Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԵՐՋԱԲԱՆ

 

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ

 

1996 թվական: Ինձ համար նշանակալից տարեթիվ, քանի որ երկար սպասումից հետո լույս տեսավ «Գրիգոր Արծրունին եւ նրա «Մշակը» իմ հեղինակած մենագրությունը:

Գիրքը լու՜յս տեսավ: Որքա՜ն մեծ իմաստ  եւ խորհուրդ կա գրքի ծնունդն ազդարարող այս ավետիսի մեջ: Գիրքն էլ մարդու նման ծանր երկունքով է լույս աշխարհ գալիս: Բայց սրանով չի ավարտվոմ մարդու եւ գրքի ճակատագրերի նմանությունը: Գիրքն էլ մարդու նման, կարող է ունենալ իր ոդիսականը: Մեր օրերում հովանավորի ողորմածությամբ կյանքի կոչվելու «բախտը» բոլոր գիտական աշխատություններին չէ, որ բաժին է ընկնում:   Եթե հղի կինը ինը ամիս է սպասում իր մանկան ծննդին, ապա գիտնականի հոգեզավակ-գրքերի լույս աշխարհ գալը կարող է ձգվել տարիներ՝ հովանավոր գտնելու տանջալից փնտրտուքին դատապարտված: Ասածս հաստատեմ մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունուն նվիրված իմ աշխատության ոդիսականով:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում երկար ու ձիգ տարիների քրտնաջան աշխատանքով ամբողջացած ուսումնասիրությունը    երկհատորյակի հայտ առաջադրեց, առաջին հատորը Գր. Արծրունու կյանքին ու գործունեությանը եւ նրա հիմնադրած «Մշակ» թերթին նվիրված, իսկ երկրորդը հրապարակախոսի հոդվածների հատընտիրն էր ներկայացնելու:

Երկհատորյակի առաջին հատորը տպարան իջավ, շարվեց, սրբագրվեց, սակայն արճճե շարվածքին վիճակված չէր անմիջապես գրքի վերածվել: Ցեմենտե հատակին խառնիխուռն թափված էջերը մի քանի տարի ոտնակոխ եղան, մինչեւ որ միջոցների սղության պարտադրանքով, տպարանի տնօրինությունը դաժան որոշման հարկադրվեց՝ շարվածքը ցրել եւ արճիճը վերաձուլել նոր, արդեն հովանավոր ունեցող գրքերի հրատարակության համար: Ինչ է սրա անունը, եթե ոչ գրքասպանություն… Այն կանխելու նպատակով գրքի շարվածքը թեւատակիս շտապում եմ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի համբավը ոչ միայն բազմաթիվ պերճախոս գրքերի հեղինակ, այլեւ բացառիկ գրքասեր լինելու մասին այդ պահին հույսի առկայծ էր ինձ համար: Այն մեկ անգամ եւս հաստատվեց իմ այցով:

- Գրիգոր Արծրունին արժանի է, որ նրա մասին գիրքը օր առաջ լույս տեսնի, - ասաց ծերունազարդ հայրապետը, հաճույքով ստանձնելով հովանավորի պարտականությունը:

Ինձ մնում էր համբուրել նրա աջը: Այսպես, կաթողիկոսի գավազանի հպումով կենդանացած մահամերձ գիրքը մեկ ամիս հետո, 1996 թ. ամանորին դրվեց նրա սեղանին, ջերմաջերմ մակագրությամբ:

Գրիգոր Արծրունու հոդվածների հատընտիրը ավելի երկարատեւ ոդիսականի դատապարտվեց, երկու տասնամյակ գերի մնալով հրատարակչության չհրկիզվող պողպատե սեյֆում, այլեւայլ ձեռագրերի ընկերակցությամբ: Եվ ահա պատմության ինստիտուտի տնօրինությունը դիմեց սեփական տպարան հիմնելու խիզախ քայլին, իր գիտաշխատողների հեղինակած աշխատությունները հրատարակելու եւ հայ հանրության սեփականությունը դարձնելու նպատակով: Սա ինձ համար փակված դռների դիմաց մի նոր բացված դուռ էր, որի շնորհիվ իրականացավ Գրիգոր Արծրունու հատընտիրի հրատարակումը՝ նրա երազանքների երազանքը, անկատար մնացած մեծ գործչի վաղաժամ մահվան պատճառով: Եվ զարմանալին այն է, որ մեկդարյա ընդմիջումը բնավ չի խունացրել մեզ հասած նրա գաղափարական ժառանգության գանձարանը: Արծրունին կարծես մեր ժամանակակիցն է, որ խոսում է մեզ տանջող ցավերից ու մտահոգություններից, ծառացած խնդիրների լուծման բանալիներ առաջարկում: Հայկական հարցի առաջին եւ հիմնավոր քննարկողը զգուշացնում է դիվանագիտական հնարավոր ծուղակներից, թուրքական եղեռնագործ իշխանությունների հրեշավոր հղացումներից: Լրագրության մեծ բարեփոխիչ խմբագիրը չէր խնայում անգամ ազգակիցներին, նրանց թերությունների քննադատությունը համարելով ազգանպաստ գործ:

Հայ ազգային կյանքի վրա ունեցած իր ազդեցությամբ եւ հասարակությանը առաջնորդելու կարողությամբ Գրիգոր Արծրունին,     եթե կարելի է ասել, չընտրված, բայց կոչված նախագահ էր: Ի՜նչ հավատով ու սիրով ձայն կտայի նրա օգտին, եթե այն ժամանակ հայկական անկախ պետականություն ունենայինք, իսկ ես էլ մեկ դար առաջ ծնված լինեի: Ինձ երբեմն թվում է, թե երկու կյանքով եմ ապրել: «Մշակի» բոլոր համարները օր առ օր կարդալով՝ ինձ զգում էի XIX դարի քաղաքացի եւ աներկմիտ զինվորագրվում «մշակականների» կուսակցությանը, որի առաջնորդներն էին թերթի խմբագիր Գրիգոր Արծրունին եւ գլխավոր աշխատակից, մեծ գրող Րաֆֆին:

Եվրոպական քաղաքակրթության պատգամախոս Արծրունու հրապարակախոսության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ապագան կանխագուշակելու հրապարակախոսին հատուկ կոչումով, այլեւ հայ ժողովրդի պատմական ճակատագրի խոտոր ընթացքով, որը մեզ սոցիալիզմի անհաջող փորձից հետո, վերստին վերադարձրեց արծրունյան ժամանակները՝ ազատամտության մեծ գաղափարախոսի բազում կանխագծումներին տալով մարգարեական արժեք: Արծրունին մերժում էր սոցիալիզմի ժամանակավրեպ վարդապետությունը՝ նախապատվությունը տալով հասարակության աստիճանական, առանց հեղափոխական ցնցումների, խաղաղ ու կայուն զարգացմանը, ինչը մեր ընտրությունն է նաեւ այսօր, դառը փորձից քաղած դասով:

Իսկ հիմա թույլ տվեք ներկայանալ իմ իրական կենսագրականով: Ծնվել եմ 1931 թ. Մեղրու շրջանի Ագարակ գյուղում, որի կոլտնտեսության առաջին նախագահը եղել է հայրս՝ Մուշեղ Սիմոնի Գեւորգյանը, շուտով նաեւ Մեղրու պահածոների գործարանի հիմնադիրը, ապա՝ Արարատի ցեմենտի եւ շիֆերի գործարանների, Արթիկտուֆի տնօրենը եւ այլն: Երկարատեւ ազնիվ ու նվիրյալ աշխատանքային կենսագրությունը ավարտելով թոշակառու վետերանի կոչումով, ափսոս հին բոլշեւիկը չկարողացավ հասկանալ իր կառուցած սոցիալիզմի փլուզման պատճառը, խնդիր, որի լուծումը հաջորդ` մեր սերնդին էր վերապահված:

Երեւանի 19 դպրոցի (այսօր Նիկոլ Աղբալյանի անվան) ոսկե մեդալով ավարտականը ինձ համար բարձրագույն կրթության անարգել տեղ բացեց Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի նորաբաց բաժնում, ապահովելով լրագրողի հետաքրքիր մասնագիտության տիրապետումը: 15 տարվա անընդմեջ աշխատանքը հանրապետության տարբեր պարբերականներում («Երեկոյան Երեւան», «Հայաստանի աշխատավորուհի» եւ այլն) ինձ համար արհեստավարժության մեջ հմտանալու մի դարբնոց դարձավ, միաժամանակ հայ լրագրության պատմության մեջ խորանալու ցանկություն հասունացնելով: Երբ ցանկությունը անդիմադրելի կիրք է դառնում, այն անպայման գտնում է իր ճանապարհը. 1969 թվականին այդ ճանապարհը ինձ բերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի պատմության բաժին՝ ստանձնելու կրտսեր գիտաշխատողի համեստ պաշտոնը: Գիտության գրանիտը համառ աշխատասիրության եւ անձնվիրումի առջեւ արագ տեղի է տալիս. անցյալի երկու նշանավոր պարբերականներին՝ «Մուրճ» ամսագրին եւ «Մշակ» թերթին նվիրած աշխատություններս ինձ բերեցին պատմական գիտությունների թեկնածուի եւ ապա  դոկտորի աստիճաններ ու առաջատար գիտաշխատողի կոչում: Բաժնում հասունացավ հայ մամուլի պատմության երկհատորյակ ստեղծելու անհրաժեշտությունը, քանի որ առանձին նշանավոր պարբերականների պատմությանը նվիրված բաժնի գիտաշխատողների մենագրական   ուսումնասիրությունները հող էին նախապատրաստել նոր համարձակ ձեռնարկման համար: Սիրով ստանձնեցի երկհատորյակի պատասխանատու քարտուղարի, նաեւ հեղինակներից ու խմբագիրներից մեկը լինելու պարտականությունը: Սակայն… նորից ոդիսական: Հեռավոր Հնդկաստանում 1794 թվականին «Ազդարարով» իր ծնունդն ազդարարած հայ մամուլի 200-ամյա հոբելյանին նվիրված կոլեկտիվ աշխատության առաջին հատորը լույս տեսավ 15 տարի ուշացումով, Եգիպտոսում, Կահիրեի Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով: Գրքերը լույս տեսան, սակայն դատապարտվեցին «եգիպտական գերության», երկար սպասելով իրենց Մովսեսին, որպեսզի հասնեն ավետյաց երկիր…

Իմ կենսագրությունը զարդարող եւս երեք գրքի անուն՝ «Լուսինե» (1999), «Նարեկյան մտորումներ» (1984) եւ «Բան ի խորոց սրտի առ Նարեկացի» (2003): Սրանցից առաջինը արգասիք է Լուսինե Զաքարյանի աստվածային հոգեւոր երգի պաշտամունքի եւ մի նվիրական հուշարձան է վաղամեռիկ երգչուհու հիշատակին, քանի որ գրքում բացի իմ եւ երգչուհու ամուսին, ճանաչված երգիչ Խորեն Պալյանի ծավալուն երկխոսության «Լուսինե» երեւույթի մասին, զետեղված են նաեւ ժամանակակիցների տպավորությունները, լրագրողների ակնարկների եւ հոդվածների ընտրանին, երգչուհուն ձոնված հայ եւ օտար պոետների բանաստեղծությունները:

Մյուս երկու գրքերը արգասիք են մեկ ուրիշ պաշտամունքի՝ հայկական աստվածաշունչ կտակամատյանի ստեղծողի՝ Գրիգոր Նարեկացու նկատմամբ «Նարեկյան մտորումները» Մատյանի թարգմանիչ, իմ ուսուցիչ եւ մեր ընտանիքի լավ բարեկամ, բանաստեղծ Վազգեն Գեւորգյանի հետ զրույցներով չէին կարող սպառել մեծերից մեծագույնի մասին ցանկալի ասելիքը: Եվ ահա ծնունդ առավ մի նոր Նարեկացիապատում, այս անգամ Աճառյանի անվան համալսարանի հովանավորությամբ, Նարեկացու անմահ քերթվածքի 1000-ամյակի առիթով: Համալսարանում ես դասավանդում էի հայ հրապարակախոսության պատմություն, իսկ «Նարեկ» կենտրոնում ուսանողներիս ծանոթացնում նարեկյան բանարվեստին: Եթե Նարեկացին աղոթք-բանաստեղծություններով յուրօվսանը հղեց առ Աստված, ապա ժողովածուն օրհնաբանություն է առ Նարեկացի, միջնադարյան քերթության հսկայի մասին փառաբանական բազում խոսքերով, երեւելի մարդկանց ստորագրությամբ: «Նարեկյան պատարագ» վերնագրով ժողովածուում տեղ գրաված իմ եւ ամուսնուս՝ Երեւանի պետհամալսարանի դասախոս Ալբերտ Մկրտչյանի երկխոսությունը արդյունք էր մեր կեսդարյա առաքելության. ակամա ստանձնելով առաքյալի եւ պատարագչի դեր՝ մենք նարեկյան իմաստուն բաները հնչեցրել ենք եկեղեցիներում, ուսանողական լսարաններում, դահլիճներում, ընտանեկան հավաքույթներում: Ամենուրեք, ուր նարեկյան հզոր ասմունքը՝ զուգորդված շարականային մեղմաձայն երգեցողությամբ ունկնդիր է    ունեցել: Մեր ընտանեկան պատարագը թեեւ ամուսնուս մահով ավարտվեց (2009 թ. ), սակայն գրքային տարբերակով այն կմնա առմիշտ:

Քաղաքակիրթ հասարակարգի արծրունիական կանխագծումները մեկ սերնդի չէ, որ հասցեագրված էին: Դրանք ենթադրում էին մի քանի սերունդների հաջորդափոխություն՝ արդար դերաբաշխմամբ: Իմ համեստ խնդիրն էր ներկայացնել հայ ազատամտականության    առաջին սերնդի առաջնորդ, նշանավոր հրապարակախոս, «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու պատմական ծառայությունը հայ ազգին: Թե որքանով մենք նրա քարոզած ազատամտության ժառանգորդն ու հետեւորդը դարձանք, սույն երկհատորյակը կօգնի պարզելու այդ հարցի պատասխանը:

 

ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ




Անդրեաս եւ Գրիգոր Արծրունիներ




Պապը`  Գեւորգ Աղա Արծրունին