Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

       Հասակ. - Ընդհանրապէս երիտասարդները 18-25, իսկ աղջիկները 12-18 տարեկան հասակում են պսակւում։ Աղքատ երիտասարդները յաճախ մնում են մինչև 30-35 տարեկան հասակն առանց ամուսնանալու, իսկ աղջիկները՝ մինչև 21-25 տարեկան դառնալը։ Հասակաւոր աղջիկը «դահացած», «լոռըցած » են համարում։ Յաճախ հասակաւոր աղջիկներն ամուսնանում են այրի մարդկանց հետ։ Մի հատիկ երիտասարդները շատ աւելի վաղ են պսակւում, 15-16 տարեկան հասակում։ Յորկնոց գիւղում 12 տարեկանին պսակել էին, Ներսէս եպիսկոպոս Խարախանեանը լուծել էր։ Սովորաբար աղջիկը տղայից 1-5 տարով փոքր և կամ հասակակից է լինում։

       Խնամութեան աստիճաններ. - Հնումը ազգակցութեան 12 իսկ այժմ 10, իսկ խնամութեան՝ հնումը՝ 8, իսկ այժմ 6 աստիճան է պահանջւում։ Կայ նաև հոգևոր ազգակցութիւն, այդ կնքահայրութիւնն է, որի համար պահանջւում է 6 աստիճանի հեռաւորութիւն։
       Միևնոյն կնոջ կաթը ծծածտարբեր հօր զաւակները, սովորութեան իրաւունքով, նոյնպէս չեն կարող միմեանց հետ ամուսնանալ, որովհետեև համարւում են կաթնաղբէր, կաթնքուր։

       Ամուսնութիւնը ըստ ազգութեան , - Շրջապատող այլազգիները թուրքի ու քիւրտը լինելով, կամաւոր ամուսնութիւն սրանց և հայերի մէջ տեղի չի ունենում, հայերը վախենալով քրդուհու կամ թրքուհու հետ չեն ամուսնանում, իսկ քրտերը և թուրքերը երբեմնապէս փախցնում են հայուհիներ և տանում մահմետականացնում ու պսակւում հետները։
       Հայ լուսաւորչականները կաթոլիկ և բողոքական հայերի հետ խնամութիւն հաստատում են, և այս դէպքում միշտ երիտասարդի եկեղեցումն է կատարում պսակը, ինչպէս և սրանց զաւակների մկտրտութիւնը միայն կինը ազատ է իւր կրօնը դաւանելու։ 

       Ամուսնութիւնը ըստ տեղի և դասակարգի.  - Սովորաբար մշեցիներն իրենց մշեցիների միջից են սիրում ընտրել իրենց զուգակից, միայն երբեմնապէս պատահում է , որ Բուլանըխից, Խլաթից, Բաղէշից էլ են հարս բերում։ Քաղաքացիներն ընդհանրապէս քաղաքացիների և գիւղացիները՝ գիւղացիների հետ են խնամում։ Շատ քիչ անգամ քաղաքացու աղջիկը աղքատութեան և կամ տգեղութեան, որ և է արատի պատճառով գիւղի հարս է դառնում։ Երբեմն էլ գեղջկուհու հարստութիւնը, նրա գեղեցկութիւնը նրան քաղաքացու հարս է դարձնում։
       Դասակարգային խտրութիւնն էլ մեծ արգելք է լինում ամուսնական միութեան և մեծ մասամբ բռնութեամբ, փախցնելով է գլուխ գալիս։
       Սովորաբար կոյսը կոյսի և այրին այրու հետ է ամուսնանում, երբեմն միայն կոյս աղջիկը, որ «լորցած » է լինում, առնում է այրի մարդու։

       Ամուսնութեան զանազան դէպքեր. - Պատահում է, որ նշանուած տղան վախճանուած դէպքում, նրա եղբայրն է ամուսնանում նոյն հարսնացուի հետ և կամ վերջինիս մահուան դէպքում նրա քոյրը փոխարինում նրան, և այս գլխաւորապէս այն պատճառով, որ կատարուած ծախսերը ապարդիւն չանցնին։
       Պատահում է, թէպէտ շատ սակաւ, որ ծածուկ կենակցում են եղբօր այրու հետ, այսպէս Մշում նոյնիսկ պատահել է մի դէպք, որ յայտնի դառնալու պատճառով ժողովրդից դատապարտուել է։

       Օրօրոցախազ. - Հնումը պատահում էր, որ երեխաներին նոյն իսկ օրօրոցում նշանում էին, և այս նպատակով օրօրոցի կամարի վրայ խազ (գիծ ) քաշում։ Այս կատարում էին գլխաւորապէս երկու նպատակով. նախ գերդաստանները ցանկանում էին կարելւոյն չափ շուտ բարեկամանալ և երկրորդ՝ երբ մինի երեխաները չէին ապրում, հաւատալով որ նշանածի բաղդը կարող է ապրեցնել՝ շտապում էին նշանելու։

       Ոտք կապել. - Մշեցիները ևս վանեցիների նման աշխատում են պանդխտութեան գնացած երիտասարդներին կապել իրենց ծննդավայրի հետ, որրպէսզի կարելւոյն չափ շուտ վերադառնան, սակայն սրանք վանեցիների պէս միայն չեն նշանում տղին և մինչև պանդխտութիւնից վերադարձը այդպէս թողնում, այլ նախքան պանդխտելը պսակում են։

       Հարսնացուի ընտրութիւն . - Հնումը Մշումն էլ հարսնացուի ընտրութիւնը կատարել են ծնողները, և նոյնիսկ պատահել են դէպքեր, որ միայն պսակի օրն են ամուսնացողները միմեանց տեսել, սակայն այժմ ո՛չ այնքան աղջիկները, որքան տղաները լսելի են անում իրենց ձայնը, այն էլ ոչ թէ ուղղակի, մի ազգականի միջոցով։ Ընտրութեան միջոցին մեծ ուշադրութիւն դարձնում են ընտանիքի բարեմասնութիւնների, նրա տնտեսական դրութեան վրայ։
       Նախքան պաշտօնապէս աղջկան ուզելը, աշխատում են սիրաշահել աղջկայ մօրեղբօրը և նրա միւս ազգականներին և սրանց բարեխօսութիւնը խնդրել։

       Աղջիկտես. - Երբ ցանկանում են մինի աղջիկն ուզել, երիտասարդի մայրը մի քանի ազգականուհիների հետ գնում է դրա տունը և ուղղակի յայտնում է, թէ եկել է աղջիկը տեսնելու։ Եթէ աղջկայ ծնողները տրամադրուած են լինում տալու, թոյլ են տալիս՝ որ աղջկան տեսնեն։ Սրանք նոյն իսկ առանձնացնում են աղջկան, շատ անգամ մերկացնում, նայում, խօսում հետը՝ որին նա նշանացի կերպով պատասխաններ է տալիս։ Եթէ հաւանում են, երեսը համբուրում են և ձեռը մի ոսկի դնում, նախապէս սրա մօր հաւանութիւնն առնելով։ Այս դէպքում միայն ճաշով կամ որ և է բանով հիւրասիրւում են , իսկ եթէ չեն հաւանում, առանց որևէ հիւրասիրութեան հեռանում են։ 

       Նշանտուք. - Աղջիկտեսից յետոյ մի երեկոյ փեսացուի հայրը հրաւիրում է իւր տուն իւր ազգական ու բարեկամ տղամարդկանց, և նրանց հիւրասիրելով մի մի գաւաթ սուրճով ու օղիով, գնում են հարսնացուի տուն։ Եթէ որևէ ազգական չի հրաւիրւում փեսացուի հօր կողմից, սա իրեն վշտացած ցոյց տալով ուղղակի գնում է հարսնացուի տուն, - և այս բարեկամական մտերմութեան նշան է համարւում, որովհետև որոշ ծախսի հետ է կապուած։ Հարսնացուի տանը նախ սուրճ և ապա թէյ են մատուցանում։ Թէյից յետոյ քաւորը խնդրում է, որ մի մի բաժակ օղի տան, և երբ օղին բերում են, խնդրում է, որ հարսնացուին բերեն տեսնեն։ Հարսնացուն մի պառաւ կնոջ առաջնորդութեամբ գալիս է և նախ անպատճառ կնքահօր և յետոյ սկեսրոջ ու միւսների ձեռքերը համբուրում։ Սրանք բոլորն էլ գաղտնի կերպով նրա բուռն են դնում մի մէճիտից սկսած մինչև մի ոսկի։ Թագուորի հայրն էլ 5-30 ոսկի հրապարակով նուիրում է հարսնացուին, վիզը ձգելով իբր մանեակ և կամ տալիս է գլխին կարելու։ Երբեմն, այն էլ շատ հազիւ, հրաւիրում են քահանային, որ գայ նշանը օրհնէ։ Սովորաբար նշանը օրհնում են, երբ պատրաստւում են պսակուելու գնալ։ Այս սովորութիւնը տեղի ունի գլխաւորապէս Մուշ քաղաքում, ուր խալանի սովորութիւնը իսպառ վերացած է։ Հրաւիրեալները հիւրասիրւում են ընթրիքով. յաճախ հրաւիրւում են և դըվչիներ, որոնք դուֆի վրայ զարնում են և երգում։ Շատ հարուստներ նշանտուքից յետոյ 10-20 ոսկի տալիս են քաւոր կնոջ, որը առնելով իւր հետ սովորաբար թագուորի քրոջը , կամ եղբօր կնոջը, գնում է հարսնացուին տեսնելու և իւր ձեռքով կարում է հարսնացուի գլխի շերիտի վրայ այդ ոսկիները, ու հիւրասիրուելուց յետ՝ վերադառնում։

       Հաց կտրել. - Աղջիկտեսից մի քանի օր յետոյ մի երեկոյ երիտասարդի հայրը իւր մի քանի տղամարդ ազգականների հետ, առանց փեսայացուի, գնում է աղջկայ տունը, երբեմն դաւուլ-զուռնի առաջնորդութեամբ, տանելով իւր հետ մի խորոված գառ որ խորվու է կոչւում և 1-5 փութ գինի ։
       Այստեղ հրաւիրւում է նաև աղջկայ տղամարդ ազգականներ և ծխական քահանան։
       Փոքր ինչ խօսելուց և թէ խմելուց յետոյ աղջկայ տանից բերում են երեք հատ լաւաշ հաց. քահանան վերցնում է, դնում միմեանց վրայ ու առաջարկում երկու նոր խնամիներին՝ ծայրերից բռնելու. ապա ինքը դիմելով աղջկայ հօրը՝ ասում է. «Աստւածային հրամանաւ, կանոնիւք ս. հայրապետաց, քու աղջիկդ, Գիւլլիզարը, տվի՞ր այս ինչ մարդու այս ինչ անուն տղային»։
       Հայրը պատասխանում է. «Հրամեցէք, ամենայն սիրով տվի»։
       Քահանան ասում է. «Աստուած ի մէջ սոցա, և սոքա մի՛ սասանեսցին, օգնեսցէ նոցա Աստուած, ի վաղորդայնէ մինչև ի վաղօրդեան»։
       Տիրացուն աւելացնում է. «Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք, ընկալ, կեցո՛ և ողորմեա»։
       Քահանան ասում է. «Օրհնութիւն և փառք » ևայլն։
       Ապա երկրորդ և երրորդ անգամ նոյն հարցը տալով, միևնոյն պատասխանն է ստանում և միևնոյն աղօթքը կրկնում։ Յետոյ պահպանիչ է ասում և հայր մերով վերջացնելով, ասում է. «Աստուած շնորհաւոր ընէ »։ Այս միջոցին բոլոր հանդիսականները բղաւում են. Աստուած շնորհաւոր ընէ։ Եւ երկու նոր խնամիները ձգում են իրենց բռնած հացերը, կտրում։ Տղայի տէրն աշխատում է մեծ մասը իւր կողմին ունենալ և դնում է ծոցը, որ տանի իւր տուն, հաւատալով, որ սրա հետ և հարսնացուի ղսմաթը պիտի գնայ իւր տուն։
       Աղջկայ հայրը նոյն հացերի իւր ձեռքը մնացած մասը դնում է արդէն պատրաստած հացի սեղանի վրայ, և հրաւիրում ընթրելու։ Քահանան վերցնում է մի բաժակ գինի և օրհնում ասելով. «Աստուած շնորհաւոր անէ, մի բարձի ծերանան, աղուբաթը (տառոսը ) բոլորիդ տունն եղնի»։
       Մատուցւում է տոլմա, փիլաւ, եախնի, ձուածեղ, մածուն, սեր, պանիր։ Սրանք բոլորը միաժամանակ դրւում են սեղանին և ով ինչ ուզում է՝ այն է ուտում, ինչ կարգով և կամենայ։ Միևնոյն ժամանակ «կթխայով» (կաւէ բաժակ ) գինի են մատուցանում, որ խմում են երկար բարեմաղդութիւններ անելով։ Վերջը տղայի տնից բերած խորվուն կտոր կտոր են անում, ու նրա փէճը (աջ ոտը ) մի գաթայի հետ տալիս քահանային, որ սովորաբար պահում, տանում է իւր տուն, մնացածն բաժանում են սեղանակիցներին, որոնք առնելով՝ «Աստուած շնորհաւոր ընէ » են ասում։
       Ընթրիքի աւարտին քահանան գոհութեան աղօթքն է ասում, ու դաւուլ զուռնան սկսում է ածել։ Հանդիսականները ցրւում են նոյն դաւուլ զուռնի առաջնորդութեամբ։

       Հարսնտես- «Հաց կտրելուց» մի երկու օր յետոյ տղայի հայրը քաւորի և մի քանի մոտիկ ազգական տղամարդկանց հետ գնում է հարսնացուի տունը, հարսին տեսութեան, տանելով իւր հետ մի-երկու շիշ օղի։ Այստեղ հարսնացուն գալիս համբուրում է սրանց ձեռքը ու նուէր ստանում մի քանի ոսկի կամ մէճիտ։
       Ապա ընթրում են և վերադառնում։

       Խոնչա-բոխչա. -   Ընդհանրապէս նշանադրուած մնում են մի երկու ամիս, սակայն պատահում է, որ պսակը յետաձգում են նոյն իսկ մի-երկու տարի։ Այս միջոցում նշանաւոր տօներին փեսայացուի տնից նուէրներ են ուղարկում հարսնացուի տունը, որոնք կոչւում են խոնչա-բոխչա։ Այս նուէրները գլխաւորապէս լինում են ուտելեղէն և զարդեր։
       Այսպէս՝ Քրիստոսի Ծննդեան երեկոյին փեսայացուի տնից ուղարկւում է հարսնացուի տունը՝ ձուկ, գաթայ, հալուայ, հայելի և եազմա, և կարծես սրան ի տրիտուր ուղարկւում է հարսնացուի տանից փեսայացուի տունը հարսնացուի գործած մի արախչին, մի զոյգ գուլպա, և կարմիր, ինչպէս և զանազան նշխերով գեղազարդուած ձուեր։
       Բարեկենդանին՝ փեսացուի տանից ուղարկւում է հաւ, գաթայ , հալուայ։
       Տեառնընդառաջի փոխինդ, գաթայ։ Զատկին՝ կարմիր հաւկիթ, գաթայ, հալուայ, եազմա։ Նաև Յարութեան առաւօտեան, ինչպէս և Ծաղկազարդին, փեսայացուի տնեցիները գնում հարսնացուին տանում են եկեղեցի և երեք հատ եազմա, մինը կարմիր, մինը՝ դեղին, մինն էլ կանաչ, ձգում երեսին։ Եկեղեցուց հարսնացուին տանում են իրեն հօրանց տուն։ Մինչև պսակը հարսնացուն իրաւունք չունի փեսայացուի տուն մտնելու։
       Համբարձման՝ մի բարդ (30 հատ ) հում հաւկիթ, մի նուկի (2 գրուանքայ ), կարագ, բլղուր և եազմա, դաստմալ (թաշկինակ)։
       Վարդավառին, Ս. Խաչին, գրեթէ միևնոյն նուէրները։
       Ընդհանրապէս տղայի տանը ինչ միրգ որ բերուի, հարսնացուի համար բաժին պիտի ուղարկուի։ Եւ նոյն իսկ եթէ տնեցիների համար որևէ կտոր առնուի, հարսնացուի համար էլ բաժին են հանում, պահում, որ պսակից յետոյ նրան յանձնեն։
       Խոնչա-բողչաները տանում են աղջիկները և կամ հարսները, որոնք հիւրասիրւում են, մի քանի օր մնում, գուլպա, եազմա, թաշկինակ նուէր ստանում և վերադառնում։
       Պսակից մի քանի օր առաջ հարսնացուի ընկերուհիները չամիչ, գաթայ, խնձոր առած գնում են հարսին տեսնելու, ուր և՚ հիւրասիրւում են։
       Պսակադրութիւնից յետոյ հարսնացուի տանից է ուղարկւում խոնչա-բոխչաներ նորափեսի տունը այս միևնոյն տօների միջոցին։
       Միջինքին (Մեծ պասի ) նորահարսի տնից նորափեսին ուղարկւում է մի մեծ, ձեթով պատրաստուած բաղարջ, ընկոյզով և քիշմիշով զարդարուած, որ կոչւում է «հորեգիլ»։
       Եթէ նորահարսն այդ օրը հօրանց տանն է լինում, կեսրանց տանից էլ մի նոյնպիսի «հորեգիլ » ուղարկւում է սրան։ 

       Տաշտադրօնք. - Խալանը կտրելուց յետոյ թագաւորի մայրը հրաւիրում է իւր ազգականուհիներին ու բարեկամուհիներին իւր տուն, հիւրասիրում թէյով և ճաշով , ապա վերցնելով իրենց հետ գաթայ, խորվու (խորոված գառ կամ ոչխար ), հալուայ, օղի, շաքար, թէյ, հարսնացուի համար մի եազմա, դհոլ զուռնի առաջնորդութեամբ գնում են հարսնացուի տունը։ Այստեղ բաւականաչափ պարելուց յետոյ դհոլչուն և զուռնաչուն վարձատրում, յետ են ուղարկում, և հարսնացուի մօր հրաւէրով աւագութեան կարգով ծալապատիկ նստում են։ Այս ժամանակ հարսնացուն քաւոր կնոջ առաջնորդութեամբ գալիս է և մօտենալով բոլորին, համբուրում է ձեքերը. սրանք էլ համբուրում են նրա երեսը և իւրաքանչիւրը ըստ իւր կարողութեան դրամական նուէր է տալիս 5-20 ղուրուշ։ Քաւոր կինը կամ նրան փոխարինող կինը բարձր յայտարարում է, թէ շէն կենայ այսինչը տվեց հարսին երես հինգ ոսկի և այլն, միշտ չափազանցելով տուած գումարը։ Այս սովորութիւնը կոչւում է տաշտատրօնք, թէ ի՛նչ պատճառով յայտնի չէ։ Տաշտատրէսի սովորութիւնը, որ կատարւում է հարսանիքի հացը պատրաստելիս ախալքալաքցիների, գանձակեցիների և այլ ռուսահայերի, և նոյնիսկ վանեցիների մէջ, այստեղ տեղի չէ ունենում, միայն այստեղ երեստեսնանքը կոչւում է տաշտադրօնք։
       Մշու քաղաքում և գիւղերում հարսանիքները գլխաւորապէս տեղի են ունենում Ս. Յակոբ հայրապետի պահոց ուրբաթ երեկոյին (նախըրթողի պասին ) և Առաջաւորաց պահոց . Սարգսի ) ուրբաթ երեկոյեան, ուշ գիշերը ընթրելու պատճառով ուտիսուց կերակուրներ են մատուցանում։ Ընդհանրապէս տէրնդէզը վառելուց յետոյ, այսինքն Տեառնընդառաջից յետոյ հարսանիք չեն անում, թէպէտ և՛ եկեղեցին թոյլ է տալիս, պարզ է, որ այս ևս արևապաշտութեան մնացորդ է։

       Ազպալուածք. - Պսակից մի քանի օր առաջ թագաւորի տնեցիները հաւաքում են ազապ երիտասարդ ազգականների և ընկերների շորերը և թագաւորի շորերի հետ լուանում են. - այս լուացքը կոչւում է ազպալուացք։
       Միևնոյնն անում են ե՛ւ հարսնացուի տանը, հաւաքում են, ազապ աղջիկ - ընկերուհիների սպիտակեղէնը եւ հարսնացուի շորերի հետ լուանում. այս ևս կոչւում է ազպալուացք։
       Եթէ թագաւորի ազգականներից կամ դրացիներից մինը սգաւոր է լինում, թագաւորի հայրը մի գլուխ շաքար և մի շիշ օղի առած գնում է նրանց տուն և թոյլտւութիւն խնդրում դ՚հոլ զուռնով պսակելու տղին։ Եւ երբ հարսանեկան գնացքը մօտենում է սրանց տանը, դհոլ զուռնան դադարեցնում են ածել, մինչև որ անցնում են։
       Պսակի նախընթաց օրը թագուորը հագնում է կարմիր կապայ, կապում դաշոյն և իւր ազապ ընկերներից երկուսին ընտրելով ազապ-պաշի և նրան օգնական, սրանց հետ դհոլ զուռնի առաջնորդութեամբ այցելում է իւր ազգականներին, բարեկամներին և ընկերներին, և համբուրելով հասակաւոր տղամարդկանց և կանանց ձեռքերը, ասում է. «Մենք ձեր զաւակն ենք. յըռջա կէնիմ ձեր յօտնէն, յիրիկուն կնիկ ճճով հրամայէք հարսնիք »։ Հրաւիրեալները նրան ընծաներ են տալիս, այսպէս՝ ոչխար, կով , գառ, դրամ, սալթա (հանդերձ ), գօտի, արախչի։ Սովորութեան համեմատ այս նուէերներն անմիջապէս պիտի տրուի, այնպէս որ իսկոյն բերում են գառները, ոչխարները, կովերը, ականջները կտրում, իբրև նշան նուիրաբերութեան և ուղարկում թագուորի տունը։ Հրաւիրուած ազապ ընկերներն անմիջապէս միանում են թագուորին և կազմում նրա շքախումբը։ Հրաւէրքն աւարտելուց յետ՝ թագաւորն իւր ազապ-չարի-ների հետ առանձնանում է մի տեղ, սովորաբար մի գոմ, ուր ազապները նրան լողացնում են ազապ-պաշու հետ։ Սրանց մերկացնելուց յետ մէջք մէջքի են տալիս և երեք անգամ յետոյքները միմեանց խփում։ Լողացնելուց յետոյ սկսում են հանդերձները հագցնել։ Ազապպաշին հագցնում է թագուորի շորերը զանազան գովասանքներ տալով ու երգելով հետևեալ երգը.

       Թագուոր բարով, հազար բարով.
       Մըր թագուորին ծաղիկ պիտէր ծաղկունաց,
       Ծաղկըներ, նռներ պիտէր ծաղկունաց,
       Որ փըթըթեր թուփն ու տերև հըտ իրրաց։
       - Սուրբ Կարապետի զօրութենով
       Ծառի ծաղիկն ուր ճուղերով
       Ծլան, թըփռան փըթըթալով,
       Ու ծաղկեցան շատ գուներով։
       Մըր թագուորին արև պիտէր լուսաբաց.
       Արևն էր կանաչ, խաչ փոկ պիտէր սրտէն կախած,
       Սատա պիտէր, պաղ աղբըրներ ծըմծըմաց,
       Որ իր ջէյրանով սէյրան ելնէր սրտաբաց։
       Աստուած, որ կաս դու բարի ես,
       Մըր թագաւորի զարևն օրհնես,
       Սուրբ Կարապետ, քե մատաղ ես,
       Մըր թագաւորին շնորհ բաշխես։

       Հինադրէք. - Թագուորի տնից մի տղի գլխին դրած ուղարկում են թագուհու տունը մի մաղի մէջ դրուած մի քիչ հինայ, երեք գաթայ և մի խաչ գաթայ։ Վերջինս խաչաձև է և չամիչներով զարդարուած։

       Տղան պարում է հինան գլխին դրած և երգում.
       Քուրիկ ջան, դու կանի,
       Շորոր էրէ, նազ արի,
       Թուղթ մը հինա եմ բերի,
       Արևս թոռովդ թըղ թըփռի։

       Հինա բերող տղին մի նուէր - դրամ կամ թաշկինակ - տալիս են, հինան վերցնում։ Թագուհու վարպետը շաղւում է հինան, դնում թագուհու ձեռքը, չորս աղջիկ ձեռները քսում են թագուհու հինա դրած ձեռքին և «հինան փախցնում », յետոյ վարպետը կրկին է դնում։ Ապա դնում են բոլոր աղջիկների ձեռները։ Վերջը կտրատում են խաչ-գաթան և բաժանում հանդիսականներին, և այս միջոցին աղջիկները դրամ են ձգում մի թասի մէջ, որ յետոյ տրւում է վարպետին իբր նուէր։
       Այս միջոցին նոյն, թագուհու տնից ուղարկւում է թագաւորի տունը թագաւորի համար սպիտակեղէն, այսպէս՝ մի շապիկ, մի իշլիկ, մի արախչի, և մի խնձոր՝ վերան չորացրած մեխակ (ղարանֆիլ ) շարած՝ փաթաթում են մի մետաքսէ թաշկինակի մէջ, դնում մն մաղի մէջ։ Մի տղայ դնում է այդ մաղը իւր գլխին, և յաճախ պարելով, տանում, յանձնում թագաւորի տնեցիներին, նախապէս մի նուէր ստանալով։ Այս շորերը թագաւորը հագնում է պսակի օրը, իսկ խնձորը բռնում ձեռքին. պսակի աւարտին, թագվերացումից յետոյ, ազապ պաշին կիսում է այս խնձորը, կէսը տալիս թագաւորին, կէսը թագուհուն՝ ուտելու։
       Մուշ քաղաքում հինա-դրէքը մի քիչ տարբեր է կատարւում։ Խորվու հետ, և կամ առանձին, թագաւորի քոյրը և քաւորկինը միքանի հարսների և աղջիկների հետ գնում են հարսնացուի տուն, տանելով իրենց հետ մի թղթէ պարկի մէջ ածած մի՛ քիչ հինայ։ Այստեղ հարսնացուին լողացնում են , շորերն հագցնում և ապա իրենց մէջ առնելով, քաւորկինը գլուխը սանդրում, մազերը հիւսում է, իսկ շրջապատող աղջիկները երգում են։
       Մազերը հիւսելուց յետոյ թէ հարսնացուի և թէ հրաւիրուած աղջիկների և հարսների ձեռներին հինա են դնում։ - Հինան ջրով շաղախում են, ապա քսում ձեռքի ափին և եղունգներին, իսկ ձեռքին երեսին՝ ոչ։ Ապա շորով կապում են, առաւօտ արձակում, բուռը և եղունգները դեղնած են լինում։
       Ընթրում են և ցրւում։
       Նոյն օրը թագաւորն ու ազապ-պաշին, ինչպէս և՚ բոլոր ազապ-չարին հինայ են դնում ձեռներին։ Հինան գովելու, խաղացնելու սովորութիւնը չկայ։
       Եթէ հարսնացուն ուրիշ գիւղումն է գտնւում, իւր տան քաւորկինը և իւր վարպետուհին, որ կար ու ձև կամ ասեղնագործ է սովորեցրել, գալիս են հարսնացուի մօտ՝ լողացնում են և հինայ դնում։
       Եթէ հարսնացուն ուրիշ գիւղում է գտնւում , պսակից միքանի օր, իսկ եթէ նոյն գիւղում՝ մի քանի ժամ առաջ թագաւորի տնից ուղարկւում է հարսնացուի տունը մի կամ երկու ոչխար, կամ երինջ կենդանի, իսկ երկրորդ դէպքում ոչխարը կամ ոչխարները խորովու արած, այսինքն մորթած ոչխարի թոքերը, ստամոքսը, աղիքները հանում են, և ապա ամբողջովին կոխում թոնիր՝ մարմանդ կրակի վրայ և թոնրի բերանը խփում և կաւով ծեփում։ 5-6 ժամից յետոյ լաւ խորովւում է, հանում են և այդպէս, առանց մանր կտրատելու, ուղարկում։ Այս խորվուն տանողը կոչւում է «աղուէս », որին անպատճառ մի որևէ ընծայ են տալիս, ինչպէս՝ թաշկինակ, գօտի, գուլպայ և այլն։ Գիւղի երեխաները յարձակւում են աղուէսի վրայ և խփում, քար գցում, մինչև որ փախչում, ապաստանում է հարսնացուի տանը։

       Կնտել կամ թրաշ. - Թագուորի շորերը հագցնելուց յետոյ ազապպաշու առաջնորդութեամբ և ազապ-չարի ընկերակցութեամբ թագուորը հանդիսաւոր կերպով, դհոլ ու զուռնով գալիս է իւր տուն, ուր արդէն հաւաքուած են լինում հարսնևորները։ Նախապէս թագուորի համար տան մէջտեղում թախտ է կապուած լինում, որի վրայ թագուորը բազմում է. երկար պարելուց յետոյ կանչում են սափրիչին, որ սկսում է սափրել թագուորի գլուխը. ազապ-պաշին մի մեծ մոմ ձեռին կանգնում է թագուորի աջ կողմում և սրա օգնականը՝ նոյն կերպ ձախ կողմում։ Սափրիչը գլխի մազերն ածուների ձևով ածիլում է և ապա ձայն տալիս. «Եկէ՜ք, եկէք թագուորի յերես, թագուորի բոստան կանչըցեր է, թուռա (ընձիւղ ) տուեր է, եկէք ձմերուկ, խիար, եկէ՜ք խըլսաւ»։
       Նախ հայրն ու մայրը և ապա միւս հանդիսականները դրամ են դնում ափրիչի հայելու վրայ, իսկոյն սափրիչը բղաւում է. «Շէն մնայ թագուորի հէրն ու մէր, շէն մնայ, հազար ոսկի էկան թագուորի երես։ Շէն մնայ, շէ՜ն։ » Հանդիսականները կրկնում են «շէն մնա՜յ , շէն։»
       Սափրելուց յետոյ ազապ-պաշին վերցնում է թագուորի գլխարկը և երեք անգամ դնում գլխին ու բարձրացնում, բղաւելով. Աստուած շնորհաւոր անէ »։ Բոլոր հարսնևորները կրկնում են նոյնը։
       Սափրուելուց յետոյ՝ թագուորի հայրն ու մայրը գալիս համբուրում են թագուորին, և օրհնում, որից յետոյ նա բռնում է գեօվնտի գլուխը և պարում։ Պարը մեծ մասամբ տևում է բաւական երկար, յետոյ ընթրում են, խմում, պարում և առաւօտեան մօտ ցրւում։
       Մուշ քաղաքում ազապները բոլորը միասին գնում են բաղանիս, բոլորը լողանում, և բաղանիսի վարձը վճարում է ազապպաշին. այս բաղանիսը կոչւում է փեսա-բաղնիք։ Սափրելու ծէսը կատարւում է մեծ մասամբ թագուորի տանը, և երբեմն միայն բաղանիսում։ 

       Պսակ . - Պսակ երթալու օրը թագաւորի տանը հաւաքւում են սրա թէ՛ տղամարդ և թէ կին ազգականներ. գալիս է քահանան, օրհնում թագաւորի գլխարկը, որը վերցնում է ազապ-պաշին՝ մի նուռ կամ խնձոր նուէր տալով և դնում թագաւորի գլուխը՝ երեք անգամ բարձրացնելով և ասելով. «Աստուած շնորհաւոր անէ »։ Հարսնևորները նոյնը բարձրաձայն կրկնում են։
       Գլխարկ օրհնելու ժամանակ ազապ-չարիներից մինը բարձրանում է կտուրը և հսկում, որ փեսացուի թշնամիները չգան կտուրը և մի մետաքսէ թել հանգոյց ձգեն, որի զօրութեամբ նորափեսան կարող է կապուիլ-կորցնել առնականութիւնը։
       Գլխարկը օրհնելուց յետ թագաւորի հայրը, քաւորը և տղամարդ հարսնևորներից շատերը դհոլ զուռնի առաջնորդութեամբ գնում են հարսնացուի տունը, տանելով իրենց հետ օղի, գինի և հարսնացուի հարսանեկան շորերը։ Այստեղ հարսնացուի քահանան օրհնում է՛ նշանը և հարսանեկան հանդերձը, որը վերցնում է քաւոր կինը և տանում հագցնում հարսնացուին։ Այս միջոցին եկող հարսնևորները հիւրասիրւում են ճաշով։

       Հարսնացուի հանդերձը հագցնում է նրա վարպետուհին, շրջապատուած նրա ընկերուհիներով, որոնք երգում են հետևեալ երգը. -
       Տնիկ ու շէմքիկ,
       Էլ դուք մի՛ք ժաժա,
       Մենք ինք ժաժալու.
       Շողիկ տանելու։
       Աւլիկ ու կժիկ,
       Էլ դուք մի՛ք ժաժա,
       Մենք ինք ժաժալու,
       Շողիկ ողբալու։
       Աղբրիկ էլ չծըմծըմաս,
       Մաղիկ էլ չխըլվըլաս (շարժուել),
       Մենք ինք երրալու,
       Շողիկ երամէն ջոկելու։
       Գիշե՛ր, դու տարի եղիր,
       Աղօթրան դու լէ հեռացիր,
       Մէր երա՛մ հասրաթ հանիր,
       Էս անդարձ, օղուր (յաջորդ ) օրին։

       Երբ հարսնացուին հագցնում, կապցնում են, կանչում են քաւորին, և սա նուէր է տալիս վարպետուհուն, իբր վարձատրութիւն այն աշխատանքին, որ նա կրել է հարսնացուին կար ու ձև, ասեղնագործ սովորեցնելու։ Մշեցիների մէջ չկայ այն սովորութիւնը , որ քաւորը կապէր հարսնացուի գօտին, միայն տեղի է ունենում այն, որ երբ հարսնացուին կամենում են առաջ բերել, հարսնացուի եղբայրը և կամ մի մօտիկ ազգական բռնում է դուռը և չի թոյլ տալիս, մինչև որ քաւորից մի գօտի նուէր չի ստանում. այս գօտին կոչւում է «աղբըր-գօտի»։
       Վարպետուհին հարսնացուին մետաքսէ քողով պատած առաջ է բերում, և սա համբուրում է հօր, մօր և միւս ազգականների ձեռքերը, լաց լինելով, իրանք էլ օրհնում են նրան ու համբուրում նրա երեսը։
       Քաղաքում հարսնացուի տան քաւորը բռնում է հարսնացուի ձեռքը և տալիս թագուորի քաւորին , ասելով.
       - Սանիկս քեզի կը յանձնեմ, քեզի ալ Աստծու, կը խնդրեմ օր մուխիաթ էղնիս. (պաշտպանես)։
       Քաւորը պատասխանում է. «Անհոգ մնացէք, իմալ իմ ախչիկ, իմ աչքի լուսի պէս կը պահեմ»։
       Հարսնացուն հնումը չոքում, համբուրում էր տան շէմքը, իսկ այժմ համբուրում է կշտանոցը (փեղկը ), և դուրս գալիս։ Գիւղում երկու կին, որոնք կոչւում են հարսընքուր, բռնում են նրա կռներից և մի տղայ, որ սովորաբար եղբայրը կամ մի մօտիկ ազգական է լինում, գնում է նրա յետևից. վերջինս կոչւում է հարսնաղբէր։ Քաղաքում հարսնաղբէրը մի ուրիշ տղի հետ բռնում է հարսնացուի կռներից, իսկ հարսնքուրերը գնում են ետևից։ Այս միջոցին հարսնացուի ազգականները բռնում համբուրում են թագուորի տնից եկած կանանց, որոնք ամէն կերպ ընդդիմանում են և երբեմն կռուի պատճառ դառնում։ Այս համբոյրը կոչւում է խնամապաչ։ Հարսնացուի հայրն ու մայրը, ինչպէս և մօտիկ, տարիքոտ ազգականներն ու կնքահայրը, չեն ուղեկցում հարսնացուին։ Սրանք մի ուրիշ օր, ինչպէս կը տեսնենք, գնում են հարսին տեսնելու։
       Երբ հարսին հանում են հօրանց տանից, նրա գրպանը չամիչ են լցնում և մի քանի զոյգ փոքր գուլպաներ դնում, այս ժամանակ աղջիկները երգում են.

       Զչամիչ մաղով մաղեցին,
       Շողերի (հարսնացուի ) ջէբեր լցեցին,
       Զղարիբ ճամփայ դրեցին։

       Եւ որովհետև սովորութիւն է, որ հարսնացուին տանելուց յետ թախտ չեն աւելում, որպէս զի նրանից յետոյ հօր տունը չաւիրուի, ուստի նոյն աղջիկները երգում են.

       Մէրիկ, մի՛ աւլի զտախտիկ,
       Որ չաւրի քու աղջկայ հետիկ,
       Թըղ մնայ քի նմուշիկ,
       Որ հանիս քու սրտի հասրաթիկ։

       Պսակ տանելիս հարսնացուի կօշիկների մէջ գիւղերում գարնանացան ցորեն են ածում, իսկ քաղաքում մանր դրամ, որպէս զի հարսի ոտը փեբարով (խէրով ) գայ կեսրանց տան վրայ։
       Թագուորի տնից եկող հարսնածներն աշխատում են հարսնացուի տանից գողանայ մի խուփ, որպէս զի հարսնացուն «խուփ»-չխօսկան լինի, նաև գդալ, որպէս զի նրա բաժին ղսմաթն էլ նրա հետ գնայ։
       Հարսը կամաց կամաց, դաւուլ զուռնի առաջնորդութեամբ ուղևորւում է դէպի եկեղեցի։
       Թագուրոն էլ ձեռին մի թաշկինակով բռնած խնձոր քթին դէմ տալով, աջ կողմում ազապպաշին, ձեռին մի թուր, ձախում ազապ-պաշու օգնականը՝ ձեռին նուրցը, քաւորն ու քահանան էլ յառաջ ընկած դհոլ զուռնի առաջնորդութեամբ նոյնպէս գնում են դէպի եկեղեցի, միայն ոչ այն ճանապարհով, որ հարսնացուն է անցել։ Քաղաքում թագուորը գնում է եկեղեցի և այստեղ սպասում հարսին, մինչդեռ գիւղերում նա պարտաւոր է մի տեղ սպասել, մինչև որ հարսնացուն գայ։
       Քաղաքում թագուորին եկեղեցում նստեղցնում են մի աթոռի վրայ, աւագանի դասում, եւ ազապ-պաշին ու օգնականը կանգնում են կողքերին, հարսնեւորներից չարաճճիները գալիս աշխատում են համբուրել թագուորին, իսկ ազապ-պաշին ու իր օգնականը, ազապների հետ թոյլ չեն տալիս, սկսում են աղմուկ բարձրացնել։
       Գիւղերում թագուորը սպասում է մի որոշ տեղ, հարսնացուին բերում են նրա յետեւը կանգնեցնում, եւ հրում, խփում թագուորի քամակին։ Ապա այսպէս թագուրոն առաջից հարսնացուն յետեւից յառաջանում են դէպի եկեղեցի։ Հարսնեւորները հսկում են, որ սրանց միջով մարդիկ չանցնեն, եւ կամ քար նետեն, որպէս զի սրանց «կոխուածք » չլինի-չկորցնեն առնականութիւնը։
       Եկեղեցու դուռը ժամկոչը փակած է լինում, քաւորը դրամական նուէր է տալիս, որ բաց անի։ Ազապ-պաշին իւր ձեռի թրի ծայրը խրում է դռան ճակատին եւ այդպէս բռնում, մինչեւ որ թագաւորն ու թագուհին անցնում են տակից։ Այս միջոցին ազապ-պաշին եւ ազապները բղաւում են. «Աստուած շնորհաւոր ընէ»։
       Եկեղեցում քահանան առանձին, առանձին խոստովանեցնում է հարս ու թագուորին, եւ սրանց խրատներ տալիս, առանձնապէս թագուորին պատուիրում է չորեքմուտք , ուրբըթմուտք եւ կիրակմուտք երեկոներին եւ ամբողջ մեծ պասին հեռու մնալ առագաստից, ինչպէս եւ ծննդաբերութիւնից առաջ եւ յետոյ քառասունք պահել։
       Քաւորը խաչը թագուորի եւ թագուհու գլխին բռնած միջոցին, մի քանի անգամ կամացուկ խփում է սրանց գլխներին։
       Իսկ պսակի կատարման միջոցին թագուորը աշխատում է հանել թագուհու մատից մատանին եւ անցնել իւր մատը եւ միեւնոյն ժամանակ իւր աջ ոտով նրա ձախ ոտը կոխում, որպէս զի թագուհին իւր իշխանութեանը հպատակուի։
       Ուշագրաւ է, որ հարսնքուրն էլ պինդ բռնում է հարսնացուի ծամերի արմատից, որպէս զի վերջինս «կապս » չընկնի (կանացիութիւնից չզրկուի)։
       Պսակի խորհուրդը կատարելիս քահանան ազապ-պաշու եւ նրա օգնականի ձեռքից առնում է նուռցն ու թուրը եւ գնում սեղանի վրայ, ապա պսակի աւարտին մի նուէր ստանում եւ վերադարձնում։
       Պսակի աւարտին թագուհին ու թագաւորը կողք կողքի կանգնում են սեղանի առջեւ, քահանան թագաւորի ձեռքը տալիս է աւետարանը եւ հրաւիրում հարսնեւորներին թէ «եկէք թաքուորի յերես »։ Նախ հարսընքուրը գալիս համբուրում է թագուորին եւ հարսնացուի հօր կողմից նուիրում է մի գլխարկ, կամ մտեաքսէ թաշկինակ եւ կամ ժամացոյց, միեւնոյն ժամանակ մի քանի ղուռուշ խաչհամբոյր ձգում ազապ-պաշու ձեռին բռնած ափսէի մէջ։ Յետոյ բոլոր հարսնեւորներին են խաչհամբոյր ձգում, որ պատկանում է քահանային։
       Պսակի աւարտին ժամկոչը կրկին փակում է եկեղեցու դուռը եւ կրկին նուէր ստանալով քաւորից՝ բաց անում։ Թագուորն ու թագուհին միեւնոյն կարգով, ինչ կարգով որ միասին գնացել են եկեղեցի վերադառնում են թագուորի տունը, միայն ուրիշ ճանապարհով։ Այս անգամ սկսում են մեծ ուրախութիւն ցոյց տալ, երեւում են երեխաներ, որոնք երեսներին ալիւր քսած՝ զանազան խեղկատակութիւններ են անում, մինն էլ մի իշու վրայ թարս նստած, պոչը ձեռն առած, զանազան միմոսութիւններ անելով զբաղեցնում է հարսնեւորներին։ Եթէ թագուորի ազգականների դռնով են անցնում, օղի եւ քաղցրեղէն են դուրս բերում, հիւրասիրում։ Շատ անգամ ազապ-պաշին մի բաժակ օղի երեք անգամ մօտեցնում է թագուորի շրթունքներին եւ բարձր բղաւում. «Աստուած շնորհաւոր անի »։ Եթէ հարսնացուի տունը նոյն ճանապարհի վրայ է գտնւում, միայն թագուորին իւր ազապ-պաշու հետ տանում են տուն, մի մի նուէր տալիս եւ անմիջապէս յետ դարձնում։ Երբ մօտենում են թագաւորի տանը, մինը երգում է.

       Թագուորի հէր տիւրս արի.
       Փունջ մը շուշան ինք բերի,
       Թագուորի մէր, տիւրս արի,
       Թոփ մի խաթունի ինք բերի,
       Թագուորի աղբէր, տիւրս արի,
       Ապրշմէ փէժկիր մինք բերի։

       Գիւղերում թագուորի մայրը մի քանի հաց ձեռին դուրս է գալիս, մի քանի հաց է գնում հարսնացուի գլխին եւ երկու հաց ձեռներին բռնած սկսում է պարել, այս միջոցին մինը ջրով լի մի փարջ խփում է գետնին թագուորի ու թագուհու առջեւ եւ կոտրում։ Պարում են նաեւ ուրիշ կանայք։ Հէնց այս ժամանակ տնեցիներից ոմանք կտուրից չամիչ, ընկոյզ, երբեմն նաեւ մանր դրամ թափում են հարսի գլխին, հարսնեւորները հաւաքում են։
       Ազապ-պաշին խրում է թրի ծայրը դռան ճակատին, այս միջոցին մի կտոր խմոր տալիս են թագուհուն, որ նոյնպէս կպցիում է դռան ճակատին, եւ ապա թագուորն ու թագուհին մտնում են ներս, նախ աջ ոտքը դնելով շէմքի վրայ։
       Քահանան զգեստաւորւում է եւ «Առաւօտ լուսոյ » կամ «Թագաւոր փառաց » շարականն ասելով եօթն անգամ պտտւում թոնրի շուրջը, նրան հետեւում են նորապսակները իրենց շքախմբով։ Ապա քահանան հրաւիրում է թագուորի մօրը, որ գայ Աւետարանը համբաւէ։ Մինչեւ այդ ժամանակ Աւետարանը թագուորի կրծքին բռնած է լինում, քահանան վերցնում է, առաջարկում նրա մօրը համբուրելու եւ խաչհամբոյր ստանում։

       Այս միջոցին ծերունիներից մինն ասում է.
       -Ո՜վ ջաղամաթ , հանդիսականը,
       Դուք լէ օրհնէք մըր թագուորին
       Որ մըր ջուխտաք ծլին ծաղկին,
       Ընդրանց պտուղք մանկունք եղնեն,
       -Դուք օրհնելով մըր արեւ-լուսին
       Մենք լէ կը խնդրէնք վերին հօրին,
       Որ մըր ջուխտակի աղուբաթին
       Բարով խէրով խէրով որդիքդ հասնին։

       Ապա ազապ-չարիները թագուորի առնում, գնում են մի ուրիշ սենեակ, իսկ թագուհուն տանում են վարագոյրով ծածկուած անկիւնը, ուր անմիջապէս մի արու երեխայ են բերում, դնում նրա գիրկը, որպէսզի նրա առջինեկը տղայ լինի, եւ նա նախապատրաստած փոքրիկ գուլպաները իւր գրպանից հանելով հագցնում է երեխային։ Հարսնաղբէրը եւ հարսնքուրերը մնում են նորահարսի մօտ։
       Այդ գիշերը նորահարսը չի քնում, որովհետեւ հաւատում են, որ եթէ քնի, նրա գեղեցկութիւնը կանցնի նորափեսին, իսկ եթէ նորափեսան քնի, սրա գեղեցկութիւնը կանցնի նորահարսին։
       Պսակի օրը հարսնացուի տանը եւս հրաւիրւում են ազգական կանայք եւ տղամարդիկ, որոնցից անշուշտ երկու կին եւ երկու-երեք տղամարդիկ, հարսնացուի հետ գնում են եկեղեցի եւ այստեղից գալիս նորափեսի տունը, ուր միայն քառորդ ժամ մնալով երկական բաժակ օղի են խմում եւ վերադառնում նորահարսի տունը, լուր տանելով՝ որ յաջողութեամբ կատարել են պսակի խորհուրդը։ Այստեղ այս բոլոր հրաւիրեալները շարունակում են ուրախութիւնը եւ ընթրում են , խմելով նորափեսի տանից նուէր բերուած 1/2-1 լիտր (12-24 շիշ ) օղին։
       Թագուորը իւր ազապչարների հետ մի այլ սենեակում, կամ հարեւանի տանը երգում, պարում են, իսկ թագուորի տանը ճաշ են մատուցանում ինչպէս արդէն եկած հարսնեւորներին, այնպէս եւ՛ նոր հրաւիրուած մի քանի յարգելի հիւրերի։ Ճաշի վրայ քահանայի առաջարկով խմում են մի քանի կենացներ, բարեմաղթութիւններ անելով։ Ճաշից յետոյ հարսնեւորները ցրւում են, հրաւիրուելով գիշերը գալ պարահանդէսին մասնակցելու, եթէ կամենան։
       Սրանց ցրուելուց յետ ազապչարիները թագուորի հետ գալի՛ս են տուն , ճաշում, որից յետոյ մի կաւէ քէասա բերում բերնքսըվայր դնում են հարսնաղբօր առաջը, պահանջելով, որ բռունցքով խփի կոտրի, ասելով. «Կոտրի քէասէն, ապրի փեսէն »։ Եթէ սա վստահ է իւր ուժի վրայ՝ խփում է բռունցքով եւ կոտրում, իսկ եթէ վստահ չէ եւ կամ խփելով չի կարողանում կոտրել, այն ժամանակ 10-20 ղուրուշ տուգանք է վճարում, որով խմիչք են առնում , խմում։
       Սրանցից յետոյ կանայք են ճաշում, ապա բոլորը նորից հաւաքւում են պար-տունը, սկսում պարել։
       Պսակի գիշերը, երբ թագուորի տանը կանայք նստում են ճաշելու, թագուորի կողմից տղամարդիկ գնում աշխատում են համբուրել նորահարսի տնից եկած կանանց, իսկ սրանք ամէն կերպ ընդդիմանում են։ Այս համբոյրները կոչւում են խնամապաչ։
       Պսակի հետեւեալ օրը նորահարսի տանից խոնչա - զանազան թխուածքներ կամ շաքար - է ուղարկւում նորահարսին, հետեւեալ օրերն էլ նոյնպիսի ընծայ ուղարկւում է նորահարսի ազգականներից։
       Հարսնաղբէրը մի երկու օր մնում է նորահարսի մօտ եւ ապա մի գօտի, կամ մի զոյգ կօշիկ եւ կամ մի ֆաս ընծայ է ստանում եւ վերադառնում, իսկ հարսնքուրերը պսակի նոյն գիշերը վերադառնում են, առանց որեւէ ընծայ ստանալու։
       Քաղաքի պսակադրութեան սովորութիւնը տարբերւում է գիւղականից հետեւեալով. 1) Հարս ու թագուորի գլխին քիշմիշ, ընկոյզ եւ մանր դրամ չեն ածում։ 2) Թոնրի շուրջը թագուորն ու թագուհին 7 անգամ շրջելիս՝ քահանան չի մասնակցում, այլ երիտասարդներն են զանազան երգեր երգում։ 3) Պսակի հետեւեալ առաւօտեան թագուորի մօտիկ տղամարդ ազգականները հրաւիրւում են խաշ ուտելու։ Նոյն առաւօտեան հարսի տնեցիք էլ հրաւիրում են իրենց մօտիկ տղամարդ ազգականներին խաշ ուտելու։ 4) Ազապ-չարիները պսակի գիշերն աշխատում են գողանալ նորահարսի մատանին, սակայն հարսնաղբէրը հսկում է՝ թոյլ չտալու, եւ եթէ գողանան կը յանձնեն թագուորին եւ կստիպեն հարսնեղբօրը փրկանք վճարելու եւ վերցնելու։ 5) Տեղի է ունենում կթխի սովորութիւնը , որ գիւղերում չկայ։

       Նուրձ կտրել. - Պսակից մի կամ մի քանի օր յետոյ կատարում են պսակի վերացումը, որ տեղական բարբառով կոչւում է «նուրձ կտրել », կամ «խաչ-փոկ (նարօտ ) առնել» (կտրել Գալիս է քահանան եւ կնքահայրը , մի քանի տղամարդ բարեկամներ։ Թագաւորն ու թագուհին մէջք մէջքի տուած նստում են մի բարձի վրայ, եւ կամ գլուխ գլխի տուած չոքում։ Քաւորն աջ ձեռքով բռնում է սրանց գլխին իւր թուրը, պատեանը խաչաձեւ վրան դրուած, ձախ ձեռին էլ ունենում է նուրձը։ Քահանան պատշաճ կարգը կատարելուց յետ՝ նուրձը բաժանում են, ազապպաշին էլ թագուորի ձեռի խնձորը կիսում է, կէսը տալիս թագուորին, կէսը թագուհուն՝ ուտելու։ Թագուորի պսակն էլ թագուորամէրը դրամ է տալիս քահանային առնում եւ տանում հարս ու թագուորի բարձի մէջ կարում։

       Կթխա. - Թագուորի հայրը պսակի երկրորդ կամ երրորդ օրը հրաւիրում է նորահարսի հօրը իւր տղամարդ ազգականների հետ շնորհ բերել իրենց մօտ. հրաւիրում է նաեւ իւր ազգական տղամարդկանց։ Ճաշով հիւրասիրելուց յետ՝ նորահարսի ազգականները մէկ մէկ գնում են նորահարսի մօտ մի ուրիշ սենեակ, եւ մօտը մի քիչ նստելուց եւ խրատներ տալուց յետոյ՝ դրամական նուէր են տալիս՝ 20 ղուրուշից մինչեւ մի ոսկի։ Բայց նախ եւ առաջ նորահարսի տան քաւորը խնդրում է թագուորի տան քաւորից կանչել թագուորին, որ տեսնեն։ Նախ գալիս է ազապ-պաշին եւ բոլորին մի մի բաժակ օղի բաշխում, ապա երեւում է թագուորը, համբուրում է երկու քաւորների, հօր եւ աներոջ ձեռքերը եւ միւսներին բարեւում. ապա մի մի բաժակ օղի բաշխում եւ հեռանում։ Սրանից յետոյ արդէն ճաշում են։
       Եօթն օրից յետոյ նորահարսն առաջին անգամ աւելում է սենեակը եւ այս միջոցին դիտմամբ մի դրամ եւ կամ զարդ դնում են դռան յետեւը, որպէս զի նա վերցնէ իրեն։

       Ջէհէզ. - Պսակից 10-15 օր յետոյ տեղի է ունենում միայն քաղաքում հարսի օժիտի առաքումն ու բացումը։ Հաւաքւում են նորահարսի ազգականուհիները եւ նրա օժիտը մի սնտուկի մէջ դարսած, տալով մի մարդու շալակ, գնում են թագուորի տունը։ Նորահարսի մայրը չի գնում, մինչեւ որ նորափեսան ինքը չի գալիս հրաւիրում։ Հրաւիրւում են նաեւ նորափեսի ազգականուհիները։ Այստեղ մի կին, նախապէս ստանալով մինչեւ մի մէճիտ կամ մի շորեղէն նուէր, բաց է անում սնտուկը եւ մի առ մի օժիտը ցոյց տալիս բոլոր հրաւիրուած կանանց, որից յետոյ հիւրասիրում են ճաշով։

       Սովորաբար օժիտը բաղկացած է լինում հետեւեալ կտորներից.
       6-12 ձեռք սպիտակեղէն, նոյնքան էլ հանդերձ։
       2-3 զոյգ կօշիկ եւ գուլպա։
       Թել, ասեղ, հայելի, սանտր , լուցկի։
       Գիւղացու հարսի օժիտը լինում է.
       2-3 մեզար (գոգնոց ), ասեղնագործ.
       2-3 մեզրի թել.
       1-2 սրտանոց եւ սրտանոցի թել.
       Մի քանի ասեղնագործ արախչի.
       Մի շապիկ եւ մի վարտիկ նորափեսի համար։
       Մի քանի զոյգ գուլպա եւ սաղ (զանկապանակ կամ թօզլուխ)։
       Սարեկ - կաւէ ամանի բերանին կապելու ասըղնըգործ կտաւի կտոր։
       Լարնթել (պարկի բերանը կապելու թել).
       Սամաթել - սամիները կապելու գեղեցիկ գործուած թել.
       Ձիու լոխթա (նոխտա)։
       Հաւսաբ (ձիու կապ)։

       Այս բոլորն էլ նորահարսը պատրաստած է լինում ինքը, նախքան նշանադրութիւնը։
       Այս օժիտը մնում է հօրանց տանը եւ երբ նորահարսն առաջին անգամ դարձ է գալիս՝ վերադարձին տանում է իւր հետ։

       Հարսի առաջին դարձ եւ փեսապատիւ. - Պսակից 15 օր յետոյ նորահարսի եղբայրները կամ հօրեղբօր տղաները գնում են նորափեսի տունը, տանելով իրենց հետ մի գլուխ շաքար եւ հիւրասիրուելուց յետոյ վերցնում են նորահարսին, բերում իրենց տուն ։ Սովորաբար նորահարսը բերում է իւր հետ սկեսարից ստանալով մի մեծ նուռ եւ համբուրելով իւր հօր ձեռքը՝ տալիս է նրան։ Չորս-հինգ օր յետոյ նորահարսի հայրը հրաւիրում է իրենց մօտ նորափեսին, իւր ազապչարիներով նրա հօրը եւ տղամարդ մօտիկ ազգականներին, ինչպէս եւ՛ իւր եւ նրանց քաւորներին, նաեւ իւր տղամարդ ազգականներին ընթրիքի։ Նորափեսան չի ընթրում հրաւիրեալների հետ, ո՛չ էլ սրանց հետ խօսում, այլ մի անկիւնում լուռ նստում է։ Երբ սրանք վերադառնում են, նորափեսան իւր ազապ պաշու եւ մի քանի ազապչարիների հետ մնում է, եւ նստում ընթրելու, սակայն բերանը բաց չի անում, մինչեւ որ աները մի նուէր չի խոստանում, իբրեւ ակռաժաժելէն։ Ինքն էլ մի ընծայ է տալիս զոքանչին, որ կոչւում է զոքանչ-փեթիկ ։
       Տասնըհինգ օրից յեիոյ նորափեսի եղբայրները մի գլուխ (3-4 ֆունտ ) շաքար ընծայ են տանում նորահարսի տունը, ուր հիւրասիրուելուց յետ վերցնում են նորահարսին եւ վերադառնում։ Սա կոչւում է առաջին դարձ եւ նորահարսի ծնողները պարտաւոր են 1-2 ոսկի կամ մի ֆստան ընծայ տալ։
       Սրանից էլ տասնըհինգ օր յետոյ քաւորն է պարտաւոր նորահարսին դարձ տանելու, եւ մի քանի օրից հրաւիրելու նորափեսին իւր ազապ-չարիներով։ Քաւորն էլ պարտաւոր է նորափեսին եւ նորահարսին մի մի ընծայ՝ 1-2 քսաննոց ոսկի (1ր. 60-3ր . 20) եւ կամ միֆստան ընծայ տալ այս ընծան կոչւում է «Հլղաթ»։
       Քաւորի տանից յետոյ երբ 15 օր մնում է նորահարսը կեսրանց տանը՝ մօրեղբայրն է հրաւիրում, եւ գործեալ նորափեսին իւր ազապ-չարիների հետ մի երեկոյ փեսապատիւ կանչում ընծաներ տալիս։ Այստեղ եւս 15 օր մնալուց յետ՝ վերադառնում է ապա այսպէս շարունակ 15-ական օրից յետոյ հրաւիրում են միւս ազգականները եւ այդքան օրեր պահում, այնպէս որ ամբողջ տարին նորահարսն անց է կացնում կէս տարին սկեսրանց եւ կսը իւր ազգականների եւ հորանց տանը։
       Ամեն հրաւիրող պարտաւոր է մի գլուխ շաքար ընծայ տանել, ինչպէս եւ մի գլուխ շաքար են բերում նորահարսին յետ տանելու։
       Նորափեսան փեսապատուի գնալիս մի նուռ է տանում եւ նուիրում տան մեծին։ Բացի սրանից մի սինի թխուածք ընծայ է ուղարկւում նորափեսի տանից նորահարսին դարձ տանող տունը։ Երբեմն էլ թագուորի ազգականներն են նորահարսին դարձ տանում եւ այս դէպքում նորահարսի հօրանց տանից մի սկո տեղ թխուածք ընծայ է ուղարկում։