ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ …

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մի քանի յարակից խնդիրներ (վերջաբանի փոխարէն)

 

Անցնելով ամփոփմանը՝ վերյիշենք վերը նշուած ընդ­ար­ձակ յօ­դուա­ծում Մ. Մկ­րեա­նի եզրա­կա­ցու­թիւնը, որն ինչ-ինչ մանրամասների բացառումով՝ բաւականին ճիշտ է բա­­նա­ձեւում հայ էթնոսի համախմբման մեզ հետաքրքրող գործընթացը. «Ներքին կեան­քի, տն­տե­սա­կան եւ քաղաքական զարգացման մեզ յայտնի պատկերը լիովին հիմք է տա­լիս պնդելու, որ Բիայնան անցել էր իր զարգացման հերոսական դարաշրջանը եւ... թե­ւա­­կո­խել էր ար­դէն քաղաքակրթութեան դարաշրջանը: Եւ քանի որ ազգակից ցեղերի մի­ու­­թիւ­նը, նաեւ նոյն­իսկ նրանց ձուլումը սկսւում է դեռ քաղաքակրթութեան նա­խա­շեմ­քին, ա­պա ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Բիայնան ինչ-որ բացառութիւն պիտի կազմէր այդ օ­րի­նա­չա­փու­­թիւ­նից, եւ նրա սահմաններում չպիտի տեղի ունենար ազգակից ցե­ղե­րի մի­ա­ձու­լու­մը: Այսպիսով պէտք է ընդունել, որ ազգակից ցեղերից հայ ժողովրդի կազ­մա­­ւոր­ման գործ­ըն­թացը սկսուել է Բիայնայի հզօր թագաւորութեան գոյութեան ըն­թաց­քում ու նրա սահմաններում՝ կուլտուրական եւ տնտեսական զարգացման պայ­ման­նե­րում երկ­րի հնդ­եւրոպական աւելի մեծ եւ ուժեղ ցեղախմբի՝ բիայնացիների ներ­գոր­ծու­թեամբ, եւ ոչ թէ, ինչպէս կարծում են, այդ թագաւորութեան վերացումից յետոյ, մեդական եւ պարս­կական բռնակալական տիրապետութեան լծի տակ» [131]: Իհարկէ, նորօրեայ հե­տա­­զօ­տու­թիւնների լոյսի ներքոյ (մեզանում, նախ եւ առաջ՝ Մարգարիտ Խաչիկեանի [132] ) պէտք է մերժուի հեղինակի այն դրոյթը (մեր կողմից ընդգծուած արտայայտու­թիւն­նե­րում), թէ բիացիները (իր՝ բիայնացիները ) ազգակից էին Ուրարտական պետութեան հնդ­եւ­րոպա­խօս-հայախօս ցեղերին . Մկրեանը յենւում էր ակադ. Գ. Ջահուկեանի հե­տա­զօտու­թիւնների՝ տուեալ պահի արդիւնքների վրայ եւ շտապողաբար յոյս յայտնում, թէ դրանց շարունակումը վերջնականապէս կը բացայայտի բիացիների հնդ­եւ­րո­պա­խօ­սու­­թիւնը [133] ): Սակայն կարեւոր է նշել, որ հէնց այս մերժելի դրոյթն էապէս կապուած է՝ հե­­ղինակին, ճիշտ այնպէս, ինչպէս եւ մեր շատ ուրիշ ուսումնասիրողներին էթնո­հա­մա­խմբ­­ման էթ­նո­միք­սա­ցիոն - էթնոձուլախառնման տարբերակով նոր էթնոսի կազմաւոր­ման եղանակի ան­ծանօթ լինելու հետ: Եւ պարզ է, որ տուեալ եղանակի ըստ արժանւոյն ըն­­կալման պա­րա­գայում ազգագրագէտը, պատմաբանը, լեզուաբանը որեւէ խնդիր չեն ու­­նենայ նաեւ՝ պատկերացնելու հայ էթնոսի կազմաւորումն իրօք «Բիայնայի հզօր թա­գա­­ւորու­թեան գո­յու­­թեան ընթացքում... նրա սահմաններում » եւ «մշակութային ու տն­տե­սա­­կան զար­գաց­ման պայմաններում երկրի ... աւելի մեծ եւ ուժեղ ցեղախումբ բիայ­նա­ցի­նե­­րի ներ­գոր­ծու­թեամբ », եթէ բիա­ցի­նե­րի ցեղա­խում­բը այդ մասնագէտները գնա­հա­տեն իբրեւ ոչ հնդ­եւ­րո­պախօս էթնոս: Ընդ որում՝ «բիայ­նա­ցի­նե­րի ներ­գոր­ծու­թեան» լաւագոյն ապացոյցներից մէ­կը մեր դիտ­ար­կած՝ Հայկեան­ների ծագման ու տա­րած­ման ա­ռաս­պե­լա­կա­նա­­­ցուած պատումն է, որը հայ ժո­ղո­վուրդ-էթնոսի հիմնական, ծրա­գրա­յին էթ­նոգենետիկ պատ­մու­թիւ­նն է:

Նշուած պարագայում ոչ մի հայագէտ-հետազօտող ստիպուած չի լինի խօսել Ու­րար­­տու ­-ի «վախճանի», «անկման ու աւերակման» եւ «անհետացման» մի ան­յս­տակ գործ­­ըն­թա­ցի մասին, այն դէպ­քում, երբ Ք. ա. Է դ. վերջի համար տա­րա­բնոյթ աղ­բիւր­նե­րում ար­ձա­նա­­գրուած է նրա, իբրեւ արդէն Արարատեան թա­­գա­ւո­րու­թիւն Արմենիա Հայք վերստին հզօրա­ցու­մն ընդ­հուպ մինչեւ՝ Մարական ու Բա­բե­լո­նի թա­գա­ւո­րու­թիւն­նե­րի հետ դաշնակցած՝ Ք. ա. 612-605 թթ. Ասո­րես­տա­նեան տէ­րու­թիւնը կոր­ծա­նելը: Այս դրոյթի հա­­մար մենք հե­տե­ւում ենք Ռ. Թա­րու­մեան-Յակո­բեա­նի եւ Բ. Յարութիւ­նեա­նի ամենից աւելի հաւանական մեկնաբանութեանը [134] եւ բի­աինական վեր­ջին բնա­­գրե­­րի Ե­րիմենայի հետ համա­դրելի ենք հա­մարում խորենա­ցիա­կան Ա­րամ նահապետին՝ իր մե­ծա­գոր­ծու­­թիւն­­նե­րի զգալի մասով (ա­­րեւ­ել­քում՝ սկիւթ­ներին յու­շող «Նիւքար Մա­դէ­սի», հարաւում՝ Ասորեստանի զօրավար Բար­շամի, արեւ­մուտ­քում՝ «Պա­յա­պիս Քա­ա­ղեա­յն Տի­տա­նեա­նի» դէմ տարած յաղ­թա­նակ­նե­րով) [135], չբա­ցա­ռե­լով, որ դրանց որոշ մասն էլ, ի­րօք, կա­րող է վե­րա­գրուել Սալ­մա­­նա­սար Գ-ի ար­ձա­նա­գրու­թիւն­նե­րում յի­շա­տա­կուած՝ Ք. ա. Թ դարի Ա­րա­մու «ու­րար­տա­ցի» ար­քա­յին, ինչպէս ընդ­ու­նուած էր դեռ­եւս վաղ բիա­ի­նա­­գի­­տա­­կան աշ­խա­­տանք­­նե­րում [136]: Հմմտ. նաեւ Պարոյր Սկայ­որ­դու հետ կապուած ի­րա­ւացի դիտ­ար­կու­մը, ում Խորենացին վերա­գրւում է Մա­րաց Վարբակէս արքայի հետ Նի­նուէի գրաւ­մա­նը մասնակցելը եւ Ա­սո­րես­տանի թա­գա­ւո­րու­­թիւ­նը «բառնալը» [137]. « Խո­րե­նա­ցու եր­կում մի­եւ­նոյն հայ թա­գա­ւոր Էրիմենա-Արամի պատ­մու­թիւնը բաժա­նուել է 2 մա­սի, մի մասով ստեղ­ծե­լով Պարոյրի կեր­պա­րը, միւ­սով՝ մի­ա­­հիւ­­սուե­լով Արամի կեր­պա­րին » [138]:

Իսկ Ասո­րես­տա­նի կոր­ծա­նումից քանի տարի անց, Ք. ա. 594/593 թուականին նոյն Ա­րարատեան թա­­գա­ւո­րու­թիւն Հայք Երեմիա մար­գա­րէ­ի կողմից ճա­նա­չուե­լ է որպէս Բա­­բե­լոնեան տէրութեան դէմ հզօր սպառ­նալիքներից մէկը՝ Մա­­րաս­­տա­­նի կողքին եւ Մին­նիի (Մանայի) ու Աշ­կե­նա­զի (սկիւթ-սա­­կե­րի) թա­գա­ւո­րու­թիւն­նե­րի հետ մի­ա­սին (եբ­րա­յերէն բնագրում՝ mam­ləkôth a­rā­rāt, minni aš­kə­naz, Վուլ­գա­տա­յում թարգ­մա­նուած՝ re­gi­bus Ararat, Menni et As­che­nez ) [139]: Հարկ է նշել, որ այս եբրայերէն բնա­գրի մի շարք թարգ­մա­նու­թիւններում ինչ-ինչ պատ­ճառներով վրիպումներ են սպրդել «Միննի»-ի ըն­թերց­ման մէջ (այդ պատճառով հա­յե­րէնում՝ յունարէնի հետեւողութեամբ ունենք. «Պատուէր տո՛ւք յինէն Արարատեան [տարբ. Այրարատեան ] թագաւորութեանցն եւ Ասքանազեան գն­դին... »), ընդ որում ա­սո­րա­կան Պեշիտտայում եւ արաբական Թարգումում այն շփո­թուել է Հայաստանի հետ ( w ə -darmenĭ w ə dašk ə naz; hormīne w ə hadēb ): Դա տեղիք է տուել այ­լա­զան անընդունելի մեկ­նա­բանութիւնների, այդ թւում՝ Armenia-Harminia երկր­ա­նուան (Բեհիսթունեան ե­ռա­լե­զու արձանագրութեան էլամերէն տարբե­րա­կում՝ Har­mi­nu­ya ) ստուգաբանութեան խնդ­րում [140], որոնք այսօր էլ դեռ մինչեւ վերջ յաղթահարուած չեն: Նշենք նաեւ, որ ըստ Ի. Դեա­կոնովի մի շտապողական պնդման՝ Երեմիա մար­գա­րէ­ի մօտ Արարատեան թա­­գա­ւո­րու­թեան, Մանայի եւ Աշկենազի տակ իբրեւ թէ պէտք է ընկալել ոչ թէ Մա­րաս­տա­նի դաշնակիցներին, այլ նրա ենթականերին [141]: Սակայն նման մօ­տե­ցու­մը խիստ վե­րա­պա­հե­լի է, քանի որ հէնց նոյն աշխատանքի մէկ այլ հատուածում հե­տա­զօ­տո­ղն ինքն է նշում, որ նոյնպէս Ասորեստանի անկման մասին վերյիշող՝ Բաբելոնի Նաբոնիդ ար­քայի (555-539) «Տարե­գրութիւնը» (սիփա­րեան գլանի վրայ) յիշատակում է Խա­ռան քա­ղա­քը գրա­ւած (Նի­նուէն գրաւելուց 5 տարի անց) «Ում­ման­ման­դա­յի [=Մա­րաս­տա­նի] դաշնակից թագաւորների մա­սին» [142]: Ի դէպ, թերեւս, մարա - աքեմենեան ճար­­տա­րա­պե­տու­թեան վրայ բիաինական (ուրարտական) շինարուեստի նկա ­ տե ­ լի ազ­դե­ցու­թիւնը եւս ա­ւելի հեշտ է մեկնաբանել լուրջ դաշնակցային, այլ ոչ թէ ստո­րա­կա­յա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րի արձանա­­գր­ման տարբերակում:

Ք. ա. Է-Զ դարերում Արարատեան թա­­գա­ւո­րու­թիւն Արմենիա Հայք զուգադրման օգտին հինկտակարանային տարալեզու բնագրերի եւ Բեհիսթունի եռալեզու ար­ձա­նա­գրու­թեան լաւ յայտնի տուեալների կողքին կարեւոր վկայու­թիւն է պահպանել Ստրա­բո­նը, որի մի հաղորդման եզ­րու­թա­բա­նու­թեամբ՝ սա­կերը գրաւել էին « Հայաստանի լա­ւա­գոյն հողը [իմա ՛ երկ­րամասը. " τ ς Άρ­μενίας... τ ν ρίσ­την γ ν " ], ո­­րին իրենց անունից թո­ղե­ցին Սակասէնէ ա­նուա­նումը» [143]: Հե­ղի­նակը նկատի ունի սկիւթ­նե­րի՝ Ք. ա. հէնց Է դա­րի կէսերով թուագրուող մեծ, Դերբենդի անցքով տեղի ունեցած ներ­խու­ժումը, որի մա­սին գիտէր Հե­րո­դո­տո­սը («սկիւթները... շեղուեցին դէպի վերին, շատ ա­ւե­լի երկար ճա­նա­պարհը՝ Կովկաս լեռն ունենալով իրենց աջ կողմում: Այստեղ մեդացիները ճա­կա­տե­ցին սկիւթների դէմ եւ մարտում պարտուելով, կորցրին իրենց իշխանու­թիւնը, եւ սկիւթ­նե­րը տիրացան ամ­բողջ Ասիային») [144]: Հարկ է յիշել, որ Ք. ա. Զ-Դ դարերի միջագետ­քեան սեպագիր վա­վե­րա­գրե­րում հաստատապէս «Հայաստան» եւ «հայեր» նշանակող «Ու­րար­տու»-ի յի­շա­տա­կու­թիւն­նե­րից կազմւում է մի ամբողջ հա­ւա­քա­ծոյ, որն ամփոփել է ի­րա­նա­գէտ Մ. Դանդամաեւը [145]:

Նկատենք նաեւ, որ Ու­րար­­տու­ի «վախճանի» մասին շուրջ մէկ դար աշխատանքից աշխատանք «թա­փա­ռող» դրոյթի հիմքում շարունակում է մնալ բա­ցա­ռա­պէս այն պար­զա­գոյն (թէպէտ եւ աղ­բիւ­րա­գի­տա­կան բաւականին ծաւալուն նիւթին կոպտօրէն հա­կա­սող) են­թա­դրու­թիւնը, իբրեւ թէ Լիւդիայի դէմ Ք. ա. 590-585 թթ. պատերազմը Մա­րաս­տա­նը չէր կա­րող վա­րել՝ յե­տե­ւում թողնելով չնուաճուած Ուրարտական պետութիւն: Ընդ որում հետագայ շա­րա­դրան­քում այդ նուա­ճուած լինելը (ինքնին՝ վիճելի [146] ) թե­թե­ւօ­րէն վերածւում է հիմ­նա­յա­տակ ջախ­­ջա­­խուած լինելու մտայ­նու­թեան: Տե՛ս, օր. ՝ Ի. Դեա­կո­նովի 1951 թ. աշ­խա­տան­քի կից էջերում (ընդ­գծումները մե­րն են). «Այդ պատճառով ե­թէ, ինչպէս ինձ հա­ւա­նա­կան է թւում՝ «Ում­ման­ման­դա­յի» 609 թ. արշաւանքը Ուրարտուի դէմ յանգեցրեց այդ երկ­­րի ան­կախ վիճակի կո­­րս­­տին, ապա մենք ի­րա­ւունք ունենք խօսել այն մասին, որ Ու­րար­տու պետութիւնը հպա­տա­կե­ցուեց [կամ նուաճուեց, հնա­զան­դե­ցուեց ] Մարաստանի կողմից», եւ՝ «Իսկ Ու­րար­տու պե­տու­թեան բուն ոչն­չա­ցու­­մը ներ­կա­յու­մս ինձ ճիշտ է թւում վե­րա­­գրել Մա­րաս­տա­նին» [147]:

Արձանագրենք, որ Ուրարտուի մի ե­զա­կի յի­շա­տակու­թիւն ( Ու­րաշ­տու ձե­ւով) պահ­պա­նուել է 1923 թ. ընթերցուած «Բա­բե­լո­նեան տա­րե­­գրութեան» մէջ, ո­րը պատ­մում է Ա­սո­­րես­տա­նի դէմ Մարաստանի եւ Բա­բե­լո­նի՝ Ք. ա. 616-605 թթ. պա­տե­րազ­մի մա­սին [148]: Դա մի, ցա­­ւօք, խիստ վնասուած հա­տուած է, ուր աս­ւում է, որ երբ Նա­բո­­պա­լա­սար Բա­բե­լա­ցու (625-605 թթ. կո­չուած «Աք­քա­դի արքայ», 17-րդ տարում, այս­ին­քն՝ 609 թ., Ա­սո­րես­տա­նի վերջին ար­քայ Աշշուր­ու­բալ­­լիտը ե­գիպ­տա­կան օգնական ու­ժե­րով Կար­քե­մի­շից յետ անցաւ Եփ­րատն ու 3 ամիս պա­շարեց նա­խորդ տարի կորց­րած հիւ­­սիս­մի­ջա­գետ­քեան Խառան քա­ղաքը, այդ ըն­թաց­քում՝ «Աք­քադի ար­քան մոտեցաւ [... ] ճա­­կա­տա­մար­տը [... ] Իզալա եր­կիրը [...... ] բազում եր­­կր­­նե­րի քա­ղա­քը [......... ] հրի մատ­նեց: Այդ ժա­մանակ զօր­քը [... ] մին­չեւ Ու­րաշտու քա­ղա­քի շր­ջա­նը: [... մեծ ջար­դուածքից յե­տոյ ] Աք­քադի ար­քան վե­րա­դար­ձաւ իր եր­կի­րը» [149]: Արդ, Ի. Դեա­կո­նո­վը «պայ­մա­նա­կա­նօ­րէն» ենթա­դրում է դէպ, աղ­բիւ­րա­գէ­տի համար մի ան­թու­լա­տրե­լի թեթեւութեամբ), թէ այս բնա­գրի պա­կասող հատուածներում կա­րե­լի է վե­րա­կանգ­­նելի համարել Ում­ման­ման­դա կո­չուած մա­րերի կողմից Ուրաշտու ար­շա­ւելու (?) եւ այն նուա­ճելու (?) մա­սին միտ­քը [150]: Ու­սում­նա­­սիրողը պարզապէս շրջ­ան­ցում է այլ ա­րեւ­ե­լա­գէտ­նե­րի ան­բռ­նա­զբօ­սիկ ըն­կա­լու­մը, ըստ որի (օր. ՝ Ն. Ա­դոն­ցի ամ­փոփ­մամբ)՝ «Ակկադի թա­գա­ւո­րը վս­տա­հեց­նում է, որ Ի­­զա­լա­յի շուր­­ջը կատարուած ռազ­մա­կան գործողու­թիւն­նե­րում ինքը յաղ­թա­նակ է տա­րել եւ նոյն­իսկ ըն­թա­ցել է մին­չեւ Ու­րաշ­տուի շր­­ջա­նը՝ adi pi­ at ALU Uraštu: Այս­ինքն՝ նա թշ­նամուն հե­տա­պն­դել է մինչեւ Ու­րար­­տուի սահմանը: Ասո­րես­­տա­նի այն նա­հանգները, որ­տեղ նա ռազ­մա­կան գործողու­թիւն­ներ էր վա­րում, տե­ղա­ւո­րուած էին Ու­­րարտուի տե­րի­տո­րի­ա­յի դի­մաց, Տիգրիսից այն կողմ» [151]:

Մեր քննութեան առարկայ էթնո­ձու­լա­խառն­ման գործընթացը պատշաճ ընկալելու դէպքում հայագէտ-հե­տազօտողը ստիպուած չի լինի նաեւ ճգնել՝ «յայտ­նա­բերելու» հայ, արմեն եւն էթնոս-ժո­ղովրդին հզօր Ուրարտուի ներսի կամ նրա սահ­ման­ներից դուրս՝ շատ կամ քիչ հեռու ինչ-որ անկիւններում (փաստօրէն՝ «ծեր­պե­րում», որ շատերը չեն խուսափում կոչել «բն­օր­րան»). ա՛յն հայ էթնոսին, որն իբրեւ թէ կազ­­մա­ւո­րուել էր դրանից հարիւրամեակներ կամ հազարամեակներ առաջ, բայց «ստի­պուած էր եղել» տուեալ ան­կիւ­նում «ծուա­րե­լու», որպէսզի (ու մինչեւ) Մարական եւ Ա­քե­մե­նեան տի­րապետութեան տակ ՝ անաչառ ազ­գա­գրագէտ-պատմաբանի համար յիրաւի ան­­ըն­կա­լե­լի հրաշքային տար­բե­րա­կով վեր­­ա­­ծուէր մի մեծաքանակ ու հզօր ժողովրդի, ինչ­պիսին որ նրան ճա­նա­չում են դասական ան­տիկ հեղինակները՝ Հեկատէոս Միլեթացին, Հերոդոտոսը, Կտե­սի­աս Կնիդացին, Քսենոփոնը եւն (հմմտ., օր. ՝ վեր­ջի­նիս մօտ. «ասել էին, թէ նրանց [կար­դուխ­ների] երկրով անցնելուց յե­տոյ [յոյ­ները] կը հասնեն Ար­մե­նի­ա, ո­րին իշ­խում էր Օ­րոն­տա­սը եւ որը մեծ ու հա­րուստ [եր­կիր] էր» [152] ):

Ի դէպ, վերը նշուած «բնօրրան»-ի ամենից շրջանառու տարբերակը շարունակում է կապուած մնալ դեռեւս վաղ միջ­նա­դարից եկող ու հայագիր ամենավաղ երկերում (սկ­սած՝ Փաւստոս Բու­զան­դից) արձա­նա­գրուած այն աւանդու­թեան հետ, իբրեւ թէ հայերը սե­րում են հին­կտա­կա­րա­նային Թոր­գոմ նահապետից (Յաբեթի թոռը, Գամիրք-Կա­պա­դով­կիան բնորոշող Գա­մե­րի կամ նրա որդի Թիրասի զաւակը, հայկական աղբիւր­նե­րում՝ Հայկ նա­հա­պե­տի հայ­րը), որը բնորոշում էր Ք. ա. Բ-Ա հազարամեակների Թե­գա­րա­մա-Թոգարմա ոչ մեծ եր­կիրը՝ Եփ­րա­տից արեւմուտք [153]: Սակայն ճիշտ է թւում հա­յե­րին Թորգոմից ծագեցնելը հա­մարել նոյն կարգի վաղ գրական յօրինուածք յայտ եկած հա­ւաստի տեղե­կա­տւու­թիւն չու­նե­նա­լու արդիւնքում եւ ինչ-ինչ վրիպեալ հիմքերով [154] ), ինչ­պիսին որ ներկայումս դիտ­ւում է առաջաւորասիական սկիւթ-սակերին (Iš­ku­zā­ia) բնո­րո­շող հին­կտա­կա­րա­նային Աս­­քա­­նա­զից ծագած լինելու (առաջինը՝ Կորիւնի մօտ, ով, ի դէպ, դեռ չգիտի Թորգոմի մա­սին) գրական յօ­րինուածքը [155]: Տեղին յիշենք, որ Ք. յ. Ա դ. վեր­ջե­րին յունագիր հրեայ պատ­միչ Յով­սէպոս Փլաւիոսը «Յափեթից» սերող «Թոր­գո­մեան­ների» մասին ունէր այլ տուեալ­ներ («Թիւգ­­րա­մէ­սը [հաստատեց] թիւգ­րա­մեան­նե­րին [ տարբ. Θοργάμης δ Θορ­γα­μα­ίους ], ո­րոնց հել­լէն­նե­րը ճիշտ համարեցին փռիւգներ [ Φρύ­γες ] անուանել»), իսկ հայերի հա­մար յայտ­նում է մի տարբերակ, որն ինչ-որ պատ­ճա­ռով շրջանցուել է Ե դ. հայ մատե­նա­­գիր­նե­րի կողմից. «Իսկ Նոքոսի երրորդ որդին՝ Սէ­մը, ունեցաւ հինգ զաւակ, որոնք բնա­կեցրել են Ասիան, սկսելով Եփրատից մինչեւ Հնդ­կաց ովկիանոսը... Արամոսի զա­ւակ­ները չոր­սն էին, որոն­ցից... Հայաստանը [հաս­տա­տեց] Ուրոսը [ Άρμενίαν δ O ρος, տարբ. τρος, O ὖ­ λος [156]: Իհարկէ, գայթակղիչ է դիտ­ար­կել այս Ու­րոս կո­չուած նահապետի հետ ոչ թէ Ա­րա Գեղեցիկի (ինչպէս արւում է եր­բե­մն), այլ սէ­մա­լե­զու գրա­կա­նու­թեան մէջ երկար պահ­պա­նուած Արարատ - Ուրարատ ա­նուան կապի հնա­րաւո­րու­թիւնը [157]: Ի դէպ, յովսէպոսեան աւանդոյթը գոնէ մասամբ թա­փ­ան­ցել է նաեւ վաղ քրիստոնեական գրա­կա­նու­թիւն, քանի որ Եպիփան Կիպրացու (314-403 թթ. ) «Բանք խարսխականք» ("Ancoratus") երկում հայերը (Άρ­μένιοι) նշուած են ե՛ւ Սէ­մից, ե՛ւ Յաբեթից ծա­գող ժողովուրդների երկար ցուցակներում [158]: Գուցէ, դրանում դեր է խաղացել Մեծ եւ Փո­քր Հայքերի հանգամանքը, թէպէտ բնագիրը թոյլ չի տալիս դա հաստատապէս փաստ­արկել:

Ճիշտ է, վերը նշուած հզօրութեան ժամանակահատուածից մի քանի տասնամեակ անց՝ Ք. ա. Զ դ. առաջին կէսի աւարտին մեր երկիրը՝ Ուրարտու - Արարատ Արմենիա Հայ­ք , ստի­պուած եղաւ, պահպա­նելով զուտ ա­նուա­նա­կան (նոմի­նալ) թագա­ւորական իշ­խա­նու­թիւնը՝ ընդունել իր ոչ վաղ անցեալի դաշնակից Մարաստանի տիրա­պե­տու­թիւ­նը, ում հետ միասին, ի դէպ, ըստ ամենայնի՝ հէնց Է դ. վերջերին նաեւ ըն­դու­նել էր գրի բոլոր ձեւերը մերժող զրադաշտական կրօնը [159], եւ դրա արդիւնքում հրա­ժա­րուելով ոչ միայն աւելի ու աւելի անհասկանալի դարձող սեպագրից, այլեւ նախկին սին­կրե­տիկ դիցարանին [160] բնորոշ «բիաինական» արքայ­ա­նուն­նե­րից՝ դրանք փո­խա­րի­նել էր զրա­դաշտական-իրա­նա­կան անուններով՝ Ե­րուանդ, Տիգրան, Շաւարշ եւն: Դրանից քիչ անց Հա­յաստանը Մարաստանից էլ «ժառանգուեց» Աքեմենեան տէ­րու­թեան կող­մից՝ վերջ­նա­կա­նա­պէս կորց­նե­լով թա­գա­ւո­րա­կան իշ­խա­նու­թիւ­նը եւ Դարեհ Ա ար­քայից ար­քայի օրօք (522-486) դառ­նա­լով նրա 20 սատրապութիւն-նա­հանգ­ներից (ըստ Հե­րո­դո­տո­սի. Ա­քե­մե­նեան­ների վի­մա­­­գրե­­րում դրանց թիւը նշւում է քիչ աւելի) 13-րդը, ո­րն ընդ­­գր­կում էր հետագայ Մեծ եւ Փոքր Հայ­քե­րի ողջ տա­րած­քը («Պակ­տիւ­ի­կէ­ից, ար­մեն­­նե­րից եւ հա­րե­ւան­նե­րից մինչեւ Եւքսինեան [ծով]»)՝ 400 տաղանդ զգա­լի հար­կա­չա­փով [161]:

Ի դէպ, նո­­րա­գոյն հե­տա­զօ­տու­թիւն­ների լոյ­սի ներքոյ [162] կարելի է յաղ­թահա­րուած հա­մարել այն ա­­ւան­դական մտայ­նութիւնը, իբրեւ թէ հետագայ Մեծ Հայքի արեւելեան կէ­սը մտել է Հե­րոդոտոսի 18-րդ սատրապութեան մէջ Մատիենների, սասպեյրների եւ ա­լա­րոդ­նե­րի վրայ սահ­մա­նուած էր 200 տաղանդ հարկ») [163], իսկ պատմիչի նշած ա­լա­րոդ­ներ եզրոյթը կա­­րող է հա­մա­դրուել «ուրարտներ» ցեղ­ա­նուան հետ [164]: Իրականում 18-րդ սատ­­րա­պու­­թիւ­նը գրա­ւում էր Կովկասեան լեռ­նե­րից մինչեւ Թռեղքի (գու­ցէ եւ՝ Վի­րա­հա­յոց) լեռ­նա­շղ­­թայ եւ ա­պա Կուրի գետագիծն ընկած տա­րածքը, Կող­քի­սի սահմանից մին­չեւ Կասպից ծով: Նրա 3 ցեղերից առաջինը՝ մա­տի­են­նե­րը, կազմում էին հետագայ Վիրքի (Ի­բերիա) հա­­րաւ-ա­րեւ­մտեան հատուածի բնակ­չու­թիւնը եւ հարաւում, ըստ Ք. ա. Զ դ. հե­ղինակ Հե­կա­­տէ­ոս Մի­լեթացու՝ յարում մոս­խե­րին (հետագայի Մեսխէթում), երկրորդը՝ սաս­­պեյր­­նե­­րը, ըստ ա­մենայնի՝ կենտրոնական Վիր­քի (Շիդա Քարթլի) բնակիչներն էին, իսկ եր­րորդ՝ ա­լա­րոդ­ներ անուան տակ հանդէս էր գալիս վերջիններից արեւելք՝ հե­տա­գա­յի Բուն Ա­­ղուանք երկրի բնակչու­թիւնը (Ա­լա­զան վտակի միջնահովտից մինչեւ Կաս­պից ծով): Նրա «րոդ» բաղադրիչը, որը յի­շեց­նում է ի­րա ­ նա ­ կան՝ « գետ », « ջուր » նշանակող ռոդ / ռուդ բա ­ ռը (rōδ, ճիշտ է՝ հին պարսկերէնում այն հնչել է rautah ), իբրեւ վար ­­ կած՝ կա­րե­լի է կապել Կուր գետի հետ, իսկ «ա­լա»՝ չպարզաբանուած նշանա­կու­թեամբ բա­ղա­դրի­չը կարող է գնահատուել (այլ վար­կած­ների կողքին) որպէս հետագայ « Ալ­բ ա­նիա», « Ա­ղու անք», « Առ ան», « Հէր էթ» ա­նուա­նա­ձե­ւե­րի՝ նոյնպէս վերջնականապէս չպար­զաբա­նուած նշանա­կու­թեամբ իմաստային հիմ­քերի հետ [165] ինչ-որ կապ ունեցող եզ­րոյթ:

Սակայն չնայած անկախութեան նշուած կորստին՝ որեւէ պատ­մա­կան շրջադարձ այլ­եւս անկարող էր խաթարել կազմաւորուած ու պետակա­նա­կան մշակոյթի լուրջ ա­ւան­դոյթներ ունեցող [166] հայ ( արմեն, ուրարտացի եւն) էթնոսի կայուն ինքնա­գի­տա­կցու­թիւ­նը (լեզուա-մշա­կութային-հոգեբանական ուրոյն կերտուածքի ինքնընկա­լու­մը), ո­րին այլեւս չպիտի սպառնալի լինէին քա­ղա­քա­­կր­­թական մեծա­գոր­ծու­­թիւն­նե­րի ու սխրանք­ների մի­ջա­կայքում, ցաւօք, անխուսափելի քա­ղա­քա­կան պար­տու­թիւն­ները, անկախ կար­գա­վի­ճա­կի նոր կո­րուստ­ները, պար­բե­րա­կան գե­րե­վա­րում­նե­րն ու մասնակի տա­րա­գրու­թիւ­նը հայ­րե­նի­քից եւ անգամ՝ մեծ զանգուածներով ուծացումը տիրապետող էթ­նոս­նե­րի մէջ:



[131] Մ. Մկրեան, Հայ ժողովրդի կազմաւորման եւ հայ գրականութեան սկզբնաւորման հարցը, էջ 35-36: Սկզբնամասի համար հմմտ. «Քանի որ սկսած նախնադարեան համայնական կարգերի քայքայման դա­րա­շր­ջա­նից էթնիկական գործընթացների մէջ ակնյայտօրէն գերակշռում էին էթնիկական միաւորման գործ­ըն­թաց­ները (կոնսոլիդացիա, ասիմիլիացիա, միջէթնիկ ինտեգրացիա), ապա կարելի է ենթա­դրել, որ «ֆորմացիոն» մե­տա­էթ­նիկ ընդ­հան­րու­թիւն­նե­րի վեր­ա­ծուելն էթ­նոս­ների հան­դի­սա­նում է էթ­նի­կա­կան զար­գաց­ման հիմնական միտումներից մէկը» ( С. И. Брук, Н. Н. Чебок­са­ров, Ме­та­ эт ­ н иче­ские общ­но­сти, էջ 25):

[132] М. Л. Хачикян, Х урритский и у рартский языки, Ер., 19 85:

[133] Մ. Մկրեան, Հայ ժողովրդի կազմաւորման եւ հայ գրականութեան սկզբնաւորման հարցը, էջ 47-48:

[134] Ռ. Յակոբեան, Հրաչեայ որդի Արամի, « Գարուն », 1992, հ մր 5, էջ 78-81; Բ. Յ. Յա­րու­թիւ­նեան, Հա­յաս­տա­նի, հայ - իրանական յարաբերութիւնների ... շուրջ, Եր., 1998, էջ 25-26, 84-85: Վերջին աշ­խա­տան­քի ո­րոշ փաստ­ար­կում­նե­րի քննադատու­թիւնը տե՛ս Ա. Վ. Քոսեան, Ա րամ նահապետը Կ ապադովկիայ ում, էջ 237-259:

[135] Տե՛ս Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, գլ. Ա. ժբ-ժդ, էջ 42-48:

[136] Հայ ժողովրդի պատմութիւն, հտ. I, Եր. 1971, էջ 480: Հմմտ. А. Е. Пет­ро­сян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 201-202:

[137] Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, գլ. Ա. իա, էջ 64-65:

[138] Տե՛ս Ռ. Յակո­բեան, Հրա­չեայ որ­դի Ա­րա­մի, էջ 81:

[139] Երեմ. Ծ, 27 ( յունարէն Եօթանասնից թարգմանութեան մէջ՝ XXVIII, 27 ):

[140] Մանրամասն տե՛ս Հ. Վ. Ինգլիզեան, Հայաստան Սուրբ Գրքի մէջ, էջ 7-8, 176-179:

[141] И. М. Дьяконов, Последние годы Урартского государства, էջ 31-32:

[142] Տե՛ս նոյն տեղում, էջ 38: Հմմտ. St. Langdon, Die Neubabylonischen Königsinschriften, Leipzig, 1912, N 1, I, 26, էջ 219:

[143] Strab. XI, 14, 12: Հմմտ. Ստրաբոն, էջ 37: Սակասէնէ-Շակաշէն գա­ւառ­ա­նուան ստուգաբանու­թեան մա­սին՝ իբրեւ Saka-šayana «Սակերի բնակութեան վայր», տե՛ս И. М. Дьяконов, История Мидии, էջ 246-254:

[144] Her. I, 104: Հմմտ. Հե­րո­դո­տոս, Պատմութիւն ինը գրքից, էջ 46:

[145] Տե՛ս М. А. Дандамае в, Кли­но­пис­ные данные об армянах, МИКЭАНСО, Ер., 1990, էջ 102-106:

[146] Հմմտ. ստորեւ, ծնթ. 1 50-151:

[147] И. М. Дьяконов, По­след­ние годы Урарт­ско­го государства, էջ 38 եւ 39:

[148] Պահպանուած հատուածն աւարտւում է 608 թ. դէպքերի նկարա­գրու­թեամբ:

[149] Տե՛ս C. J. Gadd, The Fall of Nineveh. The newly discovered Babylonian Chronicle, No. 21, 901, in British Mu­se­um, London, 1923; էջ 36, 42; D. J. Wiseman, Chronicles of Chaldaean Kings (626-556 B. C. ) in the British Mu­se­um, London, 1956, էջ 62-65: Հմմտ. Ն. Ա­դոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 281-283; И. М. Дьяконов, Последние годы Урартского государства, էջ 31:

[150] И. М. Дьяконов, Последние годы Урартского государства, էջ 31-32:

[151] Ն. Ա­դոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 282:

[152] Տե՛ս Xen. Anab. III, V, 17; Քսենոփոն, Անաբասիս, Թարգմ. Ս. Կր­կեա­շա­րեա­նի, Եր., 1970, էջ 81:

[153] Թեգարամայի մասին աղբիւրները եւ գրականութիւնը մանրամասն տե՛ս Հ. Վ. Ինգլիզեան, Հայաստան Սուրբ Գրքի մէջ, էջ 210-233; Ա. Քոսեան, Տուն Թորգոմայ /առասպել եւ իրականութիւն/, Եր., 1998:

[154] Վրիպեալ հիմքերից մէկը՝ թերեւս, Թորգոմ նա­­հա­պե­տի տարածքի ամենա­ա­րեւ­ե­լեա­նը լինելն էր յա­բե­թա­կան­ների մէջ:

[155] Բացառութիւն է դրա հաւաստիութեան փաստարկման նոր փորձը Ֆելիքս Տէր-Մարտիրոսովի կողմից, սա­կայն նա էլ, անկախ մի քանի սրա­միտ դիտ­ար­կում­նե­րից, յենւում է ա­ռա­­ջա­ւոր­ա­սի­ա­­կան սկիւթ-սա­կե­րի թագաւորու­թիւնն Աղձնիք-Շուբրիա­յում տեղորոշելու կանխադրոյ­թի վրայ ( Ф. И. Тер-Мар­ти­ро­сов, Скиф­ское цар­ст­во в Перед­ней Азии и ис­ториче­ские осно­вы пре­да­ния о Па­руй­ре Ска­йор­ди как ца­ре Ар­ме­нии, ՊԲՀ, 1994, հ մր 1-2, էջ 67-84. հմմտ. Հայ ժողովրդի պատմութիւն, հտ. I, էջ 432-433 /հեղ. ՝ Ս. Ե­րե­մեան/; Բ. Յ. Յա­րու­թիւ­նեան, Հայաստանի, հայ - իրանական յա­րա­բե­րու­թիւն­նե­րի ... շուրջ, էջ 53, 57-58), որը խիստ կասկածելի է, քանի որ հիմքում ունի Մանայի տարածքի սկիւթ ցե ­ ղա ­ պետ Պար ­ տա ­ թուա - Պրո­ ­ տո ­ թի ­ է ­ սի եւ ըստ Խո ­ րե ­ նա ­ ցու՝ ա ­ ռա ­ ջին հայ թա ­ գա ­ ւո ­ ր Պա ­ րոյրի (Սկայ ­ որ ­ դու որ ­ դու) ան ­ վե ­ րա ­ պահ նոյ ­ ­նա ­ ցու ­ մը ( նրանց առն ­ չա ­ կցու ­ թեան ճիշտ մեկնաբանութիւնը տե՛ս Յ. Կա ­ րա ­ գեո ­ զեան, Հայ ­ կա ­ կան լեռն­ ­ աշ ­ խար ­ հը սե ­ ­պա ­ գիր աղ ­ բիւր ­ նե ­ րում, էջ 275-277):

[156] Joseph. Antiquit. Jud. I, 6, 1 126); I, 6, 4 143-145); Flavii Josephi Opera omnia, Post I. Bekkerem re­cog­no­vit S. A. Na­ber, V. I, Lip­siae, 1888, էջ 26, 30; Յովսէպոս Փլաւիոս, Դիոն Կաս­սիոս, /Հին յունական աղ­բիւր­ներ. Ա/, Թարգմ. բնա­գրից, առաջաբան եւ ծանօ­թա­­գրու­թիւն­ներ Ս. Մ. Կր­կեա­շա­րեա­նի, Եր., 1976, էջ 56, 102, ծնթ. 129:

[157] Հմմտ. բոլորովին վերջերս. «Նկատենք՝ Ուրոս (հմմտ. Uraš/Aras ) անունն ընկած է Uraštu (Ուրաշտու) եր­կր­անուան հիմքում» ( Ա. Հ. Կարագեօզեան, Նաիրի, Բիայնա, Ուրարտու եւ Հայք երկրանունների ստու­գա­բա­նու­­թեան շուրջ, ԼՀԳ, 2012, հ մր 2-3, էջ 52-53):

[158] Epiph. An­cor., § CXIII, 116, 117 ( PG, T. 43, col. 221, 224); В. В. Латышев, Из­вестия древних писателей грече­ских и ла­тин­ских о Ски­фии и Кав­ка­зе, Т. 1, Санкт-Петербург, 1904, էջ 707:

[159] Հմմտ. վերեւում, ծնթ. 104:

[160] Տե՛ս վերեւում, ծնթ. 103:

[161] Her. III, 93; Հերոդոտոս, Պատմութիւն ինը գրքից, էջ 197: Հմմտ., օր. ՝ վերջին աշխատանքում. Յ. Խո­րի­կեան, Աքեմենեան Պարսկաստանի վարչական բաժանումների շուրջ, Եր., 2010:

[162] Տե՛ս Բ. Յարութիւնեան, Աքեմենեան Պարսկաստանի XVIII սատրա­պութեան տեղադրութեան շուրջ, «Հանդէս ամսօրեայ», ՃԺԳ տարի, Վիեննա, 1999, էջ 45-114; Յ. Խորիկեան, Աքեմենեան Պարսկաստանի XVIII սատրապութեան մատիենների տեղադրութեան շուրջ, ՄՄԱԵԺ, XXVI, Եր., 2007, էջ 25-35; նոյնի՝ Աքեմենեան Պարսկաստանի վարչական բաժանումների շուրջ, էջ 17-18:

[163] Her. III, 94; Հերոդոտոս, Պատմութիւն ինը գրքից, էջ 197: Հմմտ. նաեւ միւս վկայու­թիւնը. « Կոլխերը իրենց գլ­խին կրում էին փայտէ սա­ղա­ւարտ­ներ, ան­մշակ կա­շուց պատ­րաս­տած փո­քր վա­հան­ներ, կարճ տե­գեր, ինչ­պէս նա­եւ դա­շոյն­ներ... Ա ­ լա ­ րոդ ­ նե ­ րը եւ սաս­պեյր­նե­րը ար­շա­ւում է­ին կոլ­խե­րի նման զի­նուած: Սրանց ա­ռաջ­նոր­դում էր Սի­րո­միտ­րէ­սի որ­դի Մա­սիս­տի­ո­սը » ( Her. VII, 79; Հերոդոտոս, Պատմութիւն ինը գրքից, էջ 410-411):

[164] Վերջին անգամ՝ И. М. Дьяконов, Алародии, էջ 116-123:

[165] Հմմտ. Մ. Ա. Աղաբեկեան, Ստուգաբանական դիտողութիւններ «Աղուանք» տեղանուան վերաբերեալ, ՊԲՀ, 1990, հ մր 1, էջ 168-177:

[166] Էթնիկ ինքնա­գի­տա­կցութեան համար սեփական պետութեան եւ հաւատքի մասին պատ­կե­րա­ցում­ների դերի վերաբե­րեալ տե՛ս Ю. В. Бромлей, Очерки теории этноса, էջ 193-194: