Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶԳԵՍՏՆԵՐ

       Շապիկ. - Կարում են Բաղէշի սպիտակ կտաւից, կամ Հալէպի Ատանայի մէջ գործուած ամիրիկեան կոչուած կտաւից։ Սա իջնում է ծնկներից ներքև, ունի երկար թևեր, որ մինչև դաստակը հասնելուց յետոյ դարձեալ 72 սանտիմետրաչափ երկարում է, միայն մի տակ և հետզհետէ նեղանալով։ Այս մասը կոչւում է հուճըկ կամ թեւանի, և սովորաբար ձգւում է ուսերին, նախապէս շապիկի թևը քշտելով մինչև արմուկը։ Կուրծքը բացւում է մինչև գօտկատեղին, և բկի տակ միայն մի կոճակով կոճկւում է։ Շապկի աջ և ձախ կողքերին 10 սանտիմետրաչափ բացուածք, չաք , ունի։

       Թումպան. - Կարում են նոյն շապկի կտորներից։ Բաւական լայն է. հագնում են ոտներին, շապկի տակից։ Կողքերին ունի ի մի բացուածք, որ ջեբ է կոչւում։ Ուչխուրով կապում են առջևում։ Միզելիս ջեբերից մինը առաջ են քաշում և այդ բացուածքից օգտւում։ 

       Շալուար. - Կարում են տեղական բրդէ շալից։ Միանգամայն նման է թումպանին, միայն նրանից փոքր ինչ աւելի լայն է։ Փողքերի ներքին ծայրերին կարում են ղայթան։ Շալուարի մէջ դնում են շապկի քղանցքները։

       Ելակ. - Կարում են մանուսա կոչուած տեղական բամբակէ կտորից։ Եւրոպական ժիլէտին միանգամայն նման է, անթև, և անգրպան, կուրծքը երբեմն եռանկիւնաձև բացւում է, բայց սովորաբար կոճակներով կոճկւում մինչև բուկը։
       Ելակը հագնում են շապկի վրայից։

       Իշլիկ. - Կարում են չթից կամ մանուսայից։ Նման է ելակին, միայն երկար թևեր ունի և կուրծքն ամբողջովին կոճկւում է։ Հագնում են ելակի վրայ։ Սրա վրայից կապում են գօտի։

       Անթարի. - Կարում են մանուսայից կամ չթից։ Կանանց անթարու նման է, միայն փոքր ինչ կարճ, հասնում է մինչև ծնկները, ունի գրպաններ կողքերին, չաքերից վերև, և կամ ձախ կրծքին , արտաքուստ։

       Սալթա. - Կարում են մահուդից։ Իջնում է մինչև գօտկատեղին, ունի երկար թևեր, որ հասնում են մինչև դաստակը, եզրափակուած է ղայթանով և ունի սըճեւ, այսինքն եզրներին մօտիկ ներքուստ 3-4 սանտիմետր լայնութեան կապոյտ երիզ է կարուած։ Կուրծքը ամբողջովին բաց է, առանց կոճկի, և քղանցքները իրար չեն հասնում։
       Սալթան հագնում են անթարու վրայ։

       Ապա. - Երբեմն սալթայի վրայից, երբեմն էլ ուղղակի անթարու վրայ հագնում են ապա, որ միևնոյն վանեցոց քեզախիկն է։ Կարում են այծի չուռից (բրդից ) գործած մազոտ կտորից։ Իջնում է մինչև գոտկատեղին, ծածկում ամբողջ թիկունքը և կողերը, իսկ լանջն ամբողջովին մնում է բաց։ Թևերը հասնում են միայն մինչև արմունկը, և թևի տակից կախւում են միմի փնջիկ։ Կրծքի եզրերը պատած են կանաչագոյն ժապաւէնով և մի սանտիմետր լայնութեան կլապիտոնով։