Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼԽԻ ՅԱՐԴԱՐԱՆՔ

       Աղջիկների. - Սովորաբար սպիտակ լաչիկ (80 սանտ. երկարութեան քառակուսի սպիտակ կտոր ) և կամ սպիտակ, անկիւնները նխշուած եազմա (նուրբ բամբակեայ գործուած կտոր ) եռանկիւնաձև ծալում են, և անցկացընելով ճակտի վրայով, ծայրերը ծածրակի մոտ հանգուստում։
       Տօն օրերին ծածկում են ֆէս, վերան դնում գագաթ, - Սա արծաթէ ափսէի նման մի զարդ է, որի շուրջը կարճ շղթաներով կախուած են նոյնպէս արծաթէ մահիկներ։ Գագաթը զարդարուած է րըլիէֆ նշխերով։
       Աղջիկները մազերը հիւսում են, 7-8 հիւսակ անում, և ծայրերն ամրացնում են (խափ կենին ) ծամ թելով - Ծամ-թելը կամ մետաքսէ սոսկ գայթան է լինում և կամ սրանից կախուած արծաթէ շղթաներով մահիկներ։
       Հարսերը միայն երկու հիւսակ են անում, իսկ տարիքաւոր կանայք և պառաւները՝ մէկ։

       Կանանց յարդարանք - Մազերը գագաթի մէջտեղից երկուսի են բաժանում, երկու ծամ անում և ծամ-թելով կապում։ Ապա ծածկում են ֆէս, որի մէջ գնում են 8-10 սանտիմետր լայնութեան փայտէ շրջանակ, ամրացած բարձիկի վրայ, որպէսզի գլուխը չցաւացնէ։ Բարձիկը 3-4 սանտ. տրամագծով բամբակով լիքը գլան է։ Այսպիսի ֆէսը կոչւում է քոֆի։ Այս քոֆին գլխին դնելուց յետոյ, ներքին եզրին կապու են ճակըտ-կապ ։- Սա մետաքսից կամ բրդից նուրբ գործած քառակուսի փուշի է, մօտ 80 սանտիմետր մեծութեան, որ նախ եռանկիւնի, և ապա իրար վրայ, մոտ 4 սանտիմետր լայնութեան ծալելով, կապում են ու ծայրերը ծոծրակի մօտ հանգուստում։ Հարուստ կանայք այս փուշու փոխարէն ճ ակտի-ոսկի են կապում. - Սա էլ մի եզրի վրայ կտրուած 10-20 քսաննոց (1ր. 60 կ ) տաճկական ոսկի է լինում, յատկապէս մի կողմը ծակուած, երիզի վրայ ամրացընելու նպատակով ։
       Տարիքաւոր կանայք քօֆու փայտէ շրջանակը այլ ևս չեն գործածում, այլ միայն բարձիկը, որը գլուխը դարձնում է կոնաձև։
       Նորատի կանայք քօֆու վրայից կապում են Եազմա կամ Թամազի (մետաքսէ գործուած շղարշ ) իսկ տարիքաւորները՝ մոմի (Բաղէշում գործուած թանձր, բամբակէ կտոր Եազման, թամազին և կամ մոմին եռանկիւնաձև ծալում են, ձգում գլխին և ծայրերը կզակի տակովանցկացնելով՝ այտերի մօտ ամրացնում։

       Տղամարդկանց յարդարանք. - Մինչև 18-19 տարեկան հասակը գլուխը խուզում են այսպէս՝ ճակատի մէջ տեղին մօտիկ մի փունջ են թողնում, որ կոչւում է պուպուշիկ, ականջների մոտ նոյնպէս մի մի փունջ են թողնում, որ կրում է գուլակ անունը։ Գագաթի մէջ տեղումն էլ մի փունջ են թողնում , որ անուանւում է բրջամ (թերեւս մի բուռ ծամ Այս բրջամը շատ անգամ երկարում է և հասնում մինչև ուսը։ Ոմանք բըրջամի մէջ տեղն աստղանման ածելում են, որպէս զի դատաստանին հայը ուրիշ ազգերից տարբերուի։
       Երիտասարդական հասակում պուպուշկին ու գուլանկները կտրում են, և թողնում բրջման ու աստղաձև ածիլուածքը ցմահ։
       Երբեմն ականջներին գինտ են կախում։
       Մուրուք շատ քչերն են թողնում։
       Գլխներին ծածկում են պատանիները՝ արախչի յաճախ ասեղնագործած, երիտասարդները՝ քոլոս, իսկ ծերերը՝ նոյնպէս քոլոս, միայն շուրջը եազմա կամ փուշի փաթաթած։