Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

29. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ
ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,

Մարտի 29-ին գրած գիրդ ստացա, անչափ շնորհակալ եմ, որ այդպես ստեպ գրագրություն կանես: Ես քեզ ապրիլի 8-ին մի ստրախավոյ նամակ գրել եմ եւ Ֆեոդոր Միխայլիչից 200 մանեթ առածս հայտնել եմ, հուսամ, որ մինչեւ այս նամակիս ստանալը այն եւս ստացած լինիս, եւ հույս ունիմ, որ բարկացած չես: Ֆեոդոր Միխայլիչն, ինչպես հայտնել եմ, գինիներն ծախել է, բայց մարդը տահա վերուցած չէ ապրանքը եւ փողը տված չէ:

Սրբազանի բաները նույն դրության մեջ են՝ գրագրություն շատ, բայց դեռ բանի էսենցիալն չկա, այս քանի օրս ամեն բանը վախճան կստանա եւ կկարգադրվի, ես իսկույն կհայտնեմ քեզ:

Միխայիլ Մանուիլիչից կստանաս պռասլետը եւ զապոնկաները, իսկ գիրքերը փոշտով կստանաս:

Ես դեռ կատարյալ առողջ չեմ, եւ այս օրերս շատ ցուրտեր կա տեղը:

Խնդրեմ գիրդ անպակաս արա՛ եւ մի մոռանար ինձ՝ քո հարազատ բարեկամդ:

Ստրախավոյ գիրիս մեջը հայտնիլ իմ Օդդենի փասիլկան չառածը, սպասում եմ գրիդ, որ այն կերպով ընթանամ նորա հետ:

Ուրիշ բան չունիմ առայժմս գրելու, պատճառ, ինչ որ ունեի ասելու՝ ստրախավոյ գիրով գրիլիմ ամսույս 8-ին:

Սրբազանն ողջ է եւ առողջ, եւ քո ասած բաներդ բոլորը ասիլ իմ, եւ նա համաձայն է, միայն փոքր համբերե, որ այս բաները կարգ ընկնին:

Լեբեդեւան ավարտեց ուսումը, բայց բնակվում է դարձյալ շկոլայի մեջ մի տարի եւս այդպես պիտի լինի, տարեկան վարձ ստանում է 180 մանեթ։

Բոգդանովան գնաց զագրանից. Բոզիոն գնաց։ Լոդդի տիլա Սանտան եւս գնաց:

Այժմ այստեղ ոչինչ նորություն չկա, ողջ եղիր. սպասում եմ ստրախավոյ գիրիս պատասխանին:

Ձեր հարազատ բարեկամ

եղբայր Մ. Նալբանդյանց

12 ապրիլի

1857 Մոսկվա

30. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ
ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,

Գրած նամակներդ ստացել եմ, նույնպես եւ Ֆեոդր Միխ[այլովիչի] հարյուր մանեթ գումարը, Նազարյանցի ձեռքով ստրախ[ավոյ] գիրդ եւս առի, անչափ շնորհակալ եմ, որ այդպես մեծահոգությամբ հայտնում ես քո ազգասիրությունը: Աղաչում եմ ինձ ներել, որ մինչեւ այժմ չէի կարողացել քո մի քանի հանձնարարությունքը կատարել, պատճառը անթիվ զբաղմունքներս էր, որ գիտե աստված՝ տիվ եւ գիշեր սրբազանի մոտ, հետո «Ժիտի» տպագրությունը. ամեն թերթ պիտո է երեք անգամ սրբագրել:

Եղբայր, ես գիտեի քո մեծահոգությունը, վասն որոյ եւ այնպես արել էի. եւ շատ եւ անչափ շնորհակալ եմ եւ քաջալերվում եմ, որ իմ ազգի համար աշխատությունս կորած չէ. գոնե կա մի մարդ, որ ճանաչում է եւ ինձ օգնական է լինում: Ես հույս ունեմ, որ մեր բարեկամությունը պիտի մինչեւ գերեզման գնա, եւ ես իմ այս գրչովը պետք է արձան հավիտենական հիշատակի կանգնեմ քո համար մեր ազգի մեջ: Հույս ունիմ, որ քո ազգասիրական հոգաբարձությունքը չի թողու ինձ երբեք անօգնական եւ հուսահատության մեջ:

Սիրական եղբայր, նախարարն հրաման է գրել Ստրոգան[ովին] վասն եկեղեցական գումարաց, բայց մեզ ծանոթություն չէ տվել, ես մասնավոր կերպով իմացա սրբազանի բոլոր բաների համար, այս օրերս, ինչպես խոստանում է նախարարությունը, պիտի կարգադրություն լինի, եւ այս է պատճառն, որ սրբազանը սուս է, սպասում է, որ ստանա յուր վճռական իրավունքները եւ ապա գործ կատարել այնպես, որ ոչինչ անհամությունք չպատահին:

Սիրական եղբայր, փոքր ինչ երկայնամիտ եղեք, մի՛ կարծեք, թե մեք քնած էինք. գիշեր ցերեկ աշխատում ենք ամեն բանի մասին: Օդդենը չկամի ամենեւին առնուլ եւ նորան մեծ օյինի բերել են, մի մարդ 8000 մանեթը երես քաշել է. ես ձմեռվանե գիտեի այնպես լինելուն:

Լեպետեւային տարին Պետեր. պատճառը բերանով կասիմ մի օր:

Ամառը խոստացել էիր գալու, ինչպե՞ս եղավ: Բռասլետի եւ զապոնկաների ստացածդ մինչեւ այժմ չի հայտնեցիր: Ինձ ապսպրած բաներդ Բերբերովի ձեռքով անպատճառ կստանաս. նա այս օրերս ճանապարհ կելլե։

Սրբազան Հայրն, Նազարյանցն եւ քահանայք ողջ եւ առողջ են եւ ողջունում են քեզ:

Պետք է տեսնես թե «Ժիտը» ի՛նչ փառավոր տպվում է, փիր փերվենտե եւ լավ հասկանալի լեզվավ. կաթոլիկների մեջքը կոտրելու է այդ: Առայժմ ներե եղբայր, որ երկար չեմ գրում, թեեւ հարկավորություն եւս չկար գրելու, այսինքն այնպես արժանավոր բան չունեի, բայց մյուս փոշտին կգրեմ դարձյալ, ողջ եղիր:

Քո անփոփոխ բարեկամը

Մ. Նալբանդյանց

29 մայիսի

1857 Մոսկվայի մեջն

31. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ

ՊԱՏՎԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ
ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,

Սիրո ողջունով հայտնում եմ, որ մեր օրագրի թույլտվությունը դուրս եկած լինելով, հրատարակում ենք այժմ հայտարարությունքը: Ահա ուղարկում եմ քեզ մի օրինակ, որ կարդաս, հոգիդ փառավորվի ու ցնծաց. ես քո այս բանի վերա ուրախանալուդ անցյալ եկածիդ «Ռուսսկի Վեստնիկ» գրվածեդ գիտեի:

Հետեւյալ փոշտերով կուղարկեմ մի քանի օրինակ եւս, որ ցրվես քո ծանոթներին եւ քո բնական ազգասիրութենովը հորդոր լինիս, որ սորա մասնակից եղողների թիվը շատանա, որպեսզի այս գործը գլուխ գալով, վենետիկեցոց աղբաթը խառնվի. այլեւ, որովհետեւ օրագրի տարեվերջումը պետք է հրատարակենք ո՞ր քաղաքից որքա՞ն մարդ ստորագրվածը, այնտեղ եւս մեր Նախիջեւանի անունը թող առաջինը լինի յուր ազգասիրութենովը եւ լուսավորություն սիրելովը քան թե այլ քաղաքներ:

Սիրական եղբայր, գիտես մեր գիշեր ցերեկ աշխատությունը եւ ջանքը, ուրեմն դուք եւս ձեր կողմից բան չհասկացողներին բան հասկացուցեք եւ դորանով այս ազգապարծանք գործին պատճառ եղեք հառաջ գնալուն:

Հերի՛ք է, սրբենք մեր վերայից այն ամոթը, թե լուսավորությունը մեր ազգի մեջ պիտո է փտած պապական աբեղաների ձեռքով մտանե: Նոցա լույսը խավարից շատ վատ է, վասն որո թող յուրյանց պահեն: Հայոց ազգի մեջ կան այժմ մարդիկ, որ կարող էին հազար անգամ լավ գրել, լուսավոր, ճշմարիտ եւ մաքուր, քան թե մի վենետկեցի աբեղա:

«Թափառական Հրեան» տպվում է անդադար, որի մասին կարող ես իմանալ Բերբերյանից թե ինչպես խնամատար էի նորա մաքուր, գեղեցիկ եւ անսխալ տպագրությանը:

Եղբայր, ես խոսք չունիմ, որով կարողանայի կատարելապես հայտնել քեզ իմ սրտի շնորհակալությունը, պատճառ, եթե այդ գիրքը պետք է երեւի հայոց ազգի մեջ եւ պիտի մի օրինավոր ընթերցանության գիրք դառնա՝ միեւնույն ժամանակ պապականների աղբաթը խառնող, դորա պատճառը դու էիր:

Հույս ունիմ, որ իմ այս խոսքերս կընդունես որպես անկեղծ սրտի բխվածք:

Եթե դու չլինեիր մեծահոգութենով հանձնառու դորա տպագրությանը, այդ աշխատությունը պիտի մնար ո՞վ գիտե որքան տարի եւ իմ այնքան տարվա ջանքս եւ տառապանքս պիտի զուր անցաներ, ուրեմն ընդունիր իմ անկեղծ շնորհակալությունս, որպես գրավական մեր անքակտելի բարեկամությանը:

Ուղարկում եմ Քռիլովի առակը. խրիստոմատիան վերջին տիպը դեռ չէ դուրս եկել. եթե այն եւս ավարտվի, իսկույն կհասուցանեմ, իսկ պատերազմի վերաբերյալ երգերու հոտը եւս չկա այժմ Մոսկվայի մեջ:

Խնդրում եմ քո մեծահոգի ներողամտությունը, որ քո հանձնարարությունքը փոքր ինչ ուշ եմ կատարում, հավատա աստված, որ մոխիր կտրել եմ, դուռեն դուրս գնալու ժամանակ չունիմ. համալսարանի գործերը, «Թափառական Հրեայի», օրագրի եւ վերջապես սրբազանի գործերը այնպես են արել իմ դրությունը, որ համարյա թե ամեն րոպես հաշված է:

Ես գիտեմ քո իմ վերա ունեցած սերդ եւ բարեկամությունդ եւ հույս ունիմ, որ երբեք բարկանալու չէիր իմ վերա:

Պարոն Օդդենը չկամի այն բաներն առնուլ, ես եւս, դուն իս իմ պարունս, արզ ունիմ ղուլլուղիդ աղա ջան, պահել իմ տանս եւ սպասում եմ հրամանիդ:

Ինչ որ մինչեւ այժմ փող եմ ստացած Ֆեոդր Միխայիլիչից, այսինքն 200 մանեթ մի անգամ եւ հարյուր մանեթ վերջին անգամը, հասուցել եմ Լազարյանց Ճեմարան տպագրության բոլոր վարձը, իսկ թղթի պարտք ունիմ 65 ստոպի. յուրաքանչյուրը 3 մանեթ 25 կոպեկով, որ շնորհակալ եմ, Ֆեոդր Միխայիլիչը երես եղավ եւ առավ Քաչադքով ասած մարդից, որ Նաժավոյ լինիումը ունի յուր խանութը, մինչեւ որ դու այս մասին հոգաբարձություն առնես:

Սրբազանի գործերը մի կտրողական ընթացք չունեցան մինչեւ այժմ, օրըստօրե սպասում ենք հրամանի, որ, ինչպես լսում ենք մասնավոր կերպերով, պիտո է լինի անպատճառ: Մի երկու բան կպատմե քեզ Բերբերովը:

Ուրիշ նոր բան չունիմ. Սուլթանին թամամ հազար անգամ ասի, եղբայր, ես դոցա խոսք հասկացնել չկարողացա, չգիտեմ ի՞նչ է միտքերը:

Այս ամառ հուլիսի վերջերին կամ կեսերին հույս ունիմ Նախիջեւանում քեզ տեսանել:

Խնդրեմ ողջունես իմ կողմից բոլոր մեզ սրտով բարեկամքը: Ինչ բաների մասին որ սրբազանը [խոսք էր տվել] կատարեր, բոլորն եւս կլինի, այս օրերս վանքի մասին տնօրինություն կլինի, միամիտ եղեք: ՝

Ես գիշեր ցերեկ քուն չունիմ այդ բոլոր գործերի մասին, քեզ ասում եմ, որ մոխիր եմ դարձել. հիվանդությունիցս հետո մի լավ օրինավոր առողջության երես տեսած չեմ, որ քիչ մը կռատուսի ուժով բան տեսանեի: Քո գնալեդ հետո կռատուսը մինչեւը 0-ն իջել է, փոխանակ որ ձմեռը բարձրանում էր մինչեւ 74 կամ ավելի, մանավանդ Պետերբուրգի քաֆե-րեստորանումը:

Մնաս բարյավ եւ ողջ եղիր. սպասում եմ պատվական նամակիդ։

Քեզ միշտ հոգով ու սրտով բարեկամ խ. ծ.

Մ. Նալբանդյանց

պուռոս

վջ

1857 Հունիսի 1

Մոսկվայի մեջ

Թեաթր ասածդ ոտք չեմ կոխում: Տէր Մովսեսն ասում է թե, Սալթիքովը վերջին անգամ լավ քոթակ տրվեց պրոֆերանս[ով]. այն օրից, ասում է, բանս հետ զարկեց, մոտ 100 մանեթ տանել տվի:

32. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՆ

ՊԱՏՎԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Մեծապատիվ բարեկամ,

Ձեր նամակը, որի զորությունով պիտի ստացվեր Կամենշիքյանից 650 մանեթ, ստացա: Պ. Նազարյանցը ամսույս 4-ին ստացավ նշանակված գումարը եւ շատ շնորհակալ լինելով Ձեր գործունյա մասնակցությունից, խնդրում է, որ ամեն աշխատություն ի սեր ազգի գործ դնեք դարձյալ, որ մնացած տոմսակները եւս, որքան կարելի է, բաժանվի: Խնդրեմ ասացեք տեր Գեորգին, որ այս մասին աշխատի ամենայն ջանքով:

Լսեցի Ձեր այժմյան պաշտոնավարությունը եւ ուրախ եմ, որ անտես եղած ազգային գործերը այժմ Ձեր հոգաբարձությամբ կարող են արժանապես ընթացք ստանալ:

Շնորհավորում եմ Ձեր պատվանուն քաղաքացիության վկայագիր ստանալը, շատ ուրախ եմ եւ հոգվով, որ Ձեր ազգասիրական հոգու արժանավորության հարմար ստացաք եւ արտաքին արժանավորություն, որ այժմյան ժամանակներումս շատ հարկավոր է: Այս մասնավոր ծանոթությունքը գրելով Ձեզ եւ հաստատապես հավատացած լինելով Ձեր ազգասիրության եւ դեպի իմ նվաստությունը բարեկամության եւ սիրո վերա, առաջարկում եմ իմ անձնական խնդիրս, որ թեպետ ուղղված է ազգին, մանավանդ Նախիջեւանի դաստիարակությանը, բայց եւ այնպես ինձ եւս քաջալերություն կլինի եւ կբարվոքե իմ աղավաղյալ վիճակը:

Ես գրում եմ Ձեզ որպես բարեկամի, առանց թագուցանելու, որպեսզի Դուք իմանալով իմ հանգամանքը, միանգամայն շարժվիք եւ ազգասիրությամբ եւ կարեկցությամբ դեպի ինձ: Ձեզ հայտնել էի մասնավորապես, որ շարադրել էի մի գիրք «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով, որի խորհուրդն է, ինչպես եվրոպական այդպիսի աշխատությունների խորհուրդը, բարոյական լուսավորություն եւ կրթություն, եւ որովհետեւ այդ բանի գլխավոր նյութը առած է նախիջեւանցոց կյանքից, վասն որո եւ մանավանդ հասկանալի եւ օգտակար նախիջեւանցոց համար:

Այդ աշխատության տպագրությունը կարոտ է 400 մանեթ ծախքի, այս պատճառով խնդրում եմ, որ ինչպես Նազարյանցի հանդեսը տպվեցավ ստորագրությամբ նվիրաբերեաց, նույնպես Դուք հանձնառու լինիք ի սեր ազգի եւ իմ, բանալ մի ստորագրություն Ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ: 16 բաժին առնելով այդ գումարը, յուրաքանչյուրին կհասանի 25 մանեթ, որ մի մեծ բան չէ մի մարդու համար: Տեր Գեորգին եւս ասացեք, որ նա եւս աշխատի. ես հույս ունիմ, որ մի բաժինը նա ինքը ստորագրեց եւ մի բաժին կամ ավելի ուրիշին տա ստորագրել:

Հավաստի եմ, որ Դուք չեք հրաժարվիլ ինձ այսպիսի մի ազգասիրական օգնություն մատուցանելուց, որով իմ տարեվոր աշխատությունը պիտի կենդանանա ազգի համար, հավաստի եմ նույնպես, որ բավական կմնաք իմ աշխատությունից, որովհետեւ ամենայն մաքուր խղճմտանքով գործակատար եմ գտնված։

Խնդրեմ ներեցեք, որ այսպիսի հանձնարարությամբ Ձեզ ձանձրացնում եմ եւ եթե Ձեր ազգասեր հոգու որպիսությունը ինձ քաջալերություն չտար, ես համարձակվելու չէի:

Հավատացած եմ, որ կկատարեք իմ խնդիրը: Ստորագրողների անունը, ինչպես պ. Նազարյանցը արել է, եթե կամենան, կդնեմ գրքի ճակատումը:

Ուրիշ բան չունեմ ասելու առ ժամս, միայն խնդրում եմ կատարել խնդիրս, եթե կարելի է մինչեւ դեկտ. վերջը, որ կարողանամ հունվարից իսկույն գործ սկսանել: Եթե արժանի գիտության բան պատահի, կգրեմ Ձեզ անշուշտ:

Ձեզ միշտ բարյացակամ հոգով եւ սրտով խ. ծ.

Միքայել Նալբանդյանց

7 նոյեմբերի, 1857, Մոսկվա