակոբՍտեփանոսեան եւ պ. Էմմանուել Մինասյան

՚Ի վերայ հիման երեսփոխանական գրութեան Ձերոյ, տուելոյ ինձ յերեքտասաներորդէ ամսեանն օգոստոսի ներկայ ամի, որ համաձայն կոնդակի նորին վեհափառութեան առ Ձեզ ի 6-էն Յուլիսի համարաւ 370, քաղցի պարտականութիւն համարեցի ինձ յանդիման լինել նորին սըրբազնակատար քահանայապետութեան ի մասին գործոյն զեկեղեցական հաշուոց, տարականօն եղանակաւ խանգարելոյ խարդախութեամբ Այվազովսքի վարդապետին:

Ի 6 սեպտեմբերի մուտ գործեալ ի սուրբ աթոռն Էջմիածին, ՚ի վաղիւ անդր, այն է յ7 նոյն ամսոյ ուրոյն յայտարարութեամբ մատուցի զբովանդակ գործն վարեալ առ ի ձէնջ, յաղագս ի նորոյ արկանելոյ զայն ի ներքոյ մանրակրկիտ քննութեան եւ յարուցանելոյ զիրաւունս ազգի եւ եկեղեցւոյ, զոր անխղճօրէն մեռուցին արք մեղմեխք եւ անբարեմիտք:

Նորին վեհափառութիւնն, ժողով արարեալ սինօդական սրբազան հարց, հաճեցաւ կոչել եւ զիս, ուր ներկայ էր եւ պաշտօնակատարն պրօկուրօրի, պ. Թաղիանոսեանցն, եւ առարկեալ զխնդրոյն սկսաւ մանրամասն հանգամանօք վերահասու լինել զօրութեան բանին: Ի ներկայ եղեալ անդամոց երկոքին անդամք, որ գոն Ղուկաս եւ Մակար արքեպիսկոպոսունք, զգալի կերպիւ պաշտպանէին զվնասապարտն եկեղեցական օգտի զաստիճանաւոր Խալիբեանցն եւ զգործակից նորա զԱյվազովսքի վարդապետն, եւ այն թերեւս առ ի զանձինս պահելոյ յանպարտութեանց, քանզի ընկալեալ զխաբէական գրութիւն Այվազովսքւոյ առանց ամ[ենայն] հիման եւ ուշադիր լինելոյ որպիսութեան գործոյն համարեալ էին զայն աւարտեալ եւ մատուցեալ զրկողին զմեզ զամենեսին զշնորհակալութիւն Սինօդին, ոչ անգամ հայեցեալ ի ծանօթութիւնս նախկին թեմակալ առաջնորդի մերոյ, որք բողոքելով բողոքէին զապիրատութեանց Խալիբեանի, ծանրացելոց ի վերայ ազգին ի բազում ամաց հետէ:

Իբրեւ զօրաւոր բանիւք ընդդէմ զինեցայ վերոյգրեալ սրբազան հարց եւ բանաւոր փաստիւք ապացուցի զպարականոն լինել վերջաւորութեան գործոյն, յայնժամ երկոքին նոքա ի միասին ընդ պաշտօնակատարին պրոկուրօրի, ի մէջ բերին զթուղթն զոր 41 անձինք տուեալ են վարդապետին Այվազեան: Առ այդ հարկեցայ յայտնել ժողովականաց ի ներկայութեան վեհափառ կաթողիկոսին, թէ թուղթդ այդ ըստ ինքեան զրկեալ է յամ[ենայն] օրինաւորութեանց, հետեւաբար եւ ի յարգանաց ըստ հետեւեալ պատճառաց, նախ, զի 41 անձինքն չէին ընտրեալ յազգէն յաղագս ի միասին ընդ Այվազովսքւոյ վերջաւորելոյ զմեծագումար դրամոց գործն ըստ քմաց ի հաճոյս Խալիբեանի եւ առաքուր կոխելով զշահ եկեղեցւոյն, այլ Այվազովսքին առանց պաշտոնական ձեւոյ, առանց գիտութեան համօրէն ազգին ինքնին կոչեալ է առ ինքն զասացեալ անձինս եւ ինքնին գրեալ զգիրն մատուցեալ է առ ի ստորագրել ուր զառաջինն Խալիբեանք կամակար ստորագրեալ, զմնացեալսն գրեթէ բռնադատեալ են ի ստորագրել է որ ողոքելով եւ է սպառնացեալ: Երկրորդ, թէ բովանդակութիւն թղթոյն տայ մեզ զայս չափ եւ եթէ գիտել թէ ստորագրողը ՚ի նմա, ոչ եթէ տեսեալ են եւ քննեալ զհաշիւս Խալիբեանին կամ տեղեկացեալ իրաւանց կամ անիրաւութեանց գործելոց կամ ի Խալիբեանէ, կամ ի պատգամաւորացն, այլ թէ յօժար են նոքա, առանց դատաստանական վիճմանց վերջաւորել զգործն այսինքն երաշխաւորութեամբ Այվազովսքւոյ, ոչ միայն զպատկանեալ գումարն դրամոց ստանալ ի Խալիբեանէ, այլ աւելորդ եւս, որպէս յուսալ տայր Այվազովսքին, թէ եւ Այվազովսքին յառաքելն զպատճէն թղթոյս առ Սինօդն գրեալ է թէ գիտութեամբ հասարակութեան եւ համակամ ցանկութեան ազգին վերջացաւ գործն եւ թէ ինքն էառ զհաշիւ ի Խալիբեանէ ՚ի ներկայութեան ժողովականաց, մինչ ՚ի գիշերին յորում ձգիւր լարն, ոչ ումեք յայտնի եղեւ ինչ եւ ոչ զկնի ցայսօր ժամանակի:

Երրորդ, թէ պատգամաւորքն ի ստորագրելն զթուղթն գոգցես ՚ի ներքին զգացեալ ազդեցութենէ, եթէ խարդախութիւն ինչ կայ առ դուրս յաւելեալ են ի ստորագրին, թէ յօժարին ընդ հիմնաւոր հաշտութիւն, այն է, եթէ հաշտութեան հիմունք լիցին իրաւունք եւ արդարութիւն եւ ոչ կամապաշտութիւն այս կամ այն մտօքս բառդ «հիմնաւորս ՚ի ստորագրութիւնս պատգամաւորաց ի պատճէնին վաւերացելոյ յԱյվազովսքւոյ ոչ բնաւ երեւի, յայտ է թէ թիւր մտօք: Այսու պատճառաւ հարկ անձին համարեցայ բողոքել զայսմանէ եւ հրատարակել զթուղթն զայն նենգեալ:

Այն ինչ այսպիսեօք ոչինչ կարացին ստնանել իրաւանց, զոր բարձրացուցանէի, վեհափառ կաթողիկոսն հրամայեաց առաքել զմի ոք յանդիմոց Սինօդին ի Նախիջեւան առ ի քննել զգործն ի նորոյ, գործակից ինքեան ունելով զնախկին թեմակալ արհին մեր զսրբազան Մատթէոս արքեպիսկոպոսն, որում ասէր թէ պիտոյ է հրամայել գնալ ի Նախիջեւան, քանզի քաջագէտ է գործոյս այսորիկ, այսմ եզրակացութեան համաձայն էին գոգցես բոլոր անդամք, բացի Ղուկաս արքեպիսկոպոսէ, որ յայտնի յայտնի դժկամակէր ընդ վերանորոգութիւն գործոյն, ուստի եւ զամենայն զճիգն ճգնեցաւ, թողուլ յայնմ աւուր զգործն անկատար, պատճառելով, եթէ արժան իցէ ընթերցեալ զբովանդակ զգործն, վերստին գումարել ի ժողով: Յետ երկուց աւուրց սրբազան արքեպիսկոպոսն Մակար հրաւիրեալ զիս առ ինքն խնդրեաց թարգմանել զվճռադատութիւն ձեր, զոր տուեալ էիք ՚ի մաuինս այսմիկ, թեեւ թարգմանին Սինոդի էր պաշտօնդ այդ, այլ ես մանաւանդ ստիպեալ ի փութացուցանելոյ ըստ կարի զդանդաղութիւն ընթացիկ գործոյն, քան յարգելով զխնդիրն, յանձն առի զայն եւ զաւուրս երկուս անընդհատ աշխատ լեալ ամենայն հարազատութեամբ թարգմանեցի եւ զստուգութենէ թարգմանութեանս ձեռնագրեալ մատուցի սրբազան անդամոյն Սինօդի:

Յետ աւուրց ինչ վերստին գումարեցաւ ժողովն, կարեմք հաւաստեաւ ենթադրել, թէ յետ ընթեռնելոյ եւ ի միտ առնելոյ զամենայն, որ ինչ բովանդակիւր ի քաղուածին յայնմիկ:

Յերկրորդում այս ժողովի երկոքին անդամք պնդեցին եթէ նախ քան զկարգելն նորոյ քննութեան ընդ ձեռն առանձին քննչաց արժան իցէ պահանջել բացատրութիւնս յԱյվազովսքւոյ վասն ամենայն տարաձայնութեանց երեւելոց ի յայտարարութեան նորա եւ ՚ի քաղուածին այնմիկ, քանզի տեսանել տեսանէին, թէ ի բանիլ քննութեան մերկանալոց են խարդաւանութիւնք պաշտպանելոցն առ ի նոցանէ գործք քստմնելի սեղանակապտութեան: Թէ եւ վեհափառ կաթողիկոսն եւ սրբազան եպիսկոպոսն Եղիազար իրաւունս համարեալ զառաջին զայն որոշումն եւ զխնդիր իմ որպէս զխնդիր երեսփոխանի պատգամաւորաց ընտրելոց ՚ի բովանդակ ազգէն Հայոց, սակայն վճիռն մնաց անորոշ եւ արձակեցաւ ժողովն եւ ես կացի մնացի յԱթոռն ամսօրեայ իբր ժամանակաւ սպասելով որ եւ իցէ պաշտօնական տեղեկութեան ՚ի կողմանէ Սինոդին։

Ի վերջէ 18 ամսոյս հոկտեմ[բերի] Սինօդն հրովարտակ գրէ առ իս համարաւ [բաց], յորում երեւի գայթ ի գայթ եւ կցկտուր իմն վճռադատութիւն ոչ բնաւ արժանաւոր սինոդական իրաւանց եւ արտօնութեանց եւ պ. պրօկուրօրն հակառակ կարգին օրինաց համաձայնեալ է ընդ զայն մինչդեռ պարտական էր զգուշանալ զի մի առ ոտն կոխեսցի արդարութիւնն եւ օրէնքն տէրութեան: Զպատճէն հրովարտակին դնեմ ՚ի սմա տեղեկութիւն Ձեր, եթէ զո՛րպիսի անտեղի եւ զանխորհուրդ խնդիրս յարուցանեն, որք ակն յայտնի հային ի պաշտպանութիւն Այվազովսքւոյ, այնինչ Սինօդն հերիք համարելով զտարապայման անհամաձայնութիւն բովանդակութեան յայտարարութեան Այվազովսքւոյ ընդ քաղուածի գործոյն պարտական էր իսկ եւ իսկ բանալ զկանոնաւոր քննութիւն ապա հատանել զվախճանական զվճիռ ի սրբագումար ատենին:

Յառաջ քան զկոչել եմ երկրորդ ժողովն վերասաց, պատրաստեալ էի զթուղթ մի յանուն վեհափառ կաթողիկոսին, ութն պարբերութեամբ, զորոյ զպատճէն վաղ ուրեմն հասուցեալ եմ առ Ձեզ, եւ ի ժողովի անդ իբրեւ տեսի եթէ ոչ ուղիղ գնան յիրաւունս ոմանք անդամք, զորոց յանուանէ ի վեր անդր ասացի, տամ զայն թուղթ վեհափառ կաթողիկոսին եւ նա յանձնարարեալ անդամոյ Սինօդին Սարգիս վարդապետի տէր Գասպարեան, թուղթն այն ընթերցեալ եղեւ ի լուր բոլոր ժողովականաց, եւ ոչ ոք գտաւ ընդդէմ դարձող պարբերական բանից թղթոյն: Այլ յորժամ նորին վեհափառութիւն հաճեցաւ կոնդակաւ իւրով պատուիրել Սինօդին պահանջել յԱյվազովսքւոյ զգումարս դրամոց զորոց յիշեալ է իմ յբ., յգ., եւ ՚ի դ. պարբերութիւնս, Սինօդն զկոնդակն զայն լուեալ եւ յօրագրի արձանացուցեալ ի միասին ընդ այլ թղթոց եւ յայտարարութեանց իմոց եւ այլոց ՚ի մասին եկեղեցական հաշուոց, թողու զայն ՚ի վճռադատութեան ըստ ամենայնի անյուշ, քանզի վճիռն այն իսկ է, զոր ընթեռնումք ի ներկայ հրովարտակին, զկնի բառիս հրամայեցին:

Որովհետեւ օրէնքն տէրութեան ոչ բնաւ ներգործեն ՚ի Սինօդին, եւ լօգիկաբար չէ մարթ խօսիլ ընդ գլխաւոր անդամոցն, յորոց ի ձեռին գտանի եւ երասանակ Սինօդին, եւ որովհետեւ պ. պաշտօնակատարն պրօկուրօրի լռէ յամենայն դէպս ոչ ի գործ դնելով զիւրովսանն պարտականութիւն, յայն սակս հայեցեալ մանաւանդ ՚ի պաշտպանողական ոգի վերոյգրեալ երկուց անդամոց առ վնասապարտս ազգի եւ եկեղեցւոյ ոչինչ աւելի մարթացայ յայս նուագ կատարել:

Եթէ ոչ էր ազգին եդեալ յիմ վերայ զգործն Կալկաթեան հրիտակաց, այո՛, բողոքէի ապաքէն առ փոխարքայն եւ խնդրէի բանալ զքննութիւն ի վերայ պարականոն ներգործութեանց Սինօդին, այլ որովհետեւ չկարիմ առաւել մնալ աստանօր ՚ի պատճառս աշնանային եղանակաց եւ առ դուրս գալոյ ձմեռան, մինչդեռ կայ մնայ ինձ ընդ ցամաք, այն է ՚ի վերայ լերանց կատարել առաւել քան զ700 վերստ, որ է ճանապարհ աւուրց իբր տասնից կամ աւելի եւս:

Ուստի ազատ համարելով զիս յայսմ հետէ ՚ի յանձնարարութենէ աստի, զապագայ շարունակութիւն վերստին յարուցեալ գործոյն թողում ի խոհեմ եւ ի միակամ հոգաբարձութիւն Ձեր եւ համօրէն ազգիս, զի մի՛ դրամն եկեղեցական մատնեսցի ՚ի կորուստ, մինչդեռ ազգն մեր ի քանի տեղիս ի գիւղօրայս մեր չունի զեկեղեցիս, եւ մինչ զմնացուածն ի դրամոց պարտ է մեզ ի գործ դնել վասն բանալոյ այդրէն զդպրոց ինչ ազգային բազմօք գերազանց, քան զայլոցն, յորս բռնաբարի ազգային ոգին յօտարութիւն:

Զգործն եկեղեցական դրամոց վարեալ առ ի Ձէնջ առաքեցից ի Թիֆլիզոյ առաջին սուրհանդակաւ յանուն արգոյ պարոնի Հայրապետեանց:

Աղաչելով զՁեզ աներկբայ լինել ՚ի մշտական յարգութեան իմ առ Ձեզ ցանկամ մնալ նովին

ազգասէր պարոնացդ

միշտ պատրաստական խոնարհ ծառայ

Մ. Նալբանդեանց

՚Ի 10 հոկտեմբ.

1860 թիւ Էջմիածին

53. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՆ

Պաշտօնական

Ի 28 հոկտեմբ. 1860 ամի, Թիֆլիս

ՄԵԾԱՊԱՏԻԻ ՊԱՐՈՆ,
ԱՐԳՈՅ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ,

Ընդ այսմ առաքեմ ի տեղեկութիւն Ձեր եւ համօրէն ազգին մերոյ բնակելոյ ի քաղաքիդ զհաւատարիմ պատճէն գրութեան նորին վեհափառութեան տեառն Մատթէոսի աստուածարեալ կաթողիկոսի ամենայն Հայոց ի 14-էն այսր Հոկտեմբ. համարաւ 504, առ նորին պայծառափայլութիւնն գլխաւոր հրամանատարն կովկասեան բանակի եւ փոխարքայն Կովկասու առ տէր գեներալ-ֆեյլդմարշալ, իշխան Ալեքսանդր Իվանովիչ Բարեատինսկին, ի մասին հնդկական հրիտակացն:

Շնորհս գտեալ մատուցանել զթուղթ վեհափառ հայրապետին ամենայն Հայոց, որպէս նա եւ զբնագիրն երեսփոխանական թղթոյ, նորին պայծառափայլութեան, պարտականութիւն ինձ համար իմ յայտ առնել Ձեզ, թէ նորին պայծառափայլութիւնն հրամայեաց տալ ինձ զվաւերական թարգմանութիւն երեսփոխանական թղթոյն, ստորագրեալ, ժապաւինեալ եւ կնքեալ ստորագրութեամբ եւ կնքով դիպլոմատիկական դիւանատան իւրոյ, այլեւ գրեալ առ մինիստրն արտաքին գործոց ի Ս. Պետերբուրգ, որպէս զի նա ընդ ձեռն Մինիստրին արտաքին գործոց Անգլիոյ իրազեկ արարեալ զպետութիւնն Անգլիոյ խնդրեսցէ հրամանագրել զայսմանէ կուսակալին Անգլիոյ ՚ի Հնդկաստան:

Աւուրց, յետ իբր երկուց կամ երից ստանամ ես զբնագիր եւ զթարգմանութիւն երեսփոխանական թղթոյն եւ գիր տեառն փոխարքային առ մինիստրն արտաքին գործոց ուղղի ի Ս. Պ. Բուրգ:

Յետ աւարտելոյ գործողութեանցս, փութանակի մեկնեցայց ի Թիֆլիսոյ ժամանել ց8 նոյեմբերի ի Փօթի, յորում աւուր շոգենաւն նաւելոց է ի Տրապիզոն:

Ոչ զանց արարից հասուցանել առ Ձեզ զվաւերական պատճէն գրութեան տեառն փոխարքային, առ մինիստրն արտաքին գործոց, ի տեղեկութիւն Ձեր:

Ընկալարուք, աղաչեմ, զանկեղծ հաւաստիս իմոյ առ Ձեզ կատարեալ յարգութեան եւ մտերմութեան, որովք ցանկամ մնալ արգոյ հայրենակցիդ`

խ. ծ. Միքայել Նալբանդեանց

երեսփոխան Նախիջեւանայ, ի մասին Հնդկական հրիտակաց

 

Նորին յարգութեան

պ. քաղաքական գլխոյ

Նոր Նախիջեւան քաղաքի

54. ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՎԱՃԵԱՆԻՆ

30 դեկտ. 1860, 11 հունվ. 1861 Նեապոլիս

ԱՐԳՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Պ. Հ. ՍՎԱՃՅԱՆ

Մրրիկը չթողեց ինձ ուղղակի նավել դեպի Մարսեյլ՝ հարկադրվեցա ոտք կոխել Սիկիլիա կղզին: Երբ մեր շոգենավը մոտեցավ ծովեզրին, Մեսսինայի նավահանգստում կանգնած էր մի ահագին բազմություն աշխույժ երիտասարդների, որոնց կարմիր շապիկը վկայում էր, թե պատկանում են իտալական Հերոսին՝ Գառիբայլդիու բանակին: Այդ վառվռուն երիտասարդների դեմքի վերա գծագրված էր ուրախություն եւ խղճի հանգստություն. նոցա ճակատը փայլում էր արժանավոր պարծանքով:

Կեցցե՜ Իտալիա, կեցցե՜ Գառիբայլդի, անլուռ աղաղակում է հասարակ ժողովուրդը. կեցցե՜ Իտալիա, կեցցե՜ Վիկտոր Էմմանուել, գոչում են քաղաքացիք, այսինքն միջնակարգ ժողովուրդը: Այս ուրախական բացականչությունքը, թեպետեւ հառաջանում են տարբեր սկզբունքներ րից, վերաբերությամբ դեպ ի Գառիբայլդի եւ դեպ ի Վիկտոր Էմմանուելը, բայց «Իտալիան» ամոքում է այս խոշոր տարբերությունը եւ այս պատճառով եւս հիշյալ երկու կացությունքը գործ տեսան եւ ամոթահար հաղթահարեցին ազնվական կացությունը, որ հերիքանալով անձնական դյուրությամբ, նեապոլիտանյան նեղսիրտ ապսոլյուտիզմի ժամանակ, եթե չկարողացավ դեմ դնել ազգի միջից դուրս արձակված դիմագրավ զորության, գեթ մեծ տհաճությամբ լսեց եւ լսում է անլռելի «կեցցեները»:

Ահա մի նոր խրատ մարդկության, մի սոսկալի ապացույց այն բանին, թե բռնակալության արվեստի դժոխային մեքենան հանգչում է անձնասեր եւ եսասեր ազնվականների ուսերի վերա: Այսուհետեւ ամեն մի բանական մարդու պարտքն է միօրինակ գարշիլ եւ զզվել, որպես բռնակալության ուժի պատկերացույցից, նույնպես եւ նորա շրջանակից եւ պարագաներից:

Մարդերի իրավունքը եւ ազատությունը հավասար է. եւ եթե մինը ավելի ազատություն եւ ավելի իրավունք ճարեց յուր համար, քան թե նորա ընկերքը ունեին, ասել է թե ուրիշի սեփականությունը գողացավ եւ հափշտակեց: Մինի առավելությունը պիտի հիմնվի մյուսների աղքատության վերա. ազնվական կացությունը այսօր անարգություն է մարդկության անունին: Ազնվականը բռնաբարելով հասարակ ժողովրդի աստվածատուր ազատությունը եւ իրավունքը, խլում է նորան սեղանապիղծ ձեռքով, եւ ուրիշները աղքատացնելով, հարստանում է եւ տիրապետում է ազգի բնականության վերա: Այս բարոյական ավազակներին մա՛հ բարոյական:

Քանի որ մի ազգ, խեղճ վիճակի մեջ տառապելով, պատմական մահին հետ մարտ դնե եւ քանի որ չէ հաղթել ու չէ դուրս եկել ներկայից, ապագայի մեծ ճանապարհը ընկնելու՝ նորան հեշտ չէ հասկանալ եւ արժանապես գնահատել յուր մեջ հայտնված երեւույթքը. իսկ երբ բավական ճանապարհ կատարելով դեպի ապագան, կամենա ետ նայել յուր անցածի վերա, յուր կատարած ճանապարհի որպիսության վերա, այն ժամանակ կտեսանել ամենայն բան եւ կարող կլինի գիտակցաբար հասկանալ թե ո՛վ էր յուր բարեկամը եւ ո՛վ էր թշնամին:

Մեսսինայի դղյակը դեռեւս կրում է յուր պարսպի վերա նեապոլիտանյան խայտառակ դրոշակը. 4500 զինվոր, հավատարիմ մնացած Ֆրանսիսկոս Երկրորդին, փակված են այնտեղ եւ նոցա առաջնորդում է մայոռ Ֆեռգուլան:

Մեսսինայի քաղաքական կառավարությունը, որի ծերակույտի վերա ծածանում է Վիկտոր Էմմանուելի դրոշակը, երբ քանի մի անգամ առաջարկել է պ. Ֆեռգուլային անձնատուր լինել, նա մերժելով այս առաջարկությունը, սպառնացել է ռմբակոծել քաղաքը, եթե ստիպեն զիջանիլ դեպի այդ պատերազմական անարգությունը:

Տեսե՛ք, թե մինչեւ ո՛ր աստիճան կատաղության հասանում է եսականությունը եւ անձնական շահի քամակից գնալը, որ հայրենիքի փրկությունը, ազատությունը, միությունը եւ ապագա երջանկությունը համարում է պատերազմական անարգություն: Նորա փույթը չէ, որ արյունաթաթավ Իտալիան ավելի քան կես դար լլկվեցավ եգիպտական չարչարանքի մեջ՝ ազնվականը ցույց է տալիս գործով, որ թե հնար ունենար, ապա ուրեմն անշուշտ խեղդելու էր Իտալիայի նորաբողբոջ ազատությունը դեռեւս խանձարուրքի մեջ:

Իտալիայի ազատության պատմության մեջ պ. Ֆեռգուլայի եւ նորա նմանների անունները պիտի նույն տեղը գտանին, ինչ որ մեր պատմության մեջ Վասակը, Մերուժանը, Կիրակոս քահանան եւ Վեստ Սարգիսը:

Երկու զինվորյալ նավեր, մինը ֆրանսիական, իսկ մյուսը անգլիական, կանգնած են Մեսսինայի ծովածոցի մեջ, որպես պահապան մանուկ ազատության:

Որչափ կարողացա հարց ու փորձ առնել, որ դղյակի մեջ փակված զորքի վիճակը շատ ողբալի է եւ բարոյապես եւ նյութապես: Տառապում են սովից եւ գանակոծ լինելուց: Պ. Ֆեռգուլան դրամ է խնդրել քաղաքական կառավարութենից զորքի անունով. քաղաքը պատասխանել է, թե Մեսսինան կամ Իտալիան զորք չունին այնտեղ՝ եթե՛ ունի մի Բուրբոն, թող ուրեմն պ. Ֆեռգուլան դիմե դեպի նա: Այսչափ նեղության դիմանում է այս անպարծանք պարոնը, ասելով, թե չէ պիտո զենքը ցած դնե, մինչեւ որ Ֆրանսիսկոս Երկրորդը անձնատուր չլինի:

Այդ պայմանաժամը եւս հեռի չէ. այսօր չորրորդ օրն է, որ ռմբակոծում են Գայեթան՝ Սպանիան եւ Հռոմը երկու շոգենավ ունին պատրաստ Գայեթայի մոտակայքում թշվառ թագավորի, թշվառ եւ ոչ ոքին պիտանացու կյանքը փրկելու համար:

Մեսսինա մտած երեկոյիս (դեկտեմբ. 26 հին ոճով) գնացի տեսանել թատրոնը եւ երբ ընդհատության միջոցին դուրս եկա ղահվետունը թաբակ ծխելու, այն բավական ընդարձակ դահլիճի մեջ, ուր գտանվում էր ավելի քան թե երկու հարյուր հոգի, կար մի մեծ աղմուկ եւ շփոթ: Մտածեցի մոտենալ բազմության եւ հասկանալ պատճառը, բայց հազիվ թե կարողացել էի ոտքս շարժել տեղից եւ ահա բազմության գլխի վերա շողացին երկու սուր: Շրջակա բազմությունը՝ հեռացնելով միմյանցից այդ ջերմացած գլուխները, հնար տվեց մեզ հասկանալու թե սուր մերկացնողքը երկու uպայք էին, մինը Վ[իկտոր] Էմմանուելյան, իսկ մյուսը բուրբոնյան, որ դղյակից թատրոն էր եկել եւ ղահվետնում հանդիպելով անպատվության՝ կամեցել էր արյունով լվանալ յուր անարգությունը:

Թե ուր տարին նորան եւ ինչ եղավ վերջը, չիմացա, ըստ որում թատրոնական գործողությունքը սկսված լինելով, մտա թատրոն եւ մյուս օր ուղեւորվեցա դեպի Նեապոլիս:

Նեապոլսի մեջ համարյա թե նույն չափով կան այն երեք միմյանցից տարբեր հասկացողությունքը, որքան Մեսսինայի մեջ. եւ երեւում է, որ այս ընդհանուր է ամբողջ Իտալիային, հասարակ ժողովուրդը Գառիբալդյան, միջնակարգը՝ Վ. Էմմանուելյան, իսկ ազնվականք՝ թշվառ ետընթացք:

Քաղաքի մեջ փառավոր հրապարակների վերա հոյակապ ճարտարությամբ քանդակագործված արձանքը, որ երբեմն դրված էին բուրբոնների փառքի համար, այժմ ջարդ ու փշուր խորտակված թավալվում են փոշու մեջ: Երեւում է, որ սորանից իբր երկու հարյուր տարի առաջ, Արգոսյան դուքսի ընդդեմ ապստամբության ժամանակակից անցքերը, թեթեւ կերպով կրկնվել են դարձյալ Նեապոլի մեջ. Ֆրանսիսկոս Երկրորդի անվանագիրը, որ դրված էր՝ որեւիցե հրապարակական կամ տերութենական շինվածքների ճակատում, այդ բոլորը, առանց ամենայն բացառության, խորտակված են այժմուս եւ նոցա փոխանակ դրվում է Վ. Էմմանուելի անվանագիրը: Ամենայն տեղ, սկսած տերութենական շինվածքներից մինչեւ գինետունքը, մինչեւ վարսավիրանների խանութները, ծածանում է Սարդինյան դրոշակը, եւ ազգի բերանը ուրախությամբ արտաբերում է յուր ազատիչների անունները:

Այս հեղափոխությունների ժամանակ հոգեւորականությունը շատ կերպով կամեցած է պաշտպանել հին դրությունը, տեսանելով, որ հառաջընթացքը պիտի ոտք կոխեն մինչեւ Վատիկանի դուռը: Բայց Գառիբայլդին մի կողմից սպառնալով գնդակոծել եկեղեցիքը, իսկ մյուս կողմից առաջընթացքը ահացուցանելով իտալական եկեղեցու վերանորոգությամբ, որ այսուհետեւ պիտի դուրս գար պապի իրավասության տակից, հոգեւորականությունը զիջել է այս հեղափոխության: Հիսուսյանք (ճիզվիթները) հրաման են ստացել հեռանալ իսկույն Նեապոլսից, որոց մի մասը լերդապատառ դեպի Հռովմ, իսկ մյուս մասը հրաժարելով եկեղեցական պաշտոն վարելուց, կան դեռեւս յուրյանց տներում: Նոցա եկեղեցին խլված է եւ գտանվում է այլ կրոնավորների ձեռքում:

Նեապոլսի ծովածոցում կանգնած են նույնպես զինվորյալ ֆրանսիական եւ անգլիական նավեր:

Այսօր պատրաստվում է Նեապոլիս ընդունել Կարինյանո իշխանը, որ Վ. Էմմանուելից կարգված է ընդհանրական տեսուչ Նեապոլսի. ազգային թիկնապահ գունդը հավաքում է, որ ընդառաջ ելանել յուր նոր գալու իշխանին: Բոլոր այդ գնդի հրացանների խողովակի ծայրը խրված են վարդի փնջեր, հիանալի եւ սրտաշարժ տեսարան:

Էգուց կուղղեմ ընթացքս դեպի հավիտենական քաղաքը: Այս Հռովմը փորձանք դարձավ մարդկության գլխին: Ստրկության եւ բռնակալության փոխադարձ սկզբունքների վերա հաստատված կառավարությունքը իսկույն կերպարանափոխ եղան քրիստոնեական կրոնի ազդեցութենից՝ դորա հակառակ, Հռովմը ստրկությամբ եւ բռնակալությամբ հիմնված մինչեւ այսօր հաստատ կացավ յուր սկզբունքին, եւ քրիստոնեությունը ազդեցություն չգործեց նորա վերա:

Բայց Իտալիայի ներկա վիճակը, խելքերի ընդհանուր խմորումը վկայում են, թե շուտով կհնչե եւ Հռովմի ճակատագրական զանգակը՝ դեպի Հռո՞վմ: Գուցե թե «ոտքերս թեթեւ լինի»:

Նեապոլիտանիայի կառավարության հեղափոխությունը արձակեց եւ մամուլի շղթան՝ մամուլը, մարդկային ազատ բանականության սուրհանդակը, արձակված է կապանքից: Աղեքսանդր Տյումա (հայրը) գտանվում է այստեղ եւ հրատարակում է մի օրագիր «Անկախություն» անունով: Այդ օրագիրը սորանից երեք օր առաջ ասում էր, թե շուտով պիտի ազատվին ե՛ւ Հռովմը, ե՛ւ Լոմբարդիան, ե՛ւ Հունգարիան, ե՛ւ Լեհաստանը:

Այստեղ կան շատ լեհացիք եւ դեռեւս օրեօր հավելանում են՝ լսվում է մի խուլ ձայն, որպես թե նոքա կամին կազմել այստեղ մի զինվորյալ լեհական լեգեոն եւ պատրաստ եւ կազմ սպասել մի կրակոտ նշանի...

Ահա այսքան լուր միայն Իտալիո մասին կարող եմ գրել առայժմ: Չեմ նախանձում Իտալիայի ազատության, դորա հակառակ առ ի սրտե ուրախ եմ, սակայն տեսանելով նորա ազատությունը եւ իմ ազգի տկարությունը, կարծում է սիրտս եւ այրում է հոգիս:

Եվրոպայի դեպքերը ի՞նչ վերաբերություն ունին մեզ, կասեն ինձ մի տեսակ դժոխադեմ մարդիկ, եւ իրավունք ունին, որովհետեւ ինքյանք օր ու գիշեր պարապած են յուրյանց թշվառ աբեղաների գործերով, կրոնական վեճերով եւ միություն խափանելով:

Այո՛, վերաբերություն չունին, կրկնում եմ ես, ինչու որ դուք արժանի չեք վերաբերություն ունենալու եվրոպական ազգերի հետ, անցանել այն փրկության կամուրջը, որից անցանում են ուրիշ ազգեր:

Էտնան եւ Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն:

Մնաս բարյավ, ողջունիր իմ կողմից, որոնց կուրծքի մեջ զարկում է ստուգապես հայկական սիրտ. կեղեւով հայ չմարդերից «հրաժարելով հրաժարիմ»:

Հարգությամբ

Մ. Նալբանդյան



[1]     նախ, [զնամակ]

[2]     պատգամավորաց, [համարձակեմ]