Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ

Պատմագրության մեջ ժամագրության ժանրի ականավոր ներկայացուցիչներից է  XI դ. երկրորդ կեսում եւ XII դ. առաջին կեսում ապրած ու բեղմնավոր ստեզծագործական գործունեության ծավալած Մատթեոս Ուռհայեցին: նրա մասին էլ մենք շատ քիչ բան գիտեինք: Ծննդյան ու մահվան թվականները հայտնի չեն, հայտնի է միայն, որ «Ժամանակագրությունը» հասցրել է 1136/7 թվականը: Ծնվել է ու կյանքի մեծ մասն անց է կացրել Միջագետքի Ուռհա քաղաքում, որն այն ժամանակ արդեն հայկական մշակույթային օջախներից մեկն էր: Ծերության վերջին տարիներին ապրել է նաեւ Քեսուն քաղաքում: Վախճանվել կամ զոհվել է 1136 1144 թթ. միջեւ: «Ժամանակագրության» մեջ իրեն անվանում է «Մատթէոս Ուռհայեցի եւ վանական», «Վաներեց Մատթէոսի Ուռհայեցւոյ» [1]:

«Ժամանակագրությունը» բաժանված է երեք մասի: Առաջին մասը ընդգրկում է 952 1051 թթ. իրադարձությունները, երկրորդ մասը՝ 1051 1101 թթ., երրորդը՝ 1101 1136/37 թթ.:

Ուռհայեցու «Ժամանակագրությունը» շարունակել է ոմն քեսունցի Գրիգոր երեց, որն այն հասցրել է մինչեւ 1162/1163 թթ.: Այս հեղինակի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ: Պետք է ենթադրել, որ նա երեցի պաշտոն է վարել Քեսուն քաղաքում եւ հավանաբար այնտեղի էլ ծնունդ է:

Մատթեոս Ուռհայեցին «Ժամանակագրությունը» գրել է առանց որեւէ խնդրողի կամ մեկենասի միջահատության: Խոր հայրենասիրությունը եւ պատմության դաստիարակիչ դերի քաջ գիտակցումն է նրան մղել այդ անելու, ստեղծելու մի չափազանց մեծարժեք գրավոր հուշարձան՝ նվիրված սարսափների ու արհավիրքների թատերաբեմ դարձած իր հայրենիքի ու հայ ժողովրդի, ամենածանր ու ճակատագրական նշանակություն ունեցող ժամանակաշրջանի պատմությանը:

«Դարձաք յօժարական մտօք, -- գրում է Ուռհայեցին, -- եւ սկսաք առ ի պատմել զկատարածն եւ զնեղութինս չար ժամանակիս այսորիկ: Եւ ոչ արարքա զսի ի պէտս սնափառուէեանց՝ որպէս կարծել ոմանց, այլ ի յիշատակս եւ ի յազդումն ար յապայ ժամանակին. եւ ոչինչ զմտաւ ածի զտկարութիւն մտաց եւ զանկարողութիւն ի գիտութենէ հմտութեանց» [2]:

Երկրորդ մասի ներածականում նշելով, որ մինչ այդտեղ շարադրել է հարյուր տարվա պատմությունը, ավելացնում է, թե կարեւոր համարելով նման գործը՝ ժամանակագրությունը, որոշել է իր հավաքած նյութը գրի առնել ու ավարտել, որպեսզի իր ապրած դառն ու վշտալից ժամանակներն անհետ չկորչեն եւ մոռացության չտրվեն: Այնուհետեւ ընգգծում է, որ «… ես Մատթէոս Ուռհայեցի եւ վանական՝ զաշխատութեան զգործս իմ ոչինչ համարեցայ, այլ թողի զույս ի յիշատակ սիրողաց ժամանակագրութեանց, զի յորժամ ի հանդէս քննության ելցեն յաղագս ժամանակաց անցելոցն, դիւրաւ կարասցեն գտանել զժամս եւ զժամանակս եւ զկատարած բարկութեանն ի վերայ ժամանակացն զտանիցեն եւ այնու եւս զմտաւ ածեալ յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն՝ զորս վասն մեղացն ընկալաք զհատուցումն յարդար Դատաւորէն Աստուծոյ» [3]:

Երրորդ մասի ներածականում էլ արտահայտված է նույն մտահոգությունը [4]:

Ժամանակագիրը գիտակցել է իր ստանձնած գործի ամբողջ բարդությունը, եւ պատահական չէ, որ նա իրոն նմանեցնում է բույն շինող ծիծեռնակին, ասում է. Ծիծեռնակ կոչվող փոքրիկ թռչունը մարմնով տկար է, բայց իր զարմանալի բնությամբ իրեն է հիշեցնում, ինչպես է նա ոչնչից, շյուղով եւ իր պատրաստած շաղախով բարձր տեղում, առանց որեւէ հիմքի, ամրագոյն բույն շինում, որը եւ ժառանգություն է թողնում իր ձագերին: Գրում է, թե մյուս հաղթամարմին թրչունները չեն կարող այդ բանն անել, նրանք կարող են ուրիշ համարձակ բաներ գործել, բայց ի վիճակի չեն անել այն, ինչ այդ փոքր թռչունը: Եվ անմիջապես ավելացնում է, թե ահա նույն ձեւով ճարտարամիտ ու քաջագիտակ մարդիկ կարող են հմտորեն եւ լուսավոր քննությամբ հետազոտել աստծո Հին եւ Նոր կտակարանները, բայց նկատում է, որ ինքն առանց վարանելու կարող է ասել, որ «... զայս ոչ ոք է կարող առնել, զոր ինչ մեք արարաք, զի զոր ինչ գրեցաք՝ գրեցաւ, զի զամս հնգետասան ունէաք զայս գործ քննութեանս, զոր ի մատենագրութիւնս ընթերցեալ գտանէաք զթուականան ժամանակացն ի յիշատակարանս գրոցն եւ ընդ ծերսն ի քննութիւն մտեալ դեգերէաք անդադար քննութեամբ՝ եւ հաւաքեալ գրեցաք ի գիրս զայս ինչ» [5]: Այնուհետեւ, ընդգծում է, թե «... պարտ եւ արժան է ոչ մոռանալ զսա որք կենդանիքս են ժամանակիս, այլ գրել եւ յիշատակել զսա ծնանելոցն, եթէ այս է մեղաց պտուղն, զոր ցանենին հարքն մեր եւ եւթնապատիկ ժողովեցին, եւ վանս այսորիկ ոս Մատթէոս... զամղ բազումս քաջաջան քննութեամբ կացի եւ արիաբար մտօք ի քաղաքս Միջագետաց յՈւռհա ժողովեալ գրեցաք մինչեւ ցայս վայր, եւ զամաց երեսնից դեռ եւս առաջի կայ ի գրի հաւաքել» [6]:

Ապա համեստությամբ նկատում է, թէ «Եւ արդ ահա այս վարդապետաց եւ կորովի գիտնականաց էր գործ եւ ոչ մերում տկարութեանցս եւ կամ սակաւ գիտութեանցս, բայց այս սովորութիւն է Աստուծոյ, զի ի տկարաց եւ ի նուազից գործ ինչ պիտականու պահանջէ» [7]: Իր արածը պիտանի գործ է համարում եւ համեմատում է մեղուների երամների հետ. «… որպէս տեսանեմք զերամս մեղուացն եւ զարմանամք ընդ դասապետութիւնսն նոցա, եթէ որպէս յոչինչ եւ ի թեթեւ մարմնոյն ամենայն որդիք մարդկան յագենան քազղրութեամբն նոցա... » [8]:

Հիրավի, այդ համեմատությունը մեր ժամանակագիրն իրավունք ունի անելու, քանի որ նրա ստեղծած երկը գոհունակություն եւ քաղցրություն է պատճառել ընթերցողներին եւ դեռ շատ ու շատ դարեր կհիացնի: Այն գիտուն, բազմակողմանի զարգացած պատմագրի 15 տարվա բեղուն աշխատանքի արգասիքն է:

Մատթեոսը նշում է նաեւ, թե որտեղից եւ ինչպես է հավաքել իրեն հետքրքրող նյութերը:

Ի տարբերություն նախորդ պատմագիրների, Ուռհայեցին անկեղծորեն խոստովանում է, որ ինքը, ելնելով որոշ հանգամանքներից, վախենում է ամեն ինչի մասին գրել: Խոսելով խաչակիրների մասին, նա ուղղակի ընդգծում է, թե «... զբազում անիրաւութիւնս նոցա կամէի գրել, բայց ոչ համարձակեցաք, զի ընդ իշխանութեամբ նոցա էաք» [9]:

Մատթեոսն իր երկը չի սկսում աշտարակասիրությունից, այլ ընդգրկում է մոտ երկու հարյուրամյակի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Մերձավոր արեւեքի երկրներում:

Միանգամայն իրավացի է Հ. Բարթիկյանը, որ գրում է. «Ուռհայեցու առջեւ լուրջ դժվարություններ էին կանգնած: Մեր միջնադարյան պատմիչների մեծամասնությունը դրել է զուտ հայոց պատմություն, կամ նույնիսկ մի նահանգի պատմություն, այնինչ Ուռհայեցին ապրելով հայ ժողովրդի համար արտակարգ բարդ մի ժամանակաշրջանում, չէր կարող նյութի այդպիսի ընդգրկմամբ բավարարվել: Նա ստիպված էր գրել ոչ միայն Հայոց պատմությունը, այլեւ հայոց՝ հարեւան ժողովուրդների հետ ունեցած փոխհարաբերությունների պատմությունը, դեռ ավելին, այն օտար ժողովուրդների պատմությունը, որոնց հետ հայերը, ճակատագրի բերմամբ, ստիպված էին շփման մեջ մտնել: Վրաստան եւ Աղվանք, Արաբական Խալիֆայություն, Բյուզանդիա, Բուլղարիա, Եգիպտոսի Ֆաթիմյաններ, սելջուկ-թուրքեր, խաչակիրներ եւ խաչակրաց իշխանություններ, ահա ոչ լրիվ ցուցակը այն երկրների, թագավորությունների եւ իշխանությունների, որոնց պատմությանը նա այս կամ այն չափով պետք է անդրադառնար: Նա պետք է օգտվեր ոչ միայն հայկական աղբյուրներից, այլեւ պարտավոր էր դիմելու բյուզանդական աղբյուներին, Ֆրանկ խաչակիրների գրվածքներին կամ հենց ֆրանկներին անձնապես՝ իմանալու համար այս կամ այն դեպքի մասին: Եվ նա, -- եզրականում է Հ. Բարթիկյանը, -- այդ գործը հաջողությամբ է կատարել» [10]:

Դեռեւս Ղ. Ալիշանն է նկատել, որ Ուռհայեցու երկը ժամանակի աշխարհագրության եւ դեպքերի ստուգապատում աղբյուր է [11]:

Մատթեոս Ուռհայեցին, ինչպես ասվեց, գել է հայերի եւ ոչ Հայաստանի պատմությունը: Նրա երկում Հայաստան աշխարհագրական հասկացություն չէ, որ իմաստավորվում է հայրենիքի գաղափարը, նրա պատկերցրած հայրենիքը սհամաններ չունի, նրա համար հայրենիք է թե բուն Հայաստանն իր մեծ ու փոքր թագավորություններով, թե Փոքր Ասիայի տարածքում ստեղծված հայկական մեծ ու փոքր իշխանությունները, հայաբնակ քաղաքներն ու գավառները: Այդ բոլորի ամբողջությունն է ներկայացնում «Հայաստան աշխարհը»:

Ուռհայեցին անհուն սիրով է լցված հայրենիքի նկատմամբ: Ճիշտ է նկատում Մ. Աբեղյանը, որ նրա երկում հաճախ գտնում ենք նույն ոգին ու զգացմունքը, ինչ որ Լաստիվերցու, միայն ոչ բուռն սաստկությամբ, ավելի զտված, եւ քաղաքական դրության եւ հայության վիճակի պայծառ հասկացությամբ [12]:

 

* * *

Նախորդ պատմագիրներից շատ ավելի խոր ու պարզ Մատթեոսն է գիտակցել Հայաստանի նկատմամբ Բյուզանդական կայսրության վարած նենգ քաղաքականության էությունը եւ իր ազդու գրչով մերկացրել է այն:

Մեծ հայրենասերը զայրույթով գրում է. «Ո՞վ կարասցէ մի ըստ միոջէ պատմել զկորուստ բարկութեանն ու զլաց ապաշաւանաց տանս Հայոց, զոր յանօրէն եւ յարենարբու գազանանց զօրացն Թուրքաց (իմա՝ սելջուկ-քուրքերի Լ. Բ. ) կրեաց յանտիրութենէ, ի սուտ պահապանացն, ի տկար եւ ի թուլամորթ վա ազգին Յունաց. վասն զի մի առ մի քակեալ հանին զքաջ զզօրականսն ի տանէն Հայոց, զորս հանին յարկաց եւ ի գաւառաց եւ բարձեալ խափանեցին զախոռ թագաւորութեանն Հայոց. քակեցին զցանկ պահապնութեանն զօրաց եւ զօրավարաց. եւ ազգն Հոռոմոց (իմա՝ Հույների Լ. Բ. ) իւրեանց անուն քաջութեան զանդարձ փախչելն արարին պարծանք. նմանեցան վատ հովուացն, որ յորժամ զգայլն տեսանէ՝ փախչի: Սակայն Հոռոմք յայն ջանս ջանացան, որ լուր զպարիսպ ամրութեան տանս Հայոց քակեալ կործանեցին եւ զՊարսիկք ի վերայ արձակեցին սրով եւ զամենայն յաղթութիւնն՝ իւրեանց համարեցան եւ ինքեանք անպատկառելի երեսօք կուրտ զօրավօրք եւ ներքինի զօրօք զՀայք պահել ջանային, մինչ եւ Պարսիկք անտէր տեսին զամենայն արեւելք. եւ յայնժամ մեծաւ զօրութեամբ զօրացան այլազգիքն»... [13] :

Ուռհայեցին հայտնում է, որ Անի-Շիրակի թագավորության հանձնումը կայսրությանը ոչ թե Հովհաննես-Սմբատ թագավորի նախաձեռնությունն է եղել, այլ նա կատարել է Վասիլ Բ (Բարսեղ) կայսրի պահանջը: 1022 թ. Վասիլը անթիվ-անհամար զորքով, -- գրում է Ուռհայեցին, -- գնում է Արեւելք եւ Հայոց Թագավորից պահանջում Անին ու Կարսը: Գագիկի որդի Հովհաննեսը իր թուլամորթության պատճառով որոշեց տալ [14]: Վասիլը վրաց Գեորգի թագավորից էլ պահանջել էր հպատակություն հայտնել իրեն, սակայն մերժում էր ստացել:

Ուռհայեցին ասում է. Հովհաննեսն իր կենդանության ժամանակ հույներին գրություն էր տվել, էր իր մահվանից հետո Անին թող նրանցը լինի: Միաժամանակ ավելացնում է, որ դրա հիման վրա նա նրանցից տասնհինգ տարի շարունակ ստանում է ռոճիկ եւ իշխանություն [15]: Ուռհայեցու այս վկայությունը հաստատում է բյուզանդական պատմագիր Կեդրենոսը [16]:

Այդ մասին Հովհաննեսին ժամանակակից Լաստիվերցին սակայն ոչինչ չի ասում:

Այնուհետեւ Ուռհայեցին ցավով նկատում է, որ գրավելով Հայաստանը՝ հույների դեմ ձեռնարկեցին այլ պատերազմ՝ դավանանքի գծով: Չնայած հույները ատեցին պատերազմական ու մարտական գործը, բայց եկեղեցու մեջ կռիվ գցեցին: Հույների նպատակն էր, ընդգծում է մեր ժամանակագիրը, հայոց բոլոր իշխաններին ու քաջ զինվերներին Արեւելքից հանել-բերել հույների մեջ բնակեցնել: Նրանք անընդհատ մտածում էին քաջ ու զորական մարդկանց կորստյան մատնելու մասին: «... ի ձեռաց սոցա, -- եզրակացնում է Ուռհայեցին, -- ամենայն հավատացեալք մատնեցան ի գերութիւն յաշխարհն Պարսից» [17]:

Հույների ու նրանց քաղաքականության՝ Ուռհայեցու տված այս բնութագիրն ու գնահատականը, ինչպես նրա պատճառաբանությունը սելջուկ-թուրքերի արագ ծավալված հաջողությունների մասին, մինչեւ այնօր էլ չեն կորցրել իրենց արժեքը:

Ժամանակագիրը ընդհանրապես ատելությամբ է խոսում իր հայրենիքին ու ժողովրդին չարիքներ պատճառողների մասին, անկախ ազգային պատկանելիությունից:

Սելջուկյան հորդաների առաջնորդները, ասում թ Ուռհայեցին, համոզված էին, որ կայսրության տիրապետության տակ գտնվող Հայոց ամբողջ երկիրը անտերունչ եւ անպաշտպան կլինի, քանի որ Հոռոմները քաջ ու հզոր տղամարդկանց հեռացրել էին Արեւելքից [18]:

Ուռհայեցին բազմիցս շեշտում է, որ Հոռոմ իշխողները նենգամիտ են, նենգ են ու աստվածուրաց: Բագրատունիների գահը, ասում է նա, «... նենգութեամբ յափշտակեցին աստուածուրաց եւ նենգաւոր ազգն հերետիկոսացն» [19]: «... որպէս եւ սովոր են ազգս հոռոմոց երդմամբ կորուսանել զամենայն մեծամեծն աշխարհի» [20]:

Գագիկ Բ-ի կապակցությամբ էլ գրում է թե նա «մնաց պանդուխտ հունաց անողորմ եւ չար ժողովրդի մեջ» [21]: Հույները «անիրաց, մոլեգին, չարամիտ ազգ են»:

Նա նույն ատելությամբ է խոսում հույն իշխող վերնախավի մասին նաեւ ասորիների դեմ կիրառած դաժանությունների կապակցությամբ [22]:

Անի քաղաքում հայրապետական աթոռը վերացել էր դաժան հոռոմների նենգ մեքենայությունների շնորհիվ [23], ասում է ժամանակագիրը:

Եվ վերջապես, կարծեք հեգնելու նպատակով, Մատթեոսը գրում է, թե ինքը բազմիցս մտածել է գրել նաեւ փորձանքների ու պատիժների մասին, որ տեղացին հայ ժողովրդի գլխին թուրք ժողովրդից եւ իրենց եղբայր հոռոմներից [24]: Ահա այդ հոռոմ «եղբայրներից» կազմված մեծաթիվ զորքը մտնում է Հայաստան, անողորմ կերպով հարձակվում է քրիստոնյաների վրա, նրանց սրի քաշում ու գերեվարում: Գազանի պես հոշոտելով, նա առաջ է շարժվում ինչպես թունավոր օձը եւ լրացնում անհավատ ազգերի թողած պակասը, դառնացած գրում է Ուռհայեցին [25]:

Մատթեոն Ուռհայեցին բացահայտելով ու խիստ քննադատության ենթարկելով Բյուզանդկան կայսրության նենգ քաղաքականությունը Հայաստանի ու հայերի նկատմամբ, միաժամանակ, կարծեք հակասելով իրեն, բերում է Չմշկիկ կայսրի գրած նամակը Հայոց Աշոտ Գ թագավերին, Վասիլ կայսրի կտակը հայերի մասին, ընդարձակ ձեւով եւ մեծ գոհունակությամբ նկարագրում է կայսրության արքունիքում հայ աշխարհիկ եւ հոգեւոր վերնախավի ներկայացուցիչների փառահեղ ընդունելության արարողությունները:

Չմշկիկը նամակում Աշոտին իր հոգեւոր որդին է համարում եւ շատ ընդարձակ ձեւով նկարագրում է արաբների դեմ իր մղած պատերազմներն ու ձեռք վերած նվաճումները [26]:

Վասիլի կտակի մասին: Ուռհայեցին գրում է, թե քանի դեռ նա կենդանի էր, կանչեց իր եղբայր Կոստանդինին, թագը դրեց գլխին, թագավորությունը հանձնեց նրան ու կտակ թողեց Հայեց երկրի վերաբերյալ՝ հոր նման հոգալ այդ ժողովրդի մասին. եւ Հունաց երկրի բոլոր իշխաններին պատվիրեց միշտ արդարամիտ լինել քրիստոնյաների հանդեպ [27]:

Արդ, ինչո՞վ են պայմանավերված պայմանագրի այս փառաբանությունները հույների կողմից հայերի նկատմամբ ցուցաբերած քաղաքականության վերաբերյալ:

X դարի 50--60- ական թվականների Մերձավոր արեւելքում, ինչես արդեն ասվել է, ուժերի լուրջ տեղաշարժեր էին տեղի ունեցել: Բյուզանդական կայսրությունն սկսել էր հզորանալ ու ձգտում էր վերականգնել իր երբեմնի աշխարհակալական դիրքն Արեւելքում: Արաբական խալիֆաթը ընդհակառակը տնտեսական ու քաղաքական սուր ճգնաժամ էր ապրում՝ արագ թափով գնալով դեպի քայքայում: Ստեղծված այսպիսի իրադրության պայմաններում կովկասյան ժողովուրդների ու առանձնապես հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը ճակատագրական ու վճռական նշանակություն էր ստացել: Հույներն այդ լավ էին հասկացել, սակայն եւ համողվել էին, որ Հայաստանը զենքի ուժով ընկճել ու նվաճել հնարավոր չէ: Մինչդեռ հայերի կողմնորոշումը դեպի կայսրությունը նրանց համար խիստ անհրաժեշտ էր: Ստեղծված իրավիճակում ահա կայսրությունը նորից ակտիվացրեց իր ավանդական նենգ դիվանագիտությունը:

Չմշկիկ կայսրը Աշոտ Գ-ի գեղեցի աչքերի համար չէր նրան իր որդի կոչում, այլ նրա կազմ ու պատրաստ ութսուն հազարանոց զորքի: Այդ ժամանակ էր հենց, որ բյուզանդական դիվանագիտությունը ձեռնարկել էր համառ ու ոչ անհաջող փորձեր հայ ազնվականությանը համոզելու, թե իբր կայսրությունը նրանց նկատմամբ բարեկամական, հոգատար վերաբերմունք ունի [28]: Ահա այդ փորձերի ազդեցության տակ ստեղծված տրամադրությունների արձագանքներն են, որ տեղ են գտել ինչպես Լաստիվերցու, այնպես էլ Ուռհայեցու երկերում:

Այդ փորձերի արձագանքներն են նաեւ Ուռհայեցու երկում տեղ գտած Հովհաննես Կոզեռն գիտունի գուշակությունները: Ինչպես Կոզեռնը, այնպես եւ նրա ժամանակակիցներից շատերը, իրենց ապրած օրերում ստեղծված մղձավանջային պայմաններում, հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունները կապում էին բնական երեւույթների հետ:

1023 թ. Ուժեղ երկրաշարժի եւ 1037 թ. Արեգակի խավարման կապակցությամբ հայ աշխարհիկ եւ հոգեւոր նշանավոր դեմքերը դիմել էին նշանավոր գիտնականի համբավ վայելող Հովհաննես Կոզեռն վարդապետին, որպեսզի նա բացատրի այդ երեւույթների պատճառները: Վերջինս բառն ողբալով, նշել է, որ արդեն լրացել է Քրիստոսի խաչելոության չարչարանքների հազար տարին եւ Քրիստոսի մկրտությամբ կապված սատանան ազատվել է իր կապանքներից, եւ այսուհետեւ շատ չարիքներ է պատճառելու մարդկությանը: Մարդիկ դավանանքի մեջ հաստատուն չեն լինելու, աստծուց չեն վախենալու, նրա պատվիրանները չեն կատարելու, բազմաթիվ հերձվածներ են մուտք գործելու եկեղեցին: Իշխանները իմանալու են գողերին, ավազակներին ու կողոպտիչներին, դտավորները դաառնալու են կաշառակեր, առաջներդներն ու իշխանները ոտնահարելու են աղքատի իրավունքները, անիրավաբար հափշտակելու են աշխատողի ունեցվածքն ու նրանց նկատմամբ անողորմ դատաստան են տեսնելու: Իշխաններն ուն դատավորները վարակվելու են պոռնիկոության ախտով: Վանականներնը աշխարհիկ գործերով են զբաղվելու, աշխարհիկ կյանքն են սիրելու:

Շարունակելով իր գուշակությունները, Կոզեռնն ասում է, որ տեղի են ունենալու սելջուկների պիղծ զորքերի հարձակումները քրիստոնյա ժողովուրդների վրա, բոլոր երկրները սրի ճարակ են դառնալու, այդ ժողովուրդները կործանվելու են սովի մագիլներում եւ գերության մեջ: Եղբայրները սպանությամբ ու արյունահեղությամբ ջանալու են մեկը մյուսին կործանել: Անհավատ ժողովուրդներն ալեկոծելու են աշխարհը: Վաթսուն տարուց հետո հանդես է գալու ֆրանկների արիական ժողովուրդն ու ազատագրելու է գերությունից Երուսաղեմը: Դրանից հետո հիսուն տարի ժողովուրդը տառապելու է սելջուկների ձեռքից: Այդ հիսուն տարուց հետո հույները աստիճանաբար հզորանալու են, եւ ինչ, այն ժամանակ նրանց կայսրը, կարծես քնից զարթնելով, հսկայական բազմությամբ, որպես ծովեզրյա ավազ, արծվի պես հարձակվելու է սելջուկների վրա: Նա պիտի ելնի, որպես բորբոքված հուր եւ նրա ահից բոլոր արարծները պիտի դողան, իսկ սելջուկները եւ այլազգիների բոլոր զորքերը փախուստի են դիմելու Ջիհուն գետի այն կողմը:

Եվ այն ժամանակ, Կոզեռնի բերանոց գոհունակությամբ ասում է Ուռհայեցին, կամ, թերեւս, Կոզեռնի գուշակությունը հետագայում երկի մեջ մտցրած հեղինակը կամ խմբագիրը [29], հունաց կայսրը երկար տարիներ տիրելու է բովանդակ աշխարհին: Համայն երկիրը վերաշինվելու ու շենանալու է: Բազմանալու են մարդիկ եւ անասունները, հորդելու են ցամաքած աղբյուրները, անդաստանները նախկինից շատ են բերք տալու: Հույների զորքերը ավերելու են պարսից երկիրն ու անմարդաբնակ են դարձնելու: Կայսրի գերիշխանության տակ է անցնելու ողջ աշխարհը [30]:

Այս կապակցությամբ Աշ. Հովհաննիսյանը նկատում է, որ Կիլիկիացի հեղինակն իր առաջ ունեցել է Արեւելյան Հայաստանի գրական որեւէ աղբյուր՝ գրված XI դարի կեսերին, Անիի բյուզանդական օկուպացման ժամանակ: Ըստ երեւույթին գրական մի գործ էր եղել դա, որ Կոզեռնին վերագրված տեսիլքի ձեւով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները եւ միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին եւ արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն բյուզանդկան զենքը: Կոզեռնը հենց այն մարդն էր, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, երբ վերջինս մեկնել էր Վասիլ Բ կայսրի մոտ բանակցություններ վարելու [31]:

Աշ. Հովհաննիսյանը նկատում է, որ «Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներեւ է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը: Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին: Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարոըմ էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքնոեր ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներեւ: Հայալեզու տեսիլներն ու գուշակությունները եւս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզիներ էին: Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին» [32]:

Ուռհայեցու Կոզեռնի գուշակությունների առանցքն էլ, ինչպես Ներսես Պարթեւի տեսիլներինը եւ Ագաթոնի գուշակություններինը, կազմել են ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքները, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները [33]: Կոզեռնի գուշակությունները հենց կազմում են մեր այս պատմագրի քաղաքական ծրագիրը:

Ժամանակագիրն անզուսպ ատելությամբ է խոսում սելջուկների մասին ու ցավագին ողբում նրանց պատճառած սարսափներն ու արհավիրքները:

1017 թ. Վասպուրական ներխուժած թուրքական հրոսակների մասին ասւոմ է. «… աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով քանզի թեւավոր օձեր վրա հասան, ցանկանալով տարածվել ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը եւ սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին» [34]:

Նկարագրելով Տուղրիլի անհաջողությունը Մանազկերտի գրավման համար մղած մարտերում, Ուռհայեցին գոհունակությամբ գրում է. Մանազկերտ քաղաքը փրկեց թուրքերի պիղծ ազգի ձեռքից [35]:

Ալփասլանը (Ուռհայեցու մոտ Աբալսանը Լ. Բ. ) հայկական զորքի գլուխ անցած, ալեկոծված ծովի կամ հորդացած գետի նման, փոթորկալի ցասմամբ ու կատաղությամբ իբրեւ արյունռուշտ գազան եկավ, հասավ Հայաստան: Այնտեղից մտավ Աղվանո, բնակիչներին սրի քաշեց ու գերեվարեց եւ անհամար քրիստոնյաների կոտորեց [36]:

Անիի գրավման կապակցությամբ գրում է, թե այդ տարին սուլթանը՝ պարսից չար վիշապը, մեծ ուժով շարժվեց եւ եկավ մտավ Հայոց աշխարհը եւ իր կատաղությունը թափեց երկրի վրա, իր դառն մաղձը ճաշակել տվեց ողջ հայ ժողովրդին: Մահվան բորբոքած բոցը տարածվեց բոլոր քրիստոնյաների մեջ, հայոց ողջ երկիրը արյամբ ողողվեց, մարդիկ սրի ու գերության մատնվեցին: Ապա սուլթանը սեւ ամպի նման իջավ թագավորանիստ Անի քաղաքի վրա՝ չար վիշապի նման չորս կողմից շրջապատելով այն [37]:

Այնուհետեւ նկարագրում է պաշարվածների ողբալի վիճակը, կայսրության կայազորի դավաճանությունը, քաղաքում բռնկված խուճապը, ապա քաղաքի գրավումը, թուրքերի գազանությունները:

Խոսելով Կարսի Գագիկ թագավորի մասին, Ուռհայեցին գրում է, թե նա իր տիրույթը հանձնում է կայսրությանը, փոխարենն ստանում Ծամնդավը: Չի ասում բնաց, այլ «լքեց հայրենի երկիրը» եւ ավելացնում է. «Արդ՝ այսպիսի նմանութեամբս գերեցաւ տունն Հայոց, եւ արեամբ լցաւ առ հասարակ ամենայն աշխարհն, որ իբրեւ զծով ծփայր ծայրէ ի ցաւ հիմն բնակութեան Հայաստան ազգացս, եւ ոչ մնաց տեղի յուսոյ ապաւինի, եղաք մատնեալք ի ծառայութիւն ազգաց անօրինաց եւ օտար գազանաց. Ահա եկեալ կատարեցաւ ի բերայ մեր բան Դաւթի մարգարէին՝ որ ասէ. «Վաճառեցեր զժողովուրդս քո առանց զնոյ, եւ ոչ մնաց տեղի յուսոյ ապաւինի, եղաք մատնեալք ի ծառայութիւն ազգաց անօրինաց եւ օտար գազանաց. ահա եկեալ կատարեցաւ ի վերայ մեր բան Դաւթի մարգարէին՝ որ ասէ. «Վաճառեցեր զժողովուրդս քո առանց զնոյ, եւ ոչ թիւ աղաղակի մերոյ. արարեր զմեզ յառակս հեթանոսաց, ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ՝ որ շուրջ էին զմեօք» [38]:

Պետք է ենթադրել, որ այս կշտամբանքը ուղղված է հայրենիքը լքողներին, որոնք իսկապես վաճառեցին իրենց հայրենիքը:

Մատթեոսը ողբում է, ոչ միայն հայ, այլեւ բոլոր քրիստոնյա ժողովուրդների վիճակը: Նշելով, որ 1080 թ. արեւմտյան նահանգներում սաստիկ սով եղավ, նա գրում է, որ պատառը թուրքերի արյունարբու եւ գազանացած ժողովուրդն էր, որ սփռվել էր աշխարհի երեսով մեկ: Քրիստոնյաների բոլոր երկրները մատնվեցին սրի ու գերության, երկրից չքացան երկրագործական մթերքները, սպառվեց հացը, մշակն ու աշխատավորը սրի քաշվեցին եւ գերի քշվեցին, ամենուրեք տարածվեց սովը: Բազում գավառներ մարդաթափ եղան: Մարդիկ հոգնեցին դիակները թաղելով, գավառը (Ուռհա Լ. Բ. ) լցվեց նրանց դիակներով, իսկ գազաններն ու թռչունները ձանձրացան այդ դիակներն ուտելուց: Մեռածներից շատերն անթաղ մնացին եւ գավառը լցվեց գորշահոտությամբ: Մատթեոսն ընդգծում է, որ « ... եւ զայս ամենայն աչք մեր տեսանէին» ու ավելացնում է. «Այս եղեւ սկիզբն աւերման եւ քակելոյ տանն արեւելից եւ Յունաց» [39]:

Պատմիչը ոչ պակաս ատելությամբ է խոսում նաեւ խաչակիրների մասին: Ճիշտ է, սկզբում Մատթեոսը համոզված է եղել, որ այդ օրերին իրականացավ հռոմեացիների գալու մասին հայոց կաթողիկող Ներսեսի մարգարեությունը, որը նա հայտնել էր հայոց նախարարներին եւ իշխաններին [40]: Եվ հպարտությամբ ընդգծում է, որ այդ կանխագուշակության իրականացմանը ինքը ականատես եղավ [41]: Այնուհետեւ ասում է, թե այդ տարին (1097) ոտքի ելան ողջ Իտալիան եւ Իսպանիան՝ մինչեւ Աֆրիկա եւ Ներքնագույն Ֆրանկիա: Ֆրանկների բարձրաստիճան իշխաններն անթիվ ու անհաշիվ բազմությամբ եւ անհամար շարքերով, որպես մորեխ, որ չի կարելի թվել կամ որպես ծովի ավազ, որ չի կարելի երեւակայել, եկան քրիստոնյաներին օգնության: Նրանք փառավոր մարդիկ էին, թագավորազուններ, հավատացյալ եւ աստվածապաշտ, բարեգործություն անելու ոգով դաստիարակված [42]:

Սակայն շատ շուտով մեր ժամանակագիրը հասկանում է, որ ինքը չարաչար սխալվել է: Ֆրանկները ոչ միայն չարդարացրեցին քրիստոնյաների հարյուրամյակներ փայփայած հույսերը, այլեւ ավելի մեծ չարիք դարձան նրանց գլխին: Ֆրանկները « ... ի զրկանս եւ յանիրաւութիւնս եւ յաւերս անողորմապէս վարեցան ի վարեյ քրիստոնէից» [43], դառնացած գրում է նրանցից այնքան շատ ակնկալություններ սպասող մեր ժամանակագիրը: Նրանք երկիրն ավերակ էին դարձրել, մարդաթափ ու տատասկոտ, նրանց ոտքի տակ երկիրը խոպան էր դարձել, այգիներն ու ծառերը՝ չորացել, դաշտերը՝ փշով ծածկվել, աղբյուրները՝ ցամաքել: Նրանք սիրելիների միջեւ եղած սերը եւ ուրախությունը վերացրին, եւ երկրի վրա տարածվեց մատնությունն ու ատելությունը: Սկիզբ առավ ճշմարիտ հավատքի քննությունը, հալածվեղ ճշմարտությունը, մերժվեց արդարությունը, չքացավ աստվածապաշտությունը: Այդպես արեց ահա ֆրանկների մոեգին ժողովուրդը [44]: Եվ այդ բոլորի պատճառը նրանց սաստիկ դրամասիրությունն էր, -- եզրակացնում է Ուռհայեցին [45]:

Խոսելով Ուռհայի կոմս Բալդուինի (Պաղտին)՝ հայերին պատճառած սարսափների մասին, շեշտում է, որ նա թուրքերից շատ ավելի փորձանք պատճառեղ քրիստոնյաներին, մեկ առ մեկ ոչնչացրեց հայոց բոլոր իշխանությունները՝ ավելի հետեւողականորեն, քան թուրքերը: Կոմսը հալածեց հայոց այն իշխաններին, ովքեր կարողացել էին իրենց գոյությունը պահպանել թուրքերի կարաղած ազգի ձեռքերից, տարագիր արեց նրանց, խորտակեց Գող Վասիլի բովանդակ իշխանությունը: Նա որիշ բազում ու բարի իշխանների տանջամահ արեց բանտում եւ կապանքների մեջ: Ֆրանկները շատերի աչքերն էին կուրացնում, ձեռքերն ու քթերը կտրում: Կտրել էին տալիս տղամարդկանց սեռական օրգանները, ցցամահ էին անում ու սպանում անմեղ երեխաներին: Դրամ շորթելու համար նրանք անմեղ մարդկանց չարչարում էին: Երկիրը քարուքանդ էին անում: Անգործ թրեւ էին գալիս, ոչինչ չէին անում, այլ միայն նստում եւ վատության ու ստորության մասին մտածում: Երախտամոռներն ամեն տեսակ նենգություն եւ վատություն սիրեցին, մոռացան իրենց լավությունը: Եվ ավելացնում է, էե անհնարին է թվել նրանց չարագործությունները [46]: Ուռհա մայրաքաղաքը դատարկվեց ու նստեց, որպես այրի մի կին, «... այն՝ որ մայր էր յառաջ ամենայն արարածոց եւ առ ինքն ժողովէր զամենայն ցրուեալսն աշխարհի եւ կամ այն, որ յառաջագոյն ելանէին խաչիւ ընդդէմ Փռանգաց, յորժամ մուրանալով գային առ նոսա. եւ ահա փոխանակ բարեացն զայս այսպէս գործեցին ընդ նոսա եւ չար հոտուցին ամենայն հաւատացելոցն» [47]:

Մատթեոս Ուռհայեցին դառնորեն ողբալով իր հայրենիքի ու ժողովրդի տառապանքները, այնուամենայնից չի հուսալքվում, նա համոզված է, որ այդպես երկար չի շարունակվի, կգան լավ ժամանակներ, բերկրալի օրեր, դրա համար էլ նա գրել է դժբախտությունների մասին, որպեսզի այդ օրերում սերունդները կարդան ու չմոռանան դրանք:

Հայրենակիցներին հուսադրելու եւ մարտի կոչ հնչեցնոլու համար Ուռհայեցին հորինում է Գրիգորիս կաթողիկոսի նամակն Ուռհայի հոգեւորականներին: Այդ նամակը միաժամանակ է, կրում է ժամանակաշրջանի կնիքը:

Վասիլ կայսրի ժամանակ հույների եւ հայերի միջեւ մեծ վեճ է սկսում զատկի օրվա շուրջը: Այդ կապակցությամբ Ուռհայի քահանաները դիմում են կաթողիկոսերին: Վերջինս մի մեծ նամակ է գրում, ուր մի քանի նախադասությամբ խոսում է աստծու եւ Քրիստոսի արարչագործությունների եւ զորության մասին եւ ապա շարունակում՝ «... արդ մի՛ երկնչիք եւ մի՛ զանգիտէք, վասն զի ահա ժամանակս մերձեալ է փրկութեան եւ գալուստն Տեառն մերձ է: Եվ արդ բազում բանս մխիթարութեան ունիմք մարգարէիւք վասն հանդերձելոցն եւ զՏեառնէ Աստուծոյ մերոյ եւ զսրբոցն նորա, եւ արդ ահա այսմ ամենայնի պարտ է կատարել եւ լինել, վանս զի երեւեսցին ճշմարտեալքն: Եւ արդ թէպէտ եւ ես խրախոյս տամ ձեզ եւ քաջալերեմ համբերել ամենայն իմաստութեամբ եւ ոչ իբրեւ զվատասրտեալ հովիւ արտաքոյ մնամ կրիցն, այլ կամաւորութեամբ ես մահակից ձեզ գտանիմ, յամենայն զործս ի տեսակս տանջանաց եւ ոչ օտարաման կամ յուրաստ կամ, եթէ բանիւքն կամ քննութեամբ էր մեզ նեղութիւնս, եւ կամ հարցափորձութեամբ, ահա պատրաստ կամ յամենայն իրս տալ պատասխանի, զոր ինչ եւ հարցանիցեն, բայց ի պատեհ եւ ի դիպող ժամու, եւ եթէ տանջանօք է կամ բռնութեամբ, եւ ոչ յայնմանէ յուրաստ կամք: Եւ գոհանամք զԱստուծոյ յամենայն ժամ, որ մինչեւ ցայժմ յամաստուած հեթանոսացն տէրանցն զանգիտէաք եւ դատէաք եւ այժմ ի քրիստոնէիցդ նոյնպէս: Բայց դուք մի՛ վհատեք, կարող է Աստուած ընդ փորձութեանցն եւ զելսն առնել՝ զի համբերել կարասցուք, սակայն որչափ ի կարի մեր է. ամենեքեան որպէս զքաջ զինվուոր Քրիստոսի մարտիք ընդ բարիոք նահատակութիւնն Յիսուսի ի վերայ ճշմարտութեանն: ... վասն զի չենք ի սխալումն ինչ եւ ոչ եմք ի թիւրութիւն հաւատոց եւ կամ յանդգնաբար իրաւ զմեզ կարծեմք, վասն զի այն անզգամաց է գործ եւ անմտաց…» [48]:

Մատթեոսը գրում է, թե երբ այս նամակը հասավ Ուռհա, նրանք հաստատուն մնացին ուղղափառության մեջ [49] :

Մատթեոսաը թերեւս հավատքը քող է դարձրել, որպեսզի օտարները՝ թուրքերն ու խաչակիրները հավատան, որ նա նկատի ունի հույներին եւ այդ մարտակոչները նրանց դեմ է ուղղված եւ ոչ իրենց: Նա գրում է թե, մենք ոչ ... բարձրադէմ երեսօք հպարտացեալք եւ ամբարտաւանեցեալք իբր զՀոռոմ ազգն եւ զայլս ոմանց, որոց եւ յաւելորդ է յիշատակել զանուանս նոցա» [50]:

Այլ կերպ էլ չէր կարող վարվել թուրքերի եւ հետո խաչակիրների տիրապետության տակ գտնվող քաղաքում ստեղծագործող պատմագիրը, որը չի թաքցնում իր վախը եւ անկեղծորեն խոստվանում է, որ խաչակիրների ոչ բոլոր տնօրինությունների մասին է գրել, վախեցել է «... բայց ոչ համարձակեցաք, զի ընդ իշխանութեամբ նրա էաք» [51]:

Ուռհայեցին էլ Լաստիվերցու նման, հայրենիքին ու հայրենակիցներին վրա հասած սարսափները սոսկ պասիվ արձանագրողի ու ողբացողի դերում չի հանդես գալիս, այլ նախազգուշացնողի ու պահանջողի, նա էլ է կշտամբում աստծուն:

Նշելով, որ աստված է իրենց մատնել անհավատ ու գազանաբարո թուրք ազգի ձեռքը, պատմագիրը ասում է՝ համաձայն մարգարեի խոսքի, թե «Աստուած, թէ մերժեցեր զմեզ եւ աւերեցեր եւ բարկացար եւ գթասցիս եւ ոչ ելեր ընդ զօրս մեր, դարձուցեր զմեզ յետս քան զթշնամիս մեր, եւ ատելիք մեր յափշտակեցին զմեզ. ետուր զմեզ որպէս զոչխար ի զենումն եւ ընդ հեթանոսս ցրուեցեր զմեզ» [52]:

Մի այլ կապակցությամբ էլ, ինչպես արդեն ասվել է, բերում է Դավիթ մարգարեի խոսքը, ուր ասված է. «Վաճառեցեր զժողովուրդս քո առանց գնոյ, եւ ոչ գոյ թիւ աղաղակի մերոյ. արարեր զմեզ յառակս հեթանոսաց, ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ՝ որ շուրջ էին զմեօք, եւ վասն այսորիկ աղաղակեմք եւ ասեմք. դարձ առ մեզ Աստուած Փրկիչ մեր եւ դարձո զսրտմտութիւնս քո ի մէնջ» [53]:

* * *

Պատմագիր Ուռհայեցին մեծ հայրենասեր է եւ մեծ հումանիստ: Նա գրում է նաեւ հայորդիների սխրանքների մասին, ուրախանում է այն ամենով, ինչը պատիվ է բերում իր հայրենիքին ու հայրենակիցներին:

Դելմիկների հրոսակները 972 թ. ներխուժում են Նիգ գավառը: Հայոց սպարապետ Վասակ Պահլավունին այն ժամանակ հանգստանում էր Բջնի ամրոցի մոտ: Իմանալով թշնամու ներխուժման մասին, Վասակ քաջ զորավարը չսպասելով իր զորքի հավաքվելուն, հինգ հարյուր հոգով առյուծի պես նետվում է դեպի Նիգ: Ճանապարհին մի գյուղում նրանք ականատես են լինում, թե ինչպես այլազգինեը գլխովին կոտորել էին գյուղի բնակչությանը եւ այդ պահին էլ շրջապատել էին եկեղեցին ու անխնա սրախողխող էին անում ներսում ապաստանածներին: Քաջ Վասակը, -- գրում է Ուռհայեցին, -- տեսնելով այդ, առյուծի պես մռնչաց ու հարձակվեց թշնամու զորքի վրա, նրանցին կոտորեց երեք հարյուր հոգի, մնացածները փախուստի դիմեցին ու միացան իրենց հիմական զորաբանակին: Հայոց մեծաթիվ բանակը, որ արդեն ժամանել էր այնտեղ, հարձակվում է թշնամու վրա: Տեսնելով, որ այլազգիների զորքն անթիվ-անհամար է, բոլորը միասին, աչքի առջեւ ունենալով մահը, սրտապնդվում են պատերզմի, եւ ինչպես գայլերն այծերի մեջ, եւ արծիվները՝ թռչունների երամների, ահա այդպես խիզախորեն դիմում են պատերզմի եւ շատերին խողխողելով դիաթավալ գետին տապալում [54]:

Հիացմունքով է նկարագրում Մատթեոսը Աշոտ Գ-ի թագավորումը: Ասում է. 961 թ. հայոց սպարապետը գումարեց քառասունհինգ հազար քաջերից բաղկացած մարզպետական զորագունդ, չհաշված արքունական գունդը: Հայաստանի նահանգների բոլոր իշխանները հավաքվեցին Անանիա կաթողիկոսի մոտ, որպեսզի Աշոտ թագավորին օծեն: Թագադրության հանդեսին հրավիրել էին նաեւ Աղվանից աշխարհի կաթողիկոս տեր Հովհաննեսին՝ քառասուն եպիսկոպոսների հետ եւ Աղվանից թագավոր Ֆիլիպեին: Այնուհետեւ նշում է, որ այդ օրը գումարեց կարեւոր եւ մեծ ժողով Անի քաղաքում, որն այն ժամանակվանից սկսած դարձավ թագավորանիստ քաղաք: 962 թ. Աշոտը օծվեց թագավոր եւ նստեց հայոց  ազգի առաջին թագավորների գահին: Համայն Հայաստանում մեծ ուրախություն էր: Հայերի ուրախությունը կատարյալ էր, -- շարունակում է ոգեւորված պատմել Մատթեոսը, -- այն ատճառով, որ թագավոր օծվեց քաջ, կորովի եւ պատերազմող մի մարդ: Նույն օրը տեղի ունեցավ նրա հարյուր հազարանոց սպառազեն ընտիր, քաջամարտիկ եւ կորովի զինվորների զորահանդեսը, որոնք պատերազմի ժամանակ առյուծների կորյունների եւ արծիվների ձագերի նման էին խիզախում: Այն ամենի համբավը հասնելով հարեւան բոլոր երկրները, բոլոր ժողովուրդների՝ աբխազների եւ հույների, բաբելացիների եւ պարսիկների թագավորներին, ի պատիվ հայոց թագավորության ուղարկեցն նկարներ եւ բարեկամության ուղարկեցին նվերներ եւ բարեկամության հավաստիացումներ թանկագին ընծաներով: Հանդեսից հետո հրավիրվածներին մեծամեծ նվերներով եւ պատվով  ճանապարհեցին [55]:

Ժամանակակիցներին քաջալերելու եւ հետագա սերունդներին դաստիարակելու, խրատելու նպատակով Մատթեոսը քիչ էջեր չի նվիրել հայկական զորքերի՝ ճակատամարտերում գործած սխրանքների ու խիզախությունների նկարագրությանը:

1042 թ. հայոց աշխարհի օրհասն էր, -- ասում է Ուռհայեցին: Կայսրության բանակը կանգնեց Անիի դռների առջեւ: Հայոց մանցած զորքը հավաքվում է մեծ սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջը, խնդրում նրան պատերազմի դուրս գալ հույների դեմ: Հայոց զորքերը մեծ զայրույթով ու բարկությամբ լցված, բոլորը միասին՝ երեսուն հազար հետեւակ եւ ձիավոր, դուրս գալով քաղաքից դիմում են մարտի եւ որպես կայծակ թափվում են թշնամու վրա, անխնա սրի քաշում ու կոտորում եւ այնքան գազազած ու ամբարտավանած հունաց զորքերին փախուստի մատնում: Տեսնելու բան էր հունաց զորքի համար սարսափելի եւ օրհասական այդ օրը. քսան հազարից միայն հարյուր հոգի էին կենդանի մնացել: Կենդանի մնացածներին էլ են ուզեցել սպանել, սակայն Վահրամի շատ աղաչանքից ու պաղատանքից հետո միայն հայ զինվերները թույլ են տվել նրանց գնալու: Այդ կոտորածից հետո, հպարտությամբ շեշտում է մեր պատմագիրը, -- Հույները այլեւս չպահանջեցին Անին, այլ խայտառակ եղած դարձան գնացին Կոստանդնուպոլիս [56]:

Մեծ ոգեւորությամբ է նկատագրում Ուռհայեցին իր հայրենի քաղաքի հերոսական դիմադրությունը Ալփասլանի հրոսակներին: Ասում է. Սուլթանը հիսում օր կատաղի պատերզմ մղեց, բայց ոչինիչ չկարողացավ անել, ուզում էր քաղաքի պարսպից մի քար ահնել որպես հիշատակ տանել Պարսկաստան, սակայն այդ էլ չկարողացավ, ամոթից թողեց հեռացավ [57]:

1096 թ. Ուռհան նորից է պաշտում, բազում օրեր թշնամին կատաղի պատերազմ է մղում, բայց չի կարողանում ոչինչ անել, որովհետեւ, -- հպարտությամբ ասում է պատմագիրը, -- քաղաքացինեը՝ առյուծասիրտ դարձած, դիմագրավեցին նրան եւ թշնամին ճարահատյալ, ամոթով հեռացավ [58]:

Նույն ձեւով նկարագրում է եւ Գող Վասիլի մղած պատերազմները: Ի դեպ, նկատենք, որ նա երեւում է մեծ հույսեր էր կապած եղել Փոքր Ասիայի տարածքում առաջացածծ հայկական իշխանությունների եւ հատկապես Գող Վասիլի իշխանության հեը, որի մասին գովասանքով է խոսում: Ուռհայեցու իդեալ սուրբ Գրիգորիս կաթողիկոսը մահվան նախօրեին, հանդիպել է Գող Վասիլ հայոց մեծ իշխանին, մի հզոր եւ կռվող մարդու, որի շուրջն էին համախմբվել հայոց զորքի բեկորները [59]:

Վասիլիմահվան կապակցությամբ էլ գրում է, որ նրա մահը հայոց համայն աշխարհում մեծ սուգ պատճարեց, քանի որ հայոց զորքի բեկորները, Բագրատունյաց եւ Պահլավունյաց ընտանիքները, հայ թագավորազունները, հայոց ազատագունդ զորքով հանդերձ նրա մոտ էին ապաստանել եւ մեծ պատիվների արժանացել: Բացի այդ, հայող կաթողիկոսական աթոռը եւս նրա մոտ էր հաստատվել, քանի որ Վասիլն իր զենքի ուժով տիրել էր բազում գավառների, վանականներ, եպիսկոպոսներ, քահանաներ եւ վարդապետներ նրա մոտ էին խմբվել եւ բոլորն ապրում էին մեծ ուրախությամբ, հրճվանքով ասում է մեր պատմագիրը:

Ուռհայեցին մեծ հիացմունքով է խոսում նաեւ Գագիկ Բ Բագրատունու եւ անեցիների մասին: Ասում է. կայսրն իր մոտ է կանչում Գագիկին, նրա առջեւ դնում Անիի բանալիները եւ վեստ Սարգսի ու Պոտրոս կաթողիկոսի գրած նամակը ու ասում. «... զանի եւ զամենայն արեւելք ետուն ի ձեռս իմ: Եւ ծանեաւ Գագիկ զնենգութեան գործն, յոգւոց եհան արտասուօք եւ ասէ. «Դատ արասցէ Քրիստոս ընդ իս եւ ընդ նենգաւորսն իմ ... Տէր եւ թագաւորն ես եմ տանն հայոց. Ահա ես ոչ տաց զհայք ի ձեռս քո, զի դու զիս խաբէութեամբ ածեր ի Կոստանդնուպօլիս» [60]:

Գագիկն այդպես անսասան մնում է երեսուն օր, բայց երբ տեսնում է, որ ելք չի գտնում , Անին հանձնում է, փոխարենը ստանում՝ Կալոն, Պեղատը եւ Պիզուն [61]:

Դառնացած ու հեգնանքով Ուռհայեցին գրում է, թե կայսրը ուզում էր հզոր ու քաջ Գագիկի փոխարեն հայոց երկրի վրա պահապան նշանակած լինի մի կնամարդու եւ Գագիկն այլեւս թույլ չտվեց գնալ Արեւելք [62]: Հետո հպարտութեամբ ընդգծում է, որ «Անի քաղաքում գտնվող հայ ժողովուրդը մերժեց քաղաքը տալ, նա իր թագավորին էր պահանջում, հայհոյում ու նախատում հոռոմոց ամբողջ ժողովուրդը: Ողջ քաղաքը մի մարդու պես Անիի դարպասից դուրս եկավ պատերզմի եւ հոռոմող զորքերին փախուտի մատնեց:

Ըստ Ուռհայեցու, Բագրատունիների թագավորությունը վերացել է ոչ թե 1045 թ. Անիի հանձնումով, այլ Գագիկ Բ-ի սպանությամբ՝ 1080 թ.: Նկարագրելով Գագիկի ողբերգական սպանությունը, նա գրում է, թե ողջ հայ ժողովուրդը մեծապես ողբաց նրան: Ահա, այդ օրվանից վերացավ Բագրատունիների հայոց թագավորությունը, իրականացավ հայոց կաթողիկոս Ներսեսի մարգարեությունը, թե՝ կբնաջնջվի թագավորությունը հայոց երկրից [63]:

1066 թ. Կոստանդնուպոլսում Գագիկը Տուկիծ կայսրին ասել է. «Ահա ես այր թագաւոր եմ  երդի թագաւորացն հայոց, եւ ամենայն Հայք հնազանդին հրամանաց իմոց, եւ ամենայն կտակարանացն Աստուծոյ հնոյ եւ նորոյս հմուտ եմ, եւ ամենայն Հայք վկայեն բանից իմոց, զի հաւասար վարդապետացն ընդունին զիս» [64]:

Պատմագրի ապրած ժամանակներն էին պահանջում մոտ անցյալի իրադարձություններն այդ ձեւով ներկայացնելու:

Բուն Հայաստանում կեղեքման ու բռնի մահմեդականացման սարսափն էր թագավորում: Եվ դա էր, որ խորացրեց զանգվածային արտագաղթը եւ Փոքր Ասիայի արեւելյան նահանգները ողողեց հայ պանդուխտներով: Նոր միջավայրում, հույների գերիշխող դիրքը կարող էր պարարտ հող ստեղծել հայերի նկատմամբ կայսրության կրոնական քաղաքականության իրականացման համար:

Հայերի դավանանքը Ուռհայեցու ապրած օրերում խիստ վտանգված էր եւ դա շատ էր անհանգստացնում հայ հոգեւոր վերնախավին: Նա ամենուր խիստ ուժեղացրեց կրոնական քարոզչությունը, դավանանքի համար մարտիրոսանալու գաղափարը, լայն տարածում ստացավ վերքգրության ժանրը: Սակայն կայսրության սամաններում դրանք քիչ էին: Անհրաժեշտ էր ցույց տալ, որ հայերի նոր բնակավայրերը ոչ թե ուրիշի են, այլ կայրության կողմից նենգորեն հափշտակված իրենց հայրենիքի փոխարեն ստացած նահանգներ, գավառներ, քաղաքներ ու ավաններ, որոնց նկատմամբ նրանք նույն իրավունքներն ունեն, ինչ իրենց հայրենի տիրույթների, հայերնիքի նկատմամբ:

Անհրաժեշտ էր ժամանակակիցներին ու հետագա ներունդներին ցույց տալ, նաեւ, որ հայերն անցյալում դավանանքի հարցում անզիջող են եղել եւ չնայած արեւմուտքի եւ արեւելքի բռնակալները դարեր շարունակ ձգտել են նենգ ու ստոր մեքենայություններով եւ անգամ բռնի ուժով հայերին դավանափոխ անել, հայերը մնացել են անդրդվելի եւ նրանց դավանանքը միշտ էլ հաղթանակել է:

Եթե հոգեւոր տերերից մեր պատմագրի իդեալը Գրիգորիսն է, ապա աշխարհիկներից՝ Գագիկ Բագրատունին է: Գագիկը մեծ հայրենասեր է, նա դաժան հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր խաղում են հայերի ազգային արժանապատվության հետ: Նա զայրացած էր հույների դեմ, առանձնապես Կեսարիայի մետրոպոլիտ Մարկոսի դեմ, որը չար ու պիղծ հերետիկոս էր եւ շատ էր անարգում հայերին [65]:

Հայ եկեղեցու գաղափարախոսին անհրաժեշտ էր ցույց տալ, որ ոչ միայն հայ վարպետներն են անպարտելի ու անսասան, այլեւ հայ եկեղեցին , հայադավանությունն է անխոցելի ու անսասան, որ նրա հոգեւոր հայրերը ջանք ու եռանդ չեն խնայել այն ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պատմագիրը հպարտությամբ նշում է, որ հայոց կաթողիկոսական աթոռը, մինչեւ տեր Պետրոսի ժամանակները, այլ խոսքով, մինչեւ կայսրության կողմից Հայաստանի նվաճումը, ուներ հայոց պագավորներից, որպես սեփականություն նվեր ստացած կալվածներ՝ «հինգ հարյուր անվանի, ընդարձակ շահութաբեր եւ շատ ընտիր գյուղեր»: Աթոռի ենթակայության տակ կային հինգ հարյուր եպիսկոպոս եւ յոթ հարյուր թեմերի վրա հովվող թեմակալներ: Կաթողիկոսի վեհարանում մշտապես լինում էին տասներկու եպիսկոպոս, չորս վարդապետ եւ վաթսուն վաներեց, ինչպես եւ հինգ հարյուր աշխարհական: Կաթողիկոսական աթոռը ոչնչով չէր զիջում հայոց թագավորական գահին: Եկեղեցիներն ու հայրապետանոցը լի էին բազում եւ անհամար, զարմանալի մեծության զարդերով, որոնք նախկին թագավորներն էին նվիրել անցյալի կաթողիկոսներին: Այդպես էր, դառնացած բացականչում է Ուռհայեցին, մինչեւ պեր Պետրոսի ժամանակները եւ նրա օրոք էր, որ կաթողիկոսարանը կորցրեց իր ունեցվածքի մեծագույն մասը [66]:

* * *

Մատթեոս Ուռհայեցին էլ կենտրոնացված պետության ջադագով է եւ այդ պետության նկատմամբ ամեն մի ոտնձգություն՝ ապստամբություն թե դավադրություն, անկախ գահակալող անձնավորության նկատմամբ ունեցած իր վերաբերմունքից, նա անօրինություն է համարում:

Սկլերոս անունով մի, -- գրում է Ուռհայեցին, -- ապստամբություն բարձրացրեց Վասիլ կայսեր դեմ, անօրեն ու անիրավ մարդկանց բազմությամբ սրի էր քաշում հույների երկիրը, հետո այդ աստվածուրացը գալիս է Հայոց երկիրը եւ մեծ կոտորած սարքում: Հայոց զորքը հարձակվում է նրա վրա ու պարտության մատնում [67]:

Մոնոմախ կայսրի դեմ ապստամբում է ոմն հսկա եւ քաջ պատերզմող Մանիակ իշխանը եւ պահանջում է թագավորական գահը տալ իրեն: Ամբողջ Արեւմուտքն անցնում է նրա կողմը: Մոնոմախը մեծ զորքով գնում է նրա դեմ: Բայց նախքան մարտն սկսվելը, հաղթող Մանիակը հանկարծամահ է լինում, Ուռհայեցին գոհունակությամբ ասում է. չարը վերացավ մեջտեղից եւ տիրեց կայուն խաղաղություն [68]:

Պատմագիրն ատելությամբ է խոսում նաեւ Անիի գահակալների դեմ ապստամբած Դավիթ Անհողինի մասին: Ասում է. Անհողինը Հայոց երկրի գլխին բազում փորձանքներ բերեց: Հարձակվեց հայոց թագավորության վրա եւ բազում գավառներ սրի քաշեց եւ դերեվարեց [69]: Այնուհետեւ նկարագրելով Գագիկ Բ-ի հաջողությունները թշնամիների դեմ, Ուռհայեցին գրում է, թե այն ժամանակ հույները չար ազդմամբ, սուտ քրիստոնյա Դավիթ Անհողինի նենգությամբ եւ դավաճանությամբ, նորից ոտքի ելան: Մենք ստիպված եղանք փոխել նրա անունը եւ դնել Դավիհ, որովհետեւ նա մեր քրիստոնյա ժողովրդին տառապանքների վիհը գլորեց: Սակայն բանսարկուն նրա հոգին էլ տանջեց եւ մատնեց հավիտենական խոշտանգումների [70]:

Ուռհայեցին անզուսպ ատելությամբ է գրում վեստ Սարգսի մասին:

Ավելի ատելությամբ է խոսում Ուռհայեցին Փիլարտոս Վարաժնունու մասին, որը հանդգնել էր ոչ միայն չենթարկվել Միքայել կայսրին, այլեւ ոչնչավրել էր բազում մեծամեծ իշխանների եւ ցանկացել էր գրավել նաեւ Սասունը: Մեր ժամանակագրի համար այդ Փիլարտոսը անօրեն է, ամենաչարն է, սատանայի անդրանիկ որդին է, չարաշունչ գազան, որովհոտեւ լքեց եւ հայոց դավանանքը: Նկատենք, որ Ուռհայեցու խիստ բացասական վերաբերմունքը Փիլարտոսի նկատմամբ կողմնակալ է: Փիլարտոսը եղել է նշանավոր ռազմաքաղաքական գործիչ, պայքարել է կայսրության դեմ, փորձել է վերականգնել հայ պետականությունը:

Չարաբարո Փիլարտոսը գրում է Ուռհայեցին, -- վրեժ առավ Ուռհա քաղաքում գտնվող մեծամեծ բոլոր իշխաններից, խոշտանգելով սպանեց Արջուկ իշխանին, իսկ մնացածներին տարավ Մարաշ, կուրացրեց քաջ Սմբատին, Իշխանին եւ Թոթոռակին [71]:

Ուռհայեցին Փիլարտոսին ուրաղոց էլ է անվանում: Գրում է, թե նա 1087 թ. գնում է Մելիք-շահի մոտ երկրպագության, իբր խնդելու, որ նա բոլոր քրիստոնյաների հանդեպ մեղմ ու սիրալիր լինի: Մելիք-շահը իմանալով Ուռհայում տեղի ունեցած դավադրության մասին, դադարում է Փիլարտոսին հարգել ու պատվել: Վերջինս, ամեն կողմից հուսալքված, անմիջապես հրաժարվում է իր քրիստոնեական հավատքից, որ մինչ այդ աղտեղությամբ էին դավանում, եւ դառնում Քրիստոսի հավատքքի ուրացող, կարծելով, որ այդպիսով պարսից շրջանում պատիվների կարժանանա, բայց չարժանացավ: Նա սոսկ այն շահեց, որ ուրանալով՝ աստծուն եւ մարդկանց արգահատելի եւ ատեի դարձավ [72]:

Նա դառնացած գրում է, թե Փիլարտոսի ժամանակներում Գրիգոր Լուսավորչի աթոռի շուրջը մեծ կռիվ ու աղմուկ էր, որովհետեւ կաթողիկոս էին ընտրում ոչ թե աստծո կամքով կամ նկատի ունենալով թեկնածուի արժանավորությունը, այլ ուժով ու կարողությամբ, բարձր իշխանավորների ցանկությամբ: Դա տեղի էր ունենում պատահականորեն, բախտի վերմամբ, ոսկի եւ արծաթ տալով: Այս օրերում վիրավորված հրապարակից հեռացան սուրբ եւ առաքինի մարդիկ եւ առաջ քաշվեցին աստծո որդու աչքից ընկածները: Այնուհետեւ ասում է, թե այս ժամանակներում ս. Գրիգորի աթոռը չորսի բաժանվեց եւ այդ բոլորը եկեղեցու համար մեծ սուգ էր, քանի որ ոչխարների մեկ հոտը չորս հովիվների միջեւ բաժանվեց, եւ գայլերը դարձան Քրիստոսի հոտի պահապաններ: Այս ժամանակներում էր, շարունակում է դառնությամբ ողբալ մեր հայրենասեր ժամանակագիրը, որ բանական ոչխարները շնաբարո դարձան, գազանների սիրտ ձեռք բերեցին եւ հանդգնեցին հովիվների եւ հայրապետների երեսին հաչել: Հայրերն ատեցին իրենց երեխաներին, որդիները դարձան իրենց ծնողներին անարգող եւ տանջող: Այդ բոլորը Նեռի կարապետն էր, աշխարհի կործանման սկիզբը: Պատճառն այն էր, որ վերացավ հավատքը եւ աստվածապաշտությունը եւ իրականություն դարձավ այն, ինչ դրված էր սուրբ գրքերում, այն, ինչ ասել էր Ներսեսը, այն ինչ Ուռհայեցու ապրած ժամանակներում ասաց Հովհաննես Կոզեռնը [73]: Եվ, կարծեք, իրեն մխիթարելու համար գրում է, թե նման տակնուվրայությունը եւ սրտմտությունը չկարողացավ մուտք գործել Աղվանից երկիրը, որը կոչվում էր Խորին Աշխարհ հայոց: Այնտեղ ս. աթոռը չբաժանվեց, մնաց անսասան՝ հայրապետով եւ թագավորով [74]:

Ուռհայեցին թերեւս ակնարկում է սոցիալ-դասակարգային շարժումների մասնակիցներին, մասնավորապես թոնդրակեցիներին, երբ ասում է «Հանդգնեցին հովիվների եւ հայրապետների երեսին հաչել»:

Ուռհայեցին «ժամանակագրությունը» պատմական կարեւոր աղբյուր է, այն պարունակում է շատ հետաքրքիր ու հավաստի տեղեկություններ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների՝ Փոքր Ասիայի, Ասորիքի, Միջագետքի, Հայաստանի, Վրաստանի, Աղվանքի X—XII դարերի պատմության վերաբերյալ:

«Ժամանակագրությունը» պարունակում է մի քանի կարեւոր տեղեկություններ, որոնց մասին ոչ հայկական ոչ էլ օտար աղբյուրները ոչինչ չեն տվել: Դրանցից են Չմշկիկ կայսրի գրած նամակը Աշոտ Գ հայոց թագավորին, Գագիկ Բ-ի՝ Ս. Սոֆիայի եկեղեցում արտասանած ճառը, հայ-բյուզանդական եկեղեցիների մեջեւ եղած վեճերի մասին տվյալները, Արծն քաղաքի Դավթակ արքեպիսկոպոսի հարստության, թոնդրակյան շարժման առաջնորդների մասին եղած տեղեկությունները:

Մատթեոս Ուռհայեցին հոյակապ կոթող-հուշարձան թողել իրեն՝ իր «ժամանակագրությամբ», դառնալով իր ժամանակի հարազատ հայելին եւ մեզ տալով մի մեծ ժամանակաշրջանի ընդարձակ պատկերը [75]:

 

 



[1]            Ուռհայեցի, էջ 113-114:

[2]            Նույն տեղում, էջ 281:

[3]            Նույն տեղում, էջ 113

[4]            Նույն տեղում, էջ 277:

[5]            Նույն տեղում, էջ 280:

[6]            Նույն տեղում, էջ 278:

[7]            Նույն տեղում:

[8]            Նույն տեղում:

[9]            Նույն տեղում, էջ 339:

[10]          Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթությունները՝ Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1973, Ներածություն, էջ XIV:

[11]          Ղ. Ալիշան, Հայաստանում, Վենետիկ, 1901, էջ 99

[12]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., Հ. 2, էջ 65:

[13]          Ուռհայեցի, էջ 135-136:

[14]          Նույն տեղում, էջ 49:

[15]          Նույն  տեղում, էջ 84:

[16]          Տե՜ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Հ. Գ., Երևան, 1952, էջ 20:

[17]          Ուռհայեցի, էջ 137:

[18]          Նույն տեղում, էջ 136:

[19]          Նույն տեղում, էջ 96:

[20]          Նույն տեղում, էջ 101-102:

[21]          Նույն տեղում, էջ 95:

[22]          Նույն տեղում, էջ 115:

[23]          Նույն տեղում, էջ 221:

[24]          Նույն տեղում, էջ 115:

[25]          Նույն տեղում, էջ 41:

[26]          Նույն տեղում, էջ 19-28:

[27]          Նույն տեղում, էջ 55:

[28]          К. Юзбашян, ук. Соч., предисловие, стр. 27.

[29]          Ն. Մառն այն կարծիքին է, որ Կոզեռնի տեսիլքը գրվել է Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում. 1147 թ. խաչակրաց արշավանքի նախօրեին և Մառը տեսիլքը ապոկրիֆ է համարում: Տե՜ս II Я. Марр, Сказание о котоликосе Петра и ученом Иване Козерне, см. «Восточные записки», СПб., 1905, цтр. 18.

[30]          Ուռհայեցի, էջ 52-55, 68-74:

[31]          Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., Հ. 1, էջ 47:

[32]          Նույն տեցում, էջ 42:

[33]          Նույն տեղում, էջ 42-43:

[34]          Ուռհայեցի, էջ 46-47:

[35]          Նույն տեղում, էջ 122:

[36]          Նույն տեղում, էջ 194:

[37]          Նույն տեղում, էջ 146:

[38]          Նույն տեղում, էջ 151:

[39]          Նույն տեղում, էջ 218:

[40]          Նույն տեղում, էջ 253:

[41]          Նույն տեղում:

[42]          Նույն տեղում, էջ 253-254:

[43]          Նույն տեղում, էջ 284-285:

[44]          Նույն տեղում, էջ 303:

[45]          Նույն տեղում:

[46]          Նույն տեղում, էջ 338:

[47]          Նույն տեղում, էջ 327:

[48]          Նույն տեղում, էջ 289-290:

[49]          Նույն տեղում:

[50]          Նույն տեղում, էջ 290:

[51]          Նույն տեղում, էջ 339:

[52]          Նույն տեղում, էջ 140-141:

[53]          Նույն տեղում, էջ 151:

[54]          Նույն տեղում, էջ 12-13:

[55]          Նույն տեղում, էջ 12-13:

[56]          Նույն տեղում, էջ 85-86:

[57]          Նույն տեղում, էջ 197:

[58]          Նույն տեղում, էջ 252:

[59]          Նույն տեղում, էջ 299-300:

[60]          Նույն տեղում, էջ 95:

[61]          Նույն տեղում, էջ 96:

[62]          Նույն տեղում:

[63]          Նույն տեղում, էջ 220:

[64]          Նույն տեղում, էջ 162-163:

[65]          Նույն տեղում, էջ 153-154, 181-182:

[66]          Նույն տեղում, էջ 153-154:

[67]          Նույն տեղում, էջ 33-34:

[68]          Նույն տեղում, էջ 93:

[69]          Նույն տեղում, էջ 84-85:

[70]          Նույն տեղում, էջ 88:

[71]          Նույն տեղում, էջ 224:

[72]          Նույն տեղում, էջ 234:

[73]          Նույն տեղում, էջ 229-230:

[74]          Նույն տեղում, էջ 231:

[75]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., Հ. 2, էջ 72: