Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՀ, ԹԱՂՈՒՄՆ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ

       Մահ. - Հիւանդին այցելելու սովորութիւնը բաւական տարածուած է։ Այցելուն յաճախ բերում է իւր հետ հիւանդի կամակ՝ խնձոր, նուռ, չամիչ, սերեւկիլ, կաթ , մածուն։
       Եթէ հիւանդութիւնը երկար է տեւում, հաց են թխում եւ արշալոյսին տանում եկեղեցու դուռ՝ անցնող դարձողին բաժանում են մի մի հատ, ով էլ որ անցնի, հայ, թուրք, քուրդ, որպէսզի հիւանդը շուտ առողջանայ եւ կամ մեռնի։
       Նոյն նպատակով բերել էին տալիս Մուշ քաղաքի Վերին թաղի «Սեւ Աւետարանը» եւ կամ Ձորոյ թաղի «Շէկ-Աւետարանը», իսկ Վարդինիսում Տէր Յարութիւնի տան «Կարմիր » աւետարանը, հիւանդի վրայ կարդալու։
       Որպէսզի գուշակեն թէ հիւանդն առողջանալու է, թէ մեռնելու, դիմում են հետեւեալ միջոցների. -Դիտում են, եթէ հիւանդը շարունակ պճխում է քիթը եւ կամ պճկում մատները, նշան է, որ պիտի վախճանուի։
       Եթէ հիւանդութիւնը յաճախ կրկնւում է, նշան է՝ որ կը մեռնի։
       Եթէ կատուն նստի հիւանդի վրայ, նշան է՝ որ սա պիտի առողջանայ, որովհետեւ կատուն նրա ցաւը քաշում է։
       Եթէ Հիւանդի քիթը չափազանց նիհարել է, նշան է, որ մեռնելու է։
       Եթէ երազում տեսնեն, որ տան սիւնը, կոտրուել է, կամ տունը փուլ է եկել, եւ կամ ատամը քաշել են , նշան է որ հիւանդը մեռնելու է։
       Եթէ հիւանդի մարմնի վրայ կապոյտ բծեր «տուրք » երեւի, նշան է, որ մեռնելու է, որովհետեւ դրանք «չար զարկ» են, չարերը-սատանաները խփել են։
       Ծանր հիւանդին Հաղորդութիւն են տալիս։
       Եկեղեցում «Տէր ողորմեա » ասելու համար ծանուցում է անում քահանան։
       Հոգեվարքի միջոցին զսպում են իրենց լացն ու կոծը, որպէսզի հոգեդարձ չանեն։ Հոգեդարձ լինողը մի քանի օր էլ ապրում է սոսկալի տանջանքներով։
       Մեղաւոր մարդը շատ դժուարութեամբ է հոգին աւանդում, մինչդեռ արդարը հեշտութեամբ։
       Երեխաներին հրեշտակը խափում է խնձոր կամ ծաղիկ ձեռքը տալով, այս պատճառով էլ սրանք հոգին ու անդելիս ձեռքերը շրժում են։
       Հէնց որ հիւանդը մեռնում է, անմիջապէս ձեռները կրծքին խաչում են. ոտները ուղղում, աչքերը փակում եւ երեսը դէպի արեւելք դարձրած պարկեցնում եւ մի մոմ վառում, դնում սնարի մոտ։ Յետոյ հրաւիրում են քահանային, որ հոգոց ասի։
       Ապա՝ եթէ տղամարդ է՝ ժամկոչը, իսկ եթէ կին՝ տատմէրը, եւ կամ հարեւան, հարեւան, աղքատ կանայք , լողացնում են։ Ջուրը տաքացնում են, եկեղեցուց բերում են յատուկ պատրաստուած եւ բոլոր մեռելների համար գործածուող «մեռնել լողացնել » տախտակը, որ կոչւում է ծուղ։ Սա հետզհետէ նեղացող մարդաչափ տախտակ է, ամրացած չորս ոտների վրայ, որոնցից երկուսը փոքր ինչ աւելի բարձր են, տախտակի երեք կողմը նեղ տախտակով պատած է, որ լցուած ջուրը կողքերից չթափուի։
       Լողացնելու ջուրը քահանային օրհնել չեն տալիս։ Աւելացած ջուրը թափում են, կաթսան բերընքսիվայր կորզում։ Այստեղ մոմ վառելու սովորութիւն չկայ։
       Առանց շապիկ ու վարտիկ հագցնելու՝ պատանքում են, ականջների եւ պընչի մէջ բամբակով պատած խունկ են դնում, իսկ բերանին վարշամակ, որ քահանան տանը օրհնելով կտրում, տալիս է։
       Երբեմն ննջեցեալի կինը, մայրը, քոյրը կտրում են իրենց մազերը եւ դնում ննջեցեալի սրտի վրայ։
       Ապա պատանքն ամբողջովին կարում են, բաց չթողնելով նոյն իսկ երեսի մասը։ Կանանց գլխին, պատանքի տակից եազմա են կապում։ Ապա նոյն պատանքի կտորից մի գօտի կապում են մէջքին, նախապէս գօտու մէջտեղում մի հանգուստ գցելով։
       Պատանքի աւելացած կտորը փաթաթում են տան սեանը եւ յետոյ տալիս մեռել լողացնողին։
       Գիւղերում ննջեցեալի ձեռների մէջ նշխարք եւ խունկ են դնում։
       Երեխաների ձեռքին մոմ դնելու սովորութիւնը չկայ, սակայն ոմանք նախքան լողացնելն ու պատանքելը մի վառած մոմ են կանգնեցնում սրանց ձեռքում։
       Երիտասարդ ու շատ սիրելի ննջեցեալին շորեր են հագցնում, եւ վրայից դարձեալ պատանք կարում, ամբողջովին ծածկում։
       Դագաղ թէ գիւղերում եւ թէ՛ քաղաքում շատ հազիւ է գործածւում, այն էլ չափազանց պարզ, տախտակների վրայ կտոր անգամ չեն քաշում։ Եկեղեցիներում պահում են նաժ, որը տանում են ննջեցեալին դնում մէջը, նախապէս փաթաթելով ջիջիմի մէջ եւ որեւէ հանդերձ ձգում վերան, որ ծածկուի։ Նաժին ասում են նաշ կամ ձագառ։
       Գիւղերում շատ հազիւ է պատահում, որ պատարագ մատուցանեն եւ ապա թաղեն ննջեցեալին, իսկ քաղաքում մեծ մասամբ այդպէս է կատարւում։
       Ննջեցեալին շատ երկար չեն պահում, հազիւ մի օր, մի երկու ժամ։
       Ննջեցեալի բարեկամներն ու ծանօթները հաւաքւում են տան մէջ, քահանան կատարում է թաղման կարգը եւ նջեցեալին տանում են եկեղեցի։ Այս միջոցում նրա դագաղի տեղը մի քար են դնում, որպէսզի նրա յիշատակը հաստատ մնայ։ Կանայք չեն գնում։ Այս միջոցին քահանան յետ չի նայում, որպէսզի այդ տնից ուրիշն էլ չմեռնի։ Նաժը վերցնելիս երեք անգամ բարձրացնում, վայր են դնում, եւ ապա վերցնում։ Դագաղի յետեւից փոքր ինչ հող են ձգում, որպէսզի նոյն տան ցաւն ու չոռը հետը տանի։
       Կանայք ոչ ուղեկցում են ննջեցեալին տանից դէպի եկեղեցի, ոչ էլ յետոյ թաղման պատարագին եւ կամ գերեզմանատուն տանելիս գնում, այլ տանը հաւաքուած սգում են։
       Եկեղեցական կարգը կատարելուց յետոյ, ննջեցեալին՝ եթէ նաժի մէջ է դրուած, ուսերին, իսկ եթէ դագաղի, ձեռներին բռնած տանում են գերեզմանատուն։ Եկեղեցում գանձ ասելու եւ կամ խաչահամբոյր հաւաքելու սովորութիւնը կամաց կամաց վերանում է։
       Ննջեցեալին տանելիս հիւանդները դուրս են գալիս իրենց տան դուռը եւ պառաւ կանայք դուրս են բերում սրանց շորերը եւ թափ տալիս մրմնջալով։
       Թիւ, թիւ, թիւ                             Թիւ, թիւ, թիւքն ի երես,
       Մեռել մեռելոցին,                     Չար սատանէն սեւ երեսին,
       Յետ երթաս, առաջ չի գաս,     Առնեմ զչուլ, վերցնեմ զշոր,
       Տուշմնիս դուռ չի գաս։           Չար հրեշտակներ թափւին ի հուր։

       Եւ այս բոլորը այն նպատակով, որ ննջեցեալը հիւանդի չոռն ու ցաւը իրեն հետ տանի։
       Գերեզմանը փորում են տոհմական գերեզմանատանը, ազգականների մօտ , որովհետեւ հաւատում են, որ ուր թաղուեցաւ մինը, նոյն տեղի ննջեցեալների հոգիների հետ կը լինի եւ երկնքում։
       Գերեզմանը փորում են գիւղերում հարեւանները, որոնց միայն հիւրասիրում են ճաշով, իսկ քաղաքում՝ վարձկան մշակներ։
       Կանանց եւ քահանաների գերեզմաններն անհամեմատ աւելի խոր են փորում։ Պատմում են, թէ եթէ մեռած քահանայի ճկոյթը կտրեն, ինչ կողպած դռան որ մօտենցնեն, կողպէքը կը բացուի, այդ պատճառով եւ նրան խորն են թաղում, որ չկարողանան բանալ եւ կտրել։
       Գերեզմանի խորութիւնը լինում է մօտ երկու արշին։
       Քահանան իւր բռի մէջ օրհնում է հող եւ ձգում գերեզման, մօտիկ մի ազգական մտնում է գերեզմանի մէջ, առնում բուրվառը, երեք անգամ խունկ ծխում, ապա գրկում ննջեցեալին, հանելով նաշից, պարկեցնում գերեզմանի մէջ, կրկին առնում բուրվառը, եւ խունկ ծխում։
       Յետոյ նրան քաշում, հանում են եւ գերեզմանը հողով լցնում։ Պարտք չի համարւում, որ իւրաքանչիւր յուղարկաւորող մի բուռ հող ածի ննջեցեալի վրայ։ Գերեզմանի վրայ թումբ կազմելուց յետ տիրացուն թմբի վրայ մի փոս է անում եւ բուրվառի կրակը ածում մէջը։ Յուղարկաւորողները համբուրում են քահանայի բռնած աւետարանը, մօտենում են սգուորներին եւ ձեռքը դէպի ճակատը տանելով. «Սուրբ Հոգիով մխիթարիս » կամ գիւղերում՝ «Գլուխդ անուշ մնայ, Աստուած զհոգին լուսաւորէ, արեւն էղնի մնացածներուն »։ Ոմանք էլ երեք անգամ խոնարհում են դէպի գերեզմանը եւ ասում. «Աստուած քու հոգին լուսաւորէ »։ Ապա համարեա բոլոր յուղարկաւորողները քահանայի առաջնորդութեամբ գալիս են ննջեցեալի տունը, ուր քահանան Հոգոց է ասում, որից յետոյ յուղարկաւորողներն սգւորներին «գլուխդ անուշ մնայ » եւայլն ասելով հեռանում են, մնում են քահանան, տիրացուները եւ ժամակոչը, որոնց ճաշ են տալիս։ Այս ճաշից յետոյ, հարեւան եւ ազգական կանայք զանազան ուտելիքներ՝ սեր, մածուն, ձուածեղ, ձու, երբեմն նաեւ կերակուրներ առած գալիս են սգատուն, մի քիչ լալիս յետոյ սգուորը արդէն պատրաստած է լինում ճաշ, հրաւիրում են ճաշելու եւ այս կանանց բերած կերակուրներն էլ դնում են սեղանին։ Միայն կանայք ճաշելուց յետոյ ցրւում են, մխիթարական խօսքեր ասելով, եւ համբուրելով սգուորների ձեռքը՝ եթէ մեծ է, կամ երեսը՝ եթէ փոքր է։
       Նոյն երեկոյեան քահանան եկեղեցու մէջ անբիծք է կատարում եւ տիրացուների, ժամկոչի ու մի քանի աղքատների հետ գալիս է ննջեցեալի տունը, ուր ընթրում են, հոգոց ասում։ Եօթն օր շարունակ քահանան այսպէս պարտաւոր է գալ մի քանի աղքատների, տիրացուի եւ ժամկոչի հետ ընթրելու եւ հոգոց ասելու, նախապէս եկեղեցում անբիծք կատարելով։
       Այդ թաղման երեկոյին կանայք կրկին գալիս են, բերելով իրենց հետ մի մի ձիթի ճրագ, որ դնում են ննջեցեալի հոգին աւանդած տեղում բերընքսիվայր դրուած տաշտի վրայ եւ վառում, թողնելով վառ մինչեւ լոյս։
       Նոյն երեկոյին տղամարդիկ եւս գալիս են մխիթարելու։ Ո՛չ կանայք եւ ո՛չ տղամարդիկ չեն հիւրասիրւում ընթրիքով.
       Մուշ քաղաքում, ինչպէս եւ գիւղերում, սգուորների մեծը մոռի կամ սեւ եազմաներ է առնում եւ ձգում բոլոր մօտիկ ազգական կանանց գլխներին, իսկ եօթը տալուց յետ քաւորկինն ու խնամիները մէկ մէկ գլուխ շաքար ու սգուորների թուին համեմատ կարմիր եազմա են բերում եւ սեւ եազման վերցնելով, մխիթարանք խօսում, եւ այս կարմիր եազմաները ձգում։ Իսկ ննջեցեալի մայրն ու կինը չեն փոխում իրենց եազման, մինչեւ որ տարին կամ մի քանի տաղաւար չի անցնում։
       Մուշ քաղաքում բուրվառի կրակը գերեզմանի թմբի վրայ ածելու սովորութիւնը չկայ. բոլոր յուղարկաւորողներն անմիջապէս ցրւում են եւ կամ գնում սգատուն, ուր դրացիներից կամ դրացի խնամիներից մինը պատրաստի կերակուրներ է բերում, եւ ճաշով հիւրասիրում սգուոր տղամարդկանց ու կանանց, ինչպէս եւ յուղարկաւորողներից մնացողներին։ Նոյն օրը կանայք չեն գալիս կերակրներով եւ կամ երեկոյին՝ ձիթի ճրագներով, ինչպէս անում են գիւղերում։ Նոյն երեկոյին միայն տղամարդիկ գալիս են սգատուն, քահանան հոգոց է ասում եւ անմիջապէս հեռանում։ Քահանային ընթրիք տալու սովորութիւնը նոյնպէս չկայ։ Եկեղեցում եօթն օր անբիծք ասելու սովորութիւնը քաղաքում չկայ, միայն քահանան թաղման եւ այգու երեկոներին սգատուն է գալիս եւ հոգոց ասում։
       Սովորութիւն է նաեւ, որ սգոյ ճաշերին ոչ սկզբում եւ ոչ վերջում ձեռք չեն լուանում։

       Եօթ կատարել. - Թաղման եօթներորդ օրը, բայց երբեմն էլ աւելի վաղ՝ շաբաթ օրը կատարում են եօթնէից կարգը, որ տեղական բարբառով կոչւում է յեգողք։ Պատարագ են մատուցանել տալիս, քաւորը կամ մի ուրիշ ազգական գալիս սըգուոր տղամարդկանց տանում է եկեղեցի, որի աւարտման ժամանակ գնում են գերեզմանատուն, եւ կամ, եթէ եղանակը վատ է, եկեղեցու մէջ կատարում եօթնէից կարգը։ Սըգուորը հրաւիրում է եկողներին սգատուն, եւ հիւրասիրում ճաշով։ Անպատճառ հրաւիրւում են նաեւ գերեզման փորողները։ Գիւղերում անշուշտ հերիսա են պատրաստում, իսկ քաղաքում 10-20 տեսակ կերակուրներ եւ 50-60 ամանների մէջ ածած բոլորը միաժամանակ շարում սեղանին, ով ո՛ր կերակրից ուզում է՝ ուտում է։
       Եօթնէից հացը ուտելուց յետ, ժամհարը բացի այն՝ որ ինքն էլ միւսների հետ ճաշում է, այնուամենայնիւ մի աման կերակուր եւ երկու հաց է ստանում, իբրեւ ննջեցեալի բաժին եւ տանում իւր տուն։ Տղամարդիկ ճաշելուց յետ ցրւում են. մնում են միայն մտերիմները, որոնցից քաւորը կամ սանահէրը հրաւիրում է սափրիչին ու խնդրում սափրել սգուոր տղամարդկանց մորուքը եւ խուզել գլուխը։ Սրանից յետոյ միայն սգուոր տղամարդիկ շրջապատուած այս մտերիմներով , դուրս են գալիս տնից եւ գնում իրենց խանութ կամ գործատեղին։
       Նոյն օրը, ճաշից յետոյ, գալիս են նաեւ կանայք, որոնցից քաւորկինն ու խնամիները բերում են իրենց հետ մի մի գլուխ շաքար եւ մի մի կարմիր եազմա։ Երեկոյեան դէմ, ժամասացութիւնից առաջ սգուոր կանայք ձգում են իրենց ուսերին ու գլխներին ննջեցեալի շորերը եւ եկած կանանց հետ գնում գերեզմանատուն, օրհնել տալիս գերեզմանը, լալիս, ողբեր ասում, եւ ապա վերադառնում տուն , ճաշում։
       Ճաշից յետոյ, բերուած կարմիր եազմաները ձգում են սգուորների գլխներին, վերցնելով սեւ եազմաները, սակայն ննջեցեալի մայրը կինը չեն համաձայնում, նրանք երբեմն մի ամբողջ տարի կրում են սեւ եազման, իբրեւ սգի նշանակ։ Հեռաւոր տեղերից, խնամիների տնից եկած սգուորներն այդ օրը վերադառնում են։
       Եօթնէից երեկոյին, կամ մի քանի օր յետոյ, ննջեցեալի շորերը տալիս են քահանային իբր կողոպուտ, հատուցանելով միանգամայն եւ թաղման վարձը - քաղաքում՝ 10 ղուրուշից մինչեւ մի ոսկի, գիւղում՝ 5-20 ղուրուշ։ Գիւղերում այս շորերը յանձնում են իրենց թեմի վանքի վանահօրը՝ իբրեւ կողոպուտ եւ մի ոչխար կամ եզ՝ իբր հոգեբաժին։
       Սգուոր կանայք քաղաքում տանից չեն դուրս գալիս - արեւ չեն տեսնում - մինչեւ որ մի խթում չի անցնում, այսինքն մինչեւ որ Ծննդեան կամ Յարութեան տօնը չի կատարւում։ Այդ խթման երեկոյին բարեկամ ու ազգական տղամարդիկ գալիս մխիթարանք են խօսում, տօնը շնորհաւորում. քահանան էլ անպատճառ սեղանակից է լինում։

       Սգի բաղնիք. - Եօթնէից մի քանի օր յետոյ քաւորկինը կամ սանամէրը սգուոր կանանց տանում է բաղնիս, լողացնում եւ հիւրասիրում բաղնիսի մէջ իւր տանից բերած հաւկթով, գաթով, հալուով, ղաւուրմայով եւ մրգերով, միանգամայն վճարելով բաղնիսի ծախսը։ Իսկ եթէ սգուորը չի ուզում տնից դուրս գալ, նոյն անձերը փայտ ու սապոն են բերում սգուորի տունը եւ այստեղ ջուր տաքացնում , լողացնում։
       Ննջեցեալի թաղման քառասներորդ օրը մի առանձին ծէս, քառասունք չեն կատարում։
       Սգուորներն արեւով դուրս չեն գալիս, եւ եթէ ստիպուած են գնալու մի նոր ննջեցեալի տուն, գիշերով են գնում։
       Տեառնընդառաջին քաւորկինն ու սանամէրը եւ կամ խնամի, դրացի կանայք գալիս են սգուորների տուն եւ ստիպում երեկոյեան ժամասացութիւնից յետոյ դուրս գալ գաւիթ ու ներս մտնել, որպէս Տիրոջ ընդ առաջ, որից յետոյ նրանք արդէն կարող են արեւով էլ դուրս գալ։
       Մեծ պասի առաջին օրը , երեկոյեան, տղամարդիկ այցելում են սգուորներին մխիթարելու։ Սովորաբար ասում են. «Շնորհաւոր պաս, պաս աղօթք իգայ ձեր վրէն, ձեր յորդիներուն (որդիներին ), ամէն տարի ուրախութինով հասնիք էս օր»։
       Միջինքին (Մեծ պասի ) սովորութեան համեմատ ամէն տուն «հարեգիլ »*) է պատրաստում, սակայն սգատներում այս չեն անում. բարեկամ կանայք պատրաստում են եւ այդ երեկոյ տանում նրանց։
       Աւագ հինգշաբթի օրը ամէն տուն թըթխըմօրը թաժացնում է (նորոգում է ), հաց է թխում, երեսին կանեփ քսում։ Սգատներում այդպիսի հացեր աւելի շատ են պատրաստում։ Քաւորկին, սանամէր, խնամիներ եւ մօտիկ ազգականներ այդ հացերից առնուազը «եօթ ջուխտ ու թաք » (15) եւ կամ մինչեւ 50-60 հատ վերցնում են ու երեկոյեան գնում սգատուն, սգուոր կանանց տանում եկեղեցի (Սգի գիշերը ), եւ այստեղից գերեզմանատուն։ Սգատնից բերւում է այստեղ բաւականաչափ հացեր, որոնցից երկուական տրւում է քահանային ու ժամհարին, եւ մի մի հատ աղքատներին։ Գերեզմանի վրայ վառում են մոմեր, լալիս, ողբում, քահանային օրհնել տալիս եւ վերադառնում, սգատանը հաց ուտում եւ ցրւում։
       Բոլոր մեռելոցներին, բացի Ծննդեան մեռելոցի օրը եղանակի վատութեան պատճառով գնում են գերեզմանատուն, տանելով իրենց հետ գաթայ, եւ գերեզմանն օրհնելուց յետոյ բաժանում՝ քահանային, ժամհարին եւ աղքատներին, ինչպէս եւ իրենց դրացիներին։
       Համբարձման չորեքշաբթի երեկոյեան ժամասացութիւնից առաջ քաւորկինն ու սանամէրը, խնամիներն ու դրացիները գնում են սգատուն, եւ սգուորներին տանում գերեզմանատուն, օրհնել տալիս գերեզմանը։ Սգատնից բերւում է գերեզմանատուն գաթայ եւ բաժանւում քահանային, ժամհարին ու աղքատներին, ինպէս եւ դրացիներին։ Գերեզմանօրհէնքից յետոյ վերադառնում են եւ ընթրում։

       Նանու-տրի. - Ս. Խաչի պահոց ուրբաթ օրը, առաւօտեան ժամասացութիւնից յետոյ, կանայք խաղող, ձմերուկ եւ հաց առած գնում են գերեզմանատուն, օրհնել տալիս գերեզմանը, եւ ցրում այդ մրգերն ու հացը քահանային, ժամհարին ու աղքատներին։ Այս մրգերը նանու-տրի են կոչւում։ Տուն վերադառնալիս դրկիցներին էլ են բաժանում դրանցից։
       Շատ անգամ ննջեցեալի անունը դնում են նորածնի վրայ, ուզենալով նրա յիշատակը վառ պահել եւ այս դէպքում յաճախ նջեցեալի հոգու համար պատարագ են մատուցանել տալիս, հոգեհանգիստ կատարում եւ հոգու հաց տալիս։ Այսպիսի երեխային յաճախ կանչում են այն կոչումով, որ տալիս էին ննջեցեալին, օրինակ ափօ (հայրիկ ), մամօ (մայրիկ ), ատօ (մայրիկ)։
       Կենդանի ազգականի անունն զգուշանում են դնելու նորածնի վրայ, վախենալով որ նրա արեւն անցնի նորածնին - առաջինը շուտով մեռնի։
       Գերեզմանաքարը սովորաբար տարելիցին են ձգում եւ այս առիթով պատարագ մատուցանել տալիս, հոգեհանգիստ կատարում եւ հոգուհաց տալիս, որին անպատճառ հրաւիրում են նաեւ գերեզմանաքարի վրայ աշխատողներին։