Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե. ԼԱԼԱՅԵԱՆ, ՄՈՒՇ - ՏԱՐՕՆ . ԱԶԳԱԳՐՈՒԹԻՒՆ 

       Հայոց Ազգագրական ընկերութիւնը 1915 թուի սեպտեմբերին կազմեց մի արշաւախումբ տաճկահայ փախստականներից հայ բանահիւսութեան վերաբերեալ նիւթեր հաւաքելու։ Այդ արշաւախմբի ղեկավարութիւնը ես էի ստանձնել եւ այս առիթով չորս ամսից աւելի շրջելով այն վայրերը, ուր ապաստան էին գտել հայ փախստականները՝ մենք գրի առանք 874 հեքիաթ եւ բազմաթիւ երգեր։ Անկախ սրանից ես առանձնապէս հաւաքեցի փախստական մշեցիներից նրանց ազգագրութեան վերաբերեալ նիւթեր, որոնք յոյս ունէի լրացնելու մի խմբարշաւ կազմակերպելով այս ամառ դէպի Մուշ, սակայն նիւթականի սղութիւնը հնարաւորութիւն չտուեց։ 

       Վերստուգելու յոյսով իմ հաւաքած նիւթերի հարազատութիւնը՝ ես այս աշխատութիւնը կարդացի հետեւեալ երեք գիտակ անձնաւորութիւնների առաջ. 1) Եղիշէ քահանայ Տէր Բարսամեանի, որ Մուշ քաղաքի ծխատէր քահանան է եղել եւ մի քանի տարի շարունակ առաջնորդական փոխանորդի պաշտօն վարելով՝ շրջել Մշի գիւղերը. 2) Մուշեղ քահանայ Տօնապետեանի, որ Մշի Արտօնք գիւղում երկար տարիներ քահանայութիւն է արել եւ 3) Նազարէթ Մարտիրոսեանի, որ երկար տարիներ վարել է Մշի առաջնորդարանի քարտուղարի պաշտօնը, մի քանի տարի ուսուցչութիւն արել Մշի գիւղերում եւ կազմել է Մշի գաւառաբարբառի բառարանը, որ արժանացել է Իզմիրլեան մրցանակաբաշխւթեան։ Հաւատացած լինելով, որ գրի առնուած նիւթերը միանգամայն ճիշտ են, մենք տպագրութեան ենք տալիս, ապագային թողնելով լրացումներ անել, մանաւանդ սրա Հաւատքի բաժնի վերաբերմամբ, որ չափազանց հետաքրքիր է։ 
       
       ՄՇՈՒ ԱՇԽԱՐՀ 
       Մշու աշխարհ անուշ է
       Սարն ու ձոր մշուշ է
       Հիւսիս քամին քշէ զիս՝ 
       Ուր ծոցի մէջ թաղէ զիս։