Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ԹՈՎՄԱ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԱՆՔ
       Տեղադրութիւն - Ս. Թովմա Առաքեալի վանքը գտնւում է Ռշտունեաց գաւառի Գանձակ գիւղի մոտ, ծովափին։ Բլրակների մի շարք շրջանաձեւ բոլորուելով մտնում է Վանի լճի մէջ եւ նրանից մի փոքրիկ մաս ներփակելով կազմում մի փոքրիկ լճակ։ Այս շրջանաձեւ, պուրակներով զարդարուած բլրակների մէջ արեւմուտքից դէպի արեւելք ընկած է մի բլուր, որի փոքրիկ, հարթ գագաթին կառուցուած է վերոյիշեալ վանքը։

 

Այս բլրի առջեւ, ձորակի մէջ, եղել է Մանըզկերտ վիւղը, որի միակ, փոքրիկ եկեղեցին, այժմ կիսաւեր կանգնած է մի քարաժայռի վրայ։ Այստեղից դէպի արեւելք, լճակի ափին, գտնւում է մի ուրիշ, փոքրիկ կիսաւեր վանք եւս, որ յայտնի է Արծուաբեր ս. Աստուածածին անունով։
       Պատմական տեսութիւն - Ս. Թովմայի վանքի մասին թէ ճառընտիրների եւ թէ յայսմաւուրի (օգոստ 22) մէջ պատմւում է թէ Կոստանդիանոս Մեծի եւ Յակոբ Մծբնայ հայրապետի ժամանակ յայտնուեցան ս. Թովմայի նշխարները Միջագետքում, ուր բերել էր Հնդկաստանից նրա աշակերտ Քսանթիկոսը, Յուլիանոս Ուրացողի մահից յետոյ , երբ այն նշխարները ընկան անհաւատների ձեռքը։ Իւսիւ անունով մի մարդ «յայտնութիւն առեալ յերկնից » բերեց նրանց Հայաստան Աղձնեաց գաւառի Պաղ կոչուած տեղը, Սեմղ ամրոցի հանդէպ, Խողց կամ Հողձ գիւղը, եւ դրեց եկեղեցու մէջ, որ կոչուեց Պալիվան, ինքն էլ կրօնաւորուելով ծառայում էր նրան։ Վեց տարուց յետոյ դարձեալ վերին յայտնութեամբ վերցրեց այդ տեղից եւ տարաւ մինչեւ այն բլրակը, որ կայ Մանազկերտի հանդէպ եւ դրեց այնտեղ, ապա Արծրունեաց նախարարները շինեցին այստեղ մի վանք ։
       Այս միեւնոյնը պատմուած է նաեւ վանքի հին, ձեռագիր կոնդակի մէջ, որ այժմ պահւում է նոյն վանքում։
       Նոյն վանքի մի ձեռագիր Ճաշոցի մէջ յիշւում է որ ՊԽԸ - 1399 թուին այստեղ վանահայրէ եղել Թումա վարդապետը ։
       1801 թուին Յովհաննէս եպիսկոպոսը Դաւիթ ամենայն Հայոց կաթողիկոսից կոնդակ ստանալով ժողովարարութիւն է արել եւ վերանորոգել է այս վանքը, որ «խառնակութենէ կողմանց եւ ի յանդուգն յարուցմանց եւ յաւարառութեանց թշնամեանց կողոպտեցեալ եւ խանգարեալ էր» ։
       Այժմ Ս. Թովմայի վանքն ունի 130 չափ վարելահող , երկու պուրակ, խոտատեղի 5 չափ տարածութեամբ, եւ ընդարձակ արօտատեղի, որոնք մի վարդապետի ըապալով են տրուած տարեկան 100 չափ ցորենով։
       Վանքի Նկարագրութիւնը - Ս. Թովմայի վանքը պարսպապատ է եւ բաղկացած է մի տաճարից եւ մի գաւթից։ Պարսպի մէջ կան միքանի սենեակ եւ ախոռներ։
       Տաճարը շինուած է սրբատաշ քարից, արտաքուստ շատ պարզ է, ունի մի ութանկիւնի գմբէթ, բրգաձեւ կաթուղիկէով, որ պսակուած է ոչ թէ սովորական խաչով, այլ մի նիզակով, որի թեւերի մի երեսին քանդակուած է Աստուածածնի պատկերը, իսկ միւսին Քրիստոսի խաչելութիւնը։ Եղծուած արձանագրութիւնից կարդացւում է լատիներէն տառերով գրուած Եղիսաբէթ թագուհի բառերը։
       1903 թուին Աղթամարի կաթողիկոսական փոխանորդ Արսէն վարդապետը վերցնել էր տուել այդ նիզակը, բերել Աղթամար եւ մի խաչ տնկել նրան տեղում, սակայն նոյն թուին մի ընկնաւոր կին ս. Թովմայի անունից պահանջել էր, որ այդ նիզակը վերահաստատեն իւր տեղը։ Յուզուած ժողովուրդը եկել էր Աղթամար եւ պահանջել կաթուղիկոսական փոխանորդից, որ վերադարձնի նիզակը, որ եւ կատարել էր։
       Տաճարը ներքուստ՝ հիւսիսային եւ հարաւային պատերին կից ձգւում են մի մի որմնասիւն, որից ռոմանական կամարներ են բոլորւում թէ դէպի սեղանը եւ թէ դէպի արեւմտեան պատը, որով եւ կազմւում են կամարակապ խորշեր։ Կողակը բոլորակաձեւ է, ռոմանական կամարով եւ զարդարուած է ոսկեզօծ, գեղեցիկ խաչկալով։ Կողակի երկու կողմում կան մի մի աւանդատուն, որոնցից հարաւայինի մէջ ամփոփուած է ս. Թովմա առաքեալի մասունքը, Աւանդատների վերեւ կան գաղտնի պահարաններ։ Արեւմտեան պատին կից, խորշերի վերեւ, կան նոյնպէս երկու աւանդատուն, որոնց դռները բացւում են տաճարի դաւթի կտրան վրայ։ Այս աանդատներից մինը նուիրուած է ս. Պետրոս, միւսը ս. Պօղոս առաքեալի անուան։
       Եկեղեցու երկարութիւնն է 11 լայնութիւնը 7 մետր, իսկ բարձրութիւնը մոտ 8 մետր։
       Գաւիթը շինել է Աղթամարայ Թովմա կաթողիկոսը։ Սա եւս սրբատաշ քարից է։ Չորս ամբողջական է 8 կիսասիւների վրայբոլորում են պայտաձեւ կամարներ, բռնելով թաղակապ ձեղունը, Գաւթի արեւելեան պատի մոտ, տաճարի միակ դռան երկու կողմում կանգնած են մի մի վէմքար։
       Պարսպից դուրս, հարաւային կողմը, գտնւում է Իւսիւֆի եւ նրա կնոջ ու ջորու գերեզմանները՝ քարէ շրջապատով պաշտպանուած։
       Մի քիչ ներքեւ խոխոջում է մի սառնորակ աղբիւր՝ որ սուրբ է համարւում։
       Արձանագրութիւն - Ս. Թովմայի վանքի պարսպի վրայ.
       Ես Թովմա վրդպտ ծառայ Փիլիպոս կաթողիկոսի արդեամբ գաւազանաւ իմով նորոգեցի զպարիսպս թվ. ՌՃԻ (= 1671)։
       Վերոյիշեալ Թովմա վարդապետը եւ Աղթամարի Փիլիպոս կաթողիկոսը այստեղ են թաղուած, որոնց տապանագրից զուրկ գերեզմանները այժմ էլ ցոյց են տրւում։