Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԽԻԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

Այրիվանքի նշանավոր հոգեւոր գործիչներից է եղել արքեպիսկոպոսի աստիճանի հասած, XIII դարի զարգացած անձնավորություններից մեկը՝ Մխիթար Այրիվանեցին։ Նրա կյանքի մասին նույնպես քիչ բան է հայտնի, ծնվել է 1210 թ. եւ հավանաբար մահացել է 1291 թ. 80-ամյա հասակում։ Կյանքի վերջին տարիներին քաշվել է մի քարայր, որտեղ եւ գրել է իր պատմական երկը։ Այդ քարայրի վրա նա փորագրել է իր մասին մի արձանագրություն, որը եւ մինչեւ այսօր էլ պահպանվել է [1]:

Այրիվանեցու պատմագրական ժառանգությունն այնքան էլ նշանակալից չէ։ Նրա պատմական բնույթի հիմնական գործը, որը կամ իր, կամ էլ, ավելի հավանաբար, հրատարակիչների կողմից սխալմամբ խորագրված է «Պատմութիւն Հայոց», իրականում սոսկ ժամանակագրություն է բառիս իսկական իմաստով, այնտեղ գրեթե չկա հայոց պատմություն եւ շարադրանքից էլ երեւում է, որ նրա հեղինակն այդպիսի նպատակ չի էլ հետապնդել։ 69 տպագիր էջերից բաղկացած այդ փոքրածավալ երկասիրության առաջին 42 էջերից 4-ը նախերգանքն է, 6-ը՝ աշխարհիս վեցօրյա արարչությունը։ Մնացած 11-42 էջերում տրված են Ադամից սկսած մինչեւ Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանի՝ Աստվածաշնչից եւ այլ աղբյուրներից վերցված պատմությունները, ինչպես ինքն է գրում, «համառօտելով զմի ի հազարաց» 2 ։ Այդ էջերում թվարկված են հրեաների քահանաների, մարգարեների, թագավորների, իշխանների, կաթողիկոսների, հռոմեա- բյուզանդական կայսրերի, Պարսկաստանի թագավորների, խալիֆների, սուլթանների, մոնղոլական խաների եւ հայ ու օտար պատմագիրների սոսկ ցանկերը, ապա Ադամի սերունդները եւ նրանց իշխած տարիների քանակը: Երկի 43-63 էջերում էլ տրված է Քրիստոսից մինչեւ 1289 թ. ընկած ժամանակահատվածի ժամանակադրությունը՝ պատմական դեպքերն ու դեմքերը տեղադրելով տասական տարիների շրջանակների մեջ։

Այսպիսով, Այրիվանեցու Ժամանակագրությունը, ինչպես ճիշտ նկատում է բանասեր Կ. Քիպարյանը, կարելի է բաժանել երեք մասի.

1. Աշխարհիս վեցօրյա արարչությունը,

2. Ադամից մինչեւ Քրիստոսի շրշանը եւ

3. Քրիստոսից մինչեւ 1289 թ 3 ։

Այրիվանեցին գրել է նաեւ վկայաբանություններ, մեծ ճառընտիր եւ գանձեր, «…բայց դեռեւս անծանոթ բանասիրության իրենց բովանդակության եւ գրական արժանաւորության տեսակետով», ինչպես նկատում Է Գ. Հովսեփյանը։

Անվանի բանասերն իր «Մխիթար Այրիվանեցի, նորագիւտ արձանագրութիւն եւ երկեր» աշխատության մեջ հանգամանորեն անդրադառնում Է դրանց։

Այրիվանեցուն ոչ ոք չի հանձնարարել պատմություն գրել, նա մեկենաս չի ունեցել։ Պատմություն գրելու նախաձեռնությունն իրենն Է. «Արդ թէպէտ յոժարութիւն սրտիս ստիպէ զիս ի մի բաւանդակել զամենայն պատմութիւնս եւ զպատճառս իւրանց, սակայն կասեալ գտանիմ՝ յանվարժութիւն իմ հայելով, եւս եւ յանչափութիւն գրելոցն»։ Ապա իր ստանձնած գործի բարդությունն ընդգծելու եւ իր նկատմամբ ընթերցողի մեջ թյուր կարծիք չստեղծելու նպատակով գրում է, եթե Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը, Աղեքսանդրը, Արիստոտելը եւ ուրիշ նշանավոր դեմքեր, իրենց ստեղծագործություններում եւ գործունեության մեջ ունեցել են պակաս, թույլ կողմեր, թույլ են տվել սխալներ, «… ապա զի՞նչ պարտ է ասել յաղագս մեղաւք մակարդեալ մտացս անկարութեան, որ ոչ ի տեսականսն տարժանեցայ եւ ոչ զգործնականսն գործասիրեցի, այլ փոխանակ փութոյ փառաց նորա փուշս դիզեցի լուցկի լրման գեհենին: Իսկ զայս իրակերտութիւնս, զոր սկսայ յուսով՝ ոչ յաղագս յիշատակի ինչ բարեաց յաստուածայինսն կամ ի մարդկայինսն, այլ զմիտս իմ մարզելով ի գործս եւ ի տեսութիւնս գրաւորական վերծանութեանց, թերեւս փոքր ինչ արգելցի ի ցնդմանէ երկրաքարշական ցնորմանց» 4 ։

Հիրավի, երկի պարունակած նյութը, շարադրման ձեւը եւ հազվադեպ արված ինքնուրույն դատողությունները, թերեւս հաստատում են հեղինակի այս խոստովանության անկեղծությունը։

Ինչպես բոլոր ժամանակագիրներին, այնպես եւ Այրիվանեցուն, չի հետաքրքրել իր շարադրած նյութերի համեմատական արժեքը, տեղեկությունների հավաստիությունը։ Իրավացի է Մ. Աբեղյանը, որ գտնում է, թե «…այն ժամանակներում ժամանակագրությունն ու տարեգրությունը պարզամիտ գրագետների համար համեմատաբար հեշտ կատարելի մի գործ Է եղել, գրի առնել եղելությունների պատմությունն առանց որեւէ ուսումնասիրության ու ներքին կապի, առանց որեւէ հավակնության գեղեցիկ հորինված առաջ բերելու մի ղեկավար գաղափարով, որ ի մի միություն, որ ի մի ամբողջություն ձուլեր պատմված դեպքերը» 5 ։

Բազմաթիվ օրինակներից բերենք մի քանիսը միայն։ 402 - 423 թթ. տակ կարդում ենք։ «Տեսանէ սուրբն Սահակ զտեսիլ ապագայիցն։ Աստ Ոսկի բերանն, որ արար երկոտասան հազար ճառս, որ են ութ հարիւր գիրք: Յայտնեցան նշխարք նախավկային ի ձեռն Ղունկիանոսի քահանայի։ Եւթաղի Աղեքսանդրացի յօրինեաց զցանկ առաքելոցն եւ ղգործոցն։ Թագաւորքն Յունաց եւ Պարսից բաժանեցին զաշխարհս մեր ի վերայ ինքեանց» 6 ։

1101-1111 թթ. տակ կարդում ենք. « Վասիլն եւ այլ իշխանք Կիւլիկիոյ տարան աղաչանօք առ ինքեանս զտէր Գրիգոր կաթողիկոսն։

Յաւուր ճրագալուցին ոչ վառեցաւ լոյսն յԵրուսաղէմ, զի փռանկն զսպասաւորութիւնն կանանց էր տուեալ։

Խըզիլն էառ զէօռի, եւ ղՀաղբատ եւ զՍանահին այրեաց։ Թորոսն էառ զԱմուդայն եւ սկսաւ զօրանալ։

Շարժ եկն ի Խորասան, զմզկիթն եւ զ60. 000 մարդ եւ կին ի վայր տարաւ»։ Եվ շարունակ, դեպքերի անսիստեմ արձանագրում, առանց պատճառական կապերի եւ առանց նրանց պատճառների բացահայտման։

«Մերժեցան ի հայրենեաց որդիքն Կիւրիկէի թագաւորի», - գրում է նա, սակայն ում կողմից, կոնկրետ երբ եւ ինչու, անհայտ է մնում։

Դեպքերի շարադրման ընթացքում անընդհատ թռիչքները Հայաստանից, Եգիպտոս, Եգիպտոսից՝ Վրաստան, ապա Կիլիկիա, հետո Պարսկաստան, Աղվանք, Բյուզանդիա եւ այլն, ընթերցողին ղրկում են պատկերացում կազմել կոնկրետ մի երկրում, ասենք Հայաստանում, կատարված իրադարձությունների հաջորդականության մասին։

Այրիվանեցին համոզված է եղել, որ մինչ Քրիստոսի ծնունդը «... առաջնորդ ունելով զնախապետս եւ զթագաւորս» շարահարել է «... ի նոսա զպիտանիսն պատմութեանցս.. իսկ յայսմ հետէ, - գրում է նա, - անկայ ի ծուփս խորհրդոց, զի ամենայն աշխատութիւնք մեր վասն Հայաստան ազգիս եւ աշխարհիս պատմութեանց են»։ Որպեսզի ընթերցողն այդ խոսքերից հետո շարադրվածի մասին սխալ տպավորություն չստանա, անմիջապես ավելացնում է. «... սակայն զի ոչ են ի բնէ ինքնակալ իշխանք եւ թագաւորք մեր, հարկ է զի ընդ որոց ձեռամբ անկեալ կան, զնոցուն թագաւորսն շարայարել, որպէսզի մերն ամբողջ կալցի զկարգն։ Արդ որպէս ի սկզբանն ի Հայկայ հետէ հնազանդեցան Հայք Ասորաց, յետոյ Մարաց, Պարսից, Մակեդոնացոց, Արշակունեաց (կարծում ենք, նկատի ունի պարսիկ Արշակունիներին-Լ. Բ. ), Տաճկաց, Թուրքաց եւ այժմ Թաթարաց, սոյնպէս եւ երբեմն Հռովմոց, յետոյ Յունաց, այժմ պարտ է զՀռոմս կարգաբանել եւ զՊարսիկս» 7 ։

Ինչպես տեսնում ենք, XIII դարի մեր այս ժամանակագիրը գիտակցել է իր Ժողովրդի պատմության այդ բախտորոշ առանձնահատկությունը: Օտար տիրակալների պատմության մասին պիտի ասվի, «... որպէսզի մերն ամբողջ կալցի զկարգն»: Իր այս կարեւոր ու հետաքրքիր դատողությամբ, կարծեք, նա հասկացնել է տալիս, որ անհնարին է հայ ժողովրդի պատմություն գրել առանց օտար նվաճող-տիրակալ ժողովուրդների պատմությանը անդրադառնալու, քանի որ հայոց պատմությունը, դժբախտաբար, ճակատագրի բերումով սերտորեն առնչված է այդ ժողովուրդների պատմության հետ:

Դրանով թերեւս արդարացնում է նաեւ իր շարադրանքի եղանակը։

  Ըստ Գ. Հովսեփյանի, «Այրիվանեցու ժամանակագրությունը թերեւս ցամաք եւ աղքատ է իր նորություններով, բայց ոչ բոլորովին անարժեք, մինչեւ իսկ ԺԳ դարու մի քանի տեղեկությունների մասին միակ աղբյուրն է նա» 8 ։ Այսպես, նա է վկայում այն մասին, որ Արղուն հարկահանը 1261-1281 թթ. ժամանակահատվածում կրկին մարդահամար է անցկացրել Հայաստանում 9, որ Աբաղայի խանության եւ Հակոբ Ա-ի կաթողիկոսության ժամանակ ժողով է տեղի ունեցել Հաղբատում եւ Ձագավանում 10, եւ այլն:

Ժամանակագիր Այրիվանեցին շատ դեպքերում իր կողմից գրի առված իրադարձությունների թվականներ չի նշում, ինչպես եւ չի նշում օգտագործած աղբյուրները, չնայած համապատասխան թվականների տակ հիշատակում է նրանց անունները։ 45-րդ էջում նշելով, որ Լուսավորիչը Իննակնյան՝ Ս. Կարապետ վանքը, տվել էր Զենոբ եպիսկոպոսին, ավելացնում է. «... նա արար զՏարօնոյ Պատմութիւնն, եւ Ագաթանգեղոս ղՀայոցն»։ 47-րդ էջում բավարարվում է գրելով՝ «Մովսէս հայոց պատմագիր»։ Հաջորդ էջում՝ «Եղիշէ եւ Ղազար Ժամանակագիրք», 55-րդ էջում՝ «Շապուհ Բագրատունի պատմագիր», «Տէր Յովհաննէս կաթողիկոս պատմագիր» եւ այսպես հիշատակված են մինչ ինքը գրեթե բոլոր հայ պատմագիրները, սակայն առանց որեւէ կապի նախորդ եւ հետնորդ նյութի շարադրանքի հետ, արձանագրված են սոսկ իբրեւ պատմական դեմքեր։ Մի տեղ միայն նշում է, թե իբր «…կատարեցաւ մարգարէութիւն Մովսէսի Խորենացւոյն, որ ասաց, «Բագրատունիքդ թագաւորէք ի Դուին» 11, երբ Պատմահոր երկում նման մարգարեություն չկա։

Երկու տեղ էլ գրում է՝ «Որպէս Պղատոն ասէ» 12 եւ «Ապելիմոս ասէ, թէ նոր լեզուաւ ասացին զօրհնեսցուքն» 13 ։

Օգտագործած աղբյուրների չնշելը բարդացնում է շարադրված նյութերի եւ առկա աղբյուրների համեմատության գործը։ Հայագիտության մեջ վաղուց նկատված է, որ Այրիվանեցու ժամանակագրության եւ Վարդան Արեւելցու «Պատմության» մեջ ընդհանրություններ կան եւ որ գա, թերեւս, միեւնույն աղբյուրների օգտագործման արդյունք կարող է լինել։ Միաժամանակ ճիշտ է նկատում Կ. Քիպարյանը, թե «Վարդանը սակայն ավելի հմուտ անձ է եւ խնամքով ալ պատրաստած է իր գիրքը։ Որով ունի կարեւորութիւն համեմատութեան համար. ինչպես նաեւ ներկայացրած պատմիչներու ցանկին համար, որ կը յայտնէ նոր անուններ ալ» 14:

Այրիվանեցին սիրում է իր տեղեկությունները կլորացրած թվերով տալ, սակայն առանց աղբյուրը ցույց տալու։ Այսպես, գրում է, թե Տրդատը խոզի կերպարանքով մնացել է 75 օր 15 ։ Ներսեսը կարգել է 900 իշխան, 400 եպիսկոպոս, 2000 վանք 16, Ոսկեբերանը՝ «... արար երկոտասն հազար ճառս, որ են ութ հարիւր գիրք» 17, Սահակը եւ Մաշտոցը 60 աշակերտներով թարգմանեցին Հին եւ Նոր բոլոր կտակարանները 18 եւ այսպես շարունակ, տեղեկություններ, որ մեզ հասած աղբյուրներում իսպառ բացակայում են, չկան։ Այլ կարգի տեղեկություններ է հաղորդում նույնպես առանց վկայակոչելու որեւէ աղբյուր։ Այսպես, Տրդատը կառուցել է Դավրեժը 19, Վարդան Մամիկոնյանը սպանել է Խոսրով «պարսիկ իգամոլին» եւ ինքը գնացել է Կոստանդնուպոլիս եւ «հինգ գրիւ արծաթով» գնել է Ս. Սոֆիայի արեւելյան դուռը 20, Հերակլ կայսրը կամեցել է կռվել արաբների դեմ, սակայն այդ ժամանակ «Եկն այր մի առ նա եւ եբեր նմա զգիրս Հեմինդրոսի եւ Զեմինդրոսի, յորս կայր գրեալ, թէ 240 ամ տուեալ է (աստված-Լ. Բ. ) նոցա իշխանութիւն» 21 ։

* * *

Մ. Աբեղյանի կարծիքով, ինչպես մյուս ժամանակագրությունները, Այրիվանեցու երկն էլ տոգորված է կրոնական եւ հայրենասիրական ոգով 22 ։ Դժվար է համաձայնվել անվանի հայագետի այս կարծիքի հետ, քանի որ մեզ հասած բնագիրը նման եզրակացության համար հիմք չի տալիս։ Դժբախտաբար Այրիվանեցու ժամանակագրությունը վկայում է, որ նրա հեղինակը հայ պատմագրության մեջ այն բացառիկ անձնավորությունն է, որին գրեթէ չի հուզել հայրենիքին ու կրոնին-դավանանքին հասած սարսափներն ու արհավիրքները, դրանց ճակատագիրը, գրքում տեղ գտած աշխարհիկ, քաղաքական եւ թե կրոնական հարցերին վերաբերող նյութերի շարադրանքում չի զգացվում նախորդ պատմագիրների ու ժամանակագիրների ազգային-հայրենասիրական ու կրոնական ջերմեռանդությունը եւ կրքոտությունը։ Թերեւս հնարավոր լինի պնդել, թե շարագրման ժանրն է զրկել հեղինակին այդ անելու հնարավորությունից, սակայն, ցավոք, այդ այդպես չէ։ Ամեն քայլափոխում զգացվում է անտարբերություն, նկարագրվող իրադարձությունների ու պատմական դեմքերի ճակատագրերի հանդեպ։

Առանց մեկնաբանումների, քանի որ ինքնըստինքյան հասկանալի կլինի մեր ասելիքը, բերենք մի քանի նմանօրիակ հատվածներ ու մրտքեր։ «ժողով Կարնոյ քաղաքի եւ Եզրայ հաւանիլն» 23, «Վիրք ի բաց կային ի միաբանութենէ Հայոց» 24, «Կամս ամիրայն զհայոց իշխանսն այրեաց՝ ութ հարիւր ի Նախջաւան, եւ չորս հարիւր ի Խրամ» 25, «Թագաւորքն Յունաց եւ Պարսից բաժանեցին զաշխարհս մեր ի վերայ ինքեանց» 26: «Սասնեցիք զԱպուսէթ սպանին» 27, «Սմբատ ... սա է նախնին Թոնդրակեոց աղանդին» 28, «Բուղայ կալեալ զամենայն իշխանս եւ զազատս հայոց՝ սպան զկէսն մարմնով եւ զկէսն հոգւով» 29 «Մոնոմախն եբարց զթագաւորութիւնն Բագրատունեաց» 30, «Արղունն աշխարհագիր արար» 31 ։

Անտարբեր է նաեւ Գագիկ Բ Բագրատունի թագավորին դավաճանողների նկատմամբ՝ «Վէստն Սարգիս՝ շինող բերդից եւ վանորէից» 32, «Յովհաննէս վարդապետ Տարօնեցի արար Պատմութիւն Բագրատունեացն հրամանաւ տէր Պետրոսի» 33 եւ այլն ։

Նշելով եկեղեցական ժողովների մասին, որոնք դատապարտել են այս կամ այն աղանդավորին, բավարարվում է նկատելով, թե «նզովեցին» այսինչին կամ այնինչին. «ժողով Նիկիոյ..., որ զՍաբէլ նզովեաց» 34 «ժողովն Նիկիոյ..., որք նզովեցին զԱրիոս» 35, «ժողովն Եփեսոսի..., որք նզովեցին զՆեստոր» 36, «ժողովն Քաղկեդոնի..., որք նզովեցին ղԵւիտիքէս» 37, Բոլորին նզովել են, բայց թե ինչի՞ համար, եւ ինքն այդ նզովվածների նկատմամբ ի՞նչ դիրք ունի, անհայտ է մնում, քանի որ չկա նրա վերաբերմունքը։

Ամբողջ երկում մեկ անդամ է օգտագործված «պիղծ» բառը՝ «Պիղծն Բարծումայ, որ զ 7700 եկեղեցականս կոտորեաց» 38 ։

Ատելությամբ է խոսում հատկապես բյուգանդական Ալեքսիոս եւ Մոնոմախ կայսրերի մասին, «Փռանկք անհամարք դիմեցին յարեւելս օգնել քրիստոնէից, իսկ անաստուած Ալէքսն բազումս նենգեաց նոցա » 39, « Դարձեալ փռանկք բիւրք բիւրոց եկին ընդ Թիւրակս յաւդնութիւն քրիստոնէից. իսկ Մանուել թագաւորն նենգեաց նոյքա որպէս Ալեքսն՝ եւ ոչ յաջողեցան» 40 ։ Այստեղ համակրանքը դեպի խաչակիրները եւ հակակրանքը հանդեպ բյուզանդական նշված կայսրերը բացատրելի է։ Արղուն իլխանի տիրապետության ժամանակաշրջանում, հայկական ֆեոդալական վերնախավը ներշնչված էր հեթանոս մոնղոլների եւ քրիստոնյա խաչակիրների զինակցության գաղափարով, եւ, հավանական է, ժամանակագիր Այրիվանեցին էլ տուրք է տվել այդ մտայնությանը, «Փռանկը անհամարքով» եւ «բիւրք բիւրոցով» 41 հավաստիացրել խաչակիրների հետ մոնղոլների զինակցության իրականանալի լինելը, նրանց համագործակցության համար խաչակիրների պատրաստակամ ութ յունը եւ, եթե Ալեքսիոս եւ Մոնոմախ կայսրերը Ժամանակին խոչընդոտ են հանդիսացել խաչակիրներին, ապա հասկանալի է, որ այդ մտայնության հովերով տարված ժամանակագրի հակակրանքին պետք է արժանանային։ Պատահական չէ, որ նա այդ օրերին քրիստոնյա թագավորներին հաղթություն եւ հայ իշխաններին քաջություն է ցանկանում։

Այրիվանեցու մտքի քաղաքական զորեղ շեշտն է նկատվում մի վկայաբանության մեջ, որը նվիրված է Ստեփանոս Սյունեցու կյանքին:

Վկայաբանությունը Մխիթարը գրել է 1278/79 թթ. ՝ այն ժամանակ, երբ հող էր նախապատրաստվում վերը նշված զինակցությունը իրականացնելու համար, երբ հայ ֆեոդալները մեծ ակնկալություններ ու հավակնություններ ունեին դրանից։ Ահա այդ ժամանակ Այրիվանեցու գրած վկայաբանությունն ավարտվում է հեղինակի հետեւյալ բաղձանքով՝ «... թագաւորաց քրիստոնէից յաղթութիւն, իշխանաց մերոց քաջութիւն, ազատաց մերոց արիութիւն, աշխարհի մերում խաղաղութիւն, եկեղեցեաց ամենից հաստատութիւն, քահանայից սրբութիւն, ժողովրդականաց երկիւղ եւ լսողութիւն» 42:

Այս տողերը կարդալիս մարդ մի պահ մոռանում է, որ դրանք ժամանակագիր Այրիվանեցու գրչին են պատկանում։ Այստեղ նա խոր քաղաքագետ է, զինակցությունն անհրաժեշտ է ընդհանուր թշնամու եգիպտական մամլուկների դեմ պատերազմելու համար։ Ո՞րն է սակայն քրիստոնյա թագավորների հաղթության երաշխիքը՝  հայ իշխանների քաջությունը, ազատների արիությունը, չէ որ նրանք են մոնղոլների ու խաչակիրների հետ պատերազմի գնալու։ Սակայն դա նախաձեռնվելիք գործի արտաքին գործոնն է, բայց կա եւ ոչ պակաս կարեւորություն ունեցող ներքին գործոնը՝ երկրի խաղաղությունը։ Ո՞րն է դրա երաշխիքը՝ եկեղեցիների հաստատությունը, քահանաների սրբությունը եւ, որ կարեւորն է, ժողովրդի երկյուղածությունն ու խոհեմությունը։ Այդ բաղձանքը թելադրված էր ժամանակով, եւ մեր ժամանակագիրը քաջ գիտակցել է այդ։ Ձագավանի ժողովից հետո եկեղեցին միջոցներ էր ձեռնարկում իր դիրքերը փրկելու խարխլումից, որովհետեւ այն զգալի չափով հեղինակազրկվել էր ժողովրդի աչքում։ Այդ մասին են վկայում Վարդան Այգեկցու քարոզներն ու առակները՝ «... ցամաքեցաւ ի սրտից մերոց սէրն աստուծոյ», մարդիկ «աստվածավաճառք» եւ «աղոթքատյաց» են դարձել, նրանք խուսափում են «... ի եկեղեցւոյ, ի խաչէ, ի յաւետարանէ, ի քահանայից, յաղօթից եւ պահոց» 43 եւ այդ անում էին ոչ միայն «փոքրերը»՝ գյուղացիները, այլեւ «մեծերը»՝ իշխանները։ Դեռ թարմ էր Դավիթ Ծարեցու գլխավորած սոցիալական շարժման տպավորությունը։ Այրիվանեցին Լաստիվերցու նման քաջ գիտակցում էր, որ «... յարտաքին թշնամւոյ զգուշանալ դիւրին է, բայց ի ցեղակցութենէ պատերազմացն դժուարին է ապրիլ» 44 ։

Հաշվի առնելով, որ այդ բոլորը, առաջին հերթին, ուղղված են եկեղեցու եւ հոգեւորականության դեմ, Այրիվանեցին գրել է, թե երկրի խաղաղության համար անհրաժեշտ է բարեմաղթել, որպեսզի եկեղեցիները հաստատուն լինեն, քահանաները՝ սուրբ, այսինքն եկեղեցուն ծառայեն եւ ոչ թե իրենց շահերին, վերացնեն արատավոր բարքերն իրենց միջից, այդ պայմաններում ժողովուրդը երկյուղած եւ լսող կլինի։

Վերեւում ասացինք, որ Մխիթարի ժամանակագրությունում բացակայում է քաղաքական մտքի արտահայտությունը, անգամ թույլ շեշտը։ Ժամանակագրությունը գրվել է 1290/1291 թթ., այն ժամանակ, երբ վաղեմի հզոր իլխանությունն արդեն տվել էր իր առաջին ճեղքերը, ընկել էր քաղաքական ու տնտեսական սուր ճգնաժամի մեջ, այդ պայմաններում արտաքին պատերազմներն արդեն խոստումնալից չէին, քրիստոնյա Արեւմուտքն էլ միայն խոստումներով էր կերակրում մոնղոլներին, զինակցությունը չէր իրականացվել եւ նրանից ակնկալություններ սպասող հայ ֆեոդալները հուսախաբ էին եղել, դրանց թվում եւ, հասկանալի է, ժամանակագիր արքեպիսկոպոս Մխիթար Այրիվանեցին։ Նրան այլեւս քաղաքական պատրանքներր չէին հուզում։ Ութսունյոթամյա ծերուկը, քաղաքական որեւէ նպատակ արդեն չի հետապնդել, ժամանակագրությունը գրել է, ինչպես ինքն է ասում, իր միտքր մարզելու համար։

Վկայաբանությունից վերը բերված բարեմաղթությունների հատվածք, ինչպես եւ նրանից ստորեւ բերվողը, բացահայտում են մեր ժամանակագրի սոցիալ-քաղաքական հայացքները։ Խաչակիրներից ակնկալությունն եր սպասող եւ նրանց հովերով տարված Մխիթարը գրում է. «Բացցի դուռն ողորմութեան աստուծոյ ի վերայ ամենայն աշխարհի, հեղցի առաստապէս գթութիւնք արարչին ի վերայ արարածոց իւրոց, վերասցին ցասումն եւ չար պատահարք յաւդոց եւ յանդաստանաց, քաղցըրասցին կամքն վերին ստեղծուածոցս իւրոյ ձեռին։ Բացցին շտեմարանք անբաւ բարեացն աստուծոյ եւ շնորհեսցին պարգեւք զանազանք ամենայն խնգրողաց... պահեսցի եւ պահպանեսցի աթոռ իշխանութեան տանս Հաղբակաց Երկարեսցի փառաւք ազգս այս եւ իշխանութիւնս մինչ ի կատարած աշխարհիս։ Աջովն աստուծոյ յաջողեսցին իշխանքս մեր եւ զօրք իւրաց. յամենայն գործս արիութեան եւ արդարութեան… կատարեսցին ամենայն խնդրուածք նոցա հոգեկանք եւ մարմնականք։ Պայծառասցի եւ վայելչասցի ահութեամբ գաւառս Վարգեձորոյ…» 45 ։

«Պիտի կարծել, գրում է Աշ. Հովհաննիսյանը, որ զինակցության գաղափարով տարված էին մասնավորապես նաեւ Այրիվանեցու անմիջական պատրոնները՝ Պռոշյանները։ Նրա գրած վկայաբանությունը վերջանում է, հենց սրանց համար արված բարեմաղթությամբ» 46 ։ «Աւրհնեսցի եւ պահպանեսցի աթոռ իշխանութեան Հաղբակայ… երկարեսցի փառաւք ազգս այս եւ իշխանութիւնս մինչեւ ի կատարած աշխարհիս» 47 ։

* * *

Ասվեց, որ Այրիվանեցին գրել է նաեւ վկայաբանություններ։ Դրանցից մեզ են հասել երկուսը «Վարք երանելոյն Ալեքսանոսի մարդոյն աստուծոյ» եւ պատմական-մատենագրական տեղեկություններով ավելի կարեւոր Ստեփանոս Սյունեցու վկայաբանությունը։ Վերջինիս մասին Գ. Հովսեփյանը հանգամանորեն խոսում է Այրիվանեցուն նվիրած իր աշխատության մեջ, պարզում Այրիվանեցու, Ստ. Օրբելյանի, Գանձակեցու եւ Կաղանկատվացու գրական առնչությունները եւ հանգում է այն եզրակացության, որ այգ վկայաբանության սկզբնական հեղինակը նշված պատմագիրները չեն, այլ մի ուրիշն է, որին նա «Սկզբնական» անունն է տալիս։ Միաժամանակ նշում է, որ Ստ. Օրբելյանի « Պատմության» ԼԱ գլխի («Վասն տեառն Ստեփաննոսի Սիւնեցւոյ վարք եւ վախճան, եւ որ ինչ պարզի զնմանէ» խորագրով) «մտքերի եւ բառացի» շատ մեծ նմանություն ունի Մխիթարի վկայաբանության հետ, եւ որ այն, հավանաբար եղել է Օրբելյանի հիմնական աղբյուրը, սակայն նրա հեղինակի անունը չի հիշված 49 ։

Այրիվանեցոլ այդ վկայաբանության մեջ պահպանվել են պատմական կարեւոր տեղեկություններ, որոնց մասին այլ աղբյուրներից քիչ բան է հայտնի մեզ։

Նախարարական բարձերի եւ մանավանդ եպիսկոպոսական գահնամակի մասին, որը վերցրել է Սամվել Կամրջաձորեցուց, որի երկը մեզ չի հասել, տալիս է ավելի տեղեկություն, քան Ստ. Օրբելյանը։ Հակառակ Ուխտանեսի, որ միայն երեսուն եպիսկոպոսություն է հաշվում, այն էլ տարբեր դասավորությամբ, Մխիթարը տալիս է եպիսկոպոսական 36 աթոռների դասավորությունը աջից եւ ձախից հականե հանվանե 50:

Նախարարական գահնամակի համար օգտվելով Ղեւոնգից, որի այդ հատվածը կորած է ու մեզ չի հասել, տալիս է չորս գահերեց իշխանների եւ նրանց շրջանների իշխանական բարձերի ու զորքերի միասնական թիվը 51:

Տեղեկություն է տալիս թոնգրակեցի ների ծագման մասին, նրանց ծագումը գնում է Դավիթ Կակաղեցու ժամանակ, հիմնադրին համարելով Ստեփանոս Սյունեցու հակառակորդ Սմբատ Բագրատունու համանուն թոռանը, հայոց ՄՀ (270 = 821) թվին, մինչդեռ Ասողիկը եւ Մագիստրոսը դնում են՝ Դրասխանակերտցու եւ Սմբատ Ա-ի Ժամանակ։ Սմբատ Զարեհավանցուն միայն Մխիթարն է իշխանական ծագում վերագրում, որը սակայն, չի հաստատվում ուրիշ աղբյուրներով։ Նա որոշակի գրում է «Հանդիպեցալ նմա (Սյունեցուն-Լ. Բ. ) հ ակաճառութիւն ընդդէմ Սմբատայ երկաբնակի, որ էր սպարապէտ Հայոց եւ դաւանակից յունաց, զոր յետոյ ՄՀ թուին ի Համանուն թոռնէ սորա հայտնեցաւ աղանդն Թոնդրիկեցոց» 52 : Ի դեպ նկատենք, որ բավական ատելությամբ է խոսում Սմբատ Սպարապետի մասին։

Հետաքրքիր է նաեւ Մխիթարի Հաղորդումը ծադ ցեղի բաժանման մասին: Ըստ նրա՝ «... բաժանեցան ի հաչոց ազգն ծադ. ի ձեռն Փարսմանայ ումեմն փառամոլ քահանայի. որպէս պատմէ սբն. Ուխտանէս եպիսկոպոսն Սեբաստիոյ» 53 ։ Գ. Հովսեփյանը նկատում է, թե Մխիթարի տեղեկությունը ծադ ցեղի բաժանման մասին առանձին նշանակություն ունի, որ ցույց է տալիս, թե Ուխտանեսն իր Առաջաբանի մեջ խոստացած ծրագիրը լիովին ի կատար է ածել եւ որ Ուխտանեսի լրիվ երկը գոյություն ուներ ԺԳ դարի վերջում, որից օգտվել է Այրիվանեցին 54 ։

Այրիվանեցուց ենք իմանում Գրիգոր քահանայի՝ Գռզիկ մականվամբ, երաժշտական գործունեության մասին 55 ։

Իբրեւ ժամանակակից եւ ականատես՝ Մխիթարը տեղեկություն   Է տալիս Պռոշ իշխանի վիմափոր տաճարների, ինչպես եւ Թանատի վանքի շինարարության մասին։ Այս տեղեկություններից Է պարզվում, թե ինչու նա իր ժամանակագրության մեջ Պռոշ իշխանին «աշխարհաշէն» է անվանում 56:

Մխիթար Այրիվանեցու «Հայոց պատմութիւն» - ժամանակագրությունը եւ Ատեփանոս Սյունեցու վկայաբանությունը իրենց պարունակած պատմական մատենագրական տեղեկություններով որոշ չափով լրացնում են մեր մյուս. աղբյուրներին եւ հնարավորություն են տալիս ավելի լրիվ պատկերացում ունենալ անցյալի այս կամ այն իրողության, դեմքերի, երեւույթների մասին, իսկ XIII դարի 70 - 80-ական թվականների պատմության համար իբրեւ ականատես եւ ականջալուր անձ՝ վստահելի հեղինակ է։

 



[1]     Տ ես՝ Գ. Հովսեփյան, Մխիթար Այրիվանեցի, նորագիւտ արձանագրութիւն և եր­կեր, Երուսաղեմ, 1931, էջ

2      «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին», Մոսկվա, 1860, էջ 43, (այսուհետև՝ Այրիվանեցի):

3      Կ. Քիպարյան, նշվ. աշխ., էջ 326

4      Այրիվանեցի, էջ 3-4։

5      Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 2, էջ 64։

6      Այրիվանեցի, էջ 46 - 47։

7      Նույն  տեղում, էջ 43

8      Գ. Հովսեփյան, նշվ. աշխ., էջ 4

9      Այրիվանեցի, էջ 68:

10    Նույն տեղում:

11    Նույն տեղում, էջ 56:

12    Նույն տեղում, էջ 33:

13    Նույն տեղում, էջ 34

14    Կ. Քիպարյան, նշվ. աշխ. էջ 326:

15    Այրիվանցի, էջ 45:

16    Նույն տեղում, էջ 46

17    Նույն տեղում

18    Նույն տեղում, էջ 47:

19    Նույն տեղում, էջ 46:

20    Նույն տեղում, էջ 49:

21    Նույն տեղում, էջ 49-50:

22    Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 2, էջ 206:

23    Այրիվանեցի, էջ 50:

24    Նույն տեղում, էջ 50:

25    Նույն տեղում, էջ 51:

26    Նույն տեղում, էջ 47:

27    Նույն տեղում, էջ 54:

28    Նույն տեղում:

29    Նույն տեղում, էջ 55:

30    Նույն տեղում, էջ 58:

31    Նույն տեղում, էջ 67:

32    Նույն տեղում, էջ 58:

33    Նույն տեղում, էջ 59:

34    Նույն տեղում, էջ 45:

35   նույն տեղում, էջ 46։

36    Նույն տեղում, էջ 47:

37    Նույն տեղում:

38    Նույն տեղում, էջ 48:

39   Նույն տեղում, էջ 61։

40    Նույն տեղում, էջ 63:

41    Նույն տեղում:

42    Տես՛ Գ. Հովսեփյան, նշվ. աշխ. Էջ 22:

43    Տես՛ Մատենադարան, ձեռ. N. 9100. Էջ 214 ա, բ, 215 ա, ձեռ. N 3239, էջ  136 ա:

44    Լաստիվերցի, էջ120:

45    Գ. Հովսեփյան, նշվ. աշխ., էջ 22:

46    Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 329:

47    Գ. Հովսեփյան, նշվ. աշխ, էջ 22:

49    Գ. Հովսեփյան, նշվ. աշխ. Էջ 9:

50    Նույն տեղում, էջ 20:

51    Նույն տեղում:

52    Նույն տեղում, էջ 19:

53    Նույն տեղում:

54    Նույն տեղում, էջ 13:

55    Նույն տեղում, էջ 18:

56    Այրիվանեցի, էջ 68: